ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ԶՈՒ ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը

Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ԶՈՒ ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը

Հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն զորամասերի զինծառայողներ։ Շնորհավորելով զորատեսակի զինծառայողներին մասնագիտական տոնի առթիվ՝ պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական ավիացիայի դերը բանակի մարտունակության, մասնավորապես՝ օդային սահմանների պաշտպանության գործում։ Անդրադառնալով ԶՈՒ ռազմական ավիացիայի անցած 30-ամյա ուղուն՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել թե՛ արցախյան առաջին, և թե՛ 44-օրյա պատերազմի օրերին զորատեսակի զինծառայողների ներդրումը երկրի պաշտպանության գործում։ Հանդիսավոր միջոցառման ավարտին ծառայության ընթացքում աչքի ընկած ռազմաավիացիոն ուժերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։  
16:56 - 27 հունիսի, 2022
Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Հունիսի 24-ին, Մոսկվայում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ միջազգային ռազմաքաղաքական զարգացումները և աճող վտանգներն ու մարտահրավերները ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգային միջավայրի համար։ Նիստի մասնակիցները քննարկել են նաև մարդասիրական ականազերծման ինժեներական համատեղ ստորաբաժանում ձևավորելու, ռազմակրթական ոլորտում համագործակցության խորացման, ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈՒ կապի, ինչպես նաև ՀՕՊ միասնական համակարգերի ձևավորման համար անհրաժեշտ իրավական և կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ Համաձայնեցվել է նաև խորհրդի 2023 թվականի գործունեության ծրագիրը։  Նիստի արդյունքներով ստորագրվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները, ինչպես նաև ԱՊՀ  պաշտպանության նախարարների խորհրդի 30-ամյակին նվիրված համատեղ հայտարարությունը: Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմական համագործակցության հագեցած օրակարգը և հարաբերությունների դաշնակցային բնույթը, լրացուցիչ պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսին Մոսկվայում կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը:
20:10 - 24 հունիսի, 2022
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզվառելիքի կտրոնների հափշտակության համար. նախաքննությունն ավարտվել է

Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզվառելիքի կտրոնների հափշտակության համար. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Ե.-ն, 2016 թվականի սեպտեմբերի 8-ից զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է նույն զորամասին հատկացված ընդհանուր շուրջ 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզելային վառելանյութի կտրոններ: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Ե.-ն, ի պաշտոնե պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել իրեն վստահված գույքի պահպանության և ճիշտ օգտագործման համար, փոխարենը` պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում, առանց փաստաթղթավորման, զորամասի գույքային ֆոնդից ապօրինաբար դուրս  է բերել և յուրացրել փաստացի իրեն վստահված 1.440.285 ՀՀ դրամ արժողությամբ 4515 լիտր ավտոբենզինի և 1.001.700 ՀՀ դրամ արժողությամբ 3710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ: Յուրացրած կտրոնների մի մասը Ս. Ե.-ն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մի մասն էլ վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ պետությանը պատճառելով ընդհանուր 2.441.985 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ս. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:01 - 24 հունիսի, 2022
Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ կառավարությունն ընդունեց նախագիծը

Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ կառավարությունն ընդունեց նախագիծը

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պահետազորայինների հերթական վարժական հավաքները կանցկացվեն։ Որոշումն ընդունվեց այսօր՝ կառավարության նիստի ընթացքում։ Ըստ որոշման նախագծի՝ հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինները։ Հավաքներին կներգրավվեն մինչև 1444 քաղաքացիներ, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից կներգրավեն մինչև 134 միավոր տրանս­պորտային միջոց։ Վարժական հավաքները, ըստ կառավարության ներկայացրած նախագծի, հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, կնքված պայմանագրի համաձայն մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով: Նշենք, որ այս տարվա ընթացքում սա պահեստազորայինների երրորդ վարժական հավաքն է․ նման հավաքներ կազմակերպվել են նաև ապրիլի 1-ից հունիսի 30-ը և ապրիլի 15-ից հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածներում։ Իսկ անցած երկու այսպիսի վարժական հավաք է անցկացվել՝ օգոստոսից նոյեմբեր և սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածներում։
11:02 - 23 հունիսի, 2022
Ձերբակալվել է ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա. ԱԱԾ

Ձերբակալվել է ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ձերբակալվել է Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: «Պարզվել է, որ Պաշտպանության նախարարության և ՀՀ-ում գործող ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքի ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Հարությունյանը, օժանդակելով մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը, ձեռնամուխ են եղել կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքն ընդունելու գործընթացին և դրա դիմաց Պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, կրակոցների արդյունքում արձանագրվել են պահանջվող նորմերից բավական մեծ չափի թերաթռիչքներ, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված հրանոթները կիրառելու դեպքում արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: Միևնույն ժամանակ պարզվել է, որ ձեռք բերված տվյալ խմբաքանակի կրակոցները կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնց կիրառման արդյունքում, իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով իրական կրակոցներին զիջելու հետևանքով՝ հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև մատակարար ընկերության տնօրենին և սեփականատիրոջը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ կոռուպցիոն սխեմային ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Լուսանկարում աջից՝ Արմեն Հարությունյանը Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
11:37 - 17 հունիսի, 2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, սոցիալական ցանցի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, հավաքագրվել նրանց կողմից և տվել իր  համաձայնությունը՝ հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։ Դրանից հետո, օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով նախկին զինծառայողը հավաքել ու վարձատրության դիմաց օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցին նամակագրության միջոցով հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի այլ տեղեկություն հանդիսացող՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, նրանց զինվածության, մարտական առաջադրանքի, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, զորամասի վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զորամասի մարտական համարը, զորամասի զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները, լուսանկարել և ուղարկել է մարտական դիրքի խրամուղիները, դիրքին մոտեցող ճանապարհները, դիրքի տեղակայման կոորդինատները՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության։ Բացի դրանից, օտարերկրյա հետախուզական ծառայության առաջադրանքով զինծառայողը կապ է հաստատել նախկին համածառայակցի հետ և փորձել հանձնելու նպատակով ձեռք բերել ռազմական բնագավառին վերաբերող այլ տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ ՊՆ համար N զորամասի վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զորամասի մարտական համարը, զորամասի զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները, որպիսի գործողությունների կատարումը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Դավաճանական գործողությունների դիմաց նախկին զինծառայողն օտարերկրյա հատուկ ծառայություններից մաս-մաս ստացել, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերել հետագայում ստանալ ընդհանուր 2800 ԱՄՆ դոլար և 6000 ՌԴ ռուբլի գումար։  Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հատկանիշներով քննվող մեկ այլ գործով ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող պայմանագրային զինծառայողը, սոցիալական ցանցերի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ և հավաքագրվել նրանց կողմից։  Դրանից հետո, հիշյալ զինծառայողը ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելու դիմաց գումար ստանալու նպատակով, հավաքել և բջջային հավելվածների միջոցով նրանց է փոխանցել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի պետական գաղտնիք կազմող տեղեկություններ հանդիսացող՝ զորակոչի, զորամասի զրահատեխնիկայի, տրանսպորտային միջոցների, զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքերի, զորամասի տեղակայման և շենքերի դասավորվածության, զորամասի կարգացուցակի և այլնի վերաբերյալ տեղեկություններ՝ այդ կերպ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերելով օգնություն և վնաս հասցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությանը՝ նշված գործողությունների համար բանկային փոխանցումներով պարբերաբար ստանալով ընդհանուր 900 ԱՄՆ դոլար գումար, իսկ պետական դավաճանություն կատարելու հետևանքով հակառակորդին ընձեռվել է իրական հնարավորություն կատարելու ճշգրիտ հաշվարկներ, տարբեր հատվածներում ընդգրկված ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները: Պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա հիշյալ երկու զինծառայողները ձերբակալվել են և տվել  խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով  հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:48 - 14 հունիսի, 2022
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպաները կստանան 3 սենյականոց բնակարան Երևանում


 |armenpress.am|

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպաները կստանան 3 սենյականոց բնակարան Երևանում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ռազմաուսումնական հաստատությունն ավարտողները, անկախ ծառայության նշանակման վայրից, կստանան 3 սենյականոց բնակարան Երևանում: Աս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԺ հայտարարությունների ժամին: «Մի քանի օր հետո ԱԺ կմտնի համապատասխան օրենքի նախագիծ, որով սահմանվում է, որ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված մեր ապագա սպայական կազմի ներկայացուցիչների համար պետությունն անվարձահատույց տրամադրելու է 3-սենյականոց բնակարան Երևան քաղաքում»,-ասաց Խաչատրյանը: Պատգամավորն ընդգծեց՝ կապ չունի, թե սպան որտեղ է նշանակվելու ծառայության՝ Տավուշի, Սյունիքի, թե Վայոց ձորի մարզում, նա ավարտելուց հետո Երևանում ունենալու է 3 սենյականոց բնակարան: Խաչատրյանը կոչ արեց 18-23 տարեկան երիտասարդներին դիմել ռազմաուսումնական հաստատություն: Նա սա համարեց վերջին տասնամյակների ամենամեծ ու նշանակալի բարեփոխումը՝ սպայական «կորիզը» ձևավորելու գործում: Համապատասխան նախագիծը հավանություն էր ստացել կառավարության հունիսի 2-ի նիստում:
17:18 - 14 հունիսի, 2022