Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

ՔՊ-ն չի մասնակցելու Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվեարկությանը
 |armenpress.am|

ՔՊ-ն չի մասնակցելու Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվեարկությանը |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քվեարկությանը։ Ազգային ժողովում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Համարում ենք, որ հարցի քննարկումից հետո անհրաժեշտ չի քվեարկության մասնակցելը, որովհետև լեգիտիմ չենք համարում այն մեղադրանքները, որոնք հնչել են»,- ասաց Կոնջորյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սեդա Սաֆարյանը սահմանված ժամկետում պետական եկամուտների կոմիտեին տեղեկացրել է իր՝ որպես ձեռներեց գործունեության դադարեցման վերաբերյալ։ «Դա նշանակում է, որ Սեդա Սաֆարյանը պետությանը պատշաճ կերպով իրազեկել է, որ այլևս դադարում է զբաղվել փաստաբանական ծառայություններով։ Շեշտեմ, որ էական խախտում չկա և դրա հիմքով է, որ չենք մասնակցելու այդ քվեարկությանը։ Եթե լիներ էական խախտում, մենք շահագրգռված կլինեինք ընթացակարգերին հետևողական լինելու»,- եզրափակեց Կոնջորյանը։ Այս պահին ընթանում է գաղտնի քվեարկությունը։ ՍԴ դիմելու նախագիծը կարող է ընդունվել ԱԺ ձայների առնվազն ⅗-րդով, ինչը հավասարազոր է 65 ձայնի։ Ընդդիմությունը խորհրդարանում ունի 35 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկում է դիմել Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: Նախագծի համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունը, նաև մամուլում այլ հրապարակումները, ըստ որի՝ Սեդա Սաֆարյանը, ընտրվելով ՍԴ դատավոր, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։
13:05 - 22 մարտի, 2023
Ըստ ՔՊ պատգամավորի՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը կազմակերպել է «ապօրինի գույքի պաշտպանության ճակատը»

Ըստ ՔՊ պատգամավորի՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը կազմակերպել է «ապօրինի գույքի պաշտպանության ճակատը»

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ընդդիմության նախագիծը։  ՔՊ խմբակցության պատագամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթի ժամանակ հիշեցրեց, որ ԱԺ-ն ընդունել էր «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքի նախագիծը, ինչից հետո ընդդիմադիրները դիմել էին Սահմանադրական դատարան դրա որոշ դրույթների սահմանադրականությունը քննելու համար։ ՍԴ հայտարարություն այս օրենքի վերաբերյալ դեռևս չի հրապարակվել։ Ապա նա ներկայացրեց, որ այս պահի դրությամբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով ընդհանուր 150 միլիարդ դրամ է պահանջվում բռնագանձել տարբեր անձանցից։ «Այն, ինչ տեղի է ունենում հիմա ՍԴ-ի դատավորի նկատմամբ այլ բան անվանել չի կարելի, քան պայքար, որը նախաձեռնել է «ապօրինի գույքի պաշտպանության ճակատը»»։ Նա նաև կոչ արեց ընդդիմադիր այն պատգամավորներին, որոնք անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործերով, չմասնակցեն հարցի քննարկմանը՝ իր խոսքով, ելնելով շահերի բախման տեսանկյունից։ Հավելենք, որ ՍԴ դիմելու ընդդիմության նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովում։  ՔՊ պատգամավորների հարցերը վերաբերում էին նրան, թե արդյո՞ք Սեդա Սաֆարյանը ունեցել է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հանրային ծառայության անցնելուց հետո սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել է դատավորի անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջը։ Այդ պահանջի խախտումը դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է, ինչը քննարկելու համար Ազգային ժողովը կարող է դիմել ՍԴ, որը վերջնական որոշումը կայացնողն է։ 
12:29 - 22 մարտի, 2023
Սաֆարյանն ունեցել է ԱՁ, բայց ունեցե՞լ է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն․ ՔՊ-ն հակադարձում է ընդդիմության դիմումին

Սաֆարյանն ունեցել է ԱՁ, բայց ունեցե՞լ է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն․ ՔՊ-ն հակադարձում է ընդդիմության դիմումին

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովը հերթական նիստում քննարկեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ընդդիմության նախագիծը։ Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն  է։ Հիմնական զեկուցողը խմբակցության քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը, հարակից զեկուցողը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հանրային ծառայության անցնելուց հետո սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել է դատավորի անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջը։ Այդ պահանջի խախտումը դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է, ինչը քննարկելու համար Ազգային ժողովը կարող է դիմել ՍԴ, որը վերջնական որոշումը կայացնողն է։  Ընդդիմադիր խմբակցությունները զրույցում հայտնել էին, որ այդ հարցով իրավական գործընթաց կսկսեն, իսկ իշխող խմբակցությունը մեր հարցումն անպատասխան էր թողել։ Ավելի ուշ իշխանական մի քանի պատգամավորներ հայտարարել էին, որ Սաֆարյանի արարքը խնդրահարույց չեն համարում։ Նախագծի հիմնավորումները՝ այստեղ։ Ինչ քննարկվեց Հանձնաժողովի նիստում Հանձնաժողովի նիստում, դիմելով Արծվիկ Մինասյանին, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարցրեց, թե արդյո՞ք այս դիմումը որևէ կապ ունի իրենց նախորդ դիմումի՝ «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի չեղարկման հարցման հետ՝ խնդրելով նշել՝ քանի պատգամավոր է իրենց դաշինքից անցնում «ապօրինի գույքի բռնագանձման» գործերով․ «Որ ասում եք՝ ԱՁ է ունեցել Սեդա Սաֆարյանը, արդյո՞ք որևէ գործարք այդ ժամանակահատվածում կատարվել է, այսինքն՝ ինչ-որ մեկից գումար վերցվե՞լ, ծառայություն մատուցվե՞լ է, թե՞ ոչ, թե՞ առհասարակ չեք հետաքրքրվել»։ Մինասյանը պատասխանեց, որ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքի չեղարկմանը չի վերաբերել դիմումը, այլ վիճարկել են կոնկրետ ձևակերպումներ, որոնք, ըստ նրա, ստեղծել են իրավական անորոշություն, առաջարկել են, որ այս հարցերով քննության առարկա դառնա սահմանադրականության հարցը, ինչի հիման վրա ՍԴ-ն նաև ուղարկել էր միջագզային համապատասխան կառույցներին կարծիք ստանալու և ստացել է այն․ «Որևէ կապ այս երկու դիմումների միջև ես չեմ տեսնում։ Ավելին՝ ես կարծում եմ՝ արհեստականորեն փորձել գտնել ինչ-որ կապեր, անցյալից եկող միջանձնային հարցեր, հարաբերություններ, տեղին չէ»,- արձագանքեց Մինասյանը։ Նրա խոսքով՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը, ինքնին, ըստ օրենքի անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստն է․ «Կապ չունի՝ ինքն էդ ընթացքում անհատույց է մատուցել, մատուցել է, չի մատուցել։ Ծառայություններն էական չեն ԱՁ-ի դադարեցման հետ կապված»։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը դիտարկում արեց՝ նշելով, որ «Հայաստան» խմբակցությունը վիճարկում է «Ապօրինի բռնագանձման մասին» օրենքն ամբողջությամբ։ Ալեքսանյանը արձագանքեց, որ Մինասյանը չնշեց որևէ գործարք, որ ԱՁ-ն կատարել է․ «Ես հակված եմ այն մտքին, որ չի եղել [գործարք]։ Նշում եք նաև, որ փաստաբանական լիցենզիան է դադարեցրել տիկին Սաֆարյանը։ Էդ լիցենզիան, ի դեպ, եղել է էդ ԱՁ-ի հիմքը, այսինքն՝ էդ Աձ-ն որպես էդպիսին կառուցված է եղել էդ լիցենզիայի շուրջ։ Այսինքն՝ եղել է փաստաբանական լիցենզիա, ԱՁ-ով տրամադրել է փաստաբանական ծառայություն։ Կասեցրել է լիցենզիան, աշխատանքային ազատել է միակ աշխատողին, ու փաստացի ոչ մի գործունեություն չէր կարող ծավալել էդ ԱՁ-ով»։ Նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին նշեց, որ այստեղ փաստը Սեդա Սաֆարյանն է․ «Դուք չեք կարողանում ներել Սեդա Սաֆարյանին և նրա աշխատանքը հանրային կյանքում և փաստահավաք խմբում (Մարտի 1-ի հարցով,- խմբ․)։ Ոչ թե Դուք, այլ Ձեր խմբակցության ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Դուք ասացիք՝ սա անձնական չի։ Անձնական չի նաև Ձեր լիդեր Ռոբերտ Քոչարյանի՞ կողմից՝ հավաքական, խմբակային տեսանկյունից, թե ընդհանրապես»։ Մինասյանը պատասխանեց, որ բոլոր հարթությունների մասով սա անձնական չէ․ «Երբ խմբակցությունում որոշում է կայացվել ներկայացնելու այս դիմումը, հավատացնում եմ՝ որևէ ձևով Սեդա Սաֆարյանի նախկին գործունեությունը չի հանդիսացել հիմք»։  ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը ևս հարց ուղղեց՝ նշելով, որ դեկտեմբերի 16-ին Սեդա Սաֆարյանը հայտարարել է հարկ վճարողի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, աշխատակցին ազատել է աշխատանքից, դեկտեմբերի 19-ին դադարեցվել է նրա փաստաբանական արտոնագիրը, ու Մինասյանին խնդրեց պարզաբանել, թե ինչ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել փաստաբանի լիցենզիայի դադարեցումից հետո։ Մինասյանը նշեց, որ բոլոր հայտարարությունները հարկային պարտավորությունների առնչությամբ են, բայց կապված չեն իրավաբանական այն փաստի հետ, թե ինքը որպես անհատ ձեռնարկատեր կարող էր հանդես գալ, թե ոչ։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե ինքը այդ հայտարարությունից հետո խախտում է անում, դա առաջացնում է հարկային հետևանք, բայց ոչ երբեք այլ դրսևորումներ․ «Չկա որևէ օրենսդրության մեջ ԱՁ-ի՝ պետական հաշվառումը դադարեցնելու որևէ այլ ընթացակարգ, քան դիմել ու դադարեցնել, այսինքն՝ դուրս գալ հաշվառումից։ Ես կրկնում եմ՝ խոսքը հարկային հետևանքներ առաջացնող հայտարարությունների մասին չէ։ Ձեր վկայակոչած փաստը, եթե դա եղել է, որևէ ձևով չէր ազատում նրան անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակից դուրս գալու՝ օրենքով նախատեսված ընթացակարգը պահպանելուց»։ Արծվիկ Մինասյանը ասաց նաև, որ արտոնագիրը տվյալ գործունեությամբ զբաղվելու թույլտվությունն է ընդամենը, բայց անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը ցանկացած այլ գործունեությունն է, որ արգելված չէ օրենքով․ «Դուք բերեցիք ապրանքների ներմուծման օրինակը, ես կարող եմ շատ ավելի համեստ օրինակ բերել՝ իրավական խորհրդատվություն։ Եվ երբ Սեդա Սաֆարյանը արդեն դեկտեմբերին ներկայացրել է հայցադիմումին լրացում կամ ուղղում, ցույց է տալիս, որ այո, այնուամենայնիվ, եղել է գործունեություն։ Կրկնում եմ՝ այդ գործունեության բնույթը վճարովի է, թե անվճար, կարևոր չէ։ Ամենակարևոր փաստն այն է, թե որպես անհատ ձեռնարկատեր ինչու չի դիմել դադարեցնելու այն»։  Նիստը վարող Վլադիմիր Վարդանյանը, դիմելով Արծվիկ Մինասյանին, ավելի քաղաքական հարց հնչեցրեց՝ հետաքրքրվելով՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ այս հարցի արծարծմամբ «Հայաստան» դաշինքը որեւէ եղանակով չի վիճարկում 2020թ․ սահմանադրական փոփոխությունները, ՍԴ նոր կազմի ձեւավորումը եւ ՍԴ նոր կազմն ամբողջությամբ դիտարկում է որպես լեգիտիմ․  «Եւ երբ դուք գալիս եւ վիճարկում եք ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցման հարցը, դուք ընդունում եք ե՛ւ կազմի իրավաչափությունը, ե՛ւ սահմանադրական փոփոխությունների իրավաչափությունը, ե՛ւ իր ընտրության իրավաչափությունը։ Այսինքն՝ նաեւ ֆիքսում ենք, որ ձեր դիրքորոշումը՝ չմասնակցելու պետական մարմինների ձեւավորմանը, չի պահպանվում, եւ դուք այս ընտրությունը դիտարկում եք որպես ԱԺ կողմից կայացված ընտրություն։ Ոորովհետեւ եթե ես չեմ ընդունում դատարանի իրավազորությունը, անահատական կազմը, դատավորին, ապա անտրամաբանական է, որ գամ, ասեմ՝ լիազորությունները դադարեցվի»,- նկատեց Վարդանյանը։  Ի դեպ, Վարդանյանի խոսքով՝ այն հարցը, թե երբ պետք է Սաֆարյանը ստանձներ լիազորությունները, ունի հստակ պատասխան՝ Ազգային ժողովի նիստում․ «Լիազորությունները չէր կարող ստանձնել մինչեւ ամսի տասը, որովհետեւ էդ դեպքում ՍԴ-ում կունենայինք երդման ներքո գտնվող ոչ թե ինը, այլ տասը դատավոր, դրա համար պետք է ստանձներ տասից հետո։ Տասից հետո մոտակա նիստը, երբ հնարավոր եղավ նիստ հրավիրել եւ հրավիրել տիկին Սաֆարյանին, դա ամսի 16-ն էր։ Որպեսզի ձեզ մոտ բոլոր կասկածները փարատվեն, ասեմ, որ 16-ը նրա լիազորությունների ստանձնման ժամկետն է»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով նաեւ, որ Ալվինա Գյուլումյանի դեպքում, երբ նա նշանակվում էր ՍԴ դատավոր, նախագահի հրամանագրի եւ ԱԺ-ում տրված երդման միջեւ բավականին մեծ ժամկետային խզում է եղել՝ մոտ վեց-յոթ ամիս, որովհետեւ պետք է դադարեցներ լիազորությունները ՄԻԵԴ-ում։ Վարդանյանը Մինասյանին նաեւ խնդրեց պարզ, հասկանալի ձեւով բացատրել, թե Սեդա Սաֆարյանն ի վերջո ի՞նչ է արել, որը հիմք է տալու, որ նա այլեւս չզբաղեցնի դատավորի պաշտոնը․ պարզ, հասկանալի այնպես, որ երբ փողոցում որեւէ մեկը մոտենա, հարցնի՝ հասկանա։ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Վարդանյանի առաջին դիտարկումներն ըստ էության նույնական էին․ «Եւ Դուք ինքներդ հերքեցիք [դրանք] Ձեր վերջին դիտարկումով, երբ ասացիք՝ արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, լեգիտի՞մ եք համարում, եւ այլն, վերջում ասացիք՝ դուք դիմումներ էիք ներկայացնում էս դատարանին, որպեսզի չթողնեք նրանք աշխատեն։ Հիմա կողմնորոշվեք, եթե մենք դիմում ենք ներկայացրել Բարձր դատարան, ուրեմն ձեր առաջին պնդումը, որ մենք չենք ճանաչել, դա այդպես չէ, էն, որ մենք գնահատել ենք, որ ապօրինի սահմանադրական փոփոխություն եք իրականացրել, էդ գնահատականի մեջ էլ ենք մնացել մենք, ավելին՝ մեր բազմաթիվ դիմումներն էս ընթացքում ՍԴ եւ ՍԴ-ի կայացրած որոշուների վերաբերյալ մեր տված գնահատականները նույնպես հայտնի են։ Հիմա ուզում եմ կրկնել, որ ձեր ձգտումը, ցանկությունը՝ հանրային իշխանության, այդ թվում ՍԴ-ն, դատական իշխանությունը զավթելու ուղղությամբ անընդհատ շարունակվում են»,- ասաց Մինասյանը, իսկ Վարդանյանը հարցրեց՝ հիմա զավթա՞ծ է ՍԴ-ն, Մինասյանն էլ պատասխանեց՝ «բնականաբար զավթել եք»։ Մինասյանի համար անհասկանալի է, թե ՔՊ-ն ինչու է այս հարցով այդքան մտահոգ․ «Ինչո՞ւ չեք ուզում, որպեսզի ՍԴ-ն էս հարցը քննության առարկա դարձնի։ Մենք չենք որոշումը՝ Սեդա Սաֆարյանը պաշտոնանկ արվի, թե չէ, որոշողը ՍԴ-ն է, այն ատյանն է, որի անդամ է ներկայումս տիկին Սաֆարյանը, եւ որը համարվում է սահմանադրական արդարադատության իրականացման բարձրագույն մարմինը՝ համաձայն մեր Սահմանադրության։ Հիմա ինչո՞ւ չեք ուզում, որպեսզի էս մարմինը քննարկի հարցը։ Ընդհանրապես ձեզ մոտ հարց չկա՞ օրենքի հետ կապված։ Քիչ առաջ վկայակոչում էիք՝ օգուտ ստացե՞լ է, թե՞ չէ․ օրենքը որեւէ ձեւով անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի անհամատեղելիության պահանջը խախտելը կապո՞ւմ է օգուտ ստանալու հետ, թե՞ ոչ»։ Պատգամավոր Արփի Դավոյանն արձագանքեց՝ «ես Ձեզ եմ հարցնում», ինչին ի պատասխան՝ Մինասյանը պնդեց՝ չկա այդպիսի ձեւակերպում․ «Կարգավիճակով է պայմանավորված, դա նույնն է, որ ասեք՝ ճիշտ է՝ գրանցված է, բայց սաղ կյանք բարեգործությամբ է զբաղվել, կամ անձը զբաղեցրել է ինչ-որ պաշտոն, բայց հենց անցել է մեկ այլ պաշտոնի, որը չի թույլատրում էդ պաշտոնին լինելը, թեեւ դուրս չի եկել էդ պաշտոնից, բայց երբեք էդ պաշտոնից բխող գործողությունները չի արել։ Հիմա ինքը խախտե՞լ է, թե ոչ․ իհարկե խախտել է։ Օրենսդիրը, սահմանադիրը պայմանավորել է կարգավիճակով․ եթե կա օրենքում սխալ ձեւակերպում, շատ լավ, թող ՍԴ-ն քննի, գա էդ եզրակացությանը, բայց թողնենք էդ որոշումը ՍԴ-ին, ինքներս ՍԴ-ի ֆունկցիա չվերցնենք մեզ վրա․․․»։ Հաջորդիվ Մինասյանը մեկնաբանեց, որ ՍԴ մասին օրենքում հստակեցված է, թե որ պահն է համարվում լիազորությունների ստանձնման պահը․ «Եթե թափուր տեղի վրա է գնում՝ անմիջապես երդումից հետո, եթե դատավորի լիազորությունների դադարեցման ժամանակ պետք է ընտրվի, ապա դատավորի լիազորությունների դադարեցման օրն է համարվում էս նոր դատավորի լիազորությունների ստանձնումը»։ Ինչ վերաբերում է քաղաքացուն պարզ բացատրելու հարցին, Մինասյանն ասաց, որ այսպես կպատասխանի․ «Դատավորը, որ նշանակվում է, պարտավոր է նշանակման պահից մեկ ամսվա ընթացքում դադարեցնի ԱՁ-ի, բաժնետիրոջ կարգավիճակը, համատեղ գործունեության պայմանագիրը, տիկին Սեդա Սաֆարյանը նշանակվել է դատավոր, եւ մեկ ամսվա ընթացքում դուրս չի եկել անհատ ձեռնարկությունից»։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի անդամներին կոչ արեց դրական եզրակացություն տալ այս նախագծին, եթե իրոք կա դեպք, երբ անհամատեղելիություն կա, այլ ոչ թե անհամատեղելիությունը պարզապես ժամկետով նախատեսված եւ, ըստ էության, հիմնական գործունեությունից բխող կազմակերպաիրավական ձեւի դադարեցումով պայմանավորված չէ․  «Եթե գտնում եք, որ Սեդա Սաֆարյանը, ՍԴ դատավորի պաշտոնը զբաղեցնելով, զբաղվել է բիզնեսով, եթե ունեցել է այլ պետության քաղաքացիություն, եթե ստացել է ապօրինի եկամուտ, եթե գտնում եք, որ իր պաշտոնը չարաշահել է եւ ունեցել է անհամատեղելի պաշտոն, այո, պետք ա դիմենք, բայց, ցավոք, պարոն Մինասյան, որեւէ եղանակով չեք համոզել ինձ եւ հանձնաժողովի մեծամասնությանը, որ Սեդա Սաֆարյանը, որը մի քանի ամիս առաջ է նշանակվել ՍԴ դատավոր, այնպիսի անհամատեղելիության հետ է բախվել․․․ Բայց ինչ ա արել Սեդա Սաֆարյանը, Սեդա Սաֆարյանն ընդամենը, կասեցնելով փաստաբանական գործունեության արտոնագիրը, ժամկետի խախտմամբ, բայց սեփական գործողություններով գնացել, դիմել է պետռեգիստրին եւ ստացել համապատասխան պատասխան»։ Նախագծի հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը, դիմելով Մինասյանին, ասաց, որ նախագծում երեք ամսաթիվ է ներկայացվել՝ որպես ժամկետի հոսման սկիզբ՝ հաշվարկելու մեկամսյա ժամկետը՝ սեպտեմբերի 15՝ ընտրության օրը, դեկտեմբերի 10, դեկտեմբերի 16` երդման օրը։ Ջուլհակյանը հետաքրքրվեց՝ այս երեք օրերից որեւը մեկը «Հայաստան» խմբակցության համար հի՞մք է, որ այդ օրվանից է սկսում հոսել մեկամսյա ժամկետը։ Նա նաեւ հարցրեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ շահերի բախման հարցերով ուսումնասիրություն իրականացնելու հիմնական մարմինը մեր պետությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, արդյոք դիմել եւ կարծիք ուզե՞լ են նախագում ներկայացված փաստերի վերաբերյալ, ի՞նչ պատասխան են ստացել, եւ ի վերջո՝ նախագիծ բերելուց առաջ Սեդա Սաֆարյանից մեկնաբանություն ուզե՞լ են խնդրո առարկա հարցերի վերաբերյալ։ Մինասյանն ասաց, որ ոչ միայն ինքը, այլեւ իրենց խմբակցության պատգամավորներից որեւէ մեկը չի փորձել կապ հաստատել Սեդա Սաֆարյանի հետ, նա նաեւ մյուսներին խորհուրդ տվեց դա չանել, որովհետեւ, Մինասյանի մեկնաբանմամբ, դատավորի հետ նախապես քննարկել մի հարց, որն իրեն է վերաբերում, նշանակում է ուղղակի խախտել օրենքը, ավելին՝ կասկածի տակ դնել ցանկացած որոշում․ «Տիկին Սեդա Սաֆարյանն ունի լեգիտիմ հնարավորություն՝ այդ փաստարկները ներկայացնելու ԱԺ նիստում։ Ինչո՞ւ եք դուք մղում մեզ, նաեւ ձեզ՝ խախտելու օրենքի պահանջը։ Ես ինձ երբեք թույլ չեմ տա դատավորի հետ քննարկել մի հարց, որն իրեն է վերաբերում»։ Ինչ վերաբերում է ԿԿՀ դիմելուն, Մինասյանն ասաց, որ չեն դիմել։ Նա նշեց, որ իրենց դիմումի մեջ չկան շահերի բախումների վերաբերյալ փաստաբանների վերլուծությունները, իսկ իրենց այս դիմումով կոնկրետ մեկ փաստի դիտարկում են անում․ «Առաջարկում ենք, որպեսզի ՍԴ-ն անդրադառնա, եւ, նորից եմ կրկնում, շատ հնարավոր է՝ օրենքի մեկնաբանություն տա։ Ինչո՞ւ չեք ուզում դա անել․․․ Չգիտեմ»։ Մինասյանն առաջարկեց չոր փաստերի սկզբունքով գնալ՝ հնարավորություն տալ Սահմանադրական դատարանին մեկնաբանել։ Արդին հարակից զեկուցման ժամանակ Արուսյակ Ջուլհակյանն ասաց, սեպտեմբերի 15-ը մեկամսյա ժամկետի սկիզբ ընդունելը, իր կարծիքով, անհեթեթ է, քանի որ, ըստ այդ տրամաբանության, եթե առաջանորդվենք «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի տառացի մեկնաբանությամբ, ապա ստացվում է, որ անձը, չլինելով դատավոր, կարող է խախտել դատավորի անհամատեղելիության պահանջները։  Ջուլհակյանն իր ելույթում նշեց, որ այն հանգամանքը, որ Սաֆարյանը դեռեւս մինչեւ դատավորի լիազորությունները ստանձնելը դիմել է Փաստաբանների պալատ եւ կասեցրել իր արտոնագրի գործողությունը, ըստ այդմ՝ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները՝ դեռեւս դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ իր ձեռնարկատիրական գործունեության համար հիմք հանդիսացող փաստաբանական արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար, վկայում է այն մասին, որ Սաֆարյանը, հանդիսանալով դատավոր, միաժամանակ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու որեւէ դիտավորություն չի ունեցել։ Ըստ Ջուլհակյանի՝ այն, որ Սաֆարյանը դեռեւս դեկտեմբերի 16-ին՝ իր լիազորությունները երդմամբ ստանձնելու օրը դիմել է ՊԵԿ եւ ներկայացրել հայտարարություն՝ իր գործունեությունը այդ իսկ օրվանից անորոշ ժամկետով դադարեցնելու մասին, վկայում է կրկին այն մասին, որ Սաֆարյանը չի ունեցել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դիտավորություն, եւ հենց գիտակցելով նման անհամատեղելիությունը՝ տիկին Սաֆարյանն ինքը դիմել է ՊԵԿ եւ ծանուցել իր գործունեության դադարեցման մասին։ Անդրադառնալով նախագծի նաեւ այլ հատվածների՝ Ջուլհակյանն ասաց, որ եթե նույնիսկ կա խախտում, ապա, իր համոզմաբ, այդ խախտումն ընդամենը տեխնիկական է, եւ ոչ բովանդակային։  Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության․ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելուն կողմ քվեարկեց երեք պատգամավոր, դեմ՝ ութ, որոնք ՔՊ խմբակցության անդամներ են, ձեռնպահ չեղավ։ Նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ։
14:47 - 20 մարտի, 2023
ՍԴ նախագահն ու Վրաստանի դեսպանը կարևորել են դատաիրավական ոլորտում գործակցության ակտիվացումը

ՍԴ նախագահն ու Վրաստանի դեսպանը կարևորել են դատաիրավական ոլորտում գործակցության ակտիվացումը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Արման Դիլանյանը կարևորել է երկու հարևան պետությունների ջերմ, բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև իրավունքի գերակայության ու դատաիրավական համագործակցության ոլորտում արդյունավետ փոխգործակցության ակտիվացումը։ Բարձր դատարանի նախագահը նշել է, որ 2021 թվականին հյուրընկալելով վրացի գործընկերոջը՝ երկուստեք վերահաստատվել է երկկողմանի օրակարգի բոլոր հարցերով բարձր մակարդակի շփումները շարունակելու և համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները դիտարկելու պատրաստակամությունը։ Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում նաև երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման ու խորացման համար:
17:36 - 07 մարտի, 2023
ՍԴ-ն մերժել է տրամադրել Սեդա Սաֆարյանի հայտարարության առնչությամբ ելույթ ունեցած դատավորների կարծիքները

ՍԴ-ն մերժել է տրամադրել Սեդա Սաֆարյանի հայտարարության առնչությամբ ելույթ ունեցած դատավորների կարծիքները

ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է տրամադրել սույն թվականի հունվարի 10-ին ՍԴ աշխատակարգային նիստում ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հայտարարության առնչությամբ ելույթ ունեցած դատավորներ Հրայր Թովմասյանի, Երվանդ Խունդկարյանի, Վահե Գրիգորյանի, Էդգար Շաթիրյանի եւ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի կարծիքները։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, 2022 թ․ սեպտեմբերի 15-ին ՍԴ դատավոր ընտրված, իսկ դեկտեմբերի 10-ին պաշտոնը ստանձնած Սեդա Սաֆարյանը, շտկելով իր՝ դեկտեմբերի 5-ի բողոքի թերությունները, դեկտեմբերի 28-ին որպես ներկայացուցիչ վերաքննիչ բողոք է մուտք արել դատարան, ինչի իրավունքը այդ փուլում արդեն չուներ։ Միեւնույն ժամանակ նա սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել են դատավորի վարքագծի եւ անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջները։  Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ օրեր առաջ ՍԴ-ից հայտնել էին, որ Սեդա Սաֆարյանը գործընկերներին տեղեկացրել է նշված հարցի մասին՝ հավելելով, որ հրապարակման ենթակա այլ տեղեկություն այդ պահին չկա, իսկ «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրել էին այդ նիստի արձանագրության քաղվածքը, որում միայն Սեդա Սաֆարյանի հայտարարությունն էր։ Հաշվի առնելով, որ նիստի բովանդակության մի մասը պաշտոնապես հրապարակայնացվել է՝ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՍԴ՝ խնդրելով տրամադրել աշխատակարգային նիստի ողջ արձանագրությունը՝ ներառյալ ելույթ ունեցած դատավորների կարծիքները։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Սահմանադրական դատարանն այսօր տեղեկացրել է․ «Հաշվի առնելով, որ խնդրո առարկա հարցը կարող է դառնալ ՍԴ քննարկման առարկա կոնկրետ գործի շրջանակներում՝ առանձին դատավորների՝ ՍԴ աշխատակարգային նիստում արտահայտած կարծիքները, դիրքորոշումները չեն հրապարակայնացվում։ Միաժամանակ նշենք, որ ՍԴ դատավոր Ս․ Սաֆարյանի դիրքորոշման հրապարակայնացումն ինքնին խնդրահարույց չէ, քանի որ տվյալ հարցով նա չի կարող հանդես գալ որպես դատավոր»,- ասված է պատասխանում։ Կից ՍԴ-ն ուղարկել է հիշյալ նիստի արձանագրության քաղվածքը՝ Սեդա Սաֆարյանի հայտարարության մասով։ Այն ներկայացնում ենք ստորեւ։   Միլենա Խաչիկյան
18:06 - 17 փետրվարի, 2023
Սեդա Սաֆարյանը՝ փաստաբան եւ դատավոր․ ինչ է տեղի ունեցել, երբ եւ ինչպես

Սեդա Սաֆարյանը՝ փաստաբան եւ դատավոր․ ինչ է տեղի ունեցել, երբ եւ ինչպես

Շաբաթներ առաջ 168․am կայքը մի հրապարակում արեց այն մասին, որ իր տեղեկությունների համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը այդ պաշտոնում ընտրվելուց հետո՝ 2022 թ․ դեկտեմբերի 28-ին, որպես փաստաբան բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, ինչի իրավունքը, ըստ օրենքի, չուներ։ Ըստ 168.am-ի՝ Վերաքննիչ դատարանը բողոքը թողել է առանց քննության հենց այն պատճառով, որ Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, չէր կարող իր անունից բողոք ներկայացնել։ Ավելի ուշ թերթը եւ մի քանի փաստաբաններ հրապարակեցին բողոքի եզրափակիչ մասից մի լուսանկար, որից պարզ դարձավ, որ Սաֆարյանը դեկտեմբերի 28-ից առաջ բողոք է ներկայացրած եղել, սակայն դատարանը այն վերադարձնելու որոշում է կայացրել (Քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է՝ համապատասխան թերությունները մատնանշելով եւ 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով 5-10 օր ժամանակ տալով), եւ վերադարձի որոշումը Սաֆարյանը ստացել է դեկտեմբերի 23-ին, որից հետո էլ՝ արդեն դեկտեմբերի 28-ին, լրամշակված տարբերակն է ներկայացրել։ Օրեր անց՝ հանրային խորհրդի նախկին նախագահ, Սեդա Սաֆարյանի եղբայր Ստյոպա Սաֆարյանը ծավալուն գրառմամբ անդրադարձավ թերթի հրապարակմանը՝ ի թիվս այլնի, նաեւ նշելով, որ Սաֆարյանը բողոքն ի սկզբանե դեկտեմբերի 5-ին է ներկայացրել, երբ դեռ փաստաբան էր, իսկ այն լրամշակման համար վերադարձնելու եւ վերստին ներկայացնելու դեպքում, ըստ Սաֆարյանի, բողոքի՝ դատարան մուտք լինելու ժամկետ է համարվում առաջին անգամ բողոքը ներկայացնելու օրը։ Այս քննարկումը լայն տարածում ստացավ եւ շարունակվեց մի շարք այլ ԶԼՄ-ների եւ իրավաբանների շրջանում։ Infocom-ն ամփոփել է, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ինչ է սահմանում ՀՀ օրենսդրությունը, եւ դրա ինչ նորմեր են խախտվել։ Ինչ է սահմանում ՀՀ օրենսդրությունը․ դատավորի վարքագծի կանոնները ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ  օրենքի՝ «Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնները» վերտառությամբ 14 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում ՍԴ դատավորը պարտավոր է հանդես չգալ որպես ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն, այդ թվում` անհատույց հիմունքներով (բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց): Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ ՍԴ նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստում տալիս է հետևյալ երդումը. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՍԴ նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է երդումը տալուց հետո՝ անհապաղ, իսկ ՍԴ դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում՝ այդ դատավորի լիազորությունների դադարման օրը: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, ի թիվս այլնի, նաեւ այն դեպքում, եթե փաստաբանը անցել է հանրային ծառայության։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այդ հիմքի ի հայտ գալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, փաստաբանը պարտավոր է տեղյակ պահել Փաստաբանների պալատի խորհրդին: Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ 3-օրյա ժամկետում, փաստաբանների պալատի խորհուրդը ծանուցում է արտոնագրի գործողությունը կասեցված փաստաբանին: Ինչ է տեղի ունեցել իրականում Փաստաբան Սեդա Սաֆարյանը Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին: Դեկտեմբերի 10-ին լրացել է ՍԴ դատավորներ Արեւիկ Պետրոսյանի եւ Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման 12 տարին։ Քանի որ Սեդա Սաֆարյանը դատավորի պաշտոնում ընտրվել էր Պետրոսյանի եւ Խաչատրյանի լիազորությունների ավարտին նախորդած 6 ամսվա ընթացքում, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 5-րդ հոդվածի ուժով նա հենց այդ օրվանից՝ դեկտեմբերի 10-ից սկսած համարվել է պաշտոնը ստանձնած (թեեւ ԱԺ-ում երդվել է դեկտեմբերի 16-ին)։ Այսինքն՝ օրենքի տրամաբանությունն այն է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ դատավորը համարվում է պաշտոնը ստանձնած երդում տալուց հետո անհապաղ, իսկ այն դեպքերում, երբ լրացել է որեւէ դատավորի լիազորությունների ժամկետը, եւ նոր դատավորն արդեն իսկ ընտրվել է, համարվում է ստանձնած հենց այդ օրը, որպեսզի դատավորի պաշտոնը որեւէ օր թափուր չմնա։ 2023 թ․ հունվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանից մեր հարցին ի պատասխան հաստատել են տեղեկությունը, որ 2022 թ․ դեկտեմբերի 28-ին Սեդա Սաֆարյանի կողմից բողոք է մուտք եղել դատարան, որը դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշմամբ թողնվել է առանց քննության։  Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, ի թիվս այլնի, նաեւ այն դեպքում, երբ բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը։ Iravaban.net-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանը, մեկնաբանելով կատարվածը, ասել է, որ այդ հարցով ՍԴ-ում քննարկում եղել է, եւ ինքը չի կարծում, թե դա կարող է բնորոշվել որպես «ներկայացուցչության իրականացում»։ Դրա հետ մեկտեղ Սաֆարյանը նշել է, որ Փաստաբանների պալատը իր փաստաբանական գործունեությունը դադարեցրել է դեկտեմբերի 15-ին։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս տարվա փետրվարի 8-ին Փաստաբանների պալատը տեղեկացրել է, որ Սեդա Սաֆարյանը 2022 թ․ նոյեմբերի 30-ին դիմել է Պալատին՝ իր՝ փաստաբանական գործունեության թիվ 116 արտոնագիրը կասեցնելու մասին. «Որպես հիմք կցվել է ՀՀ Կառավարության` 30.06.2022թ. թիվ 963-Ա որոշումը` Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին, հայտարարության պատճենը, որով տվել է իր համաձայնությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու վերաբերյալ և ՀՀ ազգային ժողովի`  15.09.2022թ. թիվ ԱԺՌ-45-Ա որոշումը` Սեդա Սաֆարյանին 12 տարի ժամկետով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու մասին»։ Ըստ հարցման պատասխանի՝ Պալատի խորհուրդը Սաֆարյանի դիմումը քննության է առել 2022 թ․ դեկտեմբերի 15-ին եւ հիմք ընդունելով դիմումին կից ներկայացրված ԱԺ հիշյալ որոշումը՝ որոշել է բավարարել այն եւ կասեցնել արտոնագրի գործողությունը դիմումը ներկայացնելու օրվանից, այսինքն՝ նոյեմբերի 30-ից․ «22.12.2022թ. Սեդա Սաֆարյանը էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաեւ թղթային տարբերակով ստացել է կասեցման որոշումը»,- ասված է պատասխանում։  Օրենքի վերլուծությունից հետեւում է, որ Սեդա Սաֆարյանը պետք է Փաստաբանների պալատին դիմում ներկայացներ, ինչպես «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածն է սահմանում, համապատասխան հիմքի ի հայտ գալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, իսկ համապատասխան հիմքը, համաձայն նույն օրենքի, հանրային ծառայության անցնելն է։ Սեդա Սաֆարյանը օրենքի ուժով հանրային ծառայության անցած է համարվել դեկտեմբերի 10-ից, հետեւաբար պետք է դիմեր այդ օրվանից սկսած 10-օրյա ժամկետում։ Թե ինչու է Սաֆարյանը շատ ավելի վաղ՝ նոյեմբերի 30-ին ներկայացրել դիմումը, դժվար է ասել։ Եթե այդ դիմումից հետո նա այլեւս փաստաբանական գործունեությամբ զբաղված չլիներ, կարելի էր ենթադրել, որ նրա սուբյեկտիվ ընկալմամբ՝ դեկտեմբերի 10-ից առաջ էլ Պալատին դիմելու՝ օրենքով սահմանված հիմքը առկա է եղել, սակայն փաստացի, նա դրանից հետո շարունակել է իր փաստաբանական գործունեությունը։ Ամեն դեպքում, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը (եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ): Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ անհատական իրավական ակտ է, սակայն նկատենք, որ Պալատը այն կայացնելուց հետո սահմանված 3-օրյա ժամկետում չի ուղարկել Սաֆարյանին, այլ դրանից մեկ շաբաթ հետո միայն։ Ուստի հիմք ընդունելով Պալատի այն պատասխանը, որ դրա մասին Սաֆարյանը պատշաճ ծանուցված է եղել դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ կարող ենք եզրակացնել, որ Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է դեկտեմբերի 23-ին («Փաստաբանության մասին» օրենքով այլ բան նախատեսված չէ)։ Սա, իհարկե, չի նշանակում, թե նա մինչ դեկտեմբերի 23-ը կարող էր զբաղվել փաստաբանությամբ։ Ինչպես արդեն նշեցինք, Սաֆարյանը դատավորի պաշտոնը ստանձնած է համարվել դեկտեմբերի 10-ին, հետեւաբար, չնայած նրան, որ ֆորմալ առումով Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է դեկտեմբերի 23-ին, նա, որպես պաշտոնը ստանձնած ՍԴ դատավոր, դեկտեմբերի 10-ից սկսած այլեւս չէր կարող զբաղվել փաստաբանությամբ։ Ընդ որում, նոյեմբերի 30-ին համապատասխան դիմում ներկայացնելը վկայում է, որ նա գիտակցել է իր՝ որպես փաստաբանի անհամատեղելիությունը դատավորի պաշտոնին։ Հետեւաբար դեկտեմբերի 28-ին վերաքննիչ բողոք ներկայացնելով՝ Սեդա Սաֆարյանը առերեւույթ խախտել է ՍԴ դատավորի վարքագծի կանոնը։ Ինչ է սահմանում ՀՀ օրենսդրությունը․ անհամատեղելիության պահանջները Ինչպես արդեն նշեցինք, Սահմանադրության 164-րդ հոդվածը, ի թիվս այլնի, սահմանում է նաեւ, որ դատավորը  չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ «Անհամատեղելիության պահանջները» վերտառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասը նույնպես սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ համայնքի ավագանու անդամների) և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո՝ 1 ամսվա ընթացքում, պարտավոր են ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների կատարումը: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում, ի թիվս այլնի, նաեւ անհատ ձեռնարկատեր լինելը։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն էլ՝ ՍԴ դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները: Վերոնշյալ նորմերի տառացի մեկնաբանման դեպքում կարելի է ասել, որ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելուց, այսինքն՝ սեպտեմբերի 15-ից սկսած մեկամսյա ժամկետում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ իր անհատ ձեռնարկատեր կարգավիճակը (որովհետեւ օրենքը սահմանում է «նշանակվել է» կամ «ընտրվել է» ձեւակերպումը), իսկ եթե տառացի չմեկնաբանենք եւ որպես ելակետ ընդունենք նրա՝ ոչ թե ընտրվելու, այլ հանրային ծառայության անցնելու օրը, ապա կստացվի, որ նա ԱՁ կարգավիճակը պետք է դադարեցներ դեկտեմբերի 10-ից սկսած մեկամսյա ժամկետում։ Ինչ է տեղի ունեցել իրականում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա է ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի ինֆորմացիոն բազան։ Փետրվարի 10-ից ռեգիստրից ստացված տեղեկության համաձայն՝ Սաֆարյանը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվել է 1994 թ․ օգոստոսի 11-ին, իսկ հաշվառումից հանվել՝ 2023 թ․ հունվարի 27-ին։  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելու համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը (կամ նրա լիազորած ներկայացուցիչը) գործակալություն է ներկայացնում համապատասխան փաստաթղթեր, իսկ 31-րդ հոդվածի համաձայն՝ ներկայացնելու պահից որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը համարվում է պետական հաշվառումից հանված: Սրանից հետեւում է, որ Սեդա Սաֆարյանը հաշվառումից հանելու դիմումը ներկայացրել է հենց 2023 թ․ հունվարի 27-ին, ինչը, միեւնույն է, սահմանված մեկամսյա ժամկետում չէ հաշվարկը թե՛ սեպտեմբերի 15-ից, թե՛ անգամ դեկտեմբերի 10-ից սկսելու պարագայում։ Ստացվում է, որ դեկտեմբերի 28-ին վերաքննիչ բողոք ներկայացնելով՝ Սեդա Սաֆարյանը գործել է անհատ ձեռնարկատեր կարգավիճակի ներքո, ինչով առերեւույթ խախտվել է նաեւ դատավորի անհամատեղելիության պահանջը։ Ինչ պատասխանատվություն են ենթադրում այս խախտումները ՍԴ դատավորի` օրենքով սահմանված վարքագծի կանոնների խախտումը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 13-րդ հոդվածի, ՍԴ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է (բացառությամբ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի խախտման)։ Նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՍԴ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմում կարող է ներկայացնել ՍԴ առնվազն 3 դատավոր (բացառությամբ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցման, որի պարագայում դիմում կարող է ներկայացնել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ՝ սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով): Նույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ՍԴ դատավորի վարքագծի կանոնները սահմանող հիշյալ 10-րդ կետը չի համարվում էական կարգապահական խախտում։ Վերոնշյալ նորմերից հետեւում է, որ ՍԴ դատավոր լինելով՝ որպես փաստաբան ներկայացուցչությամբ զբաղվելու կանոնի խախտման համար ՍԴ դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության ՍԴ առնվազն 3 դատավորի դիմումի առկայության դեպքում միայն։ Կարգապահական պատասխանատվության արդյունքում կիրառվող տույժերն են նախազգուշացումը, նկատողությունը, խիստ նկատողությունը։ Հաշվի առնելով սա՝ մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Սահմանադրական դատարանի նախագահին եւ անհատապես բոլոր դատավորներին, այդ թվում՝ Սեդա Սաֆարյանին՝ խնդրելով հայտնել՝ համարո՞ւմ են արդյոք, որ նկարագրված իրադարձությունների հետեւանքով խախտվել է դատավորի՝ օրենքով սահմանված վարքագծի կանոնը։ Եթե այո, պատրաստվո՞ւմ են արդյոք համապատասխան դիմում ներկայացնել, եթե ոչ, ապա ի՞նչ պատճառաբանությամբ։ Փետրվարի 10-ին ՍԴ լրատվական ծառայությունից ստացված պատասխանում ասված է հետեւյալը․ «Ինչպես Սահմանադրական դատարանի դատավորները, այնպես էլ Սահմանադրական դատարանի նախագահը, իրավասու չեն անձնական կարծիք, վերաբերմունք կամ դիրքորոշում արտահայտել՝ առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված վարքագծի կանոններով»։ ՍԴ նախագահին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել նաեւ, թե ս․թ․ հունվարի 10-ին ՍԴ աշխատակարգային նիստի արդյունքում այս հարցի վերաբերյալ ինչ որոշում է կայացվել (եթե կայացվել է)․ «Ս․թ․ հունվարի 10-ին ՍԴ առաջին աշխատակարգային նիստում Սեդա Սաֆարյանը գործընկերներին տեղեկացրել է Ձեր կողմից նշված հարցի մասին։ Նշված հարցը կարգավորվում է ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի 1-ին  մասի շրջանակներում (խոսքը ՍԴ առնվազն 3 դատավորի կողմից դիմում ներկայացնելու նորմի մասին է,–հեղ․)։ Վերոնշյալ օրենսդրական ակտով սահմանված կամ նշված հարցին առնչվող այլ գործընթացների մասին հրապարակման ենթակա տեղեկություններ այս պահին առկա չեն»,- ասված է պատասխանում։ Ինչ վերաբերում է հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջի խախտմանը, հարկ է նշել, որ Սահմանադրության 164-րդ, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 12-րդ եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածների համաձայն՝ այն դատավորի լիազորությունների դադարեցման հիմք է: ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցվում են ՍԴ որոշմամբ։ Այդ նպատակով, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 83-րդ հոդվածի համաձայն, ՍԴ կարող է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ, որում պետք է մատնանշվեն ենթադրյալ խախտման՝ օրենքով սահմանված հիմքերը։ Ինչում է սխալվում Ստյոպա Սաֆարյանը Ինչպես վերը նշեցինք, Ստյոպա Սաֆարյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով թեմային, պարզաբանել էր, որ Սեդա Սաֆարյանը բողոքն ի սկզբանե դեկտեմբերի 5-ին է ներկայացրել, երբ դեռ փաստաբան էր, իսկ այն լրամշակման համար վերադարձնելու եւ վերստին ներկայացնելու դեպքում, ըստ Սաֆարյանի, բողոքի՝ դատարան մուտք լինելու ժամկետ է համարվում առաջին անգամ բողոքը ներկայացնելու օրը։ «Ժողովուրդ» օրաթերթն էլ այսօր հրապարակել է ՍԴ աշխատակարգային նիստի աձանագրության մի հատված, որից պարզ է դառնում, որ Սեդա Սաֆարյանն էլ է ՍԴ–ում այն դիրքորոշումը հայտնել, թե ինքը համարել է, որ նախկին բողոքի ուղղումն է կատարում։ Նորմը, որ մեջբերել է Ստյոպա Սաֆարյանը, Քրեական դատավարության նախկին՝ 1998 թ․ օրենսգրքի 381-րդ հոդվածից է, որի 2․3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված թերությունները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Այս Օրենսգիրքը, սակայն, ուժը կորցրել է, եւ 2022 թ․ հուլիսի 1-ից սկսած՝ գործում է նոր՝ 2021 թ․ ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը։ Ավելին, նոր օրենսգրքի 391-րդ հոդվածով սահմանվել է, որ հատուկ վերանայման բողոքի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում վարույթի նյութերը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ բողոքը վերադարձված լինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետների հաշվարկը սկսվում է վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու օրվանից։ Իրականում այդ ժամկետների հաշվարկը որեւէ կերպ չի փոխում պատկերը, որովհետեւ բողոքը լրամշակելը, թերությունները շտկելը եւ այն վերստին ներկայացնելը նույնպես փաստաբանի (ներկայացուցչի) կարգավիճակից բխող գործողություններ են, իսկ Սեդա Սաֆարյանը դեկտեմբերի 10-ից սկսած՝ դրանցով զբաղվելու իրավասություն չուներ։ Ինչում է սխալվում Արսեն Բաբայանը Փետրվարի 3-ին փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան մի գրառում արեց՝ նշելով, որ հրապարակում է եւս մեկ միջնորդություն, որը փաստում է, որ Սեդա Սաֆարյանը դատավոր լինելով, փաստաբանությամբ է զբաղվել։ Միջնորդությունը, ըստ հրապարակված լուսանկարի, 2022 թ․ հոկտեմբերի 3-ի ամսաթվով է։ Գրառման մեջ ասված է հետեւյալը․ «ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը դատավորի կարգավիճակը ձեռք է բերել դեռևս սեպեմբերի 15-ին՝ ԱԺ-ում ընտրվելով որպես ՍԴ դատավոր: Այդ օրվանից սկսած բոլորը գիտակցել են, որ Սեդա Սաֆարյան անուն ազգանունն ունեցողն այլևս դատավոր է: Մնացածը տեխնիկայի հարց էր... Պարզվում է այդ դատավորը իր կարգավիճակից բացի զուգահեռ մշտական հիմունքներով  զբաղվում է փաստաբանությամբ (ներկայացուցչություն): Խնդրեմ, հրապարակում եմ ևս մեկ միջնորդություն, որն ապացուցում է ասվածը: Համոզմունք ունեմ, որ այդ այդ չթույլատրված աշխատանքը նա կատարել է վարձատրության դիմաց»։ Արդեն իսկ նկարագրված պատճառաբանությունների հիման վրա կարող ենք պնդել, որ հոկտեմբերի 3-ին, պաշտոնը դեռեւս ստանձնած չլինելով եւ ուժի մեջ գտնվող արտոնագիր ունենալով, Սաֆարյանն իրավասու էր որպես ներկայացուցիչ միջնորդություն ներկայացնել դատարան։ Այսպիսով, 2022 թ․ սեպտեմբերի 15-ին ՍԴ դատավոր ընտրված, իսկ դեկտեմբերի 10-ին պաշտոնը ստանձնած Սեդա Սաֆարյանը, դեկտեմբերի 28-ին վերաքննիչ բողոք ներկայացնելով, առերեւույթ խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14–րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, եւ սահմանված ժամկետում իր ԱՁ-ն հաշվառումից հանած չլինելով՝ գործել է անհատ ձեռնարկատեր կարգավիճակի ներքո՝ այդպիսով առերեւույթ խախտելով նաեւ Սահմանադրությամբ եւ օրենքով ամրագրված դատավորի անհամատեղելիության պահանջները։    Միլենա Խաչիկյան
15:02 - 11 փետրվարի, 2023
Մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, այն պետք է արտահայտվի պետական ինստիտուտների կայացմամբ և զարգացմամբ. Նիկոլ Փաշինյան

Մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, այն պետք է արտահայտվի պետական ինստիտուտների կայացմամբ և զարգացմամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Սահմանադրական դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Ազգային ժողովի, Կառավարության, դատական համակարգի մի շարք ներկայացուցիչներ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՍԴ նախագահին այսօրվա միջոցառումը կազմակերպելու և դրան մասնակցելու հրավերի համար: «Շատ կարևոր օր է այսօր, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ՍԴ նախագահին, որ այսօր նախաձեռնել է այս հանդիպումը, որպեսզի այս խոսակցությունը տեղի ունենա: Որովհետև մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ բոլորիս հայտնի, բոլորիս հուզող և անհանգստացնող հանրահայտ մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Այդ արձագանքի ասիմետրիկ բնույթը պետք է արտահայտվի առաջին հերթին մեր պետական ինստիտուտների կայացմամբ և զարգացմամբ: Որովհետև, մեծ հաշվով, այսօր մեր ունեցած բոլոր խնդիրները կարող ենք բաժանել երկու մասի. խնդիրներ, որոնք թույլ չեն տվել կայանալ պետական ինստիտուտներին, և խնդիրներ, որոնք առաջացել են ինստիտուտների կայացած չլինելու պատճառով: Եվ, ըստ էության, այս երկու եզրագծի ներսում են տեղավորվում մեր օրակարգային բոլոր հարցերը: Այս առումով, սահմանադրական արդարադատության դերը շատ դժվար է գերագնահատել: Սահմանադրական արդարադատությունը կարևոր է ոչ միայն իրավիճակները հաղթահարելու, ոչ միայն առաջացած փակուղային իրադրություններից ելք ցույց տալու և ելք հարթելու համար, այլև շատ կարևոր է, որ սահմանադրական արդարադատությունը ձևավորի մտածողություն, որն իր բնույթով ինստիտուցիոնալ է, պետական է: Սա եմ համարում սահմանադրական արդարադատության կարևորագույն գործառույթներից մեկը, ընդհանրապես, դատական համակարգի և բոլոր ինստիտուտների, որովհետև ի վերջո մենք չունենալով անկախ պետություն, ունեցել ենք որոշակի մտածողություն: Այն պահից, երբ ձեռք ենք բերել անկախություն և պետականություն, մեր բոլոր ինստիտուտների կարևորագույն գործառույթը, բացի առօրյա օպերատիվ հարցերը լուծելուց, պիտի լինի այդ մտածողության տրանսֆորմացիան ապահովելը: Այդ տրանսֆորմացիան, իհարկե, սահմանադրական արդարադատության դերը չափազանց կարևոր է, և հույս ունեմ նաև, որ այսօրվա մեր հանդիպումը, քննարկումը և համատեքստն ունի հենց այս նշանակությունը, որը պիտի արտահայտվի նաև ոչ միայն մեր գործողություններում, այլև լեզվամտածողության մեջ: Վերջերս մի քննարկման ժամանակ, որը վերաբերում էր պետությանը և նրա մտածողությանը, ընդհուպ խոսակցությունների, բանավեճերի և քննարկումների մակարդակում առիթ ունեցանք առերեսվել, որ մինչև այսօր մեր իրականության մեջ լուծված չէ ազգ և ժողովուրդ հասկացությունների հարաբերությունը, մինչդեռ կարծում եմ, մեր Սահմանադրությունը շատ հստակ տվել է այդ տրամաբանությունը, որովհետև ժողովուրդը պետականաստեղծ միավորն է, պետականաստեղծ ինստիտուտն է, ազգի հատկանիշները մի փոքր այլ են, որը շատ ուղիղ կարող է նաև կապված չլինել պետության, պետական ինստիտուտների հետ: Ի վերջո, եկեք արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունող մարմնի մասին է: Սահմանադիր ասելով նկատի է առնվում ժողովուրդը և հենց մեր Սահմանադրության նախաբանում էլ սա է արտահայտված: Նաև սահմանադրական արդարադատությունը պիտի հասանելի լինի, այո՛, ոչ միայն որպես գործնական կիրարկման, այլև որպես հետազոտվող նյութ, որպես ընթերցման նյութ: Երբ ժամանակ առ ժամանակ արվում է աշխատանքի ամփոփում, չափազանց կարևոր է, որ արված աշխատանքը հասանելի է դարձվում և՛ համացանցային տիրույթում, և՛ հրատարակվում է տպագիր եղանակով: Իհարկե, նաև համոզված եմ, որ հետագայում ուսանողները, հետազոտողները շատ հետաքրքիր տեղեկատվություն կգտնեն այդ հետազոտությունների մեջ, որն իմ ասած պետական մտածողության ձևավորման շղթայում շատ կարևոր մի օղակ է»: Վարչապետն ընդգծել է օրվա խորհուրդը և կարևորությունը, որովհետև, նրա խոսքով, Սահմանադրական դատարանը մեր երկրի սահմանադրական արդարադատություն իրականացնող պետական կարևորագույն ինստիտուտներից մեկն է: «Սահմանադրական դատարանի կարևորությունը տեսանելի է, և մենք հետևողականորեն կայացնում ենք որոշումներ, համատեղ քաղաքականություններ ենք վարում և մշակում, որոնց նպատակն՝ ընդհանրապես դատական համակարգը և հատկապես Սահմանադրական դատարանն իր ինստիտուցիոնալ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմաններով օժտելը: Եթե առիթ լինի թվարկելու, թե ինչ է արվել վերջին շրջանում, մենք կունենանք բավականին երկար շարք: Սահմանադրական դատարանի հարգելի նախագահ, ՍԴ հարգելի դատավորներ, Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այսօրվա միջոցառումը կազմակերպելու և դրան մասնակցելու հրավերի համար: Ցանկանում եմ բոլորիս հաջողություն մաղթել մեր պետության ինստիտուցիոնալ կարողությունները ուժեղացնելու, հզորացնելու և մեր պետական ինստիտուտների ու պետության հիմնադրի՝ ժողովրդի օրգանական կապը ամեն օրվա հետ ավելի ու ավելի ամրապնդելու ճանապարհին: Որովհետև, կարծում եմ, այս կապը, այս հաղորդակցությունն է, որ բոլորիս պիտի վստահություն տա և ժողովրդին վստահություն ներշնչի, որ ստեղծելով պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, նա ստեղծել է մի գործիք, որով կարողանալու է ապահովել սեփական անվտանգությունը, բարեկեցությունը, արդարությունը, օրենքի ու Սահմանադրության առաջ բոլորի հավասարությունը և, մեծ հաշվով, իրավունքի գերակայությունը: Կարծում եմ՝ մեր այսօրվա հավաքն այն մասին է, որ մենք բոլորս վերահաստատում ենք, արտահայտում ենք մեր նվիրվածությունը և հավատարմությունն այս ճանապարհին»,- նշել է վարչապետը:
14:16 - 06 փետրվարի, 2023
Արման Դիլանյանի և ՄԻԵԴ նախագահի հանդիպմանը կարևորվել է գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում

Արման Դիլանյանի և ՄԻԵԴ նախագահի հանդիպմանը կարևորվել է գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հրավերով հունվարի 26-27-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին և «Մարդու իրավունքների պաշտպանության միջոցով ժողովրդավարությունը պահպանող դատավորները» խորագրով բարձր մակարդակի դատական սեմինարի աշխատանքներին: Այցի շրջանակներում տեղի է ունեցել Բարձր դատարանի նախագահի երկկողմ հանդիպումը ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հետ։ Արման Դիլանյանը  շնորհավորել է եվրոպացի գործընկերոջը՝ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակի անշեղորեն զարգանալ։ ՍԴ նախագահն ընդգծել է նմանօրինակ միջոցառումների կարևորությունը՝ ազգային բարձր դատարանների և ՄԻԵԴ-ի միջև համագործակցության խթանման, եվրոպական մայրցամաքում իրավունքի գերակայության, հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության ավելի բարձր մակարդակի հաստատման գործում։ ՄԻԵԴ նախագահը կարևորել է հայազգայի գործընկերոջ հետ նման ձևաչափերով աշխատանքային հանդիպումները և ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ-ի երկխոսության և համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող  աշխատանքները:   Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրության շրջանակներում ազգային բարձր դատարանների և  ՄԻԵԴ-ի միջև իրականացվող համագործակցությանը։  Սահմանադրական դատարանի նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ։ Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը և առկա ծրագրերը։ Սիմոնա Գրանատա-Մենգինին վերահաստատել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի լիարժեք հանձնառությունը՝ աջակցելու Բարձր դատարանում ընթացող բարեփոխումներին, ընդգծել է երկկողմ համագործակցության դրական ավանդույթներն ավելի բարելավելու պատրաստակամությունը։ 
17:17 - 30 հունվարի, 2023
Իշխող ուժը որոշում ունի չդիմել ՍԴ՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով
 |azatutyun.am|

Իշխող ուժը որոշում ունի չդիմել ՍԴ՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով |azatutyun.am|

azatutyun.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում ունի չդիմել Սահմանադրական դատարան, ԱԺ խորհրդի նիստից հետո հայտնեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Խորհրդի նիստին ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին, ինչը նշանակում է, որ հաջորդ շաբաթ ևս նիստ է կայանալու, սակայն ամեն դեպքում Կոնջորյանը նշեց, որ որոշել են չդիմել ՍԴ: Խորհրդի օրակարգում ներառված էր 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Այդ պատգամավորներն են՝ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և Զեմֆիրա Միրզոյանը: Նրանք բոլորը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են:
17:15 - 13 հունվարի, 2023
2022 թվականը Սահմանադրական դատարանի համար նշանավորվեց խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի մեկնարկով

2022 թվականը Սահմանադրական դատարանի համար նշանավորվեց խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի մեկնարկով

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, որտեղ, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, 2022 թվականը հայ մարդու ու մեր երկրի համար լի էր տարաբնույթ փորձություններով և մարտահրավերներով։ Թեև անցնող տարվա ընթացքում ունեցանք կորուստներ ու դժվարություններ, այդուհանդերձ տարեմուտը հենց այն կարևոր ժամանակահատվածն է, երբ պարտավոր ենք հետադարձ հայացք նետել հեռացող տարվան այն հավատով, որ մեր պետության ու յուրաքանչյուրիս համար ավելի պայծառ և լուսավոր օրերը դեռ առջևում են։ Տարեմուտն անցյալը վերարժևորելու, հեռացող տարին ամփոփելու և նոր հնարավորություններ դիտարկելու ժամանակաշրջան է։ Ցավոք, այսօր մեր տարածաշրջանը բարդ իրավիճակում է: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները և վերջին շաբաթներին Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ «կյանքի ճանապարհի» փակումը փաստացիորեն ստեղծել են հումանիտար ճգնաժամ: Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ գործողությունները հարված են նաև «ազատ աշխարհին», ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների այն առաջադեմ համակարգին, որը դավանում է մեր պետությունը։ Նման պայմաններում մեր հաջողության գրավականը մեծապես կախված է լինելու ոչ միայն սահմանադրական մարմինների ու պետական համակարգի անխափան աշխատանքից, այլ նաև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ սեփական ուժերի ու ջանքերի հանդեպ խորը հավատից ու առկա հնարավորությունների ճիշտ արժևորումից: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հիմա, առավել քան երբևէ, չհանձնվելու, պայքարելու ու արարելու անկոտրում կամք, ցանկություն և հանձնառություն ունի։   Սիրելի՛ հայրենակիցներ, 2022 թվականը Սահմանադրական դատարանի համար նշանավորվեց խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի մեկնարկով։ Անցնող տարում Բարձր դատարանը նախաձեռնել և իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք միտված են սահմանադրական արդարադատության իրականացման գործընթացը ժամանակակից և թվային լուծումներով հագեցնելուն, այն ավելի ներառական, թափանցիկ ու հաշվետու դարձնելուն: Այս գործընթացին մեծ աջակցություն են ցուցաբերում մեր միջազգային գործընկերները, ինչպես նաև Բարձր դատարանի դատավորներն ու ամենօրյա աշխատանքում ներգրավված աշխատակազմը:   Սիրելի՛ հայրենակիցներ, Տարեմուտի իմ լավագույն մաղթանքներն ու շնորհակալության անկեղծ խոսքերն այսօր նախևառաջ ուղղում եմ Հայաստանի Հանրապետության պետական սահմաններին, առաջնագծում և իրենց զորամասերում հենց այս պահին մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինվորներին ու սպաներին. շնորհակալություն եմ հայտնում ձեզ խիզախ ծառայության ու խաղաղության դիրքերում ամուր կանգնած լինելու համար: Շնորհավորանքի առանձնահատուկ խոսքեր եմ հղում նաև Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների և առողջապահության ոլորտի այն աշխատողներին ու ընդհանրապես բոլոր այն մարդկանց, որոնք Ամանորը դիմավորում են ոչ թե իրենց ընտանիքի անդամների ու սիրելիների հետ, այլ աշխատանքի վայրում: Սահմանադրական դատարանի անունից մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, իսկ մեր ընտանիքներին՝ առողջություն, բարօրություն ու երջանկություն։ Թող միշտ սիրո, հոգատարության ու փոխըմբռնման մթնոլորտ տիրի յուրաքանչյուրիս տանը»: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
14:30 - 31 դեկտեմբերի, 2022
ՀՀ-ն կվավերացնի Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը. դա թույլ կտա Ադրբեջանի ագրեսիայի փաստով քրգործ հարուցել |news.am|

ՀՀ-ն կվավերացնի Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը. դա թույլ կտա Ադրբեջանի ագրեսիայի փաստով քրգործ հարուցել |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում հավանություն տվեց «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով նշեց, որ թեև Հայաստանը կանոնադրությունը ստորագրել է 1999 թվականին, սակայն այն չի վավերացվել, քանի որ Կանոնադրությամբ ստանձնվող որոշ պարտավորություններ ճանաչել էր 1995 թվականի Սահմանադրությանը հակասող։ Այժմ, ըստ նախարարի անհրաժեշտություն է առաջացել կանոնադրության վավերացման գործընթացը վերսկսելու համար ևս մեկ անգամ դիմել ՍԴ: Նախարարը նկատեց, որ դրանից հետո Սահմանադրությունը երկու անգամ փոփոխության է ենթարկվել: «Կանոնադրության նպատակն է Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը, որը պետք է քննի կանոնադրությամբ նշված առավել ծանր հանցագործությունները՝ բացառելու համար դրանք կատարած անձանց անպատժելիությունը և նպաստելու այդպիսի հանցագործությունների կանխմանը: Կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է դատարանին ընդհատյա հանցագործությունների շրջանակը: Դրանք են ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունը: Կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը և հրատապությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով. 2021թ. մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա իրականացնելով ՀՀ-ի դեմ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք և շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում։ Այնուհետև, 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացվեց նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի զինված ուժերի և քաղաքացիական բնակչության շրջանում, և որի ընթացքում կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ։ Ավելին՝ դատելով Ադրբեջանի կողմից դրսևորած պահվածքից և կատարած ռազմատենչ հայտարարություններից՝ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր։ Այս պայմաններում, ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարևոր է, քանի որ ՀՀ կողմից Կանոնադրությունը վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված և Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաև պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար։ Միաժամանակ, որպեսզի Հայաստանն ի վիճակի լինի տարածել ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի ժամանակ գործած պատերազմական հանցագործությունների վրա, Հայաստանը վավերացման հետ մեկտեղ կատարում է ՄՔԴ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայտարարություն՝ հետադարձորեն ճանաչելով ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 12-ի ժամը 00։00-ից ի վեր։ Ասվածը վերաբերում է միայն ցեղասպանության, մարդկայնության դեմ և պատերազմական հանցագործություններին և չի վերաբերում ագրեսիվ պատերազմի հանցագործությանը: ՄՔԴ իրավազորության հետադարձորեն ճանաչումը նույնպես կարևոր է, ինչը հնարավորություն կտա ՄՔԴ իրավազորությունը տարածել Ադրբեջանի կողմից արդեն իրականացրած Կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների վրա։ Սակայն այս գործիքի կիրառումը առավել արդյունավետ կլինի, երբ զուգորդվի ՀՀ կողմից Կանոնադրության վավերացմամբ»,- ասաց նախարարը: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշմանը հանգել են երկար քննարկումների արդյունքում: Նա հույս հայտնեց, որ ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանության հարցը կորոշի: Փաշինյանը հարց ուղղեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, թե արդյոք եթե այս կանոնադրությունը վավերացվի, ՀՀ ինքնիշխան տարածքների ագրեսիայի մասով միջազգային քրեական գործ հարուցելու հնարավորություն ենք ստանում: Կիրակոսյանը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Այո, Հայաստանի տարածքում, դատարանի իրավազորությանը ենթակա պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության կատարման հետ կապված քրեական պատասխանատվության հարցն է բարձրացվելու միջազգային քրեական դատարանի առաջ»:  Նա հավելեց, որ կապ չունի, որ Ադրբեջանը չի վավերացրել այդ կանոնադրությունը, քանի որ խոսքը ՀՀ տարածքում տեղի ունեցած հանցագործությունների մասին է: Գրիգոր Մինասյանը նաև նշեց․ «ՍԴ-ի կողմից դրական որոշման առկայության դեպքում մենք Միջազգային քրեական դատարանի իրավապահ համակարգի գործիքակազմը ներգրավելու ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի ունեցած քրեական հանցագործությունները միջազգային ատյանները կարողանան քննել, և անկախ նրանից, թե հակառակ կողմն այդ պայմանագրի անդամ է, թե ոչ, որպես քրեական հանցագործի կկարողանան պատասխանատվության ենթարկել»։
12:13 - 29 դեկտեմբերի, 2022
Սահմանադրական դատարանում սպասում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին
 |hetq.am|

Սահմանադրական դատարանում սպասում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը փոխանցեց, որ պաշտոնապես դեռ չի ստացվել Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով») կարծիքը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված: «Սպասվում է, որ մոտ օրերս կարծիքը կստանանք, կփոխանցենք դատավորներին: Այս պահին պաշտոնապես դեռ չի ստացվել»,- ասաց Ս. Առաքելյանը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) 2022թ. հուլիսի 8-ին աշխատակարգային որոշում է կայացրել՝ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում: Նշված գործի շրջանակներում ՍԴ-ն որոշել է, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին: Հետևաբար առկա է ՀՀ-ի կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման հարցերի, ինչպես նաև ՍԴ-ի լուծմանն առաջադրված որոշ հարցադրումներում նկարագրված խնդիրների լուծման կապակցությամբ լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն: Տեղեկացնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին:
11:31 - 22 դեկտեմբերի, 2022
ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնած Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը ներկայացվել են Բարձր դատարանի դատավորներին

ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնած Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը ներկայացվել են Բարձր դատարանի դատավորներին

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանի և Հովակիմ Հովակիմյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:   Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհակալություն հայտնել պաշտոնաթող դատավորներ Աշոտ Խաչատրյանին և Արևիկ Պետրոսյանին իրենց պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար: Ներկայացնելով նորընտիր դատավորներին՝ Արման Դիլանյանը մաղթել է նրանց արդյունավետ պաշտոնավորում, ինչպես նաև հույս հայտնել, որ նրանք իրենց ամենօրյա գործունեությամբ կնպաստեն մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը: Իր ելույթում Սահմանադրական դատարանի նախագահն անդրադարձել է նաև դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքին և այդ նպատակով իրականացվող ծրագրերին ու, որպես դրանց հաջողության գրավական՝ կարևորել թե՛ դատավորների, թե՛ աշխատակազմի գործուն մասնակցությունը նախանշված ծրագրերում:   Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանին և Հովակիմ Հովակիմյանին են հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ համազգեստները՝ պատմուճանները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի ձևաթղթերը:
16:26 - 19 դեկտեմբերի, 2022