Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Գարեգին Բ–ն ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

Գարեգին Բ–ն ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է այսօր կեսգիշերից հետո Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Կաթողիկոսի ցավակցական ուղերձը տարածել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ «Հղում ենք մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին ու հարազատներին և հայցում Սուրբ հոգու մխիթարությունը վշտացյալ բոլոր սրտերին։ Աղոթում ենք, որ բարեգութ Աստված երկնային լուսեղեն իր օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների»,- նշված է Գարեգին Բ-ի ցավակցական ուղերձում։ Վեհափառը ապաքինում է մաղթել վիրավորներին և բոլոր տուժածներին: Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։  «Volkswagen»-ի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան այցելությունից։ News.am-ի հետ զրույցում Համշեն տուրից հաստատել են, որ իրենց տուրիստական խումբն է եղել։ 
14:00 - 14 օգոստոսի, 2023
Այս պաշտոնը ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում․ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Դավիթ Իշխանյանին

Այս պաշտոնը ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում․ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Դավիթ Իշխանյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Դավիթ Իշխանյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Իր Հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «ՄԵԾԱՐԳՈ ՏԻԱՐ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ Ստեփանակերտ Մեծարգո Պրն. Իշխանյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կարևոր այս պաշտոնը Դուք ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով արցախահայությունը շուրջ ութ ամիս գտնվում է փաստացի շրջափակման մեջ: Օրավուր սաստկացող գոյաբանական վտանգների առջև աղոթաբար մաղթում ենք Ձեզ ուժ, կարողություն և տոկունություն՝ հնարավոր բոլոր միջոցները, ներուժն ու ջանքերը գործադրելու հանուն Արցախի ժողովրդի ապահով, ազատ ու անկախ կյանքի: Թող Ամենակարող Տերը Իր օրհնության ներքո անխռով  խաղաղության մեջ պահի ու պահպանի Արցախ մեր երկիրն ու մեր ժողովրդին՝ պարգևելով Ձեզ քաջառողջություն և գործոց հաջողություններ: Օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»
12:05 - 09 օգոստոսի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իրանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը դատապարտել է Ղուրանի այրման միջադեպը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իրանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը դատապարտել է Ղուրանի այրման միջադեպը

Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Նորին Սրբությունը ողջունեց դեսպանին՝ շնորհավորելով նշանակման կապակցությամբ և մաղթելով արդյունաշատ ծառայություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծելով, որ նորանշանակ դեսպանի առաքելությունը համընկել է հայ ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանին, իր գնահատանքը հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանը պատերազմի և հետպատերազմյա այս ծանր շրջանում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը անդրադարձավ նաև հայ-իրանական դարավոր փոխհարաբերություններին և երկու երկրների ներկայիս համագործակցությանը: Գոհունակություն հայտնելով իրանահայ համայնքի հանդեպ Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաժամանակ բարձրորեն գնահատեց հայկական մշակութային արժեքների ու սրբությունների նկատմամբ դրսևորվող հոգածու վերաբերմունքը: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության յուրացման փորձերին և ոչնչացման փաստերին, ինչպես նաև, իշխանությունների ուղղորդմամբ, կրոնական ու մշակութային արժեքների նկատմամբ դրսևորվող հանցագործ գործողություններին։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը դատապարտելի նկատեց նաև օրերս Ղուրանի այրման միջադեպը։ Իր հերթին դեսպան Մեհդի Սոբհանին, խոսելով իր առաջիկա անելիքների մասին, կարևորեց երկու ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման գործում նաև միջկրոնական երկխոսությունը: Պրն. Սոբհանին, անդրառնալով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձան նաև Մայր Աթոռի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա փոխգործակցային հարաբերություններին՝ կարևորելով մշակույթի ոլորտում համագործակցությունը, կրոնական երկխոսությունը, միջկրոնական համաժողովների կազմակերպումը:
09:19 - 08 օգոստոսի, 2023
Գարեգին երկրորդն անակնկալ այց է կատարել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

Գարեգին երկրորդն անակնկալ այց է կատարել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրերս աշխարհում գործող ամենահին հայկական կրթօջախ՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան էր այցելել:  Ինչպես տեղեկանում ենք Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվին տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանը, ճեմարանի փոխկառավարիչներ Տ․ Արծրուն քահանա Միքայելյանն ու Տ․ Հայկ քահանա Քոչարյանը, այս օրերին ճեմարանում իրենց ծառայությունը բերող բարեշնորհ սարկավագները՝ տիկնանց հետ, Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու վարչության անդամներ տիկին Սյուզան Ռուբենը, տիար Սյունիլ Սոբտին՝ տիկնոջ հետ, ճեմարանի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին, ուսուցիչներն ու աշակերտները։ Բացման խոսքով հանդես է եկել ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան անակնկալ, բայց սպասված այցի և ճեմարանի տեսչությանը, ուսուցչական կազմին և աշակերտությանը մեծ պատվի արժանացնելու համար, ապա դիմեց ներկաներին՝ իրականություն դարձնելու Նորին Սրբության տեսիլքն ու երազանքը, այն է՝ նոր թափով ու եռանդով աշխատել և Մարդասիրական ճեմարանի անունն աշխարհում գործող լավագույն դպրոցների շարքում արձանագրել տալ: Շնորհակալական խոսքով ելույթ է ունեցել նաև դպրոցի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին՝ նշելով, որ Նորին Սրբության օրհնությամբ և հայրական հոգածությամբ Մարդասիրական ճեմարանը շարունակում է բարձր պահել և առաջ տանել նախորդ սերունդներից իրեն փոխանցված ջահը՝ նոր վերելքների հասնելու և ազգին ու պետությանը կիրթ և արժանապատիվ հայորդիներ ավանդելու համար։ Տնօրենի խոսքից հետո սկսվել է միջոցառման գեղարվեստական մասը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ճեմարանի «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցչուհի Լիանա Փիրումյանը հակիրճ ներկայացրել է հնդկահայ գաղթօջախի կազմավորումն ու ձեռքբերումները, ինչպես նաև Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրումից ի վեր պատմության մեջ գրանցված կարևոր դեպքերն ու իրենց նշանակալի ավանդը թողած հայտնի հայորդիների անունները՝ միաժամանակ կարևոր անդրադարձ կատարելով Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին ճեմարանի արձանագրած շրջադարձային բարեփոխումներին ու հաջողությունների ծաղկուն շրջանին։ Միջոցառման վերջում օրհնության խոսքով հանդես է եկել Վեհափառ Հայրապետը։ Նա շնորհակալություն է հայտնել ճեմարանի տեսուչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանին՝ տպավորիչ և բարձր մակարդակի միջոցառում կազմակերպելու համար: Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել նաև ճեմարանում սպասավորող քահանա հայրերին ու սարկավագներին, ճեմարանի տնօրենին և ուսուցիչներին՝ աշակերտներին լավագույնս կրթելու և դաստիարակելու գործում ցուցաբերած տքնաջան աշխատանքի և մեծ ավանդի համար։ Ամենայն Հայոց Հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել նաև Կալկաթայի սուրբ Նազարեթ եկեղեցու վարչական խորհրդի անդամներին և հոգաբարձուներին՝ ի դեմս տիկին Սյուզան Ռուբենի և տիար Սյունիլ Սոբտիի՝ Կալկաթայում հայոց եկեղեցիների և հայկական տարբեր կառույցների խնամքը գերազանց ձևով ապահովելու և դրանց ուշադրություն դարձնելու համար։ Դիմելով ճեմարանականներին՝ Վեհափառ Հայրապետը պատգամել է գերազանց սովորել և մեծ հաջողություններ գրանցել, քանի որ հայ աշակերտների հաջողությունները պիտի խնդություն բերեն ճեմարանի հիմնադիրների՝ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի հոգիներին, պիտի պայծառացնեն նրանց բարի անունն ու հիշատակը։ Ըստ Ամենայն Հայոց Հայրապետի՝ ճեմարանի յուրաքանչյուր հայորդի պարտավորություն և պատասխանատվություն ունի՝ ճեմարանի հիմնադիրների զոհողությունն արդարացնելու, որպեսզի այն իզուր և ունայն չմնա։ «Վեհափառ Հայրապետը հորդորեց ոչ միայն սոսկ ականատես լինել և պահել ու պահպանել հնդկահայոց փառահեղ անցյալի պատմությունը, այլև նորովի կերտել և հզորացնել հնդկահայոց գաղութի նոր ժամանակների պատմությունը՝ նույնպիսի փառքով ու հպարտ ապրումներով, որպեսզի գալիք սերունդները, գնահատելով ներկա ժամանակների գործերը, իրենք ևս նույն ապրումներն ու ներշնչանքն ունենան՝ հայրերից ավանդված ժառանգությունն իրենց հաջորդներին առավել հզորացած փոխանցելու։ Վեհափառ Հայրապետը հաստատապես նշել է, որ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի լուսավոր ընթացքն անշեղորեն իրագործվելու է և նոր, բուռն կյանքով է ապրելու»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:27 - 07 հուլիսի, 2023
Կաթողիկոսը ԵԽ պատգամավորին երախտագիտություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար

Կաթողիկոսը ԵԽ պատգամավորին երախտագիտություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար

Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Հանդիպմանն ի դեմս պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենի՝ Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Նիդերլանդների խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման և Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար։ Անդրադառնալով Արցախի շրջափակմանը և դրա հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակին, ինչպես նաև հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության հստակ ու հետևողական քայլերի գործադրումը ադրբեջանական ագրեսիայի կանխման և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։ Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը բերեց ԵԽ նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար։ Պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը, դատապարտելով Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը, պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերելու Հայասատանի ու Արցախի անվտանգության և հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրների դիմագրավման հարցում։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Նիդերլանդների հայկական համայնքի գործունեությանը, ինչպես նաև Քույր Եկեղեցիների հետ առկա գործակցությանը։
19:46 - 21 հունիսի, 2023
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած միաբանական համագումարի մասնակից հոգևորականները համագումարի երկրորդ օրն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանց թվում էին Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներ ու աբեղաները, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից ծաղկեպսակ դրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հոգևորականները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միաբանները կատարեցին նաև բարեխոսության կարգ, որին ներկա էին ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սմբատ Մանուկյանը, ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանը և Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը:
12:00 - 07 հունիսի, 2023
Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Կաթողիկոսի ուղերձը

Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Կաթողիկոսի ուղերձը

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հանարապետության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով։ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը զորեղ հավատքով և արհավիրքների առջև չընկճվող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները և առաջին հանրապետության հաստատումով լուսավոր նոր էջը բացեց իր պատմության։ Այսօր Հայաստանի անվտանգությանն ու սահմանամերձ տարածքների ապահովությանը, Արցախի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, այլև ներազգային զարգացումները խորը մտահոգություններ են ստեղծել հայրենական անդաստանում, ողջ հայության կյանքում։ Մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ իրականացվող քայլերին, ծավալապաշտական ձգտումներին դիմակայելու ուղին մեր միասնական պայքարն է, միակամությունն ու վճռականությունը։ Անկախության վերահաստատման և Առաջին հանրապետության հռչակման հիշատակը տոնելով, սիրելի հայորդիներ, ոգեշնչվենք և գոտեպնդվենք երանելի մեր հայրերի ազատատենչ ոգով ու սխրագործություններով, մերժենք և հեռացնենք մեր կյանքից թշնամանքը, ատելությունն ու հակառակությունները և զորացնենք ազգային մեր միաբանությունը։ Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անխաթար խաղաղությունն ու արժանապատիվ մեր կյանքը։ Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված օգնական լինի մեզ՝ հաղթահարելու մեր առջև ծառացած փորձությունները և հաստատելու բարօր ու լուսավոր գալիքը ազգի ու հայրենիքի։ Թող Քրիստոս մեր Փրկչի ողորմությունն ու շնորհները հովանի լինեն համայն մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս»։
10:51 - 28 մայիսի, 2023
Հույս ունեմ,որ իշխանությունները կանդրադառնան Հայոց Եկեղեցու Պատմություն առարկայի վերաբերյալ որոշմանը. Գարեգին Բ

Հույս ունեմ,որ իշխանությունները կանդրադառնան Հայոց Եկեղեցու Պատմություն առարկայի վերաբերյալ որոշմանը. Գարեգին Բ

Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիպման սկզբում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց այս տարվա ՀԵՊ առարկայի օլիմպիադայի արդյունքներն ու արձանագրած հաջողությունները՝ շեշտելով առարկայի սիրված լինելն ու կարևոր դերակատարությունը մատաղ սերնդի ազգային-հոգևոր կրթության և դաստիարակության գործում: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն, Իր սերն ու օրհնությունը փոխանցելով ներկաներին, շնորհավորեց օլիմպիադայի մրցանակակիրներին՝ ուրախությամբ արձանագրելով, որ առարկան կարևոր ձեռքբերում է նորանկախ հանրապետության կրթության ոլորտում։ Նորին Սրբությունը ցավով նկատեց, որ կրթական չափորոշիչների փոփոխությամբ դպրոցներում դադարելու է առարկայի դասավանդումը՝ հույս հայտնելով, որ ՀՀ իշխանություններն անդրադարձ կունենան այդ որոշմանն ու մեր զավակներին հնարավորություն կընձեռնվի ստանալ հոգևոր գիտելիքներ և դաստիարակություն՝ հավատարիմ մնալու նախնյաց ժառանգությանն ու ազգային արժեհամակարգին։ Հայոց Հովվապետն աշակերտներին հորդորեց ջերմեռանդությամբ և նախանձախնդրորեն շարունակեն իրենց ուսումնառությունը, ամբարեն նոր գիտելիքներ և եկեղեցասիրությամբ ու հայրենաճանաչությամբ իրենց մեջ զորացնեն նվիրումի ոգին՝ ի փառս հայրենիքի և Մայր Եկեղեցու: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը փոխանցեց Հայր Զաքարիային և ՀԵՊ ուսուցիչներին՝ պատանի հայորդիներին տարիներ շարունակ քրիստոեական և ազգային արժեհամակարգով կրթելու ու դաստիարակելու իրենց կատարած նվիրյալ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դրա վառ վկայությունը աշակերտների արձանագրած հաջողություններն են։ Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:
12:18 - 23 մայիսի, 2023
Երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է այդ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ. Գարեգին Երկրորդն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է այդ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ. Գարեգին Երկրորդն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, բարեմաղթել է արդյունաշատ առաքելություն Հայաստանում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ: Նա անդրադարձել է Հնդկաստանում եկեղեցական կառույցների և, մասնավորապես, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությանը: Նորին Սրբությունն, ի դեմս դեսպանի, իր գնահատանքն է հայտնել Հնդկաստանի իշխանություններին կրթական հաստատության նկատմամբ դրսևորվող ուշադրության համար։ Իր հերթին նորանշանակ դեսպանն, անդրադառնալով հայերի պատմական ներկայությանը Հնդկաստանում և հայ-հնդկական հարաբերություներին ու ներկայիս գործակցությանը, տեղեկացրել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան իր այցի մասին՝ նկատելով, որ այն նաև յուրօրինակ կամուրջ է երկու երկրների մշակութային կապերի զորացման գործում: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հնդկաստանում հայ համայնքի կյանքին և հայկական եկեղեցիների բարվոք վիճակին։ Խոսվել է նաև Հայաստանի և Արցախի առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրների մասին:
17:52 - 04 մայիսի, 2023
Գարեգին Բ-ն իր խոր մտահոգությունն է հայտնել Բերձորի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ

Գարեգին Բ-ն իր խոր մտահոգությունն է հայտնել Բերձորի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ

Մայիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Մայր Աթոռը հայտնել է, որ հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությումբ նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ևս մեկ վկայություն է հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի կողմից հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության։ «Անդրադառնալով հետպատերազմյա մարտահրավերներին և առկա դժվարին իրավիճակին՝ Հայոց Հայրապետն իր խոր մտահոգությունը հայտնեց Բերձորի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղված հումանիտար աղետի, ինչպես նաև օրերս Բերձորի միջանցքի սկզբնամասում Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրման առնչությամբ։ Ըստ Նորին Սրբության՝ այս կապակցությամբ միջազգային հանրության անհամարժեք արձագանքը, ինչպես և Հաագայի միջազգային դատարանի որոշման անտեսումն անհետևանք թողնելը տեղիք է տալիս Ադրբեջանի նման քաղաքականության անարգել իրագործման։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ կատարեց գերիների վերադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին:  Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ իր այցի նպատակն է իրավիճակին տեղում ծանոթանալ՝ իր կարելի աջակցությունը բերելու առկա մարտահրավերների հաղթահարման գործում, ինչպես նաև նպաստել հայ-ֆրանսիական համակողմանի գործակցության խորացմանը։ Պրն․ Քզավիե Բերտրանն Ամենայն Հայոց Հայրապետին նաև հավաստիացրեց, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն ռազմագերիների վերադարձման և Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների և սրբավայրերի անաղարտ պահմանման հարցում։ Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ տիար Բերտրանը ևս եվրոպական միջազգային ատյաններում հետևողականորեն կբարձրաձայնի արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության հարցը։ Զրուցակիցներն անդրադարձան նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումներին և դրանց ընթացքում արձանագրված արդյունքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:42 - 03 մայիսի, 2023
Կաթողիկոսն Արգենտինայի պատվիրակությանն է ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակը

Կաթողիկոսն Արգենտինայի պատվիրակությանն է ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակը

Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հասարակական գործիչներից, լրագրողներից, իրավաբաններից և գործարարներից կազմված պատվիրակությանը՝ ուղեկցությամբ արգենտինահայ գործարար Խուան Պաբլո Գեչիչյանի, հայտնում են Մայր Աթոռից։ «Տիար Գեչիչյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել ի մոտո ծանոթանալու հայ ժողովրդին, նրա մշակույթին, կրոնին, պատմությանը և հոգևոր արժեքներին։ Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով ներկաներին, գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկների հարաբերությունները հատկանշված են սերտ բարեկամությամբ և Արգենտինան դժվարին իրավիճակներում մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտությամբ արձանագրեց, որ Հայոց Ցեղասպանությունից հետո Եղեռնից մազապուրծ հայեր հանգրվանելով Արգենտինայում՝ կարողացան վերակազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը, և իբրև արժանավայել քաղաքացիեր իրենց կարևոր ներդրումը բերեցին երկրի կյանքի առաջնթացին՝ վայելելով Արգենտինայի ժողովրդի ու իշխանությունների սերն ու հարգանքը։ Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում առակա իրավիճակին՝ արգենտինացիներին տեղեկություններ փոխանցելով ղարաբաղյան հակամարտության սկբնավորման, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների, Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումնաիտար ճգնաժամի, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային ու հոգևոր արժեքների ոչնչացման փաստերի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի կողմից ձեռնարկված քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ։
09:44 - 01 մայիսի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը

Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արգենտինայի հասարակական գործիչներից, լրագրողներից, իրավաբաններից և գործարարներից կազմված պատվիրակությանը՝ ուղեկցությամբ արգենտինահայ գործարար Խուան Պաբլո Գեչիչյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։   «Տիար Գեչիչյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել ի մոտո ծանոթանալու հայ ժողովրդին, նրա մշակույթին, կրոնին, պատմությանը և հոգևոր արժեքներին։ Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով ներկաներին, գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկների հարաբերությունները հատկանշված են սերտ բարեկամությամբ և Արգենտինան դժվարին իրավիճակներում մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին։   Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտությամբ արձանագրեց, որ Հայոց Ցեղասպանությունից հետո Եղեռնից մազապուրծ հայեր հանգրվանելով Արգենտինայում` կարողացան վերակազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը, և իբրև արժանավայել քաղաքացիեր իրենց կարևոր ներդրումը բերեցին երկրի կյանքի առաջնթացին՝ վայելելով Արգենտինայի ժողովրդի ու իշխանությունների սերն ու հարգանքը։   Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում առակա իրավիճակին՝ արգենտինացիներին տեղեկություններ փոխանցելով ղարաբաղյան հակամարտության սկբնավորման, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունների, Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումնաիտար ճգնաժամի, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային ու հոգևոր արժեքների ոչնչացման փաստերի վերաբերյալ։   Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի կողմից ձեռնարկված քայլերին», - ասված է հաղորդագրության մեջ։
20:31 - 30 ապրիլի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ պատվիրակաության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին լավագույն վկայությունն է հայ-ֆրանսիական բարեկամության։ Վեհափառ Հայրապետն իր երխատագիտությունը հայտնեց Ֆրանսիայի Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև Արցախի անկախության մասին բանաձևի ընդունման համար: Անդրադառնալով տարածաշրջանում առկա դժվարին իրավիճակին՝ Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձավ արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի  կողմից շարունակվող ոտնձգություններին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության հետևողական ջանքերի գործադրումն Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը կանխելու հարցում։  Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետպատերազմյա շրջանում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և զորակցության համար:  Իր հերթին Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ղեկավար Բրունո Ռետայոն ընդգծեց, որ ջանքեր կգործադրի միջազգային ատյաններում բարձրաձայնելու արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պահանջը: Այս առիթով պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց Հայոց Հայրապետին, որ Ֆրանսիայի Սենատում ստեղծվել է Արցախի հարցով հանձնախումբ, որի նպատակն է աջակցել ու զորակցել արցախահայությանը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև գերիների վերադարձման, Լաչինի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին:
15:29 - 25 ապրիլի, 2023
Ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր անվտանգ կյանքը. Վեհափառ Հայրապետը՝ արցախցիներին |armenpress.am|

Ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր անվտանգ կյանքը. Վեհափառ Հայրապետը՝ արցախցիներին |armenpress.am|

armenpress.am: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց շրջափակման մեջ գտնվող արցախցիներին՝ հորդորելով մնալ հավատքով զորեղ, ամուր ոգով և ամուր կամքով: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Ադրբեջանի հերթական սադրիչ քայլին՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն: «Երեկ մենք տեղեկացանք հանցավոր, դատապարտելի այդ գործողության, այն բռնարարքի մասին, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ: Նպատակը շատ հստակ է՝ հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին: Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է Արցախում ապրող մեր ժողովրդի զավակների նկատմամբ»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից իր խոսքն ուղղեց Արցախի հավատավոր զավակներին. «Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր ոգով և ձեր կամքի մեջ: Ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ պետք է կարող լինենք դիմագրավել և այս փորձությանը: Մենք հավատում ենք, որ ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը: Տերը օգնական և պահապան ձեզ: Մնացեք Տիրոջ սիրո և խաղաղության մեջ»,- եզրափակեց Վեհափառ Հայրապետը: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: 
12:36 - 24 ապրիլի, 2023