Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

Ամուլսար․ Հաղորդում առերևույթ հանցագործության մասին

Ամուլսար․ Հաղորդում առերևույթ հանցագործության մասին

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն և Քննչական կոմիտե։ Նշվում է, որ «Գեոթիմ» ՓԲ ընկերության (ներկայումս «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ․ հուլիսի 31-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ 65 դրական եզրակացության մեջ նշված են եղել փորձաքննական հինգ պահանջներ, որոնք ենթակա էին պարտադիր կատարման։ Դրանցից մեկն, ըստ էության, չի կատարվել, և այն շրջանցելու համար 2014 թվականին բնապահպանության նախարարությունը մշակել ու ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման մի նախագիծ, որի մշակման և ընդունման գործընթացները, ՀԲՃ-ի կարծիքով, պարունակում են առերևույթ կոռուպցիոն հանցագործության տարրեր։Ստորև ներկայացնում ենք Հայկական բնապահպանական ճակատի հիմնավորումները․ Վերոնշյալ դրական եզրակացության փորձաքննական պահանջը եղել է հետևյալը․«3․ Հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով»։ Պարզաբանում․ Ամուլսարի տարածքում 2012 թվականին հայտնաբերվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր բուսատեսակը։ Սակայն օրենսգրքի վերոնշյալ հոդվածով առաջնորդվելու փոխարեն ընկերությունը, ակնհայտորեն ՀՀ նախկին կառավարության հետ համագործակցությամբ, գտել է այն շրջանցելու ճանապարհ»։ Մեջբերվում է Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածն, ըստ որի՝ «Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`1) գերեզմաններ.2) բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ.3) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»: Հանցագործության մասին հաղորդման տեքստում ասվում է, որ Օրենսգրքի այս հստակ արգելքը «շրջանցելու» նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել և 2014թ հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստում հաստատման է ներկայացրել «Բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» 781-Ն որոշման նախագիծը (կետ 23): «Հատկանշանական է, որ այն ժամանակվա նախարար Արամայիս Գրիգորյանն այս նախագիծը ներկայացրել է առանց ամփոփաթերթի, որտեղ նշված պետք է լիներ, թե ինչ կարծիքներ են եղել այս որոշման հետ կապված այլ նախարարություններից, պետական և մասնագիտական կառույցներից։ Որոշումը, բնականաբար, ընդունվել է կառավարության կողմից՝ չնայած նրան, որ այն հակասում էր առաջին հերթին Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքին, ինչպես նաև այլ օրենքներին և միջազգային կոնվենցիաներին։ Այս կարգն ուժի մեջ է մտել 2014թ․ օգոստոսի 14-ին, որի բովանդակությանը ծանոթանալով՝ ակնհայտ է դառնում, որ հենց այս որոշումով է ՀՀ կառավարությունը հնարավորություն տվել «Գեոթիմ» ընկերությանը «կարգավորելու» իր խնդիրները՝ կապված Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված արգելքի հետ»,- նշված է ՀԲՃ հաղորդման մեջ։ Մեջբերվում է նաև այդ կարգի համապատասխան հատվածը, որն անմիջական առնչություն ունի նշած խնդրին․«4․ Հողերում Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում (այսուհետ՝ կարմիր գիրք) գրանցված տվյալ բուսական տեսակի նոր պոպուլյացիաների հայտնաբերման դեպքում դրանց պահպանության նպատակով սույն կարգի 3-րդ կետով նախատեսված միջոցառումների հետ միասին տնտեսական գործունեություն իրականացնողները՝1) առանձնացնում են օգտագործման նպատակով տրամադրված տարածքում պահպանվող գոտիներ, որոնք ունեն տեղական նշանակություն և անհրաժեշտ են կարմիր գրքում գրանցված բուսատեսակների` սույն կետում նշված նոր պոպուլյացիաների կենսունակության ապահովման նպատակով.2) ժամանակավորապես սահմանափակում են առանձնացված պահպանվող գոտիներում տնտեսական գործունեության որոշ տեսակներ, եթե դրանք կարող են բերել նշված բուսատեսակների աճելավայրերի վիճակի վատթարացմանն ու պոպուլյացիաների կենսունակության խաթարմանը. 3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված միջոցառումների իրականացման անհնարինության դեպքում կարմիր գրքում, որպես տվյալ բույսի աճելավայր չգրանցված տարածքներից, բույսերի բնական վերարտադրության նպատակով տեղափոխում են տնտեսական գործունեության արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող բույսերի առանձնյակները տվյալ տեսակի համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ ունեցող որևէ բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիների տարածք, կամ կարմիր գրքում որպես տվյալ բույսի աճելավայրեր գրանցված որևէ տարածք, իսկ բույսերի սերմերը տրամադրում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը՝ գենետիկական բանկում պահելու և հետագայում տեսակի վերարտադրությունը կազմակերպելու նպատակով»: Հենց այս 3-րդ ենթակետի միջոցով է հետագայում «շրջանցվել» Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված արգելքը։ Ներկայացվում է, թե ինչպես այս կարգի ընդունումից ընդամենը երկու ամիս անց՝ 2014թ․ հոկտեմբերի 17-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն ԲՓ 76 փորձաքննական դրական եզրակացությունն է տալիս «Գեոթիմ»-ի ներկայացրած՝ Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծին, որի փորձաքննական պահանջների 3-րդ կետում գրված է արդեն հետևյալը․«3․ ՀՀ կարմիր գրքում գրանցված ծիրանավոր մատնունի բուսատեսակի պահպանումն ու վերարտադրությունը իրականացնել համաձայն ՀՀ կառավարության 31 հուլիսի 2014թ․ 781-Ն որոշման, նախապես ստանալով ՀՀ բնապահպանության նախարարության համաձայնությունը»։ Իսկ վերջին՝ 2016թ ապրիլի 29-ին տրված, ԲՓ 35 փորձաքննական դրական եզրակացության պահանջների 2-րդ կետում գրված է․«2․ ՀՀ կարմիր գրքում գրանցված ծիրանավոր մատնունի բուսատեսակի պահպանումն ու վերարտադրությունը իրականացնել համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարության և Գեոթիմ ՓԲԸ-ի միջև 2015թ․ օգոստոսի 7-ին կնքված «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված բուսական տեսակի նոր պոպուլյացիաների առանձնյակների տեղափոխման մասին» պայմանագրի»։ Եզրակացություն․ Ստացվում է, որ ոչ միայն 2012 թվականին տրված փորձաքննական պարտադիր պահանջը չի կատարել «Գեոթիմ» ՓԲԸ-ն, այլև ՀՀ կառավարությունն առանց քննարկման և կարծիքներ լսելու ընդունել է այդ պահանջի «շրջանցումն» ապահովող հակօրինական որոշում, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունն էլ հետագա տարիներին տվել է նոր դրական եզրակացություններ այս ծրագրին՝ մշակելով և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելով վերոնշյալ կարգն ու աչք փակելով այն փաստի վրա, որ ընկերությունը չի իրականացրել 2012 թվականին առաջադրված փորձաքննական պահանջը։ ՀԲՃ-ն նշում է, որ իրենց կարծիքով վերոնշյալ փաստերը պարունակում են առերևույթ կոռուպցիոն հանցագործության տարրեր, ուստի խնդրում են իրականացնել բազմակողմանի և անաչառ քննություն դրանք բացահայտելու ուղղությամբ, մասնավորապես քննելով, թե ինչ պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներ են ունեցել իրավասու պետական պաշտոնյաները «Գեոթիմ» ՓԲԸ ներկայացուցիչների հետ խնդրո առարկայի շուրջ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել, խնդրո առարկայի վերաբերյալ, ինչ շփումներ են եղել արտերկրյա շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ ԱՄՆ և ՄԹ դեսպանների հետ։ Ովքե՞ր են եղել ՀՀ կառավարության վերը նշված որոշման հեղինակները, ի՞նչ շահագրգռություն են ունեցել այդ որոշումը նախագծելու և անցկացնելու համար, ինչո՞ւ կառավարության սույն կարևոր որոշումը նախագծի տեսքով չի շրջանառվել պետական գերատեսչություններով և չեն ստացվել դրա վերաբերյալ կարծիքներ»։ Հետգրության մեջ ասվում է, որ դեռ 2014 թվականի ապրիլին Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ և բնապահպանական քաղաքացիական խմբեր բողոք էին հղել Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականին (օմբուսդմեն)՝ «Գեոթիմ» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման մտադրության վերաբերյալ։ Քննելով այդ բողոքները, օմբուսդմենն իր 2015 թվականի ապրիլի 27-ի զեկույցում մասնավորապես նշել է նաև հետևյալը․ «2007 թ. մայիսին հրապարակված Բնապահպանական և սոցիալական դիտարկման ամփոփագրում ՄՖԿ-ն գրել էր, որ «տեղանք կատարված այցերը և ծրագրային տեղեկատվության դիտարկումը ենթադրում են, որ կենսաբազմազանությունն ու բնական ռեսուրսները չեն ենթարկվի որևէ հետևանքների»: Սակայն 2014թ. իրագործելիության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «Ամուլսարում իրականացվող գործողություններն արդեն իրենց անդառնալի հետևանքն են թողել Կարմիր գրքում ներառված Potentilla porphyrantha (Մատնունի ծիրանավոր) տեսակի որոշ քանակության վրա: Բացի այդ համաձայն իրագործելիության ուսումնասիրության՝ ակնկալվում է, որ ծրագիրն բացասական հետևանքներ կունենա որոշ կարևոր բնակավայրերի և տեսակների վրա, ինչպես նաև երկարաժամկետ ազդեցություն կթողնի տեղական և բնական բուսականության վրա»»:  
07:23 - 29 մայիսի, 2019
«Ամուլսարի շահագործումը Ջերմուկին կզրկի ներդրումներից». Ջերմուկցիների նամակը՝ վարչապետին |news.am|

«Ամուլսարի շահագործումը Ջերմուկին կզրկի ներդրումներից». Ջերմուկցիների նամակը՝ վարչապետին |news.am|

news.am: Ջերմուկ համայնքի բնակիչները, շուրջ 3000 ստորագրությամբ, նամակ են պատրաստել Կառավարության եւ Ազգային ժողովի համար, որտեղ նշում են Ամուլսարի հանքի շահագործման շուրջ իրենց դժգոհությունները։ Այսօր Ջերմուկում բողոքի ակցիայի ժամանակ նամակը ներկայացրեց «Ջերմուկ զարգացման կենտրոն» ՀԿ–ի նախագահ Վազգեն Գալստյանը։ Նա նշեց, Ջերմուկը որպես հանքաջրաբուժական առողջարան ունի համաշխարհայն ճանաչում եւ արդեն, առանց հանքի, քաղաքն ունի հաջողակ տնտեսական համակարգ. Իրենք չեն պայքարում բարձր աշխատավարձերի համար, բնակիչներին պետք չէ հանքարդյուանբերությունը, որը փոխում է նրանց կենսակերպը։ Վազգեն Գալստյանը նշեց, որ մինչեւ 2016թ–ին Ջերմուկը չէր ճանաչվում ազդակիր համայնք, իսկ մինչ այդ հանրային քննարկումներ են ունեցել ջերմուկցիները, կազմակերպել են բողոքի ակցիաներ եւ անգամ ազդակիր համայնք ճանաչվելուց հետո հանրային լսումներ տեղի չեն ունեցել. հանրության ձայնը լսելի չի եղել։ Ըստ նրա, Ամուլսարի շահագործումը Ջերմուկին կզրկի ներդրումներից եւ զարգանալու հնարավորությունից։ Նա դիմեց վարչապետին՝ շեշտելով, որ խախտվում են ջերմուկցիների իրավունքները եւ զրկում Ջերմուկը որպես էկոտնտեսական տարածք զարգացնելու հնարավորությունից։ «Մենք հայտնվել ենք այս իրավիճակում համայնքի ձայնն արհամարհելու եւ համայնքի ձայնը հաշվի չառնելու արդյունքում։ Մենք ցանկանում ենք Ջերմուկը հանքարդյունաբերությունից զերծ տարածք տեսնել»,– ասաց Վազգեն Գալստյանը։ Ջերմուկի նախկին քաղաքապետ Ռուբիկ Մարկոսյանը իր ելույթում շեշտեց, որ ջերմուկցիները ոտքի են ելել եւ դեմ են Ամուլսարում մետաղական հանքարդյունաբերությանը։ «Հանրահավաքը բոլոր նրանց դեմ է, որոնք կփորձեն Ամուլսարը հանք դարձնել՝ սեւ սար ու սեւ հանք բերել գլխներիս։ Դեմ ենք Ամուլսարին մետաղական հանքարդյունաբերությունը»,– ասաց նա։  
14:05 - 11 մայիսի, 2019
Տարբեր համայնքներից 250-ից ավել ավտոմեքենա է միացել Ամուլսարի շահագործման դեմ մեկնարկած ավտոերթին

Տարբեր համայնքներից 250-ից ավել ավտոմեքենա է միացել Ամուլսարի շահագործման դեմ մեկնարկած ավտոերթին

Րոպեներ անց կմեկնարկի Ջերմուկ համայնքի բնակիչների կազմակերպած Մեծ հանրահավաքը՝ հանուն Ամուլսարի փրկության։Նախքան հանրահավաքի սկսվելը Ջերմուկից խորհրդանշական ավտոերթ է մեկնարկել Արփայի կիրճի բնակավայրերով մինչև Արենի։ Այստեղ նրանց են միացել Երևանից և այլ բնակավայրերից եկած ավտոերթի մասնակիցներ, և միասնական շարժվել են դեպի Ամուլսար։Jermuk news-ի փոխանցմամբ՝ տարբեր համայնքներից 250-ից ավել ավտոմեքենա է միացել Ամուլսարի շահագործման դեմ մեկնարկած ավտոերթին։ «Մեծ հանրահավաք և ավտոերթ հանուն Ամուլսարի» ֆեյբուքյան միջոցառման մեջ նշվում է, որ Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից շուրջ 11 ամիս դադարեցրել են Ամուլսարում իրականացվող հանքահենական ծրագիրը: «Մեր համայնքը վերահաս վտանգներից ու ռիսկերից պաշտպանելու համար 11 ամիս օր ու գիշեր կանգնած ենք եղել դեպի Ամուլսար տանող դաշտամիջյան ճանապարհներին: Գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ են Ամուլսարում մետաղական հանքի շահագործմանը, դուրս են գալիս փողոց՝ վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը ։Մեր Սահմանադրական իրավունքն իրացնելիս, ի լրումն Ջերմուկ համայնքի շուրջ 3000 ստորագրությունների, կարիք ենք զգում ևս մեկ անգամ Կառավարությանն ուղերձ հղել, որ Ջերմուկ համայնքի ձայնն ու բնակիչների իրավունքները լսելի պետք է լինեն և հաշվի առնվեն որոշումների կայացման ժամանակ»,- նշված է հայտարարության մեջ:
12:00 - 11 մայիսի, 2019
Ամուլսարի խնդիրը միայն բնապահպանական չէ` այստեղ կա իրավունքի խնդիր․ Միքայել Նահապետյան

Ամուլսարի խնդիրը միայն բնապահպանական չէ` այստեղ կա իրավունքի խնդիր․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանն, անդրադառնալով Ամուլսարի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը , ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարչապետը երեկ Civilnet-ին տված հարցազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ Ամուլսարի հարցում առաջնորդվելու են բնապահպանական համալիր փորձաքննության արդյունքներով և, եթե պարզվի, որ ռիսկերը կառավարելի են` հանքավայրը կշահագործվի։ Ես ուզում եմ ասել, որ այստեղ խնդիրը բնապահպանական, կամ, ավելի ճիշտ, միայն բնապահպանական չէ` այստեղ կա իրավունքի խնդիր և հարցը հանգում է հետևյալին. արդյո՞ք մարդը իր կենսամիջավայրի և ապագայի մոդելի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունի, թե՞ ոչ։ Եվ ես ասում եմ, որ համայնքը պատրաստ չէ հրաժարվել այդ իրավունքից։ Որքան էլ հզոր լինեն հանքարդյունաբերության լոբբիստները` այս հարցը հեշտ կուլ չի գնալու։ Եւ ես իմ ընկերներին` նրանց, որոնք կառավարությունում են, կամ պետական կյանքի այլ ոլորտներում, հստակ ասում եմ, որ սա քաղաքական ճամփաբաժան է։ Պետք չի մեզ պատերազմ հայտարարել»։    
07:46 - 24 ապրիլի, 2019
«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խումբն այցելել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանք

«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խումբն այցելել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանք

«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խումբը մարտի 29-ին, ՀՀ ՔԿ դեպարտամենտի պետ Արամ Նիկոյանի և ՀԿԳ Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի գլխավորությամբ, այցելել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանք: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն։ Փորձագիտական խումբը ծանոթացել է հանքավայրի հանքաքարի կույտային տարրալվացման և ոսկու կորզման գործընթացներին, վերամշակման միջանկյալ օղակներին: Խմբի անդամները ծանոթացել են նաև հանքավայրի տեղադրման պարամետրերին, ապարների ֆիզիկամեխանիկական հատկանիշներին, ինչպես նաև՝ հանքավայրի հիդրոերկրաբանական պայմաններին: «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խումբն այցելել է նաև հանքի ապարների ստուգման, երկրաբանական փորձանմուշների նախապատրաստման և մշակման լաբորատորիա, որտեղ ստուգվում է ապարների թթվագոյացման աստիճանըˋ կանխելու բարձր թթվայնություն ունեցող ապարների ու անձրևաջրերի փոխազդեցությամբ բնական միջավայրին հասցվելիք հնարավոր վնասը: Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով հայտարարվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի մասին: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել միջազգային մասնագիտական ընկերություններ: Արդյունքում՝ հաղթող էր ճանաչվել «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությունը, որը ՀՀ ՔԿ-ի հետ ստորագրել է պայմանագիր՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու, ինչպես նաև՝ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննության համար: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացուց հաղորդում էր ստացվել՝ «Լիդիան Արմենիա» Փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ: Պարզվել է, որ «Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է ներկայացրել ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական սահմաններում գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, որի հիման վրա՝ 2016թ. ապրիլի 29-ին նշված ՊՈԱԿ-ի կողմից տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն: Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
09:19 - 30 մարտի, 2019
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Ամուլսարի ծրագրով փորձաքննություններ իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրենին

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Ամուլսարի ծրագրով փորձաքննություններ իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրենին

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալին և փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրիին: ՔԿ լրատվության բաժինը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում կետ առ կետ քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունների ժամկետները և գործողությունների հաջորդականությունը: ՔԿ նախագահը հատուկ շեշտել է, որ փորձաքննությունը պետք է լինի անաչառ. «Ակնկալում ենք անաչառ, անթերի, բարձր մասնագիտական փորձաքննություն, որը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները և որևէ մեկի մոտ հարցեր չառաջացնի»,- ասել է Հայկ Գրիգորյանը: ՔԿ նախագահը «ԷԼԱՐԴ» ընկերության ներկայացուցիչներին բացատրել է փորձաքննության արդյունքների կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար և շեշտել, որ ողջ գործընթացը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում: Հայկ Գրիգորյանը շեշտել է, որ ամենօրյա կապ է պահելու փորձագիտական խմբի հետ՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:«ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալը վստահեցրել է, որ ապահովելու են գերազանց ծառայություն. «Մենք գիտակցում ենք այս փորձաքննության կարևորության աստիճանը: Վստահեցնում եմ, որ մեր եզրակացությունը լինելու է օբյեկտիվ: Եվ հատուկ ուզում եմ նշել, որ մենք փորձաքննության համար հայտարարված մրցույթին մասնակցել ենք՝ վստահ լինելով, որ աշխատելու ենք առանց որևէ մեկի միջամտության»,- ընդգծել է Ռամեզ Կայալը: ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ «ԷԼԱՐԴ» ընկերության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումը շարունակվել է ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի, ՔԿ դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանի գլխավորությամբ, որտեղ ևս քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր: Կոմիտեն հիշեցնում է, որ 2018 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով հայտարարվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի մասին:Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել միջազգային մասնագիտական ընկերություններ: Արդյունքում հաղթող էր ճանաչվել «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությունը, որը ՔԿ-ի հետ ստորագրել է պայմանագիր՝ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու, ինչպես նաև՝ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննության համար: Պարզվել է, որ «Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է ներկայացրել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական սահմաններում գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, որի հիման վրա՝ 2016թ. ապրիլի 29-ին նշված ՊՈԱԿ-ի կողմից տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն: Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
09:38 - 28 մարտի, 2019
Ինչո՞ւ են Լիդիանի աշխատողները թաքնվում ֆեյսբուքյան կեղծ էջերի հետևում․ Թեհմինե Ենոքյան

Ինչո՞ւ են Լիդիանի աշխատողները թաքնվում ֆեյսբուքյան կեղծ էջերի հետևում․ Թեհմինե Ենոքյան

Ես Թեհմինե Ենոքյանս, լինելով Գնդեվազ գյուղի բնակիչ, արդեն շուրջ 8 տարի է` զբաղվում եմ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի խնդիրների բարձրաձայնմամբ և իմ, ինչպես նաև տեղացիների իրավունքների պաշտպանության հարցերով։ Որևէ գաղտնիք չկա, թե որքան մասնագիտական և քաղաքացիական ջանք եմ ներդրել ես և բազմաթիվ սրտացավ մարդիկ հանրայնացնելու հանքերի ստեղծած բացասական ազդեցության մասին տվյալները, իրազեկելու մարդկանց, որպեսզի պայքարեն հանուն իրենց իրավունքների պաշտպանության, և այդ ամենն արել եմ հրապարակայնորեն։ 2018 թ․ հունիսի 22-ից Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչները փակել են Ամուլսար տանող ճանապարհները՝ այդպիսով դադարեցնելով Ամուլսարի ոսկու արդյունահանման աղետաբեր ծրագրի շինարարությունը որպես իրենց իրավունքները պաշտպանելու ուղղակի գործողություն։ Հուլիս-օգոստոս ամիսներին գտնվել եմ Գնդեվազ գյուղում՝ մեր տանը, ակտիվորեն մասնակցել Ամուլսարի հետ կապված համայնքային գործունեությանը։ Այդ ընթացքում, ինչպես և դրանից առաջ ու հետո, Ամուլսարի պահապաններին և Ջերմուկ համայնքին սատարելու նպատակով Ջերմուկ են ժամանել տարբեր քաղաքացիական, քաղաքական, մշակութային խմբեր ու անհատներ, որոնցից շատերը ինձ հետ են կապ հաստատել, որպեսզի օգնեմ հյուրընկալման և այլ հարցերում։ Եղել եմ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամ, որն ուսումնասիրում էր հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները և որի ուսումնասիրության առաջին ծրագիրը Ամուլսարի ոսկու ծրագիրն էր։ Աշխատանքային խմբում ներգրավվելով ես ապահովել եմ համայնքի դիրքորոշումն այս հարցում, նկարահանել ու հանրայնացրել եմ հանդիպումները։ Աշխատանքային խումբն ամբողջությամբ, ինչպես նաև առանձին անդամներով հանդիպումներ է ունեցել հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, և մինչև Երևանում աշխատանքային խմբի հանդիպումները օգնել եմ, որպեսզի Ջերմուկից ու Գնդեվազից այդ խմբի անդամները իրազեկվեն ու մասնակցեն դրա աշխատանքներին։ Հասարակական այս գործունեության համար բաց եմ արել Գնդեվազի իմ տան դռները, որպեսզի որոշ քննարկումներ տեղի ունենան իմ տանը, քանի որ Գնդեվազի համայնքային շենքում՝ գյուղապետարանում նման քննարկումներ անցկացնելու հնարավորություն այդ պահին չկար՝ գյուղապետի նկատմամբ անվստահության պատճառով։ Անձնական հետապնդում և ապօրինաբար անձնական տվյալների հրապարակում 2018 թ․ օգոստոսին ֆեյսբուք սոցիալական ցանցում Ամուլսարի շահագործման ջատագովությամբ զբաղվող մի օգտատեր՝ «Vahagn Hovhannisyan» անունով (այժմ արդեն ջնջված), սկսեց տարածել իմ տունը, ինձ ու իմ տուն մտած անձանց պատկերող գաղտնիաբար արված լուսանկարներ այնպիսի մեկնաբանություններով, որոնք փաստացի ոչ միայն վարկաբեկիչ էին, այլ ներխուժում էին իմ անձնական կյանք ու տարածք (թե այլ անձանց մասին այս օգտատերը ինչ զրպարտություններ էր տարածում, այլ քննարկման հարց է)։ Լուսանկարներից մեկը պատկերում էր Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանի պետհամարանիշներով մեքենան իմ տան դիմաց, իսկ նա Ջերմուկ համայնքի հետ աշխատանքային խմբում նրանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով հուլիսի 17-ին եկել էր Գնդեվազ գյուղ, հետո՝ Ջերմուկ քաղաք, և համայնքի անդամների հետ հանդիպումներից մեկի համար ես տրամադրել էի իմ տան տարածքը։ Գաղտնի արված լուսանկարի մեկնաբանությունները բոլորովին խեղաթյուրում էին իրականությունն ու վարկաբեկում ինձ։ Պարզվեց, որ իմ տունը մշտապես եղել է գաղտնի լուսանկարող ինչ-որ սարքի կիզակետում, որովհետև սա իմ և իմ տան գաղտնի լուսանկարներից միակը չէր, որը դարձել էր սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվող թեմա։ Սեպտեմբեր ամսին ես հաղորդում ներկայացրեցի հանցագործության մասին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Նախապատրաստվեցին նյութեր և հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ աձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: Հոդվածի կանխադրույթն է, որ հանցագործություն է համարվում մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով: Իմ պահանջն էր բացահայտել իմ նկատմամբ նման արարքներ կատարած անձանց և օրենքին համապատասխան պատասխանատվության ենթարկել։ Քրեական գործ և ֆեյքերի սխեմայի բացահայտում 2018 թ․ սեպտեմբերից մինչև 2019 թ․ մարտ ամիս ընթացավ քննություն, Եղեգնաձորի քննչական կոմիտեն և Ջերմուկի ոստիկանության բաժինը հարցաքննեցին տանս դիմացի հարևաններին և ստացան ինքնախոստովանական ցուցմունք առ այն, որ Աննա Ներսիսյանը (դիմացի տան բնակիչ, «Լիդիան Արմենիա»-ի) լուսանկարել է իմ տունը և ապօրինաբար հավաքագրել իմ կյանքին վերաբերող անձնական տվյալներ։ Լուսանկարները իր համագյուղացի Հռիփսիմե Խաչատրյանի («Լիդիան Արմենիա»-ի աշխատակից) միջոցով փոխանցվել են Հովսեփ Ասոյանին, ով Ամուլսարի հանքի շահագործման թույլտվություններ ստացած «Լիդիան Արմենիա»-ի աշխատակից է։ Գործի քննությունից ինձ հայտնի է դարձել, որ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կազմակերպված հետապնդում են իրականացրել իմ նկատմամբ և ապօրինաբար հավաքագրել տեղեկատվություն իմ մասին։ Ինքնախոստովանական ցուցմունքների համաձայն՝ Աննա Ներսիսյանը, ով ցուցմունք է տվել, թե իբր նպատակ է ունեցել ցույց տալ իմ ու Արթուր Գրիգորյանի միջև կապ, որը կարող էր մատնանշել Արթուր Գրիգորյանի ոչ օբյեկտիվ լինելը Ամուլսարի հարցում, Viber հավելվածի միջոցով իմ ու իմ տան լուսանկարները Հռիփսիմե Խաչատրյանի «Viber»-ի հավելվածով ուղարկել է Հովսեփ Ասոյանին։ Վերջինս հայտնել է, թե ինքն է վարել «Vahagn Hovhannisyan» կեղծ անունով էջը, որտեղ էլ զետեղել է լուսանկարները ու մեկնաբանությունները։ Նշեմ, որ սեպտեմբեր ամսից, երբ սկսվեց գործի քննությունը, այս օգտատերը ջնջվեց ֆեյսբուքից։ Ինձ կասկածելի է՝ արդյո՞ք Աննա Ներսիսյանի անձնական շահագրգռվածությունն էր «ցույց տալ իմ ու Արթուր Գրիգորյանի միջև կապն ու նրա ոչ օբյեկտվությունը», թե՞ նա պարզապես գործիք է դարձել «Լիդիան Արմենիա»-ի ձեռքում, սակայն կարևոր եմ համարում շեշտել, որ Արթուր Գրիգորյանը՝ ինչպես պաշտոնյա, այնպես էլ՝ իր նախկին գործունեության բերումով՝ «Էկոիրավունք» հկ-ի ղեկավար, որը դատական կարգով վիճարկում էր Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրին տրված պետական թույլտվությունները, ուներ բացառապես հանրային շահագրգռվածություն և պաշտոնական լիազորություն՝ ստուգելու Ամուլսարի ծրագրի օրինականության հարցը։ Լուսանկարներին վերաբերող ժամանակահատվածում նա ապահովում էր համայնքի մասնակցությունն ու համակարգում հենց այդ աշխատանքները։ Իմ բողոքի քննությունը բացահայտեց, որ Ամուլսարի ոսկու ծրագրի հարցում սոցիալական ցանցերում ակնհայտորեն «Լիդիան Արմենիա»-ին սպասարկող օգտատերերի, իսկ փաստացի՝ կեղծ օգտատերերի (ֆեյքերի) միջոցով հանրային կեղծ կարծիք ստեղծելու ՓԻԱՌ գործողությունների հետևում կանգնած են «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները և ամենայն հավանականությամբ՝ հենց ինքը՝ ընկերությունը։ Ամիսներ շարունակ «Vahagn Hovhannisyan»-ի էջից անձանց արժանապատվությունը վիրավորող վարկաբեկիչ հրապարակումներ են արվել ջերմուկցիների, բնապահպանների և սրտացավ քաղաքացիների նկատմամբ։ Այդպիսի բազմաթիվ այլ էջեր ու օգտատերեր շարունակում են զրպարտություններ տարածել մինչ օրս, իսկ «Լիդիան Արմենիա»-ի պաշտոնական կայքը, ֆեյսբուքյան էջերը և յութուբյան ալիքները այլ որակի նյութեր են տարածում։ ՀՀ քննչական կոմիտեն, այդուհանդերձ, կարճել է գործը այն հիմքով, թե ես հասարակական գործունեություն եմ ծավալել, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքի դրույթներ են կիրառելի այդ լուսանկարների հրապարակման առնչությամբ, և գործը ենթակա է կարճման հանցակազմի բացակայության պատճառով։ Ես պնդում եմ հակառակը և բողոքարկել եմ կարճման մասին որոշումը ՀՀ գլխավոր դատախազություն։ Հետևություններ «Լիդիան Արմենիա»-ին սպասարկող նմանօրինակ հետապնդումներ բացի ինձնից իրականացվել են մի շարք այլ քաղաքացիների նկատմամբ, իսկ ընկերության աշխատակիցները հաճախ սադրանքներ են կիրառել տեղացիների նկատմամբ, սերմանել են թշնամանք Ամուլսարի պահապանների ու բնապահպանների նկատմամբ, հրահրել են միջհամայնքային վեճեր, ահաբեկել են, Ջերմուկում և Գնդեվազում փորձել են ստեղծել վախի մթնոլորտ։ Այս ամիսների ընթացքում տեղացիները և բնապահպանները իրենց ուսերին են վերցրել պետության կարգավորիչ ֆունկցիան՝ պաշտպանելու բնությունը և իրենց հիմնարար իրավունքները, որի համար բազմիցս թիրախավորվել են։ «Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել բնապահպան, աշխարհագրագետ Լևոն Գալստյանին, փաստաբան Նազելի Վարդանյանին, բնապահպան Անի Խաչատրյանին, Հայկ Գրիգորյանին և ինձ՝ պահանջելով 1-ական մլն դրամի փոխահատուցում՝ իբրև թե «գործարար համբավին վնաս հասցնող արտահայտությունների» համար։ Ընկերությունը հայցեր է ներկայացրել նաև Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների դեմ։ Իմ անձնական տվյալների ապօրինի հավաքագրման ու տարածման դեպքը ցույց տվեց, որ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներն իրենք են վարում կեղծ ֆեյսբուքյան էջեր, և արժանի քննություն պետք է վարվի ինչպես իմ գործի, այնպես էլ ընկերության օգտին սոցիալական ցանցերում զրպարտիչ նյութեր ու ստեր տարածող այլ էջերի ու վիդեո ալիքների նկատմամբ։ Սա ոչ միայն զուտ ընկերությանը պատասխանատվության կանչելու հարց է, այլև հանրությանը մասնավոր ընկերությունների զրպարտիչ գործողություններից պաշտպանելու ավելի գլոբալ խնդիր։ Հավելյալ ճշգրտում Հայտարարությունում նշված Աննա Ներսիսյանը «Լիդիան Արմենիա»-ի կապալառու «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ աշխատակից է, ով աշխատել է Ամուլսարի հանքում և ըստ գործի նյութերում առկա ցուցմունքների, նպատակ է ունեցել աշխատանքի անցնել «Լիդիան Արմենիա»-ում։Հայտարարությունում նշված Հռիփսիմե Խաչատրյանը, ինչպես նաև նրա մայրը, նույնպես աշխատել են Ամուլսարի հանքում՝ «Լիդիան Արմենիա»-ի կապառալու ընկերություններից մեկում։ Հայտարարությունում նշված Հովսեփ Ասոյանն այդ ժամանակ եղել է «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է հետևյալը․ «Աննա Ներսիսյանն առանց Թեհմինե Ենոքյանի համաձայնության ապօրինի հավաքել է նրա անձնական կյանքին, անձնական շփումներին վերաբերվող և իրենցից անձնական կյանքի գաղտնիք համարվող լուսանկարներ և տարածել դրանք առանց վերջինիս համաձայության՝ Viber հավելվածի միջոցով փոխանցելով «Լիդիան Արմենիա» ընկերության նույն ժամանակվա աշխատակից Հովսեփ Ասոյիանին, ով էլ իր հերթին նշված լուսանկարները հրապարակել է Facebook սոցիալական ցանցի «Vahagn Hovhannisyan» անձնական էջի միջոցով։ 2018թ․ նոյեմբերի 30-ին մեղադրանք է առաջադրվել նաև Հովսեփ Ասոյանին, վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը ստացել է լուսանկարները, սակայն դրանք իրեն չեն հետաքրքրել, ուստի դրանք ջնջել է իր հեռախոսից»։ Նախաքննությունը, սակայն, ապացուցված է համարել Աննա Ներսիսյանի արարքը որպես տեղեկությունների ապօրինի հավաքագրում և Հովսեփ Ասոյանի արարքը որպես տեղեկությունների հրապարակում։ Հարուցված քրեական գործը մեղադրյալ Աննա Ներսիսյանի նկատմամբ որպես տեղեկություններ հավաքագրողի և մեղադրյալ Հովսեփ Ասոյանի նկատմամբ որպես դրանք հրապարակողի կարճվել է այն հիմքով, որ հավաքագրված և հրապարակված տեղեկություններն առնչվել են իմ՝ Թեհմինե Ենոքյանիս հասարակական գործունեության հետ և անձնական բնույթի չեն։ Ես այս որոշումը համապատասխան կարգով բողոքարկել եմ, և բողոքն ընդունվել է վարույթ։   Թեհմինե Ենոքյան
06:27 - 23 մարտի, 2019
ՀՀ-ն սկսել է Ամուլսարի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության անկախ գնահատումը

ՀՀ-ն սկսել է Ամուլսարի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության անկախ գնահատումը

ՀՀ կառավարությունը սկսել է «Ամուլսար Գոլդ» նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության անկախ գնահատումը («երրորդ աուդիտ»): Այդ մասին հայտնել է Lydian International Limited ընկերությունը: 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հանձնարարել էր գնահատել «Ամուլսար Գոլդ» նախագծի հնարավոր հետևանքները ջրային ռեսուրսների վրա: Այժմ այդ աշխատանքներին կավելանան նաև «Շրջակա միջավայրի և սոցիալական ոլորտի վրա ընկերության ազդեցության գնահատումը» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» («ՇՄԱԳ») վերլուծությունները: Գնահատումը կանցկացնի Earth Link Advanced Resources Development ընկերությունը: Ակնկալվում է, որ այն կտևի 12-16 շաբաթ: «Մենք գործակցել են պետական աուդիտի երկու նախկին ներկայացուցիչների հետ և կգործակցենք նաև ELARD –ի հետ: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք գործակցությունը Հայաստանի կառավարության հետ օրենքի գերակայության ապահովման համար, որպեսզի «Լիդիանին» թույլատրվի շարունակել Ամուլսարում շինարարությունը և բնապահպանական միջոցառումները «երրորդ աուդիտի» հետ միաժամանակ: Չնայած մեր բոլոր ջանքերին՝ «Լիդիանին» թույլ չեն տալիս վերականգնել շինարարական աշխատանքները»,- հայտարարել է ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Քարելոն: panarmenian.net
07:26 - 20 մարտի, 2019
Միջազգային ֆինանսական կորպորացիայի օմբուսդմենի գրասենյակն Ամուլսարի ծրագրի մասին․ ՀԲՃ

Միջազգային ֆինանսական կորպորացիայի օմբուսդմենի գրասենյակն Ամուլսարի ծրագրի մասին․ ՀԲՃ

Դեռ 2014 թվականի ապրիլին Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ և բնապահպանական քաղաքացիական խմբեր բողոք էին հղել Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (հետագայում ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականին (հետագայում օմբուսդմեն) «Lydian International» ընկերության (հետագայում Լիդիան) կողմից իրականացվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման մտադրության վերաբերյալ։ Նույն տարվա հուլիսին առանձին բողոք էին հղել նաև Գնդեվազ գյուղի 148 բնակիչներ: Այս բողոքներն ընդունվել էին օմբուսդմենի գրասենյակի կողմից և հետագայում միացվել էին իրար ու դիտարկվել որպես մեկ բողոք։ Տեղեկացնենք, որ այս գրասենյակն անկախ մարմին է, որն ուղղակիորեն հաշվետու է Համաշխարհային բանկի խմբի նախագահին և դիտարկում է բողոքներ՝ ստացված այն համայնքներից, որոնք տուժել են ՄՖԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի արդյունքում: Խնդիրն այն է, որ ՄՖԿ-ն մասնակցել է Ամուլսարի ոսկու ծրագրի (հետագայում ծրագիր) առաջխաղացմանը և առաջին անգամ ընկերությունում ներդրում է կատարել 2007 թ-ին՝ ֆինանսավորելու համար Կոսովոյում, Հայաստանում և Թուրքիայում Լիդիանին պատկանող հանքային ռեսուրսներին առնչվող հետազոտման աշխատանքներն ու իրագործելիության ուսումնասիրությունները: 2007-ից ի վեր նրանք այս ծրագրի մեջ ներդրել են ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլար: Այսինքն ՄՖԿ-ն շատ լուրջ դերակատարում է ունեցել Լիդիանի գործունեության և առաջխաղացման նախնական և հետագա փուլերում։ Վերոնշյալ բողոքների ուսումնասիրման արդյունքում ՄՖԿ-ի օմբուսդմենի գրասենյակը հրապարակել է մի շարք զեկույցներ, որոնց մեջ կան ուշագրավ բացահայտումներ։ Քանզի Հայաստանի լայն հանրությունն ու կառավարական մարմինները բավարար տեղեկացված չեն այդ զեկույցներից, ցանկանում ենք հերթականությամբ հակիրճ ներկայացնել դրանց կարևոր հատվածները՝ առանց մեր մեկնաբանությունների։ Սկսենք 2015 թվականի ապրիլի 27-ի զեկույցից 1. Այս զեկույցում նշված է. «2007 թ. մայիսին Կոսովոյում և Հայաստանում իրականացվել է ընկերության ծրագրային տեղանքների բնապահպանական և սոցիալական գնահատում: Կոսովոյի տեղանքներ այցելել են ՄՖԿ-ի բնապահպանական և սոցիալական ոլորտի մասնագետներ, այնինչ Ամուլսարի հանքավայրի ծրագրի տեղանքի գնահատումն իրականացվել է միայն Հայաստանում ՄՖԿ-ի տեղական ներկայացուցչի կողմից: Համաձայն ՄՖԿ-ի կողմից Ամուլսարի ոսկու հանքի ծրագրային գնահատման՝ ծրագիրը վայելում է լայն հանրային աջակցություն և չի հանգեցնի որևէ բացասական բնապահպանական հետևանքի: Միևնույն ժամանակ ՄՖԿ-ն նշել է, որ ընկերությունն ունի բնապահպանական և սոցիալական ոլորտի կառավարման սահմանափակ կարողություն և գործում է այն երկրներում, որտեղ բնապահպանական և սոցիալական ոլորտի կարգավորման շրջանակը թույլ է»: Այս խնդրի հետ կապված օմբուսդմենը եզրակացրել է. «Սույն փորձաքննության ընթացքում դիտարկված նյութերի հիման վրա չի կարող որոշակի եզրակացություն տալ առ այն, թե արդյոք ՄՖԿ-ի կողմից նախքան ներդրումը կատարված բնապահպանական և սոցիալական դիտարկումը համապատասխանում էր ռիսկին և ուստի արդյոք ՄՖԿ-ն ունի ողջամիտ ակնալիքներ առ այն, որ ծրագիրը կհամապատասխանի գործունեության չափանիշներին: Մասնավորապես, հարցեր կան ՄՖԿ-ի կողմից իրականացված բնապահպանական և սոցիալական դիտարկման այն եզրակացությունների վերաբերյալ, որոնք առնչվում են ծրագրի հետևանքներին և ծրագրի հանդեպ հանրային աջակցության աստիճանին՝ հաշվի առնելով, որ ՄՖԿ էկոլոգիական և սոցիալական ոլորտի անձնակազմը չի այցելել ծրագրային տեղանքը»: 2. Զեկույցում նաև գրված է, որ ՄՖԿ-ի կողմից 2007 թ. հունիսին ավարտուն տեսքի բերած նախնական ներդրմանն առնչվող փաստաթղթերում գրված է, որ խոշոր միջազգային հանքարդյունաբերական ընկերության («Նյումոնթ») ներգրավվածությունը, որպես ծրագրի խոշորագույն ներդրող, պետք է վստահություն ներշնչի Լիդիանի ղեկավարման թիմի որակի և ընկերության ակտիվների հանդեպ, ինչպես նաև հավաստիացնի, որ Լիդիանի ակտիվները կբաշխվեն համաձայն արդյունաբերության ոլորտի լավագույն փորձի: Նաև նշված է հետևյալը. «2009 թ. ՄՖԿ-ն կատարեց հաջորդ ներդրումն ընկերությունում՝ կենտրոնանալով Ամուլսարի ծրագրի վրա: Սակայն տեղանքի որևէ որոշակի պատշաճ ջանադրություն չիրականացվեց, քանի որ այդ առումով ՄՖԿ-ն վստահում էր ընկերության՝ իր կողմից իրականացվող վերահսկողությանը: Համաձայն նշված ներդրմանն առնչվող ՄՖԿ փաստաթղթերի՝ ակնկալվում էր, որ 2009 թ. վերջին Նյումոնթը կավելացներ համատեղ ձեռնարկության իր մասնաբաժինը՝ հասցնելով այն 80 տոկոսի, և ծրագիրը կանցներ արտադրության փուլին 2011 թ-ին»: Որպես եզրակացություն՝ օմբուսդմենը հարցեր ունի ՄՖԿ-ին նաև այս փաստի վերաբերյալ, քանի որ «ՄՖԿ-ն վստահել էր Նյումոնթի ներգրավմանը և երաշխավորել, որ Լիդիանի ակտիվները կզարգանան արդյունավետության ոլորտի լավագույն փորձի համաձայն, այնինչ Նյումոնթն այնուհետև դուրս եկավ ներդրումային ծրագրից»: 3. Օմբուսդմենի զեկույցից նաև պարզ է դառնում, որ ծրագրի նախնական փուլերում ՄՖԿ-ն արտահայտել է մտահոգություններ Ամուլսարի շուրջ գտնվող համայնքների հետ Լիդիանի հաղորդակցման կապակցությամբ, հատկապես, որ տեղի էր ունեցել խորհրդակցություն հիմնականում գյուղապետերի, այլ ոչ համայնական ավելի լայն շերտերի հետ: Բացի այդ, ՄՖԿ-ն բարձրացրեց հարցեր ընկերության կողմից ծրագրի ազդակիր տարածքում համայնքների որոշման նպատակով կիրառված մեթոդաբանության վերաբերյալ: Արդյունքում, ՄՖԿ-ն հանձնարարել էր ընկերությանը վերանայել շահագրգիռ կողմերի ներգրավման իր գործընթացը և ընդլայնել ծրագրի ազդակիր տարածքը՝ ներառելով Ջերմուկ քաղաքը: 4. 2013թ. ՄՖԿ-ն կասկածի տակ դրեց ցիանային հարթակի տեղանքի ընտրության գործընթացը, քանի որ ըստ ՄՖԿ-ի՝ համայնքները պատշաճ կերպով ներգրավված չէին գործընթացում, և այդ ենթակառուցվածքի տեղադրման առնչությամբ որևէ համաձայնագիր կնքված չէր համայնքների և (կամ) մասնավոր հողատերերի հետ: Ավելի ուշ՝ 2013թ., ՄՖԿ-ն հայտնեց, որ ՀՀ կառավարությունը մերժեց ընկերության կողմից հանքի շահագործման թույլտվության դիմումը ցիանային հարթակի համար ընտրված տեղանքի պատճառով: Սակայն թույլտվությունը տրամադրվեց 2014 թ. նոյեմբերին, երբ ընկերությունն ընտրեց նոր տեղանք այդ հարթակի համար: Ցիանային հարթակի տեղանքի ընտրության առումով օմբուսդմենն ունի հարցեր շահագրգիռ կողմերի ներգրավվածության պատշաճության և դրան առնչվող հողատարածքների ձեռքբերման գործընթացների վերաբերյալ: 5. Դեռ 2007 թ. մայիսին հրապարակված Բնապահպանական և սոցիալական դիտարկման ամփոփագրում ՄՖԿ-ն գրել էր, որ «տեղանք կատարված այցերը և ծրագրային տեղեկատվության դիտարկումը ենթադրում են, որ կենսաբազմազանությունն ու բնական ռեսուրսները չեն ենթարկվի որևէ հետևանքների»: Սակայն 2014թ. իրագործելիության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «Ամուլսարում իրականացվող գործողություններն արդեն իրենց անդառնալի հետևանքն են թողել Կարմիր գրքում ներառված Potentilla porphyrantha տեսակի որոշ քանակության վրա: Բացի այդ համաձայն իրագործելիության ուսումնասիրության՝ ակնկալվում է, որ ծրագիրն բացասական հետևանքներ կունենա որոշ կարևոր բնակավայրերի և տեսակների վրա, ինչպես նաև երկարաժամկետ ազդեցություն կթողնի տեղական և բնական բուսականության վրա»:Շարունակելի․․․ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
06:05 - 15 մարտի, 2019