Պետական վերահսկողական ծառայություն - ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որի առաքելությունը կայանում է  «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններն իրականացնելու մեջ:

Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:

Պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ չի ներկայացնում օրենքով պահանջվող հայտարարագիրը․ նա հրավիրվել է ԿԿՀ

Պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ չի ներկայացնում օրենքով պահանջվող հայտարարագիրը․ նա հրավիրվել է ԿԿՀ

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չի ներկայացնում դեռ 2021 թվականի հունվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնականի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։  Հայտարարագրի այդ տեսակը ներկայացնելու համար «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված է մեկամսյա ժամկետ, այսինքն՝ Դանիելյանը այն պետք է ներկայացներ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը, ինչը, սակայն, չի արվել։ Դրանից ամիսներ անց՝ 2021 թվականի օգոստոսի 5-ին, երբ Դանիելյանն արդեն ազատված է եղել այդ պաշտոնից եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է պատգամավոր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակ, որում ներառված է եղել նաեւ նրա անունը՝ բացակայող հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններով։ Թեեւ օրենքով նման ցուցակ հրապարակելու կարգ սահմանված չէ, Հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ մեզ հայտնել էր, որոշ դեպքերում այդպես է վարվում՝ անձանց լրացուցիչ ծանուցելու, ինչպես նաեւ իր աշխատանքի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու համար։ Որպես կանոն՝ ցուցակը հրապարակելուց հետո հայտարարատու անձանց տալիս են մեկամսյա ժամկետ, որը լրանալուց հետո միայն, եթե հայտարարագրերը դարձյալ չեն ներկայացնում, օրենքով սահմանված կարգով ուղարկում են գրավոր ծանուցում։ Գրավոր ծանուցումից հետո արդեն, ըստ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 169․28-րդ հոդվածի, 30-օրյա ժամկետում հայտարարագիրը դարձյալ չներկայացնելու դեպքում անձինք ենթարկվում են վարչական տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200.000 դրամ)։ Նախորդ հրապարակմամբ Infocom-ն արդեն հայտնել է, որ չնայած ցուցակի հրապարակումից հետո Դանիելյանը դարձյալ չէր ներկայացրել հայտարարագիրը, Հանձնաժողովը նրան լրացուցիչ ժամանակ տրամադրելու վերաբերյալ օրենքով սահմանված գրավոր ծանուցումը չէր ուղարկել։ ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մեր զրույցում դա պայմանավորել էր տեխնիկական խնդիրներով․ «Որոշ մասերով տեխնիկական խնդիրներ ենք ունեցել, որի արդյունքում տվյալները ամբողջությամբ չեն արտահանվել, նման բացթողումներ հնարավոր է լինեն, չեմ բացառում, դրա համար հիմա մենք աշխատում ենք նոր համակարգի ստեղծման վրա, պայմանագիրն արդեն կնքված է, ենթադրաբար առաջիկա մեկ տարվա ընթացքում նմանատիպ բոլոր հարցերը կկարգավորվեն, եւ հետագայում ավելի հստակ կկարողանանք ցանկացած տվյալ շատ ավելի սեղմ եւ հստակ ժամկետում տրամադրել»,- ասել էր նա՝ նշելով, որ լրացուցիչ ժամանակ տրամադրելու ծանուցումը Դանիելյանին ուղարկվել է միայն 2022 թվականի հունվարի 18-ին՝ մեր գրավոր հարցումից հետո։ Լրացուցիչ ժամանակի ավարտից հետո՝ փետրվարի 28-ին, դարձյալ դիմեցինք ԿԿՀ՝ հետաքրքրվելով՝ Դավիթ Դանիելյանը ներկայացրե՞լ է արդյոք հիշյալ հայտարարագիրը, եթե այո, ապա ե՞րբ, իսկ եթե ոչ, հարուցվե՞լ է արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Մեր հարցին ի պատասխան՝ ԿԿՀ-ից հայտնեցին, որ  Դանիելյանը 30-օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ ծանուցումը ստացել է հունվարի 25-ին, սակայն մինչ օրս (խոսքը մինչ փետրվարի 28-ի մասին է,-խմբ․) հայտարարագիրը չի ներկայացրել․ «Հայտնում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այժմ իրականացնում է վարչական իրավախախտման վարույթ»,- նշեցին ԿԿՀ-ից՝ հավելելով, որ պատգամավորը մարտի 17-ին հրավիրվել է Հանձնաժողով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու: Հայտարարագրերի ռեեստրում բացակայում է նաեւ Դանիելյանի փոխկապակցված անձի՝ կնոջ հայտարարագիրը։ «Հանրային ծառայության մասին»  օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները համարվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում լրացնում են իրենց գույքի, եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ տվյալները եւ պատասխանատու են դրանց իսկության համար: Նույն հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից հայտարարագրերը օրենքի եւ ԿԿՀ-ի կողմից սահմանված կարգի եւ ժամկետների պահպանմամբ  չներկայացնելը եւս առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Հաշվի առնելով սա՝ մարտի 1-ին ԿԿՀ-ին ուղղված մեր հարցմամբ խնդրեցինք հայտնել նաեւ՝ Դանիելյանի կնոջն ուղարկվե՞լ կամ նախատեսվո՞ւմ է ուղարկել ծանուցում՝ 30-օրյա ժամկետում հայտարարագիրը ներկայացնելու համար։ Մեր հարցին ի պատասխան՝ Հանձնաժողովից հայտնեցին, որ Դանիելյանի կինը ծանուցվել է հենց այդ օրը՝ մարտի 1-ին: Ճշտող հարցին, թե որն է պատճառը, որ նրա ծանուցումը այդքան ուշ է ուղարկվել, Հանձնաժողովից չպարզաբանեցին։  Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ պատգամավոր Դավիթ Դանիելյանից, սակայն նրա օգնական Արփինե Կարապետյանը փոխանցեց, որ հավելյալ պարզաբանման կարիք չկա, խնդիրը տեխնիկական է․ «Պարոն Դանիելյանն ասաց, որ տեխնիկական խնդիր է․ երբ բացվում է կնոջ տվյալները լրացնելու կետը, ծրագիրը կախում է, փորձում է կարգավորել, բայց չի ստացվում»։ Անձամբ իր հայտարարագրի բացակայության վերաբերյալ Դանիելյանը որեւէ այլ բան չփոխանցեց։   Միլենա Խաչիկյան
16:59 - 02 մարտի, 2022
Խաղամոլության ռիսկը մեծանում է. բուքմեյքերական գովազդը կարգելվի հեռուստատեսությամբ, համացանցով, ռադիոյով, կարգելվի նաև արտաքին գովազդը. ֆինանսների փոխնախարար |tert.am|

Խաղամոլության ռիսկը մեծանում է. բուքմեյքերական գովազդը կարգելվի հեռուստատեսությամբ, համացանցով, ռադիոյով, կարգելվի նաև արտաքին գովազդը. ֆինանսների փոխնախարար |tert.am|

tert.am: 2019թ.-ի հունիսի 19-ին ԱԺ-ի կողմից ընդունվել է փոփոխություն գովազդի մասին օրենքում, որի ժամանակ ինտերնետ շահումով խաղերի գովազդի որոշակի սահմանափակումների պայմաններում, այնուամենայնիվ, հնարավորություն է եղել հեռուստաընկերությամբ, ռադիոյով, համացանցով գովազդներ իրականացնելու, որից հետո Ֆինանսների նախարարությունը, ՊՎԾ-ն սկսել են մշտադիտարկումներ իրականացնել 2000թ.-ից ուժի մեջ մտած գովազդային դաշտում, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում։ Այս մասին ԱԺ-ում ««Գովազդի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակներում ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։ «2020թ.-ի վերջում 2018թ.-ի համեմատ ունեցել ենք խաղադրույքների 6 անգամ աճ, իսկ միջին խաղադրույքներ կատարելը ավելացել է մոտ 3 անգամ։ Այս ամենը համադրելով միջազգային միտումներին՝ հասկացել ենք, որ մեզ մոտ այն շատ արագ է զարգանում և ռիսկեր կան, որ այդ զարգացման ընթացքում մեզ մոտ խաղամոլության ռիսկը մեծանում է։ Հասկանալով, որ ռիսկեր ունենք, հիմա վերադառնում ենք այն կարգավորումներին, որ ունեցել ենք մինչև 2019թ.-ը և առաջարկում ենք ինտերնետ շահումով խաղերի մասին գովազդը սահմանափակել` թողնելով միայն չորսաստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այն վայրերի արտաքին և ներքին մասում, որտեղ իրենք գործունեություն են իրականացնում»,- ասաց փոխնախարարը։ Հայրապետյանի կարծիքով՝ այս նախագծով փորձ է արվում ինչ-որ չափով մեղմել այս իրավիճակը:
16:31 - 20 հունվարի, 2022
ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում |azatutyun.am|

ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում |azatutyun.am|

azatutyun.am: Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) աշխատակիցներն այսօրվանից ուսումնասիրություններ են սկսել Երևանի քաղաքապետարանում։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը հաստատեց «Ազատության» այս տեղեկությունը։ Վարչապետին առընթեր մարմին հանդիսացող ՊՎԾ-ի լիազորությունների տիրույթում է պետական կառավարման մարմիններում ուսումնասիրություններ իրականացնելը՝ պետական միջոցների ծախսման արդյունավետությունը պարզելու համար։ Նախորդ շաբաթ, երբ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկության էր դրել քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, Հայկ Մարությանը ծավալուն ելույթ ունեցավ՝ հայտարարություններ ու մեղադրանքներ հնչեցնելով իշխող ուժի հասցեին: Ի թիվս այլ հայտարարությունների՝ Մարությանը նշել էր, թե տարբեր պաշտոնյաներ են իրեն դիմել անօրինական շինություններ օրինականացնելու հարցերով ու մերժում ստացել։
16:16 - 29 դեկտեմբերի, 2021
Վարչապետը ՊՎԾ աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին

Վարչապետը ՊՎԾ աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական վերահսկողական ծառայություն և աշխատակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Տիգրան Ուլիխանյանին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Ռոմանոս Պետրոսյանին՝ նշելով, որ ՊՎԾ-ն կառավարման համակարգի կարևոր օղակներից և գործիքներից է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար: «Ծառայությունը պետական կառավարման համակարգում վերջին երեք տարիներին որպես այդպիսին գոյություն ունի և դեռ պետք է կայացման բավական ճանապարհ անցնի: Բայց պետք է արձանագրել նաև, որ այս ընթացքում կառույցը կայացման բավականին լավ ուղի է անցել: Իհարկե, աշխատանքում ի հայտ են եկել նաև որոշակի խնդիրներ, և այդ ամենի հաշվառումով պետք է շարունակենք առաջ շարժվել»,- ասել է վարչապետը: Տիգրան Ուլիխանյանը շնորհակալություն է հայտնել Կառավարության ղեկավարին իր պաշտոնավարման ժամանակահատվածում ցուցաբերած վստահության համար և աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար: «Հաջողություն եմ մաղթում ձեզ պարոն Պետրոսյանի գլխավորությամբ, որպես ՀՀ վարչապետին ենթակա կարևորագույն մարմնի, ձեր ծառայությունը լավագույն իրականացնելու գործում»: Ռոմանոս Պետրոսյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նման բարձր վստահության համար. «Վստահեցնում եմ, որ նոր եռանդով, նոր նվիրումով ողջ ներուժս ներդնելու եմ Պետական վերահսկողական ծառայության ինստիտուցիոնալ դերի բարձրացման համար: Ամենակարճ ժամկետներում ՊՎԾ-ում պետք է բոլորս ականատես լինենք խորքային բարեփոխումների, ինչպես նաև իր առջև դրված խնդիրների արդյունավետ իրագործմանը»:
17:49 - 10 դեկտեմբերի, 2021
Պետական վերահսկողական ծառայությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակում նոր մեխանիզմներ է ներդրել

Պետական վերահսկողական ծառայությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակում նոր մեխանիզմներ է ներդրել

Ազգային ժողովում 2022թ. պետական բյուջեի հաստատման գործընթացին զուգահեռ Պետական վերահսկողական ծառայությունում արդեն իսկ ակտիվորեն իրականացվում են բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների նկատմամբ մշտադիտարկման նախապատրաստական աշխատանքներ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ առկա տեղեկատվական շտեմարանների միջոցով ՊՎԾ-ն իրականացնելու է 2022թ. բյուջետային բոլոր միջոցառումների ժամանակին և որակով կատարման նկատմամբ ընթացիկ դիտարկում՝ առանց կատարող մարմնի աշխատանքներին միջամտելու: ՊՎԾ կողմից առավել ռիսկային գնահատված միջոցառումների պատշաճ կատարման նկատմամբ կիրականացվի առավել ինտենսիվ մշտադիտարկում: Այս գործընթացի նպատակն է հնարավորինս վաղ փուլում հայտնաբերել միջոցառումների իրականացման ժամկետային և որակական թերացումները և վարչապետին ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ: ՊՎԾ-ն կանխարգելիչ գործառույթների իրականացման ընթացքում ըստ անհրաժեշտության ակտիվորեն համագործակցելու է զանգվածային լրատվամիջոցների, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների հետ:
12:26 - 30 նոյեմբերի, 2021
Դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ են առնվում 1 միլիարդ ՀՀ դրամ և ավել պայմանագրային արժեքով շինարարական աշխատանքները. ՊՎԾ

Դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ են առնվում 1 միլիարդ ՀՀ դրամ և ավել պայմանագրային արժեքով շինարարական աշխատանքները. ՊՎԾ

Հաշվի առնելով շինարարական աշխատանքների սպասվող աճը, ինչպես նաև՝ պետական բյուջեի կառուցվածքում նշյալ ոլորտի ծախսերի ռիսկայնության գնահատման, օրինականության և արդյունավետության կարևորությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի հանձնարարությամբ ՊՎԾ-ն 2021թ. դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ է առնում 1 մլրդ դրամ և ավել պայմանագրային արժեքով բոլոր շինարարական աշխատանքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՎԾ-ն: «Իրավական և այլ անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար պետական կառավարման համակարգի հսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց և կապալառու ընկերություններին հորդորում ենք պատշաճ իրականացնել իրենց պարտականությունները և զերծ մնալ պետական միջոցների վատնմանն ուղղված վարքագիծ դրսևորելուց։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը կարևորում է նախնական փուլում ռիսկերի բացահայտման, կանխարգելման և դրանց լուծումներ տալուն ուղղված աշխատանքները՝ ապահովելով ծրագրերի անխափան և արդյունավետ իրականացումը»,- նշված է հաղորդագրության մեջ:  
13:59 - 10 նոյեմբերի, 2021
Վերականգնվել է պետությանը հասցված 33․7 մլն դրամի վնասը. ՊՎԾ

Վերականգնվել է պետությանը հասցված 33․7 մլն դրամի վնասը. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա, 2021 թվականի առաջին կիսամյակում, ՀՀ ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ Պետական վերահսկողության ծառայությունից։ «Ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով դրանց առնչվող փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեին, որից հետո ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Արդյունավետ ուսումնասիրության, քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում հիմնավորվել է Դատական դեպարտամենտի 9 աշխատակիցների՝ համապատասխան օրերին գործուղման վայրերում չգտնվելու հանգամանքները, որի դիմաց ՀՀ պետական միջոցներից ստացած՝ 33 689 200 ՀՀ դրամի չափով, գումարները նախաքննության ընթացքում վերականգնվել են: Նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետամուտ է շարունակելու ուսումնասիրությունների իրականացումը Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում՝ պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով»,- նշված է ՊՎԾ հաղորդագրության մեջ։
11:56 - 09 նոյեմբերի, 2021
ՊՎԾ ղեկավարի տեղակալն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՊՎԾ ղեկավարի տեղակալն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն աշխատանքից ազատվելու մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում․ «Տեղեկացնում եմ, որ սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ Վարչապետ  Նիկոլ Փաշինյանին դիմում եմ ներկայացրել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի քան 2.5 տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, քանզի այս պաշտոնում նշանակվել եմ Ծառայության ձևավորման սկզբնական շրջանում՝ ժամանակահատված, երբ անհրաժեշտ էր սեղմ ժամկետներում կազմավորել պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր և արդյունավետորեն իրացնել ու ապահովել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունները: Առանձնահատուկ շնորահակալություն եմ հայտնում Ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ Ծառայության համար փորձություններով լի ժամանակահատվածում  համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև Ծառայության աշխատակիցներին՝ ցուցաբերած բարձր ցուցանիշների, պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և անբասիր ծառայության համար: Հայտնում եմ, որ աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ պետական կառավարման համակարգում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»:
17:15 - 08 սեպտեմբերի, 2021