Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի քաղաքապետրանի մամուլի խոսնակն անդրադարձել է հեղեղատար համակարգի խնդիրներին

Երևանի քաղաքապետրանի մամուլի խոսնակն անդրադարձել է հեղեղատար համակարգի խնդիրներին

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեկվա անձրևառատ եղանակը մեմաշատ երեկո է ապահովել սոցցանցերում. «Քաղաքի հեղեղատար համակարգի խնդիրը բացվեց հերթական անգամ: Հեղեղատար համակարգերի գլոբալ խնդրի մասին կխոսեմ վերջում, բայց նախ ասեմ, որ Երևան քաղաքի հեղեղատար համակարգերի շահագործումը, պահպանումը և սպասարկումը, դեռ 2006-ից, պայմանագրով իրագործում է «Վեոլիա գրուպ» ընկերությունը: Երևանի քաղաքապետարանը պայմանագրի կողմ չէ. պայմանագրի կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն: Այնուհանդերձ, քանի որ սա քաղաքային ենթակառույց է և սրա անխափանության հարցը անմիջականորեն վերաբերում է քաղաքի բնակիչներին, Երևանի քաղաքապետարանը որոշակի գործառույթ իրականացնում է. մասնավորապես, կոմունալ ծառայության աշխատակիցները պարբերաբար իրենց ուսումնասիրությունների արդյունքում առաջարկներ են ներկայացնում Վեոլիային, խնդիրների դեպքում օգնում են դրանց հետևանքների վերացման գործում: Ինչպես, օրինակ, երեկ, երբ մեր կոմունալի աշխատակիցների օգնությամբ խցանումից մաքրվել են նախագահական նստավայրի տարածքի անձրևատար ուղիները: Քաղաքապետարանի առաջարկությամբ նաև նոր հեղեղատարներ են կառուցվում, և եթե նկատել եք, մի քանի թունելներում, որտեղ տարիներ առաջ պարբերաբար ջուր էր կուտակվում, երեկվա անձրևը խնդիր չի առաջացրել: Ինչ վերաբերում է հեղեղատար համակարգի անկատարության խնդրին ընդհանրապես, պետք է նշել, որ անցած տասնամյակների ինտենսիվ ու հաճախ չնորմավորված կառուցապատումը ևս իր զգալի ազդեցությունը թողել է: Օրինակ, Պռոշյան փողոցի անձրևային հոսքերը, որոնք ժամանակին լցվում էին Հրազդանի ձորն ու խառնվում գետի ջրերին, այժմ «բախվում են» ձորի երկայնքով կառուցված օբյեկտների պարիսպներին ու շարունակում են իրենց ճանապարհը Պռոշյանն ի վար՝ դեպի Լուսավորիչ ու Արշակունյաց պողոտա: Կամ, հենց երեկվա ամենադիտարժան դեպքը՝ Բաղրամյան 26-ի գարաժների հեղեղը, թերևս չէր լինի, եթե վերևում գտնվող Անտառային փողոցի կառուցապատման ընթացքում մանրամասն հաշվի առնվեին կառուցապատման ազդեցությունները, նախագծվեին անհրաժեշտ ենթակառույցները և այլն: Ամեն դեպքում, կրկնեմ, թեև խնդիրը քաղաքապետարանի ուղիղ լիազորությունների շրջանակում չէ, հեղեղատար համակարգերի հարցով մեր մասնագետները պարբերաբար զբաղվում են», – ասված է գրառման մեջ:
14:37 - 07 մայիսի, 2020
Կներդրվի Երեւանի սոցիալական պաշտպանության նոր համակարգ. Երեւանի քաղաքապետարան

Կներդրվի Երեւանի սոցիալական պաշտպանության նոր համակարգ. Երեւանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի պատվերով ձևավորված փորձագիտական թիմը ՅՈՒՆԻՍԵՖ և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունների աջակցությամբ իրականացրել է հետազոտություն`Երևանի սոցիալական պաշտպանության վերաբերյալ: Համակարգի վերլուծության արդյունքները ներկայացվել են Երևանի ավագանու խմբակցությունների քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Խոսելով ծրագրի մասին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ այն կառուցվածքային, իրավական և բովանդակային փոփոխություններ է նախատեսում: «Համակարգն իր հերթին կբերի Երևան համայնքի կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացում: Ցանկացած ծրագրի հաջողություն կախված է դրանում ընդգրկված բոլոր դերակատարների մասնագիտական կարողություններով, այդ իսկ պատճառով այս փոփոխությունների ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- նշել է Հրաչյա Սարգսյանը: Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը Երևանում երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտներում համակարգի բարեփոխումներին աջակցելն է: Նոր համակարգով առաջարկվում են գործուն մեխանիզմներ՝ ուղղված քաղաքային կառավարման կառուցվածքային փոփոխություններին, տեղական մակարդակում նշված համակարգի արդյունավետ բարելավմանը, բազմակողմանի համագործակցությանը, ինչպես նաև՝ համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը: «Նախադեպը չի եղել, որ Երևանում սոցիալական պաշտպանության ոլորտում նման հետազոտություն իրականացվի: Ի սկզբանե մոտեցումը կառավարման արդյունավետությունը գնահատելն էր: Այսինքն, ուզում էինք հասկանալ ճիշտ են կառավարվում թե սոցիալական աջակցության տարածքային մարմինները, թե վարչական շրջանների մարմինները, բայց եթե միայն կառավարման ոլորտով նայեինք, այդքան համապարփակ չէր լինի: Եվ ինչ արեցինք. ուսումնասիրեցինք օրենսդրությունը, մարդկային ռեսուրսների կառավարումը և սոցիալական աշխատանքը: Սոցիալական ծրագրերի հետ կապված տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանը շատ փակված է ծավալել իր գործունեությունը»,- նշել է Լուսինե Հովհաննիսյանը: Համակարգային փոփոխության հաջորդ քայլը ներկայիս Սոցիալական ապահովության վարչության ու Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փոխարեն Երեխայի և սոցիալական պաշտպանության վարչություն ձևավորելն է, որն էլ վարչական շրջանների նորաստեղծ՝ երեխայի, սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժինների հետ համատեղ ոլորտային ծրագրեր կիրականացնի մայրաքաղաքում: Քննարկման շրջանակում Երևանի ավագանու անդամները հարցեր են ուղղել ոլորտի մասնագետներին, ինչպես նաև ներկայացրել իրենց առաջարկներն ու դիտարկումները: Նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ որոշման նախագիծն առաջիկայում կներկայացվի ավագանու հաստատմանը:
19:47 - 05 մայիսի, 2020
Երևանի ևս 4 փողոցներում գործարկվել են «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով լուսացույցներ

Երևանի ևս 4 փողոցներում գործարկվել են «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով լուսացույցներ

Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է:  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խնդրին լուծում տալու նպատակով 2019թ. Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրեր իրականացրեց: Դրանցից մեկն էլ «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներով անցումների կահավորումն էր:  «Կարևորելով երթևեկության անվտանգության կազմակերպումը Երևան քաղաքում՝ քաղաքապետի հանձնարարությամբ անցած տարեվերջին տեղադրվեց 5 «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ, աշխատանքները շարունակվեցին նաև այս տարի, և մենք հիմա ականատես ենք 4 նոր լուսացուցային օբյեկտների գործարկմանը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը: Ծրագրի ծավալները 2020թ. զգալիորեն աճել են: Ընթացիկ տարում հետիոտնի միջամտությամբ լուսացույցի ազդանշաններով կկարգավորվի 37 հետիոտնային անցում:«Առաջիկա օրերին կգործարկվեն ևս 5-ը, 2-ն էլ գտնվում են ընթացքում: Այսինքն՝ կունենանք ընդհանուր առմամբ 11 նոր լուսացուցային օբյեկտ, որոնք անվտանգ կդարձնեն հետիոտնի շարժը նշված ճանապարհահատվածներում: Իսկ ընդհանուր առմամբ 26 լուսացույցի նախագծերը գտնվում են ավարտական փուլում, որը ևս նախատեսում ենք մինչև տարեվերջ տեղակայել»,- նշում է Էդգար Գալստյանը: Արդեն իսկ ընթացքի մեջ են նաև 2021-ի համար նախատեսված նմանատիպ լուսացույցների տեղադրման նախագծային աշխատանքները: Հաջորդ տարի կտեղադրվի «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով ևս 37 լուսացույց: Ծրագիրն իրականացնելու համար ՃՈ-ի հետ համատեղ գույքագրվել են մայրաքաղաքի խնդրահարույց կետերը. ցանկում ներառվել են նաև դպրոցներին, մանկապարտեզներին, ուսումնական այլ հաստատություններին ու մշակութային օջախներին հարակից տարածքները: Անվտանգ երթևեկության ապահովմանն ուղղված հաջորդ քայլը կամուրջներն ու էստակադաները գիշերային լուսավորությամբ կահավորելն է: Նշված հատվածներում, ի դեպ, տեղադրվում են էներգախնայող LED լուսատուներ, որոնք նաև ավելի պայծառ լուսավորություն են ապահովում: «Տեսնում եք՝ ինչ տեսարան ենք ստացել: Ընդհանուր առմամբ, այս ամեն ինչն արվում է, որ մեր վարորդներն ավելի ապահով երթևեկեն, վթարներն ավելի կպակասեն: Հետագա պլաններում նախատեսում ենք Երևանի բոլոր թունելներն արդիականացնել LED լուսատուներով»,- ասում է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանը:Երևանում, ՏԻ մասին օրենքի համաձայն, ճանապարհային երթևեկության կարգավորումը, այդ թվում՝ լուսացույցների տեղադրումն ու գծանշումները, քաղաքապետի պատվիրակված լիազորություններից է, սակայն 2009-ից կառավարության որոշմամբ այդ գործառույթները պատվիրակվել են Ճանապարհային ոստիկանության ծառայությանը: Համապատասխանաբար, բյուջեն ևս հատկացվում է ՃՈ-ին: Սակայն հաշվի առնելով մայրաքաղաքում անվտանգ երևեկության ապահովման կարևորությունը՝ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ փոխօգնության կարգով համայնքը ՃՈ-ի հետ համատեղ իրականացնում է տարբեր ծրագրեր:
16:15 - 04 մայիսի, 2020
Երևանում հետիոտնային կանչի ռեժիմով նոր լուսացույցեր կան

Երևանում հետիոտնային կանչի ռեժիմով նոր լուսացույցեր կան

Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով Երևանում հետիոտնային կանչիռեժիմով նոր լուսացույցեր կգործարկվեն։ 2020-ի ապրիլի 30-ից Երևանի ևս 4 փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ Մոլդովական փողոց՝ հ. 27/7, Նորագավիթ 1-ին փողոց 6-րդ փողոցների հատման մասում, Գլինկայի փողոց՝ հ.19, Մ. Բաբաջանյան փողոց՝ հհ.46, 146։ Նշված հետիոտնային անցումներում, ինչպես նաև՝ Արշակունյաց պողոտա հհ.12, 15, Աճառյան փողոց քարի մոտ, Լենինգրադյան փողոց հ.10, Թբիլիսյան խճուղի հ.73/2, Քանաքեռցու փողոց հ.117 հասցեներում տեղակայվել են «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցեր, որոնք կգործարկվեն առաջիկայում։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում՝ Բաղրամյան պողոտա - Երզնկյան փողոց խաչմերուկում և Զ. Քանաքեռցու փողոց հհ.63, 65 հասցեներում առկա հետիոտնային անցումներում հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայման ուղղությամբ։
14:59 - 30 ապրիլի, 2020
Քաղաքապետ Մարությանն ավագանու նիստում հնչած խնդիրների հարցով խորհրդակցություն է հրավիրել

Քաղաքապետ Մարությանն ավագանու նիստում հնչած խնդիրների հարցով խորհրդակցություն է հրավիրել

Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստում բարձրացված խնդիրներին լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մի շարք ոլորտների պատասխանատուների հետ: «Կարծում եմ՝ այս պրակտիկան շատ ճիշտ է, որ հենց ավագանու նիստից հետո այն հարցերը, որոնք բարձրացվում են մեր գործընկերների՝ ավագանու անդամների կողմից, սկսեն միանգամից իրենց լուծումները ստանալ: Իրապես գործադիրը զգում է, որ որոշակի կետեր կան, որոնք ավելի մեծ ուշադրություն են պահանջում»,- ընդգծել է քաղաքապետը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղիներին՝ քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի այլ վարորդների կողմից դրանց օգտագործումն արգելելու ուղղությամբ: «Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կայանատեղիները պետք է ավելի պաշտպանված լինեն և միգուցե, եթե հնարավոր է, ավելի շատանան: Սա ինձ համար շատ կարևոր հարց է, և ես կակնկալեմ նաև մեր գործընկերների՝ ոստիկանության միջամտությունն այդտեղ: Հետագայում, կարծում եմ, օրենքների փոփոխության անհրաժեշտություն կլինի, և ես ակնկալում եմ նաև ԱԺ մեր գործընկերների կողմից աջակցություն»,- նշել է Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերում վերջին տարիներին զգալի տեղ է զբաղեցնում նոր մայթերի կառուցումն ու բարեկարգումը: Քաղաքապետն ընդգծել է, որ մայթերը հետիոտնի համար պետք է լինեն ավելի հասանելի և հարմարավետ: «Բոլորին հայտնի է և իմ, և ձեր դիրքորոշումն այստեղ, որ մենք միշտ մայթերի կողմից ենք, և եթե ընտրություն կա, որը լայնանա, որը նեղանա, մենք կողմնակից ենք մայթերի լայնացմանը, որպեսզի մարդիկ իրենց ավելի հարմարավետ զգան իրենց քաղաքում: Իսկ վարորդները պետք է համակերպվեն այն իրավիճակի հետ, որը կա: Այո՛, մեծ քաղաքներում, բազմամարդ քաղաքներում և տրանսպորտով լի քաղաքներում այնպես է արվում, որ վարորդները պետք է հրաժարվեն կամ նվազագույնի հասցնեն ավտոմեքենայով կենտրոն գալու պրակտիկան: Ուրիշ տարբերակ մենք չունենք կենտրոնը բեռնաթափելու»,- ընդգծել է քաղաքապետը: Խորհրդակցության ընթացքում քաղաքապետն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի մուտքը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու խնդրին: Հանձնարարվել է կիրառել լուծում՝ մի կողմից մուտքը մատչելի դարձնելու, մյուս կողմից՝ քաղաքապետարանի շենքի ճարտարապետական տեսքը անխաթար պահելու համար: Մատչելիության սկզբունքով լուծումներ կտրվեն նաև վարչական շրջանների շենքերում:
20:45 - 29 ապրիլի, 2020
Վլադիլեն Բալյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
 |news.am|

Վլադիլեն Բալյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում |news.am|

news.am: ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին 96-րդ տարեդարձի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Միաձայն որոշումը կայացվեց Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ընթացքում։ Երևանի ավագանու Մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Գևորգյանը նշեց, որ Երևանի ավագանու անդամները սեփական նախաձեռնությամբ համավարակի օրերին այցելել են տարեց արվեստագետներին։ «Ավագանու անդամներն այցելել են մեր արվեստագետներին, տարել էին պարենային արկղեր, որպեսզի նրանք մնան տանը և չվտանգեն իրենց առողջությունն ու չհիվանդանան»,- նշեց Գևորգյանը։
18:44 - 28 ապրիլի, 2020
Երեւանի ավագանին որոշում կայացրեց «Թումո» հիմնադրամին հողի հարկի արտոնություն տրամադրել |news.am|

Երեւանի ավագանին որոշում կայացրեց «Թումո» հիմնադրամին հողի հարկի արտոնություն տրամադրել |news.am|

news.am: Երեւանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում որոշում կայացրեց «Թումո» հիմնադրամին հողի հարկի արտոնություն տրամադրել: Որոշման մեջ ասվում է. «Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, ղեկավարվելով ‹‹Հողի հարկի մասին›› օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով` Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1. Երևանի Հալաբյան փողոցի հ. 2 հասցեում` Թումանյանի անվան զբոսայգում գտնվող, Սիմոնյան կրթական հիմնադրամին (ՀՎՀՀ 01245672) անհատույց օգտագործման իրավունքով պատկանող հողամասի համար սահմանել հողի հարկի արտոնություն` ազատելով 2497149 /երկու միլիոն չորս հարյուր իննսունյոթ հազար հարյուր քառասունինը/ դրամի չափով հողի հարկի վճարումից /ապառք՝ 2244691 դրամ, տույժ՝ 252458 դրամ/»: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Երևանի Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասն անհատույց օգտագործման իրավունքով պատկանում է Սիմոնյան կրթական հիմնադրամին /վկայական` 20.09.2017թ. հ.20092017-01-0206/: Հաշվի առնելով Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից այգին բարեկարգելու ու պահպանելու նպատակով իրականացված մեծածավալ աշխատանքը, ներդրված ֆինանսական միջոցները, ինչպես նաև այն հանգամանքը, որ տարածքի բնակիչները անարգել մուտք են գործում և կազմակերպում են իրենց հանգիստը այգու տարածքում, Երևան քաղաքի ավագանու որոշումներով նշված կազմակերպությանը 2014, 2015, 2016, 2017 և 2018 թվականների համար տրամադրվել էր հողի հարկի արտոնություն: Հալաբյան փողոցի հ.2 հասցեում հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող` հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող հողամասի 2019 թվականի հողի հարկի գումարը 19.03.2020 թվականի դրությամբ կազմում է 2497149 դրամ: Սիմոնյան կրթական հիմնադրամը իրականացնում է բարեգործական կրթական ծրագրեր, միևնույն ժամանակ հիմնադրամի կողմից պարբերաբար կատարվում են այգու պահպանման և բարեկարգման աշխատանքներ: Հաշվի առնելով հանրության համար Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից Երևանի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում գտնվող զբոսայգու բարեկարգման, այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքների ծավալը, այդ տարածքում իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը, ինչպես նաև կարևորելով Թումանյանի անվան զբոսայգին մշտապես ըստ նշանակությամբ օգտագործվելու և բարեկարգված պահելու անհրաժեշտությունը, առաջարկվում է Սիմոնյան կրթական հիմնադրամին տրամադրել հողի հարկի արտոնություն:
17:15 - 28 ապրիլի, 2020
Հայաստանի ժուռնալիստների միությանը տրամադրվեց գույքահարկի արտոնություն |armenpress.am|

Հայաստանի ժուռնալիստների միությանը տրամադրվեց գույքահարկի արտոնություն |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ավագանու անդամները որոշում կայացրին՝ «Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Պուշկինի փողոց 3/1 հասցեում գտնվող շինության նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն։ Որոշման համաձայն ՀԿ-ն ազատվում է 2017, 2018, 2019 թվականների 6 մլն 540 հազար 987 դրամի չափով գույքահարկի վճարումից։ Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է բացասական եզրակացություն։ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ելույթի ժամանակ, նշեց, որ ինքը ձեռնպահ կմնա և չի մասնակցի տվյալ նախագծի քվեարկությանը։ «Այս հարցը սուբյեկտիվ է, իսկ ինձ համար կարող է կրկնակի սուբյեկտիվ լինել, քանի որ հանդիսանում եմ նույն դաշտում գործող մեկ այլ ՀԿ-ի՝ Ֆրանկոֆոն լրագրողների միության գլխավոր քարտուղար։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում մասնակցել այս քվեարկությանը, որպեսզի շահերի բախում չլինի»,- ասաց Աբգարյանը։ Որոշումն ընդունվեց 19 կողմ, 7 դեմ և 11 ձեռնպահ ձայներով։
16:35 - 28 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի պատճառով մայրաքաղաքի կանաչապատումն իրականացրել են նորաստեղծ ՀՈԱԿ-ի 400 աշխատակիցներից ընդամենը 120-ը |armtimes.com|

Կորոնավիրուսի պատճառով մայրաքաղաքի կանաչապատումն իրականացրել են նորաստեղծ ՀՈԱԿ-ի 400 աշխատակիցներից ընդամենը 120-ը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանին որոշեց լուծարել 11 փակ բաժնետիրական ընկերություններ, որոնք գործում էին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Ավագանու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2019 թվականի դեկտեմբերին «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ստեղծմամբ: Նորաստեղծ ՀՈԱԿ-ն է կենտրոնացնում կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի տրամադրած գումարները, դրանց տնօրինումը: Իսկ Երեւան քաղաքի կանաչապատման աշխատանքները քաղաքի համար կիրականացվեն նոր համալիր լուծումներով եւ միասնական մոտեցմամբ: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ ընկերությունների հետագա գործունեությունը դառնում է ոչ նպատակահարմար: Երեւան քաղաքի ավագանին որոշեց լուծարել Երեւանի ենթակայության հետեւյալ փակ բաժնետիրական ընկերությունները՝ 1. «Աջափնյակ կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն 2. «Ավան կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն 3. Արաբկիր համայնքի «Արաբկիր-Կամար» փակ բաժնետիրական ընկերություն 4. «Դավթաշենի կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն 5. Էրեբունի թաղային համայնքի «Վարդավառ զբոսայգի» փակ բաժնետիրական ընկերություն 6. «Կենտրոն կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն 7. «Նոր Նորք կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն 8. «Նուբարաշեն» փակ բաժնետիրական ընկերություն 9. Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի «Կանաչ բարձրունք» փակ բաժնետիրական ընկերություն 10. «Շենգավիթ կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերություն 11. «Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» փակ բաժնետիրական ընկերություն Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը դիտարկում արեց, որ տպավորություն է, թե կանաչապատում իրականացնող նորաստեղծ ՀՈԱԿ-ը միայն փողոցներում ու ակնհայտ երեւացող հատվածներում է աշխատանքներ իրականացնում, իսկ բակային տարածքներում կանաչապատում չի իրականացվում: Նրա այս դիտարմանը արձագանքեց ավագանու մեկ այլ անդամ՝ նկատելով՝ ՀՈԱԿ-ի ռեսուրսները բավարար են, առաջիկայում կիրականացնեն նաեւ բակային տարածքները, քանի որ բավականին շատ աշխատակիցներ ունեն: Պարզապես նոր կորոնավիրուսի վտանգից ելնելով՝ այս պահին ՀՈԱԿ-ի 400 աշխատակիցներից աշխատում են ընդամենը 120 հոգին: Աշխատանքի ընդունված աշխատակիցների մեծ մասը 60-ից բարձր տարիք ունի: Այնումենայնիվ, նա ընդգծեց, որ ունեն բավարար ռեսուրներ եւ առաջիկայում ավելի մանրակրկիտ աշխատանք են պատրաստվում իրականացնել: Զաքարյանը նաեւ հարց հնչեցրեց, թե լուծարվող 11 ՓԲԸ-ների աշխատակիցները աշխատատեղ գտա՞ն, թե՞ գործազուրկ դարձան: Նրան արձագանքեցին, որ այդ 11 ընկերություններում մնացել էր մեկական աշխատակից, մնացածը, որոնք ցանկություն են հայտնել, տեղափոխվել են ՀՈԱԿ, այսինքն՝ խնդիրը լուծված է: Եվ բացի այդ, նորաստեղծ ՀՈԱԿ-ը բանվորների թափուր աշխատատեղեր ունի, եւ կարող են բոլոր ցնկացողները դիմել:
14:37 - 28 ապրիլի, 2020