ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն |tert.am|

Նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն |tert.am|

tert.am: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, մի շարք այլ կառուցվածքային փոփոխություններ կատարել և հստակեցնել գործառույթները:Ներքին գործերի նախարարության կազմավորումը և գերատեսչության նորմատիվային հիմքի ապահովում նախատեսվում է իրականացնել 2021 թ. առաջին կիսամյակում: Ռազմավարությունում նշվում է, որ նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե՛ խորհրդարանական և թե՛ քաղաքացիական վերահսկողությանը։«Անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ կառուցվածք՝ քաղաքականության մշակման և իրաանացման դասական գործառույթներով, այլ կերպ ասած ՝ ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումն, իրականացումն ու դրա պատասխանատվությունը»,- ասվում է նախագծում:Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում, կարևորելով կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ՆԳ նախարարության նախատեսվող դերակատարումը՝ նախագծի հեղինակ Արդարադատության նախարարությունն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել նաև ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Ներքին գործերի նախարարության կառուցվածքում ներառելու հարցը։«Այդուհանդերձ, մեկ կարևոր հանգամանք պետք է հստակ լինի, ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ։ Այս համեմատությունը տեղին չէ միայն թեկուզ այն հիմնավորմամբ, որ նախկին ներքին գործերի և ստեղծվելիք նոր նախարարության առջև դրված թե քաղաքական և թե քաղաքականության խնդիրները լիովին տարբեր են»,- նշված է ռազմավարությունում:Նախատեսվում է նաև կրճատել Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները և ստեղծել նոր Պարեկային ոստիկանություն: Ծառայության կազմավորման ընդհանուր ժամանակացույցը ենթադրում է ոչ ավել, քան մինչև 2020թ. վերջը: Պարեկային ծառայության գործառույթներն են լինելու՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը և այլն:«Անհրաժեշտ է ստեղծել տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն»,- գրված է նախագծում:Կստեղծվի նաև Օպերատիվ կառավարման կենտրոն, որը լինելու է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունող միասնական օպերատոր: Կենտրոնն ունենալու է տեղեկատվական վերլուծության հնարավորություններ, ինչպես նաև փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր: Միջնաժամկետ կտրվածքով քննարկման առարկա պետք է դառնա նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ ոստիկանության օպերատիվ կենտրոնի միավորման հարցը՝ ընդգրկելով ամբողջ պետության տարածքը։Քննարկվող ռազմավարության շրջանակներում առաջարկվում է քննարկման առարկա դարձել նաև ոստիկանությանը քրեադատավարական գործառույթների հստակեցումը, մասնավորապես՝ երկարաժամկետ կտրվածքում ամբողջական կամ որոշ տեսակի գործերի դեպքում ոստիկանությանը նախնական քննություն իրականացնելու գործառույթ վերապահելու հարցը։ Այս համատեքստում քննարկման մյուս կարևոր հարցը քրեական ոստիկանությունում քննչական ու օպերատիվ ֆունկցիաների միավորմամբ դետեկտիվների ինստիտուտի ներդրումն է, ովքեր լիազորված կլինեն ամբողջական քննություն իրականացնել առանձին հանցագործությունների դեպքերով, ինչպես նաև գործուն կապ կապահովեն մյուս քննչական մարմինների հետ։«Ոստիկանության կողմից քրեական գործերով նախաքննություն կատարելու լիազորությունը 2014 թվականին ամբողջությամբ փոխանցվեց նորակազմ քննչական կոմիտեին, որը, ըստ էության, մինչ այդ համակարգում գործող քննչական գլխավոր վարչության հիմքով ստեղծված քննչական մարմին է։ Նախաքննություն իրականացնող մյուս երեք քննչական մարմիններն են՝ ՊԵԿ-ը, ԱԱԾ և ՀՔԾ: Քննչական մարմինների նման դասավորվածության պայմաններում ոստիկանության համակարգի ամբողջ ռեսուրսը դուրս է մնում քրեական գործերի քննության գործառույթից, ինչը բացի հանցավորության դեմ արդյունավետ պայքարի խնդրից նաև խնդրահարույց է պետության տրամադրության տակ եղած ռեսուրսների արդյունավետ կիրառման տեսանկյունից»,- ասված է հիմնավորման մեջ:Ոստիկանության կողմից քրեական գործերի քննության երկու մոդել է առաջարկվում: Մի դեպքում ոստիկանությունում կարող է վերականգնվել քննիչների գործառույթը և քննչական ստորաբաժանումը, ինչը իրավապահ դաշտում ևս մեկով կավելացնի նախաքննական մարմինների թիվը։ Որպես այլընտրանք կարող է դիտարկվել ոստիկանության ծառայողների կողմից գործող քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում հետաքննությամբ քրեական գործի ամբողջական քննությունը և դրա ընթացքը լուծելը։Նախատեսվում է Ոստիկանության զորքերի ապառազմականացում  իրականացնել, որը տեղի է ունենալու նախ և առաջ կարգավիճակի փոփոխությամբ: Առաջարկվում է օրենքով Ոստիկանության զորքերը նախատեսել որպես ոստիկանական ստորաբաժանում, որի կազմակերպման և գործունեության կարգն այլևս չի կարգավորվելու ռազմական օրենսդրական ակտերով: «Զորքեր» հասկացության փոխարեն ոստիկանության զորքերը վերանվանվելու է «ազգային գվարդիա»:«Նման փոփոխությունը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական շտկումներ, բայց և արդյունքում փոխելու է հանրություն-ոստիկանություն հարաբերությունների էությունը՝ ոստիկանության զորքերն ավելի մոտեցնելով թափանցիկ ու պատասխանատու գործելակերպի և պահանջվող զգայունության մարդու իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ»,- ասված է նախագծում:Ըստ նախագիծը ներկայացրած գերատեսչության՝ Ոստիկանության զարգացման ռազմավարության հիմնական նպատակներից է հասարակությանը նոր ոստիկանի կերպարով նոր ոստիկանություն ներկայացնելը։ Մասնավորապես, անհրաժեշտ է համարվում պետության հարկադրանք կիրառող, օրվա իշխանությանը ծառայող մարմնի իմիջը փոխել հանրության անվտանգությունն ապահովող, հանրությանը ծառայող վստահելի և հարգանքի արժանի հանրային ծառայության տեսակի։«Եթե ոստիկանությունը կարողանա հանրությանը պրոակտիվ կերպով (ոչ թե պոստ ֆակտում) տեղեկացնել հանրային հնչեղության հարցերի, իր ծառայության առանձնահատկությունների, խիզախություն և ծառայողական արժանիքներ դրսևորած ծառայողների վերաբերյալ պատմությունների ներկայացմամբ, ինչու ոչ՝ հումորային հաղորդաշարների միջոցով ոստիկանության ծառայության մասին պատմելով, ապա առավել ընկալելի, ուստի և առավել մոտ կդառնա հանրությանը»,- նշված է ռազմավարությունում:
12:50 - 11 փետրվարի, 2020
ԱԺ-ն օրակարգ ընդգրկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն օրակարգ ընդգրկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկեց կառավարության կողմից ներկայացված` հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկությանը վերաբերվող օրենքի նախագիծը, որը ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: Կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 7-րդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընգրկելու մասին հարցը քվեարկության դրվեց ԱԺ փետրվարի 11-ի նիստում: «Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Գործող կարգավորմամբ կազմակերպությունը պարտավոր է յուրքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուրն են հանդիսացել հանրային միջոցները: Այժմ ՖԱԹՖ-ի հանձնրարականի համաձայն երկրները պետք է ունենան հստակ քաղաքականութուն` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բոլոր կազմակերպությունների կառավարման և ղեկավարման թափանցիկության և հետևողկանության համար»,-ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու նշեց` օրինագծի հիմնական նպատակն այն է, որ այսուհետև բոլոր ՀԿ-ները պարտավոր են տարեկան հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց  հանձնաժողովի դիրքորոշումը: Հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է արտահայտվել նախագծին, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորը` ձեռնպահ, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանը դեմ է քվեարկել: «Սակայն հաշվի առնելով նախագծի կարևորությունը և այն, որ ՀԿ-ների գործունեությունը պետք է հասանելի ու հաշվետու լինի հանրությանը, առաջարկում ենք, որ կողմ քվեարկեն նախագծին` լիագումար նիստում այն քննարկելու համար»,-ասաց Հովհաննիսյանն ու նշեց` պատրաստակամություն են հայտնել հանդիպելու ՀԿ ներկայացուցիչների հետ, բարձրաձայնված հարցերին պատասխաններ գտնելու համար, սակայն ՊԵԿ-ը նույնպես նրանց հետ քննարկումներ ունեցել է, մեծ հաշվով բողոքներ չեն եղել նախագծի հետ կապված: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ կողմ են քվեարկելու նախագիծը օրակարգ մտցնելուն: Երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կհրավիրեն ՀԿ ներկայացուցիչներին և կքննարկեն նրանց հետ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ նախագծով անհարկի ավելացվում է ՀԿ-ների բեռը, նախագծում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք իրավակիրառ պրակտիկայում տեղ են թողնելու, որ ՊԵԿ-ը հայեցողական մոտեցում ցուցաբերի հարցերին: Նա հայտնեց, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու հարցը օրակարգ մտցնելուն: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց` կարծում են, որ ՀԿ-ների շրջանում այս նախագծի վերաբերյալ լայն կոնսենսուս չկա, իրենք ևս դեմ են քվեարկելու: Նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ` 38 պատգամավոր: Որոշումն ընդունվեց:
11:27 - 11 փետրվարի, 2020
2019 թ. ավտոմեքենա օտարած ֆիզանձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019 թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ

2019 թ. ավտոմեքենա օտարած ֆիզանձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019 թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենքի համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժի­չի յուրաքանչյուր ձիա­ուժ հզորության հա­մար 150 դրամից, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից։ ՀՀ հարկային օրենսգրքի կիրառության իմաստով՝ Օտարումը՝ դա մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի սեփականության իրավունքի փոխանցումն է որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց»։ Հետևաբար, նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն։ Այսպիսով, 2019 թվականի հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը, ինչի համար անհրաժեշտ է ․ 1․ հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կնքել հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին,կամ առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf) հղումով, 2․ կատարել եկամտային հարկի վճարումը՝  բանկային ծառայության միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզիկական անձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
07:57 - 04 փետրվարի, 2020
Մոտ օրերս կմենկարկի նոր սերնդի ՀԴՄ-ների նոր խմբաքանակի վաճառքը |lragir.am|

Մոտ օրերս կմենկարկի նոր սերնդի ՀԴՄ-ների նոր խմբաքանակի վաճառքը |lragir.am|

lragir.am։ Մոտ օրերս կմենկարկի նոր սերնդի ՀԴՄ-ների նոր խմբաքանակի վաճառքը: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ ՀԴՄ ՊՈԱԿ-ի հետ պայմանագրեր կնքել էին 13 մասնավոր ընկերություններ, բայց այս պահին կան 2 տնտեսվարողներ՝ «Դոկտեխնիկ» և «Inntech» ՍՊԸ-ներ, որոնք արդեն ներկայացրել են իրենց ՀԴՄ սարքերն ու ծրագրային ապահովումները, անցնում են թեստավորման վերջին փուլը: «Մոտ օրերս ՀԴՄ-ների վաճառքը կսկսվի: Հայտերը շուրջ 11 հազար են: Մեր գործընկերները մեզ հավաստիացնում են, որ իրենք հնարավորություն կունենան փետրվարին ամբողջությամբ այդ պահանջարկը սպառելու, բայց նախորդ փորձը մեզ ասում է՝ երևի փետրվար և մարտի կես ամբողջ պահանջարկը կբավարարվի»,- ասաց նա: ՊԵԿ նախագահը նշեց, որ այսօր Հայաստանում կա շուրջ 67 հազար ՀԴՄ, դրանից 50 հազարը նոր սերնդի են, 17 հազարը՝ հին սերնդի, որոնք պետք է փոխարինվեն նոր սերնդի մեքենաներով: Դաշտը բիզնեսի համար բաց է, ով ուզում է մուտք գործել այդ բիզնես, թող քայլեր ձեռնարկեն, ասաց Անանյանը: Նա հավելեց, որ եթե տնտեսվարողը ՀԴՄ չունի, բայց ՀԴՄ ձեռք բերելու հայտ է ներկայացրել, նրանց նկատմամբ ամենավերջում են իրականացվում հսկողական գործառույթներ: «Մենք հարկային վարչարարությունն իրականացնելիս որոշակի առաջնահերթություններ սահմանելու մի փոքր հայեցողություն ունենք: Մենք վերջում ենք թողնում այն տնտեսվարողներին տուգանելը, որոնք սահմանված կարգով հայտ են ներկայացրել, բայց օբյեկտիվ պատճառներով չունեն ՀԴՄ: Եվ կարծում եմ՝ չկա որևէ անձ, ով մեզ կմեղադրի տուգանելու մեջ: Մենք չենք տուգանում այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի ապահովել համապատասխան միջավայր՝ այդ ՀԴՄ-ներն ունենալու»,- նշեց նա:
07:26 - 04 փետրվարի, 2020
ՊԵԿ-ը հրապարակել է 2019 թ. 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Գրանդ Տոբակոն» է՝ վճարած 57 մլրդ դրամ հարկով |tert.am|

ՊԵԿ-ը հրապարակել է 2019 թ. 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Գրանդ Տոբակոն» է՝ վճարած 57 մլրդ դրամ հարկով |tert.am|

tert.am։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թ. հարկային տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողները նախորդ տարի վճարել են 1 տրիլիոն 61 մլրդ դրամ, որը 2018-ի համեմատ ավելի է 122 մլրդ դրամով կամ 13 %-ով: 2019 թ. ֆինանսական տարվա արդյունքներով՝ մեր երկրի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 57.04 մլրդ դրամ: 2018 թ. նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 42.22 մլրդ դրամ: 2-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 51.36 մլրդ դրամ վճարած հարկերով: 2018 թ. ընկերության մուտքերը կազմել էին 41.05 մլրդ դրամ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» հաջորդում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որի վճարած հարկերը կազմել են 43.64 մլրդ դրամ՝ 2018 թ. 39.98 մլրդ դրամ փոխարեն: 4-րդ խոշոր հարկատուն «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որն 2019 թ. ընթացքում վճարել է 19.22 մլրդ դրամ հարկ: 2018-ին ընկերության մուտքերը՝ 13.13 մլրդ դրամ էին: 5-յակը եզրափակում է «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 16.44 մլրդ դրամ հարկով: 2018 թ. տվյալներով՝ «Ջեյ Թի Այ Արմենիան» 7-րդն էր՝ 13.99 մլրդ դրամով: «Ֆլեշ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է՝ 15.99 մլրդ դրամով, որին հաջորդում են «ՍիփիԷս Օիլը»՝ 14.05 մլրդ դրամ, «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 13.7 մլրդ դրամ, «Գեոպրոմայնինգ գոլդը»՝ 13.66 մլրդ դրամ: 1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Վեոն Արմենիան», որը 2019 թ. ընթացքում վճարել է 12.23 մլրդ դրամ: Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 4-ը ներկայացնում են ծխախոտի արտադրության և վաճառքի, 3-ը՝ էներգակիրների ներմուծման, 2-ը՝ հանքարդյունաբերության և 1՝ կապի ոլորտները։ 2018 թ. համեմատ 2019 թ. 1000 խոշոր հարկատուների տասնյակում չի հայտնվել «Ալեքս Հոլդինգը», նրան փոխարինել է «Վեոն Արմենիան»: Պատճառն այն է, որ «Ալեքս հոլդինգ» մասնատվել է և դարձել է մի քանի ընկերություն՝ «Սիթի», «Ալեքս էնդ հոլդինգ», «Ալեքս հոլդինգ» և այլն: 2019 թ. 1000 խոշոր հարկատուների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:  
10:08 - 31 հունվարի, 2020
ՊԵԿ աշխատակիցները ծանոթանում են հարկային ոլորտում ռիսկերի բացահայտման եվրոպական փորձին

ՊԵԿ աշխատակիցները ծանոթանում են հարկային ոլորտում ռիսկերի բացահայտման եվրոպական փորձին

Պետական եկամուտների կոմիտեն Եվրոպական միության հետ համատեղ հունվարի 20-22-ը ՊԵԿ աշխատակիցների համար նախաձեռնել է աշխատաժողով: «Եվրոպական միության լավագույն փորձը հարկային օրենսդրության պահպանման ռիսկերի բացահայտման, որոշման, գնահատման ընթացակարգերի և մեթոդների» թեմայով աշխատաժողովն իրականացվում է ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) շրջանակում և նախատեսված է ՊԵԿ ավելի քան 30 աշխատակիցների վերապատրաստման համար: Մասնակցում են նաև ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ: Երեք օրերի ընթացքում ԵՄ փորձագետները ներկայացնելու են ռիսկերի բացահայտման, հարկային օրինապահությանն ուղղված ռիսկերի կառավարման ընթացակարգերի և միջազգային համագործակցության միջոցով հարկային օրինապահության մակարդակի բարելավմանն առնչվող լավագույն փորձը: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ հարկերի պարտաճանաչ վճարման մակարդակի բարձրացումը կոմիտեի օրակարգի առաջնահերթություններից է. «Դա հարկային պոտենցիալը բացահայտելու և ներքին ռեսուրսներն ու չբացահայտված ներուժը մոբիլիզացնելու լավագույն միջոցն է, որը կարող է նպաստել երկրում արդար, հավասարակշռված հարկային համակարգի ձևավորմանը: Հետևաբար, ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի ներդրումը հիմնարար դեր է խաղում հարկային ծառայության առաքելության իրականացման գործում»: Միքայել Փաշայանը վստահեցրել է, որ ՊԵԿ-ը շարունակելու է էլեկտրոնային ծառայությունների ներդրումը համակարգում և կարևորել է վերլուծական ներուժի ու գործիքների ընդլայման` վերջին տարիների տեմպերը: Աշխատաժողովի մասնակիցները նաև գործնական օրինակներով ծանոթանալու են ռիսկերի արդյունավետ կառավարման վերլուծական գործիքներին, քրեական ոլորտում ռիսկերի կառավարմանը և ստուգման ավարտից հետո վերլուծությունների իրականացմանը:
08:29 - 20 հունվարի, 2020
Նախնական մաքսային հայտարարագրեր ներկայացրած քաղաքացիները պետք է շտապեն մաքսազերծել ավտոմեքենաները սահմանված ժամկետում

Նախնական մաքսային հայտարարագրեր ներկայացրած քաղաքացիները պետք է շտապեն մաքսազերծել ավտոմեքենաները սահմանված ժամկետում

Ավտոմեքենայի ներկրման համար 2019թ. նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին: Որպեսզի մաքսազերծման ժամանակ կիրառվեն 2019թ. դրույքաչափերը, մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է իրականացվեն նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: Այսինքն` պետք է ավտոմեքենան տեղակայել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում, այդ մասին տեղեկացնել մաքսային մարմնին, ինչպես նաև ծանուցել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում կատարված լրացումների մասին: Նախնական մաքսային հայտարարագիրը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված ողջ գործընթացը 30 օրում չկատարելու դեպքում մաքսազերծման ժամանակ հիմք են ընդունվելու 2020թ. ուժի մեջ մտած ԵԱՏՄ շրջանակում գործող դրույքաչափերը:
12:27 - 16 հունվարի, 2020
ՊԵԿ-ը բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք

ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` բնակելի տների կառուցապատմամբ և վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ` Երևան քաղաքում կառուցել և տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար (համարժեք դրամ): Սակայն 2013 թվականի ընթացքում բնակելի տունն ապօրինի կերպով կառուցելու ընթացքում Երևանի տվյալ վարչական շրջանի աշխատակիցներն արգելել են ապօրինի շինարարությունը։ Շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով շինարարությունն իրականացնող անձը համաձայնության գալով տվյալ վարչական շրջանի պաշտոնատար անձի հետ` վերջինիս որպես կաշառք փոխանցել է տան շինարարությունը պատվիրած անձից այդ նպատակով ստացած 3000 ԱՄՆ դոլար, որից հետո անարգել վերսկսել է ապօրինի շինարարությունը և կառուցել բնակելի տունը: Նախաքննությամբ կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալներով հիմնավորվել է նկարագրված հանգամանքներով կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության հանգամանքները, որի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
08:00 - 14 հունվարի, 2020
Հարկային եկամուտները նախորդ տարում գերակատարվել են 62.4 մլրդ դրամով |armenpress.am|

Հարկային եկամուտները նախորդ տարում գերակատարվել են 62.4 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019-ին հավաքագրել է փաստացի 1 տրլն 464.3 մլրդ դրամ հարկային եկամուտ, իսկ առանց հաշվի առնելու հարկ վճարողներին վերադարձված 42.8 մլրդ դրամի ԱԱՀ-ի գծով հին դեբետային պարտքը`1 տրլն 507 մլրդ դրամ` ցուցանիշը գերակատարելով ավելի քան 100 մլրդ դրամով: Այս մասին ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «2019-ի պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6 տրլն 756 մլրդ համախառն ներքին արդյունքի ցուցանիշ, որի 20.75 տոկոսը կամ գումարով 1 տրլն 401 մլրդ 900 մլն դրամը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտ: Սա նշանակում է՝ մենք 2019-ի ընթացքում նախատեսված էր, որ գեներացնեինք շուրջ 6.7 տրլն համախառն ներքին արդյունք, որի 20.75 տոկոսը հարկերի տեսքով վերաբաշխվեր մեր հասարակության մեջ: Փաստացի կատարողականը կազմել է 1 տրլն 464.3 մլրդ դրամ (բացարձակ գերակատարումը` 62.4 մլրդ դրամ), եթե հաշվի ենք առնում ԱԱՀ-ի գծով շուրջ 42.8 մլրդ դրամի հին պարտքի վերադարձը: Եթե հաշվի չենք առնում այդ վերադարձը, ապա փաստացի ցուցանիշը 1 տրլն 507 մլրդ է կամ գերակատարումը կազմում է 105.2 մլրդ դրամ»,-ասաց Անանյանը: ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ 2019-ի սեպտեմբերին հանդես էին եկել նախաձեռնությամբ, և կառավարությունը համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ էր ներկայացրել ԱԺ, որի արդյունքում շատ արագ` հոկտեմբերի 21-ից սկսած կարողացել են սկսել հարկ վճարողերի հանդեպ նախկին ժամանակներում գոյացած հին դեբետների կամ ԱԱՀ-ի հին դեբետային պարտքերի վերադարձի գործընթաց: Օգոստոսի 31-ի դրությամբ՝ դրանք կազմում էին 56.4 մլրդ դրամ, և հոկտեմբերից մեկնարկած վերադարձի գործընթացի արդյունքում հարկ վճարողներին մինչև դեկտեմբերի 31-ը հետ է վերադարձվել հին դեբետային պարտքերի գծով 42.8 մլրդ դրամ:
08:32 - 13 հունվարի, 2020
Մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020 թվականի դրույքաչափերը. ՊԵԿ

Մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020 թվականի դրույքաչափերը. ՊԵԿ

Վերջին օրերին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որոշ քաղաքացիներ ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները կատարելուց հետո ավարտին չեն հասցնում մաքսային ձևակերպման աշխատանքները, և առանց հաշվարկված մաքսային վճարները կատարելու, մեքենաները թողնում են մաքսատան տարածքում՝ հավանաբար ենթադրելով, թե միայն հայտարարագրումը բավարար է տվյալ ավտոմեքենայի դեպքում հետագայում 2019թ․-ին գործող դրույքաչափերը կիրառելու համար։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նկարագրված դեպքերում, եթե հայտարարատուն ավտոմեքենայի համար հաշվարկված վճարումների և բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար կներկայանա 2020թ-ի հունվարի 1-ից հետո, ապա տվյալ ավտոմեքենայի մաքսային վճարները կհաշվարկվեն 2020թ-ի հունվարի 1-ից գործող դրույքաչափերով: Հաշվի առնելով նման իրավիճակները՝ կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արդեն իսկ իրականացրել են ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները, մինչև ընթացիկ տարվա վերջ կատարել նաև հաշվարկված մաքսային վճարումները, ներկայանալ մաքսատուն բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունները ավարտելու, և ավտոմեքենան ԱՏԳ տարածքից դուրս բերելու համար:
08:07 - 30 դեկտեմբերի, 2019
ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգն այլ նպատակներով օգտագործել ու մտադրությունից

ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգն այլ նպատակներով օգտագործել ու մտադրությունից

2020թ-ի հունվարի 1-ից` նախորդ տարվա արդյունքներով մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են գործունեություն իրականացնել միկրոձեռնարկատիրության համակարգում: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում նրանք ազատվելու են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող պետական հարկերից։ Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի ներդրումը միտված է հարկային արտոնությունների միջոցով բացառապես փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը խթանելուն։ Միաժամանակ, առկա են ռիսկեր, որ միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրումը կարող է օգտագործվել ոչ բարեխիղճ հարկ վճարողների կողմից, որոնք կփորձեն առաջարկել իրենց վարձու աշխատողներին գրանցվել որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, և իրենց հետ աշխատանքային հարաբերությունները տեղափոխելով քաղաքացիաիրավական պայմանագրերի դաշտ՝ կխուսափեն հարկային պարտավորություններից: Հետևաբար, Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է գործատուներին և նման առաջարկ ստացած անձանց զերծ մնալ միկրոձեռնարկատիրության արտոնյալ համակարգն այլ նպատակներով օգտագործելու մտադրութությունից: Կոմիտեն միաժամանակ հայտարարում է, որ նշված ռիսկերը բացահայտելու համար ՊԵԿ-ում առկա են համապատասխան տեխնիկական և վերլուծական հնարավորություններ, հետևաբար նման ձևով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերին կտրվի իրավական գնահատական:
07:11 - 27 դեկտեմբերի, 2019
Պետական եկամուտների կոմիտեում ոչ աշխատանքային և տոնական օրերին սահմանվել է հերթապահություն

Պետական եկամուտների կոմիտեում ոչ աշխատանքային և տոնական օրերին սահմանվել է հերթապահություն

Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ առանձին ստորաբաժանումներում ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին սահմանել է հերթապահություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 28-ին, 2020թ. հունվարի 3-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն: Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսանենգության դեմ պայքարի, մաքսային հսկողության, հետաքննության և օպերատիվ- հետախուզության, տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններում և քարտուղարությունում։ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում աշխատանքները կիրականացվեն նաև 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ից մինչև 21.00-ն: Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում: ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:
08:39 - 26 դեկտեմբերի, 2019
ՊԵԿ-ը բացահայտել է պակաս հարկեր վճարելու նպատակով բիզնեսի արհեստական տրոհման դեպքեր  |armenpress.am|

ՊԵԿ-ը բացահայտել է պակաս հարկեր վճարելու նպատակով բիզնեսի արհեստական տրոհման դեպքեր |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումը 2019-ի հունվար-նոյեմբեր ամիսներին հայտնաբերել է միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով գործող հարկ վճարողների: 39 գործող բիզնես արհեստականորեն տրոհվել է 96 հարկ վճարողի՝ պակաս հարկեր վճարելու նպատակով: Այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ նույն բիզնեսը տարբեր մասերի բաժանելը հարկեր վճարելուց խուսափելու նպատակ է հետապնդում: «Այս ուղղությամբ օպերատիվ ստորաբաժանման կողմից միջոցառումները շարունակվել են, և թվով 39 դեպքով հիմնավորվել է, որ թվով 96 հարկ վճարող գործունեություն են իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով: Սա նշանակում է, որ 39 գործող բիզնես տրոհվել է 96 հարկ վճարողների միջև՝ շրջանառության ծավալները բաշխելու և ավելացված արժեքի հարկի դաշտում գործելուց խուսափելու նպատակով»,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ հաշվարկվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Անդրադառնալով հարցին, թե արդյոք լրացուցիչ ռիսկեր չե՞ն տեսնում 2020-ի հունվարից ուժի մեջ մտնող նոր փոփոխությունում, որով մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատիրության սուբյեկտները ստանում են հարկային արտոնություններ՝ Հովհաննիսյանը պատասխանեց՝ ռիսկեր միշտ են տեսնում: «Նման օրենսդրական փոփոխության հետևանքով ռիսկերը կարող են լինել այն առումով, որ որոշ տնտեսավարող սուբյեկտներ կարող են արհեստականորեն տեղավորվել միկրոձեռնարկատիրության համակարգով գործելու շրջանակում և ազատվել հարկերից»,-ասաց նա ու հավելեց՝ իրենց հսկողական աշխատանքներն ուղղված են լինելու նշված ռիսկերը վերհանելուն, հիմնավորելուն ու հետագա ընթացքը լուծելուն:  
11:49 - 17 դեկտեմբերի, 2019
2019-ի 11 ամիսներին ՊԵԿ-ի կողմից հարուցված վարչական վարույթներով վերականգնվել է 370 մլն դրամ, 2018-ին՝ 403 մլն դրամ |news.am|

2019-ի 11 ամիսներին ՊԵԿ-ի կողմից հարուցված վարչական վարույթներով վերականգնվել է 370 մլն դրամ, 2018-ին՝ 403 մլն դրամ |news.am|

news.am: Այս տարի լայնածավալ աշխատանքներ են իրականացվել հանրային սննդի մատուցմամբ զբաղվող խոշոր օբյեկտներում, նրանց կողմից շրջանառության թերհայտարարագրման ռիսկերի, աշխատակիցներին տրվող իրական աշխատավարձի չափերի պարզման ուղղությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, պարզվել է, որ հասարակական սննդի բազմաթիվ օբյեկտներ թերի են հաշվառել իրենց շրջանառությունը, աշխատակիցներին վճարվող աշխատավարձի իրական չափերը եւ խուսափել իրենց հարկային պարտավորությունները կատարելուց: «Հիմնականում վեր հանված ռիսկերը ընդունվել են տնտեսվարողների կողմից եւ նրանք ներկայացրել են ճշգրտված հաշվետվություններ: Ընդհանուր առմամբ իրականացված միջոցառումների արդյունքում միայն աշխատավարձի գծով պակաս վճարված եկամտային հարկի դրվագներով հաշվարկվել է ավելի քան 40 մլն դրամ հարկային պարտավորություն մի քանի դեպքերով, որոնցով հարկերից խուսափելու համար հարուցվել են քրեական գործեր»,-ասաց նա: ՊԵԿ փոխնախագահը նաեւ նշեց, որ 2019-ի 11 ամիսների տվյալներով ՊԵԿ-ի կողմից տնտեսական հանցագործությունների ուղղությամբ հարուցվել են թվով 409 քրեական գործեր, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերում է հարկերից խուսափելուն եւ մաքսանենգության դեպքերին: «151 գործ հարուցվել է հարկերից խուսափելու փաստով, իսկ 128 գործ՝ մաքսանենգությանը դեպքերով: 36 գործ վերաբերում է կանխամտածված սնանկության դեպքերին եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերով հարուցվել է 21 քրգործ: 2018-ին հարուցվել է 63-ով ավելի պակաս քրեական գործ: 2018-ին պետությանը պատճառված վնասը կազմել է 20,2 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 20,8 մլրդ դրամ: 2019-ի 11 ամիսներին ՊԵԿ-ի կողմից հարուցվել է 27 165 վարչական վարույթ, որոնցով տուգանքից գումարը կազմել է 452 մլն դրամ: Փաստացի վերականգնվել է 370 մլն դրամը: 2018-ի նույն ժամանակահատվածում հարուցվել է 22 083 վարչական վարույթ, փաստացի գանձվել է 403 մլն դրամ»,-ասաց նա: Չվճարված հարկային պարտավորությունների գծով, ըստ ՊԵԿ փոխնախագահի, կայացվել է գանձման 26 108 որոշում, որոնցով ընդհանուր գումարը կազմել է, գումարը կազմել է 55,5 մլրդ դրամ, արդյունքում պետբյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ. «2018-ին կայացվել է 5380 նման որոշում՝ 17,2 մլրդ դրամի չափով, փաստացի վերականգնվել է 13,2 մլրդ դրամը»:
08:17 - 17 դեկտեմբերի, 2019