Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել. Միրզոյան
 |1lurer.am|

Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Lաչինի միջանցքում սահմակետեր տեղադրելու վերաբերյալ ադրբեջանական կողմից հրապարակային պահանջներ կամ առաջարկներ հնչել են, մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ: Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Լաչինի ճանապարհին վերահսկողության հաստատման վերաբերյալ առաջարկներին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով նրան, որ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր՝ ադրբեջանական կողմն առաջարկել է Լաչինի ճանապարհին թափանցիկ վերահսկողության մեխանիզմ ներդնել, բայց Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից, և Ադրբեջանը միայնակ է սկսվել վերահսկել միջանցքը։ «Լաչինի վերաբերյալ բանակցություն տեղի է ունեցել, և պայմանավորվածություն է ձեռք է բերվել, և այդ պայմանավորվածությունը և կարգավորումը հանրահայտ է: Այդ պայմանավորվածությունն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել: Ավելին՝ մենք կարծում ենք, որ բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները, և դա վերաբերում է ոչ միայն Լաչինի միջանցքի պայմանավորվածություններին, պետք է անխափան կերպով և հետևողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ: Այն, ինչ Ադրբեջանն արել է և շարունակում է անել Լաչինում, բացարձակապես ապօրինի է, և սա հավաստվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված միջանկյալ վճռով, և պետք է շուտափույթ կերպով վերացվի: Մնացած ամեն ինչ, որը վերաբերում է և կարող է վերաբերի ԼՂ ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, կարող է քննարկվել, վերաքննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ մեխանիզմում, ֆորմատում»,- ասաց Արարատ Միրզոյանը: 
15:57 - 28 ապրիլի, 2023
Մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք արվում են Ադրբեջանի կողմից․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք արվում են Ադրբեջանի կողմից․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին, Ֆրանսիան դա մենակ չի անում, այլ ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին, ինչպես նաև կապ պահելով ՄԱԿ- ու ԵԱՀԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ։ Այս մասին Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։  «Բորորս գիտենք, որ խաղաղության ճանապարհը դժվար է, դժվար է գտնել նաև հաճախ երկար, բայց ես ասում եմ Երևանում, ես ասել են նաև Բախվում, որ դա միակ ճանապարհն է, որ հնարավորություն կտա արդար և կայուն խաղաղության հասնել, նոր հեռանկարներ ստեղծել 2 երկրների ապագայի ու հնակչությունների համար, ուստի վճռականորեն քաջալերում ենք այդ ճանապարհի վրա կանգնել»,- ասաց ԱԳ նախարարը։  Հիշեցնելով անցյալ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի, ԵՄ նախագահի հետ հայկական և ադրբեջանական կողմերի համատեղ հանդիպումը՝ Կատրին Կոլոնան նշեց՝ Ֆրանսիայի նախագահը, ԵՄ նախագահը  ջանքեր գործադրեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը մի կարևոր քայլ կատարեն՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար իրենց տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունն են ճանաչում, եւ դա կատարվեց, այդ հայտարարությունն արվեց։ «Կարծում ենք՝ կարևոր է ամրապնդել այս նվաճումը, շարունակել այս աշխատանքը՝ գուցե առաջնահերթ սահմանագծման աշխատանքները կատարելով, սա թերևս առաջնային կլինի, կամ այլ քայլեր, բայց անհրաժեշտ է կատարել այս աշխատանքը և շատ կոնկրետ այդ հանձնառությունը, որը Ձեր վարչապետի ու Ալիևի կողմից հայտարարվեց Պրագայում։ Բայց տարածքային ամբողջականության հարգանքը, որը բոլոր երկրների համար կարևոր սկզբունք է, նշանակում է նաև հրաժարվել ցանկացած ուժային գործողություններից․ դա ասել եմ Բաքվում, կրկնում եմ այստեղ։ Ադրբեջական ուժերի առաջխաղացման հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականությունը չհարգելը, և հակառակ պարագայում ևս նույնը կասեի, եթե դուք առաջխաղացումներ ունենայիք Ադրբեջանի տարածքում։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի, և դա միակ ճանապարհն է, որ 2 կողմերն առաջն գնան, ուստի մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք արվում են Ադրբեջանի կողմից․ ես դա ասել եմ երեկ նաև նրանց, ովքեր ինձ ընդունեցին ամենաբարձր մակարդակով»,- ասաց ԱԳ նախարարը։ ,- նշեց ԱԳ նախարար Կատրին Կոլոնան։ 
14:56 - 28 ապրիլի, 2023
Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու փորձ կատարած և Կառավարության շենքի գույքը վնասած Ա.Բ.-ի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու փորձ կատարած և Կառավարության շենքի գույքը վնասած Ա.Բ.-ի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Երևան քաղաքի բնակիչ Ա.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 10-ին դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ ՀՀ կառավարության շենքի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, միացել է զանգվածային անկարգությունների մասնակիցներին, հաղթահարելով ոստիկանական պատնեշը՝ մասնակցել է Կառավարության շենքի մուտքի դուռը վնասելուն և շենք մուտք գործելուն ուղղված այլ անձանց գործողություններին: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Բ.-ն ոտքով հարվածել է Կառավարության շենքի մուտքի դռանը, աջ ձեռքի արմունկով երկու և ավելի անգամ հարվածել է նաև դռան ապակուն, ապա իր և մյուսների կողմից վնասված ՀՀ կառավարության շենքի մուտքի դռան պատուհանով մուտք է գործել շենք. զանգվածային անկարգությունների հետևանքով ջարդվել են կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է պետական և մասնավոր գույք: Այնուհետև, Ա.Բ.-ն գնացել է Դեմիրճյան փողոց և, միանալով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, փորձել է բռնություն գործադրել ԱԺ նախագահ Ա.Մ.-ի նկատմամբ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով՝ չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը: Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից գույք վնասելը) և 34-225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու փորձը) նախատեսված հանցանքներ կատարելու համար: Ա.Բ.-ի նկատմամբ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 2023 թվականի ապրիլի 26-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:09 - 27 ապրիլի, 2023
Հայաստանի ԱԳՆ-ից հաստատում են՝  նախարարների եռակողմ  հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել

Հայաստանի ԱԳՆ-ից հաստատում են՝ նախարարների եռակողմ հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարեց, որ ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։  ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են, որ նախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ի պատասխան հարցի, թե որտեղ և երբ է տեղի ունենալու հանդիպումը, ԱԳՆ խոսնակը Infocom-ի հետ զրույցում նշեց․ «Եղել են հանդիպումների առաջարկներ, հիմա կան պայմանավորվածություններ»։ Նա այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ԱԳՆ-ն այդ մասին լրացուցիչ կհայտնի։ Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի հետ մամուլի ասուլիսում հայտարարել էր․ «Մենք, իհարկե, մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր միջնորդներին, մասնավորապես, վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատել է Հայաստանին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ, դրական քայլերի, դերի և արդյունքների համար: Հայաստանը հայտարարել է, որ վերադառնում է գործընթացին։ Իհարկե, մեր ակնկալիքները պետք է իրատեսական լինեն, սա հեշտ գործընթաց չէ, սակայն հերթական բանակցությունների անցկացումը կարևոր փուլ և քայլ է»,- հայտարարել է Բայրամովը։ Պատասխանելով մեր ճշտող հարցին, թե արդյոք հանդիպման առաջարկություն եղել է նաև ԱՄՆ-ից, և հնարավոր է՝ ԱՄՆ միջնորդությամբ հանդիպում տեղի ունենա, ԱԳՆ խոսնակը կրկին հղում կատարեց իր նախորդ պատասխանին, որ եղել են հանդիպումների առաջարկեն՝ չհստակեցնելով՝ ում կողմից են եղել այդ առաջարկները։ Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պետք է կայանար ՌԴ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել այն քանի որ այդ պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ հանդիպման մանրամասները: 
17:00 - 27 ապրիլի, 2023
Միրզոյանը Գալուզինի հետ հանդիպմանը շեշտել է Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից հստակ արձագանքի և գործուն քայլերի անհրաժեշտությունը

Միրզոյանը Գալուզինի հետ հանդիպմանը շեշտել է Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից հստակ արձագանքի և գործուն քայլերի անհրաժեշտությունը

Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման թեմայով խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահե Գևորգյանը, ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Մասնավորապես, վստահության մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով համագործակցության հետագա խթանման, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, հայ-ռուսական հումանիտար կապերի առաջմղման հեռանկարների, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերի շուրջ: Կողմերը ընդգծել են  միջազգային հարաբերությունների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման պրակտիկայի շարունակման կարևորությունն ու տրամադրվածությունը: Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին: Պաշտոնական Բաքվի սադրիչ հայտարարությունների և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ձևավորվող վտանգավոր իրավիճակի, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող միջանցքում անցակետի տեղադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում, ՀՀ ԱԳ նախարարի կողմից շեշտվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման ուղղությամբ Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից հստակ արձագանքի և գործուն քայլերի անհրաժեշտությունը։
11:00 - 26 ապրիլի, 2023
Արարատ Միրզոյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
 |1lurer.am|

Արարատ Միրզոյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Երևանում առանձնազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Ուշադրության կենտրոնում է եղել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ մտքերի փոխանակումը: Կողմերն ընդգծել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հարցում դրական առաջընթացը: Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում երկխոսության առաջանցիկ զարգացումը, ինչպես նաև խորհրդարանական գծով, միջտարածաշրջանային շփումների ու մշակութային կապերի ուղղություններով համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը: Ընդգծվել է ՀՀ և ՌԴ առևտրատնտեսական հարաբերություններում ռեկորդային դինամիկան: ՌԴ ԱԳՆ-ից հավելել են նաև, որ առաջին հերթին ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակի սրման համատեքստում մանրամասն քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում․ «Մատնանշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների համապատասխան»։ Կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ միջև համակարգվածության աստիճանի հետ կապված: Պայմանավորվածություն է ձեռք բերել շփումները շարունակելու մասին:  
09:52 - 26 ապրիլի, 2023
Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հանդիպմանն անընդունելի են համարվել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանն ուղղված քայլերը

Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հանդիպմանն անընդունելի են համարվել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանն ուղղված քայլերը

Ապրիլի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ համար կարևորություն ունեցող հարցերում հատկապես 2020 թ. 44-օրյա պատերազմից ի վեր Ֆրանսիայի, այդ թվում՝ Սենատի կողմից արտահայտվող համերաշխության ու սկզբունքային դիրքորոշումների համար: Նախարարը կարևորել է Ֆրանսիայի շարունակական ներգրավվածության ու ջանքերի անհրաժեշտությունը՝ ընդգծելով Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար բոլոր առկա խնդիրները առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հրամայականը: Բրունո Ռըտայոն ներկայացրել է նախօրեին Լաչինի միջանցք իր այցելությունն ու արված եզրահանգումները:    Երկուստեք անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին: Անընդունելի են համարվել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ապօրինի տեղադրմանն ուղղված քայլերը, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն: Նախարար Միրզոյանը նշել է, որ դրա բացահայտ դրսևորումն են նաև Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող՝ հայերի նկատմամբ ատելության խոսքը, ինչպես նաև հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը:  Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ընդգծվել է ցեղասպանության ու մարդկության դեմ ուղղված նոր հանցագործությունների կանխարգելման հրամայականը:  Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև՝ երկու ժողովուրդների ընդհանուր արժեքների ու պատմական բարեկամության վրա հիմնված երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: 
16:25 - 24 ապրիլի, 2023
ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ

Ապրիլի 18-ին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուի Բոնոն: Քննարկվել են տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցեր: Արարատ Միրզոյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները, այդ թվում՝ համապարփակ ու կայուն խաղաղության հասնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ: Նախարար Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից առավելապաշտական նկրտումներից, ԼՂ ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունից ու ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու կարևորությունը: ԱԳՆ հաղորդմամբ՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականին: Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, այդ թվում՝ ռազմավարական երկխոսությանն առնչվող հարցերի շուրջ:
11:06 - 19 ապրիլի, 2023
Հայկական կողմի՝ խաղաղությանն ուղղված ջանքերը բախվում են Բաքվի ռազմական ոտնձգություններին․ Միրզոյան

Հայկական կողմի՝ խաղաղությանն ուղղված ջանքերը բախվում են Բաքվի ռազմական ոտնձգություններին․ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 14-ին  մասնակցել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որն անցկացվել է նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով: Ինչպես հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունները քննարկել են հանդիպման օրակարգային՝ հատկապես կազմակերպության շրջանակներում հումանիտար ու մշակութային բնագավառներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նիստի ընթացքում ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ 2024 թվականին Գյումրի քաղաքը «Համագործակցության սպորտային մայրաքաղաք» և 2026 թվականին Կապան քաղաքը «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» հռչակելու վերաբերյալ որոշումները:  Հայկական կողմի ելույթում նշվել է, որ հանդիպումն անցկացվում է ԱՊՀ կանոնադրության ստորագրման 30-ամյա հոբելյանական տարում, և այն լավ առիթ է վերահաստատել ԱՊՀ մասնակից պետությունների հավատարմությունն այդ առանցքային փաստաթղթի հիմնարար դրույթներին, մասնավորապես միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովմանը, պետական սահմանների անքակտելիությանը, գոյություն ունեցող սահմանների ճանաչմանը և ապօրինի տարածքային նկրտումներից հրաժարվելուն, ինչպես նաև «ԱՊՀ ստեղծման վերաբերյալ համաձայնագրի, այդ համաձայնագրին կից արձանագրության, ինչպես նաև Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների կյանքի կոչման վճռականությանը»: Ընդգծվել է, որ միայն համատեղ կառուցողական ջանքերով հնարավոր կլինի հասնել հստակ և շոշափելի արդյունքների՝ ԱՊՀ գործունեության արդյունավետության բարձրացման համար: Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում հայկական կողմից ընդգծվել է, որ իրավիճակի կայունացմանն ու երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերը բախվում են պաշտոնական Բաքվի չդադարող ագրեսիվ հռետորաբանությանը և շարունակական ռազմական ոտնձգություններին, որոնց հերթական դրսևորումներից էր ապրիլի 11-ին ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում իրականացված սադրանքը։ Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն չորս ամիս շարունակվող ապօրինի արգելափակման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանը ներգրավված բոլոր կողմերից ակնկալում է գործուն քայլեր՝ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարատադության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման անշեղ կատարման, Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգնման ուղղությամբ՝ խստագույնս հետևելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։ Անդրադառնալով եռակողմ հայտարարության մյուս դրույթների խախտումներին՝ մատնանշվել է, որ հակառակ միջազգային հանրության, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ կոչերի՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու դատավարություններ և ենթարկելով անմարդկային վերաբերմունքի: Ամփոփելով նշվել է, որ չնայած բոլոր դժվարություններին, հայկական կողմը հավատարիմ է առկա հանձնառություններին և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար:
17:32 - 14 ապրիլի, 2023
Պատրաստ ենք աջակցել բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցության սեղանը, ոչ թե մարտի դաշտը․ Բույար Օսմանի
 |armenpress.am|

Պատրաստ ենք աջակցել բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցության սեղանը, ոչ թե մարտի դաշտը․ Բույար Օսմանի |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին հայկական և ադրբեջանական կողմերին քաջալերում է անդրադառնալ սահմանագծմանն ու սահմանազատմանը, հաղորդակցության ուղիների բացմանը: ԵԱՀԿ գործող նախագահն այս մասին ասաց Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Նա նախ ընդգծեց, որ այսօր, սակայն նախկինում ևս ՀՀ ԱԳ նախարարի հետ խոսել են Հայաստանի մտահոգությունների մասին՝ Լաչինի միջանցքի և բնակչության կյանքի վրա դրա ազդեցության մասին: «Ընթացիկ իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան այս համատեքստը ընդհանուր առմամբ մնում է գերակայություն ԵԱՀԿ-ի համար, նաև ինձ համար՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ»,-ասաց Բույար Օսմանին: Օսմանին Հայաստան այցից առաջ՝ նախորդ օրը հանդիպումներ է ունեցել նաև Բաքվում: «Որպես նախագահ՝ մենք ձգտում ենք խաղաղ, համապարփակ և կայուն լուծման այն անհամաձայնությունների, որոնք մտահոգություններ են պատճառում Հայաստանին ու Ադրբեջանին:  Մենք պատրաստակամ ենք՝ շարունակելու մեր ջանքերը՝ ԵԱՀԿ-ի մեխանիզմներով ու կառույցներով, նոր գաղափարներով ու մոտեցումներով, որ հասնենք այդ նպատակին: Ի վերջո, խոսքը վերաբերում է ժողովրդին, մարդկանց, այդ իսկ պատճառով ես կշարունակեմ քաջալերել բոլոր կողմերին՝ երկխոսությամբ ու բանակցությամբ առաջ ընթանալու, ոչ թե ուժով և հարկադրությամբ՝ վեճերի լուծման ուղղությամբ: Մենք աջակցում ենք ցանկացածի ջանքի, որը դրական դինամիկա կբերի՝ իրականացնելու նախկինում համաձայնեցված միջոցառումների ողջ իրականացումը և բացահայտելու համաձայնության նոր ոլորտներ»,-ասաց նա: ԵԱՀԿ գործող նախագահը քաջալերում է անդրադառնալ այնպիսի հույժ կարևոր թեմաների, ինչպիսին են սահմանաագծումն ու սահմանազատումը, ինչպես նաև բացելու հաղորդակցության ուղիները: Իբրև ԵԱՀԿ գործող նախագահ՝ Օսմանին սատարում է ցանկացած ջանք, որը կտանի խաղաղության և այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կդյուրացնեն երկխոսությունը, կնվազեցնեն լարվածությունը, կխթանեն վստահությունը՝ տանելու հարաբերությունների կարգավորման: Ընդգծելով, որ ինքը գալիս է մի երկրից, որը անցել է հակամարտության տառապանքի ուղով՝ նա նշեց, որ Հյուսիսային Մակեդոնիան օգտագործել է բազմակողմ բանակցային հարթակներ՝ լուծելու բարդագույն խնդիրներն իր հարևանների հետ: «Մեր փորձառությամբ տեսնում ենք, որ բանակցության ընթացը կարող է լինել բարդ և խրթին, սակայն բարի-դրացիական հարաբերությունների հեռանկարը և հարատև կայունությունն ու բարգավաճումը եկան այդ ամենի արդյունքում»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք պատրաստ են կիսելու այդ փորձառությունը և աջակցելու բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցության սեղանը, ոչ թե մարտի դաշտը: Նա վերահաստատեց ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ Հայաստանին իր ջանքերի և հավակնությունների ուղղությամբ՝ հասնելու կայուն խաղաղության: Նա վստահեցրեց, որ իբրև ԵԱՀԿ գործող նախագահ՝ ինքը կաշխատի ամրապնդելու և խորացնելու հարաբերությունը՝ խթանելու խաղաղությունն ու կայունությունն այսօրվա անորոշության դարաշրջանում:
16:19 - 13 ապրիլի, 2023
Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված ուժերի փոխարինումը սահմանապահներով պետք է լինի վերջնական կարգավորումների մաս. Միրզոյան

Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված ուժերի փոխարինումը սահմանապահներով պետք է լինի վերջնական կարգավորումների մաս. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացնում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ մամուլի համար հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ․ «Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը: ԱԳ նախարար Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախարար, պարո՛ն Օսմանի, Հարգելի գործընկերներ, Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ Հայաստան Ձեր այցի շրջանակներում: Այս այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ մենք բախվում ենք սպառնալիքների և մարտահրավերների, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին ու մանդատին, տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը, և ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները, ընդգծելու ԵԱՀԿ դերը, ներգրավվածության հնարավորությունը, կառույցի հետ մեր հետագա համագործակցության հեռանկարները: Իհարկե, Հայաստանը ԵԱՀԿ գործընկերներին մշտապես տրամադրում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն: Այսօրվա հանդիպման ընթացքում մենք անդրադարձ ենք կատարել իրավիճակի շուրջ վերջին զարգացումներին, ես գործընկերոջս ներկայացրել եմ 2021թ. մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և հարձակումների, օկուպացիայի, ինչպես նաև ապրիլի 11-ին՝ այցի նախօրեին, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքի, ագրեսիվ գործողությունների հետևանքները: Պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանդիսանում են ԵԱՀԿ արժեքների և Հելսինկիի եզրափակիչ ակտի մի շարք հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ: Այս համատեքստում կարևորել եմ 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայից անմիջապես հետո ԵԱՀԿ փաստահավաք առաքելության գործուղումը Հայաստան, որը հնարավորություն ընձեռեց ԵԱՀԿ դիտորդներին տեղում ծանոթանալ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դրանց մարդասիրական հետևանքներին։ Հավելեմ, որ մեր կարծիքով առաքելության դիտարկումները և վերջնական զեկույցը պետք է հասանելի դառնան բոլոր մասնակից-պետությունների, ինչպես նաև` միջազգային հանրության մյուս ներկայացուցիչների համար՝ որպես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր։ Հարգելի ներկաներ, Գործընկերոջս հետ քննարկոււմների ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության գերակայություններին, ինչպես նաև կազմակերպության առջև ծառացած խոչընդոտներին և դրանց լուծմանն ուղղված հնարավոր ջանքերին: Վերջին աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ։ Այդ մարտահրավերները պահանջում են բոլոր մասնակից-պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության գոտում կազմակերպության գործիքակազմի բոլոր մեխանիզմների կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրում և դրանց վերաբերյալ հստակ դիրքորոշումների արտահայտում՝ առանց ընտրողականության, քաղաքական նախապատվությունների և աշխարհաքաղաքական առաջնահերթությունների: Հարգելի ներկաներ, Ինչպես գիտեք, լրանում է չորրորդ ամիսը, ինչ Ադրբեջանն ապօրինաբար արգելափակված է պահում Լաչինի միջանցքը՝ արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը և դրա կատարումն ապահովելուն ուղղված միջազգային հանրության հստակ պահանջը: Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տները հարկադրաբար լքելուն դրդող այլ գործողություններով Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումների համակարգված քաղաքականություն: Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանը փաստել է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնասներ հասցնելու անմիջական վտանգի առկայությունը: Այս համատեքստում, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ևս մեկ անգամ ընդգծել եմ, որ Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը, միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք կարող է կարևոր նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ թեզերին վերջ դնելու, վերահաս ագրեսիան կանխելու, մարդկային տառապանքները դադարեցնելու և տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում: Գործընկերոջս ուշադրությունն եմ հրավիրել նաև Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս դրույթների խախտումներին: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու դատավարություններ: Նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ չապահովելուն զուգահեռ Բաքուն ադրբեջանցիներով է բնակեցնում իր վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերը: Բացահայտ արհամարհանք ցուցաբերելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ ադրբեջանական կողմը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունն ու ատելության խոսքը՝ սպառնալով նոր ագրեսիայով և լրջորեն վտանգելով տարածաշրջանային կայունությունը: Հարգելի ներկաներ, Հայաստանը հետևողական է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների կատարման և տարածաշրջանում համապարփակ ու երկարատև կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում: Այդ նպատակով Հայաստանը բարեխղճորեն շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Կցանկանայի ընդգծել, որ վերջնական կարգավորման համար, իհարկե, առանցքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմների ներքո: Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ 1990-ականներից, պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը՝ այդ թվում կանխելու ուժի կիրառման ցանկացած դրսևորում: Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության դերակատարությունը, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված կառույցների ներգրավումն՝ իրենց մանդատին համապատասխան։ Եզրափակելով նշեմ, որ օգտվելով այցի ընձեռած հնարավորությունից՝ այսօր մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Հայաստանը կարևորում է իր հարաբերությունները Հյուսիսային Մակեդոնիայի հետ և պատրաստ է հետագայում ևս խթանել մեր երկկողմ օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Պարո՛ն Օսմանի, Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա քննարկումների համար և խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ»:***Հարց («Հանրային հեռուստաընկերություն»). Հարցս ուղղված է երկու արտաքին գործերի նախարարներին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործուն ներգրավվածության անհրաժեշտությունը, բայց ինչպես հայտնի է պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ հակամարտությունն այլևս գոյություն չունի, չնայած փաստերը հակառակն են ապացուցում: Ինչպես նաև, խոսելով Մինսկի խմբի դերակատարության մասին՝ նշել է, որ այն սպառել է իրեն, և այլևս դրա անհրաժեշտությունը չկա: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Արդյո՞ք սա չի նպաստում հակամարտության ավելի սրացմանը: Արարատ Միրզոյան. Կարծում եմ, որ մենք չենք կարող առաջնորդվել ադրբեջանական պնդումներով՝ առավել ևս հաշվի առնելով փաստը, որ շատ հաճախ տարբեր թեմաների առնչությամբ ադրբեջանական զանազան պնդումներն իրենք իրենց ներսում հակասություններ ունեն: Կարող ենք հիշատակել միայն Լաչինի միջանցքի օրինակը, երբ Ադրբեջանը պնդում էր և, կարծում եմ, մինչև օրս էլ պնդում է, որ միջանցքը փակ չէ, արգելափակված չէ, հետո զուգահեռաբար կամ երկու օրվա տարբերությամբ պնդում, որ միջանցքն արգելափակված է շրջակա միջավայրի ոլորտով զբաղվող քաղաքացիական ակտիվիստներով, ովքեր շրջակա միջավայրի հետ կապված մտահոգություններ ունեն, հետո ասում են, որ այդ ակտիվիստները պետք է ստուգեն միջանցքով անցնող բեռներն ու անձանց և այլն: Եթե մենք առաջնորդվենք ադրբեջանական պնդումներով, կատարյալ շփոթի մեջ կհայտնվենք: Ավելին ասեմ, Ադրբեջանը պնդում է, որ ոչ միայն Մինսկի խումբն այլևս գոյություն չունի, այլև Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն չունի, ընդհանրապես այդ կոնտեքստում հարց չկա, որը ենթակա է հասցեագրման, միջազգային քննարկման, լուծման և այլն: Եթե մասնավորեցնեմ պատասխանը և հենց Ձեր բարձրացրած թեմայի մասին խոսեմ, փաստն այն է, որ ԵԱՀԿ անդամ որևէ երկիր միայնակ չի կարող վերջ դնել մի մեխանիզմի, մի ինստիտուտի, մի որոշման, որի հիմնադրման շուրջ միակարծիք են եղել բոլոր անդամ երկրները և որը հիմնադրվել է, ըստ էության, բոլոր անդամ երկրների կողմից: Մինսկի գործընթացը, Մինսկի ձևաչափը գոյություն ունի, այլ բան, որ բազմաթիվ պատճառներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, համանախագահության գործունեությունն այս պահին սառեցված է: Ես վստահ եմ, որ Մինսկի գործընթացը և Մինսկի կոնֆերանսը, որի մասին ի սկզբանե եղել է, դեռ իր անելիքն ունի և դերակատարումն ունի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման գործում: Եվ առհասարակ նաև ԵԱՀԿ-ն անելիք ունի, որովհետև ոչ միայն Մինսկի գործընթացի, այլ նաև մյուս ինստիտուտների, օրինակ՝ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա ունեցած մանդատի ու նրա հնարավորությունների գործադրման մասին է խոսքը: Վստահ եմ, որ ԵԱՀԿ-ն իր անելիքն ունի: Նաև փաստահավաք առաքելության մասին խոսեցինք, որը դեկտեմբերին էր գործուղվել տարածաշրջան, այնպես որ, ինչպես դասականը կասեր, այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են: Հարց («Ազատություն ռադիոկայան»). Մի քանի օր, գուցե շաբաթներ առաջ, վարչապետ Փաշինյանը խոսեց, որ ըստ պլանի նախատեսվում է Հայաստանի սահմանի երկայնքով պաշտպանության նախարարության ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ստորաբաժանումներով: Տեսնելով, թե հիմա ինչ է տեղի ունենում, մենք գիտենք, որ ադրբեջանցիներ են ներխուժել Հայաստանի սահման, և նրանցից մեկին այդպես էլ չգտանք, համենայնդեպս և՛ մեր սահմանապահները, և՛ բանակը, Դուք հավելյալ ռիսկեր այստեղ չե՞ք տեսնում, և արդյո՞ք Բաքուն համաձայնություն տվել է բանակը փոխարինել սահմանապահներով: Շնորհակալություն: Արարատ Միրզոյան. Անշուշտ, բանակի, զինված ուժերի փոխարինումը Հայաստան-Ադրբեջան սահմանին, սահմանապահ ներկայացուցիչներով վստահ եմ, պետք է լինի վերջնական կարգավորումների մաս: Սա կարևոր է մի քանի առումներով՝ նաև հասկանալով, որ, անշուշտ, սահմանապահ ծառայությունը բոլոր երկրներում սահմանապահ առաքելություն է իրականացնում, բայց նաև գործիքակազմն է տարբեր, ընդհուպզենքերն են, զինատեսակներն են տաբեր և այլն: Եվ վստահ եմ, որ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը: Այս գաղափարը քննարկվում է, այս գաղափարը նոր չէ, իրականում մենք նախկինում էլ հրապարակավ առաջարկել ենք զինված ուժերը միմյանցից որոշակի հեռավորության վրա հետ քաշելու հնարավորությունը, այս պահին էլ դա քննարկվում է: Եվ կարող եմ նաև փոքր ինչ գաղտնիք բացել. դա նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է՝ առնվազն մեր առաջարկների տեսքով: Կրկնում եմ, մենք կարևոր ենք համարում այս մեխանիզմի ներդրումը: Այժմ արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանին մասնակիորեն որոշակի հատվածներում այդպիսի մեխանիզմ ունենք, սահմանապահ ծառայությունն է իրականացնում հսկողությունը: Եվ փորձը ցույց է տալիս, որ այդ տարածքներում բախումների հավանականությունը, այսինքն պատմությունը, համենայն դեպս, ցույց է տալիս, որ մեխանիզմի արդյունավետությունը, որ ես նշեցի, կա, իրականում աշխատում է: Ցավոք սրտի, մենք գործ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրների հետ. ես նշեցի, օրինակ, բանակցում էինք, այդ հարցը բանակցությունների մաս է, բայց նաև բանակցություններին զուգահեռ մենք տեսնում ենք, որ գետնի վրա Ադրբեջանը փորձում է, շարունակում է ուժի գործադրման իր անթաքույց քաղաքականությունը: Եվ երբ, ինչպես ասում են, գետնի վրա, ուժը չի կիրառվում, մենք շարունակաբար լսում ենք ամենաբարձր մակարդակով այդ ուժի կիրառման սպառնալիքները և խաղաղ բնակչության, քաղաքացիական բնակչության ահաբեկումը: Եվ այս առավելապաշտական, ագրեսիվ մոտեցումները դրսևորվում են նաև մնացյալ շաղկապված, փոխկապակցված հարցերում, այդ թվում նաև՝ զինված ուժերը սահմանապահներով փոխարինելու, այդ թվում նաև բանակցությունների ընթացքում և այլն: Այսինքն դրանց զուգահեռ սա, իհարկե, մեզ հետ չի պահում շարունակել աշխատել այդ ուղղությամբ, և կրկին վերադառնալով մասնավոր բարձրացված հարցին, այո, դա ընդհանուր կարգավորումների և վերջնական կարգավորումների մաս պետք է լինի»։ 
16:04 - 13 ապրիլի, 2023
Փաստահավաք առաքելության վերջնական զեկույցը պետք է հասանելի դառնա միջազգային հանրության համար. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ գործող նախագահին
 |armenpress.am|

Փաստահավաք առաքելության վերջնական զեկույցը պետք է հասանելի դառնա միջազգային հանրության համար. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ գործող նախագահին |armenpress.am|

armenpress.am: Այս այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ մենք բախվում ենք սպառնալիքների և մարտահրավերների, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին ու մանդատին, տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները, ընդգծելու ԵԱՀԿ դերը, ներգրավվածության հնարավորությունը, կառույցի հետ մեր հետագա համագործակցության հեռանկարները»,- նկատեց Միրզոյանը: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը ԵԱՀԿ գործընկերներին մշտապես տրամադրում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն: «Այսօրվա հանդիպման ընթացքում մենք անդրադարձ ենք կատարել իրավիճակի շուրջ վերջին զարգացումներին, ես գործընկերոջս ներկայացրել եմ 2021 թ. մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և հարձակումների, օկուպացիայի, ինչպես նաև ապրիլի 11-ին՝ այցի նախօրեին, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքի, ագրեսիվ գործողությունների հետևանքները»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանդիսանում են ԵԱՀԿ արժեքների և Հելսինկիի եզրափակիչ ակտի մի շարք հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարևորեց 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայից անմիջապես հետո ԵԱՀԿ փաստահավաք առաքելության գործուղումը Հայաստան, որը հնարավորություն ընձեռեց ԵԱՀԿ դիտորդներին տեղում ծանոթանալ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դրանց մարդասիրական հետևանքներին։ Նա շեշտեց, որ առաքելության դիտարկումները և վերջնական զեկույցը պետք է հասանելի դառնան բոլոր մասնակից-պետությունների, ինչպես նաև` միջազգային հանրության մյուս ներկայացուցիչների համար՝ որպես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր։ Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:
15:44 - 13 ապրիլի, 2023