ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Աննա Վարդապետյանը և ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները

Աննա Վարդապետյանը և ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը դրական է գնահատել ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության առկա մակարդակը, Դատախազության կարիքների շուրջ շարունակական երկխոսությունը և անդրադարձ է կատարել գործընկերության ընդլայնման հեռանկարներին: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ամերիկացի գործընկերների աջակցությունը Հայաստանի դատախազների մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացում և կարևորել է դատախազների շարունակական վերապատրաստման ծրագրերի իրականացումը՝ փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռ և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործման ուղղություններով: Գլխավոր դատախազն ընդգծել է նաև Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հանձնման մասին երկկողմ պայմանագիր կնքելու շուրջ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն թույլ կտա առավել արդյունավետ համագործակցել հետախուզվող անձանց հանձնման գործընթացում. Դրա արդյունքում ՀՀ-ում հանցանք կատարած և ԱՄՆ տեղափոխված անձինք չեն խուսափի արդարադատությունից:   Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև դատախազների գործունեության և արդյունավետության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքներին և ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է այդ կապակցությամբ տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունները: ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման և Դատախազության առաջնահերթությունները ներկայացնելու համար: Ջեյմս Էփլգեյթը բարձր է գնահատել ՀՀ գլխավոր դատախազության հետ շփման մակարդակը և Աննա Վարդապետյանի հետ քննարկել է մի շարք ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները:
17:13 - 16 մայիսի, 2023
Փաստաբան Լեւոն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Փաստաբան Լեւոն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Կաշառք տալու մեջ մեղադրվող փաստաբան Լեւոն Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, նախաձեռնված քրեական վարույթը՝ կարճվել։  Infocom-ի հարցին ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ քննիչը, նախաքննության ավարտ հայտարարելով, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Դատախազություն՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, սակայն վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի (2022 թ․) 81-րդ հոդվածի հիման վրա։ Հիշյալ հոդվածը սահմանում է, որ եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, եւ նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար)։ Նշված արարքը, ըստ ՔՕ-ի, պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով: 5 տարի ժամկետով ազատազրկումը չգերազանցող հանցանքը, ըստ նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի, համարվում է միջին ծանրության։ Այսինքն՝ Գեւորգյանին մեղսագրված արարքը միջին ծանրության հանցանք էր, ինչով պայմանավորված էլ հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով։ Ըստ այդմ, նախաձեռնված քրեական վարույթն էլ կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (2022 թ․) 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով։ Վերջինս սահմանում է, որ վարույթը ենթակա է կարճման, եթե մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, եւ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։ Հիշեցնենք՝ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ մարտի 22-ին՝ ժամը 01։25-ին, պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Նույն մեքենայում գտնվող ուղեւորը (որը, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, Լեւոն Գեւորգյանն է եղել), ըստ ոստիկանության, դրա դիմաց 40 հազար դրամ կաշառք է առաջարկել։ Դրանից հետո կաշառք տալու կասկածանքով նա ձերբակալվել էր, մեկ օր անց՝ ազատ արձակվել։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որն ավելի ուշ ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննության։   Միլենա Խաչիկյան
11:15 - 16 մայիսի, 2023
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հափշտակվել է 908 մլն դրամ. նախկին տնօրենի ու ևս երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հափշտակվել է 908 մլն դրամ. նախկին տնօրենի ու ևս երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործով (վարույթով) 2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ին օժանդակող 2 անձի նկատմամբ: Այս մասին հայտնում են Դատախազությունից;  Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում 2022 թվականի նոյեմբերի 29-ին Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ) (առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն օժանդակելը), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը): 2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲ ընկերության մեծահասակաների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ.Գ.-ի և Բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Նախաքննությամբ պարզվել է, որ Թ.Գ.-ն, 2004 թվականից աշխատելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալի պաշտոնում, 2014 թվականի մայիսից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա.Մ.-ի և Բժշկական կենտրոնի այլ աշխատակիցների հանցակցությամբ, օժանդակել է Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 908 մլն 47 հազար 850 դրամի հափշտակությանը: 2023 թվականի մայիսի 12-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներն ուղարկել է Քննչական կոմիտե՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալներին նոր մեղադրանք ներկայացնելու նպատակով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
10:26 - 16 մայիսի, 2023
ԶՈՒ ինժեներական զորքերի համար ճանապարհաշինական տեխնիկայի պահեստամասերը ձեռք են բերվել էականորեն բարձր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ

ԶՈՒ ինժեներական զորքերի համար ճանապարհաշինական տեխնիկայի պահեստամասերը ձեռք են բերվել էականորեն բարձր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի առաջին եռամսյակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինժեներական-ճանապարհաշինական 45 տեխնիկայի պահեստամասերը ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունը ձեռք է բերել առերևույթ ուռճացված գներով։ «Պահեստամասերի գները համեմատվել են հայաստանյան շուկայում, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներում գործող կազմակերպությունների կողմից առաջարկվող գների հետ։ Շուրջ 700 ինժեներական-ճանապարհաշինական տեխնիկայի պահեստամասերից առանձնացվել են 45-ը, որոնց գնային արժեքն էականորեն բարձր է եղել շուկայում նույն ապրանքատեսակների համար առաջարկվող գներից։ 45 պահեստամասերից 18-ը գնվել են 8 մլն 981 հազար 896 դրամով թանկ, իսկ 27 անվանում պահեստամասերը գնվել են 73 մլն 949 հազար 800 դրամով թանկ։ Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ 2023 թվականի ապրիլի 20-ին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս)»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:17 - 15 մայիսի, 2023
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել ՏԻՄ-երում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից

Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել ՏԻՄ-երում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից

Վայոց ձորի Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ն Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին կաշառք տալու, իրեն վստահված զգալի և խոշոր չափերով գույքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու եղանակով հափշտակելու, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ համատեղ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացում կատարելը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը): Մալիշկա համայնքի նախկին ղեկավար Մ.Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 2 ամիս 29 օր ժամկետով. Մ.Մ.-ն զրկվել է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 3 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ Մ.Մ.-ն, Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական փուլում՝ 2017 թվականի մարտին, հանդիսանալով ռեյտինգային ընտրացուցակով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի՝ Մալիշկա համայնքի նախընտրական շտաբի ղեկավար, այլ անձի հետ հանցակցությամբ, մեկ ձայնի դիմաց 10.000-ական դրամի չափով (ընդհանուր՝ 230 հազար դրամ) ընտրակաշառք է բաժանել Մալիշկա համայնքի բնակիչներ Խ.Դ.-ին, Մ.Գ.-ին, Ա.Ս.-ին, Հ.Ա.-ին և Ն.Շ.-ին՝ վերջիններիս և նրանց մերձավոր ազգականների կողմից իր ներկայացրած թեկնածուի օգտին քվեարկելու համար: Բացի այդ, Մ.Մ.-ն, ունենալով համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն, օգտագործելով իր այդ լիազորությունն ու պաշտոնեական դիրքը, իր որդու՝ «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ ՀՈԱԿ) տնօրեն Վ.Մ.-ի և կնոջ՝ Ն.Ա.-ի հետ, ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ Ն.Ա.-ին ձևականորեն ընդունելով ՀՈԱԿ-ում աշխատանքի՝ որպես բուժքույր: Ն.Ա.-ն, աշխատանքի չներկայանալու պայմաններում, 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, որպես աշխատավարձ և դրան հավասարեցված վճար ստացել է 2 մլն 231 հազար 25 դրամ: Բացի այդ, Մ.Մ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017 թվականի ապրիլին Մալիշկայի համայնքապետարանի գլխավոր մասնագետ-հաշվապահ Ա.Վ.-ի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ իրեն վստահված համայնքի բյուջեի միջոցներից Մալիշկա համայնքի 10 բնակիչների անվամբ, իբրև սոցիալական օգնություն, գումարներ հատկացնելու և յուրացնելու շուրջ: 2017 թվականի ապրիլի վերջին Ա.Վ.-ն 440 հազար դրամն առձեռն հանձնել է Մ.Մ.-ին, ով տիրացել է այդ գումարին: Յուրացման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով՝ Մ.Մ.-ն մի խումբ պաշտոնատար անձանց հետ համատեղ կատարել է պաշտոնեական կեղծիք, կազմել է համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պաշտոնական փաստաթուղթ (կեղծ ցուցակներ): Համայնքի ղեկավար Մ.Մ.-ի որդուն՝ «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Վ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), համայնքի ղեկավար Մ.Մ.-ի կնոջը՝ Ն.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացմանը օժանդակելը), իսկ Մալիշկայի համայնքապետարանի նախկին գլխավոր մասնագետ-հաշվապահ Ա.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը): 2019 թվականի մայիսի 27-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հսկող դատախազի կողմից ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: 2023 թվականի ապրիլի 28-ին դատարանի դատավճռով Մ.Մ.-ն, Վ.Մ.-ն, Ն.Ա.-ն և Ա.Վ.-ն մեղավոր են ճանաչվել իրենց վերագրվող արարքների կատարման մեջ: ՀՈԱԿ-ի տնօրեն Վ.Մ.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 1 մլն դրամ տուգանք և «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ Վ.Մ.-ն ազատվել է նշանակված պատժից: Ն.Ա.-ի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 800 հազար դրամ տուգանք և «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ Ն.Մ.-ն ազատվել է նշանակված պատժից: Ա.Վ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Մեղադրող դատախազի՝ ամբաստանյալներ Մ.Մ.-ից, Վ.Մ.-ից և Ն.Ա.-ից հօգուտ Վայոց ձորի Մալիշկա համայնքի բյուջեի համապարտության կարգով 2 մլն 231 հազար 25 դրամ բռնագանձելու, ինչպես նաև Մ.Մ.-ից և Ա.Վ.-ից համապարտության կարգով 30 հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումը բավարարվել է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
11:37 - 15 մայիսի, 2023
Այնթապ համայնքում ապօրինի օտարված հողերը համայնքին վերադարձնելու համար քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են Պետշահերի վարչություն

Այնթապ համայնքում ապօրինի օտարված հողերը համայնքին վերադարձնելու համար քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են Պետշահերի վարչություն

Դատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է Արարատի մարզի Այնթապ համայնքի (այսուհետ՝ նաև Համայնք) նախկին ղեկավար Կ.Ս.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու և կեղծիք կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մեղադրական եզրակությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան: Քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն՝ համայնքային շահի պաշտպանության նպատակով հայց հարուցելու համար:  Հիշեցնենք, որ Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, ներկայում Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող (պաշտոնավարումը կասեցված է) Կ.Ս.-ն 2014 թվականի հոկտեմբերի 14-ին իր եղբորը՝ Հ.Ս.-ին, տրամադրել է պաշտոնական փաստաթուղթ՝ քաղվածք, որում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ գյուղապետարանում Հ.Ս.-ի անվամբ գրանցվել է 004 հա տնամերձ հողամաս: Այնուհետև նշված քաղվածքը՝ համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում, 2014 թվականի հոկտեմբերի 20-ին ներկայացրել է Կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա 2014 թվականի հոկտեմբերի 23-ին գրանցվել է Հ.Ս.-ի սեփականության իրավունքը Այնթապ համայնքի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10/1 հասցեում գտնվող, 0.03676 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: Բացի այդ, 2016 թվականի ապրիլի 13-ին քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, օրինականացրել է Այնթապի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 6 հասցեում գտնվող հողամասի սեփականատեր Ն.Ն.-ի իրավունքները և առողջության համար վտանգ ներկայացնող, արտադրական նշանակության՝ 156.16 քմ մակերեսով անասնագոմն ու տնտեսական պահեստը: Մեկ այլ դրվագով 2020 թվականի փետրվարի 7-ին Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ, համայնքի ավագանու համապատասխան որոշման բացակայության պայմաններում, գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով իրեն է վաճառել Համայնքի Երևան-Արտաշատ խճուղում գտնվող 435.7 քմ մակերեսով հողամասը, որից 76.16 քմ մակերեսով հողամասը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, իսկ 23 քմ մակերեսով հողամասը եղել է Համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքը. Կ.Ս.-ն իրեն է վաճառել նաև 52.3 քմ մակերեսով ավտոտնակը, 127.5 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 20.1 քմ մակերեսով մետաղական տնակը: Բացի այդ, 2020 թվականի փետրվարի 18-ին կրկին համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի օժանդակությամբ Այնթապ համայնքի Երևան-Մեղրի մայրուղում գտնվող 85.5 քմ մակերեսով հողամասը, որից 27.5 քմ մակերեսով հողամասը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, և 85.5 քմ մակերեսով տեխսպասարկման կայանն օտարել է Գ.Մ.-ին: 2020 թվականի հուլիսի 27-ին կրկին առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Այնթապ համայնքի 1-ին շարքում գտնվող 16.8 քմ մակերեսով հողամասը, որը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում, օտարել է Ա.Ս.-ին: Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կ.Ս.-ն 2020 թվականի օգոստոսի 4-ին առաջատար մասնագետի օժանդակությամբ 30.9 քմ մակերեսով հողամասի վրա՝ ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման և անվտանգության գոտում ինքնակամ կառուցված 3 քմ հիմքը, 1.8 քմ պարիսպը ճանաչել է համայնքային սեփականություն և օրինական: Համայնքի ավագանու համապատասխան որոշման բացակայության պայմաններում, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով Լ.Հ.-ին է վաճառել 30.9 քմ մակերեսով հողամասը, 3 քմ հիմքը, 1.8 քմ պարիսպը: 2020 թվականի նոյեմբերի 30-ին կրկին առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Այնթապ համայնքի նախկին ղեկավարը Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան-Մեղրի մայրուղում գտնվող 3591.4 քմ մակերեսով հողամասը և դրա վրա ինքնակամ կառուցված 815 քմ մակերեսով հասարակական շինությունը, 3.4 քմ մակերեսով պահակատունը, 51 քմ կաթսայատունը, 29.7 քմ մակերեսով պարիսպը և 15.75 քմ մակերեսով ծածկն ուղղակի վաճառքով օտարել է Ա.Ս.-ին: 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կ.Ս.-ն առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Համայնքի 9-րդ փողոցում գտնվող 12.8 քմ մակերեսով հողամասը, որը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, 12.8 քմ մակերեսով ինքնակամ կառուցված խանութն օտարել է Ս.Հ.-ին: Այնթապ համայնքի նախկին ղեկավարի Կ.Ս-ի նկատմամբ 2023 թվականի ապրիլի 21-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ 7 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը՝ 8 դրվագ),  3152 -րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը):
12:41 - 12 մայիսի, 2023
Ստրասբուրգում քննարկվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերը. գլխավոր դատախազը Ստրասբուրգում է

Ստրասբուրգում քննարկվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերը. գլխավոր դատախազը Ստրասբուրգում է

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում է: Այցի շրջանակում Հանձնաժողովի անդամները մայիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Բուրիչին և Եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրին: Աննա Վարդապետյանը Հանձնաժողովի անդամների հետ մասնակցել է նաև «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը: Կլոր սեղան-քննարկման ընթացքում Աննա Վարդապետյանը նշել է. «ՄԻԵԴ վճիռներն ախտորոշող գործիքներ են (diagnostic tools) համակարգային խնդիրների վերհանման հարցում: ՀՀ դատախազությունը պատշաճ ուշադրություն է դարձնում ներպետական օրենսդրությունում և իրավակիրառ պրակտիկայում ՄԻԵԴ նախադեպային իրավունքում ամրագրված չափանիշների պատշաճ իրացմանը»: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Դատախազության կոլեգիայի մի շարք որոշումներին, ՀՀ գլխավոր դատախազի հրամաններին և հանձնարարականներին՝ ուղղված խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորման այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քննության արդյունավետության բարձրացմանը, կալանք խափանման միջոցի կիրառման և իր դեմ ցուցմունք տված վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացմանը, պետության վերահսկողության ներքո գտնվող հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում մահվան դեպքերի արդյունավետ քննության ապահովմանը և այլն: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Բուրիչի հետ զրույցում Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Գլխավոր դատախազությունն անմիջական փոխգործակցության մեջ է Եվրոպայի խորհրդի հետ՝ այդ համատեքստում կարևորելով առաջիկայում Երևանում Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպվող միջազգային համաժողովը, որը նվիրված է օրենքի գերակայության ապահովման ոլորտում դատախազի անկախությանը: Հանդիպումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում Դատախազության դերակատարումը՝ համակարգային խնդիրների լուծման, ինչպես նաև արձանագրված խախտման բնույթից կախված՝ գործերի վերաբացման և նոր քննության անցկացման համատեքստում: Այս առումով Վարդապետյանը կարևորել է ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խմբի աշխատանքը, որի արդյունքում կազմված խորհրդատվական եզրակացությունները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, դարձել կոնկրետ գործերով հանձնարարություններ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպական դատարանի վճիռների կատարման, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման արդյունավետության բարձրացման, Եվրոպական դատարանի վճիռների կատարման մինչգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր: Ընդգծվել են Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմպլեմենտացիային ուղղված քայլերի արդյունավետությունը և այդ առումով կարևորվել Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը։ Անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։ Հանդիպումների ժամանակ ներկայացվել են 2023 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները:
09:50 - 12 մայիսի, 2023
Երևանի պետական համալսարանից հափշտակվել է 5,7 մլն դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան

Երևանի պետական համալսարանից հափշտակվել է 5,7 մլն դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան

Երևանի պետական համալսարանում 2019 թվականին  առանձնապես խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործի (նախաձեռնված վարույթի) շրջանակում, նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել համալսարանի կարիքների համար ձեռք բերված սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի՝ 2016 թվականի հրամանով, համալսարանի կարիքների համար էլեկտրակենցաղային սարքավորումներ ձեռք բերելու համար ստեղծվել է գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են նախագահ Ա.Ղ.-ն, անդամներ Մ.Ս.-ն, Կ.Մ.-ն, Ս.Հ.-ն և քարտուղար Ե.Ս.-ն: Բաց ընթացակարգով էլեկտրական սարքավորումների ձեռքբերման ընթացակարգի հայտարարության և հրավերի տեքստերն ուղարկվել են շրջանակային համաձայնագիր կնքած անձանց էլեկտրոնային հասցեներին և սահմանվել հայտերի ընդունման վերջնաժամկետ: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել միայն Երևանի պետական համալսարանի գնումների վարչության գնումների մասնագետ Ա.Մ.-ի ամուսինը՝ անհատ ձեռնարկատեր Է.Մ.-ն, և «Մարինե-90» ՍՊ ընկերությունը։ 2016 թվականի մայիսի 31-ին հանձնաժողովի անդամները նվազագույն գնային առաջարկ ներկայացրած Է.Մ.-ից պահանջել են ներկայացնել որակավորման չափանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր: Համալսարանի գնումների վարչության գնումների մասնագետ Ա.Մ.-ի ամուսին Է.Մ.-ն, իրականությունը խեղաթյուրելու, մրցույթում հաղթող ճանաչվելու և համալսարանի ռեկտորի կողմից 2016 թվականի մայիսի 20-ին հաստատված էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի և կենցաղային սարքավորումների գնման նախահաշվում նշված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող էլեկտրակենցաղային սարքավորումներ մատակարարելու դիտավորությամբ, գրություն է ուղարկել հանձնաժողովին, որ ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են նախատեսված բնութագրերին: Հանձնաժողովի անդամները, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նոր մրցույթ չհայտարարելու հանգամանքով պայմանավորված, ԵՊՀ շահերին հակառակ, հօգուտ Է.Մ.-ի, որոշել են չմերժել Է.Մ.-ի ներկայացրած գնման ընթացակարգերին ակնհայտ չհամապատասխանող հայտը, որից հետո Է.Մ.-ն 7 մլն 155 հազար 967 դրամով տեխնիկական բնութագրերից տարբերվող էլեկտրակենցաղային սարքավորումներ է ձեռք բերել (19 սառնարան, 17 հեռուստացույց, 23 օդորակիչ), որի համար ԵՊՀ-ն դուրս է գրել 12 մլն 830 հազար դրամ: Հրավերի տեխնիկական բնութագրից տարբերվող նշված ապրանքատեսակների մատակարարման վերաբերյալ Է.Մ.-ի Ա/Ձ-ի և ԵՊՀ-ի հիմնադրամի միջև՝ ի դեմս ռեկտորի, կազմվել են հանձնման-ընդունման ակտեր, որից հետո Է.Մ.-ի կողմից ՀՀ-ում գործող այլ մատակարարից ձեռք բերված և հենց նրա կողմից անմիջապես Հիմնադրամին մատակարարված 7 մլն 155 հազար 967 դրամի ապրանքների դիմաց ԵՊՀ-ն բանկային փոխանցմամբ Է.Մ.-ի Ա/Ձ-ին վճարել է 12 մլն 830 հազար դրամ. արդյունքում Է.Մ.-ն խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլն 674 հազար 33 դրամ չհիմնավորված հավելյալ գումար: 2023 թվականի ապրիլի 28-ին նախաքննության ընթացքում մեղադրյալ Ս.Հ.-ի նկատմամբ կիրառվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում՝ «Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի դրույթների կիրառմամբ: 2023 թվականի ապրիլի 20-ին և 21-ին Ա.Ղ.-ի, Մ.Ս.-ի և Կ.Մ.-ի նկատմամբ դատախազի նախաձեռնությամբ հարուցվել է քրեական հետապնդում: Հսկող դատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:45 - 11 մայիսի, 2023
ՀՀ ՔԿ-ն դատախազին է ուղարկել Իջևանում կոռուպցիոն չարաշահումների վարույթի մեղադրական եզրակացությունը

ՀՀ ՔԿ-ն դատախազին է ուղարկել Իջևանում կոռուպցիոն չարաշահումների վարույթի մեղադրական եզրակացությունը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է Իջևան համայնքի նախկին ղեկավարի, «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ նախկին տնօրենի և մի քանի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վարույթով նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2011-2019թթ. ընթացքում Իջևան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Վ. Ղ.-ն 2016թ. հունիսի 1-ին  իր ընկերոջ կնոջը նշանակել է «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, իսկ 2016թ. հուլիսի 3-ին՝ նույն հիմնարկի տնօրեն: «2017թ. վերոնշյալ ընկերոջ կողմից ԱԺ պատգամավոր ընտրվելու և կնոջ հետ Երևան քաղաք տեղափոխվելուց հետո Իջևան համայնքի նախկին ղեկավարը դիտավորությամբ հսկողություն չի իրականացրել ընկերոջ կնոջ կողմից 2017թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չիրականացնելու նկատմամբ։ Այդ ընթացքում վերջինս փաստացի աշխատանքի չի ներկայացել և աշխատանքային պարտականությունները չի կատարել, իսկ Իջևանի համայնքապետարանի կողմից հիշյալ ընկերությանը հատկացված դրամական միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված ընդհանուր 698.365 ՀՀ դրամ խոշոր չափերի գումարը յուրացվել է ՓԲԸ տնօրենի կողմից: Բացի այդ, ՓԲԸ-ում որպես լրագրող ձևակերպված անձի կողմից 2016թ. հունիսի 4-ից մինչև 2018թ.-ի հուլիսի 20-ն աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու պարագայում, ՓԲԸ տնօրենը, ունենալով համապատասխան լիազորություններ, ոչ միայն նրա նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց չի կիրառել, աշխատանքից չի ազատել և չի լուծել աշխատանքային պայմանագիրը, այլև պաշտոնեական դիրքն օգտագործելով հանձնարարել է հաշվարկել և նրան վճարել այդ ժամանակահատվածի համար դրույքաչափերով նախատեսված աշխատավարձը՝ ընդհանուր 1.074.997 ՀՀ դրամի չափով՝ փաստացի այդ աշխատակցի օժանդակությամբ կատարելով վատնում: Տնօրենը նույն հիմնարկի հաշվապահին և փոխտնօրենին հանձնարարել է կազմել իր և հիշյալ լրագրողի՝ աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող՝ աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տվյալներ պարունակող աշխատավարձերի ցուցակներ և աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրեր։ Դրանց մի մասը հաստատել է ինքը՝ այդպիսով կատարելով պաշտոնեական կեղծիք։ Իսկ մյուս մասը, իր բացակայության ընթացքում, հանձնարարել է հաստատել փոխտնօրենին՝ դրդելով վերջինիս և հաշվապահին կատարել կեղծիք։ Այդ կերպ հիմնարկի վերոնշյալ երեք աշխատակիցների օժանդակությամբ տնօրենի կողմից յուրացվել, վատնվել է խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 1.700.000  ՀՀ դրամ գումար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ի նախկին տնօրենին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (երկու դրվագ), պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն և փաստաթղթերի կեղծմանը դրդելու համար։  Մեղադրանքներ են ներկայացվել նաև ՓԲԸ-ի նախկին փոխտնօրենին, հաշվապահին, ինչպես նաև «Իջևանի վերնատուն պատկերասրահ» ՓԲԸ-ի նախկին մամուլի պատասխանատուին։ Բոլոր 5 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան հանձնելու համար:  Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:03 - 10 մայիսի, 2023
Գագիկ Խաչատրյանի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով ՊԵԿ նախագահի նախկին տեղակալը և Տեսչության պետը չարաշահել են լիազորությունները

Գագիկ Խաչատրյանի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով ՊԵԿ նախագահի նախկին տեղակալը և Տեսչության պետը չարաշահել են լիազորությունները

2009 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի մայիսի 17-ը լինելով ՊԵԿ նախագահի տեղակալ՝ Տ.Բ.-ն, իր վերադաս Գագիկ Խաչատրյանի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով, ապահովել է, որ պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 372 մլն 897 հազար 900 դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ընկերության կողմից ՊԵԿ-ում գրավադրված «Հիդրոապարատ» ընկերության 132.615 հատ բաժնետոմսերը շուկայականից էապես՝ 34 մլն 328 հազար 964 դրամով ցածր գնով, վաճառվեն ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի քրոջ և եղբոր որդիների մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերության հետ 2012 թվականի հուլիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագրում ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը չներառելու հետևանքով, ՊԵԿ նախագահի տեղակալ Տ.Բ.-ն ապահովել է, որ «Մոնդո դի Մոբիլի» ընկերությունն ազատվի 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է 34 մլն 328 հազար 964 դրամի նյութական վնաս: Դրանից բացի, Տ.Բ.-ն, տեղեկանալով, որ Գագիկ Խաչատրյանի ազգականի կողմից հիմնադրված և փաստացի կառավարվող, արտերկրում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերությունը 6 մլն ԱՄն դոլարի չափով փոխառություն է տրամադրել «Լևոն Ամիրխանյան» ընկերությանը, դրա վերադարձը ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, խախտելով «Հարկերի մասին» օրենքի պահանջները, Նոր Նորքի հարկային տեսչության պետ Վ.Ս.-ին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել և վերացնել «Լևոն Ամիրխանյան» ընկերության գույքերի՝ Խանջյան 29 շենքի 67 միավոր անշարժ գույքերի և Վարդանանց 69 շենքի վրա դրված արգելանքները, որոնք սահմանվել էին Ընկերության կողմից հարկային պարտավորությունները չկատարելու համար: Նոր Նորքի հարկային տեսչության պետը, նշված ապօրինի հանձնարարության հիման վրա, 2014 թվականի նոյեմբերի 11-ին Տեսչության աշխատակցի միջոցով կազմել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության գույքերի վրա դրված արգելանքները վերացնելու վերաբերյալ ապօրինի գրություն, որից հետո այն իր ստորագրությամբ հաստատել, կնիքել և ուղարկել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե. Արդյունքում վերը նշված գույքերի նկատմամբ կիրառված արգելանքները վերացվել են: Արգելանքներն ապօրինի վերացնելուց հետո «Լևոն Ամիրխանյան» ընկերության հետ փոխկապակցված «Ուրմ» ՍՊ ընկերության անունից նշված անշարժ գույքերը 2014 թվականի դեկտեմբերի 17-ին գրավադրվել են Արդշինբանկում: Դրանց դիմաց տրամադրվել է 6 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որից 3 մլն 950 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 մլրդ 718 մլն 250 հազար գումարը 2014 թվականի դեկտեմբերի 19-ին փոխանցվել է «Բրեդվել Ինվեսթմենթս Քորփ» ընկերությանը։ «Լևոն Ամիրխանյան» ընկերության հարկային պարտավորություններն այդպես էլ չեն կատարվել: Վերոնշյալ դիտավորյալ գործողությունների հետևանքով պետական բյուջեի հանդեպ առանձնապես խոշոր չափերի պարտավորություններ ունենալու պայմաններում, «Լևոն Ամիրխանյան» ընկերությունը փաստացի հնարավորություն է ստացել տնօրինել նշված գույքերը, որի հետևանքով արգելանքից հանված գույքերը կրկին ծանրաբեռնվել են գրավով ապահովված պարտավորությամբ՝ 6 մլն ԱՄՆ դոլարի չափով, միջոցներ չեն ձեռնարկվել առանձնապես խոշոր չափերով՝ 88 մլն 462 հազար 355 դրամի հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով: Պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու համար դատախազական խմբի ղեկավարի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Տ.Բ-ի (երկու դրվագ) և Նոր Նորքի հարկային տեսչության պետ Վ.Ս-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. 2023 թվականի մայիսի 3-ին հսկող դատախազների խմբի ղեկավարի որոշմամբ՝ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:52 - 10 մայիսի, 2023
Մասիսի նախկին ղեկավարը վատնման եղանակով ձեռք է բերել համայնքային նշանակություն ունեցող շենք-շինություններ. գործը դատարանում է

Մասիսի նախկին ղեկավարը վատնման եղանակով ձեռք է բերել համայնքային նշանակություն ունեցող շենք-շինություններ. գործը դատարանում է

Արարատի մարզի Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2007 և 2008 թվականներին հանցավոր գործունեությամբ հափշտակել է Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը, դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը: 2023 թվականի ապրիլի 18-ին հսկող դատախազի կողմից Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացումը կամ վատնումը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացումը, փողերի լվացումը): Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Հ.-ն, 1999 թվականից հանդիսանալով Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ղեկավարը, 2007 թվականի դեկտեմբերի 27-ին ավագանու նիստում քննարկմանն է ներկայացրել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը և Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստը նվիրատվությամբ ավագանու անդամ, «ՍԻՍ» ՓԲԸ տնօրեն Ա.Բ.-ին հատկացնելու հարցը. նույն օրը ավագանին նշված գույքերը նվիրատվությամբ հատկացրել է Ա.Բ.-ին: Այնուհետև, Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող վարչական շենքերը «ՍԻՍ» ՓԲԸ տնօրեն Ա.Բ.-ի անվամբ հաշվառելու համար Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2008 թվականի փետրվարի 11-ին ավագանու քննարկմանն է ներկայացրել նույն հասցեներում գտնվող 385 քմ մակերեսով և 244.5 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով Ա.Բ.-ին օտարելու հարցը. նույն օրը ավագանու կողմից կայացվել է դրական որոշում Նախաքննությամբ պարզվել է, որ 385 քմ մակերեսով հողատարածքի պայմանագրով սահմանված գումարը Ա.Բ.-ին տրամադրել է համայնքի ղեկավարը: Արդյունքում, 48 մլն 160 հազար դրամ արժեքով գույքերը գրանցվել են ավագանու անդամ Ա.Բ.-ի անվամբ: Այնուհետև, Ս.Հ.-ն Ա.Բ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքն իր խորհրդական Ռ.Ղ.-ի անվամբ գրանցելու վերաբերյալ՝ խոստանալով իր պաշտոնավարումը դադարելուց և գույքերն իր տիրապետման ներքո հայտնվելուց հետո դրանք վաճառել և Ա.Բ.-ին փոխանցել 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը ցուցաբերած օգնության դիմաց՝ թողնել Ա.Բ.-ին: 2008 թվականի փետրվարի 28-ին ավագանու անդամ Ա.Բ.-ն իր հանցակցին՝ Մասիս համայնքի ղեկավարին, օժանդակելու նպատակով Ս.Հ.-ի պահանջով խորհրդական Ռ.Ղ.-ի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր՝ 39 մլն 200 հազար դրամ արժողության վարչական շենքն ու հողամասն ընդամենը 1 մլն դրամով Ռ.Ղ.-ին վաճառելու վերաբերյալ: 2017 թվականի նոյեմբերի 7-ին Ս.Հ.-ն, երբ արդեն չի հանդիսացել Մասիս քաղաքային համայնքի ղեկավար, հանձնարարել է Ռ.Ղ.-ին նշված շենքն իր հողամասով և հավասարաչափ բաժիններով նվիրատվությամբ օտարել իր որդուն՝ Ա.Հ.-ին և իր գործընկերոջ՝ Ար.Ս.-ի եղբայր Ալ.Ս.-ի դստերը՝ Ն.Ս.-ին: Հսկող դատախազը 2023 թվականի մայիսի 8-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան:
12:44 - 10 մայիսի, 2023
Հայաստանի 16 քաղաքացու ապօրինի միգրացիան կազմակերպելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ

Հայաստանի 16 քաղաքացու ապօրինի միգրացիան կազմակերպելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ

2023 թվականի ապրիլի 28-ին հսկող դատախազը հաստատել է Հայաստանի Հանրապետության 16 քաղաքացիների ապօրինի միգրացիան կազմակերպելու վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2022 թվականի հունիսի 20-ին նախաձեռնված վարույթով՝ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ անօրինական միգրացիայի կազմակերպումը): Վարույթի ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ 5 անձինք, նախնական համաձայնությամբ, 18 և 26 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, կազմակերպել են Հայաստանի Հանրապետության 16 քաղաքացու անօրինական միգրացիան Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, 4-ի նկատմամբ՝ գրավը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:01 - 05 մայիսի, 2023
«Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված հողամասն օտարվել է շուկայական արժեքից մոտ 4.4 միլիարդ դրամով պակաս. Դատախազություն

«Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված հողամասն օտարվել է շուկայական արժեքից մոտ 4.4 միլիարդ դրամով պակաս. Դատախազություն

Երևան քաղաքի Սարալանջի 1 հասցեում գտնվող նախկին «Երիտասարդական պալատ»(Կուկուռուզնիկ) պետական փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ հանձնված 31780,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը կազմել է 805 մլն 623 հազար դրամ, իսկ շուկայականին մոտարկված արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ, 2004 թվականի հունվարի 16-ին օտարվել է 62 մլն 973 հազար 405 դրամով: Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 2004 թվականի հունվարի 16-ին Երևանի քաղաքապետը, խախտելով «Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշումը, ինչպես նաև Հողային օրենսգրքի պահանջները, պետական սեփականություն հանդիսացող նախկին «Երիտասարդական պալատ» ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված Սարալանջի 1 հասցեում գտնվող 31780,0 քմ մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը 805 մլն 623 հազար դրամ է, իսկ շուկայականին մոտարկված արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքից էականորեն պակաս գնով՝ 62 մլն 973 հազար 405 դրամով, առանց օրինական հիմքերի օտարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Բացի այդ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով 2011 թվականին «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը կադաստրային արժեքով օտարվել են նաև Սարալանջի 1 հասցեում գտնվող 53.0 քմ և 4854.86 քմ մակերեսներով հողամասերը, մինչդեռ դրանցից 53.0 քմ մակերեսով հողամասը, համաձայն Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ-ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2005 թվականի գրության, ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ենթակա չի եղել օտարման: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, նոտարի, ինչպես նաև այլ անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպք՝ 2023 թվականի ապրիլի 20-ին դատախազի կողմից առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: 2023 թվականի ապրիլի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք կատարելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով: Գլխավոր դատախազությունը 2023 թվականի մայիսի 5-ին, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, հայց է ներկայացրել Վարչական դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:45 - 05 մայիսի, 2023
Խարդախությամբ հափշտակվել են 4 մլրդ դրամը գերազանցող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր. Դատախազություն

Խարդախությամբ հափշտակվել են 4 մլրդ դրամը գերազանցող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր. Դատախազություն

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում երկար տարիներ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, մտերիմ հարաբերություններ ձևավորելով Կոմիտեի այլ պաշտոնատար անձանց հետ` Գ.Մ.-ն 2017-2021 թվականների ընթացքում խարդախությամբ հափշտակել է 4 մլրդ 233 մլն 57 հազար 363 դրամ արժեքով` Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, հափշտակվել է Երևան քաղաքի Աջափնյակ Գ-1 թաղամասում գտնվող 3550 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 437 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, Երևան քաղաքի, Գ-1 թաղամասում գտնվող 4000 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլն 760 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, Երևան քաղաքի, Աջափնյակ Գ-1 թաղամասում գտնվող 8405 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 24 մլն 710 հազար 700 դրամ կադաստրային արժեքով հողամասը, Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, Երևան քաղաքի Աջափնյակ, Լուկաշինի փողոցին հարող տարածքում գտնվող 12.860 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 37 մլն 133 հազար 250 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը, Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված Երևան քաղաքի Շենգավիթ, Արտաշատի խճուղում գտնվող 5000 քմ մակերեսով, գյուղատնտեսական նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 14 մլն 700 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, Նույն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցում գտնվող 2080 քմ մակերեսով, բնակավայրերի (տնամերձ) նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 22 մլն 276 հազար 800 դրամ կադաստրային արժեքով հողամասը, Երևան Կենտրոն, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող 12.400 քմ մակերեսով, հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 730 մլն 462 հազար 920 դրամ կադաստրային արժեքով հողամասը, Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 6.640 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 254 մլն 244 հազար 936 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը, Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցում գտնվող 9.420 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 360 մլն 690 հազար 858 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը. Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցում գտնվող 7090 քմ մակերեսով, բնակավայրերի (այլ) նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 417 մլն 659 հազար 847 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը, Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 16.870 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 645 մլն 950 հազար 613 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը, Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 17.730 քմ մակերեսով, բնակավայրերի (այլ) նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 1 մլրդ 44 մլն 444 հազար 159 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը, Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 17.200 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 658 մլն 586 հազար 280 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը: Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում Գ.Մ.-ն, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ իրավունք ձեռք բերելու շուրջ հանցավոր համաձայնության է եկել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մի շարք անձանց հետ, տարբեր քաղաքացիների անվամբ կեղծ փաստաթղթերի միջոցով հողամասեր գրանցելու նպատակով ստացել է նրանց անձնագրերի պատճենները, անհրաժեշտ այլ տվյալներ և, դեռևս չպարզված հանգամանքներում և անձանց միջոցով, կազմել է հողամասերի կեղծ կադաստրային գործեր: Կադաստրային գործերում, ի թիվս այլնի, ներառվել են Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր, վճարման կեղծ անդորրագրեր, անշարժ գույքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ կեղծ դիմումներ, սեփականության իրավունքի կեղծ վկայականներ և այլ փաստաթղթեր, համաձայն որոնց՝ իբր Երևանի քաղաքապետի տարբեր որոշումների հիման վրա՝ 2000-ական թվականներին կնքված առուվաճառքի պայմանագրերով հողամասերն օտարված են եղել ՀՀ տարբեր քաղաքացիների:            Այնուհետև, այդ կադաստրային կեղծ գործերը, դեռևս չպարզված հանգամանքներում, տեղադրվել են Կոմիտեի արխիվում, մի շարք դեպքերում համապատասխան մատյանների իրական էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող թերթերով, կամ, ընդհանրապես, հեռացվել են: Վերոնշյալ արարքները կատարելուց հետո, Գ.Մ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Հ.Մ.-ի, ինչպես նաև դեռևս չպարզված այլ պաշտոնատար անձանց հետ, Հ.Մ.-ին համոզելու եղանակով դրդել է նրան չարաշահել պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես` Գ.Մ.-ն Հ.Մ.-ին խնդրել է չկատարել պաշտոնի անձնագրից բխող աշխատանքային պարտականությունները, չհամեմատել կեղծ կադաստրային գործերի թղթային և էլեկտրոնային տարբերակները և գրանցման էլեկտրոնային համակարգում մուտքագրել իր կողմից մատնանշված ապօրինի կադաստրային գործերը: Արդյունքում, Կոմիտեի գրանցման էլեկտրոնային «ARPIS» համակարգում տեսաներածվել (սկանավորվել) և մուտքագրվել են կեղծ կադաստրային գործեր, համաձայն որոնց՝ վերոնշյալ հողամասերի նկատմամբ իրավունք են ունեցել Գ.Մ.-ի ներկայացրած անձինք, ինչի հետևանքով Գ.Մ.-ին և նրա հետ հանցավոր համաձայնության եկած անձանց հնարավորություն է տրվել փաստացի տնօրինել և օգտագործել այդ հողամասերը: Որոշ դեպքերում հափշտակված հողամասերը հետագայում օտարվել են տարբեր անձանց: Քրեական վարույթով հսկող դատախազի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել Գ.Մ.-ի, Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Հ.Մ.-ի, Գ.Մ.-ի հետ խմբի կազմում հողամասերը հափշտակած և հափշտակությանն օժանդակած 10 անձի նկատմամբ: 6 մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտ: Միաժամանակ, Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, միջոցներ են ձեռնարկվել հափշտակված գույքերը համայնքին և պետությանը վերադարձնելու ուղղությամբ. Գլխավոր դատախազությունը հայցեր է հարուցել Վարչական դատարան:
12:28 - 04 մայիսի, 2023
Բացահայտվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարների հետ մեկ այլ անձի առերևույթ հանցակցության, ինչպես նաև նրա կատարած խարդախությունների այլ դեպքեր

Բացահայտվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարների հետ մեկ այլ անձի առերևույթ հանցակցության, ինչպես նաև նրա կատարած խարդախությունների այլ դեպքեր

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ անձի կողմից «Հանրային ձայն» կուսակցության նախագահի միջոցով այլ անձի արատավորելու և ներդրված գումարները  վերադարձնելուն հարկադրելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու, ինչպես նաև՝ նույն անձի կողմից մի շարք քաղաքացիների գումարները խարդախությամբ հափշտակելու դեպքերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես, Երևան քաղաքի բնակիչ, 09.04.1980թ. ծնված Հայկ Խաչատրյանը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում խարդախություն կատարելու դիտավորությամբ, նշված կուսակցության գրասենյակում Կ․Ա․-ին կեղծ խոստումներ են տվել առ այն, որ 8.000.000 ՀՀ դրամ գումար Ա․Գ․-ին փոխանցելու դեպքում վերջինս «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի միջոցով համացանցում կհանրայնացնի Կ․Ա․-ի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սննդի կետ հիմնելու համար ներդրած 34.000 ԱՄՆ դոլար գումարը վարձատուի կողմից չվերադարձնելու դեպքը, վարձատուի մասին կտարածի արատավորող տեղեկություններ, որի արդյունքում կապահովվի ինչպես ներդրված 34.000 ԱՄՆ դոլարի, այնպես էլ՝ իրենց տրամադրվելիք 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը  Կ․Ա․-ին: Վերջինս վերոնշյալ խոսակցության բովանդակության մասին տեղեկացրել է իր մտերիմ Շ․Ա․-ին ու նրան ծանոթացրել Հայկ  Խաչատրյանի հետ: Դրանից հետո՝ 2022թ․ հունիսի 23-ին, Հայկ Խաչատրյանը, խմբի կողմից պլանավորած հանցագործությունը քողարկելու և դրան քաղաքացիաիրավական բնույթ հաղորդելու նպատակով, Շ.Ա․-ի հետ կնքել է 8.000.000 ՀՀ դրամ գումարը  երկու ամսից վերադարձնելու վերաբերյալ փոխառության պայմանագիր, իսկ հաջորդ օրը՝ 2022թ․ հունիսի 24-ին, Շ․Ա․-ից առձեռն ստանալով հափշտակության առարկան՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը, Կ․Ա․-ի հետ գնացել է «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ: Գրասենյակում Արտակ Գալստյանի ցուցումով Հայկ Խաչատրյանը հափշտակված  գումարի մի մասը՝ 6.000.000 ՀՀ դրամը, փոխանցել է տեղում փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձին, իսկ մնացած 2.000.000 ՀՀ դրամը պահել է իր մոտ՝ դրանից 1.000.000 ՀՀ դրամը Վարդան Ղուկասյանին փոխանցելու նպատակով, ապա կրկին հաստատել, որ շատ կարճ ժամանակահատվածում Վարդան Ղուկասյանի կողմից վարձատուի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու եղանակով կապահովվի սննդի կետի գործունեության համար ներդրված 34.000 ԱՄՆ դոլար գումարի և իրենց տրամադրված 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը Կ.Ա.-ին: Հետագա օրերի ընթացքում, տուժողին տված խոստումների կատարման պատրանք ստեղծելու նպատակով, թեև Վարդան Ղուկասյանն իր եթերներում անդրադարձել է վերոնշյալ խնդրին ու վարձատուի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու միջոցով նրան գույքային պարտավորություններ ստանձնելու ապարդյուն պահանջներ ներկայացրել, սակայն հանցավոր խմբի անդամները Կ.Ա-ի գույքային խնդիրները լուծելուն ուղղված որևէ գործընթաց չեն ձեռնարկել ու այդ կերպ խարդախությամբ հափշտակել են վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը: Բացի վերոնշյալը, Հայկ Խաչատրյանը, ներկայանալով ՌԴ իրավապահ համակարգում մեծ կապեր և հնարավորություններ, գործարար համբավ ունեցող անձնավորություն, քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնող անձին արգելանքից ազատելու, Երևանում տաքսի ծառայության գրասենյակ հիմնելու, այն վերանորոգելու, գովազդելու, Արաբական Միացյալ Էմիրություններից ավտոմեքենաներ գնելու և ՀՀ տեղափոխելու, Իրանի Իսլամական Հանրապետությունից բժշկական դիմակներ ձեռք բերելու և ՀՀ դրանց ներմուծումը կազմակերպելու պատրվակներով, չարաշահելով իր նկատմամբ ունեցած վստահությունը, մի խումբ անձանցից խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 102.473.316 ՀՀ դրամ գումարներ։Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին` Հ․Խաչատրյանի նկատմամբ ընդհանուր 8 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին) և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է: Հայկ Խաչատրյանը ձերբակալվել է՝ կալանավորման նպատակով դատարան ներկայացելու համար։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ խարդախության վերոնշյալ դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, դրանցում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու, ինչպես նաև՝ Հայկ Խաչատրյանի կողմից այլ նմանատիպ հանցագործություններ կատարած լինելու հանգամանքը պարզելու ուղությամբ։ Հաշվի առնելով, որ Հայկ Խաչատրյանի հանցավոր գործողություններից կարող են տուժած լինել նաև այլ անձինք՝ վերջիններիս հորդորում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:23 - 04 մայիսի, 2023