Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության նպատակով բռնարարի ոտքին կամ ձեռքին էլեկտրոնային շղթա կամրացվի

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության նպատակով բռնարարի ոտքին կամ ձեռքին էլեկտրոնային շղթա կամրացվի

 Ազգային ժողովը մարտի 1-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է ընտանեկան բռնությունը կանխելու համար բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել: «Ներկայում օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Դրանցից մեկն անհետաձգելի միջամտության որոշումներն են, մյուսը` պաշտպանության միջոց կիրառելու որոշուները: Առաջին դեպքում ոստիկանության ծառայողի կողմից է համապատասխան որոշումը կայացվում, իսկ երկրորդ դեպքում պաշտպանության միջոցը կիրառում է դատարանը` հաշվի առնելով, որ այն երկաժամկետ միջամտություն ենթադրող որոշում է»,- ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արփինե Սարգսյանը նշել է, որ նախագծով նախատեսվում է այս երկու խումբ որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաեւ էլեկտրոնային հսկողության միջոցներ, ինչը ենթադրում է, որ բռնարարի ու զոհի մոտ տեղադրվում է էլեկտրոնային հսկողության սարք, որն իրար մոտենալու կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգ կլինի իրավասու մարմնի մոտ: Նա տեղեկացրել է, որ շատ երկրներ նման արդյունավետ փորձ իրականացրել են: Փոխնախարարի խոսքով ընտանիքում բռության ենթարկված անձանց պարագայում մեր հանրապետությունը փորձ չունի, բայց էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման փորձ արդեն իսկ ունի` ի դեմս Քրեական դատավարության նոր օրեսգրքով նախատեսված` տնային կալանք եւ վարչական հսկողություն խափանման միջոցների, որոնք կիրառվում են 2023 թվականի հունվարի 1-ից: Հիմնական զեկուցողը նշել է, որ այդ նպատակով 200 էլեկտրոնային ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար կպահանջվի 560 մլն դրամ: Նմանատիպ ձեռնաշղթաների ներպետական մատակարարողներ ՀՀ-ում չկան, դրանք արտերկրից են ներմուծվում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է` Հայաստանում քանի` ընտանեկան բռության ենթարկված անձ կա: Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 1547 դեպք, որից 619-ը` անհետաձգելի են եղել, 6-ի դեպքում պաշտպանության միջոցներ են կիրառվել: «Ընտանիքում բռնության դեմ պայքարը շատ կարեւոր է: Եթե անգամ մեկ դեպք ունենանք, ապա այն ազդակ է, որպեսզի քայլեր ձեռնարկենք» Ընդգծվել է նաեւ, որ վիճակագրությունը միայն արձանագրված դեպքերին է վերաբերում. քիչ մարդիկ են դիմում, շատերը ենթարվում են բռնության, սակայն չեն բարձրաձայնում այդ մասին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվել է, թե ինչպես է աշխատելու էլեկտրոնային հսկողության սարքը, ինչպես են ոստիկանության աշխատակիցները ստանալու ահազանգը: Արփինե Սարգսյանը նշել է, որ էլեկտրոնային հսկողության սարքը կկիրառվի այն դեպքում, երբ նախազգուշացում կատարելուց հետո մեկ տարում անձը կրկնակի խախտում կանի:  Բռնարարի ձեռքին կամ ոտքին համապատասխան շղթա կլինի,  շղթա կլինի նաեւ բռնության զոհի մոտ, որպեսզի մոտենալու դեպքում  հնարավոր լինի ազդակ ստանալ: Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են արբանյակային, կենսաչափական, ռադիոալիքային կամ այլ էլեկտրոնային հսկողութան  միջոցների կիրառմամբ: Հարակից զեկուցող, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը, կարեւորելով օրենքի նախագիծը, կոչ է արել կողմ քվեարկել: Եզրափակիչ ելույթում Արփինե Սարգսյանը անդրադարձել է պատգամավորների դիտարկումներին: Կարեւորելով օրենքի նախագիծը` նա նշել է, որ փոփոխությունները  վերաբերում են թե' ընտանիքում բռնության կանխարգելմանը, թե' բռնության ենթարկված անձանց պաշպանությանը, ընտանիքում համերաշխության վերականգմանը: Օրենքի նախագիծը նախատեսում է անհետաձգելի միջամտության եւ  պաշտպանական որոշումների կայացման  ռեժիմներ: «Սա գործիքակազմ է, որպեսզի հնարավոր լինի այս երկու ռեժիմները իրականացնել»,- ասել է նա։ Փոխնախարարը կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին եւ պատրաստակամություն հայտնել` առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում քննարկել ներկայացրած առաջարկները:
11:58 - 01 մարտի, 2023
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը |armenpress.am|

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը շարունակում է փետրվարի 28-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Մարտի 1-ի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը: Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երևանի Ազատության հրապարակում և երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ: Զոհերից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին: 
10:39 - 01 մարտի, 2023
«Մի քիչ ավել եմ համարում Մոսկվայից ջղաձգումները, երբ որևէ այլ կողմ փորձում է դրական բան անել». Ալեն Սիմոնյան |news.am|

«Մի քիչ ավել եմ համարում Մոսկվայից ջղաձգումները, երբ որևէ այլ կողմ փորձում է դրական բան անել». Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Իհարկե, Ռուսաստանը դեր ունի հայ-ադրբեջանկան բանակցություններում, չի կարող չունենալ, որովհետեւ այնուամենայնիվ ռուս խաղաղապահներն են այնտեղ կանգնած: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին զարգացումները տեղի են ունենում ԵՄ նախաձեռնությամբ, այլ ոչ Ռուսաստանի: «Միաժամանակ մի քիչ ավել եմ համարում Մոսկվայի ջղաձգումներն ու նյարդային արձագանքները, որոնք տեղի են ունենում, երբ որեւէ  այլ կողմ փորձում է որեւէ դրական բան անել: Ես դրանք շատ ավելի էմոցիոնալ եմ համարում, քան քաղաքական մեծ կառույցի կողմից պետք է լինի: Պետք է մի քիչ ավելի հանգիստ, զսպված լինեն, պետք է հասկանան իրավիճակը, հասկանան, որ Հայաստանն իր  շահերն ունի, իր անվտանգության խնդիրն ունի, որը պետք է ապահովի ի հեճուկս աշխարհաքաղաքական որեւէ ելեւէջի կամ որեւէ մեկի ցանկության կամ խանդի»,-ասաց նա: Ալեն Սիմոնյանը նաեւ հավելեց. «Ռուսները միշտ ասում են, որ եթե ուրիշները կարող են հարցը լուծել, մենք միայն կողմ կլինենք, բայց հարցն այն է, որ այդ հարցը պետք է լուծեն իրենք: Պետ է լուծած լինեին: Իրենք էին մեր տարածքային ամբողջականությն, անվտանգության ապահովողը, այստեղ է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, մեր պայմանագրերը այս իրավիճակին էին միտված: Բա դուք ո՞ւր եք, ինչի չեք ավելի ակտիվ մասնակցում: Եթե չեք կարողանում, պետք է դրա մասին բարձրաձայն ասել, միգուցե միասին նստել եւ  ելքեր գտնել: Բայց տեսնում ենք այն, ինչ տեղի է ունենում»:
14:20 - 28 փետրվարի, 2023
Քրեորեն պատժելի կհամարվեն ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը․ նախագիծն ԱԺ-ում է

Քրեորեն պատժելի կհամարվեն ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը․ նախագիծն ԱԺ-ում է

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար։ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը այսօր Ազգային ժողովում օրինագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալայանը։  Փոխնախարարը ներկայացրեց, թե որոնք են այդ գործողությունները․ «Բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները։ Քրեականացվելու են նաև նման գործողություններ կատարելուն, այսինքն՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»:  Լևոն Բալայանը տեղեկացրեց նաև, որ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից՝ մինչև վաղաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկում՝առավելագույնը երեք տարի ժամկետով․«Իսկ եթե կոչերը կատարվել են՝ օգտագործելով հրապարակային ցուցադրվող ստեղծագործությունները կամ ԶԼՄ-ները կամ տեղեկատավական տեխնոլոգիաները, ապա կարող են սպառնալ մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում»։
14:19 - 28 փետրվարի, 2023
Որևէ տեսակետ չունենք ո՛չ Ռուբեն Վարդանյանի նշանակման, ո՛չ էլ ազատման վերաբերյալ, ՀՀ-ն հետաքրքրություն չունի այդ հարցում․ Ալեն Սիմոնյան |tert.am|

Որևէ տեսակետ չունենք ո՛չ Ռուբեն Վարդանյանի նշանակման, ո՛չ էլ ազատման վերաբերյալ, ՀՀ-ն հետաքրքրություն չունի այդ հարցում․ Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է մոտ ապագայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, Սիմոնյանը ասաց, որ նման տեղեկություն չունի: «Ես ուրախ եմ, որ մենք կամաց-կամաց գալիս ենք այն իրավիճակին, որ Արցախի օրինական ներկայացուցիչները իրենք են բանակցում և իրենք են որոշումներ կայացնում և մենք կարողանում ենք տարանջատել Արցախի և Հայաստանի ղեկավարություններին։ Արցախի ղեկավարություններն են բանակցում, Արցախի ղեկավարություններն են որոշում կայացնում, հարցը ինձ չի վերաբերում»,- ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կա՞ որոշում, որ Ադրբեջանը ստուգումներ անի Կաշենի հանքավայրում։ Դիտարկմանը՝ ի՞նչ կարծիք ունի Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելու մասին, Սիմոնյանն ասաց․ «Երևանը ինչպես նշանակման ժամանակ որևէ տեսակետ չուներ, այնպես էլ ազատման դեպքում։ Ես չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է կայացվել Վարդանյանին նշանակելու որոշումը և նույնպես չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է նա ազատվել։ ՀՀ իշխանությունները այդ հարցերում որևէ մասնակցություն չեն ունեցել և հետևաբար որևէ հետաքրքրություն չունեն այդ հարցի շուրջ»։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա կոնսենսուսին, ԱԺ նախագահը ասաց, որ կոնսենսուս առկա է։ «Մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ։ Երկու երկրների պայմանագրերը վերաբերում են այդ երկրների հարաբերություններին, Արցախի հարցը իմ ընկալմամբ այդ երկու երկների միջև պայմանագրում որևէ կերպ արտահայտված չպետք է լինի։ Թող չլինի տպավորություն, որ այդ պայմանագրով մենք փորձում ենք հետ կանգնել Արցախի շահերի պաշտպանությունից։ Արդյո՞ք մենք նոր դրույթ դնելով այդ պայմանագրի մեջ չեղյալ չենք հայտարարի նոյեմբերի 9-ի՝ մեզ համար կարևոր արձանագրումները, որոնց տակ կա Ալիևի ստորագրությունը»,- ասաց Սիմոնյանը։
13:59 - 28 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս է պատճառել Ադրբեջանին, քան  Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով, Ադրբեջանը քաղաքական առումով հայտնվել է փակուղու մեջ: Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն անդրադառնալով՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանն այս որոշումը մաքսիմալ միջազգային բոլոր ատյաններում օգտագործելու է, լինելու են նաև այլ որոշումներ: «Միջազգային առումով բավականին մեծ հաջողություններ ենք գրանցում և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել: Իմ գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան  Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով: Այո, մենք տուժեցինք, այո, մենք ծանր ենք տանում, այո, մեր հայրենակիցները փակված են, մենք խնդիրներ ունենք: Սակայն, իմ գնահատմամբ, քաղաքական առումով Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ սա պետք է օգտագործվի: Անդրադառնալով հարցին, թե Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ Հաագայի դատարանի որոշման կատարումը կարո՞ղ է բանակցություններում նախապայման լինել՝ ԱԺ նախագահն ասաց, որ Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքի վերաբերյալ, որովհետև Լաչինի միջանցքի վերաբերյալ կա բանակցված և ստորագրված փաստաթուղթ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
12:47 - 28 փետրվարի, 2023
Առաջարկվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92%-ի չափով․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Առաջարկվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92%-ի չափով․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր քննարկեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92%-ի չափով։ Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալայանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ դատախազների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումը առաջ է քաշվել՝ նկատի ունենալով որոշ կարևոր գործոններ, որոնց թվին դասվում են․ քրեական վարույթի ընթացքում դատախազի նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը, որը պայմանավորված է վարույթի ընթացքում դատախազի անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենպաստ որոշումներ կայացնելու բացառիկ լիազորությամբ օժտված լինելու հանգամանքով, քրեական գործերի քանակի շարունակական աճը, որի պայմաններում դատախազների անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել դատախազությանը վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության նվազեցմանը։ Մյուս կողմից, ցածր վարձատրության պայմաններում գերծանրաբեռնվածությունը, հանրային բարձր պատասխանատվությունը, դատախազների վրա առկա հնարավոր ճնշումները դատախազի աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ՝ համակարգը բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու տեսանկյունից։  Դատախազներին տրամադրվելիք հավելումների պայմաններում դատախազության համակարգում մինչև 2024 թ․-ի ավարտը նախատեսվող ատեստավորման իրականացման հնարավորությունը․ ատեստավորումը կիրականացվի ատեստավորման ենթակա բոլոր դատախազների համար՝ զբաղեցրած պաշտոնին, դատախազների մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքային ունակություններին համապատասխանությունը որոշելու նպատակով։
12:27 - 28 փետրվարի, 2023
ԱԱԾ մարմիններում ատեստավորման նոր համակարգ կներդրվի․ նախագիծն ԱԺ-ում է

ԱԱԾ մարմիններում ատեստավորման նոր համակարգ կներդրվի․ նախագիծն ԱԺ-ում է

Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգ կներդրվի։ Կառավարության ներկայացրած «ԱԱԾ մարմիններում ծառայության մասին և պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։ «Նախագծերի նպատակը ԱԱԾ մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումն է, դրա արդյունքում ավելի բարձր վարձատրության նախատեսումը, ինչպես նաև ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովումը»։  Ըստ նրա՝ նախագծերով առաջարկվում է ԱԱԾ մարմիններում, պետական սահամանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկել հավելավճար․ «Նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն ատեստավորման առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով։ Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ։ Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը կրկին ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում երկու անգամ դիմելու հնարավորություն կունենա։ Ատետավորման ընթացակարգը, հաշվարկվող հավելավճարի չափերն ու վճարման կարգը սահմանվելու է կառավարության որոշմամբ, իսկ ատեստավորման ենթակա ծառայողների պաշտոնների շրջանակը ԱԱԾ տնօրենի հրամանով»։
11:30 - 28 փետրվարի, 2023
Ընդդիմադիր խմբակցությունները Սեդա Սաֆարյանի հարցով իրավական գործընթաց կնախաձեռնեն

Ընդդիմադիր խմբակցությունները Սեդա Սաֆարյանի հարցով իրավական գործընթաց կնախաձեռնեն

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից առերեւույթ խախտում թույլ տալու առնչությամբ իրավական գործընթաց կնախաձեռնեն։ Հիշեցնենք՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հանրային ծառայության անցնելուց հետո որպես ներկայացուցիչ վերաքննիչ բողոք է մուտք արել դատարան, ինչի իրավունքը արդեն չուներ։ Միեւնույն ժամանակ նա սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել են դատավորի վարքագծի եւ անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատավորի վարքագծի կանոնները խախտելը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է, ինչի համար համախատասխան դիմում կարող է ներկայացնել ՍԴ առնվազն 3 դատավոր։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ այդ նպատակով վարույթը կարող է հարուցվել ենթադրյալ խախտումը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո։ Անհամատեղելիության պահանջը խախտելը լիազորությունների դադարեցման հիմք է, որի նպատակով ՍԴ իրավասու է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների թվի առնվազն երեք հինգերորդի կողմից ընդունված որոշմամբ։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ը փետրվարի 14-ին գրավոր հարցումներ է ուղարկել Աժ երեք խմբակցություններին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք քննարկել են Սեդա Սաֆարյանին վերաբերող հիշյալ դեպքը, ի՞նչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ, եւ պատրաստվո՞ւմ են ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ․ եթե այո, ապա ե՞րբ, եթե ոչ, ապա ի՞նչ պատճառաբանությամբ։ Փետրվարի 21-ին ԱԺ խմբակցություններին դիմել են նաեւ փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանը՝ ներկայացնելով Սեդա Սաֆարյանի կողմից ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ՍԴ դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ իրենց միջնորդությունը եւ առաջարկելով կազմակերպել ՍԴ դիմելու գործընթացը։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը այսօր տեղեկացրել է, որ ստացել են փաստաբանների համատեղ դիմումը, այժմ ընթանում են «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծի մշակման աշխատանքները: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւս տեղեկացրել է, որ իրենք ստացել են փաստաբանների գրությունը, այս պահին «Հայաստան» դաշինքի հետ քննարկում են, թե ինչ ընթացակարգով են շարժվելու․ «Փաստաբանների վեր հանած խնդիրները խիստ տրամաբանական են եւ համապատասխանում են ՍԴ դատավորի աշխատանքի անհամատեղելիության խնդրին, եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տարբերակներից մեկով կսատարի այդ գործընթացին»,- մեր զրույցում ասել է Մամիջանյանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մեր հարցմանը չի պատասխանել։ Նրա օգնական Սյուզի Սարգսյանը փոխանցել է, որ դրանում նշված հարցերը հարցազրույցի բնույթ են կրում։ Դրանից բացի, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ըստ Սարգսյանի, տարածվում է գործադիր իշխանության վրա, իսկ պատգամավորներին չի վերաբերում։ Նշենք, սակայն, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։ Ազգային ժողովը օրենսդիր իշխանություն իրականացնող պետական մարմին է, եւ թե՛ ԱԺ աշխատակազմը, թե՛ պատգամավորները գրավոր հարցումների հիման վրա պարտավոր են եւ մշտապես տեղեկություններ տրամադրում են։   Միլենա Խաչիկյան
18:25 - 27 փետրվարի, 2023
Շարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերների հետ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ. ԱԺ-ում հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի պատվիրակությունը

Շարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերների հետ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ. ԱԺ-ում հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի պատվիրակությունը

Լյուքսեմբուրգը եղել եւ մնում է կարեւոր գործընկեր Հայաստանի համար: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը փետրվարի 27-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի փոխխոսնակ, պալատի բյուրոյի փոխնախագահ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: «Մենք վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ ընդլայնելու եւ խորացնելու հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ շրջանակներում: Մեր երկիրը կարեւորում է Լյուքսեմբուրգի հետ փոխգործակցությունը նաեւ ժողովրդավարության հաստատման եւ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում»,- նշել է նա: Սոնա Ղազարյանի գնահատմամբ՝ Եվրամիությունում Լյուքսեմբուրգը տարբերվում է հստակ եւ հասցեական ուղերձներով: Դրա վառ վկայությունն են կոշտ գնահատականները 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան շրջանում: «Լյուքսեմբուրգը հասցեական էր Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ հայտարարություններում, եւ այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում նրա աջակցությունը»,- ընդգծել է բարեկամական խմբի ղեկավարը: Նա հավելել է, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ ապօրինի ներխուժել երկրի ինքնիշխան տարածք: Նման փխրուն անվտանգային միջավայրում Սոնա Ղազարյանը կարեւորել է ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության իրականացումը: Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը եւ դրա հումանիտար հետեւանքներին: Այս առումով նա ընդգծել է Լյուքսեմբուրգի կողմից Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու կարեւորությունը: Պատգամավորը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում նաեւ Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: «Մենք շարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերների հետ Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ»,- ասել է Սոնա Ղազարյանը:Ջունա Բերնարդն ընդգծել է, որ իրենց խորհրդարանն ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ադրբեջանական ագրեսիային եւ Լաչինի միջանցքի փակմանն ու մտահոգված է այս իրավիճակով: «2020 թվականի ագրեսիայից հետո մենք նույնպես քաջալերում եւ խրախուսում էինք զինադադարի կնքումը, ինչպես նաեւ Արցախին քաղաքական կարգավիճակ տալը»,- ասել է հյուրը: Խորհրդարանի փոխխոսնակը դատապարտել է Հայաստանի դեմ վերջին հարձակումները եւ ընդգծել, որ իրենք աջակցում են ԵՄ-ի՝ Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու որոշմանը: «Մենք շարունակելու ենք աջակցել խաղաղության հաստատմանը, որը կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ Արցախում բնակվող հայերի իրավունքը»,- փաստել է Ջունա Բերնարդը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի անդամներ Արման Եղոյանը, Սեյրան Օհանյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Ծովինար Վարդանյանը: Խմբի անդամները եւս անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված աղետալի վիճակին, արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում պատանդառված հայերի շուտափույթ վերադարձին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայկական օրակարգի շուրջ իշխանության եւ ընդդիմության համատեղ աշխատանքին, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային մի շարք խնդիրների:
17:47 - 27 փետրվարի, 2023
ՀՀ ԱԺ նախագահն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին

ՀՀ ԱԺ նախագահն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում, իսկ հայ-ամերիկյան երկխոսությունը կրում է ռազմավարական բնույթ: Ալեն Սիմոնյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը մեր երկրում իրականացվող համակարգային բարեփոխումներին, որոնք նպաստում են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Կողմերն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մտահոգություն հայտնելով արցախահայության շրջանում առաջացած հումանիտար աղետի վերաբերյալ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ կարևոր քայլերից է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով: Նա շեշտել է, որ որոշման իմպլեմենտացիայի հարցում Միացյալ Նահանգները կարող է որոշիչ, ծանրակշիռ դեր ունենալ: Մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառման շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը, եզրափակելով խոսքը, նշել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ, որդեգրել է ժողովրդավարության ուղին եւ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին:
15:10 - 27 փետրվարի, 2023
Կառավարությունը քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը. Ալեն Սիմոնյան

Կառավարությունը քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպայում Լյուքսեմբուրգը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր ու բարեկամ երկիր է, և մեծապես կարևոր է երկու երկրների քաղաքական երկխոսության հետագա խորացումը: Ալեն Սիմոնյանը նկատել է, որ նախորդ շաբաթը Հայաստանում Լյուքսեմբուրգի շաբաթ էր. ԱԺ խոսնակը փետրվարի 23-ին խորհրդարանում կարևոր զրույց է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ: «Մենք ուրախ ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց` ի նշանավորումն վերջին տարիներին երկկողմ համագործակցության աննախադեպ խորացման, Լյուքսեմբուրգը դեսպան է (ոչ ռեզիդենտ) հավատարմագրում Հայաստանում: Այս առումով կարծում ենք, որ հաջորդ տրամաբանական քայլը կլինի Հայաստանում Լյուքսեմբուրգի գլխավոր հյուպատոսության բացումը, որը կծածկի նաև Վրաստանը և Իրանը: Տեղեկացնեմ, որ Հայաստանի կառավարությունը քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը»,- նշել է ԱԺ նախագահը: Երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ամրապնդման հարցում երկուստեք ընդգծվել է բարեկամական խմբերի ակտիվությունը: ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել  ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից ընդունված բանաձևերի համար: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առնչվող մարտահրավերները` մասնավորեցնելով Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող խնդիրները: Այս համատեքստում հիշատակվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից անցյալ շաբաթ կայացրած որոշումը, որն իրավական հիմք է ստեղծում միջազգային դերակատարների գործնական քայլերի համար` պարտադրելով Ադրբեջանին բացել կյանքի ճանապարհը: Մտքեր են փոխանակվել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման առաջնահերթության շուրջ` կարևորելով ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը: Հիշեցնենք, որ բարեկամ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը ևս ընդգրկված է առաքելության կազմում: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին և այդ հարցում ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում` Լյուքսեմբուրգի աջակցությունը:
14:03 - 27 փետրվարի, 2023
ԼՂ հարցը պետք է լուծվի Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսությամբ. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՂ հարցը պետք է լուծվի Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսությամբ. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Լեռնային Ղարաբաղի հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին ու անվտանգությանը, և այն պետք է լուծվի Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսության միջոցով: Այս մասին, ինչպես հայտնում են ԱԺ հանրային կապերի բաժնից, փետրվարի 24-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: «Երեկվա բանավեճի ընթացքում, երբ այս վեհաժողովի անդամները խոսում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և դրա անհապաղ վերագործարկման անհրաժեշտության մասին, մեր ադրբեջանցի գործընկերները նրանց հակադարձում էին այն փաստարկով, թե դեկտեմբերից ի վեր միջանցքով անցել են Կարմիր Խաչի և ռուսական խաղաղապահ զորախմբի մի քանի հարյուր բեռնատարներ: Հարցս հետևյալն է. երբվանի՞ց մենք սկսեցինք հաշվել բեռնատարների քանակը, որոնք սնունդ, դեղորայք և վառելիք են հասցնում մեր բնակավայրեր, երբվանի՞ց է ազատ տեղաշարժի իրավունքը դարձել մեծահոգության դրսևորում և դեռ որքա՞ն կարելի է ծաղրել միջազգային հանրությանը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսելիս մեր նպատակը հակամարտությունը հավերժացնելը չէ: Ճիշտ հակառակը. մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը Հարավային Կովկասում ատելության և բռնության շրջափուլը հաղթահարելու համար»,- շեշտել է պատգամավորը: Խանդանյանը հստակ հայտարարել է, որ Հայաստանը հավատում է, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է լուծել խնդիրները և կայունություն հաստատել տարածաշրջանում: Հայաստանը պատրաստ է առաջ մղել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացը՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիմքով: Նրա խոսքով՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի ոչ Ադրբեջանի, ոչ էլ իր հարևաններից որևէ մեկի նկատմամբ: «Լեռնային Ղարաբաղի հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին ու անվտանգությանը, և այն պետք է լուծվի Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսության միջոցով»,- նշել է Խանդանյանը: Նա վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական բոլոր ենթակառուցվածքները՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավասության պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն ունի ավելի քան 30 տարի: Ես ավելի երիտասարդ եմ, քան այս հակամարտությունը, և որպես երիտասարդ խորհրդարանական, որպես երիտասարդ որոշում կայացնող՝ ես չեմ ցանկանում այս հակամարտությունը ժառանգություն թողնել հաջորդ սերնդին: Այս տարվա նախագահության կարգախոսն է՝ «Սա մարդկանց մասին է» (It's about people), և ես հավատում եմ, հուսով եմ՝ մենք հավատում ենք, որ դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այդպես չէ՞»,- եզրափակել է պատգամավորը:
12:05 - 25 փետրվարի, 2023