Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է․ Նիկոլ Փաշինյան

Մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։ Փաշինյանը, ի պատասխան կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյուքններից։  «Շատ տարօրինակ բան եմ հիմա ասում, հասկանում եմ՝ շատ մանրամասներ չեմ կարող ասել, պետք է արձանագրեմ, որ ինչքան էլ մենք երջանիկ չենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում դրա դրույթները ի չիք դարձնելու համար։ Առաջինը, որ կա Լեռնային Ղարաբաղ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում և ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի, պաշտպանության գծի, Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև կապ ապաովելու համար։ Այս երեք դրությները ունեն անկյունաքարային նշանակություն ունեն։ Եվ Ադրբեջանը պայքարում է դրանց դեմ։ Իր դիրքորոշումներում Ադրբեջանը որոշակիորեն խճճվել է»,- նշեց Փաշինյանը։  Փաշինյանը նշեց, որ թեև գուցե կոպիտ հնչի, բայց մենք դիրքի խնդիր չենք լուծում ընդհանրապես։ «Մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է, և ագրեսորը Հայաստանի տարածքից պետք է դուրս գա։ Հայաստանի տարածքը այն տարածքն է, որի վրա ՀՀ-ն հռչակել է անկախություն։ Դա Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է։ Եթե այդ գիծը չի ճանաչում Ադրբեջանը, այլ հարց է»,- ասաց Փաշինյանը։  Վարչապետը անդրադարձավ նաև կամավորական ջոկատներին ու նշեց․  «Ակնհայտ է, որ նրանք առյուծի նման կռիվ են տալիս, և ուզում եմ Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի անունից երախտագիտության, շնորհակալության և գնահատանքի խոսք ասել, մարդկանց, որոնք, զենքը ձեռքին, պաշտպանում են իրենց հայրենիքի ինքնիշխանությունը, անկածությունը, տարածքային ամբողջականությունը, և փառք ընկած հերոսներին»,- տնդգծեց վարչապետը։  Փաշինյանը նաև պատասխանեց հարցին, թե որոնք են մեր գործնական քայլերը մեր կարմիր գծերը պահելու համար։ Վարչապետը հիշեցրեց զորքերի հայելային հետքաշման առաջարկի մասին։ «Երեկ ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ առաջարկություն է հնչել դիտարկելու դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում ՀՀ-ի և Արդբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։ Կարծում եմ՝ սա առաջիկայում պետք է լինի մեր գործնական խնդիրներից մեկը։ Մենք օգտագործելու ենք մեր բոլոր քաղաքական, դիվանագիտական միջոցները ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար։ Ցանկալի է րոպե առաջ դադարեցնել ռազմական գործողությունները, բայց, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն դադարում, և մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը բոլոր հնարավոր ուղղություններով այս խնդիրը լուծելու համար։   Նաև միջազգային հանրության հետ մեր աշխատանքը սերտացնելով։ Շատ կարևոր է միջազգային ճիշտ պատկերացում ձևավորելը տեղի ունեցողի վերաբերյալ։ Այս առումով երեկվա նիստը բավական արդյունավետ էր»,- նշեց Փաշինյանը։     
17:48 - 14 սեպտեմբերի, 2022
Պնդումը, թե  ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ․ այդ սահմանը կա, և այն խախտված է Ադրբեջանի կողմից․ Նիկոլ Փաշինյան

Պնդումը, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ․ այդ սահմանը կա, և այն խախտված է Ադրբեջանի կողմից․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Գևորգ Պապոյանը  հետաքրքրվեց, թե դեմարկացիան և դելիմիտացիան ինչ սկզբունքներով է արվելու, ինչ իրավապայմանագրային հիմքերով է անելու, արդյոք կա որոշակի ըմբռնում կողմերի մոտ։ «Այս հարցը հրապարակային քննարկվել է, բայց նորից անդրադառնալու կարիք կա։ Ինչպես նախկինում, հիմա էլ արձանագրեմ․ ՀՀ դիրքորոշումը տրամաբանական է և հետևյալն է․ խոսելով դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին՝ պետք է հենվենք իրավական որոշումներ վրա, եթե խոսում ենք քարտեզների մասին՝ պետք է հենվենք այն քարտեզների վրա, որոնք հիմնված են իրավական որոշումների վրա։ Առանց դրա քարտեզը գեղանկարչություն է։ Մենք ուսումնասիրել ենք, թե ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանների և քարտեզների ինչ իրավական հիմքեր կան։ Եվ մենք առաջարկել ենք, որ այս հենքի վրա իրականացվի դեմարկացիա և դլիմիտացիա։ Սա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանները, որոնք ԱՊՀ ձևավորման հռչակագրով և հետագայում համապատասխան վավերագրով, ճանաչվել են։ Եվ պնդումը, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ։ Այդ սահմանը կա, և այն խախտված է Ադրբեջանի կողմից, որը երկու փուլանի ագրեսիա է իրականացրել»,- ասաց Փաշինյանը։  Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ երբ Ադրբեջանից հնչել էր տեսակետ, որ ոչ թե ԽՍՄ քարտեզների վրա պետք է հիմնվենք, այլ դրան նախորդած շրջանի, մեր ԱԳՆ-ն կես կատակ, կես լուրջ արձանագրել էր՝ նախախորհրդային որ քարտեզների հիման վրա։ «Մեր կարծիքն այն է, որ ԽՄ քարտեզների վրա պետք է հիմնվի։ Եթե Ադրբեջանը չի ճանաչում ԽՄ քարտեզները, չի հասկացվում տրամաբանությունը, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս եղել է Խորհրդային Միության շրջանում։ Ադրբեջանը երկար ժամանակ վարում է հետևյալ քաղաքականությունը։ Գնում է արևմուտք, ՀՀ-ին ներկայացնում է որպես պրոռուսական պետություն, և արևմուտքում, այսպես ասած, փորձում է առաջ մղել Հայաստանում ՌԴ դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը Ուկրաինայի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։ Ռուսաստանի հետ հաղորդակցությունում ՀՀ-ին ներկայացնում է որպես խիստ արևմտամետ պետություն, և փորձ է անում ստեղծել ըմբռնում՝ գուցե իմաստ ունի Հայաստանին պատժել արևմտամետ քաղաքականություն վարելու համար ու ՌԴ-ում ըմբռնում ստեղծել ՀՀ-ի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության համար։ Չեմ բացառում որ երկու կողմում էլ կան շրջանակներ, որոնց այս գաղափարները դուր են գալիս։ Հույս ունեմ և համոզված եմ, որ պետական մակարդակում նման ընկալում չկա, և մենք էլ շատ ինտենսիվացրել ենք մեր շփումները և՛ ՌԴ-ի, և՛ արևմտյան երկրների հետ։ Հայաստանը պռոքսի պետություն չէ և հավատարիմ է իր պարտավորություններին։ Մեր քաղաքական խնդիրը և դիրքորոշումը հետևյալն է․ ՀՀ և Ադրբեջանի միջև կա սահման, այդ սահմանը ճանաչված է, և այդ սահմանի ճանաչումը վավերացված է երկու երկրների կողմից։ Եթե Ադրբեջանը ասում է, որ նման բան չկա, նրա արտահայտած մի շարք դիրքորոշումներ զրկվում են իմաստից, և որևէ իմնավորում չեն ունենում»,- նշեց Փաշինյանը։  Ռուստամ Բաքոյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպես է արձագանքել ՌԴ-ն, արդյոք այլ երկրներ էլ են շահագրգռված միջանքցի բացումով՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից։ «Ինչքան էլ մենք աշխարհի ամենամեծ և ամենահզոր պետությունը չենք, բայց մեր տարածքային ամբողջականության հարցում ուրիշների տեսակները մեզ շատ չպետք է հետաքրքրի, և մենք ասել ենք, որ ՀՀ տարածքով մենք միջանցք, տարածք չենք տալու։ Այս առումով ուրիշների մեզ հետաքրքրում է երկրորդ հերթին։ Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ այս հարցով ունենք քննարկում և միասնական ըմբռնում, այդ թվում՝ իմ տպավորությամբ միջազգային հանրության հետ։ Չկա մի երկիր, որը մեզ հետ խոսում է միջանցքի մասին, և եթե մի երկիր փորձի, մենք չենք քննարկելու»,- ասաց Փաշինյանը։  Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը առաջարկությունների նոր փաթեթ է ներկայացրել եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատով Ադրբեջանին։ «Այդ առաջարկությունը ես առձեռն փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին այն ընդունեն, մենք պատրաստ ենք դրա իրագործմանը։ Այդ առաջարկությունը այն մասին, որ մենք պատրաստ ենք ճանապարհներ բացել, տալ և ստանալ»,- եզրափակեց Փաշինյանը։ 
17:09 - 14 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել․ դիմել ենք ՀԱՊԿ՝ 4-րդ հոդվածի հիման վրա

Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել․ դիմել ենք ՀԱՊԿ՝ 4-րդ հոդվածի հիման վրա

Երբ մենք ասում են՝ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նաև նկատի ունենք, որ որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։ Հենց այս է պատճառը, որ դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ 4-րդ հոդվածի հիման վրա։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում 4-րդ հոդվածի համաձայն «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: «ՀԱՊԿ-ից խնդրել ենք, դիմել ենք օգնություն, այդ թվում ռազմական ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ՀՀ տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը ապաովելու համար։ Այս վերնագրի ներքո նկատի ունենք նաև նախորդ տարվա ներխուժումը։ Սա ֆիքսում ենք որպես քաղաքական նպատակ, որ ագրեսորը պետք է ՀՀ տարածքից դուրս գա։ Եվ սա է մեր խնդիրը, այդ թվում ՀԱՊԿ-ում մեր նախաձեռնության իմաստով։ Այն փաստը, որ երեկ ՀԱՊԿ խորհրդի նիստ տեղի ունեցավ, գոհացուցիչ փաստ է։ Տեղի է ունեցել անկեղծ, բաց քննարկում։ Կայացված որոշումները իրավիճակի գնահատման առումով նվազագույն են այս փուլի համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։   
17:05 - 14 սեպտեմբերի, 2022
Առաջարկվում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները
 |1lurer.am|

Առաջարկվում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները |1lurer.am|

1lurer.am: Նախաձեռնության նպատակն է նպաստել լսողության խնդիր ունեցող անձանց համար տեղեկատվություն մատչելիությանը՝ ասել է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լեզվի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի հեղինակ Զարուհի Բաթոյանը: Օրեսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ սեպտեմբերի 14-ի հերթական նիստում: Առաջարկվում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները և ավելացնել դրանց ծավալը, ինչպես նաև հայերեն ենթագրերով և ժեստերի լեզվի թարգմանությամբ լրացուցիչ և պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել Հանրային հեռարձակողների համար՝ ներառելով կրթական, առողջապահական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումները, պաշտոնական տեղեկատվությունը, արտակարգ և ռազմական դրության ժամանակ հատուկ թողարկումները և սոցիալական գովազդը: «Լեզվի մասին» ՀՀ օրենքում առաջարկվում է սահմանել «ժեստերի լեզու» հասկացությունը, իրավական հիմքեր ստեղծել Ազգային ժողովի հատուկ նիստերի, խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ կազմակերպելու համար: ԱԺ գլխադասային հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել: Կառավարությունը ներկայացրել էր մի շարք առաջարկներ, որոնք հեղինակն ընդունել է: Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրացման համար լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու և կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում «Կրթության մասին» օրենքում:  «Կառավարության դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ դրական է»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության 5 առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից: Փոխնախարարի խոսքով՝ նախադպրոցական կրթության ոլորտում ներառականության ապահովման մասով աշխատանքները սկսված են. այս տարի 4 մարզ և Երևանն անցել են համընդհանուր ներառման: Պետական բյուջեով այս տարվա սեպտեմբերին ավելի քան 200 մլն դրամի չափով ֆինանսավորում է հատկացվել կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Գալիք տարվա բյուջետային հայտում ավելի քան 35 մլն դրամ նախատեսվել է բրայլյան դասագրքերի և տետրերի գնման համար:
13:23 - 14 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին

Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: «Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի, Ջերմուկի և հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ»,- մասնավորապես նշված է նամակներում:  ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը նաև միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները և գնդակոծում: «Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում: ԱԺ նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համառորեն տեղեկատվական բազա է ստեղծել այդ ռազմական սադրանքի համար՝ ամեն օր կեղծ տեղեկատվություն տարածելով «հայկական կողմի ենթադրյալ գնդակոծության» մասին: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ պահվածքն ադրբեջանական հայտնի ոճ է, որն ապացուցվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո: «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) և Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով հղում կատարել Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրինակ աղաղակող և ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել  միջազգային հանրության լռության հետևանքով նաև: Նպատակաուղղված արձագանքի և համարժեք գործողությունների բացակայությունն այսօր հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների ավելի սանձարձակ ագրեսիային»,- ամփոփել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել այդ կենսական հարցը լուծելու համար և նպաստել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը, որը խաթարում է ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային:
13:16 - 14 սեպտեմբերի, 2022
Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը

 |armenpress.am|

Ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ բուհերում սովորելու համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Առաջարկվում է նրանց համար, որոնք տարկետումը ստացել են սովորելու առնչությամբ, զորակոչի տարիք սահմանել 28 տարեկանը՝ 27-ի փոխարեն»,-ասաց Դումանյանը: Նրա խոսքով՝ տարկետման տրամադրման պայմանները, բուհերի ցանկը, մասնագիտությունների ցանկը կսահմանի կառավարությունը: Խոսքը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղությունների մասին է:
12:56 - 14 սեպտեմբերի, 2022
Նույնիսկ ամենալարված իրավիճակում ԱԺ-ն պետք է աշխատի և բնականոն եղանակով. Վլադիմիր Վարդանյան

 |armenpress.am|

Նույնիսկ ամենալարված իրավիճակում ԱԺ-ն պետք է աշխատի և բնականոն եղանակով. Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը աշխատելու է և քննարկելու է այն հարցերը, որոնք օրակարգի մեջ են և անդրադառնալու է հրատապ հարցերին: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: «Երեկ առավոտվանից «Ֆեյսբուք»-ում բազմոցի վրա նստած որոշ վերլուծաբաններ փորձում են գնահատականներ տալ Ազգային ժողովի աշխատանքին՝ բա ի՞նչ օրակարգ են քննարկում այստեղ, այս ի՞նչ հարցեր են: Նախ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգն ամիսներ առաջ է ձևավորվում և այդ օրակարգից չենք կարող շեղվել: Եթե անհրաժեշտություն է լինում, շատ լավ էլ շեղվում ենք և փորձում ենք իրականացնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Բայց, հարգելի գործընկերներ, նույնիսկ ամենալարված իրավիճակում պետական համակարգը պետք է աշխատի և պետական համակարգի մեջ նախ Ազգային ժողովը պետք է աշխատի բնականոն եղանակով: Եվ որևիցե մեկը իրավունք չունի խոչընդոտել Ազգային ժողովի գործունեությանը: Ի վերջո, չմոռանանք, որ խնդիրների մի մասը սկսեց նրանից, երբ Ազգային ժողովի գործունեությունը դեռևս 1999 խաթարվեց»,- ասաց Վարդանյանը:  
11:52 - 14 սեպտեմբերի, 2022
ԱԺ-ն մի շարք փոփոխություններ է հաստատել օրենքներում |news.am|

ԱԺ-ն մի շարք փոփոխություններ է հաստատել օրենքներում |news.am|

news.am: ՀՀ ԱԺ-ի սեպտեմբերի 14-ի նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին։ Դրանց թվում են. «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, «Սերմերի եւ տնկիների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Մաքսային կարգավորման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Բացի այդ, պատգամավորնեն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր են հաստատել։ Դրանց թվում են. Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, «Սերմերի եւ տնկիների մասին» օրինագծերի փաթեթը եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր են հաստատել։ Դրանց թվում են. Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Նախազգուշացման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Պետական ​​տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Իրավաբանական անձանց պետական ​​գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական ​​գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Պետական ​​տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, Աշխատանքային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Բժշկական օգնության եւ հանրային ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Բժշկական օգնության եւ հանրային ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Հայաստանի Հանրապետության տարածքում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Ավիացիայի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Պատգամավորները նաեւ մի շարք համաձայնագրեր են վավերացրել։ Դրանց թվում են. մարտի 15-ին եւ 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Հանրային հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը, «Ներմուծման մաքսատուրքերի (դրանց համարժեք այլ տուրքերի, հարկերի եւ գանձումների) գումարների գանձման եւ բաշխման եւ ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեներ փոխանցման կարգի պահպանմանն եւ բաշխմանն ուղղված համատեղ հսկողության միջոցառումների իրականացման մասին համաձայնագրի վավերացումը։
10:59 - 14 սեպտեմբերի, 2022
Զոհվածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. ոստիկանները վահաններով պատ են կազմել եւ փակել Դեմիրճյան փողոցը |news.am|

Զոհվածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. ոստիկանները վահաններով պատ են կազմել եւ փակել Դեմիրճյան փողոցը |news.am|

news.am: 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ՝ ԱԺ պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ոստիկանները վահաններով ու սաղավարտներով զինված պատ են կազմել եւ փակել մուտքը դեպի Դեմիրճյան փողոց: «Անկախության շարժման» ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ մտադիր են Դեմիրճյան մուտքի մոտ սպասել ԱԺ պատգամավորներին եւ նրանց ներկայացնել իրենց առաջարկները: Բոլոր դեպքերում մենք իրենց գտնելու ենք եւ իրենց տեսակետներն իմանալու ենք, թե արդյոք այս ամենն իրենց գոհացնում է, թե ոչ»: Ավելի ուշ ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ ընդունարան, որպեսզի ԱԺ մուտք գործելու թույլտվություն ստանան։ Նրանցից մեկը դիմելով համաքաղաքացիներին՝ նշեց. «Շատ եմ խնդրում, եկեք ԱԺ, քանի ԱԺ-ում են գտնվում թուրքերի շահերը սպասարկող դեպուտատներ, որոնց դուք եք վճարում: Եկեք հաշիվ պահանջեք: Էս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ) մաս-մաս վաճառում է Հայաստանը, Արցախից վերջացրեց, անցել է Հայաստանին: Իրենք իրավունք չունեն մտնել ԱԺ: Հերիք է ինչքան զոհվեցին մեր տղերքը»: Նշենք, որ նախօրեին եւս ցուցարարները ակցիա են իրականացրել ԱԺ-ի մմոտ եւ Փաշինյանին մեղադրել Ադրբեջանի հերթական ագրեսիայի համար։  
10:37 - 14 սեպտեմբերի, 2022
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց։  Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Մենք չենք ուզում, որ մեր հոգեվիճակի ծնողները էլ ավելի շատանան։ Մենք այստեղ չպիտի լինեինք, այստեղ պիտի ուղղակի քաղաքացիներ լինեին՝ անհանգստացած գիշերվա մեր այսքան կորուստներից ու այս իրավիճակից։ 18 տարեկան երեխեքի ծնողները, որոնք հիմա տանը նստած են, չգիտես՝ ինչի են սպասում։ Առաջինն իրենք պիտի էստեղ լինեին»։ ԱԺ դիմաց նաև կարմիր բերետավորներ են հավաքվել։ Ակցիայի ընթացքում միջադեպ գրանցվեց, երբ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն անցնում էր, ակցիայի մասնակիցներից մեկը ջուր լցրեց նրա վրա։ Այս պահին ծնողները շարունակում են մնալ ԱԺ շենքի դիմաց։ Հիշեցնենք, որ գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ ՊՆ հաղորդած վերջին տվյալների, չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
18:06 - 13 սեպտեմբերի, 2022
«Պատիվ ունեմ» խմբակցությունը տարածել է Ազգային ժողովի հայտարարության տեքստի առաջարկած կետերը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը տարածել է Ազգային ժողովի հայտարարության տեքստի առաջարկած կետերը

Հայկ Մամիջանյանը տարածել է ՀՀ Ազգային Ժողովի հայտարարության տեքստի «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած կետերը.   «• Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները նրա որդեգրած հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումն են:   • Այս և նախորդ իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը չի փոխել իր մտայնությունն ուժի միջոցով լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, ավելին՝ անպատիժ մնալով ՀՀ սուվերեն տարածքի վրա նախորդ ոտնձգություններից հետո՝ արդեն իսկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: Այս գործելաոճով Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը:   • Ստեղծված իրավիճակը նաև Հայաստանի կողմից հետպատերազմյան ժամանակահատվածում անվտանգային ներուժի վերականգանմանն ուղղված գործողությունների և դիվանագիտական աշխատանքի ոչ լիարժեք իրականացման հետևանքն է:   • Ստեղծված իրավիճակն ապացուցում է, որ խաղաղության դարաշրջանի մասին խոսակցությունները համարժեք չեն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին, տարածաշրջանային իրողություններին և աշխարհաքաղաքական զարգացումներին:   • Ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն անհրաժեշտ է դիտարկել փաթեթային տրամաբանության մեջ, քանի որ այդ երկու հիմնախնդիրների տարանջատումը հղի է Արցախի և Հայաստանի համար գոյաբանական անդառնալի խնդիրներով»։
16:37 - 13 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ ձայնով

Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ ձայնով

Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Ընդդիմությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չի մասնակցել քվեարկությանը։ Հիշեցնենք, որ հայտարարությունն ԱԺ ամբիոնից ներկայացրել էր ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ ընդդիմության առաջարկները ավելացնելու մասով համաձայնության չեն եկել։ Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրել է խմբակցության առաջարկները, որոնք չեն ներառվել ԱԺ հայտարարության մեջ։  ԱԺ հայտարարությունը՝ ստորև․ «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես` հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման սուրբ գործում: Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին` անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ համախմբվել պետականության շուրջ: Մեր բոլորի հայրենիքը միասնական եւ կուռ պաշտպանության կարիք ունի: Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն եւ հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները: ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում եւ իրավիճակից բխող գործողությունների իրականացում: ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնված պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը: Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` շուտափույթ իրագործելու Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները` ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»։
15:35 - 13 սեպտեմբերի, 2022
Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության առաջարկները, որոնք չներառվեցին ԱԺ հայտարարության մեջ

Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության առաջարկները, որոնք չներառվեցին ԱԺ հայտարարության մեջ

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը անկատար է, ամբողջական չէ։ «Դրանից ելնելով է, որ մենք առաջարկել ենք ոչ մեծ ծավալի, բայց 4 հիմնական կետեր՝ որպես կարևորագույն ուղերձ ոչ միայն միջազգային հանրությանը, այլև մեր քաղաքացիներին, մեզ բոլորիս։ Կարդամ այդ 4 առաջարկները, որոնք մերժվել են․ 1) Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021թ․ հունիսի 15-ի «Շուշիի հռչակագրով»։ 2) Արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը։ 3) Տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։ 4) Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրսբերման, հայ ռազմագերիների ու այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պարագայում»։ Մինասյանը նշեց, որ այս առաջարկների նպատակը նաև եղել է այն, որպեսզի հնարավոր լինի վերակառուցել վարվող քաղաքականությունը․ «Չէ՞ որ ՄԱԿ հիմնարար սկզբունքներից մեկը խաղաղությունն է, և այդ սկզբունքին հետամուտ լինելու համար չափազանց կարևոր է արձանագրել, որ խաղաղության քաղաքականությունը՝ ի դեմս Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի, ձախողվում է»։
15:25 - 13 սեպտեմբերի, 2022
ԱԺ-ում ներկայացվեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը․ ընդդիմության հետ համաձայնության գալ չի ստացվել

ԱԺ-ում ներկայացվեց ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը․ ընդդիմության հետ համաձայնության գալ չի ստացվել

Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց ԱԺ հայտարարության տեքստը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին․ «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ ԶՈՒ-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման սուրբ գործում։ Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին, անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն և համախմբվել պետականության շուրջ։ Մեր բոլորի հայրենիքը միասնական է և կուռ պաշտպանության կարիք ունի։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան՝ ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ, և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները։ ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում և իրավիճակից բխող գործողությունների իրականացում։ ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը։ Դիմում ենք ՌԴ-ին՝ շուտափույթ իրագործելու ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները՝ ի պաշտպանություն ՀՀ տարածքային ամբողջականության»։ Արփինե Դավոյանը հետաքրքրվեց, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, և ինչ ընթացք է տրվել դրանց։ Վլադիմիրի Վարդանյանն արձագանքեց․ «Առավոտյան՝ 09։40-ից սկսած, գրեթե անընդհատ մենք աշխատանք ենք տարել մեր ընդդիմադիր գործընկերների հետ։ Բանակցություններում զրոյական արդյունքը ևս դիտարկվում է որպես զրոյական արդյունք։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ներկայացրել էին առանձին առաջարկների փաթեթներ։ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների փաթեթը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերելի չէր երեկ սանձազերծած ագրեսիվ գործողություններին, ինչի մասին ես իմ գործընկերներին տեղեկացրել եմ։ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված առաջարկների մի մասը վերաբերելի էր որոշ մասով ստեղծված իրավիճակին, և մենք պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել այդ առաջարկները նշված հայտարարության մեջ։ Ընդ որում, ուզում եմ հստակ նշել, որ մեզ համար չափազանց կարևոր էր այսօր դահլիճում ունենալ միասկանակություն՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունների միջև։ Ցավոք, դա չհաջողվեց։ Պարոն Մամիջանյանի հետ երկարատև քննարկումների ընթացքում հնարավոր չեղավ համաձայնեցնել առաջարկների այնպիսի փաթեթ, որոնք կընդգրկեին նրանց կողմից ներկայացված առաջարկների մի մասը։ Մի մասը անընդունելի էր»։
15:14 - 13 սեպտեմբերի, 2022