ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև՝ նախատեսված չէ. ՊՆ

Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև՝ նախատեսված չէ. ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե նախարար Արշակ Կարապետյանը հրատապ է համարել նախարարության շենքային պայմանների բարելավումը և դրա համար գումար է պահանջել կառավարությունից:  «Ի պատասխան «168 ժամ»-ի՝ «1 միլիարդ 75 միլիոն դրամ՝ ոչ թե դիրքերի, այլ ՊՆ շենքի լավ պայմանների համար» վերնագրով հոդվածի, որում պնդում կա, թե «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրատապ է համարել Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավումը և ոչ, ասենք, չկահավորված դիրքերի կահավորումը, ուստի լավ շենքային պայմաններում աշխատելու նպատակով 1 միլիարդ 75 միլիոն դրամ (1.075.322,7 հազար դրամ) գումար պահանջող նախագիծ է ներկայացել Կառավարության համաձայնությանը», հայտնում ենք, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ լրատվամիջոցը մեջբերում է ընդամենը ծախսային հոդվածի անվանումը, որի տակ, սակայն, կան մի շարք տողեր, որոնք, հիմնականում, վերաբերում են կապիտալ գնումներին, մասնավորապես՝ սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելուն։ «Այսինքն՝ լրատվամիջոցի պնդումը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև, ըստ էության, տեղի է ունենում տրամագծորեն հակառակը. պաշտպանության նախարարությունը կրճատում է մի շարք ծախսեր, կատարում բյուջեի վերաբաշխում և այդ գումարների հաշվին կատարում գնումներ, որոնք միտված են բանակի մարտունակության ամրապնդմանը»,- պարզաբանված է հաղորդագրության մեջ ու ընդգծված՝ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև նախատեսված էլ չէ։ ՊՆ-ն ևս մեկ անգամ կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ, որոնք վնաս են հասցնում ՀՀ զինված ուժերի հեղինակությանը:
11:10 - 03 սեպտեմբերի, 2021
Արշակ Կարապետյանը պարգևատրել է պատերազմին մասնակցած բժիշկների

Արշակ Կարապետյանը պարգևատրել է պատերազմին մասնակցած բժիշկների

ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած բժիշկների պարգևատրման արարողություն, որին ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը,  ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի պատասխանատուներ։ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով գերատեսչական մեդալներով են պարգևատրվել պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների և կամավորների կյանքեր փրկած բուժաշխատողներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «սպիտակ բանակի» ներկայացուցիչներին անձնվեր աշխատանքի ու նվիրումի համար, շեշտելով, որ նրանք առանց դադարի շարունակել են ծառայությունը նաև պատերազմից հետո` զինվորներին երկրորդ կյանք պարգևելու և նորից շարք վերադարձնելու համար։
22:39 - 02 սեպտեմբերի, 2021
«Խաղաղության մարտիկ-2021» մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ ԶՈՒ հավաքական թիմը. ՊՆ

«Խաղաղության մարտիկ-2021» մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ ԶՈՒ հավաքական թիմը. ՊՆ

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն: Շնորհավորելով մասնակից պետությունների թիմերին մրցաշարի հաջող անցկացման առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթը դարձել է մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն՝ նպաստելով միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը՝ ի շահ խաղաղության և անվտանգության: Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց հետո, մրցավարական հանձնաժողովի որոշմամբ, «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում անհատական հաշվարկով կին զինծառայողների մեջ լավագույնը Ղազախստանի մասնակիցն է՝ ավագ սերժանտ Տոլկին Բակիժանովան: Երկրորդ տեղում ՀՀ զինված ուժերի թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանն է: Երրորդը ՌԴ թիմից լեյտենանտ Ալեքսանդրա Ախտուլովան է: Տղամարդկանց անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմից ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը: Մրցանակային երկրորդ տեղը նույնպես Հայաստանինն է՝ ավագ լեյտենանտ Հարություն Յախանյան: Երրորդ տեղում Ռուսաստանի մասնակիցն է՝ սերժանտ Անդրեյ Վեդենսկի: Թիմային ընդհանուր հաշվարկով մրցույթում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնության թիմն է: «Խաղաղության մարտիկ-2021» մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմը՝ տանելով վստահ և վաստակած հաղթանակ: Բոլոր մրցանակակիրները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և թանկարժեք նվերներով: Միջոցառումը եզրափակվել է ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի կատարումներով: «Խաղաղության մարտիկ-2021» մրցույթին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների և Քաթարի Պետության (դիտորդի կարգավիճակով) զինված ուժերի ներկայացուցիչները: Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների:պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Չորրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:
18:18 - 01 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը զոհ ունի. ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը զոհ ունի. ՊՆ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
14:54 - 01 սեպտեմբերի, 2021
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է մի շարք զորամասեր

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է մի շարք զորամասեր

Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային շրջայց է կատարել մի շարք զորամասեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպման և օրվա կարգացուցակով նախատեսված մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքին։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է ստորաբաժանումների ուսումնական գործընթացին, առանձնահատուկ ուշադրություն դարձրել զորամասերի սոցիալ-կենցաղային, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցում տալով մշտական վերահսկողության տակ պահել դրանք: Աշխատանքային շրջայցի ընթացքում Արշակ Կարապետյանը եղել է նաև եռամսյա վարժական հավաքների անցկացման մի քանի շրջաններում, հանդիպել պահեստազորայիններին, զրուցել նրանց հետ, շնորհակալություն հայտնել Հայրենիքի պաշտպանությանն անմիջական մասնակցություն բերելու համար և բարի ծառայություն մաղթել, վստահեցնելով, որ հավաքներով պայմանավորված նրանց սոցիալական խնդիրների լուծումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։
11:11 - 01 սեպտեմբերի, 2021
Պաշտպանության նախարարը հրահանգել է անել հնարավորը հավաքների եռամսյա ժամկետն առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար

Պաշտպանության նախարարը հրահանգել է անել հնարավորը հավաքների եռամսյա ժամկետն առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա հավաքների ընթացքը։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին մի քանի օրվա արդյունքների վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, դրական գնահատելով քաղաքացիների պատրաստակամությունը՝ մասնակցել երկրի պաշտպանունակության բարձրացման համար կարևոր այս միջոցառմանը, միևնույն ժամանակ, հրահանգել է անել հնարավորը՝ հավաքների եռամսյա ժամկետն առավելագույնս արդյունավետ օգտագործելու և մասնակիցների տեսական ու գործնական գիտելիքները էապես հարստացնելու համար։
19:29 - 30 օգոստոսի, 2021
Արշակ Կարապետյանը Չինաստանի դեսպանին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները

Արշակ Կարապետյանը Չինաստանի դեսպանին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները

Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը և նրա օգնականը: ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և  նորանոր հաջողություններ մաղթել  պատասխանատու պետական առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը դեսպան Ֆան Յունին տեղեկացրել է տարածաշրջանային իրադրության մասին և ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները: Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում: Քննարկվել է նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը:  
18:17 - 30 օգոստոսի, 2021
Արշակ Կարապետյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը

Արշակ Կարապետյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան  Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի: Այս մասին հայտնում է ՊՆ-ն: Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել` ի նպաստ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման: Տիկին դեսպանն, իր հերթին, շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ դա տեղի է ունենում Հայաստանի համար բավական բարդ ժամանակահատվածում։  ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին:  Արշակ Կարապետյանը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ շեշտելով Հայաստանի սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
17:09 - 30 օգոստոսի, 2021
Արշակ Կարապետյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայման հարցը

Արշակ Կարապետյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայման հարցը

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ պատասխանատու պետական առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության, երկու երկրների փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով պլանավորված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:
22:17 - 27 օգոստոսի, 2021
Արվելու է առավելագույնը, որ հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը. պաշտպանության նախարարը հանդիպել է եռամսյա հավաքների մասնակիցներին

Արվելու է առավելագույնը, որ հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը. պաշտպանության նախարարը հանդիպել է եռամսյա հավաքների մասնակիցներին

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին։ Զրուցելով պահեստազորի՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել անել ամեն ինչ՝ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար։  Արշակ Կարապետյանը հորդորել է հարգել հարամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց հրամանները։ Պաշտպանության նախարարը շեշտել է, որ արվելու է առավելագույնը, որպեսզի հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը։ Արշակ Կարապետյանը նաև վստահեցրել է, որ կառավարության կողմից արվելու է հնարավորը՝ հավաքների հետ կապված, մասնակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար։ Պաշտպանության նախարարը եղել է դաշտային ճաշարանում և ստուգել սննդի որակը՝ անձամբ համտեսելով մատուցվող ճաշատեսակները։ Արշակ Կարապետյանն այցելել է նաև վրանային ավան, տեղում ծանոթացել հավաքի մասնակիցների կենցաղ-կացարանային պայմաններին, զորամիավորման ու զորամասի հրամկազմին հանձնարարել անել առավելագույնը՝ որակյալ սնունդն ու կացարանային պատշաճ պայմաններն ապահովելու համար։ Այնուհետև Արշակ Կարապետյանն այցելել է նորաստեղծ Հատուկ զորամիավորում, որի  ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել  գեներալ-մայոր Բուդաղյանի ավանդը բանակաշինության և Հայրենիքի պաշտպանության գործում և ընդգծել, որ զորամիավորման անձնակազմը պետք է մշտապես պատրաստ լինի իր առջև դրված խնդիրների կատարմանը։ Արշակ Կարապետյանը հրամանատարական կազմին հորդորել է անել առավելագույնը՝ եռամսյա  հավաքների շրջանակում ստորաբաժանումները համալրած պահեստազորայինների վերապատրաստումն առավել արդյունավետ անցկացնելու համար։ Աշխատանքային շրջայցի ավարտին նախարար Կարապետյանը եղել է եռամսյա հավաքների անցկացման շրջաններից ևս մեկում, հանդիպել պահեստազորայիններին և ծանոթացել նրանց համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նախարարը հավաստել է, որ իր այցերը պարբերական են լինելու, իսկ հավաքների անցկացման հետ կապված խնդիրները գտնվում են իր անմիջական հսկողության ներքո։ Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին՝ Հայրենիքի պաշտպանության գործին ոչ թե խոսքով, այլ գործով մասնակցելու համար։  
12:25 - 27 օգոստոսի, 2021
Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Բուդաղյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ Բուդաղյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար»,- ասված է նախագահի հրամանագրում:  Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանն ազատվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ Բուդաղյանին ազատել 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: 
11:53 - 26 օգոստոսի, 2021
Պաշտպանության նախարարի գլխավորությամբ քննարկվել է եռամսյա հավաքների մեկնարկը

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ քննարկվել է եռամսյա հավաքների մեկնարկը

Օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ կապված եռամսյա հավաքների մեկնարկի հետ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին օրվա արդյունքների վերաբերյալ։ Այս ,մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։  Պաշտպանության նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հանրության շրջանում առկա է եռամսյա հավաքների կարևորության լիարժեք ըմբռնում, ինչի դրսևորումն է քաղաքացիների՝ հավաքներին մասնակցելու պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը խիստ հրահանգել է մշտական ուշադրության կենտրոնում պահել հավաքների մասնակիցների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, ուսումնական գործընթացի, ինչպես նաև ժամանցի կազմակերպման հետ կապված հարցերը։    
20:23 - 25 օգոստոսի, 2021
Հետպատերազմյան շրջանում ԱՄՆ-Հայաստան համագործակցության ընթացքն ու ապագան

Հետպատերազմյան շրջանում ԱՄՆ-Հայաստան համագործակցության ընթացքն ու ապագան

Վերջին վեց ամսվա ընթացքում ԱՄՆ-ից ռազմական աջակցության առաջարկներ չեն ներկայացվել Հայաստանին: Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ կառավարությունից։ Իրադարձությունների արագ զարգացման այս ընթացքում վերլուծական դաշտում ամենաքննարկվող թեմաներից մեկն այն է, թե Հայաստանը դաշնակցային նոր հարաբերությունների ինչ եզրեր ունի։ Այդ կոնտեքստում շատ է խոսվում ՀՀ-ԱՄՆ համագործակցության խորացման մասին, որոշ շրջանակներ համարում են, որ ԱՄՆ-ն եւս պատրաստակամ է լինել դաշնակից պետություն եւ տարբեր իրավիճակներում աջակցել Հայաստանին, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Հայաստանի հետ համագործակցության մասին խոսել է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Այս տարվա ապրիլին, օրինակ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել էր դեսպան Թրեյսիին՝ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելի ուղեկցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին ռազմական ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել համագործակցության հետագա ծրագրերը։  Այդ հանդիպումից հետո ԱՄՆ դեսպանն իր հարցազրույցում, խոսելով ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության մասին, հիշեցրել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է ԱՄՆ-ն, եւ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որն իրենք կարող ենք տրամադրել: Միեւնույն ժամանակ, Թրեյսին հայտնել էր, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ համագործակցության ընդլայնելու, միասին աշխատելու հնարավորություններ կան, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, եւ որ իրենք փորձելու են խթանել այդ հնարավորությունները։ Infocom-ը ՀՀ կառավարությունից հետաքրքրվել է՝ վերջին 6 ամսվա ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանի Հանրապետությանը առաջարկե՞լ է ռազմական աջակցություն, եթե այո, ապա ինչպիսի ռազմական աջակցության մասին է խոսքը, եւ թե ինչ զարգացում ունեն ԱՄՆ-ի հետ համագործակցության մյուս ուղղությունները։ Ընդհանուր առմամբ, պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունն իրականացվում է 2002 թվականից՝ տարբեր ուղղություններով։ Սակայն պատերազմից հետո, ինչպես վերը նշեցինք, Հայաստանին ռազմական աջակցության առաջարկ չի եղել։ Հայ-ամերիկյան ռազմավարական խորհրդակցությունները վերջին անգամ տեղի են ունեցել 2019թ. սեպտեմբերի սկզբին․ որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը երկու հիմնական ուղղությամբ՝ աջակցություն ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին եւ միջազգային առաքելությունների համար փոխգործարկելի կարողությունների զարգացում։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշել են գործադիրից, շարունակվել է նախկինում ռազմական կրթությանը, խաղաղապահությանը, ռազմական բժշկությանն առնչվող երկարաժամկետ ծրագրերի իրականացումը, որոնք սահմանափակվել կամ կասեցվել էին` COVID համավարակով պայմանավորված: Բացի դրանից, պատասխանի համաձայն, մեկ տասնյակից ավելի անձնակազմ մեկնել է կրթության ԱՄՆ ուսումնական կենտրոններում, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ անձնակազմը մասնակցել է ԿՖՈՐ առաքելության (Կոսովոյի խաղաղապահ ուժերի) նախապատրաստական վարժանքին, ԱՄՆ աջակցությամբ կայացել է Կոսովոյում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հերթափոխ, սկսվել է խաղաղապահ ուսումնական կենտրոնի վերակառուցման երկրորդ փուլը: Իսկ ավելի վաղ ԱՄՆ ռազմական աջակցության FMF (Միջազգային ռազմական ֆինանսավորում) ծրագրով 2002-2017 թվականներին Հայաստանին հատկացվել էր մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն: Այն, ինչպես տեղեկանում ենք կառավարությունից ստացած պատասխանից, օգտագործվել է ռադիոկայանների/կապի համակարգի, դաշտային հոսպիտալի, ՄԱՅԼՍ լազերային համակարգի, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի համար հանդերձանքի եւ սարքավորումների, ուսումնավարժական ծրագրերի, խաղաղապահ ուսումնական կենտրոնի վերակառուցման ուղղություններով: 2002-2017 թվականներին, օրինակ, ԱՄՆ «Միջազգային ռազմական ֆինանսավորում» (FMF) ծրագրով ստացվել է ռազմական օգնություն, որով ձեռք են բերվել նյութատեխնիկական միջոցներ։ Կառավարությունից նշել են, որ պարբերաբար իրականացվում են բարձր մակարդակի երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, բարձրաստիճան փոխայցելություններ։ Իսկ այժմ Կոսովոյում տեղակայված հայկական խաղաղախահ զորախումբն իր առաքելությունն է իրականացնում Եվրոպայում՝ ԱՄՆ ցամաքային զորքերի հետ համագործակցությամբ։  Գործադիրից մանրամասնել են, որ տնտեսական ոլորտում ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցությունը հիմնականում իրականացվում է երկու ձեւաչափերում՝ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի հիման վրա գործող խորհուրդ եւ ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագիր։ 2015թ․ մայիսի 7-ին ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ ստորագրվել է Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որով հիմնվել է նաեւ Հայաստան-ԱՄՆ առւետրի եւ ներդրումների հարցերով խորհուրդը։ Իսկ այդ համատեղ խորհրդի նպատականերն են երկու կողմերի առւետրային եւ ներդրումային հնարավորությունների ընդլայնումը եւ հնարավոր խոչընդոտների բավահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները, հարցեր, որոնք ներառված չեն երկրների միջեւ կնքված ներդրումային համաձայնագրում եւ այլն։ Ինչպես տեղեկանում ենք գործադիրից ստացած պատասխանից, նշյալ խորհրդի անդրանիկ նիստը կայացել է 2015 թվականի նոյեմբերի 17-ին Երեւանում, երկրորդ նիստը կայացել է 2018թ․ մարտի 19-ին Վաշինգտոնում, իսկ երրորդը՝ 2020թ․ սեպտեմբերին առցանց ձեւաչափով։ 2020թ․ աշնանից ի վեր, ներքոնշյալ ուղղություններով առցանց ոլորտային քաղաքականությունների վերաբերյալ տեխնիկական քննարկումներ են անցկացվել ԱՄՆ առեւտրի գրասենյակի, ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի, ԱՄՆ գյուղատնտեսության, դեպարտամենտի համապատասխան պաշտոնյաների հետ։ Ինչ վերաբերում է մնացած ոլորտներին, աշխատանքային օրենսդրության եւ տեսչական բնագավառում բարեփոխումների վերաբերյալ տեղեկություն է տրամադրվել ամերիկյան կողմին, շահագրգիռ կազմակերպություններին եւ գործարար միություններին ԱՄՆ-ում ոլորտի օրենսդրական կարգավորումներին (FDA կարգավորումներ) տեղյակ պահելու եւ արտահանման գործընթացը դյուրացնելու նպատակով շարունակական համագործակցություն է իրականացվել ամերիկյան կողմի հետ։ Բացի դրանցից՝ համագործակցություն է իրականացվում ամերիկյան համապատասխան գործակալությունների եւ ՀՀ մասնավոր հատվածի հետ՝ արտոնությունների ընդհանրացված համակարգով առաջնորդվող առավելությունների վերաբերյալ հայ արտահանողներին իրազեկ պահելու, գործընթացը դյուրացնելու ուղղությամբ, հեռակոնֆերանս եւ տեղեկատվության փոխանակում է կազմակերպվել ՀՀ՝ CITIES կոնվենցիային անդամակցության շրջանակներում։ Մաքսային ոլորտում հայկական կողմը, ինչպես հայտնել են գործադիրից, առաջարկել էր ընթացք տալ համագործակցության մասին համաձայնագրի նախագծին, որը ուղարկել էր նաեւ դեռեւս նախորդ հանդիպումից անմիջապես հետո, սակայն ամերիկյան կողմը հայտնել է, որ բանակցային կողմն առայժմ առկախված է։ Կազմակերպվել է առցանց հանդիպում, որի ընթացքում ԱՄՆ փորձագետները ներկայացրել են ԱՄՆ-ից արտահանման էլեկտրոնային հայտարարագրման վերաբերյալ որոշ մանրամասներ։ 2020 թվականի սեպտեմբերի 15-ից առ 2021-ի մայիսը ԱՄՆ Առեւտրի ներկայացուցչի գրասենյակի հետ աշխատանքները շարունակվել են առցանց տարբերակով։ Կողմերը քննարկել են տեխնիկական աջակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները «Commercial Law Development Program» («Առեւտրի մասին օրենքի զարգացման ծրագիր») ծրագրի շրջանակներում զարգացմները աշխատանքի իրավունքի Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում, առեւտրում տեխննիկական խոչընդոտների, ինչպես նաեւ 2021-ի ընթացքում կայանալիք Հայաստան-ԱՄՆ գործարար կլոր սեղանի անցակացման օրակարգը եւ ձեւաչափը։ Իսկ այժմ աշխատանքներ են տարվում ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի «Commercial Law Development Program» ծրագրի պատասխանատուների հետ՝ 2021-ի ընթացքում պետական գնումների փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) առեւտրական դիվանագիտական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ամերիկյան կողմին առաջարկվել է կազմակերպել առցանց կլոր սեղան՝ առեւտրատնտեսական եւ ներդրումային ոլորտի ամերիկյան ընկերությունների ներգրավմամբ եւ հայկական ընկերությունների մասնակցությամբ։  Ստորեւ ներկայացնում ենք կառավարության տրամադրած տեղեկությունները՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատված» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ․ «My Armenia» («Իմ Հայաստան») մշակութային զբոսաշրջության ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ (07.2015-12.2021, 8,8 մլն ԱՄՆ դոլար) - համագործակցություն մասնավոր հատվածի հետ՝ առավել արդյունավետ մարքեթինգային եւ բրենդինգի ռազմավարություններ մշակելու եւ մշակութային-զբոսաշրջային արդյունքների ավելի լայն շրջանակ առաջարկելու՝ աջակցելով Հայաստանին՝ հատկապես մշակությային զբոսաշրջության առումով յուրահատուկ եւ ճանաչելի զբոսաշրջային երկիր դառնալու։ Գյուղական վայրերի տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ (RED - NEO), Ագրոբիզնես կենտրոն եւ գյուղական վայրերի զարգացման հիմնադրամ (CARD) (02.2019-02.2024, 5,14 մլն ԱՄՆ դոլար), նախատեսված է անապահով գյուղական բնակավայրերով ձեռնարկատիրության, աշխատատեղերի ստեղծման բարելավված բիզնեսի ենթակառուցվածի եւ շուկայական կապերի միջոցով տնտեսական կայունության եւ անվտանգության խթանմանը։  Առաջադեմ գիտություն եւ համագործակցություն ռեսուրսների ինտեգրացված զարգացման համար, Ինգլանդ մենդեզ ընդ Ասոշիեյթս (09.2015-07.2021, 5.59 մլն ԱՄՆ դոլար) - համագործակցություն մասնավոր հատվածի հետ, Արարատյան դաշտավայրում ջրի կառավարման արդյունավետ համակարգերի գործարկման ուղղությամբ, աջակցություն շրջակա միջավայրի համար անվնաս ձկնորսությանը եւ մաքուր էներգիայի ոլորոտում ներդրումներին։ Շուկայի ազատականացման եւ էլեկտրականության առեւտրի ծրագիր Tetra Tech (06.2018-06.2023, 9,99 մլն ԱՄՆ դոլար) - աջակցություն շուկայի ազատականացման ռեֆորմներին, աջակցում է Վրաստանի հետ էլէներգիայի առեւտրին եւ բարելավում է էներգակիրների դիվերսիֆիկացիան, արդյունավետությունը եւ թափանցիկությունը։  «Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման եւ ուսուցման ճամբար» (AGRI CAMP) ծրագիր «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային հիմնադրամ» (ICARE) (01.05.2020-30.04.2023, 1,89 մլն ԱՄՆ դոլար) - այս ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտի համալսարանների շրջանավարտների եւ երիտասարդ մասնագետների միջեւ գործընկերության ձեւավորումն է, ինչպես նաեւ դասընթացների եւ հմտությունների ձեւավորումն ապահովելու համար՝ ոլորտում աշխատաշուկայի առաջարկի եւ պահանջարկի միջեւ եղած անջրպետը վերացնելու նպատակով։ Գործարարությունը խթանող միջավայր, Միջազգային զարգացման խումբ (07.2020-07.2022, 2,5 մլն ԱՄՆ դոլար) - Խումբը համագործակցում է ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի եւ այլ շահագրգիռ կողմերի հետ՝ խթանելու բիզնեսին նպաստող միջավայրը եւ պետական մասնավոր երկխոսության ամրապնդման միջոցով աջակցելու քաղաքականության իրավական եւ կարգավորիչ նախաձեռնությունների մշակմանը, որդեգրմանը եւ իրականացմանը։ Ամերիկյան կողմից ներկայացվել է ծրագրի թիվ 15 փոփոխությունը (ստորագրվել է 2021-ի մայիսի 12-ին), որով նախատեսվում է լրացուցիչ 8 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի հատկացում։ Փաստաթուղթը գտնվում է վավերացման գործընթացում։ Փոփոխության հաստատման արդյունքում ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակներում կկազմի 100,000,980․41 ԱՄՆ դոար։ Փոփոխություն 15-ով հաստատվելիք ֆինանսական հատկացումները նախատեսվում է ուղղել ներքոնշյալ ծրագրերի ուղղությամբ․ գյուղական վայրերի տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ (RED-NEO) - 500,000 ԱՄՆ դոլար։ Գործարարությունը խթանող միջավայր - 1 մլն ԱՄՆ դոլար։ Նախատեսվում են նաեւ նոր ծրագրեր՝ Հայաստանի աշխատուժի զարգացում - 1,919.000 ԱՄՆ դոլար, բնական ռեսուրսների կառավարում - 2.956,000 ԱՄՆ դոլար եւ տնտեսական կառավարման եւ մրցակցության բարելավում - 1,825,000 ԱՄՆ դոլար։ Հայարփի Բաղդասարյան
14:38 - 25 օգոստոսի, 2021