ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Սուրեն Պապիկյանը և հյուրերը դիտարկել են «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը

Սուրեն Պապիկյանը և հյուրերը դիտարկել են «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը

Սեպտեմբերի 15-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսի, 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնի և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հրավիրյալները հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին: Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարին և հյուրերին ներկայացվել են զորավարժության կառավարման կենտրոնը, վերազինված լսարանները, որտեղ մշակվում են սցենարները, ու կայացվում են որոշումները: Այցի ավարտին խաղաղապահ բրիգադի հրամանատարը քննարկումների սրահում ներկայացրել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ զորքերի մասնակցությունը մի շարք երկրներում խաղաղարար առաքելություն իրականացնելիս` ընդգծելով, որ այդ տեղամասերում մեծ է համագործակցությունն ամերիկյան բանակի խաղաղապահների հետ:
15:27 - 15 սեպտեմբերի, 2023
«Արծիվ գործընկեր» զորավարժության հիմքում հայ-ամերիկյան երկարամյա անվտանգային համագործակցությունն է․ Դեսպանատուն

«Արծիվ գործընկեր» զորավարժության հիմքում հայ-ամերիկյան երկարամյա անվտանգային համագործակցությունն է․ Դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Երևանում ողջունում է 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնին և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսին։ Գեներալ-մայոր Անդերսոնը և բրիգադային գեներալ Էլիսը դեսպան Քվինի հետ միասին «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկեցին «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքը։ «Արծիվ գործընկերը» խաղաղապահների համար նախատեսված զորավարժություն է, որն ընթանում է Հայաստանում ս․թ․ սեպտեմբերի 11-ից 20-ը։ Վարժանքին մասնակցում են մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։ ««Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա փոխգործակցության վկայությունն է, որի հիմքում անվտանգային և խաղաղապահ ոլորտներում համագործակցությունն է, որն առավելապես դրսևորվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի (նախարարության) Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի հետ Հայաստանի ձևավորած ամուր հարաբերությունների միջոցով», – նշեց դեսպան Քվինը։ «Հայաստանի հետ մենք բազմակողմ համագործակցային կապեր ունենք։ Միացյալ Նահանգները հետևողական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի զինված ուժերին, հատկապես կարողությունների զարգացման ասպարեզում այնպիսի կարևորագույն ուղղություններում, ինչպիսիք են զանգվածային բնաջնջման զենքերի չտարածումն ու խաղաղապահ գործունեությունը»,- ասաց գեներալ-մայոր Անդերսոնը։ Զորավարժությունը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի պատրաստվածությունը այս տարի ավելի ուշ նախատեսվող ՆԱՏՕ/ ԳհԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» պլանային գնահատման համար։ Այս մասին տեղեկացնում են Երեւանում ԱՄՆ դեսպանատնից։
09:37 - 15 սեպտեմբերի, 2023
Պապիկյանը Սալյուկովին և Կուլակովին է ներկայացրել սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի և կուտակումների վերաբերյալ տվյալներ

Պապիկյանը Սալյուկովին և Կուլակովին է ներկայացրել սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի և կուտակումների վերաբերյալ տվյալներ

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին։ ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-մայոր Կուլակովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր: Նախարար Պապիկյանն ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի և կուտակումների, պարբերաբար իրականացրած սադրանքների, հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգության և դրան զուգահեռ ապատեղեկատվության հաճախակի տարածման վերաբերյալ տվյալներ:
16:57 - 14 սեպտեմբերի, 2023
Ռազմաուսումնական հաստատությունների ամսական դրամական ապահովումները կբարձրանան |1lurer.am|

Ռազմաուսումնական հաստատությունների ամսական դրամական ապահովումները կբարձրանան |1lurer.am|

1lurer.am: Ռազմաուսումնական հաստատությունների ամսական դրամական ապահովումները կբարձրանան: Այդ մասին առաջարկվող փոփոխությունները Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստին ներկայացրեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը: Նախարարը տեղեկացրեց, որ սահմանվել է նոր կարգ, անփոփոխ դրույքներ, ըստ որի՝ առաջին կուրսի կուրսանտի ամսական դրամական ապահովության չափը կազմում է 15 հազար դրամ, երկրորդ կուրսի կուրսանտինը՝ 20 հազար դրամ, երրորդինը՝ 25 հազար դրամ, չորրորդինը՝ 30 հազար դրամ, հինգերորդ և բարձր կուրսի կուրսանտինը՝ 35 հազար դրամ: Միջին որակավորման գնահատականի (ՄՈԳ) հիման վրա սահմանվելու են նաև գործակիցներ: 60-70,9 ՄՈԳ-ի պարագայում սահմանում ենք 3 գործակից, 71-ից մինչև 79,9-ի դեպքում՝ 4 գործակից, 80 տոկոսի և բարձրի դեպքում՝ 5 գործակից: «Այսինքն՝ առաջին կուրսում գործակիցների ՄՈԳ-ի պարագայում ունենալու ենք հետևյալը. առաջին կուրսի կուրսանտը կարող է ստանալ 45-ից մինչև 75 հազար դրամ, տարբեր առաջադիմությունների դեպքում, այսինքն՝ 45, 60, 75 հազար, այսինքն՝ բազմապատկում ենք 3-ով: Երկրորդ կուրսում դա լինելու է 60, 80, 100 (հազար դրամ – խմբ.), այսինքն՝ բազմապատկում ենք 3-ով, 4-ով, 5-ով: Երրորդ կուրսում՝ 75-ից մինչև 125, այսինքն՝ 75 հազար, 100 հազար, 125 հազար: Չորրորդ կուրսում՝ 90, 120 և 150 հազար: Եվ հինգերորդ և բարձր կուրսում՝ 105 հազար, 140 հազար, 170 հազար: Այսինքն՝ մեր դասական պատկերացմամբ գերազանց սովորող կուրսանտը հինգերորդ կուրսում կարող է ստանալ 175 հազար թոշակ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների կրթաթոշակներին, Պապիկյանը նշեց, որ այդ մասով նախագիծը կներկայացվի հոգաբարձուների խորհրդին, և որ ենթադրում է՝ այդ մասով առարկություններ չեն լինի: Այնտեղ էլ, ըստ առաջադիմության, սաների համար կսահմանվեն ամսական 15 հազար, 30 հազար և 45 հազար դրամի չափի բավարարում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, քանի որ խոսքը անչափահասների մասին է, այդ գումարի օգտագործման որոշակի սահմանափակումներ են լինելու: Գումարի մի մասը սաները կօգտագործեն արձակուրդին, մյուս մասը՝ 18 տարին լրանալուն պես: Բանկային քարտերը կլինեն սաների անվամբ բացված հաշիվներով:
13:40 - 14 սեպտեմբերի, 2023
Լրացուցիչ գումար հատկացվեց զոհված, հաշմանդամ արձած զինծառայողների երեխաների հանգիստը ճամբարներում կազմակերպելու համար |news.am|

Լրացուցիչ գումար հատկացվեց զոհված, հաշմանդամ արձած զինծառայողների երեխաների հանգիստը ճամբարներում կազմակերպելու համար |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց վերաբաշխում կատարել  2023-ի բյուջեի մասին օրենքում եւ լրացուցիչ 4 մլն 679 հազար դրամ հատկացնել ՏԿԵ նախարարությանը՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխա¬ների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  շահառու խմբի երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու գործընթացի շրջանակներում երեխաներին տրանսպորտային միջոցներով ապահովվելու նպատակով ՀՀ ՏԿԵ նախարարությանը հատկացված 13,440.0 հազար դրամ գումար, սակայն մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից  ներկայացված հաշվետվությունների համաձայն փաստացի կատարված ծախսերը կազմում են 18,119.0 հազար դրամ: Այս որոշմամբ առաջարկվում է չբավարարող 4,679.0 հազար դրամը վերաբաշխել` ՏԿԵՆ «1072 Ջրամատակարարաման և ջրահեռացման բարելավում» ծրագրի «31003 Եվրոպակական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների հիմնանորոգում» միջոցառումից: Նվազեցմումն իրականացվում է տնտեսումների հաշվին: Որոշման ընդունման արդյունքում կապահովվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպումը մանկական առողջարարական։
12:39 - 14 սեպտեմբերի, 2023
Պարզվում են զինծառայող Ալեքս Ավանեսյանի մահվան հանգամանքները

Պարզվում են զինծառայող Ալեքս Ավանեսյանի մահվան հանգամանքները

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող խրամաբջիջներից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Կողքին հայտնաբերվել է վերջինիս ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը։ Նախնական տվյալներով տեղի է ունեցել ինքնասպանություն իրեն ամրակցված գնդացրով։   Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։   Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու, կատարվածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ։      
13:07 - 13 սեպտեմբերի, 2023