ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունը քննարկում է սոցիալական բնակարանաշինության գաղափարը |armenpress.am|

Կառավարությունը քննարկում է սոցիալական բնակարանաշինության գաղափարը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունը քննարկում է սոցիալական բնակարանաշինության հարցը, սակայն դրա համար պետք է մանրամասն հաշվարկել քայլերը: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի առաջարկին: Բագրատյանն առաջարկեց աղետի գոտու ընտանիքների համար գնման վկայագրերի փոխարեն բնակարաններ կառուցեն՝ ընդ որում ոչ միայն աղետի գոտում, այլ նաև ՀՀ բոլոր մարզերում: Նա վստահեցրեց, որ մարզերում 30 տարի որևէ բազմաբնակարան շենք չի կառուցվել՝ հատկապես սոցիալական բնակարանաշինության տեսքով: Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այն, ինչ Բագրատյանն ասաց, դրա մասին կառավարությունը մտածել և մտածում է: «Կառավարությունում այս թեմայով 4-5 անգամ քննարկում է եղել՝ գնանք ԲԳՎ-ների ճանապարհով (բնակարանների գնման վկայագրերի տտրամադրում), թե ոչ: Այս փուլում որոշել ենք գնալ այդ ճանապարհով, բայց, ընդհանուր առմամբ, սոցիալական բնակարանաշինության գաղափարը նույնպես անընդհատ քննարկվում է»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ պետք է  նկատի ունենալ, որ երբ կա բնակավայր, որտեղ կան անտուն մարդիկ և դատարկ տներ, և այդտեղ տեղի է ունենում շինարարություն, անշարժ գույքի շուկան անկում է ապրում: Վարչապետը շեշտեց՝ պետք է նկատի ունենան, թե այն գյուղերում, որտեղ կան տասնյակ դատարկ տներ, որքանով է տրամաբանական նոր տներ կառուցելը: «Եվ հարցրել ենք շահառուներին, նրանք, որոնք ցանկացել են ԲԳՎ, նրանց տվել են ԲԳՎ, նրանք, որոնք ասել են, որ ուզում են շինարարություն, նրանց համար կապահովենք շինարարություն»,-ասաց Փաշինյանը: Նա նաև տեղեկացրեց, որ պատգամավորներից մեկից առաջարկ է եղել պետբյուջեից որոշակի  գումար եկամտահարակի վերադարձին ուղղելու փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնեն: Փաշինյանը նշեց՝ դա էլ գաղափար է, որը պետք  քննարկենք: Նա վստահեցրեց, որ այդ գաղափարը քննարկում են: Վարչապետը նկատեց՝ կուտակած փորձը սակայն հուշում է, որ մի քայլանոց գործողությունները, եթե նույնիսկ օգուտ բերում են, ապա շատ կարճաժամկետ են, շեշտեց՝  պետք է հնարավորինս բազմաքայլ օգտագործեն միջոցները:
18:57 - 04 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն և ոստիկանության պետ նշանակելու որոշման մասին կհայտնի մարտի 19-ին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն և ոստիկանության պետ նշանակելու որոշման մասին կհայտնի մարտի 19-ին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն և ոստիկանության պետ նշանակելու որոշման մասին կհայտնի մարտի 19-ին: Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ-ում՝ կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նկատեց, որ մարտի 19-ին լրանում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժպ-ների լիազորությունների՝ օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը: Նա հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետը որոշում ունի, մտադի՞ր է վերանշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին ու խնդրեց գնահատել այդ պաշտոնակատարների աշխատանքը: «Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով երկու մարմինների աշխատանքին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրավապահ համակարգում ընդհանրապես խնդիրներ  կան և  այդ խնդիրները պետք է համակարգված ձևով լուծել: «Բայց ես այս պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի վրա: Ես այդ երկու թեմաները կտարանջատեի, ընդ որում, ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիր ունենք»,-ասաց նա ու նշեց՝ մինչ այժմ խնդիրները լուծված չեն այն պատճառով, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ ախտորոշում։ Փաշինյանի կարծիքով սակայն ճշգրիտ ախտորոշմանը առնվազն մոտ են: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է՝ Արթուր Վանեցյանի՝ պաշտոնը թողնելուց հետո: Իսկ ոստիկանության պետի պարտականությունները կատարում է Արման Սարգսյանը՝ Վալերի Օսիպյանի ազատումից հետո: 
17:56 - 04 մարտի, 2020
Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել ID քարտերով |armenpress.am|

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել ID քարտերով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը երկկողմ ուղղություններով դյուրացվում է, նրանք կարող են այցեր կատարել ID քարտերով: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ ներկայացնելով Վրաստան կատարած իր այցի մանրամասները: «Այցը շատ բարձր մակարդակով անցավ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Գիորգի Գախարիային, վրաց բոլոր գործընկերներին արդյունավետ և տպավորիչ այցի համար: Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին հուշագիր, ըստ որի, քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Մենք պայմանավորվեցինք, որ հիմա կանցնենք այդ պայմանավորվածության իրականացմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրվել է քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիր: Դա ենթադրում է, որ երկու երկրների քաղաքացիները կարող են ID քարտերով ազատ ելք ու մուտք ունենալ:
17:30 - 04 մարտի, 2020
Արդյո՞ք արդարացված է համայնքների խոշորացումը |acnis.am|

Արդյո՞ք արդարացված է համայնքների խոշորացումը |acnis.am|

acnis.am: Կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ՀՀ վարչատարածքային բաժանման եւ ՏԻՄ մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Դրանցով առաջարկվում է Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքների միավորմամբ ստեղծել միասնական Լերմոնտովո համայնքը, իսկ Տավուշի մարզում 19 համայնքների միավորմամբ՝ միասնական Իջեւան համայնքը։ Հիմնավորման մեջ ՏԿԵ նախարարը մատնանշել է հետեւյալ կետերը. 2008-2011թթ․ կատարված հողային բարեփոխումների արդյունքում վերոնշյալ համայնքների միջեւ ծագել են հողային վեճեր, որոնք կլուծվեն համայնքների  միավորման արդյունքում։ Լերմոնտովո միասնական համայնքի ստեղծման պարագայում նշվեց, որ այստեղ բնակվում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, եւ որ այս միավորված համայնքի ստեղծման ժամանակ ՀՀ-ն ապահովելու է, որ ազգային փոքրամասնությունների այս համայնքները մնան իբրեւ առանձին միավորներ։ Տավուշի մարզում մեկ ընդհանուր համայնքի մեջ 19 համայնքների միավորումը մեծապես հիմնավորվեց այն հանգամանքով, որ դրանք պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լրավճարներ ստանալու կապակցությամբ ընդհանուր առմամբ ներկայացրել են 97 մլն դրամի ծրագրեր, ինչը նախարարի կողմից որակվեց իբրեւ աննախադեպ ցածր ցուցանիշ՝ հաշվի առնելով այն, որ այդ գումարի կեսից ավելին բաժին է ընկել Իջեւան քաղաքին։ Եվ, բացի դրանից, 19 համայնքից միայն 6-ն է մասնակցել սուբվենցիոն ծրագրին։ Նախարարն այնուհետեւ ընդգծեց, որ նշվածները եւ, ընդհանրապես, ՀՀ շատ համայնքներ առանց պետական ֆինանսավորման սեփական միջոցներով չեն կարող վճարել անգամ վարչական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը։ Ամփոփելով՝ Պապիկյանն ասաց, որ համայնքներին հնարավորություն կտրվի ցանկության դեպքում սեփական նախաձեռնությամբ կազմակերպել տեղական հանրաքվեներ եւ եթե 50 տոկոսից ավելին դեմ լինի, ապա իրենք դուրս կմնան խոշորացման գործընթացից։ Ռիսկեր․ Խոշորացման դեպքում մեծ են ռիսկերը, որ համայնքները՝ մասնավորապես սահմանամերձ բնակավայրերը, կշարունակեն մարդաթափ լինել, հաշվի առնելով, որ խոշորացման պարագայում բոլորը կձգտեն տեղափոխվել միասնական համայնքի կենտրոն։ Եվ ասվածի առավել քան ակներեւ ապացույցը Երեւան մայրաքաղաքն է, որտեղ փոքր կենտրոնի ու ծայրամասերի միջեւ եղած տարբերությունը ուղղակի հսկայական է։ Նույնը կարելի է ասել նաեւ Պապիկյանի նշած Մեղրու կամ Գորիսի խոշորացած համայնքների մասին, որտեղ լրավճարների հիմնական բաժինը հասնում է Գորիս կամ Մեղրի քաղաքներին, ինչն էլ խթանում է արտահոսքը շրջակա գյուղերից դեպի այս քաղաքներ։ Որեւէ երաշխիք կամ մեխանիզմ չառաջարկվեց, որով կբացառվեին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ստացված պետական լրավճարների անհամաչափ բաշխվածության երեւույթները։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ ստացված համաֆինանսավորման առյուծի բաժինը չի օգտագործվի հենց կենտրոնի համար։ Ոչ մի խոսք չեղավ համայնքների միավորման ժամանակ աշխարհագրական պայմանների եւ, ըստ այդմ, առանձին համայնքների աշխատանքային մասնագիտացման համադրման նպատակայնության մասին։ Այսինքն՝ համայնքը, որտեղ զարգացած են, ասենք, խաղողագործությունն ու այգեգործությունը, որքանով է նպատակահարմար միավորել այնպիսի համայնքների հետ,  որտեղ առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասունների բուծումն է կամ, օրինակ, թեպետ թույլ զարգացած, բայց արդյունաբերական արտադրությունը: Արդյո՞ք նման կարգի համադրություններն արդարացված են տնտեսական առաջընթացի տեսանկյունից։ Ավելին՝ արդյո՞ք մարզպետարանները կամ միասնական համայնքների համայնքապետարանները, առաջին հերթին, իրենց կադրային  բազայով ու կազմակերպվածության առումով կարող են ապահովել նման բազմատար եւ հակոտնյա ուղղվածություններ ունեցող համայնքների համաչափ զարգացումը։ Հաշվի առնելով վարչապետի այն հայտարարությունը, թե կառավարությունը մտադիր է 2050թ․ ՀՀ-ում ապահովել 5 միլիոն բնակչություն, խոշորացման այս առաջարկն ուղղակի հակասության մեջ է վերոնշյալ հեռահար նպատակի հետ եւ ռազմավարական առումով արդարացված չէ։ 5 միլիոն բնակչություն ունենալու համար յուրաքանչյուր համայնք պետք է ոչ թե գոյություն պահպանի, այլ հարաճուն զարգացում ապրի, կայանա եւ ընդարձակվի։ Էլ չենք խոսում կառավարության այն որոշումների մասին, համաձայն որոնց՝ փակվում են համայնքային ծննդատներ ու հիվանդանոցներ, առաջարկվում է նաեւ դպրոցներ փակել: Ուրեմն՝ ինչ խոսք կարող է լինել բնակչության աճի մասին, երբ գյուղական համայնքներից արտագաղթի միտումներն ավելի ու ավելի տեսանելի են։ Համայնքների խոշորացման այս որոշումը գալիս է դեռ նախորդ իշխանությունից եւ, ինչպես երեւում է, «բարեհաջող» շարունակվում է: Այդպես շարունակվում են նաեւ նախորդների կողմից սկզբնավորված մի շարք այլ ուղղություններ (Ամուլսար, ԵԱՏՄ եւ այլն)։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ շարունակելով հանդերձ՝ անընդհատ քննադատում են նախկիններին՝ բոլոր ձախողումների մեղքը բարդելով նրանց վրա: Շարունակությունը՝ acnis.am-ում։
11:10 - 01 մարտի, 2020
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման հնարավորությունները

Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման վերաբերյալ: Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Մենք արդեն բավական երկար ժամանակ ենք այս թեմայի շուրջ աշխատում և ուսումնասիրել ենք աշխարհում գոյություն ունեցող փորձը, ավելի ճիշտ՝ մեր տարածաշրջանում: Աշխատանքային խմբեր ենք գործուղել առնվազն մի երկիր, որտեղ լայնորեն կիրառում են կենսավառելիք կենցաղային պայմաններում, մասնավորապես՝ ջեռուցման նպատակով օգտագործելու մեթոդը: Եվ այս հարցերի քննարկման համատեքստում է, որ ինձ համար գոնե զարմանալի կերպով իմացա, որ բավական տարածված պրակտիկա է նաև Եվրոպայում, այսինքն՝ զարգացած երկրներում, ընդհուպ Մեծ յոթնյակի անդամ հանդիսացող երկրներում:Պարզաբանենք, թե ինչի մասին է խոսքը՝ այն մասին, որ հիմա մեզ արդեն հայտնի ջեռուցման կաթսաները կամ այդ պարամետրերին համապատասխանող կաթսաներն օգտագործվում են ոչ թե բնական գազով կամ հեղուկ վառելիքով, այլ կենսավառելիքով: Տվյալ դեպքում կենսավառելիք ասելով նկատի ունենք բրիկետները, պելետները: Իհարկե, պելետների և բրիկետների օգտագործման այլ մեթոդներ էլ կան, և այսօր մենք կփորձենք հասկանալ, թե ինչ եզրակացությունների ենք հանգել և ինչքանով ենք հավանական համարում Հայաստանում այդ մեթոդի կիրառելիությունը: Հիմնականում մեթոդի կիրառելիություն ասելով նկատի է առնվում դրա շուկայական մրցակցությունը մինչ այժմ մեր ունեցած մյուս մեթոդների նկատմամբ: Համենայն դեպս, եթե պարզվի, որ այսօր գազով աշխատող և ջեռուցման նպատակով օգտագործվող կաթսաները կամ այդ համակարգերը կարելի է նաև այս տարբերակով օգտագործել, և դա մեր քաղաքացիների համար կլինի առնվազն նույնքան մատչելի, որքան այսօր գոյություն ունեցող տարբերակները, բավական հետաքրքիր լուր կլինի մեզ համար»: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման հեռանկարների ուսումնասիրման ուղղությամբ կատարված նախնական աշխատանքներին: Նա ներկայացրել է համեմատական վերլուծություն կենսավառելիքի՝ բրիկետային և պելետային վառելիքի արտադրության տեխնոլոգիաների, հիմնական առավելությունների, արժեք/ջերմատվություն հարաբերակցության, այլ տեսակի վառելիքի հետ համատեղելիության/փոխարինելության, արտադրության համար անհրաժեշտ հումքային պաշարների վերաբերյալ: Նախարարի խոսքով՝ կենսավառելիքի շուկայի զարգացումը կարևոր փոփոխություն կարող է լինել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքակիրթ ջեռուցման համակարգի զարգացման, ապօրինի անտառահատումների և բուսածածկ տարածքների հրդեհների նվազեցման, բնակչության ջեռուցման կարիքների ապահովման, աշխատատեղերի ստեղծման և էներգետիկ անվտանգության առումով: Նա նշել է, որ ծրագրի իրականացվելիության և ֆինանսական գնահատականի ամբողջական ուսումնասիրությունը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում: Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել Հայաստանում բրիկետների և պելետների կիրառելիության, արտադրող-սպառող գործուն շղթայի ձևավորման հնարավորությունները, շահավետ բիզնես մոդելների տարբերակները, պետական ներգրավվածության մեխանիզմները և այլ հարցեր: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ հետագա անելիքների շրջանակում յուրաքանչյուրն իր մասով մշակել առաջարկությունների փաթեթ քննարկված հարցերի վերաբերյալ և ներկայացնել դրանք ծրագրի ամբողջական գնահատականի հետ մեկտեղ:
17:07 - 28 փետրվարի, 2020
Հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով զինծառայողի կյանքին ու առողջությանը հասցված վնասը կփոխհատուցվի |shantnews.am|

Հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով զինծառայողի կյանքին ու առողջությանը հասցված վնասը կփոխհատուցվի |shantnews.am|

shantnews.am: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին նախագծով է հանդես եկել կառավարությունը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրել է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման շարքում առաջարկվում է ներառել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը: «Քանի որ ԶՈՒ գործողությունների ժամանակ ստեղծվում են իրավիճակներ, երբ զինծառայողները չեն մասնակցում մարտական գործողությունների, չեն կատարում մարտական առաջադրանք, սակայն հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով նրա առողջությանը պատճառվում է վնաս: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը չի ապահովում սոցիալական առումով ապահով վիճակ»,- ասել է նա: Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվել է. «Ի՞նչ կարգի փոխհատուցման մասին ենք խոսում, ո՞ր կարգի վնասվածքներն են փոխհատուցվում և նախկին դեպքերը մտնո՞ւմ են կարգավորումների մեջ»: «Նույն ձևաչափն է գործելու: Եթե հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում է եղել, ապա դասվում է փոխհատուցման ենթակա դեպքերի ցանկում»,- պարզաբանել է նա:
15:31 - 28 փետրվարի, 2020
Հավանության է արժանացել կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

Հավանության է արժանացել կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

Գործադիրն այսօր հավանություն է տվել կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ: Այն ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ: Զեկույցի համար հիմք են հանդիսացել նաև վարչապետի կողմից պարբերաբար հայտարարված «Նոր Հայաստանի մասին 100 փաստերը»: Զեկույցի կառուցվածքը համապատասխանում է կառավարության ծրագրի կառուցվածքին և ներառում է 8 բաժին՝ իր ենթաբաժիններով: Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զեկույցին, նշել է. «Կարծում եմ՝ հաշվետվողականությունը մեր գործունեության կարևոր հատվածներից մեկն է և նկատի ունեմ ոչ միայն կառավարության ընդհանուր առմամբ, այլև յուրաքանչյուր նախարարության: Կարծում եմ, որ այսօրինակ զեկույցները և զեկույցում կոնկրետ սեգմենտների առկայությունը ցույց է տալիս նաև այս կամ այն նախարարության աշխատանքի որակը, այդ թվում՝ 100 փաստերը, որ արդեն 3 անգամ հրատարակել ենք: Ընդ որում՝ կարելի է ինքնաստուգում անել. ես առաջարկել եմ նախարարություններին անել ինքնաստուգում և ստուգել, թե այդ 100 փաստերի մեջ որ փաստն է վերաբերում այս կամ նախարարությանը, գերատեսչությանը և ըստ այդմ՝ կարելի է նույնիսկ աշխատանքի որակի սեփական գնահատում անել»: Այնուհետև վարչապետն հրապարակել է զեկույցի նախաբանը: «2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Հաշվետու տարում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։ Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12%-ով` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով` դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Հաշվետու ժամանակահատվածում տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով, ինչը 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14․7%-ով աճի կարևոր արտահայտություններից է: Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (26.4%), մրգային գինիների (70.8%), խաղողի գինու (25.3%) և բուսական ծագմամբ արտադրանքի (14.3%) ապրանքախմբերով: Աճել է նաև միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքներինը՝ 13.5%-ով: 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2․1 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 միլիոն դոլարով կամ 27․6%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41%-ով: 2018-2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505․4 միլիարդ դրամով կամ 43.6%-ով, ինչը հնարավորություն է ընձեռել 199․1 միլիարդ դրամով նվազեցնել հարկ վճարողների հանդեպ նախկինում ձևավորված պարտքերը և 306․3 միլիարդ դրամով փաստացի ավելացնել պետական բյուջեի հարկային եկամուտները։ 2019 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.3%՝ նախորդ տարվա ցուցանիշի (20.95%) համեմատ բարելավվելով 1.38 տոկոսային կետով, ինչը, այլ հավասար պայմաններում, համարժեք է 90.7 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների գոյացմանը: 2019 թվականի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 31%-ով։ 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի վերջ հավելյալ ի հայտ է եկել (ստեղծվել է և ստվերից դուրս է բերվել) ավելի քան 87 հազար աշխատատեղ: 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2.5 տոկոսային կետով: Հաշվետու տարում նորոգվել և հիմնանորոգվել է 460 կմ ճանապարհ, որից 110 կմ-ը կառավարության սուբվենցիոն ծրագրերով: 2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, և այն հասցնել 23.5%-ի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2%-ից նվազել է մինչև 1%: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը ավելացել է 5.8%-ով: 2019թ. հունիսի 1-ից զինված ուժերի զինծառայողների ամսական վարձատրությունը, կախված ծառայության վայրից և պայմաններից, բարձրացվել է մինչև 30%-ով: Սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցների շուրջ 38 հազար ուսուցիչների, բարձրագույն ուսումնական հաստատությունների 2,600 դասախոսների, առաջնային օղակի 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացվել են 10-30%-ով: Հոկտեմբերի 1-ից փրկարար ծառայության սպայական անձնակազմի և կրտսեր խմբերի աշխատավարձը բարձրացվել է մինչև 52%-ով: 2020թ. հունվարի 1-ից քրեակատարողական ծառայողների աշխատավարձը բարձրացվել է 30%-ով: 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացվել և սահմանվել է 68 հազար դրամ: Կառավարությունը 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացրել է 64,084 նպաստառուի նպաստների և 3,307 զինվորական կենսաթոշակառուի կենսաթոշակների չափերը՝ սահմանելով 25,500 դրամ: Հունվարի 1-ից բարձրացվել է նաև 21,785 աշխատանքային և 7583 երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակները՝ նվազագույն կենսաթոշակի մակարդակ սահմանելով 25,500 դրամ: 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների չափը բարձրացվել է միջինը 10%-ով։ 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստներն աճել են 26.1%-ով կամ շուրջ 590 միլիոն ԱՄՆ դոլարով՝ տարեվերջին հասնելով աննախադեպ 2.85 միլիարդ ԱՄՆ դոլար մակարդակի: Բանկային համակարգի ակտիվները տարեսկզբից աճել են 16.9%-ով կամ 842 միլիարդ դրամով, տրամադրված վարկերի ծավալը՝ 16.4%-ով կամ 482 միլիարդ դրամով, ներգրավված ավանդների ծավալը՝ 19.3%-ով կամ 527 միլիարդ դրամով: Միջազգային վարկանիշային գործակալություները, արձանագրված տնտեսական ցուցանիշների և վարվող ոլորտային քաղաքականությունների գնահատման արդյունքում բարձրացրել են Հայաստանի սուվերեն վարկանիշը, մասնավորապես՝ «Ֆիթչ»-ը այն բարձրացրել է «BB-», իսկ «Մուդիզ»-ը՝ «Ba3» մակարդակի»,- նշված է զեկույցում։
16:36 - 27 փետրվարի, 2020
Թեև սեռով պայմանավորված հղիության ընդհատումների առումով վատթարագույն տեղերում ենք գտնվում, բայց մեր բնակչության մեծամասնությունը կանայք են. վարչապետ |tert.am|

Թեև սեռով պայմանավորված հղիության ընդհատումների առումով վատթարագույն տեղերում ենք գտնվում, բայց մեր բնակչության մեծամասնությունը կանայք են. վարչապետ |tert.am|

tert.am: Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց օրեր առաջ Անվտանգության խորհրդի կողմից պատրաստված զեկույցի արդյունքները՝ գլոբալ ցուցիչներում Հայաստանի շարժընթացի վերաբերյալ: Վարչապետը հայտնեց, որ կյանքի որակի ցուցիչը՝ ըստ քաղաքների, շատ քիչ առաջընթաց ունի, տնտեսական ազատության ցուցիչով Հայաստանի դիրքերը վատացել են, պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը: «Գլոբալ գենդերային ճեղքվածք զեկույցում, որը վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին, այստեղ լուրջ պրոբլեմ ունենք, և սա անթույլատրելի երևույթ է: Անհամատեղելի է մեր այսօրվա իրականության հետ, չի կարելի թույլ տալ»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև այս առումով աշխարհում վատթարագույն տեղերում ենք գտնվում, բայց նկատեց, որ այսօր ՀՀ բնակչության մեծամասնությունը կանայք են, իհարկե այստեղ որոշ դեր ունեցել է պատերազմը: «Մեր ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերից մեկում, որը գրվել է 2014 թվականին, կանանց դերի վերաբերյալ կա արձանագրում, որ նրանց դերի ընկալման այն իրավիճակը, որն այսօր ունենք, սպառնալիք են ստեղծում ազգային անվտանգության համար»,-ասաց  նա: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ մշակվել է ազգային ծրագիր, և այն ավելի համակարգված կդարձնի այս գործողությունները: Վարչապետը կոչ արեց հետևողական լինել այս հարցում:
14:02 - 27 փետրվարի, 2020
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հավանության արժանացավ |aysor.am|

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հավանության արժանացավ |aysor.am|

aysor.am: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագրին։ Ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:  Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը: Միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը և կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:
13:31 - 27 փետրվարի, 2020
Ունենք 850 հետազոտության թեստ, ևս 3000-ը շուտով կստանանք, ՀՀ-ն պատրաստ է դիմագրավել կորոնավիրուսին, չնայած գրանցված դեպքեր չկան. նախարար |tert.am|

Ունենք 850 հետազոտության թեստ, ևս 3000-ը շուտով կստանանք, ՀՀ-ն պատրաստ է դիմագրավել կորոնավիրուսին, չնայած գրանցված դեպքեր չկան. նախարար |tert.am|

tert.am: Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգին անցնելը առողջապահության նախարարին խնդրեց ներկայացնել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը աշխարհում, տարածաշրջանում և ներկայացնել, թե ինչ միջոցառումներ են կատարվում ՀՀ-ում վիրուսից պաշտպանվելու համար: Նախարարը նշեց, որ երեկվա տվյալների համաձայն՝ աշխարհի 37 երկրում արձանագրվել են կորոնավիրուսի վարակվածության 81 109 դեպք, որից 78 191-ը Չինաստանում, մահվան ելքով գրանցվել է 2 718 դեպք: Նախարարն ընդգծեց, որ վարակվածների մեծ մասը բուժվում, կազդուրվում է, մեծ մասն էլ նույնիսկ առանց բժշկի օգնության և որ ծանր դեպքերը 5 տոկոսի շրջանակում են: Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ դեպք կա, որ մարդ կարող է կորոնավիրուսով վարակվել, թեյ, սուրճ, օղի խմել, ու անցնի՞, նախարարը դրական պատասխան տվեց: Ինչ վերաբերում է տարածաշրջանին, Թորոսյանը նշեց, որ Իրանում 139 դեպք է գրանցվել, որից 19-ը մահվան ելքով: Նա նշեց, որ Վրաստանում արձանագրված մեկ դեպք կա և որ առավոտյան խոսել է իր գործընկերոջ հետ և տեղեկացել, որ վարակված անձի հետ շփված անձանց թեստը բացասական է եղել, նրանք մեկուսացվել են, որ 2 շաբաթվա ընթացքում կամ կդառնան վարակակիր, կամ առողջ դուրս կգրվեն: Վարչապետն էլ նշեց, որ Վրաստանի աշխատանքը այս դրվագով տպավորիչ է, և հույս հայտնեց, որ Հայաստանն առնվազն այդ մակարդակով պատրաստ է: «Այո´, պարոն վարչապետ: Երբ սահմանափակեցինք Իրանից ուղևորահոսքերը, բայց ոչ մեր քաղաքացիների համար, և երեկ էլ ինքնաթիռով մեր քաղաքացիներից 52 հոգի վերադարձել է, նրանց ուղեկցել է Իրան գնացած մեր աշխատակիցը: Վարակված քաղաքացի չի եղել, ժամանելուն պես զննում է կատարվել նաև Հայաստանում: Շատ ենք լսում, որ զննումը բավարար չէ, ես կարող եմ ասել, որ համաճարակաբանական հիվանդության կանխարգելման տեսանկյունից այլ ավելի էֆեկտիվ միջոցառում չկա: Այն ջերմաչափումը և զննումը, որ կատարում ենք, առավելագույնն է, որ կարող ենք անել: Այս պահի դրությամբ վիրուսով վարակված դեպք չունենք»,- ասաց նա: Թորոսյանը տեղեկացրեց, որ 95 հետազոտություն է կատարվել մինչև օրս, որոնք բոլորը եղել են բացասական: «Ունենք 850 հետազոտության թեստ և ևս 3000 թեստ շուտով կստանանք, այդ առումով ևս հագեցած ենք: Վերջին 2 օրվա մեջ Հայաստանի սահմանը հատել է 69 բեռնատար, որոնք ոստիկանության և մեր հակահամաճարակային ուժերի կողմից ուղեկցվել են: Պրակտիկորեն, եթե չասեմ ամեն ինչ, ապա հնարավոր ամեն ինչ արվում է, որ վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի՝ չնայած այն համարվելով ռեսպերատոր հիվանդություն, շատ քիչ է տարբերվում սեզոնային գրիպի H1N1 շտամից, որը ազատ շրջանառվում է ամբողջ աշխարհում»,- նշեց նախարարը:
12:32 - 27 փետրվարի, 2020
Սիրիահայերի համար կառավարությունը ՀՀ ԱԳՆ-ին ավելի քան 12 միլիոն դրամ հատկացրեց |aysor.am|

Սիրիահայերի համար կառավարությունը ՀՀ ԱԳՆ-ին ավելի քան 12 միլիոն դրամ հատկացրեց |aysor.am|

aysor.am: Կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 12 միլիոն 275 հազար դրամ հատկացրեց՝ սիրիահայերին անձնագիր տալու համար նախատեսված պետական տուրքը վճարելու: Օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Որոշման 2-րդ կետով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի առաջարկություն տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից յուրաքանչյուր եռամսյակի համար ներկայացված գումարի չափով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տվյալ որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձնագիր տալու կամ փոխանակելու համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին: Նշենք, որ 2019թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 205 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (60 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (145 գործ) կողմից տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
12:12 - 27 փետրվարի, 2020
Հայաստանը 647 ապրանքով ևս 1 տարի կպահպանի ԵԱՏՄ արտոնությունը․ նախագիծ |shantnews.am|

Հայաստանը 647 ապրանքով ևս 1 տարի կպահպանի ԵԱՏՄ արտոնությունը․ նախագիծ |shantnews.am|

shantnews.am: Կառավարության այսօրվա նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց այն արտոնությունները, որոնք նորից ստանում է Հայաստանը։ Նա նշեց, որ վարչապետի ղեկավարած բանակցությունների արդյունքում ԵԱՏՄ համատեքստում 647 ապրանքի գծով արտոնություն կտրվի Հայաստանին։ Բանն այն է, որ Հայաստանը նախորդ 5 տարիների ընթացքում արտոնության միջոցով ապրանքները ներմուծում էր ցածր մաքսատուրքերով։ Հիմա այդ ապրանքների թիվը կրճատվում է, սակայն 647 ապրանք, այնուամենայնիվ, այս տարի ևս կներմուծվի ցածր մաքսային վճարով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միայն մեքենաների վրա չի տարածվում այս արտոնությունը։ Գրիգորյանը բացատրեց, որ հիմնականում խոսքը մսի, կարագի, թանկարժեք մետաղների, դեղորայքի և դրա հումքի, քարերի և նմանատիպ այլ ապրանքների մասին է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սրա արդյունքում քաղաքացիները մոտ 30 միլիոն դոլար կխնայեն։ Կառավարությունը հաստատեց այդ նախագիծը։
12:03 - 27 փետրվարի, 2020
Բուզանդի փողոցում գտնվող պետական սեփականության գույքը գնահատվել և օտարվել է հանցավոր խախտումներով. հարուցվել է քրգործ

Բուզանդի փողոցում գտնվող պետական սեփականության գույքը գնահատվել և օտարվել է հանցավոր խախտումներով. հարուցվել է քրգործ

Երևան քաղաքի դատախազությունում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ընթացքում Երևան քաղաքի Փ.Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող 2 շինությունների շուկայական արժեքի վերագնահատման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով լրացուցիչ տեղեկություններ են պահանջվել և ստացվել Երևանի քաղաքապետարանից, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ուսումնասիրվել է նաև այդ տարածքի գույքի կադրաստրային գործը: Արդյունքում պարզվել է, որ Կառավարության 2018թ. թիվ 29-Ա որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել նշված հասցեում գտնվող շենքի՝ պետական սեփականություն հանդիսացող N1 շինության 210.4 քառ. մետր և N2 շինության 103.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները և դրանց զբաղեցրած հողամասից համապատասխանաբար 78.9537 ք/մ և 38.7249 ք/մ մակերեսներով` բաժնային մաս համարվող հողամասերը: Դրա հիման վրա 2018թ. մայիսին գույքն ուղիղ վաճառով օտարվել է: Առկա փաստաթղթերով պարզվել է, որ 2017թ. մայիսին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հասարակական նշանակության շինությունները  գնահատվել են առանց տեղազննության կատարման, իսկ շուկայական արժեքը որոշվել է 2014թ. ելակետային տվյալների և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ-ի միջինացված արժեքի վերաբերյալ գնահատող եզրահանգումների հիման վրա: Մինչդեռ, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն՝  անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը պետք է պարտադիր պարունակի անշարժ գույքի գնահատման և տեղազննության ամսաթիվն ու տարեթիվը, ինչպես նաև անշարժ գույքի տեղազննության արդյունքները, գնահատման օբյեկտի նկարագիրը: Արդյունքում՝ պետական սեփականություն հանդիսացող հասարակական նշանակության շինություններն օտարվել են իրենց կադաստրային արժեքից զգալի չափով  պակաս գնով: Պարզվել է նաև, որ մինչև գույքի օտարումը նշված հասցեում իրականացվել են շինարարական աշխատանքներ, որոնք իրենց կարգավիճակով, ըստ էության, հանդիսացել են ինքնակամ շինություններ, քանի որ կադաստրային գործում դրանց շինարարական ավարտի փաստագրման մասին ավարտական ակտ առկա չէ: Ավելին՝ շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո վերոնշյալ հասցեներում գտնվող տարածքների վերագնահատում չի իրականացվել: Այսպիով, 2018թ. պետական գույքն օտարելիս դրա շուկայական արժեքը գնահատվել է 3 տարվա վաղեմության տվյալների հիման վրա՝ առանց տեղազննության կատարման, ինքնակամ շինությունների առկայության պայմաններում, առանց դրանց կարգավիճակի վերաբերյալ սահմանված կարգով որոշման կայացման և գույքի փոփոխությունների արդյունքում առանց դրանց շուկայական արժեքի վերագնահատման: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքնում ձեռք են բերվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետության շահերին էական վնաս պատճառելու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու վերաբերյալ տվյալներ՝  Երևան քաղաքի դատախազությունում վերոնշյալ փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է  ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությանը:
11:59 - 27 փետրվարի, 2020
Բացառավում է, որ կառավարությունը հանրությունից թաքցնի կորոնավիրուսի մասին տեղեկությունը. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

Բացառավում է, որ կառավարությունը հանրությունից թաքցնի կորոնավիրուսի մասին տեղեկությունը. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսին։ «Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի», - ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ բանակում, զինված ուժերում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։ «Ուզում եմ՝ ծնողները, հարազատները ըմբռնումով մոտենան», - ասաց նա։ Վարչապետը Տիգրան Ավինյանին հորդորեց չթուլացնել զգոնությունը։ «ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք, ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա կոչ արեց բոլորին ապրել իրենց բնականոն կյանքով։ «Այս պահին որևէ անհանսգտացնող բան չունենք», - հավաստիացրեց վարչապետը։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գործուղվում Հայաստան։ «Եթե, այնուամենայիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կախարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում», - ասաց Ավինյանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան ժամանող ուղևորները ամբողջությամբ վերահսկողության տակ են։
11:39 - 27 փետրվարի, 2020