ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Եթե հաջողվի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, կոմունիկացիաների բացման նախագիծը կարող է ավելի մեծ մասշտաբ ստանալ․ Փաշինյան

Եթե հաջողվի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, կոմունիկացիաների բացման նախագիծը կարող է ավելի մեծ մասշտաբ ստանալ․ Փաշինյան

Ես տեղեկացրել եմ, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ հիշեցնել, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում։ Ըստ էության՝ այդ պայմանագիրն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և ահա Բրյուսելում ԵՄ խորհրդրի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը այս ամենը արձանագրվեց»,- հավելեց Փաշինյանը՝ նշելով, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն, փոխադարձության սկզբունքով՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի ինքնավար Հանրապետության հետ։ Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ վարչապետն ասաց, որ եթե հաջողվի որոշակի արդյունավետ երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, և հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացման, այս նախագիծը կարող է ավելի մեծ մասշտաբ ստանալ․ «Մենք պիտի սկսենք երկաթուղու շինարարությունը, իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա տանելու՝ նախագծելու, մրցույթներ հայտարարելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Իհարկե, այդ աշխատանքի մի մասն արդեն արված է»։ Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում կնշանակվեն հատուկ ներկայացուցիչներ։ ՀՀ ԱԳՆ խոսնակն էլ արձագանքել էր այս հայտարարությանը՝ նշելով․ «Դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։ Փաշինյանի խոսքով՝ ավելի նեղ կազմով խորհրդակցություն կլինի, որ ավելի կոնկրետացնի ՀՀ պատկերացումները, ճանապարհային քարտեզը․ «Մեր մտադրությունը և ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին։ Չեմ ուզում գերագնահատել այս նախագծի նշանակությունը, մյուս կողմից չեմ էլ ուզում թերագնահատել․ սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը հույս ունեմ՝ ճշգրիտ ձևով մենք կիրագործենք, որն էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, նաև քաղաքական և անվտանգային միջավայրը։ Եվ մենք առաջիկայում պետք է կենտրոնանանք նաև այս խնդրի լուծման վրա»։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ, որ շփումները կշարունակեն օրակարգի հարցերի շուրջ՝ փորձելով ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ, ու համաձայնեցնել և հաղթահարել տարաձայնությունները, որոնք առկա են։
11:43 - 16 դեկտեմբերի, 2021
Երկարաձգվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը |1lurer.am|

Երկարաձգվում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների՝ մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը: Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ՝ մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը: 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 5291 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, տեղադրվել և շահագործվում են շուրջ 45 լիցքավորման կայաններ:
11:30 - 10 դեկտեմբերի, 2021
Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց Գյումրու ճանապարհները կառուցելու համար |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց Գյումրու ճանապարհները կառուցելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը նոյեմբերի 9-ի նիստին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհները» ծրագիր իրականացնելու համար ավելի քան 1 միլիարդ դրամի համաֆինանսավորում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագիրը երկու բաղադրիչ ունի՝ փողոցների բարեկարգում և էներգախնայող արտաքին լուսավորության ցանցի ներդնում: «Ծրագրի ընդհանուր գումարը 23.84 միլիոն եվրո է։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականից։ 15.4 միլիոն եվրոն ուղղված է ճանապարհների, փողոցների և հարակից ենթակառուցվածքների հիմնանորոգմանը, իսկ 6.5 միլիոն եվրոն նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի համար: 2019-20 թվականներին բավականին աշխատանքներ արվել են, հիմա շարունակվում են: Ծրագիրը 2022 թվականին կշարունակվի»,-ասաց Սանոսյանը: Ըստ նախարարի` նախատեսված է 26 կմ ճանապարհի ասֆալտապատում, որը ներառում է Գյումրու 37 փողոց՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով: Ծրագիրը կավարտվի 2022 թվականին:
12:55 - 09 դեկտեմբերի, 2021
Ինքնակամ կառույցներն այլեւս չեն օրինականացվելու․ կառավարությունը նախագծերի փաթեթ ընդունեց

Ինքնակամ կառույցներն այլեւս չեն օրինականացվելու․ կառավարությունը նախագծերի փաթեթ ընդունեց

ՀՀ կառավարությունը քննարկում է ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ անելու մի նախագիծ, որով առաջարկվում է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը:  Ներկայումս ինքնակամ կառույցի հասկացությունը, ինչպես նաև դրա օրինականացման համար անհրաժեշտ դրույթները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով: Ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացի առավել ամբողջական կարգավորումը սահմանվել է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ: Նախագծի հիմնավորման մեջ Արդարադատության նախարարությունը նշել է, որ, ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, համայնքի ղեկավարի պարտականությունների թվում է ինքնակամ շինարարության կանխարգելումը և կասեցումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման ապահովումը: Ընդ որում, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված գործող իրավակարգավորումների՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: «Փաստորեն, ըստ գործող իրավակարգավորումների, համայնքի ղեկավարը, որի պարտականությունների թվում է նաև ինքնակամ շինարարության կանխարգելումը և կասեցումը, միևնույն ժամանակ օրենսդրությամբ օժտված է համայնքի վարչական տարածքում իրականացված ինքնակամ կառույցների օրինականացման լիազորությամբ: Վերոնշյալ իրավակարգավորումների նախատեսման արդյունքում բազմաթիվ շինությունների օրինականացման գործընթացը սկսվեց միայն դրանց կառուցումն ավարտին հասցնելուց հետո: Արդյունքում, տեղի ունեցավ առանց շենքերի ճակատների տեխնիկական վիճակի և անհրաժեշտ ճարտարապետական պատշաճ տեսքի պահպանման շինությունների օրինականացում»,- ընդգծել է նախարարությունը: Նախագծում նշված է, որ ձևավորված արատավոր պրակտիկայի և առկա օրենսդրական խնդրի մասին է վկայում ՀՀ-ում ինքնակամ կառույցների հսկայական թիվը․ «Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ինքնակամ կառույցների վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորումները՝ բացառելով դրանց օրինականացման հնարավորությունը, ինչը կստիպի քաղաքացիներին և իրավաբանական անձանց շինարարական թույլտվություն պահանջող ցանկացած շինարարական գործունեություն իրականացնելուց առաջ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ շինարարական թույտվություն, իսկ շինարարական գործունեությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ»:  Այսպիսով, «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների և այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար երկու ռեժիմ է սահմանվել․ 1) Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների օրինականացման նկատմամբ տարածվում են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները: Նշյալ կարգավորումները գործելու են նաև կիսակառույց ինքնակամ կառույցների՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կառուցված հատվածի վրա: 2) օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը և վերջիններս ենթակա են լինելու քանդման: Ընդ որում, ինքնակամ կառույցների քանդման համար նույնպես նախատեսվում է երկու ռեժիմ: Առաջին դեպքը վերաբերում է հողամասի սեփականատիրոջ կողմից իր կողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդմանը (ապամոնտաժմանը): Մասնավորապես, ըստ Քաղաքացիական օրենսգրքի նախագծով առաջարկվող իրավակարգավորման, հողամասի սեփականատերը կարող է առանց դատարան դիմելու քանդել իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Երկրորդ իրավիճակը վերաբերում է ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման հնարավորությանը, որը հնարավոր է իրականացնել բացառապես դատական կարգով: Միևնույն ժամանակ, սահմանվել է, որ պետական կամ համայնքային հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման մասին որոշում կայացնում է համայնքի ղեկավարը: Երեւանի սահմաններում կառուցված ինքնակամների ներկայացման եւ հաշվառման համար տրված է ժամկետ մինչեւ 2023-ի հունվարի մեկը, այն համայնքները, որտեղ կան քաղաքային բնակավայրեր, մինչեւ 2024-ն է տրված, եւ գյուղական բնակավայրերում՝ մինչեւ 2025-ի հունվարի մեկը։ Բացի վերոնշյալից՝ ՏԻՄ եւ Երեւան քաղաքում ՏԻՄ մասին օրենքներում նախատեսվել են կարգավորումներ, որոնցով համայնքի ղեկավարին և Երևանի քաղաքապետին վերապահվել է համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման որոշում կայացնելու և իրենց լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով նշված որոշման կատարման ապահովման իրավասություն:  Իսկ ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել են կարգավորումներ, որոնց համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցի քանդման նկատմամբ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին վերապահվել է վերահսկողական լիազորություն, որն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույցի քանդման որոշման կայացման և որոշման կատարման ապահովման նկատմամբ: Նշված լիազորությունը Տեսչական մարմինը կիրացնի տեղական ինքնակառավարման մարմնում ստուգումների իրականացմամբ և խախտումներ հայտնաբերելու դեպքում հանձնարարականներ տալով՝ ուղղված բացահայտված խախտումների և թերությունների որոշակի ժամկետում վերացմանը: Նախագծով նաև նախատեսվել է ստուգման արդյունքների հիման վրա Տեսչական մարմնի կողմից հայանքի ղեկավարի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորություն: Նախագծով նախատեսվել է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցի վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից քանդման որոշում չընդունելու կամ նշված որոշման կատարումը չապահովելու դեպքում նշված լիազորությունները Տեսչական մարմնին փոխանցելու հնարավորություն: Նախագծով նաև նախատեսվել է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին տեսչական մարմնի կայացրած վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելու կարգը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի համապատասխան հոդվածներում էլ հստակեցվել են դիսպոզիցիաները՝ համապատախանեցնելով ինքնակամ կառույցի հասկացությանը, միևնույն ժամանակ ավելացվել են սանկցիաների չափերը:  Պատասխանատվության չափերի ավելացումը, նախարարության մեկնաբանամամբ, նպատակ է հետապնդում կանխել ինքնակամ կառույցների կառուցման հնարավորությունը և կանխել վարչական տուգանքները վճարելուց հետո իրավախախտ վարքագիծը շարունակելու պրատիկան:  Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվել են կարգավորումներ, համաձայն որոնց՝ հողամասերում ինքնակամ շինարարության արդյունք շենքերը, շինությունները քանդելու արդյունքում պատճառված վնասի հատուցումն իրականացվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:  «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման մասին կայացված վարչական ակտը համապատասխանաբար դատական կարգով վիճարկելու կամ վարչական կարգով բողոքարկվելու դեպքում դրա կատարումը չի կասեցվում: Նման իրավակարգավորումների նախատեսման դեպքում նշված վարչական ակտի վիճարկումը ինքնաբերաբար չի հանգեցնի դրա կատարման կասեցմանը:  Իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է Կադաստրի կոմիտեի նոր լիազորություն, ըստ որի՝ այն օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցների հաշվառում: Արդարադատության նախարարության մեկնաբանմամբ՝ մշակված նախագծերի հիմնական նպատակն է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը, ինչն ինքնին կապահովի ցանկացած շինության կառուցումը բացառապես իրավասու մարմնի կողմից թույլտվության, ինչպես նաև օրենսդրությամբ անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային և այլ փաստաթղթերի հիման վրա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ նշեց, որ Կադաստրի կոմիտեն ՀՀ բնակավայրերի օդային լուսանկարներ է անում, եւ կոնկրետ ժամկետի դրությամբ ՀՀ-ում կունենանք իքս ամսաթվով առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը հայտնեց, որ նկարահանումների դաշտային աշխատանքները հարյուր տոկոսով ավարտված են, ապագայում կան որոշ անելիքներ, բայց շուտով ամբողջական մշակված տեղեկություններ կունենան։  Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խոսքով՝ ըստ մեխանիզմի՝ արագ գործողություններ պետք է ձեռնարկեն հատկապես այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021-ի հունվարից մինչեւ այս օրենքի ուժի մեջ մտնելը։ Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի հաշվառվեն Կադաստրի կոմիտեում, ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր, որոնք ապագայում կսահմանի կառավարությունը։  Կառավարության ղեկավարը, սակայն, կարծիք հայտնեց, որ այս նախագիծը բացեր ունի․ մարդիկ հնարավորություն ունեն մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը (իսկ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից տասն օր անց) կառուցել բազմաթիվ ինքնակամ շինություններ, գրանցել դրանք։ Նա պնդեց, որ պետք է շտկվի այդ մասը, գոնե հետադարձ ուժ տրվի օրենքին։  Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասաց, որ հարցը քննարկելիս եզրահանգել են, որ կարգավորումներով բաց մնացող երկու ամսվա համար համայնքային իշխանույթուններին եւ տեսչական մարմիններին պետք է խնդրեն առավել ուժեղացված ռեժիմ պահպանել։  Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ ասաց, որ շատ են փորձել լուծումներ գտնել, եւ այս պատճառով, որ փորձեն էլի քննարկումների ժամանակ կորցրել, կարող է ավելի վտանգավոր լինել, դրա համար խնդրել են հրատապ անցկացնել այս նախագիծը։ Նրա խոսքով՝ եթե այսօրվա գրած ժամկետներով ընդունեն նախագիծը, ապա ԱԺ-ում լուծում տալ հարցին, շատ ավելի շուտ կլինի օրենքի ուժի մեջ մտնելը։ Երկար քննարկումից հետո Փաշինյանը համաձայնեց անհետաձգելի ճանաչել օրենքի նախագիծը՝ հարցնելով՝ ԱԺ իրենց գործընկերները ներգրավված եղե՞լ են քննարկումներին։ Դրական պատասխան ստանալուց հետո ասաց, որ պետք է խնդրել՝ ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրեն, արագացված կարգով օրենքն ընդունեն, բայց այս ընթացքում էլ բարձրացված մտահոգությունները լուծելու միջոցներ գտնեն, ոստիկանությանն էլ խնդրեն՝ համապատասխան մարմինների հետ համագործակցութամբ կարողանան կանխել խնդրի խիստ բռնկումը։ Փաշինյանի խոսքով՝ պետք է շատ օպերատիվ լինել, որպեսզի հակառակ էֆեկտ չստացվի։ Նախագիծն ի վերջո ընդունվեց, այն կուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը։
12:10 - 09 դեկտեմբերի, 2021
Սյունիքի 14 դպրոցներում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ կստեղծվեն, իսկ Կապանում կհիմնվի ԱԹՍ աշխատանոց

Սյունիքի 14 դպրոցներում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ կստեղծվեն, իսկ Կապանում կհիմնվի ԱԹՍ աշխատանոց

Կառավարությունը նախատեսում է Սյունիքի մարզի 14 դպրոցներում ինժեներական լաբորատորիաների և Կապան քաղաքում 1 ԱԹՍ կրթական աշխատանոցի ստեղծում։ Որոշման նախագիծն ընդունվեց այսօր՝ կառավարության նիստի ընթացքում։ Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ ներկայումս բարձր տեխնոլոգիական ոլորտում կադրային պահանջարկի և առաջարկի զգալի անհամաչափությունը լրջագույն խնդիր է․ «ՀՀ-ում հանրակրթական տարիքից տեխնոլոգիական կրթության ապահովման, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն անգնահատելի դեր ունեն, ուստի դրանց թվի աճն ու առկայությունը ՀՀ բոլոր բնակավայրերում կենսական անհրաժեշտություն է»։ Նախագծում շեշտվում է, որ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»-ը 2011 թ․-ից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիր, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը։ Նախագծի իրականացման համար նախատեսվում է դրամաշնորհային պայմանագրի հիման վրա  541 միլիոն դրամ հատկացնել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին։ Լուսանկարը՝  «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների
11:09 - 09 դեկտեմբերի, 2021
«Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց |armtimes.com|

«Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց |armtimes.com|

armtimes.com: Կառավարության շենքի դիմաց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վճարել աշխատավարձերը: Գործարանի աշխատակիցներից Կարո Քարաջյանը հայտնեց, որ 6 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել, դրանից առաջ էլ դարձյալ 6 ամիս չէին ստացել: «Նաիրիտում տարվա մեջ ընդամենը երկու անգամ աշխատավարձ ստանալն արդեն պարբերական բնույթ է կրում: Չէինք բարձրաձայնում, որովհետեւ երկիրը վատ վիճակում էր, բայց քանի որ առջեւում Ամանոր է, մարդկանց գումար է պետք»,- ասաց նա: Կարո Քարաջյանի խոսքով՝ տնօրինությանը բազմիցս են դիմել, սակայն քանի որ «Նաիրիտի» բաժնետոմսերի մեծ մասը Կառավարությանն են հանձնված, որոշել են անմիջապես Կառավարության ներկայացուցիչներին դիմել: «3-4 հազար հոգուց մնացել ենք 220 աշխատող, ապահովում ենք գործարանի եւ երկրի անվտանգությունը: Ես երկար տարիներ աշխատել եմ «Նաիրիտ»-ում, չեմ ուզում դուրս գալ»,- ասաց նա: Հիշեցնենք՝ դեռեւս 2006 թվականին Կառավարությունը «Նաիրիտի» 90 տոկոս բաժնեմասը վաճառել էր «Rhinoville Property Limited» օֆշորային ընկերությանը, որը պարտավորվել էր մինչեւ 2012 թվականը 120 մլն դոլարի ներդրում կատարել: Ներդրումները չկատարվեցին, իսկ գործարանը 2010 թվականից պարապուրդի մատնվեց էլեկտրաէներգիայի համար կուտակած 1 միլիարդ դրամի պարտքի պատճառով: 2007 թվականից գործարանը վարկային պարտավորություններ ունի նաեւ ԱՊՀ միջպետական բանկի նկատմամբ։ Այս վարկը չվերադարձնելու պատճառով գործարանը սնանկ ճանաչվեց: Ընկերությունն իր 90% բաժնետոմսերն անհատույց կերպով վերադարձրել է ՀՀ կառավարությանը: Հիմա «Նաիրիտ»-ը սնանկության գործընթացի մեջ է, սակայն հիմնական ակտիվները չեն վաճառում, որ հնարավոր լինի վերականգնել արտադրությունը։
12:33 - 08 դեկտեմբերի, 2021
Կառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու

Կառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-10-ը պատվիրակություն կգործուղի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու նպատակով: Այդ մասին հայտնում է e-gov.am կայքը: Հայկական պատվիրակության կազմում կլինեն ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ըստ վարչապետի  1391 – Ա որոշման՝ պատվիրակության անդամները գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարություն պետք է ներկայացնեն հաշվետվություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ, իսկ ԱԳ նախարարը 5-օրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ:
23:21 - 07 դեկտեմբերի, 2021
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  «Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Սա արտախորհրդարանական ուժերի և կառավարության խորհրդատվական ֆորմատի հերթական նիստն է: Բնականաբար, այսօր կքննարկենք Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած օրակարգի բոլոր հարցերը և կիրականացնենք մտքերի փոխանակություն: Կարծում եմ՝ նախորդ քննարկումներից կարող ենք եզրակացնել, որ առայժմ առնվազն կառավարությունը, ես շարունակում ենք մեծ հետաքրքրություն ունենալ այս ֆորմատով աշխատանքում: Սա լավ հնարավորություն է նաև հաղորդակցությունը պահելու և տեսակետների ավելի լայն շրջանակի հետ առնչվելու, ինչը շատ կարևոր է հետագա որոշումների ժամանակ հաշվի առնելու համար: Որովհետև կան խնդիրներ, որոնց վերաբերյալ, իհարկե, որոշում կայացնելու պատասխանատվությունը կառավարությանն է, մեծամասնությանը, բայց մյուս կողմից, շատ կարևոր է նաև հաղորդակից լինել այն տեսակետների հետ, որոնք առկա են կառավարությունից, խորհրդարանական մեծամասնությունից և խորհրդարանից դուրս քաղաքական շրջանակներում: Մեզ հաջող և արդյունավետ աշխատանք եմ մաղթում»: Այնուհետև նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը»,-նշված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ։   
18:34 - 04 դեկտեմբերի, 2021
Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա. նա կմասնակցի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը

Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Հաագա. նա կմասնակցի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու Հաագայի միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Եղիշե Կիրակոսյանին Հաագա գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եղիշե Կիրակոսյանը կմասնակցի նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: Կիրակոսյանը Նիդերլանդների Թագավորությունում կլինի դեկտեմբերի 6-8-ը: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի  վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին:
13:10 - 03 դեկտեմբերի, 2021
Կառավարությունը նախատեսում է ներդնել կառուցապատման թույլտվությունների ստացման առցանց համակարգ

Կառավարությունը նախատեսում է ներդնել կառուցապատման թույլտվությունների ստացման առցանց համակարգ

Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին. «Էդվարդ Հովհաննիսյանն այս տարի մինչև ամառ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր: Պարոն Հովհաննիսյան, շնորհավորում ենք Ձեզ նշանակման առիթով և հաջողություններ մաղթում»: Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել ընձեռած  հնարավորության համար և նշել. «Մարզային, տարածքային արդյունավետ կառավարումը մեր երկրի տնտեսության զարգացման, պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է»: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կառուցապատման ոլորտը կանոնակարգելու նպատակով: Արդյունքում կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում) հետ կապված առկա խնդիրները, կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր՝ էլեկտրոնային «Մեկ պատուհան»: Այն հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատի կառուցապատողների շփումները վերջիններիս հետ, կխնայի ժամանակը: Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգը և կծառայի շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան: Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Մասնավորապես, նախատեսվում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում դեպի կառուցապատման թույլտվությունների բացառապես առցանց դիմման և տրամադրման համակարգի։ Առաջնային փուլում Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ միասնական համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային «Մեկ պատուհան», որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները: Սահմանվելու է այնպիսի ընթացակարգ, ըստ որի տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի կլինի մի քանի մարմինների և կազմակերպությունների հետ առցանց փոխհամաձայնեցումը: Հնարավոր կլինի տեղական ինքնակառավարման մարմինների մեկ պատուհան ծառայությունների միջոցով համակարգ մուտքագրել բոլոր դիմումները: Դիմումներում լրացվող տեղեկատվությունը կդառնա ամբողջական՝ ըստ մատակարար կազմակերպությունների պահանջների, որպեսզի վերջինիս հիման վրա հնարավոր լինի տալ հստակ տեխնիկական պայմաններ: Նախագծերի համաձայնեցման գործընթացը կիրականացվի էլեկտրոնային համակարգով, երկու փուլով՝ նախագծման սկզբնական փուլում, էլեկտրոնային համակարգի միջոցով իրավասու մարմնի և մատակարար կազմակերպությունների հետ կառուցապատման և ինժեներական ենթակառուցվածքի ամփոփ հատակագծի համաձայնեցում, համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվություն ստանալու համար նախագծի ամբողջական կազմով ներկայացում: Բոլոր ծանուցումները, տեղեկացումները և թույլտվություններն (էլեկտրոնային ստորագրությամբ) կիրականացվեն  e-permits համակարգի միջոցով: Դիմումներին կցվող փաստաթղթերի տվյալներն առցանց նույնականացնելու համար կօգտագործվեն տարբեր մարմինների տեղեկատվական շտեմարանները: Հողամասերի տեղադիրքը և առնչվող տեղեկատվությունը ստանալու համար կօգտագործվեն  առցանց քարտեզներ: Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շինության շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային եղանակով: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ հաճախ մենք բողոքներ ենք ստանում շինարարական կազմակերպություններից կամ ներդրողներից, որ շինթույլտվությունների  կամ նախագծային առաջադրանքի գործընթացն օրենքով նախատեսվածից ավելի երկար ժամանակ է տևում: Այս համակարգում մենք ունե՞նք ինչ-որ ահազանգման համակարգ. գուցե վերահսկող մարմիններին կամ ՏԻՄ ստորաբաժանման ղեկավարին ահազանգ լինի, որ ենթադրենք այս դիմումի ընթացքը լուծելու համար ժամկետները մոտենում են և պետք է լուծումներ տալ: Եթե չկա, կարծում եմ՝ այն ընկերությունները, որոնք սպասարկում, ծրագրային ապահովումն են իրականացնում, պայմանական ասած՝ ահազանգի համակարգի, ստեղծման մասին էլ մտածեն»: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված անորակ աշխատանքների համար շինարարները չեն վճարվի Կառավարությունն ընդունել է Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ որոշմամբ առաջարկվում է ՀՀ համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 2020-2021թթ. իրականացված կամ իրականացման փուլում գտնվող 36 համայնքում 40 ծրագրի համար հատկացնել 885 մլն 178 հազար դրամ։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե այդ աշխատանքների որակի վերահսկողության առումով ի՞նչ գործառույթներ են իրականացվում. «Որքանո՞վ ենք համոզված, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով ենք իրականացվում»: Ի պատասխան Գնել Սանոսյանը նշել է, որ  նախարարության համապատասխան աշխատակիցներն  այցեր են կատարում շինհրապարակներ։ «Ցավոք, կան բավական դեպքեր, երբ հայտնաբերվում են նախագծային, շինարարական թերություններ։ Եթե շինարարներն անհրաժեշտ նորմերը չբավարարեն, ապա չեն վճարվի։ Կան դեպքեր, երբ ներկած խողովակը փորձում են ներկայացնել որպես նոր: Մենք այդպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ և բավական խիստ կվարվենք»,–ասել է նախարարը՝ հավելելով, որ կան գործեր, որոնց վերաբերյալ տեսչական մարմինը վարույթ է ընդունել: Գնել Սանոսյանը հայտնել է նաև, որ եթե շինարարները սահմանված ժամկետում թերությունները չեն շտկում, ապա՝ նախ տուգանվում են ըստ օրերի քանակի, իսկ ընդհանրապես չշտկելու դեպքում՝ չեն վճարվում։ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևորել է նաև մարզպետարանների կողմից իրականացվող վերահսկողությունը: Օրենսդրական նախաձեռնություններ. կհստակեցվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի՝ եվրոպական չափանիշների ներդրման և կանխարգելիչ լիազորության շրջանակները Կառավարությունը հավանություն է տվել  «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության  պաշտոններ զբաղեցնող  անձանց  վարձատրության մասին»  և հարակից մի շարք փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը կնպաստի արդեն իսկ առկա օրենսդրական կարգավորումների բարելավմանն ու հստակեցմանը, ՀՀ միջազգային պարտավորությունների անշեղ կատարմանը և միջազգային հարթակում ՀՀ վարկանիշի բարձրացմանը: Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը միտված է ինչպես օրենքի վերնագիրը, այնպես էլ դրա կարգավորման առարկան համապատասխանեցնել ներկա պահին Ներկայացուցչի կողմից փաստացի իրականացվող գործունեության հետ՝ դրանում ընդգրկելով նաև միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում, հաշտարարության գործընթացում ներկայացուցչության լիազորությունը: Ներկայացուցչի կողմից իրականացվող լիազորությունների մեջ նախատեսվում է ընդգրկել նաև Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացումը՝ Հայաստանի Հանրապետությունը հետայսու պատշաճ ներկայացվածություն կապահովի նաև միջազգային այդ ատյանում: Ներկայացուցչի եվրոպական չափանիշների ներդրման լիազորության առավել հստակեցումն ու փոքր-ինչ ընդարձակումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ համակարգել առանձին խնդիրների վերաբերյալ հեղինակավոր միջազգային մարմինների ինչպես ընդհանուր, այնպես էլ ՀՀ-ի վերաբերյալ արտահայտած մոտեցումները, կնպաստի, դրանք Եվրոպական դատարանի մոտեցումներին համակցելով, համալիր վերլուծությունների կազմմանը և միջազգային չափանիշների ՀՀ օրենսդրության մեջ լավագույնս ներդրմանը՝ հաշվի առնելով նաև ՀՀ իրավական համակարգի առանձնահատկությունները: Հավանություն է տրվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծի  ընդունումը պայմանավորված է վառելիքաբաշխիչ աշտարակներ օգտագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից վառելիքաբաշխիչ աշտարակի ծրագրային ապահովման էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ» մուտք գործելու և վառելիքաբաշխիչ աշտարակի վառելիքի բաց թողման թույլատրելի սխալանքը փոփոխելու հնարավորության, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրի աշխատանքի այնպիսի միջամտության բացառմամբ, որի արդյունքում տվյալ միջամտությունը կարող է հանգեցնել չափման միջոցի հաստատված տեսակի չափագիտական կանոնների և նորմերի անհամապատասխանության բացառմամբ: Օրենսդրական փաթեթով նախատեսված դրույթների ընդունմամբ կկարգավորվեն գազալցակայաններում և բենզալցակայաններում իրականացված ստուգաչափումներից հետո անթույլատրելի միջամտությունները և թերլցումները, ինչպես նաև պետական վերահսկողական մեխանիզմի կիրառմամբ և տուգանքների խստացմամբ կվերանա սպառողներին տվյալ արտադրանքի վաճառքի ժամանակ թերլցումները: Կառավարությունը  շարունակում է  փոխհատուցել մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը Գործադիրն ընդունել է որոշում պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ ընդհանուր առմամբ ուսման վարձի փոխհատուցում ստացել է 6663 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,420.178.8 հազար դրամ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 409 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 42,868.3 հազար դրամ: 2021 թ. օգոստոսի 8-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել են բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուներ՝ համապատասխանաբար 372 և 96 հոգի: Նրանց 2020-2021 ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելում համար անհրաժեշտ է, համապատասխանաբար,  102,325.6 և 9,110.0 հազար դրամ: Ըստ այդմ՝  ընդհանուր առմամբ փոխհատուցում կստանա շուրջ 7540 շահառու, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը  կկազմի 1,574.482.7 հազար դրամ:   Կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ 7-օրյա ժամկետում կնքել փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հատկացվող 183 մլն դրամը կուղղվի Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված անչափահաս երեխաներին, ովքեր կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում՝ յուրաքանչյուրի հաշվով 2 ամիս հատկացնելով ամսական 30500 դրամ: Արդյունքում լրացուցիչ ֆինանսական աջակցություն կստանա 3000 երեխա:   Այլ որոշումներ. Արագածոտնի մարզում ջերմատնային տնտեսություն կկառուցվի Գործադիրը բավարարել է «Սանսա» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը  ներմուծվող սարքավորումներով նախատեսում է Արագածոտնի մարզում կառուցել և շահագործել ջերմատնային տնտեսություն: Ջերմատունը զինված է լինելու ժամանակակից արտադրական սարքավորումներով և ներդրվելու է վարդերի արտադրության կազմակերպման արդի մեթոդներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 220 մլն դրամի ներդրում՝ շինարարական աշխատանքների և 980 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել 15 նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոս և ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ և այլ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 410 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20.5 մլն դրամ: Հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով կառավարության որոշմամբ  Առողջապահության նախարարությանը կհատկացվի 3,300,000.0 հազար  դրամ: ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող և համագործակցող, շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող կազմակերպություններում շահառուների արժանապատիվ կենսական պայմանների ապահովման համար անհրաժեշտ բարեկարգման աշխատանքներ կատարելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, մասնավորապես, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում և Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատում առկա է գույքի խիստ կարիք, մասնավորապես՝ հնամաշ և շարքից դուրս եկած կենցաղային տեխնիկա՝ սառցախցիկներ, սառնարաններ, գազօջախներ  և այլն:  
14:50 - 02 դեկտեմբերի, 2021
Սննդի կետերի հետ կապված սահմանափակումների կանոնները պետք է հստակորեն պահպանվեն. Ավանեսյան |1lurer.am|

Սննդի կետերի հետ կապված սահմանափակումների կանոնները պետք է հստակորեն պահպանվեն. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Սննդի կետերը, որոնք կհրաժարվեն կիրառել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Կառավարության նոր սահմանափակումները, վարչական տույժերի կենթարկվեն: Այդ մասին Կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Սննդի կետերի հետ կապված սահմանափակումների սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանվեն: Եթե չեն պահպանվում, ինչպես այլ իրավակարգավորումների դեպքում՝ կան սանկցիաներ: Բազմից կրկնում եմ, որ, ցավոք սրտի, այս համավարակը ստեղծել է ճնշում և՛ առողջապահական համակարգերի, և՛ տնտեսությունների վրա, և ազգային անվտանգության առումով շատ լուրջ մարտահրավեր է. բայց ո՞րն է մեր ճանապարհը. եթե մենք չենք կիրառում սահմանափակող միջոցառումներ, ապա ի՞նչ իրավիճակի առջև ենք մենք կանգնում. շատ ավելի վատ և՛ առողջապահական, և՛ տնտեսական, և՛ բոլոր առումներով, այսինքն՝ ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս պաշտպանելու առաջին հերթին մարդկանց կյանքն ու առողջությունը, բայց նաև տնտեսությունը. նաև հենց նույն ռեստորանները, նաև նույն համերգային և այլ գործունեությունը, որովհետև եթե մենք ունենում ենք կառավարելիության շրջանակից դուրս հիվանդացության աստիճան, ապա բոլորս հասկանում ենք, որ խնդիրն անդրադառնում է բոլորիս վրա»,- նշեց նախարարը:
14:10 - 02 դեկտեմբերի, 2021
Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի 183 մլն դրամ նվիրատվությունը կուղղի արցախցի երեխաներին

Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի 183 մլն դրամ նվիրատվությունը կուղղի արցախցի երեխաներին

ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից ընդունել 183,000,000 դրամի չափով նվիրաբերություն՝ ՀՀ կառավարության 2021թ․ հոկտեմբերի 18-ի N 1709-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցության տրամադրման նպատակով: ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ հաստատված միջոցառման և կարգի շրջանակներում սոցիալական աջակցություն է տրամադրվում Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված քաղաքացիներին, որոնք այդ ամսվա 1-ի դրությամբ կգտնվեն ՀՀ-ում կամ Արցախի Հանրապետությունում։ Տվյալ ամսվա դրամական օգնության ամսական չափը կազմում է այդ ամսվա 1-ի դրությամբ՝ 1) երեխաների, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 50000 դրամ2) այլ շահառուների համար՝ 25000 դրամ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հատկացվող այդ 183 մլն դրամը կուղղվի Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված անչափահաս երեխաներին, որոնք կգտնվեն Հայաստանի Հանրապետությունում՝ յուրաքանչյուրի հաշվով 2 ամիս հատկացնելով ամսական 30500 դրամ: Այլ առանձնահատկությունները կսահմանվեն հուշագրով:  Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետությունում գտնվող անչափահաս 3000 երեխաներ կստանան լրացուցիչ ֆինանսական աջակցություն: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարտավոր է 7-օրյա ժամկետում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ կնքել նշված գումարի փոխըմբռնման հուշագիր եւ ապահովել փոխըմբռնման հուշագրով սահմանված դրույթների իրականացումը:Իսկ ֆինանսների նախարարը գումարի մուտքագրման համար պետք է ապահովի ՀՀ գանձապետարանում հաշվի բացումը։
12:57 - 02 դեկտեմբերի, 2021