ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այսօրվանից քաղաքացիների մուտքն արգելվում է |hetq.am|

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այսօրվանից քաղաքացիների մուտքն արգելվում է |hetq.am|

hetq.am: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը քաղաքացիների համար փակ է լինելու: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Աղաջանյանի խոսքով` վերջին օրերին Կառավարությունում ինտենսիվորեն քննարկվել են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական հարցերը, և ըստ այդմ մի շարք որոշումներ են կայացվել: «Միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին` երեկոյան 21:00-ին, կլինեն եկեղեցական զանգերի ղողանջեներ, որոնց ներքո պետք է մարեն Երևանի և մազկենտրոնների փողոցների լույսերը: Կոչ ենք անելու քաղաքացիներին անջատել բնակարանների լույսերը, և հայացքները սևեռել դեպի հուշահամալիր»,- ասաց Աղաջանյանը: Հուշահամալիրում լույսերի միացումը հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվելու նաև հեռավար եղանակով մասնակցել զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Ապրիլի 24-ի առավոտյան ութից քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին` իրենց անվամբ հաստատելով օրվա խորհրդին մասնակցությունը: Քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին: Առավոտյան տասից կմեկնարկեն նաև երկրի պաշտոնատար անձանց, մասնավորապես` վարչապետի, նախագահի, խորհրդարանի նախագահի, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի այցերը հուշահամալիր: Ի դեպ, նրանք ևս միաժամանակ չեն գնալու հուշահամալիր: Աղաջանյանի խոսքով` այսօրվանից սկսած` դեպի հուշահամալիր մուտքը փաստացի փակ է: Վերջինս հավելեց` պարետատունը համապատասխան իրավական ակտով հանդես կգա:
17:25 - 21 ապրիլի, 2020
Ներել զբոսաշրջային ընկերությունների բոլոր հարկային պարտավորությունները. «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն դիմել է ՀՀ կառավարությանը

Ներել զբոսաշրջային ընկերությունների բոլոր հարկային պարտավորությունները. «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն դիմել է ՀՀ կառավարությանը

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն ապրիլի 20-ին դիմել է ՀՀ կառավարություն զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների և հատկապես հյուրանոցային տնտեսությունների առջև ծառացած խնդիրների և դրանց հնարավոր լուծումների առնչությամբ։ «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ կազմավորվել է 2019 թվականին՝ հիմնական նպատակ ու առաքելություն ունենալով աջակցել անդամակցող հյուրանոցներին իրենց ընդհանուր շահերի պաշտպանության, ոլորտի կարևորագույն խնդիրների բարձրացման, դրանց լուծման ընթացքի և զարգացման միտումների մասին իրազեկման հարցում։Ներկայումս մեզ անդամացկում են ՀՀ տարածքում գործող 18 հյուրանոց 1800-ից ավելի սենյակային ֆոնդով։ Խնդրում ենք զբոսաշրջության ոլորտում գործող բոլոր ընկերություններին, ընկերությունների խմբերին, ասոցիացիաներին, միություններին և բոլոր տուժած ընկերությունների աշխատակիցներին միանալ մեր կոչին և միահամուռ բարձրաձայնել այս կարևորագույն խնդիրը։ Մեր առաջարկվող լուծումը թույլ կտա Հայաստանի զբոսաշրջության ոլորտին ոչ միայն դիմակայել այս ավերիչ ճգնաժամին, այլև դուրս գալ այս իրավիճակից պատվով։ Ստորև ներկայացնում ենք կազմակերպության դիմումը. «Ս․թ․ մարտի 16-ին ՀՀ Կառավարությանն էինք ուղղել բաց նամակ, որում հորդորել էինք շտապ արձագանքել զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների և հատկապես հյուրանոցային տնտեսությունների առջև ծառացած խնդիրներին և ձեռնարկել անահապաղ քայլեր՝ խուսափելու ճգնաժամում գտնվող ոլորտը էլ ավելի ծանր վիճակի մեջ գցելուց։Մեր առաջարկներից ամենակարևորը և մեր կարծիքով ամենաարդյունավետը կլիներ հյուրանոցային ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները հետաձգելը։ Քայլ, որը բազում պետությունների կառավարություններ այդ պահի դրությամբ արդեն իրականացրել էին և որը տվել էր սպասված արդյունք։ Մարտի 16-ից հետո անցել է հարկերի վճարման արդեն երկու վերջնաժամկետ (մարտի 20 և ապրիլի 20)՝ զբոսաշրջային ընկերություններին գցելով էլ ավելի ծանր իրավիճակի մեջ քան նախկինում, և այս ժամանակահատվածում, ցավոք սրտի, մենք ոչ միայն չունեցանք տվյալ խնդրի հանգուցալուծում, այլ անգամ չստացանք պաշտոնական մերժում ՀՀ Կառավարությունից՝ բացատրությամբ, թե ինչու այդ քայլը մերժվեց, և չառաջարկվեց խնդրի այլընտրանքային լուծում։ՀՀ Կառավարությունը իր կողմից տրամադրվող օգնությունը ձևակերպում է որպես նպատակային օգնություն տվյալ ոլորտին, բայց փաստորեն այդ օգնությունը ծառայում է պետության առջև հարկային պարտավորությունների մարմանը։ Այսինքն՝ նպատակը ոչ թե ոլորտին օգնությունն է, այլ պետական բյուջեի մուտքերի ապահովումը, ինչը իջեցնում է տվյալ միջոցառումների արդյունավետությունը, եթե ոչ ընդհանրապես դրանք զրոյացնում։ Մեր կարծիքով աշխարհի պատմության մեջ զբոսաշրջության համար ամենաավերիչ ճգնաժամի ընթացքում պետության օգնությունը պետք է ուղղվի զբոսաշրջային ընկերությունների, այդ թվում՝ հյուրանոցների աշխատակիցների աշխատավարձի, վարկային պարտավորությունների պարտադիր տոկոսավճարների, կոմունալ ծառայությունների և ընկերությունների համար այլ կենսական վճարների իրականացմանը։ Որոշ ընկերություններ հարկային պարտավությունները վճարելը համարելով իրենց համար ավելի առաջնահերթ՝ այս ընթացքում ստիպված են եղել կրճատել իրենց աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը, լինի դա աշխատակիցներին հարկադիր պարապուրդի ուղարկելով, արտագնա աշխատակիցներին հետ աշխատանքի չհրավիրելով, կրճատելով այն հաստիքներն, որոնք այս պահին անհրաժեշտ չեն ընկերության առօրյա գործուեության, բառի բուն իմաստով դատարկ հյուրանոցները սպասարկելու համար, կամ ընդհանրապես ընկերության գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելով՝ դարձնելով բոլոր աշխատակիցներին գործազուրկ։ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան հորդորում է ՀՀ Կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին․– ներել զբոսաշրջային ընկերությունների բոլոր հարկային պարտավորությունները և պարտադիր վճարները, որոնք առաջացել են 2020թ․ մարտի 1-ից մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում,– 2020թ․ մարտ և ապրիլ ամսիների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար։ – 2021թ․ մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և դրանով ապահովելով այսքան տարվա տքնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծված զբոսաշրջության ոլորտի վերականգնումը, և խրախուսելով ոլորտում նոր ներդրումներ և հաջորդող տարիներին երկնիշ աճին վերադարձ»:
14:11 - 21 ապրիլի, 2020
Փաշինյանը հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ է կարևորում  գյուղատնտեսության ոլորտը

Փաշինյանը հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ է կարևորում գյուղատնտեսության ոլորտը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին անցկացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման թեման գյուղատնտեսության աջակցությանը միտված ընթացիկ ծրագրերն էին և ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարները։ Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ։ Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.  «Հարգելի գործընկերներ, այս ձևաչափով մենք ավանդաբար քննարկում ենք մեր հակաճգնաժամային միջոցառումները, և քանի որ հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ կարևորում ենք գյուղատնտեսության ոլորտը, որոշեցինք հանդիպել նաև ոլորտի հետ անմիջական առնչություն ունեցող գործընկերների հետ և հասկանալ, թե ինչ անելիքներ և օպերատիվ լուծման խնդիրներ ունենք՝ երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ կտրվածքով։ Փորձենք այսօր պայմանավորվածություններ ձեռք բերել և որոշումներ կայացնել մեր առաջիկա անելիքների վերաբերյալ»:  Վարչապետը խոսքը փոխանցել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ով անդրադարձել է գյուղատնտեսության խթանման նպատակով իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակին և ոլորտի ընդհանուր վարկային պորտֆելին: Ապա նախարարը ներկայացրել է որոշակի ճյուղերի զարգացման նպատակով մշակված առաջարկները, որոնք ներառում էին անասնապահության, այգեգործության, տնկարանային տնտեսության, տոհմային անասնաբուծության և այլ ուղղություններով ծրագրերի, կիրառվող գործիքակազմի շրջանակի ընդլայնման, օժանդակության ծավալի, վարկային ռեսուրսների ավելացման գաղափարներ և այլն։  Ապա ներկայացվել է կառավարության հաստատած 3-րդ միջոցառման շրջանակում վարկավորման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն. ստացվել է մոտ 7000 hայտ, որոնց մեծ մասը գալիս է առցանց համակարգով և հիմնականում վերաբերում է գյուղացիական տնտեսությունների միկրովարկերին՝ մինչև 1 մլն դրամ։ 1 շաբաթ է՝ վարկերն ակտիվ տրամադրվում են, հեռավար տարբերակով, սքորինգային համակարգով։ Մշտադիտարկման համաձայն՝ կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ գյուղվարկերի նկատմամբ պահանջարկը, հետաքրքրությունը մեծացել են, և կանխատեսվում է, որ 2019 թ. համեմատ՝ այս տարի վարկավորման ծավալն աճելու է։  Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են մշակված առաջարկները և ընդհանրապես ստեղծված իրավիճակում գյուղոլորտի զարգացման ուղղությամբ քայլերը: Արծարծվել են գյուղվարկերի արդյունավետությանը, գյուղատնտեսական կարիքների համար դրանց նպատակային օգտագործմանը, վարկային ռեսուրսների ծավալի ավելացմանը, ինչպես նաև դրանց շղթայական ազդեցությանը՝ արտադրողականության աճին, ֆերմերային տնտեսությունների խթանմանը վերաբերող և այլ հարցեր։ Գյուղատնտեսության ոլորտի երկարաժամկետ զարգացման և արդյունավետության բարձրացման համատեքստում անդրադարձ է եղել նաև գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը։ Վերոնշյալ թեմաների առնչությամբ ներկայացվել են մի շարք առաջարկներ և դիտարկումներ:  Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսական տարվա կանխատեսման աշխատանքներին։ Վարչապետին զեկուցվել է պարարտանյութի, ջրի, դիզվառելիքի պահանջարկի, առկա ծավալների, գնագոյացման գործընթացների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն, նշվել է, որ ներմուծվող պարարտանյութի դեֆիցիտ չկա, անհրաժեշտ պահանջարկը բավարարելու համար առկա է բավարար խմբաքանակ։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուշադրության կենտրոնում պահել գյուղատնտեսական տարվա նախապատրաստման հետ կապված աշխատանքները և հետևել դրանց պատշաճ իրականացմանը:  Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկման համար և նշել, որ կառավարությունը կուսումնասիրի և կքննարկի ներկայացված առաջարկներն ու դիտարկումները: Անդրադառնալով գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը գտնվում է կառավարության՝ ոլորտի զարգացման օրակարգի առաջնահերթությունների շարքում, և առաջարկել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ այս ուղղությամբ անելիքները քննարկելու համար։
20:51 - 20 ապրիլի, 2020
Ոստիկանությունում մեկուսացման ռեժիմը խախտելու հատկանիշներով քրեական գործեր չեն հարուցվել |armenpress.am|

Ոստիկանությունում մեկուսացման ռեժիմը խախտելու հատկանիշներով քրեական գործեր չեն հարուցվել |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հատկանիշներով հարուցված քրեական գործեր չկան։ Այս մասին հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ «Ձեր գրությանն ի պատասխան` հայտնում ենք, որ մինչև օրս ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործեր առկա չեն, ուստի և քրեական պատասխանատվության ենթարկված անձինք չկան»,- նշված է հարցման պատասխանի մեջ։ Մարտի 24-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ մեկուսացման և ինքնամեկուսացման ռեժիմի պահանջները խախտելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։  Քրեական օրենսգրքում լրացմամբ նվազագույնը 1 ամիս կալանք, առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված, եթե մարդը այլոց վարակում է կորոնավիրոսով։ Մեկուսացման պահանջը խախտելու համար նվազագույն տուգանքի չափն է 100 հազար դրամը, առավելագույնը՝ 1 միլիոն դրամը։
17:58 - 20 ապրիլի, 2020
Փոխոստիկանապետը՝ մարդկանց տեղաշարժի աճի մասին |civilnet.am|

Փոխոստիկանապետը՝ մարդկանց տեղաշարժի աճի մասին |civilnet.am|

civilnet.am: Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին մեկնաբանեց փողոցներում մարդկանց տեղաշարժի աճը։  «Այո՛, մեր քաղաքացիների թվաքանակը փողոցներում ավելացել է։ Դա ոստիկանությունը կապում է նրա հետ, որ պարետի որոշմամբ՝ որոշակի տնտեսվարող սուբյեկտների գործունեության ծավալը մեծացավ, բնականաբար մեր քաղաքացիները պետք է հաճախեն աշխատանքի, աշխատանքից տուն»,- նշեց նա։ Մհրյանի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ ոստիկանությունը չէր կարող կանխատեսել համավարակը, «և այդ պայմաններում ոստիկանության ուժերն ու միջոցները մնացել են նույնը, և ոստիկանությունը, բացի իր բուն գործառույթներն ու խնդիրները կատարելուց, այժմ կատարում է նաև հսկայածավալ աշխատանք՝ կապված պարետի բոլոր ցուցումների հետ»։ Փոխոստիկանապետը նշեց, որ մարդկանց շարժը վերահսկելու համար տարվող աշխատանքները նույնն են։  «Ոստիկանությունը փորձում է աչալուրջ իրականացնել իր հիմնական խնդիրները և կորոնավիրուսի շրջանակում կատարվող խնդիրները»,- ասաց նա։ Հայկ Մհրյանը անդրադարձավ նաև բանկերի և սուպերմարկետների մոտ կուտակումներին։ «Բանկերի և սուպերմարկետների մոտ մեր ուժերի հնարավորության սահմաններում ծառայությունը իրականացվում է և համակարգվում, որպեսզի հերթեր չգոյանան»,- նշեց Մհրյանը՝ ավելացնելով, որ քաղաքացիների շարժի ավելացումը չի նշանակում՝ ոստիկանությունը չի հսկում իրավիճակը։ «Ոստիկանները իրենց հնարավորության սահմանում ստուգում են տեղաշարժման թերթիկները և անձը հաստատող փաստաթղթերը»,- ասաց նա։
17:54 - 20 ապրիլի, 2020
Մեկ ամսում 104 վարորդ զրկվել է վարելու իրավունքից․ Մհրյան |1lurer.am|

Մեկ ամսում 104 վարորդ զրկվել է վարելու իրավունքից․ Մհրյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը ներկայացրեց, թե 2020-ի մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը քանի ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել։ Փոխոստիկանապետը նշեց, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 225 ՃՏՊ, որոնք ուղեկցվել են մարմնական վնասվածքներով։ «Զոհվել է 17 մարդ, 339-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2019-ի նույն ժամանակակահատվածում տեղի է ունեցել 342 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 19 մարդ, 501-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ ՃՏՊ-ներից 93-ը տեղի է ունեցել Երևանում, 132-ը՝ մարզերում»,- նշեց Մհրյանը։ Նույն ժամանակահատվածում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով և արագաչափերով հայտնաբերվել է 36,685 իրավախախտում, որից 19,016-ը խաչմերուկների տարածքում կատարված խախտումներ են, իսկ 17,673-ը՝ թույլատրելի արագության գերազանցումներ։ Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից կազմվել է 21,268 արձանագրություն, և տարբեր իրավախախտումների համար վարելու իրավունքից զրկվել է 104 վարորդ։
16:51 - 20 ապրիլի, 2020
Ութերորդ միջոցառմանը կարող են դիմել արդեն նաև տրանսպորտի, սպորտի և ևս երկու ոլորտի աշխատողներ |armenpress.am|

Ութերորդ միջոցառմանը կարող են դիմել արդեն նաև տրանսպորտի, սպորտի և ևս երկու ոլորտի աշխատողներ |armenpress.am|

armenpress.am:  Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու համար ապրիլի 20-ից արդեն կարող են դիմել նաև ցամաքային տրանսպորտի, նախադպրոցական կրթության, սպորտի բնագավառի,  զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնողների վարձու աշխատողները: Այս մասին ասուլիսում հայտնեց  ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:  «Այս պահի դրությամբ 8-րդ ծրագրով մենք 78 հազար 783 քաղաքացու տրամադրել ենք աջակցություն՝ 5 մլրդ 456 մլն դրամի չափով: Այսօր առավոտվանից ծրագրում ավելացրել ենք նոր տուժած ոլորտների ցանկերը՝ ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունը, նախադպրոցական կրթությունը, սպորտի բնագավառում կրթությունը, սպորտի բնագավառում գործունեությունը և զվարճությունների ու հանգստի կամակերպման այլ գործունեությունները: Նշված 4 ոլորտների ևս 8000 տնտեսավարող սուբյեկտների ցանկն ավելացվել է ցուցակում, նրանք ևս կարող են այսօրվանից՝ ապրիլի 20-ից դիմել և ստանալ աջակցություն»,-ասաց Սարգսյանը: Նա կոչ արեց այդ ոլորտի աշխատողներին, որոնք նախկինում դիմել են և մերժվել, ապրիլի 20-ից կրկին փորձել:
15:21 - 20 ապրիլի, 2020
Ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները. կհեշտացվի աջակցության 9-րդ միջոցառման դիմելու կարգը |armenpress.am|

Ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները. կհեշտացվի աջակցության 9-րդ միջոցառման դիմելու կարգը |armenpress.am|

armenpress.am: Պետությունը դյուրինացնում է աջակցության 9-րդ միջոցառմանը դիմելու ընթացակարգը. ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, երեխաների տվյալները կլրացվեն ինքնաշխատ եղանակով: Այս մասին ասուլիսում  հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: «9-րդ միջոցառման շրջանակում անձը կարող է մի քանի դիմում ներկայացնել իր տարբեր երեխաների համար, ինչպես նաև կարող է մեկ դիմումով լրացնել բոլոր երեխաների տվյալները: Այս պահին մեր ծրագրավորողներն աշխատում են, որպեսզի ավելի պարզեցնենք համակարգը, և քաղաքացիները ստիպված չլինեն ներկայացնել իրենց բոլոր երեխաների տվյալները՝ ծննդյան վկայականների տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը: Շատ են լինում դեպքերը, երբ մուտքագրելու ժամանակ քաղաքացիները սխալներ են անում»,-ասաց Սարգսյանը: Նա հույս հայտնեց, որ մինչև շաբաթվա վերջ կլինի նոր գործիքը, երբ ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, և ինքնաշխատ եղանակով բոլոր երեխաների տյվալները կլրացվեն:
14:11 - 20 ապրիլի, 2020
Կառավարությունն աջակցության ծրագրերով ծախսել է 12.5 մլրդ դրամ․ այն վերաբերում է 460 հազար քաղաքացիների․ Սարգսյան |armtimes.com|

Կառավարությունն աջակցության ծրագրերով ծախսել է 12.5 մլրդ դրամ․ այն վերաբերում է 460 հազար քաղաքացիների․ Սարգսյան |armtimes.com|

armtimes.com: Մինչ այժմ ընդունված միջոցառումների արդյունքում ՀՀ կառավարությունը ծախսել է արդեն 12.5 մլրդ դրամ, որը վերաբերում է 460 հազար քաղաքացիների։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ «Աշխատանքը կորցրած անձանց, ինչպես նաեւ տուժած ոլորտներում վարձու աշխատողներին՝ ավելի քան 90 հազար աշխատակիցների ցուցաբերվել է աջակցություն»,- նշեց վարչապետի օգնականը։ Նրա խոսքով՝ արդեն ավելի քան 70 հազար ընտանիքներ, որտեղ կան անչափահաս երեխաներ, իսկ ծնողներն աշխատանք չունեն, աջակցություն են ստացել։ «13-րդ միջոցառմամբ էլ նպաստառու ընտանիքներին տրամադրվելու է շուրջ 1.2 մլրդ դրամի աջակցություն, որը կվերաբերի շուրջ 85 հազար ընտանիքների, որտեղ բնակվում են ավելի քան 300 հազար քաղաքացիներ»,- ասաց Սարգսյանը։
13:32 - 20 ապրիլի, 2020
Բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու․ Նիկոլ Փաշինյան

Բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շուրջ քննարկումները։ Այսօր կայացած խորհրդակցությանը ներկայացվել են նոր առաջարկներ։ Քննարկվել են կրթության ոլորտին, մասնավորապես, ուսանողներին և բուհերին աջակցելուն միտված քայլերը։ Արծարծվել են ուսանողի բարձր առաջադիմությամբ պայմանավորված՝ կիսամյակային վարձավճարների փոխհատուցման, ինչպես նաև ուսանողական վարկերի սուբսիդավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր: Ընդգծելով այս աջակցության կարևորությունը՝ վարչապետը նշել է, որ բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու, և կառավարությունը հնարավորինս օժանդակելու է ուսանողներին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել առաջարկը և ներկայացնել վերջնական տարբերակ։ Հաջորդիվ ամփոփվել են կառավարության հաստատած 13 միջոցառումների ընթացիկ արդյունքները, անդրադարձ է եղել ծրագրերի կատարման շրջանակում առաջացող հարցերին և տրվող լուծումներին։ Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը՝ խնդիրներին արագ լուծում տալու, միջոցառումների սահուն ընթացքն ապահովելու և նախատեսված օժանդակությունը շահառուներին լիարժեք տրամադրելու համար։ Խորհրդակցությանը մտքեր են փոխանակվել նաև սոցիալական օժանդակության կարիք ունեցողների շրջանակի ընդլայնման հարցի շուրջ: Վարչապետը կարևորել է սոցիալական խոցելի խմբերի լիարժեք բացահայտման ուղղությամբ շարունակական աշխատանքը և համապատասխան հանձնարարականներ տվել: Քննարկվել են տնտեսվարողների գործունեության խրախուսմանը վերաբերող մի շարք գաղափարներ:
19:08 - 18 ապրիլի, 2020
Կորոնավիրուսից մահացածի դագաղն արգելվում է բացել հուղարկավորության ցանկացած փուլում |panarmenian.net|

Կորոնավիրուսից մահացածի դագաղն արգելվում է բացել հուղարկավորության ցանկացած փուլում |panarmenian.net|

panarmenian.net: Կորոնավիրուսից մահացած մարդու դագաղն արգելվում է բացել տեղափոխման և հուղարկավորության ցանկացած փուլում, մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով: Պարետի որոշմամբ սահմանվել է արտակարգ դրության ժամանակահատվածում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորության կանոնները: Նշվում է նաև, որ հանգուցյալին անհրաժեշտ է հնարավորինս շուտ հուղարկավորել (48-72 ժամից ոչ ավելի) և խուսափել բազմամարդ հոգեհանգիստներից: Ըստ որոշման՝ պացիենտի՝ կորոնավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքում դիակը ծածկվում է սավանով և տեղափոխվում դիակի համար նախատեսված անջրանցիկ պարկ, դաստակին փակցվում է նույնականացման տեղեկություն պարունակող նշան, այնուհետև պարկը պինդ կապվում է սկզբից մինչև վերջ կայծակ ճարմանդի միջոցով այնպես, որ բացառվի դիակից հեղուկի արտահոսքի հնարավորությունը: Դիակի նույնականացման տեղեկությունը փակցվում է նաև դիակի համար նախատեսված պարկի վրա: Պարետի որոշման մեջ նշվում է նաև, որ մահացածի իրերն այրելու անհրաժեշտություն չկա, դրանք անհրաժեշտ է զգուշորեն վերցնել պաշտպանիչ ձեռնոցներով, մաքրել և ախտահանել առնվազն 70% էթանոլով կամ այլ ախտահանիչ նյութով, մահացած անձի հագուստն անհրաժեշտ է լվանալ 60−90°C ջերմաստիճանի ջրով և լվացքի փոշիով: Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Պարետի որոշմամբ չի թույլատրվում նաև բացել կորոնավիրուսց մահացած ՀՀ քաղաքացիների դիերը, որոնք բերվել են արտերկրից։
11:21 - 18 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներն արդյունավետ են. քննարկվել են նոր ուղղություններ

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներն արդյունավետ են. քննարկվել են նոր ուղղություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում ապրիլի 17-ին տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետին զեկուցվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերի կատարման ընթացքը։ Պատասխանատուները ներկայացրել են ամենօրյա մշտադիտարկման արդյունքները և ցուցանիշները, որոնք վկայում են միջոցառումների դրական դինամիկայի մասին։ Նշվել է, որ դիմումների հավաքագրումն ու հաստատված հայտերի հիման վրա օժանդակության հատկացումը շարունակվում է, արձանագրվող տեխնիկական խնդիրներն արագ լուծում են ստանում։ Ընթացիկ արդյունքներով՝ որոշ ծրագրերի համար նախատեսված վարկային ռեսուրսները մեծամասամբ տրամադրվել են, ինչը խոսում է այդ ծրագրերի արդյունավետ ընթացքի մասին։  Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել ծրագրերի իրականացման նկատմամբ մշտադիտարկումը և ապահովել պարբերական օպերատիվ արձագանքը։          Հաջորդիվ ներկայացվել են տնտեսական օժանդակության նոր գաղափարներն ու առաջարկները։ Քննարկվել են, մասնավորապես, սկսնակ գործարարներին կրթական բաղադրիչով ծրագրերով խթանելուն, բիզնեսին հարկային ու վարկային  գործիքակազմով տրամադրվող աջակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Ներկայացվել են մի շարք առաջարկներ և դիտողություններ: Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով շարունակել աշխատանքը, լրամշակել առաջարկները և ներկայացնել վերջնական տարբերակ։
19:29 - 17 ապրիլի, 2020
ՏՏ ոլորտի կազմակերպությունները ևս կարող են օգտվել կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրից

ՏՏ ոլորտի կազմակերպությունները ևս կարող են օգտվել կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրից

ՀՀ կառավարությունը, նպատակ ունենալով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հաղթահարմանը, իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնցից ցանկանում են օգտվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հավաստագրված կազմակերպություններ։  Այդ կապակցությամբ վերջին շրջանում նախարարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններից ստանում է բազմաթիվ գրություններ, որոնց հիմնական նպատակն է, չհակասելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, օգտվել ՀՀ կառավարության կողմից սահմանված բազմաթիվ օժանդակություններից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ  կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հավաստագրված կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 359-Լ որոշմամբ՝ սահմանված օժանդակությունից օգտվելու դեպքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այն չի դիտարկի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում։   
19:00 - 17 ապրիլի, 2020