ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Ինչո՞ւ են 2019-2020-ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը նվազել. Փաշինյանը հանձնարարեց զբաղվել նախկին պաշտոնյայով
 |news.am|

Ինչո՞ւ են 2019-2020-ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը նվազել. Փաշինյանը հանձնարարեց զբաղվել նախկին պաշտոնյայով |news.am|

news.am: Հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստում «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանը» քննարկելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանքարդյունաբերության ոլորտից պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ։ Նա հիշեցրեց, որ 2021թ–ին կառավարությունը մասնաբաժին է ստացել Հայաստանի թիվ մեկ հանքարդյունաբերական ընկերությունում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ «Ուզում եմ արձանագրել, որ ԶՊՄԿ-ն 2022-ին վճարել է ռեկորդային թվով հարկեր` 145 մլրդ 536 մլն դրամի։ Օրինակ 2016-ին ԶՊՄԿ–ն վճարել էր 7.8 մլրդ դրամ հարկ։ 2023-ի առաջին եռամսյակում ԶՊՄԿ–ն վճարել է 14 մլրդ դրամ հարկ, այսինքն` առաջին եռամսյակում 2 անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան ամբողջ 2016-ին միասին վերցրած»,– ասաց Փաշինյանը։ ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այդ վիճակագրության մեջ մեծ դերակատարում ունեն պղնձի միջազգային գները։ «2017-ին ընկերությունը վճարել է 18,6 մլրդ դրամի հարկ, 2018-ին արդեն ԶՊՄԿ-ի վճարծ հարկերը դարձել են 50,2 մլրդ դրամ, մոտ 3 անգամ աճ են արանագրել: Հետաքրքիր է, որ 2019 և 2020թթ-ին ԶՊՄԿ–ի վճարած հարկերը որոշակի նվազում են արձանագրել: Ինչի՞ հետ սա կարող է կապված լինել։ Հիմա, երբ մենք հետահայաց նայում ենք իրադարձություններին, պարզում ենք, որ 2019թ–ին իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի կոմբինատում։ 2019-ին այդ իշխանության բարձրաստիճան ներկյացուցչին ազատել ենք իր պաշտոնից, 2020-ին էլ քովիդի և պատերազմի պատճառով ժամանակ չենք ունեցել պատշաճ զբաղվելու այդ թեմայով։ Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները այդ դրվագով պետք է շատ ուշադիր զբաղվեն։ Հետո 2021-ին արդեն ԶՊՄԿ–ի վճարած հարկերը կտրուկ աճում են 43 տոկոսով»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 2022-ին Կոմբինատը ավելի շատ հարկ է վճարել, քան 2013-2017 թվականներին միասին վերցրած: «2013-2017 թթ ԶՊՄԿ-ն վճարել է 105 մլրդ դրամի հարկ, իսկ 2018-2022 թթ վճարել է 345 մլրդ դրամի հարկ, աճը կազմել է 228 տոկոս»,-ասասց վարչապետը: Քննարկման ավարտին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների (մինչև 2035 թվականը) պլանին»։ ՀՀ-ն հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն երբևէ չի ունեցել։ Հիշեցնենք` 2022 թվականի օգոստոսի 25-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը հայտնեց, որ ՀՀ-ն որպես նվիրատվություն փակ սեփականության իրավունքով ԱՄՓ հոլդինգից ստացել է ԶՊՄԿ-ին պատկանող 188 947 հատ հասարակ բաժնետոմս, ինչը կազմում է կոմբինատի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,8 տոկոսը, դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Գործադիրը որոշեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 6,8 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը։
13:29 - 11 մայիսի, 2023
ՎԶԵԲ-ը 92,3 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ է հատկացնում Հայաստանին
 |news.am|

ՎԶԵԲ-ը 92,3 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ է հատկացնում Հայաստանին |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2023թ․ ապրիլի 4-ին ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է. Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում, Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում, Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։ Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2023թ․ ապրիլի 4-ին ստորագրված «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:  
12:23 - 11 մայիսի, 2023
Կառավարությունը որոշեց Սեւանա լճից 170 մլն խմ ջրառ իրականացնել
 |news.am|

Կառավարությունը որոշեց Սեւանա լճից 170 մլն խմ ջրառ իրականացնել |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում ոռոգման նպատակով 2023 թվականին Սևանա լճից ջրառի մասին որոշում կայացրեց: Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: Ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազար հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հուն իլվացման նպատակով գետի հունով բաց թողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 521 մլն մ3: Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 172մլն մ3,  Ազատի ջրամբարից շուրջ 45 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 5 մլն մ3 ջրաքանակներով: Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 31 մլն մ3 ջրարտադրություն (ընդամենը՝ 253մլն մ3): Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմում է շուրջ 268 մլն մ3: Կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչև 170 մլն մ3 ծավալով բացթողում: Այսպիսով, ոռոգման հաշվարկված ջրապահանջի (շուրջ 521 մլն մ3) և հնարավոր ջրառաջարկի (253+170=423 մլն մ3) տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է շուրջ 98 մլն մ3, որտեղ հաշվի չեն առնվել ամառային ամիսների եղանակային պայմանների հնարավոր փոփոխությունները (լիազոր մարմնի կողմից ներկայացվել է ճշգրտվածկանխատեսումը):
12:19 - 11 մայիսի, 2023
Ատեստավորման դեպքում որքան հավելավճար կստանան զինծառայողները․ նախարարը ներկայացրեց նոր փոփոխությունը
 |armtimes.com|

Ատեստավորման դեպքում որքան հավելավճար կստանան զինծառայողները․ նախարարը ներկայացրեց նոր փոփոխությունը |armtimes.com|

armtimes.com: Կառավարության այսօրվա նիստի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց փոփոխությունների նոր փաթեթ, որով սահմանվում են ՊՆ համակարգի մարտական խնդիրների իրականացման պլանավորման և վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափեր։ «Համաձայն նոր փոփոխության՝ ատեստավորման արդյունքներով հավելավճար չի ստանա այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստվածության գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստվածության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների ու ծառայողական գիտելիքների ստուգումից ստացել է մեկ անբավարար գնահատական»,- ասաց նա։ Ատեստավորման դեպքում ենթակա է հաշվարկվելու հավելավճար, կամ ենթակա է շարունակելու հավելավճարի տրամադրումը, եթե այդ պատրաստություններից զինծառայողը ստացել է բավարար, լավ կամ գերազանց գնահատական։ Ընդ որում՝ զինծառայողը մասնագիտական գիտելիքների և ծառայողական պատրաստություններից առնվազն 21 հարցին սխալ պատասխանելու դեպքում ստանում է անբավարար, 30-34 հարցերի ճիշտ պատասխանելու դեպքում՝ բավարար, 35-44 հարցերի ճիշտ պատասխանելու դեպքում՝ լավ, կամ 45-ից և ավելի ճիշտ պատասխանի դեպքում՝ գերազանց: «Գնահատվում է գերազանց, եթե մասնագիտական գիտելիքների և ծառայողական պատրաստությունների թեստավորումից ստացել է միայն գերազանց գիտելիքներ, գնահատվում է լավ, եթե ֆիզիկական, կամ շարային ու մասնագիտական գիտելիքներից թեկուզ մեկից ստացել է լավ գնահատական, իսկ մնացածից՝ գերազանց։ Բավարար, եթե այդ թեստավորումներից ստացել է բավարար մի հարցի դեպքում, իսկ մնացածից բավարար կամ լավ գնահատական»,- մանրամասնեց նախարարը։  Գերազանցի դեպքում զինծառայողի հավելավճարը կազմում է 470 հազար դրամ, լավի դեպքում՝ 420 հազար դրամ, բավարարի դեպքում՝ 230 հազար դրամ։ Մյուս կազմերի դեպքում՝ գերազանց՝ 395 հազար դրամ, լավ՝ 345 հազար դրամ, բավարար՝ 205 հազար դրամ։ Նախարարը ներկայացրեց նաև, թե ատեստավորման դեպքում աշխատավարձի բարձրացումը առանց հարկերի որքան է կազմելու․ «Շարքային կազմը ատեստավորման բավարար գնահատական ստանալու պարագայում մարտական հերթապահությունը ներառյալ կստանա՝ 321 հազար 910 դրամ, այդքան բացարձակա մաքուր աշխատավարձ է։ Այս պահին դրանից կրկնակի էականորեն պակաս է ստանում, լավի դեպքում՝ 430 հազար 910 դրամ, գերազանցի դեպքում՝ 470 հազար 910 դրամ։ Սա շարքային կազմի ամենաբարձր կոդն է։ Օրինակ՝ գնդապետը բավարար գնահատակնի դեպքում մարտական հերթապահություն իրկանացնող զորամասում կստանա 737 հազար 760 դրամ, գերազանցի դեպքում՝ 923 հազար 260 դրամ»,– ասաց նա։ Վարչապետն էլ իր խոսքում նշեց՝ պետք է արձանագրել, որ այս որոշումները բանակում որոշակի աշխուժությունն է մտցրել, ինչը նշանակում է, որ մարտական պատարսատության ավելի ինտեսիվ գործընթաց է տեղի ունենում։ Սրանով կմեծանա նաև պայամանագրային զինածառայության հանդեպ հետաքրքրությունը։
12:13 - 11 մայիսի, 2023
«Գոյ» թատրոնը միացվեց Սունդուկյանի անվան թատրոնին որպես բաժին
 |news.am|

«Գոյ» թատրոնը միացվեց Սունդուկյանի անվան թատրոնին որպես բաժին |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում որոշեց «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը կնպաստի նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացման ու կարողությունների զարգացմանը, կխթանի ֆինանսական միջոցների ավելացմանը: Բարեփոխումները ենթադրում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում: Որոշման անհրաժեշտությունը բխում է վերոնշյալ նպատակներից և միտված է «Գոյ» թատրոնի ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն: Ներկայում «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը» եւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը գործում են նույն ենթակառուցվածքային համակարգում (շինություն, կոմունալ հանգույցներ և այլն): Փաստացի, առանց մասնագիտական և հանրային քննարկման, թատրոնին պատկանող շենքի տարբեր հարկերից, տարբեր չափերի տարածքներ առանձնացվել են և տրվել «Գոյ»-ին: Այս ամենին զուգահեռ, կադաստրային տարածքի և փաստացի զբաղեցրած տարածքների մեջ նույնպես առկա են տարբերություններ։ Այս ամենն առաջացնում է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ։ Ողջ գոյության ընթացքում կոմունալ բոլոր ծախսերը հոգացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Մոտավոր հաշվարկով՝ յուրաքանչյուր տարի 3.5-4 միլիոն դրամ։ «Գոյ» կենտրոնի վերջին տարիների հաշվետվությունները ցույց են տալիս, որ ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերակատարումը ձեռք է բերել պարբե¬րական բնույթ: Գնահատելով և վերլուծելով նշված խնդիրների կարգավորման ուղիներն ու հավանական ժամանակացույցը՝ նպատակահարմար է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել և ընդգրկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում, որպես բաժին («Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական բաժնի «Գոյ» փորձարարական բեմ): Առաջիկայում «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախումբը հնարա¬վորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադե-միական թատրոնի տարածքային (մեծ բեմ, Black box), գույքային և նյութա¬տեխնիկական հնարավորություններից:
12:04 - 11 մայիսի, 2023
Կառավարությունը ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանեց
 |news.am|

Կառավարությունը ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանեց |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանեց: Նախագծով Հայաստանի համար նախատեսվում է ոչ սակագնային քվոտա՝ 1200 կգ - թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների, 5000 կգ – արծաթ՝ չմշակված տեսքով։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմիցթանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման լիցենզավորման ընթացակարգը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ճանաչվում է թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների մասով լիցենզիա տրամադրելու, ինչպես նաև նշված ապրանքների նկատմամբ սահմանված քվոտայի բաշխման մասով լիազոր մարմին։  
11:59 - 11 մայիսի, 2023
Իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան

Իրադրության սրման հիմնական նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ անդրադարձավ սահմանային իրադրությանը։ Նա նշեց, որ ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո։ Փաշինյանի խոսքով ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են ու այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում․ «Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»։ Նա ընդգծեց՝ փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար․ «Իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա»։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի երեկվա հաղորդագրությունները՝ մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են։  «Նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար։ Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով, տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով։ նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով։ Որևէ միջադեպ չի գրանցվել, և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան ետին թվով այդ լուրը հորինել է՝ իրադրությունը սրելու համար»,- հավելեց նա։ Իսկ իրադրության սրման հիմնական նպատակը, ըստ Փաշինյանի, բանակցային գործընթացը զրոյացնելն է և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը։ «Բայց սա միակ նպատակը չէ։ Եվ հաջորդը միջազգային ու հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է, նոր տեղում նոր ճգնաժամ սեղծելու միջոցով մոռացության տալով հինը։ Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է»,- նշեց Փաշինյանը։  Փաշինյանի խոսքով Ադրբեջանը սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեց կեղծ բնապահպանական ակտիվիստներով, Լաչինի միջանցքն արգելափակելու միջոցով․ «ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով, Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության տալու փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով, Սոթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը։ Այս բոլոր հարցերը շարունակում են մնալ մեր առաջնային օրակարգում»,- ասաց նա։ 
11:17 - 11 մայիսի, 2023
Պետական այրերը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

Պետական այրերը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կառավարության անդամներ եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ պետական այրերը ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: «Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին: Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ: 107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Հավերժ փառք եւ խոնարհում: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։
13:11 - 09 մայիսի, 2023
Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի քննարկումները

Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ քննարկումները: Քննարկման առարկա են եղել 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը, 2024-2026 թթ. ՄԺԾԾ առաջարկի հիմքում ընկած հիմնական սկզբունքները, ծրագրի ծախսային շրջանակը, ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղությունները: Անդրադարձ է եղել ընդհանրական մոտեցումներ պահանջող այլ հարցերի ևս: Մտքերի փոխանակություն է ծավալվել տնտեսական ակտիվության դրական զարգացումների, ՀՀ տնտեսական աճի սցենարային կանխատեսումների, ՀՀ տնտեսական աճի և ՀՆԱ-ի վերանայումների, միջնաժամկետ հարկային եկամուտների և դրանց ռիսկերի, պարտքի բեռի կառավարելի մակարդակում պահպանման, կապիտալ ծախսերի դերի բարձրացման ու ընթացիկ՝ գնաճային ճնշումներ չառաջացնող մակարդակի պահպանմանը վերաբերող հարցերի շուրջ: Կառավարության ղեկավարն ընդգծել է նախագծերի որակի և արդյունավետության բարձրացման կարևորությունը և հանձնարարել ամփոփել 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ հնչած դիտարկումներն ու միջգերատեսչական քննարկումները:
15:12 - 08 մայիսի, 2023
Կառավարությունը քննարկել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը

Կառավարությունը քննարկել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։ «Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա ներկա վիճակին, արտադրանքի և արտահանման ծավալներին, առկա ներուժի իրացմանը, ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: Նշվել է, որ ռազմավարության նպատակներն են՝ երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանների ստեղծումն ու վարումը, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացումը, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների և մոտեցումների կիրառումը: Կարևորվել է հանքերի ապօրինի շահագործման դեմ հետևողական պայքարն ու այդ նպատակով հստակ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, պոչամբարների արդյունավետ կառավարումը: Փաշինյանը հանձնարարել է քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները հաշվի առնելով՝ լրամշակել ռազմավարության նախագիծը և այն ներկայացնել կառավարության հաստատմանը», - նշված է հաղորդագրության մեջ:
20:54 - 06 մայիսի, 2023
ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը

ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա ներկա վիճակին, արտադրանքի և արտահանման ծավալներին, առկա ներուժի իրացմանը, ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: Նշվել է, որ ռազմավարության նպատակներն են երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանների ստեղծումն ու վարումը, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացումը, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների և մոտեցումների կիրառումը: Կարևորվել է հանքերի ապօրինի շահագործման դեմ հետևողական պայքարն ու այդ նպատակով հստակ մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, պոչամբարների արդյունավետ կառավարումը: Վարչապետը հանձնարարել է քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները հաշվի առնելով՝ լրամշակել ռազմավարության նախագիծը և այն ներկայացնել կառավարության հաստատմանը:  
16:42 - 06 մայիսի, 2023
Ուսման վարձի փոխհատուցում` Արցախյան պատերազմի մասնակիցների հերթական խմբին

Ուսման վարձի փոխհատուցում` Արցախյան պատերազմի մասնակիցների հերթական խմբին

ՀՀ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից կփոխհատուցի 2020 թ. Արցախյան պատերազմի այն մասնակիցների ուսման վարձը, որոնք ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2008-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում ուսման վարձի միանվագ փոխհատուցում չեն ստացել: ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել 16 մլն 344 հազար դրամ հատկացնել 59 ուսանողի 1 կիսամյակի ուսման վարձի միանվագ փոխհատուցման համար: Ուսման վարձի միանվագ փոխհատուցում կտրամադրվի բուհերի վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դրությամբ ընդգրկված են եղել բուհի ուսանողական համակազմում: Փոխատուցումը կտրամադրվի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացրած ցուցակների հիման վրա։ Նշենք, որ վերոնշյալ խմբերի շահառուներին ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է նաև 2021 և 2022 թվականներին: 2021 թվականին ուսման վարձի փոխհատուցում ստացել է 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1 մլրդ 595 մլն 930 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 1613 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 382 մլն 307 հազար դրամ:
11:38 - 05 մայիսի, 2023
«Անընդմեջ վերանայելու եմ բուհի կրթական ծրագրերը». Երևանի թատրոնի և կինոյի պետինստիտուտ նոր ռեկտորը՝ կառավարությունում
 |news.am|

«Անընդմեջ վերանայելու եմ բուհի կրթական ծրագրերը». Երևանի թատրոնի և կինոյի պետինստիտուտ նոր ռեկտորը՝ կառավարությունում |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում հաստատեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները: Սառա Նալբանդյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ինստիտուտի հոգաբարձուների խորհրդին՝ վստահության համար՝ նշելով. «Լիովին գիտակցում եմ ստանձնելիք պարտականությունների լրջությունը, կաշխատեմ ամենայն լրջությամբ իրականացնել այդ պարտականությունները: Աշխատանքիս ընթացքում անընդմեջ վերանայելու եմ բուհի կրթական ծրագրերը, նաեւ դասավանդման մեթոդները,  փորձելու եմ թարմացնել մասնագիտական գրկանության բազան, համալրելու եմ գրադարանը: Նաեւ շատ մեծ կարեւորություն եմ տալիս բուհի միջազգայնացմանը, քանի որ արվեստագետը չի կարող ստեղծագործել կտրված լինելով միջազգային պրոցեսներից»: Նշենք, որ 2023 թվականի ապրիլի 20-ին տեղի է ունեցել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Մրցույթին մասնակցել են 2 թեկնածու՝ Սառա Նալբանդյան և Հասմիկ Իսրայելյան։ Գաղտնի քվեարկության արդյունքներով Սառա Նալբանդյանն ստացել է 14 ձայն, իսկ Հասմիկ Իսրայելյանը՝ 4 ձայն: Արդյունքում փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 19 անդամների ձայների մեծամասնությամբ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Աշոտի Նալբանդյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: Նշենք, որ բուհը ունի 600 ուսանող եւ երկու մասնաճյուղ՝ Գյումրիում եւ Վանաձորում:
12:31 - 04 մայիսի, 2023
«Եռաբլուրում» սեփական միջոցներով տապանաքարեր տեղադրելու դիմաց պետությունը փոխհատուցում կտա 47 ընտանիքի
 |news.am|

«Եռաբլուրում» սեփական միջոցներով տապանաքարեր տեղադրելու դիմաց պետությունը փոխհատուցում կտա 47 ընտանիքի |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի դիմաց հատուցում տրամադրելու մասին որոշում կայացրեց: Նախագծի ընդունումը պայմանավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների ընտանիքների միջոցներով և նախընտրած ձևով պատրաստված ու տեղադրված շիրմաքարերի դիմաց հատուցման տրամադրման անհրաժեշտությամբ: Ներկա պահին քննարկվում է թվով 47 ընտանիքի հատուցման հարց, որի համար կպահանջվի 52-54 մլն դրամ գումար, թեև չի բացառվում, որ մինչև 8 գերեզմանների տապանաքարեր նույնպես տեղադրվեն զոհվածների ընտանիքների միջոցով, որի համար առավելագույնը կպահանջվի մոտ 9,5 մլն. դրամ գումար: ՀՀ պաշտպանության նախարության և 18.11.2021թ. «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում մինչև օրս փաստացի տեղադրվել է 925 տապանաքարեր (չհաշված ընտանիքների կողմից կառուցված վերոնշյալ 47 տապանաքարերը), նախատեսվում է տեղադրել ևս շուրջ 10 տապանաքար, որոնք դեռևս չեն տեղադրվել հիմնականում ծնողների կողմից տարբեր պատճառաբանությունների ներկայացման պատճառով (չեն ընդունում, որ իրենց որդին զոհվել է, ցանկանում են, որպեսզի տեղադրվի տեխնիկական բնութագրից տարբերվող տապանաքարեր, դեռևս չեն կողմնորոշվում քարի տեսակի ընտրության հարցում, նախապես ընտրված քարի որոշ բաղադրիչների տեղադրումից հետո չեն թույլատրում ավարտին հասցնել այն՝ պահանջելով փոխել քարի տեսակը և այլ նմանատիպ պատճառներ): Այս պարագայում չի բացառվում, որ որոշակի քանակ այդպես էլ չտեղադրվի, իսկ «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ին տրամադրված։ կանխավճարից չտեղադրված տապանաքարերի կամ դրանց բաղադրիչների համար նախատեսված ֆինանսական միջոցները ետ վերադարձվեն պետական բյուջե:
12:07 - 04 մայիսի, 2023
44-օրյա պատերազմի մասնակիցների երեխաների ու ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի
 |news.am|

44-օրյա պատերազմի մասնակիցների երեխաների ու ամուսինների ուսման վարձը կփոխհատուցվի |news.am|

news.am: Պետությունը շարունակում է փոխհատուցել 2020 թվականի 44–օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց երեխաների ու ամուսինների ուսման վարձերը։ Փոխհատուցման հերթական փուլի որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա՝ մայիսի 4-ի նիստում։ Ներկայացված նախագծի համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2023 թվականի մարտի 30-ն ընկած ժամակահատվածում ԿԳՄՍ նախարարությունում բուհերի կողմից ներկայացվել են 59 ուսանողի տվյալներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է 16 344 800 դրամ։ Հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ, որոնք զորացրվել են 2022 թվականի ամռանը և 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակից շարունակել ուսումը։ Նշենք, որ փոխհատուցումը գործում է 2021թ–ից, և ամեն տարի որոշման ժամկետը երկարացվում է։ Ընդհանուր առմամբ 2021 թվականին ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,6 մլրդ դրամ։ 2022 թվականին փոխհատուցում է ստացել 1613 ուսանող, ուսման վարձի փոխհատուցման գումարը կազմել է 382 մլն դրամ:
12:02 - 04 մայիսի, 2023
Հայաստանում 2024․ հունվարի 1-ից կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ
 |pastinfo.am|

Հայաստանում 2024․ հունվարի 1-ից կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ |pastinfo.am|

pastinfo.am: Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է առողջապահության նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է հանրապետությունում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով նախագծի մանրամասները, նշեց, որ կներդրվի երկու տիպի լիցենզավորման ինստիտուտ։ Առաջինը՝ անցումային լիցենզավորումը, վերաբերելու է օրդինատուրայում սովորողներին։ Բժշկի հսկողության տակ օրդինատորները հնաարվորություն կունենան բժշկական գործունեությամբ զբաղվելու։ Օրդինատորներին անհատական լիցենզիաներ կսկսեն տրամադրվել 2024 թ․ հունվարի 1-ից։ Իսկ 2026թ․ հունվարի 1-ից համակարգն ամբողջությամբ կներդրվի։ «Լիցենզիաները տրամադրվելու են որոշակի հմտությունների բավարարման դեպքում՝ 5 տարի ժամկետով, բայց կշարունակեն գործել եթե դրանց կասեցման հիմքեր չլինեն։ Որպես այդպիսիք կարող են լինել բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումները, հավաստագրման պահանջների չիրականացումը և այլն»,-նշեց նախարարը։ Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, անհատական լիցենզիան տրվում է ավագ բուժաշխատողներին, որի հիման վրա վերջիններս ինքնուրույն մասնագիտական գործունեություն են իրականացնում, իսկ անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում) և ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց: Ընդ որում, վերջինս տրամադրվում է բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու վերաբերյալ ավարտական փաստաթղթի (պետական նմուշի դիպլոմի) հիման վրա` կենտրոնացված քննության հանձնման արդյունքում: Նախագծով սահմանվում է, որ հետբուհական կրթության ավարտից հետո կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները), ռազմաբժշկական հետբուհական հաստատություններում ուսումնառող անձինք հանձնում են կենտրոնացված մասնագիտական քննություն, որի հիման վրա անցումային անհատական լիցենզիան փոխարինվում է անհատական լիցենզիայով: Սահմանվել է, որ անհատական լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար պարտադիր է ՇՄԶ հավաստագիրը, որի առկայության դեպքում լիցենզիայի ժամկետը ավտոմատ կերկարաձգվի:
12:01 - 04 մայիսի, 2023