ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը, որում ներկայացվել է ՀՀ գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության նախագիծը: Խորհրդի կազմում ներգրավված են ինչպես պետական հատվածի ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի մի շարք հայտնի ընկերությունների՝ «Սինոփսիս Արմենիա», «Ինթելինեյր», «ՍԱԴԱ սիստեմս», «Սթրաթեջիք վելյու վենչուրս», «Բիգքընթրոլս», «Պրոջեքթ ինթեգրեյշըն» և այլ ընկերությունների ղեկավարներ: Մինչ նախագծի ներկայացումը, Կառավարության ղեկավարը նշել է, որ այս ֆորմատը ձևավորվել է խորհրդի անունից բխող ակնհայտ պատճառներով ու նպատակներով, և շնորհակալություն հայտնել ներկաներին խորհրդում ներգրավվելու, աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության համար: «Ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունը զարգացման ճանապարհին ունի բազմաթիվ խոչընդոտներ, և մեր ընկալումն այն է, որ այդ խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը: Այս ֆորմատում մենք կփորձենք ոլորտի ներկայացուցիչների, Կառավարության և խորհրդարանի գործընկերների մասնակցությամբ ռազմավարությունների մշակման գործում ավելի մեծ ներգրավվածություն ապահովել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այսօրվա հանդիպումն այդ պրոցեսի մեկնարկն է, և նիստի արդյունքներով որոշումներ կկայացվեն հետագա աշխատանքի կազմակերպման վերաբերյալ: Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է ռազմավարության տեսլականը, նպատակը և շրջանակը: Ըստ այդմ՝ ռազմավարության տեսլականը Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի թռիչքային աճի ապահովումն է, իսկ նպատակը՝ կրթության, կիրառական գիտության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտների քաղաքականությունների համապատասխանեցման ու փոխկապակցված զարգացման մեխանիզմի ներդրումն ու իրագործումը: «Վերջին երեք տարիներին կտրուկ ավելացել է գիտության ֆինանսավորումը, և հատկանշական է, որ հատկապես նպատակային ծրագրային ֆինանսավորման և թեմատիկ ֆինանսավորման ուղղությամբ է աճը տեղի ունենում»,- նշել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ Հայաստանում լաբորատոր փորձարկումների համար նախատեսված նվազ կարողություններ կան և անհրաժեշտ է այստեղ առաջնահերթություններ սահմանել ու լաբորատոր կարողությունները նույնպես թիրախավորված զարգացնել: Ըստ Հակոբ Արշակյանի, շատ կարևոր է, որ արդեն կան կապիտալ ներդրումների համար հատկացված միջոցներ: Անդրադառնալով բարձր տեխնոլոգիական ոլորտին՝ նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում՝ 2021 թվականին՝ 34 տոկոս, 2022-ին՝ կրկնապատիկ և 2023-ին՝ 44 տոկոս շրջանառության աճ է գրանցվել: Նախագծում ներկայացվել են 5 ճյուղեր՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և գիտություններ, որոնք իրենց մեջ պարունակում են և՛ կրթական, և՛ գիտական, և՛ արդյունաբերական ուղղությունների կոմպոնենտներ: Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն գործադիր մարմնի շրջանակներում՝ ի նպաստ վերոնշյալ ճյուղերի զարգացման և ներդրումների արդյունավետության բարձրացման: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Կարծում եմ, որ խորհրդի աշխատանքային խմբերը պետք է աուդիտի ենթարկեն մեր այս երեք ուղղություններով իրականացվող քաղաքականություններն ու գնահատեն, թե այդ քաղաքականություններն ինչքանով են նպաստում այս ճյուղերի հետագա զարգացմանը, գնահատեն այդ նպաստը: Եթե այդ նպաստը քիչ է, ապա ի՞նչ պետք է անել դա առավել արդյունավետ դարձնելու համար»: Ծավալվել է մտքերի փոխանակություն նախագծում բարձրացված հարցերի, խնդիրների լուծման և մեխանիզմների հասցեագրման շուրջ: Մասնավորապես, առաջարկություններ և դիտարկումներ են ներկայացվել նշված ուղղություններով զարգացման մեխանիզմների ներդրման շուրջ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի անհրաժեշտ լուծումներ գտնել հայեցակարգային հարցերին և իրագործել նախանշված ծրագրերը:
18:51 - 04 մարտի, 2024
Ակադեմիական քաղաք միայն ապրանք բերող մեքենաները պետք է մուտք գործեն. հատուկ կարգ պետք է մշակել. Փաշինյան

Ակադեմիական քաղաք միայն ապրանք բերող մեքենաները պետք է մուտք գործեն. հատուկ կարգ պետք է մշակել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաքի» մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: GMP միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը նշել է, որ կլաստերները նախագծվել են՝ հետագայում զարգանալու և ընդլայնվելու հնարավորությամբ: Նրա խոսքով՝ տարածքը հարթ չէ, առկա է թեքություն և մատչելիության ապահովման խնդիր: «Պետք է մուտք և մատչելիություն ապահովենք դեպի բոլոր շենք-շինություններ: Ունենք երկու տարբեր կլաստերներ, կրթական և մշակութային, այնուհետև կենտրոնական տարածք, որը հետիոտնի համար լինելու է առանց որևէ երթևեկության: Փորձել ենք բաշխել շենք-շինություններն այնպես, որ հրապարակների շուրջ կառուցվեն գրավիչ տարածքներ: Շրջապատող ճանապարհները և կանաչ տարածքները կողմնորոշված են դեպի կենտրոնական մուտքեր, կլինեն կանաչ տարածքներ, այգիներ, աջակցող օբյեկտներ և հիմնական կառույցներ: Մարդիկ պետք է այնտեղ իրենց հարմարավետ զգան, ուստի պետք է նաև կանաչ գոտիներ, ջրային տարածքներ բերենք «Ակադեմիական քաղաք»»,- նշել է Ստեֆան Շուտցը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ անցնող ժամանակահատվածում համալսարանի կողմից կատարվել են հաշվարկներ՝ Ակադեմիական քաղաքի համար պահանջվող կոմունալ ռեսուրսների վերաբերյալ: «Այսինքն՝ կարող ենք արդեն ճշգրտությամբ ասել, թե որքան ջուր, ոռոգում, գազ, էլեկտրաէներգիա է պահանջվում: Արդեն կարող ենք այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»,- նշել է նա: Միաժամանակ, ռեկտորը հավելել է, որ մշակել են դեպի Ակադեմիական քաղաք ճանապարհների առաջարկ-կոնցեպտ, որը քննարկվել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ: Կոնցեպտում ներկայացված են առավելագույն բոլոր հնարավորությունները: «Կոնցեպտի համաձայն՝ Ակադեմիական քաղաք տրանսպորտային միջոցների մուտքը պետք է հնարավորինս սահմանափակել, նախատեսված է, որ մարզերից դեպի «Ակադեմիական քաղաք» գնացող տրանսպորտային հոսքը չլինի Երևանի միջոցով՝ հնարավորինս փորձելով խուսափել խցանումներից»,- ասել է նա: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ տրանսպորտային համակարգի առումով կոնցեպտի հիմքում երկու բան է դրված: «Նախ Երևանը լրացուցիչ չծանրաբեռնել, երկրորդը՝ հնարավորինս շատ ճանապարհներով մոտենալ «Ակադեմիական քաղաքին»: Կիսում ենք շրջանաձև ճանապարհի գաղափարը, որը հավելյալ հնարավորություններ է տալիս»,- ասել է նախարարը: Իր հերթին, վարչապետ Փաշինյանը ողջունել է շրջանաձև երթևեկության գաղափարը: «Նախորդ անգամ պայմանավորվեցինք, որ մեր տրամաբանությամբ՝ Ակադեմիական քաղաք պետք է մուտք գործեն միայն մատակարարում իրականացնող ավտոմեքենաներ, այլ մեքենա չպետք է մուտք գործի: Եթե մուտքը բացեցինք, նաև մեր իրականության նրբությունները հաշվի առնելով՝ այնտեղ բուռն երթևեկություն կսկսվի: Միայն ապրանք բերող մեքենաները պետք է մուտք գործեն: Այդտեղ հատուկ կարգ է պետք մշակել»,- ընդգծել է վարչապետը: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել դեպի «Ակադեմիական քաղաք» մետրոյի, երկաթուղու և էլեկտրական տրանսպորտի երթևեկության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցերի: Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ճանապարհային ենթակառուցվածքների հարցերին ավելի մանրամասն և հիմնավոր լուծում տալու համար իրականացնել ուսումնասիրություն և ներկայացնել տեխնիկատնտեսական հիմնավորում: Քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք»-ին հարակից «Հայֆիլմ» կինոստուդիայի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր:
18:34 - 29 փետրվարի, 2024
«Կառավարության այսօրվա նիստում կայացրել ենք եզակի որոշում». ինչ է տեղի ունեցել Խաչիկ գյուղում
 |aysor.am|

«Կառավարության այսօրվա նիստում կայացրել ենք եզակի որոշում». ինչ է տեղի ունեցել Խաչիկ գյուղում |aysor.am|

aysor.am: Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում երկու անձ վարկ են վերցրել ու գործնականում գյուղի ամբողջ բնակչությանը դարձրել վարկի երաշխավորներ, կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, թե քրեական գործ է հարուցվել։ «Վարկերը չեն փակել ու ամբողջ գյուղը հայտնվել է «սև ցուցակ»-ում, չեն կարողանում ո՛չ վարկ վերցնել, ո՛չ մի բան»,- նշեց Փաշինյանը։ Վարչապետը հայտարարեց՝ Խաչիկ գյուղն ունի ռազմավարական նշանակություն, բայց զրկված է սահմանամերձ բնակավայրերում բանկելի տներ կառուցելու ծրագրից։ «Կառավարության այսօրվա նիստում կայացրել ենք եզակի որոշում. որոշել ենք պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնել ու Խաչիկ գյուղի այն բնակիչները, ովքեր երաշխավոր են դարձել, նրանց վարկային պատմությունը կզրոյացվի, բացի այդ երկու քաղաքացիներից»,- նշեց Փաշինյանը։ Նա գյուղացիներին կոչ արեց նման պատմությունների մեջ չընկնել. միշտ չեն կարող նման որոշումների գնալ։ Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանն էլ ասաց, թե 77 հոգու մասին է խոսքը։ «Վարկային երկու կազմակերպություններ կներեն տոկոսների, դատական ծախսերի ու տուգանքների մնացած մասերը, ընդհանուր 50 միլիոն դրամ է կազմում»,- ասաց նա։ ԿԲ փոխնախագահն ասաց, թե հատուկ նշում կարվի, որ այդ մարդիկ եղել են զեղծարարության զոհ։
12:48 - 29 փետրվարի, 2024
Զինծառայողների ատեստավորման մասնակիցների կեսից ավելին անբավարար է ստացել 
 |civilnet.am|

Զինծառայողների ատեստավորման մասնակիցների կեսից ավելին անբավարար է ստացել |civilnet.am|

civilnet.am: Զինծառայողների շրջանում իրականացրած ատեստավորման գործընթացին մասնակցել է 5 783 զինվորական, նրանց կեսից ավելին ստացել է անբավարար գնահատական, գերազանց ստացել է ընդամենը 2 տոկոսը։ Տեղեկությունը փետրվարի 28-ին Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նիստին հանրայնացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը։ Փետրվարի 26-ին ՍիվիլՆեթը անդրադարձել էր ՀՀ կառավարության 2023-ի կատարողականի այն դրույթին, որտեղ առկա էր տեղեկություն ատեստավորման մասով և արձանագրել, որ տեղեկությունը բավականին լղոզված է։ Մասնավորապես, զեկույցում նշվել էր, թե 2023-ին մեկնարկած զինծառայողների ատեստավորման գործընթացին մասնակցել է շուրջ 5 800 զինծառայող։ Հետագա շարադրանքից պարզ չէր, թե նրանցից տոկոսային առումով քանիսն են անցել ատեստավորումը։ Միայն նշվում էր, որ «ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205 000-ից 470 000 դրամի չափով, ինչի արդյունքում որոշ դեպքերում ընդհանուր դրամական բավարարումը գրեթե կրկնապատկվելու է»: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին փետրվարի 28-ին Բրուտյանը ներկայացրեց այդ թվերը։ Պարզվում է՝ ատեստավորմանը մասնակցելու համար դիմել է 5 908 զինծառայող, որոնցից 5 783-ին հնարավորություն է տրվել մասնակցել, սակայն շեմը չի հաղթահարել է 2 957-ը։ Մանրամասները՝ Սիվիլնեթի ինֆոգրաֆիկայում
12:26 - 29 փետրվարի, 2024
Միջազգային փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան
 |1lurer.am|

Միջազգային փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան |1lurer.am|

1lurer.am: Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած, մրցանակի արժանացած մշակութային գործիչները դրամական խրախուսում կստանան: Նպատակը արվեստի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները խրախուսելն է, գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը բարձրացնելը, մշակութային գործիչների համար ստեղծագործական բարենպաստ միջավայր ձևավորելը, ինչպես նաև առհասարակ ոլորտում պետական խրախուսման մեխանիզմներ ներդնելը: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 29-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: «Միջազգային հեղինակավոր փառատոներն ու մրցանակաբաշխությունները բազմաթիվ են, այս նախագծով էլ ընդգրկված են ավելի քան 150 նման փառատոներ, մրցույթներ ու մրցանակաբաշխություններ, ու դրանց թվին են դասվում այն միջոցառումները, որոնց ցանկը հաստատվում է ոլորտի միջազգային կազմակերպությունների կամ ասոցիացիաների կողմից»,- ասաց նա: Ըստ Անդրեասյանի՝ դրամական խրախուսումը տրամադրվելու է ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք, որպես ՀՀ ներկայացուցիչ, մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի: Խոսքը թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կինոարվեստի, մշակութային ժառանգության, գրականության մասին է: «Կան նաև այնպիսի մրցանակաբաշխություններ կամ փառատոներ, որոնց պարագայում երկրի մասնակցությունը տվյալ փառատոնին արդեն իսկ հավասարազոր է հաղթանակի, դա նշանակում է՝ տվյալ ստեղծագործությունը, ֆիլմը, ներկայացումն արդեն իսկ անցել է նախընտրական փուլը և ընդգրկվել փառատոնային ծրագրում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ փառատոներն ու մրցանակաբաշխությունները պետք է ունենան միջազգային ձևաչափ և միջազգային ժյուրի: Խրախուսումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ՝ 1 տարի ժամկետով, և 1-ից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար: «Չափերը սահմանելիս հիմք ենք վերցրել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը, որով փորձել ենք ապահովել երկու ոլորտներում խրախուսման համաչափությունը՝ ամսական 130 հազարից մինչև 800 հազար դրամ: Խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատները, այդպես էլ խմբերը»,- ասաց նախարարը: Ըստ Անդրեասյանի՝ վերլուծությունը ցույց է տվել, որ խրախուսում ստացողների տարեկան թիվը կլինի 11 մարդ և 2 խումբ, տարվա կտրվածքով դրամական խրախուսման չափը շուրջ 85 միլիոն դրամ է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ մարզիկների խրախուսման մեխանիզմի գործարկումից հետո արդյունքներ են գրանցվել, այս նախագծով նպատակ կա նմանատիպ մեխանիզմ ներդնել նաև մշակույթի ոլորտում: Բայց, ի տարբերություն սպորտի ոլորտի, այս ոլորտում մեխանիզմներ մշակելը բարդ է, իսկ սպորտի դեպքում ամեն ինչ հստակ է. կա Աշխարհի չեմպիոն, կա Եվրոպայի չեմպիոն, կան ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիրներ, և ըստ այդմ էլ կատարվում է պարգևատրումը: «Մշակույթի դեպքում մենք բարդություններ ունեինք, և հիմա փորձել ենք որոշակի շրջանակ ձևակերպել (այնպես չէ, որ այդ բարդությունները լիարժեք հաղթահարված են), որպեսզի նաև մեր մշակույթի ոլորտում խրախուսման և աջակցության այդ մեխանիզմը ստեղծենք»,- ասաց նա: Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծեց, որ այս նախագծով ցույց են տալիս, որ կոչումների քաղաքականությունից հրաժարվելով՝ ոլորտում աշխատանքի գնահատման և ստեղծագործության գնահատման գործիքակազմ են ներդնում:
12:02 - 29 փետրվարի, 2024
«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20%-ը փոխանցվեց ՀՀ կառավարությանը որպես նվիրատվություն

«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20%-ը փոխանցվեց ՀՀ կառավարությանը որպես նվիրատվություն

ՀՀ կառավարությանը փետրվարի 29-ի հերթական նիստի ժամանակ որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ  100 տոկոս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից փոխանցվող 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը։ Ընկերությունը համապատասխան որոշումը կայացրել է Ընկերության ընդհանուր ժողովի՝ փետրվարի 16-ին կայացած նիստի ժամանակ։ Այդ մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Ըստ նախագծի՝ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին: Որպես նախագծի ընդունման հիմքեր Արայիկ Հարությունյանը նշեց նաև «ՄՏՍ Հայաստան»-ի ունեցած ռազմավարական նշանակությունը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, նույն ոլորտում Հայաստանի ռազմավարական նպատակները, ինչպես նաև ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս ընթացքը։ Ոորոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը սահմանված կարգով կապահովի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումը՝ պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում այս բաժնետոմսերը․ «Այս ռազմավարական ոլորտում ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս ՀՀ կառավարության, մասնակցություն և ներկայություն ունենալու հնարավորություն ունի։ Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ։ Ես կարծում եմ՝ մենք պետք է մեր ընկերություններին խրախուսենք, որ քաղաքացիների և բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունը ապահովի ընկերությունների կառավարման գործում»։ Նա խոսեց այն մասին նաև, որ բազմիցս քննարկել են՝ պետք է վարել այնպիսի քաղաքականություն, որ ռազմավարական ոլորտի ընկերությունները իրենց բաժնետոմսերի բաց բաժանորդական համակարգ ներդնեն բորսայական համակարգով։ Փաշինյանի խոսքով բաց բաժնետիրացումը նշանակում է 100 % թափանցիկություն, որ յուրաքանչյուր քաղաքացի, մասնագետ կարող է բաց աղբյուրներում գտնել այդ ընկերությունների շրջանառությունը, ծախսերը, շահույթը, եկամուտները և այլն, ու այս համակարգը շատ օգնում է նաև հարկային մարմիններին։ «Մենք նաև որոշակի խթաններ նախատեսել ենք, որ այն ընկերությունները, որոնք որոշում են գնալ բաց բաժնետիրացման ճանապարհով, նրանց՝ բորսա հասնելու որոշակի ծախսերի որոշակի մասը նաև սուբսիդավորում ենք»,- ասաց նա՝ նշելով, որ թեմայի հետ առնչությունը անուղղակի է, բայց կարևոր է։ Փաշինյանն ընդգծեց, որ եթե բաց բաժնետիրացման անցնելու հորդորները, խնդրանքները չանցնեն, Կառավարությունը պետք է գնա օրենսդրական մեխանիզմների․ «Ասենք՝ էս ա մեր շուկայում աշխատելու օրենքը․ բաց բաժնետիրական ընկերություն չես՝ ուրեմն՝ ուրիշ կանոններ են գործում քեզ համար։ Թափանցիկության մեր ստանդարտները պետք է դնենք, որովհետև իրավիճակների հետ ենք բախվել և բախվում, որ մեզ համար խնդրահարույց է, այդ թվում՝ ազգային անվտանգության տեսանկյունից»։ Նա նաև հավելեց, որ կարող են գնալ նաև հարկային դիվերսիֆիկացիայի մեխանիզմին, այսինքն՝ ԲԲԸ-ի համար այլ հարկ լինի, ՓԲԸ-ի համար՝ այլ․ «Ընդ որում պետական վերահսկողության որոշակի մեխանիզմներով։ Ես չեմ կարծում՝ մի երկիր կա, որ ասում ա՝ թող օտարերկյա ներդրողներ գան, մեր հեռահաղորդակցության ոլորտը վերցնեն որպես 100% սեփականություն, և մենք էլ գաղափար չունենանք՝ ինչ է կատարվում էնտեղ»։ Փաշինյանը բացառեց նման երևույթը՝ նշելով, որ եթե կան էլ այդպիսի, ապա այլ օրենսդրական մեխանիզմներ են գործում։ «Ուղիղ ասում եմ մեր հեռահաղորդակցության ոլորտին և այլ ոլորտներին, որոնք հետո կորոշվեն․ եթե X պահի չգնան բաց բաժնետիրացման, ուրեմն՝ ուրիշ հարկեր պետք է տան (եկամտահարկը՝ այլ, շահութահարկը՝ այլ և այլն՝ խմբ․)»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ երկարաժամկետում պետք է բացառել նման ընկերությունների գոյությունը շուկայում։
11:57 - 29 փետրվարի, 2024
Ապրիլի 1-ից հունիսի 28-ը կանցկացվեն վարժական հավաքներ․ կներգրավվի մինչև 4799 քաղաքացի

Ապրիլի 1-ից հունիսի 28-ը կանցկացվեն վարժական հավաքներ․ կներգրավվի մինչև 4799 քաղաքացի

2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 4799 քաղաքացի, որոնցից 4353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 302-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:    Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։   Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու, ինչպես նաև վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ:    Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:
11:30 - 29 փետրվարի, 2024
Անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը. դա կնպաստի արտագաղթին. Արցախի ԱԺ հայտարարությունը

Անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը. դա կնպաստի արտագաղթին. Արցախի ԱԺ հայտարարությունը

ՀՀ կառավարության կողմից մշակվող Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագրերի կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել։ «Սույն թվականի փետրվարի 27-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ցեղասպանության և նրա սպառնալիքի տակ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ՀՀ կառավարության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերին։ Մեր գնահատմամբ՝ փոխվարչապետի միջոցով արցախյան հանրությանը մատուցվող ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերը համարժեք չեն տիրող իրավիճակին: Հարկ ենք համարում շեշտել, որ մինչ այժմ իրականացված որևէ ծրագիր չի քննարկվել Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից լեգիտիմ մանդատ ունեցող որևէ կառույցի, այդ թվում ժողովրդի ուղղակի քվեով ընտրված Ազգային ժողովի հետ։ Իսկ զանազան միջոցներով մեր կողմից ներկայացված առաջարկներն անտեսվել են։ Հատկապես անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը, որը, հարցի քաղաքական և սոցիալական համակողմանի քննարկման արդյունքում, ակնհայտորեն, չի բավարարելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների նվազագույն սպասելիքներն ու ակնկալիքները։ Նման որոշումների կայացումը հանգեցնելու է մեր հայրենակիցների հիասթափությանն ու դժգոհությանը, որի արդյունքում կխթանվի արտագաղթը և բողոքների ալիքը, կխաթարվի մեզ համար օրախնդիր՝ հավաքական վերադարձի ակնկալիքը։ Կոչ ենք անում զերծ մնալ չկշռադատված ոչ համարժեք քայլերից։ Միաժամանակ, վերահաստատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդրահարույց հարցերի շուրջ կառուցողական քննարկումներ իրականացնելու մեր պատրաստակամությունը՝ ողջախոհ, արժանապատվությունը չնսեմացնող որոշումների հանգելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
19:51 - 28 փետրվարի, 2024
2020-ից հետո ԼՂ-ից ՀՀ եկածների բնակարանային հարցը հնարավոր է որ լուծվի փուլային տարբերակով. Խաչատրյան
 |1lurer.am|

2020-ից հետո ԼՂ-ից ՀՀ եկածների բնակարանային հարցը հնարավոր է որ լուծվի փուլային տարբերակով. Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ից բռնի տեղահանվածները նախկին վարկերի մասով ունեն չկատարված պարտավորություններ, ինչը ֆորմալ տեսանկյունից այդ մարդկանց բանկային համակարգի համար դարձնում է ռիսկային, և նրանց վարկի տրամադրումը որոշակի սահմանափակումների է ենթարկվում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանը, թե 2020 թվականից ԼՂ-ից Հայաստան եկած մեր հայրենակիցները, որոնք բնակարան գնելու սերտիֆիկատներ են ստացել, ունեն դրանք իրացնելու խնդիր, քանի որ սև ցուցակներում են, իսկ բլոկադայի ընթացքում բազմաթիվ այլ քաղաքացիներ էլ են հայտնվել այդ ցուցակներում: Քննարկվե՞լ է նրանց խնդիրը: Ըստ Խաչատրյանի՝ բանկային համակարգի մասնակցությունը տվյալ գործընթացին դիտարկվում է որպես կամուրջ, և պետք է այնպես անել, որ բանկային համակարգն այդ հարաբերություններում ռիսկեր չունենա: «Մենք փորձում ենք այնպիսի լրացուցիչ կարգավորումներ նախատեսել, որ այդ խնդրի առջև կանգնած անձինք ծրագրից օգտվելու սահմանափակումներ չունենան»,- ասաց նա: Ըստ փոխվարչապետի՝ խնդիրը վերաբերում է նաև այն հարցին, թե արդյոք առկա՞ են բավականաչափ տարածքներ, որպեսզի աջակցության շրջանակն ամբողջությամբ և արագ իրականացվի: «Ցավոք սրտի, առկա չեն: Մեր նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակարանային շուկան՝ ներառյալ առանձնատները, այդ թվում՝ մարզերում, տարվա ընթացքում այն չափով չեն շրջանառվում առկա պատրաստ տների, բնակարանների շուկայում, որպեսզի հնարավոր լինել մեծաքանակ գնումներ իրականացնել միաժամանակ»,- ասաց նա՝ նշելով, որ այս պահին մտածում են խնդրի փուլային լուծման մասին, և որ դա ունի երկու պատճառ: Առաջինն այն է, որ այդկերպ որոշակի ընտանիքների առաջնահերթորեն կտրվի խնդիրն ավելի արագ լուծելու հնարավորություն: «Առաջին փուլում երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները կօգտվեն նախատեսվող աջակցությունից: Երկրորդ պատճառն այն է, որ եթե մենք միաժամանակ այդչափ մեծ քանակով գնման իրավունքների վկայականներ տանք, դա անպայմանորեն կազդի անշարժ գույքի շուկայի գների վրա: Այսինքն՝ հնարավոր է, որ մենք, մեծ քանակով պահանջարկ ստեղծելով, կարճ ժամանակահատվածում ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ գներն անարդարացի ձևով բարձրանան»,- ասաց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե կոնկրետ ժամկետ կա՞, թե երբ կլուծվի նրանց խնդիրը, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ցանկալի է, որ խնդիրը լուծվի արագորեն, բայց դա կապված է նաև վերջիններիս՝ ՀՀ քաղաքացինություն ձեռք բերելու հանգամանքի հետ:
19:49 - 28 փետրվարի, 2024
ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի հանդիպմանը քննարկվել են հիմնական ենթակառուցվածքային ծրագրերը

ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի հանդիպմանը քննարկվել են հիմնական ենթակառուցվածքային ծրագրերը

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երկրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ։ Պլատֆորմը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Եվրոպական միությունը (ԵՄ) և միջազգային ֆինանսական հաստատությունները՝ նպաստելու Հայաստանում ներդրումներին՝ խթանելով կայուն զարգացումը և տնտեսական աճը՝ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի և Հայաստանի համար դրա ուղենիշների համատեքստում: Կառավարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքային կարևոր ներդրումները՝ միտված Հայաստանի հաղորդակցային ուղիների, էներգետիկ դիվերսիֆիկացման  և փախստականների համար բնակարանային ծրագրերի բարելավմանը։ Մասնակիցները ամփոփել են տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպիսիք են՝ Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը և Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը՝ կապելով այն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հետ: Կողմերը միասին բացահայտել են տեխնիկական և ֆինանսական խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել, այդ ծրագրերը ժամանակին և արդյունավետ իրականացնելու նպատակով: Հետագա գործողությունները և հաջորդ քայլերի կոնկրետ ժամանակացույցը նույնպես համաձայնեցվել են շահագրգիռ կողմերի միջև՝ ՏՆՊ ներդրումների արագ իրականացումն ապահովելու համար: Հանդիպումն ամփոփվել է հարթակի համատեքստում շարունակական համագործակցության և Հայաստանում հետագա ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման հանձնառությամբ: 
19:13 - 28 փետրվարի, 2024
Եզրահանգել ենք, որ առնվազն որոշակի ժամանակով կարող ենք չհարկել արտագնա աշխատանքի մեկնողներին․ՊԵԿ նախագահ
 |armenpress.am|

Եզրահանգել ենք, որ առնվազն որոշակի ժամանակով կարող ենք չհարկել արտագնա աշխատանքի մեկնողներին․ՊԵԿ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հարկային օրենսդրության ամբողջ պատմության ընթացքում նախատեսված է եղել, որ Հայաստանի ռեզիդենտը եկամտահարկ վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում ստացած եկամուտների համար։ Այս մասին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների դժգոհություններին։ Նրա խոսքով՝ նախկինում որևէ մեխանիզմ չի եղել օրենքով սահմանված այդ պարտականությունը կյանքի կոչելու համար։ «ԱՊՀ շրջանակներում 2020 թվականին միացել ենք համաձայնագրի, որով նախատեսվում է, որ հարկային մարմինները իրար միջև կփոխանակեն էլեկտրոնային տեղեկություններ միմյանց քաղաքացիների ստացած եկամուտների և վճարված եկամտային հարկի մասին։ Առաջին անգամ նախորդ տարի ենք ստացել այդ տեղեկությունը, և, ինչպես պահանջում է հարկային օրենսգիրքը, սկսել ենք վարչարարություն իրականացնել․ մեր քաղաքացիներին ծանուցել ենք առկա հարկային պարտավորությունների մասին»,-հայտնել է Բադասյանը։ Նա նշել է, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների կողմից կան նաև  օբյեկտիվ հիմքեր ունեցող հարցադրումներ և դժգոհություններ։ Ըստ ՊԵԿ-ի ղեկավարի, քանի որ սովորույթի ուժով երբևէ հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել և եկամտային հարկ չի վճարվել, ապա առաջին անգամ համապատասխան տեղեկատվություն ստանալով արտագնա աշխատանքի մեկնած անձանց  վերաբերյալ՝ որոշակի տույժեր են հաշվարկվել։ «Կարծում ենք, որ մենք կկարողանանք որոշակի օրենսդրական փոփոխություններով հիմա մեղմել, վերացնել այս ազդեցությունները և գնանք փուլային տարբերակով հայտարարագրման համակարգի սահուն ներդրման ուղղությամբ։ Կառավարության գործընկերների հետ քննարկելով՝ եկել ենք եզրահանգման, որ այս փուլում, եթե մենք ստանում ենք տեղեկատվություն օտար երկրում ստացած եկամտի և վճարված եկամտային հարկի մասին, ապա տարբերությունը առնվազն որոշակի ժամանակով կարող ենք Հայաստանում չհարկել՝ արձագանքելով նաև այս դժգոհությունների օբյեկտիվ հատվածին»,-ասել է ՊԵԿ-ի նախագահը՝ ընդգծելով, որ հայտարարագրման համակարգի փուլային ներդրմամբ, որի ավարտը նախատեսված է 2026 թվականին, ընթանում են այն ուղով, որպեսզի բոլոր եկամտային հարկերը վճարվեն։
12:56 - 23 փետրվարի, 2024
Մեզ հաջողվել է 2023 թվականին արձանագրել 8,7 % տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Մեզ հաջողվել է 2023 թվականին արձանագրել 8,7 % տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: 2021 թվականին նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7% տնտեսական աճ ենք ապահովելու, ինչը շատ հավակնոտ ցուցանիշ է, և կարող եմ ասել, որ 2023 թվականին մեզ հաջողվել է արձանագրել 8,7 % տնտեսական աճ: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրի ղեկավարը հիշեցրեց, որ 2022 թվականին տնտեսական աճի ցուցանիշը 12,6% էր, 2021թ․ նախընտրական տարում` 5,6 %։ Փաշինյանի խոսքով՝ միջինում կատարվել է ավելի քան տարեկան 7% տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որն, ըստ նրա, համապարփակ ցուցանիշ է։ «Այս ցուցանիշը բոլոր ոլորտների վրա ունեցել է կոնկրետ ազդեցություն։ 2023 թվականին մենք ապահովել ենք 2 տրիլիոն 222 մլրդ բյուջետային եկամուտներ։ 2017 թվականին բյուջետային եկամուտների նկատմամբ այս ցուցանիշն ավել է 1 տրիլիոն 64 մլրդ դրամով, այսինքն՝ բյուջեյի աճը կազմել է 92 %»,- մանրամասնեց նա։
11:03 - 23 փետրվարի, 2024
Զոհված զինծառայողների ընտանիքների՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծրագրի համար հատկացվեց եւս 15 մլն դրամ |news.am|

Զոհված զինծառայողների ընտանիքների՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծրագրի համար հատկացվեց եւս 15 մլն դրամ |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 15.250 մլն դրամ  հատկացնել զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով: Նշենք, որ արտամարմնային բեղմնավորման իրականացման համար տրվող փոխհատուցման չափերը հետեւյալն են՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը: Գնահատականներում հաշվի է առնվել, որ ներկայումս ընթացքի մեջ է 5 շահառուների համար փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցման գործընթացը, որոնց հասանելիք ամբողջ գումարի չափը կազմում է 27,5 մլն դրամ: Բացի այդ, մեկ շահառուի համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսը՝ 600 հազ. դրամ պետք է փոխանցվի համապատասխան բժշկական կազմակերպությանը: Միաժամանակ կանխատեսվում է, որ 2024-ի առաջին եռամսյակում փոխնակ մոր ծառայություններից օգտվելու և դոնորական ձվաբջջի ծախսերը շահառուներին մասնակի փոխհատուցելու նպատակով դիմումներ կներկայացվեն ևս 3 շահառուից, որոնց փոխհատուցման գումարը կկազմի՝ 1.650 մլն դրամ: Կանխատեսվում է նաև, որ 10 անձի համար դոնորական ձվաբջջի ծախսերը բժշկական կազմակերպություններին մասնակի փոխհատուցելու նպատակով անհրաժեշտ կլինի 6 մլն դրամ: Արդյունքում, Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում 2024 թվականի առաջին եռամսյակում մասնակի փոխհատուցում հատկացնելու համար անհրաժեշտ գումարը կկազմի ընդամենը՝ 15.250 մլն դրամ:
11:01 - 23 փետրվարի, 2024
Ստվերից դուրս է եկել անշարժ գույքի շուրջ 21 հազար վարձակալության պայմանագիր |civilnet.am|

Ստվերից դուրս է եկել անշարժ գույքի շուրջ 21 հազար վարձակալության պայմանագիր |civilnet.am|

civilnet.am: Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունից հետո ստվերից դուրս է եկել շուրջ 21 հազար անշարժ գույքի վարձակալության պայմանագիր․ կառավարության փետրվարի 23-ի նիստի ընթացքում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ 15 392 քաղաքացի ներկայացրել է վարձակալությանը վերաբերող շուրջ 21 հազար հայտարարագիր։ «Մենք նայել ենք՝ արդյոք այս անձինք համընկնում են նախորդ տարիներին ներկայացրած հայտարարագրերի հետ և 90 տոկոսից ավելին չեն համընկնում։ Այսինքն, մեր օրենքը գործել է և շուրջ 21 հազար ստվերից դուրս եկած վարձակալության հարաբերություններ կան»,- ասել է Բադասյանը։ Ըստ օրենքի փոփոխության՝ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս վարձակալության վճարներից պարտադիր է վճարել եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով։
11:00 - 23 փետրվարի, 2024