ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարության նոր նախագծով առաջարկվում է ՀՀ տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիներին ՀՀ քաղաքացիություն տալ |armenpress.am|

Կառավարության նոր նախագծով առաջարկվում է ՀՀ տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիներին ՀՀ քաղաքացիություն տալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի համաձայն` ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք՝ կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով կտրամադրեն առնվազն 150 հազար դոլար, առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ կներդնեն առնվազն 150 հազար դոլար՝ առնվազն 10 տարի ժամկետով, ձեռք կբերեն պետական պարտատոմսեր առնվազն 150 հազար դոլարի չափով՝ առնվազն 7 տարի ժամկետով, ձեռք կբերեն անշարժ գույք՝ առնվազն 150 հազար դոլարի չափով՝ նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով: Նախագծի համաձայն` ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր որևէ ներդրումային ֆոնդում կներդնեն (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 հազար դոլարին համարժեք գումար՝ առնվազն 10 տարի ժամկետով, կհիմնադրեն 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն Հայաստանում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, կհիմնադրեն 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղ Հայաստանում, որն ունի 500 և ավելի աշխատող ՀՀ-ում, կհիմնեն 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամ, կկատարեն 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում: Այն օտարերկրացիները, ովքեր կունենան Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ, կունենան փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում կանեն ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումներ՝ առնվազն 250 հազար դոլարին համարժեք դրամի չափով: ՀՀ քաղաքացիություն ստանալու համար հիմք կարող է ծառայել նաև գիտական կամ գիտատեխնիկական գործունեության առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, գիտական աստիճան, գյուտի արտոնագիր, կամ գիտության բնագավառում պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ունենալը և վերջին տասը տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարաններում հրապարակված առնվազն հինգ գիտական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ հանդիսանալը, հայկական մշակույթի տարածման և զարգացման գործում նշանակալի ներդրումը, մշակույթի, արվեստի հայ գործիչների կամ կազմակերպությունների հետ տևական ակտիվ համագործակցությունը, հայկական մշակույթի պահպանման գործում նշանակալի մասնակցությունը, հասարակական և բարեգործական գործունեությունը, դիմողի միջազգային ճանաչելիությունն ու հեղինակությունը, որը կարող է կիրառվել ի շահ հայկական մշակույթի միջազգային դիրքի ամրապնդմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև  հայագիտության զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալը, բարերարությունը, տևական ժամանակ հայապահպան գործունեությունը, զգալի ներդրումներ կատարելը, համաշխարհային հեղինակավոր, բարձր վարկանիշավորում ունեցող մրցույթներում, փառատոններում մրցանակային տեղեր զբաղեցնելը, նորարարական-փորձարարական նախագծեր իրականացնելը և էական արդյունքներ գրանցելը, հայապահպանությանը նպաստելը կամ ի շահ Հայաստանի Հանրապետության գործելը: Առողջապահական բնագավառում էլ հիմք կարող է ծառայել `  դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչում ունենալը կամ առողջապահության ոլորտում բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև ունեցած ակնառու այլ ծառայությունների համար պետական շքանշանով կամ մեդալով պարգևատրված լինելը, ռազմական դրության պայմաններում օտարերկրացի բուժաշխատողների կողմից Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը:
17:33 - 15 հոկտեմբերի, 2022
Անհետ կորած զինծառայողի հարազատներին երեկվա գործողություններից հետո հրավիրել էին Կառավարություն՝ առանձնազրույցի |aravot.am|

Անհետ կորած զինծառայողի հարազատներին երեկվա գործողություններից հետո հրավիրել էին Կառավարություն՝ առանձնազրույցի |aravot.am|

aravot.am: Ինչպես հայտնել էինք, Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի բնակիչները երեկ փակել էին Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածքների վրա հարձակման ժամանակ անհետ կորել է նրանց համագյուղացի Թորոսյանների որդին՝ Վահեն։ Մինչեւ հիմա լուր չունեն, բայց հարձակման օրերին կարողացել են իմանալ, որ տղան վիրավոր է։ Ավելին՝ նա ծառայակցին հայտնել է իր գտնվելու կոնկրետ վայրը, սակայն, հարազատների պնդմամբ, ՊՆ-ն քայլեր չի ձեռնարկում։Ընտանիքի անդամներն ու համագյուղացիներն այսօր կառավարության դիմաց էին։ Երեկվա գործողություններից հետո ծնողին հրավիրել էին առանձնազրույցի։ Կառավարությունից դուրս գալուց հետո Վահե Թորոսյանի հայրը՝ Արամ Թորոսյանը լրագրողներին հայտնեց, որ ասել են նույնը, ինչ կրկնում էին մեկ ամիս․ «Քննչական բաժնից ինչ-որ մեկն էր, ասաց, որ հարցով զբաղվում են։ Այդքանը»։ Երեկ հայրը ՊՆ-ում էլ է եղել։ Ասաց, որ նույն բանն են ասել։Վահեի մայրը՝ Եսթեր Թորոսյանն էլ իր հերթին հայտնեց, որ ՊՆ-ում իրենց տրված պատասխանն ավելի կոպիտ ու գռեհիկ էր․ «Ասացին՝ մոտ ապագայում ձեր հարցը կլուծվի․․․դա ե՞րբ է, դա ի՞նչ պատասխան է ծնողին։ Զինվորը վիրավոր մնացել է, իսկ մեզ ասում են մոտ ապագայո՞ւմ։ Անզոր Հայաստանում ենք, էլ ի՞նչ ասեմ։ Ես զենք վերցնեմ ու գնամ կյանքիս գնով երեխուս բերե՞մ։ Մենք էլ ենք փնտրել, անարդյունք, չկա։ Մեր գործը չէր, բայց արել ենք։ Ասում են, թե բանակցում են։ Թող մի օր գան իմ տեղն ապրեն, տեսնեմ՝ կդիմանա՞ն։ Ամոթ իրենց, էլ ասելու բան չունեմ»։
17:50 - 13 հոկտեմբերի, 2022
Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ |news.am|

Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ |news.am|

news.am: Հաշվի առնելով Արցախի եւ ընդհանրապես ամբողջ հայ աշխարհի օրհասական վիճակը, որոշել էինք կոչով դիմել մեր հասարակությանը, այս անգամ ոչ միայն Հադրութից, Քարվաճառից, Քաշաթաղից եւ մնացած շրջաններից տեղահանվածներին, այլ ամբողջ հայությանը, որ դուրս գան իրենց շահերը պաշտպանելու. Ցավոք սրտի, մեր կոչին արձագանքողները շատ քիչ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։ «Մենք արդեն մոտենում են անելանելի վիճակին, դրա համար կոչ ենք անում ժողովրդին դուրս գալ եւ պաշտպանել իր շահերը, քանի որ մեր շահերը ոչ մեկը չի պաշտպանի, բացի մեզանից:»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր երկրում ստեղծված  վիճակի մեղավորը նաև ժողովրդի իներտությունն է: «Դանակը ոսկորին է հասել, բայց ժողովուրդը որևէ քայլ չի անում իր վիճակը փոխելու համար: Հստակ քայլն այն է, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որովհետեւ չեն սպասարկում հայության շահը: Մեր իշխանությունը պայմանագիր կնքեց թշնամու հետ նոյեմբերի 9-ին, որպեսզի իբր կանգնեցնեն նրանց հետագա առաջխաղացումը: Ի՞նչ իմաստ ու ուժ ունի այդ պայմանագիրը, տեսնում ենք բոլորս, ամեն օր մի քիչ ավելի առաջ են գալիս: 2020-ից կսած Ալիեւն ինչ ասում է, անում է, նշանակում է հասնելու է հաջորդ քայլին: Հաջորդ քայլը Հայաստանի հարավի օտարումն է, ճանապարհների տրամադրումը Ադրբեջանին: Փաշինյանն իր բերանով հայտարարում է, որ այդ ճանապարհները սպասարկելու են ոչ հայերը, այլ որեւէ երրորդ երկրի, կոնկրետ ՌԴ-ն»,-ասաց Հայրյանը: «Այս իշխանության հաջորդ հայտարարությունը լինելու է այն, որ մենք չենք կարող անկախ Հայաստանի շահերը պաշտպանել, մենք այդ շքեղությունը չունենք, որ անկախ պետություն պահենք, ու պետք է մտնենք ուրիշ պետության կազմ: Ու քանի որ Թուրքիան խնդրահարույց է, մեր ոխերիմ բարեկամ Ռուսաստանն  էլ հեռու է այս պահին ու թույլ, լավ կլինի մտնենք Ադրբեջանի կազմ, քանի որ Ալիեւը այդպես է ուզում: ՔՊ-ի հաջորդ հայտարարությունը սա է լինելու»: Նա նշեց, որ այսօր իրենց ակցիան ոչ թե կառավարությանն է ուղղված, այլ հայ մարդուն, որպեսզի արձագանքեն երկրի կործանմանը, չնստեն տանը, փողի մասին չտածեն, քանի որ երկիրը կործանվում է։ «Նայեք հադրուցեցու վիճակը, պատկերացրեք ձեր վիճակը: Հադրութեցին տուն չունի, տեղ չունի, պաշտպան չունի, հայրենիք չունի, ընկած է այստեղ փողոցներում։ Դուք էլ եք նույնը վիճակում հայտնվելու։ Սա է մեր ակցիայի իմաստը: Այն խաղաղության պայմանագիրը, որ կառավարությունը հայտարարում է, դա ոչ թե խաղաղության պայմանագիր է ապրելու համար, այլ ասում է՝ ժողովուրդ ջան, եթե պետք է սպանվենք, եկեք խաղաղ սպանվենք, ինչի՞ կռվով սպանվենք: Հայտարարում են՝ դուք պետք է կոտորվեք, ազգը չի պատասխանում: Ձեզ  սպասում  է հադրութեցու ճակատագիրը՝ ինչ-որ մի երկրում անտուն թափառել, քանի որ չենք ուզում մեր պետությունը պահենք, իշխանությունները պետությունը ծախում ենք, մենք սուս ու փուս նայում ենք»- ասաց Լ.Հայրյանը։
15:53 - 13 հոկտեմբերի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեին 761 մլն դրամ հատկացվեց՝ վարձատրության եւ այլ ծախսերի համար
 |news.am|

Հակակոռուպցիոն կոմիտեին 761 մլն դրամ հատկացվեց՝ վարձատրության եւ այլ ծախսերի համար |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում որոշեց 2022-ի պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հատկացնել 761,6 մլն ՀՀ դրամ, որից Կոմիտեի «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և քննություն» միջոցառման իրականացման համար 750,4 մլն դրամ, «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդ»  միջոցառման իրականացման համար 11,2 մլն դրամ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Սահմանվել է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի չափաքանակները կրճատել ՀՀ հատուկ քննչական ծառայության համար նախատեսված ծավալի հետ համադրելի չափով՝ պայմանով, որ տարվա ընթացքում ըստ անհրաժեշտության կքննարկվի անհրաժեշտ ֆինանսավորման հարցը: Միաժամանակ, 2022 թվականի բյուջեի մասին օրենքով առաջնահերթությունների կարգով, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության համար նախատեսվել է 1 269,4 մլն դրամ: Պայմանավորված մրցույթների արդյունքում հաստիքների համալրմամբ, ինչպես նաև մինչև տարեվերջ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ աշխատանքի վարձատրության, էներգետիկ, կոմունալ, արտագերատեսչական, ներքին գործուղումների, վարչական, կառավարչական, մեքենաների և սարքավորումների նորոգման, տրանսպորտային նյութերի և այլ ծախսերի համար անհրաժեշտություն է առաջացել պետական բյուջեի միջոցներից հատկացումներ կատարել Կոմիտեին՝ ըստ համապատասխան ծախսերի:  
12:30 - 13 հոկտեմբերի, 2022
Մենք խնդիր ունենք, որ ՀՀ-ում չլինի առևտրային կետ, որտեղ POS-տերմինալ չլինի. Փաշինյան
 |1lurer.am|

Մենք խնդիր ունենք, որ ՀՀ-ում չլինի առևտրային կետ, որտեղ POS-տերմինալ չլինի. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, անդրադառնալով կենսաթոշակառուների՝ անկանխիկ առևտրի հետվճարման հետ կապված դինամիկային, հայտնեց, որ սեպտեմբերի համեմատությամբ եռապատկվել են ծավալները. արդեն ունենք շուրջ 1 մլրդ 400 մլն անկանխիկ գործարքներ, որոնցից 1 մլրդ 200 մլն-ը՝ ՀՀ տարածքում: «Այսինքն՝ ամփոփելուց հետո 120 մլն դրամ մենք կվերադարձնենք մեր թոշակառուներին և նպաստառուներին»,- տեղեկացրեց Նարեկ Մկրտչյանը: Նախարարն ասաց, որ բոլոր ցուցանիշները 50 տոկոսով աճ են գրանցել և՛ շահառուների թվի մեծացման առումով, և՛ գործարքների, ինչպես նաև միջին հետվճարի թվի առումով:  ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը նշեց, որ POS-տերմինալները, որոնց միջոցով հնարավոր է անկանխիկ գործարք կատարել, բավարար չափով ՀՀ-ում տարածված չեն: «Մենք խնդիր ունենք որ ՀՀ-ում. չլինի առևտրային կետ, որտեղ POS-տերմինալ չլինի, որպեսզի այս ծրագիրն իրականացվի»,- ասաց վարչապետը:
12:08 - 13 հոկտեմբերի, 2022
Կառավարությունը 276 միլիոն 678 հազար դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը

 |armenpress.am|

Կառավարությունը 276 միլիոն 678 հազար դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված բյուջեում կատարեց վերաբաշխում և 276 միլիոն 678 հազար դրամ ուղղեց 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը: Հոկտեմբերի 13-ին հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Նա հիշեցրեց, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիր» վարկային համաձայնագիրը գործում է 2015 թվականից: «Ծրագրի շրջանակներում Հայաստանի պետական բյուջեից համաֆինանսավորմամբ իրականացվում են այն դպրոցների վերակառուցման կամ նոր շենքերի կառուցման աշխատանքները, որոնք ընդգրկված են Հայաստանում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկում: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում սույն թվականին ավարտվում են Երևանի NN 6, 95 և 116,  Օհանավանի, Պտղունքի և Եղեգնաձորի N 1 դպրոցների կառուցման, Երևանի N 18 դպրոցի վերակառուցման, ինչպես նաև «Հերացի» ավագ դպրոցի վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, իսկ 2023 թվականին՝ Երևանի համար 111 և 122 դպրոցների կառուցման աշխատանքները: Ներկայումս անհրաժեշտ է ապահովել նշված դպրոցների համար գույքի ձեռքբերումը»,- նշեց Դումանյանը։ Շինարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։  
12:06 - 13 հոկտեմբերի, 2022
Հոկտեմբերի 28-31-ը կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթաժողով
 |civilnet.am|

Հոկտեմբերի 28-31-ը կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթաժողով |civilnet.am|

civilnet.am:  Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 28-31-ը Երևանում կկազմակերպվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով և դրա կազմակերպմանը կուղղվի 309 միլիոն դրամ։ Հայաստան-Սփյուռք գործակցության վերջին համահայկական համաժողովն անցկացվել է 2017-ին, իսկ 2020-ին հետաձգվել՝ կորոնավիրուսի պատճառով։ Այս տարվա գագաթաժողովին մասնակցելու են 600 անձ, աշխարհի 45 երկրներից։ «Գագաթնաժողովը կունենա 8 պանելային քննարկում, 17 համաժամանակյա նիստ, 2 ազատ ձևաչափով քննարկում, փակման և բացման արարողություններ: Խոսքով հանդես կգան ավելի քան 100 հրավիրյալ բանախոսներ 12 երկրներից: Քննարկվելու են Հայաստանի անվտանգային, արտաքին, ներդրումային քաղաքականություններին, ազգային բրենդին և փափուկ ուժին, Սփյուռքի կրթական, հայապահպանական, ինքնակազմակերպման խնդիրներին, երիտասարդական կառույցների հզորացմանը և ակադեմիական ներուժի ներգրավմանը վերաբերող հարցեր»,- նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։ Գագաթաժողովը կազմակերպվելու է մեկ անձից գնման ընթացակարգով։  
11:30 - 13 հոկտեմբերի, 2022
Կառավարությունը միջոցներ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենում գույքի ձեռքբերման համար
 |1lurer.am|

Կառավարությունը միջոցներ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենում գույքի ձեռքբերման համար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարության որոշմամբ՝ միջոցներ են տրամադրվում Երևանի մետրոպոլիտենի համար գույք ձեռք բերելու նպատակով:  «Առաջարկում ենք 2 հիմնական աշխատանքներ իրականացնել: Մեկը վերաբերում է 14 հզոր օդորակիչներ գնելու գործընթացին: Երևանի մետրոպոլիտենի օդորակիչները տեղադրվել են 80-ականներին, դրանից հետո չեն փոխվել: Հաշվի առնելով մետրոյի ռազմավարական, կենսական կարևոր նշանակությունը՝ հիմա այդ գործընթացն ենք սկսել, որ փոխենք բոլոր կայարաններում: Օդորակիչների տեղադրման նպատակներից է խոնավության մակարդակի փոփոխությունը, որն իր հետ բերում է մյուս ենթակառուցվածքների մաշվածության, եթե համապատասխան խոնավության միջավայրը չի ապահովվում: Բացի նրանից, որ կունենանք անվտանգ ու մաքուր միջավայր, նաև մեկ կետից կառավարման նոր համակարգ է դրվում: Նոր օդորակիչները բավական էներգախնայող են: Այս գնումները 480 միլիոն դրամի են: Մյուս գնումները վերաբերում են սլաքային փոխադրիչներին: Սրանք նույնպես, ըստ պլանի, նախատեսված են յուրաքանչյուր 5 տարին մեկ փոխել, բայց մենք պլանից հետ ենք ընկել: Վերջին անգամ 9 տարի առաջ են փոխվել»: Մոտ 19.4 միլիոն դրամ էլ սրա համար է նախատեսված: Չզեկուցվող հարցերից մեկով էլ 150 միլիոն դրամի գնումներ են իրականացվելու մետրոյի համար՝ սկսած վագոնների պահեստամասերից ու մալուխներից մինչև լուսավորության ցանց և այլն»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
11:29 - 13 հոկտեմբերի, 2022
«Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարությունը կարող է սկսվել 2024-ին
 |civilnet.am|

«Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարությունը կարող է սկսվել 2024-ին |civilnet.am|

civilnet.am: Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ կլինի 2023-ի վերջին, իսկ շինարարությունը կարող է սկսվել 2024-ի ընթացքում։ Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ նախագծման առաջին փուլն ավարտվել է, հոկտեմբերին 545 միլիոն դրամ կհատկացվի այդ փուլի համար։ Առաջին փուլում ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը, որն իրականացնում էր նախագիծը, իրականացրել է երկրաբանական, բնապահպանական ուսումնասիրություններ։ Մետրոյի նոր կայարանի նախագծի արժեքը կազմում է ավելի քան 1,8 միլիարդ դրամ։ «Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագծման մրցույթը մեկնարկել ու ավարտվել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք։ Մինչ «Իմ քայլ»-ը ավագանու խմբակցության կողմից իմպիչմենտի ենթարկվելը, Մարությանը նաև հասցրել էր «Մետրոգիպրոտրանս»-ի ներկայացուցիչների հետ քննարկում անցկացնել ու նրանց փոխանցել նախագծի ստորագրված պայմանագիրը։
11:14 - 13 հոկտեմբերի, 2022
Ատեստավորման համակարգը պետք է ներդրվի ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ԱԱԾ-ում․ վարչապետ

 |armenpress.am|

Ատեստավորման համակարգը պետք է ներդրվի ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ԱԱԾ-ում․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Ատեստավորման համակարգը պետք է ներդրվի ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ազգային անվտանգության ծառայությունում, նաև հանրային ծառայության այլ ոլորտներում։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք որոշում ունենք, որ ատեստավորման համակարգը պետք է ներդնենք ոստիկանությունում՝ ներքին գործերի նախարարության հիմնադրման տրամաբանության մեջ, փրկարար ծառայությունում, ազգային անվտանգության ծառայությունում և առաջին հերթին մեր բոլոր հատուկ ծառայություններում։ Նաև հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում թեմային կանդրադառնանք նաև հանրային ծառայության այլ ոլորտների պարագայում։ Ուրախ եմ, որ նման բանաձև ենք գտել, մնում է, որ բանաձևի կիրարկման գործընթացի ժամանակ այն չվարկաբեկվի։ Սա չափազանց կարևոր է»,- ասաց Փաշինյանը։  
11:10 - 13 հոկտեմբերի, 2022
Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, հրաժարվում ենք եռամսյա հավաքներից. Սուրեն Պապիկյան
 |1lurer.am|

Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, հրաժարվում ենք եռամսյա հավաքներից. Սուրեն Պապիկյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նպատակ կա հրաժարվել եռամսյա հավաքներից, դրանք դարձնել 25-օրյա: Նա տեղեկացրեց, որ կարգը շուտով կլինի, դրա մասին կհայտարարվի: «Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Դա լինելու է ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար»,- ասաց նախարարը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Պետությունն ունի պարտավորություն, և տրամաբանական է դա. բացի մշտական, կանոնավոր ԶՈՒ-ից՝ մենք ունենք պահեստազոր: Պահեստազորը պետք է ժամանակ առ ժամանակ պատրաստվի: Հին համակարգով մենք անում ենք եռամսյա հավաքներ: Ցավոք սրտի, շատ երկար ժամանակ այդ գործը պատշաճ չէր արվել, և մենք դրա հետևանքները տեսանք 2020 թվականի պատերազմի ընթացքում: Խնդիրն այն էր, որ երկար ժամանակ մեր պահեստազորը չէր հրավիրվել: Որոշեցինք իրականացնել եռամսյա հավաքների քաղաքականությունը: Այդ ընթացքում պարզվեց, որ խնդրահարույց է, որովհետև մարդիկ աշխատում են, դրա հետ կապված խնդիրներ են լինում: Որոշեցինք հրավիրել հատկապես այն մարդկանց, ովքեր աշխատանք չունեն: Սա ինչ-որ առումով սոցիալական նշանակություն ուներ, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են: Հետագայում եկանք եզրակացության, որ դա այնքան էլ արդյունավետ չէ, և պետք է հավաքները դարձնել մեկամսյա»: Պապիկյանը հավելեց, որ իրենց ուղղված դիմումների մեջ շատ են նաև կանանց կողմից ուղարկված դիմումները։ «ՊՆ-ն մշակված ծրագիր ունի, որով ՀՀ իգական սեռի քաղաքացիները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն, սա իհարկե ըստ ցանկության է»,- ասաց Պապիկյանը։
11:08 - 13 հոկտեմբերի, 2022
Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կարող է կրկնապատկվել. բանակում կամավոր ատեստավորում է մտնում
 |news.am|

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կարող է կրկնապատկվել. բանակում կամավոր ատեստավորում է մտնում |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթին: Ներկայացնելով փաթեթը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ սրանով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար սահմանել հավելավճար եւ դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով»: Միաժամանակ, նպատակահարմար է համարվել հավելավճարի հաշվարկման նպատակով ատեստավորումն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնող զինծառայողների համար նախատեսել կամավոր հիմունքներով, իսկ օրենքով սահմանված զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների համար՝ պաշտոնի նշանակվելու օրվանից հետո որոշակի ժամանակահատվածում՝ պարտադիր կարգով, ինչպես նաև նույն կարգով իրականացնելով պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայություն ընդունվող, նոր պայմանագիր կնքող և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողների ատեստավորումը: «Ատեստավորման արդյունքում հավելավճար ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեստավորում անցելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան 2 անգամ: Այդ դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ստանալու օրվանից: Բացի այդ, զբաղեցրած պաշտոնում արդեն իսկ հավելավճար ստացող  պյմանագրային զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար»,-ասաց պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ նախագծերի փաթեթի ընդունում համարվում է անհետաձգելի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս նախաձեռնությունը պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է. «Բայց այս դեպքում էլ մենք պետք է արձանագրենք, որ անցել ենք այն նույն ճանապարհով, ինչ ուսուցիչների դեպքում: Հենց օրենքը մտնի ուժի մեջ, կսկսվի կամավոր ատեստավորման գործընթացը: Ատեստավորում անցնելու դեպքում պայմանագրային զինծառայողը կստանա աշխատավարձի կրկնապատկում եւ գուցե ավելին: Այս պրոցեսը կլինի շարունակական»,-ասաց Փաշինյանը:
10:54 - 13 հոկտեմբերի, 2022
Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառը կկարգավորվի․ կառավարությունը առաջարկել է տուգանքներ սահմանել

Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառը կկարգավորվի․ կառավարությունը առաջարկել է տուգանքներ սահմանել

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց որոշում, որով կհստակեցվեն քաղաքներում փողոցային ստեղծագործական ելույթների հետ կապված իրավահարաբերությունները: Ըստ հիմնավորման՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է Երևան քաղաքի և քաղաքային բնակավայրերի բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) ստեղծագործական, մշակութային (երաժշտական, գրական, պարային և այլն) գործունեություն իրականացնողների գործունեությունը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Նշվում է, որ հանրային բացօթյա վայրերում իրականացվող ստեղծագործական, մշակութային գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին: Նշված խնդիրը չի կանոնակարգվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներով, այլ իրավական ակտերով: «Փողոցային ստեղծագործական ելույթների բնագավառի կանոնակարգման բացակայությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ ցանկացած փողոցային ստեղծագործական ելույթ իրականացնող անձ կամ խումբ առանց որևէ սահմանափակումների կարող է իրականացնել գործունեություն, որը կարող է անհարմարություն պատճառել բնակիչներին և զբոսաշրջիկներին, խոչընդոտել քաղաքացու հանգիստն ու ազատ ժամանցը կազմակերպելու իրավունքի իրացմանը, ինչպես նաև խաթարել բազմաբնակարան շենքերի բնակիչների անդորրը»,- ասվում է հիմնավորման մեջ։ Նախատեսված դրույթների ընդունմամբ փողոցային ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում մշակութային գործունեության իրականացման կարգը: «Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում»,- նշված է ՀՀ կառավարության որոշման նախագածում։ Փոփոխությամբ մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել կամ առանց դրանց բռնագրավման»: ՀՀ կառավարության օրենսդրական նախա­ձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Լուսանկարը՝ civilnet.am-ի
10:38 - 13 հոկտեմբերի, 2022
ՀՀ վարչապետը Իզաբել Դյումոնի և Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպմանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը

ՀՀ վարչապետը Իզաբել Դյումոնի և Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպմանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել տիկին Դյումոնի ու պարոն Ռոքֆոյի այցը: Զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սեպտեմբերի 26-ին Փարիզում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Պրահայում կայացած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև կայացած քառակողմ հանդիպման արդյունքների շուրջ: Կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի:  
20:20 - 10 հոկտեմբերի, 2022
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են չորս տասնյակից ավելի պետությունների առաջնորդներ` ԵՄ անդամ, ինչպես նաև ԵՄ գործընկեր երկրների ղեկավարներ: Գագաթնաժողովը կայացել է Պրահայի հին ամրոցում: Մասնակից երկրների ղեկավարներին դիմավորել է Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան: Լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանման արարողությունը: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև անվտանգության թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Պրահայում այսօր տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
18:48 - 06 հոկտեմբերի, 2022