ՀՔԱՎ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը /այսուհետ` ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/ ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության եւ մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժեւորող անհատների:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիմնադրվել է 1998 թվականին որպես ՀՔԱ Հայաստանի կոմիտեի մասնաճյուղ, գրանցվել է 2001 թվականին եւ վերագրանցվել է 2005 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունում: Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Լոռու մարզկենտրոն Վանաձորում: Կազմակերպությունն ունի ներկայացուցչություն Երեւան քաղաքում: Կազմակերպության գործունեության աշխարհագրությունը ընդգրկում է ինչպես Լոռու մարզը, այնպես էլ հանրապետության ողջ տարածքը:

Նոր Սահմանադրությունը պետք է հանդիսանա նոր սոցիալական պայմանագիր պետության և քաղաքացիների միջև. հայտարարություն

Նոր Սահմանադրությունը պետք է հանդիսանա նոր սոցիալական պայմանագիր պետության և քաղաքացիների միջև. հայտարարություն

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ ու անհատ փաստաբաններ հանդես են եկել հայտարարությամբ Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ: Հայտարարությունը` ատորև.   «2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների ապակենտրոն, խաղաղ, ոչ բռնի,  հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում իրականացվեց թավշյա հեղափոխություն և վերջ տրվեց պետության շարունակական զավթմանը: 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք տեղական և միջազգային դիտորդների գնահատմամբ, միջազգային չափանիշներին լիովին համապատասխան, ժողովրդավար, ազատ և արդար էին: Ընտրությունների արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանությունը կրում է քաղաքական պատասխանատվություն՝ վերականգնելու ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրական կարգը և երաշխավորելու հանրապետությունը իշխանության զավթման վտանգից: Չնայած հանրային պահանջին՝ Կառավարությունը ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրության ձևավորմանը ձեռնամուխ եղավ միայն 2020թ. սկզբին, երբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով»: Թեև նոր սահմանադրության նախագծի մշակումը ներկայացվում է որպես մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի հնարավոր ելքերից մեկը միայն, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկզբունքորեն չի կարող լինել գործող սահմանադրության հերթական փոփոխություն, այլ պետք է ավարտվի Նոր Սահմանադրության ընդունմամբ, քանի որ գործող սահմանադրության ընդունման և փոփոխությունների գործընթացը և բովանդակությունը երբևէ չի արտահայտել Հայաստանի քաղաքացիների իրական կամքը, այլ պարտադրվել է՝ սպասարկելով օրվա իշխանությունների քաղաքական շահերը: Մտահոգիչ է սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացի ոչ թափանցիկությունը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ կցկտուր տեղեկություններ են հասանելի հանրությանը, ինչը բացարձակապես չի նպաստում հանձնաժողովի,  գործընթացի և դրա արդյունքում ստեղծվող արդյունքի նկատմամբ վստահության և հանրային իմաստալից մասնակցության ապահովմանը: Նոր սահմանադրության հայեցակարգի՝ որպես ձևակերպված խնդրի բացակայության պայմաններում մասնագիտական հանձնաժողովն ակամա վերածվել է քաղաքական դեբատների և շահերի պաշտպանության փակ հարթակի: Ավելին, հանձնաժողովի կողմից պետական ինստիտուտների վերաբերյալ հատվածային հայեցակարգերի մշակումն՝ ընդհանուր տեսլականի բացակայության պայմաններում անհասկանալի է դարձնում փոփոխությունների հեռահար նպատակն ու դրանց համակարգային միասնությունը: Օրվա իշխանությունների վերարտադրման սահմանադրական մեխանիզմների ներդրման տեղապտույտից դուրս գալու համար պետք է ջանքեր գործադրել նոր սահմանադրության հայեցակարգի մշակման գործընթացը մասնակցային, թափանցիկ և հրապարակային դարձնելու համար․ ստեղծել տեղեկատվության փոխանակման և քննարկման բաց ու հասանելի հարթակ, և նոր անցնել Նոր Սահմանադրության տեսլականը կյանքի կոչելու աշխատանքին: ՀՀ քաղաքացիները պետք է լիիրավ և իմաստային մասնակցություն ունենան երկրի մայր օրենքի մշակմանը, իսկ նրանց քվեն հանդիսանա բովանդակային ընտրություն՝ անկախ օրվա իշխանությունների հանդեպ համակրանքից կամ հակակրանքից: Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժն անմիջական քաղաքական պատասխանատվություն ունի նվազագույն ժամկետներում ապահովելու պետության զավթումը կանխող, իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը երաշխավորող նոր սահմանադրության ընդունումը: Միաժամանակ, առանց նշված արժեքային հիմքերի և մասնակցային գործընթացի ապահովման նոր սահմանադրության ձևավորման դեպքում լուծված չի լինի հեղափոխության հիմնական պատճառի՝ պետության հերթական զավթումը կանխող սահմանադրական երաշխիքների ձևավորման խնդիրը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ ժողովրդավարական և իրավական Հայաստանի սահմանադրության մշակման համար անհրաժեշտ է. վերանայել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վերաբերյալ ՀՀ Վարչապետի որոշումը՝ ամրագրելով Նոր Սահմանադրության նախագծի մշակումը որպես հստակ վերջնանպատակ ախտորոշել գործող սահմանադրության մեջ առկա խնդիրները և մեխանիզմները, որոնք նպաստել են պետության զավթմանը, սահմանադրական կարգի       ոտնահարմանը և դատական իշխանության անկախության խաթարմանը՝ Նոր Սահմանադրությունում դրանք բացառելու և լրացուցիչ երաշխիքներ սահմանելու նպատակով, շարադրել Նոր Սահմանադրության նախագծի արժեքային ուղենիշերը և տեսլականը իշխանությունների տարանջատման ու փոխզսպման, իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության սկզբունքների, աշխարհիկ պետության, խորհրդարանական արդյունավետ վերահսկողության, տեղական ինքնակառավարման և ուղիղ ժողովրդավարության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հիմնարար խնդիրների վերաբերյալ, ապահովել սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացի թափանցիկությունը, հայեցակարգային փաստաթղթերի հրապարակայնությունն ու հասանելիությունը, մասնակցային քննարկման և միջանկյալ որոշումների կայացման հնարավորությունը, երաշխավորել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացումը ողջամիտ սեղմ ժամկետներում՝ 2022 թվականի առաջին կեսից ոչ ուշ՝ Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները Նոր Սահմանադրության պայմաններում և սկզբունքների լույսի ներքո պատշաճ կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Նոր Սահմանադրությունը պետք է հանդիսանա նոր սոցիալական պայմանագիր պետության և քաղաքացիների միջև, հետևապես՝ դրա ընդունման գործընթացը պետք է լինի անխոցելի, իսկ փաստաթուղթը՝ ընդունելի և ենթակա չլինի յուրաքանչյուր նոր քաղաքական ուժի կողմից փոփոխության։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Կարեն Թումանյան, փաստաբան Ռոբերտ Ռևազյան, փաստաբան»
12:28 - 05 սեպտեմբերի, 2020
Ըստ ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակի՝ բանակում մահվան 31 դեպքերից հաղորդվել է 17-ի մասին․ ՊՆ-ի արձագանքը  |civilnet.am|

Ըստ ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակի՝ բանակում մահվան 31 դեպքերից հաղորդվել է 17-ի մասին․ ՊՆ-ի արձագանքը |civilnet.am|

civilnet.am: 2020 թ. առաջին կիսամյակում զինված ուժերում մահացության 31 դեպքից միայն 17-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 14  դեպքերով պաշտոնական հաղորդագրություն չի եղել։ Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ հիմնվելով իր ուսումնասիրությունների վրա։ Ըստ կազմակերպության՝ մահացության 14 դեպքերից 8-ը եղել է առողջական խնդիրների հետևանքով, 2-ը՝ դժբախտ պատահարի, 2-ը՝ ավտովթարի, 2-ը՝ ինքնասպանության։ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած տեղեկությամբ, դրանք համարվել են զինծառայության հետ կապ չունեցող: «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տվյալները հավաքագրել է ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից: Նշված 14 դեպքերից 7-ի մասին հայտնի է դարձել ոչ պաշտոնական աղբյուրներից»։ Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ իրենք արձանագրում են, որ պաշտոնական ձևակերպմամբ (ՀՀ գլխավոր դատախազության դասակարգմամբ)  զինվորական ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։ ՊՆ-ի արձագանքը Պաշտպանության նախարարությունից ասացին, որ նախարարության մարտավարությունն է, որ «եթե դեպքը տեղի չի ունեցել ծառայության ընթացքում և առնչություն չունի դրա հետ, ապա հաղորդագրություն չի հրապարակվում»։ «Եղել է դեպք, երբ զինծառայողն իր տան այգում աշխատելիս դժբախտ պատահարից մահացել է կամ օրինակ վթարի է ենթարկվել հանգստյան օրերին, մենք այդ ամենը չենք հանրայնացնում»,- ասացին ՊՆ-ից։
15:54 - 13 օգոստոսի, 2020
Համերաշխություն Բելառուսին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունից

Համերաշխություն Բելառուսին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունից

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․  փոխել կառավարությունը ԵԱՀԿ չափանիշների վրա հիմնված ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով, խաղաղ ցույցեր և ազատ հավաքներ  իրականացնել իրենց ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության համար և դրանց խախտումների դեմ, չենթարկվել բռնությունների և կամայական ազատազրկումների, ունենալ տեղեկատվության և մամուլի լիակատար ազատություն:  Մենք դատապարտում ենք քաղաքական ընդդիմադիրների և նրանց աջակիցների նկատմամբ նախընտրական հետապնդումները, վաղ քվեարկության ընթացքում և ընտրությունների օրը դիտորդների կողմից արձանագրված խախտումները, այդ թվում՝ դիտորդների կամայական ազատազրկումը և նրանց աշխատանքի խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, հետընտրական ձերբակալությունները, ինչպես նաև ոստիկանության կողմից անհամաչափ և չարդարացված ուժի կիրառումը, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։   Հայաստանի ժողովրդավարությունը և զարգացումը բռնի կերպով կասեցվել են բազմաթիվ կեղծված ընտրություններով։ 2008 թ․ ժողովրդի քվեարկության նմանատիպ կեղծման և հանրային դժգոհության բռնի լռեցման արդյունք էր պետության լայնածավալ զավթումը, անպատժելիության, կոռուպցիայի և մարդու իրավունքների համակարգային խախտումների խորացումը։ Միայն 2018 թ․ տեղի ունեցած հեղափոխության միջոցով Հայաստանի ժողովուրդը կարողացավ վերականգնել արդարությունը, սակայն մինչ օրս՝ երկու տարի անց, դեռ պայքարում է բռնության և կոռուպցիայի մնացորդների դեմ։   Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` մենք ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը, վերականգնելու իրենց արժանապատվությունը, իրավունքներն ու արդարությունը։   Մենք պահանջում ենք Բելառուսի գործող նախագահից.  ապահովել ընտրական գործընթացի անկախ վերանայումը և ձայների վերահաշվարկը, անհապաղ դադարեցնել քաղաքական ընդդիմադիրների և խաղաղ ցուցարարների հետապնդումը, ազատել բոլոր քաղբանտարկյալներին։ —————— Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հանրային լրագրության ակումբ«Խաղաղության Երկխոսություն» ՀԿԳլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն«Իրազեկ քաղաքացիների միավորում»Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»
10:21 - 12 օգոստոսի, 2020
ՀՔԱՎ դիրքորոշումը՝ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՔԱՎ դիրքորոշումը՝ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Կառավարությունը օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել ««Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը նախատեսվում է  լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում` հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։ ՀՔԱՎ-ը ներկայացնում է իր դիրքորոշումը՝ օրենքի նախագծի վերաբերյալ։ Դիրքորոշումը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ լրացում նախատեսող օրենսդրական ակտի ընդունման անհրաժեշտությունը, inter alia (ի թիվս այլնի), բխում  է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ  տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա) 4-րդ հոդվածի  «ը» կետի պահանջից, որի համաձայն՝ «Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, եթե այդպիսի տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա ՝ ը) շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը, օրինակ՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին։ Մերժման (...) հիմքերը ենթակա են սահմանափակ մեկնաբանման՝ հաշվի առնելով այդ տեղեկատվության հրապարակման հարցում հասարակայնության շահագրգռվածությունը[1] և այն, թե արդյոք հարցվող տեղեկատվությունն առնչվում է շրջակա միջավայր կատարվող արտանետումներին»։ Նախագծով նախատեսված կարգավորման իրավաչափությունը գնահատելու համար անհրաժեշտ է որոշել տեղեկատվության ազատության սահմանափակման հիմքի համապատասխանությունը՝ ՀՀ Սահմանադրությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, Օրհուսի կոնվեցիային, ինչպես նաև միջազգային փորձին։ Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ ՄԻԵԿ) 10-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ (...)։ 2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում (...)»։ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: (...) 3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք։  2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով»: Ներկայացված խմբագրությամբ Նախագիծը պարունակում է ոչ իրավաչափ այնպիսի հայեցողության դրսևորման վտանգ, որն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով ամրագրված կարծիքի արտահայտման ազատության բաղադրատարր հանդիսացող տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու ազատության, 51-րդ հոդվածով սահմանված տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներքոնշյալ ներկայացված դիրքորոշումների հետ։ ՀՀ Սահմանադրական դատարանը, թիվ ՍԴՈ-1010 որոշմամբ անդրադառնալով տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության իրավաչափ սահմանափակումների չափորոշիչներին, իրավական դիրքորոշում է արտահայտել, որ, նախևառաջ, այդ ազատության սահմանափակման իրավական հիմքը պետք է բավարարի մատչելիության և կանխատեսելիության որակները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, արձանագրել է, որ խոսքի ազատությունը թեև կազմում է ժողովրդավարական հասարակության էական հիմքերից մեկը, այն ենթակա է մի շարք սահմանափակումների, որոնք պետք է մեկնաբանվեն սահմանափակ և ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը պետք է հիմնավոր կերպով հաստատվի[2]։ Երբ պետական ​​մարմինները ձեռնարկում են այնպիսի քայլեր, որոնք կարող են սահմանափակել խոսքի ազատությունը, նրանց գործողությունները պետք է բավարարեն ստորև ներկայացված երեք պահանջներին, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած անհրաժեշտ է, իսկ բոլորը միասին՝ բավարար սահմանափակման իրավաչափությունը հաստատելու համար։ 1.Իրավունքի սահմանափակման համար անհրաժեշտ է իրավական հիմքի առկայություն, իսկ համապատասխան ազգային օրենսդրությունը պետք է բավարարի մատչելիության և կանխատեսելիության չափանիշներին: 2.Պետության գործողությունները պետք է հետապնդեն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված շահերից առնվազն մեկը։ 3.Պետության գործողությունները պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակության մեջ, որը ենթադրում է, որ իշխանությունների կողմից օգտագործվող միջոցները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակներին։[3] Դատարանը հաստատել է, որ 2-րդ կետում ամրագրված «անհրաժեշտ» եզրույթը ենթադրում է «անհետաձգելի հասարակական պահանջի» (pressing social need) առկայություն[4]։ Դատարանը նաև հաստատված է համարել, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված ազատության պաշտպանության մակարդակը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից (սահմանափակման էությունը, միջամտության աստիճանը և հայցվող տեղեկատվության տեսակը)[5]: Պետական մարմինների կողմից տեղեկատվություն ստանալու և փոխանցելու իրավունքի սահմանափակումը՝ ներառյալ շրջակա միջավայրի հարցերով, պետք է նախատեսված լինի օրենքով և հետապնդի իրավաչափ նպատակ։ Միջամտության միջոցները պետք է լինեն համաչափ՝ հետապնդվող իրավաչափ նպատակին և ապահովեն հանրային և մասնավոր շահերի արդարացի հավասարակշռումը[6]։ Համաչափության և իրավական որոշակիության սկզբունքներն իրենց ամրագրումն են ստացել նաև ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներում։ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»: Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, եթե այդպիսի տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ կետում նշված շահերին[7]։ Այդ շահերը հանդիսանում են բացառություններ ընդհանուր կանոնից, որ տեղեկատվությունը պետք է տրամադրվի հասարակության անդամների պահանջով: Կողմերից պահանջված չէ ներառել այս բացառություններից բոլորը կամ որևէ մեկը Օրհուսի կոնվենցիայի իրականացումը կարգավորող ազգային նորմերում: Գործնականում ազգային օրենսդրությունում Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված բացառությունները կիրառելու իրավիճակը զգալիորեն տարբերվում է կոնվենցիայի տարբեր Կողմերում: Հայաստանը 2008 թ. Կոնվենցիայի կատարման ազգային զեկույցում նշել է, որ իր ազգային օրենսդրությունը չի նախատեսում շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտելու բացառություններ՝ ա), բ), գ) կամ ը) ենթակետերի համաձայն: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանժնաժողովը դրական է գնահատել Հայաստանի օրինակը՝ 3-րդ հոդվածի 5-րդ կետի ոգուն հավատարիմ մնալու համար, որն ակնհայտորեն թույլ է տալիս Կողմերին ստեղծելու ընթացակարգեր, որոնք ապահովում են տեղեկատվության ավելի մեծ հասանելիություն, քան պահանջվում է կոնվենցիայով։ Ամեն դեպքում, նախքան այս կամ այն ​​բացառության կիրառումը, համապատասխան պետական մարմինները յուրաքանչյուր իրավիճակի համար պետք է հիմնավորեն, որ տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա սահմանված հանրային շահերի վրա: «Բացասաբար ազդել» նշանակում է, որ տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա համապատասխան հանրային շահերի վրա: Օգտագործել «ազդել» բառը «կարող է ազդել» ձևակերպման փոխարեն՝ այս պարագայում ենթադրում է ավելի մեծ աստիճանի վստահության անհրաժեշտություն, որ հարցումների բավարարումը բացասական ազդեցություն կունենան, քան Կոնվենցիայի այլ դրույթների դեպքում (օրինակ, 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի դեպքում): Կողմերը կարող են պետական մարմիններին առաջարկել չափանիշներ՝ որոշելու, թե արդյոք տվյալ դեպքում հայցվող տեղեկատվությունը բացասական ազդեցություն կունենա սահմանված հանրային շահերի վրա[8]: Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Կողմերը պարտավոր են հաշվի առնել հանրային շահը (public interest) տեղեկատվության բացահայտման հարցում: «Հանրային շահը տեղեկատվության բացահայտման համար» պայմանը հստակ սահմանված չէ Կոնվենցիայում: Այն Կողմերին իրավունք է տալիս ինքնուրույն որոշելու, թե ինչպես պետք է հաշվի առնել հանրային շահը Կոնվենցիայի սկզբունքներին և նպատակներին համապատասխան: Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի՝ բնապահպանական տեղեկության մատչելիության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության ապահովման մասին Ղեկավար սկզբունքները Կողմերին տալիս են որոշ ուղենիշներ, թե ինչպես հանրային շահը պետք է հաշվի առնել: Նշված Ղեկավար սկզբունքների համաձայն՝ Կողմերին առաջարկվում է հավասարակշռել շահերը՝ սահմանելով, որ «մերժման նշված հիմքերը պետք է մեկնաբանվեն սահմանափակ՝ յուրաքանչյուր դեպքում համեմատելով առավելությունները, որոնք, փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու դեպքում, կարելի է ձեռք բերել հանրային ​​շահի համատեքստում՝ տեղեկատվության չհրապարակման առավելությունների հետ»: Հետևաբար՝ շահերը հաշվի առնելը պահանջում է շահերի ակտիվ հավասարակշռումը[9]: Այն իրավիճակներում, երբ բնապահպանական որոշակի տեղեկատվության բացահայտումը ներկայացնում է հանրային շահ և նախատեսված շահերին համեմատաբար ոչ էական վնաս է հասցվում, Կոնվենցիան պահանջում է տեղեկատվության բացահայտում»[10]: Միացյալ Թագավորության բնապահպանական տեղեկատվության կանոնակարգի (The Environmental Information Regulations) համաձայն՝ պետական մարմինը կարող է մերժել տրամադրել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկությունը, եթե տվյալ հանգամանքներում՝ բացառություն չանելու հանրային շահն ավելի մեծ է, քան տեղեկատվությունը տրամադրելու հանրային շահը: Նշված կանոնակարգը նախատեսում է, որ պետական ​​մարմինը, inter alia, կարող է հրաժարվել տեղեկություններ հրապարակել այնքանով, որքանով, որ դրա բացահայտումը բացասաբար է անդրադառնում (է) շրջակա միջավայրի պաշտպանությանը, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը[11]: Ներկայացված կանոնակարգի համաձայն՝ Միացյալ Թագավորությունը նախատեսել է իրավունքի սահմանափակման երկու պարտադիր պայման՝ 1) եթե տեղեկատվության բացահայտումը բացասաբար է անդրադառում շրջակա միջավայրի պաշտպանությանը, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը և 2) եթե այն չի բխում հանրային շահերից՝ համաձայն «1» (բ) կետի: «Օրհուսի» կոնվենցիայի Յուրաքանչյուր Կողմ պարտավոր է երեք կամ չորս տարին չգերազանցող կանոնավոր ինտերվալներով հրապարակել և տարածել շրջակա միջավայրի վիճակի մասին ազգային զեկույց, ներառյալ տեղեկատվություն շրջակա միջավայրի որակի և շրջակա միջավայրի ծանրաբեռնվածության մասին։ Ներկայացրած հերթական ազգային զեկույցների հիման վրա Կոնվենցիայի իրականացման վիճակի մասին 2017 թ․ պատրաստված ամփոփ զեկույցում ներկայացվում է, որ «Կողմերի կեսը, որոնք իրենց զեկույցները ներկայացրեցին (հիմնականում Կենտրոնական Եվրոպայից), նշում էին յուրաքանչյուր դեպքի առթիվ պաշտոնատար անձանց կողմից «հասարակական շահ» (social interest) թեստի գործածման մասին՝ գերակշռող հանրային շահի առկայության դեպքում սահմանափակ հասանելիությամբ տեղեկատվության տարածումը թույլատրելու համար[12]: Նշենք, որ 2017թ․ ամփոփ զեկույցի համար որևէ տեղեկություն չեն ներկայացրել հետևյալ Կողմերը՝ Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Եվրամիություն, Նիդեռլանդներ, Մոլդովայի Հանրապետություն, Շվեդիա, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն, Հյուսիսային Իռլանդիա և Ուկրաինա[13]: Կարող ենք եզրակացնել, որ առաջարկվող խմբագրությամբ օրենսդրական նախաձեռնությունը բացասաբար կարող է գնահատվել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կողմից, քանի որ նախատեսելով իրավական որոշակիության սկզբունքին չհապատասխանող ձևակերպումներ և հաշվի չառնելով հանրային շահի պարտադիր պահանջը, այն հակասում է Կոնվենցիայի նպատակներին և Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ ձևավորված իրավական պրակտիկային։ ՀՀ Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի 2020 թվականի մայսիսի 8-ի եզրակացության համաձայն՝ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացումը չի համապատասխանում որոշակիության սահմանադրական սկզբունքին։ Համաձայնվելով Նախագծի առնչությամբ պետաիրավական փորձաքննության բաժնի եզրակացության հետ՝ հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով ամրագրված կարգավորումը չի բավարարում Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության, ինչպես նաև օրենսդրության մատչելիության և կանխատեսելիության պահանջների վերաբերյալ Սահմանադրական  դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումներին՝ այն հիմնավորմամբ, որ «կարող է մերժվել» և «կարող է բացասաբար անդրադառնալ» ձևակերպումները բավարար չափով հստակ չեն և գնահատողական հասկացություններ են, իսկ գնահատման չափանիշները նախատեսված չեն Նախագծով: Բացի դրանից՝ Նախագծի 1-ին հոդվածի կարգավորումը տարածական մեկնաբանության տեղիք է տալիս, ինչը հակասում է Օրհուսի կոնվենցիայով նախատեսված այն դրույթին, որ տեղեկատվությունը տրամադրելու մերժման հիմքերը ենթակա են սահմանափակ մեկնաբանման։  Բացի դրանից՝ Նախագծում ամբողջությամբ չի ինկորպորացվում «Օրհուսի» կոնվենցիայի 4-րդ հոդվածի «ը» կետը[14]՝ սահմանելով «կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի վրա» ձևակերպումը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է Նախագիծը համապատասխանեցնել Օրհուսի կոնվենցիայի պահանջներին՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի իրավական պրակտիկան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված նախադեպային իրավունքը։ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Պետական մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հասանելիության մասին» NR(81)19 հանձնարարականի պահանջների համաձայն. «VII. Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում համապատասխան պետական գերատեսչությունը օրենքի կամ պրակտիկայի համաձայն պետք է հիմնավորի մերժման պատճառները»: Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի 3 կետի՝ «Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաև տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով»: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը»։ Թե՛ Նախագիծը և թե՛ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը չեն նախատեսում պատճառաբանված որոշման կայացման պարտականություն, ինչը խնդրահարույց է տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանադրաիրավական ընկալման և պաշտպանության  տեսանկյունից։ Նախագիծը նախատեսում է շրջակա  միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժելու պայման, այն է, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա: Սակայն Նախագծում, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում բացակայում է նշված պայմանի իրավաչափ իրացման երաշխիքը՝ պատճառաբանված և հիմնավորված որոշման կայացման պարտականությունը, ինչը հանգեցնելու է այնպիսի իրավիճակի, որ նման խմբագրությամբ Նախագծի ընդունման դեպքում տեղեկատվություն ստանալու դիմումների մերժումներն ընդամենը պարունակելու են օրենքի համապատասխան հոդվածի հղումը։ Պահանջվող տեղեկատության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվության տնօրինողը պետք է ներկայացնի հայցվող տեղեկատվությունը ստանալու և շրջակա միջավայրի վրա ենթադրյալ բացասական ազդեցության պատճառահետևանքային կապի հիմնավորումը: Ավելին՝ նշված պայմանի սահմանումը ինքնանպատակ չէ, այլ իրենից ենթադրում է այնպիսի իրավիճակներ, որոնց դեպքում անգամ հազվագյուտ տեսակների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել, ինչպիսիք են, դիցուք, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը։ Ուստի՝ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության պատճառաբանումը և հիմնավորումը հանդիսանում են նախապայմաններ՝ մերժման նշված հիմքի ամրագրման համար։ Այսպիսով՝ հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․ «4․ Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել հիմնավորված և պատճառաբանված որոշմամբ, եթե այն բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը, և եթե տեղեկատվության տրամադրման մերժումը գերակայում է տեղեկատվության բացահայտման հարցում հանրային շահի նկատմամբ»։   ————— [1] Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ  տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայում օգտագործվում է «public interest» եզրույթը։ Հաշվի առնելով հայերեն պաշտոնական թարգմանության բացակայությունը և ներպետական օրենսդրությունում օգտագործվող սահմանումները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «հասարակայնության շահագրգռվածություն» բառակապացության փոխարեն սույն փաստաթղթում օգտագործելու է «հանրային շահ» («public interest») եզրույթը։ [2]The Observer and Guardian v. The United Kingdom, ECtHR judgment of 26 November 1991, paragraph 59, Hertel v. Switherland, ECtHR judgment of 25 August 1998, paragraph 46. [3]The Observer and Guardian v. The United Kingdom, ECtHR judgment of 26 November 1991, paragraph 59. [4] Տե՛ս նույն տեղում։ [5] Manual On Human Rights And The Environment, Council of Europe, 2012, էջ 78: [6] Տե՛ս Vides Aizsardzības Klubs v. Latvia, կետ 40։ [7] Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, եթե այդպիսի տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա՝ ա) պետական մարմինների գործունեության գաղտնիության վրա,, եթե այդպիսի գաղտնիություն նախատեսված է ազգային օրենսդրությամբ. բ) միջազգային հարաբերությունների, ազգային պաշտպանության կամ հանրային անվտանգության վրա. գ) արդարադատության իրականացման, անձանց՝ արդար դատական քննության իրավունքի վրա կամ պետական մարմինների՝ քրեական կամ կարգապահական գործերով քննություններ անցկացնելու կարողության վրա. 9 դ) առևտրային և արդյունաբերական տեղեկատվության գաղտնիության վրա՝ այն դեպքերում, եթե նման գաղտնիությունը օրինական տնտեսական շահերի պաշտպանության նպատակով պահպանվում է օրենքով։ Այս շրջանակներում շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող արտանետումների մասին տեղեկատվությունը ենթակա է բացահայտման. ե) մտավոր սեփականության իրավունքի վրա. զ) անձնական տվյալների և/կամ ֆիզիկական անձանց վերաբերող արխիվների գաղտնիության վրա, եթե համապատասխան ֆիզիկական անձը չի տվել համաձայնություն տրամադրել այդպիսի տեղեկատվություն հասարակայնությանը՝ ելնելով ազգային օրենսդրության պահանջներից. է) հարցվող տեղեկատվությունը ներկայացրած երրորդ կողմի շահերի վրա, եթե այդ կողմը չի կրում նման ձևով վարվելու իրավական պարտականություն, կամ եթե այդ կողմի վրա չի կարող դրվել այդպիսի պարտավորություն, և այն դեպքերում, երբ այդ կողմը չի տվել համաձայնություն` հրապարակելու համապատասխան տեղեկատվությունը, կամ ը) շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը, օրինակ՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին։ [8] United Nations Economic Commission For Europe․ The Aarhus Convention An Implementation Guide, Second edition, 2014, p. 86 [9] Տես նույն տեղում, էջ 90: [10] ECE/MP.PP/C.1/2009/2/Add.1, para. 30 (c). [11] The Environmental Information Regulations, 2004, article 12.1 (b) and 12.5 (g). [12] Economic and Social Council․ Synthesis report on the status of implementation of the Convention․ Meeting of the Parties to the Convention on Access to Information, Public Participation in Decision-making and Access to Justice in Environmental Matters, ECE/MP.PP/2017/6, par. 87 [13] Economic and Social Council․ Synthesis report on the status of implementation of the Convention․ Meeting of the Parties to the Convention on Access to Information, Public Participation in Decision-making and Access to Justice in Environmental Matters, ECE/MP.PP/2017/6, par. 12. [14] Convention On Access To Information, Public Participation In Decision-Making And Access To Justice In Environmental Matters, done at Aarhus, Denmark, on 25 June 1998, article 4.3 (h) A request for environmental information may be refused if the disclosure would adversely affect: The environment to which the information relates, such as the breeding sites of rare species.  
09:41 - 21 հուլիսի, 2020
Ես կուզենայի, որ վերանայվեին արդեն խոշորացված համայնքները, որովհետև կան շատ նեղ կուսակցական շահերով ձևավորված համայնքներ․ Վարդինե Գրիգորյան

Ես կուզենայի, որ վերանայվեին արդեն խոշորացված համայնքները, որովհետև կան շատ նեղ կուսակցական շահերով ձևավորված համայնքներ․ Վարդինե Գրիգորյան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի հետ զրուցել ենք համայնքների խոշորացումից առաջ անցկացվող տեղական հանրաքվեների և խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեմայով։ - 2015թ․ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն (ՀՔԱՎ) ահազանգում էր օրենսդրական անհամապատասխանության մասին․ այդ ժամանակ գործող Սահմանադրության 107-րդ հոդվածով սահմանվում  էր, որ համայնքի անդամները կարող են համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծել, իսկ 110-րդ հոդվածով համայնքների խոշորացման ժամանակ իրականացվող տեղական հանրաքվեներին տրվում էր խորհրդատվական բնույթ։ Այսինքն՝ այդ հանրաքվեների արդյունքները պետք է պարտադիր կատարման ո՞ւժ ունենային։ - Վիճելի հարց է՝ բոլոր հանրաքվեներին պե՞տք է պարտադիր ուժ տալ, թե՞ ոչ։ Թերևս կարելի է ընդլայնել տեղական հանրաքվեով լուծելիք հարցերի շրջանակը, որը շատ սահմանափակ է։ Փաստացի, համայնքային նշանակության ամենակարևոր հարցերում համայնքը հնարավորություն չունի ինչ-որ բան ասելու, իսկ տեղական հանրաքվեներն ավելի շատ խորհրդատվական բնույթ ունեն, համարյա ձևական մասնակցություն են ապահովում, չնայած իրենց գործառույթը պետք է լինի շատ ավելի էական։  Այս տեսանկյունից հիմա կարևոր է, որ թեև օրենքը չի պարտադրում, բայց ասում են՝ խոշորացման գործընթացում կարևոր կլինի համայնքի բնակիչների կարծիքը։ - Հնարավոր համարո՞ւմ եք այն սցենարը, որ այդ հանրաքվեների արդյունքներին պարտադիր կատարման ուժ տրվի։ - Չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ այդպես ասելը, բայց հաշվի առնելով նախկին փորձը՝ վստահ չեմ, որ իրականում համայնքի բնակիչներն իրոք հնարավորություն են ունենում ամբողջությամբ գնահատելու բոլոր կողմ և դեմ փաստարկները։ - Ոչ բավարար տեղեկացված լինելու պատճառո՞վ։ - Այո՛։ Համայնքի ղեկավարն ուղղակի չի ցանկանում, որ այդ համայնքը միանա այլ համայնքի, որովհետև ոչ թե ինքն է լինելու համայնքի ղեկավարը, այլ մեկ ուրիշը, կամ տարբեր այլ պատճառներով, որոնք և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ, բայց չեն արտացոլում այն, թե ինչի համար է համայնքը միանում։ Վերջնական արդյունքն արդյոք համայնքների համար դրակա՞ն կլինի, թե ոչ՝ չի երևում անձնական ամբիցիաների պայքարի մեջ։  Եթե համայնքի բնակիչները, ուղղակի աջակցելով իրենց համայնքի ղեկավարին, շարունակում են նույն պնդումները՝ դարձնելով դա նաև իրենց խնդիրը, այս դեպքում ստացվում է, որ փաստացի հրաժարվում են ավելի լավի հնարավորությունից՝ հարմարվելով այն իրավիճակին, որում իրենք են։ Ասել, որ պետք է պարտադիր լինի, ես չէի ուզենա։ Կուզենայի, որ ավելի շատ ընդհանուր հանրային իրազեկվածություն լիներ։  Եթե համոզված լինեինք, որ համայնքի ղեկավարները բարեխիղճ կատարում են իրենց պարտականությունները, ու համայնքը կառավարումից հնարավորինս ստանում է այն օգուտը, որը կարող էր ստանալ, այս դեպքում կասեինք, որ համայնքի կառավարման ձևը, շրջանակը փոխել պետք չէ։ Բայս ես հիշում եմ, որ կային շատ քաղաքական խաղեր․ դպրոցի տնօրենի կուսակցություն փոխելը, որ անպայման հենց այդ համայնքը դառնա շրջկենտրոն և այլն։ Այսինքն՝ տարբեր տեսակի մախինացիաներ, որոնք իրականում հուշում էին, որ անվստահությունն ամբողջական պրոցեսին փաստացի բերում է նրան, որ տեղական առանձին պաշտոնյաներ ամեն կերպ փորձում են հենց իրենց ապահովագրել, և համայնքի օգուտն այս դեպքում, բնականաբար, դառնում է երկրորդական։ - 2015-ի տեղական հանրաքվեների ժամանակ ՀՔԱՎ-ն արձանագրել էր վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր, ավագանու անդամն էր տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվել։ Փաստորեն, այդ հանրաքվեներն ուղեցկվում էին ընտրախախտումներո՞վ։ - 2018-ից առաջ բոլոր ընտրություններն ուղեկցվել են խախտումներով, վարչական ռեսուրսի չարաշահմամբ․ ասում են, որ բացառություն էր 1991 թվականը։  2015-ին մենք այդ խնդիրը տեսանք, որ ավագանու անդամներն էին հանձնաժողովական, և այն ժամանակ օրենքն արգելում էր դա։ Իրենց բերած փաստարկն այն էր, որ կոմպետենտ մարդիկ են համայնքներում, ու նրանց ստիպված են ներգրավել։ Երբ խնդիրը բարձրաձայնեցինք, օրինական դարձրին դա․ 2016-ին ընդունված Ընտրական օրենսգիրքն արդեն սահմանեց, որ ավագանու անդամները կարող են լինել հանձնաժողովի կազմում։ Հարցը միայն ֆորմալ խնդիրը չէր։ Փաստացի, եթե տեղական ինքնակառավարման մարմիններն ուղղակիորեն ներգրավված են ընտրական պրոցեսներում, բնականաբար, մարդիկ ընկալում են, որ կառավարությունը բերել է ինչ-որ բան, որն իրենք պետք է անեն։ Իսկ եթե տեղական ինքնակառավարման մարմինն է դա բերել, եթե ավագանու անդամներն են նստած հանձնաժողովում, բնականաբար, պետք է անել։ Գյուղական համայնքներում դպրոցի տնօրենը կամ մարդիկ, որոնք որոշակի իշխանություն ունեն համայնքի նկատմամբ, փաստացի վերահսկում են ընտրությունները՝ անկախ նրանից՝ իրենք ակտիվորեն ինչ-որ բան անո՞ւմ են դրա համար, թե՞ ուղղակի իրենց ներկայությունն արդեն իսկ պարտադրում է ինչ-որ մի վարքագիծ, որը պետք է լինի պրո-իշխանական։  - Այդ վտանգը հիմա՞ էլ կա։ Օրինակ, ինչ-որ համայնքապետ չի ուզենա, որ իր համայնքը խոշորացվի, համայնքի բնակիչներին կդրդի նախաձեռնել տեղական հանրաքվե և խոշորացմանը «ոչ» ասել։  - Հետաքրքիր է, հնարավոր կլինի՞, որ արդեն միացված համայնքներում նորից փորձեն հանրաքվե իրականացնել և բաժանում անել։ Եթե շատ ամբիցիոզ լինեինք, ես կուզենայի, որ վերանայվեին արդեն խոշորացված համայնքները, կամ գոնե ուղղակի հնարավորություն տային վերանայելու, որովհետև կան շատ նեղ կուսակցական շահերով ձևավորված համայնքներ, որտեղ համայնքապետերը կամ տարբեր մարդիկ իրենց շահերի հիման վրա կարողացել են ապահովել միավորումը, և բնակիչների մոտ անարդարության զգացումը, բնականաբար, գալիս է նաև այդտեղից։  Եթե հասկանալի լիներ իրենց համար, թե ինչու են իրենց համայնքները միավորվում այս կազմով, ինչու է հենց այս համայնքը կենտրոն համարվում, բնականաբար, շատ ավելի լավ կլիներ՝ այս անցումը կատարելու համար, հասկանալու համար, որ իրենք արդեն մի համայնք են։  Այստեղ շատ ավելի կարևոր կլիներ ընտրական համակարգի վերանայումը, որն այդ համայնքներին հնարավորություն կտար ներկայացված լինել և չմտածել, որ իրենց ներկայացվածությունը ավելի նվազ է կամ ոչ նպաստավոր է իրենց համար նոր կարգերի պատճառով։ - Մի քանի օր առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում և «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Առաջարկվում է 4000 և ավելի բնակիչ ունեցող և բազմաբնակավայր համայքներում ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով։ Բազմաբնակավայր համայնքների ավագանու կազմում բոլոր բնակավայրերի ներգրավվածությունն այս դեպքում ինչպե՞ս է ապահովվելու։ - Նախագծի վերաբերյալ մենք մի քանի հայտարարություն ենք արել, որովհետև, մեր կարծիքով, այն շատ թերի է։ Նախագծի հիմնավորման մեջ նշված են նպատակներ, որոնք նախագիծը հետապնդում է, օրինակ՝ ապահովել, որ վերջապես փոխվեն համայնքի ղեկավարները, որոնք 90-ականներից ղեկավարում են, ապահովել, որ համայնքները ներկայացված լինեն, լսելի լինեն, խոշորացված համայնքներն ունենան ավելի ներկայացուցչական ավագանի, լինի քաղաքական պատասխանատվություն։ Այս ամբողջ փնջից քիչ թե շատ մոտը քաղաքական պատասխանատվության մասն է, բայց համայնքների ներկայացվածության և համայնքի ղեկավարներին չվերընտրելու համար մեխանիզմներ չկան։  Եթե մենք խոսում ենք ազատ-արդար ընտրությունների մասին, միայն «Իմ քայլը», որն այս դեպքում ներկայացնում է նախագիծը, կարող է իր համար երաշխավորել, որ ինքը գործող համայնքապետին, որը խնդիրներ ունի օրենքի, լեգիտիմության հետ, չի ներգրավի որպես իր թեկնածու։ Բայց այդ օրենքում համայնքի գործող ղեկավարին ոչինչ չի արգելում իր ներկայիս թիմով առաջադրվել այլ կուսակցության անունից։ Մենք այս մասով առաջարկում էինք նայել ժամկետների սահմանափակման հնարավորությունները։ Իհարկե, դա հետադարձ ուժ չունի, ապագայի համար կլիներ, բայց ամեն դեպքում լավ սկզբունք կլիներ։ Միաժամանակ առաջարկում էինք, որ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգը չգործեր 4000-ից քիչ բնակիչ ունեցող համայնքներում, որովհետև մենք ունենք 660 ընտրող ունեցող համայնք, և այդ համայնքից ակնկալել, որ առաջադրվելու են մեկ կամ ավելի կուսակցություններ՝ 15 հոգանոց ցուցակներով, շատ անիրատեսական է ու շատ պարտադրող։ - Այսինքն՝ եթե նույնիսկ համայնքը բազմաբնակավայր է, բայց ունի 4000-ից պակաս բնակիչ, այնտեղ ավագանու ընտրություններն անցկացվեին մեծամասնական ընտրակարգո՞վ։ - Այո՛։ Եթե 600 հոգանոց համայնք է, 100 հոգանոց փոքր գյուղերի միավորում է, այնտեղ թեկուզ կարելի էր ընտրությունները կատարել տարբեր ձևերով, ասենք՝ ամեն համայնք իր ավագանին ընտրեր, որոնք միավորվեին մի տեղ։ Տարբեր ձևեր կարելի էր մտածել, բայց ոչ համամասնական ընտրակարգը, որովհետև նախատեսված համամասնական ընտրակարգը շատ պարզ է, ոչ մի քվոտա չի նախատեսում։ Մեր առաջարկների մեջ էր նաև քվոտավորումը։ Նախատեսել էինք, որ ամեն կուսակցություն կարող է առաջադրել առնվազն ցուցակի մեկ երրորդի չափով թեկնածուներ։ Ակնկալել, որ 600 հոգանոց համայնքում մի քանի կուսակցություն պետք է կարողանա բերել 15 հոգանոց ցուցակներ ուղղակի գրանցման համար, իրատեսական չէ։ Եթե տվյալ համայնքում ավագանու թիվը 15 է, և մենք թույլատրում ենք, որ կուսակցությունը կարող է գրանցվել 5 թեկնածուով, ու միջակայքը սահմանել 5-ից մինչև 45, փաստացի չենք արգելում նրա մասնակցությունը, որովհետև չի կարողացել այդքան մարդ ներկայացնել։ Մենք առաջարկում էինք, որ կուսակցություններն իրենց ցուցակներում կարողանան ներկայացնել ավելի քիչ թեկնածուներ և պարտավորվեն իրենց ցուցակում ներկայացնել համայնքների (խոշորացված համայնքներում ընդգրկված նախկին համայնքներ- խմբ․) առնվազն 50 տոկոսը։ Պատկերացրեք՝ 10 համայնք է միավորվել մի տեղում։ Եթե մենք ասեինք՝ բոլոր համայնքներից պետք է լինեն թեկնածուներ, էլի կստացվեր՝ կուսակցությանը զրկում ենք մասնակցելու հնարավորությունից։ Բայց եթե ասում ենք՝ առնվազն 50 տոկոս, կա որոշակի շանս, որ տարբեր կուսակցությունների ցուցակների  50 տոկոսները  արդյունքում կապահովեն բոլոր համայնքների ներկայացվածությունը որոշակի համամասնությամբ։  - Ձեր առաջարկում կայի՞ն մեխանիզմներ, որոնցով բնակավայրերից ընդգրկված մարդիկ ցուցակների առաջին համարներում լինեին, որ եթե կուսակցությունը ստանար մանդատներ, այդ մարդիկ ներկայացված լինեին ավագանու կազմում։ - Նախատեսել էինք մեխանիզմ, թե առաջին հնգյակի մեջ ինչպես պետք է բաժանվի։ Նաև նախատեսել էինք, որ եթե տվյալ համայնքի բնակիչն է ինքնաբացարկ հայտնում, ապա ավագանու կազմում ներգրավվում է նույն համայնքի մեկ այլ բնակիչ։ Կար նաև համայնքի ղեկավարի ուղիղ ընտրության առաջարկություն, ինչը դեռ երկար պետք է քննարկվի։ - Բազմաբնակավայր համայնքների համար ո՞րն ավելի ձեռնտու կլինի, որ նրանք ընտրեն ավագանի, ավագանին իր կազմից՝ համայնքապետի՞, թե՞ ավագանուն ընտրեն համամասնական ընտրակարգով, իսկ համայնքապետին՝ ուղիղ, մեծամասնական ընտրակարգով։ - Համայնքի ղեկավարին ուղիղ, մեծամասնականով ընտրելը շատ ավելի լավ կլիներ, որովհետև այստեղ մի քանի հարցեր կան․ նախ, եթե ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով, փաստացի ստացվում է, որ նա հետևում է համայնքի ղեկավարին․ համայնքի ղեկավարը ընտրվում է, և նրա ստացած ձայների շնորհիվ ընտրվում են մնացածը։ Զուտ այս սկզբունքը խանգարում է, որ ավագանին ինքն իրեն ընկալի վերահսկող մարմին։ Եթե ընտրության մեխանիզմն առանձին-առանձին լիներ, համայնքի ղեկավարն ընտրվեր առանձին, ավագանին՝ առանձին, այդ դեպքում իրենք կարող էին իրար բալանսավորել, ու համայնքի ավագանին լիարժեքորեն կարող էր ասել, որ ինքն իրենով ընտրված միավոր է և իրավասություն ունի համայնքի ղեկավարի նկատմամբ։  - Այս դեպքում խնդիր չի՞ առաջանա, որ խոշորացված համայնքում միշտ համայնքապետ կընտրվի այն թեկնածուն, որն ամենաշատ բնակիչ ունեցող բնակավայրն է ներկայացնում։  - Եթե այդպես նայենք, կստացվի, որ երբ ամենաշատ բնակիչներ ունեցող համայնքն ամեն դեպքում որոշի ինչ-որ մի կուսակցության ընտրել, այդ կուսակցությունը կընտրվի, նրա առաջին համարը կունենա ամենաշատ ձայները, և կստացվի, որ ամենամեծ համայնքի ներկայացուցիչն է։  - ՀՔԱՎ-ն այդ օրենսդրական նախաձեռնության մի խնդրի մասին էլ էր բարձրաձայնել։ Օրենքի անցումային դրույթներում ասվում է, որ եթե համայնքում ընտրություններն անցնում են համամասնական ընտրակարգով, և մինչև հաջորդ ընտրությունները բնակչության թիվը սահմանվածից պակասում է, ընտրակարգը չի փոխվում։ Բայց ոչինչ նշված չէ այն դեպքերի համար, երբ բազմաբնակավայր համայնքից մեկ կամ մի քանի բնակավայր դուրս են գալիս մինչև հաջորդ ընտրություններ։ Այս հարցը բա՞ց մնաց օրենքում։ - Այդ մասով պատասխանեցին, որ վարչատարածքային միավորների տրամաբանությամբ ստացվում է, որ եթե մի համայնքը դուրս եկավ, մնացածները դառնում են նոր համայնք, դիտվում են նորովի։ Փաստացի կստացվի, որ այդ պահին նոր համայնք է ձևավորվում։ - Հայաստանում կան խոշորացված համայնքներ, որտեղ, օրինակ, երեք բնակավայր է միավորված։ Եթե մեկը դուրս եկավ, մնաց փոքր թվով բնակիչներ ունեցող երկու բնակավայր, ընտրություններն այնտեղ էլի՞ համամասնական ընտրակարգով կանցկացվեն։ - Այդ երկու համայնքը միասին նոր համայնք են, բնակիչների թիվը 4000-ից ցածր է, սակայն էլի կմնա համամասնական, բայց այն փոքր համայնքում, որ դուրս եկավ, ընտրակարգը կդառնա մեծամասնական։  Եթե մեր մյուս առաջարկն ընդունվեր, որ բազմաբնակավայր համայնքներում համամասնական ընտրակարգ չլիներ, եթե բնակիչները 4000-ից քիչ էին, իմաստ կունենար այս առումով։ Բայց քանի որ նրանք շարունակում են մնալ բազմաբնակավայր, շարունակում են ունենալ համամասնական ընտրակարգ։  Աննա Սահակյան
21:09 - 25 հունիսի, 2020
Կոչ ենք անում իշխանություններին անհապաղ քաղաքական և իրավական գնահատական տալ անցյալի իրավախախտումներին և իրականացնել համակարգային փոփոխություններ. ՀԿ-ների հայտարարությունը

Կոչ ենք անում իշխանություններին անհապաղ քաղաքական և իրավական գնահատական տալ անցյալի իրավախախտումներին և իրականացնել համակարգային փոփոխություններ. ՀԿ-ների հայտարարությունը

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում իշխանություններին Անցյալի խախտումներին անհապաղ տալ քաղաքական գնահատական եւ իրականացնել համակարգային փոփոխություններ: Հայտարարությունում ասվում է. «Քսան տարի շարունակ պետությունը բռնազավթած նախկին իշխանությունների ներկայացուցիչները եւ նրանց աջակիցները վերջին ամիսներին առավել մեծ ակտիվությամբ են համախմբում իրենց ուժերը եւ՛ ներքին, եւ՛ արտաքին բնագավառներում՝ միավորվելով լեգիտիմ, ժողովրդի կամքն արտահայտող ազատ եւ արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանության դեմ։ Համակարգային  կոռուպցիայի, մարդու իրավունքների զանգվածային, շարունակական եւ կոպտագույն խախտումների, անպատժելիության մթնոլորտի օրգանական մաս կազմած նախկին եւ ներկա պաշտոնյաները լծված են հանրության մոտ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների անվանարկմանը, ժողովրդավարության գաղափարի արժեզրկմանը եւ պետության ինքնիշխանության խարխլմանը։ Չնայած քաղաքացիական հասարակության բազմաթիվ կոչերին, այս գործընթացին նպաստող հանգամանք է հանդիսանում գործող իշխանության կողմից հատվածական, կարճաժամկետ վտանգների չեզոքացմանն ուղղված քայլերը։ Արդյունքում, ավելի քան 70% լեգիտիմություն ունեցող իշխանությունը մոտ է իր վստահության քվեն շահած կարեւորագույն պարտավորության չկատարմանը, այն է՝ քաղաքական եւ իրավական գնահատական տալ մինչեւ թավշյա հեղափոխությունը պետության բռնազավթումն   իրականացրած եւ օժանդակած ուժերին, ինչպես նաեւ  անցյալի իրավախախտումներին՝ անցումային արդարադատության մեխանիզմի եւ գործիքակազմի միջոցով։ Պետության բռնազավթման երկարաժամկետ հետեւանքների, ազգային անվտանգությանը, տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը հասցված վնասների վերաբերյալ քաղաքական եւ իրավական գնահատականի բացակայության հետեւանքով նախկին ռեժիմի ներկայացուցիչները ոչ միայն խուսափում են պատասխանատվությունից՝ սահմանադրական կարգի եւ պետության դեմ ուղղված հանցագործությունները կոծկելով եւ հարուցված քրեական գործերը ներկայացնելով որպես քաղաքական հետապնդումներ, այլ նաեւ թաքնվում են «ընդդիմության» անվան  տակ եւ համախմբվելով ցուցադրում են  իշխանության վերազավթման անթաքույց նկրտումներ։ Միաժամանակ, գործող իշխանության տարբեր թեւերում եւ կառույցներում շարունակում են մնալ նախկին ռեժիմի աջակիցներ, եւ համակարգային բարեփոխումներին ուղղված քայլերի աններելի հետաձգումն այս ուժերին հնարավորություն է ընձեռում պետական կառավարման ներսից արժեզրկել, ջլատել ժողովրդավարական եւ իրավական պետության վերականգնմանն  ուղղված բոլոր ջանքերը։ Ի տարբերություն ուժերի այս համախմբման, Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն իր ջանքերն ուղղում է  կարճաժամկետ քայլերի վրա, ամիսներ շարունակ հապաղելով արմատական լուծում տալ ժողովրդավարական եւ իրավական պետության վերականգնման համար այնպիսի հրատապ ու կենսական խնդիրներին, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի շուրջ եւ ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը, ինչը կարող է վերաճել լրջագույն քաղաքական ճգնաժամի։ Սահմանադրական դատարանը բազմաթիվ օրինակներով ցույց է տվել, որ ի զորու է խոչընդոտել արդարադատության իրականացմանը՝ հակասահմանադրական ճանաչելով բոլոր այն իրավական ուղիները, որոնք վտանգ կսպառնան նախկին պաշտոնյաների անձնական կամ սեփականության անձեռնմխելիությանը, քրեաօլիգարխիկ համակարգի հեռացմանը քաղաքականությունից, եւ ուղղված կլինեն դատական համակարգի բարեփոխումներին։ Այսպիսով, հորդորում եւ կոչ ենք անում իշխանություններին ստանձնել նախաձեռնողականությունը անհապաղ քաղաքական եւ իրավական գնահատականներ տալու անցյալի իրավախախտումներին, եւ կարճաժամկետ քայլերից անցում կատարել դեպի ռազմավարական նպատակների իրականացում՝ որպես վերջնանպատակ սահմանելով արդարադատության իրականացումը, իշխանությունների իրական տարանջատման, դատական համակարգի անկախության եւ խորհրդարանական վերահսկողության պատշաճ մեխանիզմների հաստատմանը։ Չնայած գործող իշխանությունների անվճռականության հետեւանքով առաջացած անհամաձայնություններին, այնուամենայնիվ ժողովրդավարությունն անվերապահ նպատակ համարող քաղաքացիական հասարակությունն իր բոլոր ջանքերն  ուղղելու է հեղափոխական գործընթացների շարունակականության ապահովմանը եւ հեղափոխության արժեքների վերջնական հաստատմանը։ Հայտարարությունը բաց է միանալու համար։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
11:35 - 23 հունիսի, 2020
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների սահմանափակումը հետընթաց է աշխատողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից

 |hcav.am|

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների սահմանափակումը հետընթաց է աշխատողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից |hcav.am|

hcav.am: Հայաստանի Հանրապետությունում գործող պետական և մասնավոր կազմակերպություններում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ներկայիս վիճակը տեղիք է տալիս լուրջ մտահոգությունների՝ կապված ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման, ինչպես նաև ներպետական օրենսդրության թերի կարգավորումների հետ։ Այս մասին ՀՔԱՎ-ը նախկինում ևս ահազանգել է, ներկայացրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու, ոլորտը բարելավելու առաջարկներ։ Սակայն պետք է կրկին արձանագրենք, որ մեր արձանագրած խնդիրները դեռևս լուծում չեն ստացել։ ՀՀ-ում գործող Տեսչական մարմինն ունի գործառութային սահմանափակում, ինչը հետընթաց է աշխատողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։   ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանված արտակարգ դրության պայմաններում ևս արձանագրեցինք, որ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը բավականին ցածր մակարդակի վրա է։   Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՔԱՎ-ը լրամշակել է նախկինում ներկայացրած առաջարկները և դրանք ներկայացրել  ՀՀ Ազգային ժողով և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։    Մասնավորապես առաջարկում ենք․   ✅Գործող Տեսչական մարմնի լիազորությունները համապատասխանեցնել ՀՀ-ի կողմից վավերացրած ԱՄԿ կոնվենցիաների և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին՝ Տեսչական մարմնի գործառույթներում ընդգրկելով  աշխատանքային օրվա տևողության, աշխատավարձի, հանգստի, երեխաների աշխատանքին առնչվող դրույթների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։   ✅Ընդունել ըստ ռիսկայնության տնտեսական գործունեության բոլոր տեսակների ստուգման համար անհրաժեշտ ստուգաթերթերը։   ✅Ստեղծել իրավական մեխանիզմներ՝ աշխատավայրում առաջացած դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին գործատուների կողմից Տեսչական մարմնին տեղեկատվության պատշաճ տրամադրումն ապահովելու և չտրամադրելու դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառելու կապակցությամբ, մասնավորապես՝ «Աշխատանքային օրենսգրքի» 260-րդ հոդվածի 2-րդ մասը (Աշխատանքի վայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է անհապաղ հայտնել ապահովագրողին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին) փոփոխել և լրացնել՝ սահմանելով գործատուի կողմից դժբախտ դեպքի և մասնագիտական հիվանդության մասին Տեսչական մարմնին անհապաղ հայտնելու պարտավորություն, իսկ չհայտնելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորություն, համապատասխանաբար՝ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում կատարել փոփոխություն՝ 42.1 հոդվածում (ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ առողջապահական տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը) սահմանելով գործատուի նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը` նշված տեղեկատվությունը չհայտնելու համար։   ✅Ապահովել Տեսչական մարմնի կադրային և նյութատեխնիկական հագեցվածությունը։
11:23 - 10 հունիսի, 2020
ԵԽ Նախարարների կոմիտեն որոշում է հրապարակել «Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով |hcav.am|

ԵԽ Նախարարների կոմիտեն որոշում է հրապարակել «Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով |hcav.am|

hcav.am: ԵԽ Նախարարների կոմիտեն հունիսի 4-ին հրապարակել է որոշում «Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով։ Ավելի վաղ հրապարակվել էին այս գործով ԲՀՀ-Հայաստանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտարկումները և կառավարության պատասխանները։ Դիտարկումները ներկայացվել էին Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 9.2 կանոնով սահմանված կարգով։ Նախարարների կոմիտեն իր որոշմամբ ընդհանուր կատարման ենթակա միջոցառումների շարքում ի թիվս այլոց անդրադարձել է․ սահմանադրական և օրենսդրական փոփոխություններին՝ վատ վերաբերմունքի դեմ պայքարի և նման մեղադրանքների քննության ոլորտում, կոչ է արել իշխանություններին ընդունել օրենքների նախագծերը՝ առանց հետագա հապաղման՝ իրավական դաշտում դրական փոփոխություններ կատարելու համար, և իշխանություններին առաջարկել է տրամադրել տեղեկատվություն՝ ընդունված օրենքների կատարման վերաբերյալ;    տեսաձայնագրման սարքավորումների աստիճանական տեղադրմանը՝ ոստիկանության տարածքում և առաջարկել է իշխանություններին պարզաբանել դրանց օգտագործումը, մասնավորապես՝ արդյո՞ք իրավապահ մարմինները պարտավոր են հարցաքննությունների ընթացքում այդ ձայնագրությունները օգտագործել որպես ապացույց;  Ինչպես նաև․ իշխանություններին խստորեն հորդորել է անել հնարավոր ամեն ինչ՝ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ընդունման և դրա ուժի մեջ մտնելու հետագա հետաձգումներից խուսափելու համար, որպեսզի դատախազության և դատական մարմինների պրակտիկան համապատասխանեցվի կալանքի վերաբերյալ Կոնվենցիայի պահանջներին; ողջունել է բանտերում գերբնակեցվածությունը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները և կոչ արել իշխանություններին շարունակել վճռական միջոցներ ձեռնարկել այս խնդիրը լիովին հաղթահարելու ուղղությամբ. այս համատեքստում  ընդգծել է բանտային վարչակազմի գործողությունների դեմ կիրառվող դատական պաշտպանության միջոցների հստակեցման կարևորությունը և իշխանություններին առաջարկել է տեղեկատվություն տրամադրել բողոքարկման արդյունքների վերաբերյալ; առաջարկել է  իշխանություններին մինչև 2021 թվականի մարտի 31-ը տրամադրել թարմացված տեղեկատվություն բոլոր չլուծված հարցերի վերաբերյալ: 
11:43 - 09 հունիսի, 2020
Ընտրական օրենսգրքում և Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ |hcav.am|

Ընտրական օրենսգրքում և Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ |hcav.am|

hcav.am: ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակվել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագիծը, որն արդեն ընդգրկվել է ԱԺ օրակարգում և քննարկվել մայիսի 26-ին։ Օրենքի նախագծի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր նախնական գնահատականը տվել էր 2019 թ․ դեկտեմբերի 21-ին, երբ նախագիծը տեղադրվել էր edraft.am-ում, ապա՝ հանվել։ Ազգային ժողովում 2020 թ․ մարտի 11-ի քննարկումից հետո նախագծում կատարվել են մի քանի կարևոր փոփոխություններ, սակայն որոշ խնդիրներ դեռ մնում են։  Այսպես՝ անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ լայն քննարկում ծավալել քաղաքացիական նախաձեռնությունների (գոնե՝ նախաձեռնությունից կուսակցություն անցումային փուլում գտնվող) առաջադրման հնարավորության վերաբերյալ, ինչի մասին առաջարկություն ներկայացրել են ոչ միայն Վենետիկի հանձնաժողովը, այլև տեղական մի շարք ՀԿ-ներ և նախաձեռնություններ։ Նախարարությունն առաջարկում է 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում, ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ ԱԺ քննարկման ընթացքում բարձրաձայնվեց, որ կան նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված կամ այլ փոքր համայնքներ, որոնք միավորված են, սակայն բավարար չեն նրանց մասնակցությունը կուսակցական ներկայացուցչությամբ ապահովելու համար։ Մինչև 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում խնդիր է առաջանում նաև յուրաքանչյուր ընտրական ցուցակում բավարար թվով, նվազագույնը՝ 15 թեկնածու ընդգրկելու հետ կապված (նախագծի հոդված 26-ի 2-րդ կետում առաջարկվող 130-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Նաև սահմանված չեն բազմաբնակավայր համայնքների բոլոր բնակավայրերից ներկայացվածության երաշխիքները։ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունների հայեցակարգով նախատեսվում է ֆինանսական հոսքերի, այդ թվում՝ նախընտրական քարոզչության ծախսերի վերահսկողությունը պատվիրակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ ՏԿԵ նախարարությունը նախորդ նախագծով այդ գործառույթը վերապահել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը և բազմապատկել աշխատանքի ծավալը՝ ի լրումն համամասնական ընտրակարգի անցնող բոլոր համայնքների, որոնց թիվը, ներկայիս վարչատարածքային բաժանումների թիվը և 2018 թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակահատվածում ընտրողների կազմը հաշվի առնելով, հասնում է 8 տասնյակի։ Այս գործառույթի իրականացման նպատակով նախարարությունն առաջարկում էր համամասնական բոլոր ընտրություններում հնարավորություն ընձեռել վերոնշյալ ծառայությանը մինչև 1 ամիս ժամկետով և մինչև 5 աշխատակցով ընդլայնել իր կազմը։ E-draftում տեղադրված նախագիծը և ԱԺ կայքէջում ներկայացված նախագիծը ընդհանրապես չեն նախատեսում կուսակցությունների ֆինանսավորման և նախընտրական քարոզչության ծախսերի վերահսկողության որևէ կարգավորում, ինչն արդեն իսկ նշանակում է, որ մինչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից այս գործառույթի ստանձնումը՝ այն պետք է իրականացվի ԿԸՀ վերստուգիչ-վերահսկիչ ծառայության կողմից՝ այսինքն սահմանափակ իրավասություններ ունեցող կառույցը շարունակելու է իր ոչ արդյունավետ գործունեությունը՝ չունենալով անհրաժեշտ ծավալի մարդկային և ֆինանսական ռեսուրսներ։ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների անունները «համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի» բառերով մեխանիկական փոխարինումը ստեղծում է իրավիճակ, երբ ԿԸՀ-ն գրեթե ամբողջությամբ կորցնում է ընտրական հանձնաժողովների՝ Ընտրական օրենսգրքին հակասող որոշումները վերացնելու, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ ճանաչելու լիազորությունները (խոսքը օրենքի հոդված 51, մաս 2, կետ 8-ում փոփոխության մասին է)։ Եվ սա այն պարագայում, երբ Տարածքային ընտրական հանձնաժողովների մասնագիտական կարողությունների, մարդկային ռեսուրսների և տեխնիկական հագեցվածության անբավարար մակարդակը տեսանելի է արդեն այսօր և ընդունվում է նույնիսկ այդ հանձնաժողովների անդամների կողմից։ Թեև նոր նախագիծը, ի տարբերություն նախորդի, առաջարկում է սեռերի 70/30 համամասնություն ընտրական ցուցակներում, սակայն չի ապահովում ընտրվող խմբակցություններում այդ համամասնությունը երաշխավորող մեխանիզմներ։ Այս խնդիրը բարձրաձայնվել է ԱԺ քննարկման ժամանակ, սակայն մնացել է չլուծված: Նախագծով առաջարկվում էր իջեցնել ընտրական շեմը և վերացնել 40%-ից բարձր քվե ստացած ուժին տրվող բոնուսը, ինչը դրական էր, և ստեղծվում էր կոալիցիաների ձևավորման հնարավորություն, սակայն տրվում էր կոալիցիայի ձևավորման անհարկի սահմանափակում մինչև 3 քաղաքական խմբակցության կողմից։ Այս սահմանափակումը քննադատվեց ԱԺ քննարկման ժամանակ և այժմ նախագծից փաստացի ամբողջությամբ հանվել է կոալիցիաների ձևավորման դրույթը, և նախատեսվել, որ եթե որևէ ուժ չի ստանում մանդատների 50%-ից ավելին, համայնքի ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, թեև նախընտրելի է բաց քվեարկությունը։ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ առաջարկելով՝ նախարարությունը կրկին առաջարկում է պահպանել երկու անգամ անընդմեջ համապետական կամ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններին չմասնակցելու դեպքում կուսակցության գործունեության կասեցման պահանջը (ԿՄՕ Հոդված 32)։ Այս հիմքով կուսակցության գործունեության կասեցման հնարավորությունը ՀՀ Սահմանադրական դատարանի 2006 թ․ դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-669 որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական և հստակ է, որ պետք է անվավեր ճանաչվի, սակայն նույնիսկ նման որոշման բացակայության դեպքում անհասկանալի է նախագիծ ներկայացնողի դիրքորոշումը, որ երկու ՏԻՄ ընտրությունների (որոնք փաստացի կարող են տեղի ունենալ 3-4 ամիսների ընթացքում) չմասնակցելը պետք է հանգեցնի կուսակցության գործունեության կասեցմանը։ Ավելին՝ կուսակցության որպես միավորման գործունեության խթանման համար անհրաժեշտ է նման անհիմն պատժիչ սանկցիաների փոխարեն նախատեսել ՏԻՄ մակարդակում ընտրությունների մասնակցության և բավարար չափով քվեների ստացման դեպքում կուսակցության ֆինանսավորում, ինչը կշահագրգռի կուսակցություններին ներկայացված լինել տեղական մակարդակում և զարգացնել տեղական կուսակցական միավորները։  Ավելին, առանց այս ֆինանսավորման նախատեսման խնդրահարույց կարող է լինել առնվազն 3 ուժի ներկայացվածության ապահովման պահանջի իրականացումը, քանի որ այդքան կուսակցություն կարող են ուղղակի չունենալ այս կամ այն համայնքում ընտրությունների մասնակցության ռեսուրս։ Քննարկման ընթացքում մտահոգություն հայտնվեց, որ երբեմն ՏԻՄ ընտրությունները նշանակվում, այնուհետև չեղարկվում են մարզպետի կողմից, թեև մարզպետը լիազորություն չունի չեղարկելու ընտրությունները: Դրական է, որ դիտարկումը հաշվի առնելով՝ նախագծում ավելացվել է, որ համայնքի ընտրությունների վերաբերյալ մարզպետի որոշումը 70 օր առաջ է հրապարակվում և չի կարող փոխվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։ Քննարկման արդյունքում վերանայվել է ևս մեկ կետ: Նախորդ տարբերակում, առաջարկվում էր համայնքի ղեկավարի կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել, եթե մյուսի պաշտոնավարման ժամկետը լրացել է, և նոր ընտրությունները պետք է կազմակերպվեն համամասնական ընտրակարգով: Արդյունքում տեղի կունենա դեռևս պաշտոնավարող ավագանու կամ համայնքի ղեկավարի սահմանադրական իրավունքների խախտում: Փոփոխված նախագիծը նախատեսում է, որ ավագանու՝ ավելի վաղ ընտրությունների դեպքում համայնքի ղեկավարը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը, իսկ ավելի ուշ ընտրությունների դեպքում պաշտոնավարումը շարունակում է որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև ավագանու ընտրությունների անցկացումը։Սակայն այս դեպքում անհասկանալի է մնում այն համայնքապետի պաշտոնավարման ժամկետը, ով ավագանու կողմից ընտրվում է ուղղակի ընտրությամբ ընտրված համայնքի ղեկավարի լիազորությունների դարդարելուց հետո։ Ըստ այդմ անհրաժեշտ է համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցման հիմքերում ներառել ավագանու ժամկետի լրանալը։ Նախագիծը հստակեցնում է, որ համամասնական ընտրակարգի անցած համայնքում ընտրությունները չեն կազմակերպվում մեծամասնական ընտրակարգով, եթե համայնքի բնակիչների թիվը նվազել է սահմանվածից։ Այնուամենայնիվ կարևոր է հստակեցնել, թե արդյոք ընտրակարգը պահպանվում է, եթե օրինակ՝ բազմաբնակավայր համայնքի մեկ կամ մի քանի համայնքներ դուրս են գալիս կազմից, թե՝ կրկին սահմանվում է նոր ընտրակարգ՝ ըստ նոր իրավիճակի։ Նախագծում կարևոր լրացում է կատարվել, համաձայն որի՝ 2023 թ. հունվարի 1-ից տեղական ինքնակառավարման բնագավառի պետական լիազոր մարմինն իր պաշտոնական համացանցային կայքէջում վարում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետների վերաբերյալ շտեմարան: Հնարավորության դեպքում այս շտեմարանի հրապարակումը մինչև 2021 թ․ ավելի նպատակահարմար կլիներ, քանի որ բավարար ժամանակ կտար 2021 թ․-ի լայնածավալ ընտրությունների ժամկետները հստակեցնելու համար։ Տարբեր ձևաչափերով քննարկված, բայց այդպես էլ առանց կարգավորման է մնում համայնքի ղեկավարների ժամկետի սահմանափակման հարցը։ Գործող համայնքապետերը շարունակում են առաջադրվել՝ առանց մրցակցության կամ ձևական մրցակցության պայմաններում։ Անհրաժեշտ է սահմանել, որ միևնույն անձը, չի կարող 2 անգամից ավել ընտրվել համայնքի ղեկավար։ Սա կարող է իրականացվել թե անուղղակի ընտրությունների, թե ուղղակի ընտրությունների միջոցով։ Անհրաժեշտ է քննարկել նաև բոլոր համայնքներում համայնքի ղեկավարի ուղիղ ընտրության հնարավորության ապահովումը։ Ուղիղ ընտրությունը կարևոր է նաև համայնքի ավագանու անկախության տեսանկյունից, երբ ավագանին և համայնքի ղեկավարն ընտրվում են իրարից անկախ։ Այս նախագիծը նաև առիթ է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և նախատեսելու համար, երբ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակահատվածում ՏԻՄ ընտրությունների հետաձգումը/արգելքը կարող է սահմանվել Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ, իսկ անցկացման դեպքում նախատեսել արտակարգ դրության պայմաններում ընտրությունների կազմակերպման համար լրացուցիչ միջոցառումներ։ Միայն նման միջոցառումների ապահովման դեպքում հնարավոր կլինի  կազմակերպել 2020 թ. աշնանը նախատեսվող ՏԻՄ ընտրությունները՝ կախված համաճարակային իրավիճակից:
14:11 - 27 մայիսի, 2020
ՀՔԱՎ-ի հրապարակումից հետո ՊՆ-ի կողմից լրացուցիչ միջոցառումներ են կազմակերպվել

ՀՔԱՎ-ի հրապարակումից հետո ՊՆ-ի կողմից լրացուցիչ միջոցառումներ են կազմակերպվել

2020 թվականի ապրիլի 23-ին Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը  ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ երկրում առկա իրավիճակի պատճառով և կառավարության որոշմամբ՝  պարտադիր զինվորական ծառայության զորակոչը կիրականացվի 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ։ Վերջինս նաև հայտնել էր, որ զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից։ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ կիրականացվեն COVID-19 տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումներ, իսկ զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով։ 2020 թ․ ապրիլի 9-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյանկի» հարցմանն ի պատասխան  ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Ա․ Սարգսյանը հայտնել էր, որ մարտի 1-ից դադարեցվել են ինչպես ՀՀ ՊՆ տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքները։ Արգելվել է  նաև հոսպիտալների կողմից քաղաքացիների սպասարկումը, բայց պայմանավորվածություն կա տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական հասատությունների հետ՝ օրվա հնարավոր թողունակությանը համապատասխան՝ ապրիլի 1-ից զորակոչիկների բժշկական զննությունն իրականացնելու համար։ՀՔԱՎ-ի հրապարակման մեջ նշվում էր, որ զորակոչիկների բուժզննման աշխատանքները կատարվում են հակահամաճարակային կոնոնների խախտմամբ՝ զորակոչիկներին բուժզննության են կանչում մեծ խմբերով, շատ փոքր տարածքում մի քանի տասնյակ զորակոչիկների են հավաքում։ Բացի այդ, ըստ ՀՔԱՎ-ի ստացած ահազանգերի՝ չի պահպանվում նաև անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը․ նույն բժշկական սենյակ մտնում են միաժամանակ երեք զորակոչիկներ՝ տարբեր բժիշկների մոտ։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը infocom.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՔԱՎ հրապարակումից հետո լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել։  «Անձամբ զինկոմը զգուշացվել է և տրվել են ցուցումներ, որպեսզի խստիվ պահպանեն հակահամաճարակային բոլոր կանոնները։ Պաշտպանության նախարարությունը այս առիթով ահազանգեր չի ստացել»,- եզրափակեց Ստեփանյանը։  Անդրադառնալով զորակոչիկների  անձնական  տվյալների պահպանման խնդրին՝ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ բժշկական սենյակում բուժզննումը կատարվում է առանձին։  Վերջինս կրկին շեշտեց, որ ՀՔԱՎ հրապարակումից հետո բոլոր կետերի վերաբերյալ լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել։  Ասպրամ Փարսադանյան
12:38 - 15 մայիսի, 2020
Արտյոմ Ղարաջյանի հանդեպ ՌԴ-ը թույլ է տվել դաժան և անմարդկային վերաբերմունք, որի հետևանքով նա մահացել է. փաստաբանը բողոք է ներկայացրել |hcav.am|

Արտյոմ Ղարաջյանի հանդեպ ՌԴ-ը թույլ է տվել դաժան և անմարդկային վերաբերմունք, որի հետևանքով նա մահացել է. փաստաբանը բողոք է ներկայացրել |hcav.am|

hcav.am: 2019 թվականի դեկտեմբերի 3-ին ՌԴ-ի քրեակատարողական հիմնարկներից մեկում մահացել էր հայազգի դատապարտյալ, 27-ամյա Արտյոմ Ղարաջյանը: Նրա դին հատնաբերվել էր քրեակատարողական հիմնարկի բժշկական մասում:  Մահվան փաստով նախապատրաստել էին նյութեր, սակայն քրեական գործ այդպես էլ չէր հարուցվել: 2020 թ. հունվարի 9-ին քննիչը  կայացրել է որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:  Հարկ է նշել, որ Արտյոմ Ղարաջյանի դիակի վրա հայտնաբերվել են մի շարք մարմնական վնասվածքներ: Արդյունքում՝ քննիչը եզրահանգել է, որ որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար օբյեկտիվ ապացույցներ չեն հայտնաբերվել:  2019 թ. դեկտեմբերի 31-ին իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Արտյոմ Ղարաջյանի մահը վրա է հասել սուր սրտային անբավարարության հետևանքով, ինչը նշանակում է, որ դատապարտյալի պահման պայմանները կարող էին էական ազդեցություն ունենալ առողջական այս խնդիրը ձեռք բերելու հարցում, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության մեջ նշված չէ, որ սրտային անբավարարությունը համարվում է քրոնիկ բնույթի հիվանդություն: Արտյոմ  Ղարաջյանի հայրը՝ Սոկրատ Ղարաջյանը, դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ իրավական աջակցության նպատակով: ՀՔԱՎ-ը, փաստաբան Կարեն Թումանյանի ներգրավմամբ, ստանձնել է մահացած դատապարտյալի իրավահաջորդի շահերի պաշտպանությունը: Կ. Թումանյանը գրավոր բողոք է ներկայացրել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ քննիչի 2020 թվականի հունվարի 9-ի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ:  Կ. Թումանյանը ՌԴ գլխավոր դատախազին ուղղված բողոքով վիճարկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված Արտյոմ Ղարաջյանի կյանքի իրավունքի պաշտպանությունը, մահվան հանգամանքները պատշաճ քննության չառնելը, ինչպես նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքը՝ Արտյոմ Ղարաջյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, նրան պատշաճ  բուժօգնություն չցուցաբերելու ու մինչև մահը նրան հասցված բռնությունների հանգամանքները պատշաճ չքննելը:
12:09 - 11 մայիսի, 2020
Անդառնալի վնասի վտանգը շարունակում է մնալ չափազանց մեծ ու իրական. ՀՔԱՎ –ը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող զինծառայող Արա Ղազարյանի գործով |hcav.am|

Անդառնալի վնասի վտանգը շարունակում է մնալ չափազանց մեծ ու իրական. ՀՔԱՎ –ը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանում կալանքի տակ գտնվող զինծառայող Արա Ղազարյանի գործով |hcav.am|

hcav.am: 2019 թ. օգոստոսից Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Արա Ղազարյանի մայրը՝ Կարինե Մնացականյանը, մինչ օրս որևէ տեղեկություն չունի որդու գտնվելու վայրի ու կալանքի տակ պահելու հիմքերի և պայմանների վերաբերյալ: Ավելին՝ ունենալով Ադրբեջանում հայերի հանդեպ վատ վերաբերմունքի դառը փորձը, նա ուղղակի սպառնալիք է տեսնում որդու ֆիզիկական անվտանգությանը՝ կասկածի տակ առնելով նրա գործով Ադրբեջանում պատշաճ դատաքննության  անցկացումն ու ազատ արձակումը:  Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ վերջին անգամ Արա Ղազարյանին Հայաստանի տարածքում տեսել են 2019 թ. օգոստոսի 12-ին: Ենթադրվում է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, նա մոլորվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի մոտակայքում, ուր սահմանագիծը շատ անորոշ է, սխալմամբ անցել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածք և ձերբակալվել ադրբեջանցիների կողմից:  Առկա տեղեկությունների համաձայն` 2019 թ. օգոստոսի 12-ին՝ ձերբակալվելուց ի վեր,  Արա Ղազարյանը Ադրբեջանի իշխանությունների հրամանով կամ գաղտնի համաձայնությամբ Ադրբեջանի տարածքում պահվում է կալանքի տակ՝ առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության: Այդ օրվանից նա ընտանիքի հետը կապը պահում է միայն Կարմիր խաչի միջոցով փոխանցվող նամակներով: Նրա գտնվելու վայրի և կալանքի պայմանների մասին ստույգ տեղեկություններ չկան: Ադրբեջանական գերության մեջ ուղղակի սպառնալիքի տակ հայտնված որդու անվտանգությամբ մտահոգ Կարինե Մնացականյանը 2020 թ. փետրվարի 17-ին դիմել է ՀՔԱՎ գրասենյակ: Գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատավարական կանոնակարգի թիվ 39 կանոնով (հրատապ) նախատեսված ժամանակավոր (միջանկյալ) միջոցներ ձեռնարկելու  նպատակով:  Դիմումի հրատապությունը ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանները հիմնավորել են մի շարք հանգամանքներով: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, այն, որ Ա. Ղազարյանը ձերբակալվել է հայկական զինվորական համազգեստով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում կամ մոտակայքում, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ կալանավորների հանդեպ դրսևորած դաժան վերաբերմունքի նախադեպերը` զինծառայողի մայրն իր անհանգստությունն է հայտնել այն մասին, որ ձերբակալման պահից ի վեր իր որդին անդառնալի ծանր վնասի ենթարկվելու իրական վտանգի առաջ է` Կոնվեցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման առումով:         Այսպես՝ օգոստոսի 12-ին Youtube.com կայքում տեղադրվել էր տեսանյութ, ուր Արա Ղազարյանը ցուցադրում էր իր մարմնական վնասածքները՝ ձեռքի վրայի այրվածքանման վնասվածքը, որն ամենայն հավանականությամբ առաջացել է ծխախոտը ձեռքի մատի վրա հանգցնելու պատճառով, գլխի շրջանում առկա հեմատոման և ոտքերի վրայի բազմաթիվ քերծվածքներն ու վերքերը: Բացի սրանից՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումի մեջ ՀՔԱՎ փաստաբանները  հիշատակել են Ադրբեջանում վատ վերաբերմունքի այլ դեպքեր ևս, մասնավորապես՝  2014 թ. մայիսի 20-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ հատվածում մոլորված 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հիվանդանոցում մահացել էր՝ ադրբեջանական գերության ժամանակ ստացած վնասվածքներից: 2014թ. հունվարին ձերբակալված ու նույն թվականի մարտին ազատ արձակված Խոջոյանը, թեև անմիջապես հիվանդանոց էր տեղափոխվել, գերության ողջ ընթացքում ստացած մահացու վնասվածքների մասին որևէ տեղեկություն այդպես էլ չհրապարակվեց մինչ նրա մահը՝ 2014 թ. մայիսի 20-ը: Ո´չ զինծառայողի  մայրը, ո´չ էլ ընտանիքի անդամները, Արա Ղազարյանի հետ անմիջական շփում չունեն: Նրա գտնվելու վայրի մասին միակ տեղեկությունները, նրա գրած և Կարմիր խաչի ադրբեջանական գրասենյակի միջոցով ընտանիքին փոխանցված նամակներն են: Վերջին նամակն ստացվել է 2020 թ. փետրվարի 20-ին: Այդ  նամակներից և ոչ մեկն այդպես էլ լույս չի սփռում Ղազարյանի գտնվելու վայրի կամ առողջական վիճակի մասին: ՄԻԵԴ-ին ուղղված դիմումում հիմնավորվել է կյանքի իրավունքի խախտման, խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի իրական վտանգի հանգամանքների սպառնալիքը։   ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանները Մնացականյանի անունից խնդրել են դատարանի համապատասխան բաժնի կամ պալատի նախագահին կամ հերթապահ դատավորին Ադրբեջանի կառավարությանը ներկայացնել հրատապ միջոցառումներ իրականացնելու պահանջ։ Դատարանը կայացրել է Միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշում:  Ըստ այդմ՝ թիվ 15434/20 «Մնացականյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2020 թ. ապրիլի 2-ին Դատարանը ցուցում է տվել Ադրբեջանի կառավարությանը՝ 39-րդ կանոնի համաձայն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու դիմումատուի որդու՝ Արա Ղազարյանի կյանքն ու ֆիզիկական անձեռնմխելիությունը։ Դատարանը ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանների դիմումին որոշել է նաև առաջնահերթություն տալ՝ համաձայն Կանոն 41-ի և հայցել Ադրբեջանի կառավարությունից մի շարք  տեղեկությունների տրամադրումը՝ համաձայն Կանոն 54 §2(a)-ի, Կ. Մնացականյանի շահերի պաշտպաններին էլ՝ մինչև ապրիլի 30-ը  տրամադրել ժամանակ՝ գանգատ ներկայացնելու, ինչը և արվել է:   ՄԻԵԴ-ը հայցվող բոլոր փաստաթղթերն անգլերեն թարգմանությամբ ներկայացնելու համար Ադրբեջանի կառավարությանը մինչև 2020 թ. մայիսի 14-ը ժամկետ է տրամադրել: 
15:00 - 09 մայիսի, 2020
Քաղհասարակության ներկայացուցիչները դատապարտում են խորհրդարանում տեղի ունեցած բռնությունները

Քաղհասարակության ներկայացուցիչները դատապարտում են խորհրդարանում տեղի ունեցած բռնությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Սակայն այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը մի քանի անգամ ընդհատելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բռնություն գործադրեց նրա նկատմամբ, որից հետո խորհրդարանի դահլիճում սկսվեց խառը ծեծկռտուք: Խորհրդարանական արժանապատիվ, քաղաքակիրթ մշակույթը, դեռ չկայացած, այսպիսով ծանր հարված ստացավ: Հաստատվեց, որ պետության զավթման ժամանակաշրջանում ձևավորված խորհրդարանական քրեական հակամշակույթին բնորոշ խայտառակ ավանդույթները  ոչ միայն վերացված չեն, այլև շարունակվում են: Ափսոսանքով ենք  արձանագրում, որ եթե նոր խորհրդարանը խիզախություն ունենար պետության կառավարման խայտառակ անցյալին քաղաքական գնահատական տալու, այսօր, հավանաբար, քրեական հակամշակույթի օրինակ հանդիսացող այս միջադեպը տեղի չունենար: Խստորեն դատապարտելով բռնությունն ընդհանրապես և դրա որևէ դրսևորում հանրային հարաբերություններում ու իշխանության համակարգում՝ պահանջում ենք Ազգային ժողովի ղեկավարության կողմից ջանքեր գործադրել իսպառ բացառելու  բռնության  և ժողովրդավարական, իրավական պետության արժեքներին անհարիր անբարո վարքը խորհրդարանական աշխատանքում, ջանքեր ներդնել հանրային կյանքում բռնության մշակույթի վերացման համար: Համարում ենք, որ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն խորհդարանական մեծամասնությունն է, որը հանրությունից ստացել է  և ունի օրինական  և բավարար լիազորություն՝ բռնության  մշակույթը վերացնելու համար: Հայաստանում մեկընդմիշտ պիտի վերջ դրվի բռնությամբ հարցեր լուծելու արատավոր պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ պատասխանելու  և խուլիգանական արձագանքների համար: Ազատ և արդար ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է ներկայացնելու զանգվածային, բացառիկ ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության բողոքի ցույցերի միջոցով թավշյա հեղափոխություն իրականացրած, ցանկացած խնդիր առանց բռնության լուծելու կարողություն ցուցաբերած ՀՀ քաղաքացիներին: Առաջարկում ենք, վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված, հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով՝ հրատապ քննության ենթարկելու տեղի ունեցածը, ինչպես նաև ձևավորել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ այս հանձնաժողովի գործունեությունը մշտական հիմունքներով կազմակերպելու համար: Պահանջում ենք նաև  խորհրդարանական  և խմբակցությունների մակարդակում պատշաճ գնահատական տալ տեղի ունեցածին, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ընդհուպ մինչև որոշ պատգամավորների կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու հարցի քննարկումը: Հայաստանի Հանրապետությունում արտոնյալներ չպետք է լինեն: Պետության բարձրագույն քաղաքական մարմնի՝ Ազգային ժողովի ամբիոնից կամ դահլիճում, ինչպես նաև քաղաքական գործիչների բառապաշարից իսպառ պետք է բացառել «բութ», «սրիկա», «քաղաքական տրյապկա», «վիզդ կկտրեմ», «անբարոյականի վաստակ», «դուրսպրծուկ», «հոգնած», «շնաբարո», «բաշիբոզուկ», «հոգեկան հիվանդ» «կցխեմ» կամ այլ անձնական վիրավորանք և սպառնալիք պարունակող նման բառեր կամ արտահայտություններ որևէ մեկի հասցեին ուղղակի կամ անուղղակի օգտագործելն ու ակնարկելը, դահլիճում ձեռնամարտ խթանելը, խրախուսելն ու իրականացնելը,  պիտակավորումները, անվանարկությունները, գռեհկաբանությունը, պոռոտախոսությունը և բռնությունը: Պետության թիվ մեկ քաղաքական ամբիոնը պետք է հանդիսանա բացառապես քաղաքակիրթ քաղաքական և գաղափարական բանավեճի օրինակ: ՀՀ քաղաքացիների բացառիկ վստահության քվեն ստացած Խորհրդարանից և հատկապես խորհրդարանական մեծամասնությունից պահանջում ենք պատասխանատու լինել ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունների մասով, չդառնալ պետությունը զավթած և թավշյա հեղափոխությամբ պետության կառավարումից հեռացված ուժերի ցինիկ ոճի և սնանկ բովանդակության կրողը և բոլոր ջանքերը ներդնել Հայաստանի քաղաքակիրթ, ժողովրդավարական, իրավական պետության ձևավորման համար անհրաժեշտ համակարգային  խնդիրների լուծման համար: Հայտարարությունը բաց է միանալու համար։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան Հանրային լրագրության ակումբ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Արտակ Քյուրումյան, փորձագետ
21:42 - 08 մայիսի, 2020
ՀՔԱՎ։ Ոստիկանները չեն կարողացել մուտք գործել 102-րդ ռազմաբազայի տարածք և դատարան բերել Ռազգիլդեևին
 |hcav.am|

ՀՔԱՎ։ Ոստիկանները չեն կարողացել մուտք գործել 102-րդ ռազմաբազայի տարածք և դատարան բերել Ռազգիլդեևին |hcav.am|

hcav.am: Այսօր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստն էր նշանակված։ Նիստը կրկին հետաձգվեց։ Այս անգամ էլ ոստիկանությունը չէր կարողացել մուտք գործել ռուսական ռազմաբազայի տարածք՝ ամբաստանյալին դատարան բերելու համար։ Ռազմաբազայի հրամանատար Ն. Մարտինյուկը գործուղման մեջ է, իսկ ոստիկանության ուղեկցող դասակինթույլ չեն տվել մուտք գործել ռազմաբազայի տարածք: Այս մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին հայտնել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ․ Ենգոյանը։ Նրա փոխանցմամբ՝ 102-րդ ռազմաբազայի հսկիչ անցագրային կետի հերթապահն է ոստիկաններին հայտնել , որ ռազմաբազայի հրամանատարը գործուղման մեջ է։ Իսկ թե ով է փոխարինում հրամանատարին և ով է իրավասու այդ հարցում, փաստորեն ոստիկաններին չեն հայտնել։ Ավելի վաղ՝ մարտի 19-ին, Ն․ Մարտինյուկը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին գրությամբ հայտնել էր, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ ամբաստանյալին դատարան ներկայացնելու հարցում, իսկ դատարանի պահանջի կատարումը չի մտնում ռազմաբազայի հրամանատարի իրավասությունների մեջ։ Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստերին ամբաստանյալին դատարան չէին բերում, քանի որ ռազմաբազայի ղեկավարությունը անվտանգության երաշխիքներ էր պահանջում Ա․ Ռազգիլդեևի համար։ Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը։ Նրանք ավելի վաղ դատարանին միջնորդել էին միջոցներ ձեռնարկել՝ այս քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները բացառելու համար, այն է՝ ռազմաբազայի կողմից ամբաստանյալին դատարան չներկայացնելը։ Ա․ Զալյանը դեռևս փետրվարի 4-ին կայացած դատական նիստի ժամանակ էր դիրքորոշում հայտնել, որ ամբաստանյալը անհարգելի պատճառով չի ներկայանում դատարան, և Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջնորդել էր բերման ենթարկել ամբաստանյալին։ Դատարանը, սակայն, մերժել էր միջնորդությունը։ ՀՔԱՎ-ը նաև հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը հանցագործություն է։
18:57 - 30 ապրիլի, 2020
Խոշտանգման հետևանքով վնասի փոխհատուցման՝ պետության հետադարձ պահանջի՝ ռեգրեսի իրավունքը խոշտանգում իրականացրած անձանց նկատմամբ չի իրացվում |hcav.am|

Խոշտանգման հետևանքով վնասի փոխհատուցման՝ պետության հետադարձ պահանջի՝ ռեգրեսի իրավունքը խոշտանգում իրականացրած անձանց նկատմամբ չի իրացվում |hcav.am|

hcav.am: 2016 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Այն ուժի մեջ մտավ 2017 թվականի հունվարին: Օրենքի 3-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք)  60-րդ գլխում լրացումներ տեղի ունեցան, որոնք սահմանում են խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման կարգն ու պայմանները: Օրենսգրքի 1087.3-րդ հոդվածի 7-րդ մասը բավական ուշագրավ կարգավորումներ է նախատեսում. պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ կատարված խոշտանգման հետևանքով պատճառված վնասը փոխհատուցելու դեպքում վճարած փոխհատուցման չափով այդ անձի նկատմամբ պետության հետադարձ պահանջի՝ ռեգրեսի իրավունք: Փոխհատուցման կարգը սահմանող այս դրույթի գործնական կիրառումը պարզելու նպատակով 2019 թ. հոկտեմբերի 2-ին ՀՔԱՎ-ը  գրությամբ դիմել էր  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Գրասենյակին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե  քանի հայց է ներկայացվել պետության դեմ՝ խոշտանգումից տուժած անձանց կրած վնասների փոխհատուցման պահանջով  2017, 2018 և 2019 թթ.-ին, քանի՞սն են բավարարվել դատական կարգով և քանի՞ դեպքում է տրվել փոխհատուցում պետբյուջեից: Բացի սրանից՝ նույն ժամանակահատվածում  և նույն պահանջով արտադատական կարգով քանի մարդ է դիմել և քանիսի դիմումն է  բավարարվել, այդ անձանց պետբյուջեից փոխհատուցելիս քանի դեպքում է, որ խոշտանգում իրականացրած անձանց ներկայացվել է հետադարձ պահանջ՝ փոխհատուցման չափով, քանի խոշտանգման անձի են հատուցել՝ բուժօգնության ու սպասարկման դիմաց: 2019 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՔԱՎ-ին լակոնիկ պատասխանով տեղեկացրել էր. «2017-2019 թթ. խոշտանգումից տուժած անձանց կողմից ՀՀ ֆինանսների նախարարության դեմ թե՛ դատական, թե՛ արտադատական կարգով որևէ պահանջ չի ներկայացվել»: Ըստ էության պատասխան չստանալով՝ ՀՔԱՎ գրասենյակը 2020 թ. մարտի 5-ին նոր գրությամբ կրկին իրազեկում է ՀՀ ֆինանսների նախարարին, որ վերոհիշյալ օրենքում խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման մասին դրույթն ուժի մեջ մտնելուց ի վեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ վերաբերյալ կայացված 4 վճիռներում արձանագրված խոշտանգման փաստերով փոխհատուցման ենթակա գումարը կազմել է 33.600 եվրոյին համարժեք դրամ: Նոր գրությամբ ՀՔԱՎ գրասենյակն անկնկալում էր ֆինանսների նախարարությունից տեղեկություններ այն մասին՝ արդյոք ՄԻԵԴ-ի՝ ՀՀ-ի վերաբերյալ վճիռներով պետությունը փոխհատուցել է դիմումատուներին հասանելիք գումարը, թե՝ ոչ, նաև կրկին փորձել էր տեղեկանալ՝ արդյոք այն դեպքերում, երբ փոխհատուցումը պետբյուջեի հաշվին է, պետությունը ռեգրեսի պահանջ ներկայացրե՞լ է անմիջականորեն խոշտանգում կատարած կամ կատարելու կարգադրություն տված անձին: ՀՔԱՎ գրասենյակը նախարարին նաև խնդրել էր մանրամասնել այդ 4 վճիռներից որի դեպքում և կոնկրետ ում նկատմամբ է ներկայացվել ռեգրեսի պահանջ, հակառակ պարագայում՝ հստակեցնել  պատճառը՝ ինչու մինչ օրս պետությունը չի իրացնում օրենսգրքով սահմանված փոխհատուցմանը վերաբերող հոդվածով սահմանված իր իրավունքը: 2020 թ. մարտի 18-ին ՀՔԱՎ գրասենյակին պատասխանել էր ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյանը: Նա, մասնավորապես, տեղեկացրել էր փոխհատուցման չափերի մասին՝ բոլոր չորս «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի», «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի», «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» և «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործերով՝ համապատասխանաբար 6000, 3000, 20600 և 4000 եվրոյին համարժեք դրամ: Գրությամբ տեղեկացվել էր նաև, որ այս միջոցները Կառավարության համապատասխան որոշումներով հատկացվել են ՀՀ արդարադատության նախարարությանը: Իսկ ահա օրենքով սահմանված փոխհատուցման կարգում կարևոր ու առանցքային համարվող ռեգրեսի պահանջի ու դրա իրացման մասով ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարն ընդամենը հղում էր կատարել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ նկատելով, որ նման պահանջով տեղեկություն չի տրամադրվել, որի պատճառով էլ ոչ մի քայլ իրենք չեն ձեռնարկել: ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է, որ ունենալով համապատասխան օրենսդրական միջոցը, պետությունն, այդուհանդերձ, որպես այդպիսին այն չի կիրառում: Բոլոր 4 գործերով խոշտանգում կատարած կամ խոշտանգման դրդած անձանց հանդեպ պետությունն այդպես էլ չի իրացրել պետբյուջեից հատուցված գումարների հետգանձման պահանջի իր պարտավորությունը: Օրենսգրքի 1087.3-րդ հոդվածի 7-րդ մասն ունի առանցքային նշանակություն այն իմաստով, որ հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքի կիրառման արդյունքում պաշտոնատար անձինք կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձինք կհատուցեն իրենց կողմից կամ իրենց դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ կատարված խոշտանգման հետևանքով պատճառված վնասը։ Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածն անձին վերապահում է ոչ նյութական վնասի հատուցման պահանջի իրավունք այն դեպքերի համար, երբ քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները. 1) կյանքի իրավունքը, 2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, 3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, 4) արդար դատաքննության իրավունքը, 5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, 6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, 7) հավաքների և միավորման ազատության իրավունքը, 8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, 9) սեփականության իրավունքը: Ավելին՝ նույն հոդվածի 3-րդ մասով հստակ ամրագրված է, որ եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից Թիվ 7 արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում,  նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (սույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար): Նույն հոդվածի 4-րդ մասով էլ սահմանվում է, որ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով, իսկ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2 հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան: Տեղին է նշել, որ Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածով սահմանվում են հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները՝ նախատեսելով, որ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են սույն հոդվածին և սույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան Նշված հոդվածով ամրագրվել է նաև, որ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման պետբյուջեի միջոցների հաշվին` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից և անկախ վնաս պատճառելիս՝ պաշտոնատար անձի մեղքի առկայությունից: Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների խախտման դեպքերում անձի նյութական փոխհատուցում ստանալու իրավունքը։Հետևաբար, պետք է նկատել, որ բացի խոշտանգումից զերծ մնալու անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքի խախտումից, օրենսգիրքը նախատեսում է նաև այլ հիմնարար իրավունքներ, որոնց խախտման պայմաններում ի հայտ է գալիս ոչ նյութական վնասի փոխհատուցման իրավունքը, որի պայմաններից մեկը շարունակում է մնալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշումը, գործողությունը կամ անգործությունը, որի հետևանքով խախտվել է հիմնարար իրավունքը, իսկ նյութական վնասի հատուցումը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Նշվածը թույլ է տալիս արձանագրել, որ ոչ նյութական վնասի փոխհատուցման կարգի նախատեսմամբ օրենսդրի հիմնական նպատակն է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների   խախտման դեպքերի կանխարգելումը, որի ապահովման արդյունավետ միջոց  է հետադարձ պահանջի (ռեգրեսի) ինստիտուտի կայացումը և այս համատեքստում պաշտոնատար անձանց կողմից անձի սահմանադրական և կոնվեցիոն իրավունքների խախտման դեպքերում ոչ միայն նյութական վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի նախատեսումը, այլ նաև պետության կողմից հետադարձ պահանջի ներկայացումը այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, պաշտոնատար անձին, որոնց որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառվել է վնասը։ Նշվածից բացի՝ պետք է նկատել, որ հետադարձ պահանջի (ռեգրեսի) ինստիտուտի կայացումը պայմանավորված է նաև պրակտիկայով: Քանի դեռ պետության կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում այս միջոցի կիրառման և հետագա զարգացման համար, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց որոշումների, գործողության կամ անգործության հետևանքով շարունակվում են խախտվել անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները։
14:39 - 29 ապրիլի, 2020
Դպրոցի տնօրենը հետապնդում է ուսուցչուհուն՝ ոստիկանների ներգրավմամբ |hcav.am|

Դպրոցի տնօրենը հետապնդում է ուսուցչուհուն՝ ոստիկանների ներգրավմամբ |hcav.am|

hcav.am: Դատարանը հակաօրինական է ճանաչել տնօրենի որոշումները  2019 թվականի  նոյեմբերի 4-ին Տավուշի մարզի Հաղարծին համայնքի դպրոցի տեխնոլոգիա առարկայի ուսուցչուհի Լ.Մ-ն, ի զարմանս իրեն, դպրոցի հայտարարությունների պատին փակցված փաստաթղթում կարդում է հետևյալ բովանդակությամբ  գրառում. «2019 թ. հոկտեմբերի 25-ին , խախտելով Հաղարծինի միջնակարգ դպրոցի ներքին կարգապահական կանոնները, առանց թույլտվության, աշխատանքի ժամին աշխատավայրը լքելու պատճառով տեխնոլոգիայի ուսուցչուհի Լ. Մ.-ին հայտարարել նկատողություն»: 2019 թվականին ՀՔԱՎ գրասենյակի իրավախորհրդատու Սոֆյա Պետրոսյանի աջակցությամբ  Լ. Մ.-ը հայց է ներկայացնում դատարան՝ ընդդեմ դպրոցի տնօրենի՝ պահանջով անվավեր ճանաչել կարգապահական տույժ կիրառելու մասին նրա հրամանը: 2020 թ. մարտի 13-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա. Կուրեխյանի նախագահությամբ, բավարարում է Լ. Մ.-ի քաղաքացիական հայցը: Հաղարծինի դպրոցի տնօրենը հայցադիմումի` իր պատասխանում մասնավորապես նշում է, որ Լ.Մ.-ն, իրեն շրջանցել է, դիմել  փոխտնօրենին՝ ժամանակից շուտ աշխատավայրից գնալու խնդրանքով, անտեսելով պատճառաբանությունը, որ նա նման հարցերով իրավասու չէ: Լ.Մ.-ն ինքնակամ գնացել է՝ պատճառաբանելով, որ տնօրենը տեղում չի եղել, այնինչ այդ պահին ինքը համակարգչային օպերատորի հետ մարզպետարան փաստաթղթեր ուղարկելիս է եղել:  Լ.Մ.-ն կարող էր նաև զանգով հարցնել թույլտվություն, ինչը ևս չի արել: Փոխտնօրենը հեռախոսով Լ.Մ.-ին տեղեկացրել է իր արարքի մասին բացատրագիր ներկայացնելու պահանջի մասին, ինչը, Լ.Մ.-ը չի արել: Հաջորդ օրը, Լ.Մ.-ը մի խումբ ուսուցիչների ներկայությամբ այդ իրավական ակտի վրա փակցրել է ծիծաղող դիմապատկեր (սմայլիկ)՝ այդպիսով անհարգալից ու արհամարական վերաբերմունք ցուցաբերելով  փաստաթղթի նկատմամբ:  Ղեկավարվելով օրենքի պահանջներով և դպրոցի ներքին կարգապահական կանոններով` տնօրենը նրա նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ նկատողության տեսքով, ինչի մասին հրամանը փակցվել է ուսուցչանոցի տեսանելի վայրում: Տնօրենի այս պատասխանին անմիջապես հաջորդել է Լ.Մ.-ի առարկությունը, որով նա  դատարանին տեղեկացրել է, որ մինչև կարգապահական տույժի կիրառումը՝ տնօրենն իրենից կարգի խախտման մասին գրավոր բացատրություն չի պահանջել, հետևաբար` իր հանդեպ  կարգապահական տույժն անհիմն է կիրառվել: Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին ինքը փաստացի տեղեկացել է հայտարարությունների պատից, ինչը նշանակում է, որ զրկված է եղել բացատրություն ներկայացնելու իր իրավունքից:  Դատաքննության ընթացքում Լ.Մ.-ն պնդել է իր հիմնավորումները: Հիվանդ ծնողին խնամելու նպատակով աշխատանքից վաղ հեռանալու  և Դիլիջան գնալու թույլտվություն ստացել է փոխտնօրենից, որովհետև տնօրենն ու ուսումնական աշխատանքի գծով տեղակալն այդ պահին դպրոցում չեն եղել: Հաշվի առնելով այն, որ տնօրենի բացակայության դեպքում իրեն փոխարինում են տեղակալները, Լ.Մ.-ն բացակայելու թույլտվություն է խնդրել և ստացել տնօրենի մյուս տեղակալից, ուստի` անհիմն է կարգապահական տույժի կիրառումը: Հիմք ընդունելով այս ամենը՝ նա խնդրել է դատարանին անվավեր ճանաչել կարգապահական տույժի մասին տնօրենի հրամանը: Տնօրենն առարկել է հայցի դեմ ամբողջությամբ՝ նշելով, որ Լ.Մ.-ը խախտել է դպրոցի ներքին կարգապահական կանոնները և չի գրել բացատրություն:Դատարանի համար ուշագրավ է եղել այն փաստը, որ փոխտնօրենն իր ցուցմունքներում նշել է, որ զանգահարել է Լ.Մ.-ին՝ բացատրություն գրելու հարցով, բայց որևէ ժամկետ չի նշել՝ այդ գործողության համար։ Լսելով կողմերին և գնահատելով գործով ապացույցները՝ դատարանն իր եզրահանգումներն է արել. տեղի են ունեցել աշխատանքային օրենսդրության խախտումներ: Այսպես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով՝ աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, 221-րդ հոդվածով՝ կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը, 223-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով էլ՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը. /.../ խիստ նկատողություն, ընդ որում, օրենսգրքի 226-րդ հոդվածն էլ սահմանում է, որ  մինչ կարգապահական տույժի կիրառումը՝ գործատուն պետք է աշխատողից  գրավոր  պահանջի  խախտման  մասին  գրավոր  բացատրություն՝  տրամադրելով ողջամիտ ժամկետ:Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց դրա: Օրենքը հստակ սահմանել է նաև բացատրություն տալու համար աշխատողին ողջամիտ ժամկետ տրամադրելու գործատուի պարտականության մասին, որն, ի դեպ, վերապահված է գործատուին, այսինքն նա է սահմանում այն ողջամիտ ժամկետը, որը բավարար է աշխատողին՝ բացատրություն ներկայացնելու: Դա երաշխավորում է հստակ ժամկետում աշխատողի իրավունքի իրացման հնարավորությունը, միաժամանակ նաև ժամկետային սահմանափակում ենթադրում աշխատողի համար, ինչը նշանակում, է որ աշխատողը պետք է վստահ լինի, որ մինչև այդ ժամկետի լրանալն իր նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվի և գիտակցի, որ սահմանված ժամկետում բացատրություն չներկայացնելու դեպքում՝ այն կարող է կիրառվել նաև առանց բացատրության: Դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում չեն պահպանվել օրենքի վերոհիշյալ կետերը:   Լ.Մ.-ից բացատրություն պահանջելու՝ դպրոցի տնօրենի գրության մեջ բացատրություն ներկայացնելու հստակ ժամկետ նշված չէ:Նման պայմաններում դատարանն արդարացի է համարել Լ.Մ.-ի այն փաստարկը, որ չունենալով գրավոր բացատրության համար ժամկետային սահմանափակումներ, զրկվել է նման բացատրություն ներկայացնելու հնարավորությունից, իսկ երբ ցանկացել է ներկայացնել այն, կարգապահական տույժը՝ խիստ նկատողության ձևով արդեն իսկ կիրառված է եղել: Այս ամենից դատարանը եզրահանգել է, որ Լ.Մ․-ի նկատմամբ կարգապահական տույժը կիրառվել է օրենքի խախտմամբ. գործատուն նրան չի տրամադրել ողջամիտ ժամկետ՝ գրավոր բացատրություն ներկայացնելու համար՝ խախտելով ՀՀ ԱՕ-ի 226-րդ հոդվածը և վճռել անվավեր ճանաչել Լ.Մ.-ին կարգապահական տույժի ենթարկելու՝ Հաղարծինի միջնակարգ դպրոցի տնօրենի հրամանը: Լ.Մ․-ն դատական կարգով վիճարկել է նաև Հաղարծինի միջնակարգ  դպրոցի տնօրենի  2019 թվականի նոյեմբերի 4-ի հրամանը՝ իր նկատմամբ խիստ նկատողություն՝ կարգապահական տույժ կիրառելու մասին այն բանի համար, որ Լ.Մ.-ն այդ հրամանի վրա ծիծաղող դիմապատկեր (սմայլիկ) էր փակցրել։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ա․ Կուրեխյանի նախագահությամբ 2020 թ. մարտի 13-ի վճռով բավարավել էր այս հայցը նույնպես։ Հավելենք, որ Լ.Մ.-ի հետ տեղի ունեցած միջադեպն այսքանով չի ավարտվում: Նա ՀՔԱՎ գրասենյակին տեղեկացրել է, որ 2019 թ. նոյեմբերի 14-ին Հաղարծինի միջնակարգ դպրոց է այցելել Տավուշի մարզի ոստիկանապետը՝ մի խումբ ենթակաների հետ՝ հանդիպելու և «դաստիարակչական աշխատանքներ տանելու» այն ուսուցիչների հետ, ովքեր հանդգնել են բարձրաձայնել  իրենց աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի մասին՝ իրավասու ատյաններին: Ոստիկանները, մասնավորապես, անդրադարձել են դպրոցում արձանագրված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործերին ու նախատինքի խոսքեր ասել  բոլոր այն ուսուցիչներին, ովքեր փորձել են տեր կանգնել իրենց աշխատանքային իրավունքներին և բարձրաձայնել են այդ մասին:Հաղարծինի դպրոցի տնօրենն այդ հանդիպման ընթացքում չի շրջանցել Լ.Մ.-ին կարգապահական տույժ հայտարարելու և այդ փաստաթղթի վրա սմայլիկ փակցնելու՝ Լ.Մ-ի արարքի մասին թեման, ինչին ի պատասխան՝ Տավուշի մարզի ոստիկանապետն ասել է. «Թարգեք, թարգեք, արդեն 2 տարի է սա եփում է, հիմա արդեն եռում է, եռալու ընթացք է, թարգեք, թե չէ տխուր կլինի մի երկու հոգու համար», ինչից Լ.Մ.-ն սպառնալիք է զգացել՝ ենթադրելով, որ մարզի ոստիկանապետի այցն ի պաշտպանություն տնօրենի է և իրեն սաստելու նպատակ ունի: Այս միջադեպի մասին 2019 թ.-ին ՀՔԱՎ գրասենյակը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ խնդրելով իրականացնել ծառայողական  քննություն և իրավախախտում կատարած անձանց ենթարկել պատասխանատվության: Գրությանը Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից պատասխանել են, որ ուսումնասիրելով միջադեպի հանգամանքները, պարզել են, որ ոստիկանության աշխատողները կարգապահական բնույթի որևէ խախտում թույլ չեն տվել, հետևաբար՝  նպատակահարմար չէ ծառայողական քննություն հարուցելն ու ծառայողական քննություն անցկացնելը:  ՀՔԱՎ գրասենյակը, ոչ պատշաճ համարելով սույն գործով ոստիկանության ձեռնարկած գործողությունները, 2020 թ. մարտի 9-ին նոր գրությամբ է դիմել ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին՝ վերահաստատելով իր այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է իրավական գնահատական տալ հանցագործության մասին հաղորդում տված ուսուցիչների նկատմամբ հետապնդում իրականացրած պաշտոնատար անձանց գործողություններին, սույն դեպքի առիթով հարուցել ծառայողական քննություն և պատասխանատվության ենթարկել իրավախախտ պաշտոնատար անձանց: ՀՔԱՎ գրասենյակը միաժամանակ չի զլացել գրությամբ տեղեկացնել Ա. Սարգսյանին, որ դպրոցների ներսում միջանձնային հարաբերությունները կարգավորելու իրավասություն ոստիկանության ներկայացուցիչները չունեն:  Համաձայն «Հանրակրթության մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքների՝ դպրոցների լիազոր մարմինները մարզպետարաններն են, հետևաբար՝ նրանք են իրավասու՝ ապահովելու դպրոցների բնականոն ու պատշաճ գործունեությունը, մինչդեռ Լ.Մ․-ի հայտնած տեղեկություններից ակնհայտ է, որ Տավուշի մարզի ոստիկանապետն, այցելելով դպրոց, իրեն վերապահել է հանրակրթական դպրոցի լիազոր մարմնի իրավասություններ և հորդորել ուսուցիչներին վերջ դնել դպրոցում տիրող լարված մթնոլորտին: Ելնելով վերոշարադրյալից՝ ՀՔԱՎ գրասենյակը ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարից ակնկալում է քննության առնել գրության մեջ նշված հանգամանքները, նշանակել ծառողական քննություն ու պատասխանատվության ենթարկել իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց: ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին հասցեագրված ՀՔԱՎ գրասենյակի մարտի 9-ի գրությանը 2020 թ. մարտի 17-ին դարձյալ նույնաբովանդակ գրությամբ պատասխանել են  Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից՝ նշելով որ, արդեն իսկ իրականացված ուսումնասիրությամբ դպրոցի անձնակազմի նկատմամբ «դաստիարակչական աշխատանքների անցկացման» հանգամանքներ փաստող տվյալներ ձեռք չեն բերվել: Տավուշի մարզի ոստիկանապետն իր ենթակաների հետ դպրոց է այցելել բարձրդասարանցիների հետ թրաֆիքինգի և այլ հանցագործությունների կանխարգելման շուրջ զրուցելու, ինչպես նաև ուսուցչական կազմի  հետ հանդիպման նպատակով: Ոստիկանության աշխատողները ուսուցիչների հետ զրուցելիս թույլ չեն տրվել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնների կամ կարգապահական որևէ խախտում, ուստի՝ ծառայողական քննություն հարուցելու հիմքեր չկան:
10:15 - 07 ապրիլի, 2020