Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Քննարկվել է ՀՀ-ի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Երևանում հյուրընկալելու հարցը

Քննարկվել է ՀՀ-ի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Երևանում հյուրընկալելու հարցը

Հունվարի 25-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է տնտեսական դիվանագիտության հարցերով Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոստաս Ֆրանգոյանիսին: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: «ՀՀ դեսպանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ներկա վիճակը, անդրադարձ եղավ փոխադարձության և հավասար իրավազորության սկզբունքով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն առաջիկայում Երևանում հյուրընկալելու հարցին: Երկուստեք կարևորվեց հայ-հունական տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու կարևորությունը՝ որպես ավանդական բարեկամական երկկողմ հարաբերությունների կարևոր հիմք: Կարևորվեց գործարար շրջանակների միջև կապերի ինտենսիվացումը, ինչի ուղղությամբ առաջիկայում նոր քայլեր են նախատեսվում»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:45 - 25 հունվարի, 2024
Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան - Հայաստան բարեկամական խումբը

Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան - Հայաստան բարեկամական խումբը

Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան - Հայաստան բարեկամական խումբը՝ իշխող կուսակցության «Նեա Դիմոկրատիա» խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսի նախագահությամբ: Այս մասին տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից: Բարեկամական խմբի փոխնախագահն է «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանտոպուլուն, քարտուղարը՝ «ՍԻՐԻԶԱ- Առաջադեմ դաշինք» կուսակցության պատգամավոր Եկատերինի (Կատերինա) Նոտոպուլուն։ Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը բաղկացած է 20 անդամից, որտեղ ընդգրկված են Հունաստանի խորհրդարանի տարբեր կուսակցությունների պատգամավորներ: Նրանց անունները հրապարակում ենք ստորև. Վոլուդակի Սևաստի (Սեվի) Գյուլեկաս Կոնստանտինոս Գոլիդակիս Դիամանտիս Դերմենձոպուլոս Խրիստոս Կարաոգլու Թեոդորոս Կուվելաս Դիմիտրիոս Կիրիազիդիս Դիմիտրիոս Լիվանոս Միխաիլ Մարկոպուլոս Դիմիտրիոս Տրագակիս Իոաննիս Զամբարաս Միլտիադիս (Միլթոս) Կասիմատի Իրինի (Նինա) Պանայոտոպուլոս Անդրեաս Պապաիլիու Գեորգիոս Խրիստոդուլակիս Էմանուիլ (Մանոլիս) Աբատիելոս Նիկոլաոս Ֆոտոպուլոս Ստիլիանոս
15:45 - 19 հունվարի, 2024
ՀՀ նախագահն ու Հունաստանի դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և վերջին զարգացումներին

ՀՀ նախագահն ու Հունաստանի դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և վերջին զարգացումներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Խրիստոս Սոֆիանոպուլոսն առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև առկա լավ համագործակցությունն առավել ընդլայնելու և զարգացնելու համար: Նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ է խոսել սերտ պատմական բարեկամության և համերաշխության վրա հիմնված հայ-հունական հարաբերությունների մասին՝ նշելով երկու երկրների միջև առկա է բազմոլորտ երկկողմ օրակարգ և արդյունավետ քաղաքական երկխոսություն «Հունաստանը դժվար պահերին միշտ եղել է մեր կողքին, և ես իմ ու հայ ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում մեր երկրի առջև ծառացած այս դժվարին ժամանակներում Հունաստանի կառավարության և իշխանությունների ցուցաբերած աջակցության համար»,- ասել է նախագահը։ Դեսպան Սոֆիանոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության սերտացման և զարգացման ուղղությամբ ջանքեր ներդնելու իր պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և վերջին զարգացումներին, ինչպես նաև առկա անվտանգային մարտահրավերներին ու դրանց դիմակայելու ուղիներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և կայուն ու տևական խաղաղության հասնելու իր սկզբունքային դիրքորոշմանը՝ միջազգային իրավական նորմերի, երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար իրավունքների անխաթարության շրջանակներում: Երկուստեք շեշտվել է խնդիրները խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու և ռազմական սպառնալիքի բացառման հրամայականը:Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Հունաստանի բազմաշերտ փոխգործակցության վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ներուժի լիարժեք իրականացման ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս արդյունավետ համագործակցության օրակարգային հարցերին:Հանրապետության նախագահն՝ ի դեմս դեսպանի, իր շնորհակալական խոսքն է փոխանցել Հունաստանի կառավարությանն ու իշխանություններին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հունական կողմի ցուցաբերած հումանիտար աջակցության համար:Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակը, ինչպես նաև սերտ համագործակցությունը Եվրամիության և այլ միջազգային հարթակներում:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիներին ժողովրդավարության ամրապնդման ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումներին և սկզբունքային մոտեցումներին:
17:59 - 12 հունվարի, 2024
Կարևոր է օգնել մեր բարեկամ և դաշնակից երկրին բոլոր միջազգային հարթակներում. Հունաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը ՀՀ այցից հետո

Կարևոր է օգնել մեր բարեկամ և դաշնակից երկրին բոլոր միջազգային հարթակներում. Հունաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը ՀՀ այցից հետո

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը հայտարարություն է տվել Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությանը և լրագրող Կատերինա Ֆրիսային՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:   «Այսօր ես հնարավորություն ունեցա այցելել Հայաստան և հանդիպել վարչապետի, արտաքին գործերի նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։   Միևնույն ժամանակ այցելել եմ Երևանում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչություն։   Հայաստանի հետ Հունաստանը պատմական կապեր ունի, դարերի պատմություն ունեցող կապեր։ Այն մեզ բարեկամ երկիր է։ Հունաստանը, հենց այս հավերժական բարեկամության համատեքստում, միշտ հոգ է տանում՝ Հայաստանին ապահովելու անհրաժեշտ համերաշխությունն ու անվտանգությունը։ Հատկապես այսօր՝ մի ժամանակաշրջանում, երբ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով տարածքային ամբողջականությունը լուրջ ճնշման տակ է։   Հատկապես կարևոր է թե՛ որպես խորհրդանիշ, թե՛ որպես Հունաստանի անունից լավ ծառայությունների մատուցում Հայաստանին, օգնել մեր բարեկամ և դաշնակից երկրին բոլոր միջազգային հարթակներում․ Եվրամիությունում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման համար, և այնտեղ, որտեղ պահանջվում է՝ տալ լուծում, որը կլինի արդար և կայուն և կհաստատի տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության մասին ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ինչպես նաև ցանկացած թշնամական գործողությունից խուսափելու համար։   Հունական կառավարության, հունական պետության համար սկզբունքային է աջակցություն ցուցաբերել ցանկացածին, ով գտնվում է պաշտպանության մեջ ցանկացած տեսակի ագրեսիայից»,- ասված է հայտարարության մեջ:  
19:02 - 10 հունվարի, 2024
Արմեն Գրիգորյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերը

Արմեն Գրիգորյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերը

Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Յորղոս Գերապետրիտիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները բարձր են գնահատել պատմամշակութային ընդհանրությունների վրա հիմնված հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան: Անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի, այդ թվում՝ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին, ինչի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը կարևորել է Հունաստանի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին և ընդգծել, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծում ստանա միջազգային իրավունքի սկզբունքները խստագույնս պահպանելու միջոցով: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները։
17:45 - 10 հունվարի, 2024
ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում երկար ճանապարհ կա անցնելու․ Միրզոյան
 |armenpress.am|

ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում երկար ճանապարհ կա անցնելու․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացման և խորացման գործընթացում երկար ճանապարհ կա անցնելու։ Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախարարը վստահեցրեց, որ սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ ու ծրագրեր՝ բխող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից, նաև դրանից դուրս։ « Մենք քիչ առաջ լսեցինք Հունաստանի արտաքին գործերի նախարարի հավաստիացումն այն մասին, որ Հունաստանը շարունակելու է իր ջանքերը և աջակցությունը համոզվելու, որ այս գործընթացը կանգ չի առնում և առարկայական և ինտենսիվ կերպով է շարունակվում։ Մենք, իհարկե, հույս դնելու ենք այդ հավաստիացումների և աջակցության վրա»,-ասաց Միրզոյանը։ Նախարարը նշեց, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները։ Միրզոյանը համոզված է, որ այդ բարեփոխումները Հայաստանին ավելի են մոտեցնելու Եվրամիությանը։ ԵՄ-ի հետ երկխոսության համատեքստում Միրզոյանն ընդգծեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի։ «Սա ևս մի կարևորագույն գործոն է, որը անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին»,- նշեց Միրզոյանը՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն վերջերս որոշել է մեծացնել և երկարաձգել առաքելության մանդատը, ինչը Հայաստանը ողջունել է։
14:28 - 10 հունվարի, 2024
Խաղաղության պայմանագրում պետք է տեսնենք այն հիմքերը, որոնց վրա պետք է ընթանա սահմանազատման գործընթացը․ Արարատ Միրզոյան
 |armenpress.am|

Խաղաղության պայմանագրում պետք է տեսնենք այն հիմքերը, որոնց վրա պետք է ընթանա սահմանազատման գործընթացը․ Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջանական խաղաղությունը  անպայման պետք է խարսխված լինի մի քանի հիմնարար սկզբունքների վրա, որպեսզի հետագայում պարարտ հող չստեղծվի էսկալացիայի կամ ագրեսիայի համար։ Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Միրզոյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Հայաստանը ստացել էր Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որից հետո՝ հունվարի 4-ին, Հայաստանն Ադրբեջանին փոխանցել է իր առաջարկները։ «Չնայած երկկողմ հանդիպումների բացակայությանը՝ տեղի են ունեցել առաջարկների փոխանակումներ խաղաղության պայմանագրի շուրջ։ Մենք ստացել էինք Ադրբեջանի առաջարկները և հունվարի 4-ին փոխանցել ենք հայկական հերթական առաջարկները։ Կասեի, որ բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ տեսնում ենք որոշակի հետընթաց տեքստի որոշ մասերում և որոշակի առաջընթաց մի քանի այլ ուղղությամբ։ Եվ մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա և ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք վստահ եմ, որ շատ կառուցողական են»,- ասաց Միրզոյանը։ Նախարարը խնդիրը ոչ այնքան հերթական առաջարկների, այս կամ այն հոդվածի հետընթաց կամ առաջընթաց, կառուցողական կամ ոչ կառուցողական լինելու մեջ է տեսնում, այլ սկզբունքների, որոնց վրա պետք է հենված լինի խաղաղությունը։ «Անկախ նրանից, թե տվյալ հերթական առաջարկի որևէ մի կոնկրետ հոդված առաջընթաց է, թե հետընթաց, վերջանական խաղաղությունը անպայման պետք է խարսխված լինի մի քանի հիմնարար սկզբունքների վրա։ Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը առանց որևէ այլևայլության, առանց որևէ երկիմաստության։ Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջանական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի։ Նաև, հասկանալիորեն, եթե երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացը կարող է երկար ժամանակ տևել, առնվազն խաղաղության պայմանագրում պետք է տեսնենք այն հստակ հիմքերը, որոնց վրա պետք է հետագայում ընթանա սահմանազատման գործընթացը։ Սրանք այն հարցերն են, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող տեսնել և չի կարող թույլ տալ որևէ անորոշություն։ Նաև այն պատճառով, որ անորոշությունը մեծ հիմք է և պարարտ հող հետագա ագրեսիաների և էսկալացիաների համար։ Հետևաբար, եթե մենք խաղաղություն ենք հաստատում, մենք հաստատում ենք այնպիսի խաղաղություն, որը հնարավորինս դժվար կլինի կասկածի տակ դնել և խախտել»,- ընդգծեց Միրզոյանը։ Միրզոյանը նաև ներկայացրեց հաջորդ սկզբունքը, որը հայկական կողմը ուզում է տեսնել խաղաղության պայմանագրում՝ տարածաշրջանի տնտեսական կապուղիների և ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ հենվելով արդար և հիմնարար սկզբունքների վրա։ «Խաղաղությունը միայն կրակոցների բացակայությունը չէ։ Խաղաղությունը նաև բաց սահմաններն են և ապրանքների և մարդկանց տեղաշարժն է միմյանց տարածքով։ Դժվար է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից խոսել, երբ Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Մենք շահագրգռված ենք կապուղիների ապաշրջափակմամբ, բայց մենք նաև վստահ ենք, որ այս ապաշրջափակումը պետք է տեղի ունենա մի քանի շատ պարզ, հիմնարար և արդար սկզբունքների հիման վրա»,-եզրափակեց Միրզոյանը։
14:17 - 10 հունվարի, 2024
Վարչապետն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարարին

Վարչապետն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Սա մեզ համար շատ կարևոր այց է, որովհետև մենք բավականին ընդգրկուն օրակարգ ունենք եղբայրական և բարեկամ Հունաստանի հետ, ինչպես նաև շատ կարևոր համագործակցություն՝ Եվրոպական Միության շրջանակում։ Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Հունաստանը Եվրոպական Միության և ընդհանրապես, միջազգային հանրության հետ միասին մատուցել և մատուցում է մեզ։ Իհարկե, մենք չենք կարծում, որ կարողացել ենք ամբողջությամբ օգտագործել մեր հարաբերությունները զարգացնելու ներուժը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ առումով։ Հուսով եմ, որ այս այցի արդյունքում կբարձրացնենք այդ ներուժի օգտագործման մակարդակը։ Կխնդրեմ Ձեզ փոխանցել իմ ջերմագին ողջույնները վարչապետ Միցոտակիսին։ Հույս ունեմ, որ նրա հետ հանդիպելու նոր հնարավորություններ կլինեն։ Կարծում եմ՝ շատ կարևոր առանձնազրույց ենք ունեցել Գրանադայում, և, իհարկե, Հունաստանի հետ մեր հարաբերությունների խորացումը շատ կարևոր է մեզ համար» Իր հերթին Հունաստանի ԱԳ նախարարը նշել է. «Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ, ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և Ձեզ անձամբ տեսնել։ Շատ արդյունավետ ու կառուցողական հանդիպում ունեցա իմ ընկեր և գործընկեր արտգործնախարար Միրզոյանի հետ։ Մեր երկու ազգերը կապված են ամուր պատմական կապերով, և մենք ոչ միայն ցանկանում ենք պահպանել այս կապերը, այլ նաև առաջ մղել դրանք, որովհետև կարծում ենք, որ հայ ժողովուրդը ոչ միայն մեր գործընկերն է, այլ նաև մեր մտերիմ ընկերը։ Մենք դարերի խորքից եկող եղբայրական հարաբերություններ ունենք։  Պարոն վարչապետ, իմ այս այցը կարևոր ազդանշան է մեր երկկողմ հարաբերությունների համար և մեր երկրի վարչապետի պատրաստակամության մասով, ով Ձեզ է հղում ջերմ ողջույններ: Ընդգծեմ, որ Հունաստանի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանին սատարելու բոլոր հնարավոր ուղղություններով, ինչպես Եվրոպական միության հետ հարաբերություններում, այնպես էլ Հայաստանի Եվրոպական ընտանիք ինտեգրման երկխոսության հեռանկարի շրջանակներում»: Զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցությանը, համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող թեմաներ:  Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի վերաբերյալ: Այս առումով, կողմերը կարևորել են միջազգային հանրության աջակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: 
14:05 - 10 հունվարի, 2024
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրատեսական է․ Հունաստանի արտգործնախարար
 |civilnet.am|

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրատեսական է․ Հունաստանի արտգործնախարար |civilnet.am|

civilnet.am: Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը կարծում է, որ Հայաստանի կառավարության ներկայացրած «խաղաղության խաչմերուկ» նախագիծը տարածաշրջանում խաղաղության հաստատման խնդրի «իրատեսական և արդարացի» լուծում է ենթադրում։ «Կարծում եմ, որ «խաղաղության խաչմերուկը», որը ՀՀ կառավարությունը ներկայացրել է, շատ իրատեսական, արդարացի լուծում է խնդրի։ Մենք կարծում ենք, որ խաղաղության գործընթացը պետք է կոնկրետ խնդիրներին անդրադառնա, սահմանազատումը պետք է հստակ լինի, որ հետագայում վայրագություններ չդրսևորվեն»,- հունվարի 10-ին Երևանում հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Հունաստանի արտգործնախարարը։ Նա նշում է, որ ՀՀ կառավարությունն անում է անհրաժեշտ բոլոր քայլերը խաղաղության և տարածաշրջանի բարգավաճմանը հասնելու համար։  
13:11 - 10 հունվարի, 2024
ԵՄ դիտորդական առաքելությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի անվտանգության համար. Միրզոյան  |tert.am|

ԵՄ դիտորդական առաքելությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի անվտանգության համար. Միրզոյան |tert.am|

tert.am: Իսկապես երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում։ Այս մասին Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վստահեցրեց, որ հիմա քննարկման սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ և ծրագրեր։ Միրզոյանը կաևորեց հատկապես ԵՄ քաղաքացիական դիտորդների նշանակությունը մեր երկրի համար։ «Այժմ Հայաստանի համար հատկապես անվտանգության հարթությունում  կենսական, չափափազանց կարևոր նշանակություն ունի ԵՄ դիտորդական առաքելությունը։ Սա ևս մեկ կարևորագույն գործոն է, որն անվտանգություն և խաղաղություն է ապահովում  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գոտում։ Սա ևս մեկ ոլորտ է, որը ենթակա է շարունակական զարգացման»,- ընդգծեց Միրզոյանը։
13:00 - 10 հունվարի, 2024
Հայաստանը վճռական է և հաստատակամ՝ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում. Միրզոյան |1lurer.am|

Հայաստանը վճռական է և հաստատակամ՝ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Ձեր այցը համերաշխության կարևորագույն դրսևորում է մի ժամանակաշրջանում, երբ մենք իսկապես զգում ենք այդ համերաշխության և աջակցության կարիքը: Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսքն ուղղելով Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսին: Միրզոյանը տեղեկացրեց, որ Հունաստանի գլխավորած պատվիրակությանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը ԼՂ-ի հայության բռնի տեղահանությունից հետո, նաև խաղաղության գործընթացի մանրամասները, խնդիրները և Հայաստանի նախաձեռնությունները, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասով: «Ընդգծել եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին ու բարդություններին, չնայած դանդաղեցումներին և ապակառուցողականությանը որոշ դեպքերում, որոնց մենք ականատես ենք լինում, ՀՀ-ն վճռական է և հաստատակամ՝ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու խաղաղության բանակցությունները, և մենք հավատում ենք, որ երկուստեք կառուցողական մոտեցման ցուցաբերման դեպքում, քաղաքական կամքի դեպքում մենք շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում»,- ասաց նախարարը:
11:53 - 10 հունվարի, 2024