Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

Կառավարության աջակցությամբ Սևանում ընդլայնվում է մետաղի մշակման արտադրությունը |armenpress.am|

Կառավարության աջակցությամբ Սևանում ընդլայնվում է մետաղի մշակման արտադրությունը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն իր որոշումներով թույլատրեց «ԱՄԱ կոմպրեսոր» ՀՁ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «ԱՄԱ կոմպրեսոր»-ն իրականացնելու է մետաղաթերթերի հումքով պայմանավորված մետաղի մշակման արտադրություն (ք. Սևան)։ Ըստ հիմնավորման, ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 90 մլն դրամի կապիտալ ներդրում, որից 56.5 մլն դրամի ներդրումն արդեն իսկ իրականացվել է սարքավորումներ ձեռք բերելու համար, իսկ 33.4 մլն դրամով նախատեսվում է իրականացնել ցանկում ներկայացված սարքավորումներն ու հումքը ձեռք բերելու համար: Ներկայումս առկա է 57 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ` 159 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլն դրամ, որից 15 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 33.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 2.2 մլն դրամ:
12:16 - 21 մայիսի, 2020
Սևանի ափերի մաքրման 1-ին փուլում կքանդվեն պետական շինությունները

Սևանի ափերի մաքրման 1-ին փուլում կքանդվեն պետական շինությունները

Սևանի ափամերձ տարածքների մաքրումը շենք-շինություններից մտնում է գործնական փուլ, հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։ Առաջին փուլով նախատեսվում է ապամոնտաժել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինությունները։ Միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է մինչև 1901.5 մետր բացարձակ նիշերում գտնվող ինչպես պետական և համայնքային, այնպես էլ մասնավոր շենք-շինությունների գույքագրումը։ Ապամոնտաժման կամ քանդման ենթակա պետական և համայնքային շենք շինությունների մակերեսը կազմել է ավելի քան 4900 քմ, իսկ քանդման ենթակա մասնավոր կառույցների ընդհանուր մակերեսը գերազանցել է 68,000 քմ-ն։ Շրջակա միջավայրի նախարարության կարիքների համար «Սևանա լճի առափնյա հատվածներում ջրածածկ պետական և համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների» ձեռքբերման մրցույթ է հայտարարվել։ Սևանա լճի մինչև 1901․5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանց սեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։ Պահանջն օրենքով սահմանված կարգով չիրականացնելու դեպքում այդ աշխատանքները կիրականացվեն պետմիջոցներով՝ հետագայում դրանք մասնավոր սեփականատերերից գանձելու պայմանով։
13:29 - 29 ապրիլի, 2020
Կառավարությունը սակավաջրություն հայտարարեց Հյուսիսային և Սևանի ջրավազանային տարածքներում |hetq.am|

Կառավարությունը սակավաջրություն հայտարարեց Հյուսիսային և Սևանի ջրավազանային տարածքներում |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօր՝ ապրիլի 23-ին որոշեց Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում հայտարարեց սակավաջրություն՝ հաշվի առնելով հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր մարմնի հիմնավոր և պաշտոնական տեղեկատվությունը: Նախագծով տրվել են սակավաջրություն հայտարարվելու դեպքում Ջրային օրենսգրքով պահանջվող կարգավորումներ՝ որոշմամբ նշված տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման և ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակումներ և չափավորումներ, ինչպես նաև սահմանվել են պետական կառավարման մարմինների նկատմամբ այլ համապատասխան պահանջներ։ Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել շրջակա միջավայրի նախարարի ներկայացրած առաջարկության հիման վրա: Շրջակա միջավայրի նախարարը տեղեկացրեց, որ 2014 թվականից հայտարարված է սակավաջրություն Արարատյան, Հրազդան և Ախուրյան ջրավազանային տարածքներում, և միայն Հարավային ջրավազանային տարածքում է, որ սակավաջրություն չկա: Նախագծի  ընդունումը հնարավորություն կտա սակավաջրության հետևանքով ստեղծված իրավիճակում կանխել ջրօգտագործողների շահերի բախումները և մեղմել ջրային ռեսուրսների վրա ակնկալվող բացասական ազդեցությունը` հատկապես ջրապահանջի բավարարման ժամանակ, ինչպես նաև գտնել համապատասխան լուծումներ՝ առավել արդյունավետ օգտագործելու սահմանափակ ջրային ռեսուրսները: Հաշվի առնելով արդեն իսկ դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները կանխատեսվել է, որ գետերի մեծ մասում 2020թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 50-80%-ի սահմաններում, ընդ որում՝ գետերի մեծ մասում վարարումների հոսքի ծավալների ապահովվածությունները կանխատեսվում են 80-85%-ի սահմաններում։ Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի նման իրավիճակը սահմանվում է որպես սակավաջուր: 
15:56 - 23 ապրիլի, 2020
CNF-ը 12 հազար 400 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնին

CNF-ը 12 հազար 400 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնին

Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ, Կովկասի բնության հիմնադրամն իր աջակցությունն է ցուցաբերել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ Սևանա լճում և այլ ջրավազաններում  ձկնային պաշարների հետազոտման նպատակով ժամանակակից ձայնախորաչափի գործարկման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթի ձեռք բերման համար: Աջակցության վերաբերյալ համապատասխան պայմանագիրը կնքվել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի միջև: CNF-ի կողմից տրամադրվող աջակցությունը կազմել է 12 հազար 400 ԱՄՆ դոլար: Տրված գումարով ձեռք կբերվի ձկնային պաշարների հետազոտման նպատակով կենտրոնի կողմից գնված ձայնախորաչափի գործունեությունն ապահովող ծրագրային փաթեթը:Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության շրջանակներում Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության արդյունավետ պահպանության գործում: 
14:29 - 22 ապրիլի, 2020
Ձկնորսությունը Սևանա լճում խստացվում է. նոր նախագիծ |lragir.am|

Ձկնորսությունը Սևանա լճում խստացվում է. նոր նախագիծ |lragir.am|

lragir.am: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որի նպատակն է  կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ինչպես հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, դրանով առաջարկվում է արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն իրականացնել միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։ Նոր նախագծի միջոցով նախարարությունը կսահմանի ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նախագծի համաձայն․1.  Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը բոլոր ձկնատեսակների վրա, բացի սիգից և կարասից։2.  Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։ Ձկնորսության համար թույլատրելի քաշ  է սահմանվում ոչ պակաս, քան 500 գրամը3.Որսն արգելվում է  իրականացնել ձկների ձվադրման շրջանում (դեկտեմբերից-հունվար)4. Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով(ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):5. Սևանա լճում ձկների արդյունագործական որսն իրականացվում է օրվա լուսային ժամերին։ Նախարարությունը հարկ է համարում առանձնահատուկ ընդգծել, որ նախագծով արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցներին։ Շրջակա միջավայրի նախարարությունը հավելում է նաև, որ ներկայում տեղի ունեցող ապօրինի ձկնորսության ծավալներն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծության  և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի անկատարության  արդյունքում առաջ են եկել մի շարք հարցեր, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։ Այս է պատճառը, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը՝ հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահ­պանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» որոշումը։ Նախագծի այլ մանրամասներին  կարող եք ծանոթանալ e-draft.am առցանց հարթակում՝ հետևյալ հղմամբ։
17:39 - 07 ապրիլի, 2020
Խոշոր չարաշահումներով իրականացված արդյունագործական որսի հետևանքով վտանգվել է Սևանա լճում խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրությունը

Խոշոր չարաշահումներով իրականացված արդյունագործական որսի հետևանքով վտանգվել է Սևանա լճում խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրությունը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Սևանա լճից խեցգետնի արդյունագործական որսի և արտահանման ոլորտում իրականացված հաշվեքննության վերաբերյալ  հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև  շրջակա միջավայրի նախարարությունից: Այս մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը։ Պարզվել է, որ բնապահպանության նախարարության հետ կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով 2017-2018թթ. 4 ՍՊԸ Սևանա լճում իրականացրել է խեցգետնի արդյունագործական 104տ ընդհանուր քաշով որս: Մինչդեռ նույն ժամանակահատվածում hանրապետությունից յոթ իրավաբանական անձինք, ներառյալ վերջիններս, արտահանել են շուրջ 357տ ընդհանուր քաշով վայրի խեցգետին: Այսինքն 253 տոննա խեցգետնի որսը կատարվել է առանց պայմանագրի: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016թ.-ին «Բնական կենդանական պաշարների օգտագործման» պայմանագրեր կնքած թվով 4 ընկերություններ դիմել են Նախարարություն, որպեսզի ստանան դեռևս 2015թ.-ին որսված և չարտահանված կենդանի խեցգետինը 2017թ.-ի ընթացքում արտահանելու համաձայնություն: Այդ շրջանակում բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը կատարել է ուսումնասիրություն, ըստ որի այդ 4 ՍՊԸ-ներում առկա է  2015թ. որսված ու չիրացված ընդհանուր 325տ. խեցգետին: Մինչդեռ տվյալներ են ստացվել, որ ուսումնասիրության համար նշված ժամանակահատվածում տեսչության աշխատակիցները Գեղարքունիքի մարզ չեն գործուղվել, նշված կազմակերպություններում խեցգետնի առկա իրական պաշարների ուսումնասիրություններ չեն իրականացվել: ԳԱԱ ԿՀԷԳԿ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի կողմից Հաշվեքննիչ պալատին տրված փորձագիտական եզրակացությամբ պարզվել է նաև, որ նման քանակի կենդանի խեցգետնի երկարատև պահպանման համար, ի թիվս այլ պարտադիր գործոնների, ՍՊԸ-ներին անհրաժեշտ են ոչ բետոնապատ այնպիսի մեծությունների ջրավազաններ, որոնք նրանք չունեն: Բացի այդ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015թ. ընկերությունների կողմից խեցգետնի արտահանման ծավալներն արդեն իսկ գերազանցել են նրանց տրված որսի թույլտվությունները:  Այսինքն, բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք 2016թ. նոյեմբերին ներկայացրել են խեցգետնի իրականում գոյություն չունեցող ծավալների մասին կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Արդյունքում իրավաբանական անձինք 2017-2018թթ. իրականացրել են 253տ անհայտ ծագման աղբյուրից ձեռք բերված վայրի խեցգետնի արտահանում, որի արդյունքում ենթադրաբար պետական բյուջե չի մուտքագրվել 253մլն դրամի բնօգտագործման վճար: ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի  կատարած գնահատման համաձայն՝ խեցգետնի արդյունագործական ընդհանուր կենսազանգվածը 2014-2016թթ կազմել է ընդհանուր 8530տ., որից օգտագործման ենթակա պաշարը (թույլատրելի որսաչափը)՝ 1900տ: Մինչդեռ անտեսելով որպես հիմք հանդսացող ՊՈԱԿ-ի հետազոտությունները՝ 2014-2016թ.-ին որսի թույլտվություն է տրվել ընդհանուր 5474տ. կամ շուրջ 3 անգամ ավել խեցգետնի որսի համար: Արդյունքում վտանգվել է խեցգետնի պոպուլյացիայի վերարտադրության պրոցեսը և այն ապահովելու համար անհրաժեշտ չափաքանակների պաշարները, ինչի հետևանքով 2017-2018թթ. արդյունագործական որսի թույլտվության բնեղեն քանակը կտրուկ նվազել է՝ 2017թ. կազմելով 42տ, 2018թ.՝ 3տ, որը 2015թ. համեմատ պակաս է շուրջ 900 անգամ, ինչով առաջացրել են ծանր հետևանքներ: Հաշվեքննության շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ կենսապաշարներ օգտագործող ընկերություններից մեկը 2017թ. առաջին եռամսյակում բնապահպանական պետական տեսչություն է ներկայացրել 17,95տ խեցգետնի պաշարների օգտագործման հաշվետվություն, այն դեպքում, երբ նրա ստացված որսի թույլտվությունը կազմել է 12 տոննա: Այսինքն օգտագործվել է ստացված թույլտվությունից 5,95տ-ով ավելի պաշար: Մինչդեռ տեսչական մարմնի պատասխանատու պաշտոնատար անձինք, օժտված լինելով կենդանական աշխարհի օբյեկտների արդյունագործական նպատակներով օգտագործման պահանջների պահպանման և վերահսկողության լիազորությամբ, կենսապաշարների ապօրինի օգտագործման առկա փաստը չեն արձանագրել և պատասխանատվության միջոցներ չեն կիրառել, որի արդյունքում բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառվել է շուրջ 6մլն դրամի վնաս: Նկատի ունենալով, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարավել է Քննչական կոմիտեին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:35 - 26 մարտի, 2020
Քննարկվել են Սևանա լճի էկոհամակարգի բարելավման միջոցառումները

Քննարկվել են Սևանա լճի էկոհամակարգի բարելավման միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում, որն ուղղված էր Սևանա լճի հիմնախնդիրների լուծմանը։ Քննարկումը վարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ), «Վեոլիա ջուր» ՓԲ, «Գեոկոմ» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչները և շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների ղեկավարները։Հանդիպման նպատակն էր ներկայացնել Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրների կարգավորման համար անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները։Նախարարության մասնագետները ներկայացրել են Սևանա լճի առկա վիճակը, կեղտաջրերի մաքրմանն առնչվող խնդիրների լուծումները, գետահուների մաքրման ծրագիրը և Սոթքի լքված պոչամբարի ուսումնասիրության արդյունքները։ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն անդրադարձել է Սևանա լճի հիմնախնդիրներին ուղղված առաջնահերթություններին, մասնավորապես՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ համատեղ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներին ու համատեղ իրականացվող միջոցառումներին։Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման հարցը։
10:24 - 04 մարտի, 2020
Սեւանա լճի ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում իրականացվում են անտառմաքրման աշխատանքներ

Սեւանա լճի ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում իրականացվում են անտառմաքրման աշխատանքներ

Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների» 2020 թվականի տարեկան ծրագրի, Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառմաքրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: Հունվարի 9-ից «Սևանա ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Ծովակի տեղամասում վերսկսվել են 2020 թվականի մաքրման աշխատանքները, որոնք իրականացվում են «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի կողմից: Աշխատանքներում ներգրավված է 16 միավոր տեխնիկա: Իրականացվող աշխատանքների ընթացքը ուսումնասիրելու նպատակով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի աշխատակիցները հերթական դիտարկումն են կատարել մաքրվող տարածքում: Նրանց տեղեկացմամբ՝ նախատեսված է մաքրել շուրջ 887 հա անտառապատ տարածք: Փետրվարի 28-ի դրությամբ մաքրվել է շուրջ 85 հա ջրածածկ տարածք: Աշխատանքներն, ըստ վարչության մասնագետների, իրականացվում են բարեխղճորեն, նախատեսված չափորոշիչներին համապատասխան: Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքները կշարունակվեն մինչև 2022 թվականը:
09:15 - 03 մարտի, 2020
Գետերի հունը մաքրելու նախագծման եւ գնահատման տենդեր է հայտարարվել․ շրջակա միջավայրի նախարար |news.am|

Գետերի հունը մաքրելու նախագծման եւ գնահատման տենդեր է հայտարարվել․ շրջակա միջավայրի նախարար |news.am|

news.am: Մենք անցկացրել ենք համապատասխան աշխատանքներ։ Նախարարությունը արդեն գետերի հունը մաքրելու նախագծման եւ գնահատման տենդեր է հայտարարել։ Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ նիստում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների այն հարցին, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկում կառավարությունը Սեւանա լիճ թափվող գետերը մաքրելու համար։ Նախարարի խոսքով՝ հայտարարվել է տենդեր, որից հետո ընտրվել է կազմակերպություն, որը ներկայում կատարում է կեղտաջրերի կառավարման միասնական մոտեցման նախնական գնահատումը։ «Այն հրավիրվել է «Վիոլա Ջուր» ընկերություն եւ անցկացրել է համապատասխան քննարկում»,- հայտնեց նախարարը։ Գրիգորյանը նաեւ ասաց, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության իրենց գործընկերների հետ քննարկել են միջազգային գրանտային այն նախագծի իրականացումը, որը վերաբերում է նոր ծրագրի իրականացման հետ կապված արդեն գոյություն ունեցող աղբավայրի՝ Կոտայք-Գեղարքունիք միացյալ աղբավայրի կոնսերվացմանը։ Ընդ որում, մեկ այլ ծրագրով աշխատանքներ են տարվում գետերի աերացիոն պոտենցիալը մեծացնելու ուղղությամբ։ Բացի այդ, նրա խոսքերով, կան կազմակերպություններ, որոնք կապված են մաքրող կառույցների հետ եւ արդեն մի շարք առաջարկություններ են ներկայացրել։
08:59 - 13 փետրվարի, 2020
Շարունակվում է Սևանի իշխանի մանրաձկան բացթողման աշխատանքները

Շարունակվում է Սևանի իշխանի մանրաձկան բացթողման աշխատանքները

«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագրի շրջանակներում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը շարունակում է 2015 թվականին մեկնարկած Սևանի իշխանի մանրաձկան բացթողման աշխատանքները: Բացթողումն իրականացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախախարի 2016 թվականի հունիսի 6-ի N138-Ա հրամանով ստեղծված մասնագիտացված աշխատանքային խմբի անմիջական մասնակցությամբ: Ս/թ նոյեմբերի 19-ին բաց է թողնվել Սևանի իշխանի՝ ամառային ենթատեսակի 22.5գ միջին քաշով, շուրջ 11,000 (տասնմեկ հազար) և գեղարքունի ենթատեսակի՝ 3.5գ միջին քաշով շուրջ 40,000 (քառասուն հազար) հատ մանրաձուկ:Այնուհետև ս/թ նոյեմբերի 26-ին իրականացվել է ևս մեկ խմբաքանակի 11,000 (տասնմեկ հազար) 21.5գ միջին քաշով ամառային իշխանի, և շուրջ 10,000 (տասը հազար) հատ 45.2գ միջին քաշով գեղարքունի իշխանի մանրաձկան բացթողում: Մանրաձուկը ձեռք է բերվել ‹‹Սևանի իշխան›› ՓԲԸ պատկանող մանրաձկան գործարանից, իսկ բացթողումն իրականացվել է Կարճաղբյուր և Մասրիկ գետերի գետաբերանների հարակից հատվածներում:Այսպիսով 2019 թվականին իրականացվել է Սևանի իշխանի շուրջ 72,000 հատ մանրաձկան բացթողում, որից 22,000-ը ամառային իշխան, իսկ 50,000-ը գեղարքունի:  Այս մասին ֆեսբուքյան էջում հայտնում են՝ Սևանի Իշխանի Պաշարների Վերականգնման և Ձկնաբուծության Զարգացման Հիմնադրամից։
11:49 - 04 դեկտեմբերի, 2019
Սևանա լճում մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք |armenpress.am|

Սևանա լճում մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք |armenpress.am|

armenpress.am։ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով 2019 թվականին անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները: Այս մասին նշված է Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված որոշման նախագծում: Լճում մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք (2019թ․ մաքրվելիք տարածքը ներառյալ), որից 826 հեկտարը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։ «Պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է, այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ»,- նշված է նախագծում: Վերջին տարիների ընթացքում Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետ կապված ջրի տակ են հայտնվել ափամերձ անտառածածկ տարածքները, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում լճի ջրի որակի և մաքրության վրա: Լճում հայտնված ցամաքային ծառաթփային բուսականության փտման արդյունքում առաջացած օրգանական նյութերը նպաստում են լճի էվտրոֆիկացման պրոցեսներին` արդյունքում առաջացնելով տոքսիկ օրգանական նյութեր: Դրանք գումարվելով ծառաթփային բույսերի փտման հետևանքով գոյացող տոքսիկ նյութերին խիստ բացասական ազդեցություն կունենա լճի կենդանական աշխարհի բնականոն զարգացման վրա` սկսած լճի էկոհամակարգի սննդային շղթայի բուրգի հիմքից` բենթոսից և պլանկտոնից, ընդհուպ սննդային բուրգի գագաթը` արդյունագործական նշանակություն ունեցող ձկները և խեցգետինը, ինչպես նաև ջրլող թռչունները:
09:38 - 30 հոկտեմբերի, 2019