Սահման

«Մայիսի մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ»․ Արմեն Գրիգորյանը՝ ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին նոյեմբերից հետո պաշտոնապես դիմելու մասին

«Մայիսի մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ»․ Արմեն Գրիգորյանը՝ ՌԴ-ին եւ ՀԱՊԿ-ին նոյեմբերից հետո պաշտոնապես դիմելու մասին

«Ի վերջո Մոսկվային, ՀԱՊԿ-ին գրավոր պաշտոնական դիմում եղե՞լ է նոյեմբերի 16-ից հետո»․ Ազատություն ՌԿ-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ մայիսի 12-ից հետո արդեն դիմել էին, եւ որ դիմելու գործընթացը պրոցեսի մեջ է․ «Մենք ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներից ակնկալում ենք այս հարցի լուծման գործընթացում աջակցություն։ Ինչպես գիտեք՝ բազմիցս հայտարարել ենք, որ դիվանագիտական ճանապարհով պատրաստ ենք հարցը լուծել, բայց եթե դիվանագիտական ճանապարհով չի լուծվում, մենք պետք է մտածենք լուծման այլ տարբերակներ, եւ մենք մեր գործընկերներից աջակցություն ենք ակնկալում»։ Ճշտող հարցին՝ այսինքն՝ երբ նոյեմբերին ասում էին, որ դիմում են ՌԴ-ին, նկատի ունեին մայիսի դիմո՞ւմը, Գրիգորյանը պատասխանեց․ «Նաեւ մայիսի դիմումը․ դա շարունակում է ուժի մեջ մնալ, մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ, որովհետեւ մայիսի 12-ին ստեղծված ճգնաժամի շարունակությունն է սա, հարցը չի լուծվել»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի հետ շարունակում են քննարկել, եւ ընդհանուր մոտեցում կա, որ դա ուղղակի սահմանային միջադեպ չէ․ «Մենք շարունակում ենք ակնկալել, որ աջակցություն կցուցաբերեն, որպեսզի կարողանանք հարցը լուծել, որովհետեւ նաեւ ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերությունները ենթադրում են, որ նման իրավիճակներում մենք պետք է ստանանք համապատասխան աջակցություն, որպեսզի կարողանանք հարցեր լուծել»։  
14:51 - 02 դեկտեմբերի, 2021
Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի․ Արմեն Գրիգորյան

Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի․ Արմեն Գրիգորյան

Վերջերս մենք ե՛ւ ՌԴ-ին, ե՛ւ Ադրբեջանին առաջարկներ ենք փոխանցել։ Դրանց իմաստը հիմնականում այն է, որ զորքերը հայելային հետ են քաշում, այդտեղ տեղակայվում են կողմերի սահմանապահ զորքեր․ մենք նույնիսկ առաջարկում ենք, որ սահմանապահ զորքերի քանակը սահմանափակ լինի, նույնիսկ նրանց զենքը սահմանափակում ունենա, եւ կարողանանք սահմանում հնարավորինս հանդարտություն ապահովել։ Այս մասին Ազատություն ՌԿ-ի հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այս առաջարկները հնչեցրել ենք, մենք պատրաստ ենք այս գործընթացին։ Մայիսից մինչեւ հիմա որեւէ դրական ազդակ չենք ստացել, բայց սպասում ենք։ Կարծում ենք, որ նաեւ միջազգային հանրությունը պետք է ակտիվ դերակատարում ունենա, որովհետեւ տեսնում ենք, որ սահմանին միջազգային հանրության բացակայությունը պարբերաբար բերում է էսկալացիայի։ Մեր այդ առաջարկները հենց անվտանգության երաշխիքներ ստեղծելու մասին են, ինչը հնարավորություն կտա նաեւ սահմանազատման եւ սահամանագծման գործընթացին անցնել։ Մեր առաջարկը միջազգային հանրությանը եւ ՌԴ-ին շարունակում է բաց մնալ»,- նշեց նա։ Հարցին՝ Երեւանը պատրա՞ստ է անկլավների փոխանակման հարց քննարկել, այս հարցը կա՞ օրակարգում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ նախ պետք է պարզել՝ անկալվներ կա՞ն, թե՞ ոչ․ «Որովհետեւ մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթներով անկլավների հարցով որեւէ իրավական հիմք չկա»,- ասաց ԱԽ քրատուղարը՝ նշելով, որ իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք 1920-ականներից մինչեւ 70-ականներ են եղել, եւ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման հարց չկա։  
14:28 - 02 դեկտեմբերի, 2021
Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ապաշրջափակման մասին հայտարարությունների ներքո մեր գյուղերում էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծել․ ՄԻՊ |tert.am|

Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ապաշրջափակման մասին հայտարարությունների ներքո մեր գյուղերում էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծել․ ՄԻՊ |tert.am|

tert.am: Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ապաշրջափակման մասին հայտարարությունների ներքո մեր գյուղերում էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծել։ Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Մեր՝ Սյունիք կատարած այցը նպատակ ուներ ուսումնասիրել Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները փակվելու՝ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդկանց վրա ազդեցությունը՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով առաջացել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ։ Ճանապարհների դիտարկելիության, վիճակի, անվտանգության լուրջ խնդիրներ կան։ Երկու ճանապարհն էլ՝ այլընտրանքայինը, որ առաջարկվում է կառուցել, թե՛ Կապանից Ճակատեն և մյուս  գյուղեր, թե՛ դեպի Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, Նոր Առաջաձոր տանող ճանապարհները մարդու անվտանգության լրջագույն սպառնալիքի տակ են, կյանքի իրավունքը ոտնահարված է»,-ասել է Թաթոյանը՝ նշելով, թե երկու ճանապարհներն էլ ուղիղ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից։ «Ի՞նչ ազդեցություն ունեն այլընտրանքային ճանապարհները, երբ նույն կերպ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Ադրբեջանն ամեն օր ատելություն է տարածում ու խրախուսում»,-նշել է ՄԻՊ-ը։ Ավելին՝ tert.am-ում
12:29 - 02 դեկտեմբերի, 2021
Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի նիստը կշարունակվի մոտակա օրերին |armenpress.am|

Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի նիստը կշարունակվի մոտակա օրերին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Մոսկվայում կայացած նիստի վերաբերյալ հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: «Նիստի ավարտից հետո միայն կարող ենք խոսել դրա արդյունքների մասին»,-նշեցին գրասենյակից: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը կայացել է Մոսկվայում դեկտեմբերի 1-ին: Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով: Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել էին նոյեմբերի 26-ի հանդիպմանը: Նշվել էր, որ սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները երկու պետությունների միջև նախատեսվում է ստեղծել մինչև տարվա վերջ:
11:40 - 02 դեկտեմբերի, 2021
Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել և նոր ջանքեր են պահանջում. Շառլ Միշելը հայտնել է ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը |tert.am|

Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել և նոր ջանքեր են պահանջում. Շառլ Միշելը հայտնել է ԵՄ պատրաստակամությունն՝ աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորմանը |tert.am|

tert.am: ԵՄ-ն պատրաստ է իր դերակատարությունն ունենալ հակամարտությունների կարգավորման և կանխման հարցում: Դա ներառում է վստահության ամրապնդումն ու աջակցումը համապարփակ ու կայուն կարգավորմանն, այդ թվում՝ հետհակամարտային վերականգնմանն ուղղված միջոցառումների հարցում: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովում:«Միայն քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է բերել կայուն կարգավորման: Ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են հիմնարար խնդիր լինել: Դրանք նոր ջանքեր են պահանջում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:
11:10 - 01 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանցի զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը. ՄԻՊ

Ադրբեջանցի զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը. ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար՝ բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված։ Ուստի, անհրաժեշտ է վերացնել խախտման աղբյուրը՝ խնդիրների իրական պատճառը: Երեկ և այսօր ուսումնասիրել ենք այս պահին շահագործվող այլընտրանքային ճանապարհի դիտարկվող հատվածները (կից լուսանկարներում դիտարկվող ոչ բոլոր մասերն են)։ Ուսումնասիրություններ ենք արել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի (Gevorg Parsyan) և նրա անձնակազմի հետ: Գյուղերում բնակիչները նաև վկայեցին, որ երբ 90-ական թվականներին այդ այլընտրանքային ճանապարհը ստիպված են եղել շահագործել, ադրբեջանական զինված ծառայողների դիտարկելու պատճառով՝ եղել են նրանց կողմից քաղաքացիական տներ ու մարդկանց հրազենով, այդ թվում՝ դիպուկահար կրակոցներով, թիրախավորելու դեպքեր։ Փաստերն ակնհայտ են հաստատում, որ հայատյացության պետական հովանավորչությունն ու խրախուսումն Ադրբեջանի իշխանությունների կողմից այս տարիների ընթացքում միմիայն խորացել է և նոր՝ ծայրահեղ դրսևորումներ է ստացել՝ հասնելով ֆաշիզմի։ Իսկ վերջին պատերազմի ընթացքում դրսևորվել է դաժանություններով ու մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներով: Հետևաբար, նման դեպքերի կրկնությունը չի բացառվում։ Ընդ որում, այս ճանապարհի դեպքում տեղանքի առանձնահատկությունն այն է, որ շատ մասեր հատկապես ձմռան ամիսներին կդառնան պարզապես անանցանելի: Այս մասին վկայել են նաև գյուղերի բնակիչները՝ հիշելով, որ 90-ական թթ. ճանապարհը շահագործելու ժամանակ բախվել են նույն խնդիրների: Սա իր հերթին ավելի կխորացնի գյուղերի գյուղերի մեկուսացման աստիճանը։ Հարկ եմ համարում հատուկ նշել, որ ինքներս ենք տեսել, թե ինչպես են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը կամ պարզապես հարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար: Մարդկանց չարչարանքը միմիայն գնահատելի է, բայց, ինչպես արդեն ասել եմ, հարցն այստեղ բոլորովին այլ է: Լուծված չէ ամենագլխավորը՝ երաշխավորված չեն մարդկանց կյանքի իրավունքը, անվտանգությունն ու ազատ տեղաշարժի իրավունքը, մյուս կենսական իրավունքները: Այսինքն՝ որպես այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն): Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխում է միջազգային փորձից ու չափանիշներից: Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում և վերջ: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմ միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին»:
11:05 - 01 դեկտեմբերի, 2021
Սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրվում են |armenpress.am|

Սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրվում են |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձությունները կդառնան ծառայողական քննության առարկա և դրանց արդյունքների վերաբերյալ կիրազեկվեն Ազգային ժողովի պատգամավորները: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչպես կմեկնաբանի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, եթե չկրակելու հրաման չի եղել:  «Ինչ վերաբերում է ձեր նշած ժամանակահատվածում ծեծկռտուքներին, ապա դրանք իրավիճակից բխող այդ պահի թելադրանքով զինվորականների կողմից իրականացվող գործողություններ էին, որոնք կարող են և գնահատականի արժանանալ:  Նշեմ նաև, որ ուսումնասիրություններ այդ առումով իրականացվում են: Կարծում եմ, որ ուսումնասիրությունները ծառայողական քննության առարկա կդառնան նաև մայիսի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները և դրանց արդյունքների մասին կիրազեկվեք նաև դուք՝ որպես Ազգային ժողովի պատգամավորներ»,- ասաց Սարգսյանը:
12:43 - 30 նոյեմբերի, 2021
Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը վերաբերում է նաև ռազմագերիների ու պատանդների վերադարձին. ԱԳՆ խոսնակ

Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը վերաբերում է նաև ռազմագերիների ու պատանդների վերադարձին. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, նշել է, որ նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում: Առաջին՝ Սոչիի հայտարարությունով կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։ Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին։ Երկրորդ՝ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը: Եվ երրորդ՝ ըստ հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իսկ այդ ուղղությամբ առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը։ «Համոզված ենք նաև, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»,-նշել է Հունանյանը։
09:31 - 30 նոյեմբերի, 2021
Ուշադրության կենտրոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի վերականգնումն է. Մարիա Զախարովա |armenpress.am|

Ուշադրության կենտրոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի վերականգնումն է. Մարիա Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն ամեն ինչ անում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանի խաղաղ կենսագործունեության կարգավորման ուղղությամբ:   Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը:  «Եռակողմ ջանքերի շնորհիվ համապատասխան աշխատանքը գործնականում իրականացվում է: Ինչ վերաբերում է բարձր մակարդակի հանդիպումներին, ինչպես գիտեք, դա Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մեկնաբանելու իրավասությունն է: Կարող եմ ասել, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի քայլեր ձեռնարկենք կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանի խաղաղ կենսագործունեության կարգավորման ուղղությամբ, եւ, իհարկե, հատուկ ուշադրությունն այժմ կենտրոնացած է առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու, զարգացնելու վրա»,- ասաց Զախարովան:
16:16 - 25 նոյեմբերի, 2021
Հրապարակվել է ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նախագահին հասցեագրված նամակը՝ պաշտոնական փաստաթուղթ

Հրապարակվել է ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նախագահին հասցեագրված նամակը՝ պաշտոնական փաստաթուղթ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է փաստաթուղթ՝ կից նշելով․ «Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին հասցեագրված ՀՀ մշտական ներկայացուցչի՝ նոյեմբերի 16-ի նամակը՝ որպես ԱԽ պաշտոնական փաստաթուղթ, հասանելի է հետևյալ հղումով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, հայտնել էր, որ «ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի (ՀՀ սահմանին ադրբեջանական ագրեսիայի- խմբ․) մասին»։ Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 16-ի ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։   
09:24 - 23 նոյեմբերի, 2021