Սեյրան Օհանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության ղեկավար։

Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին։ Սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանում։ 1992թ․ դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետ։ 1994-1998թթ. եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998թ. հոկտեմբերից՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

1999-2000թթ. զբաղեցրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը,  2000-2007թթ. եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար:

2007-2008 թ․-ին եղել է ՀՀ զիված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

2008-2016թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1995թ. արժանացել է գեներալ-մայորի, 2000թ.՝ գեներալ-լեյտենանտի, 2007թ.՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչումների:

1999 թ․-ին արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման  եւ «Ոսկե արծիվ» շքանշանի։

 

Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը |hetq.am|

Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. ապրիլի 27-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝    Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ։   477.473.907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600.762.179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:  Գլխավոր դատախազության հաղորդմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այլ գործերով ևս, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ, որոնց մասին հընթացս կտեղեկացվի:
14:08 - 30 մայիսի, 2022
Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրել

Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու երաշխավորագրեր են ներկայացրել

Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով Ա.Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտնում է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը։ Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանքի մեջ է, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք գործելու մեջ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ։  Պատգամավորները, ըստ պաշտպանական խմբի հաղորդագրության, երաշխավորում են, որ Ավետիք Մկրտչի Չալաբյանն ազատության մեջ գտնվելով՝ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանն ու չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց։  Երաշխավորագիր է ներկայացրել նաև «Արար» հիմնադրամը, որը ևս երաշխավորում է, որ Ավետիք Չալաբյանը չի խոչընդոտի և չի խուսափի քննությունից, ինչպես նաև հորդորում է փոխել նրա խափանման միջոցն ու ազատ արձակել։
13:33 - 26 մայիսի, 2022
Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացը չի տապալվել, եղել են տարբեր փաստաթղթեր. Սեյրան Օհանյան
 |news.am|

Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացը չի տապալվել, եղել են տարբեր փաստաթղթեր. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Սեյրան Օհանյանը համաձայն չէ տեսակետին, որ ընդդիմության կազմակերպած ակցիաներին մասնակցող մարդկանց թիվը չի ավելանում: «Մենք Երեւանում եւ մարզերում մեկ շաբաթ է, որ իրականացնում ենք տարբեր ակցիաներ, եւ դուք նկատել եք, որ բավականին լուրջ քանակություն է հավաքվում», - «Հաղթանակ» զբոսայգում այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Մենք  ամեն օր այդ միջոցառումներից հետո նստում, վերլուծում ենք, արդյունքներն ամփոփում ենք, նշում ենք դրական, նաեւ այն բացթողումները, որոնք կան: Կարծում եմ՝ այս թափանիվը շարժվում է առաջ, մեր համակիրների թիվն ավելի է մեծանում: Սա մեկ անձի շարժում չէ, նախկին իշխանությունները, նախկին նախագահներն ամեն ինչ արել են, որ մենք արժեքներ ձեռք բերենք: Մենք ձեռք ենք բերել անկախություն, ձեռք ենք բերել ինքնիշխանություն, այդ տարիներին կանոնավոր բանակ է ձեւավորվել, հաղթել ենք Արցախում, Արցախն ու Հայաստանը եղել են մեկ կուռ անվտանգային համակարգ: Այս իշխանությունների օրոք է, որ գալով իշխանության 2018-ին, իրենք իրենց որոշումներն իրականացրել են իրավիճակի ոչ սթափ գնահատման եւ ոչ սթափ կանխազգացումի արդյունքում: Ամեն ինչ արել են, որ բանակցային գործընթացը չլինի: Իսկ այնտեղ, որտեղ վերանում են բանակցությունները, սկսվում են մարտական գործողություններ», - ասաց նա: Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն է ԱԺ-ում ժամանակին հայտարարել, որ բանակցային գործընթացը տապալվել է, Սեյրան Օհանյանը հակադարձեց. «Բանակցային գործընթացը Սերժ Սարգսյանի ժամանակ և նախկին նախագահների ժամանակ չի տապալվել․ եղել են տարբեր փաստաթղթեր եւ տարբեր ատյաններում դրանք ուղղված են եղել միայն ու միայն Արցախի ինքնորոշումն առաջ տանելու: Այդ բանակցային գործընթացն է թույլ տվել, որ Արցախի ու Հայաստանի նկատմամբ լայնածաված գործողություններ չլինեն: Այսօրվա իշխանություններն են, որ իրավիճակի ոչ սթափ գնահատմամբ բերել են նոր պատերազմի: Նրանք պատերազմի ողջ ընթացքում խրախուսել են նահանջը, Նիկոլ Փաշինյանն անձամբ, 4-րդ նախագահն անձամբ, իրենց ձեռքով , չտիրապետելով իրավիճակին, տվել են տարբեր կոչումներ»:
13:04 - 09 մայիսի, 2022
«Ես դղյակ չունեմ»․ Սեյրան Օհանյանը՝  պատասխանելով հարցին, թե «իր դղյակն օրինակա՞ն է»

«Ես դղյակ չունեմ»․ Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե «իր դղյակն օրինակա՞ն է»

Հաղթանակի զբոսայգում, ուր ընդդիմադիր պատգամավորները այցելել են՝ ծաղիկներ խոնարհելու, լրագրողները ծավալուն զրույց ունեցան պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Օրվա խորհրդից, ներքաղաքական մի շարք հարցեր քննարկելուց հետո լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե լինելով պաշտպանության նախարար եւ պետական պաշտոնյա՝ ինչպե՞ս է Օհանյանին հաջողվել Վահագնի թաղամասում ձեռք բերել նման շքեղ առանձնատուն․ «Եթե ձեր կյանքը նվիրել եք բանակաշինությանը, Մոնումենտի դղյակները, Սեւանի դղյակները տեսել եք, չէ՞, բոլորը բանակաշինության համար ինչ-որ մի բան արել են, եթե կոռուպցիա չի եղե, թալան չի եղել, բա որտեղի՞ց այդ ամենը»,- հարցրեց նա։ Ի պատասխան լրագրողի հարցին՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Իսկ ես ասացի՝ չի՞ եղել կոռուպցիա, ես, օրինակ, կարող եմ ասել հետեւյալը․ դուք եւ այսօրվա իշխանությունը բանակային կյանքը վերածել եք հասարակ, կենցաղային մակարդակի եւ կենցաղային փիառի, սա մեկ։ Երկրորդ, այսօրվա իշխանությունները եւ բոլոր իշխանությունները ունեն բոլոր հնարավորությունները՝ գնալու եւ պարզելու, թե ով ինչ ունի, եւ օրինական է թե ոչ, թող գնան, այդ ամեն ինչը պարզեն»։ Լրագրողի հարցին՝ հիմա իր դղյակը օրինակա՞ն է, Օհանյանը պատասխանեց․ «Ես դղյակ չունեմ»։ Ճշտող հարցին՝ Վահագնի թաղամասում չունի՞ դղյակ, Օհանյանը դարձյալ բացասական պատասխան տվեց։ Լրագրողը հետաքրքրվեց՝ չի էլ կառուցվո՞ւմ, ինչին արդեն Օհանյանը չպատասխանեց․ «Չեմ ուզում, չեմ պատասխանում, մենք այլ բանի մասին ենք խոսում»,- ասաց նա՝ հերթական անգամ շնորհավորելով Եռատոնի առթիվ եւ համախմբման կոչ անելով ժողովրդին։
12:05 - 09 մայիսի, 2022
«Դիմադրության» շարժման բեկումնային պահն արդեն անցել է. Սեյրան Օհանյան
 |news.am|

«Դիմադրության» շարժման բեկումնային պահն արդեն անցել է. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Քիչ առաջ «Հաղթանակ» զբոսայգի այցելեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պօտգամավորները՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհնյանի գլխավորությամբ: Նրանք ծաղիկներ խոնարհեցին Մեծ հաղթանակի հերոսներին նվիրված հուշակոթողի մոտ: Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց հայ ժողովրդին, կամավորականներին, երկրապահներին Պաշտպնության բանակի ողջ անձնակազմին այսօրվա կապակցությամբ. «Տարիներ առաջ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» օպերացիան մի քանի ուղղություններով պատմական էր մեզ համար: Այն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ ժողովրդի ոգին անկոտրում է: Դրանով նաեւ հիմք ստեղծվեց Հայաստանի եւ Արցախի ցամաքային միացման, որովհետեւ հետագայում գործողությունները բերեցին նրան, որ Արցախը միացավ մայր Հայաստանին: Նաեւ ռազմական առումով մեծ նշանակություն ունեցող օպերացիա էր, որը թեկուզ իրականացվեց կամավորականների միջոցով, բայց այնուամենայնիվ ռազմական գիտության պահանջների համաձայն: Այն նաեւ հիմք հանդիսացավ հետագա հաղթանակների: Այսօր իրավիճակն այլ է, կարծես Եռատոնը խլեցին մեզանից: Այս ամենից պետք է հետեւություննե անել, դասեր քաղել այն թերություններից, որոնք եղել են: Ամենամեծ դասը այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիր իշխանությունը չի կարողացել համախմբվել եւ համապատասխան վերահսկողություն իրականացնել: Այս դասերը պետք է քաղենք հետագայի համար, նկատի ունեմ ողջ ժողովրդին: Եթե իշխանությունները չեն չեն ցանկանում դասեր քաղել, ապա ժողովուրդն իր համախմբվածությամբ պետք է ստիպի իշխանություններին, իսկ եթե դա նրանք չեն ցանկանում, պետք է հեռացնի այս իշխանություններին»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:  Նրա խոսքով «Դիմադրության» շարժման բեկումնային պահն արդեն անցել է, մնում է միայն խնդրել ժողովրդին, որ հանրային ճնշմամբ հեռացնի այս իշխանություններին:. «Այս իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել, իրենք շարունակում են պարտությունների, անհաջողությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին: Իսկ հայ ժողովուրդը, հայկական բանակն ի վիճակի է արագ կերպով վերականգնելու մեր երբեմնի հաջողությունների և հաղթանակի ոգին, պարզապես պետք է խնդրենք յուրաքանչյուր քաղաքացու համախմբվել, որովհետև «Դիմադրության» շարժումը մեկ մարդու, մեկ քաղաքացու շարժում չէ, սա յուրաքանչյուրի սրտում ու հոգում պետք է լինի։ Այս բեկումնային պահից հետո թափանիվը վերջնականապես պտտենք, համախմբենք և հանրային ճնշումն ավելի սաստկացնենք այս իշխանություններին հեռացնելու», - ասաց Օհանյանը։ Նա նշեց, թե «Դիմադրություն» շարժումն ու դրա պայքարն ուղղված չէ սոցիալական վիճակին, այն ուղղված է արժանապատվությունն ուղղելուն։
12:04 - 09 մայիսի, 2022
Պետրոս Ղազարյանի՝ բանավեճի առաջարկը Հայկ Կոնջորյանը ընդունել է, Սեյրան Օհանյանը՝ մերժել

Պետրոս Ղազարյանի՝ բանավեճի առաջարկը Հայկ Կոնջորյանը ընդունել է, Սեյրան Օհանյանը՝ մերժել

Հանրային Հեռուստաընկերության հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում բանավեճի է հրավիրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին։  Հրավերին արձագանքել է և՛ Հայկ Կոնջորյանը, և՛ Սեյրան Օհանյանը։  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ « Պետրոս Ղազարյանը ինձ և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել է բանավեճի՝ Հանրային եթերում։ Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։ Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ՝ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։ Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»,- գրել է Կոնջորյանը։  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանել է․  «Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։ «Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է»,- ասված է Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։  Հայկ Կոնջորյանը կրկին գրառում է կատարել՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ հրավերի մերժմանը։  «Փախչող ընդդիմության մայրամուտը   Սեյրան Օհանյանը պաշտոնապես հրաժարվեց ինձ հետ Հ1֊ի եթերում բանավիճել։ Չեմ ուզում հավատալ, որ գեներալ Օհանյանը վախեցավ։   Այժմ եկեք արձանագրենք 3 բան.   Ընդդիմությունը փախչում է արտաքին դիվանագիտության խրամատից,   Ընդդիմությունը փախչում է ԱԺ նիստերի դահլիճից,   Ընդդիմությունը փախչում է հեռուստատեսային տաղավարներից։   Հիմա հարց՝ որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում ընդդիմությունը փրկել հայ ժողովրդին, եթե բոլոր տեղերից փախչում է։ Եվ ինչպե՞ս կարող է փախչողը փրկել ժողովրդին։   Սիրելի՛ ժողովուրդ, ձեր ոգին ամուր պահեք, ձեր միտքը՝ սթափ։ Մենք կանգուն ենք և կանգուն ենք մնալու՝ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետության»,- նշել է Կոնջորյանը։     
20:41 - 05 մայիսի, 2022
Բավականին լուրջ անձնավորություններ ունենք բոլոր ոլորտներում, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կարող են իրենց ոլորտները ղեկավարել․ Օհանյանը՝ վստահության կառավարության մասին

Բավականին լուրջ անձնավորություններ ունենք բոլոր ոլորտներում, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կարող են իրենց ոլորտները ղեկավարել․ Օհանյանը՝ վստահության կառավարության մասին

Փողոցային պայքարը միանշանակ անհրաժեշտություն է, որովհետև դրանք այն գործողություններն են, որոնք կստիպեն այս իշխանություններին առաջինը փորձել խելքի գալ, բայց կարծում եմ, որ այս իշխանությունների օրոք երբևիցե Հայաստանը ճիշտ ուղու վրա չի լինելու զարգանալու։  Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Դրա համար այս գործողություններն են, որ պետք է գեներացնեն այն ամբողջ ուժը, որ մեր ժողովուրդը հասկանա, որ յուրաքանչյուրը պետք է կանգնի մեր արժանապատվության պահպանման համար։  Կեղծ օրակարգ է, որ եթե մենք ըմբոստանանք, հակառակորդը կարող է սադրանքներ իրականացնել։ Ազնիվ օրակարգը մեր արժանապատվությանը պաշտպանության կանգնելն է, ազնիվ օրակարգը մեր ողնաշարն ուղղելն է հետագա պայքարի համար»։ Խոսելով այն քաղաքացիների մասին, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանին, սակայն չեն ուզում մասնակցել ակցիաներին, որտեղ ներգրավված են նախկին իշխանությունների ներկայացուցիչները՝ Օհանյանն ասաց․ «Մենք պետք է համապատասխան աշխատանք տանենք յուրաքանչյուր քաղաքացու հետ, և յուրաքանչյուր քաղաքացի իր համոզմունքների մեջ պետք է վստահ լինի, որ այս ճանապարհը ճիշտ ճանապարհ է, և չպետք է հնազանդվել և էսպես կուրորեն գնալ թուրքահպատակության։  Դրա համար համոզելու աշխատանքն ամենաբարդ աշխատանքն է, համոզման մեթոդը ամենադժվար մեթոդն է։ Ավելի հեշտ մեթոդ է այսպիսի բիրտ ուժ կիրառել, ինչպես այսօր կիրառեցին այսօրվա իշխանությունները։ Եթե այսքան ուժ ունեին նրանք՝ ոստիկանություն և այլ ուժային կառույցներ, թող այդ ուժերը տանեին Շուշի, Հադրութ և պաշտպանեին մեր հայրենիքը», - նշեց Օհանյանը։  Օհանյանը ներկայացրեց, թե որոնք են լինելու ընդդիմության քայլերը։ Նշեց՝ մենք ամեն ինչ անելու են, որ հայ ժողովրդի վստահությունը բարձր մակարդակի վրա պահեն․ «Լինելու է երևի ժամանակավոր կառավարություն, վստահության կառավարություն, բարձր պրոֆեսիոնալների կառավարություն, որոնք էլ հետագա քայլերը քաղաքական առումով կորոշեն, նկատի ունեմ՝ ընտրություններ կլինեն և այլ քայլեր։  Ուզում եմ նաև մեր ժողովրդին ասել․ չպետք է վախենալ «հին» ասելուց։ «Հին» ասել չի նշանակում միայն ու միայն թերություններ, միայն ու միայն բացթողումներ։ Հին իշխանությունների մենձ ձեռք են բերել անկախություն, հին իշխանության օրոք մեր իշխանության բոլոր թևերը ձևավորվել են և զարգացել են, հին իշխանությունների օրոք մենք բանակ ենք ձևավորել և նաև Արցախում հաղթանակ ենք ունեցել, Հայաստանն ու Արցախը միասին զարգացել են։ Նոր իշխանությունների օրոք է, որ անփորձների մի թիմ է այսօր հայտնվել մեր իշխանության ղեկին, և մեր երկիրը բերեցին հասցրին այս իրավիճակին»։ Պատգամավորը հայտնեց՝ պարտադիր չէ, որ «հները» բոլորը լինեն իշխանության ղեկին։ «Իհարկե, խելացի մարդիկ միշտ փորձի հետ նաև կիրառում են նաև երիտասարդությունը, բայց միայն փորձի հետ, որովհետև փորձը պետք է գերակայի։ Եվ նաև պետք է անցումային գործողություններ իրականացնել, ասենք՝ մեր երիտասարդներին նախապատրաստելու ժամանակ։ Բայց նաև հների մոտ մի առավելություն կա․ այս իշխանությունները դեռևս չեն գնահատում, դասեր չեն քաղել իրենց բացթողումներից, իրենց սխալներից։ Ես, օրինակ, տեսնում եմ և՛ իմ սխալները, տեսնում եմ և՛ այսօրվա իշխանությունների սխալները։ Ես ավելի լավ հետևություններ կարող եմ անել, թե ինչպիսի ուղով մեր երկիրը պետք է գնա։ Հին, փորձառու, մանավանդ՝ ռազմական ոլորտում փորձառու մարդկանցից չպետք է խուսափել», - ասաց նա։ Հարցին, թե ովքեր պետք է լինեն վստահության կառավարության թիմում, պատասխանեց․ «Ես հիմա չեմ  ասել, կարծում եմ, ,որ հայի գենը թույլ է տալիս մեզ ասելու, որ բավականին լուրջ անձնավորություններ ունենք բոլոր ոլորտներում, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կարող են իրենց ոլորտները ղեկավարել»։
15:58 - 02 մայիսի, 2022
«Մինչև 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել, հնարավոր էր այնպես անել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ»․ Սեյրան Օհանյան

«Մինչև 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել, հնարավոր էր այնպես անել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ»․ Սեյրան Օհանյան

Այսօր 16։30-ից մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Ընդմիջումից հետո կազմակերպիչները հայտնեցին, որ վրանների մի մասն արդեն տեղադրված է։  Ելույթ ունեցավ ՀՀ պաշպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Նա հայտարարեց, որ պայքարի կենտրոնը պետք է լինի յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր գյուղ, բնակավայր, յուրաքանչյուր տուն։ «Եվ եթե մենք մտածում ենք մեր ապագայի մասին, ապա յուրաքանչյուր սիրտ պետք է լինի այդ պայքարի հիմքը։ Ամեն մեկս մեր խղճի կամոք, մեր սրտի թելադրանքի ներքո պետք է մտածենք՝ պե՞տք է անկախ լինի հայ ժողովուրդը, թե՞ ոչ, թե՞ մենք պետք է, էսպես ծնկի իջած, ենթարկվենք այն բոլոր պայմաններին, որ այսօր թելադրում են Հայաստանի Հանրապետության իշխանություններին», - նշեց Օհանյանը։ Սեյրան Օհանյանն հայտարարեց, որ մինչև 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել․ «Այսօրվա իշխանություններն ասում են, որ այս պայմաններով հնարավոր չէ այս կամ այն գործունեությունը։ Ես ձեզ ուզում եմ ասել հետևյալը․  մինչև 20 թվականի 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել, հնարավոր էր խելացի բանակցային քաղաքականությամբ այնպես անել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ։ Նրանք միտումնավոր կամ անգրագիտությամբ (կապ չունի իմ համար) իմ հայրենիքի ճակատագրի հետ են խաղացել՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի։ Պատերազի ժամանակ, նրանք ասում են, որ հնարավոր չէր պայքարել։ Իհարկե, ձեր անկազմակերպվածության, պետությունը ռազմական ռելսերի վրա չդնելու պայմաններում, երկիրը չհամախմբելու պայմաններում, սև ու սպիտակի բաժանելու պայմաններում անհնարին էր։ Այն մեծ անօրինականությունների, խառնաշփոթի պայմաններում, իհարկե, անհնարին էր։ Իսկ դուք գնացեք, հարցրե՛ք իմ ծառայակից ընկերներին, իմ մարտական ընկերներին, իմ այսօրվա գաղափարակից ընկերներին՝ հնարավո՞ր էր պատերազմում այնպես անել, որ գոնե չպարտվենք, Գոնե Հադրութի, Շուշիի լեռնաանտառային պայմաններում մենք կանգեցնեինք նրան։ Հնարավո՛ր էր։ Հնարավոր էր նաև հաղթանակ տանել,  բայց մատը մատին չենք խփել, ոչ միայն օրենսդիրը, ոչ միայն գործադիրը», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում։ Նա նշեց, որ ո՛չ դատախազությունը, ո՛չ մնացած իրավապահ մարմինները «մատը մատին չեն խփել անօրինականությունները, խառնաշփոթը մարտի դաշտում և ՀՀ թիկունքում կարգի բերելու, կանգնեցնելու, վերախմբավորում իրականացնելու և հաղթելու համար»։ «Ոչ մեկը՝ ո՛չ Քարվաճառում, ո՛չ Մարտակերտում, ո՛չ Ակնայում, ո՛չ Մարտունիում կռվող ո՛չ հրամանատար, ո՛չ զինվոր, մեղավոր չէ, որ հարավային հատվածում  մխրճում է եղել․ բոլորը հերսաբար կռվել են։ Մալաձյեց այն բոլոր այն վայրերում, որ հրամանատարն ու զինվորը կռվել են, բայց ոչ մալաձյեց այս երկրի իշխանություններին, որոնք, խորքում կանգնելով, չեն տեսել այդ թատերաբեմը, ուժ չեն կուտակել այդ մխրճումը, ճեղքվածքը փակելու համար։ Իսկ ես ասում եմ՝ հնարավո՛ր էր դա անել։ Հնավոր էր ՀՀ սահմաններն ամրապնդել», - հայտարարեց նա։ Օհանյանն անդրադարձավ բանակի բարեփոխումներին․ «Եվ այս պայմաններում, մեկուկես տարի է անցել, խոսում են թմբկահարում են (կներեք, այս բառը պիտի օգտագործեմ), երգում են բանակի բարեփոխումների մասին։ Մեկուկես տարի է անցել, ես ցավով եմ ասում, բայց այդ բարեփոխումներն այն տեմպերով չեն իրականացվում։ Իսկ հավատացե՛ք, որ բանակն այն կառույցն է, որն ամենաարագը, պետք է վերականգնի իր ողնաշարը, ամենաարագը պետք է վերականգնի իր մարտունակությունը։ Եվ հավատացե՛ք, որ այսօր զինվորներն էլ տրամադրված են, և բանակը ժողովրդի կողքին է։ Այսօր, երբ խոսում ենք խաղաղության դարաշրջանի մասին, կուրորեն գնալ, մտնել խաղաղության խաբկանքի մեջ անընդունելի է։ Սո՛ւտ են ասում, որ ասում են՝ եթե դուք այստեղ հավաքվեք, Ադրբեջանը կհարձակվի։ Եթե նույնիսկ հարձակվի, պետության ղեկավարության, այսօրվա բանակի խնդիրն է։ Ընդհակառակը, եթե մենք այսօր այստեղ չպայքարենք մեր ինքնության համար, կասեն՝ սրանք ժողովուրդ ե՞ն, թե՞ չէ, ա՛յ մարդ, սրանք ուզում են չոքած մնա՞ն թուրքի առաջ։ Հավատացա՛ծ եղեք, և՛ բանակը կարելի է վերականգնել արագ տեմպերով, և տնտեսությունը  կարելի է վերականգնել արագ տեմպերով, և՛ կարելի է արագ տեմբերով բանակցային գործընթացում ունենալ հաջողություններ, որովհետև բանակցային գործընթացը միջազգային երաշխիքներ է ձևավորում խաղաղության համար։ Այս իշխանությունների՝ 2021 թ․ ծրագրում նշված է հետևյալը, որ ՀՀ կառավարության համար անվտանգության երաշխիք է խաղաղությունը։ Խաղաղությունը երաշխիք չի կարող լինել․ խաղաղությունն անվտանգության հիմնարար արժեք է այնպես, ինչպես անկախությունը, պաշտպանունակությունը», - հայտարարեց նա։
19:36 - 01 մայիսի, 2022
Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վե՛րջ․ Սեյրան Օհանյան

Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վե՛րջ․ Սեյրան Օհանյան

Հայոց պատմության մեջ չի եղել տևական մի դարաշրջան, երբ վտանգված չլինեն մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը, պետության գոյությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հաղթել ենք, երբ ազգի բոլոր ուժերը միավորելով` անձնուրաց պայքար ենք մղել և ոչ թե խնդրել, այլ նվաճել ենք խաղաղությունը: Պարտվել ենք, երբ խաթարվել է այդ կուռ, համազգային միասնությունը, ինչպես 2020 թ.-ին: Այսօր էլ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բարդ զարգացումների, վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը կանգնած է նույն մարտահրավերների առաջ։ Չգիտակցել այդ ամենը կամ տրվել Թուրքիայի, Ադրբեջանի հետ խաղաղության կեղծ օրակարգին՝ նշանակում է տառապել քաղաքական անհեռատեսությամբ և թույլ տալ, որ օրեցօր օղակը ավելի սեղմվի՝ անդառնալի հետևանքներ ունենալով ողջ ժողովրդի, մեր պետականության համար։ Այո, փաստերը վկայում են, որ Արցախի և Հայաստանի դեմ այսօր աշխարհի խոշոր ուժերից են խաղում։ Սակայն որքան էլ «տպավորիչ» լինի հակամարտող կողմերի հարաբերությունը, մենք իրավունք չունենք հուսահատվելու կամ համակերպվելու մեզ պարտադրված անընդունելի զիջումների հետ։ Եվ կարո ՛ղ ենք բեկել հայ ժողովրդի դեմ ծրագրված հերթական դավադրության ընթացքը, եթե անձնական շահերը մի կողմ թողնելու քաջություն ունենանք ու նորի՛ց համախմբվենք՝ կողք կողքի կանգնած, մի բռունցք դարձած շարունակելով պայքարը՝ թիմային համակարգված, փոխլրացնող աշխատանքով ու վճռականությամբ։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ նույնիսկ փոքր ազգերը, կենաց ու մահու պայքար մղելով, պաշտպանել են իրենց ապրելու իրավունքը, հաղթել ու պետություն են կառուցել: Երբ ղեկավարն ու նրան ենթակա օղակները, հրամանատարն ու զինվորները նույն շարքում են և կրակը միասին են վերցնում իրենց վրա, երբ շարքերը կուռ են, ու թիկունքն ամուր է՝ առաջ անցնելու, նոր գիծ կազմելու և լրացնելու մարտավարությամբ, հաջողությունն անխուսափելի է դառնում։ Իսկ եթե շարքում փախուստի դիմած դասալիքներ կան, և նրանց տեսնելով` կազմը նոսրանում ու չի լրացվում, սկսվում է խուճապը, և պարտությունը դառնում է տրամաբանական, ինչպես 44-օրյա պատերազմում, երբ առաջին գծում անձնազոհ մարտնչող մեր զինվորների, սպաների, կամավորականների շարքերը չհամալրվեցին, և թիկունքը բաց մնաց։ Այսօր «Հայաստան» դաշինքը սկսում է անդադար բողոքի գործողություններ՝ ընդդեմ ՀՀ իշխանության, որ, Հայկական հաղթանակած բանակը կազմաքանդելով, Արցախն ու Հայաստանը տարավ պատերազմի ու պարտության` նախ հանձնելով պատմական Արցախի հայկական բնակավայրերը՝ Շուշին, Հադրութը, բազմաթիվ շեներ, ապա թույլ տալով ադրբեջանական զինուժին անարգել ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ տեղակայվելով ռազմավարական կարևորագույն բարձունքների, ճանապարհների վրա և դեռ շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ իր իսկ հայտարարություններով, Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած «խոստովանություններով» հաստատելով դա։ Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վե՛րջ, որովհետև խաղատախտակին Արցախի, Հայաստանի լինելիության հարցն է դրված։ Ուստի կո՛չ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին` ակտիվ մասնակիցը դառնալ այդ պայքարի և չմնալ անտարբեր կամ իրեն անզոր համարող դիտորդի կարգավիճակում: Մեզ համար կարևոր չեն այն շահարկումները, թե ով կամ ում է միանալու։ Սա մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի պայքար չէ. ամբողջ ազգը պիտի միավորվի և միասնական, վճռական կամքով պաշտպանի իր պետությունը, հայ ժողովրդի լինելիության իրավունքը: Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր հանուն Արցախի և Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած մեր որդիներին, մարտական ընկերներին, նրանց հարազատներին, ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ քայլող, կրակոտ աչքերով «պայքա՛ր, պայքա՛ր» վանկարկող մանուկներին ու ծերերին մենք պարտք ենք Հայրենիք՝ նորից հաղթանակած, խաղաղ, հզոր։
13:18 - 25 ապրիլի, 2022
30 տարի Արցախի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն զբաղված են եղել թալանով. Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից հանեց դրոշը

30 տարի Արցախի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն զբաղված են եղել թալանով. Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից հանեց դրոշը

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթից հետո, որը նաև ԱԺ ամբիոնին տեղադրել էր Արցախի Հանրապետության դրոշը, ելույթ ունեցավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա, մոտենալով ամբիոնին, հանեց Սեյրան Օհանյանի տեղադրած Արցախի դրոշը՝ նշելով. «Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, երբ տխմարաբանությունը դառնում է ամենօրյա հանապազօրյա աշխատանք, պաշտպանության նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու այս դրոշը դնել ԱԺ ամբիոնին: Դնել այն ժամանակ, երբ 30 տարի շարունակ այս դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն ու այս դրոշի և Հայաստանի դրոշի ամրությունը ապահովելու փոխարեն զբաղված են եղել մի բանով՝ թալանով: Գան էստեղ, պոպուլիստական ելույթներ ունենան, թե իբր իրենք Արցախ պահող են, Հայաստան պահող են ու մտահոգներ են, բայց իրականում 30 տարում այդ նույն բաները գոչելով հարստացրել են սեփական գրպանները ու սեփական ընտանիքների գրպանները: Անել այնպես, որ մի հասարակ մաքսավոր, ով վերջերս անցնում է մի քրեական գործով, ունենա միլիոնավոր դոլարների ունեցվածք, 20 բնակարան Երևանի կենտրոնում, մի քանի մեքենա միլիոն դոլարն անցնող: Ես վստահ եմ, Արթուր Ղազինյանն այստեղից դուրս է եկել, հպարտ կեցվածքով նստել իր 300 հազար դոլարանոց մեքենան ու գնացել է Արցախը փրկելու, պաշտպանելու: Նույնը երևի Սեյրան Օհանյանն ու մնացածը, էլ չեմ խոսում Սերժ Սարգսյանի մասին: Ես վստահ եմ, որ եթե ՀՀԿ-ն այստեղ տեղադրեն, օրինակ, Բադեն-Բադեն քաղաքի խորհրդանիշը իմ կարծիքով, Սերժ Սարգսյանն ավելի հաճույքով կնայեր այս նիստը: Որովհետև Արցախից եկած նախկին պաշտոնյաները ՀՀ-ում զբաղված են պոպուլիզմով: Զբաղված են սին քարոզով, որը ոչինչ չի տալիս: Երբ մարդկանց հարցնում ես՝ ձեր առաջարկը ո՞րն է, ի՞նչ անի իշխանությունը, ինչ անի մեր պետությունը միակ պատասխանը դրան Հանրայինի եթերում Գեղամ մանուկյանի բաժակ ջարդելն էր»,-ասաց Վահագն Ալեքսանյանը: Նա կոչ արեց քաղաքացիներին չտրվել դատարկ պոպուլիզմին, «որով զբաղված է ընդդիմությունը»: Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի
11:32 - 12 ապրիլի, 2022
Այս քայլով ոչ թե պաշտպանում են Արցախը, այլ սադրում. Կոնջորյանը՝ ընդդիմադիրների մասին |armenpress.am|

Այս քայլով ոչ թե պաշտպանում են Արցախը, այլ սադրում. Կոնջորյանը՝ ընդդիմադիրների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ հերթական նիստը բոյկոտելը և Արցախ մեկնելը համարում է ոչ թե Արցախը  պաշտպանող, այլ սադրող քայլ: Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում: Կոնջորյանը հիշեցրեց խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությունն առ այն, որ խորհրդարան անցնելն իրենց համար խրամատ է, որում  պետք է պայքարեն: Ըստ Կոնջորյանի՝ ընդդիմությունն ԱԺ-ում փորձում էր ամեն կերպ արժեզրկել խորհրդարանը, պարալիզացնել ԱԺ-ն: «Եվ, գուցե, համարում են, որ իրենց առջև դրված խնդիրը այստեղի խրամատում լուծել են և հիմա մեկնում են Արցախ՝ հավանաբար նորից խրամատավորվելու, ամենայն հավանականությամբ նորից խրամատավորվելու՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների, ՀՀ ժողովրդի»,-տեսակետ հայտնեց Կոնջորյանը: Արցախի դրոշը ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանում տեղադրելուն անդրադառնալով՝ նա նշեց, որ չի հասկանում, երբ դրոշը դեմոնստրատիվ տեղադրվում է ՀՀ-ում՝ ընդդեմ որևէ մեկի: «Արցախի դրոշը և Արցախը բոլորիս սրտերում և մտքերում են: Մեր ժողովուրդը հանուն Արցախի զոհել է իր լավագույն զավակներին: Եվ Արցախի դրոշը տեղադրելը, Արցախի շահերը պաշտպանելը ընդդիմությունը լավագույնս պետք է կատարի այնտեղ, որտեղ կարիք կա հանրայնացնելու Արցախի և Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների մասին հարցը: Իսկ ի՞նչ է անում այն նույն ընդդիմությունը, բոլոր միջխորհրդարանական հարթակներում, որտեղ իրենք պետք է գան և Արցախի, արցախցու իրավունքներն ու շահերը պաշտպանեն, ասել է թե՝ Արցախի դրոշն այնտեղ վեր հանեն՝ ի ցույց աշխարհի, նրանք չեն գալիս, բոյկոտում են»,-ասաց խմբակցության ղեկավարը: Նա ընդգծեց՝ ընդդիմությունը միջխորհրդարանական հարթակներում չի գնում և ընդդեմ ադրբեջանցիների չի գործում, ժողովրդի տված մանդատը չի իրագործում, բոյկոտում Է: «Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է, ավելի է սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները»,-ասաց Կոնջորյանը: Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունը օգտագործում է Արցախի հարցը և  անվտանգային խնդիրները Հայաստանում հեղաշրջում իրականացնելու համար: «Նրանք այսօր խրամատավորվում են Արցախի ներքաղաքական կյանքում, նորից հերթական ներքաղաքական, ներհայաստանյան ինտրիգները գեներացնելու համար: Եվ դա  մենք մեր ժողովրդի հետ թույլ չենք տալու»,-եզրափակեց Կոնջոյանը: Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի Խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի  12-ի նիստում հայտարարեց, որ չի մասնակցելու հեթական նիստերին և մեկնելու է Հայաստանի սահմանամերձ մարզեր և Արցախի Հանրապետություն։
11:08 - 12 ապրիլի, 2022
Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի ԱԺ քառօրյային․ պատգամավորները կմեկնեն Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցի ԱԺ քառօրյային․ պատգամավորները կմեկնեն Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ հերթական քառօրյային, այլ կմեկնեն Արցախի Հանրապետություն և ՀՀ սահմանամերձ մարզեր։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ նիստի մեկնարկին ասաց՝ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ միջազգային գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայ վարքագծով պայմանավորված. ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների նախաձեռնած հանրահավաքում մեր հայրենակիցների կողմից նշվեցին երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել։ Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները, մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Անընդունելի ենք համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Համոզված ենք, որ ՀՀ օրվա իշխանությունները անկարող են լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրները»։  Օհանյանն ընդգծեց՝ վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանաթուրքական օրակարգով, կա սպառնալիք ՀՀ տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը. «Այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդին նախապատրաստում են նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման»: Նրա խոսքով` իրավիճակին անհամարժեք է արձագանքում խորհրդարանական մեծամասնությունը, բացարձակ ձեռնպահ կեցվածք է ընդունում, հատկապես, երբ հարցը վերաբերում է Արցախին․ «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը, հիմք ընդունելով Աժ կանոնակարգը, հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին, մենք մեկնում ենք Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման։ Լինելու ենք այնտեղ, որտեղ մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»։ Այնուհետև Օհանյանը ԱԺ ամբիոնին տեղադրեց Արցախի դրոշը։ Օհանյանի ելույթից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նույնպես հայտարարեց, որ չեն մասնակցելու քառօրյա նիստերին և մեկնելու են Արցախ։
11:00 - 12 ապրիլի, 2022
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

Այսօր՝ ապրիլի 4-ին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արմեն Գեւորգյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ագնեսա Խամոյանը ՌԴ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները, մտքեր փոխանակել ԼՂ-ում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների եւ, այդ համատեքստում, ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջերս հրապարակված եւ հայկական կողմին փոխանցված հայտնի 5 կետերին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտնել են գործընթացի վերաբերյալ իրենց մտահոգությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները եւ քննարկումները։
21:31 - 04 ապրիլի, 2022
«Փաշինյանի խոսքերը կարող են մանիպուլյացիա լինել՝ «խաղաղության օրակարգն» առաջ տանելու համար»․ Սեյրան Օհանյան
 |aravot.am|

«Փաշինյանի խոսքերը կարող են մանիպուլյացիա լինել՝ «խաղաղության օրակարգն» առաջ տանելու համար»․ Սեյրան Օհանյան |aravot.am|

aravot.am: «Պատերազմից 5 պակաս վիճակում ենք»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ըստ որի՝ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ պատերազմի վտանգ մշտապես կա, իրավիճակը ՀՀ-ում եւ Արցախում բարդ է, բայց իր կարծիքով՝ Փաշինյանի խոսքերը կարող են մանիպուլյացիոն լինել՝ «խաղաղության օրակարգն» առաջ տանելու համար։ «Փոխանակ մեկ տարում ամրապնդեին դիրքերը, մտածում են խաղաղության մասին, նոր տերմին են մտածել՝ հայելային հետքաշում։ Մենք դեմ ենք Ադրբեջանի հինգ կետերին, որոնց իրականացման դեպքում վտանգված է Արցախը եւ այն հեռանկարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Իշխանությունը խոսում է արցախահայերի իրավունքների մասին, բայց երբ հարցնում ես Արցախի ինքնորոշման մասին, չեն խոսում, հղում են անում իրենց հարցազրույցներին»,-հավելեց Սեյրան Օհանյանը։ Նա պահանջում է, որպեսզի իշխանությունը բացահայտի, թե ինչ են պատասխանել Ադրբեջանի առաջարկներին․ «Եթե ասում են, որ համաձայն են, ուրեմն հրաժարվում են Արցախի ինքնորոշումից»։ Սեյրան Օհանյանը նաեւ նշեց՝ մտահոգիչ եւ ցավալի է, որ նման իրավիճակում դեռեւս չունենք ԳՇ պետ․ «Կադրային քաղաքականությունն այդ կառույցում անընդունելի է։ ԶՈՒ ղեկավարության մոտ կադրային քաղաքականության դեպքում ի՞նչն է կարեւոր՝ նոր ու ավելի պատրաստված մարդուն պաշտոնի նշանակե՞լը, թե եղածին հանելը եւ պաշտոնակատար նշանակելը։ Երբ ազատում են եւ չեն նշանակում ավելի նոր, պատրաստված մարդկանց, ապա դա իմ համար հասկանալի չէ»։
18:52 - 01 ապրիլի, 2022
Սեյրան Օհանյանը միջազգային երաշխիքների ամրապնդման ուղղությամբ տեսնում է լուրջ աշխատանքների կարիք

 |armenpress.am|

Սեյրան Օհանյանը միջազգային երաշխիքների ամրապնդման ուղղությամբ տեսնում է լուրջ աշխատանքների կարիք |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորում է անվտանգային համակարգի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, միջազգային երաշխիքների ամրապնդումը: Օհանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը  Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Օհանյանը նախ ընդգծեց, որ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության պայմաններ այսօր ձևավորված չեն: Նա, առանց նախապայմանների, առանց համապատասխան իրադրության ճիշտ գնահատման խաղաղության գնալը անընդունելի համարեց: «Եթե մեզ թվում է, թե հակառակորդն իր հիմնական նպատակների իրականացմանը հետամուտ չի լինելու, այն է՝ Արցախի Հանրապետության հայաթափումը, միանշանակ այդպես չէ»,-ասաց Օհանյանը: Պատգամավորը ընդգծում է՝ Ադրբեջանն իր հեռահար նպատակներն են իրականացնում՝ տարբեր տիպի ճնշումներով, մարտավարական քայլերով փորձելու է ռազմավարական կարևոր բարձունքները, կետերը զբաղեցնել, որպեսզի հետագայում կարողանա այդ հատվածներից ճնշումները Արցախի ժողովրդի վրա շարունակական դարձնել: Նա այդ առումով անընդունելի է համար ՀՀ իշխանությունների՝ մինչև հիմա ձեռնարկած միջոցառումները: «Գտնում եմ, որ լուրջ համագործակցություն պետք է իրականացվեր ՀՀ-ի, ՌԴ-ի, նաև վերաբերող մասով Ադրբեջանի հետ, նաև  տեղում Արցախի Հանրապետության ՊԲ-ի և խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումների հետ, որտեղ նրանք տեղակայված են: Պետք է հստակեցվեին բոլոր խնդիրները, թե ՊԲ-ն ինչ խնդիր է իրականացնում, խաղաղապահ ուժերն ինչ խնդիրներ են իրականացնում, և բոլոր բաց տեղերը, ճեղքերը պետք է փակվեն»,-ասաց Օհանյանը: Օհանյանը իրադրության պատասխանատուն համարեց իշխանությանը՝ ընդգծելով արագ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: «Արագ միջոցառումների ձեռնարկման ուղղությունները երկուսն են՝ ազգային երաշխիքները՝ անվտանգության մեր համակարգը, հայկական բանակը, բոլոր ուժային կառույցները, Արցախի ՊԲ-ն, և միջազգային երաշխիքները՝ լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականությունը՝ հատկապես ՌԴ-ի հետ, որոնց խաղաղապահ ուժերն Արցախում են»,-նշեց պատգամավորը: Նա շեշտեց, որ պետք է լուրջ աշխատանք տանել միջազգային երաշխիքների ամրապնդման ուղղությամբ, այսինքն` լուրջ աշխատանք տանել ՌԴ ղեկավարության և ՌԴ ԶՈՒ ղեկավարության հետ:
17:49 - 28 մարտի, 2022