Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Վահան Քերոբյանն ու Պատրիսիա Դանզին քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր

Վահան Քերոբյանն ու Պատրիսիա Դանզին քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր

Նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարարը համառոտ ներկայացրել է 2022 թ․ Հայաստանում  արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշներն ու տնտեսավարողների արտադրական կարողությունների ավելացմանն ուղղված ծրագրերը՝ այս համատեքստում հատկապես կարևորելով տնտեսության արդիականացման միջոցառումը։ Անդրադարձ է կատարվել ֆինանսական գործիքների կիրառման հնարավորությանն ու ներդրումների ներգրավմանը Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ու մատչելի ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը։ Քննարկվել է նաև Հայաստանում Լոզանի հյուրանոցների կառավարման դպրոցի (EHL Hospitality Business School) մասնաճյուղի բացման հնարավորությունը։
12:27 - 22 ապրիլի, 2023
Մի կողմից ապահովում ենք տնտեսության երկնիշ աճ, մյուս կողմից պահպանում այն երկրորդային հարվածներից. Քերոբյան
 |1lurer.am|

Մի կողմից ապահովում ենք տնտեսության երկնիշ աճ, մյուս կողմից պահպանում այն երկրորդային հարվածներից. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ-ի հետ պայմանագրի դրույթները, բայց նաև այն, որ Հայաստանի ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ամերիկյան լրատվամիջոցներում արտահայտված տեսակետներին, թե Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները նաև Հայաստանի օգնությամբ, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։  «Մինչ այժմ մեր արած աշխատանքը տալիս է ճիշտ արդյունքը. այն է՝ մի կողմից մենք կարողանում ենք ապահովել բարձր երկնիշ տնտեսական աճ, մյուս կողմից ապահովել այն, որ ՀՀ-ի, որպես երկրի բանկային և տնտեսական համակարգը որևէ երկրորդային հարվածների տակ չընկնի։ Մենք միաժամանակ նայում ենք մեր ԵԱՏՄ գործընկերներին, որովհետև իրենց նկատմամբ պարտավորությունները ևս պետք է ըստ պայմանագրային հարաբերությունների պահպանենք, և հանկարծ այնպես չստացվի, որ որոշակի դժվարություններ ստանանք նաև այդ ուղղությունից։ Այնպես որ սա բալանսավորված աշխատանք է, և կարող եմ ասել, որ մեծ թիմ է աշխատում և անընդմեջ է աշխատում։ Նպատակն է ապահովել մեր երկրի տնտեսական անվտանգությունը և տնտեսական շահերը»,- ասաց Վահան Քերոբյանը։
10:58 - 21 ապրիլի, 2023
Հաստատվել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը. որոնք են դրանք

Հաստատվել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը. որոնք են դրանք

Կառավարությունը հաստատել է «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը»: Հայեցակարգի նպատակն է սահմանել առաջիկա 5 տարիներին արդյունաբերության զարգացման գերակա ոլորտները և նախանշել զարգացման ռազմավարական ուղղությունները։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ գերակա ոլորտների զարգացման ռազմավարական ուղղությունների հանրագումարը արդյունաբերության ճյուղի համար պետք է ապահովի՝ - արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարելավում, - արդյունաբերության արտադրողականության բարձրացում. - արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացում՝ և՛ ապրանքների, և՛ արտահանման ուղղությունների. - տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացում։ Հայեցակարգով նախատեսված գերակա ոլորտներն են՝ - սննդի արդյունաբերություն. - ոսկերչություն և ադամանդագործություն. - ծանր արդյունաբերություն (մետալուրգիա, քիմիա). - սարքաշինություն (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ). - դեղագործական արդյունաբերություն։
13:35 - 17 ապրիլի, 2023
Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման արգելքը ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է. Քերոբյան
 |armenpress.am|

Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման արգելքը ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ապրիլի 5-ից Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքի որոշումը հակասում է ԵԱՏՄ առևտրի կանոններին, հայկական կողմն այդ հարցը քննարկում է ռուս գործընկերների հետ: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին: Պատգամավորը  հիշեցրեց, որ մի քանի օր է՝ Հայաստանի կաթնարդյունաբերության ոլորտը լուրջ խնդրի առաջ է կանգնած և զրկված է ՌԴ արտահանման հնարավորությունից: Նա հետաքրքրվեց, թե կոնկրետ ե՞րբ է լուծվելու այդ հարցը: «Մեր գնահատմամբ՝ սա ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է: Եվ մենք այս հարցը հիմա քննարկում ենք գործընկերների հետ: Այսինքն՝ այն արգելքը, որը դրել է «Ռոսսելխոզնադզոր»-ը, հակասում է ԵԱՏՄ-ում առևտրի կանոններին: Եվ հիմա մենք այդ հարցը քննարկում ենք մեր գործընկերների հետ: Բացի այդ նաև բանակցություններ են վարվում՝ հասկանալու, թե ինչ կարգավորումների միջոցով մենք, հնարավորինս արագ և չդիմելով ԵԱՏՄ ստանդարտ գործընթացներին, կկարողանանք լուծել այս հարցը»,-ասաց Քերոբյանը: Նա խնդրի կարգավորման հստակ ժամկետ չնշեց՝ հավելելով, որ աշխատում են, կփորձեն հնարավորինս արագ լուծում տալ: Քերոբյանն, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի՝ կառավարության աշխատանքից դժգոհությանն, ասաց, որ գյուղատնտեսությունը խոշոր ոլորտ է, բայց ոչ ամենախոշորը, կաթի արտադրությունն էլ գյուղատնտեսության մեջ ամենախոշոր կտորը չէ: Նա պատգամավորին առաջարկեց  չսրել իրավիճակը: Հայաստանն անցյալ տարի ԵԱՏՄ շուկա է արտահանել  18 մլն դոլարի կաթնամերթք, որը Հայաստանի արտահանման ծավալի 1 տոկոսից էլ քիչ է: ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) ավելի վաղ դիմել էր Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023 թ.-ի ապրիլի 5-ից կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան դադարեցնելու համար: «Ռոսսելխոզնադզորում» հայտնել էին, որ նկատվում է Հայաստանից Ռուսաստանի շուկա կաթնամթերքի մատակարումների աճ։ Գերատեսչությունը հայտնել էր, որ հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումք, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։
11:36 - 13 ապրիլի, 2023
Վահան Քերոբյանը և Արուն Վենկատարամանին քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ

Վահան Քերոբյանը և Արուն Վենկատարամանին քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝տնտեսական փոխգործակցության ընդլայնում, փոխադարձ առևտրի ակտիվացում և դիվերսիֆիկացում։ Բացի այդ, կողմերը անդրադարձել են ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանմանը, Հայաստանում վճարային PayPal ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորությանը, ֆինանսական կառույցների համագործակցության խթանմանը, ԱՄՆ-ում հայաստանյան միաեղջյուր (unicorn) ընկերությունների գործունեությանը, կանաչ էներգետիկայի զարգացմանը, և այլն։
21:15 - 07 ապրիլի, 2023
Հայաստանում բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի սերմերի արտադրությունը աճել է շուրջ երկու անգամ
 |armenpress.am|

Հայաստանում բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի սերմերի արտադրությունը աճել է շուրջ երկու անգամ |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականին բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի սերմերի արտադրությունը աճել է շուրջ երկու անգամ: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ հավելելով, որ այս հարցը իրենց ուշադրության կենտրոնում է և 2023 թվականին Ավստրիական զարգացման գործակալության հետ համատեղ կհիմնեն առաջին վիրուսազերծ կարտոֆիլի սածիլների գիտական արտադրություն: «Չնայած տեղական սերմարտադրության աճին, դեռևս պահպանվում է ներմուծված սերմերի կիրառումը Հայաստանում, և պետք է ասեմ, որ տարբեր ծրագրերով մենք խթանում ենք հենց սերտիֆիկացված սերմացուի օգտագործումը, քանի որ մի կողմից մեր նպատակն է որպեսզի ավելի շատ ցանքատարածություններ ներգրավվեն ցանքսի շրջանում, բայց մյուս կողմից՝ բարձրացնենք մեկ հեկտարի հաշվով բերքատվությունը : Դա է պատճառը, որ, օրինակ, 2021 թվականին ցանքատարածությունների քանակը նվազել էր 2 հազար հեկտարով, սակայն 2022 թվականին մենք ստացանք շուրջ 43 հազար տոննա ավելի շատ բերք։ Դա և եղանակային պայմանների և սերտիֆիկացված սերմացուների օգտագործման արդյունք է»,- ասաց փոխնախարարը: Արման Խոջոյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի նախարարությունը նաև իրականացնում է սերտիֆիկացված սերմացուի ձեռքբերման գնի սուբսիդավորում, որը նպաստում է, որպեսզի տեղական սերմարտադրությունը ավելանա, ինչպես նաև ֆերմերները տեսնեն որակյալ սերմացուի և ոչ որակյալ սերմացուի տարբերությունը, որովհետև ընդհանուր առմամբ 1 հեկտարի հաշվով ծախսը նույնն է, սակայն բերքատվությունից է կախված, թե ինչքան եկամտաբեր կլինի այդ տարի նրանց իրականացրած գյուղատնտեսական աշխատանքը: «Պետք է նշեմ, որ սելեկցիոն աշխատանքները շարունակական գործընթաց են: Կլիմայի փոփոխությունը ստիպում է և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ արտաքին շուկայում ավելի մեծ ուշադրությամբ և շարունակաբար իրականացնել սելեկցիոն աշխատանքները, որպեսզի ստեղծեն կլիմայի փոփոխությանը ավելի հարմարվող և ավելի դիմակայուն սորտեր»,- ասաց նա : Նախարարի տեղակալի խոսքով՝ ոլորտը զարգացնելու նպատակով 2022 թվականին ընդունել են մի օրենք, որի շրջանակում 2023 թվականին ներդրվելու է տնկարանների և տնկանյութի հավաստագրման գործընթաց: Խոջոյանը ընդգծեց, որ Հայաստանում արտադրված տնկանյութը նույնպես ունենալու է անձնագիր, որը  երաշխավորելու է, որ տնկանյութը համապատասխանում է իր տեսակին:  «Քանի որ շատ են լինում դեպքերը, երբ մարդը ձեռք է բերում տնկի, ժամանակ և գումար է ներդնում, սակայն տարիներ անց այն չի ապահովում սպասումները, որը ֆերմերը ուներ. պատճառը հիմնականում տնկանյութի որակն է լինում: Եվ, ներդնելով տնկարանների և տնկանյութի սերտիֆիկացման համակարգը, մենք կկարողանանք շուկայում այդ հարցը կարգավորել»,- ասաց նա: Անդրադառնալով տեղական սորտերին և դրանց երկարաժամկետ կիրառմանը՝ նախարարի տեղակալը նշեց, որ ժամանակի ընթացքում և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ այն նույն սորտերը, որոնք ժամանակին ապահովում էին բարձր բերքատվություն և դիմակայունություն, միանշանակ չէ, որ ինչ-որ ժամանակ հետո կարող են ապահովել այդ նույն արդյունքը: «Այստեղ կարևորվում է սելեկցիայի դերը, և մեր գիտական աշխատողները շարունակաբար աշխատում են, որպեսզի ստեղծեն արդեն փոփոխված կլիմայական պայմանների համար դիմակայուն և բերքատու սորտեր»,- ասաց Խոջոյանը: Փոխնախարարը հավաստիացրեց, որ իրենց նպատակն է խթանել տեղական սերմարտադրությունը:
12:28 - 07 ապրիլի, 2023
Եգիպտացորեն, սոյայի պտուղ. ներմուծվող մի շարք ապրանքներ կազատվեն սահմանին ԱԱՀ գանձումից

Եգիպտացորեն, սոյայի պտուղ. ներմուծվող մի շարք ապրանքներ կազատվեն սահմանին ԱԱՀ գանձումից

Հայաստան ներմուծվող մի խումբ ապրանքներ, որոնք արտադրության համար պետք է ծառայեն որպես հումք, կազատվեն սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումից: «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման համար նախագծում ավելացվել են որոշ ծածկագրեր՝ եգիպտացորեն, սոյայի պտուղներ և այլն: «Նշված ներմուծվող ապրանքները հիմնականում կիրառվում են թռչնամսի կերի պատրաստման գործընթացում: Եվ արտադրական այս շղթայում ավելացված արժեքի հարկից ազատումը մեր տնտեսվարողներին որոշակիորեն ավելի դրական մրցակցային վիճակ կտա, ինչն էլ հնարավորություն կստեղծի նրանց ավելի մրցունակ գին սահմանել»,-ասաց փոխնախարարը: Հայաստանը թռչնամսի մասով ինքնաբավության ցածր մակարդակ ունի: Փոխնախարար  Գևորգյանի խոսքով՝ փոփոխությունը միտված է հնարավորություն տալու տեղի արտադրողներին՝ ունենալ ավելի մրցունակ ինքնարժեք, որի արդյունքում կլինի  ավելի բարձր ինքնաբավության մակարդակ: Այդ հումքերն ազատվում են սահմանին ԱԱՀ-ով գանձումից, իրացման փուլում արդեն ԱԱՀ-ն գանձվում է: Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:
12:28 - 05 ապրիլի, 2023
Որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել. էկոնոմիկայի նախարարը` Գյումրիում չոր նավահանգիստ հիմնելու մասին |factor.am|

Որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել. էկոնոմիկայի նախարարը` Գյումրիում չոր նավահանգիստ հիմնելու մասին |factor.am|

factor.am: Այսօր Գյումրիում կառավարության մի քանի ներկայացուցիչների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախարար Ռուստամ Բադասյանի, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորում։ Էկոնոմիկայի նախարարը մանրամասներ ներկայացրեց Գյումրիում «չոր նավահանգիստ» հիմնելու ծրագրի ընթացքի մասին։ «Չոր նավահանգիստ», ըստ էության, ինդուստրիալ պարկ է, որտեղ լինելու են արդյունաբերական ենթակառուցվածքներ, շենքեր, հոսանքի, ջրի, գազի աղբյուրներ, տարածքներ, որտեղ հնարավոր է հեշտ արդյունաբերական ընկերություն ստեղծել, բայց նաև կոնտեներային տերմինալ, որը թույլ է տալիս, որպեսզի այդտեղ հավաքվեն բեռներ նաև ուրիշ տեղերից, նաև լոգիստիկ կենտրոն դառնա։ Հիմա այս ծրագիրը, որը նախնական հավանության արժանացել է, գտնվում է խորը ուսունասիրության փուլում։ Մենք շփվում ենք այնպիսի ընկերությունների հետ, որոնք, հնարավոր է , հետաքրքրված լինեն, մի քանի ընկերություններ նախնական հետաքրքրություն հայտնել են «չոր նավահանգստի» օպերատորությունն անել, տեսնենք, պրոցեսի դեռ 10 տոկոսն ենք անցել և ասել դրա մասին, որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել։ Էսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ դա խոստումնալից նախաձեռնություն է, մենք հավատով առաջ ենք գնում։ Ես կարծում եմ, եթե իրադարձությունները հաջող գնան, մենք տարվա վերջ կարող ենք մրցույթ հայտարարել էն ընկերությանը ընտրելու համար, որը պետք է ներդրումները և կառավարումն իրականացնի չոր նավահանգստի, դա պետք է լինի միջազգային առաջնակարգ ընկերություն, դա «չոր նավահանգստի» հաջողության առաջնային, գլխավոր պայմանն է»,-ասաց էկոնոմիկայի նախարարը։
20:06 - 11 մարտի, 2023
Հայաստանի դպրոցներում կներդրվի Google Workspace for Education Fundamentals գործիքակազմը․ համագործակցության հուշագիր ՀՀ կառավարության և SADA-ի միջև

Հայաստանի դպրոցներում կներդրվի Google Workspace for Education Fundamentals գործիքակազմը․ համագործակցության հուշագիր ՀՀ կառավարության և SADA-ի միջև

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ու պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար, Google Cloud-ի գործընկեր SADA-ի միջև ստորագրվել է հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորություններ ունենալու, թվային հմտություններին տիրապետող քաղաքացիների կյանքի որակը բարելավելու նպատակով։ Համագործակցության հուշագիրը կնքվել է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում, որն անցկացվում է մարտի 10-12-ը Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը և SADA-ի նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։ Հուշագիրը կնքելիս կողմերն առաջնորդվել են ՀՀ հանրակրթական դպրոցներում կրթության մակարդակի բարելավման, կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրման փոխադարձ ցանկությամբ։ Հուշագրի համաձայն՝ Հայաստանի պետական մարմինները և SADA-ն համատեղում են ջանքերը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել կողմերին՝ ընդգծելով կրթական բովանդակության հասանելիության կարևորությունը. «Այս գործիքակազմի և համակարգի ներդրմամբ էապես առաջընթաց է ապրելու հասանելիությունը դեպի կրթական բովանդակություն, իսկ յուրաքանչյուր ժողովրդավար, լուսավորյալ և կիրթ հանրության կայացման  գործում անվիճելի է հասանելի կրթությունը։ Վստահ եմ՝ այս գործիքակազմի ներդրման արդյունքները շուտով արդեն կտեսնենք։ Ուրախ ենք նաև, որ սա ուղղակիորեն բխում է կրթության ոլորտում ՀՀ կառավարության ռազմավարությունից»։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանի պետական մարմինները կարևորում են տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը։ Վահան Քերոբյանը նշել է, որ Google Workspace for Education ծառայությունների և գործիքակազմի համակարգի ներդրման արդյունքում մեր երեխաները կունենան այն նույն թվային միջավայրը, որը Google-ն արդեն ներդրել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Առաջին փուլում համակարգը ներդրվելու է Հայաստանի մի քանի հանրակրթական դպրոցներում, իսկ պիլոտային ծրագրի հաջող իրականացումից հետո տարածվելու է նաև մյուս բոլոր դպրոցներում։ SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը կարևորել է Հայաստանում կրթական համակարգի թվայնացման, դրա արդյունքում կրթության որակի բարելավման և հեռավար կրթության զարգացման անհրաժեշտությունը: «SADA-ն ՀՀ կրթական համակարգում կապահովի Google Workspace for Education գործիքակազմի և ծառայությունների ինտեգրումը, կներդնի Chrome OS-ը և Chrome OS սարքերը՝ Google-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ»,- ասել է Սաֆոյանը։ SADA-ն նաև կտրամադրի ռեսուրսներ նախագծի կառավարումը, ճարտարագիտությունը, փոփոխությունների կառավարման կարգերն ապահովելու համար, կաջակցի ՀՀ պետական մարմիններին արտոնագիր ստանալու հարցում՝ Google-ի որակավորման պայմաններին համապատասխան:
18:51 - 11 մարտի, 2023
Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը
 |armenpress.am|

Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ Գյումրու «Թումո» կենտրոնում մարտի 11-ին  մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը, որի նպատակը պետություն-մասնավոր երկխոսության հարթակի միջոցով Շիրակի մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները բացահայտելը, ինչպես նաև՝ բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները ներկայացնելն է։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Մեկ հարթակում քննարկվեցին  մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացվեցին բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները։ ««Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառումը հնարավորություն է տալիս գործարարին հանդիպելու ոլորտի պատասխանատուների հետ։ Տնտեսական ակտիվության ապահովման կարևոր բաղադրիչը մարզում գործունեություն ծավալող, աշխատատեղ ստեղծող ու հարկ վճարող բիզնեսն է։ Փորձը ցույց է տվել, որ գործարարի առաջ քաշած խնդիրներն ու առաջարկները պատասխանատու անձանց հետ քննարկելն ու առաջնահերթությունները առանձնացնելը խիստ կարևոր են բիզնեսի զարգացման ու տնտեսական կայունության ապահովման տեսակետից: Ի դեպ, Հանրապետության 1000 խոշոր հարկատուներից մեր մարզում գրանցված 18-ը պետությանը վճարում են 10 մլրդ դրամից ավելի գումար»,-իր խոսքում նշեց ԱԺ-ի՝ Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր Դավիթ Առուշանյանը: Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսելով պետության կողմից արտադրողականության ավելացմանը նպաստող բաղադրիչներից, առանձնացրեց սարքավորումների մոդեռնիզացիայի ծրագիրը, որի շրջանակներում, փետրվարի 1-ի դրությամբ, 1245 ընկերություն շուրջ 74  մլրդ. դրամի նոր սարքավորումներ է ձեռքբերել: «Կառավարությունն իրականացնում է ձեռքբերված սարքավորումների վարկերի սուբսիդավորումը: Այստեղ ուզում եմ շեշտել «նոր» բառը, որովհետև մենք ուզում ենք, որ ընկերությունները գնեն նոր, բարձր արտադրողականությամբ, էներգոարդյունավետ  սարքավորումներ, և բարձրացնեն իրենց արտադրողականությունը»,-նշեց նախարարը՝ խորհուրդ տալով բոլորին օգտվել այս ծրագրից: Քերոբյանը նաև խորհուրդ տվեց օգտվել օտարերկրյա բարձրագույն որակավորում ունեցող  մասնագետների ծառայություններից:  «Եթե ձեր բիզնեսի համար վարձում եք բարձր որակավորում ունեցող մասնագետ, ով սովորել է աշխարհի լավագույն  400 համալսարաններից մեկում, կամ աշխատել է առաջնակարգ ընկերություններում, ապա Կառավարությունը պատրաստ է նրա աշխատավարձի որոշակի տոկոս սուբսիդավորի»,-նշեց նախարարն՝ ընդգծելով, որ դա արվում է Հայաստանում բացակայող գիտելիքները Հայաստան բերելու նպատակով:  Որպես արտադրողականությունը բարձրացնող  բաղադրիչներ,  նախարարը նշեց նաև թվային տրանսֆորմացիան և նորարարությունների կիրառումը: Այն, որ նմանատիպ հանդիպում-քննարկումների կարիքը մեծ է, հաստատեց  Բաբկեն Թունյանը՝  վստահեցնելով՝ նման կազմով մարզ են եկել գործարարներին հուզող խնդիրներն ու առաջարկները լսելու, հնարավորության դեպքում՝ հարցերին անմիջապես պատասխանելու, կամ՝ դրանք Կառավարությանը փոխանցելու նպատակով: Նմանատիպ հանդիպումներ նախատեսվում են նաև մյուս մարզերում:
17:58 - 11 մարտի, 2023
Գերմանիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է. փոխնախարարն ավելի լայն համագործակցության հնարավորություն է տեսնում
 |armenpress.am|

Գերմանիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է. փոխնախարարն ավելի լայն համագործակցության հնարավորություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի հետ Հայաստանի առևտշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է գրանցել, աճել է ինչպես ներմուծումն, այնպես էլ արտահանումը: Հայաստանը նախորդ տարի նաև վերականգնել է իր տեղը Գերմանիայի միջազգային համագործակցության երկրների ցանկում, ինչի արդյունքում ավելի լայն համագործակցության հնարավորություններ են բացվում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ով Գերմանիայում է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում: Փոխնախարարը նշեց, որ այցի օրակարգում կան տնտեսական հարցեր: «Վարչապետն իր խոսքում էլ որոշակի հղումներ կատարեց տնտեսական օրակարգին: Նշվեց «կանաչ ջրածնի» հնարավոր համագործակցության դաշտի մասին: Մեր կարծիքով՝ դա բավականին հեռանկարային է»,-ասաց փոխնախարարը: Նա ընդգծեց՝ Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա ընթացքում բավականին աճ է գրանցել: Աճել է ինչպես ներմուծումը, այնպես էլ արտահանումը: Այդ պատկերն է նաև եվրոպական  մի շարք երկրներում: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանից Գերմանիա արտահանումը 2022 թվականին կազմել է 106 մլն 72.2 հազար դոլար, ինչը 2021-ի համեմատ աճել է 36.7 տոկոսով: Իսկ ներմուծումը նախորդ տարի կազմել է 457 մլն  46.3 հազար դոլար, ինչը 2021-ի համեմատ ավելի է 2.1 անգամ: Փոխնախարարը նկատեց՝ այդ բավականին մեծ աճը եվրոպական կողմում որոշակի շրջանակներում անհանգստություն է առաջացրել՝ այն մտավախությամբ, թե արդյոք դրանք ինչ-որ ձև առնչվո՞ւմ են Ռուսաստանի նկատմամբ արևմտյան սանկցիաների շրջանցմանը: «Կան մի շարք այլ պատճառաբանություններ, թե ինչու է առևտրաշրջանառութունը նման աճ գրանցել: Երբ աշխարհում մատակարարման որոշ շղթաներ փոխվում են, տրամաբանական է, որ տնտեսավարողները փորձում են գտնել նոր շղթաներ: Եվ Հայաստանն այդ մատակարարման շղթաների մեջ ունի իր դիրքը: Դա փորձում ենք լավագույնս օգտագործել՝ ամենևին չխաթարելով գոյություն ունեցող երկկողմանի պատժամիջոցների միջավայրը: Մենք աչալուրջ հետևում ենք բոլոր գործարքներին և հետևողական ենք, որ բոլոր տեսակի օրենսդրական պահանջները պահպանենք»,-վստահեցրեց փոխնախարարը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը որոշ ժամանակ  դուրս էր մնացել Գերմանիայի միջազգային համագործակցության երկրների ցանկից: Սակայն անցյալ տարի հաջողվել է վերականգնվել: «Եվ մենք այսուհետ նույնպես կլինենք Գերմանիայի երկկողմ համագործակցության երկրների ցանկում: Սա նշանակում է, որ բավականին հետաքրքիր հնարավորություններ են բացվում՝ ավելի լայն համագործակցության, ավելի խոշոր ֆինանսական ծրագրեր կարող են ներգրավվել Հայաստանում: Այս առումով աշխատանքները շարունակվում են»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը: Երկու երկրները տարբեր ոլորտներում ունեն  բավականին հագեցած օրակարգ: Անդրադառնալով տնտեսականին՝ փոխնախարարն  ասաց, որ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումից սկսած մինչև խոշոր արդյունաբերական ներդրումներ տեղ են գտել այդ օրակարգում: «Կարծում եմ՝ հենց այդ ուղղությամբ էլ համագործակցությունը պետք է շարունակել: Կարծում ենք, որ այն պայմանագրային ու իրավական դաշտը, որ այսօր գոյություն ունի Հայաստանի և Գերմանիայի միջև, թույլ են տալիս խոսել խոշոր ներդրումային ծրագրերի մասին, և այդ ուղղությամբ առաջիկայում ակտիվ աշխատանք ենք տանելու»,-նշեց Գևորգյանը: Նա հնարավոր համարեց Հայաստանի ու Գերմանիայի միջև առաջիկայում վերամշակման ոլորտում որոշակի համագործակցություն սկսելը:  
12:30 - 03 մարտի, 2023