Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր։

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։ 


ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված փոփոխությունները չեն ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրման, միանգամից կհրապարակվեն
 |armtimes.com|

ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված փոփոխությունները չեն ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրման, միանգամից կհրապարակվեն |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ ԱԺ ¼-ի կողմից ներկայացված նախագիծը ընդունվելուց հետո այն չի ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրման, այլ միանգամից կհրապարակվի ԱԺ նախագահի կողմից: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին տեղեկացրեց նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը: «Ներկայիս կարգավորումը, որ փոփոխությունն ուղարկվում է Հանրապետության նախագահին` ստորագրման, դա հանվում է»,- ասաց Հովակիմյանը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ ներկայացված առաջարկը ուշագրավ է: «Ես պարզապես պետք է նշեմ, որ ՀՀ սահմանադրաիրավական պրակտիկայում գրեթե որեւէ դեպք չի եղել, երբ որեւէ պաշտոնատար անձ ստորագրի Սահմանադրության որեւէ տեքստ: Գուցե դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Սահմանադրության այս կամ այն նախագիծն այն ժամանակ ընդունվում էր հանրաքվեի միջոցով: Բայց տրամաբանությունն այն է, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելը չպիտի պայմանավորված լինի այս կամ այն սուբյեկտի կողմից ստորագրությամբ կամ հրապարակմամբ»,- ասաց նա:Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց փոփոխություններին: Նույն նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանի առաջարկով Սահմանադրության փոփոխության վերաբերյալ նախագծում կատարվեց փոփոխություն, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն թափուր տեղն առաջանալուց հետո, ոչ թե մեկամսյա, այլ երկամսյա ժամկետում: Այս փոփոխությունը եւս դրական եզրակացություն ստացավ:
19:35 - 22 հունիսի, 2020
Պատգամավորներն առաջարկում են էլեկտրոնային դարձնել դատական միջնորդությունների փոխանցման գործընթացը |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են էլեկտրոնային դարձնել դատական միջնորդությունների փոխանցման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Սերգեյ Ատոմյանը: Նախագծով նախատեսվում է, որ վարույթն իրականացնող մարմինները քննչական գործողություններ կատարելու մասին իրենց միջնորդությունները եւս կարողանան էլեկտրոնային եղանակով ներկայացնել դատարան, այնուհետեւ այդ նույն եղանակով դատարանից ստանան փաստաթղթերը եւ ներկայացնեն դատախազին: Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց նախագծին տալ դրական եզրակացություն՝ նշելով, որ մի շարք երկրներում փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով փոխանցելու համակարգն արդյունավետ գործում է: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
16:38 - 02 հունիսի, 2020
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծն արժանացավ դրական եզրակացության |armenpress.am|

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծն արժանացավ դրական եզրակացության |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով՝ հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն: Պատգամավորը հայտնել էր, որ օրենքի փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում հանրության առողջությունն առավել կարևոր է, քան հանրաքվեն: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտնել են, որ օրենքի նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց:
10:03 - 02 հունիսի, 2020
«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը Աժ լիագումար նիստ չընդգրկվեց |tert.am|

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը Աժ լիագումար նիստ չընդգրկվեց |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը Աժ լիագումար նիստ ընդգրկելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ նախագծի համահեղինակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ընդհանուր ժամկետներում է  քննում նաև անձանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հետ կապված հայցերը և ստացվում է մարդուն վիրավորում են զրպարտում են, մարդը տարիներով դատարաններում խնդիր է ունենում, տարիներով ձգվում են դատավարությունները: Պետրոսյանն այնուհետև ասաց, որ երեկ հանձնաժողովի նիստում տարօրինակ բան է կատարվել: «Սկզբում որոշումը ձայների 4 կողմ, 2 դեմ քվեարկությամբ անցավ, հետո վերաքվեարկություն կազմակերպվեց և որոշումը չանցավ: Կուզենայի պարզաբանում լսել»,- ասաց Պետրոսյանը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց պատգամավոր Արթուր Դավթյանը: Պատգամավորը նշեց, մեկ անգամ է քվեարկությունը եղել, մասնակցել են 10 պատգամավոր, որոնցից 4-ը կողմ են քվեարկել, 3-ը՝ դեմ, 3-ը՝ ձեռնպահ, դա նշանակում է, որ դրական եզրակացություն չի ստացել նախագիծը որովհետև կանոնակարգ օրենքի համաձայն պետք է նիստին մասնակցած պատգամավորների մեծամասնությունը կողմ քվեարկի: Նա նշեց, որ նիստին մանսակցել է 10 պատգամավոր և, որպեսզի նախագիծը դրական եզրակացություն ստանար, պետք է 6 պատգամավոր կողմ քվեարկեր, բայց կողմ է քվեարկել 4 պատգամավոր: Հարցը դրվեց քվեարկության և չներառվեց լիագումար նիստերի օրակարգ կողմ 33, դեմ՝ 70, ձեռնպահ՝ 2 ձայների հարաբերակցությամբ: Առավել մանրամասն՝ tert.am-ում
11:54 - 26 մայիսի, 2020
Հովակիմյանն առաջարկել է օրենքի նախագիծ, որով կարգավորվելու է Սահմանադրական դատարանի հանրաքվեի անցկացման կարգը |armtimes.com|

Հովակիմյանն առաջարկել է օրենքի նախագիծ, որով կարգավորվելու է Սահմանադրական դատարանի հանրաքվեի անցկացման կարգը |armtimes.com|

armtimes.com: Այս տարի աննախադեպ իրավիճակում հայտնվեցինք, որպիսին Հայաստանի անկախ պատմության ընթացքում դեռեւս չէր եղել։ Դա այն է, երբ նշանակված եւ ընթացքի մեջ գտնվող հանրաքվեի պայմաններում կառավարությունն ստիպված եղավ հայտարարել արտակարգ դրություն, եւ հանրաքվեն չկայացավ։ Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Ըստ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի, որի հեղինակը հենց Հովակիմյանն է, առաջարկվում են մեխանիզմներ՝ կասեցված հանրաքվեն վերսկսելու համար: Հովակիմյանի խոսքով՝ Սահմանադրությամբ նախատեսված է, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, իսկ թե ինչ է տեղի ունենում հետո, Սահմանադրությունը թողնում է օրենքով կարգավորման։ «Բայց մենք ունենք իրավիճակ, երբ հանրաքվեի մասին օրենքում այդ կարգավորումը որեւէ կերպ ամրագրված չէ, բացառությամբ մի նշման, որ ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո նախագահը 3 օրում նշանակում է հանրաքվե՝ ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 65 օր հետո»,- ասաց պատգամավորը եւ հավելեց, որ այդտեղ կա խնդիր։ Խնդիրն այն է, թե ինչպե՞ս է շարունակվելու այդ հանրաքվեն, քանի որ եղել են հանձնաժողովներ, կողմեր, հիմնադրամներ, պարտավորություններ։ Հովակիմյանը հայտարարեց, որ նախագծի էությամբ փորձել է կարգավորել այս գործընթացը։ Մասնավորապես՝ օրենքով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչեւ հանրաքվեի վերսկսումը: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները: Սույն օրենքի նախագիծը եթե ընդունվի, տարածվելու է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի գործընթացի վրա, եւ այն վերսկսվելու է սույն օրենքով սահմանված կարգով: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:24 - 25 մայիսի, 2020
Գեւորգ Պետրոսյանի նախագիծը հետադարձ ուժ չունի․ գործադիրի դիրքորոշումը ունի իրավական բնույթ, այլ ոչ՝ քաղաքական

Գեւորգ Պետրոսյանի նախագիծը հետադարձ ուժ չունի․ գործադիրի դիրքորոշումը ունի իրավական բնույթ, այլ ոչ՝ քաղաքական

Մայիսի 6-ին Politik.am կայքը հրապարակել է «Փաշինյանը վախենում է դատապարտվելուց․ օրինագծի տապալումը իրեն չի փրկի» վերտառությամբ նյութ, որտեղ ասվում է, թե ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ սահմանադրական կարգի տապալման դեպքում վաղեմության ժամկետ չկիրառելու մասին նախագծի մերժումը վարչապես Նիկոլ Փաշինյանին ապահովագրելու համար է։ Կայքը, մասնավորապես, հետաքրքրական է համարել, որ նախագծին բացասական եզրակացություն է տրվել գործադիրի կողմից։ Նյութի հեղինակի պնդմամբ՝ կառավարության ներկայացրած հիմնավորումները երերուն են, սակայն դրանց մեկնաբանությունը հոդվածագիրը թողել է իրավաբաններին։  Հեղինակը ներկայացրել է, իր խոսքով, հարցի քաղաքական կողմը՝ գրելով, որ անձամբ Փաշինյանի համար այս հարցը կենսական կարեւորություն պետք է ունենար․ «Հենց սահմանադրական կարգի տապալման հոդվածն է նա շահարկում քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար նրանց հանդեպ, որոնք նրա քինախնդրության թիրախում են հայտնվել։ Հարց է առաջանում, թե ինչու է Փաշինյանի կաբինետը բացասական եզրակացություն տվել։ Արդյոք Փաշինյանը չունի մտավախություն, որ այդ հոդվածը եթե ընդունվեր, ապա վաղը մյուս օրը հենց ինքն էլ կարող էր դատվել։ Ստացվում է, որ Փաշինյանը գուցե ներքուստ համոզված է, որ մի օր սահմանադրական կարգի տապալման ուղտն իր դռանն է չոքելու եւ էս գլխից է ուզում իրեն ապահովագրած լինել»,- ասված է նյութում։ Զերծ մնալով կառավարության հիմնավորումների վերաբերյալ իրավական գնահատականներից՝ ստորեւ ներկայացնում ենք օրենսդիրի նպատակը, նախագծի քննարկման ընթացքն ու այն լիագումար նիստերի օրակարգ չընդգրկելու փաստարկները։ Ապրիլի 30-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց իր հեղինակած «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» վերը հիշատակված նախագիծը։ Ինչպես արդեն նշեցինք՝ դրանով Պետրոսյանն առաջարկում էր քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում: Ներկայացված առաջարկը վերաբերում է վաղեմության ժամկետի հիմքով թե՛ քրեական պատասխանատվության ենթարկելուն, թե՛ պատժից ազատելուն։ Պատգամավորը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել է, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ինստիտուտ, այսինքն՝ եթե այս կամ այն արարքի կատարումից անցել է կոնկրետ ժամանակահատված, ապա այլեւս հնարավոր չէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն ու նրան պատասխանատվության ենթարկելը։ Բայց, հաշվի առնելով առանձին հանցագործությունների առավել վտանգավոր լինելու հանգամանքը, այն թիրախները, որոնց դեմ ուղղված են այդ հանցագործությունները, եւ դրանց արդյունքում մարդկությանը պատճառվելիք վնասի բնույթն ու ծանությունը՝ ՔՕ-ն բացառություններ է նախատեսել առանձին հոդվածների մասով։ Օրինակ՝ ցեղասպանությունը, որպես առանձին հանցատեսակ, երբ էլ կատարված լինի, ժամանակը հիմք չէ դրանում մեղադրվող անձին քրեական պատասխանատվության չենթարկելու համար։ Պետրոսյանի խորին համոզմամբ՝ վաղեմություն չճանաչող արարքների մեջ պետք է ներառել նաեւ սահմանադրական կարգի տապալման հոդվածը, քանի որ սա, ըստ նրա, այն հոդվածն է, որում մեղավոր անձին պատասխանատվության ենթարկելու համար պետությունը չպիտի ճանաչի ժամկետներ։ Այսպիսով՝ պատգամավորը համաձայն չէ նախագծին բացասական եզրակացություն տված կառավարության հիմնավորումների հետ։ Իսկ կառավարությունն առաջարկել է անփոփոխ թողնել ՔՕ համապատասխան հոդվածները՝ ընդգծելով, որ քրեական օրենսդրությամբ վաղեմության ժամկետները որպես քրեական պատասխանատվությունից ազատման իրավական հիմք նախատեսելն ինքնանպատակ չէ։ Գործադիրի պնդամբ՝ հանցագործության կատարման պահից երկար ժամանակ անցնելու դեպքում օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում արդյունավետ քննություն իրականացնել, քանի որ ժամանակի հետ հանցագործությունների բացահայտումը դժվարանում է, ապացույցները ոչնչանում են կամ կորցնում են իրենց ապացուցողական նշանակությունը, մոռացվում կամ աղավաղվում է վկաներին հայտնի տեղեկատվությունը։ Կառավարությունն իր առաջարկության մեջ նշել է նաեւ, որ արտասահմանյան երկրներում հանցագործությունների այն շրջանակը, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում, գրեթե նույնական է, եւ այդ ցանկում ներառված չէ սահմանադրական կարգի տապալման հոդվածը։ Այդպիսի քրեական օրենսդրություններ ունեցող երկրներն են, օրինակ, Իսպանիան, Խորվաթիան, Գերմանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Էստոնիան, Չեխիան, Դանիան, Լիվան, Լատվիան, Հունգարիան, Վրաստանը, եւ այլն։  Գործադիրը նաեւ ներկայացրել է ՄԱԿ-ի՝ 1968 թվականի նոյեմբերի 26-ի  «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան, որով մասնակից պետությունները պարտավորություն են ստանձնել՝ անկախ կատարման ժամանակից՝ վաղեմության ժամկետներ չսահմանել Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների նկատմամբ, որոնց թվում չեն սահմանադրական կարգի դեմ ուղղղված հանցագործությունները։  Գեւորգ Պետրոսյանը կառավարության այս փաստարկին հակադարձել է պնդմամբ, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ Կոնվենցիայով որոշված արարքների շրջանակը չի արգելում պետություններին՝ իրենց ներքին օրենսդրութամբ ընդարձակել այն արարքների ցանկը, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում տվյալ պետության ներքին եւ արտաքին անվտանգության համար․ պատգամավորի համոզմամբ՝ սահմանադրական կարգի տապալումը լրջագույն սպառնալիք է երկրի անվտանգությանը․ «Ցանկացած երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունն արդյունավետ ապահովելու կարեւորագույն նախադրյալ է տվյալ պետության սահմանադրական կարգի խստագույնս պահպանումը: Որեւէ պաշտոնյա չպետք է հնարավորություն ունենա որեւէ պատճառաբանությամբ թույլ տալ կամ հանդուրժել սահմանադրական կարգի դեմ որեւէ գործողություն: Առավելեւս, արտաքին մարտահրավերներով լեցուն պետություններում այս պահանջի պահպանումը խիստ կարեւոր է»,- նշել է Պետրոսյանը։ Հանձնաժողովում քննարկումն ընթացել է ոչ թե Պետրոսյանի առաջարկի ընդհանրապես մերժելու տրամադրությամբ, այլ այն առաջարկի կոնտեքստում, որ գուցե պետք է գնալ ընդհանուր վաղեմության ժամկետները վերանայելու ճանապարհով, ոչ թե կոնկրետ հանցագործության դեպքում այն ուղղակի վերացնելու։ Նախագծի ընդդիմախոսները կարծիք են հայտնել, որ նման սոցիալական անհրաժեշտություն չկա միայն մեկ հոդվածի եւ, առհասարակ, այն հոդվածների համար, որոնք մարդկության խաղաղության դեմ չեն ոտնձգում եւ վերաբերելի չեն խոշտանգման դեպքերին։ Այդուհետեւ, հանձնաժողովը եւս բացասական եզրակացություն է տվել նախագծին՝ արձանագրելով այն փաստը, որ ներպետական օրենսդրական կարգավորումներում առկա են իրավական խնդիրներ՝ վաղեմության ժամկետների կիրառելիության հետ կապված։ Հիմնավորվել է, որ նախագծով նախատեսված փոփոխությունները չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունից, և հակասում են ՀՀ Սահմանադրությամբ հռչակված սկզբունքներին․ «Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցավոր արարքի նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու վերաբերյալ նորմը պետք է գիտականորեն հիմնավորված լինի՝ մատնանշելով թե արարքի և անձի վտանգավորության անփոփոխությունը, և թե նույնիսկ շատ երկար ժամանակի հոսելու դեպքում՝ դրա բացահայտման իրական հնարավորությունը, այն պետք է բխի ինչպես տվյալ պետության ստանձնած միջազգային պարտավորություններից, այնպես էլ ներպետական օրենսդրության ընդհանուր տրամաբանությունից, ինչը վերոնշյալ նախագծի դեպքում այդպես չէ»,- ասված է Հանձնաժողովի բացասական եզրակացության հիմնավորման մեջ: Պետաիրավական հանձնաժողովի այս եզրակացության հիմք հանդիսացող փորձաքննության մեջ էլ նշված է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները չեն համապատասխանում  համաչափության սահմանադրական սկզբունքին:  Հանձնաժողովում բացասական եզրակացություն ստանալուց հետո մայիսի 5-ին՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ նախագիծը չի ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ։ Այսպիսով, վերադառնալով Politik.am կայքի հրապարակման բովանդակությանը՝ հարկ է ընդգծել, որ նյութից տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը միտումնավոր մերժել է նախագիծը, այնինչ, ինչպես պարզ է դառնում ԱԺ հանձնաժողովի նիստից, կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, նախագծին կտրականապես դեմ չի արտահայտվել, նույնը նաեւ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները։ Ընդ որում՝ վերջիններից ոմանք նույնիսկ ձեռնպահ են քվեարկել նախագծին, եւ ոչ թե՝ դեմ։  Բանն այն է, որ կտրականապես դեմ չլինելու պարագայում էլ կառավարությունը ոչ թե առաջարկել է վերանայել առհասարակ վաղեմության ժամկետները, այլ քննարկվող հոդվածներն ընդհանրապես թողնել անփոփոխ։  Ինչ վերաբերում է նյութի այն հարցադրմանը, թե արդյոք Փաշինյանը չունի՞ մտավախություն, որ այդ հոդվածի ընդունման դեպքում գուցե ինքն էլ կարող էր դատվել, «հատկապես, որ իր իշխանության գալը, արդեն այսօր շատ մասնագետներ որակում են որպես իշխանության զավթում շանտաժի միջոցով եւ սահմանադրական կարգի տապալում», նշենք, որ օրենքը հետադարձ ուժ չունի, այն չի կարող վերաբերել մինչեւ դրա ուժի մեջ մտնելը եղած իրադարձություններին ու անձանց, ինչի մասին հայտարարել է նաեւ ինքը՝ Գեւորգ Պետրոսյանը։ Հետեւաբար, կայքի այս ակնարկը եթե անտեղյակության արդյունք չէ, ապա առնվազն մանիպուլյացիա է։  Հայարփի Բաղդասարյան
14:14 - 08 մայիսի, 2020
Եթե ՍԴ-ի հանրաքվեի գործընթացը վերսկսվի, մոտ 1500 ընտրատեղամասում տեսախցիկներ կլինեն․ Տիգրան Մուկուչյան |armtimes.com|

Եթե ՍԴ-ի հանրաքվեի գործընթացը վերսկսվի, մոտ 1500 ընտրատեղամասում տեսախցիկներ կլինեն․ Տիգրան Մուկուչյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ. հաղորդումը՝ նշելով, որ այդ ընթացքում ԿԸՀ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել են ԱԺ և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ՝ ընդհանուր թվով 170 համայնքներում: Նա ասաց, որ կազմակերպվել է նաեւ ուսուցում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընգրկվելու համար։ Ըստ Մուկուչյանի ներկայացրած տվյալների՝ 2018-ին տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընգրկվելու համար 10.420 հայտ էր ներկայացվել, որոնցից 8598-ը՝ կուսակցությունների կողմից, մյուս մասը՝ քաղաքացիների։ Նրանցից 7291-ն էլ ստուգարքի արդյունքում ստացել են որակավորման վկայականներ։ 2019 թվականի ընթացքում հայտերի թիվը կազմել է 14.498 հայտ, որոնցից 10.094-ը կուսակցությունների կողմից են եղել, 9893-ն էլ ստուգարքի արդյունքում ստացել են որակավորման վկայականներ։ Մուկուչյանի խոսքով՝ այս հաղորդման մեջ Ընտրական օրենսգրքի հետ կապված ներկայացվել են որոշակի առաջարկներ։  Նա շեշտեց նաեւ, որ ՀՀ-ում առաջին անգամ ընտրությունների ժամանակ տեսանկարահանում կատարվել է 2017 թվականին, հետագայում՝ նույն կերպ 2018-ին։ Երկու դեպքում էլ ընդհանուր թվով 2000 տեղամասերից տեսախցիկներ եղել են 1500-ում։ «Բայց եթե ընտրողների թվով ենք նայում, մոտ 92-93% ծածկույթ էինք ապահովել»,- ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ Երեւանի բոլոր տեղամասերում են եղել տեսախցիկներ, այն տեղամասերում, որտեղ տեսախցիկներ չեն եղել, հեռավոր բնակավայրեր էին, որտեղ ինտերնետի հասանելիության եւ տեխնիկական այլ խնդիրներ կային։ Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ի հանրաքվեի գործընթացը վերսկսվի, ՀՀ-ի ամբողջ տարածքում այս ցուցանիշը կլինի նույնը։
12:55 - 04 մայիսի, 2020
Բոլոր համայնքապետերը կպարտավորվեն եկամուտների հայտարարագիր լրացնել. նախագիծը երկրորդ ընթերցմամբ ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |hetq.am|

Բոլոր համայնքապետերը կպարտավորվեն եկամուտների հայտարարագիր լրացնել. նախագիծը երկրորդ ընթերցմամբ ստացավ ԱԺ հանձնաժողովի հավանությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկին, որի համաձայն՝ բոլոր համայնքապետերը պարտավորվում են եկամուտների հայտարարագիր ներկայացնել: Նախագիծը քննարկման էր դրվել երկրորդ ընթերցմամբ: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր միաձայն` 95 ձայնով: Առաջին ընթերցմամբ պատգամավորն առաջարկում էր օրենքով ամրագրել, որ մինչև 15 հազար բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները ևս պարտավորվեն եկամուտների հայտարարագիր լրացնել: Գործող օրենքով նման պարտավորություն դրված է միայն 15 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարների վրա: Այժմ առաջարկվում է որևէ տարբերակում չդնել, թե քանի բնակիչ ունի համայնքը և ամրագրել, որ բոլոր համայնքների ղեկավարներն են պարտավոր եկամուտների հայտարարագիր ներկայացնել: Այն ներկայացվեց քվեարկության և, ստանալով դրական եզրակացություն, ընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգ:
15:18 - 09 ապրիլի, 2020
Հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով զինծառայողի կյանքին ու առողջությանը հասցված վնասը կփոխհատուցվի |shantnews.am|

Հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով զինծառայողի կյանքին ու առողջությանը հասցված վնասը կփոխհատուցվի |shantnews.am|

shantnews.am: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին նախագծով է հանդես եկել կառավարությունը: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրել է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման շարքում առաջարկվում է ներառել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը: «Քանի որ ԶՈՒ գործողությունների ժամանակ ստեղծվում են իրավիճակներ, երբ զինծառայողները չեն մասնակցում մարտական գործողությունների, չեն կատարում մարտական առաջադրանք, սակայն հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով նրա առողջությանը պատճառվում է վնաս: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը չի ապահովում սոցիալական առումով ապահով վիճակ»,- ասել է նա: Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվել է. «Ի՞նչ կարգի փոխհատուցման մասին ենք խոսում, ո՞ր կարգի վնասվածքներն են փոխհատուցվում և նախկին դեպքերը մտնո՞ւմ են կարգավորումների մեջ»: «Նույն ձևաչափն է գործելու: Եթե հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում է եղել, ապա դասվում է փոխհատուցման ենթակա դեպքերի ցանկում»,- պարզաբանել է նա:
15:31 - 28 փետրվարի, 2020
Անկախ նրանից, թե որ ամբիոնից և ում կողմից կհնչեն բռնության կոչեր, արարքը կհամարվի քրեորեն հետապնդելի. փոխնախարար |aysor.am|

Անկախ նրանից, թե որ ամբիոնից և ում կողմից կհնչեն բռնության կոչեր, արարքը կհամարվի քրեորեն հետապնդելի. փոխնախարար |aysor.am|

aysor.am: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել բռնության կոչերի, քարոզի և դրանք հրապարակայնորեն արդարացնելու համար, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։ «Առաջարկում ենք քրեականացնել ատելության խոսքի ամենավտանգավոր դրսևորումը, ընդ որում՝ բռնության կոչը պետք է լինի հրապարակային՝ վերաբերելով անձի սեռին, կրոնին, էթնիկ ծագմանը, հայացքներին և այլն։ Խոսքի ազատության համատեքստում ատելության խոսք չպետք է ներառվի», - ասաց նա։ԱԺ ԼՀԿ խմբակցություն պատգամավոր Տարոն Սիմոնյանը Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց՝ եթե բռնության կոչ է անում քաղաքական գործիչը՝ ասելով, որ հանցագործներին պետք է «պատերով տալ», դա տեղավորվո՞ւմ է նախագծի որևէ դրույթի մեջ։Փոխնախարարը նկատեց՝ անկախ նրանից, թե որ ամբիոնից և ում կողմից կհնչեն բռնության կոչեր, նախատեսվում է նման արարքից ձեռնպահ մնալու արգելք։«Եթե հիմնավորվի բռնության կոչ անելու դիտավորությունը, ապա արարքն, այո՛, քրեոարեն հետապնդելի կհամարվի», - նշեց Գալյանը։
12:22 - 27 փետրվարի, 2020