Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման ոլորտներում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովումն է:

Տեսչական մարմնի ղեկավարն է Գեղամ Շախբազյանը։ Տեղակալներն են Արտյուշ Գրիգորյանը և Աշոտ Շահբազյանը։

Տեսչական մարմինը թույլատրել է «Փեթակ»-ի գործունեությունը

Տեսչական մարմինը թույլատրել է «Փեթակ»-ի գործունեությունը

ՀՀ  քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի  մասնագետներն ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին «Փեթակ» ՍՊ ընկերության համապատասխան հայտի հիման վրա ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերությունում իրականացրել է վերահսկողական աշխատանքներ՝ Տեսչական մարմնի կողմից 2021թ․ հուլիսի 1-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ Ինչպես հայտնում են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում տրված կարգադրագրի կետերից ամբողջությամբ վերացվել է արձանագրված խախտումների կեսից ավելին, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ  և ինտենսիվ աշխատանքներ։ Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինն, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում վերացել է հրդեհների առաջացման անմիջական  և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Փեթակ» ՍՊԸ հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց։
18:20 - 03 նոյեմբերի, 2022
Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում եղել է 5 հարց։ Նիստը նախագահում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ Կառավարման խորհրդի նիստի օրակարգի 1-ին հարցը վերաբերում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը հավանություն տալուն։ Այդ պաշտոնում առաջադրվել էր Սուրեն Մինասյանի թեկնածությունը։ Կառավարման խորհրդի անդամները Ս․Մինասյանին ուղղեցին իրենց հարցերը՝ կապված նրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու դեպքում նախատեսվող գործունեության հետ։ Կառավարման խորհուրդը հավանություն տվեց առաջադրված թեկնածությանը։ Կառավարման խորհրդի համապատասխան որոշումից հետո այն կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը։ Այնուհետև կառավարման խորհրդի անդամները քննարկեցին օրակարգում ընդգրկված՝ Տեսչական մարմնի ընթացիկ ու առաջիկա գործունեությանն առնչվող մնացած հարցերը։
11:35 - 23 օգոստոսի, 2022
«Սուրմալու»-ի տնօրենը պնդում է՝ «մենք խախտում չենք ունեցել»
 |azatutyun.am|

«Սուրմալու»-ի տնօրենը պնդում է՝ «մենք խախտում չենք ունեցել» |azatutyun.am|

azatutyun.am: «Սուրմալու»-ի տնօրենը պնդում է, թե իրենք վերացրել են նախորդ տարի հայտնաբերված հակահրդեհային կանոնների շուրջ երկու տասնյակ խախտումները։ Նախօրեին առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո տեսչական մարմինը հայտարարեց, որ «Սուրմալու»-ում 2021-ի ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումները վերացված չեն եղել։ Առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան, «Ազատության» հետ կարճ հեռախոսազրույցում, այսօր միայն հերքեց տեսչական մարմնի հայտարարությունը՝ արագ անջատելով հեռախոսը։ «Վերացրել է խախտումները, մենք խախտում չենք ունեցել», - ասաց Մադաթովան։ Ավելի քան 3 հազար քառակուսի մետր մակերեսով տոնավաճառում քաղաքաշինական և հակահրդեհային կանոնների շուրջ 20 խախտումները վերացնելու համար տեսչական մարմինը «Սուրմալու»-ի ղեկավարությանը ժամանակ էր տվել մինչև նախորդ տարեվերջ։ Դրանից հետո նոր ստուգում չէր իրականացվել։ Մահաբեր պայթյունից երեք օր անց էլ տոնավաճառի ղեկավարությունը դեռ չի հարցաքննվել, փոխանցեցին Քննչական կոմիտեից։ Ինչո՞ւ սեփականատեր Ռազմիկ Զախարյանը չի կանչվել հարցաքննության, այս հարցին իրավապահները չեն պատասխանում։ Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը փոխանցեց միայն, որ հարցաքննվել է մոտ երկու տասնյակ մարդ՝ հիմնականում տուժողներ։ Դեռևս չկան կասկածյալներ ու մեղադրյալներ։ «Հարցաքննվողների մեծ մասը վարձակալներն են, նրանք հանդիսանում են նաև տուժողներ։ Պարզվում է առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող սեփականատերերի, աշխատակիցների ինքնությունները, հանձնարարություններ է տրվել հետաքննության մարմիններին», - ասաց Թադևոսյանը։ Հարցաքննություններին զուգահեռ իրավապահները դեպքի վայրում փորձագետների հետ միասին զբաղված են դեպքի վայրի զննությամբ։ «Ես չեմ կարծում, որ քննիչներն այսքան շուտ կարող են տեղեկատվություն տալ իրականում ինչից է առաջացել հրդեհ, որովհետև դեռ աշխատանքները շարունակվում են այնտեղ, որոնողական աշխատանքներ», - ասաց կոմիտեի խոսնակը։ «Սուրմալու»-ի սեփականատեր, 86-ամյա Ռազմիկ Զախարյանի հետ կապվել չի հաջողվում։ Բիզնես գործունեությամբ զբաղվող Զախարյանը քաղաքական անցյալ ունի՝ 1991-ին եղել է Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ։
16:14 - 16 օգոստոսի, 2022
Տեսչական մարմինն անցյալ տարի խախտումներ է հայտնաբերել Սուրմալուում և կարգադրագրեր է տվել տնօրինությանը․ ՔՏՀԱՏՄ-ի պարզաբանումը

Տեսչական մարմինն անցյալ տարի խախտումներ է հայտնաբերել Սուրմալուում և կարգադրագրեր է տվել տնօրինությանը․ ՔՏՀԱՏՄ-ի պարզաբանումը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը պարզաբանում է տարածել «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (Սուրմալու» տոնավաճառ) իրականացված ստուգման, արձանագրված խախտումների վերաբերյալ։ «ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում («Սուրմալու» տոնավաճառ) տեղի ունեցած պայթյունի առիթով հայտնում է, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա ՏՄ Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները 2021 թվականի մարտի 9-ից 16-ը ներառյալ ստուգում են իրականացրել հիշյալ ընկերությունում գործող առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ։ Ստուգման արդյունքում ՏՄ մասնագետները հայտնաբերել են ՀՀ ԱԻ նախարարի կողմից 18.06.2015թ. հաստատված հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավել տարբեր բնույթի խախտումներ: Մասնավորապես հայտաբերվել են հետևյալ խախտումները. Կրպակաշարերը, տաղավարները տեղակայված չեն շենք-շինություններից ոչ պակաս 8մ հեռավորության վրա, Շինարարական հիմատարրերը տոգորված չեն հրապաշտպան լուծույթով, 15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ շենքերի դռները դեպի չեն բացվում դեպի դուրս, Օդային էլեկտրահաղորդման գծեր են անցկացված հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների վրայով 55 քմ գերազանցող մակերոսով բնական լուսավորություն չունեցող սենքերում (помищение) տեղակայված չի եղել հակածխային պաշտպանության համակարգ, Արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված օբյկետների տարածքում բացակայել են առնվազն 1 հիդրանտն ու հակահրդեհային ջրավազանը, Շենքերը սարքավորված չեն հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով այնպես, որ յուրաքանչյուր կետ ցողվի 1x2,5 լ/վրկ ջրի շիթով, 3500 քմ-ն գերազանցող երկհարկանի առևտրի սրահի սենքերը սարքավորված չեն հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով: Անկախ մակերեսից 3 և ավելի հարկայնություն ունեցող առևտրի կազմակերպության շենքում սարքավորված չի եղել հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ։ Առևտրի և հասարակական նշանակության սննդի օբյետները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով։ Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը չեն գտնվել սարքին վիճակում։ «Ա», «Բ», «Վ» կարգի շինություններում կրակմարիչնեը տեղադրված չեն եղել հրդեհի հնարավոր օջախներից 30 մետրից ոչ ավել հեռավորության վրա։ Տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության շենքում հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրագրեր է տվել ընկերության տնօրինությանը։ Վերջինիս նկատմամբ ՏՄ-ի կողմից կիրառվել է նաև վարչական պատասխանատվության միջոց՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- նշված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Ժամը 16:30-ի դրությամբ պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը 51 է, զոհերինը՝ 1։
18:40 - 14 օգոստոսի, 2022
«Սուրմալու»-ում նախորդ տարվա հրդեհից հետո տեսչական մարմինը վերստուգում դեռ չէր արել |azatutyun.am|

«Սուրմալու»-ում նախորդ տարվա հրդեհից հետո տեսչական մարմինը վերստուգում դեռ չէր արել |azatutyun.am|

azatutyun.am: Անցած տարվա մարտի 9-16-ը Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Սուրմալու» առևտրի կենտրոնում (Երևանի պահածոների գործարան ՓԲԸ), որի կազմում գործում են մի շարք առևտրի ու հասարակական սննդի կետեր, «Ազատությանը» հայտնեց տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը: Դրանից հետո, խոսնակի փոխանցմամբ, ըստ գրաֆիկի և ծանրաբեռնվածության վերստուգումը դեռ չէր հասել «Սուրմալու»-ին, որտեղ այսօր պայթյուն է որոտացել: Նախորդ տարի` ապրիլին, այս նույն շուկայում` կենտրոնական մասնաշենքում, հրդեհ էր բռնկվել: Այն ժամանակ այրվել էին խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Դիտարկմանը, թե անցած տարվա հրդեհից հետո տեսչական մարմինը ստուգումներ չի՞ իրականացրել այնտեղ, Ելենա Զոհրաբյանը պատասխանեց, որ այդ հրդեհը բռնկվել է ստուգման ակտից օրեր անց, և դրանից հետո ըստ գրաֆիկի ու ծանրաբեռնվածության վերստուգում չի արվել: Նրա փոխանցմամբ` նախորդ ստուգման ժամանակ արձանագրվել են հակահրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ 2 տասնյակի հասնող խախտումներ, նշանակվել է վարչական տույժ, տրվել է խախտումները վերացնելու կարգադրագիր: Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Ժամը 16:30-ի դրությամբ պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը 51 է, զոհերինը՝ 1։
18:25 - 14 օգոստոսի, 2022
Տեսչական մարմինը տեխնիկական անվտանգության պահանջները չկատարելու պատճառով տուգանել է տնտեսվարողներին

Տեսչական մարմինը տեխնիկական անվտանգության պահանջները չկատարելու պատճառով տուգանել է տնտեսվարողներին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարեկան գործունեության ծրագրով հաստատված տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում 2-րդ եռամսյակում պլանավորված ստուգումների շրջանակներում Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից Ա/Ձ Ա․ Սիրականյանին, Ա/Ձ Հ․ Սուվարյանին և Ա/Ձ Գ․ Պետրոսյանին պատկանող բենզալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերջիններիս բենզալցակայանները գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում և չունեն տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացություններ։ Այսինքն՝ խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի և 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ԱՎՕ շահագործողը խախտել է նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին պահանջները։ Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից երեք տնտեսավարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:
15:05 - 27 հուլիսի, 2022
ՔՏՀԱ տեսչական մարմինը Ծիծեռնակաբերդի խճուղում շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը Ծիծեռնակաբերդի խճուղում շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

Սույն թվականի մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի էր ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Դրա հետևանքով խճուղին մինչև հունիսի 14-ը երկկողմանի փակ էր։ Տեղի ունեցած փլուզման հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ըստ անհրաժեշտության ստուգում իրականացնելու հանձնարարական էր իջեցվել։ Ըստ այդմ՝ 2022 թվականի հուլիսի 3-ին ՀՀ, ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 12/5, 13, 39, 39/1, 39/2, 39/3, 39/4, 39/5 հասցեներում իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, որի արդյունքում խախտումներ են հայտնաբերվել։ Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից 2020 թ. հունիսի 26-ին աշխատանքային նախագիծը համաձայնեցվել է նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ ՃՏԱ ) 9-րդ կետի պահանջի խախտմամբ, այն է՝ բնակելի շենքերի ստորգետնյա հարկերի՝ ավտոկայանատեղիի մուտքի և ելքի համար նախատեսված հանգույցները աշխատանքային նախագծով նախագծվել են սեփականությամբ պատկանող հողամասի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականության հողամասի սահմաններում։ Աշխատանքային նախագիծը նույն խախտմամբ 2022 թ․ մարտի 31-ին վերահամաձայնեցվել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կողմից։ Շինարարության կազմակերպման նախագծում կառուցվող շենքերի հիմքերը նախագծվել են համայնքային սեփականության հողամասի սահմաններում։ Երևանի քաղաքապետի կողմից նախագծման թույլտվությանը չհամապատասխանող աշխատանքային նախագիծ է համաձայնեցվել։ ՀՀ օրենսդրության խախտմամբ մշակված նախագիծը 2020 թվականի մարտի 4-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից ենթարկվել է պետական համալիր փորձաքննության և դրական եզրակացություն ստացել։ Կապալառու «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել է համաձայնեցված աշխատանքային նախագծից կոպիտ շեղումներով․ քանդման և հողային շինարարական աշխատանքներն իրականացվել են շինարարական հրապարակի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականության հողամասի սահմաններում՝ խճուղու եզրագծով։ Բացի դրանից՝ շինարարական աշխատանքների ընթացքում չի պահպանվել համաձայնեցված աշխատանքային նախագծով նախատեսված փոսորակի լանջի 27 աստիճան թեքությունը, որի պատճառով տեղի է ունեցել խճուղու մի հատվածի փլուզում։ «Սահակյանշին» ՓԲ ընկերության կողմից թույլ տրված կոպիտ նախագծային շեղումը հանգեցրել է տեխնիկական վթարի։ Տեսչական մարմնի կողմից իրավախախտումների վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո միջնորդություն է ներկայացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ «Սահակյանշին» ՓԲ ընկերության քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար տրամադրված լիցենզիայի դադարեցման վերաբերյալ։ Վերոնշյալ հասցեում իրավախախտում թույլ տված բոլոր քաղաքաշինական սուբյեկտների նկատմամբ կիրառվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ։ Փաստացի իրավասու մարմինների կողմից ոչ միայն չի կանխվել համայնքային սեփականության հողամասի զավթումը, այլև նախագծի համաձայնեցմամբ և փորձաքննությամբ ակտիվ գործողություններով օժանդակվել է դրան։ Հողազավթման դեպքի առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից իրավախախտման հայտնաբերման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել։ Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ հետևանքների վերացման ուղությամբ։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, բարձր վտանգավորությամբ գնահատելով վերոնշյալ արարքները և առաջացած տեխնիկական վթար հանդիսացող հետևանքը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
11:11 - 23 հուլիսի, 2022
ՔՏՀԱ տեսչական մարմինը նախազգուշացնում է գազաբալոնների վկայագրման լիցենզավորված կազմակերպություններին

ՔՏՀԱ տեսչական մարմինը նախազգուշացնում է գազաբալոնների վկայագրման լիցենզավորված կազմակերպություններին

Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի դեկտեմբերի 9-ից սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության նկատմամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։   ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ոլորտի բարեփոխումներն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին խստորեն հորդորում է գործընթացն իրականացնել բացառապես  օրենքով սահմանված կարգով, մասնավորապես՝ թույլ չտալ առանց համապատասխան ծառայությունների մատուցման վկայագրերի տրամադրումը։   Հիշեցնում ենք, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, մշտադիտարկումների և վերահսկողական գործառույթների ընթացքում նման դեպքերի արձանագրման դեպքում իրականացվելու է խիստ վարչարարություն՝ օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառումով։
17:18 - 20 հուլիսի, 2022
Տեսչական մարմինը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Վայոց Ձորում

Տեսչական մարմինը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Վայոց Ձորում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին շարունակել է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Այդ մասին ասված է ՀՀ ՔՏՀԱՏՄ Ֆեյսբուքի էջում։ «Տեսչական մարմինը շաբաթ օրը` հուլիսի 16-ին և կիրակի` հուլիսի 17-ին ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Վայոց Ձորի մարզում։ Միջպետական Մ-2 ավտոմոբիլային ճանապարհի 120+500 կմ հատվածներում կշռվել են 15 տրանսպորտային միջոց։ Արդյունքում վարչական պատասխանատվության են ենթարկվել 4 տրանսպորտային միջոցների վարորդներ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 800 հազար ՀՀ դրամ»,- նշված է գրառման մեջ:
19:08 - 17 հուլիսի, 2022
Սևանի համայնքապետը տուգանվել է 2 միլիոն դրամով

Սևանի համայնքապետը տուգանվել է 2 միլիոն դրամով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի կարգադրագրի հիման վրա Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինն ուսումնասիրություններ է կատարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևանի մասնաճյուղի տարածքում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ»-ի տարածքում գործող «Փարվանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ  քաղաքացի Գ․Գևորգյանի կողմից կառուցվել է ինքնակամ երկաթյա կոնստրուկտորներով տաղավար։ Իրավախախտման հայտնաբերման մասին Տեսչական մարմնի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ծանուցվել է համայնքի տարածքում ինքնակամ շինարարական աշխատանքների մասին, որին ի պատասխան ստացվել է գրություն, որ վարչական իրավախախտման փաստի կապակցությամբ ձեռնակվել են համապատասխան միջոցներ, ինչի արդյունքում Գ․ Գևորգյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 500․000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով։ Որոշ ժամանակ անց կազմակերպված կրկնակի ստուգումների արդյունքում Տեսչական մարմինը պարզել է, որ ինքնակամ շինարարական աշխատանքների հետևանքները ոչ միայն չեն վերացվել, այլև աշխատանքները շարունակվում են, ինչի մասին կրկնակի գրությամբ զգուշացվել է Սևանի համայնքապետը, սական ոչ մի պատասխան գրություն չի ստացվել։ ՔՏՀԱ տեսչական մարմինը՝ ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157․17-րդ հոդվածով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի նկատմամբ՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման մասին որոշում չկայացնելու կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման մասին որոշման կատարումը չապահովելու համար նշանակել է վարչական տույժ՝ տուգանք՝  2․000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով: Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին՝ ինքնակամ շինության ապամոնտաժման և տարածքը նախկին տեսքին վերադարձնելու վերաբերյալ պարտադիր կատարման ցուցում է տրվել։ Հայտնում ենք, որ համայնքի ղեկավարի կողմից իրեն վերապահված լիազորությունների սահմանում ինքնակամ կառույցի հետևանքները չվերացնելու դեպքում՝ Տեսչական մարմնի կողմից փաստը կդիտարակվի որպես անգործություն և համապատասխան հաղորդում կներկայացվի իրավասու մարմիններին։  
15:43 - 15 հուլիսի, 2022
Բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային 13 միջոցից 7-ը տուգանվել է 3 միլիոն 200 հազար դրամով․ ՔՏՀԱ տեսչական մարմինը կշռում է իրականացրել

Բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային 13 միջոցից 7-ը տուգանվել է 3 միլիոն 200 հազար դրամով․ ՔՏՀԱ տեսչական մարմինը կշռում է իրականացրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության  ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության  իրականացումը։ Տեսչական մարմինը  հուլիսի 11-ին և 12-ին ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում է  իրականացրել Արարատի մարզում։ Մարզի  Եղեգնավան, Այգեվան, Լուսառատ համայնքներում  և միջպետական Մ-2, Հանրապետական Հ-8, Հ-11 և տեղական նշանակության Տ-2-50  ավտոմոբիլային ճանապարհի տարբեր հատվածներում  կշռվել են 13 տրանսպորտային միջոցներ։ Արդյունքում վարչական պատասխանատվության են ենթարկվել 7 տրանսպորտային միջոցների վարորդներ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 3 միլիոն 200 հազար դրամ:  
19:22 - 12 հուլիսի, 2022
Տեսչական մարմինը գործող ատրակցիոնների կանխարգելիչ ուսումնասիրություններ է կատարել

Տեսչական մարմինը գործող ատրակցիոնների կանխարգելիչ ուսումնասիրություններ է կատարել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով hունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի Արազ Պապիկյանը, Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Կարեն Կարապետյանը, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչության այլ մասնագետներ մայիսի 25-27-ը ուսումնասիրություն և շրջայց կատարեցին հանրապետության մանկական ժամանցային վայրերում, մասնավորապես, այսօր՝ մայիսի 27-ին, եղել են «Հաղթանակ զբոսայգի», «Լունապարկ», «Երևան պարկ», «Մանկական-երկաթուղիներ» հանգստի գոտիներում, ինչպես նաև մի քանի այլ մանկական փոքր զվարճանքի կենտրոններում։   Այցի նպատակը ժամանցի վայրերում գործող խաղային ատրակցիոնների տեխնիկական վիճակի և շահագործման թույլտվության վերաբերյալ ուսումնասիրություններ և կանխարգելիչ բնույթի իրազեկում իրականացնելն էր:   Ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն մինչև հունիսի 1-ը։  
18:00 - 27 մայիսի, 2022
Բացահայտվել են ՔՏՀԱՏՄ-ի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել են ՔՏՀԱՏՄ-ի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր: Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Բ.-ն 2021թ. հուլիսին Լոռու մարզում ուղևորափոխադրման ծառայություններ իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Է. Ս.-ի, ապա վերջինիս միջոցով նաև Տաշիրի ավտոկայանի ենթակարգավար Ռ. Ս.-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ հիշյալ ընկերության վարորդների կողմից թույլ տրված խախտումների փաստերը չարձանագրելու համար ամսական 20.000-ական ՀՀ դրամ կաշառք ստանալու վերաբերյալ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Ռ. Ս.-ն վարորդներից հավաքագրել է որոշակի չափով գումարներ և Ն. Բ.-ի պահանջով յուրաքանչյուր ամիս 20.000 ՀՀ դրամ տվել վերջինիս որպես կաշառք: Բացի այդ, Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների երկու վարորդների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց Ռ. Ս.-ից պահանջել և երկու դեպքում ստացել է ընդհանուր 70.000 ՀՀ դրամի կաշառք: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ  այլ ընկերության և ընկերության վարորդ Ա. Տ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց նրանից ևս պահանջել և 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Այնուհետև, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է սահմանված կարգի խախտմամբ՝ դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով,  խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2021-2022թթ. ընթացքում ստացել է 40.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Վանաձոր քաղաքում ներհամայնքային ուղևորափոխադրում իրականացնող ընկերության և նույն երթուղում շահագործվող երկու տրանսպորտային միջոցների սեփականատերեր Ա. Մ.-ի և Ն. Մ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ հիշյալ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև հետագա ստուգումների ընթացքում հնարավոր խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն Ա. Մ.-ից 2021 թ. ընթացքում ստացել է 90.000 ՀՀ դրամ կաշառք: Վերը նկարագրված հանցավոր արարքներից բացի, բացահայտվել է նաև Ն. Բ.-ի կողմից խարդախություն կատարելու դեպք: Բավարար ապացույցներ են ձեռք բերել նաև հիշյալ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Մասնավորապես, պարզվել է, որ Ն. Բ.-ն չի արձանագրել վարորդներ Ա. Տ.-ի և Հ. Ս.-ի թույլ տված խախտումները` դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցներ վարելու փաստը` հիշյալ վարորդներին այդ կերպ զերծ պահելով 200.000-ական, ընդհանուր` 400.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկվելուց: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ն. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /5 դրվագ/, 178-րդ հոդվածի 1-ին մասով  և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ռ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ և 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարորդներ Ա. Տ.-ին, Ա. Մ.-ին և Հ. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:20 - 25 մայիսի, 2022