Քրիստինե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է՝ 2022թ․ հունվարի 24-ից։

Ծնվել է 1981թ․ օգոստոսի 27-ին Սեւան քաղաքում։

1998-2002 թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 2002-2004թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008թթ․ սովերել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2004- 2009թթ.  եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության մասնագետ, 2009 մարտ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես թարգամանիչ-իրավաբան, 2009-2011 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ իրավական հարցերով, 2011-2014 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք), 2012-2014 թթ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2014-2015թթ․ եղել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի եւ կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)։

2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետն է եղել, 2018թ.-2019թթ. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր), 2019թ. հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2022թ․ հունվարի 24-ին ԱԺ-ն 68 քվեով Գրիգորյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների 5-րդ պաշտպան։

Ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ․ ՄԻՊ փաստահավաք առաքելության տվյալները

Ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ․ ՄԻՊ փաստահավաք առաքելության տվյալները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ ՄԻՊ փաստահավաք առաքելություն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։ Բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ կամ հանդիսացել են ուղղակի թիրախ կրակի համար։ Տեղեկատվությունը հաստատել են ինչպես համայնքից տարհանված՝ Վարդենիսում գտնվող բնակիչները, այնպես էլ՝ մյուս շրջանների վարչական ղեկավարները։ Պաշտպանին ներկայացվել են այդ հանգամանքները հավաստող լուսանկարներ ու տեսանյութեր։  Քաղաքացիների կողմից առանձնազրույցների արդյունքում արձանագրվել է նաև նրանց գույքի վնասման, ընտանի կենդանիների այնտեղ մնալու և սեփականությունից զրկվելու վերաբերյալ հարցեր։ Անգամ փաստահավաք առաքելության ժամանակ շարունակվող հրետակոծության ու արկակոծության պայմաններում անձինք հնարավորություն չեն ունեցել իրենց տներ վերադառնալու կամ այնտեղից գույքը, ընտանի կենդանիները տարհանելու համար։ Վերին Շորժայում անձինք ներկայացրել են, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ, ինչի պատճառով մեքենաներն այրվել են։  Համայնքի բնակիչները տեղեկացրել են, որ կրակակոծության հետևանքով ստիպված են եղել թողնել իրենց անձնական իրերը, փաստաթղթերը, ընտանի կենդանիներին և զրկված են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից։ Պաշտպանի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզում այցելել են նաև քաղաքացիական բժշկական կենտրոն, որտեղ գտնվել է ադրբեջանական գործողությունների պատճառով վիրավորում ստացած 2 քաղաքացիական անձ, որոնցից մեկը՝ տարեց կին։ Փաստահավաք աշխատանքի արդյունքում հավաքագրված տեղեկատվություններն ու ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին։
23:32 - 13 սեպտեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները

ՀՀ ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը առցանց քննարկումներ է ունեցել Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական շարունակվող հարձակման հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակի փաստերը:   Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի վերաբերյալ աշխատակազմի փաստահավաք տվյալները, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց թիրախավորման փաստերը, ներկայացրել ապացույցներ:   Պաշտպանն առանձին քննարկում է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչի հետ, ապա նաև ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողի ու հանձնաժողովի քարտուղարության հետ՝ ներկայացնելով իրավիճակը։   Քննարկումների ընթացքում Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ ադրբեջանական գործողություններն ըստ էության ագրեսիվ հարձակում են Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև հրադադարի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում են:   Պաշտպանը խոստացել է պարբերաբար գործընկերներին տեղեկացնել իրերի ընթացքի վերաբերյալ և խնդրել զրուցակիցներին համարժեք գնահատել իրադարձությունները։    
16:34 - 13 սեպտեմբերի, 2022
ՄԻՊ աշխատակազմը հավաքագրում է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները․ ՀՀ ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմը հավաքագրում է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։   Շտապօգնության տարբերանշանով ու համապատասխանորեն կահավորված տրանսպորտային միջոցների թիրախավորման փաստերը ևս ստացվում են։ Նշվածը Միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևյան կոնվենցիաների (Լրացուցիչ արձանագրություն I) կոպիտ խախտում է։   Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների` Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։ Այս պահի տեղեկատվությամբ շտապօգնության որևէ բրիգադ չի վնասվել։ Փաստերը կներկայացվեն միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և այլ դերակատարներին։ Բնակավայրի լուսանկարները և տեսանյութը Սոթք և Կութ համայնքներից.  
10:24 - 13 սեպտեմբերի, 2022
Բաքվում հայ գերիների դատավարություններն, ըստ Գրիգորյանի, ակնհայտ և հիմնավոր կերպով արհեստական են |azatutyun.am|

Բաքվում հայ գերիների դատավարություններն, ըստ Գրիգորյանի, ակնհայտ և հիմնավոր կերպով արհեստական են |azatutyun.am|

azatutyun.am:Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը չի առարկում՝ Բաքվից գերիներին վերադարձնելու առավել արդյունավետ տարբերակն այս պահին միգուցե քաղաքական բանակցություններն են՝ անիմաստ չհամարելով նաև մյուս գործիքների կիրառումը։ Յուրաքանչյուր քայլ իր դրական ազդեցությունն է բերում գերիների վերադարձի պահն ավելի մոտեցնելու համար, ասում է Պաշտպանը։ Խոսելով Բաքվում հայ գերիների դատավարությունից՝ Գրիգորյանն արհեստական որակեց՝ շեշտելով՝ դրանք միտված են առավել հոգեբանական ճնշում գործադրելու, ահաբեկելու ինչպես զոհերի ընտանիքի անդամներին, այնպես էլ հայ հասարակությանը։ Գրիգորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն»․ - Չեք կարածո՞ւմ, որ փակվել է, կամ, ավելի մեղմ ձևակերպեմ, քիչ հավանական է դարձել, որ իրավական ճանապաարհով հնարավոր կլինի ստիպել Բաքվին վերադարձնել գերիներին, և մնացել է միայն քաղաքական բանակցությունների տարբերակը։ Գրիգորյան․ - Միգուցե այս պահի դրությամբ ստեղծված հանգամանքներով առավել էֆեկտիվ է քաղաքականը, սրա հետ կապված առարկություն չունեմ, բայց այն, որ մյուս բոլոր գործիքները չպետք է օգտագործվեն, կամ անիմաստ է օգտագործել, համարում եմ, որ դա այդպես չէ։ «Ազատություն»․ - Իսկ եթե դա չի՞ աշխատում։ Երկու տարին քիչ չէ։ Գրիգորյան․ - Ես համաձայն եմ՝ երկու տարին քիչ չէ, մի շաբաթը քիչ չէ, և այս մեր բոլոր ճանապարհներին, կատարած աշխատանքների ընթացքում, ես կարծում եմ, յուրաքանչյուր քայլ իր որոշակիորեն դրական էֆեկտն է բերում՝ էդ պահն ավելի մոտեցնելու համար։ Դժվար է, բնականաբար, ես ինքս էլ ընտանիքների հետ հանդիպում եմ, տեսնում եմ էդ ցավը։ Գրեթե ամեն ամիս եմ հանադիպում իրենց հետ ու գիտեմ դա, իրենցից եմ տեսնում՝ դա ինչ խնդիր է, և փորձում եմ իմ մանդատի շրջանակներում օգտագործել հնարավոր բոլոր միջոցները։ «Ազատություն»․ - Եթե գործն անցնում է Բաքվի դատական ատյաններով և նրանք մեղավոր են ճանաչվում, այսինքն՝ չի տարածվում դա նոյեմբերի 9-իհայտարարության վրա։ Այդտեղ ի՞նչ ուղի է մնում, տիկին Գրիգորյան։ Գրիգորյան․ - Փորձելու են ինչ-որ ձևով հիմնավորել միջազգային պարտավորությունների կամ եռակողմ իրենց հանձնառությունը չկատարելու, բայց դա շատ թույլ և վատ արգումենտ է իրենց կողմից, որովհետև էդ դատավարություններն անկնհայտ և հիմնավոր կերպով արհեստական են, դրանք միտված չեն կոնկրետ անձանց կողմից հանցավոր արարքի գնահատմանը ու նաև այդ նույն պնդումը չի դիմանում այն փաստարկին, որ նույն մենք ունենք հայրենադարձված տղաներ, ովքեր նույն ձև ունեն իրենց նկատմամբ կիրառված, ուժի մեջ մտած դատավճիռներ։ Այսինքն՝ անգամ պաշտոնական Բաքվի էս մոտեցումը գործողություններով ամրապնդված չէ։ Ուստի այս առումով սրանք ի բնե արհեստական են և միտված են առավել հոգեբանական ճնշում գործադրելու, ահաբեկելու ինչպես զոհերի ընտանիքի անդամներին, այնպես էլ հայ հասարակությանը։ «Ազատություն»․ - Կանեի՞ք պնդում, որ առանց զինված մարդկանց առկայության Լեռնային Ղարաբաղում հնարավոր չի լինի այնտեղ հայեր ապրեն։ Գրիգորյան․ - Ես միանշանակ համաձայն եմ, որովհետև եթե ուղղակի միայն հայ լինելու հանգամանքով պայմանավորված վտանգավոր է բնակվելը, որպեսզի ապահովվի շարունակությունն անձանց իրենց հայրենիքում, բնակավայրում, ծննդավայրում ապրելը, բնականաբար անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։ Իսկ անվտանգության նման հրատապության պայմաններում առաջին տեսանելի տրամաբանական երաշխիքը հենց զինված ներկայացումն է։ «Ազատություն»․ - Հետևաբար, տիկին Գրիգորյան, Պաշտպանության բանակի հնարավոր դուրսբերումը, որը Բաքվի պահանջն է, Դուք անընդունելի՞ եք համարում։ Գրիգորյան․ - Քաղաքականության մակարդակում սրանք կարող են տարբեր ձևակերպումներ ստանալ։ Ինձ համար, որպես մարդու իրավունքների պաշտպան, որևէ երաշխիք, որը նվազեցնում է ֆիզիկական գոյության անվտանգության հարցը, անընդունելի է։ Ադրբեջանական կողմը երեկ Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ երկրի գերագույն դատարանը «մեղմել է Հայաստանի չորս քաղաքացիների դատավճիռները և ազատ արձակել նրանց»։ Մինչև այժմ Ադրբեջանից 155 գերի է հայրենադարձվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին հայտարարեց, որ հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․      
10:51 - 09 սեպտեմբերի, 2022
Ստեղծվել է ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ

Ստեղծվել է ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 25-ին որոշում է ստորագրել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին։ Խորհուրդը ձևավորվել է կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից՝ անդամության հրավերի հիման վրա ընտրված հայտատուներից։ Այն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը։ Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին: Նորաստեղծ խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ: Խորհրդի անդրանիկ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին։
13:45 - 05 սեպտեմբերի, 2022
Այս օրը խորհրդանշում է իր իրավունքների և ազատությունների երաշխավորման համար Արցախի ժողովրդի պայքարի նշանակալից մի հանգրվանը. ՀՀ ՄԻՊ

Այս օրը խորհրդանշում է իր իրավունքների և ազատությունների երաշխավորման համար Արցախի ժողովրդի պայքարի նշանակալից մի հանգրվանը. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի իր գործընկերոջը Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:   «Հարգելի՛ պարոն Ստեփանյան,   Սիրելի՛ գործընկեր,   Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Այս օրը խորհրդանշում է իր իրավունքների և ազատությունների երաշխավորման համար Արցախի ժողովրդի պայքարի նշանակալից մի հանգրվանը, որին հաջորդում է սեփական հայրենիքում անձանց անվտանգ կյանքի ու արժանապատիվ գոյության, կրթության, սեփականության, տնտեսական, մշակութային և բոլոր այլ իրավունքների երաշխավորման ու ապահովման շարունակական մաքառման մեր ուղին։   Մարդու իրավունքները համընդանուր են և գործում են անկախ աշխարհագրությունից, դրոշներից ու սահմաններից, անկախ ազգությունից, էթնիկ, ռասայական, կրոնական պատկանելությունից կամ այլ հատկանիշներից։ Ահա այս արժեքների ու սկզբունքների վրա է խարսխված Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը։ Չափազանց կարևոր է անձամբ Ձեր առաքելությունը՝ միտված հակամարտության տևական չլուծման պայմաններում անձանց բոլոր իրավունքների և ազատությունների ապահովմանը։   Բարձր գնահատելով մեր երկու հաստատությունների առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ և մաղթում խաղաղություն ու բարեկեցություն»,-նշված է շնորհավորական ուղերձում։
12:24 - 02 սեպտեմբերի, 2022
Կրթությունը փայլուն ապագայի երաշխիքն է. ՀՀ ՄԻՊ-ը Գիտելիքի օրվա առիթով այցելել է սահմանամերձ Երասխ գյուղ

Կրթությունը փայլուն ապագայի երաշխիքն է. ՀՀ ՄԻՊ-ը Գիտելիքի օրվա առիթով այցելել է սահմանամերձ Երասխ գյուղ

 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա առիթով այցելել է Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղ։ Պաշտպանը զրուցել է դպրոցի անձնակազմի հետ դպրոցում առկա խնդիրների մասին, ծանոթացել շենքային պայմաններին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ Քրիստիննե Գրիգորյանն իր ուղերձով շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին։ «Սիրելի երեխաներ ու պատանիներ, Գիտելիքը լավ ապագա կերտելու հուսալի միջոց է, իսկ պիտանի կրթությունը՝ փայլուն ապագայի վստահելի երաշխիք։ Ձեր իրավունքներն իմանալու և լավագույնս իրացնելու ճանապարհն անցնում է կրթության միջոցով։ Կրթությունն անհատի ազատությունն է, նրա ստեղծարար մտքի ուժն ու զարգացման երաշխավորը։ Կրթված ու աշխարհը լավ ճանաչող քաղաքացին ուժեղ ու զարգացած պետության նախապայմանն է։  Սիրելի առաջին դասարանցիներ, այսօրվանից ձեր անհատական զարգացման կարևոր փուլ եք մտնում՝ ավելի լավ պիտի ճանաչեք գիտելիքը, ավելի լավ պետք է զգաք դրա անփոխարինելի ուժը։ Ձեզ բարի երթ: Մաղթում եմ, որ դպրոցից ստանաք ձեր կրթության կարևոր բաժինն ու թերևս ամենակարևորը՝ յուրացնեք կրթության ու զարգացման անգերազանցելի ձգտումը։ Շնորհավորում եմ նաև ուսուցիչներին ու կրթության կազմակերպիչներին. շարունակեք սերմանել գիտելիքի ծարավ ու զարգացման ձգտում։ Ձեզ պատիվ ու խոնարհում։  Սիրելի ներկաներ, Շնորհավորում եմ գիտելիքի և դպրության օրվա առթիվ»,- իր ուղերձում ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:
14:25 - 01 սեպտեմբերի, 2022
44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ՄԻՊ

44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առթիվ, որում ասվում է.. «Այսօր Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևով։ Մարդկանց բռնի անհետացումները մարդու իրավունքների բազմակի և շարունակական խախտումներ են։ Դրանք սկսվում են պետության ներկայացուցիչների և պաշտոնատար անձանց թույլտվությամբ կամ համաձայնությամբ, որին հաջորդում է անհետացած անձի գտնվելու վայրի ժխտումը կամ թաքցնելը: Մարդկանց բռնի անհետացումները ծայրահեղ ծանր ազդեցություն ունեն ինչպես զոհերի վրա, ովքեր հաճախ ենթարկվում են խոշտանգումների և ապրում իրենց կյանքի համար մշտական վախի մեջ, այնպես էլ նրանց ընտանիքների վրա, ովքեր անտեղյակ են իրենց հարազատների ճակատագրից և ապրում են նրանց վերադարձի չփարատվող սպասումով: Ցավալիորեն ժամանակակից աշխարհում ընթացող հակամարտությունները բռնի անհետացումների հանցագործության համար «բարենպաստ» միջավայր են ստեղծել, և մենք, դժբախտաբար, մեր օրինակով գիտենք ու շարունակում ենք կրել 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո այս հանցագործության զոհերի ու հարազատների ցավն ու չմարող պայքարը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում: Ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների ու անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների չտրամադրման կամ այդ տեղեկությունների աղճատման շարունակվող գործելակերպը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների հարցերն օգտագործել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված քաղաքական նպատակների համար։ Ցավալիորեն բռնի անհետացումների դեպքերին միջազգային արձագանքման մեխանիզմներն այս օրերին դրսևորում են իրենց արդյունավետության պակասը, ինչն այս ուղղությամբ բոլոր դերակատարների հետ միայն ակտիվ աշխատելու պատճառ է։ Սրա հետ մեկտեղ, պետք է նկատել, որ միջազգային իրավունքով նախատեսված կանոնները կյանքի կոչելու համար, պետությունները պետք է ամրագրեն այդ նորմերը ներպետական օրենսդրությամբ և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը դրանց գործադրման համար: Ուստի, այս առումով Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է աշխատելու Հայաստանի Հանրապետության կառավարության հետ անհայտ կորած անձանց ու նրանց հարազատների իրավունքների ապահովման վերաբերյալ ներպետական օրենսդրության ու ինստիտուցիոնալ շրջանակի բարելավման ուղղությամբ։ Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկելով բոլոր միջոցառումները անհայտ կորած անձանց գտնելու և նրանց աջակցություն տրամադրելու հարցում՝ խստորեն դատապարտում եմ բռնի անհետացման անխտիր բոլոր դեպքերը և կոչ անում միավորել ջանքերը ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ բռնի անհետացած անձանց գտնելու և վերջիններիս ու նրանց ընտանիքների իրավունքների արդյունավետ երաշխավորման ուղղությամբ»։
11:05 - 30 օգոստոսի, 2022
 ՄԻՊ-ը հակառուսական բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերի ու երթի չթույլատրման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից

ՄԻՊ-ը հակառուսական բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերի ու երթի չթույլատրման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից

2022թ. օգոստոսի 24-ին Երևանի Ազատության հրապարակում արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության համապատասխան բաժին՝ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։    Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, կապի մեջ են գտնվել փաստաբանի հետ։ Հաջորդիվ Պաշտպանի աշխատակազմը Ոստիկանության կողմից տեղեկացվել է նաև, որ օրենքով սահմանված ժամկետում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։   Բերման ենթարկելու հիմքերի ու երթի չթույլատրման վերաբերյալ Մարդու իրավոււնքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից։
16:40 - 25 օգոստոսի, 2022
ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված արգելքի սահմանադրականությունը

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված արգելքի սահմանադրականությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը։ Խոսքը վերաբերում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, «Արհեստակցական միությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ 1-ին մասի 8-րդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերին, որոնցով ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության մարմիններում ծառայողների, զինծառայողների, դատախազների, դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսվում է արհեստակցական միություններին անդամակցելու, ազգայինանվտանգության մարմիններում ծառայողների համար նաև՝ կրոնական կազմակերպություններին անդամակցելու, իսկ զինծառայողների համար՝ կրոնական միավորում ստեղծելու բացարձակ արգելք։ Դիմումով, մասնավորապես, նշվում է, որ արհեստակցական միություններին անդամակցելու արգելքը չի բխում նշված ծառայության տեսակների բնույթից և զրկում է աշխատողներին իրենց իրավունքների կոլեկտիվ պաշտպանության կարևորագույն միջոցից՝ հակադրվելով միավորումների ազատության բուն էությանը։ Նմանապես, Պաշտպանը վիճարկել է, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը և զինվորական ծառայությունն ինքնին անհամատեղելի չեն կրոնական կազմակերպությանն անդամակցելու կամ այն ստեղծելու իրավունքի հետ։ Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանը դեռևս 2020 թվականի փետրվարի 18-ի ՍԴՈ-1506 որոշմամբ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը ոստիկանության ծառայողի համար կրոնական կազմակերպությանն անդամակցելու արգելք սահմանելու մասով ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Հիմնելով վերոնշյալ որոշման, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերի դրույթների և միջազգային ատյանների արտահայտած դիրքորոշումների վերլուծության վրա՝ դիմումով արձանագրվել է, որ վկայակոչված նորմերի նախատեսումը հանգեցրել է վերոնշյալ անձանց կրոնի ազատության և միավորումների ազատության անհամաչափ սահմանափակման։ Դիմումով Պաշտպանը վիճարկում է վկայակոչված նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 41-րդ, 45-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին։  
12:15 - 23 օգոստոսի, 2022
«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ

«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2022 թվականի օգոստոսի 15-ին իմ հանձնարարությամբ այց են կատարել «Էրեբունի» բժշկական կենտրոն, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժած քաղաքացիներին տեսակցելու, նրանց հիվանդասենյակների պայմանները, իրավունքների ապահովման վիճակին և այլ հարցերին ծանոթանալու նպատակով: Բժշկական կենտրոնների տնօրենների տեղեկացմամբ՝ տուժած քաղաքացիների բուժօգնությունը տրամադրվում է անվճար: «Տուժած քաղաքացիներն իրենց գոհունակությունն են հայտնել բժշկական կենտրոնների մատուցած պատշաճ բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև հոգատար վերաբերմունքի համար: Տեղի ունեցած ողբերգական դեպքի, դրա առաջացման պատճառների, իրավասու մարմինների կողմից հնարավոր թերացումների, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ եմ պահանջել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, ՀՀ գլխավոր դատախազությունից և այլ իրավասու մարմիններից։ Տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև հետագայում նման ողբերգական դեպքերից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով։ Ցավակցությունս եմ հայտնում զոհերի ընտանիքներին, ընկերներին և հարազատներին, պատահարի արդյունքում վիրավորում ստացած մեր հայրենակիցներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ։
19:00 - 15 օգոստոսի, 2022
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ. ՀՀ ՄԻՊ

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի օրենսդիր մարմնի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեևը երեկ ինքնատիպ խոստովանություն է արել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանը միտված ադրբեջանական պետության քաղաքականության մասին։ Նա մասնավորապես ասել է. «Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին և դադարի աջակցել Ղարաբաղի արյունոտ անջատողականությանը։ Քանի դեռ դա չի արվել, մենք չպետք է ճանաչենք նրանց (Լեռնային Ղարաբաղի բնակչության) հանգիստ ապրելու իրավունքը»։ Այնուհետ նշված պատգամավորը մանրամասնել է, որ նման պայմաններում հայերի կյանքը հնարավոր չէ Ադրբեջանում։ Իր գործընկերոջից հետ չի մնացել նաև մեկ այլ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայեվը, ով նույնպես ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյության համար։ Իրականում հայերի նկատմամբ էթնիկ ատելության ու էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության օրինակներն ու ապացույցները բազմաթիվ են, սակայն հատկանշական է, որ ադրբեջանական ղեկավարությունը ներկայացնող այս պաշտոնատար անձինք նման ծանուցումն անում են իրենց իսկ զինված ուժերի կողմից վերջին օրերին իրականացված սադրանքների պայմաններում, որի արդյունքում հայկական կողմից զոհվել է երկու և տարբեր աստիճանի վիրավորում ստացել 19 զինծառայող։ Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ, և այդ մասին ուղիղ խոսում է ադրբեջանցի պաշտոնյան։ Այս տեղեկությունը կիսել եմ միջազգային գործընկերներիս, ինչպես նաև ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի հետ, որն առաջիկա օրերին քննարկելու է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ կոնվենցիայի կատարման Ադրբեջանի պարբերական զեկույցը։
15:42 - 05 օգոստոսի, 2022
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են 2022 թվականի հուլիսի 25-28-ը Տավուշի մարզի գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են 2022 թվականի հուլիսի 25-28-ը Տավուշի մարզի գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են 2022 թվականի հուլիսի 25-28-ը Տավուշի մարզի Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան, Բերքաբեր, Բարեկամավան, Սարիգյուղ, Կոթի գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները: Մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացման պայմանների, կարիքների, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը: Այս նպատակով առանձնազրույցներ են իրականացվել բնակիչների հետ, քննարկումներ են տեղի ունեցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների և պատասխանատուների, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այցերի ընթացքում վեր հանված անհատական և համակարգային խնդիրները քննարկվել են նաև համայնքապետարանների, վարչական շրջաններում բուժօգնություն և բուժսպասարկում իրականացնող անձնակազմերի ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտային իրավասու մարմինների հետ։Մշտադիտարկման այցերի արդյունքները, սույն հրապարակման պահի դրությամբ իրավասու պետական և տեղական մարմինների կողմից Պաշտպանի աշխատակազմին ներկայացված տեղեկությունների ու պարզաբանումների հաշվառմամբ, վկայում են մի շարք համակարգային խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝1. անվտանգային ոլորտի, ինչպես նաև մարդու՝ պատշաճ և մատչելի եղանակով տեղեկություններ ստանալու իրավունքի,2. խմելու և ոռոգման ջրի, գազի մատակարարման,3. բնակիչների զբաղվածության ապահովման,4. երեխաների կրթության իրավունքի, այդ թվում՝ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմամասնագիտական թիմերի սղության, նեղ մասնագիտական ծառայությունների հասանելիության,5. հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացի,6. աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգի վերաբերյալ իրազեկվածության,7. առողջության պահպանման իրավունքի, այդ թվում՝ վարչական շրջաններում բուժօգնություն և սպասարկում ապահովող կենտրոնների օղակների շենքային պայմանների և նյութատեխնիկական հագեցվածության, դեղորայքի և մի շարք բժշկական ծառայությունների հասանելիության,8. յուրաքանչյուր ընտանիքի՝ փայտ հավաքելու թույլտվության տրամադրման գործող իրավակարգավորումների վերաբերյալ։ Այս և արձանագրված այլ համակարգային խնդիրների վերաբերյալ մանրամասն դիտարկումները, դրանց լուծման վերաբերյալ Պաշտպանի առաջարկները և դիրքորոշումները ներկայացվել են ՀՀ կառավարությանն ու ոլորտային իրավասու մարմիններին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, իսկ անհատական բնույթի խնդիրները Պաշտպանի իրավասությունների շրջանակում քննարկվել և ներկայացվել են իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։
14:38 - 04 օգոստոսի, 2022
Ադրբեջանական կողմի վարքագիծը զրոյացնում է Արցախում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ցանկացած երաշխիք. ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին

Ադրբեջանական կողմի վարքագիծը զրոյացնում է Արցախում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ցանկացած երաշխիք. ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին

2022թ. օգոստոսի 1-ին, 2-ին և այսօր Արցախի տարբեր ուղղություններով ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմը վարել է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ հաղորդագրության մեջ: «Այս գործողությունները կոպտորեն խախտում են ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի արգելքի միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ադրբեջանական պետության ստանձնած պարտավորությունները։ Ադրբեջանական կողմից հանցավոր այս վարքագիծը դատապարտելի է, այն ուղղակիորեն վտանգում ու ըստ էության զրոյացնում է Արցախում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ցանկացած երաշխիք, ինչն էլ հենց խաղաղության ամենակենսական բաղադրիչն է։ Հանցավոր այս գործողություններն անմիջապես պետք է դադարեցվեն։ Անկախ դեպքերի աշխարհագրությունից ու ներգրավված կողմերի ռազմաքաղաքական նկրտումներից, խաղաղ բնակչության կյանքի և մյուս իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը պետք է ստանա իր ճշմարիտ գնահատականը։ Կոչով դիմել եմ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին, հակամարտության լուծմանը ներգրավված միջազգային այլ դերակատարներին գործադրելու առավելագույն ջանքերը՝ Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի իրական ապահովման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:10 - 03 օգոստոսի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը փաստահավաք այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ

ՀՀ ՄԻՊ-ը փաստահավաք այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ

Քրիստիննե Գրիգորյանն օգոստոսի 2-ին փաստահավաք այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ։   Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Վարդենիս, Կութ, Սոթք, Նորաբակ, Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, ինչպես նաև Վերին Շորժայի սարատեղի։   Քրիստիննե Գրիգորյանի փաստահավաք այցը մեկնարկել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպմամբ։   Մարզպետը Պաշտպանին է ներկայացրել մարզի խնդիրները, առաջնահերթ կարգով՝ սահմաններին տիրող իրավիճակի, բնակավայրերի գազաֆիկացման, խմելու և ոռոգման ջրի հասանելիության, գյուղատնտեսական աշխատանքների համար առկա խոչընդոտների, մարզում իրականացվող շինարարական աշխատանքների, իրականացվող ու նախատեսված սուբվենցիոն ծրագրերի և այլ հարցերի վերաբերյալ:   Պաշտպանը նշել է, որ տեղյակ է մարզում առկա խնդիրներին, որոնք առավել են սրվել 2021թ. մայիսի 12-13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումներից հետո: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ ինտենսիվորեն կշարունակվեն ՄԻՊ աշխատակազմի փաստահավաք աշխատանքները. «Կլինենք համայնքներում, բնակիչներից կհավաքագրենք ու կծանոթանանք հիմնախնդիրներին, բնակչությանը հուզող հարցերին, նաև պատրաստ կլինենք համատեղ շարունակելու քննարկումներն՝ առկա խնդիրները լուծելու համար»։ Հաջորդիվ Պաշտպանն այցելել է Գեղարքունիքի ՄԻՊ մարզային ստորաբաժանման գրասենյակ, որտեղ ծանոթացել է գրասենյակի ընթացիկ աշխատանքներին, մարզային ստորաբաժանման կողմից ուսումնասիրության փուլում գտնվող դիմումների ընթացքին, ինչպես նաև քննարկվել են կատարվելիք աշխատանքները։   Այնուհետև, Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդենիս համայնք, որտեղ հանդիպել են համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ: Տեղում քննարկվել են խոշորացված համայնքի մարտահրավերները, առաջնահերթությունները, համայնքի առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները:   Մարդու իրավունքների պաշտպանը Վարդենիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ: Մարդիկ Պաշտպանին մտահոգություն են հայտնել հիմնականում անվտանգային հարցերի վերաբերյալ: Նշել են, որ ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով չեն կարողանում օգտագործել իրենց հողատարածքները, խոտհարքները, արոտավայրերը: Գործնականում ծայրաստիճան դժվարացել, իսկ որոշ դեպքերում անհնարին է դարձել իրենց համար սեփականության իրավունքի իրացումը։   Նորաբակ սահմանամերձ համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են նախևառաջ անվտանգության ապահովման հարցեր։   Բնակիչներն առաջնահերթ են համարել նաև խմելու և ոռոգման ջրի հասանելիության հարցը, ինչպես նաև նշել, որ խոտհարքների և արոտավայրերի կրճատման պատճառով գրեթե անհնար է դարձել անասնապահությամբ զբաղվելը, էականորեն պակասել է անասնագլխաքանակը: Բարձրացվել են նաև համայնքի վարելահողերից հենց համայնքի բնակիչների կողմից օգտվելու հետ կապված խնդիրներ։ Սահմանամերձ Կութում բնակիչները Պատպանին ներկայացրել են անվտանգային և սոցիալ-տնտեսական հարցերին վերաբերող նույնանման մտահոգություններ և խնդիրներ։ Կութի բնակիչները նշել են նաև առաջնային լուծում պահանջող խմելու և ոռոգման ջրի մատակարարման, միջհամայնքային տրանսպորտի հասանելիության, գյուղի ճանապարհի վերանորոգման և լուսավորության ապահովման հարցերը: Դեռևս լուծում չի ստացել անցյալ տարի ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տարածք անցած ու չվերադարձված Կութի բնակիչներին պատկանող ավելի քան 80 գլուխ խոշոր եղջերավոր անասունների փոխհատուցման հարցը։   Սոթքում մշտադիտարկման այցի ընթացքում բնակիչները Պաշտպանին մտահոգություն են հայտնել անվտանգային և զբաղվածության ապահովման խնդիրների վերաբերյալ: Բացի այդ, նշել են, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատատեղերի կրճատման պատճառով համայնքի բնակիչները հայտնվել են գործազուրկ մնալու վտանգի առջև: Բնակիչները հայտնել են, որ ադրբեջանական ներխուժումներից հետո բնակավայրում մարդկանց բնականոն կյանքը խաթարվել է, դժվարությամբ են կարողանում կենսական կարիքները հոգալ, ունեն խմելու և ոռոգման ջրի խնդիր, արոտավայրերի պակասի պատճառով չեն կարողանում անասնապահությամբ զբաղվել:   Փաստահավաք աշխատանքների արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև բնակիչների կողմից բարձրացված հարցերը քննարկվել են համայնքապետարանի ներկայացուցիչների հետ, ովքեր նշել են, որ մի շարք հարցեր արդեն իսկ լուծման ընթացքի մեջ են:   Պաշտպանի այցելած բոլոր համայնքներում բնակիչները պատմել են ադրբեջանական զինված ուժերի կողմից համայնքի բնակիչներին մշտական վախի մեջ պահելու և վնասարարությամբ զբաղվելու դեպքերի մասին, որոնք համակարգված ու միատեսակ ձեռագրով իրականացվող գործողություններ են։ Մասնավորապես՝ ադրբեջանական զինված ուժերը մեծ ծավալներով այրում են գյուղացիների հնձած խոտը, գողանում մեծ ու մանր եղջերավոր անասուններ, կրակում իրենց դիրքերին մոտ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ, ովքեր մշակում են սեփականությամբ իրենց պատկանող հողը, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում բնակիչների տների պատուհանները, թռչող անօդաչու սարքեր կիրառում համայնքների օդային տարածքներում գիշեր թե ցերեկ։   Նկարագրված գործողությունները վկայում են, որ իրենց բնակավայրերում համայնքների կյանքն անհնարին դարձնելուն միտված ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր գործողությունները կրում են շարունակական, համակարգված ու մեկ կետից ղեկավարվող բնույթ։   Արձանագրված բոլոր խնդիրները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, լիազորությունների ամբողջ ծավալով՝ միջոցներ են ձեռնարկվելու խնդիրների լուծման ուղղությամբ:   Պաշտպանը համապատասխան գրություններ կհասցեագրի իրավասու գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային իրավասու կազմակերպությոուններին ու դերակատարներին կներակացնի խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունները։
14:50 - 03 օգոստոսի, 2022
ՄԻՊ աջակցությամբ զինծառայողը ստացել է վիրահատական բուժում և շարունակել զինվորական ծառայությունը

ՄԻՊ աջակցությամբ զինծառայողը ստացել է վիրահատական բուժում և շարունակել զինվորական ծառայությունը

Զինծառայողի մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ որդին ունի մի շարք առողջական խնդիրներ և պարբերաբար ընդունում է ցավազրկող դեղահաբեր: Հավելել է, որ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով որդու առողջական վիճակը վատթարացել է, ինչի պատճառով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, անցել բժշկական հետազոտություններ: Արդյունքում, որդու մոտ ախտորոշվել է 3-րդ աստիճանի վարիկոցելե, և տրվել է պլանային կարգով վիրահատության ցուցում․ տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։ Զինծառայողի մայրը խնդրել է աջակցել որդու առողջական խնդրի կապակցությամբ անհապաղ վիրահատություն իրականացնելու և դրանից հետո միայն զինվորական ծառայությունը շարունակելու նպատակով զորամաս տեղափոխելու հարցում: Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարին՝ առաջարկելով զինվորի առողջական խնդրի կապակցությամբ հնարավորին սեղմ ժամկետում իրականացնել վիրահատություն: Այնուհետև, զինծառայողի մայրը տեղեկացրել է, որ որդին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիրահատվել և առողջական գանգատներ այլևս չունի: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով:
12:07 - 03 օգոստոսի, 2022