Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ, մամուլի խոսնակ։ Ծնվել է 1996թ․ դեկտեմբերի 3-ին։ Սովորել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում։

2015-2017 թթ. Աշխարհտեղեկատվական հետազոտությունների տարբեր ծրագրերում կամավոր աշխատանք է կատարել, 2015-2016 թթ. աշխատել է «Էն-էյչ-Ար-Էս» ՍՊԸ-ում՝ որպես աշխարհտեղեկատվական համակարգերի մասնագետ։ 2016-2018թթ․ զբաղվել է թվային քարտեզագրության աշխատանքներով։ 

2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական։ 2018թ. նոյեմբերի 1-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ վկայակոչելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների՝ կառավարության հանձնառության տապալումը։

2018թ. նոյեմբերի 3-ին «Քաղաքացու որոշում» ՍԴԿ հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության գործադիր մարմնի անդամ։

Մեզ համար խնդիրը հանրաքվեի դրված հարցի նպատակայնությունն է․ ՔՈ |news.am|

Մեզ համար խնդիրը հանրաքվեի դրված հարցի նպատակայնությունն է․ ՔՈ |news.am|

news.am: Մենք «Ոչ» չենք քվեարկի, որովհետև այն չի նպաստի անկախ ՍԴ ունենալուն, բայց «Այո»-ն արդյոք կնպաստի, հարց է, որի պատասխանի համար 45 օր ժամանակ ունենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը: «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է էական լինել անկախ Սահմանադրական դատարան ունենալու համատեքստում։ Մեզ համար ակնհայտ է և մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ գործող ՍԴ-ն իր կազմով չունի բավարար վստահություն սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար, որովհետև այն գործառույթները, որոնց համար լիազորված է ՍԴ-ն, առնչվում է Հայաստանում ամենասուր, ամենացավոտ քաղաքական հարցերին, ընդհուպ ընտրական գործընթացներին։  Նման գործեր քննելու լիազորություն ունեցող մարմինը պետք է ունենա բավարար վստահության և հեղինակության աստիճան, իսկ իր անցած ուղով գործող Սահմանադրական դատարանը ոչ միայն չի վաստակել, այլ նաև հետևողականորեն մսխել է այդպիսի վստահության հնարավորությունը։ Մենք «Ոչ» չենք քվեարկի, որովհետև այն չի նպաստի անկախ ՍԴ ունենալուն, բայց «Այո»-ն արդյոք կնպաստի, հարց է, որի պատասխանի համար 45 օր ժամանակ ունենք»,-նշեց նա։ Նահապետյանն ասաց, որ իրենց ունեցած հարցերի վերաբերյալ նամակ են հղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը․ «Փոփոխելով ՍԴ կազմը, արդյոք մենք համաձայն ենք այն լիազորությունների լայն շրջանակի հետ, որ ունի ՍԴ-ն։ Ի՞նչ չափանիշներ են առաջադրվելու ՍԴ նոր դատավորների համար, որովհետև օրենքով սահմանված չափանիշները ցույց են տվել, որ դրանք լայն հնարավորություն են տվել կառավորող ուժին ձևավորել լոյալ, հպատակ Սահմանադրական դատարան։ Այս հարցերն են, որ մեզ հետաքրքրում են, և այս հարցերի շուրջ երաշխիքներ ունենալն է, որ կարող է մեզ համոզել այս փոփոխություններին «Այո» քվեարկել։ Մենք գտնում ենք, որ ուղիղ ժողովրդավարությունը՝ հանրաքվեն հարցերի լուծման լավ մեխանիզմ է։ Մեզ համար խնդիրը հանրաքվեի դրված հարցի նպատակայնություն է, եթե այն հետապնդում է նպատակ ունենալ լավ ՍԴ,եթե մենք համոզվենք, որ այս ճանապարհով կարելի է ունենալ լավ ՍԴ, իմաստ չի լինի չմասնակցել։ Բայց եթե չհամոզվենք, ինչ իմաստ ունի մտնել մի պրոցեսի մեջ, որի ելքը քեզ ձեռնտու չի։ Այս հարցերը մենք նամակով հղել ենք կառավարող ուժի՝ ՔՊԿ վարչությանը․«Այնտեղ 7 հարցեր են Հայաստանում Սահմանադրության, սահմանադրական լեգիտիմության, դատավորներին առաջադրվող չափանիշների, այլ երաշխիքների, ճգնաժամ առաջանալու պարագայում իրենց մոտեցումների վերաբերյալ»։  «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն էլ ասաց, որ հնարավոր է բոյկոտեն, եթե այն պատասխանները, որ ստանան, լինեն այնպիսին, որ իրենք վստահ լինեն, որ անկախ դատարան այդպիսով չի ձևավորվի։
18:10 - 19 փետրվարի, 2020
Կառավարող ուժն ուզում է որոշել, թե ժողովուրդն ինչ կարող է որոշել. Միքայել Նահապետյան |irates.am|

Կառավարող ուժն ուզում է որոշել, թե ժողովուրդն ինչ կարող է որոշել. Միքայել Նահապետյան |irates.am|

irates.am։ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, մամուլի խոսնակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին օգնական Միքայել Նահապետյանն այն կարծիքին է, որ Ամուլսարի խնդիրը լուծելու համար քաղաքական ղեկավարությունը բավարար կամք չունի: «Իրատեսի» հետ զրույցում Նահապետյանն ասաց՝ այդպես է մտածում, քանի որ հարցը բնագետների, բնապահպանների, կենսաբանների, քիմիկոսների ուսումնասիրության տիրույթում չէ, դրա հիմքում քաղաքական ենթատեքստ կա: -Ամուլսարի խնդիրը ոչ թե բնապահպանական, այլ սոցիալ-տնտեսական կոնֆլիկտ է,- համոզված է պարոն Նահապետյանը։- Կա մի մեծ ընկերություն իր աշխատակիցներով, ու կա տեղի բնակչությունն իրեն բնորոշ տնտեսական գործունեությամբ՝ գյուղատնտեսություն, էկոբնապահպանություն, էկոսնունդ, զբոսաշրջություն և այլն: Մարդիկ իրենց շրջակա միջավայրի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունե՞ն, թե՞ ոչ: Եթե կենտրոնական կառավարությունը վիճարկում է այդ իրավունքը, ապա կյանքի փորձը ցույց է տալիս, որ մարդիկ այն վերահաստատում են փողոցներում, ինչն էլ այժմ տեղի է ունենում: Ինչքան փորձեն խնդիրը բնապահպանական դաշտ տեղափոխել ու անտեսեն ինքորոշման խնդիրը, միևնույնն է, շրջակա միջավայրի վերաբերյալ որոշում կայացնողը տեղի բնակիչները պետք է լինեն: ՈՒզում են առանց մարդու կարծիքը լսելու փոխել նրա մասնագիտացումն ու նրան հանքարդյունաբերող դարձնել: Այն պարագայում, երբ այդ ընկերությունը, օրինակ, 10 տարի անց կարող է թողնել ու գնալ, ու մարդիկ մենակ մնան իրենց մասնագիտացման հետ: Կառավարությունն ի սկզբանե այս խնդրի կառուցվածքը ճիշտ չի ներկայացրել, ու այն այնքան է փոքրացվել, որ բոլորն այժմ միայն թթվային դրենաժի մասին են խոսում, թե ջրերն ինչ ուղղությամբ կհոսեն: Բայց մարդկանց խնդիրն այն չէ, որ այդ ջրերը գալու են ու իրենց սպանեն, այլ այն, որ կոնցեպտուալ առումով միջավայրի ու մասնագիտական զբաղմունքի վերափոխում չեն ուզում: Առավել քան համոզված եմ, որ Ամուլսարի խնդիրը պետք է լուծվեր հանրության կարծիքի հետ հաշվի նստելու ճանապարհով: -Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը, օրինակ, Facebook-ում հարցում է կազմակերպել՝ այսպիսի գրառում անելով. «Եթե միջազգային փորձաքննությունը եզրակացնի, որ Ամուլսարի նախագիծը Սևանի ու Ջերմուկի ջրերի վրա ազդեցություն չունի ու անթույլատրելի բնապահպանական ռիսկեր չի պարունակում, այդ ոսկու հանքը պիտի շահագործվի՞, թե՞ ոչ»։ Տպավորություն է, թե իշխանությունները հասարակությանը պատրաստում են հանքի շահագործմանը: -Ես հանդիպակաց առաջարկով հանդես կգամ: Եկեք միջազգային փորձաքննություն անցկացնենք, ու պարզենք՝ եթե Ազգային ժողովի 88 պատգամավորների մեծամասնությունը վնասակար չէ Հայաստանի համար, թող ցմահ դիկտատորներ դառնան ու ժողովրդին թելադրեն՝ ինչն ինչպես պետք է լինի, ում տարածքում ինչ փորեն, ում համար ինչ մասնագիտացում ընտրեն: Թող ամեն ինչ իրենք որոշեն: -Իշխանության ներկայացուցիչները, որպես արդարացում, ասում են՝ ժողովրդի կողմից են ընտրված, հետևաբար իրավասու են մարդկանց անունից թե՛ որոշումներ ընդունելու, թե՛ եղածները չեղարկելու: -Ժողովուրդը կոնկրետ օրակարգերի շրջանակներում է այդ մարդկանց քվե տվել, իսկ այդ օրակարգը եղել է հեղափոխությունը, ուղիղ ժողովրդավարությունը: Վերջինի տրամաբանությունն այն է, որ եթե ժողովուրդն ասում է` ոչ, ուրեմն դա չպետք է լինի: Եթե մանդատ վերցնելուց հետո նախապես արած հայտարարությունների ճիշտ հակառակն ես անում, դա չի նշանակում, թե դրա համար են քեզ ընտրել: Մարդկանց ասվել է՝ ժողովրդավարություն է լինելու, բոլոր կնճռոտ հարցերը միասին ենք լուծելու, բոլորի կարծիքը վճռորոշ է լինելու և այլն: Բայց այդ դեպքում Ջերմուկում ինչու՞ հանրաքվե չեն իրականացնում: Նստած հետևում ու գնդասեղով հաշվում են` Facebook-ում հրապարակված լուսանկարների մեջ քանի գլուխ է երևում, քանի հոգի է ցույցի մասնակցում՝ 200, թե՞ 215: - Նախապես հայտարարված ի՞նչ «սկզբունքներից» են իշխանությունները հետ կանգնել:-Պայմանավորվածությունների առաջին խախտումը եղել է օլիգարխիկ շրջանակներին ընտրություններին մասնակցելու հնավորություն տալը: Հարթակից հստակ հայտարարվել է, որ այնպիսի քաղաքանություն են մշակելու, որ այդ մարդիկ ոչ թե առաջադրվելու արգելք ունենան՝ ձեռք ու ոտք կապելով, այլ որ իրենք անձամբ դրա մոտիվացիան չունենան ու չցանկանան Ազգային ժողովում լինել: Այդպիսի քաղաքականություն չի մշակվել, ու Ազգային ժողովում այսօր կա օլիգարխիկ խմբակցություն, իսկ հարցը մեր կողմից բարձրաձայնելուց հետո պետական կառավարման ամբողջ համակարգը լծվել է այդ խնդիրը լղոզելուն՝ հատուկ քննչական ծառայությունը, գլխավոր դատախազը, էթիկայի հանձնաժողովը, Ազգային ժողովի խորհուրդը, խմբակցությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ասուլիսներից մեկի ժամանակ այն գցել է իրավապահների վրա ու քաղաքական որևէ գնահատական չի տվել: Փաստական հանգամանքներով ներկայացրել ենք, որ տվյալ մարդը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, իր բիզնես շահերն է ներկայացնում խորհրդարանում: Ասել էին նաև, որ նոր Ընտրական օրենսգրքի լինելության պայմաններում միայն կգնան արտահերթ ընտրությունների, բայց արտահերթ ընտրություններն անց են կացվել առանց նոր ԸՕ-ի: Ավելին՝ իրենք կանխատեսելի միջավայր են փոխել: Այսինքն, բոլորը պատրաստվում էին մայիսի ընտրություններին, բայց դրանք դեկտեմբերին տեղի ունեցան: Շատ ավելի ցածր անցողիկ շեմի տրամաբանությամբ էին առաջնորդվում, իսկ անցողիկ շեմի փոփոխություն տեղի չունեցավ: Եվ երբ արդեն Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրված էր, ու ԸՕ-ն անցկացնելը` այլևս անհնար, դա եղավ վերջին շտրիխը, ու ես ազատման դիմում գրեցի: Ասում են, թե որոշողը ժողովուրդն է, բայց հայտ են ներկայացնում, որ իրենց քաղաքական ուժը պետք է որոշի, թե ժողովուրդն ինչ կարող է որոշել: Խաղի կանոններն այդպես չեն լինում: Ժողովուրդը կարող է որոշել ամեն ինչ մարդու իրավունքների և համընդհանուր ազատությունների շրջանակներում: Ցանկացած բան, որ չի խախտում որևէ մեկի իրավունքը, կարող է որոշել: Հարցը վերևից է դրվում՝ իմպերատիվ ձևով, որ այսպես է լինելու ու վերջ, կոմպրոմիս լինել չի կարող: Մյուսը Սահմանադրության հետ կապված խնդիրն է: ՀՀ-ում ես չգիտեմ մի ուժ, որ կասկած ունենա` գործող Սահմանադրությունը կեղծվա՞ծ է, թե՞ ոչ, ժողովրդի կամքը չարտահայտող Սահմանադրություն ունենք հիմա, ու կանգնել հայտարարել, թե նոր ենք ընդունել այն, թողնենք մի քիչ աշխատի, հետո կտեսնենք՝ ինչ ենք անում, անթույլատրելի է: Կարծես երեխայի համար հեծանիվ գնած լինեն, ու ասում են` բալիկ ջան, սպասիր, մի քիչ կմաշվի, նորը կգնենք: Սա մանկամիտ մոտեցում է: -Նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի հագով, բայց նա այդ կոստյումը կարծես չի ուզում հանել:-Կառավարողների մեջ վախի զգացում եմ նկատում, այն առումով, որ այժմ որոշակիորեն կարգուկանոն կա: Իսկ եթե ասեն, թե Սահմանադրությունը կեղծված է, ապա ինչ հայտարարություն էլ անեն, նրանց հակադարձելու են՝ եթե մայր օրենքը կեղծված է, դուք իրավական ի՞նչ հիմքերով եք նման հայտարարություն անում: Առկա իրավիճակն ամբողջությամբ չգիտակցելը նույնպես կարող է պատճառ լինել Ձեր նշածի համար: Այսօր երկրում մեկ լեգիտիմ բան կա. դա Նիկոլ Փաշինյանի անձն է: Իրավական որևէ այլ ակտ, հարաբերություններ կանոնակարգելու այլ ձև, քան Նիկոլ Փաշինյանի կամքը, չկա: Բայց այդ լեգիտիմությունն անծայրածիր չէ: Եթե մի օր այն պակասեց, մարդկանց միջև վեճերը կանոնակարգելու խնդիր է առաջանալու: Եթե մարդիկ Սահմանադրության հետ համաձայն չեն, դա շատ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել: -Այս օրերին ամենից շատ քննարկվող թեմաներից է Սահմանադրական դատարանի նախագահի հարցը: Ինչու՞ Վահե Գրիգորյանի՝ ԱԺ ամբիոնից իրեն ՍԴ նախագահի լիազորություններ վերապահելուց հետո իշխանությունները հիշեցին «դատավոր» ու «անդամ» բառերի տարբերության մասին: -Եթե մի բանի հիմքում կա վեճ ու չկա միանշանակություն, այդտեղ սկսվում են քաղաքական հարաբերություններ ծավալվել: Մարդիկ փաստարկներ են բերում, որոնք կա՛մ համոզում են, կա՛մ ոչ: Իսկ Սահմանադրական դատարանի դատավորի «նոր թեկնածու» բառակապակցությունն ինքնին վեճ է, քանի որ հասկանալի չէ՝ նորը նորից առաջադրված հին թեկնածու՞ն է, թե՞ մեկ ուրիշը: Նման վեճերը հիմնականում ՍԴ-ն է որոշում, բայց քանի որ վեճը վերաբերում է հենց ՍԴ-ին, ապա ենթադրելի է, որ այն պետք է սահմանադիրը լուծի: Եթե հասկանում են՝ այնպիսի բորշչ են եփել, որն ուտել հնարավոր չէ, դիմում են մարդկանց ու ասում. «Ձեր ուզածն ի՞նչ է, ա՛յ ժողովուրդ, ասեք՝ ինչ եք ուզում, այդ կերպ կվարվենք»: Այն, որ վերոնշյալ հարցում հստակություն չկա, պարզից էլ պարզ է, ու այդ հստակության բացակայության պայմաններում ամեն մեկը մտածում է, թե ինքը որոշակի իրավունքներ ունի: Հետևաբար, մեկնաբանում է այնպես, ինչպես ուզում է: Դա նրա իրավունքն է, և, ի դեպ, մեկնաբանությունները բավական ծանրակշիռ կարող են լինել: Իսկ եթե կողմերը՝ մեկնաբանողն ու դրանից տուժողը, չեն համակերպվում մեկնաբանության հետ, պետք է վերադառնան ու մարդկանցից հարցնեն: Ինչ վերաբերում է ՍԴ անդամ ու դատավոր եզրույթներին, ապա իսկապես կա տարբերություն: Ընդհանրապես որևէ պաշտոնյայի սահմանադրաիրավական կարգավիճակը չի սահմանափակվում միայն նրանով, թե ով է ինքն ու որոշելու ինչ իրավունք ունի: Դա սահմանվում է նաև նրանով, թե ում կողմից է ընտրվում, ինչ պահանջներ են առաջադրվում նրան, քանի տարեկան կարող է լինել, ինչ փորձ ունենալ և այլն: Դատավորի ընտրության կարգն այժմ բալանսավորված է, իսկ այն ժամանակ ուղիղ նախագահի կողմից է նշանակվել. արդյո՞ք դա որոշակի տարբերություն չի առաջացնում դատավորի ու անդամի միջև: -Համենայն դեպս, տպավորությունն այնպիսին է, որ իշխանություններն ուզում են սեփական մարդուն տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում: -Դա վտանգավոր է, եկեք միասին կանգնենք ու ասենք` այդպես մի՛ վարվեք: Երբ մեր կուսակցության ներկայացուցիչները խոսում են Սահմանադրության ու դրա փոփոխության, դրա՝ ժողովրդի կամքն արտահայտող լինելու մասին, այն լայն արձագանք չի ստանում, որովհետև այդ ամենի մեջ ինտրիգ ու սկանդալ չկա: Զանգվածային լրատվությունն ու քաղաքական ուժերը սկանդալի տրամաբանությամբ են առաջնորդվում, այսինքն եթե ինչ-որ բան պայթել է, եկեք անդրադառնանք, եթե ոչ, լղոզենք գնա: Այս առումով, եթե բանավեճ չի ծավալվում, ապա երևույթը հղի է Ձեր ասած վտանգով: Եվ եթե նույնիսկ Վահե Գրիգորյանը սուրբ է ու կառավարող ուժի հետ որևէ առնչություն չունի, օդում կախված հարց կա` ինչու՞ իշխանությունները որոշեցին հենց նրան բերել, վաղը այդ մարդու ընդունած որոշումների լեգիտիմությունն ինչ-ինչ շրջանակներ կարող են կասկածի տակ դնել: Իսկ ես շատ կափսոսամ, որովհետև համակրանք ունեմ Վահե Գրիգորյանի հանդեպ ու վստահ եմ` այն փորձը, գիտելիքները, համոզումը, որ նա ունի սահմանադրականության ոլորտում, բավական ծանրակշիռ են Հայաստանում սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար:  -Չե՞ք կարծում, որ սահմանադրական փոփոխությունների չգնալն ու հարցը օրակարգից հանելը միշտ էլ այսպիսի խնդիրների առաջ են կանգնեցնելու: -Եթե շատ պարզ լինենք ու գանք ակունքներին, ապա այո: Սահմանադրությունը, ի վերջո, պայմանավորվածություն է: Այժմյան մեր մայր օրենքը ոչ թե պայմանավորվածության, այլ զոռբայության դրսևորում է: Իսկ եթե բոլորը համաձայն չեն, այնպիսի տեղերում է խնդիր է առաջանում, օրինակ, ՍԴ-ում, որտեղ համաձայնությունը խիստ անհրաժեշտ ու կարևոր է: Զոռբայությամբ ընդունված Սահմանադրության լեգիտիմությունը կասկածի տակ է, եթե Սահմանադրական դատարանում անգամ սրբեր են:
12:25 - 17 հուլիսի, 2019