Ինֆոքոմ

Խափանվել է Ուկրաինայի արևմուտքում նոր «ժողովրդական հանրապետությունների» ստեղծման փորձը․ Ուկրաինայի անվտանգության ծառայություն

Խափանվել է Ուկրաինայի արևմուտքում նոր «ժողովրդական հանրապետությունների» ստեղծման փորձը․ Ուկրաինայի անվտանգության ծառայություն

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնում է, որ խափանել է Կրեմլի պլանները Ուկրաինայի արևմուտքում նոր «ժողովրդական հանրապետությունների» ձևավորման մասով»։ «Ուկրաինայի Դաշնային Հանրապետությունը» պետք է ներառեր հետևյալ մարզերը. ▪️ Իվանո-Ֆրանկովսկի մարզը,▪️ Անդրկարպատյան մարզը,▪️ Լվովի մարզը▪️ Տերնոպոլի մարզը▪️ Չեռնովցիի մարզը Ըստ հաղորդագրության՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Իվանո-Ֆրանկովսկի մարզում ձերբակալել է ցանցի կազմակերպչին և առանցքային դեմքերին։ «Զինված անջատողականները պետք է ոչնչացնեին հիմնական ուժայիններին և իշխանության ներկայացուցիչներին։ Դրանից հետո նախատեսվում էր գրավել վարչական շենքերը և այսպես կոչված «ԼԺՀ/ԴԺՀ»-ի մոդելով «ժողովրդական հանրապետություններ» հռչակել, ապա միավորվել Ռուսաստանի կողմից վերահսկվող նոր պետության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։        
10:13 - 06 մարտի, 2022
Որեւէ երկրի կողմից Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելը ՌԴ-ն կդիտարկի որպես մասնակցություն ռազմական հակամարտությանը․ Պուտին

Որեւէ երկրի կողմից Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելը ՌԴ-ն կդիտարկի որպես մասնակցություն ռազմական հակամարտությանը․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, որ ՌԴ-ում չի պլանավորվում արտակարգ կամ ռազմական դրություն մտցնել։ Նա հայտարարել է, որ ոչ ժամկետային զինծառայողները, ոչ էլ նրանք, որոնք կանչվում են հավաքների, չեն ներգրավվելու Ուկրաինայում Ռուսստանի գործողություններին։ Նա անդրադարձել է իր ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունները այդ երկրի դենացիֆիկացիայի համար են․  «Ինչ է նշանակում դենացիֆիկացիան։ Ահա, ես զրուցել եմ արեւմտյան գործընկերների հետ․ իսկ ի՞նչ կա, ձեզ մոտ նույնպես կան կան արմատականներ։ Այո՛, մեզ մոտ կան։ Բայց մեր կառավարությունում արմատականներ չկան։ Եւ բոլորը խոստովանում են, որ այնտեղ կան»։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի երկինքը փակելու վերաբերյալ քննարկումներին՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որեւէ երկրի կողմից Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելը ՌԴ-ն կդիտարկի որպես մասնակցություն ռազմական հակամարտությանը, եւ մեկ է, թե այդ երկրներն ինչ կառույցի անդամ կլինեն։ Պուտինի խոսքով՝ ուկրաինական գրեթե բոլոր ռազմական ենթակառուցվածքները ոչնչացվել են, այդ թվում ավիացիոն եւ հակաօդային պաշտպանության միջոցները։ Ըստ ՌԴ նախագահի՝ «նրանք [ուկրաինական կողմը,-խմբ․] պետք է հասկանան, որ եթե շարունակեն անել այն, ինչ անում են, հարցականի տակ են դնելու ուկրաինական պետության ապագան։ Եւ եթե դա տեղի ունենա, դա ամբողջությամբ նրանց խղճին կլինի»։
18:02 - 05 մարտի, 2022
Համաձայնության ենք եկել ֆինանսական ամենամեծ կառույցների հետ Ուկրաինային աջակցելու հարցում․ Զելենսկի

Համաձայնության ենք եկել ֆինանսական ամենամեծ կառույցների հետ Ուկրաինային աջակցելու հարցում․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձի ընթացքում հայտնել է, որ իրենք արդեն մտածում են ուկրաինական քաղաքները, տնտեսությունը վերականգնելու մասին։ «Ես զրուցել եմ Համաշխարհային բանկի տնօրեն Դաիդ Մալպասի հետ, Արժույթի միջազգային հիմնադրամի համակարգող տնօրեն Կրիստալինա Ջորջիևայի հետ։ Մենք համաձայնության ենք եկել ֆինանսական ամենամեծ կառույցների հետ Ուկրաինային աջակցելու հարցում։ Արդեն կա արտակարգ օգնության և պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար միլիարդավոր դոլարների որոշում»,- ասել է Զելենսկին Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարների հետ։ «Ես զրուցել եմ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Հիմնական թեման ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունն էր»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
17:40 - 05 մարտի, 2022
Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելը կարող է նաև խանգարել Ուկրաինայի ինքնապաշտպանվելու կարողությանը. Բրիտանիայի պաշտպանության նախարար

Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելը կարող է նաև խանգարել Ուկրաինայի ինքնապաշտպանվելու կարողությանը. Բրիտանիայի պաշտպանության նախարար

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարն ասում է, որ Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելը ոչ միայն կմեծացնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար վտանգը, քանի որ նրանք կարող են ուղիղ առճակատման մեջ մտնել ռուսական ինքնաթիռների հետ, այլ նաև կարող է խանգարել Ուկրաինայի ինքնապաշտպանվելու կարողությանը: Այս մասին փոխանցում է բրիտանական BBC-ն։ Լրատվամիջոցը հայտնում է, որ այս շաբաթ՝ Էստոնիա և Դանիա կատարած այցի ժամանակ, նախարար Բեն Ուոլեսը BBC-ին ասել է, որ Ռուսաստանը մինչ այժմ հաջողության չի հասել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության և օդուժի ոչնչացման հարցում: Նա ասաց, որ ոչ թռիչքային գոտին կարող է «առավելություն տալ ռուսներին», որոնք դեռ հնարավորություն կունենան թիրախավորելու քաղաքները իրենց հեռահար հրետանու և ցամաքային հրթիռների միջոցով:
17:32 - 05 մարտի, 2022
Росавиация-ն ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տալիս մարտի 6-ից դադարեցնել բոլոր միջազգային թռիչքները

Росавиация-ն ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տալիս մարտի 6-ից դադարեցնել բոլոր միջազգային թռիչքները

ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Росавиация) ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տալիս մարտի 6-ից դադարեցնել բոլոր միջազգային թռիչքները՝ արտասահմանում օդանավերի զանգվածային ձերբակալությունների ֆոնին։ Այս մասին նշված է գործակալության թելեգրամյան հայտարարության մեջ։ Հանձնարարականը վերաբերում է ավիաընկերություններին, որոնք այլ պետությունների գրանցամատյաններում գրանցված ինքնաթիռներ ունեն օտարերկրյա կազմակերպության հետ լիզինգային պայմանագրով։ Նման ավիաընկերություններին խորհուրդ է տրվում մարտի 6-ից՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից, դադարեցնել ուղևորների և բեռների փոխադրումները Ռուսաստանից արտերկիր։ Մարտի 8-ի կեսգիշերից ռուսական ավիաընկերությունները պետք է ժամանակավորապես դադարեցնեն թռիչքները արտերկրից դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Սահմանափակումները չեն ազդում ավիաընկերությունների վրա, որոնք շահագործում են օտարերկրյա կամ ռուսական գրանցման ինքնաթիռներ, «և նրանց ձերբակալման կամ կալանավորման վտանգ չկա»: Նաև դրանք չեն ազդում այն երկրների օտարերկրյա ավիաընկերությունների վրա, որոնք չեն միացել պատժամիջոցներին և չեն սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ։ «Ռուսաստանի Դաշնության տարածքում ներքին ավիաընկերությունների թռիչքները շարունակվում են առանց սահմանափակումների»,- նշել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ural Airlines»-ը մարտի 5-ից մարտի 13-ը կիրականացնի միայն արտահանման չվերթներ Եգիպտոսից, մարտի 14-ից դեպի Եգիպտոս թռիչքների ծրագիրը կչեղարկվի առնվազն մինչև մայիսի 20-ը։ Բացի այդ՝ ավիափոխադրողը մինչև մարտի 26-ը թռիչքներ չի իրականացնի դեպի Հայաստան, Ադրբեջան, Իսրայել և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ավելի վաղ «S7 Airlines»-ը հայտարարել էր, որ մարտի 5-ից ստիպված է եղել չեղարկել բոլոր չվերթները դեպի միջազգային ուղղություններ։
16:28 - 05 մարտի, 2022
Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև․ Լավրով

Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Ուկրանիայից դեռ չի ստացել բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետների մասին տեղեկություններ։ Այս մասին հայտնում է «ТАСС»-ը։ «Առայժմ [բանակցությունների] նոր ժամկետների մասին տեղեկություն չենք ստացել (Ուկրաինայից- խմբ․)։ Մեր ուկրաինացի գործընկերները լավ գիտեին, որ մենք պատրաստ էինք դեռ երեկ երեկոյան անցնել երրորդ փուլին»,- ասել է ՌԴ արգորնախարարը։ Նրա պնդմամբ Ուկրաինան անընդհատ պատրվակներ է առաջ քաշում՝ բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկը հետաձգելու համար։ «Այն, թե որ պայմաններեն ենք մենք բացարձակապես անփոխարինելի համարում այս ճգնաժամը կարգավորելու համար՝ վերացնել Ուկրաինայի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների կողմից տարիներ շարունակ ստեղծված վտանգը Ռուսաստանի Դաշնության դեմ, մենք ուրվագծել ենք ինչպես նախագահի ելույթներում, այնպես էլ բանակցությունների ժամանակ մեր պատվիրակության ելույթներում»,- ասել է Լավրովը։ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Զելենսկու դառնացած հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում․ «Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։ Զելենսկու ռազմատենչ կատաղությունը հուշում է, որ նրան պետք չեն բանակցություններ Ռուսաստանի Դաշնության հետ»։ Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են ստեղծել այն գաղափարը, թե Ուկրաինայի երկնքի փակումը կհրահրի Ռուսաստանին ուղիղ ագրեսիա սկսել դաշինքի դեմ․ «Սա թույլ ու ներքին վստահություն չունեցողների ինքնահիպնոզն է... Ի՞նչ էիք մտածում այդ հանդիպման ժամանակ։ Այսօրվանից սկսած՝ բոլոր մարդիկ, որոնք կզոհվեն, կզոհվեն նաև ձեր պատճառով, ձեր թուլության պատճառով»։
16:22 - 05 մարտի, 2022
ՌԴ-ն սկսել է ծանր զինատեսակներից հրետակոծել Վոլնովախա քաղաքը․ Իրինա Վերեշուկ

ՌԴ-ն սկսել է ծանր զինատեսակներից հրետակոծել Վոլնովախա քաղաքը․ Իրինա Վերեշուկ

Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշուկը հայտնել է, որ ժամը 11։45-ին ՌԴ-ն սկսել է ծանր զինատեսակներից հրետակոծել Վոլնովախա քաղաքը․ «Մենք պայմանավորվածություն ունեինք, որ ժամը 9-ից երկու մարդասիրական միջանցք ենք ստեղծելու։ Ես արձանագրում եմ այն փաստը, որ ՌԴ-ն խախտել է պայմանավորվածությունը, նույնիսկ Կարմիր Խաչի միջնորդությամբ չի պահել իր ստանձնած պարտավորությունները»։ Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն այսօր առավոտյան հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը հայտարարում է «լռության ռեժիմ», բացվում են մարդասիրական միջանցքներ՝ Մարիուպոլից եւ Վոլնովախից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։ Ուկրաինական կողմն էլ հաստատեց տեղեկությունը։ Ավելի ուշ Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտարարեց որ ռուսական կողմը չի պահպանում «լռության ռեժիմը» և շարունակում է գնդակոծել ինչպես Մարիուպոլը, այնպես էլ նրա շրջակայքը։  ՌԴ ՊՆ-ն քիչ առաջ հաղորդեց, որ «օբյեկտիվ վերահսկողության արդյունքներով (3 անօդաչու թռչող սարք Մարիուպոլի վրա, 2-ը՝ Վոլնովախայի վրա) պարզվել է, որ հումանիտար շարասյուներ չեն ձևավորվել, և հայտարարված «լռության ռեժիմը» ակտիվորեն օգտագործվել է պաշտպանական դիրքերում ուկրաինական զորքերի և ազգային գումարտակների վերախմբավորման համար»։ |ria.ru|
15:48 - 05 մարտի, 2022
ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ «լռության ռեժիմը» օգտագործվել է պաշտպանական դիրքերում ուկրաինական զորքերի և ազգային գումարտակների վերախմբավորման համար

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ «լռության ռեժիմը» օգտագործվել է պաշտպանական դիրքերում ուկրաինական զորքերի և ազգային գումարտակների վերախմբավորման համար

ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, որ այս պահին Մարիուպոլից 200 հազար և Վոլնովախայից 15 հազար հայտարարված փախստականներից մարդասիրական բաց միջանցքներ ոչ մեկը չեն ժամանել։ Ռուսական գերատեսչության պնդմամբ «ազգայնականները չեն ազատում խաղաղ բնակիչներին և օտարերկրացիներին»։ Այս մասին հաորդում է ria.ru-ն։ «Օբյեկտիվ վերահսկողության արդյունքներով (3 անօդաչու թռչող սարք Մարիուպոլի վրա, 2-ը՝ Վոլնովախայի վրա) պարզվել է, որ հումանիտար շարասյուներ չեն ձևավորվել, և հայտարարված «լռության ռեժիմը» ակտիվորեն օգտագործվել է պաշտպանական դիրքերում ուկրաինական զորքերի և ազգային գումարտակների վերախմբավորման համար։ Մենք ստիպված ենք ուղիղ դիմել Ուկրաինայի փոխվարչապետ Վերեշչուկին, որի հետ վերջին մեկ օրվա ընթացքում ինտենսիվ շփվել ենք և կատարել նրա բոլոր ցանկություններն ու խնդրանքները, որ եթե Կիևի ռեժիմը ձեզ ներքաշել է գործողության մեջ՝ պաշտպանվող նացիստների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, ապա այդ մասին անձամբ ասեք ուկրաինացի ժողովրդին, և նա կտա իր քաղաքական գնահատականը ձեր գործողություններին»,- ասվում է հայտարարության մեջ։ ՌԴ ՊՆ-ից նշում են նաև, որ չնայած այսօրվա հումանիտար գործողության խափանման հետևանքների ծանրությանը, պատրաստ են շարունակել համբերատար և համառորեն աշխատել Ուկրաինայի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հումանիտար ճգնաժամի անհապաղ կարգավորման համար։ Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն այսօր առավոտյան հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը հայտարարում է «լռության ռեժիմ», բացվում են մարդասիրական միջանցքներ՝ Մարիուպոլից եւ Վոլնովախից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։ Ուկրաինական կողմն էլ հաստատեց տեղեկությունը։ Ավելի ուշ Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտարարեց որ ռուսական կողմը չի պահպանում «լռության ռեժիմը» և շարունակում է գնդակոծել ինչպես Մարիուպոլը, այնպես էլ նրա շրջակայքը։  Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշուկն էլ քիչ առաջ հայտնել է, որ ժամը 11։45-ին ՌԴ-ն սկսել է ծանր զինատեսակներից հրետակոծել Վոլնովախա քաղաքը։
15:48 - 05 մարտի, 2022
«Խերսոնը Ուկրաինա է». զանգվածային խաղաղ ցույց Խերսոնի պետական վարչակազմի շենքի մոտ

«Խերսոնը Ուկրաինա է». զանգվածային խաղաղ ցույց Խերսոնի պետական վարչակազմի շենքի մոտ

Խերսոն քաղաքի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող մարզային պետական վարչակազմի շենքի մոտ սկսվել է զանգվածային խաղաղ ցույց։ Այս մասին հաղորդում է Ukrinform-ը։ Ըստ հրապարակված տեսանյութերի՝ քաղաքի հրապարակում հավաքված են շատ խերսոնցիներ, որոնց ձեռքին ուկրաինական դրոշներ են․ նրանք վանկարկում են՝ «Խերսոնը Ուկրաինա է»: Խերսոնցիները երեկ ևս ցույց են անցկացրել՝ ընդդեմ ՌԴ-ի, եւ հրաժարվել են նրա «արյունալի մարդասիրական օգնությունից»։ Հիշեցնենք, որ դեռևս մարտի 2-ին ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Խերսոն քաղաքն ամբողջությամբ անցել է ՌԴ վերահսկողության տակ։ Նույն օրը Խերսոնի նահանգային վարչության նախագահ Գեննադի Լագուտան հայտնել էր․ «Ռաշիստներն ամբողջությամբ գրավել են Խերսոնի շրջանի նահանգային վարչության շենքը, բայց մենք չենք հրաժարվել մեր պարտականություններից։ Տարածաշրջանային օպերատիվ շտաբը, որը ես ղեկավարում եմ, շարունակում է աշխատել և լուծել տարածքի բնակիչների օգնության հետ կապված հրատապ խնդիրները։ Սպասում ենք մարդասիրական օգնության»:  
14:52 - 05 մարտի, 2022
Մինչ այս պահը ավելի քան 40 երկիր մասամբ կամ ամբողջությամբ միացել է մեր պատժամիջոցներին․ Եվրահանձնաժողովի նախագահ

Մինչ այս պահը ավելի քան 40 երկիր մասամբ կամ ամբողջությամբ միացել է մեր պատժամիջոցներին․ Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարություն է տարածել Միացյալ Նահանգների պետքատուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Եվրահանձնաժողովի նախագահը խոսել է Եվրամիության և ԱՄՆ-ի համագործակցության մասին՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման։  «Մինչ այս պահը ավելի քան 40 երկիր մասամբ կամ ամբողջությամբ միացել է մեր պատժամիջոցներին»,- ասել է նա։ Նա հայտնել է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն շարունակելու են լինել Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին․ «Մենք անհապաղ տրամադրում ենք 500 միլիոն եվրո մարդասիրական օգնություն և կտարամդրենք ավելին։ Մենք աշխատում ենք Լեհաստանում, Սլովակիայում և Ռումինիայում քաղաքացիական պաշտպանության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: Եվ մենք միջազգային կազմակերպությունների ու հասարակական կազմակերպությունների հետ անում ենք ամեն ինչ, որ ստեղծենք մարդասիրական միջանցքներ Ուկրաինայի ներսում»։
14:08 - 05 մարտի, 2022
ԵՄ-ն կասեցրել է Ռուսաստանին և Բելառուսին գործունեությունը Բալթիկ ծովի երկրների խորհրդում

ԵՄ-ն կասեցրել է Ռուսաստանին և Բելառուսին գործունեությունը Բալթիկ ծովի երկրների խորհրդում

Եվրամիությունը հայտարարել է, որ միացել է Բալթիկ ծովի երկրների խորհրդի անդամներին (CBSS)՝ դադարեցնելով խորհրդում Ռուսաստանի և Բելառուսի գործունեությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը։ «Այս որոշումը Եվրամիության և նրա համախոհ գործընկերների պատասխանի մի մասն է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը և Բելառուսի ներգրավմանն այս չհրահրված և չարդարացված ագրեսիային»,- հայտարարել է ԵՄ-ն։ «ԵՄ-ն համաձայն է խորհրդի մյուս անդամների (Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա, Լեհաստան և Շվեդիա) հետ, որ Ռուսաստանի և Բելառուսի գործունեության կասեցումը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր չի լինի վերսկսել համագործակցությունը՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները հարգելու վրա»,- հավելել է ԵՄ-ն։
13:57 - 05 մարտի, 2022