«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց պատգամավորի թեկնածուն առաջարկել է ընտրակաշառք. Դատախազություն

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց պատգամավորի թեկնածուն առաջարկել է ընտրակաշառք. Դատախազություն

2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Հ.Է.-ն քաղաքացիներ Գ.Ա.-ի և Մ.Ու.-ի հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի Քանաքառ-Զեյթուն համայնքի մի շարք բնակիչների առաջարկել և խոստացել է տալ ընտրակաշառք։ Դատախազությունից հայտնում են, որ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց՝ որպես կաշառք, առաջարկվել է 20 հազար դրամ, որի վճարումը կատարվելու էր 2021 թվականի հունիսի 17-ին։ 2021 թվականի հունիսի 18-ին Հ. Է.-ն ձերբակալվել է: 2021 թվականի հունիսի 19-ին դատարանը բավարարել է Հ.Է.-ի պաշտպանի կողմից ներկայացված բողոքը՝ հաստատելով վերջինիս ազատությունից զրկելու ոչ իրավաչափ լինելը և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին՝ անհապաղ ազատ արձակել Հ.Է.-ին, որից հետո Հ.Է.-ն հատել է ՀՀ պետական սահմանը: 2021 թվականի հունիսի 21-ին Հ. Է.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 24-ի որոշմամբ՝ Հ. Է.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2023 թվականի սեպտեմբերի 22-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթով մեղադրյալ Հ. Է.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին: 2023 թվականի սեպտեմբերի 29-ին դատախազը Հ. Է.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալը) նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացրել: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 2-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և հեռակա կարգով իրականացված քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Միաժամանակ, դատարան է ներկայացվել Հ. Է.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:
17:49 - 05 հոկտեմբերի, 2023
Արշակ Կարապետյանն իր հայտարարությունները պետք է բացված տեսքով ներկայացնի. Տիգրան Աբրահամյան

 |aysor.am|

Արշակ Կարապետյանն իր հայտարարությունները պետք է բացված տեսքով ներկայացնի. Տիգրան Աբրահամյան |aysor.am|

aysor.am: Առաջին անգամ եմ լսում, որ Ազգային կոմիտեն լուծարվում է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ինքս այդ աշխատանքներին մասնակցություն չունեմ, բայց նման տեղեկություն առաջին անգամ եմ լսում։ Որքան տեղյակ եմ, այդ կոմիտեն իր աշխատանքները շարունակում է», - ասաց նա։ Ինչ վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարություններին՝ Աբրահամյանը նշեց, որ նրա հայտարարությունը Ազգային կոմիտեի աշխատանքների համատեքստում չի դիտարկում.«Այն հանգամանքը, որ Արշակ Կարապետյանն այս իշխանություններին դավաճան է համարում, դա որոշակի նորություն էր։ Այս իշխանությունների հետ աշխատել է և նման հայտարարություն ո՛չ այդ ընթացքում է արել, ո՛չ էլ հետո։ Թե ինչու է նրա մոտ այդպիսի գաղափար ծնվել, ինձ համար այս պահին երկրորդական հարց է և չեմ ուզում ծավալվել»։ Խոսելով Արշակ Կարապետյանի մեկ այլ հայտարարության մասին, թե հավաստի տեղեկություններ ունի, որ ՀՀ իշխանություններն են Ադրբեջանին խնդրել, որ Հակարիի կամրջի մոտ գերեվարեն Ռուբեն Վարդանյանին, որպեսզի նա ՀՀ-ում քաղաքական գործընթացներ չձեռնարկի, Աբրահամյանը նշեց.«Եթե կան փաստեր, ապա Արշակ Կարապետյանն իր հայտարարությունները պետք է բացված տեսքով ներկայացնի։ Քանի որ այնպիսի տեղեկություններ են, որոնց մասին հասարակության լայն շերտերը չեն կարող իմանալ։ Դրանք կարող են հաստատել միայն այն մարդիկ, ովքեր այդպիսի ինֆորմացիայի հետ առնչվել են»։
11:58 - 05 հոկտեմբերի, 2023
Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում. Մամիջանյանը հիշեցրեց Փաշինյանի որոշումը
 |armeniasputnik.am|

Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում. Մամիջանյանը հիշեցրեց Փաշինյանի որոշումը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ ՀՀ ԱԺ–ում վարման կարգով հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Վերահաս վտանգի ժամանակ ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է։ Հիշեք սա։ Իրենք թքած ունեն հայրենիքի վրա ու լծված են միայն քաղաքական մեղավորներ նշանակելով»,– ընդգծեց նա։ Հայկ Մամիջանյանին արագ պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Զարմանում եմ, որ առաջին թեզը ռուսերենով չասացիք։ Ձեզ ասել էին ռուսերով ասեք, չէ, ինչո՞ւ ռուսերենով չասացիք»,- հեգնեց ՀՀ ԱԺ նախագահը։ Երբ խորհրդարանն անցավ օրակարգի հարցերի քննարկմանը, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը։ Դահլիճում մնաց միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նրա ելույթը իշխանական պատգամավորները համարեցին միակ կառուցողական և տարբերվող ելույթը` ի տարբերություն ընդդիմադիր մյուս պատգամավորների։
11:19 - 03 հոկտեմբերի, 2023
Միջազգային կազմակերպությունները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վիրավորված անձանց արագ ՀՀ հասցնելու համար․ Տիգրան Աբրահամյան

Միջազգային կազմակերպությունները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վիրավորված անձանց արագ ՀՀ հասցնելու համար․ Տիգրան Աբրահամյան

Միջազգային կազմակերպությունները, առաջին հերթին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն` Արցախում վերջին մարտական գործողությունների և այսօր տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով վիրավորված անձանց արագ ՀՀ բժշկական հաստատություններ հասցնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը. «Ստեփանակերտ-Գորիս ցամաքային ճանապարհը սարսափելի ծանրաբեռնված է, կարելի է ասել` կիսականգնած և այնտեղով վիրավորներին հասցնելու հնարավորություն չկա: Իսկ Արցախի առողջապահական համակարգն այս պահին պարզապես չի կարող այս ողջ իրավիճակը կառավարել և սպասարկել: Օդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել»:
21:20 - 25 սեպտեմբերի, 2023
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ

Կարեւորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին եւ արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը: Սեյրան Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով եւ նպատակ է ունեցել այն հայաթափել` միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ այսօր ինքնորոշման փոխարեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը: «Հաճելի է հանդիպել օրենսդիր կառույցի մեր գործընկերների հետ: Մենք շատ ընդհանրություններ ունենք օրենսդիր գործունեության շրջանակում»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ փոխանցելով Սենատի գործընկերների ողջույնները` ասել է Գերի Փիթերսը: Նա նշել է, որ ներկայացնում է Միչիգան նահանգը, որտեղ հայկական մեծ համայնք կա: Նրա խոսքով այնտեղի հայերը, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ մեծ սիրով, հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով: Սենատորը նշել է, որ հանդիպումից ակնկալում է, որպեսզի ներկայացվեն խնդիրները եւ ճանապարհները, որոնցով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել: Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայերը գտնվում են ծանր ժամանակաշրջանում: «Պատմության դասագրքերից գիտենք, թե ինչպես են 1915 թվականին մարդկանց գնդակահարել, ցեղասպանել, որի արդյունքում մեծացել է հայկական սփյուռքը: Սեպտեմբերի 19-ին ականատես եղանք, թե ինչպես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղն ու ռմբակոծվեց: Մարդիկ փախչելու տեղ չունեին»,- մանրամասնել է Թագուհի Թովմասյանը` խոսելով բազմաթիվ զոհերի, տեղահանվածների, գերեվարված ու առեւանգված քաղաքացիների մասին: Նա նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է կատարվեն Հայաստանում, եւ դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի եւ նրա նախագահի նկատմամբ: Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: «Ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից ագրեսորին պատասխանատվության չենթարկելը կանաչ լույս վառեց, եւ այսօր մենք ունենք հստակ ցեղասպանություն` էթնիկ զտում, մշակութային ժառանգության վերացում, բռնի տեղահանվածներ եւ հումանիտար աղետ»,- ասել է Լիլիթ Գալստյանը: Նա նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն բազմաթիվ սենատորների, կոնգրեսականների մակարդակով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, սակայն Հայաստանն ակնկալում էր ավելի հստակ, հասցեական գործողություններ: Խոսելով անվտանգության խնդիրների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը եւ հատկապես ԱՄՆ-ն պետք է որոշակի երաշխիքային մեխանիզմներ մշակեն` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ անհրաժեշտության դեպքում երաշխավորեն նրանց փրկության ճանապարհը: «Ես բազմիցս բարձրաձայնել եմ 907-րդ բանաձեւի մասին, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական աջակցությանը: Այդ բանաձեւով ագրեսորի համար կանաչ լույս բացվեց»,- հավելել է Լիլիթ Գալստյանը` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ն բավարար ջանքեր կգործադրի, խաղաղության եւ անվտանգային երաշխիքներ ապահովելու համար: Աննա Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը չպատժվեց 2020 թվականի ագրեսիվ գործողությունների համար եւ այսօր էլ շարունակում է նույն ձեռագիրը: Նա խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվի: «Ձեր ուղերձները շատ հստակ էին, գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ-ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ հղում կկատարվի նաեւ 907-րդ բանաձեւին` Ադրբեջանին աջակցությունը սահմանափակելու վերաբերյալ: Օրենսդրությունը նաեւ նախատեսելու է ֆինանսավորում` հումանիտար օգնության համար»,- ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցք եւ հանդիպելու է բռնի տեղահանված անձնաց հետ:
16:15 - 25 սեպտեմբերի, 2023
ՍԴ-ն հրաժարվում է իր պարտականություններից՝ հերթական անգամ դառնալով օրվա իշխանության կամակատարը․ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ

ՍԴ-ն հրաժարվում է իր պարտականություններից՝ հերթական անգամ դառնալով օրվա իշխանության կամակատարը․ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է․«Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը 2023թ. հուլիսի 11-12-ին ընդունեց քրեական օրենսգրքում լրացումների օրինագիծը, որով քննություն իրականացնելու պատասխանատու մարմիններին իրավունք վերապահվեց, առանց դատաքննության, գործուն զղջալու հիմնավորմամբ քրեական պատասխանատվությունից ազատել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց: Քրեական արդարադատության հետ աղերս չունեցող և ակնհայտ քաղաքական դրդապատճառներով հայտնի այս օրինագիծն ընդունվեց, արհամարելով մասնագիտական բացասական կարծիքները, անգամ անտեսվեցին իշխանության քմահաճույքները սպասարկող ԲԴԽ-ի, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ մարմինների բացասական եզրակացությունները: Հետամուտ լինելով այս հակասահմանադրական օրենքը չեղարկելու գործին, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները՝ իրացնելով Սահմանադրությամբ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին վերապահված անվիճելի իրավունքը, 2023թ. օգոստոսի 9-ին ՍԴ ներկայացրեցին այս օրենքի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմում՝ միջնորդելով նաև կասեցնել օրենքի գործողությունը մինչև գործի վերաբերյալ ըստ էության որոշման կայացումը, քանի որ այս օրենքի գործադրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Թեև ի սկզբանե ենթադրվում էր, որ քաղաքական իշխանության կողմից զավթված ՍԴ-ն կաշկանդված է լինելու այս հարցով, սակայն այն ինչ արեց վերջինս վեր է ողջամտության սահմաններից: Նախ, ՍԴ-ն խախտելով Դիմումի գրանցման/ընդունման Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի մասի» սահմանադրական օրենքի և Սահմանադրական դատարանի աշխատակարգի դրույթներով ամրագրված պահանջները, 3-օրյա ժամկետի փոխարեն միայն դիմումը մուտքագրելուց հետո 21-րդ օրը՝ ի դեմս զեկուցող դատավոր Երվանդ Խունդկարյանի, գրություն ուղարկեց դիմումատու Ազգային ժողովի պատգամավորներին, որով ոչ ավել ոչ պակաս կասկածի տակ դրեց պատգամավորների կողմից դիմումը ստորագրելու հանգամանքը: Այս աննախադեպ վարքագիծը թեև դիմումը ստորագրած պատգամավորների կողմից համարվեց անընդունելի, այնուամենայնիվ նրանք երկրորդ անգամ ստորագրելով վերահաստատեցին դիմումը իրենց կողմից ներկայացրած լինելու հանգամանքը՝ հուսալով, որ ՍԴ-ն ի վերջո կանցնի Սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործադրմանը: Տեսնելով, որ հնարավոր չէ այս պրիմիտիվ քայլով հրաժարվել դիմումը քննարկելու և բավարարելու պարտականությունից, ՍԴ-ն 2023թ. սեպտեմբերի 12-ին ապօրինի կերպով ընդունեց աշխատակարգային որոշում (այն հրապարակելով մի քանի օր անց), որով մերժեց դիմումի քննությունը՝ արձանագրելով, որ իբրև թե դիմողը չի հաղթահարել ՍԴ քննության ենթակա դիմում ներկայացնելու օրենսդրական նախապայմանները: Ընդգծելով իրավական պետությունում Սահմամադրական դատարանի բացառիկ առաքելության կարևորությունը՝ սահմանադրական նորմերի մեկնաբանման միջոցով ապահովել իրավունքի գերակայությունը, փաստում ենք, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, հաճախ միտումնավոր կերպով անտեսելով դիմումը վարույթ ընդունելուն և/կամ գործի քննությանը ներկայացվող պահանջները, ցուցաբերելով բացարձակ կամայականություն՝ շեղվում է իր բարձր առաքելությունից: Նման էժան աճպարարությունը անհամատեղելի է «Բարձր դատարան» պատվավոր կոչմանը: «Պատշաճ հիմնավորում» ստեղծելու նպատակով դատական նիստում քննության ենթակա հարցերը ապօրինի կերպով աշխատակարգային քննարկումներով փոխարինելով՝ աղճատվել է դիմումի բովանդակությունը, աշխատակարգային որոշման մեջ Դիմողի կողմից բարձրացված հարցերը միտումնավոր կերպով մեջբերվել են կոնտեքստից կտրված, չեն ներկայացվել դիմումով բարձրացված բոլոր հարցերը: Ինչի հիման վրա Սահմանադրական դատարանը կատարել է կցկտուր և դեֆորմացված դատողություններ և դատարկ ու անհիմն պնդումներ՝ օգտագործելով նաև Սահմանադրական դատարանին ոչ հարիր բառամթերք: Առ այդ, վերահաստատելով իրավական պետություն կերտելու, իրավունքի գերակայության և արդար դատաքննության սկզբունքների անշեղ գործադրելու հրամայականը՝ Սահմանադրական դատարանի վերը նկարագրված վարքագիծը գնահատում ենք որպես հակասահմանդրական, ինչը ցավալիորեն տարածում է ստանում նաև այլ դատական ատյաններում և իրավապահ համակարգում: Դիմումի քննության մերժումը գնահատում ենք որպես օրվա քաղաքական իշխանության հերթական ապօրինի որոշման հետևանք, որը հանգեցնում է ՍԴ-ի կողմից Սահմանադրությամբ սահմանված պարտականությունից փաստացի հրաժարում: Սա փորձ է փաստացի դադարեցնել իրավական պետության սահմանադրական անփոփոխելի նորմի գործողությունը, ինչն առերևույթ առանձնապես ծանր հանցագործություն է: Դիմում ենք իրավունքի գերակայության ապահովման հարցերով զբաղվող և լիազորված տեղական և միջազգային կազմակերպություններին՝ դատապարտել օրվա քաղաքական իշխանության և վերջիներիս կամակատար դատական և իրավապահ մարմինների ու պաշտոնատար անձանց ապօրինի վարքագիծը, ինչպես նաև պահանջել վերջիներից վերադառնալ օրինականության սահմաններ: Վստահեցնում ենք, որ սահմանադրությունը խախտած բոլոր անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության»: Խմբակցությունների դիմումին կարող եք ծանոթանալ այստեղ։
20:31 - 16 սեպտեմբերի, 2023
Պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է, սպասեք մի քանի ժամ. Հայկ Մամիջանյան |aysor.am|

Պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է, սպասեք մի քանի ժամ. Հայկ Մամիջանյան |aysor.am|

aysor.am: Աշխարհաքաղաքական դերակատարներից միայն Ռուսաստանն է, որ Արցախի նախագահի ընտրությանը որևէ բացասական արձագանք չի արել, այս մասին լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:  Սրանից ելնելով, ըստ նրա, կարելի է անել հետևություն` ինչքան էլ Հայաստանի իշխանությունը փորձի քարոզել, թե Արցախը չունի դաշնակիցներ, պետք է շեշտել` Արցախն ունի դաշնակիցներ:   «Դա տեսանելի է թե' հրապարակային, թե' ոչ հրապարակային հայտարարություններով», - նշեց Մամիջանյանը:   Նա կոչ է անում սպասել մի քանի ժամ ու հասկանալ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում ու ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նոր ղեկավարությունը:   «Պետք է վստահ լինենք, որ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է, պետք է արձանագրենք, որ Արցախում իրավիճակը օրհասական է, բայց բոլոր նրանք, ովքեր Արցախում ունեն բարեկամներ, հարազատներ, կարող են տեղեկանալ, որ խոսքը կյանքի ու մահվան ժամերի հարց էր, այնպես որ` որոշումներն ու գործընթացները պետք է գնահատել փաթեթային»,- նշեց Մամիջանյանը:
14:02 - 12 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ռուսական հումանիտար օգնությունն Արցախ հասցնելը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով ագրեսիայի համար. պատգամավոր
 |aysor.am|

Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ռուսական հումանիտար օգնությունն Արցախ հասցնելը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով ագրեսիայի համար. պատգամավոր |aysor.am|

aysor.am: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համոզված է` Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ռուսական հումանիտար օգնությունը Արցախ հասցնելու գործընթացը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի նկատմամբ ագրեսիայի համար:  «Ռուսական կողմից ներկայացված վերջին տարբերակը եղած տարբերակներից եղել է ամենակոմպրոմիսայինը: Դա ոչ թե ենթադրում էր ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ի, ադրբեջանական հումանիտար բեռի, այլ Ռուսական Կարմիր Խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ մեկ սիմվոլիկ բեռնատարի մուտք, դրանից հետո՝ Լաչինի միջանցքի երթևեկության վերականգնում: Երթևեկության վերականգնումն այս փուլում չէր ենթադրում երկկողմանի ազատ տեղաշարժի իրականացում, ինչն ունեցել ենք մինչև ապրիլի 23-ը, երբ ադրբեջանական անցակետ տեղադրված չէր, այլ վերաբերում էր ռուսակական խաղաղապահների կողմից Գորիսից Ստեփանակերտի  բեռների տեղափոխությանը: Առաջարկը ներկայացվել է որպես նաև Ադրբեջանի կողմից համաձայնեցված տարբերակ: Բայց ավելի ուշ Ադրբեջանը փաստացի անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ, ներկայացրել նոր պահանջներ, այն է՝ միայն Աղդամի ճանապարհի բացում և ռուսական ուղեբեռից բացի, նաև ադրբեջանական «Կարմիր մահիկ»-ի բեռնատարների մուտք դեպի Արցախի Հանրապետության տարածք: Սա, իհարկե, ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների կողմից, տեղեկացվել է ռուսական կողմին», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամյանը: Ըստ նրա՝ Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու, բայց կան կոնկրետ սկզբունքներ, որոնք որևէ պայմանում չեն խախտվելու։ Խոսելով պատճառներից՝ Աբրահամյանը չբացառեց, որ սրանում կա նաև աշխարհաքաղաքական որոշակի ազդեցություն. սա եղել  է ռուսական առաջարկը: Աբրահամյանը չի բացառում, որ Թուրքիան կամ այլ դերակատարներ՝ Թուրքիայի միջոցով, փորձել են տապալել այդ գործընթացն Արցախում՝ հաշվի առնելով, որ կան տարբեր առաջարկներ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից ևս: «Երկրորդը հանգամանքն այն է, որ, իմ տպավորությամբ ,Ադրբեջանը փորձում է տապալել այս գործընթացը` դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի համար: Իհարկե, Ադրբեջանին չհաջողվեց ցույց տալ, թե այս իրավիճակում բանակցային գործընթացը տապալողն Արցախի իշխանություններն են: Բոլոր դերակատարների համար հստակ է, նաև եղան հայտարարություններ, որ իրականության մեջ Ադրբեջանն է հետ կանգնել նախապես պայմանավորված այդ առաջարկից և հետագայում ստեղծել է պայմաններ, որոնց Արցախի իշխանությունները չէին կարող իրենց համաձայնությունը տալ», - ասաց նա:
12:20 - 11 սեպտեմբերի, 2023
Վստահ ենք, որ կառաջնորդեք Արցախի քաղաքացիներին դեպի սրբազան պայքարի հաղթական ավարտը․ «Պատիվ ունեմ»-ը՝ Արցախի նորընտիր նախագահին

Վստահ ենք, որ կառաջնորդեք Արցախի քաղաքացիներին դեպի սրբազան պայքարի հաղթական ավարտը․ «Պատիվ ունեմ»-ը՝ Արցախի նորընտիր նախագահին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը շնորհավորում է Արցախի Հանրապետության նորընտիր  նախագահ Սամվել Շահրամանյանին. «Մեծարգո պարոն Նախագահ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը շնորհավորում է Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վստահ ենք, որ Նախագահի բարձր պաշտոնը ստանձնելով կհաջողեք լայն հասարակաքաղաքական համախմբում ապահովելով առաջնորդել Արցախի հանրապետության քաղաքացիներին դեպի մեր բոլորի համար սրբազան պայքարի հաղթական ավարտը։Գիտակցելով այս օրհասական վիճակի ծանրությունը՝ վերահաստատում ենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը իր բոլոր ռեսուրսները շարունակելու է ծառայեցնել Արցախի անվտանգության ապահովմանևինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ։Աստված պահապան Հայաստանին և Արցախին»։
14:21 - 09 սեպտեմբերի, 2023
ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Երևանի Ազատության հրապարակում 18:00-ից մեկնարկել էր ընդդիմության հրավիրած՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:15-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 10500 մարդ: «Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Նշենք, որ որոշ քաղաքացիներ կանգնած էին ծառերի տակ, ուստի նրանց քանակը հաշվել հնարավոր չի եղել: Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ այստեղ։
22:08 - 02 սեպտեմբերի, 2023
Արցախի հարցում այլևս որևէ ստանդարտ լուծում չի կարող լինել` հումանիտարից մինչև անվտանգություն. Տիգրան Աբրահամյան

Արցախի հարցում այլևս որևէ ստանդարտ լուծում չի կարող լինել` հումանիտարից մինչև անվտանգություն. Տիգրան Աբրահամյան

Արցախի հարցում այլևս որևէ ստանդարտ լուծում չի կարող լինել` հումանիտարից մինչև անվտանգություն: Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Յուրաքանչյուր օր, երբ Արցախում իրադարձություններն առավել ծայրահեղ բնույթ են ստանում, նվազում է սովորական գործիքակազմով հարցի հանգուցալուծմանը գնացող լուծումները: Հացի ու բառիս բուն իմաստով ֆիզիկական գոյության կռիվը ենթադրում է իրադրությունից դուրս գալու ծայրահեղ միջոցներ: Ստեղծված բարդ իրադրության պայմաններում որևէ արտաքին գործոն չի աշխատի, եթե նույնիսկ դրա հնարավորությունը բացվի, եթե ներսում` Արցախում դիմակայելու կամք ու անսահման ձգտում չլինի: Մինչ այս պահն արցախցին մեծ տառապանքների գնով ցույց է տվել, որ իրենից կախվածն անում է ու կանի միայն թե դրանով կարողանա իր հողին ու ջրին տեր կանգնի: Ցավոք մինչ այս պահը ոչ միայն արտաքին աշխարհից, այլ նաև Հայաստան պետությունից (չխառնել ամենօրյա պայքարի մեջ գտնվողների հետ) որևէ լուրջ ազդակ չկա: ՀՀ իշխանությունը շունչը պահած սպասում է, թե երբ արցախցին կդադարեցնի պայքարը, իսկ ինքը վերջապես կհայտարարի, թե գիտեք` չստացվեց, փորձեցինք, բայց չեղավ` պատճառներ բերելով, պայմանական, Բաթումի պայմանագրից մինչև սովետական միության փլուզում»։
11:00 - 03 օգոստոսի, 2023
Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝ հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները վերականգնելու պահանջով
 |azatutyun.am|

Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝ հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները վերականգնելու պահանջով |azatutyun.am|

azatutyun.am: Ընդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատարան է դիմել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները վերականգնելու պահանջով: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտնեց հենց ինքը՝ Թովմասյանը: «Դատարանից պահանջում եմ վերականգնել իմ լիազորությունները, քանի որ այդ գործընթացը տեղի է ունեցել ծայրից ծայր ապօրինի, ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից, իսկ դա աշխարհում ամենապաշտպանված իրավունքներից մեկն է»,- ասաց պատգամավորը: Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին ընդիմադիր նախագահը շեշտեց՝ ինքը նախապես անաշխատունակության մասին գրավոր տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին՝ ակնկալելով, որ իրեն վերաբերող հարցը կհետաձգվի: Հուլիսի 11-ին 62 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, փակ-գաղտնի քվեարկությամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը զրկեց Թովմասյանին խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր նախաձեռնել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել էր, որ նախաձեռնությունը հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման «հայտնի նիստից» հետո է սկսել։ Նշենք, որ Աղազարյանի այս հայտարարությանը նախորդել էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ելույթը, որի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հեռացնեն Թովմասյանին ամբիոնից։
12:37 - 24 հուլիսի, 2023
Արցախի ապագան ադրբեջանցիների հետ տեսնելու մոտեցումը բացառապես փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է. Աբրահամյան

Արցախի ապագան ադրբեջանցիների հետ տեսնելու մոտեցումը բացառապես փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է. Աբրահամյան

Իշխող ՔՊ ներկայացուցիչը հայտարարում է, թե «մենք ճանաչել և հայտարարում ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող 120 հզ.-ոց հայկական համայնքի իրավունքներն ու սկզբունքները»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նա նաեւ նշել է. «Հիմա, այս պարագայում Արցախի նախագահը նստացույց կանի, հացադուլ կանի, թե գործադուլ, տարբեր դեսպանատների դիմաց ակցիաներ, մեկ է` մեր միջազգային գործընկերներն անընդհատ մեր «աչքն են մտցնելու» փաշինյանական ռեժիմի նմանատիպ հայտարարությունները: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, Արցախի ապագան ադրբեջանցիների հետ տեսնելու, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի հայկական համայնք դիտարկելու մոտեցումը բացառապես փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է և որևէ կապ չունի հայ ժողովրդի կամքի և ցանկության հետ: Արցախի հարցում բեկում մտցնելու ցանկություն ունեցող խմբերը` Արցախում, թե Հայաստանում, ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ օրակարգով դիմակայելու հնարավորություն պարզապես չունեն: Հ․Գ. քպ-ականի հարցազրույցը մեկնաբանություններում կտեղադրեմ և որքան էլ տհաճ լինի, սա պետք է լսեն հատկապես այն գործիչները, ովքեր Արցախում ստեղծված իրավիճակի պատճառների մասին խոսելիս վախենում ու խուսափում են հիշատակել ՀՀ իշխանություններին»։
11:26 - 19 հուլիսի, 2023
Բանակցային սեղանին հայկական որևէ պահանջ չկա. Հայկ Մամիջանյան
 |azatutyun.am|

Բանակցային սեղանին հայկական որևէ պահանջ չկա. Հայկ Մամիջանյան |azatutyun.am|

azatutyun.am:  Որևէ ակնկալիք, երբ հիմնական բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, ունենալ դրական հնարավոր չի։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։  «Ազատություն». - Շաբաթ նախատեսված են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններ։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Մամիջանյան. - Որևէ ակնկալիք, երբ հիմնական բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, ունենալ դրական հնարավոր չի։ Ու ես փորձեմ բացատրել, թե ինչու դա միայն անձով չի։ Անձով էլ է պայմանավորված, բայց ինչի ոչ միայն։ Բանակցային սեղանին այս պահին հայկական պահանջ, հայկական օրակարգ չկա։ Միակ թերի ձևակերպումը, որ իրենք անում են, դա Արցախի բնակչության, Արցախի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանումն է։ Եվ ձեզ վստահեցնում եմ, որ ադրբեջանական կողմը դրան պատասխանում է հետևյալը՝ այդ միջազգային երաշխիքը լինելու է Ադրբեջանի սահմանադրությունը։ Չխորանանք հա՞, թե մենք ինքնորոշման իրավունքից հասել ենք Ադբրեջանի սահմանադրությամբ հայերի իրավունքների պաշտպանությանը, բայց ինչպե՞ս կարելի է ունենալ ակնկալիք, եթե հայկական կողմը առաջարկ չի ներկայացրել, հայկական կողմը սեփական օրակարգ չի ստեղծել։ «Ազատություն». - Միջազգային բառը դա չէ՞, որ Սահմանադրությանը համաձայն չենք։ Պիտի միջնորդ լինի էդտեղ։ Մամիջանյան. - Նախ, էդ միջազգային բառը, բացի մի շարք ՔՊ երեսփոխաններից ու Փաշինյանից, ուրիշ ոչ մի տեղից որպես էդպիսին չեմ լսել։ Եվ երկրորդը, հայկական կողմը գնացել է ահավոր մեծ հակահայկական զիջման, և Հայաստանի Հանրապետության պատմության մեջ փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջինն էր, որ Արցախը ընդունեց Ադրբեջանի կազմում։ Իրենք փորձում են ներկայացնել, թե իբր դրա դիմաց ստացել են հայելային պատասխան, բայց Ադրբեջանի որևէ պաշտոնյա չի ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ես դեմ եմ խիստ էն ձևակերպմանը Ադրբեջանի տարածքային [ամբողջականության] ճանաչման, որ իրենք անում են, որովհետև Ադրբեջան պետության կազմում Արցախը երբեք չի եղել։ Բայց նույնիսկ նման զիջման պարագայում իրենք հայելային պատասխան չեն ստացել։ «Ազատություն». - Համենայն դեպս, հակառակն էլ չի եղել ո'չ հրապարակային, ո'չ ինչպես ասում էր՝ փակ դռների հետևում։ Եվ ես էլ դրան կավելացնեի, որ Շարլ Միշելն է ի վերջո բանակցություններից հետո քառակուսի կիլոմետրերը նշել։ Մամիջանյան. - Եթե Հայաստանում կա մի մարդ, ով որ, բացի Փաշինյանից, բավարարված կլինի միայն նրանով, որ Ադրբեջանը հակառակը չի ասել Հայաստանի մասին, հապա ինչ ես կարող եմ ասել, մեկ։ Երկրորդ, ճիշտ եք, Շարլ Միշելն էր նշել, պատճառաբանությունը՝ իբր Ալիևը ներկա էր, կարող էր հակադարձե՞լ... դուք էլ չնշեիք։ Շառլ Միշելն է նշել, դուք էլ չասեիք, թող երկու թվերն էլ հնչեցներ Շարլ Միշելը։ Բայց նույնիսկ էդ ամենամեծ զիջումը անելուց հետո իրանք հակընդդեմ չեն ստանում Ադրբեջանից հայելային պատասխան։ «Ազատություն». - Այսինքն՝ որևէ երաշխիք չի ստեղծվել 29 հազար 800-ի համար։ Մամիջանյան. - Տեսեք։ Նախ սկսենք նրանից, որ 29 հազար 800-ը նույնիսկ իրենց բանակցածով հարցականի տակ է՝ հաշվի առնելով Ալիևի մի քանի օր առաջվա հայտարարությունը կապված անկլավների հետ։ Ամբողջականը՝ սկզբնաղբյուր կայքում
16:51 - 13 հուլիսի, 2023
Թագուհի Թովմասյանը հեռացվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Թագուհի Թովմասյանը հեռացվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Դադարեցվեցին Թագուհու Թովմասյանի՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները։ ԱԺ-ն 62 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ փակ, գաղտնի քվեարկությամբ ընդունեց նախագիծը։ 1 քվեաթերթիկ անվավեր էր։ Քվեարկությանը մասնակցել է միայն ՔՊ խմբակցությունը։ Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել էին, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։  Նշենք, որ Խորհրդարանն այսօր քննարկում էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր նախաձեռնել Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը հայտնել էր, որ նախաձեռնությունը հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման «հայտնի նիստից» հետո է սկսել։ Նշենք, որ Աղազարյանի այս հայտարարությանը նախորդել էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ելույթը, որի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որպեսզի հեռացնեն Թովմասյանին ամբիոնից։
13:33 - 11 հուլիսի, 2023