Գորիս համայնք

Գորիսը խոշորացված համայնք է Սյունիքի մարզում, ձևավորվել է 2017 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ բնակավայրերը․

  • Գորիս,
  • Վերիշեն,
  • Ակներ,
  • Քարահունջ,
  • Հարթաշեն,
  • Խնձորեսկ,
  • Ներքին Խնձորեսկ,
  • Որոտան,
  • Բարձրավան,
  • Շուռնուխ,
  • Աղբուլաղ,
  • Ձորակ,
  • Վանանդ։

2017-ին Գորիսի համայնքապետ է ընտրվել Առուշ Առուշանյանը։ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին Առուշ Առուշանյանն առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով։

Քանի որ 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները սկսվելու ժամանակ Առուշանյանն արդեն կալանավորված էր։

Առուշ Առուշանյանը կալանավորված է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու կասկածանքով։

«Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են 1-ով, ՔՊ-ի ձայներն ավելացել են 9- ով. ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը

«Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են 1-ով, ՔՊ-ի ձայներն ավելացել են 9- ով. ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին ավարտել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:  Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մանրամասնելով, որ վերահաշվարկվել է ընդհանուր թվով 9 տեղամասերի քվերակության արդյունքները՝ 7-ը Տաթև համայնքում և մեկական Գորիս և Տեղ համայնքներում։ Նշվում է, որ վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, քարտուղարները, իսկ առանձին դեպքերում՝ նաև տեղամասային հանձնաժողովների անդամները,  յուրաքանչյուր կուսակցությունից մեկական  վստահված անձինք, երկու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և տեղական դիտորդներ: Վերահաշվարկի արդյունքում հստակեցվել է, որ Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինքի կողմ ձայները պակասել են 1-ով, իսկ անվավեր քվեաթերթիկներն ավելացել են 1-ով։ Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 1-ով, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը շտկվել է և անճշտությունների չափը պակասել է 100-ով։ Տաթև համայնքում՝ վերահաշվարկ իրակացված բոլոր յոթ տեղամասերի արդյունքների հանրագումարում «Ապրելու երկիր» կուսակցության կողմ ձայները չեն փոփոխվել, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության կողմ ձայները ավելացել են 3-ով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 8-ով: Անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 11-ով, անճշտությունների չափն ավելացել է 3-ով։
18:02 - 20 հոկտեմբերի, 2021
Այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները․ Վահրամ Թոքմաջյան

Այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները․ Վահրամ Թոքմաջյան

Նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները բավականին մրցակցային էին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանը։ Դաշինքի ներկայացուցիչ Վահրամ Թոքմաջյանը, թեեւ համաձայնեց Գրիգորյանի այս դիտարկման հետ, սակայն արձանագրեց, որ քարոզարշավը բավականին թույլ էր՝ հատկապես Գյումրիի պարագայում։ Նրա դիտարկմամբ՝ Գյումրիում առաջադրված հիմնական ուժերն առաջին հայացքից ջանք ու եռանք չեն ներդրել՝ իրենց ծրագրերն ընտրողներին ներկայացնելու հարցում․ «Նախընտրական քարոզչության փուլում արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են վարչական ռեսուրսի կիրառմանը, որը միահյուսվում է աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրներին։ Ի տարբերություն 2018-ից առաջ եղած ընտրությունների՝ այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները՝ մեկ՝ ՏԻՄ մակարդակում, մեկը՝ պետական մակարդակում»,- ասաց Թոքմաջյանը՝ հավելելով, որ շատ մարզերում, քաղաքներում, գյուղերում գործատուները հիմնականում ընդդիմություն ներկայացող կամ ընդդիմության հետ աղերս ունեցող մարդիկ են, որոնք ունեն բիզնեսներ, իսկ այդ հանգամանքը, բանախոսի կարծիքով, դերակատարում ունեցավ Գյումրու, Գորիսի, Մեղրիի պարագայում․ «Վարչական ռեսուրսին, բիզնեսին, աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրների սահմանը շատ է խախտվել։ Հետաքրքրական է, որ գործում էր կամավոր-պարտադիր սկզբունքը՝ թե՛ հավաքներին մասնակցելու, թե՛ ընտրելու մասով։ Եթե նախկինում «տասովշիկների» զգալի մասն աշխատում էր մեկ-երկու քաղուժի համար, այս ու նախորդ ընտրություններին նրանք այլեւս ունեն ընտրության հնարավորություն՝ ում համար աշխատել։ Փողը մեծ դերակատարում ունեցավ՝ ոչ ընտրակաշառքի ձեւով․ այն կուսակցությունները կամ դաշինքները հաջողեցին, որոնք ֆինանսապես կայուն էին, կարող էին ռեսուրս դնել, դրա շուրջ կառուցել քարոզարշավ, եւ այլն։ Իսկ այն ուժերը, որոնք փող չունեին կամ փող չդրեցին, հաջողություն չգրանցեցին, եւ, կարծում եմ, ապագայում էլ չեն գրանցի»,- ասաց Վահրամ Թոքմաջյանը՝ շեշտելով, որ եթե արեւմտյան ժողովրդավարական երկրներում առկա մոդելը՝ նաեւ կուսակցությունների դրամահավքաների մասով, չկայանա, այդ կուսակցությունները դարձյալ չեն հաջողելու։
17:47 - 18 հոկտեմբերի, 2021
Ներկա իշխանությունները, Սյունիքում չունենալով հանրային հենարան, դիմում են համատարած խախտումների և ապօրինությունների. «Հայաստան» դաշինք

Ներկա իշխանությունները, Սյունիքում չունենալով հանրային հենարան, դիմում են համատարած խախտումների և ապօրինությունների. «Հայաստան» դաշինք

Այսօր Գորիսում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ ևս ապացույցն են այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը, և սեփական իշխանությունը պահելու, քաղաքական նպատակահարմարության հիվանդագին մոլուցքով տարված իշխանությունները պատրաստ են ամեն տեսակի անօրինականությունների։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։ «Գորիս համայնքում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Առուշ Առուշանյան» դաշինքի նկատմամբ իրականացվող բռնաճնշումների, ոստիկանական ուժերի մասշտաբային ներգրավման, վարչական ռեսուրսների համատարած չարաշահման անթաքույց վարքագիծը մեկ անգամ ևս բացահայտում են իշխանության ոչ ժողովրդավարական և ապազգային դեմքը։ Արձանագրվող համատարած խախտումներն ու ապօրինությունները՝ այդ թվում ոստիկանական հոծ ուժերի կողմից «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի ներխուժումը, արդեն իսկ անազատության մեջ գտնվող Ա․ Առուշանյանի հոր նկատմամբ հետապնդումը գնահատում ենք, որպես քաղաքական ահաբեկչություն, ընտրության բուն ընթացքում համայնքի խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու քստմնելի և դատապարտելի վարքագիծ։ Այս և արձանագրված մի շարք խախտումներ, որոնք արձանագրվել էին նաև համապետական ընտրությունների ժամանակ, ինչպես նաև տեղ են գտել այլ համայնքներում գալիս են հաստատելու, որ ներկա իշխանությունները, Սյունիքում չունենալով հանրային հենարան, դիմում են համատարած խախտումների և ապօրինությունների, ձևավորելու իշխանության վարած ապազգային քաղաքական կուրսին հպատակ և հլու տեղական ինքնակառավարման մարմիններ։ Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների ուշադրությունն ենք հրավիրում այս հակասահմանադրական ընթացքի վրա և հայտարարում, որ «Հայաստան» դաշինքը հետևողական է լինելու երկրում սահմանադրականությունը վերականգնելու և իրավունքի գերակայություն հաստատելու հարցում»,- նշված է դաշինքի հաղորդագրության մեջ։
21:43 - 17 հոկտեմբերի, 2021
Գորիսում ՔՊ ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը վստահեցնում է՝ համայնքի բնակավայրերի անվտանգության ապահովման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ են իրականացնելու

Գորիսում ՔՊ ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը վստահեցնում է՝ համայնքի բնակավայրերի անվտանգության ապահովման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ են իրականացնելու

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Գորիսում առաջադրվել են «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Առաջադրվել էր նաեւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ, սական տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել կուսակցության ցուցակը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով։  Գորիսում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցն Infocom-ի հետ զրույցում ներկայացրեց, որ համայնքում քարոզարշավն ընթանում է բնականոն հունով․ խոչընդոտների չեն բախվել, եւ կարծում է՝ չեն էլ բախվի։ Համայնքապետի թեկնածուի հետ մեր հարց ու պատասխանը՝ ստորեւ․ - Պարոն Աբունց, գաղտնիք չէ, թե ինչ օրհասական խնդիրներ կան համայնքում՝ հատկապես անվտանգային առումով․ մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Ընտրվելու պարագայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ձեր քաղաքական ուժը՝ անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ այնքանով, որքանով հնարավոր է Ձեր ընտրվելու եւ թիմի անդամների՝ ավագանու կազմում լինելու դեպքում։  - Շատ ճիշտ հարց եք բարձրացնում․ այո՛, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ծավալված պատերազմից հետո Գորիսի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ, ինչի հետեւանքով պարբերաբար առաջանում են խնդրահարույց եւ լարված իրավիճակներ։ Այս պարագայում մենք նախատեսում ենք սահմանամերձ բնակավայրերի անվտանգության լիարժեք ապահովման համար տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում իրագործել համակարգված եւ բազմաբնույթ միջոցառումներ, ցուցաբերելու ենք նաեւ անհրաժեշտ աջակցություն ՀՀ կառավարությանը՝ սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Նպաստելու ենք սահմանամերձ բնակավայրերում ժողովրդագրական խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ այդ համայնքներում բնակարանաշինության եւ վերաբնակեցման ծրագրերով, արտագաղթի կանխմանն ուղղված գործողությունների իրականացմամբ։ - Դուք նշեցիք, որ իրականացնելու եք անվտանգության ապահովման միջոցառումներ, խնդրում եմ մանրամասնեք՝ ինչ միջոցառումների մասին է խոսքը, ինչպե՞ս եք իրականացնելու։ - Մենք ծրագրեր ենք ներկայացնելու կառավարությանը եւ կառավարության հետ համատեղ պետք է հասնենք հաջողության։ Մենք լինելու ենք այն բոլոր գերատեսչական մարմինների կողքին, որոնք հիմնականում զբաղվում են մեր սահմանների անվտանգության հարցերով։ - Պարոն Աբունց, համայնքային ի՞նչ խնդիրներ եք առանձնացնում, որոնց պատրաստվում եք առաջնահերթ լուծում տալ։ - Համայնքային խնդիրներ առանձնացնում ենք տնտեսության ոլորտում, քաղաքաշինության ոլորտում, հանրային տրանսպորտի ոլորտում, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտում, կառավարման բարելավման եւ մարդկային կապիտալի զարգացման ոլորտում։ Մշակել ենք ծրագրերն ու իրականացնելու ենք մեր թիմով։ - Իսկ համայնքային բյուջեն ձեր նախանշած ծրագրերի իրականացման համար բավարա՞ր է։ Եթե ոչ, ապա որտեղի՞ց եք հայթայթելու միջոցներ։ - Չեմ կարծում, թե համայնքի բյուջեն կբավարարի ընդհանուր ծրագրերի համար, բնականաբար, դիմելու ենք կառավարությանը, որպեսզի աջակցություն տրամադրեն՝ մեր ծրագրերն իրականացնելու համար։ Առանց կառավարության աջակցության չենք կարողանա։ - Խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ ծրագրեր ունեք, ինչպե՞ս եք լուծելու Ձեր նշած խնդիրները։ - Տնտեսության հետ կապված ներգրավելու ենք ներդրումային ծրագրեր եւ ստեղծելու ենք նոր աշխատատեղեր՝ համայնքի տնտեսական կյանքն աշխուժացնելու, գործազրկությունը հաղթահարելու նպատակով։ Մշակելու ենք, իրականացնելու ենք հյուրանոցների եւ հյուրատների աջակցության ծրագրեր, աջակցելու ենք ՀՀ կառավարության մշակած գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը, իրականացնելու ենք նոր սոցիալական ծրագրեր՝ նաեւ սփյուռքի հետ համագործակցությամբ։ Քաղաքաշինության ոլորտում գույքագրելու ենք համայնքային եւ միջհամայնքային ճանապարհների, փողոցների, բակային տարածքների խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ համապարփակ միջոցառումներ ենք իրականացնելու։ Իրականացնելու ենք զբոսաշրջության գրավչությանն ուղղված միջոցառումներ։ - Օրինակ՝ ի՞նչ միջոցառումներով եք Գորիսում զբոսաշրջությունն ավելի գրավիչ դարձնելու։ - Նպաստելու ենք, որպեսզի զբոսաշրջությունը մեր համայնքում ակտիվանա։ Նախատեսում ենք քաղաքային սանհանգույցներ կառուցել, ավելացնել կանաչապատ տարածքները, իրականացնելու ենք քաղաքի ուրույն ճանրտարապետական տեսքը պահպանելու միջոցառումներ, եւ այլն։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ ընտրվելու պարագայում հետեւողականորեն իրականացնելու են իրենց այս խոստումները, իսկ եթե չընտրվեն՝ աջակցելու են համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերին․ «Համայնքը բոլորինս է։ Ծրագրերը պետք է իրականացվեն համայնքի բնակչության համար։ Ես ակնկալում եմ ժողովրդի բարձր աջակցությունը, խնդրում եմ, որ հոկտեմբերի 17-ին բոլորն ակտիվ մասնակցեն ընտրությանը եւ իրենց քվեն տան այն ուժին, որը կարող է համայնքի զարգացմանն ուղղված ճիշտ քայլեր անել»,- եզրափակեց Գորիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն։ Լուսանկարը՝ Վլադիմիր Աբունցի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
12:03 - 04 հոկտեմբերի, 2021
Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը  ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր, պատասխան տալու օրը գալու է. Իրինա Յոլյանը՝ իրեն ներկայացված մեղադրանքի մասին

Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր, պատասխան տալու օրը գալու է. Իրինա Յոլյանը՝ իրեն ներկայացված մեղադրանքի մասին

Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր ՔԿ տարածած հաղորդագրությանը և իրեն ներկայացրած մեղադրանքին․ «Սահմանամերձ դարձած Որոտան, Շուռնուխ, Վերիշեն, Ակներ բնակավայրերի բնակիչներին դրամական օգնություն տալու նպատակով, քաղաքական պատվերի շրջանակներում, քննչական կոմիտեն սպեցնազեր էր ուղարկել Գորիս, մեզ մեղադրանք առաջադրել վատնում  կատարելու պատճառաբանությամբ:  Հիմա քննչական կոմիտեն հրաժարվել է նախնական մեղադրանքից   բնակչությանը տրված սոցօգնությունը դիտարկել են որպես դիրքի չարաշահում: Հրամանը կատարելուց հետո, քննչական կոմիտեն խայտառակությունից փրկվելու համար որոշել է, որ շրջափակաման մեջ գտնվող գյուղերի բնակիչներին աջակցելու համար ավելի հարմար է պաշտոնական դիրքի չարաշահում որակել  գյուղացուն օժանդակելը, քան հետո գործը  շիլաշփոթ լինի, երբ Հայաստանից դուրս՝ օրինական դատարաններում, գործը հասնի «դիվանբաշուն»:  Տևական ամիսներ տանջվել են ,  400-ից ավել մարդ հարցաքննելուց հետո պարզվել է , որ անգամ մի դեպք չի կարողանում կարվել, որով հնարավոր լինի յուրացում որակել: Կարևորը ընտրությունից առաջ սպեց նազ ուղարկելն է եղել,  գլխավոր թալինչիների հետ  ատկատով համագործակցության գնածաներին աղմուկն էր պետք ընդամենը, առաջիկայում ընտրություն է, ամեն ստորության ընդունակ են: Այն որ պետական բյուջեն մսխվում է, պարգևավճարների, երեսփոխանների գրպանի փողի, ասում են՝ հիմա էլ պատգամավորների բնակարանների վարձի  համար ,  դա պաշտոնական դիրքի չարաշահում է չէ, կամ վատնում չէ, բայց սահմանը պահող գյուղացուն  20.000-ից-100.000 դրամ  տրամադրելը  դիրքի չարաշահում է: Պետական թալանով զբաղվածներին  կարելի է սահմանը պահող  գյուղացու քրտինքից վճարվող հարկից  քամել ամենավերջին կոպեկը դեպի սեփական գրպանը, իսկ բլոկադայի մեջ հայտնված  գյուղացուն չի կարելի, իր ստացած երկու կոպեկի համար պիտի օրական տաս անգամ ցուցմունք տա, թե ինչի վրա է ծախսել: Ի դեպ քննչական կոմիտեն, որ հաղորդագրություն է տարածում, թե այդ երեք միլիոնը ընտրությունից առաջ է բաժանվել, իբր փորձում են երանգ տալ ,  հիշեցնեմ, որ Գորիսի համայնքապետարանը 11000 արցախցի հյուրընկալած համայնքի բնակիչներին տարվա ընթացքում 43 անգամ դրամական աջակցություն է տրամադրել, քանի, որ հումանիտար աղետի մեջ մնացել էին անուշադրության մատնված,   իսկ օրինակ,  երբ կառավարությունը Սյունիքին ընտրությունից մեկ շաբաթ առաջ մի քանի հարյուր միլիոն փող է տալիս և ինչ որ կասկածելի հիմնադրամով բաժանվում  է  , դա , փաստորեն, պարտադիր է, հակաօրինական չէ: Ասում են՝ դատախազությունը գործը ջրել է, պետության փողը իշխանության օգտին վատնելը , ընտրակաշառք տալն ու ձայն մուրալը պաշտոնական դիրքի չարաշահում չէ: Հ.Գ. Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը  ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր, պատասխան տալու օրը գալու է»:
13:34 - 01 հոկտեմբերի, 2021
Ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի բյուջեի միջոցների վատնման, համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը, պաշտոնավարման ընթացքում, 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին, ընտրություններում առաջադրված «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հեղինակությունը բնակչության շրջանում բարձր պահելու, բնակչությանը հաճոյանալու և ընտրություններին Ա.Առուշանյանի օգտին դրական արդյունքներ ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի տեղակալ, «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նախագահ Մենուա Հովսեփյանի, նույն հանձնաժողովի անդամներ, համայնքապետարանի երկու աշխատակիցների հետ՝ համայնքի բյուջեի միջոցները սահմանված կարգի խախտմամբ տնօրինելու և դրանք իբրև թե Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղելու հարցի շուրջ: Առուշ Առուշանյանի և Մենուա Հովսեփյանի կողմից բնակիչների հետ ունեցած հանդիպումներից հետո՝ 2021թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում, Գորիսի համայնքապետարանում տարբեր եղանակներով, այդ թվում՝ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների օգնությամբ, համայնքի թվով 115 բնակիչներից ընդունվել են տարբեր պատճառաբանություններով, շատ դեպքերում նաև՝ բովանդակային առումով ուղղորդված, տարբեր գումարային չափերով դրամական աջակցություն խնդրելու վերաբերյալ դիմումներ, որոնք ներկայացվել են հանձնաժողովի քննարկմանը: Քննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանի, ինչպես նաև «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի կազմում ընդգրկված Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարի և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալի հետ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի վնաս: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքապետարանի աշխատակիցները, գործելով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Յոլյանի հետ ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ներկայացված վերոհիշյալ 115 դիմումները Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության և ստուգման: Մասնավորապես՝ համաձայն նշված կարգի՝ սոցիալական օգնության տրամադրման համար դիմումատուն պետք է լինի համայնքի բնակիչ, ունենա սոցիալապես անապահով ընտանիք հանդիսանալու վերաբերյալ սոցիալական օգնության տրամադրման մշտական գործող հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն, բարեխիղճ կատարի համայնքի բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունները և սոցիալական օգնության տրամադրման դիմումի ներկայացման ժամանակ տեղական հարկերի, տուրքերի, վարձավճարների վերաբերյալ պարտքեր պետք է չունենա: Հանձնաժողովի անդամները, սակայն, չեն կատարել իրենց պարտավորությունները և կամայական ձևով, անձնական և խմբային շահերից ելնելով, ներկայացված դիմումներն ամեն կերպ բավարարելու միտումով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմել են «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նիստի՝ սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին արձանագրությունը, որի հիման վրա թվով 115 բնակիչների դիմումներին տրվել է դրական եզրակացություն: Քննությամբ պարզվել է, որ ներկայացված 115 դիմումներից 54-ն ակնհայտ չեն համապատասխանել սահմանված կարգի պահանջներին և ենթակա չեն եղել բավարարման: Նշված 54 դիմումների թվում է եղել նաև Իրինա Յոլյանի կողմից Գորիսի համայնքապետարանի օպերատորի թափուր հաստիքին նշանակվելու նպատակով փորձաշրջան անցնող անձին որպես ճանապարհածախս փոխանցված 100.000 ՀՀ դրամը, որի վճարման հանգամանքն օրինականացնելու համար այն ևս ձևակերպվել է որպես իբրև թե սոցիալապես անապահով ընտանիքին վճարվող գումար՝ հիմք ընդունելով ներկայացված նույնաբովանդակ դիմումը: Արդյունքում՝ Իրինա Յոլյանը, հակառակ իր պաշտոնեական լիազորություններից բխող նպատակների, ընտրությունների հետ կապված անձնական և խմբային նպատակներն իրագործելու և դրանք կանխամտածված ձևով քողարկելու համար, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ընտրություններին ընդառաջ՝ 2021թ. հունիսի 9-ին, հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած Գորիս համայնքի թվով 115 բնակչի դրամական աջակցություն տրամադրելու մասին որոշում է կայացրել, որի հիման վրա՝ համայնքի բյուջեից ելքագրվել է 6.130.000 ՀՀ դրամ գումար, որից 3.200.000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել 54 այն բնակիչներին, ովքեր, ըստ Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշման, չեն հանդիսացել դրամական աջակցության շահառուներ՝ Գորիս համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափի՝ 3.200.000 ՀՀ դրամի էական վնաս: Բացի այդ, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայողական կախվածությունը և պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող նույն համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարից պահանջել է «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար ապահովել 80 անձի ներկայություն՝ այդ կերպ հարկադրելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն: Բացի այդ, Մենուա Հովսեփյանը Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին հանձնարարել է, որպեսզի «Հայաստան» դաշինքի համար Քարահունջ բնակավայրում նախընտրական շտաբի համար տարածք վարձակալի: Այդ նպատակով վարչական ղեկավարը, Մենուա Հովսեփյանի հանձնարարությամբ և իմացությամբ, Քարահունջ բնակավայրում 100.000 ՀՀ դրամ գումարով տարածք է վարձակալել: Ընտրություններից հետո, երբ վարձակալության հանձնված տարածքի սեփականատերը պահանջել է վճարել վարձակալության գումարը, բնակավայրի վարչական ղեկավարն  այդ մասին հայտնել է Մենուա Հովսեփյանին, ով նշված գումարի վճարումը կատարելու համար առաջարկել է սոցիալական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել համայնքի ղեկավարի անվամբ: Մենուա Հովսեփյանի պահանջով Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի միջոցով հիշյալ տարածքի սեփականատիրոջից 2021թ. հուլիսի 2-ին վերցվել է դրամական աջակցություն ստանալու վերաբերյալ դիմում, որից հետո Մենուա Հովսեփյանը ստորագրել է որոշում՝ 100.000 ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ՝ Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին վճարման ենթակա բյուջետային միջոցներից գումարներ տրամադրելով «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի տարածքի վարձավճարի համար: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իրինա Յոլյանին և համայնքապետարանի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Մենուա Հովսեփյանին՝ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկել է հսկողություն իրականացնող դատախազին: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:48 - 01 հոկտեմբերի, 2021
Որպեսզի Գորիսի գյուղերը բլոկադայի մեջ չհայտնվեն, պետք է արագ միջոցներ ձեռնարկվեն՝ անտառամիջյան ճանապարհների բարելավման ուղղությամբ․ Իրինա Յոլյան

Որպեսզի Գորիսի գյուղերը բլոկադայի մեջ չհայտնվեն, պետք է արագ միջոցներ ձեռնարկվեն՝ անտառամիջյան ճանապարհների բարելավման ուղղությամբ․ Իրինա Յոլյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Գորիսում առաջադրվել են «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Առաջադրվել էր նաեւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ, սական տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել կուսակցության ցուցակը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով։ Թեեւ օրեր առաջ Գորիսում պատռել էին Առուշ Առուշանյանի պաստառները, այնուամենայնիվ, դաշինքի անդամ, Գորիսի նախկին փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի տպավորությամբ՝ քարոզարշավը լարված մթնոլորտում չի ընթանում։ Դաշինքի ներկայացուցիչներն այս պահին զբաղված են քարոզարշավի աշխատանքներով, փորձում են ընթացքն արդյունավետ օգտագործել․ «Այս պահին լարվածություն չկա, մենք աշխատում ենք մեզ համար, մյուս թիմերն՝ իրենց։ Միայն պետք է նշեմ, որ այս երկու օրը մի քանի պաստառներ են պատռվել, դա արձանագրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, կարծում եմ՝ իրավական գնահատական կտրվի դրան, կփորձեն պարզել՝ ովքեր են եղել պատվիրատուները, ինչ պատճառաբանությամբ են պատռվել պաստառները»,- Infocom-ի հետ զրույցում ասաց Յոլյանը։ 44-օրյա պատերազմից հետո Գորիսի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ։ Համայնքում գլխավոր խնդիրն այսօր անվտանգությանն է առնչվում։ Հակառակորդը մայիսից գտնվում է Գորիսի վարչական տարածքում գտնվող Սեւ լճի տարածքում, եւ, կարծես, նպատակ չունի ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու։ Արդեն նաեւ արոտավայրերի խնդիր կա։ Իսկ օգոստոսին հակառակորդը փակել էր Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհը՝ հավելյալ խնդիրներ ստեղծելով ոչ միայն այդ ճանապարհով անցնողների, այլեւ բնակիչների համար․ Ադրբեջանի ուղղակի սպառնալիքները չեն դադարում։ Իրինա Յոլյանի խոսքով՝ բոլորը գիտեն, որ Գորիսը պատերազմի ընթացքում եղել է Արցախի թիկունքը պահողը, կարեւոր ռազմավարական նշանակություն համայնք, եւ այդ հարցում աշխատանքները կազմակերպել է դաշինքի առաջին համարը՝ Առուշ Առուշանյանը․ «Հետպատերազմական իրավիճակում էլ, ինչը կախված է համայնքից, համայնքի լիազորությունների շրջանակներում է, մշտապես կազմակերպվել է բարձր մակարդակով։ Բնականաբար, ընտրվելուց հետո էլ շարունակելու ենք անվտանգային այն հարցերով զբաղվել, որոնք մեր իրավասությունների շրջանակում են»։ Յոլյանի դիտարկմամբ՝ համայնքի բնակավայրերում խնդիրները բազմաթիվ են, եւ իրենց թիմը մինչեւ այս պահը փորձել է այդ խնդիրներին արագ արձագանքե ու լուծում տալ․ «Առուշանյանն էլ, երբ անազատության մեջ չէր, մշտապես կանգնած է եղել մեր համայնքի բնակչի կողքին»,- շեշտեց նա։ Իսկ այս պահին ամենամտահոգիչ հարցերից մեկը, Գորիսի նախկին փոխհամայնքապետի խոսքով, համայնքի բնակավայրերով անցնող միջպետական ճանապարհի անվտանգության է վերաբերում․ խոսքը հիշատակված ճանապարհի մասին է, որը փակել էին ադրբեջանցիները, ապա իրենց անցակետը տեղադրել, ․  «Այս պահի դրությամբ թշնամին օկուպացրել է միջպետական ճանապարհը, այլընտրանքային ճանապարհների խնդիր կա Շուռնուխում, Բարձրավանում եւ Որոտանում։ Առաջիկայում ձմեռ է, եթե հանկարծ նորից վտանգավոր իրավիճակ լինի, բնական է՝ որպեսզի այս գյուղերը բլոկադայի մեջ չհայտնվեն եւ արտաքին աշխարհի հետ կապն ընդհանրապես չկորցնեն, պետք է շատ արագ միջոցներ ձեռնարկվեն՝ անտառամիջյան ճանապարհների բարելավման ուղղությամբ։ Բազմաթիվ օրհասական հարցեր կան, որոնք հրատապ լուծում են պահանջում»։ Ինչ վերաբերում է ընթացիկ եւ ապագա ծրագրերին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այժմ Գորիսի 9 բնակավայրում միաժամանակ տարբեր ծրագրեր են իրականացվում՝ սկսած խաղահրապարակների, մանկապարտեզների, նախակրթարանների, զարգացման կենտրոնների հիմնումից, ճանապարհների բարելավումից, մինչեւ բնակարանաշինություն, բնակավայրերում գիշերային լուսավորությունների անցկացում․ «Մենք գրեթե ոլորտ չունենք, որտեղ ծրագրեր չիրականացվեն։ Գորիսն այն համայնքներից է, որ մշտապես բոլոր ոլորոտները ուշադրության կենտրոնում է պահում, անընդհատ ծրագրեր են իրականացվում։ Եթե տարվա ընթացքում մի քանի պետական ծրագիր ենք ունենում՝ սուբվենցիոն, պետության հետ համատեղ արվող, այդ հիշատակված ծրագրերը հիմնականում միջազգային կառույցների, անհատների, տարբեր կազմակերպությունների հետ մեր երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցությունն է բերել։ Որովհետեւ եթե մի կազմակերպության հետ մենք մեկ մանկապարտեզ ենք հիմնում, փորձը ցույց է տալիս, որ այդ արդյունավետ աշխատանքը բերում է շարունակականության ապահովման, եւ պատահական չէ, որ մենք ակտիվ աշխատում ենք։ Դոնորները չեն գալիս մեր դռները ծեծում, դա 24-ժամյա արդյունավետ աշխատանք է պահանջում»,- ներկայացրեց Յոլյանը՝ վստահեցնելով, որ այդ ծրագրերն ու աշխատանքները շարունակելու են, բայց իրենց դրա համար անհրաժեշտ է գորիսեցիների քվեն․ «Գորիսեցին պետք է ընտրի հենց մեզ, որովհետեւ Առուշ Առուշանյանը գործով է ապացուցել, այն քաղաքական գործիչը չէ, որ գա ընդամենը խոստում տալու համար։ Ինքն աշխատել է, գորիսեցին այդ աշխատանքը տեսել է եւ համեմատելու հնարավորություն ունի։ Գորիսեցու վստահության քվեն անհրաժեշտ է, որպեսզի համայնքի ղեկավարը իր սկսած գործը կարողանա շարունակել»,- եզրափակեց Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ, «Առուշ Առուշանյան» դաշինքի անդամ Իրինա Յոլյանը։ Ի դեպ, այս դաշինքի մաս են կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որը գլխավորում է Սյունիքի նախկին մարզպետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունը, որի խորհրդի նախագահն Արա Հակոբյանն է։ «Ազգային օրակարգի» խորհրդի անդամ Հայկ Փայտյանն Infocom-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը համաձայնել է դաշինքի մաս կազմել, քանի որ Գորիսի ավագանու եւ առհասարակ ՏԻՄ ընտրություններն իրենք դիտարկում են տեղերում ազատագրական պայքար մղելու հոլովույթում․ ««Ազգային օրակարգ» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ օտարի շահերը սպասարկող, ապազգային եւ հակապետական այս իշխանական համակարգի դեմ պայքարը պետք է կրի ազգային-ազատագրական բնույթ։ Կուսակցությունը նաեւ հաստատել է իր պատրաստակամությունը մասնակցել կամ աջակցել բոլոր այն հարթակների եւ ձեւաչափերի կազմավորմանը, որոնք իրենց առջեւ նպատակ են դրել պայքարել այս հակահայկական իշխանական համակարգի դեմ»,- ասաց Փայտյանը՝ նշելով, որ կուսակցությունն ինքն էլ է նախաձեռնություն ցուցաբերում նմանատիպ հարթակներ եւ միավորումներ ձեւավորելու ուղղությամբ, որի հերթական դրսեւորումը «Հայ կառուցողական» կուսակցության հետ «Նոր պետություն» միաբանում ստեղծելն է։  Ինչ վերաբերում է Սյունիքին, եւ, մասնավորապես, Գորիսին, Փայտյանը շեշտեց, որ ազգային-ազատագրական պայքար մղելու համատեքստում քաղաքն առանձնակի կարեւորություն ունի․ «Սյունիքի մի շարք համայնքապետեր, այդ թվում Առուշ Առուշանյանը իրենց կոշտ անհամաձայնությունն են հայտնել Փաշինյանի եւ նրա իշխանախմբի կողմից իրականացվող պարտվողական գործողություններին։ Այսօր Գորիս քաղաքի առջեւ ծառացած հիմնական եւ գոյաբանական խնդիրը անվտանգային հարցն է։ Գործող իշխանախումբը Գորիս քաղաքի շուրջ գտնվող գրեթե բոլոր բարձունքները հանձնել է թշնամիներին եւ այսօր էլ արդեն միասին բացահայտ ու անթաքույց խոսում են «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերաբերյալ։ Այդ է պատճառը, որ փորձ է արվում չեզոքացնել բոլոր այն ուժերին եւ անհատներին, ովքեր համաձայն չեն Հայրենիքը հանձնել թշնամուն եւ պայքար են մղում դա կանխելու ուղղությամբ։ Հետեւաբար տեղերում Փաշինյանին հլու-հնազանդ, ուղղակի կառավարվող եւ նրա ցանկազած հրամանին ենթարկվող կամակատար համայնքապետերին իշխանության բերելը հերթական ծանր հարվածն է լինելու հայությանն ու հայկական պետականության խարխլված հիմքերին»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ «Ազգային օրակարգ» կուսակցությունը Գորիսում նախատեսվող ընտրությունների շրջանակում եւս անելու է հնարավորը հակահայ ծրագրերը խափանելու ուղղությամբ, եւ որ իրենց առաջարկները գլխավորապես վերաբերելու են անվտանգային խնդիրներին, ինչպես նաեւ համայնքի սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքների եւ կրթական ոլորտներում առկա հարցերի համակարգային լուծումներին։ Լուսանկարը՝ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
11:21 - 29 սեպտեմբերի, 2021
Գորիսի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում․ համայնքապետի թեկնածու Կարեն Լազարյան

Գորիսի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում․ համայնքապետի թեկնածու Կարեն Լազարյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Գորիսում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Infocom-ը քարոզարշավի ընթացքի, համայնքային խնդիրների, առաջնահերթ լուծում պահանջող հարցերի եւ ապագա ծրագրերի մասին զրուցել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության թեկնածու Կարեն Լազարյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ Գորիսում հոկտեմբերի 17-ի ընտրությունից առաջ ուժերի վերադասավորման ակտիվ գործընթացներ են տեղի ունենում․ «Թեեւ քարոզարշավը երկու օր է՝ ինչ մեկնարկել է, բայց մինչ այդ էլ ակնհայտ դարձավ, որ որոշ ուժեր հույսները դրել են սոցցանցային, քոմենթային կռիվների վրա, ինչն իրականացվում է նաեւ ֆեյքային հայհոյանքների միջոցով»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք հրապարակավ մերժել են այդ գործելակերպը եւ մրցակից քաղաքական ուժերին պատշաճ մրցակցության, գաղափարական, ծրագրային մրցակցության հորդոր հղել: Ըստ Լազարյանի՝ Գորիսը հիմա այնպիսի մարտահրավերների առջեւ է կանգնած, որ իրենք իրավունք չունեն տրվել միջկուսակցական եւ սոցցանցային կռիվներին: «Մենք նաեւ կողմերին կոչ ենք արել բանավիճել բացառապես այն խնդիրների եւ ծրագրերի շուրջ, որոնք առնչվում են համայնքային խնդիրներին: Վերջին օրերի արտառոցություններից մեկն էլ այն է, որ ոչ իշխանական քաղաքական թիմերի նախընտրական ցուցակներից ավագանու անդամի թեկնածուների արտահոսք է նկատվում՝ ինքաբացարկի տեսքով: Եվ դա՝ ոչ միայն Գորիս, այլեւ Տեղ ու Տաթեւ համայնքներում»,- նկատեց Գորիսում ՀԱԿ-ի թեկնածուն եւ նշեց, որ նաեւ իրենց նախընտրական ցուցակից էլ երկու հոգի դուրս են եկել․ պատճառները դեռ ուսումնասիրում են: Սակայն թեկնածուն հեռու է մտքից, որ դա ինքնաբուխ եւ բնական գործընթաց է, եւ ավելի շատ ինչ-որ ճնշումների կամ գայթակղիչ խոստումների հետեւանք է: «Ինքներդ դատեք․ Գորիս համայնքի ամեն բնակավայրում մի քանի հոգու (միանգամից) խոստացել են նշանակել գյուղի վարչական ղեկավար, մանկապարտեզի վարիչ, դպրոցի տնօրեն… Եվ հիմա յուրօրինակ մենամարտ է՝ մի կողմից՝ տարածքային իշխանության վարչական ռեսուրսի, մյուս կողմից՝ համայնքի վարչական ռեսուրսի միջեւ»,- ասաց Կարեն Լազարյանը: 44-օրյա պատերազմից հետո Գորիսի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ։ Համայնքում գլխավոր խնդիրն այսօր անվտանգությանն է առնչվում։ Հակառակորդը մայիսից գտնվում է Գորիսի վարչական տարածքում գտնվող Սեւ լճի տարածքում, եւ, կարծես, նպատակ չունի ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու։ Արդեն նաեւ արոտավայրերի խնդիր կա։ Իսկ օգոստոսին հակառակորդը փակել էր Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհը՝ հավելյալ խնդիրներ ստեղծելով ոչ միայն այդ ճանապարհով անցնողների, այլեւ բնակիչների համար․ Ադրբեջանի ուղղակի սպառնալիքները չեն դադարում։ Գորիսի համայնքապետի թեկնածուից հետաքրքրվեցինք՝ ընտրվելու պարագայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ այնքանով, որքանով հնարավոր է համայնքապետի պաշտոնում, ինչ նախաձեռնություններ կամ առաջարկներ ունի։ Լազարյանի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագրի առանցքային բաժինը նվիրված է հենց անվտանգության խնդիրներին: Առաջին բանը, որ պատրաստվում են անել, համանքի բոլոր բնակավայրերում պատերազմից հետո առաջ եկած կարիքների եւ խնդիրների գնահատումն է, որի հիման վրա էլ կճշգրտեն անելիքները․ «Կաջակցենք պետական մարմինների գործողություններին, որոնք ուղղված կլինեն Սեւ լճի տարածքից ադրբեջանցի օկուպանտներին դուրս մղելուն: Համայնքի բնակավայրերում Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում կազմավորված ինքնապաշտպանական (աշխարհազորային) ջոկատներն ամրապնելուն ուղղված միջոցառումներ կիրականացնենք ու կհամագործակցենք Սյունիքի մարզային զինկոմիսարիատի հետ՝ զորակոչերի, զորահավաքների կազմակերպման գործում»,- թվարկեց մեր զրուցակիցը: Հաշվի առնելով հանգամանքը, որ Գորիս համայնքի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում, թեկնածուն եւ իր թիմը պատրաստվում են ՀՀ կառավարությանն առաջարկել Գորիսում հրավիրել կառավարության արտագնա նիստ եւ քննարկել առկա խնդիրները: Իսկ մինչ այդ՝ կփորձեն Գորիս հրավիրել ԱԺ խմբակցություններին՝ Գորիսի անվտանգության հարցերով միասնական մոտեցում մշակելու համար: «Միեւնույն ժամանակ համարում ենք, որ ոչ պակաս կարեւոր է մեր հողի վրա ապրող, այդ հողը շենացնող մարդու կյանքի համար բարեկեցիկ պայմանների ստեղծումը, համայնքի զարգացման եւ բարգավաճման հեռանկարի երաշխավորումը: Այդ ուղղությամբ նույնպես ունենք առաջարկություններ եւ ծրագրեր»: Իսկ Գորիսում, ըստ Կարեն Լազարյանի, առաջնահերթ լուծում պահանջող շատ խնդիրներ կան․  «Համայնքի վարչական տարածք համարվող Սեւ լճի մերձակայքում 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանի զինվորականներն են ներխուժել: Ադրբեջանցիների հսկողության ներքո են Որոտան, Քարահունջ գյուղերի երբեմնի տարածքների որոշ հատվածներ, ինչպես եւ Շուռնուխ գյուղի արեւելյան մասը: Վերիշենի եւ Ակների արոտավայրերի մի մասն ադրբեջանցիների կողմից վերահսկվող դիրքերի հայացքի ներքո են, ինչը դժվարացնում կամ անհնար է դարձնում դրանց օգտագործումը: Անորոշություններով լեցուն է Գորիս-Կապան մայրուղին, որը, միջպետական նշանակությունից զատ, Գորիս քաղաքը համայնքի մեջ մտնող Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի, նաեւ Աղբուլաղ, Ձորակ, Վանանդ գյուղատեղիների հետ հաղորդակցության միակ ուղին է: Առանց այդ խնդիրների լուծման՝ իրատեսական չի լինի մյուս հարցերի առաջնահերթ քննարկումը»,- ասաց մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ թվարկված հարցերի վերաբերյալ իրենց կոնկրետ առաջարկություններն արտացոլված են իրենց նախընտրական ծրագրում, որի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին: Թե բացի անվտանգային խնդիրների հնարավոր լուծումներից՝ համայնքային զարգացման ինչ նախաձեռնություններով են հանդես գալու ընտրվելու պարագայում, Լազարյանը ներկայացրեց, որ նախ պետք է լուծվի Բարձրավանի, Ներքին Խնձորեսկի եւ Վերիշեն գյուղերի գործող ճանապարհների հիմնանորոգման կամ գոնե բարեկարգման խնդիրը: Խնձորեսկում նաեւ խմելու ջրի խնդիր կա, որ չի լուծվել տասնամյակներով։ «Կան նաեւ բնապահպանությանն առնչվող խնդիրներ. խոսքը, մանսվորապես, Վարական գետն աղտոտումից զերծ պահելն է Ակներ, Վերիշեն, Քարահունջ գյուղերի եւ Գորիս քաղաքի տարածքում»,- ասաց թեկնածուն եւ նկատեց՝ որքան էլ տարօրինակ է՝ սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ չի տրվել Ակներ եւ Վերիշեն գյուղերին, որոնք մոտ 11 կմ սահման ունեն Ադրբեջանի հետ: (Գորիսի խոշորացված համայնքի 12 բնակավայրերից 5-ը (Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Հարթաշեն եւ Բարձրավան գյուղերը) պաշտոնապես ստացել են սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ,- հեղ․)։ Այս ամենից զատ՝ Գորիսում համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Լազարյանի համոզմամբ՝ կա մեկ այլ լրջագույն խնդիր եւս՝ համայնքում վերականգնել քաղաքացիական համերաշխությունը: Հայարփի Բաղդասարյան
17:21 - 24 սեպտեմբերի, 2021
Գորիսի ՏԸՀ-ն չի գրանցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը․ կուսակցությունը դատարան է դիմել

Գորիսի ՏԸՀ-ն չի գրանցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը․ կուսակցությունը դատարան է դիմել

Լուսանկարը՝ ՀԿԿ ֆեյսբուքյան էջից Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ Գորիսի տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Երջանիկ Ղազարյանը։ Բանն այն է, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝ բազմաբնակավայր համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող թեկնածուներ, բացառությամբ երեքից պակաս բնակավայրերից կազմված համայնքների։  Գորիս խոշորացված համայնքում կա 13 բնակավայր, իսկ Կոմունիստական կուսակցության ցուցակում համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող թեկնածուներ չեն եղել։ Գորիսի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Ստեփանյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ կուսակցության ցուցակի թեկնածուները եղել են միայն Գորիս քաղաքից, այդ պատճառով էլ, ինչպես նախատեսված է օրենքով, ընտրական ցուցակը չի գրանցվել։ Կոմունիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչ, «Գլոսսա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Համբարձումյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ իրենք վարչական մարմնի կայացրած այս որոշումը բողոքարկել են Վարչական դատարանում։ Նա նշեց, որ Կապանում փաստաթղթերը դատարան ներկայացնելիս որոշակի խոչընդոտների են բախվել․ Համբարձումյանի խոսքով՝ դատարանում ընդամենը մի կարգադրիչ է եղել։ Համբարձումյանը եւս մեր զրույցում հաստատեց, որ Կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժվել է օրենքի հիշյալ պահանջին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Նրա խոսքով՝ Կոմունիստական կուսակցությունն իրազեկված չի եղել այդ դրույթի մասին, իսկ պետական մարմինը կուսակցությանը չի տեղեկացրել, որ ներկայացված ցուցակը թերի է, եւ ժամանակ չի տրամադրել փաստաթղթերի համալրման համար․ «Պետական մարմինը պետք է տեղեկացներ եւ ժամանակ տրամադրեր ցուցակը լրացնելու համար, առավել եւս, որ մինչեւ հոկտեմբերի 17-ը (ընտրության օրը,-հեղ․) բավական ժամանակ կա։ Հասկանալի է, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, բայց թե կոնկրետ թիվ 34 ընտրատարածքում (Գորիսի տեղական ընտրական հանձնաժողովը,- հեղ․) որ գյուղերն են խոշորացման արդյունքում դարձել Գորիս համայնք, ոչ մեկը պարտավոր չէր իմանալ։ Կարող էին նշել, որ ցուցակում այս, այս, այս համայնքներց ներկայացուցիչներ չկան, եւ երկու-երեք օր ժամանակ տային՝ այդ բնակավայրերի ներկայացուցիչներին ցուցակում ընդգրկելու համար»,- մեր զրույցում ասաց Աշոտ Համբարձումյանը։ Իսկ թե ինչու են ցուցակը ներկայացրել գրանցման վերջին օրը, մեր զրուցակիցն ասաց, որ տեխնիկական խնդիրներ են եղել էլեկտրոնային ձեւաթուղթը լրացնելու հարցում, հետո ավագանու թեկնածուների ցուցակը ներկայացրել են տպագիր։ Իսկ դատարանում հայցը ներկայացրել են այն պատճառաբանությամբ, որ տեղեկացված չեն եղել պահանջի մասին, եւ, որ վարչական մարմինը պարտավոր էր թերությունները վերացնելու ժամկետ տրամադրել, ոչ թե միանշանակ մերժեր գրանցումը․ «Մենք հայցը ներկայացրել ենք պահանջով, որ ՏԸՀ որոշումն անվավեր ճանաչվի, հանձնաժողովը պարտավորեցվի տրամադրել ողջամիտ ժամկետ՝ ընտրական ցուցակը համալրելու նպատակով»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով նաեւ, որ կուսակցությունը միայն այս առումով չէ, որ իրավական խնդիրներ ունի․ դատական գործընթացներ կան, որտեղ Համբարձումյանը միտում է տեսնում՝ կուսակցության բանականոն գործունեությանը խոչընդոտելու եւ այն անհնարին դարձնելու համար։ Իսկ ՏԸՀ նախագահի տեղակալ Արմեն Ստեփանյանը մեր զրույցում նկատեց՝ կուսակցությունը ցուցակը ներկայացրել է վերջին օրը՝ երեկոյան․ «Ես ինչպե՞ս իմանայի՝ իրենք թեկնածություն են դնելու, որ տեղեկացնեի՝ ինչ փաստաթղթեր են ներկայացնելու։ Գոնե մի անգամ մտնեին մեզ մոտ, հարցնեին՝ ինչ ընթացակարգ է գործում։ Իսկ հավելյալ ժամանակ չէինք կարող տալ, որովհետեւ ընտրացուցակների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն էր։ Դրանից հետո հնարավոր չէր»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ իրենք տեղյակ չէին, որ կուսակցությունն այս հարցով դիմել է դատարան։ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Գորիսում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Հայարփի Բաղդասարյան
15:03 - 24 սեպտեմբերի, 2021
Ընտրություններին առաջադրվում եմ իմ եւ թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով. Գորիսի համայնքապետ

Ընտրություններին առաջադրվում եմ իմ եւ թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով. Գորիսի համայնքապետ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երկու ամսից ավելի է, ինչ կալանավորված է, հայտարարություն է տարածել եւ տեղեկացրել, ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունը՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. «Սիրելի՛ հայրենակիցներ, Գորիս համայնքի սիրելի՛ բնակիչներ, Մեծ պատասխանատվությամբ եւ վճռականությամբ ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Թեեւ այս պահին անազատության մեջ եմ, սակայն, վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականգնվելու է, վերականգնվելու է նաեւ թասիբով ու սկզբունքային իմ հայրենակիցների աջակցությամբ, քանի որ մենք մեր շիտակ ճանապարհն անցել ենք բոլորի աչքի առաջ: Ընտրություններին առաջադրվում եմ իմ եւ թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով, որի հիմքում ընկած են արդարության ու ազատության սկզբունքները, ազգային պետական շահն ու ներազգային համերաշխության հաստատումը, ինչի շնորհիվ համայնքի ներսում կկարողանանք միասին հաստատել կայուն խաղաղություն ու համերաշխություն, ստեղծել Գորիսի համար զարգացման իրական պայմաններ ու հեռանկարներ։ Իսկ այդ հեռանկարները կյանքի կոչելու համար ունեմ բավարար կամք ու վճռականություն, աշխատասիրություն ու հայրենիքիս գործովս ծառայելու բարձր պատասխանատվություն ու նվիրում։ Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող՝ չնայած ստեղծված բոլոր խոչընդոտների եւ իմ հանդեպ ծավալվող անարդարությունների, քանի որ իմ գործն արդար է, շահս՝ բացարձակ պետականամետ, գաղափարախոսությունս՝ ազգային։ Քանի որ բոլոր այս ստեղծած արհեստական դժվարությունները, առ ոչինչ են այն մեծ առաքելության, որի համար ստացել եմ ձեր միաձայն վստահության քվեն դեռ 2017 թվականին, այն է՝ Գորիս համայնքի զարգացումն ու ազգաբնակչության բարեկեցության հաստատումը։ Իմ փոխարեն այսօր թող խոսեն այն բոլոր աշխատանքներն ու իրականացրած նախագծերը, որոնք կյանքի են կոչվել այս չորս տարիների ընթացքում՝ իմ եւ իմ թիմի ամենօրյա անձնվիրաբար նվիրումի շնորհիվ, իհարկե՝ ստանալով Ձեր ամենօրյա զորակցությունն ու աջակցությունը այն սրբազան գործին, որն իրականացնում էինք՝ օր առաջ ունենալու մեր երազանքների Գորիսը։ Կարծում եմ, արդեն գիտեք, որ երկար խոսել չեմ սիրում։ Վստահ եմ՝ արդեն հասցրել եք նկատել, որ իմ սկզբունքների հիմքում ոչ թե սին խոստումներն ու ականջ շոյող բառերն են, այլ իրական գործերն ու մնայուն արժեքների ստեղծումը, որը պատվով պետք է փոխանցենք մեր սերունդներին։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ոչ այլ ինչ է, քան անձնվիրաբար ծառայություն ՝ Աստծո, հայրենիքի եւ ժողովրդի առաջ, որը կատարել եմ ու պատրաստ եմ կատարել մեծ պատվով, պատասխանատվությամբ ու գորիսեցուն հատուկ բարձր արժանապատվությամբ»։
11:14 - 22 սեպտեմբերի, 2021
Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կմնա կալանավորված. Վերաքննիչ դատարանը մերժելը է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը․ պաշտպան |tert.am|

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կմնա կալանավորված. Վերաքննիչ դատարանը մերժելը է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը․ պաշտպան |tert.am|

tert.am: Վերաքննիչ դատարանը մերժել է Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Այս մասին ասաց նրա պաշտպաններից Դավիթ Կարապետյանը։ «Որոշումը դեռ չենք ստացել, միանշանակ բողոքարկելու ենք այն։ Հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի բացակայության պարագայում Մենուա Հովսեփյանին զրկել են ազատությունից»,-ասաց պաշտպանը՝ հավելով, որ չկան հիմքեր ենթադրելու, որ Մենուա Հովսեփյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Նա հիշեցրեց նաև, որ Գորիսի համայքապետի տեղակալը 2-րդ կարգի հաշմանդամ է, 4 անչափահաս երեխա ունի, առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ դատարանը դա հաշվի չեն առել։ Դավիթ Կարապետյանը նշեց, որ բողոքարկելիս անդարդառնալու են նաև նրան, որ առաջին ատյանի դատարանը ոչ օրինական կազմով է քննել Մենուա Հովսեփյանի գործը։ «Mail.ru էլկտրոնային փոստով անհասկանալի և ոչ բովանդակային հողորդագրությամբ գործը մակագրվել է հայտնի Մնացական Մարտիրոսյանին»,-ասաց նա։
17:23 - 18 սեպտեմբերի, 2021
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը |1lurer.am|

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը |1lurer.am|

1lurer.am: Օրեր շարունակ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում տեղակայված, երեկ էլ Արցախից Հայաստան ուղևորվող պատանիների ավտոբուսը կանգնեցրած ադրբեջանցի ծառայողների գործողությունների մասին խոսել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Դեսպանը հերթական անգամ շեշտել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել բանակցային գործընթացի վերսկսմանը: «Կարծում եմ՝ շատ կարևոր է գտնել կայուն լուծում, վերադառնալ բանակցային սեղանի շուրջ ու դադարեցնել տարատեսակ միջադեպերով վտանգել քաղաքացիներին: Վերջերս Հայաստան այցելեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը, և հենց այս թեմաները մենք քննարկեցինք վարչապետի, արտգործնախարարի հետ: Ընդգծեցինք, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել, հեշտացնել բանակցությունների սեղան վերադառնալու գործընթացը, որովհետև խաղաղությունն իրոք կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար: Իսկ դրա համար կարևոր է ագրեսիայի ու ատելության խոսքի կրճատումը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
16:25 - 18 սեպտեմբերի, 2021
Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետ |armenpress.am|

Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն ինտենսիվ աշխատում է ե՛ւ միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածի հետ կապված խնդիրները լուծելու, ե՛ւ շրջանցիկ՝ Տաթևով անցնող ճանապարհը բարեկարգելու, այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող ճանապարհահատվածում իրանական բեռնատարների երթևեկը խոչընդոտելու դեպքերին: «Մենք երկու ուղղությամբ էլ հիմա ինտենսիվ աշխատում ենք՝ ե՛ւ խնդրի լուծման, ե՛ւ այլընտրանքային լուծումներ գտնելու իմաստով: Կարծում եմ՝ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ինտենսիվ կշարունակվեն, և, ի վերջո, ինչ-որ լուծում կգտնենք այդ խնդրին: Եթե ալտերնատիվ ենթակառուցվածքային լուծում տանք՝ դա, իհարկե, շատ լավ լուծում կլինի, որովհետև այն կբալանսավորի իրավիճակը»,- ասաց Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետի խոսքով՝ Սյունիքի ճանապարհների ենթակառուցվածքային լուծումը ենթադրում է անվտանգության և այլ բնույթի ռիսկերի մեղմում, ինչպես նաև՝ տեխնիկական լուծումներ, որոնք ավելի ապահով կդարձնեն երթևեկությունը, մինչև վերջնական լուծում տրվի մնացած բոլոր խնդիրներին: «Բոլոր ճանապարհները պետք է լինեն և լիարժեք գործեն: Դա մեր ցանկությունն է և նպատակը»,- ընդգծեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
15:37 - 17 սեպտեմբերի, 2021