ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Շուրջ 20 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարի ու ևս 3 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական համալիր գործողությունների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, նույն զորամասի պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար Վ. Ե.-ից պահանջել են ընդհանուր 19 մլն 700 հազար ՀՀ դրամ կաշառք և կատարել առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Մասնավորապես՝ 2023 թվականի մարտի 24-ին տեղի ունեցած՝ ՀՀ ՊՆ-ին ներքնազգեստ մատակարարելու գնման ընթացակարգում վերը նշված ՍՊ ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից, որից հետո հիշյալ ընթացակարգով նախատեսված ավելի քան 70.000 չափաքանակով՝ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ներքնազգեստների անխոչընդոտ մատակարարումն ապահովելու նպատակով ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն, նույն բազայի պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, ընկերության տնօրեն Վ. Ե.-ից պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 12.000.000 ՀՀ դրամ կաշառք: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2022 թվականի ընթացքում Վ. Ե.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ հիշյալ պաշտոնատար անձանց հետ՝ տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող զինվորական վերարկուներն ու ներքնակները պատվիրատուի կողմից անխոչընդոտ ընդունելու վերաբերյալ՝ պարտավորվելով նշված ապօրինի գործողության և հովանավորչության համար վերջինիս տալ 6.500.000 ՀՀ դրամ կաշառք: Պայմանավորվածության համաձայն՝ Վ. Ե.-ն մինչև 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, ինչպես անձամբ, այնպես էլ վերը նշված ընկերության աշխատակից Ռ. Վ.-ի օժանդակությամբ, պայմանավորված կաշառքի գումարը մաս-մաս փոխանցել է ՊՆ պաշտոնյաներին: Արդյունքում՝ պայմանագրով նախատեսված ապրանքատեսակը մատակարարվել է տեխնիկական բնութագրերին անհամապատասխան՝ առանց պիտակավորման, արդեն իսկ օգտագործված ներքնակների տեսքով, իսկ վերարկուները՝ նախատեսվածից փոքր չափսերով: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում վերը նշված նույն ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ին մատակարարվել են սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող 924 զույգ կանացի կոշիկներ, որոնք անխոչընդոտ ընդունելու համար ՊՆ իրային բազայի հրամանատարը պահեստապետ Վ. Մ.-ի հետ խմբի կազմում, ընկերության տնօրենից պահանջել և Ռ. Վ.-ի միջոցով ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձինք և ՍՊԸ տնօրենը նպատակադրվել են Ռ. Վ.-ի օժանդակությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Մասնավորապես՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընկերության տնօրեն Վ. Ե.-ն իր ստորագրությամբ հաստատել է իրականությանը չհամապատասխանող՝ կեղծ տեղեկություններ պարունակող հաշիվ-ապրանքագիր և այլ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ իբր 2023 թվականի հունիսի 7֊ին «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՊՆ զորամաս է մատակարարվել 12.900 հատ տաք ներքնաշոր այն դեպքում, երբ մատակարարված ապրանքների փաստացի քանակը եղել է ավելի քան 3000-ով պակաս: Այնուհետև, ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն, իր հերթին տեղյակ լինելով վերը նշված փաստաթղթերում առկա կեղծ տեղեկատվության մասին, իր ստորագրությամբ հաստատել է դրանք, որի արդյունքում ՀՀ ՊՆ-ն փաստացի չմատակարարված ավելի քան 3000 հատ ներքնաշորերի համար ընկերությանը փոխանցվել է 7.517.310 ՀՀ դրամ, որն էլ Ռ. Վ.-ի օժանդակությամբ հափշտակվել է ՊՆ պաշտոնատար անձանց և ընկերության տնօրենի կողմից: Նույն եղանակով Վ. Մ.-ն և Վ. Ե-ն նախաձեռնել են վերը նշված զորամաս մատակարարման ենթակա ձմեռային հագուստի ապրանքատեսականուց 400 լրակազմ չմատակարարելու և դրա դիմաց ստացման ենթակա գումարները հափշտակելու հանցավոր գործընթացը: Մասնավորապես՝ Վ. Ե.-ն դարձյալ ստորագրել է իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ իբր ընկերության կողմից 2023 թվականի հուլիսի 10֊ին զորամաս է մատակարարվել 3.770 հատ ձմեռային կոստյում, այն դեպքում, երբ մատակարարված ապրանքների փաստացի քանակը եղել է 400-ով պակաս: Արդյունքում՝ փաստացի չմատակարարված 400 ձմեռային կոստյումի համար ՊՆ-ի կողմից ընկերությանը փոխանցվել է 5.013.600 ՀՀ դրամ, սակայն հափշտակությունն ավարտին չի հասցվել Վ. Մ.-ի, Վ. Ե.-ի և Ռ. Վ.-ի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ 2023 թվականի հուլիսի 13֊ին վերջիններս ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի և ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում: ՀՀ ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ին, զորամասի պահեստապետ Վ. Մ.-ին,  «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ին և ընկերության աշխատակից Ռ. Վ.-ին մեղադրանքներ են ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու, պաշտոնեական կեղծիք և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Զորամասի հրամանատարի և պահեստապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ ՍՊԸ տնօրենի նկատմամբ՝ տնային կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
15:32 - 19 հոկտեմբերի, 2023
Տարբեր անձանցից շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնատար անձը

Տարբեր անձանցից շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնատար անձը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Տ. Ղ.-ն, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ռ. Ս.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ Բաղրամյան համայնքին պատկանող 22 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, 2023 թվականի հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, պետական վճարումներից բացի պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 16 202 760 ՀՀ դրամին համարժեք շուրջ 42 000 ԱՄՆ դոլար կաշառք: Ռ. Ս.-ն, սակայն, սակարկել է  և խոստացել պաշտոնատար անձին տալ շուրջ 17 000 ԱՄՆ դոլար: «Բացի դրանից՝ Տ. Ղ.-ն մեկ այլ քաղաքացու՝ Ս. Վ.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ Բաղրամյան համայնքին պատկանող 5 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, վերը նշված նույն ժամանակահատվածում Կ. Բ.-ի  օժանդակությամբ Ս. Վ.-ից պահանջել է 2 893 350 ՀՀ դրամին համարժեք՝ 7 500 ԱՄՆ դոլար կաշառք, որից 3 500 ԱՄՆ դոլար գումարը 2023 թվականի սեպտեմբերի 7-ին ստացել է։ 11.10.2023 թ.  Տ. Ղ.-ն, Կ. Բ.-ն, Ռ. Ս.-ն և Ս. Վ.-ն ձերբակալվել են: Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Տ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Կ. Բ.-ին, Ռ. Ս.-ին և Ս. Վ.-ին էլ մեղադրանքներ են առաջադրվել կաշառք տալու և կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:15 - 12 հոկտեմբերի, 2023
Կաշառք տալու, ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ ոստիկանության և ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներ

Կաշառք տալու, ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ ոստիկանության և ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  (ՔՏՀԱ) պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են հիշյալ տեսչական մարմնի, ինչպես նաև ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու նոր դրվագներ: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի հունվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Մ. Հ-ն Երևան-Մեղրի մայրուղու՝ Սիսիան համայնքի հատվածում տեղակայված ՔՏՀԱ տեսչական մարմնի անշարժ հենակետի տարածքում ծառայություն իրականացնելիս ՀՀ քաղաքացի Մ. Թ.-ից կաշառք է ստացել՝ վերջինիս վարած գերբեռնված տրանսպորտային միջոցն առանց կշռման և առանց խոչընդոտների հենակետով անցկացնելու համար: ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն էլ, ընդգրկված լինելով անշարժ հենակետի հերթափոխում և գտնվելով կշռման կետում, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ միջոցներ չի ձեռնարկել Մ. Թ.-ի վարած՝ պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող,  գերբեռնված բեռնատարը կանգնեցնելու և կշռելու ուղղությամբ և ըստ այդմ` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմել, որի արդյունքում Մ. Թ.-ն տուգանքի չի ենթարկվել: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Հ. Բ.-ն ՔՏՀԱ տեսչական մարմնի վերը նշված նույն հենակետի տարածքում ծառայություն իրականացնելիս, ՀՀ քաղաքացի Մ. Թ.-ի, ինչպես նաև ԻԻՀ երկու քաղաքացիների վարած գերբեռնված տրանսպորտային միջոցներն առանց կշռման և առանց խոչընդոտների հենակետով անցկացնելու համար կաշառք է ստացել Մ. Թ.-ից, իսկ նույն դասակի ոստիկան Կ. Հ-ն էլ դրդել է Մ. Թ.-ին՝ խմբով կաշառք տալ ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակցին: Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2023 թվականի փետրվարի 23-ին «MAN» բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն բեռների կշռման վերը նշված հենակետն առանց խոչընդոտի անցնելու և իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու, այն է՝ ապօրինի անգործության դիմաց, հիշյալ հենակետի հերթափոխում ընդգրկված ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Ա. Մ.-ին խոստացել է կաշառք տալ: 10.10.2023թ. ՊՊԾ դասակի ոստիկաններ Հ. Բ.-ն և Կ. Հ-ն,  ՃՈ տեսուչ Մ. Հ-ն,  ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն, ինչպես նաև բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն  ձերբակալվել են: Կաշառք ստանալու համար Հ. Բ.-ին և Մ. Հ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննությունը շարունակվում է: Ընդհանուր առմամբ՝ հիշյալ քրեական վարույթով ներկայում 11 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:I'm 
10:11 - 12 հոկտեմբերի, 2023
ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի` 60 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու և դրան օժանդակելու մեղադրանքով ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 6 անձ

ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի` 60 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու և դրան օժանդակելու մեղադրանքով ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 6 անձ

Հակակառուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 մլն ՀՀ դրամի հափշտակությանը: «Մասնավորապես՝ ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման համար ստեղծված համապատասխան հանձնաժողովի կազմում, ի թիվս ՊՆ զորամասի այլ ստորաբաժանումների ղեկավարների, ընդգրկվել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն: ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 240 տոննա «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի ձեռքբերման համար 2017 թվականի ապրիլին իրականացված մրցույթին մասնակցել և հաղթող է ճանաչվել «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը՝ առաջարկելով 94.320.000 ՀՀ դրամ (1կգ-ի արժեքը՝ 393 ՀՀ դրամ): Դրանից հետո հիշյալ ՍՊԸ տնօրեն Կ. Գ.-ի հետ կնքվել է պետական գնման պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է անհրաժեշտ կարգով և ժամանակացույցով մատակարարել պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխանող «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ: Ըստ վերը նշված պայմանագրի՝ 2017 թվականի ընթացքում «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարեր 240.000 կգ հակասառիչ նյութ, սակայն պարզվել է, որ նշված քանակից 154.980 կգ-ն իրականում չի ներմուծվել և չի մատակարարվել ՊՆ-ին: Այսպես՝ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելուն օժանդակելու նպատակով հանձնաժողովի նախագահը՝ N զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն և հանձնաժողովի 6 անդամները շահադիտական նպատակով «Մոսէսքո» ՍՊ ընկերության կողմից իրականում 52.920 կգ «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ մատակարարված չլինելու պայմաններում, 2017 թվականի հոկտեմբերի 21-ին կազմել և ստորագրել են կեղծ փաստաթուղթ հանդիսացող ակտ, որի համաձայն՝ իբր տվյալ ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՊՆ N զորամաս մատակարարվել է 252 հատ 200 լիտր տարողությամբ տարաներով, 20.797.560 ՀՀ դրամ արժողությամբ ընդհանուր 52.920 կգ հակասառիչ նյութ: Դրանից հետո  կազմվել են նաև կեղծ նմուշառման և ընդունման ակտեր, համաձայն որոնց՝ «Մոսէսքո» ՍՊ ընկերության կողմից իբր մատակարարված 52.920 կգ հակասառիչ նյութն ընդունվել է: Բացի այդ, Կ. Գ.-ն խաբեության նպատակով զորամաս է ներկայացրել իրականում գոյություն չունեցող, ՀՀ չներմուծված և չմատակարարված «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի որակի անձնագրեր, որոնք հանձնաժողովի կողմից ներկայացվել են լաբորատորիա:   Այնուհետև Կ. Գ.-ն խաբեության նպատակով կազմել և ստորագրել է մի շարք այլ ակտեր ևս, այդ թվում՝ հանձնման-ընդունման կեղծ արձանագրություն, որի հիման վրա ՀՀ ՊՆ-ի կողմից 2017 թվականի նոյեմբերի 3-ին «Մոսէսքո» ՍՊ ընկերության հաշվին է փոխանցվել 19.473.260 ՀՀ դրամ, որը Կ. Գ.-ն զորամասի հանձնաժողովի նախագահ Ռ.Բ.-ի և հանձնաժողովի 6 անդամների օժանդակությամբ խարդախությամբ հափշտակել է:   Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Գ.-ն վերը նշված եղանակով 2017 թվականի տարբեր ամիսներին կազմել և ստորագրել է ՊՆ N զորամաս 6.684.930 ՀՀ դրամ արժեքի 17.010 կգ, 8.995.770 ՀՀ դրամ արժեքի 22.890 կգ և 24.428.880 ՀՀ դրամ արժեքի 62.160 կգ «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ մատակարարելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ընկերության հաշվին փոխանցված հիշյալ գումարները, դարձյալ զորամասի հրամանատարի և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, խարդախությամբ հափշտակել է:   Արդյունքում զորամասի հրամանատարի և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ ու վերջիններիս կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով Կ. Գ.-ն խարդախությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 60 մլն ՀՀ դրամ:          Զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն և հանձնաժողովի 6 անդամները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ ՊՆ ՌՈ ծառայողների օժանդակությամբ բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե և ձերբակալվել: Նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ զորամասի հրամանատարի և ևս 3 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: «Մոսէսքո» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Գ.-ն կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:50 - 06 հոկտեմբերի, 2023
Բացահայտվել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք

Բացահայտվել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք

Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ Կ. Կ.-ն, հանդիսանալով  պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառքի դիմաց դատապարտյալի համար արգելված իրեր է մտցրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկի թոքախտաբանական բաժանմունքում բուժում ստացող դատապարտյալ Մ. Ա.-ն իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ արգելված իրեր հանդիսացող բջջային հեռախոսներ, դրանց համար նախատեսված լիցքավորման սարքեր և այլ պարագաներ քրեակատարողական հիմնարկ ապօրինի մտցնելու համար նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Կ. Կ.-ին առաջարկել է կաշառք, ինչին վերջինս համաձայնել է: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի մայիսին Կ. Կ.-ն հանդիպել է Մ. Ա.-ի ազգականին, որն էլ նրան է փոխանցել կաշառքի գումարն ու արգելված իրերը: Կ. Կ.-ն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով վերը նշված իրերը տարել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ օպերատիվ բաժնի աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել են դրանք: ՔԿՀ պաշտոնատար անձին՝ Կ.Կ.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով, իսկ Մ. Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:15 - 06 հոկտեմբերի, 2023
ՊՆ պաշտոնյան նորակոչիկի ծնողից 10.000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել՝ զորակոչը հետաձգելու համար. Հակակոռուպցիոն կոմիտե

ՊՆ պաշտոնյան նորակոչիկի ծնողից 10.000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել՝ զորակոչը հետաձգելու համար. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է խոշոր չափերով` 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում ստացած  կաշառքի դիմաց հետաձգել է երկու քաղաքացու՝ վարժական հավաքներին մասնակցելը: Մեկ այլ դեպքում Ա. Թ.-ն, ստանալով կաշառք, մեկ քաղաքացու էլ ազատել է վարժական հավաքներին մասնակցելուց: «Նախաքննությամբ պարզվել է՝ 2023 թվականի մարտին Հ. Մ.-ն,  իր որդուն իրականությանը չհամապատասխանող հիվանդություն ունենալու հիմքով կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու համար իր ծանոթ Ա. Գ.-ի, վերջինս էլ Ռ. Ա.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ի հետ: Այդ գործընթացը կազմակերպելու համար Ա. Թ.-ն Ռ. Ա.-ի միջոցով Հ. Մ.-ից պահանջել է 3.883.000 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար՝ Ռ. Ա.-ին նախապես խոստանալով կաշառքի առարկա գումարը ստանալու դեպքում կաշառք ստանալու օժանդակության դիմաց դրանից 2000 ԱՄՆ դոլարը տրամադրել նրան 2023 թվականի մարտի 30-ին Ռ. Ա.-ն  Ա. Գ.-ին տեղեկացրել է, որ պաշտոնատար անձը կաշառքի գումարից նախնական 2500 ԱՄՆ դոլար է պահանջել: Ա. Գ.-ն էլ իր հերթին ստացած տեղեկությունները փոխանցել է Հ. Մ.-ին, այնուհետև կազմակերպել վերջինի ու Ռ. Ա.-ի հանդիպումը պայմանավորվածության վերաբերյալ մանրամասները քննարկելու նպատակով: Պայմանավորվածության համաձայն՝ Ռ. Ա.-ն Հ. Մ.-ից վերցրել է կաշառքի առարկայի մի մասը՝ 2500 ԱՄՆ դոլարը, որից 1000 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Թ.-ին: Այնուհետև, Ռ. Ա.-ն կաշառքի առարկա հանդիսացող՝ մնացած 7500 ԱՄՆ դոլարը վերցրել է Հ. Մ.-ից, դրանից 6000 ԱՄՆ դոլարը նույն օրը տվել է Ա. Թ.-ին: Մի քանի օր անց Ռ. Ա.-ն նույն գումարից ևս 400 ԱՄՆ դոլար է տվել Ա. Թ.-ին՝ խոստանալով մնացած 600 ԱՄՆ դոլարը տալ մի քանի օրվա ընթացքում: Արդյունքում Ա. Թ.-ն փաստացի ստացել է ընդհանուր 2.874.252 ՀՀ դրամին համարժեք 7400 ԱՄՆ դոլար»,- նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Նախաքննությամբ փաստական  տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը ՊՆ մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում, վարժական հավաքներին մասնակցելը հետաձգելու համար երկու քաղաքացուց ստացել է 120.000-ական ՀՀ դրամ կաշառք: Դրանցից բացի, պաշտոնատար անձ Ա. Թ.-ն իր ծանոթին վարժական հավաքների ծանուցագիր չուղարկելու և այդկերպ վարժական հավաքներից ազատելու համար վերջինից որպես կաշառք պահանջել է նրան պատկանող ռեստորանում 5 հոգու համար հյուրասիրություն: Ստանալով համաձայնություն՝ Ա. Թ.-ն և նրա հետ նույն վայրում աշխատող ՊՆ 4 այլ պաշտոնատար անձ այցելել են ռեստորան և Հ. Մ.-ի հաշվին ստացել հյուրասիրություն: Վերը նշված հանցանքների կատարման համար Ա. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/ և 435-րդ հոդվածի 1‑ին մասով, Ռ. Ա.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով և 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/, Հ. Մ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, Ա. Գ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, Ա. Ա.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/, իսկ նորակոչիկներին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում Ա. Թ.-ի և Ա. Ա.-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը 8 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:54 - 18 սեպտեմբերի, 2023
Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի ապօրինի գործողությունների հետևանքով Երևան համայնքի բյուջեին պատճառվել է ավելի քան 3 մլրդ դրամի վնաս

Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի ապօրինի գործողությունների հետևանքով Երևան համայնքի բյուջեին պատճառվել է ավելի քան 3 մլրդ դրամի վնաս

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Վ. Ն.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Երևան քաղաքի արևմտյան և արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հրավերներով ներկայացվող որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում, մասնակից ընկերությունների մասնակցության հայտերը գնահատել է բավարար, ինչի հետևանքով  էական վնաս է պատճառվել Երևան համայնքին։ Մասնավորապես` հիշյալ ընկերությունները տեխնիկական, ֆինանսական, մասնագիտական, աշխատանքային համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով ի վիճակի չեն եղել պատշաճ մատուցել պայմանագրերով նախատեսված ծառայությունները, սակայն թերի, ոչ պատշաճ, իսկ որոշ դեպքերում նաև չմատուցված ծառայությունների դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից առանձնապես խոշոր չափերի հասնող՝  3.002.486.270 ՀՀ դրամից ավելի գումարներ են վճարվել: «Բացի այդ, գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգի հրավերով աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի հրավերով ներկայացվող որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում մասնակից ընկերությունների մասնակցության հայտերը հանձնաժողովի նախագահ Վ. Ն.-ն բավարար է գնահատել, ինչի համար ընկերության իրավասու պաշտոնատար անձանցից իր հոր՝ Հ. Ն.-ի համար որպես այլ առավելություն կաշառք է ստացել առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ՝ ընդունելով վերջինիս անվամբ գրանցված անշարժ գույքերը երկարաժամկետ տրված վարձակալության վարձավճարների չափն անհամեմատ գերազանցող՝ ընդհանուր 436.472.280 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հանձնելու և դրա արդյունքում իր հոր համար առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ ստանալու առաջարկը: Մասնավորապես, Երևան քաղաքի արևելյան հատվածում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց շուրջ 15 օր անց՝ 2015 թվականի ապրիլի 13-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ի հոր և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 3-րդ նրբանցքի 2 հասցեում գտնվող 2708,1 քմ մակերերսով տարածքը 10 տարի ժամկետով՝ ամսական 6000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.850.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրելու մասին: Կնքված պայմանագրի շրջանակներում ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերի պահումից հետո Հ. Ն.-ին ամսական վճարման ենթակա գումարը կազմել է 2.565.000 ՀՀ դրամ, իսկ տասը տարվա համար վճարման ենթակա ընդհանուր գումարը՝ 307.800.000 ՀՀ դրամ:   Այնուհետև՝ 2016 թվականի հուլիսի 15-ին, Հ. Ն.-ի և «Սանիթեք» ՍՊ ընկերության  միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 3-րդ նրբանցքի 2/2 հասցեում գտնվող 646,2 քմ և 610,56 քմ մակերեսներով տարածքները ամսական՝ համապատասխանաբար 476.410 և 715.000 ՀՀ դրամ վարձավճարներով վարձակալությամբ տրամադրելու մասին:   2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրերը միակողմանի լուծվել են, իսկ մինչ այդ՝ Վ. Ն.-ն հոր՝ Հ. Ն.-ի համար որպես այլ առավելության տեսքով (գույքային օգուտի) կաշառք փաստացի ստացել է շուրջ 141.273.953 ՀՀ դրամ գույքային օգուտ: Վերը նշված հանցանքների կատարման համար Վ. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել արարքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:09 - 06 սեպտեմբերի, 2023
Կապանի երաժշտական դպրոցի տնօրենի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է

Կապանի երաժշտական դպրոցի տնօրենի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Վ.-ն, զբաղեցնելով «ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ ՀՀ պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակելով 1 մլն 816 հազ. ՀՀ դրամ: Ինչպես տեղեկանում ենք Հահակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ պարզվել է, որ վերոհիշյալ ՀՈԱԿ-ի տնօրեն Լ. Վ.-ն, որոշելով հափշտակել իրեն վստահված խոշոր չափերով պետական գույքը, պայմանավորվածություն է ձեռք բերել դստեր հետ՝ նրան նույն ՀՈԱԿ-ում որպես գործավար ձևակերպելու և վերջինիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում նրա անվամբ յուրաքանչյուր ամիս որպես աշխատավարձ ելքագրվող գումարներն ստանալու և յուրացնելու վերաբերյալ: Դստեր՝ աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրվանից՝ 2021 թվականի մայիսի 12-ից մինչև աշխատանքից ազատելու օրը՝ 2023 թվականի հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում, Լ. Վ.-ն յուրաքանչյուր ամիս աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և դրանք ներկայացրել  հաշվապահություն՝ աշխատավարձի վճարման համար:  Արդյունքում՝ նշված կեղծ տեղեկագրերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից վերը նշված ժամանակահատվածում որպես աշխատավարձ անօրինական հաշվարկվել և ելքագրվել է ընդհանուր` 1.816.998 ՀՀ դրամ, որը միասնական դիտավորությամբ յուրացվել է: Վերը նշված հանցանքի կատարման համար Լ. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
13:38 - 29 օգոստոսի, 2023
Բացահայտվել են պարեկներին կաշառք առաջարկելու դեպքեր

Բացահայտվել են պարեկներին կաշառք առաջարկելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր:  «Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներ Ռ. Ա.-ն և Հ. Մ.-ն, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս պարզել են, որ Ա. Ս.-ի վարած ավտոմեքենան տեխնիկական զննություն չի անցել։ Վարորդն իր թույլ տված իրավախախտումը չարձանագրելու համար փորձել է որպես կաշառք 20.000 ՀՀ դրամ  դնել պարեկ Հ. Մ.-ի գրպանը: Նույն պահին պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ա. Ս.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ էլ սթափության զննության ժամանակ պարզվել է, որ Ա. Ս.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տակ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մյուս քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Շենգավիթի վարչական շրջանում ծառայություն իրականացնող պարեկներ Ն. Ս.-ն և Ռ. Գ.-ն կանգնեցրել են վարորդ Ա. Բ.-ի կողմից վարած ավտոմեքենան և կասկած ունենալով վարորդի կողմից տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու մասին՝ ստուգել են նրա սթափության վիճակը: Պարզելով, որ Ա. Բ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում, կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Այդ ընթացքում Ա. Բ.-ն իր կողմից  թույլ տված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար պարեկ Ն. Ս.-ին առաջարկել է 100 ԱՄՆ դոլար կաշառք՝ այն մտցնելով վերջինիս տաբատի գրպանը: Հիշյալ վայրից Ա. Բ.-ն կաշառք տալու (առաջարկելու) հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել է ոստիկանության բաժին: Մեկ այլ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկներ Կ. Գ.-ն և Մ. Ս.-ն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են Ճ. Չ.-ի վարած ավտոմեքենան և ստուգել կողային ապակիների լուսաթափանցելիությունն ու վարորդի սթափության աստիճանը: Արդյունքում պարզվել է, որ Ճ. Շ.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ ավտոմեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված է եղել: Այս հանգամանքը հայտնաբերելով` պարեկ Կ. Գ-.-ն կազմել է համապատասխան արձանագրություն և Ճ. Չ.-ին մեկ տարի ժամկետով զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չկազմելու համար  Ճ. Չ.-ն մոտեցել է պարեկ Կ. Գ.-ին և քողարկված ձևով՝ իբրև շնորհակալության ձեռքսեղմամբ, նրան տվել 10.000 ՀՀ դրամ կաշառք: Նույն պահին կաշառք առաջարկելու կասկածանքով Ճ. Շ.-ն ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին: Պարեկներին կաշառք առաջարկելու համար վարորդներ Ա. Ս.-ին,  Ա. Բ.-ին և Ճ. Չ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար):  Վերը նշված երեք քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:58 - 28 օգոստոսի, 2023
«Չունեցած» ավտոմեքենաների վաճառք, խոշոր չափի կանխիկ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի հայտարարագրում

«Չունեցած» ավտոմեքենաների վաճառք, խոշոր չափի կանխիկ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի հայտարարագրում

Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Խաչատրյանի՝ վերջին տարիների հայտարարագրերում կան մի քանի ուշագրավ դրվագներ, որոնք առերևույթ կարող են վկայել ոչ ճշգրիտ տվյալների ներկայացման մասին։ «Ինֆոքոմ»-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը։   Վահե Խաչատրյանը մինչ ներկայիս պաշտոնը զբաղեցնելը եղել է Հատուկ քննչական ծառայության՝ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, իսկ դրանից առաջ՝ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ։   Մեքենաներ, որ չեն արտացոլվել հայտարարագրում, բայց արտացոլված է դրանց վաճառքը Վահե Խաչատրյանի 2019-ի տարեկան հայտարարագրից երևում է, որ Խաչատրյանը 2019-ի դեկտեմբերին 3 միլիոն դրամով վաճառել է իրեն պատկանող INFINITI FX 35 մակնիշի ավտոմեքենան։ Խաչատրյանը նույն տարվա հայտարարագրի՝ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոցների ցանկում, սակայն, տվյալներ չի ներկայացրել առկա INFINITI FX 35-ի մասին։ 2019-ի հայտարարագրում  նաև առկա չեն տարվա ընթացքում ձեռք բերված INFINITI FX 35 մակնիշի ավտոմեքենայի մասին նշումներ։ Հետևաբար, 2019 թվականի տարեկան հայտարարագրի նման բովանդակությունից կարելի էր եզրակացնել, որ Վահե Խաչատրյանը 2019 թվականի ընթացքում վաճառել է մի ավտոմեքենա, որը չի ունեցել։ Սակայն Վահե Խաչատրյանի՝ 2017 թվականին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում առկա է INFINITI FX 45 մակնիշի ավտոմեքենա։ Սա, հավանաբար, նույն ավտոմեքենան է, և այդ դեպքում Վահե Խաչատրյանը պարտավոր էր այն հայտարարագրել որպես 2019 թվականի տարեսկզբին առկա տրանսպորտային միջոց։ 2020 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ Վահե Խաչատրյանը ևս մեկ ավտոմեքենա է վաճառել արդեն 2020 թվականի ընթացքում՝ 19 միլիոն դրամով։ Վաճառված Toyota Avalon մակնիշի ավտոմեքենան, սակայն, ինչպես նախորդ դեպքում, առկա չէ տարեսկզբի դրությամբ։ 2020 թվականի հայտարարագրում նաև առկա չեն տարվա ընթացքում ձեռք բերված Toyota Avalon մակնիշի ավտոմեքենայի մասին նշումներ։ Ի տարբերություն 2019 թվականին վաճառված ավտոմեքենայի՝ այս դեպքում նախորդ տարիների հայտարարագրերում որևէ նշում չկա Toyota Avalon մակնիշի ավտոմեքենայի մասին։ Ստացվում է, որ Վահե Խաչատրյանը 2020 թվականի ընթացքում վաճառել է մի ավտոմեքենա, որը չի ունեցել։   Խաչատրյանի կանխիկ միջոցներն աճում են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կանխիկ դրամական միջոցները կայուն աճել են։ Եթե 2019-ի տարեսկզբին նա ունեցել է 2․7 միլիոն ՀՀ դրամ և 3000 ԱՄՆ դոլար, ապա 2022-ի տարեվերջին ունեցել է 30 միլիոն ՀՀ դրամ և 4000 ԱՄՆ դոլար։  Խոշոր չափի կանխիկ դրամական միջոցներ պահելու նախասիրություն ունի նաև Վահե Խաչատրյանի ընտանիքի անդամներից Սեդա Խաչատրյանը։ Նա 2019-ին ունեցել է 45 միլիոն դրամ կանխիկ դրամական միջոցներ, որոնք հաջորդ տարիներին նվազել են՝  2022-ի տարեվերջին հասնելով 35 միլիոն դրամի։  Այսպիսով, չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը տևական ժամանակ է որդեգրել է կանխիկի շրջանառությունը սահմանափակող և անկանխիկ գործառնությունները խրախուսող քաղաքականություն, պետական պաշտոնյան և նրա ընտանիքի անդամը շարունակում են իրենց դրամական միջոցների մեծ մասը պահել կանխիկ։ Բացի այդ՝ դրամական միջոցները կանխիկ պահելը և շրջանառելը կարող է էականորեն նվազեցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հնարավորությունները՝ հայտարարագրերի ստուգման ու վերլուծության համատեքստում։    Չհայտարարագրված եկամուտ 2017 թվականին Վահե Խաչատրյանի ներկայացրած՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի եկամուտներ բաժնում նշված է, որ վերջինս ստացել է 5․5 միլիոն դրամի փոխառություն։ 2017 թվականի տարեկան հայտարարագրի եկամուտների բաժնում, սակայն, այս փոխառությունը հայտարարագրված չէ։   1 օրվա տարբերությամբ էական փոփոխություններ դրամական միջոցներում Վահե Խաչատրյանի և նրա կնոջ՝ Նաիրուհի Խաչատրյանի հայտարարագրում որոշակի անհամապատասխանություններ են առկա 2017 թվականի տարեվերջի ու 2018 թվականի տարեսկզբի դրությամբ առկա դրամական միջոցների հետ կապված։ «Հանրային ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ հայտարարագրերում պետք է ներառվեն դեկտեմբերի 31-ի (տարվա վերջի) և հունվարի 1-ի (տարվա սկզբի) դրությամբ առկա տվյալները։  Վահե Խաչատրյանի կնոջ՝ Նաիրուհի Խաչատրյանի 2017 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ տարվա վերջի դրությամբ նա ունեցել է 4500 դոլար և 700 000 դրամ։ 2018-ի տարեսկզբին (դա 2018-ի հունվարի 1-ն է), սակայն, նրա այս միջոցներն ամբողջությամբ զրոյացել են։ Առհասարակ, Նաիրուհի Խաչատրյանի 2018-ի հայտարարագրից տպավորություն է, որ այն ձևական է ներկայացված, քանի որ հայտարարագրի գրեթե ոչ մի տողում գրառումներ առկա չեն։  Նմանատիպ իրավիճակ է նաև հենց Վահե Խաչատրյանի մոտ։ 2017 թվականի տարեվերջին քննիչը հայտարարագրել է 2.5 միլիոն դրամ, 9000 դոլար, 170 000 ռուբլի։ 2018-ի տարեսկզբի դրությամբ՝ այսինքն՝ մեկ օր անց, հայտարարագրվել է 2 միլիոն դրամ և 5000 դոլար, իսկ ռուբլին առհասարակ զրոյացել է։ Այսպիսով, 1 օրվա ընթացքում Վահե Խաչատրյանի դրամական միջոցները պակասել են 4000 դոլարով, կես միլիոն դրամով և 170 000 ռուբլիով։   Ամսական 175 000 դրամ՝ 5 հոգանոց ընտանիքին Վահե Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս 2018 թվականին ունեցել է 8․5 միլիոն դրամի եկամուտ, որից 14 000 դոլարը (առնվազն 6,7 միլիոն դրամը) ուղղվել է TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերմանը, իսկ 700 հազարը՝ ՀՀ դրամով պահվող դրամական միջոցների աճին։ Տարվա ընթացքում նրա ԱՄՆ դոլարով պահվող դրամական միջոցները նվազել են 2 000 դոլարով, այսինքն՝ նա օգտագործել է նաև 2 000 դոլարը (առավելագույնը՝ 977 հազար դրամ)։ Վահե Խաչատրյանի կինը 2018 թվականի ընթացքում եկամուտներ չի ունեցել։ Ստացվում է՝ Վահե Խաչատրյանի 5-հոգանոց ընտանիքը 2018 թվականին իր ընթացիկ ծախսերին հատկացրել է ընդամենը շուրջ 2,1 միլիոն դրամ (8,5 միլիոն + 977 հազար - 6․7 միլիոն - 700 հազար), կամ որ նույնն է՝ 5-հոգանոց ընտանիքի ընթացիկ միջին ամսական ծախսերը կազմել են ընդամենը շուրջ 175 000 դրամ։   Շփոթ՝ տարեկան և պաշտոնի ստանձնման հայտարարագրերի հարցում 2021-ին Վահե Խաչատրյանի հետ համատեղ բնակվող Սեդա Խաչատրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների հայտարարագիր, սակայն չի ներկայացրել 2021 թվականի տարեկան հայտարարագիր։  Միևնույն ժամանակ, ո՛չ Վահե Խաչատրյանը, ո՛չ նրա կինը նմանաբնույթ հայտարարագրեր չեն ներկայացրել․ վերջիններիս մոտ առկա են միայն 2021-ի տարեկան հայտարարագրերը։  Պաշտոնատար անձը ազատվում է պարտականությունները ստանձնելու հայտարարագիր ներկայացնելուց, եթե նրա լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 30 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում կամ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը նշանակվում (ընտրվում) է հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում։Հետևաբար, եթե Վահե Խաչատրյանի պաշտոնի փոփոխությունը տեղի է ունեցել 2021 թվականի ընթացքում, ապա ո՛չ նա, ո՛չ նրա ընտանիքի անդամները չեն ունեցել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն։ Հետևաբար անհասկանալի է, թե ինչու է Սեդա Խաչատրյանը ներկայացրել ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր և չի ներկայացրել 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։   Վահե Խաչատրյանի և նրա կնոջ անշարժ գույքերը Ըստ 2022 թվականի հայտարարագրի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցը Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ունի 6 հողամասեր և 1 բնակելի տուն։ Բացի այդ՝ Երևանի Ադոնցի փողոցում Խաչատրյանը գնել է երկու բնակարան «ՄԼ մայնինգ» ընկերությունից։ Այդ մասին տեղեկանում ենք նրա հայտարարագրի՝ փոխառությունների մասին գրառումից։  Վահե Խաչատրյանը 1 հասարակական նշանակության շինություն ու 1 ավտոտնակ ունի Շենգավիթ վարչական շրջանում։ Հասարակական նշանակության շինությունը նա ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանից ինքնակամ կառույցն օրինականացնելու շրջանակում։ Նա առքուվաճառքի պայմանագրով 950 000 դրամով ձեռք է բերել 62 քառ․ մ մակերեսով հողամասն ու դրա վրա գտնվող 20 քառ․ մ մակերեսով շինությունը։ Հասարակական նշանակության շինությունը  փոքրիկ կրպակ է, որտեղ զբաղվում են կարուձևով։  Վահե Խաչատրյանի կինը՝ Նաիրուհի Խաչատրյանը, բնակարան ունի Երևանի կենտրոնում։ Դա նրան նվիրել են իր ծնողները։  «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վահե Խաչատրյանին՝ հայտարարագրում առկա խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, ինչին վերջինս պատասխանել է, որ Սահմանադրության 51-րդ հոդվածը (Տեղեկություններ ստանալու իրավունքը) վերաբերում է պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ տեղեկություններին, ոչ թե մեր հարցադրումներում նշվածներին։ Բացի այդ՝ նա նշել է, որ թեև հարցմամբ ներկայացված պահանջը կարող է խախտել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այնուամենայնիվ պատասխանում է, որ հայտարարագրում ներկայացված տվյալների առնչությամբ հաշվետու է բացառապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հարցմամբ նշված և մի շարք այլ հարցերի վերաբերյալ մենք փորձեցինք նաև բանավոր ընթացակարգով մեկնաբանություն ստանալ Վահե Խաչատրյանից, սակայն նա հրաժարվեց մեկնաբանություններից՝ փոխանցելով, որ նախորդ հարցմամբ պատասխանել է բարձրացված հարցերին։Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
19:54 - 25 օգոստոսի, 2023
ՊՆ պաշտոնատար անձի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է

ՊՆ պաշտոնատար անձի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է խոշոր չափերով խարդախություն՝ խաբեության եղանակով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հափշտակել է շուրջ 2 մլն ՀՀ դրամ: «Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Տ. Գ.-ն 2021 թվականի նոյեմբերին իր մտերիմներից մեկին հայտնել է, որ զորամասի կաթսայատանն առկա է երկու սեզոնային աշխատակցի թափուր հաստիք, և եթե վերջինս ունի վստահելի մարդիկ, պատրաստ է նրանց աշխատանքի ընդունել: Տ. Գ.-ն տեղեկացրել է նաև, որ այդ անձինք փաստացի աշխատանքի չեն հաճախելու և յուրաքանչուր տարվա 4 ամսվա աշխատավարձը պահելու են իրենց, իսկ մյուս 8 ամսվանը փոխանցելու են իրեն: Տ. Գ.-ի մտերիմը վերը նշված պայմաններով աշխատանքի ընդունվելու առաջարկը ներկայացրել է իր ծանոթներին, որոնք համաձայնել են՝ հետագայում աշխատավարձի գումարները փոխանցելով Տ. Գ.-ին, որը խաբեությամբ հափշտակել է դրանք՝ այդ կերպ պետությանը պատճառելով ավելի քան 1.951.000 ՀՀ դրամի գույքային վնաս: ՊՆ պաշտոնատար անձին՝ Տ. Գ.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Տ. Գ.-ն լիովին ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու տվել խոստովանական ցուցմունքներ: Պետությանը պատաճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:16 - 24 օգոստոսի, 2023
ՊՆ պաշտոնյան զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն դիմած 5 քաղաքացիներից պահանջել է 650 հազ. դրամ կաշառք. նախաքննությունն ավարտվել է

ՊՆ պաշտոնյան զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն դիմած 5 քաղաքացիներից պահանջել է 650 հազ. դրամ կաշառք. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից քաղաքացիներից պարբերաբար 150-170 հազար ՀՀ դրամի չափով կաշառք պահանջելու դեպքեր: «Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում  նախաձեռնված վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ-ում քաղաքացիություն ստացած Մ. Վ.-ն անձնագիր ստանալուց առաջ զինված ուժերում հաշվառման կանգնելու համար 2023 թվականի մայիսի 2-ին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն: Այնուհետև նույն օրը հիշյալ քաղաքացուն զանգահարել է Ռ. Գ.-ն և առաջարկել փաստաթղթերն ավելի վաղ ժամկետում տրամադրելու, ինչպես նաև հետագայում վարժական հավաքներին չկանչելու գործընթացը կազմակերպելու դիմաց 150.000 ՀՀ դրամ կաշառք տալ Պաշտպանության նախարության պաշտոնատար անձին: Դրանից հետո քաղաքացին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ, որի հիման վրա Կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության պլանավորման և վերլուծության բաժնի սպա, մայոր Ս. Մ.-ն իր ծանոթ Ռ. Գ.-ի օժանդակությամբ 150.000 ՀՀ դրամ կաշառք է ստացել Մ. Վ.-ից: Կաշառք ստանալուց անմիջապես հետո մայոր Ս. Մ.-ն և վերջինիս օժանդակած անձը՝ Ռ. Գ.-ն, Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել են: Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել են նաև զինվորական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարճ ժամկետում տրամադրելու համար ՊՆ նույն պաշտոնյայի կողմից ևս 4 քաղաքացիներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր, որոնք իրականացվել են հետևյալ եղանակով: Կ. Մ.-ն զորահավաքային վարչություն դիմած անձանց տվյալներն ուղարկել է իր ծանոթ Ռ. Գ.-ի կնոջ բջջային հեռախոսահամարին: Վերջինս էլ, իր հերթին, դրանք վերահասցեագրել է ամուսնու հեռախոսահամարին, որից հետո Ռ. Գ.-ն, կաշառք ստանալուն նպաստելու նպատակով, հեռախոսակապ է հաստատել նշված անձանց հետ և տեղեկություններ տրամադրելու եղանակով կատարել օժանդակություն՝ զինվորական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարճ ժամկետում տրամադրելու համար նրանց ներկայացրել է կաշառք տալու առաջարկ: Վերը նկարագրված եղանակով Կ. Մ.-ն չորս դեպքում՝ Ռ. Գ.-ի օժանդակությամբ, իսկ մեկ դեպքում՝ անձամբ, 2023 թվականի ապրիլից մայիսն ընկած ժամանակահատվածում 5 անձանցից պահանջել է ընդհանուր շուրջ 650 հազ. ՀՀ դրամ կաշառք: Ընդ որում, նշված անձանց մոտ կաշառք տալու վճռականություն հարուցելու նպատակով Ռ. Գ.-ն վերջիններիս հայտնել է, որ այդ կերպ հաշվառվելուց հետո հետագայում նրանք վարժական հավաքներին չեն կանչվելու, այն դեպքում, երբ Կ. Մ.-ի ծառայողական պարտականությունների մեջ չի մտել հաշվառման համար դիմած քաղաքացիներին վարժական հավաքներին ներգրավումը: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Կ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), իսկ Ռ. Գ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:54 - 21 օգոստոսի, 2023
Բեգլարյանի ներկայացուցիչները դատախազության դեմ հակընդդեմ հայցը մերժելու դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան
 |hetq.am|

Բեգլարյանի ներկայացուցիչները դատախազության դեմ հակընդդեմ հայցը մերժելու դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 17-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը։ Նախորդ դատական նիստին Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց էին ներկայացրել դատախազության դեմ, ինչը մերժել էր դատարանը: Պատասխանողների ներկայացուցիչներից Նորայր Բալայանը հայտնեց, որ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան: Ըստ Բալայանի` օգոստոսի 14-ին իրենց բողոքը հասել է Վերաքննիչ դատարան, սակայն հնարավորություն չեն ունեցել ճշտելու, թե որ փուլում է այժմ բողոքի քննությունը: Դատարանը պատրաստվում էր ապացուցման բեռի բաշխում իրականացնել, սակայն քանի դեռ Վերաքննիչ դատարանի որոշումը չկա հակընդդեմ հայցի բողոքի մասին, չի կարող բաշխումն իրականացվել: Դատարանը հաջորդիվ լսեց երկու կողմերի տեսակետները, թե ապացուցման բեռի բաշխման ինչպիսի մոտեցումներ ունեն: Քանի որ Վերաքննիչ դատարանի որոշման ժամկետի վերաբերյալ հստակ տեղեկություն չկար, հաջորդ նիստի օր չնշանակվեց: Եվ կախված վերադաս ատյանի որոշումից` դատարանը կնշանակի նիստի օր կամ ապացուցման բեռի բաշխման մասին որոշումը կկայացնի և կուղարկի կողմերին:
17:31 - 17 օգոստոսի, 2023
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՔԿԱԳ կենտրոնի պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՔԿԱԳ կենտրոնի պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Պ.-ն, 2022 թվականի սեպտեմբերի 16-ից զբաղեցնելով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) սպասարկման կենտրոնի մասնագետի պաշտոնը, կաշառք տվողի օգտին իր ծառայողական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու համար վերջինից պահանջել և ստացել է 100 000 ՀՀ դրամ կաշառք: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ արտերկիր մեկնելու համար խոչընդոտ հանդիսացող խնդիրները լուծելու նպատակով Խ. Վ.-ն մտադրվել է իրականացնել իր անվան և ազգանվան փոփոխություն: Այդ նպատակով 2022 թվականի հոկտեմբերի կեսին այցելել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոն և դիմել տեղի աշխատակից Լ. Պ.-ին, ով, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Խ. Վ.-ի օգտին գործողություններ կատարելու, այն է` նրա անվան (անուն, ազգանուն) փոխման պետական գրանցման գործընթացը հնարավոր սեղմ ժամկետում կազմակերպելու համար, վերջինից պահանջել է 100 000 ՀՀ դրամ կաշառք: Քրեական վարույթով գաղտնի քննչական գործողության շրջանակում՝ հետաքննության մարմնի վերահսկողության ներքո, Լ. Պ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի վարչական շենքում Խ. Վ.-ից անձամբ ստացել է կաշառքի գումարը, որից անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից և ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: Կաշառք ստանալու համար Լ. Պ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:53 - 17 օգոստոսի, 2023
23 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձ

23 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Դ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնը, զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար վերջինիս հորից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։  Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևանի բնակիչ Գ. Հ.-ն, 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց մտացածին հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ վերը նշված պաշտոնատար անձի հետ: Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Գ. Հ.-ն Ս. Դ.-ի հետ համաձայնեցված միջոցներ է ձեռնարկել, որոնց արդյունքում Երևանում բնակվող Գ. Հ.-ի որդին ձևական հաշվառվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքում՝ այդպիսով ընդգրկվելով Ս. Դ.-ի ղեկավարած զորակոչի բաժանմունքի սպասարկման տարածքում: Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՊՆ պաշտոնատար անձ Ս. Դ.-ն,  իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Գ. Հ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար 2023 թվականի մայիսի 21-ին Գ. Հ.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիոն 887 հազար ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար կաշառք: ՊՆ պաշտոնյան և վերջինիս կաշառք տված անձը 02.08.2023 թվականին ձերբակալվել ու ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նույն օրը նրանց մեղադրանք է ներկայացվել համապատասխանաբար՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է:  
13:53 - 15 օգոստոսի, 2023