ԿԱՐԴԱԼԻՔ

«Ժողովրդավար» ընտրություններ՝ չվերահսկվող և ոչ թափանցիկ նախընտրական ֆինանսներով

«Ժողովրդավար» ընտրություններ՝ չվերահսկվող և ոչ թափանցիկ նախընտրական ֆինանսներով

Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ սեպտեմբերին տեղի ունեցած ավագանու ընտրություններն ի ցույց դրեցին իրենց քաղաքական ուժի «անսասանելի հավատարմությունը հեղափոխության արժեքեներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և ժողովրդի կամքի նկատմամբ անառարկելի և անքննարկելի հարգանքին»։ Ընտրությունների ժողովրդավարական լինելը Փաշինյանը կապում է ընտրակեղծիքների բացակայության հետ, մինչդեռ բուն ընտրությունից բացի՝ ընտրական գործընթացի այլ օղակներում նվազեցվել են հանրային վերահսկողության մեխանիզմները, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչն առնվազն չի բխում ժողովրդավարական արժեքներից։  2021 թվականին, ի թիվս Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների մի շարք փոփոխությունների, փոխվեցին նաև նախընտրական հիմնադրամների վերահսկողության և տվյալների հրապարակայնության վերաբերյալ կետերը։ Մասնավորապես, նախընտրական հիմնադրամ նվիրատվություններ կատարած ֆիզիկական անձանց տվյալներն այլևս հրապարակման ենթակա չեն։ Իսկ այդ նվիրատվությունների վերահսկողության գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխարեն պետք է իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։  Նախընտրական շրջանում ստացած նվիրատվություններով են թեկնածուներն ու կուսակցություններն իրականացնում քարոզարշավը։ Հետևաբար այդ ֆինանսների թափանցիկությունը կարևոր է, որ ընտրողը կարողանա գնահատել քարոզարշավի վրա ծախսվող գումարի օրինականությունը։  Օրենսգրքում կատարված փոփոխությունները, սակայն, սահմանափակել և նվազեցրել են նախընտրական ֆինանսների թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը։   Նախընտրական հիմնադրամ. ի՞նչ և ինչո՞ւ Ընտրություններին մասնակցող կուսակցությունները (համամասնական) և թեկնածուները (մեծամասնական) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ 5 օրվա ընթացքում, պարտավոր են ստեղծել նախընտրական հիմնադրամներ։ Այդ հիմնադրամների համար բանկերում բացվում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, որոնց էլ ֆիզիկական անձինք, կուսակցություններն ու թեկնածուները փոխանցում են քարոզարշավի ծախսերն իրականացնելու համար նվիրատվություններ։ Քարոզարշավի ծախսերը ներառում են տարածքների վարձակալումը, բուկլետների տպագրությունը, գովազդային արշավները և այլն։  Նախընտրական հիմնադրամներ նվիրատվությունները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով։ Արգելվում են անանուն նվիրատվությունները։  Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունները կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել, ուստի կարևոր է դրանց թափանցիկությունը և հետագծելիությունը։  Մինչև օրենքի այս փոփոխությունը լրագրողները հնարավորություն են ունեցել ստանալ նվիրատուների վերաբերյալ տվյալները և բացահայտել հետաքրքիր դրվագներ՝ նվիրատվությունների չափի, մոտիվացիայի, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ 2021 թվականից սկսած՝ ԸՕ փոփոխությունները շղարշել են գործընթացի թափանցիկությունը՝ անտեսելով հանրային վերահսկողության անհրաժեշտությունն ու կարևորությունը։    Կուսակցություններին նվիրատվություն արած անձանց տվյալները փակ են ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության լիազորությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին փոխանցելուց բացի օրենքում ավելացվեց ևս մեկ դրույթ. նախընտրական հիմնադրամ նվիրատվություններ կատարող ֆիզիկական անձանց տվյալներն այլևս հրապարակման ենթակա չեն։ Այսպիսով, նախընտրական շրջանում հանրությունն ու լրատվամիջոցները զրկվում են կուսակցություններին և թեկնածուներին հաշվետու դարձնելու հնարավորությունից։ Նվիրատվություն կատարող անձանց տվյալների հասանելության սահմանափակումը հիմնավորվում էր նրանց չկաշկանդելու և նրանց նկատմամբ հնարավոր բացասական ազդեցությունը բացառելու նպատակով։  Եթե նվիրատվություն անողների տվյալները փակելը նրանց պաշտպանելու միտում ունի, ապա «Կուսակցությունների մասին» օրենքը հակասում է այդ նպատակին։ Մասնավորապես, վերոնշյալ օրենքը սահմանում է, որ ամեն տարի կուսակցությունները պարտավոր են հրապարակել ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի վերաբերյալ հաշվետվություններ՝ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ից ոչ ուշ։ Այս հաշվետվություններում կուսակցություններին նախընտրական շրջանում նվիրատվություններ արած անձանց տվյալները բաց հրապարակվում են, բայց ընտրություններից հետո՝ հաջորդ տարվա մայիսին։ Այսինքն՝ այս փոփոխությունը նպատակ ունի ոչ թե նվիրատուներին պաշտպանելու, այլ նախընտրական շրջանում կուսակցությունների քարոզարշավի ֆինանսական աղբյուրները թաքցնելու։  Քարոզարշավի ֆինանսների իրական թափանցիկություն ապահովելու համար  կարևոր է նվիրատուների տվյալների հրապարակման ժամկետները։ Դիտարկենք այս տարվա Երևանի ավագանու ընտրությունների` իշխող ուժի նախընտրական ֆինանսների հավաքագրման օրինակը։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Ավագանու ընտրությունները։ Դրանից առաջ՝ հուլիսի 31-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել էր դրամահավաք-երեկո։ Երեկոյի ընթացքում, ըստ ՔՊ հայտարարության, 987 անձանց նվիրատվությունների արդյունքում հավաքվել էր շուրջ 506 մլն դրամ։ Նվիրատուների ցանկին, սակայն, հանրությունը կարող է ծանոթանալ միայն ընտրություններից 8 ամիս անց։ ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով դրամահավաք-երեկոյի ընթացքում փոխանցումները կատարվել են անկանխիկ։ Նա հայտնեց, որ «Հայէկոնոմբանկի» հետ համագործակցությամբ տեղադրվել են վճարային տերմինալներ։ Բանկի աշխատակիցները վերցրել են կանխիկ գումարը և մուտքագրել կուսակցության հաշվեհամարին։ Այս միջոցառման ժամանակ նվիրաբերված գումարի մի մասը՝ մոտ 300 մլն դրամը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր անունից նվիրաբերել է կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին։ Այսինքն՝ 987 անձանց նվիրատվությունները փաստացի ներկայացվել են որպես ՔՊ նվիրատվություն։ Նախընտրական շրջանում մենք հարցում ուղարկեցինք ՔՊ՝ ստանալու նվիրատուների ցանկը։ Մեզ պատասխանեցին, որ իրենք իրավունք ունեն այդ ցանկը հրապարակել մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, ուստի կծանոթանանք ցանկին, երբ այն հրապարակվի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, հանրային կապերի համակարգող, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հնգօրյա ժամկետում ցանկի տրամադրման մերժումը մեկնաբանեց՝ ասելով՝ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքը կուսակցություններին չի վերաբերում։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցով, սակայն, մեկ այլ իրավիճակում դատարանի վճիռը պարտավորեցրել է այն կուսակցություններին, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից, ենթարկվել «Տեղեկատվության ազատության» մասին օրենքին։ «Քաղաքացիական պայմանագիրը»  նույնպես պետբյուջեից ֆինանսավորվող կուսակցություն է։ Հետաքրքիր է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դրամահավաք-երեկոյի մասին նախապես չի իրազեկել հանրությանը։  Դրամահավաքից օրեր անց կուսակցությունը միայն հրապարակել է արդյունքները։ Իրավագետ Հասմիկ Սարդարյանը կարծում է, որ թեև նման մոտեցումը նվազեցնում է հանրային վերահսկողության հնարավորությունները, սակայն այն հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ ապահովելու քաղաքացիների անխոչընդոտ մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ «Սակայն նվիրատուների իրավունքների և հանրային վերահսկողության շահերի միջև հավասարակշռություն ապահովելու նպատակով օրենսդրական փոփոխությունների մակարդակում կարող է դիտարկվել հանրային վերահսկողություն իրականացնող որոշ սուբյեկտներին նվիրատուների տվյալների նկատմամբ որոշակի պայմաններով հասանելիություն տրամադրելու հնարավորությունը»,- նշում է իրավագետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը նաև համահեղինակել է ԸՕ փոփոխությունները,  մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցություններն օրենքին հակասող ոչինչ չեն արել, երբ նախընտրական հիմնադրամ մուտքերը կատարել են միայն կուսակցության անունից։ Իսկ հարցին՝ արդյո՞ք դա չի նվազեցնում գործընթացի թափանցիկությունը՝ հաշվի առնելով նախորդ տարիների լրագրողական հրապարակումներն ու բացահայտումները, Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Դե այդպես ասեք, որ մենք ուզում ենք, որպեսզի ընտրությունների արդյունքների վրա ազդենք։ Ձեր ցանկությունն է, որ երբ դուք որևէ հրապարակում կունենաք, որևէ բան կբացահայտեք որևէ կուսակցության հետ կապված, դա ազդի այդ կուսակցության ընտրության արդյունքների վրա։ Դուք քաղաքական ուժերին վերաբերվում եք որպես պոտենցիալ հանցագործների»։ Նա նաև հավելեց, որ որպես ԿԸՀ նախագահ կարծում է, որ ընտրական գործընթացը պետք է լինի թափանցիկ, միևնույն ժամանակ, ընտրության ընթացքի վրա արհեստական խոչընդոտ կամ ազդեցություն չպետք է լինի։  Հովակիմյանը կարծում է, որ եթե լրագրողների նպատակն է թափանցիկ գործընթաց ապահովելը, ապա իրենց համար մեծ տարբերություն պիտի չլինի՝ նվիրատուների ցանկը ուսումնասիրել ընտրությունների ընթացքու՞մ, թե՞ դրա ավարտից շուրջ 8 ամիս անց։   Նախընտրական ֆինանսների հանրային վերահսկողություն չկա, իսկ կա՞ պետական վերահսկողություն Քանի որ ԿԸՀ նախագահը լրատվամիջոցների՝ ռիսկային նվիրատվությունների վերաբերյալ հրապարակումները համարում է ընտրական գործընթացի վրա ազդեցություն կամ արհեստական խոչընդոտ, հարց է առաջանում, թե արդյո՞ք նախընտրական ֆինանսների պետական վերահսկողությունն անխոչընդոտ իրականացվում է։  Նախկինում նախընտրական հիմնադրամների նվիրատվություններն ու ծախսերը վերահսկում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (ՎՎԾ)։ Ընտրական ցուցակների գրանցումից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք էին ներկայացնում ՎՎԾ, իսկ վերջինս ամփոփում էր այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում ԿԸՀ կայքում: Օրենքի փոփոխությամբ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության վերահսկողական որոշ լիազորություններ փոխանցվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ)։ Նշենք, որ սրան նախորդած  «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով արդեն ԿԿՀ-ին էր փոխանցվել կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողությունը։ Իսկ նախընտրական հիմնադրամների մուտքերի ու ելքերի վերահսկողության փոխանցումը ԿԿՀ-ին պայմանավորված էր նրանով, որ վերջինս օրենքով օժտված է ինստիտուցիոնալ անկախությամբ, մասնագիտացված է կոռուպցիոն ռիսկերի գնահատման հարցերում, ունի կոռուպցիայի դեմ պայքարի համար օրենքով վերապահված անհրաժեշտ գործիքակազմ, այդ թվում՝ բանկային գաղտնիքի հասանելիություն։ Այսպիսով, գնահատվել էր, որ վերոնշյալ կարողությունները ԿԿՀ-ին հնարավորություն են տալիս պատշաճորեն իրականացնել նախընտրական քարոզարշավի ֆինանսների  վերահսկողական գործառույթը։  Այս փոփոխության պատճառաբանություններից մեկն էլ այն էր, որ ԿԸՀ ենթակայությամբ գործող Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամբողջովին անկախ չի կարող գործել։ Դեռ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հրապարակված զեկույցում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) անդրադարձել էր ՎՎԾ կարգավիճակին. «Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ՎՎԾ-ն պետք է գործի ԿԸՀ-ից անկախ, սակայն օրենքը հստակ չի սահմանում նրա ինստիտուցիոնալ կարգավիճակը կամ աշխատակարգը: ՎՎԾ-ն ԿԸՀ-ից ունի իրական անկախության պակաս, քանի որ վերջինս է նշանակում ու պաշտոնից ազատում ՎՎԾ ղեկավարին: Բացի այդ, ՎՎԾ-ն չի կարող իր նախաձեռնությամբ որևէ վարչական վարույթ սկսել կամ վիճարկել ԿԸՀ որոշումները»,- նշված է զեկույցում։ Թեև շուրջ 2.5 տարի առաջ ԿԸՀ որոշ լիազորություններ փոխանցվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, սակայն վերջինս այդպես էլ այդ լիազորությունները չիրացրեց։ Փոփոխությունները պիտի ուժի մեջ մտնեին 2023 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝  սեպտեմբերին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ֆինանսների վերահսկողությունը պետք է իրականացներ ԿԿՀ-ն։ Սակայն հետագա փոփոխությամբ լիազորությունների ստանձնումը  ևս մեկ տարով հետաձգվեց։  Մեզ հետ զրույցում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքի և ԸՕ փոփոխությունները համարում է «ոչ գրագետ»։ Հայկուհի Հարությունյանը Հանձնաժողովին նախընտրական վերահսկողության լիազորությունը հանձնելը ճիշտ չի համարում, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող ազդել որևէ քաղաքական ուժի՝ ընտրապայքարում լինելու կամ դրանից դուրս մնալու գործընթացի վրա. «Կանխարգելումն այդտեղ այն է, որ եթե կուսակցությունն անօրինական գործողություն է անում, իշխանություն չդառնա։ Իսկ այդ հարցում ԿԸՀ-ն է բացառապես իրավասություն ունեցող մարմին՝ որոշելու թեկնածուն կամ կուսակցությունը ընտրապայքարից դուրս գա՞, թե՞ շարունակի ընտրապայքարին մասնակցել։ Հիմա եթե կուսակցությունը խախտում է արել, ու իրեն շարունակում ենք հանդուրժել, այդ կանխարգելման ավելացված արժեքը ո՞րն է։ Իմաստը ո՞րն է մի ամբողջ մարմնի ռեսուրս ծախսել պետական բյուջեից, ասել ստուգի, որ այդ գումարը անօրինական է,  եզրակացություն տուր, բայց ոչինչ, թող ինքը շարունակի մասնակցել ընտրություններին»,- բացատրում է Հանձնաժողովի նախագահը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշում է, որ ի սկզբանե կողմ չի եղել ԿԸՀ լիազորությունները ԿԿՀ-ին փոխանցելուն. «Եթե ընտրությունների ֆինանսավորումը վերահսկում է ԿԿՀ-ն, մենք Սահմանադրության խնդիր ենք ունենում։ Ես այն ժամանակ էլ էի ասում, որ ինչ անում է ԿԿՀ-ն, պիտի ընտրությունների արդյունքների վրա որևէ ազդեցություն չունենա։ Սահմանադրությունն ընտրությունների օրինականության վերահսկողությունը պատվիրակում է բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- ասում է ԿԸՀ նախագահը։ Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ եթե ընդունված օրենքի դրույթներից մեկի սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններ կան, ինչու՞, օրինակ, նախագահը ստորագրելուց առաջ այն Սահմանադրական դատարան չի ուղարկել։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ 2021 թվականի մայիսին մոտենում էին արտահերթ ընտրությունները ու բարեփոխումը չէին կարող հետաձգել։ Այդ ժամանակ, ըստ նրա, եղել է ընդհանուր համաձայնություն՝ ընդունելու օրենքը, իսկ հետո՝ մինչև հաջորդ սպասվող ընտրությունները, շուրջ մեկ տարի ժամանակ կլինի ավելի մանրամասն քննարկումներ ծավալելու, և անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ անելու։  «2021-ի առաջին կեսը գնաց նախընտրական եռուզեռի վրա, երկրորդ կեսն էլ արդեն նոր խորհրդարան, նոր իրողություն, նոր քաղաքական պայմաններ։ 2022 հունվարին օրենքը, որ ուժի մեջ մտավ, ինչ խնդիրներ որ նախկինում տեսել էինք, քննարկման կարիք կար, բայց շտկելու հնարավորություն 2021-ին չեղավ»,- նշեց Վահագն Հովակիմյանը։   Նախընտրական և ընտրական բոլոր գործառույթները չի կարող ԿԸՀ-ն միայնակ իրականացնել. այս կարծիքին է քաղհասարակությունը, որը մասնակցել է օրենքի փոփոխությանը   Ընտրական օրենսգրքի փոփոխություններում ակտիվ ներգրավված են եղել նաև քաղհասարկության ներկայացուցիչները։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդական ինստիտուտի մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, որը մասնակցություն է ունեցել օրենքի փոփոխության քննարկումներին, կարծում է, որ նախընտրական ֆինանսների հանրային վերահսկողությունը կարևոր է. «Եթե կուսակցությունը մի մարդու կուսակցություն է, դրա մասին պետք է խոսել, որովհետև դա նշանակում է, որ ընտրողը տեղեկացված է, իրազեկված է ու իրազեկված որոշում է կայացնում։ Ինձ համար, որպես քաղաքացի, շատ կարևոր է իմանալ, որ ինչ-որ կուսակցություն, օրինակ, մենակ դրսից է ֆինանսավորվում։ Ու դրա իմանալը շատ ավելի լավ ազդեցություն կունենա ընտրությունների վրա, քան այդ ֆինանսավորումը»,- մանրամասնում է Գրիգորյանը։ Նա նշում է, որ Ավագանու ընտրությունների ժամանակ իրենք տեղեկություն ունեին, որ որոշ մարդիկ պարտադրված են եղել մասնակցելու ՔՊ կազմակերպած դրամահավաքին և նվազագույնը 20 000 դրամ նվիրատվություն անելու։  Վարդինե Գրիգորյանը նշում է, որ դեռևս 2011 թվականից քաղհասարակության ներկայացուցիչները, հետագայում նաև Վենետիկի հանձնաժողովը հայտնել են այն կարծիքը, որ քաղաքական ֆինանսավորման վերահսկողությունը չպետք է լինի ԿԸՀ ենթակայության տակ։ Անդրադառնալով օրենքի սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններին՝  քաղհասարակության ներկայացուցիչը՝ նշում է. «Դա սուտ փաստարկ է իրականում, որովհետև դա կնշանակեր, որ ընտրական հանցագործություններ, ամեն ինչ ԿԸՀ-ն պետք է քննի։ Ու ընդհանրապես, ընտրությունների հետ կապված՝ ուրիշ ոչ մեկը ոչ մի գործ չպետք է ունենա»,- ասում է Վարդինե Գրիգորյանը։  Օրենքի սկզբնական քննարկումների ժամանակ Վարդինե Գրիգորյանն առաջարկել է նաև, որ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը, որպես կառույց, տեղափոխվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակայության տակ։ Այդ տարբերակը, սակայն, չի դիտարկվել։    Մեկ տարի անց՝ կրկին փոփոխություններ ընտրական օրենսգրքում. ո՞վ է ի վերջո վերահսկողը 2022 թվականի նոյեմբերին Ազգային ժողովն ընդունեց պատգամավորներ Արփինե Դավոյանի և Ալխաս Ղազարյանի հեղինակած «Ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը։ Այս օրենքով ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հունավարի 1-ը, նախընտրական հիմնադրամների ֆինանսական վերահսկողությունն իրականացնելու է ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը։ Օրենքի նախագծում լրացումը հիմնավորվում էր կիրառվելիք օրենսդրական կարգավորումների սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններով։  ՔՊ պատգամավոր Արփինե Դավոյանը հրաժարվեց հարցազրույց տալ՝ մեկնաբանելու օրենքի իր հեղինակած փոփոխությունը։ Մեզ պատասխանեց նրա օգնականը՝ նշելով, որ առաջիկա ամսվա ընթացքում Դավոյանը զբաղված է լինելու բժշկական հարցերով։ 2022 թվականի նոյեմբերի փոփոխությունը փաստացի ազատեց ԿԿՀ-ին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական հիմնադրամների միջոցների վերահսկողությունից։ Իսկ ԿԸՀ-ն հրապարակեց միայն նվիրատվությունների և ծախսերի ընդհանրական հայտարարագրեր՝ առանց իրական նվիրատուների բացվածքի։   Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ ինչ նպատակ ուներ այդ փոփոխությունը, արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի ԿԿՀ-ին հնարավորություն տալ Ավագանու ընտրությունների ընթացքում իրագործել վերահսկողության լիազորությունները։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ գործնականում դրա կիրառությունը չափելու էր միայն վնասի աստիճանը։ Ներկայիս կարգավորումներով՝ 2024 թվականի հունվարի 1-ից ԿԿՀ-ն պիտի ստանձնի այդ լիազորությունները։ Հայաստանում հաջորդ ընտրությունները սպասվում են 2026 թվականին։ Այժմ շրջանառվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթ, որը դեռ Խորհրդարան չի մտել, գտնվում է լրամշակումների փուլում։ Սպասվող այս փոփոխություններով նախընտրական հիմնադրամների ֆինանսական վերահսկողությունը կվերադարձվի ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը։ Ի դեպ՝  մտցվել է ևս մեկ սահմանափակում. կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ փոխանցումներ կկարողանան կատարել միայն կուսակցությունները։ Թեկնածուները, ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց նվիրատվությունները պիտի կատարեն կուսակցությանը, իսկ կուսակցությունն իր անունից՝ նախընտրական հիմնադրամին։  ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով փոփոխությունների նոր փաթեթի շուրջ քննարկումների արդյունքում հանգեցին այն եզրակացությանը, որ խնդիրն ունի շատ պարզ լուծում. համամասնական ընտրությունների դեպքում նախընտրական հիմնադրամ փոխանցում կատարելու իրավունք կունենա բացառապես կուսակցությունը։ Կուսակցություններ կատարված նվիրատվությունները «Կուսակցությունների մասին» օրենքով ամբողջովին կմնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ենթակայությանը։ Կուսակցության մուտքերը կվերահսկի ԿԿՀ-ն, իսկ նախընտրական հիմնադրամից կատարված ծախսերը՝ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը։ Պարոն Հովակիմյանի պնդմամբ թափանցիկության հետ կապված խնդիրն ամբողջովին կլուծվի, երբ անցնենք համընդհանուր հայտարարագրման համակարգին. «Եթե նայենք այն հեռանկարը, որ սպասվում է, որ 2024 թվականից Հայաստանում բոլորը հայտարարագրեր են ներկայացնելու, թեման փակվում է»,- ասում է ԿԸՀ նախագահը։   Միջազգայիններն առաջարկում են վերանայել ֆիզիկական անձանց նվիրատվությունները չթույլատրող «պարզ լուծումը»  2023 թվականի հոկտեմբերի 9-ին հրապարակված Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում նշվում է, որ պարզ չէ, թե քաղաքական կուսակցությունների ընտրական հիմնադրամներին ֆիզիկական անձանց կողմից կատարված նվիրատվությունները ինչու այլևս չպետք է թույլատրվեն: Հաշվի առնելով, որ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը քաղաքական մասնակցայնության ձև է, և որ կուսակցությունների համար նպատակահարմար է սահմանված պայմաններով դիմել մասնավոր ֆինանսական նվիրատվություններ ստանալու՝ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկում են վերանայել այս փոփոխությունը։ Անդրադառալով ԿԿՀ-ին փոխանցված լիազորությունները ՎՎԾ-ին վերադարձնելուն՝ նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ավելի վաղ ի գիտություն էին ընդունել քարոզարշավների վերահսկողության, ինչպես նաև կուսակցությունների ընդհանուր ֆինանսավորման վերահսկողության պատասխանատվությունն ապագայում ԿԿՀ-ում կենտրոնացման ծրագրերը: Փոփոխությունների ներկայիս նախագիծը չի իրականացնում այդ ծրագրերը։ Ըստ օրենքի նախագծի հիմնավորման՝ անհրաժեշտ է տարանջատել կուսակցությունների ամենօրյա ֆինանսական գործունեության վերահսկողությունը նախընտրական քարոզչության հիմնադրամներում կատարվող վճարների, ծախսերի և դրանց հաշվարկների վերահսկումից և միայն նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերահսկողությունը փոխանցել ՎՎԾ-ին։ Թեև հստակ միջազգային ստանդարտներ չկան, որոնք պահանջում են որոշակի ինստիտուցիոնալ կառուցվածք, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այն կարծիքին են, որ կուսակցությունների ընդհանուր ֆինանսների և նույն մարմնի (ԿԿՀ) կողմից ընտրարշավների ֆինանսավորման վերահսկումը որոշակի առավելություններ կունենար արդյունավետության և հետևողականության առումով: Առաջարկվում է փոփոխությունների այս հատվածը նույնպես վերանայել։ Համատեղ կարծիքով կառույցներն անդրադառնում են նաև նվիրատուների անունների ոչ հրապարակային լինելուն։ Մասնավորապես նշվում է, որ թեև նվիրատուների անձնական տվյալները հրապարակելու պահանջը կբարձրացնի թափանցիկությունը, օրենսդրությունը նաև պետք է հավասարակշռություն ապահովի այդ պահանջի և անհատ նվիրատուների գաղտնիության վերաբերյալ մտահոգությունների միջև այն դեպքերում, երբ սպառնալիքների, ոտնձգությունների կամ բռնաճնշումների ողջամիտ հավանականություն կա: Կառույցներն առաջարկում են նաև հնարավոր լուծման տարբերակ։ Կարող է սահմանվել շեմ, որից ցածր նվիրատվությունների տվյալները չեն հրապարակվի, որ պաշտպանվեն փոքր գումար նվիրաբերողների գաղտնիությունը։ Ավելի մեծ նվիրատվությունները հրապարակելը կբարձրացնի քարոզարշավների նվիրատվությունների թափանցիկությունը:  ԿԸՀ նախագահին կրկին հարցրինք հանրային վերահսկողության խնդրի մասին՝ նշելով, որ ԿԿՀ-ն կուսակցությունների մուտքերի վերաբերյալ հաշվետվությունը հրապարակում է ընտրություններից ամիսներ անց։ Վահագն Հովակիմյանը նախ պատասխանեց. «Դուք էդ համոզմունքը ունե՞ք, որ եթե անունները հրապարակվի, տվյալ անձինք հետապնդման չեն ենթարկվելու»։ Հետո նաև ավելացրեց, որ իրենք մի միտք էլ ունեն, որ եթե նախընտրական շրջանում կուսակցության հաշվեհամարին ֆիզիկական անձից մուտքեր լինեն, դա կարող է հրապարակվել, ինչպես նախընտրական հիմնադրամի մուտքերը. «Դա կարող է տրվել ՎՎԾ-ին, ՎՎԾ-ն հրապարակի՝ անուն-ազգանուն, գումարի չափ»։   Հասկանալի չէ՝ ի վերջո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարծիքով տվյալները պե՞տք է հրապարակվեն, թե՞ ոչ, և ո՞ր մարմինը պիտի իրականացնի նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների վերահսկողությունը։ Ակնհայտ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծ ցանկություն չունի դրանով զբաղվելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցանկանում է զբաղվել վերահսկողությամբ, իսկ քաղհասարակությունն ու միջազգային կառույցները կարծում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը չունի բավարար անկախություն և գործիքակազմ՝ վերահսկողությունն իրականացնելու համար։ Լյուսի Մանվելյան
17:16 - 29 նոյեմբերի, 2023
«Չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում». Սարգիս Հայոցյանը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

«Չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում». Սարգիս Հայոցյանը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Զրուցել ենք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։   Պարո՛ն Հայոցյան, «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հիմքում ընկած է Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը։ Չէի ասի, որ հիմքում է ընկած։ Հայեցակարգում հղում է արվում այս փաստաթղթին, Ակադեմիական քաղաքի կառուցման մասին էլ նշված է հենց այս ծրագրում։ Ծրագրում բարձրագույն կրթության մի շարք խնդիրներից է խոսվում, նաև սահմանված են նշաձողեր, նշված է, թե խնդիրները լուծելուց հետո ինչպիսի համալսարաններ պիտի լինեն Հայաստանում։ Սակայն «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հավասարապես վերաբերում է նաև գիտությանը։ Գիտության մասով հետազոտություններ կամ ուսումնասիրություններ արվե՞լ են, որոնք դրվել են հայեցակարգի հիմքում։ Գիտական մասով, հետազոտություն չասեմ, վիճակագրություններ կան։ Արդեն երրորդ տարին է, որ գիտության ոլորտում էապես պետական ներդրումներն աճում են, ծրագրերի թիվը կրկնապատկվել է, դրամաշնորհային ծրագրերի ծավալը, որակն են մեծացել, պահանջներն ու  հնարավորություններն են մեծացել, բայց, միևնույն ժամանակ, մենք ունենում ենք գիտական արդյունքի ոչ համարժեք աճ։ Երեք տարին բավարար ժամանակահատված է, որպեսզի տեսնենք աճը։ Այսինքն, մեր ֆինանսավորումը, դիցուք, երկուսուկես անգամ ավելացել է արդեն 2018 թվականի համեմատ, բայց մեր հրապարակումների քանակն ու որակն անգամ 50%-ով չեն ավելացել։ Այստեղ գիտական արտադրողականության հետ խնդիր կա։ Միայն ֆինանսավորում ավելացնելը բավարա՞ր է։ Իհարկե, ո՛չ։ Այդ դեպքում ո՞րն է խնդիրը։ Ֆինանսավորումը բացարձակ ցուցանիշն է։ Գումարը վերջնական ցուցանիշն է, թե ֆինանսավորումն ինչ ճանապարհներով է իրականացվում։ Մենք ունենք արտերկրի գիտնականների կողմից հեռավար ղեկավարվող լաբորատորիաների ծրագիր, ինչը նպաստում է արտերկրի փորձը, մեթոդաբանությունն ու գիտական հետաքրքրությունները ներմուծելու հայկական իրականություն։ Մենք ունենք ինտեգրման ծրագիր, որն արտասահմանից գիտնականներին հնարավորություն է տալիս վերադառնալու կամ տեղափոխվելու Հայաստան, հաստատվելու այստեղ։ Մենք ունենք գիտական սարքերի [ձեռքբերման] ծրագիր, որն այս տարի 4,2 միլիարդ դրամ է, անցած տարի մոտ 3 միլիարդ դրամ էր: Սա բավականաչափ մեծ ծավալի ներդրում է ենթակառուցվածքների մեջ։ Ցավոք սրտի, մի փոքր դանդաղ է ձեռքբերման գործընթացը գնում, բայց արդեն բավականաչափ համալրված ինստիտուտներ ունենք։ Մենք ունենք վերապատրաստման ծրագրեր, որոնք գիտնականներին հնարավորություն են տալիս գնալ, սովորել սարքերով աշխատել ժամանակակից մեթոդաբանությամբ։  Միայն գումարով չէ, մենք խնդրի վրա գումար չենք «նետում» ու ակնկալում, որ լուծվելու է։ Համապատասխան բոլոր քայլերն արվում են։ Բայց դրա արդյունքում, մենք, միևնույն է, ունենք անկում, որովհետև ունենք գիտական համայնքի տարիքային անհամաչափ բաշխում։ Յուրաքանչյուր երեք կամ չորս օրը մեկ մենք համակարգից կորցնում ենք 50 տարեկանից բարձր մի գիտնական։ Վերջին երկու տարիներին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տարբեր ծրագրեր է իրականացնում երիտասարդներին ներգրավելու համար, անգամ բակալավրում սովորողները կարող են հետազոտություններում ներգրավվել։ Այդ դեպքում ինչո՞ւ է շարունակում երիտասարդ կադրերի պակաս զգացվել։  Իրականում, խոսքը երիտասարդ կադրերի պակասի մասին չէ, գիտական արտադրողականության պակասի մասին է։ 50 տարեկանից բարձր մարդիկ մեր ամենակրթված, ամենապատրաստ գիտական համայնքն են՝ որոշակի շատ դրական բացառություններով երիտասարդության մասում, բայց այդ մարդիկ են շարժիչ ուժն առայժմ։ Մենք այդտեղ կորուստներ ենք ունենում։  Երիտասարդներին, այո՛, ճիշտ եք նշում, բակալավրիատից, հանրապետական օլիմպիադայի որոշ մրցանակակիրների՝ անգամ առաջին կուրսից, մենք հնարավորություն ենք ստեղծում ներգրավվելու հետազոտություններում, բայց այդ մարդիկ երիտասարդ են, անփորձ են, դեռևս շատ լավ չեն հասկանում՝ գիտությունն ինչ է։ Նրանց պետք է որոշակի կարիերա անցնել։ Կրթությունը դրա համար է։ ՏՏ ոլորտ չէ, որ մտնես, մի քանի ամիս սովորես ու կարողանաս բավարար արտադրողականություն ունենալ։ Այս մարդկանց էլ ինչ-որ ժամանակ է պետք ռեալ գիտնական դառնալու համար։  Հավանաբար խնդիրը միջին տարիքի գիտնականների պակասն է, քանի որ ժամանակին գիտությունը չի համալրվել բավարար քանակի երիտասարդ կադրերով, որոնք այսօր պիտի 30-50 տարեկան լինեին։ Այո՛։ Հետխորհրդային և գիտության ցածր ֆինանսավորում ունեցող գրեթե բոլոր երկրների համար խնդիր է այդ տարիքային երկսապատ վիճակը։ Մենք գիտության մասով պիտի արձանագրենք այդ աղետալի վիճակը․ դու կորցնում ես քո ամենակարող հատվածը։ Եվ եթե համալրման որևէ գործուն մեխանիզմ չլինի, ի վերջո, կորցնելու ենք գիտությունը՝ որպես պրոֆեսիոնալ զբաղմունք։ Մենք կունենանք շատ բարձր վարձատրվող երիտասարդներ, որոնք գուցե դեռ այդքան էլ չեն հասկանում՝ գիտությունն ինչ է։  Դուք խոսեցիք գիտական արտադրողականության մասին։ Խնդիրը գիտական բոլո՞ր կազմակերպություններում է, փորձե՞լ եք հասկանալ՝ որ գիտական կազմակերպություններն են լավ արդյունք տալիս, որոնք՝ միջին, որոնք՝ վատ։ Ամեն ինչ արված է, տվյալները չենք հրապարակել, բայց ամեն տարի հաշվետվություն է ստացվում ինստիտուտներից, ամեն տարի տարի այդ հաշվետվությունները մշակվում են, թե ինչ քանակի և որակի տպագրություններ ունեն, ինչ տիպի գործունեություն են ծավալում, պետական բյուջեից դուրս ինչքան գումար են կարողացել ներգրավել։ Գիտական կազմակերպությունների քանի՞ տոկոսն է արդյունավետ աշխատում։  Մենք ունենք գիտական 4 կազմակերպություն, որ արդյունավետ է աշխատում, և ունենք ընդհանուր 35 գիտական կազմակերպություն։ Միայն Գիտությունների ազգային ակադեմիայի ներսո՞ւմ։ Ո՛չ, ընդհանուր Հայաստանում։ Այդ կազմակերպությունների անունները կարո՞ղ եք նշել։ Տեսեք, ամենաուժեղն ավանդաբար միշտ եղել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (ԱԱԳԼ), որը տեսական ֆիզիկայի շատ ուժեղ դպրոց ունի, համաշխարհային մեծ գիտափորձերի է մասնակցում։ Նրանք ապահովում են Հայաստանի հրապարակումների մոտ 25%-ը։ Հետո Գիտությունների ազգային ակադեմիան է, Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), Բժշկական համալսարանը։ Բայց եթե արդեն բաղդատում ենք [ԳԱԱ] առանձին գիտական ինստիտուտները, ըստ Web of Science-ի տվյալների՝ Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն է (41 հոդված), Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը (27 հոդված), Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, որտեղ բավականաչափ ներդրում ունենք, բայց նոր է սկսում թափ հավաքել (24 հոդված): Քանակի, բայց ոչ որակի առումով Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնն է (49 հոդված)։ Բարձրագույն կրթության և գիտության մեջ եղած խնդիրները լուծելու բոլոր տարբերակները սպառվե՞լ էին, որ որոշում կայացվեց բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորելու։  Բոլորը տարբերակերը չեն սպառվել, բոլոր տարբերակների ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Խնդիրը հետևյալն է․ ինստիտուտներն ուղղակի վերանում են, փոքրանում են, սեղմվում են, դառնում են խիստ անկենսունակ՝ որոշակի բացառություններով։ Մեզ մոտ իլյուզիա է ստեղծվում, երբ մենք, օրինակ, մի երկու ինստիտուտ ենք նայում, տեսնում ենք՝ այնտեղ երիտասարդ է անձնակազմը, օրինակ՝ Էկոկենտրոնը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կամ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը։ Բայց այդ փոքրաթիվ բացառությունների պարագայում մենք ունենք դեռևս 32 ինստիտուտ, որտեղ չկա այդ միջավայրը։  Մենք ինչո՞ւ ենք ուզում, որ գիտական հետազոտությունը լծորդված լինի, միավորված լինի բուհի հետ։ Որ այդ կազմակերպությունը որևէ ձևով ներգրավված լինի կրթական գործընթացի մեջ, պարտավոր լինի ուսանողներ ընդունել իր լաբորատորիաներում, որպեսզի, նախ, ուսանողը տեսնի՝ ինչ է պրոֆեսիոնալ գիտությունը, մյուս կողմից էլ այս մարդիկ ընտրության հնարավորություն ունենան, այսինքն՝ երբ որ երիտասարդը գալիս է լաբորատորիա, կարողանան ընտրություն անել նրանց միջից։  Վերջին հաշվով, ինստիտուտների միավորումը համալսարաններին սխալ է մեկնաբանվում․ որևէ անգամ խոսակցություն չի եղել այսօրվա կառավարման համակարգի պարագայում համալսարաններին ինստիտուտների միավորման մասին։ Ոչ ոք չի խոսում այն մասին, որ ինստիտուտը դառնում է ինչ-որ մի իրավազուրկ կառույց, որը գործում է ինչ-որ ֆակուլտետի, ամբիոնի ներքո։ Խոսքը կառավարման նոր համակարգ մշակելու մասին է, ինչի վերաբերյալ մենք խնդրել ենք նաև ԵՊՀ գործընկերներին Իրավաբանական ֆակուլտետի հետ առաջարկություն մշակել, որպեսզի ինստիտուտը լինի հավասար գործընկեր միավորված բուհ կոչված համակարգի մեջ։ Այս տարիների ընթացքում բուհերի և ինստիտուտների մերձեցումը, կապը ինչո՞ւ հնարավոր չի եղել համագործակցության միջոցով ապահովել։ Որովհետև կապը փորձել ենք ապահովել գործող հարաբերությունների շրջանակում։  Գործող հարաբերությունների շրջանակում այդ կապն ապահովվում է այն պարագայում, եթե ունենք համապատասխան վերաբերմունք դերակատարների կողմից, այսինքն՝ լաբորատորիայի վարիչի համար նորմալ է համագործակցել բուհի հետ, հետևաբար համագործակցություն լինում է, նորմալ չէ՝ չի լինում։ Մենք մտնում ենք մի դաշտ, որտեղ կարգավորված չէ։ Այն, ինչ որ մենք ենք առաջարկում քննարկել մինչև փետրվարի 15-ը (Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից և գիտական կազմակերպություններից միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ է սպասում,- խմբ․), հետևյալն է․ ինչպե՞ս անել, որ ուսանողն իր կրեդիտների որոշակի քանակ պարտավոր լինի հավաքել գիտական լաբորատորիայում։ Այսինքն՝ երբեք չի խոսվել այն մասին, որ որևէ գիտնականի պարտադրենք մտնել լսարան։ Գուցե այդ գիտնականը լսարանում լավ չի դասախոսում։ Այսինքն՝ ուսանողի կրեդիտները միայն դասախոսական մոդուլներից չհավաքվեն, այլ ուսանողի հետազոտական աշխատանքի մասն ապահովի ինստիտուտը։ Դա շատ տարածված մոդել է արևմտյան աշխարհում։ Շատ տարբեր համալսարաններում կան հետազոտական կենտրոններ, որոնք որևէ ձև ներգրավված չեն ուսումնական գործընթացում, միայն որոշակի կրեդիտների պարտավորություն ունեն․ այդ կրեդիտը կարող են ապահովել՝ լսարանում դասավանդելով կամ ուսանողների հետազոտական կամ ավարտական աշխատանքներն իրենց լաբորատորիայում անցկացնելով։ Ունեն որոշակի պարտավորություն կրթական պրոցեսին ծառայելու, բայց ծառայության ձևի մեջ ազատ են։  Այդ մոդելներն այնքան բազմազան են, որ փոխանակ մենք նստենք, մտածենք, թե ինչպես անենք, պարզապես փորձում ենք այդ ամենին ընդդիմանալ, ինչը մի քիչ տրամաբանական չէ, որովհետև թվերն այլ բան են ցույց տալիս։ Պարո՛ն Հայոցյան, հիմա շատ հստակ է, թե որոնք են կառավարության սահմանած նշաձողերը բարձրագույն կրթության համար՝ ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագրեր, բուհերում ուժեղացնել հետազոտական բաղադրիչը և այլն։ Բայց Հայաստանը դեռ չունի գիտության ռազմավարություն․ այն մշակման փուլում է։ Ինչո՞ւ մինչև այս փոփոխությունների մասին հայտարարելը չհրապարակվեց գիտության ռազմավարությունը։  Գիտության ռազմավարության մինչև հիմա չմշակված լինելու պատճառները մի քանիսն են։ Գիտության մեջ, նկատել եք երևի, ներդրումների ծավալը 2020 թվականից սկսել է էապես ավելանալ։ Դա ինչի՞ հետևանք է․ Կառավարության ծրագրում հստակ նշված են գիտության մեջ կատարելիքները, նշված են թիրախներ։ Մենք կարող ենք տեսականորեն Կառավարության ծրագիրը համարել գիտության մինի-ռազմավարություն։ Գիտության ռազմավարություն ունենալու համար մեզ պետք է, որ գնահատենք՝ ինչ ունենք հիմա, քանի որ այժմյան գնահատական տալը բարդացել է ինչի՞ պատճառով, որ այդքան ներդրումների ծավալի աճը բերում է որոշակի որակական փոփոխությունների։ Պետք է ինչ-որ մի կետում կարողանանք գնահատել, որ հասկանանք՝ ուր ենք առաջ տանում այս ամեն ինչը։ Արդյո՞ք գիտության ռազմավարության մեջ սահմանվելու է, թե ինչու է Հայաստանին պետք գիտությունը․ գիտությունը բոլոր ուղղություններով շարունակելու է զարգանալ ու նոր գիտելիք ավելացնե՞լ, թե՞ լինելու են գերակա ուղղություներ, որոնք Հաայստանի համար կոնկրետ խնդիրներ են լուծելու։ Թեզը, որ շրջանառվում է, թե բոլոր ուղղություններով մենք գիտություն ենք ֆինանսավորում աշխարհին գիտելիք տալու համար կեղծագույն թեզ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կարող ֆիզիկապես բոլոր ուղղություններով գիտությամբ զբաղվել։ Հայաստանն անում է խիստ սահմանափակ ուղղություններով հետազոտություններ։ Ինչ որ մենք ունենք, այն է, որտեղ Հայաստանն ուժեղ է․ դե ֆակտո դրանք մեր ռազմավարական ուղղություններն են։ Այդ ուղղությունները Հայաստանի համար մի օր անվտանգային և այլ կարևոր խնդիրներ լուծելո՞ւ են։ Գիտությունն, առհասարակ, գործունեության հեռանկարային ոլորտ է․ գիտության թիրախը պետք է լինի ապագան, գիտության թիրախն այսօրը չէ։ Այսօրվա համար արհեստագործական կազմակերպություններ կան, արտադրություններ կան։ Այսօր գիտությունը նայում է տասը և ավելի տարի կտրվածքով։ Գիտական գործունեությունը մարդկությանն անհայտ գիտելիքի հայտնի դարձնելն ու ձևակերպելն է գիտական մեթոդի միջոցով։ Եթե մի բան դեռ անհայտ է մարդկությանը, երբ հայտնի է դառնում, ինչ-որ ժամանակ է պետք, մինչև կիրառես։  Երբ խոսում ենք անվտանգային խնդիրների մասին, խոսում ենք մշակումների մասին։ Գիտական հետազոտությունները բաժանվում են հիմնարար, կիրառական հետազոտությունների և փորձարարական մշակումների։ Հիմնարարը բնության հիմնարար օրենքների ուսումնասիրությանն ուղղված հետազոտություններն են, կիրառականը, որոշակի խնդիր ֆոկուսում ունենալով, հետազոտական աշխատանք իրականացնելն է, փորձարարաան մշակումն էլ արդեն պատրաստի նախատիպ ունենալն ու պատրաստվածության որոշակի փուլերի հասցնելն է։ Գիտությունը ծառայում է տնտեսությանը մարդկային կապիտալի միջոցով և հակառակ ճանապարհով, երբ տնտեսական գործունեության ոլորտից՝ պետությունից կամ մասնավոր հատվածից, կա պատվեր գիտությանը։ Իսկ դա ինչպե՞ս է տեղի ունենում։ Երբ տնտեսությունն իր գործունեությունը ծավալելիս հասնում է մի խնդրի, այդ խնդրի լուծման համար վարձում է գիտնականների կամ փորձագետների։ Պետք է հասկանալ՝ դա գիտակա՞ն խնդիր է, թե՞ ոչ, մարդկությանն անհա՞յտ խնդիր է, որը պետք է լուծել գիտական մեթոդով, թե՞ մարդկությանը հայտնի խնդիր է, ուղղակի տնտեսվարողը չգիտի։ Դրա համար գոյություն ունեն տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ, որոնք նայում են՝ շուկայում ինչ է կատարվում։ Այսինքն՝ այդտեղ թարգմանիչ կառույց էլ է պետք, որովհետև երբ տնտեսվարողը գալիս է, ինչ-որ հարց տալիս, գիտնականը կարողություն ունի այդ խնդիրը լուծելու, եթե այն բերվի գիտական խնդրի տեսքի։ Հայեցակարգը կարդալիս տպավորություն է, որ Տեխնոլոգիաների կլաստերում լինելու է տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակ։ Իհարկե՛։ Էկոնոմիկայի նախարարությունն ունի Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոն (ՆՁԱԿ), որն իրականացնում է այդ գործառույթը։ Գործառույթն Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցվելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությա՞նը (ԿԳՄՍՆ)։ Մենք ունենք ՆՁԱԿ, որը փորձում է մշակել այդ համակարգը։ Տեխոնոգիաների փոխանցման կենտրոնը գերատեսչական չի լինելու, պատկանելու է տվյալ համալսարանին։ Համալսարանն իր արտադրանքը փորձելու է հասցնել շուկա։ Վալիդ է նման կենտրոն ունենալ այդ մասշտաբի համալսարանի համար, որովհետև այնտեղ կենտրոնացած են լինելու տեխնոլոգիական ողջ ներուժն ու ենթակառուցվածքները։ Եվ, իհարկե, շահույթի մի մասը վերադառնալու է համալսարանին։  Վերադառնալով գիտության ռազմավարությանը․ ո՞րն է լինելու Հայաստանի գիտության տեսլականը։ Գիտության տեսլականն, ամեն դեպքում, ինչքան էլ մեզ քննադատում են միջազգային հրապարակումների վրա կենտրոնանալու համար, լինելու է միջազգային գիտական համայնքում ներկայության որակական և քանակական ցուցանիշների բարձրացումը։  Խնդիր չի՞ դրվելու ունենալ միջազգային հեղինակություն ունեցող հայկական գիտական ամսագրեր։ Որքան հասկացել եմ տարբեր զրույցներից, հատկապես հայագիտական թեմաների համար դա ևս կարևոր է։ Միանշանակ։ Հայագիտության ուղղությամբ որոշ ամսագրեր ընտրվելու են, և դրանք պետական աջակցությամբ փորձելու ենք աճեցնել մինչև միջազգային հարթակներում ներկայացվածություն, որովհետև հայագիտական հետազոտությունների թեման ավելի շատ մեզ է հետաքրքիր։ Բայց գիտության մնացած ուղղությունների մասով, այդ թվում՝ միջազգային հետաքրքրություն ներկայացնող հայագիտական թեմաների, միջազգային ներկայացվածությունը կարևոր է, որովհետև դա նաև գիտնականի վալիդացիայի մեխանիզմ է։ Գիտնականն ունի՞ միջազգային հոդված, նշանակում է՝ նա ի վիճակի է անել աշխատանք, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին, լսել քննադատություն իր աշխատանքի մասին, հաղթահարել այդ քննադատությունն ու, ի վերջո, տպագրել։ Հետո էլ այդ տպագրություններին արված հղումները ցույց են տալիս, թե ինչքանով է այդ մարդու աշխատանքը հետաքրքիր ու պետքական միջազգային հանրությանը։  Հիմնականում այս չափանիշներն, իհարկե, STEM (բնական գիտություններ, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա,- խմբ) ոլորտն են նկարագրում, բայց հայագիտության ոլորտում էլ եթե ինչ-որ հետազոտություն ես անում, իմ սուբյեկտիվ կարծիքով այդ մասին պետք է հայտարարել հնարավորինս մեծ, լայն շրջանակների, որպեսզի հետո չբողոքենք, որ այլ հետազոտողներ իրենցով են անում մեր մշակութային ժառանգությունը կամ կեղծ հոդված են տպում։ Գանք ամենակարևոր հարցին․ Հայաստանի գիտական կազմակերպությունները հիմնականում պետական ոչ առևտրային կազմակերպություններ են (ՊՈԱԿ), բուհերը՝ հիմնադրամներ։ Հստակ չէ՝ կլաստերներն իրավակազմակերպական ինչ ձև են ունենալու, և բուհերն ու գիտական կազմակերպություններն այդ կլաստերների ներսում ինչ կարգավիճակ են ունենալու` հավասարազո՞ր, թե՞ մեկը մյուսից կախյալ։ Այդ հարցը դրված է մասնակցային բաց քննարկման։ ԿԳՄՍ նախարարի հանձնարարությամբ գիտական կազմակերպություններին ու բուհերին հրավիրել ենք առաջարկություններով հանես գալ։  Այո՛, գիտական կազմակերպությունների մեծ մասը ՊՈԱԿ-ներ են, ԱԱԳԼ-ն հիմնադրամ է, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը հիմնադրամ է։ ՊՈԱԿ-ների մեծ մասը գտնվում է ԳԱԱ ենթակայության տակ, և նրանք որոշակի լծակներով կախված են Ակադեմիայից․ Ակադեմիայի նախագահությունն է տնօրեն նշանակում, ֆինանսներ տրամադրում, նրանք հաշվետու են Ակադեմիային։ Ֆիքսենք այս կետը, որ այդ կազմակերպությունները որոշակի կախվածություն ունեն որևէ կառույցից։ ԱԱԳԼ-ն ու «ՔԵՆԴԼ»-ն էլ կախված են իրենց հոգաբարձուների խորհրդից։  Ինչքան որ մենք քննարկումներ ենք ունեցել ինստիտուտների հետ, նրանց հիմնական խնդիրը հետևյալն է․ կլաստերների ներսում ունենալ որոշակի ակադեմիական և ֆինանսական անկախություն, դիմել որոշակի ծրագրերի։ Նրանք կառավարող մարմին ունենալո՞ւ են։ Ես չեմ ուզում լուծում ասել։ Ես ասում եմ, թե ինչ ենք մենք հավաքագրել մինչ հիմա։ Դա բավականաչափ լեգիտիմ պահանջ է, որովհետև այդպես են նրանք կազմակերպել իրենց աշխատանքը, և ենթադրվում է, որ նորմալ է, որ նրանք այդպիսի պահանջներ են ներկայացնում։  Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և, առհասարակ, Կառավարությունը համաձա՞յն են գիտական կազմակերպությունների ներկայացրած պահանջներին։ Կամաց-կամաց փորձում եմ հասնել այդ հարցին։ Բուհերն էլ ասում են հետևյալը․ չի կարող գոյություն ունենալ մի կառույց, որն ամբողջությամբ անկախ է բուհից, եթե այն բուհի կազմի մեջ է։ Հիմա պետք է հասկանալ հետևյալը․ գիտական կազմակերպություններն արդեն իսկ սովոր են որոշակի կախվածության Ակադեմիայից կամ հոգաբարձուների խորհրդից։ Եթե գիտական կազմակերպությունը բուհի հետ աֆիլացվում է (փոխկապակցվում,- խմբ․), աֆիլացվի այնպես, որ վայելի իր նույն ազատությունները, բայց, միևնույն ժամանակ, հաշվետվությունների, հակակշիռների, պատասխանատվությունների մեխանիզմ լինի, այսինքն՝ տվյալ կազմակերպությունն ամբողջովին անկախ չլինի բուհից։ Այս պարագայում կան կառավարման տարբեր մոդելներ։ Այստեղ մի խնդիր կա․ բուհերի կառավարումից ոչ բոլորն են գոհ։ Ես դա էլ եմ ուզում շոշափել։ Դրա համար իմ խոսքի մեջ սկզբում նշել էի՝ մեր խնդիրները գալիս են նրանից, որ համարում ենք, թե գիտական ինստիտուտները բուհերի այսօրվա կառավարման մոդելով են միանալու բուհերին։ ԵՊՀ-ի գործընկերներին խնդրել ենք առաջ քաշել բուհի կառավարման մոդել։ Բայց մենք էլ, իհարկե, որպես պետական կառավարման մարմին, առաջարկով հանդես կգանք։  Այդ կառավարման մոդելն ինչի՞ մասին է լինելու, որ տվյալ միավորները՝ կլինեն բուհերը թե գիտական կազմակերպությունները, ունենան կառավարման մի մարմին, հովանոց։ Եթե հիմա այն Ակադեմիան է, այնտեղ կլինի որևէ մի կառուցակարգ՝ հոգաբարձուների խորհուրդ կամ համատեղ կառավարման խորհուրդ, բուհն ու գիտական կազմակերպությունը կունենան իրար վրա վետոյի որոշակի իրավունքներ, որպեսզի միակողմանի որոշումներ չլինեն, և նաև պարտականությունների կիսում լինի։  Սա այն դաշտն է, որ քննարկման համար բաց է։ Միևնույն ժամանակ, որոշակի ազատություն էլ կա թողած, որ եթե այս քննարկումների արդյունքում կարիք առաջանա իրավակազմակերպական որևէ նոր ձևի, առաջարկեն և դա հիմնավոր լինի, մենք էլ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և այլ օրենքներում ամրագրենք այդ իրավակազմակերպական ձևը։ Ակադեմիական քաղաքն էլ առանձին իրավակարգավորումներ է ունենալու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում։ Դաշտը բաց է ստեղծագործ և առաջադիմական գաղափարների համար։ Բոլորս էլ կարող ենք նստել ու ասել՝ այն, ինչ որ լավ է, այդպես պահենք, որովհետև այդպես հարմար է։ Բայց երբ որ Հայաստանի մակարդակով ենք նայում, որոշակի տարիների կտրվածքով ենք նայում, մեզ փոփոխություններ պետք են, որովհետև թվերը ցույց են տալիս, որ մենք ինչ էլ անում ենք, անխուսափելի խնդիրներ ունենալու ենք։ Կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրում նշվում է, որ «կա քաղաքական կամք ապահովելու կուսակցական ազդեցություններից ազատ, անկախ կրթական միջավայր»։ Մեր բուհերի մասին այս պնդումն անել չենք կարող․ թվեմ մի քանի բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների անունները՝ Սուրեն Պապիկյան, Ժաննա Անդրեասյան, Վահագն Խաչատուրյան։ Կարող եք ավելացնել Տիգրան Խաչատրյանին (փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի սկզբին դարձել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը,- խմբ․)։ Ինչպե՞ս եք ապահովելու, որ ձևավորվելիք կլաստերները կուսակցական ազդեցությունից զերծ լինեն։ Շատ հիմնավոր հարց եք տալիս։ Նախ, այն, ինչ որ հիմա ունենք, պետական հիմնարկներ են։ Մյուս կողմից՝ պետք է գոյություն ունենան օրենսդրական որոշակի պարտավորություններ, որ բուհը պետք է լինի ապաքաղաքական։ Դա շատ երկրներում ամրագրված է օրենքներում, որովհետև խնդիրները ստեղծվում են, երբ բուհերը սկսում են քաղաքականացվել, իսկ բուհերը քաղաքականացվում են, երբ օրենսդրական սահմանափակումներ չկան։ Այսօր ինչքան էլ հոգաբարձուների խորհուրդներում պաշտոնյաներ կան․․․ Նաև կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ասենք կուսակցական մարդիկ, որովհետև նրանք որպես կուսակցության ներկայացուցիչ չեն գործուղված  այնտեղ, մարդիկ են, որոնք նաև կուսակցական են։ Բայց ամեն դեպքում ես չեմ կարծում, որ մենք այսօր ունենք դաշտում կուսակցականացման, կուսակցության ներխուժման գործընթաց։ Ընդհակառակը, մենք փորձում ենք կուսակցական մնացուկները վերջնականապես հանել բուհերից։ Բայց վտանգ կարող է, չէ՞, լինել։ Անձերով չպայմանավորենք, այլ համակարգային նայենք խնդրին։ Համակարգային առումով, այո՛, վտանգ կարող է լինել։ Դրա համար մենք հիմա զուգահեռ նայում ենք՝ օրենսդրական ինչ լծակներ ու գործիքներ են աշխատում աշխարհում, որոնք կանխարգելում են բուհի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելը, որովհետև երբ բուհը սկսում է քաղաքական գործընթացներին մասնակցել, խախտում է իր առաքելությունը, որն է կրթությունը, գիտությունը, ապագան, խախտում է իր անկողմնակալության ու հավասարության առաքելությունը։ Ես չգիտեմ որևէ զարգացած երկիր, որտեղ բուհերը, բացի մարդկային նշանակության խնդիրներից, որևէ կուսակցություն պաշտպանեն ընտրությունների ժամանակ, քաղաքական հայտարարություններ անեն։ Օրենսդրորեն այդ ամենը կարգավորվելո՞ւ է։ Իհարկե՛։ Աշխարհում կարգավորված է, մենք ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես է կարգավորվում, և այո՛, պետությունը պատրաստ է դրան գնալ։ Բայց այս պարագայում էլ պետք է հասկանանք հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը, որովհետև ենթադրվում է, որ հոգաբարձուների խորհուրդում պետք է լինեն մարդիկ, որոնք իրոք հոգատարություն ունեն համալսարանի հանդեպ ու որոշակի ներդրում ունեն այդ ամեն ինչի մեջ։ Ուզում եմ՝ հստակ դա հասկանանք, որ կառավարման մոդելի փոփոխություն և առաջարկ ասելով՝ մենք հասկանում ենք կառավարման մոդելի ամբողջական փոփոխություն։ Այն պիտի լինի ապակուսակցական, ապաքաղաքական, ծառայի միայն կրթությանը, գիտությանն ու առաջընթացին։  Այսպիսի մի երկընտրանք կա․ կրթական կամ գիտական հաստատությունը պիտի ղեկավարի մարդ, որն այդ ոլորտների՞ց է, թե՞ մարդ, որը կառավարիչ է։ Նախատեսո՞ւմ եք, որ կլաստերները ղեկավարող մարդիկ կվերապատրաստվեն, կառավարչական հմտություններ ձեռք կբերեն։  Միանշանակ։ Մեր վերջին այցելության ժամանակ հուշագիր ստորագրեցինք Լոնդոնի Արվեստների համալսարանի հետ, և հուշագրի կետերից մեկով հենց կառավարման մոդելի փոխառություն պիտի անենք։ Մենք հասկանում ենք, որ բավականաչափ պատրաստված կառավարիչներ այսօր շատ քիչ ունենք, իսկ այդ ծավալի հիմնարկ ղեկավարելու համար կառավարիչներ, բացառում եմ, որ ունենք։ Այդ մարդիկ պիտի կրթվեն։  Հետաքրքիր երկընտրանք է՝ ղեկավարը պիտի լինի [տվյալ ոլորտի] մասնագե՞տ, թե՞ պրոֆեսիոնալ կառավարիչ, բայց այդ դիլեման, ինձ թվում է, միանշանակ է․ պետք է լինի առնվազն այդ ոլորտում մասնագիտական կրթություն և փորձ ունեցող մարդ, որի համար մենք նաև պետք է ապահովենք կառավարչական հմտությունների ձեռքբերում։ Հակառակ պարագայում, կառավարումից կարող ես շատ լավ հասկանալ, բայց ոլորտից չլինես, չկարողանաս հասկանալ քո գործընկերներին, թե ինչ բնույթի մարդիկ են ու ինչ բնույթի աշխատանք են անում։ Իմ կարծիքով միջին վերածածկումներ ունեցող մարդ է լինելու, որն իր հիմնական կրթությամբ այդ ոլորտի մարդ է, բայց կառավարման դասընթացներ է անցել։  Դա ապահովվելու է, միանշանակ ապահովվելու է գրեթե բոլոր օղակների մասնակիցների համար՝ լաբորատորիայի վարիչից սկսած։ Մենք հիմա մտածում ենք նաև Հայաստանում կրթական ծրագիր ներդնել գիտության ոլորտի կառավարիչների համար։ Երբ որ ինչ-որ մարդ, դիցուք, ավագ գիտաշխատողից դառնում է լաբորատորիայի վարիչ կամ խմբի ղեկավար, արդեն ծրագրերի կառավարման, ֆինանսական հարցեր են առաջ գալիս։ Եթե դու ավագ գիտաշխատող ես, ինչ ուզում ես, քո ղեկավարն ապահովում է, դու քո գործն ես անում, բայց այս պարագայում արդեն որոշակի ֆինանսական պարտավորություններ կան, թիմը ղեկավարելու հմտություններ կան։ Ուզում ենք այնպես անել, որ գոնե որոշակի մոդուլ անցնեն այդ մարդիկ։ Արդեն հստա՞կ է՝ քանի բուհի և գիտական կազմակերպության է վերաբերում «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, և պատկերացնում ունե՞ք, թե որ կառույցներն են իրար միանալու։ Հայեցակարգում կլաստերների աշխատակազմերի մոտավոր թվեր են ներկայացված, և ենթադրվում է, որ այդ հաշվարկներն անելիս հիմք ունեցել եք։ Որպեսզի աշխատանքը սկսվի, կան, իհարկե, որոշակի պատկերացումներ։ 6 կլաստերներից 4-ն Ակադեմիական քաղաքում է նախատեսված ունենալ առաջին փուլով, հետո մնացածը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն, և, ի վերջո, ակադեմիական քաղաքից դուրս բուհ չի լինելու։ Դրանք արդեն ավելի հեռակա պլաններն են։ Այս պահին լինելու են 4 համալսարանական կլաստերներ իրենց ինստիտուտների հետ։  Որոշակի գաղափար կա, բայց դրա մասին մենք չենք ուզում հայտարարել․ միևնույն է, թվերը մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց այդ միջակայքում են լինելու։ Քննարկումները բաց են․ դա մեր նախնական, շատ սկզբնական պատկերացումն է։ Համայնքի հետ կքննարկենք, մենք մեր պատկերացումը կասենք, իրենք՝ իրենց, եթե, իհարկե, կգան առաջարկներով։  Գիտական կազմակերպությունների ու բուհերի առաջարկները վերջնական որոշում կայացնելիս հաշվի առնելո՞ւ եք, դրանց հիման վրա ինչ-որ փոփոխություններ լինելո՞ւ են։ Իհարկե։ Առաջարկների իմաստը հետևյալն է․ ոչ ոք չի պնդում, որ այն, ինչ մենք մտածել ենք, վերջնական ճշմարտություն է կամ լավագույն լուծումն է։ Երբ կգան գաղափարներ, կսկսենք քննարկել՝ ինչ է լուծում այս առաջարկը, ինչ խնդիրներ ունի, մեր առաջարկը կդնենք դիմացը, կհասկանանք՝ որոնք են ընդհանուր կետերը, որոնք են նրանց առաջարկած առանձնահատուկ լուծումները։  Հավանաբար եկող շաբաթ կհրավիրենք կազմակերպություններին ներկայացնելու մասնակիցներ՝ ամեն մի կլաստերի վերաբերյալ մասնագիտական խումբ ձևավորելու համար «Ակադեմիական քաղաք» հիմնադրամում։ Նաև մենք մեր կողմից մասնագիտական խմբեր կձևավորենք, որ մեր տարբերակն էլ առաջարկենք։  Այս փոփոխություններով Հայաստանն ընտրո՞ւմ է արդյոք գիտության ամերիկյան՝ համալսարանական մոդելը, և արդյո՞ք կլաստերներից դուրս անկախ կամ որևէ գերատեսչության ներքո գործող գիտական կազմակերպություններ այլևս չեն լինելու։ Այո՛, սա մոդելի փոփոխություն է, այն Խորհրդային ակադեմիական կառավարման մոդելը չէ, որտեղ բուհերն ու ինստիտուտներն իրարից անկախ են գործում։ Պատճառներն արդեն նշեցի, բայց մի քանի կարևոր բաներ կան, որոնց մասին չեմ խոսել։ Օրինակ՝ մասնագիտական, միջառարկայական մոբիլությունը, այդ թվում և ֆիզիկական իմաստով։ Այսինքն՝ մի միջավայր, որտեղ ֆիզիկոսը քիմիկոսին է հանդիպում ամեն օր՝ կլինի դա կաֆետերիայում, կլինի այգում, կլինի հանգստի ժամին զբոսնելիս, թե թեկուզ համապատասխան բնակավայրում իրար հարևանությամբ ապրելիս։  Էլ չասեմ ավելի ծայրահեղ բաներ՝ արվեստագետն ու ֆիզիկոսը, արվեստագետն ու քիմիկոսը, որովհետև իրականում մենք ինչքան էլ պնդում ենք, որ Երևանում տասը րոպեի քայլելու ճանապարհ է բուհերի միջև, որևէ մեկն այդ տասը րոպեն չի քայլում մի բուհից մյուսը։ Այո՛, ֆիզիկապես նրանք տասը րոպեի հեռավորության վրա են, բայց երբեք քիմիայի ֆակուլտետի ուսանողը չի գնա Գեղարվեստի ակադեմիա, տեսնի՝ այնտեղ ինչ է կատարվում։  Ճարտարապետների մոտ, որոնք պայմանագրով գծում են [Ակադեմիական քաղաքի] գլխավոր հատակագիծը, հենց այս խնդիրն էլ է բարձրացնում մեր ուրբանիստ մասնագետը, որ ֆիզիկական միջավայրն այնպես նախատեսված լինի, որ մարդիկ ավտոմատ իրար հետ շփվեն։  Իրար հետ չշփվելու խնդիրը ֆիզիկակա՞ն միջավայրն է։  Միանշանակ։ Մենք թերագնահատում ենք ֆիզիկական միջավայրը, բայց ֆիզիկական միջավայրն անդրադառնում է մարդու հոգևոր և մտավոր գործունեության վրա։ Մի բան է՝ գեղեցիկ միջավայրում, հանգստի համար նախատեսված գոտում հանդիպես քո գործընկերոջն ու զրուցես, մեկ այլ բան է օրվա հոգսերով վազելիս բախվես քո գործընկերոջ հետ։ Միջավայրը շատ կարևոր է․ իզուր չէ, որ գեղեցիկ միջավայրեր են ստեղծում համալսարանների համար, իզուր չէ, որ համալսարաններն, այդ թվում՝ Եվրոպայում, տեղափոխվում են ավելի ծայրամասեր։ Այդ միջավայրերը մագնիսի նման ձգում են մասնավոր ընկերություններին, նաև ստեղծվում է միջավայր, որտեղից մասնավոր ընկերություններ են ծնվում։ Արդյո՞ք կարող ենք ասել, որ Հայաստանն անցնում է համալսարանական գիտության մոդելին։ Ակադեմիական քաղաքի մասով՝ այո։ Այն մասով, ինչ Դուք ասացիք, որ տարբեր գերատեսչություններ ունենան իրենց գիտահետազոտական հիմնարկները, ոչ մի արգելք չկա։ Միգուցե պետք է, որ Շրջակա միջավայրի նախարարությունն ունենա think tank (վերլուծական-խորհրդատվական կենտրոն,- խմբ․), որտեղ հետազոտվում են կոնկրետ իր խնդիրները։  Խոսքը գործող գիտական կազմակերպությունների մասին է․ բոլորը տեղափոխվելու են Ակադեմիական քաղա՞ք։ Այն կազմակերպությունները, որոնք ԿԳՄՍՆ ենթակայության տակ են, այս կամ այն կերպ պետք է մասնակցեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին։  Ակադեմիական քաղաքից դուրս գիտական կառույցներ չե՞ն լինելու։  Դրանից դուրս մենք ունենք, օրինակ, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, որն ակնհայտ է, որ Ակադեմիական քաղաքի հետ որևէ կապ չունի, ունենք Սրտաբանության ինստիտուտում համապատասխան հետազոտական միավոր։ Այսինքն, ԳԱԱ ինստիտուտները, ԱԱԳԼ-ն, «ՔԵՆԴԼ»-ն Ակադեմիական քաղաքի մե՞ջ են լինելու։ Այո։ Մադենադարանի վրա ծրագիրը տարածվո՞ւմ է։ Ո՛չ։ Իսկ ի՞նչ է լինելու Բուսաբանության ինստիտուտի հետ, որը սերտ կապված է Երևանի բուսաբանական այգուն։  Որոնք կապված են, ֆիզիկապես պայմանավորված են իրենց միջավայրով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Մատենադարանը, Բուսաբանության ինստիտուտը, մնալու են։ Ֆիզիկապես մնալու են, իսկ իրավական կարգավիճակո՞վ։ Դա արդեն քննարկումների հարց է։ Լավ կլինի, որ իրավական առումով ինչ-որ ձև փոխկապակցվեն որևէ բուհի հետ։ Բայց կախված է իրավիճակից։ Չեմ պատկերացնում, որ Մատենադարանը կախված լինի որևէ բուհից, այն առանձին ազգային, նույնիսկ վերազգային արժեք է։ Բուսաբանության ինստիտուտը տեսականորեն հնարավորություն ունի, շատ Բուսաբանության ինստիտուտներ բուհերին կից են տարբեր երկրներում։  2019-ին Հայաստանի կառավարությունը ԵՄ փորձագետներին խնդրել էր Հայաստանում գիտություն-բարձրագույն կրթություն կապն ապահովելու համար հետազոտություն իրականացնել ու մասնագիտական կարծիք հայտնել։ Փորձագետներն իրենց զեկույցում նաև միջազգային փորձ էին ներկայացրել ու խորհուրդ տվել փոփոխություններ անելիս չշտապել։ Նրանք ներկայացրել էին Էստոնիայի օրինակը, որտեղ Ակադեմիայի ինստիտուտները բուհերին միավորելու գործընթացը տևել էր ավելի քան տասը տարի։ Հայաստանում դա արվում է երեք տարում․ 2027-ից ֆինանսավորում են ստանալու միայն խոշորացած բուհերն ու գիտական կազմակերպությունները։ Երեք տարին քիչ չէ՞ այս գործընթացի համար, ռիսկեր չկա՞ն։ Ռիսկեր կան, իհարկե։ Նախ, գնահատենք ռիսկերը․ մենք տասը տարի ժամանակ չունենք գործընթացն իրականացնելու համար։ Էստոնիայում դա տևել է տասը տարի, որովհետև Էստոնիան այդ գործը սկսել է անել անմիջապես Խորհրդային Միությունից անկախանալուց հետո։ Նրանք սկսել են 90-ականներից ու ժամանակ ունեցել են, քանի որ նրանց Խորհրդային գիտական ժառանգությունը, այսինքն՝ գիտնականները դեռևս երիտասարդ էին, դեռևս տարիքային խեղվածքը չէր առաջացել համայնքի մեջ, դեռևս ուժ ունեին այդ ամենն անելու։   Մեզ մոտ փորձ եղել է դա անել, այնպես չէ, որ մեզ մոտ այդ փոփոխությունը նոր ենք հորինել։ 1990-ական թվականներից խոսակցություն կա ակադեմիական համակարգից անցում անելու համալսարանական համակարգի, բայց այդ խոսակցությունները միշտ մարում են որոշակի հանգամանքների բերումով։ Այն ժամանակ այդ հանգմանանքներից էր Արցախյան առաջին պատերազմը, այս պարագայում խոսակցությունները սկսվել են 2018 թ․, հետո հանգամանք է դարձել Արցախյան երկրորդ պատերազմը։  Փաստորեն, 90-ականների՞ն էլ նման խոսակցություններ եղել են։ Միանշանակ։ Հրանտ Բագրատյանի օրոք (Հայաստանի նախկին վարչապետ,- խմբ․) մեծ բարեփոխումներ էին նախատեսված, և բավականաչափ լուրջ աշխատանք տարվել էր, Աշտարակում՝ Գիտավանում, կա տախտակ, որի վրա գրված է․ «Այստեղ կառուցվելու է գիտության ավանը»։ Այդ ամբիցիաները միշտ էլ եղել են, որովհետև սա, ըստ էության, ճիշտ մոդել է, ապահովում է գիտելիքի ստեղծման մեջ երիտասարդների ներգրավումը, ինչը կարևոր է, որովհետև անհրաժեշտ է, որ ստեղծագործ ոլորտներում սովորող ուսանողը տեսնի՝ դա ինչպես է արվում։ Հայաստանում ուսանողները, երբ ընդունվում են բնագիտական ֆակուլտետ, չգիտեն՝ գիտությունն ինչ է, դասագրքային պատկերացումներով գալիս են քիմիայի ֆակուլտետ, պարզվում է՝ քիմիան այն չէ, ինչ իրենք դասագրքերում սովորել են։ Ուսանողների մեծ մասին թվում է, թե իրենք շտեմարանի մի քիչ ավելի բարդ խնդիրներ են լուծելու քիմիայի ֆակուլտետում, ոչ թե, օրինակ, փորձեր են անելու։ Եթե մենք տասը տարի սպասենք, կարող եք հաշվել՝ քանի մարդ ենք կորցնելու․ չորս օրը մեկ կորցնում ենք մի գիտնական, 365 օրը բազմապատկեք տասը տարով ու բաժանեք չորսի (ավելի քան 900 գիտնական,- խմբ․)։ Մենք ժամանակ չունենք, պետք է շտապենք։ Մյուս կողմից, մենք ունենք Էստոնիայի փորձը, Վրաստանի բացասական փորձը։ Մոլդովայի բացասական փորձը։ Այո՛, Մոլդովայի բազմաթիվ փորձերը։ Մոլդովան, ի տարբերություն մեզ, մի քանի անգամ հասել է ինչ-որ որոշումների: Լատվիա, Լիտվա․․․ Մեր կարգավիճակի բոլոր երկրների փորձն արդեն իսկ առկա է։ Եթե մենք բավականաչափ խելացի գտնվենք ու հասկանանք՝ ինչ է մեզ սպասվում չանելու դեպքում․․․ Բոլորով հասկանանք, որ արժե անել ու խոսել անելու ձևերի մասին, ոչ թե խոսել անել թե չանելու մասին։ Մենք շատ փորձեր ունենք ուսումնասիրելու և փոխառելու։ Արդեն ուսումնասիրե՞լ եք խորությամբ այդ երկրների օրինակները, որ նրանց սխալներից էլ դասեր քաղեք։ Ո՛չ, որովհետև մենք հիմա դեռ որոշման փուլում ենք՝ անե՞լ, թե՞ չանել։ Մենք դեռ փորձում ենք համայնքին համոզել։ Որոշումը կայացված է արդեն, ինչ էլ համայնքն ասի։ Քաղաքական որոշումը մի բան է, մեկ այլ բան է ներքին որոշում, վճռականություն համայնքի կողմից։ Այսինքն, համայնքը պետք է ընդունի որոշումը։ Ես որոշում ասելիս դա նկատի ունեմ։ Մնացածը տեխնիկական հարց է․ Եվրամիության ողջ գործիքակազմը կա օգնելու, կապեր կան համապատասխան օգնություն ստանալու։ Իրականում բարդ բան չէ։ Իսկ դրամաշնորհային կամ ներդրումային միջոցներ ներգրավվելո՞ւ են Ակադեմիական քաղաքի կառուցման համար։ «Ակադեմիական քաղաքը» 100%-ով պետական ֆինանսավորման ծրագիր է։ Հնարավոր լինելո՞ւ է պետբյուջեի միջոցով այդ ամենն իրագործել։ Իհարկե։ Բայց նաև Համաշխարհային բանկի հետ քննարկումներ ունենք հիմա, զարգացման այլ բանկերի և հիմնադրամների հետ։ Քավ լիցի, ինչքան շատ կարողանանք գործընկերներից գումար ներգրավել, այնքան ավելի լավ։ Գումարը չի կարևոր իրականում, այլ փորձառությունը։ Պարո՛ն Հայոցյան, ԳԱԱ-ն փակվելո՞ւ է, թե՞ որպես սիմվոլիկ կառույց ակադեմիական քաղաքից ներս կամ դրանից դուրս շարունակելու է գործունեությունը։  ԳԱԱ-ն փակվելու գաղափար գոյություն չունի։ Փակվելը շատ «ուժեղ» բառ է։ ԳԱԱ կազմում գործող բոլոր ինստիտուտները տեղափոխվում են Ակադեմիական քաղաք։ Մեր ընկալումների ամբողջ խնդիրն ու թշվառությունն այն է, որ մենք դիտարկում ենք Ակադեմիան՝ որպես վարչարար կառույց։ Գիտությունների ազգային ակադեմիան որպես Հայաստանի խելացի մարդկանց կազմակերպություն է պետք դիտարկել։ Վարչարարությունը նրանց առաջնահերթությունը չէ։  Ո՞րն է լինելու ԳԱԱ գործառույթն ապագայում։ Չեմ ուզում ասել այն, ինչ ես եմ մտածում, որովհետև այս հարցն էլ բաց է քննարկման համար։ ԳԱԱ-ն կարող է դառնալ, և լավ կլինի, որ դառնա Հայաստանի Հանրապետության մտավոր ներուժը մեկտեղող կառույց։  Տարբերակներ շատ կան՝ իրավակազմակերպական ձևից մինչև գործառույթներ, բայց ամեն դեպքում արժե, որ ԳԱԱ-ն անի այն, ինչ որ չի արվում Հայաստանում։ Եթե վարչարարություն հիմա Հայաստանում արվում է, պետք չէ, որ ԳԱԱ-ն էլ իր հերթին վարչարարություն անի։ Հայաստանում հիմա չի արվում մտավոր ներուժի կառավարում՝ համատեղում, քննարկումներ և այլն։ Դա պետք է պրոֆեսիոնալ ձևով անի Ակադեմիան։ Ինստիտուտների ֆինանսավորումն էլ է իրականացվում, կառավարիչների ընտրությունն էլ է լավ-վատ իրականացվում։ Այդ բոլորը տեխնիկական հարցեր են։  Մեր կարծիքով պետք չէ, որ ԳԱԱ-ն զբաղվի տեխնիկական հարցերով։ Բայց մյուս կողմից, այո, մենք ունենք մտավոր որոշակի ներուժ, ունենք գիտելիք կրող մարդիկ, որոնց համախմբող կառույց, որը պետք է ԳԱԱ-ն լիներ, չկա հիմա։ Ակադեմիան այսօր կենտրոնացել է ինքն իր 35 ինստիտուտների մեջ։ Տեսականորեն այն, այո՛, ունի սփյուռքի ներկայացուցիչներ, համալսարանից անդամներ, բայց դե ֆակտո միայն զբաղվում է իր ինստիտուտների հարցերով, համահայկական չէ։ Բայց դա իմ սուբյեկտիվ ընկալումն է։ Մենք դեռ կխոսենք Ակադեմիայի մեր գործընկերների հետ, հասկանանք՝ այս համատեքստում որն է ամենաճիշտ տարբերակը։ Այս շրջանում ինստիտուտներից մտահոգություններ կան անորոշությունների մասով։ 2027-ին միավորված են լինելու բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները, բայց Ակադեմիական քաղաքը լիարժեք շահագործման է հանձնվեու 2030-ին։ Ինստիտուտներն այս ընթացքում դիմե՞ն միջազգային երկարաժամկետ դրամաշնորհային ծրագրերի, ենթակառուցվածքները զարգացնե՞ն, եթե մի քանի տարուց այլ կառույցների կազմում են գործելու, իսկ ավելի ուշ՝ տեղափոխվելու։ Անկեղծ ասած՝ ինձ համար նորություն է, որ այդպիսի անորոշություններ կան։ Տեղափոխման հարց միավորման պարագայում չի բարձրացվում առնվազն մեծ STEM ուղղության (բնական գիտություններ, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա,- խմբ), փորձարարական ինստիտուտների պարագայում (նկատի ունի՝ մինչև Ակադեմիական քաղաքի շահագործումը,- խմբ․): Ինստիտուտը միավորվելու է բուհի հետ՝ լինելով իր ֆիզիկական տեղում, որովհետև բուհում տեղ չկա այդ ինստիտուտը տեղափոխելու։ Քանի որ Ակադեմիական քաղաքը շահագործման հանձնվում է 2030-ին, ենթակառուցվածքների ներդրումը, եթե նկատի ունեք միջավայրի բարեկարգումը, արգելված չէ։ Ինստիտուտները ֆինանսական միջոցներ ստանում են դրամաշնորհային ծրագրերի մեջ փոքր քանակով, որ առնվազն  ինտեգրման և հեռավար լաբերի պարագայում սենյակները կարգի բերեն ավելի հարմարավետ միջավայրում աշխատելու համար։  Ակադեմիական քաղաքում էլ նրանց ավելի լավ պայմաններ են առաջարկվելու։ Նրանք գնալու են պատրաստի միջավայր։ Այն սարքերը, որոնք բավականաչափ լավն են ու չեն կորցրել իրենց ֆունկցիոնալությունը, տեղափոխվելու են, այդ միջավայրում նոր սարքեր են ձեռք բերվելու։ Այդտեղ ես խնդիր չեմ տեսնում։  Ինչ վերաբերում է երկարաժամկետ դրամաշնորհներին, Հայաստանի Հանրապետությունում և ցանկացած այլ երկրում գոյություն ունի իրավահաջորդության գաղափար։ Երբ ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, չի կորչում տվյալ կազմակերպությունն իրավակազմակերպական դաշտից։ Եթե միավորում է տեղի ունենում, իրավահաջորությունը փոխանցվում է միավորված կազմակերպությանը։  Այսօր, օրինակ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն պատասխանատու է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) գործերի համար, Գիտության կոմիտեի գործերի համար (նախկինում գործում էին երեք առանձին կառույցներ՝ Գիտության կոմիտե, Բարձրագույն կրթության վարչություն և ԲՈԿ, այժմ երեքը միավորված են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մեջ,- խմբ․): Դասական կլաստերում հիմնարար հետազոտություններ են իրականացվելու, Տեխնոլոգիական կլաստերում՝  կիրառական։ Ի՞նչ է լինելու գիտական այն կազմակերպությունների հետ, որտեղ կան և՛ հիմնարար, և՛ կիրառական հետազոտություններ։ Արդյո՞ք այդ կազմակերպությունները կիսվելու են կամ դադարելու են որպես առանձին միավոր գոյություն ունենալ։ Շատ լավ հարց է։ Եթե բառամթերքին նայեք, թե ինչպես է ձևակերպված, գրված է․ «հիմնականում»։  Այսինքն՝ Դասական կլաստեր է, որտեղ հիմնականում հիմնարար գիտությունների ուղղությամբ կրթություն և հետազոտություններ են իրականացվում։ Չկա հստակ սահմանազատում հիմնարարի և կիրառականի։ Շատ քիչ հիմնարար հետազոտություններ կան, որ լրիվ իրականությունից կտրված են, օրինակ՝ լարերի տեսություն, բայց անգամ դրանք ապագայում, եթե հարցնես՝ վերջնական ինչի համար է, կարող են իջեցվել կիրառական ինչ-որ խնդրի։ Բացի այդ՝ հետազոտության արյունքում միշտ էլ կարող է հիմնարարից կիրառական խնդիրների լուծման հնարավորություն բացվել, որևէ բուհի չես կարող արգելել դա անել։  Տեխնոլոգիական համալսարանն ավելի կենտրոնացած է նախատիպավորման, մշակումների վրա, բայց այստեղ էլ հիմնարար հետազոտություններ կարող են լինել։ Գուցե դու կիրառական հետազոտություն ես իրականացնում, որի արդյունքում հիմնարար խնդիր է բացվում, բնականաբար, չես ուղարկելու Դասական համալսարան, ասելու՝ սրանով զբաղվեք։ Ինստիտուտների մասով տարբեր են մոտեցումները լինելու։ Մենք ունենք ինստիտուտներ, որտեղ թեմաները բավականաչափ ցրված են, այս պարագայում գուցե կարիք լինի որոշակի թեմատիկ վերախմբավորումների։ Ինստիտուտի՞ ներսում։ Կլաստերի ներսում։ Որոշ պարագաներում էլ, եթե թեմաների տրամաբանական կոնսոլիդացիա կա, կարող է մնալ այդպես։ Ամեն դեպքում, ինստիտուտներն էլ են միավորվելու, այնպես չէ, որ 35 ինստիտուտ ենք ունենալու։  Երբ Ձեզ հարցրի գիտական կազմակերպությունների արդյունավետության մասին, 35 գիտական կազմակերպությունից 4-ն առանձնացրիք։ Ենթադրվո՞ւմ է, որ վատ արդյունք ցույց տված որևէ գիտական կազմակերպություն փակվելու է։ Փակել բառից ես կխուսափեի․ բացասական հնչեղություն ունի։ Գոյություն ունի ատեստավորման նոր կարգ, որը կոմունիկացվել է, հիմա մեզ մոտ է, շուտով կուղարկենք Կառավարություն։ Այդ կարգի համաձայն՝ գիտնականները գիտական կարիերայի ամեն մի տարակարգում ունեն որոշակի պարտավորություններ՝ թվային և նկարագրական։ Այդ պայմանները չանելու պարագայում որոշակի հետևանքներ են լինելու ինստիտուտի համար։ Միևնույն ժամանակ, ինստիտուտների համար կատարողականի որոշակի ցուցանիշներ են լինելու սահմանված, և ինստիտուտն այդ կատարողականը չբավարարելու պարագայում հայտնվելու է տարբեր կատեգորիաներում։ 2018-ից մեկնարկած փոփոխություն է, որն ինչ-ինչ պատճառներով անընդհատ հետաձգվում է։  Ատեստավորումը մինչև բուհերի և ինստիտուտների միավորո՞ւմն է իրականացվելու։ 2021 թվականին է արվել առաջին ատեստավորումը, 5 տարվա պարբերությամբ իրականացվող գործընթաց է։ Հաջորդը 2026 թ․ վերջին է իրականացվելու։ Այն գծորեն անկախ է «Ակադեմիական քաղաքից», գործընթաց է, որը որակի բարձրացմանն է ուղղված։  Ակադեմիական քաղաքն էլ լավ, ստեղծարար միջավայր է լինելու, և այնտեղ ընտրության որոշակի մեխանիզմ է լինելու, այնպես չէ, որ բոլորը տեղ ունեն ակադեմիական քաղաքում։ Պրոֆեսորադասախոսական կազմին տրվելո՞ւ է բավարար ժամանակ, որ հետազոտությամբ զբաղվեն, և արդյո՞ք բոլորն են ի վիճակի լինելու նման գործունեություն ծավալել։ Եվ գիտնականները, որոնք չեն ցանկանա դասավանդել, ունենալո՞ւ են բացառապես հետազոտությամբ զբաղվելու հնարավորություն։  Դասախոսի ծանրաբեռնվածությունը լինելու է դինամիկ։ Տվյալ անձը կարող է ընտրել, որ, դիցուք, այս տարի 100% ծանրաբեռնվածությունն ուզում է ապահովել դասախոսական գործունեությամբ, հաջորդ տարի՝ 80/20 համամասնությամբ դասախոսում է և հետազոտում  Քիչ-քիչ կավելանա՞ հետազոտական բաղադրիչը։ Ո՛չ, կամընտրական կլինի։ Փորձը ցույց է տալիս, որ միայն դասախությամբ զբաղվելն այնքան էլ արդյունավետ չէ կրթության համար։  Կախված է նրանից, թե ինչ դասախոս ես։ Եթե առաջին կուրսում մաթեմատիկական անալիզի դասախոս ես, կարիք չկա, որ քո հետազոտություններից խոսես, պետք է մաթեմատիկական անալիզ սովորեցնես։ Այսինքն, տեսականորեն այդ հնարավորությունը կա։ Բայց մեխանիզմ պետք է լինի, որ բոլոր դասախոսները չընտրեն հետազոտական աշխատանք, և դասախոսող չլինի։  Ինչ վերաբերում է գիտնականներին, նորից եմ ասում, եթե տվյալ հետազոտողը որոշել է, որ ինքն ամբողջովին հետազոտությամբ է զբաղվում, որևէ բան չի փոխվում նրա կյանքում՝ բացի այն, որ նրա լաբորատորիայում հայտնվելու են ուսանողներ ինչ-որ պարբերականությամբ։ Ուսանողը գալու է այդ լաբորատորիայում կրեդիտ հավաքելու։ Բայց տվյալ անձը իր լաբորատորիայում զբաղվելու է իր հետազոտություններով՝ հիմնարար, կիրառական կամ փորձարարական մշակումներ։ Մենք չենք կտրում կապն այդ թվում ինդուստրիայի հետ։ Եթե որևէ գիտնական անում է առևտրայնացվող  մշակումներ, շարունակելու է անել դա, պարզապես ունենալու է հավելյալ պարտավորություն դրա մեջ որևէ ձևով ուսանողին ներգրավելու։  Ինստիտուտների և բուհերի գիտական ու պրոֆեսորադասախոսական ո՞ղջ անձնակազմն է գնալու Ակադեմիական քաղաք, թե՞ օպտիմալացումներ լինելու են։ Ինչպե՞ս եք ապահովելու, որ այնտեղ որակյալ մասնագետներ գնան։  Ես չեմ ուզում՝ սեգրեգացիայի նման ինչ-որ բան ստեղծվի։ Մենք իրականացնելու ենք ծրագրեր բոլորի մասնագիտական զարգացման ու առաջընթացի համար։ Քավ լիցի, մենք չենք մտածում, որ Հայաստանում այդքան շատ գիտնականներ ու դասախոսներ կան․ դա շատ թանկ ռեսուրս է։ Ավելի լավ է՝ մենք հավելյալ ծախս անենք, այդ մարդկանց կրթելու, առաջխաղացման մեջ ներդրում անենք, և եթե վերջում կպարզվի, որ այդ մարդն առաջխաղացում չունեցավ, ինչպես ասում են, իրարից չենք նեղանում այդ պարագայում։  Մենք բավականաչափ ժամանակ ունենք մինչև ֆիզիկական ենթակառուցվածքները կառուցելը նաև մեր մարդկային ռեսուրսը համապատասխանեցնելու դրան։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը վտանգված զգա իրեն այս գործընթացում։  Հայեցակարգում բավականին հավակնոտ թիրախներ են նշված՝ առնվազն 4 համալսարան միջազգային վարկանիշային ցուցակների հինգհարյուրյակում պետք է ներառված լինի, միջազգային ուսանողներ պետք է ներգրավվեն։ Ինչպե՞ս եք այս թիրախներին հասնելու 2030-ին, եթե հենց այդ տարի է Ակադեմիական քաղաքը լիարժեք շահագործման հանձնվելու։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդպես լինի։ 2030-ին Ակադեմիական քաղաքը նախատեսված է 4 կլաստերների համար, մնացած կլաստերները մնում են այնտեղ, որտեղ կան։ ԵՊՀ-ի հիմքի վրա ձևավորվող Դասական համալսարանին կամ Բժշկական համալսարանին ոչ մի բան չի խանգարում այսօրվանից սկսել աշխատել հնիգհարյուրյակում տեղ գտնելու համար։ Որևէ բան չի խանգարում նաև Ամերիկյան համալսարանին, որովհետև այդ նպատակը սահմանափակված չէ պետական բուհերով։ Պետությունը փորձելու է նաև հասկանալ՝ ինչպես աջակցի այն բուհերին, որոնք այս փուլում չեն տեղափոխվում, որ այդ բուհերն առաջ գնան։  Քանի որ հայեցակարգում է նշվում այդ նշաձողերի մասին, ենթադրվում է, որ պետք է վերաբերի հենց Ակադեմիկան քաղաքի համալսարաններին։  Հայեցակարգում նշված է, որ այդ երկու թիրախների իրականացման համար արվում է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Հինգհարյուրյակում հայտնվել նշանակում է շատ տարբեր պարամետրերի համապատասխանել՝ ունենալ հրապարակումների բավականաչափ բարձր որակ ու քանակ, տարբեր մակարդակի հեղինակության դասախոսներ, ունենալ լաբորատոր պայմաններ, միջազգային ուսանողների և դասախոսների քանակ, վարկանիշավորման որոշ համակարգեր հաշվի են առնում, թե քո միջավայրն ինչքանով է կայուն ու ներառական։ Մտավախություն կա՞, որ  չի հաջողվի այդ նշաձողերին հասնել։  Ցանկացած ծրագրի դեպքում կա մտավախություն, որ չի հաջողվի իրականացնել։ Մտավախությունը նկատի ունենալով ենք աշխատում։  Իրականում, միշտ էլ կարելի է նստել ու փորձել քննադատել այն ինֆորմացիան, որ ունես, բայց այսքան ինֆորմացիան դրված է քննարկման համար։ Եթե մենք բաց ենք, ստեղծագործ ենք բավականաչափ, որպեսզի հարցին մոտենանք այդ հարցը լուծելու նպատակադրմամբ, շատ հանգիստ կարելի է լուծումներ գտնել կամ թեկուզ հիմնավոր ասել, որ այս հարցը լուծում չունի, հարցի լուծումն այն է, որ թողնենք ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Չեմ կարծում, որ ամեն ինչ թողնելով այնպես, ինչպես կա, առաջընթաց կարող ենք գրանցել։ Մենք խնդիր ունենք, այդ խնդիրները պետք է լուծել․ խնդիր ունենք սերնդափոխության, համաշխարհային քարտեզի վրա մեր տեղը գտնելու։ Բավական երկար ժամանակ լոկալացվել ենք, այդ թվում և գիտության առումով։ Տեղական նշանակության գիտություն է ձևավորվել, տեղական նշանակության գիտնականներ ունենք։ Հարցն այդ բացթողումները լրացնելն է, որովհետև եթե դու խաղացող ես միջազգային համայնքում, դա նաև ունի իր անդրադարձը քո՝ որպես պետության հեղինակության վրա։ Ինչպես եթե մարդն է հավելյալ արժեք ստեղծում, հավելյալ կարևորություն ունի սոցիումում, այնպես էլ պետություններն են մոլորակի վրա։ Դու հավելյալ արժեք ստեղծող պետությո՞ւն ես, թե՞ խնդիրներ ստեղծող պետություն։   Աննա Սահակյան
20:13 - 28 նոյեմբերի, 2023
«Evolution»-ը բուհերում. ինչպես են ուսանողներին խրախուսում դառնալ ազարտային խաղերի խաղավար

«Evolution»-ը բուհերում. ինչպես են ուսանողներին խրախուսում դառնալ ազարտային խաղերի խաղավար

Այսօր Երևանի պետական համալսարանը ուսանողների համար հանդիպում էր կազմակերպել Evolution ընկերության աշխատակիցների հետ։ Այդ հանդիպումը, սակայն, չանցավ սովորականի պես հարթ և հանգիստ պայմաններում։ Ըստ հանդիպման պաշտոնական հայտարարության՝ նպատակն էր ներկայացնել ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորությունները, սովորեցնել ուսանողներին CV կազմել և պատրաստվել աշխատանքի ընդունման հարցազրույցների։ Հանդիպման սկզբում, սակայն,  ուսանողներից մեկն իր վրդովմունքը հայտնեց, որ ազարտային խաղեր ստեղծող ընկերությունը բուհի ուսանողներին առաջարկում է առցանց խաղատան խաղավարի աշխատանք։ Ընկերության աշխատակիցները պատասխանեցին, որ Evolution-ը ՏՏ ընկերություն է, որը ստեղծում է այդ խաղերը և վաճառում օնլայն խաղատներին։  Մեկ այլ ուսանողի հարցին ի պատասխան՝ Evolution ընկերության աշխատակիցները ի թիվս  առաջարկվող այլ հաստիքների՝ ներկայացրին խաղավարի աշխատանքը՝ նշելով, որ ուսանողներին առաջնահերթ դիտարկելու են հենց խաղավարի հաստիքի համար։  ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, պատասխանելով ուսանողների վրդովմունքին, ասաց, որ իրենց միակ նպատակն է  նպաստել ուսանողի՝ որպես մասնագետի կայացմանը աշխատաշուկայում։ Այստեղից հարց է առաջանում, թե արդյո՞ք օնլայն խաղատան խաղավարի մասնագիտություն ձեռք բերելը ԵՊՀ-ն ուսանողի մասնագիտական կայացում է համարում։ ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը «Ինֆոքոմին» հայտնեց, որ երկար քննարկել են՝ համագործակցե՞լ ընկերության հետ, թե՞ ոչ։ Ըստ պրոռեկտորի՝ որոշել են համագործակցել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Evolution-ը համակարգչային ծրագիր (software) ստեղծող ընկերություն է, ոչ թե «բուն ազարտային խաղերի կազմակերպիչը, ջատագովը կամ գովազդողը»։ Ըստ Միքայել Հովհաննիսյանի՝ իրենք պայմանավորվածություն են ունեցել Evolution-ի հետ, որ միայն մասնագիտական հնարավորություններն են ներկայացնելու. «Խաղավարի աշխատանք ներկայացնելը ի սկզբանե պայմանավորվել ենք, որ պիտի բացառվի»։ Պրոռեկտորի խոսքով պայմանավորվածություն են ունեցել ընկերության հետ, որ այն ներկայանալու է ոչ թե որպես ազարտային խաղերի, այլ soft construction-ի ոլորտի ընկերություն։ Evolution-ի աշխատակիցների հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ   ԵՊՀ-ն միակը չէ. Evolution-ը խաղավարներ է պատրաստում նաև այլ բուհերի ուսանողներից  Հոկտեմբերի 30-ին առցանց խաղատների համար ՏՏ լուծումներ առաջարկող «Էվոլյուշն Ստուդիո Էլեմ» ՍՊԸ-ն տաղավար էր տեղադրել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ ուսանողներին առաջարկելով գրավիչ պայմաններով աշխատանք։ Ազարտային խաղեր ստեղծող կազմակերպությունն առաջարկում է ուսանողներին աշխատանք՝ ճկուն գրաֆիկով և մրցակցային աշխատավարձով։ Ուսանողները հրավիրվում են՝ վարելու առցանց խաղատների համար նախատեսված խաղերը։ Տաղավարի մոտ տեղադրված էր պաստառ՝ ընկերության տարբերանշանով, այցեքարտեր, բրենդավորված այլ իրեր։ Ընկերության ներկայացուցիչները ուսանողներին ծանոթացնում էին աշխատանքի նկարագրությանը, հետաքրքվածության դեպքում առաջարկում գրանցվել՝ լրացնելով անուն-ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե, ծննդյան օր, ամիս, տարեթիվ և ստորագրություն։ Ուսանողները նաև հնարավորություն ունեին պատասխանելու ընկերության մասին հարցերի՝ շահելով տարբեր նվերներ։  ԵԹԿՊԻ-ի Զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանին հարցրինք, թե որքանով է էթիկապես ընդունելի բուհի ներսում տեղադրել ազարտային խաղեր արտադրող ընկերության պաստառները։ Պրոռեկտորը նշեց, որ չի կարծում, որ բուհում տեղի ունեցածը կարող է դիտարկվել որպես ազարտային խաղերի գովազդ, քանի որ կազմակերպության ներկայացուցիչները ուսանողներին աշխատանքի առաջարկ են անում։  «Ես ճիշտն ասած գովազդի տեսնակյունից չեմ նայել, միգուցե եթե էդպես վերցնենք, դա բացթողում է։ Հայտնի բան է, որ ուսանողները աշխատում են, ունեն դրա անհրաժեշտությունը, կարիքը։ Ցավոք, բոլորը չի, որ աշխատում են մասնագիտությամբ։ Ավելին՝ մասնագիտական ոլորտը միշտ չէ, որ նրանց բերում է այն եկամուտը, որով կարող են վճարել ուսման վարձ, եկամուտ ապահովել և այլն։ Ո՞րն է խնդիրը, թե որ ոլորտից են կազմակերպության աշխատակիցները, եթե իրենք ուսանողներին ազատ գրաֆիկով աշխատավարձ են խոստանում և կարծես թե չեն խաբում»,- ասում է պրոռեկտորը։ Պարոն Հարությունյանի խոսքով եթե խոսք գնար դպրոցների կամ քոլեջների մասին, իր վերաբերմունքը գուցե այլ լիներ. «Բայց ես գիտեմ, որ մեր ուսանողներից շատերն աշխատում են նաև այդ ոլորտում։ Իսկ այս դեպքում անգամ ստացվում է, որ մենք պատասխանատվությունը կիսում ենք։ Եթե մենք առաջարկել ենք ուսանողին այդ համագործակցությունը, նշանակում է՝ մենք կիսում ենք նաև պատասխանատվությունը»։ Բուհը, սակայն, պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից գործատուի ազնվությունը կամ արդարությունը ստուգելու մեխանիզմներ չունի։ Այս դեպքում, օրինակ, պրոռեկտորը նշեց, որ կազմակերպությունն իրեն անծանոթ է եղել, դրա մասին իմացել է ընկերության ներկայացուցիչներից, նայել է կայքը, ընկերությունը նաև ծանոթ է եղել բուհի որոշ աշխատակիցների։ Պարոն Հարությունյանը նշում է, որ չի ենթադրել, որ դա կարող է դիտարկվել որպես ազարտային խաղերի գովազդ։ Ընկերության աշխատակիցների այցը բուհ դիտարկել է՝ որպես ուսանողի համար գումար վաստակելու օրինական հնարավորություն։  Evolution-ի տաղավարը ԵԹԿՊԻ-ում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Evolution ընկերության աշխատակիցները հոկտեմբերի 25-ին էլ այցելել են այդ բուհ։ Հանդիպման ընթացքում ուսանողները ստացել են տեղեկատվական նյութեր, ծանոթացել են կազմակերպության գործառույթներին, աշխատանքների բնույթին, ինչպես նաև առաջարկվող հնարավորություններին, թափուր աշխատատեղերին։ Հատուկ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողները գրանցվել են՝ հետագայում հարցազրույց անցնելու և կազմակերպությանը միանալու համար։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով օրինականության տեսանկյունից խնդիր չկա, որովհետև ընկերությունը Հայաստանում գրանցված է, գործում է։ Սակայն կրթության փորձագետը խնդիրներ է տեսնում էթիկայի տեսանկյունից. «Հասկանալի է, որ ՏՏ ընկերություն լինելը դեռևս բավարար հիմք չէ, մանավանդ եթե կապ ունի ազարտային խաղերի հետ։ Կարծում եմ, որ բուհերը, ելնելով իրենց քաղաքացիական առաքելությունից նաև էթիկական նորմերից, չպետք է խրախուսեն։ Մենք շատ ենք հիմա շեշտ դնում բուհ-աշխատաշուկա, բուհ-գործատու կապի վրա, և անտեսում ենք բուհերի քաղաքացիական առաքելությունը, որը շատ հաճախ ավելի կարևոր է, քան մասնագիտական կրթությունը։ Դրա համար ես այդքան էլ չեմ ողջունում նման կազմակերպությունների մուտքը բուհեր։ Թող անեն իրենց գովազդը, սեմինարները, բայց բուհի պատերից դուրս»։ Փորձեցինք կապ հաստատել նաև Evolution ընկերության հետ։ Պաշտոնական կայքում կամ սոցցանցերի էջերում հետադարձ կապի հեռախոսահամար չգտանք։ Ստացվեց կապվել մարդկային ռեսուրսների կառավարման մենեջեր Ալինա Մելիքբեկյանի հետ, ով հրաժարվեց բանավոր մեկնաբանություն տալ։ Առաջարկեց գրել կազմակերպության ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին և հարցնել հանրային կապերի պատասխանատուի տվյալները։ Կազմակերպությունը մեր նամակին դեռ չի պատասխանել։    Ի՞նչ հմտություններ և մասնագիտական առաջընթաց կարող են ձեռք բերել ուսանողներն Evolution-ում Բուհերում ուսանողներին առաջարկվող օնլայն խաղավարի աշխատանքի ընդունման հարցազրույցին մասնակցելու համար պարզապես անհրաժեշտ է տրամադրել տվյալներ, որից հետո ընկերության աշխատակիցները կապ են հաստատում։ Հեռախոսով ևս մեկ անգամ աշխատանքը ներկայացնելուց հետո առաջարկում են այցելել կազմակերպություն՝ խմբային հարցազրույցի։ Հարցազրույցն անցկացվում է կազմակերպության գրասենյակում՝ Ծովակալ Իսակով 24 հասցեում։ Շենքում ձեզ դիմավորում են անվտանգության աշխատակիցները, քանի որ կողմնակի անձինք մուտք գործել չեն կարող։ Իմանալով, որ եկել եք հարցազրույցի՝ խնդրում են տրամադրել անձը հաստատող փաստաթուղթ։ Հանդիպման նախանշված ժամին մոտենում են մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակիցը և ապագա աշխատակիցների թրեյնինգներ անցկացնող աշխատակիցը։ Հարցազրույցի առաջին մասում ներկայացնում են կազմակերպությունը, պատմում աշխատանքի, աշխատավարձի մասին։ Իսկ երկրորդ մասում՝ հարցերի միջոցով ստուգում են մասնակիցների անգլերենի մակարդակը։ Հարցազրույցի լեզուն անգլերենն է։  Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները հրավիրվում են 9-օրյա դասընթացի, որի ավարտից հետո էլ հնարավորություն են ստանում աշխատանքի անցնելու։ Դասընթացի առաջին օրը մասնակիցները գրասենյակ մուտք գործելիս կրկին ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ, այնուհետև գրանցում իրենց մատնահետքը, քանի որ մուտքը գրասենյակ և սենյակներ միայն մատնահետքով է։ Evolution Academy անունով սենյակում տեղադրված են մոտ 10 սեղան՝ նախատեսված ազարտային խաղերի համար։ Մասնակիցներից յուրաքանչյուրը նստում է մի սեղանի մոտ, և սկսվում է ծանոթությունն այն ազարտային խաղին, որի խաղավարը պիտի դառնա տվյալ մասնակիցը։ 6-ժամյա թրեյնինգի հիմնական մասում սովորում են խաղի կանոնները, խաղը ներկայացնելու համար անհրաժեշտ արտահայտությունները։ Յուրաքանչյուր մասնակցի սեղանը կահավորված է հատուկ էկրանով, որը դառնում է խաղավարի «օգնականը»։ Այնտեղ երևում են խաղացողների անունները, ինչպես նաև կա զրուցարան (live chat), որտեղ խաղացողները խաղի ընթացքում թողնում են հաղորդագրություններ։  Ուսուցողական մոնիտորների վրա պարբերաբար թարմացվում էին խաղացողների մեկնաբանությունները։ Ենթադրվում է, որ դրանք պիտի պատրաստեն ապագա խաղավարներին իրական խաղում հանդիպող հնարավոր մեկնաբանություններին։ «Ինչ գեղեցիկ ես, դու պետք է մոդել լինեիր», «Ես գտել եմ քեզ Facebook-ում, արի շփվենք», «Քո հերթափոխից հետո կսպասեմ քեզ գրասենյակի մոտ», «Եթե ինձ անհրաժեշտ խաղաքարտերը չբացես, ինձ կսպանեն պարտքերի պատճառով» և նմանատիպ այլ մեկնաբանություններ։  Ապագա խաղավարներին նաև սովորեցում են, թե ինչպես պատասխանել մեկնաբանություններին, որ մեկնաբանություններին պատասխանել և որոնք պարզապես անտեսել։ Խաղի ընթացքում խաղավարից պահանջվում է լինել աջակցող, քաջալերել խաղացողներին, ճիշտ և օգտակար հուշումներ տալ նրանց։  Դասընթացի ընթացքում մարզիչը հատուկ շեշտում է՝ «Մենք օնլայն կազինո չենք, մենք ՏՏ ընկերություն ենք»։ Լյուսի Մանվելյան
22:06 - 22 նոյեմբերի, 2023
Արցախցիները, որոնք Հայաստանում հաշվառվել են սեպտեմբերի 19-ից հետո, կօգտվեն աջակցության ծրագրերից

Արցախցիները, որոնք Հայաստանում հաշվառվել են սեպտեմբերի 19-ից հետո, կօգտվեն աջակցության ծրագրերից

Ստեփանակերտի 72-ամյա բնակիչ Անուշ Անաստասյանը, որ Հայաստանում հաշվառվելու պատճառով զրկվել էր բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազարական եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված 10 հազարական դրամ սոցիալական աջակցությունից, այսուհետ այդ ծրագրի շահառու կլինի։ «Ինֆոքոմը» գրել էր, որ Անաստասյանը բռնի տեղահանումից հետո ստացել էր հոկտեմբեր ամսվա աջակցությունը, սակայն օրեր անց, երբ դուրս էր եկել Ստեփանակերտի հաշվառումից եւ գրանցվել Հայաստանում, դադարել էր հանդիսանալ այդ ծրագրի շահառու։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ինֆոքոմ»-ին տեղեկացրել էին, որ Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կլինեն, որոնցով կլուծվի նման իրավիճակում հայնտված արցախցիների խնդիրը։  Նոյեմբերի 17-ին հիշյալ փոփոխությունը կատարվել է, եւ այսուհետ աջակցության ծրագրերի շահառու են համարվում նաեւ Արցախից բռնի տեղահանված բոլոր այն անձինք, որոնք 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո են հաշվառվել Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում։  Այս պահին կառավարությունն իրականացնում է 50-հազարական դրամի չափով երկու ծրագիր՝ 50-հազարական դրամների (40-հազարական դրամ կացության եւ 10-հազարական դրամ կոմունալ ծախսերի վճար) վեցամսյա աջակցություն եւ առաջնային սպառողական ծախսերի համար նախատեսված 50-հազարական դրամների  երկամսյա աջակցություն։  Վեցամսյա աջակցության ծրագրի որոշումը Կառավարությունն ընդունել է 2023 թ․ հոկտեմբերի 12-ին, հաշվառման ժամկետի փոփոխությունը, ինչպես նշեցինք, կատարվել է նոյեմբերի 17-ին, սակայն այն ունի հետադարձ ուժ եւ տարածվում է հոկտեմբերի 14-ից սկսած գործողությունների վրա։ Այս որոշման՝ մինչեւ փոփոխությունը գործող կարգավորմամբ՝ Հայաստանում երբեւէ հաշվառված բռնի տեղահանվածները ծրագրի շահառու չէին եւ չէին կարողանում օգտվել հատկացվող աջակցությունից։ Անուշ Անաստասյանի դուստրը՝ Արմինե Վանյանը, մեզ տեղեկացրեց, որ արդեն հաջողվել է դիմումը մուտքագրել համակարգ, սպասում են պատասխան ծանուցման։ Մյուս՝ երկամսյա աջակցության որոշումը Կառավարությունն ընդունել է նոյեմբերի 9-ին։ Այն նախատեսված է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների առաջնային սպառողական ծախսերի համար։ Չնայած, որ այս որոշմամբ ի սկզբանե էլ սահմանվել էր, որ ծրագրի շահառու են նաեւ այն բռնի տեղահանվածները, որոնք սեպտեմբերի 19-ից հետո են հաշվառվել Հայաստանում, այնուհանդերձ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորումներում նշված է, որ երկու որոշումներով էլ ՀՀ-ում հաշվառված անձինք ծրագրերի շահառու չեն, ինչը խնդիրներ է առաջացրել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Նշենք, որ ՀՀ-ում հաշվառում ունենալը բռնի տեղահանվածներին անհրաժեշտ է ՀՀ-ում փախստականի կարգավիճակ, կենսաթոշակ կամ այլ նպաստներ ստանալու համար։ Ստացվում է, որ դրանք ստանալու համար անձը պիտի հաշվառվեր, բայց հաշվառվելու հետեւանքով զրկվում էր աջակցության ծրագրերից։ Նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը մեր զրույցում ասաց, որ նախագծում երկրորդ որոշման մասին հիշատակումը տեխնիկական է, եւս մեկ անգամ ընդգծվել է, որ երկու որոշումների համար էլ նույն կարգավորումն է գործելու։ Այսինքն՝ այսուհետ մինչեւ սեպտեմբերի 19-ը Հայաստանում հաշվառված բռնի տեղահանված անձինք հիշյալ երկու ծրագրերի շահառու չեն, իսկ սեպտեմբերի 19-ից հետո հաշվառվածները շահառու են։ Այնուհանդերձ, «մինչեւ սեպտեմբերի 19-ը» պայմանի նախատեսումը կարող է խնդրահարույց լինել այն արցախցիների համար, որոնք տարիներ առաջ ինչ-ինչ պատճառներով հաշվառվել են Հայաստանում, սակայն շարունակել են ապրել Արցախում եւ բռնի տեղահանվել են իրենց տներից։ Մեր հարցին, թե ինչ հիմնավորմամբ է նման ելակետ ընդունվել, Զառա Մանուչարյանը պատասխանեց․ «Եթե հաշվառման սահմանափակումը չլինի, հնարավոր է, որ ծրագրերից կարողանան օգտվել ոչ թիրախային խմբի շահառուներ, իսկ այս ծրագրերի նպատակն է օգնել նրանց, որոնք եղել են ԼՂ-ում եւ բռնի տեղահանվել են 2023 թ․-ի ընթացքում»,- նշեց նա։ Հայաստանում հաշվառված եւ մշտական բնակություն հաստատած արցախցիների դեպքում այդ տրամաբանությունը հասկանալի է, սակայն սեպտեմբերի 19-ից առաջ Հայաստանում հաշվառված եւ Արցախում մշտապես բնակված անձինք, որոնք եւս փաստացի բռնի տեղահանվել են, դուրս են մնալու ծրագրերից։ Մինչեւ վերջերս վեցամսյա աջակցության ծրագրից Հայաստանում հաշվառվածներից բացի օգտվել չէին կարող նաեւ նրանք, որոնք բնակվում էին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ հյուրանոցներում կամ հյուրատներում։  Նախարարության առաջարկով այս անձինք եւս դարձել են վեցամսյա աջակցության ծրագրի շահառու՝ դարձյալ բացառությամբ նրանց, որոնք Հայաստանում հաշվառվել են սեպտեմբերի 19-ից առաջ։  Մյուս՝ երկամսյա աջակցության ծրագրում ի սկզբանե նշվել է, որ այն անձինք, որոնք 2023 թ․ նոյեմբերի 15-ի դրությամբ բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում, ծրագրի շահառու չեն։ Հաջորդ փոփոխությունն էլ վերաբերում է գումարի տրամադրման եղանակին։ Վեցամսյա աջակցության ծրագրից Կառավարությունը հանել է այն կանխիկ եղանակով տրամադրելու կարգավորումները եւ սահմանել, որ կանխիկ եղանակով վճարումները «Հայփոստ»-ի միջոցով կատարվելու են մինչեւ 2023 թ․ դեկտեմբերի 1-ը, իսկ չվճարված գումարը մինչեւ 2023 թ․ դեկտեմբերի 8-ը վերադարձվելու է ՀՀ պետական բյուջե ։ Երկամսյա աջակցության ծրագրով ի սկզբանե նախատեսված է եղել, որ գումարը վճարվում է անկանխիկ՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։ Փոփոխությունների այս նախագիծը ներառված է եղել Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։ Գործադիրը միաձայն ընդունել է այն։ Հավելենք, որ հիշյալ դրամական աջակցությունը ստանալու համար բռնի տեղահանված անձինք պետք է էլեկտրոնային եղանակով՝ socservice.am հարթակում ներկայացնեն մեկանգամյա դիմում։ 50 հազարական վեցամսյա աջակցության համար այն կարող է ներկայացվել 2023 թ․ նոյեմբերի 1-ից 2024թ․ մարտի 15-ը ներառյալ, իսկ 50 հազարական երկամսյա աջակցության համար՝ այս տարվա նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Բռնի տեղահանված այն անձինք, որոնք այս գործընթացում որեւէ խոչընդոտի կհանդիպեն, կարող են դիմել «Ինֆոքոմ»-ի խմբագրություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝  041 46 36 26, էլեկտրոնային հասցեով` [email protected] կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։    Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարում՝ Գորիսի հաշվառման կետը, 25-ը սեպտեմբերի, 2023 թ․
21:59 - 21 նոյեմբերի, 2023
Ակադեմիական քաղաք ծրագրի թիրախներն, անխոս, ճշմարտություն են, բայց հասկանալի չէ՝ ինչ մոտեցմամբ ենք հասնելու դրանց. Գևորգ Քառյան

Ակադեմիական քաղաք ծրագրի թիրախներն, անխոս, ճշմարտություն են, բայց հասկանալի չէ՝ ինչ մոտեցմամբ ենք հասնելու դրանց. Գևորգ Քառյան

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միավորվելու և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Զրուցել ենք Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկծանու Գևորգ Քառյանի հետ։   Պարո՛ն Քառյան, ակադեմիական քաղաքի ստեղծման և բուհերի ու գիտական ինստիտուտների միավորման համատեքստում հաճախ է խոսվում այն մասին, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը հեռացած են իրարից։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է այս խնդրի պատճառը։ Սա հիմնաքարային հարց է՝ պատմականորեն ձևավորված և իներցիայով շարունակված, որի արմատները բարձրագույն կրթության և գիտության այն մոդելի մեջ են, որը մենք ժառանգել ենք Խորհրդային տարիներից։ Իսկ դա իր արմատներով պրուսական համակարգն է, որտեղ կա տարանջատում բուհերի՝ որպես բարձրագույն ուսումնական հաստատությունների, և ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտների միջև։ Դրանք Կայզեր Վիլհելմի հաստատություններն են, որոնք հետագայում Մաքս Պլանկի անունով են վերափոխվել (այժմ՝ Մաքս Պլանկի անվան գիտական հետազոտությունների ընկերություն,- խմբ․) և իրենց մեջ խմբավորել են գիտահետազոտական ինստիտուտները։ Սա պրուսական (այժմ՝ Գերմանիա,- խմբ․) մոդելն է, որը Խորհրդային համակարգը մեծ մասամբ ժառանգել է։  Մենք էլ նորանկախ շրջանում ժառանգել ենք Խորհրդայինից, հասել մեր օրեր իներցիայով։  Այլընտրանքային մոդելն ամերիկյանն է, որտեղ գիտությունը և հետազոտությունը մեկտեղված են հետազոտական համալսարաններում։ Իհարկե, դրան զուգահեռ կան, այսպես կոչված, զուտ հետազոտական բնույթի հաստատություններ, որոնք կոչվում են ազգային լաբորատորիաներ։    Հենց այդ գաղափարն էր հիմքում, երբ 2011-ին Երևանի ֆիզիկայի ինստիտուտը դարձավ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա։ Այո՛, այնեղից է վերցված, որովհետև ազգային լաբի գաղափարը «մաքուր» ամերիկյան է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջուկային ժամանակաշրջանը սկսվեց, առաջացան ու սնկի նման տարածվեցին ազգային լաբերն Ամերիկայով մեկ։    Ճի՞շտ եմ հասկանում, որ բարձրագույն կրթություն-գիտություն տարանջատվածության խնդրի պատճառն, ըստ Ձեզ, հենց մոդելն է, որտեղ բուհերն ու գիտական կազմակերպություններն իրարից անջատ են գործում։  Այո՛։ Այսինքն՝ հենց մոտեցումն է եղել այդպիսին․ անձնային կամ սոցիալական բնույթի խնդիրների մասին չէ խոսքը։ Այդ մեծ գիտակրթական համակարգը բավականին արդյունավետ աշխատել է ժամանակին։ Մենք Խորհրդային տարիների մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ մի ահռելի գիտակրթական համակարգի մասին ենք խոսում՝ շատ մեծ ռեսուրսներով օժտված։ Եվ գերմանական, պրուսական Մաքս Պլանկի [ինստիտուտի] արտացոլումը մեզանում մեր Գիտությունների ազգային ակադեմիան է։  Հիմա գանք բովանդակային մասին, որը մեզանում, իմ կարծիքով, ոչ միշտ է ճիշտ ներկայացվում․ բարձրագույն կրթությունն ու հետազոտությունն անբաժանելի են։ Առանց բարձրագույն կրթության չկա գիտություն, և հակառակը, որովհետև բուհերում դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմը պիտի կազմված լինի ակտիվ գիտնականներից, եթե մենք խոսում ենք արդյունավետ բարձրագույն կրթական համակարգ ունենալու մասին։ Եվ հակառակը՝ եթե կրթական պրոցեսը լավ չի կազմակերպվում, ապա, բնականաբար, գիտությունը կարիք է ունենալու կադրերի, և կադրերի սով է զգալու ժամանակի ընթացքում, ինչի առջև մենք, ցավոք, հայտնվել ենք։  Հիմա, ինչպե՞ս դա կազմակերպել: Թերևս սա է առանցային հարցը, և այն բոլոր ռիսկերը, վտանգները, որոնք ես ինքս տեսում եմ, որ կարող են լինել [«Ակադեմիական քաղաք»] ծրագրի հետ կապված, հենց այստեղ է․ ինչպե՞ս բարձրագույն կրթության և գիտության կապը ճիշտ ապահովել։   Այդ հարցին, իհարկե կանդրադառնանք։ Դուք նշեցիք, որ այս տարանջատվածության պատճառն ընտրված մոդելն է։ Բայց անգամ գոյություն ունեցող մոդելի պայմաններում հնարավոր չէ՞ր բարձրագույն կրթության և գիտության միջև համագործակցության եզրեր գտնել։ Օրինակ, ԱԱԳԼ գիտաշխատողների քանի՞ տոկոսն է դասավանդում բուհերում։ Առաջին հարցին ի պատասխան՝ ասեմ, որ, իհարկե, կարելի էր, և այդպես եղել է։ Խորհրդային շրջանում գիտությունը և բարձրագույն կրթությունը բավականին բարձր մակարդակի վրա են եղել, և այդ չակերտավոր տարանջատվածությունը, որը մենք համակարգերի մասին խոսելիս նշեցինք, չի բերել այն խնդիրներին, որոնք այսօր մենք տեսնում ենք։ Բայց պետք է հասկանալ՝ ինչու։ Որովհետև եղել է շատ մեծ գիտակրթական տարածք՝ մեծ ռեսուրսներով։    Ենթակառուցվածքնե՞րը նկատի ունեք։  Պարամետրերն են այլ եղել։ Օրինակ, եթե նայենք Գիտությունների ազգային ակադեմիան հիմա և Խորհրդային շրջանում, մեր ինստիտուտները, որոնք հիմա կան, և այն ժամանակվա ինստիտուտները․․․ Ի՞նչ է տեղի ունեցել․ պետությունը բավականին մեծ ռեսուրսներ ուղղել է այդ միջավայր, և եթե այստեղ, օրինակ, որևէ մասնագետ չկար, այդ մասնագետը հրավիրվել է մեկ ուրիշ տեղից, և մեր Ակադեմիան այդպես էլ ձևավորվել է․ Լենինգրադից Օրբելին է եկել, Համբարձումյանն է հրավիրվել։ Այսինքն՝ եղել է այդ ռեսուրսը, մարդիկ պետության մի կետից գնացել են մյուս կետ։ Բնականաբար, այդ ռեսուրսը մենք [հիմա] չունենք։  Եղած սեղմ ռեսուրսն ինչպե՞ս կառավարել։ Ես այսպես եմ տեսնում, որ խնդիր դնողները փորձում են մեկտեղել այդ ռեսուրսը։ Երբ որ դուք ռեսուրսի խնդիր ունեք, իսկ ակնհայտ է, որ մենք ունենք ռեսուրսի խնդիր․․․   Երևի նաև ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրներ կան։ Հենց մեկտեղումն արդյունավետ օգտագործման մասին է։ Նորից հետ ենք գալիս այն հարցին, թե ինչպես մեկտեղել, որովհետև դա չի կարող լինել արհեստական մեկտեղում։ Այսինքն, ասել՝ այ հիմա դու Ա կետից գնում ես Բ կետ (նկատի չունեմ տեղադիրքը)՝ մի միջավայրից մյուսը, և ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Այդպես չի լինում։ Պետք է այդ կապն օրգանիկ դարձնել։  Գալով Ձեր հարցին, թե մենք ինչքանով ենք ներգրավված։ Ես մի քանի առիթով ասել եմ, որ, ցավոք, մեր բարձրագույն կրթության համակարգը տարիների ընթացքում ուսանողահեն կամ «ուսանողավարձավճարահեն» հիմքով է աշխատել։ Ուսանողները եկել են, վճարել են սովորելու համար, ինչը նորմալ է, ամբողջ աշխարհում է այդպես, բայց քանի որ գնալով ուսանողների թիվը նվազել է դեմոգրաֆիկ կամ երկրից արտահոսքի պատճառով, սա բերել է նրան, որ քչացել է վարձավճարների հոսքը, որը հետո պետք է ուղղվեր դասավանդողներին։ Եվ, ի վնաս որակի, այս համակարգը փորձել է իրեն պահել։    Այսինքն, ինչքան ուսանող դիմել է, ընդունե՞լ են բուհեր։ Եվ, ամենակարևորը, չեն հեռացրել նրանց։ Ես նույնիսկ խնդիր չեմ տեսնում ընդունվողների մեջ․ խնդիր է, թե ինչպես են նրանք շարունակում ընթացքը։ Որովհետև կարելի է բոլորին տալ հնարավորություն (դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես կրթության մասնագետ չեմ)․ պետք է ընդունվելը լինի համեմատաբար հեշտ, իսկ սովորելու ընթացքը պետք է լինի որակի այն շրջանը, որ մարդը պիտի անցնի։    Ձեր կարծիքով բուհերում սովորելու գործընթա՞ցն էլ է հեշտ, ինչպես ընդունվելը։ Ես ինքս եմ տեսել՝ ուսանողներին ինչպես են մի կուրսից մյուսը փոխադրում, և դա ամենևին հաճելի տեսարան չէ։ Միգուցե ոչ բոլոր բուհերում․․․   Դուք ո՞ր բուհերում եք նման երևույթի առնչվել։ Ես Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) դա տեսել եմ, Պոլիտեխնիկական համալսարանում եմ տեսել։ Այդ երկուսում վստահ կարող եմ ասել, որովհետև ես ներսից եմ դա տեսել։ Մնացածի մասին լսել եմ։  Այո՛, կարող են լինել ֆակուլտետներ, առանձին վերցված դասախոսներ, որոնք չեն անում այդպես։ Այստեղ խոսքն անձի մասին չէ, այլ համակարգի։ Սա բերում է նրան, որ համակարգը լճանում է։ Երբ որ համակարգն իր մեջ չունի մրցակցություն, պրոֆեսորադասախոսական կազմը ամեն տարի դասավանդելիս օգտագործում է գրեթե նույն լեկցիաները, ինչ որ օգտագործել է տարիներ կամ տասնամյակներ առաջ։ Սա ընդհանրական ձևակերպում է․ իհարկե, միշտ կլինեն անհատներ, որոնք այդպես չեն անի։  Համակարգի լճացում կա։ Եվ, իհարկե, սոցիալական կոմպոնենտով պայմանավորված՝ անհրաժեշտ ժամաքանակի հավաքագրումը, որ [ամբողջական] դրույք ձևավորվի, դասախոսին թույլ չի տալիս հետազոտական աշխատանքով զբաղվել։ Եթե մարդն ամբողջովին կենտրոնացած է 600-700 ժամը հավաքելու և ամբողջական դրույք ունենալու վրա, նա հետազոտության համար ժամանակ ուղղակի չի ունենա։    Հնարավոր չէ՞ բուհերում դասախոսների ծանրաբեռնվածությունը նվազեցնել, որ նրանք, օրինակ, դասավանդեն կես դրույք զբաղվածությամբ և մնացած ժամանակը տրամադրեն հետազոտական աշխատանքին, իսկ ազատված ժամերը դասավանդելու հրավիրել գիտական կազմակերպությունների աշխատակիցների։ Համագործակցության նման եզրեր հնարավոր չէ՞ր գտնել այս տարիների ընթացքում, որ բարձրագույն կրթությունը չհասներ Ձեր նշած լճացած վիճակին։  Միգուցե և կարելի էր գտնել, բայց անդառնալիության կետ կա, որից եթե անցաք այն կողմ, հնարավոր չէ հետ գալ։ Երբ որ Դուք ասում եք․ «Կիսել ու ասել, որ նրանք զբաղվեն հետազոտությամբ», դա ենթադրում է, որ նրանք կարող են զբաղվել հետազոտությամբ։ Բայց ինչ-որ մի փուլում, երբ մարդիկ տարիներ շարունակ զուտ դասավանդման պրոցեսի մեջ են ներգրավված լինում՝ առանց հետազոտության բաղադրիչի, նրանք դադարում են լինել ակտիվ գիտնականներ։ Դասավանդելը շատ կարևոր է, բայց եթե դուք դա չեք զուգորդում ակտիվ հետազոտական աշխատանքի հետ, դադարում եք լինել ակտիվ գիտնական։ Մարզավիճակի նման բան է․ երբ մարզիկը երկար չի պարապում, միանգամից չի կարող անհրաժեշտ քանակի ձգումներ անել կամ վազքուղում վազել։    Դուք խոսեցիք համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի մասին։ Հարցին մոտենանք ԱԱԳԼ-ի կամ գիտական այլ կառույցի տեսանկյունից. արդյո՞ք գիտական կառույցները չպիտի շահագրգռված լինեին, որ իրենց գիտնականները ներգրավված լինեին կրթական պրոցեսներում, քանի որ գիտության մեջ կա երիտասարդ կադրերի ներգարվման խնդիր, և այդպես ավելի հեշտ կլիներ ապագա գիտնականների պատրաստմանը մասնակցելը։ Ձեր գիտաշխատողներին կրթական գործընթացում ներգրավելու փորձեր արե՞լ եք։ Այն, որ մենք շահագրգիռ կողմ ենք, միանշանակ։ Անշուշտ, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ մեր ակտիվ գիտնականները զբաղվեն դասախոսական գործով։ Մենք դրա համար բազմիցս ԵՊՀ-ի մեր գործընկերների հետ փորձել ենք ծրագրեր անել։ Այս պահին ընթացիկ ծրագիր ունենք, որը մեծ լավատեսություն է ներշնչում։   Խոսքն այն ծրագրի մասի՞ն է, որի շրջանակում ԵՊՀ ուսանողները պիտի գային ԱԱԳԼ դասախոսությունների։ Դա արդեն մեկնարկել է սեպտեմբերից և առաջին քայլն է, որ փորձենք միասին կրթական ծրագիր իրականացնել։    Դա ուսանողների դասապրոցեսից դո՞ւրս է իրականացվում։ Նրանց դասապրոցեսի, կրթական ծրագրի մի մասն է։ «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» կրթական ծրագիրը սկսվել է 2020-ին։ Ես առիթ ունեցա որոշակի ժամանակահատված լինել այդ ծրագրի ղեկավարը համալսարանում։ Հենց այդ ժամանակ մտածեցինք համալսարանի գործընկերների հետ, որ միգուցե ուսանողները գան մեզ մոտ այդ առարկաները լսելու և նաև ակտիվ հետազոտություն անելու, որովհետև մենք ունենք խմբեր, որոնք հենց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած երկակի նշանակության ծրագրերի շահառուներ են։ Ուսանողների թիվն առաջին հոսքում մեծ չէր․ 4-5 ուսանող էր։ Երկրորդ տարվա ընդունվածների թիվը մոտ 13 էր, և այս տարի ընդունելությունն ավելի մեծ թվով է եղել։ Գումարային մոտ 35 ուսանողի մասին է խոսքը։ Մենք ավելի հեռուն նայող ծրագիր ունենք՝ միջազգային մագիստրատուրա, որը «Մասնիկների ֆիզիկա» անվանումն ունի։ Դեռ ընթացիկ քննարկման փուլում է, Բոննի համալսարանի հետ է իրականացվում, և ԵՊՀ-ի գործընկերները մեզ աջակցում են։ Կունենանք կրթական ծրագիր, որտեղ կդասավանդեն ակտիվ գիտնականներ՝ և՛ Բոնի համալսարանից, և՛ մեր գիտաշխատողներից։    Մագիստրոսական ծրագիրը հաջորդ ուսումնական տարի պատրաստ կլինի՞։ Հույս ունենք։ Մենք սա իրականացնում ենք մի համաձայնագրի շրջանակներում, որը ԵՊՀ-ի հետ կկնքենք։ Բոննի համալսարանի աջակցությամբ մեզ մոտ կբացվի Ֆիզիկայի գերազանցության կենտրոն։ Մենք այդ կենտրոնում կանենք և՛ հետազոտական աշխատանքներ, և՛ կրթական ծրագիր։ Կենտրոնը կտեղակայվի և կաշխատի ԱԱԳԼ-ում, համալսարանը կլինի կրթական ծրագրերի պատասխանատուն։  Հետո այն կընդլայնենք․ փորձում ենք տարածաշրջանային դարձնել, նաև վրացական կողմին հրավիրել։ Փորձել ենք նաև Թուրքիային ներգրավել։ Ցավոք սրտի, շատ մեծ հաջողություններ այդտեղ չունենք, և սա քաղաքական խնդիր չէ. ուղղակի նրանք ունեն լավ համալսարաններ և, բնականաբար, նախընտրում են լինել այնտեղ։  Հիմա գանք խնդիրներին․ ինչո՞ւ գրավիչ չէ ակտիվ գիտնականի համար ներգրավվել կրթական պրոցեսի մեջ։ Մենք խոսեցինք ժամաքանակի մասին․ սա բերում է կոնկրետ սահմանափակումների։ Երբ որ դուք պետք է բաժանեք ժամաքանակը մարդկանց միջև, դա պետք է արվի ինչ-որ սկզբունքով։ Եթե սկզբունքը դրված է նախևառաջ սոցիալականը կամ ժամանակի անհրաժեշտ պաշարի ձևավորումը․․․ Մենք նույնիսկ առաջարկել ենք առանց գումարի դասավանդել։ Դուք հիմա կզարմանաք, թե ինչու այդ առաջարկը տեղ չի գտնում։ Որովհետև անհրաժեշտ ժամաքանակը, որն այդ բաժանումից հետո մնում է, բավարար չէ, որ ակտիվ գիտնականը որակով ներկայացնի իր ծրագիրը։ Մարդկանց կարող են ժամավճարով հրավիրել շաբաթական մեկ ժամ, բայց այդ մեկ ժամում․․․ Ընդ որում, այստեղ գումարի հարցը չէ, ես ուզում եմ սա շեշտել․ մենք պատրաստ ենք դա անվճար անել։   Այսինքն հարցն այն ժամանակն է, որը տրվում է ակտիվ գիտնականներին իրենց ծրագրերը ուսանողներին ներկայացնելու համա՞ր։ Այո՛։   Ի՞նչ են այդ դեպքում ուսանողներին դասավանդում, որ ձեր թեմաների համար ժամաքանակ չի մնում։ Կան այնտեղ, միգուցե, կարևոր ծրագրեր, որ մենք չգիտենք կամ հաղորդակից չենք այդ կարևորությանը։ Նրանք ունեն որոշակի ժամաքանակների բաշխում՝ ըստ առարկաների։ Երբ մենք փորձում ենք մեր ակտիվ գիտնականներով ներգրավվել այդ պրոցեսի մեջ, այն ժամաքանակները, որ մեզ մնում են, լուսանցքային ժամաքանակներ են որպես կանոն։ Եվ ակտիվ գիտնականն իր ժամանակը ոչ էֆեկտիվ չի ծախսի երբեք։ Նա, բնականաբար, նպատակահարմար չի գտնում մի ժամում, օրինակ, պատմել քվանտային խրոմոդինամիկայի մասին․ դա անհնար է անել, եթե ուզենաք էլ։  Կրթական ծրագիրը ճիշտ կազմակերպելու խնդիր է։ Նախ, պետք է ճիշտ ընտրել թիրախները․ ի՞նչ ենք մենք ուզում ունենալ։ Մենք, այսպես ասած, գիտական շուկայի ամենամեծ սպառողներից մեկն ենք, ուսանողներին դեռ իրենց ուսանողական նստարաններից վերցնում ենք մեզ մոտ աշխատանքի․ կես դրույքով որպես լաբորանտ կարող են գալ, ներգրավվել հետազոտությունների մեջ և վճարվել։ Բայց այն բովանդակությունը, որը մեզ պետք է այստեղ միջազգայնորեն մրցունակ հետազոտություններ անելու համար, նրանք չեն ստանում այնտեղ (բուհում,- խմբ․), և արդեն հասկանալի է՝ ինչ պատճառով։ Որպեսզի ստանային, մենք պիտի գնայինք այնտեղ, որպեսզի մենք գնայինք, պիտի ժամաքանակների բաշխումը լիներ այնպես, որ մեր գիտելիքն արդյունավետ ձևով հասներ լսարանին։  Դուք հիմա կարող եք հաջորդ հարցը տալ․ «Այդ դեպքում ի՞նչ եք անում դուք այստեղ, եթե մարդիկ չկան»․․․ Մենք ուսանողներին դրամաշնորհային հետազոտական ծրագրերի մեջ ենք ներգրավում, նույնիսկ երրորդ կուրսից կարող են գալ: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն այդ հարցով ընդառաջել է մեր խնդրանքներին, իջեցրել է շեմը, և ուսանողներն ավելի վաղ շրջանից կարող են ներգրավվել։ Մենք Կոմիտեի մեր գործընկերների հետ քննարկումներում միշտ շեշտել ենք՝ կարևոր է, որ վաղ շրջանից ուսանողին վերցնես հետազոտության մեջ, որովհետև եթե չվերցնես, նա շատ արագ կողմնորոշվում է դեպի ՏՏ ոլորտ։ Մենք հրավիրում ենք և ասում՝ ձեզ կսովորեցնենք այն, ինչի պակասը դուք ունեք։ Այո՛, դա ենթադրում է արտաժամյա աշխատանք, բայց այլ տարբերակ չկա։   Եթե, «Ակադեմիական քաղաք» ծրագրի համաձայն, բուհերն ու գիտական կառույցները մի կլաստերում միասին գործեն, Ձեր թվարկած խնդիրները կլուծվե՞ն։ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգում երկու թիրախ կա՝ [վարկանիշային ցուցակների] հինգհարյուրակում 4 բուհ ներգրավել և նաև միջազգային ուսանողներ ներգրավել, որն, ի դեպ, հիմա մենք փորձում ենք անել ԵՊՀ-ի հետ նշածս ծրագրով։ Եթե ծրագրի հիմնավորումը կարդանք, ասվում է, որ ակադեմիական քաղաքը միջգիտակարգային, միջմշակութային, միջավայրաստեղծ գաղափար է, որտեղ բարձրագույն կրթությունը պետք է անպայման ունենա հետազոտական բաղադրիչ, և որտեղ պետք է իրականանան միջազգայնորեն մրցունակ ծրագրեր։ Նաև միջավայրը պետք է լինի դրան համապատասխան, այսինքն՝ անհրաժեշտ հագեցվածություն ունենա և այլն։  Սրանք բոլորն, անխոս, ճշմարտություններ են, ես չեմ տեսնում որևէ վիճելու տեղ, և աշխարհագրական տեղադիրքով պայմանավորված քննարկումներն, օրինակ, ինձ այդքան էլ հասկանալի չեն, և ես այդտեղ չեմ տեսնում կարևորությունը ծրագրի։  Վտանգները, ռիսկերը որտե՞ղ են։ Երբ որ մենք ասում ենք՝ բարձրագույն կրթությունն ունենա հետազոտական բաղադրիչ, ինչպե՞ս ունենա։ Հայեցակարգում դա դեռ չկա, որովհետև հայեցակարգ է։ Ենթադրվում է, որ դրան պետք է հետևի ռազմավարությունը, որտեղ այդ հարցերի պատասխանները հստակ պիտի լինեն։ Հիմա մենք այս պահին էլ ունենք բարձրագույն կրթություն և հետազոտություն․ ԵՊՀ-ում կար ժամանակին Ֆիզիկայի ֆակուլտետ, և կար Ֆիզիկայի ինստիտուտ․ համալսարանն իր մեջ ուներ հետազոտական ինստիտուտ (այժմ երկուսը միասին դարձել են Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ,- խմբ․)։ Հիմա կարո՞ղ ենք ասել, որ բարձրագույն կրթությունն ուներ հետազոտական բաղադրիչ։ Ես քիչ առաջ խոսում էի խնդիրների մասին, թե ինչպես է լինում, որ ակտիվ գիտնականները չեն մասնակցում կրթական պրոցեսին։ Խնդիրն այստեղ է․ ինչպե՞ս դա կազմակերպել։ Սա է, որ այս փուլում դեռ հստակ չէ։ Ինչ-որ փուլում հստակություն պետք է ունենալ և արդեն դրա մասին կոնկրետ խոսել։   «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգում շատ մանրամասներ չկան, բայց կառավարությունը բուհերից ու գիտական կազմակերպություններից հայեցակարգային առաջարկներ է սպասում՝ միավորման գործընթացի վերաբերյալ։ Ձեր խոսքով նպատակները կան, բայց հստակ նշված չէ՝ ինչպես են դրանք իրականացվելու։ ԱԱԳԼ-ն ի՞նչ է առաջարկում այդ նատակներին հասնելու համար, որո՞նք են ձեր հայեցակարգային առաջարկները։ Դա ամենակարևոր, առանցքային հարցն է։ Մենք կներկայացնենք մեր առաջարկները, դրանք դեռ մշակման փուլում են։ Ես փորձեցի, խնդիրների մասին խոսելով, հենց նախանշել, թե մեր առաջարկներն ինչ ուղղվածություն են ունենալու։  Ես նշում էի, թե բարձրագույն կրթությունն ինչպես է կազմակերպվում, և դրանից ինչ խնդիրներ են առաջանում։ Մեր առաջարկները կփորձեն այդ խնդիրներին լուծումներ տալ։ Այսինքն՝ ինչպե՞ս ակտիվ գիտնականներին ներգրավել [կրթական] պրոցեսի մեջ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում կա teaching duty` դասավանդման պարտականություն։ Այնտեղ առավելություններով օժտված շատ քիչ գիտնականներ կարող են չդասավանդել, բայց եթե դուք ակտիվ գիտնական եք, չեք կարող ասել՝ ես մենակ իմ սենյակում հետազոտություն եմ անում․ պետք է անպայման նաև մտնեք լսարան և հենց ձեր հետազոտությունների մասին պատմեք։ Գիտությունը միայն գիտության պատմություն չէ․ ցավոք սրտի, մեզանում այդ ընկալումը, նաև լճացմամբ պայմանավորված, կարծրացել է։ Այս խնդիրներին մենք կփորձենք հասցեական առաջարկներով անդրադառնալ։   Հասկանալով, որ առաջարկները դեռ մշակվում են, ո՞րն է ԱԱԳԼ-ի լուծումն այս խնդիրներին, կամ որո՞նք են ձեզ համար այն իդեալական պայմանները, որոնք պիտի լինեն ակադեմիական քաղաքում։ Դուք հիմա հասցեավորում եք միջավայրային մասը, այսինքն՝ զուտ ենթակառուցվածքները, որոնք պակաս կարևոր չեն։    Խոսքը միայն ենթակառուցվածքների մասին չէ, այլ թե ինչպես են կրթական և հետազոտական գործընթացներն ակադեմիական քաղաքում կազմակերպվելու։  Դա շատ լայն հարց է։ Մենք խոսեցինք այն մասին, թե կրթությունն ու հետազոտությունն ինչպես կապել, այնտեղ խնդիրներն առանձնացրինք, և առաջարկներն, այո՛, լինելու են այդ ուղղությամբ։ Բայց կա նաև ղեկավարման հարցը․ ինչպե՞ս ղեկավարվի ակադեմիական քաղաքը, որովհետև դա էլ պակաս կարևոր հարց չէ։   Նկատի ունեք ընդհանուր ակադեմիական քաղաքի՞ ղեկավարումը, թե՞ առանձին կլաստերների։ Ե՛վ նա, և՛ նա, որովհետև մեկը մյուսից բխում է։ Պետք է լինի որոշումներ կայացնող մարմին, պետք է լինեն տեղերում որոշումներ կայացնող մարմիններ, որոնք իրար ինչ-որ ձևով պիտի լինեն փոխկապակցված։  Այս մոդելն էլ դեռ հստակ չկա։  Գիտությունն իրականացվում է իրավակազմակերպչական երկու ձևերով՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ) և հիմնադրամներ։ Արդյո՞ք այս երկու իրավակազմակերպչական ձևերը բավարարում են գաղափարների իրականացմանը, կամ մենք կարո՞ղ ենք հենց հենվել այդ երկու ձևերի վրա։ Ես կարծում եմ, որ ոչ։ Եթե ավելի լայն նայենք, դրանից նաև բխելու են տարբեր իրավական բնույթի հարցեր, որովհետև հիմնադրամների գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին» օրենքով, ՊՈԱԿ-ները՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով։    Գիտական կազմակերպությունները հիմնականում ՊՈԱԿ-ներ են, բուհերը՝ հիմնադրամներ։  Այո՛։ Մենք կարող ենք ունենալ լավ գաղափարներ և այդ լավ գաղափարները չկարողանանք իրականացնել, որովհետև չկա անհրաժեշտ օրենսդրական միջավայր։  Հիմա մենք ազգային լաբորատորիա անվանումն ունենք, բայց հիմնադրամ ենք,  «Հիմնադրամների մասին»  օրենքով ենք ղեկավարվում։ Սրանք հարցեր են, որոնք հեշտ պատասխաններ չունեն։   Փորձե՞լ եք ստանալ այդ հարցրերի պատասխանները Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից կամ այլ կառույցից, քննարկումներ ունեցե՞լ եք։ Քննարկումներ ունեցել ենք։ [«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի] հանրային քննարկում եղել է, բայց ֆորմալ քննարկումներ, որոնք կմեկտեղեն բոլոր կարծիքները, դեռ չեմ տեսել։ Բայց ի՞նչն է հարցը, որ այս նոր իրավակազմակերպական ձևերը նույնպես կարող են լինել առաջարկների մեջ։ Մեզ, համենայնդեպս, ասվել է, որ կարող ենք առաջարկել իրավակազմակերպական նոր ձև, որն, ըստ մեզ, լավագույնս կսպասարկի այն խնդիրները, որոնք պետք է լուծել «Ակադեմիաման քաղաք» ծրագրով։  Սա նույնպես մեծ փաթեթ է ենթադրում, օրենսդրական գործունեությամբ հանդես գալու նման մի բան է։ Դուք իրավակազմակերպական ձև առաջարկելիս չեք կարող ուղղակի մեկ-երկու նախաասությամբ անել։ Մենք հենց հիմա դրա վրա ենք աշխատում։   Անկախ նրանից, որ ձեր առաջարկները դեռ պատրաստ չեն, պատկերացնո՞ւմ եք, թե ԱԱԳԼ-ն որ կլաստերում կարող է լինել։ Կարելի է, իհարկե, ենթադրել՝ որտեղ կլինենք։ Ես չեմ կարող ասել, որ հենց այս կլաստերում մենք պետք է լինենք; Պետք է նախ քննարկել լինելությունը, թե ինչ ձևով պետք է լինել ինչ-որ տեղ։ Սա հենց իրավակազմակերպական ձևի մասին է։ Մենք հիմնարար հետազոտություններով ենք զբաղվում մեծամասամբ։ Իհարկե, մեզ մոտ կան նաև կիրառական բնույթի հետազոտություններ, բայց մեր առանցքը հիմնարար հետազոտություններն են եղել պատմականորեն և շարունակում են մնալ։ Մենք, իհարկե, ակտիվ քննարկումներ ունենք ԵՊՀ-ի մեր գործընկերների հետ, բայց առաջին մասով՝ կրթական բաղադրիչի, այսինքն՝ ինչպես կրթական բաղադրիչը հագեցնել հետազոտական մասով։   Այդ քննարկումներն ընթացի՞կ ծրագրերի մասին են և ո՞չ ակադեմիական քաղաքի։ Այո՛, ընթացիկ։ Մեզ թվում է՝ ինչ-որ կետից պետք է դա սկսել, քանի որ խորացող խնդիր ունենք։ Նկատի ունեմ՝ կրթությունը և գիտությունը պետք է մոտենան իրար։ Մեր կադրային խնդիրներն են ժամանակի ընթացքում սրվում․ մենք ունենք համագործակցության բավականին լուրջ առաջարկներ միջազգային գործընկերների կողմից լավ պայմաններով, բայց անհրաժեշտ կադրեր չենք կարողանում գտնել։    Ձեր գիտաշխատողների քանի՞ տոկոսն է մինչև 40 տարեկան։  Մեր աշխատակիցների թիվը 330 է, որից 70%-ը գիտատեխնիկական աշխատողներն են, որոնք երկու խմբերում են՝ ավագ խումբը և երիտասարդները։ Միջին տարիքում՝ 40-65 տարեկան, ցավոք, մենք փոս ունենք։ Գիտատեխնիկական աշխատողների կեսը մինչև 40 տարեկան է, կեսը՝ 65-ից բարձր։    Դուք՝ որպես ԱԱԳԼ-ի տնօրեն, ի՞նչ հնարավորություններ և  ռիսկեր եք տեսնում ակադեմիական քաղաքի ստեղծման և միավորման գործընթացում։ Ծրագիրը երկարժամկետ է, եռափուլ, ինչպես հայեցակարգում է նշված։ Հենց ժամանակի գործոնը՝ երկարաժամկետ լինելը, մեծ ռիսկեր է պարունակում։    Կարո՞ղ եք թվարկել մեկ-երկու ռիսկ։ Օրինակ, թե ինչ ձևով [ծրագիրը] կընթանա, որովհետև երբ դուք երկար ճանապարհ պիտի անցնեք, այդ ճանապարհին ավելի մեծ հավանականությամբ կարող եք բախվել խոչընդոտների, որոնք հաշվի չէիք առել, քան եթե կարճաժամկետ ծրագիր եք անում։ Երկարաժամկետ ծրագրերն այդպիսի ռիսկեր ունեն․ արդյո՞ք կեսից այլ ուղղություն ճանապարհը չի վերցնի, կամ ինչպիսի՞ն կլինի վերցված ուղղությունը։ Եթե գանք բովանդակային մասին, գաղափարները, որոնք նշված են [հայեցակարգում], անխոս, ընկակելի են շատերի համար, ում հետ որ ես խոսել եմ․ ոչ մի արտառոց բան այտդեղ չկա։ Ամբողջ խնդիրը դրա իրականացնումն է։ Իսկապես, դա տալիս է հնարավորություն հետազոտությունը տանելու կրթություն, կադրերի խնդիրը լուծելու և կրթության որակը բարձրացնելու, բայց չպետք է դա անել մեկը մյուսի հաշվին։ Բարձրագույն կրթությունը և հետազոտությունը միշտ նորմալ միջավայրերում եղել են փոխլրացնող։    Վտանգ տեսնո՞ւմ եք, որ գիտության հաշվին է որևէ բան արվելու։  Այդ «հաշվին» բառը որ ասում ենք, կախված է լինելու, թե ինչ ձևով կկազմակերպվի։   Իրավակազմակերպակա՞ն ձևը։ Ե՛վ իրավակազակերպական, և՛ այն, թե հենց տեղում գիտնականներն ինչ ձևով կներգրավվեն կրթական ծրագրերի մեջ։ Իրավակազմակերպականն ավելի լայն բան է՝ ինչ ստատուս կունենան այնտեղ գիտական կազմակերպությունները և բուհերը, բայց թե կրթական ծրագրերն իրականացնելու մակարդակում ինչպես հետազոտական կոմպոնենտը կմիացվի, շատ կարևոր է։ Այս պահին հստակ չէ, և սա հնարավոր ռիսկերից մեկն է։   Կարո՞ղ եք որևէ կոնկրետ օրինակով ներկայացնել այդ ռիսկերից մեկը․ օրինակ՝ եթե գործընթացն իրականացվի այսպես, մենք կունենանք այսպիսի հետևանք։ Մեկ հետևանք արդեն տեսել ենք, և դրա մասին ես նշեցի, երբ ասում էի, որ, օրինակ, եթե դուք ակտիվ գիտնականին տանեք դասախոսական աշխատանքի և պահանջեք, որ նա պետք է 720 ժամ դասավանդի, բնականաբար, նա ինչ-որ ժամանակ հետո կդադարի ակտիվ գիտնական լինելուց, որովհետև անընդհատ դասավանդելով՝ ժամանակ չի ունենա հետազոտությամբ զբաղվելու, ինչ-որ մի ժամանակ հետո անդառնալիության կետը կանցնի, և սա լճացման կբերի, ինչի ականատեսն ենք մենք հիմա։ Եվ հակառակը՝ մարդուն ընդհանրապես դասաժամ չտալ կամ տալ մի ժամ․ սա էլ մյուս ծայրահեղությունն է։ Ես փորձեցի երկու ծայրահեղ օրինակ ասել, որ հնարավորինս պատկերացնեք՝ խնդիրները որտեղ են։  Բալանսավորված և ճիշտ ընտրված տարբերակն է, որ ակտիվ գիտնականին թողնում է մնալ գիտնական, և նա շարունակում է իր ակտիվ հետազոտությունները, ինքնազարգացման շարունակական պրոցեսի մեջ գտնվելով՝ չի լճանում և, միաժամանակ, իր ստացած գիտելիքը փոխանցում է՝ բարձրագույն կրթության համակարգում դասախոսելով։    Ե՞րբ պատրաստ կլինեն ԱԱԳԼ-ի առաջարկները։ Նախատեսում ենք տարվա վերջ կամ մինչև հունվարի կես ունենալ։ Մենք մեր կազմակերպության ներսում պետք է հասկանանք խնդիրը։ Նաև գործընկերների հետ դա պետք է, բնականաբար, քննարկել, հասկանալ, թե նրանց մոտեցումներն ինչպիսին են, որպեսզի հնարավոր լինի բոլոր կողմերի դիրքորոշումները ինչ-որ մի փուլում բերել կառուցողական դաշտ։ Կարելի է քննարկմանը մասնակցել՝ կոնկրետ մի բան պնդելով, բայց ինչ-որ մի փուլում քննարկումն արդյունքի բերում է այն դեպքում, երբ որ կողմերը փորձում են այդ մոտեցումները համադրել իրար և միասին հասկանալ, թե որը կլինի իսկապես շահավետ ամեն մեկի համար առանձին վերցված և ընդհանուր միջավայրի համար առհասարակ։ Մենք շատ հաճախ, կենտրոնանալով միայն մեր կազմակերպությունների վրա, կարող ենք ավելի կարևոր բաներ բաց թողնել։   Աննա Սահակյան
11:56 - 18 նոյեմբերի, 2023
Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով դատարանում հարցաքննվում է Կարեն Շաքարյանը

Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով դատարանում հարցաքննվում է Կարեն Շաքարյանը

44-օրյա պատերազմի ժամանակ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Շաքարյանը ներկայացել է Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի գործով որպես վկա հարցաքննվելու։ Շաքարյանի հարցաքննությունը, սակայն, ընթանում է դռնփակ։ Դեռ հոկտեմբերի 27-ին դատարանը որոշել էր գործի դռնբաց քննությունը փոխել դռնփակի պետական գաղտնիք պարունակող գրավոր ապացույցները ուսումնասիրելու համար։ Գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունը մասամբ է ավարտվել, հետազոտվել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի դիրեկտիվը, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ընդունված Մարտական կանոնադրությունը, ԳՇ պետի, ՊԲ հրամանատարի եւ դիվիզիայի հրամանատարի կարգադրությունները: Դրանից հետո դատարանը փոփոխել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը եւ որոշել դատակոչել վկաներին։ Աբրահամյանի պաշտպան, փաստաբան Արման Թամրազյանը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ապացույցների հաջորդականությունը փոփոխելու եւ վկաներին դատակոչելու միջնորդությունն ինքն է ներկայացրել՝ հաշվի առնելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարեցվում է այն պատճառաբանությամբ, որ վկաները դեռ հարցաքննված չեն․ «Այս գործով դատակոչված 51 վկա կա, եթե այդ տրամաբանությամբ գաղտնի փաստաթղթերը հետազոտենք, հետո անցնենք վկաների հարցաքննությանը, Սեւակ Աբրահամյանը մինչեւ 2030 թիվը կալանքի տակ է մնալու»,- ասաց նա։ Պաշտպանի համար, սակայն, ընդունելի չէ, որ դատարանը, բավարարելով միջնորդությունը, որոշել է, որ վկաների հարցաքննությունը եւս դռնփակ կանցկացվի․ ըստ նրա՝ այս գործով ոչ մի նիստ չպետք է դռնփակ լինի։ Թամրազյանը ենթադրում է, որ Կարեն Շաքարյանից բացի դռնփակ կհարցաքննվեն առնվազն ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը՝ հաշվի առնելով, որ նրանց ցուցմունքները առնչվում են հետազոտված գաղտնի ապացույցներին։ Բայց քանի որ կլինեն վկաներ, որոնց ցուցմունքները դրանց չեն առնչվի, պաշտպանը կմիջնորդի վերանայել դռնփակ քննության որոշումը։  Քրեական գործի նախաքննության փուլում Կարեն Շաքարյանն ու Սեւակ Աբրահամյանը երեք անգամ առերեսվել են։ Առերեսումը նախապես հարցաքննված երկու այն անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում կան էական հակասություններ։ Մեր հարցին, թե տվյալ դեպքում էական հակասությունը կոնկրետ ինչի՞ շուրջ է եղել, Արման Թամրազյանը պատասխանեց․ «Հակասություն, մեծ հաշվով, որպես այդպիսին, չի եղել․ մեղադրանքը կառուցել են սենց, որ մինչեւ ամսի 26-ը՝ ժամը 18 ։00-ն, 6-րդ պաշտպանական շրջանը բոլոր տեղեկությունները նորմալ զեկուցել է, դրանից հետո որոշել է չզեկուցել, դրա վերաբերյալ է՝ իրեն զեկուցել են թե չէ։ Բնականաբար, ամեն մեկն իր մեջքը փակելու համար ասում է՝ չէ, ես տեղյակ չեմ եղել, բայց առերեսման ժամանակ գալիս, ասում է՝ եղել եմ, բայց դրանք առօրյա շարժի մասին զեկուցներ են եղել, որեւէ արտառոց տեղեկություն չի եղել։ Առերեսումից հետո նորից լրացուցիչ հարցաքննում են, ցուցմունքը փոխում են, ուրիշ բան են ասում, գալիս ենք առերեսման, նորից դեմ ենք տալիս, նորից մեր ասածը ընդունում են, հետո նորից են տանում, լրացուցիչ ցուցմունք վերցնում, նորից բերում են․․․ Սա է»։ Պաշտպանը նաեւ ընդգծեց՝ այնպես չէ, որ զորամասի հրամանատարը պիտի անձամբ վերցնի, դիվիզիայի հրամանատարին զեկուցի, զորամասն ունի օպերատիվ հերթապահ, որը զեկույցները ստանում է եւ զեկուցում դիվիզիայի օպերատիվ հերթապահին, զորամասի ամեն ծառայության պետը իր վերադասությամբ դիվիզիայի հրամանատարին զեկուցում է, եւ այդ գործընթացը չի կարող դադարեցվել․ «Եվ ի վերջո, առաջնագիծը կահավորված է եղել տեսադիտարկման համակարգով, որը օնլայն ռեժիմով դիտել են եւ առաջնագծում ծառայություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարները, եւ զորամասի ղեկավարները, եւ դիվիզիայի ղեկավարները, եւ ՊԲ-ն, եւ ԳՇ-ն։ Այսինքն՝ անկախ նրանից, թե զինվորը առաջնագծից զանգում, ինչ է ասում, դու տեսնում ես։ Էն, ինչ դու աչքով տեսնում ես, տեսադիտարկման սարքը քո տեսածից ավելի տեսնում է, գիշերը դու չես տեսնում, էդ սարքը տեսնում է։ Հիմա ես քեզ չեմ զանգում, ասում՝ սենց բան եմ տեսնում, բայց դու ինքդ տեսնում ես, քեզնից բարձր տեսնում են, չէ՞»,- նշեց Արման Թամրազյանը։ Նիստից առաջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Կարեն Շաքարյանից, սակայն նա հրաժարվեց հարցերին պատասխանել՝ նշելով․ «Հետո, հիմա էստեղ չէ»։  Սեւակ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով, «Մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ» եւ «Մարտական կանոնադրությամբ» սահմանված՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Սեպտեմբերի 27-ին հարձակում գործելով՝ հակառակորդը հնարավորություն է ունեցել ժամերի ընթացքում ճեղքել պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք դիտակետերի պաշտպանությունը եւ մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի հետաւքնով հոկտեմբերի 2-ին Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սեւակ Աբրահամյանը 1 տարուց ավելի է՝ կալանավորված է։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Գլխավոր լուսանկարում՝ Կարեն Շաքարյանը Միլենա Խաչիկյան  
15:51 - 17 նոյեմբերի, 2023
Արցախցին դուրս է մնացել աջակցության ծրագրից ՀՀ–ում հաշվառվելու պատճառով

Արցախցին դուրս է մնացել աջակցության ծրագրից ՀՀ–ում հաշվառվելու պատճառով

Արմինե Վանյանն իր 7 հոգուց բաղկացած ընտանիքի հետ Արցախից բռնի տեղահանվել եւ Հայաստան է հասել սեպտեմբերի 29-ին։ Երեւանում բնակարան վարձակալելով՝ ընտանիքի բոլոր անդամները հոկտեմբերին ստացել են ՀՀ կառավարության կողմից հատկացվող 50-հազարական դրամը. 40-հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու եւ 10-հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Նոյեմբերին, սակայն, Արմինեի մայրը՝ 72-ամյա Անուշ Անաստասյանը, իր տվյալները մուտքագրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում՝ հաջորդ ամիսների աջակցության դիմում ներկայացնելու համար, բայց պարզվել է, որ վերջինս դուրս է մնացել ծրագրից՝ իր իսկ վարձակալած ժամանակավոր կացարանի հասցեում հաշվառվելու պատճառով։  Արմինեն պատմում է, որ մոր անձնագրի վավերականությունը Արցախի շրջափակման օրերին լրացել է։ Երեւան գալուց հետո դիմել են անձնագրային բաժանմունք այն վերաթողարկելու համար։ Հոկտեմբերի 5-ին Անաստասյանին տրվել է նոր անձնագիր։ Օրեր անց՝ նոյեմբերի 8-ին, անձնագրային ծառայությունը նրան հանել է Ստեփանակերտի իր տան հասցեի հաշվառումից եւ հաշվառել Երեւանում վարձակալած բնակարանի հասցեում։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 9-ին, նա ստացել է փախստականի վկայական։ Անաստասյանի նոր անձնագրում նախկին 070 կոդի փոխարեն նշվել է 001։ Անձնագրային յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր համապատասխան կոդը, որը նշում է անձնագիր տրամադրելիս։ Տվյալ դեպքում 070-ը Ստեփանակերտի անձնագրային բաժանմունքի կոդն է, իսկ 001-ը՝ Հայաստանի անձնագրային եւ վիզաների վարչության։ Դուստրը՝ Արմինեն, ենթադրում է, որ կոդի այս փոփոխության հետեւանքով է մայրը զրկվել սոցիալական աջակցության իրավունքից․  «Իմ մաման մեծ կին է, նման հարցերի մեջ չի խորանում, իրեն ոչ ոք ոչինչ չի ասել այդ փոփոխության մասին, չեն տեղեկացրել, թե ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել․․․ Ընդհանրապես, շատ անհասկանալի իրավիճակ է, ես զանգեցի Սոցապ նախարարություն՝ ճշտեմ՝ ինչումն է խնդիրը, ասացին՝ եթե 001 կոդով է, օրենքով շահառու չէ, հարցրի՝ ըստ իրենց այդպես ճի՞շտ է, ասացին, որ արդեն պատասխանեցին իմ հարցին․ եթե չփոխվի, չի օգտվելու, իսկ եթե չեք ուզում, եկեք, դիմում գրեք, որ անձնագիրը փոխելու պատճառով չեք կարողանում ստանալ այն [աջակցությունը], ինչ հասնում է, բայց դա, ըստ իս, աբսուրդ է․․․ Իմ մամայի համար մեկ է, ինքն ասում է՝ գուցե էդ 50 հազարը ավելի կարիքավոր մարդ ստանա, բայց ինձ համար անհասկանալի է ու անարդարացի։ 250 հազարը քիչ փող չէ, հատկապես, եթե ինքն իր ամեն ինչից զրկված է»,- ասում է Արմինեն։ Արմինեի համար անհասկանալի է նաեւ այն, որ մորը հաշվառել են Երեւանի մի բնակարանում, որն իրենք կարճ ժամանակով վարձակալել են եւ առաջիկայում պատրաստվում են տեղափոխվել։ «Անձնագրի կոդի կամ հաշվառման հասցեի փոփոխությունը բռնի տեղահանված անձին չպետք է զրկի սոցիալական աջակցության ծրագրերից»․ անձնագրային բաժնի պետ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային բաժնի պետ Աննա Մակարյանը, անդրադառնալով ՀՀ և ԼՂՀ անձնագրային կոդերի տարբերությանը, պարզաբանում է՝ մինչեւ վերջերս 070 կոդով անձնագրեր տրամադրվել են բացառապես Ստեփանակերտում, իսկ Հայաստանը, որպես աջակցող պետություն, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անձնագրեր տրամադրել է իր անձնագրային ծառայությունների համապատասխան կոդերով՝ Արցախի գործընկեր ծառայություններին հարցում անելու եւ դրական դիրքորոշում ստանալուց հետո։ Միայն բռնի տեղահանումից հետո՝ 2023 թ-ի հոկտեմբերի 12-ից է որոշվել, որ Հայաստանը կտրամադրի 070 կոդով անձնագրեր, որ ԼՂ-ի՝ ՀՀ-ում գտնվող բոլոր քաղաքացիներին հնարավոր լինի տարբերակել։  Ինչ վերաբերում է ԼՂ քաղաքացիների հաշվառման հասցեի փոփոխությանը, Մակարյանի խոսքով՝ սեպտեմբերի 19-ից մինչեւ հոկտեմբերի 26-ը նման գործընթաց չի իրականացվել։ Հոկտեմբերի 26-ին, երբ Կառավարությունը որոշել է բռնի տեղահանվածներին վերցնել ժամանակավոր պաշտպանության ներքո, այդ պաշտպանությունը տարածվել է այն անձանց վրա, որոնք գտնվում են ՀՀ-ում, իսկ ՀՀ-ում գտնվելով՝ նրանք չեն կարող ունենալ ԼՂՀ հասցե։ Անձնագրում նշվող հաշվառման հասցեն կարող է լինել անձի ե՛ւ փաստացի (որի դեպքում ոստիկանության տեղամասային տեսուչն է ստուգում կատարում), ե՛ւ մշտական բնակության հասցեն (որի դեպքում սեփականատերն է համաձայնություն տալիս կամ հենց տվյալ անձն է հանդիսանում սեփականատեր)։ Ընդ որում, անձը կարող է ունենալ երկու հասցեներն էլ, այսինքն՝ հաշվառված լինի մի հասցեում, բնակվի՝ մյուսում, սակայն բնակչության պետական ռեգիստրում նշվում է միայն մեկ՝ փաստացի կամ մշտական հաշվառման հասցեն։  Տվյալ դեպքում, ստացվում է, որ Անուշ Անաստասյանի անձնագրում նշված վարձակալության բնակարանի հասցեն նրա փաստացի հաշվառման հասցեն է, քանի որ մշտական բնակության հասցեն այլեւս գոյություն չունի։  Անձնագրային բաժնի պետի հավաստմամբ՝ ո՛չ հաշվառման հասցեի փոփոխությունը, ո՛չ էլ անձնագրում կոդի փոփոխությունը չպետք է հանգեցնեն բռնի տեղահանված անձի՝ սոցիալական աջակցության ծրագրի շահառու չհանդիսանալուն։ Միաժամանակ, այդ փոփոխություններն անձին չեն շնորհում ՀՀ քաղաքացիություն, քանի որ դա բոլորովին այլ գործընթաց է։ Այդ փոփոխությունները նաեւ որեւէ կերպ չեն ազդում Արցախում նրանց ունեցած անշարժ գույքերի սեփականության իրավունքների վրա։ Մակարյանի խոսքով՝ քանի որ աջակցություն տրամադրողը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, Անձնագրային բաժինը չունի այդ տեղեկությունը եւ չի կարող պարզաբանել, թե ինչու համակարգը Անուշ Անաստասյանին որպես շահառու չի ճանաչում։  Անուշ Անաստասյանի՝ անձնագիր ստանալու հարցում միակ խնդիրն այն է եղել, որ որպես փախստական՝ նա պետք է ունենար 070 կոդով անձնագիր, բայց քանի որ անձնագրի փոփոխության համար դիմել է նախքան Հայաստանում 070 կոդով անձնագրեր տրամադրելու որոշման կայացումը, ստացել է Հայաստանի կոդով անձնագիր։ Թե բռնի տեղահանումից մինչեւ հոկտեմբերի 12-ի որոշումը քանի այդպիսի դեպք է եղել, այս պահին հայտնի չէ։ Ըստ Մակարյանի՝ նման վիճակագրություն չի հավաքագրվել։ Կառավարությունը պատրաստվում է փոփոխել ՀՀ-ում հաշվառված լինելու հիմքով բռնի տեղահանվածներին սոցիալական աջակցությունից զրկելու իր որոշումը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Անուշ Անաստասյանի դեպքի վերաբերյալ պարզաբանում ստանալու խնդրանքով դիմեցինք նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը հայտնեց, որ Կառավարության որոշմամբ ի սկզբանե նախատեսվել է, որ Հայաստանում հաշվառված անձինք ամսական 50-հազարական դրամ աջակցության շահառու չեն համարվում, սակայն Կառավարության վաղվա նիստում այդ սահմանափակումը հանվելու է։ Կառավարության վաղվա նիստի օրակարգում, սակայն, այս պահի դրությամբ հրապարակված չէ աջակցության հիշյալ ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որեւէ նախագիծ։ «Ինֆոքոմն» այս մասին մանրամասներ կներկայացնի վաղը տեղի ունենալիք նիստից հետո։ Ի պատասխան մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ սահմանափակման պատճառով բռնի տեղահանվածներն այս ընթացքում զանգվածաբար այս նույն խնդրի առաջ կանգնած լինեն, Մանուչարյանը պատասխանեց, որ նոյեմբերի 15-ի դրությամբ՝ 50 հազարական դրամների` հոկտեմբեր ամսվա աջակցությունից օգտվել է 99 հազար 850 անձ, ինչն արդեն իսկ վկայում է, որ խնդիրը զանգվածային բնույթ չի կրել։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ այդ անձինք առաջին ամսվա աջակցությունից օգտվել են, քանի որ չեն դիմել կամ առնվազն այդ պահի դրությամբ դիմած չեն եղել՝ իրենց հաշվառումը փոխելու։ Զառա Մանուչարյանի խոսքով՝ նախարարությունը դեռ իրականացնում է հոկտեմբեր ամսվա փոխանցումները, իսկ նոյեմբերի փոխանցումներն առայժմ չեն սկսել։ Աջակցության ծրագրերով փոխանցումների մասին Արցախից բռնի տեղահանված անձինք կարող են տեղեկանալ dimum.ssa միասնական սոցիալական ծառայության համակարգի  միջոցով։ Արցախահայությանը տրամադրված ՀՀ անձնագրերը նրանց չեն շնորհել ՀՀ քաղաքացիություն Բռնի տեղահանումից հետո արցախահայության քաղաքացիության եւ կարգավիճակի հարցը դարձել է օրակարգային։ Հատկապես նրանց փախստական ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումից հետո հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես կարող է ՀՀ անձնագիր ունեցող անձը իր իսկ քաղաքացիության երկրում համարվել փախստական։ Բանն այն է, որ 1999 թ․ փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ կնքվել է «Անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր), որի հիման վրա ՀՀ-ն որոշակի հանգամանքներում ԼՂՀ բնակչությանը տրամադրել է անձնագրեր։ Համաձայնագիրը համացանցում հրապարակված  չէ, սակայն դրա որոշ դրույթներ քննարկվել եւ ներառվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ կամ Եվրոպական դատարան) «Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2015 թ․-ի վճռում։ Վճռի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Համաձայնագրով ՀՀ-ն եւ ԼՂՀ–ն (այսուհետ՝ Կողմեր) համաձայնել են, որ իրենց քաղաքացիները Կողմերից յուրաքանչյուրի տարածքում ունենան ազատ տեղաշարժվելու եւ բնակվելու իրավունք։ Սահմանվել է, որ մինչեւ ԼՂՀ–ի միջազգայնորեն ճանաչումը ԼՂՀ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են դուրս գալ ԼՂՀ կամ ՀՀ տարածքներից, Համաձայնագրի շրջանակներում կարող են դիմել եւ ձեռք բերել ՀՀ անձնագիր։ Կողմերը համաձայնել են նաեւ, որ ԼՂՀ քաղաքացիների՝ ՀՀ անձնագիր ձեռք բերելը նրանց չի շնորհում ՀՀ քաղաքացիություն։ Ըստ Համաձայնագրի՝ այդ անձնագրերը ԼՂՀ քաղաքացիների կողմից կարող են օգտագործվել միայն ՀՀ եւ ԼՂՀ տարածքներից դուրս ճամփորդելու նպատակով։  Նույն թվականին ընդունվել են նաեւ այս Համաձայնագրի կիրառման հետ կապված կարգավորումներ, ըստ որոնց՝ ԼՂՀ-ի բնակիչներին հայկական անձնագրեր տրվում է միայն բացառիկ դեպքերում, երբ արտասահման մեկնելու նպատակը բուժում ստանալն է, կրթությունը կամ անձնական բնույթի այլ խնդիր:  ՄԻԵԴ–ում գործի քննության ժամանակ ՀՀ կառավարությունը նշել է, որ ԼՂՀ-ն իր քաղաքացիներին տրամադրել է անձնագրեր, եւ նրանք այդ քաղաքացիության հիման վրա ունեցել են քաղաքական իրավունքներ եւ քաղաքացիական պարտականություններ, իսկ Համաձայնագրի շրջանակում, ըստ ՀՀ կառավարության, ՀՀ անձնագրեր է տրամադրվել ավելի քիչ, քան 1000 անձի։  Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանի ժամանակավոր պաշտպանության ներքո են մինչև 2024 թ․ հոկտեմբերի 28-ը Ինչպես նշեցինք, այս տարվա հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագրի եւ դրա տրամադրման կարգը։ Որոշումը կայացվել է՝ ի թիվս այլնի, հաշվի առնելով, որ ԼՂ բնակիչները շարունակաբար զրկված են իրենց մշտական բնակության երկիր վերադառնալու հնարավորությունից՝ պայմանավորված 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի որոշ շրջաններից նրանց բռնի տեղահանումով, 2022 թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով եւ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակմամբ։  Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվել՝ ԼՂ բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք, ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ում, Այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ-ի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում եւ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից։ Որոշումը չի տարածվում վերոնշյալ կետերին համապատասխանող, սակայն այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց վրա։ ժամանակավոր պաշտպանությունը տրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ժամկետի հաշվարկը սկսվում է որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ 2023 թ․-ի հոկտեմբերի 28-ից։ Այսինքն՝ այս պահի դրությամբ՝ Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանի ժամանակավոր պաշտպանության ներքո են մինչեւ 2024 թ․ հոկտեմբերի 28-ը։   Գլխավոր լուսանկարում՝ Արմինե Վանյանը Միլենա Խաչիկյան
23:50 - 16 նոյեմբերի, 2023
Պաշտոնյաների հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստր․ սպասումներ և իրականություն

Պաշտոնյաների հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստր․ սպասումներ և իրականություն

2020 թվականից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեկնարկել է հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի նախագծման և ստեղծման գործընթաց, որի արդյունքում ենթադրվում էր նաև համակարգի հանրային հատվածի, մասնավորապես՝ հայտարարագրերի հրապարակային ռեեստրի բարելավում, հայտարարագրերի ուսումնասիրության գործիքների ընդլայնում։ 2023 թվականին գործարկված նոր ռեեստրում, սակայն, որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել:   Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն ինստիտուցիոնալ դերակատարներից է։ Հանձնաժողովի հիմնական գործառույթներից է հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերը ստանալը, ստուգելն ու վերլուծելը։ Հանձնաժողովն է հրապարակում հայտարարագրերը և վարում հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ռեեստրը, սահմանում գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերի ներկայացման կարգը, դրանց վերլուծության մեթոդաբանությունը և ռիսկային չափորոշիչները, ինչպես նաև քննում և լուծում հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվեց 2019-ի նոյեմբերին՝ հայտարարագրման գործընթացի կանոնակարգման մասով, ըստ էության, փոխարինելով նախկինում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Նոր կառույցի ձևավորումից հետո, սակայն, հայտարարագրերի ստացումը, ստուգումը, վերլուծությունը և հրապարակումը շարունակվեց իրականացվել հին համակարգով։ Հանձնաժողովի ձևավորումից միայն 2 տարի անց՝ 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկեցին հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգի ստեղծման աշխատանքները, որը, ինչպես նշված է Հանձնաժողովի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում, Հանձնաժողովը նախագծել էր 2020-ին։  2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում նշվում է. «2020 թվականի ընթացքում, ելնելով հայտարարագրերի վերլուծության արդյունավետությունն ու օգտակարությունը մեծացնելու անհրաժեշտությունից, Հանձնաժողովը մշակել է ամբողջությամբ ավտոմատացված, արհեստական բանականության հիմքով ռիսկային ցուցիչների վերլուծություններ իրականցնող էլեկտրոնային համակարգի նախագիծ, որն օբյեկտիվորեն հավակնում է կոռուպցիայի դեմ պայքարում թվային տեխնոլոգիաների ներդրման լավագույն փորձերից մեկը հանդիսանալ։ Այն ներառում է ոչ միայն հայտարարգրերի վելուծության, այլ նաև բարեվարքության գնահատման բաղադրիչները, հայտարարատուների կողմից համակարգի օգտագործման և հանրային մատչելիության ապահովման արդյունավետ գործիքներ»։  Հանձնաժողովի ձևավորումից ավելի քան երեք տարի անց, 2023-ի փետրվարի 1-ից  Հանձնաժողովը գործարկեց հայտարարագրերի ներկայացման նոր էլեկտրոնային համակարգը, որից 4 ամիս անց՝ հունիսի 9-ին գործարկվեց նաև հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստրի նախնական տարբերակը։   Խնդիրներ հին և նոր ռեեստրներումՆոր ռեեստրում հայտարարատուների ընտանիքի անդամների հայտարարագրերը գտնելն ավելի է բարդացել  Հին հայտարարագրերի հրապարակային ռեեստրում հայտարարատուի վերաբերյալ բոլոր տվյալները ներկայացված էին նրա անվանական էջում։ Այդ էջը ներառում էր հայտարարատուի լուսանկարը, ընթացիկ պաշտոնի և ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ։ Պաշտոնյայի էջում, բացի իր հայտարարագրերից, տեղադրված էին նաև նրա ընտանիքի անդամների՝ բոլոր տարիներին ներկայացրած հայտարարագրերը։ Այսպիսով, հեշտությամբ հնարավոր էր մի կետից ուղիղ հասանելիություն ստանալ թե պաշտոնյայի, թե նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերին, միաժամանակ վերլուծել դրանք և ստուգել՝ արդյո՞ք նրանք ներկայացրել են օրենքով պահանջվող բոլոր հայտարարագրերը։ ։ Վերոնշյալը կարևոր հնարավորություն էր լրագրողների, քաղհասարակության և հանրության անդամների համար, քանի որ հայտարարատու պաշտոնատար անձի բարեվարքության, նվերներ ընդունելու սահմանափակումների պահպանման, շահերի բախման իրավիճակի առկայության, գույքային վիճակի բարելավման կամ ծախսի՝ օրինական եկամուտներով հիմնավորվածության, հայտարարագրերում ներկայացված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը ենթադրում է հայտարարատուի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերի համալիր վերլուծություն։ Ձախից՝ հին ռեեստրում հայտարարատուի անվանական էջը, աջից՝ նոր ռեեստրում հայտարարատուի տվյալներով որոնման արդյունքները Հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստրը որոշակիորեն բարդացնում է այս վերլուծության իրականացումը․ հայտարարատու պաշտոնական անձանց համար առկա չեն առանձնացված անվանական էջեր։ Նոր ռեեստրում նախ պետք է փնտրել պաշտոնատար անձի հայտարարագիրը, այնուհետև դրանում գտնել ընտանիքի անդամների տվյալները, որից հետո կրկին հատ առ հատ փնտրել ու գտնել ընտանիքի անդամների հայտարարագրերը։ «Հետք» ինտերնետային պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը կարծում է, որ ռեեստրի բարեփոխումն ավելի շատ ձևական բնույթ է կրում. ֆունկցիոնալ բարելավում տեղի չի ունեցել։ «Ռեեստրի ամենամեծ խնդիրն այն է, որ եթե նախկինում պաշտոնյայի հայտարարագրի ներքևում երևում էին նաև նրա հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը, հեշտ էր դա գտնելը։ Հիմա մեկ առ մեկ պետք է որոնման դաշտում գրես իր անունը, որ բերի»,- «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց Բալասանյանը։Հին ռեեստրից պետական մարմինների և այդ մարմինների հայտարարատու անձանց  ցանկը անհետացել էր, նորում՝ խնդիրը լուծվել Հին ռեեստրում ժամանակին առկա էր պետական մարմինների և այդ մարմիններում աշխատող հայտարարատու անձանց ցանկը, որը վերջին տարվա ընթացքում անհետացել էր։ Սա էապես բարդացնում էր լրագրողների աշխատանքը։ Պետական մարմինների ցանկը հին ռեեստրում Առանց այս ցանկի դժվար է կողմնորոշվել, թե քանի հայտարարատու անձ կա պայմանական պետական մարմնում և ովքեր են նրանք։ Այսինքն, առանց պետական կառույցի հայտարարատու անձանց ցանկն ունենալու՝ հայտարարագրերի ուսումնասիրությամբ զբաղվողը չի կարողանա գտնել տվյալ կառույցի բոլոր հայտարարատու պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերը։  Այս խնդրի մասին բազմիցս բարձրաձայնվել է, այդ թվում՝ Հանձնաժողովի հետ բաց և փակ հանդիպումների ժամանակ, բանավոր հարցումների միջոցով։ Պարբերաբար հավաստիացնում էին, որ խնդիրը կկարգավորվի։ Հետագայում Հանձնաժողովը, ի պատասխան այս հարցերի, հորդորեց սպասել նոր ռեեստրի գործարկմանը, որտեղ նման ֆունկցիոնալ առկա կլինի։ Նոր ռեեստրի գործարկմամբ այս խնդիրը լուծվեց, բայց ոչ ամբողջովին․ նոր ռեեստրում արտացոլված են միայն 2021 և 2022 թվականների հայտարարագրերը, իսկ 2011-2020 թվականների հայտարարագրերը շարունակում են մնալ միայն հայտարարագրերի հին ռեեստրում, հետևապես նշված տարիների հայտարարագրերի ուսումնասիրության համար այս խնդիրը դեռևս արդիական է։ Հայտարարագրերի լրացման անճշտություններ Եվ հին, և նոր ռեեստրներում հրապարակված հայտարարագրերում հաճախ հանդիպում են անճշտություններ, վրիպակներ կամ բացակայող տվյալներ։ Սա ևս բարդացնում է հրապարակային ռեեստրներից օգտվողների աշխատանքը, քանի որ ամեն մի վրիպակ և անճշտություն անհրաժեշտ է լինում ստուգել լրացուցիչ հարցումների միջոցով։ Թվարկենք մի քանի օրինակ. Հին ռեստրում հրապարակված հայտարարագրերում երբեմն կարող էին բացակայել պարտադիր լրացման ենթակա որոշ տվյալներ։ Ստորև ներկայացված հայտարարագրում, օրինակ, բացակայում է տարվա վերջում առկա փոխառության արժույթը, ինչը խառնաշփոթի և անճշտությունների հիմք է տալիս։ Մասնավորապես, տարվա ընթացքում պաշտոնյան հայտարարագրել է 1․7 մլն ՀՀ դրամի վերադարձված փոխառություն, իսկ տարվա վերջում առկա փոխառության դաշտում լրացված է միայն գումարի դաշտը՝ 3612, բայց անհայտ է՝ ՀՀ դրա՞մ, ԱՄՆ դոլա՞ր, Եվրո՞, թե մեկ այլ արժույթ։ Արժույթի դաշտում նշման բացակայությամբ հայտարարագրի օրինակ (հին ռեեստր) Նոր համակարգում արժույթները միացված են թվային արժեքներին և արժույթը նշելը դարձել է պարտադիր, սակայն այստեղ էլ են հանդիպում անճշտություններ։ Ստորև ներկայացված օրինակում որպես կանխիկ հայտարարագրվել է XXX անհայտ արժույթով գումար։ Անհայտ արժույթով կանխիկի նշմամբ հայտարարագրի օրինակ (նոր ռեեստր) Այս խնդիրը կարող էր չծագել, եթե որոշակի սահմանափակումներ դրվեին նշված դաշտերում։ Այդպիսով, հայտարարատու անձը, հերթական հայտարարագիրը լրացնելիս, չէր կարողանա համակարգ մուտքագրել այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանում պահանջվող ձևաչափին։ Հայտարարագրման համակարգում առկա են սահմանված դաշտերին չհամապատասխանող տվյալների լրացման հնարավորություններ։ Հին համակարգում, օրինակ, հայտարարատուներից մեկին հաջողվել էր պաշտոնի դաշտում գրել «չեմ աշխատում»։Պաշտոնի դաշտում պաշտոն չարտահայտող այլ տեքստի լրացմամբ հայտարարագրի օրինակ (հին ռեեստր)Այստեղ հարց է առաջանում. ինչպե՞ս է համակարգը թույլ տվել պաշտոնի փոխարեն լրացնել որևէ պաշտոն չարտահայտող այլ տեքստ կամ, եթե տվյալ պաշտոնյան 2021 թվականին չի աշխատել, ապա ինչպե՞ս է ներկայացրել տարեկան հայտարարագիր։ Եվ հին, և նոր ռեեստրում որոշ հայտարարագրերի «Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալները» բաժնում, ընտանիքի անդամի գործատուի փոխարեն նշված է պաշտոնյայի գործատուի անունը։ Այս սխալները, հավանաբար, պաշտոնատար անձանց անուշադրության կամ հայտարարագրի լրացման ուղեցույցին չհետևելու արդյունք են։ Բայց նմանատիպ խնդիրներից կարելի է խուսափել, եթե համակարգը հայտարարատու պաշտոնատար անձի և ընտանիքի անդամի գործատուի տվյալների համընկնման պարագայում՝ լրացուցիչ ազդանշանային պատուհանում նախազգուշացնի այդ մասին հայտարարագիրը լրացնողին։ Ընտանիքի անդամի գործատուի փոխարեն պաշտոնյայի գործատուի նշման օրինակներ (վերևում՝ հին ռեեստր, ներքևում՝ նոր ռեեստր) Համակարգում տվյալների ներկայացման հստակ ձևաչափերի, դրանց սահմանափակումների, շփոթություն առաջացնելու հավանականություն ունեցող դաշտերի համար լրացուցիչ նախազգուշացումների/վերահաստատումների համակարգի առկայության դեպքում՝ հնարավոր կլինի խուսափել տվյալների ոչ լիարժեք կամ սխալ ներկայացնելու բարդություններից, որոնք կարող են ազդել և՛ Հանձնաժողովի, և՛ արտաքին դիտարկողների աշխատանքի արդյունավետության վրա։   Հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստր․ ի՞նչ ունենք այսօր Հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը դիտվում էր որպես նախորդ համակարգի խնդիրների լուծման հիմնական միջոց։ Հանձնաժողովի և լրագրողական համայնքի միջև քննարկումների ժամանակ նշվում էր, որ նոր համակարգը գալիս է լուծելու առկա տեխնիկական և ֆունկցիոնալ խնդիրները, ավելին՝ ստեղծվելու են հայտարարագրման ինստիտուտի հանրային վերահսկողության բազմաթիվ հնարավորություններ։ 2023-ի մարտին՝ նոր համակարգի գործարկմանը զուգահեռ, «Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը» հրապարակեց «Ժողովրդավարության թվայնացումը. ինչպես են տեխնոլոգիաները փոխում կառավարությունների հաշվետվողականությունը» էսսեների ժողովածուն, որում ներառված էր նաև Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ «Կոռուպցիայի հակազդումը Հայաստանում՝ կիրառելով արհեստական բանականությունը» էսսեն։  Էսսեում նշվում էր, որ Հանձնաժողովը 2020-ի մարտից մեկնարկել է մի թվային նախագիծ, որի նպատակն է դյուրացնել պաշտոնյաների հաշվետվողականության ապահովումը։  «Հանձնաժողովը որոշել է պետական պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը հավաքելու, պահելու և վերլուծելու համար մշակել նոր թվային հարթակ՝ օգնելու հետաքննողներին, լրագրողներին և հանրությանը վերլուծել տվյալները և գտնել պաշտոնյաների չարաշահումների նշաններ։ Այս նախագծի շրջանակներում Հանձնաժողովը նախատեսում է կիրառել արհեստական բանականության/մեքենայական ուսուցման հնարավորություններով ալգորիթմական գործիք՝ հազարավոր էլեկտրոնային հայտարարագրերը մաղելու և «կարմիր դրոշներ» գտնելու համար»,- նշվում է հոդվածում։ Էսսեում Հարությունյանը թվարկում էր նախորդ համակարգի մի շարք թերություններ և նշում, որ գործնականում հայտարարագրերի նախորդ հարթակն ավելի շատ միտված էր ազգային հակակոռուպցիոն ռազմավարության պահանջները պաշտոնապես բավարարելուն, այլ ոչ թե պաշտոնյաներին հաշվետու դարձնելուն։ Նույնիսկ եթե հայտարարատու անձինք ընտրում էին հայտարարագիրը լրացնել էլեկտրոնային եղանակով, այդ հայտարարագրերը պահպանվում էին PDF ֆորմատով։ Նման թերությունների պատճառով բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին վերլուծել հայտարարագրերում առկա տվյալները, պետք է նախ դուրս բերեին դրանք, հետո նոր համեմատեին այլ աղբյուրներում առկա տվյալների հետ։  Հարությունյանը նաև հավելում էր, որ չնայած հայտարարագրերի հրապարակայնությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին դժվար էր աշխատել այդ ձևաչափերով տվյալների հետ։ 7 ամիս առաջ հրապարակված այս էսսեում Հարությունյանը, ի թիվս սպասվող մի շարք նորարարությունների,  նշում էր նաև API-ի ներդրման հնարավորության մասին, որը թույլ կտա լրագրողներին, ակտիվիստներին և քաղաքացիներին օգտագործել իրենց սեփական ծրագրային գործիքները հայտարարագրերում առկա տվյալների հետ աշխատելու համար։  Այս էսսեի հրապարակումից հետո՝ 2023 թվականի մայիսի 18-ին Հանձնաժողովը լրագրողների հետ կազմակերպեց աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվեց համակարգի հանրային հատվածի առաջարկվող տարբերակը։ Գործարկվող նոր համակարգը խոստանում էր լուծել հին համակարգում առկա բազմաթիվ խնդիրներ, լրագրողների և հանրության համար ստեղծել բազմաֆունկցիոնալ որոնման նոր գործիքներ, այդ թվում՝ հայտարարագրման պարտավորություն ունեցող, բայց հայտարարագիր չներկայացրած անձանց ֆիքսելու,  excel ձևաչափով հայտարարագիրը ներբեռնելու, ռեեստրի հանրային հատվածի հետ աշխատելու համար API-ի օգտագործման հնարավորություններ։ Այս հանդիպումից օրեր անց գործարկվեց հայտարարագրերի նոր ռեեստրի նախնական տարբերակը։ Այդ մասին տարածված հաղորդագրությունում Հանձնաժողովը նշում էր, որ փորձարկման փուլում է հայտարարագրերը pdf և excel տարբերակներով արտահանելու հնարավորությունը։ Հայտարարագրերի հրապարակային ռեեստրի նախնական տարբերակի գործարկումից 5 ամիս անց, սակայն, հին և նոր համակարգերի ընձեռած հնարավորություններում դեռևս էական տարբերություններ չեն նշմարվում։ Ավելին, նախորդ տարիների հայտարարագրերի մեծ մասը (2011-2020թթ․) շարունակում են արտացոլվել հին ռեեստրում, և դրանց ուսումնասիրությունը ենթադրում է շարունակական առնչություն հին համակարգի խնդիրների հետ։ Ինչպես արդեն նշվեց, նոր համակարգում վերականգնվել է ըստ պետական մարմինների որոնման հնարավորությունը, որոշակի առաջընթաց է գրանցվել տվյալների՝ պահանջվող ձևաչափերին համապատասխան ներկայացման ուղղությամբ։  Բացի այդ՝ ավելացել է ըստ հայտարարատուի հայրանվան, հայտարարագրի տեսակի և հայտարարատուի տեսակի որոնման հնարավորություն։ Փոխարենը, սակայն, վերացվել է հայտարարատուի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերին նույն էջից հասանելիություն ստանալու հնարավորությունը։   Լրագրող Գրիշա Բալասանյանը նշում է. «Հանձնաժողովը նախկինում ամպագորգոռ հայտարարում էր, թե ռեեստրով որոնելու համար գործիքներն ավելի շատ էին լինելու։ Այսինքն՝ նույնիսկ գումարի չափով, գույքի տեսակով, քանակով հնարավոր էր լինելու զտել պաշտոնյաներին ու հայտարարագրերը ստանալ։ Դա ևս չեղավ, բայց այս դարում դա տարրական աշխատանք է»։  Վերջինիս համար ևս անհասկանալի է՝ ինչու՞ այժմ կա երկու ռեեստր՝ 2021 թվականը ներառյալ, և դրանից հետո ինչու՞ չեն միացվել ու սինխրոնացվել այս երկու ռեեստրները. «Իրականում ոչ մի բարելավում չկա, նույնիսկ որոշ բաներ ավելի վատացել են։ Լրագրողները, քաղաքացիները եթե մի քիչ փորձ չունենան, այդ ռեեստրում ուղղակի կխճճվեն»։ Նոր ռեեստրի վերջնական տարբերակի գործարկման ժամկետների, այժմ գործող տարբերակում առկա խնդիրների ու բացակայող գործիքների, բոլոր տարիների հայտարարագրերի տվյալների՝ ամբողջությամբ նոր ռեեստր տեղափոխելու ժամկետների, այլ գործիքների ավելացման անհրաժեշտության և Հանձնաժողովի կողմից այս ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին փորձեցինք զրուցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծություն վարչության պետ Կարեն Հակոբյանի հետ։ Զրույցը այս փուլում հնարավոր չեղավ կազմակերպել՝ պայմանավորված Հակոբյանի խիստ ծանրաբեռնվածությամբ։ Փոխարենը նա խնդրեց Հանձնաժողովին գրավոր ուղարկել մեր արձանագրած խնդիրները։ Սակայն բոլոր խնդիրների, բացակայող կամ առաջարկվող նոր գործիքների վերաբերյալ դետալային քննարկումն ու Հանձնաժողովի տեսակետների հստակեցումը իրատեսական չէ իրականացնել գրավոր ընթացակարգով։   Ի՞նչ լրացուցիչ գործիքների անհրաժեշտություն կա Ինչպես արդեն նշվեց, հայտարարագրերի հրապարակային նոր ռեեստրը, հնի հետ համեմատությամբ, էական փոփոխություններ չի կրել։ Ստորև ներկայացնում ենք մի շարք գործիքներ, որոնց առկայությունը էականորեն կարող է բարձրացնել լրագրողների, քաղհասարակության ներկայացուցիչների կողմից պաշտոնյաների հայտարարագրերի արդյունավետ ստուգման և այլ աղբյուրներից ստացվող տվյալների հետ համադրման հնարավորությունը, ինչպես նաև հայտարարագրման գործընթացի և Հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությունը․ API-ի առկայություն, որը հնարավորություն կտա լրատվամիջոցներին, քաղհասարակության ներկայացուցիչներին ստեղծել ռեեստրում առկա տվյալների վերլուծության լրացուցիչ գործիքներ, Հայտարարատու անձի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը որպես մեկ ընդհանուր հայտարարագիր դիտարկելու հնարավորություն։ Այսինքն՝ հաշվիչ, որը կմեկտեղի բոլորի հայտարարագրերի նույնական դաշտերում գտնվող տվյալները և հնարավորություն կտա համալիր պատկեր ունենալ ընտանիքի գույքի, եկամուտների, վարկերի և փոխառությունների մասին։ Հաշվիչը պետք է  հաշվի առնի նաև համատեղ գույքի, միմյանց տրված գույքային և դրամական նվիրատվությունների, համատեղ փոխառությունների, վարկերի առկայությունը։ Ուսումնասիրողի կողմից համակարգում սեփական ռիսկային ցուցանիշների նկարագրման, դրանց համապատասխան տվյալների ֆիլտրացիայի ու արտածման հնարավորություն։ Նման մանրամասն ֆիլտրերի ստեղծման անհնարինության դեպքում առնվազն մի շարք հանրահայտ ռիսկային ցուցանիշներով կամ դրանց  համադրությամբ հայտարարագրերի ֆիլտրման և արտածման հնարավորություն։ Օրինակ՝ ըստ ստացված եկամուտների, ըստ ձեռքբերված գույքի քանակի կամ արժեքի, ըստ կատարված ծախսերի  և այլն։   Մկրտիչ Կարապետյան Կատյա Մամյան
18:19 - 11 նոյեմբերի, 2023
Միջինում 100 ուղևորից մեկն է օգտվում Երևանի ավտոբուսների տոմսային միասնական համակարգից

Միջինում 100 ուղևորից մեկն է օգտվում Երևանի ավտոբուսների տոմսային միասնական համակարգից

Արդեն 3 տարի է, ինչ քննարկվում է Երևանում երթուղային տրանսպորտի տոմսային միասնական համակարգի ներդրումը։ Այս համակարգի միջոցով ուղևորները պետք է կարողանան անկանխիկ վճարել ուղեվարձը՝ հեռախոսային հավելվածի, բանկային քարտի, Mifare քարտի և QR կոդ պարունակող մեկանգամյա տոմսերի միջոցով։ Ավտոբուսներից որոշներում արդեն նկատելի են նարնջագույն սարքերը՝ էլեկտրոնային վճարման համար, սակայն դրանք դեռևս լայն կիրառություն չեն գտնում ուղևորների շրջանում։ Երևանի երթուղային տրանսպորտի տոմսային միասնական համակարգի տեղադրումն ու սպասարկումն իրականացնում է «Թել-Սել» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը 2022 թվականի նոյեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի միակ մասնակիցն ու հաղթողն է եղել։ Ըստ քաղաքապետարանի և «Թել-Սելի» միջև կնքված պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվել է մեկ տարվա ընթացքում Երևանում ներդնել տոմսային միասնական համակարգ՝ իր միջոցների հաշվին։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով, որի ընթացքում ընկերությունը զբաղվելու է համակարգի ներդրմամբ և սպասարկմամբ։ Պայմանագրի ավարտից հետո շահագործվող տեխնիկան և բոլոր լիազորություններն անցնելու են քաղաքապետարանի ենթակայությանը։  Այս տարվա մայիսին Երևանի N1 ավտոբուսային երթուղում փորձնական գործարկվել է տոմսային միասնական համակարգը։ Այդ փուլում տրանսպորտային միջոցում տեղադրված վալիդատորը կիրառելու երկու եղանակ կար․ «Թել-Սել» տերմինալից կամ  հավելվածից ձեռք բերված մեկանգամյա QR կոդ պարունակող տոմսերի միջոցով։    «Ինֆոքոմը» դիտարկել է ներդրված համակարգի կիրառելիությունը Պիլոտային ծրագրի գործարկումից մոտ ութ ամիս  անց, երբ մի քանի երթուղում էլեկտրոնային  վճարման սարքերն արդեն տեղադրվել են, «Ինֆոքոմ»-ը դիտարկում է իրականացրել՝ պարզելու, թե որքանով է համակարգը կիրառելի ուղևորների շրջանում։  Դիտարկել ենք N1 և N5 երթուղիների էլեկտրոնային տոմսային համակարգը՝ երթևեկելով առաջինից վերջին կանգառ, ապա` հակառակ ուղղությամբ։  Սկզբնակետից դեպի վերջնակետ ավտոբուսային մեկ երթուղին, որը տևում է մեկուկես ժամ, ունի մոտ 40 կանգառ և տեղափոխում է միջինում 100 ուղևորի։ N1 երթուղում իրականացրած դիտարկման ընթացքում 232-ից միայն երկու ուղևոր է օգտվել էլեկտրոնային վալիդատորից։ N5 երթուղու 162 ուղևորից մեկն է վճարել վալիդատորի միջոցով։ Ընդ որում, վալիդատորից օգտված երեք ուղևորներն էլ վճարումը կատարել են «Թել-Սել» հավելվածից ձեռք բերված QR կոդի միջոցով։    Ուղևորների կեսից ավելին ուղեվարձը վարորդին է փոխանցում  Բացի էլեկտրոնային վալիդատորներից՝ ավտոբուսներում տեղադրված են նաև մանրադրամ ընդունող սարքեր, որոնք պետք է սահմանափակեին վարորդի՝ ուղեվարձի հետ առնչությունը։  Մեր դիտարկման ընթացքում, սակայն, պարզեցինք, որ ավտոբուս բարձրացող ուղևորների մոտ 55%-ը ուղեվարձը տալիս է վարորդին՝ 100 դրամանոց չունենալու պատճառով։ Ըստ միասնական տոմսային համակարգի ներդրման վերաբերյալ պայմանագրի՝ տոմսերի վաճառքի գումարը ուղևորներից չպետք է գանձվի անմիջապես վարորդների կողմից՝ շրջանցելով տրանսպորտային օպերատորի կողմից առաջարկվող կամ նրա հետ համաձայնեցված վճարամիջոցները։ «Ինֆոքոմն» այս մասին հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, որին ի պատասխան պարզաբանել են, որ եթե ուղևորը չունի 100 դրամանոց մետաղադրամ, վարորդը,  վերցնելով 50 կամ այլ արժողությամբ մանրադրամները, ուղևորին պետք է փոխանցի 100 դրամանոց, որն ուղևորն իր հերթին պետք է գցի սարքի մեջ։ Մեր դիտարկման ընթացքում որևէ նման դեպք չենք արձանագրել։  Թե քանի հոգի է ենթարկվել վարչական պատասխանատվության կամ հեռացվել աշխատանքից, քաղաքապետարանից չեն մանրամասնել։ Միայն վստահեցրին, որ խնդիրը կլուծվի տոմսային միասնական համակարգի ներդրման ավարտից հետո, երբ վարորդները դուրս կգան ուղեվարձի գանձման շղթայից։    Վճարման 4 եղանակից միայն երկուսն են գործում Ըստ միասնական տոմսային համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքի՝ ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսվել․ բանկոմատներից  գնված մեկանգամյա օգտագործման QR պարունակող տոմս, «Թել-Սել» հավելվածով գնված մեկանգամյա QR պարունակող տոմս, բանկային քարտ և Mifare քարտ։ Մինչ այժմ, սակայն, գործարկվել են միայն 2-ը՝ «Թել-Սել» տերմինալներից և հավելվածից գնված մեկանգամյա օգտագործման QR պարունակող տոմսերը։  Իսկ երբ կգործարկվեն վճարման մյուս եղանակները, թե քաղաքապետարանը, թե «Թել-Սել» ընկերությունը դժվարացան հստակ ժամկետներ նշել։  Ըստ քաղաքապետարանի՝ տոմսային միասնական համակարգից պիլոտային ծրագրի մեկնարկից մինչ այս պահը (8 ամիս) օգտվել են ավելի քան 17 հազար անգամ։ Օգտվողների 85%-ը, ըստ քաղաքապետարանի, վճարումը կատարել է հավելվածի միջոցով։   Միևնույն ժամանակ, ըստ «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ  Լիանա Հունանյանի, պիլոտային ծրագրով N1 երթուղայինում ներդրված վալիդատորներն էական արդյուքներ չեն գրանցել։ «Երբ համակարգը ներդրված է միայն մեկ երթուղում, որից օգտվում են հատուկ մարդիկ, այն չի կարող լայն տարածում գտնել։ Կարծում եմ, որ տոմսային միասնական համակարգը լայն տարածում կգտնի, երբ այն ներդնենք մետրոյում»- նշում է Լիանա Հունանյանը։  Միասնական տոմսային համակարգն ամբողջովին կներդրվի մինչև նոյեմբերի վերջ Քաղաքապետարանի և «Թել-Սել» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ պիլոտային ծրագրի ավարտից հետո՝ 9 ամսվա ընթացքում, պետք է ներդրվի տոմսային միասնական ամբողջական համակարգը։ Երևանի երթուղիների 60%-ը, ըստ քաղաքապետարանի, ամբողջապես համալրվել են վալիդատորներով, և գործընթացը տեղի է ունենում ըստ պլանավորված ժամկետների։ «Թել-Սել»-ից էլ ասացին, որ իրենց աշխատանքի տեմպը հաշվի առնելով, ժամկետից շուտ կավարտեն աշխատանքները։  Մետրոյում լինելու է 20 «Թել-Սել» տերմինալ, որոնք դառնալու են համայնքի սեփականությունը Ըստ միասնական տոմսային համակարգի ներդրման պայմանագրի՝ մետրոյի յուրաքանչյուր կայարանում տեղադրվելու է  «Թել-Սել» ընկերությանը պատկանող 2 տերմինալ, որոնցից հնարավոր է լինելու հանրային տրանսպորտի տոմսեր գնել։   Քաղաքապետարանից հայտնեցին, որ ծրագրի ավարտից հետո՝ 5 տարուց, այդ տերմինալները դառնալու են համայնքային սեփականություն։ Բացի մետրոյի կայարաններից՝ «Թել-Սել» ընկերությունը հնարավորություն է ունենալու 500 տերմինալ էլ տեղադրել կանգառների մոտ, որոնք նույնիսկ պայմանագրի ավարտից հետո շարունակելու են մնալ «Թել-Սել»-ի սեփականությունը։  Ընկերության տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը նշում է, որ պլանավորված 500 տերմինալներից 250-ն արդեն տեղադրված են կանգառներից մինչև 50 մետր հեռավորության վրա։    «Թել-Սել» ՓԲԸ-ն մենաշնորհային դիրքում է հայտնվում Հաշվի առնելով, որ «Թել-Սել» ՓԲԸ-ն Հայաստանում էլեկտրոնային վճարային ծառայություններ մատուցող և վճարային տերմինալներ տեղադրող և սպասարկող միակ ընկերությունը չէ, հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք մյուս ընկերություններին նույնպես հնարավորություն է տրվելու զբաղվել հանրային տրանսպորտի տոմսերի վաճառքով։ «Թել-Սել»-ի տնօրենի տեղակալը պատասխանեց, որ իրենք ներդրումային ծրագիր են իրականացնում՝ ֆինանսավորելով տոմսային միասնական համակարգի ներդրումը։ Հետևապես նման ներդրում անելու պայմանն էլ եղել է սպասարկումն իրականացնելու մենաշնորհը։  Ավելացնենք, որ «Թել-Սել» ընկերությունը տիրապետելու է նաև վալիդատորների միջոցով հավաքվող տվյալներին։ Այդ տվյալներն, ըստ տեխնիկական առաջադրանքի, պետք է մշակվեն Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին համապատասխան։  Անդրադառնալով «Թել-Սել»-ի մենաշնորհային դիրքին՝ Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է հետևյալ կերպ. Տոմսերի տարիֆային փաթեթներ Միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ՝ ներդրվելու են նաև տարբեր տարիֆային փաթեթներ։ «Թել-Սել» ընկերությունից հայտնեցին, որ իրենք սպասում են, որ քաղաքապետարանը մշակի և ներկայացնի, թե ինչ տարիֆային փաթեթներ է ցանկանում ներդնել։  «Ինֆոքոմի» հարցմանը Երևանի կառավարման տեխնոլոգիական կետրոն ՓԲԸ-ից պատասխանել են, որ տոմսային համակարգի տարիֆային փաթեթների մշակումն ընթացքի մեջ է, սակայն ներդրումը փոխկապակցված է իրավական ակտերի և համապատասխան օրենսդրության ընդունման հետ, և այս պահին հստակ ժամկետներ նշել չեն կարող։   Ուղևորների իրազեկման արշավներ այս փուլում չեն իրականացվում  Քաղաքապետարանի և  «Թել-Սել» ընկերության փոխհամաձայնությամբ՝ այս պահին տոմսային միասնական համակարգի գործարկման վերաբերյալ տեղեկատվական արշավներ չեն իրականացվում, քանի որ դրանք նպատակահարմար չեն համարում։  «Թել-Սել» ընկերությունից հայտնեցին, որ արշավները կիրականացվեն համակարգի ամբողջական ներդնումից հետո։ «Այժմ քննարկման փուլում է գտնվում իրազեկման տեսակների հստակեցումը։ Պլանավորում ենք, որ կլինեն տեսահոլովակներ և ուսուցողական արշավներ։ Հնարավոր է լինեն մարդիկ, որոնք կանգառներում կամ երթուղիներում կօգնեն ուղևորներին օգտվել վալիդատորներից, գրանցվել համակարգում և այլն»,- մանրամասնում է Լիանա Հունանյանը։ Ջուլիետտա Հովհաննիսյան
17:39 - 09 նոյեմբերի, 2023
«Կրթությունը բարձրացնել գիտական կազմակերպությունների հաշվին»․ Էկոկենտրոնի տնօրենը՝ «Ակադեմիական քաղաքի» մասին

«Կրթությունը բարձրացնել գիտական կազմակերպությունների հաշվին»․ Էկոկենտրոնի տնօրենը՝ «Ակադեմիական քաղաքի» մասին

Կառավարության «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հանրության շրջանում ակտիվ քննարկումներ առաջացրեց։ Ըստ նախագծի՝ Երևանի 17-րդ թաղամասին կից կառուցվելու է 700 հա մակերեսով առանձին քաղաք, որտեղ միավորվելու են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական ինստիտուտները։ Նախատեսվում է նաև բնակելի թաղամասի կառուցապատում, որտեղ կապրեն այդ հաստատությունների աշխատակիցները։  Այսպիսով, Կառավարությունը նախատեսում է խոշորացնել Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ միավորելով դրանք հետևյալ կլաստերներում՝ Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական։ Սրանցից չորսը տեղակայվելու են նոր կառուցվող Ակադեմիական քաղաքի տարածքում։ Դասական կլաստերը, որը ներառում է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշական կլաստերը՝ ներառյալ Հերացու անվան բժշկական համալսարանը, այս պահին կմնան Երևանում։ Թե կոնկրետ ինչ բուհեր ու գիտահետազոտական ինստիտուտներ են միանալու իրար և ձևավորելու կլաստերները, հայեցակարգում դեռևս չի նշվում։ Հայտնի է միայն, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Կառավարությունը մինչև փետրվարի 15-ը բուհերից ու ինստիտուտներից հայեցակարգային առաջարկների է սպասում, «որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան»:  «Ինֆոքոմը» հարցազրույցների շարք է սկսել գիտական ինստիտուտների ու բուհերի ղեկավարների, պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նպատակն է  հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն տարբեր կողմերն այս նախագծի վերաբերյալ, և ինչ առաջարկներ են պատրաստվում ներկայացնել Կառավարություն։ Մեր առաջին հարցազրույցը Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն, աշխարհագրական գիտությունների թեկծանու Լիլիթ Սահակյանի հետ է։   Կրթություն-գիտություն համագործացկության խնդիրներ Վերջին շրջանի իր հարցազրույցներում, խոսելով Ակադեմիական քաղաքի նպատակներից և բուհերի ու ինստիտուտների միավորումից, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահն առանձնացրել է երկու հիմնական խնդիր՝ գիտական ինստիտուտների՝ երիտասարդ կադրերով համալրում, որակյալ և գիտահեն բարձրագույն կրթության իրականացում։ Այս խնդիրների լուծման համատեքստում էլ դիտարկվում է բուհերի և հետազոտական ինստիտուտների միավորումը։ Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի կարծիքով կրթության և գիտության միջև տարանջատումն աշխարհագրական հիմք չունի։ Լիլիթ Սահակյանը «Երևանի պետական համալսարանը մեզնից 15 րոպե քայլքի հեռավորության վրա է։ Աշխարհագրորեն որ բերես, նույն հովանոցի տակ դնես, արհեստական է լինելու, չի բերելու ցանկալի արդյունքին»,- ասում է Սահակյանը՝ ավելացնելով, որ գիտական կազմակերպությունները միշտ ավելի բաց են եղել կրթություն-գիտություն համագործակցությանը, իսկ  «կրթական օջախները ավելի փակ են դրսից եկող գիտության առջև»։ Էկոկենտրոնի տնօրենն այս խնդրի հիմքում տեսնում է բուհերի կրթական ծրագրերի ընդհանրական լինելը։ Էկոկենտրոնի մասնագետներն, օրինակ, ավելի հակված են նեղ ոլորտային դասախոսություններ կարդալուն, և հենց դա է պատճառը, որ կենտրոնից շատ քիչ մասնագետեր են այս պահին բուհերում դասավանդում։  Լիլիթ Սահակյանը հիշում է, որ իրենց մասնագետները փորձել են բուհերում մի քանի առարկաներ դասավանդել, բայց տպավորություն են ստացել, որ առարկայական ցանկը կազմված է ֆակուլտետում եղած դասախոսների հնարավորություններով միայն։  Էկոկենտրոնում երիտասարդ կադրերով համալրման հարցը լուծում են հենց տեղում մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի միջոցով։ Կենտրոնում գործում է ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի բազային ամբիոն, այստեղ մի քանի մագիստրոսական ծրագրեր են ուսուցանվում։  Էկոկենտրոնի տնօրենը նաև մի փաստ է կարևորում․ ոչ բոլոր հետազոտողներն են սիրում դասավանդել և նախընտրում են միայն հետազոտություններ իրականացնել։ «Ես հավատացնում եմ՝ այն գիտնականները, որոնք հիմա միայն գիտնական են, Ակադեմիական քաղաքում կրթական համակարգի մեջ չեն ներգրավվելու, իսկ նրանք, ովքեր հիմա ներգրավված են կրթության մեջ, այնտեղ էլի ներգրավվելու են»,- մեկնաբանում է Սահակյանը։  Ամփոփելով այս թեման՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ գիտական ռեսուրսների մեծամասնությունը հենց ԳԱԱ ինստիտուտներում է, և այս նախագծով փորձ է արվում «կրթությունը բարձրացնել այս գիտական կազմակերպությունների հաշվին»։ «Գիտությունն այս ծրագրով ու հիմա ընդհանրապես դիտվում է որպես կրթությունը սպասարկող մի բան»,- ասում է Լիլիթ Սահակյանը։  Էկոկենտրոնի հետազոտողները և մագիստրոսները   Որ կլաստերում կարող է ներառվել Էկոկենտրոնը Էկոկենտրոնում իրականացնում են հիմնականում շրջակա միջավայրի բնապահպանության, գյուղատնտեսության, սննդի և պարենի անվտանգությանը վերաբերող հետազոտություններ, որոնք ազգային անվտագության բաղադրիչ ունեն։ Լիլիթ Սահակյանի խոսքով իրենց գործունեությոնը ինչ-որ առումով համապատասխանում է Սպայական կլաստերին։ Այս կլաստերն, ըստ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի, ունենալու է երկու բաղադրիչ՝ արտաքին անվտանգային և ներքին անվտանգային։ Մյուս կողմից էլ Էկոկենտրոնի տնօրենը նշում է, որ իրենց գործուներության լայն սպեկտորը և միջառարկայականությունը, ինչպես նաև հայեցակարգի բազմաթիվ անորոշությունները դժվարացնում են առաջարկված կլաստերներից որևէ մեկի ընտրությունը:  Լիլիթ Սահակյանի խոսքով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հրապարակումից հետո ԳԱԱ-ն դիմեց Էկոկենտրոնին՝ խնդրելով ներկայացնել առաջարկներ հայեցակարգի մասին։ Էկոկենտրոնն էլ ԳԱԱ ուղարկեց հայեցակարգի վերաբերյալ իր կարծիքը, որտեղ վեր են հանվել այն բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, որոնք Էկոկենտրոնը նկատել է հայեցակարգում։  Էկոկենտրոնի տնօրենի խոսքով՝ իրենք նշել են, որ սա հավակնոտ ու գրավիչ նախաձեռնություն է, սակայն «հայեցակարգը և դրա հիմնավորումները իրագործելիության առումով հույս չեն ներշնչում»։  Էկոկենտրոնի դիրքորոշումն այն է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հաջողությունը կախված է այն խնդիրների լուծումից, որոնք ներառվել են իրենց առաջարկներում։    Պարզ չէ, թե նախագիծը ֆինանսական ինչ միջոցներով է իրականացվելու Լիլիթ Սահակյանի խոսքով վերջին շրջանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտնականների համար աննախադեպ ծրագրային ֆինանսավորում է տրամադրում՝ սահմանելով բարձր չափանիշներ գիտնականներից ստացվող հայտերի  համար։  «Ինչու եմ սա ասում․ այս հայեցակարգի նման նախագիծ որ գրես, ուղարկես Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, կոմիտեն նույնիսկ քո ծրագրին չի նայի. ո՛չ ֆինանս կա գրված, ո՛չ կայունություն, ո՛չ ռիսկեր։ Ծրագրի կայունությունը ֆինանսներից է կախված․ ընդհանրապես չի երևում` ինչ ֆինանսներ են նախագծի տակ ներդրվելո և որտեղիցւ»- ասում է Էկոկենտրոնի տնօրենը։   Նախագծի իրականացման ժամանակացույց Լիլիթ Սահակյանի խոսքով հայեցակարգից պարզ չեն նաև կլաստերների ստեղծման ժամանակացույցը և ակնկալվող չափելի արդյունքները։  Նշենք, որ հայեցակարգում նշվում են միայն Ակադեմիական քաղաքի ձևավորման փուլերը՝ նախագծման, կառուցման և սպասարկման։ Նախագծման փուլը կտևի մինչև 2025-ի սեպտեմբերը․ այս ընթացքում կիրականացվեն նախապատրաստական աշխատանքները, օրինակ՝ կարիքների գնահատում, շահառուների հետ քննարկում, ճարտարապետաշինարարական նախագծի մշակում, ենթակառուցվածքների նախագծում։ Կառուցման փուլը կավարտվի 2029-ի դեկտեմբերին։ Այս փուլում կիրականացվի կլաստերների, դրանց բաղադրիչների և հանգուցային կառույցների փուլային հանձնումը: Այլ մանրամասներ չեն նշվում։ 2030-ի հունվարին էլ կսկսվի վերջին՝ սպասարկման փուլը։ Այլ մանրամասներ չեն նշվում։ Էկոկենտրոնի տնօրենի խոսքով ներկայումս բերված հայեցակարգը ունի շատ անորոշություններ, որոնք դժվարացնում են իրավիճակը:  «Պարզ չէ՝ ակադեմիական քաղաքում ընդգրկվելու պարագայում ինչ է սպասվում ինչպես ընթացիկ աշխատանքների, այնպես էլ զարգացման ռազմավարական ուղղությունների համար ներդրման մասով: Օրինակ, Էկոկենտրոնն ունի Հայաստանի տարբեր շրջաններից 30 տարվա ընթացքում հավաքած և խնամքով պահպանված հողերի նմուշների բացառիկ հավաքածու, որի պահպանման համար ծախսեր են անհրաժեշտ: Հստակ չէ՝ ինչ անել դրանց հետ»,- ասում է Լիլիթ Սահակյանը: Կենտրոնի հողային նմուշների արխիվի մի մասը   Գիտական կազմակերպությունների կարգավիճակն ու դերն ակադեմիական քաղաքում նույնպես հստակ չէ Շարունակելով ներկայացնել Էկոկենտրոնի առանձնացրած խնդիրները՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ հայեցակարգում չի նշվում, թե ինչ կարգավիճակ են ունենալու գիտական ինստիտուտները։ Այս համատեքստում նա հիշում է իր սիրելի անեկդոտներից մեկը․ «Մեկը մահանում է, գնում է վերև, Գաբրիել հրեշտակին ասում է՝ ինձ և՛ դրախտը ցույց տուր, և՛ դժոխքը։ Գաբրիել հրեշտակը դրախտի դուռը բացում, տեսնում է` կանաչ, մարդիկ ժամանակ են անցկացնում, լավ է։ Ասում է՝ դժոխքն էլ տեսնեմ։ Դժոխքի դուռը բացում են, նույն վիճակն է, բայց մի քիչ ավելի ուրախ։ Ասում է՝ Գաբրիե՛լ հրեշտակ, ես դժոխք եմ ուզում։ Գաբրիել հրեշտակը նրան թողնում է դժոխքում, դուռը փակում է, ու մարդը սկսում է կրակների մեջ այրվել։ Դուռը ծեծում է, ասում՝ Գաբրիել հրեշտակ, էս ի՞նչ էր, պատասխանում է՝ այ սա՛ է տուրիստի ու էմիգրանտի տարբերությունը»։ Լիլիթ Սահակյանը նշում է, որ Էկոկենտրոնը՝ որպես ԳԱԱ համակարգի գիտակրթական կենտրոն, ունի ակադեմիական և լիարժեք անկախություն, բայց հիմա իրենց առաջարկում են ընտրել, թե որ կլաստերում են ուզում լինել, որ բուհի հետ միանալ։ «Մենք չգիտենք՝ օրինակ, ընտրեցինք այսինչ բուհը, ի՞նչ կարգավիճակում ենք լինելու, գնացինք մյուս բուհ, այնտե՞ղ ինչ կարգավիճակում ենք լինելու․․․ Մենք որոշյալ լավ-վատ վիճակից պիտի գնանք անորոշ ինչ-որ մի երազանքի հետևից՝ [հույսով] որ լավ է լինելու, ինչպես հիմա էմիգրանտներն են գնում որևէ երկիր, որտեղ լավ է լինելու»,- ասում է Էկոկենտրոնի տնօրենը։ Նրա խոսքով հստակ չեն նաև կազմակերպաիրավական ձևերը, այդ պատճառով դժվար է բովանդակային հարցեր քննարկել։ «Եթե մենք ու որևէ բուh իրար հետ միավորվում ենք, ՊՈԱԿ ենք մնում, սա լրիվ ուրիշ քննարկում է, հիմնադրամ ենք դառնում՝ ուրիշ, միավորվում ենք, գնում ենք ԵՊՀ-ի կազմ՝ լրիվ ուրիշ։ Արդյո՞ք բուհերը մեզ պատրաստ են ընդունել։ Այն կարգավիճակով, որով բուհերը կարող են մեզ ընդունել, մեզ ձեռնտու չէ, որովհետև դա գիտական, ակադեմիական անկախության վերջն է։ Իսկ թե մենք ինչ կարգավիճակում ենք Ակադեմիական քաղաքում հայտնվելու, ես չգիտեմ։ Ընտրության հնարավորությունն է, որը պարտադիր պետք է տալ ինտիտուտներին, որպեսզի ՀՀ ԳԱԱ համակարգում ստեղծված ու պահպանված գիտական դպրոցները չկորցնենք:»,- ավելացնում է Էկոկենտրոնի տնօրենը։ Կենտրոնի լաբորատորիաներից մեկում   Հնարավոր ռիսկեր Լիլիթ Սահակյանը վստահ է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման շուրջ անորոշությունը նաև ռիսկեր է պարունակում։ «Այս անորոշության մեջ լավ կադրերին պահելը շատ դժվար է․ երկրում անորոշ վիճակ է, գիտությունն անորոշ է, որոշումներն անորոշ են․․․ Ունես լավ մասնագետներ, որոնց արտասահմանից ոչ թե կանչում են, այլ «խլում»։ Հայաստանում մասնագետները հատ-հատ ընտրված են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն այդպիսի մասնագետի կորուստն ինչ կարող է դառնալ գիտական դպրոցի համար: Իսկ գիտական դպրոցների ստեղծման համար մեկ-երկու նախագիծ կամ մեկ-երկու տարին բավարար չեն:»,- մտահոգվում է Սահակյանը։ Ինչ է առաջարկում Էկոկենտրոնը Էկոկենտրոնը ԳԱԱ ուղարկած իր կարծիքում կառավությանը ներկայացրել է այս բոլոր մտահոգություններն ու առաջարկել միայն մի բան՝ հնարավորինս հստակեցնել անորոշությունները։ «Որպեսզի մենք մեր դերն իմանանք և իմանանք՝ պետությունը մեր առջև ինչ խնդիր է դրել․ արդյո՞ք այն ուղղությունները, որոնք Էկոկենտրոնում կան, բոլորը մնալու են, արդյո՞ք մեր առաջնահերթություններն էլի մենք ենք սահմանելու։ Այնքան անորոշություններ կան։ Հաջողելու կամ ձախողելու հավանականությունը 50/50 է»,- ասում է նա։  «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգում նշվում է, որ կազմակերպությունների՝ Ակադեմիական քաղաք տեղափոխվելուց հետո Երևանում ազատված անշարժ գույքն «ըստ նպատակահարմարության և հնարավորության՝ ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար»: Էկոկենտրոնի տնօրենի խոսքով ինֆորմացիոն վակումի և անորոշության պայմաններում իրենք մի քանի ամիս բախվել էին խնդրի, երբ գերատեսչություններից մեկը ցանկանում էր ստանալ Էկոկենտրոնի շենքը։ Լիլիթ Սահակյանը նշում է՝ Էկոկենտրոնի անձնակազմը, սակայն, կարողացավ պայքարել ու պահպանել իր շենքը։  Պատասխանելով այն հարցին, որ գիտական ինսիտուտների տնօրենները Ակադեմիական քաղաքին և բուհերի ու ինստիտուտների միավորմանը կարող են դեմ լինել այն պատճառով, որ չեն ուզում իրենց պաշտոնները կորցնել՝ Էկոկենտրոնի տնօրենն ասում է․ «Իմ իմացած երիտասարդ տնօրենները որ օրը դիմեցին, հաջորդ օրը երեք անգամ ավելի բարձր աշխատավարձով, ավելի լավ աշխատանք են գտնելու։ Տնօրենների՝ պաշտոնից կառչելու պահն ամեն դեպքում իմ իմացած տնօրենների մոտ չկա, որովհետև մեծամասնությունը լավ գիտնականներ են, կայացած մարդիկ են և ունեն «ճոխ» կենսագրություն, ուստի նման շահարկումներն ուղղակի զավեշտալի են»։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) նախարարությունը հուլիսին հայտարարություն  տարածեց՝ հրավիրելով բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին հայեցակարգային առաջարկներ ներկայացնել միավորման գործընթացի վերաբերյալ։ Էկոկենտրոնը դեռևս առաջարկներ չի ներկայացրել, քանի որ հարցը ԳԱԱ-ում դեռ չի քննարկվել։  Ամփոփելով ակադեմիական քաղաքի շուրջ Էկոկենտրոնի մտահոգությունները՝ Լիլիթ Սահակյանը նշում է՝ Բարձրագույն գիտության և կրթության կոմիտեից նշել են, որ  կայցելեն գիտական բոլոր ինստիտուտներ, քննարկումներ կունենան այս թեմայով։ Այժմ Էկոկենտրոնում սպասում են քննարկումներին, որ իրենց հարցերի պատասխանները ստանան։    Գլխավոր լուսանկարը գեներացված է Արհեստական բանականության միջոցով Աննա Սահակյան
19:27 - 07 նոյեմբերի, 2023
Հայաստանը «Գրին քարտի» դիմելիությամբ մի քանի անգամ գերազանցում է Վրաստանին և Ադրբեջանին

Հայաստանը «Գրին քարտի» դիմելիությամբ մի քանի անգամ գերազանցում է Վրաստանին և Ադրբեջանին

Կարինա Տերտերյանն, արդեն չորս տարի է, ինչ մասնակցում է «Գրին քարտի» խաղարկությանը։ Այս տարի նա առաջին անգամ է միայնակ մասնակցում․ նախորդ երեք տարիներին դիմել է ընտանիքի հետ։ Այս տարի Կարինան ամուսնացել է, բայց խաղարկությանը մասնակցում է առանց ամուսնու. վերջինս չի ցանկանում գնալ Հայաստանից։  «Ճիշտն ասած՝ վստահ չեմ [Միացյալ Նահանգներ] գնալու, մշտական բնակություն հաստատելու մասով, բայց համզոված եմ՝ եթե գնամ, այնտեղ Հայաստանից միանշանակ ավելի հեշտ կլինի ապրելը, կարիերա ստեղծելն ու զարգանալը»,- հույս է հայտնում նա։ «Գրին քարտ» շահելու դեպքում մասնագիտությամբ լրագրող Կարինան մտադիր է որոշ ժամանակով մեկնել Միացյալ Նահանգներ և այնտեղ զբաղվել հանրային կապերով, սոցիալական մեդիայի մարքեթինգով (SMM) կամ բիզնեսի զարգացմամբ։ Իսկ կմնա ԱՄՆ-ում, թե կվերադառնա Հայաստան՝ նա դեռ չի որոշել։ Կարինան նշում է, որ իր ընտանիքն այս տարի ևս մասնակցել է խաղարկությանը և ԱՄՆ տեղափոխվելու, երկարաժամկետ բնակվելու մտքեր ունի։  «Եղբայրս փոքր է, ուզում են ամեն ինչ այնտեղ զրոյից սկսել»,- բացատրում է Կարինան։ Լուսանկարչական ծառայություններ մատուցող մի քանի ստուդիաներում «Ինֆոքոմը» զրուցեց «Գրին քարտի» համար լուսանկարահանվողների՝ այս տարվա միտումների մասին։ Լուսանկարիչները նույնպես հավաստում էին, որ 2020 թ․ պատերազմից հետո «Գրին քարտի» համար լուսանկարվողների մեծ մասն, իրենց գնահատմամբ, փոքր տարիքի տղա երեխա ունեցողներն են։ «Գրին քարտը» կամ ժամանակավոր բնակության քարտը հնարավորություն է տալիս ապրել և աշխատել Միացյալ Նահանգներում։  1990 թ. ԱՄՆ-ում ընդունվել է ներգաղթի մասին օրենք, որով սահմանվել է Բազմազանության վիզաների (DV) խաղարկային ծրագիրը։ Այս ծրագրով, 1995 թ. սկսած, ամեն տարի խաղարկվում է 55 հազար ներգաղթային վիզա:  «Այս խաղարկությունը նպատակ ունի դիվերսիֆիկացնելու ներգաղթը դեպի ԱՄՆ՝ ներգաղթի հնարավորություն ընձեռելով հատկապես այն երկրներին, որոնք վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ ներգաղթողների ցածր ցուցանիշ են ունեցել»,- նշվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքում: Ստատիկ ինֆագրաֆիկան՝ այստեղ «Ինֆոքոմը» վերլուծել է վերջին 15 տարիներին Հայաստանից «Գրին քարտի» խաղարկությանը դիմողների թիվը՝ համեմատելով այն տարածաշրջանի մյուս երկրների հետ։  Բոլոր տարիներին, բնակչության թվի հետ համեմատությամբ, Հայաստանից «Գրին քարտի» դիմողների տոկոսը գերազանցել է Վրաստանից և Ադրբեջանից դիմողների թվին։ Վերջին տարիներին Հայաստանից դիմելիությունը մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան հարևան երկրներից։   Ստատիկ ինֆագրաֆիկան՝ այստեղ   Աննա Սահակյան
14:45 - 06 նոյեմբերի, 2023
3762 ընտանիք օգտվել է 2020-ին Արցախի շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից

3762 ընտանիք օգտվել է 2020-ին Արցախի շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից

Հայաստանում Արցախից բռնի տեղահանված մոտ 100 հազար մարդ այժմ սպասում է երկարաժամկետ կացության ապահովմանն ուղղված կառավարության ծրագրերին։ Նախորդ ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնելու, այդ թվում՝ բնակարանային ապահովմանը, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելուն ուղղված, «որպեսզի Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները շարունակեն ապրել Հայաստանում»։ Կառավարությունը բնակարանային ապահովման նույն խնդրի առաջ էր կանգնել դեռ 3 տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի առանձին շրջաններից տեղահանված անձինք Հայաստանում բնակություն հաստատելու կարիք ունեին։ Նրանց կացության հարցը լուծելու համար հաստատվեց 2020 թվականին տեղահանված արցախցիներին բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։   «Ինֆոքոմը» վերլուծել է 2020 թվականին Արցախի շրջաններից տեղահանված և պետական աջակցությամբ բնակարան կամ տուն ձեռք բերած ընտանիքների վերաբերյալ տվյալները՝ հասկանալու, թե որ մարզերում են նրանք նախընտրել հաստատվել և ինչպես է կառավարությունը կարգավորել բնակչության բաշխվածությունը։  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարոության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է 3 762 ընտանիք։ Ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտել է 1 696 ընտանիք։ Նրանցից  1 686-ը ընտանիք ձեռք է բերել բնակարան, իսկ 10-ը ստացել է կառուցապատման վարկ։ 1 696 ընտանիքներից ընդամենը 11-ն են անշարժ գույք ձեռք բերել Արցախում։ Հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտած ընտանիքների շուրջ 74%-ը անշարժ գույք ձեռք է բերել Երևանին մոտ և անվտանգային տեսանկյունից պակաս խոցելի մարզերում՝ Կոտայք, Արագածոտն, Արարատ, Արմավիր, Լոռի, Շիրակ։ 14 ընտանիք անշարժ գույք է ձեռք բերել Երևանում, 71 ընտանիք՝ Գեղարքունիքի մարզում, 91-ը՝ Վայոց ձորի մարզում, 14-ը՝ Տավուշի մարզում, իսկ 246-ը՝ Սյունիքի մարզում։ 2020-ին Արցախի շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրից կարող էին օգտվել Արցախի առանձին շրջաններից տեղահանված այն ընտանիքները, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ փաստացի բնակված կամ հաշվառված էին այդ տարածքներում։ Աջակցությունը տրամադրվել է հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու, ինչպես նաև անհատական բնակելի տուն կառուցելու համար։ Տրամադրված գումարն  ուղղվել է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների մարմանը։ Հաստատվելուց հետո ծրագիրը մի քանի անգամ փոփոխվել է։ Ծրագրի նախնական տարբերակում աջակցությունը հատկացվում էր երեք ուղղություններով՝ Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում անշարժ գույք ձեռք բերելու համար. Երևանում բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար հատկացվում էր մինչև 8 մլն դրամ։ Ընդ որում, մայրաքաղաքում տուն կամ բնակարան կարող էին գնել միայն այն անձինք, որոնք նախքան Արցախում բնակվելն ունեցել են Երևանի հաշվառում։ Հայաստանի մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով հատկացվում էր մինչև 10 մլն դրամ։ Մարզերում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն այն անձինք, որոնք նախքան Արցախում բնակվելը հաշվառված են եղել Հայաստանում։ Մնացած բոլոր դեպքերում 12 մլն դրամ աջակցություն էր տրամադրվում  Արցախում անշարժ գույք ձեռք բերելուն կամ կառուցելուն։  2022 թվականի հոկտեմբերին փոփոխվեց ՀՀ մարզային բնակավայրերում տուն ձեռք բերելու պահանջը։ Եթե նախորդ որոշմամբ պարտադիր էր մինչև Արցախում բնակվելը Հայաստանում հաշվառված լինելը, ապա նոր փոփոխությամբ քաղաքացիները պետք է նախքան Արցախում բնակվելը հաշվառված չլինեին Արցախի Հանրապետությունում։ Այս փոփոխությամբ տարանջատվեցին նաև սահմանամերձ բնակավայրերը՝ նախնական կիրառվող երեք ուղղություններին ավելացնելով ևս երկուսը. Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար տրամադրվում էր մինչև 14 մլն դրամ։  Սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում՝ 16 մլն դրամ։ Այս տարվա փետրվարին ևս մեկ փոփոխությամբ ընդլայնվեց ծրագրի կիրառությունը։ Շահառուներն արդեն հնարավորություն էին ստանում բազմաբնակարան շենքից բնակարան գնելու։ Այս տարվա փետրվարի դրությամբ՝ ծրագրի հաստատումից մեկ տարի անց, անշարժ գույք ձեռք բերելու հավաստագիր էր ստացել 3423 ընտանիք, որոնցից շուրջ 300-ն արդեն այն ձեռք էր բերել կամ հիփոթեքային վարկավորման գործընթացը գտնվում էր ավարտական փուլում։  Ծրագրի վերջին փոփոխությունները կատարվեցին այս տարվա հունիսին։ Սահմանվեցին Հայաստանի առանձին գյուղական բնակավայրեր, որտեղ տուն ձեռք բերելու համար շահառուներին կհատկացվեր մինչև 12 մլն դրամ՝ նախկին 10 մլն-ի փոխարեն։ Վերջին փոփոխությամբ երկարաձգվեց նաև հավաստագրերի գործողության ժամկետը՝ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։  Կառավարությունը դեռ քննարկում է մոտ 100 հազար արցախցու երկարաժամկետ բնակարանային ապահովման հարցը։ Չնայած նրան, որ այս հարցով դեռևս նախագիծ չկա, վարչապետի տարբեր ելույթներից կարելի է ենթադրել, որ Կառավարությունը խրախուսելու է սահմանամերձ բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու գործընթացը։ Լյուսի Մանվելյան Գլխավոր լուսանկարը՝ Հայարփի Բաղդասարյանի
09:46 - 04 նոյեմբերի, 2023
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը մեղադրանքը չի ընդունում․ հրապարակվեց 18 զինծառայողի զոհվելու գործով մեղադրական եզրակացությունը

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը մեղադրանքը չի ընդունում․ հրապարակվեց 18 զինծառայողի զոհվելու գործով մեղադրական եզրակացությունը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ 2020 թ․–ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ՝ ՊՆ N զորամասի շտաբի պետ,  փոխգնդապետ  Անդրանիկ Վերանյանը մեղադրվում է  ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Այս քրեական գործը դատարանում է 2021 թ․–ի հունիսից։ Այն նախ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա՝ տեղափոխվել Երեւան եւ մակարգվել Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին։ Վերջինիս նախագահությամբ շուրջ 2 տարվա դատական քննությունը ավարտական փուլում էր, երբ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին։ Այժմ Սուրեն Խաչատրյանը 4-րդ դատավորն է, ում մակագրվել է այս գործը։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ դատավորի փոխարինումից հետո դատական վարույթը վերսկսվում է, որպեսզի նոր դատավորը անմիջականորեն հետազոտի բոլոր ապացույցներն ու նյութերը։ Այնուհանդերձ, դատական պրակտիկայում պատահել են նաեւ դեպքեր, երբ արդարադատության շահով պայմանավորված՝ գործի քննությունը շարունակվել է ընդհատված տեղից՝ այն ողջամիտ ժամկետներում ավարտելու համար։ Տուժող կողմը միջնորդեց գործի քննությունը շարունակել ընդհատված կետից Նիստի սկզբում զոհված զինծառայող Արման Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը, դատարանին միջնորդեց գործի քննությունը ոչ թե սկսել սկզբից, այլ շարունակել ընդհատված տեղից․ «Ես բոլոր ծնողների անունից եմ միջնորդում, անցած դատերը ձայնագրվել են, խնդրում ենք, որ դատարանը ուսումնասիրի, եւ եթե հնարավոր է, շարունակի դատական նիստերը ընդհատված տեղից, որովհետեւ մենք հասել ենք էն փուլին, որ դատավորը գրեթե բոլոր վկաներին լսել էր․․․ Եթե հնարավոր է, շարունակենք, քանի որ 2 տարի է՝ սրա միջով անընդհատ անցնում ենք»,– ասաց տուժողի իրավահաջորդը։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը նշեց՝ հաշվի առնելով տուժող կողմի դիրքորոշումը եւ գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքը՝ միանում է միջնորդությանը։ Նրա խոսքով՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ դատակոչի ցուցակում ներառված բոլոր վկաներին, որոշներին նույնիսկ 2-3 անգամ հարցաքննել են, հետազոտել մի շարք փաստաթղթեր։ Պաշտպան Նորիկ Նորիկյանը Ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նորիկ Նորիկյանն էլ ասաց, որ մեծ ուրախությամբ կկիսեին տուժողների դիրքորոշումը, սակայն այդպիսով կվտագեն արդարադատության բուն էությունը, քանի որ օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս․ «Մենք,  իսկապես, միասին անցել ենք այս ճանապարհը, եւ ամեն անգամ ես ինքս տեսել եմ տուժողների ցավը, ողբերգությունը, ուղղակի այստեղ կվտանգենք արդարադատության բուն էությունը, որովհետեւ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը մեզ հնարավորություն չի տալիս․․․ Մի կողմից ունենք 18 երեխայի ողբերգական մահ, մյուս կողմից՝ Վերանյանի ճակատագրի հետ կապված խնդիր․․․ Ես պարզապես խնդրում եմ, որ փորձենք հնարավորինս արագ անել այս պրոցեսը»,– ասաց պաշտպանը։ Մեղադրողն արձագանքեց՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքում, այո, առկա է գործի քննությունը «սկսվում է նորից» ձեւակերպումը, սակայն հաշվի առնելով, որ այս քրեական գործը դատարան է ուղարկել նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ՝ այն պետք է քննվի համաձայն Քրեական դատավարության հին օրենսգրքի, որում նշված է «վերսկսվում է» ձեւակերպումը։ Դա, ըստ մեղադրողի, նշանակում է, որ օրենքն իրենց չի արգելում շարունակել քննությունը ընդհատված տեղից։  Դատավոր Սուրեն Խաչատրյանը Լսելով կողմերին՝ դատավոր Սուրեն Խաչատրյանն ասաց, որ ամբողջությամբ ընկալելի է տուժող կողմի՝ գործի քննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու ակնկալիքը, սակայն դատարանը կայացրել է գործի քննությունը վերսկսելու որոշում, ինչը ենթադրում է, որ այն պետք է սկսվի սկզբից։ Ըստ դատավորի՝ որքան էլ ինքը կասկածի տակ չդնի այլ դատարաններում գործի քննության որակը, միեւնույն է, առանց անմիջական հետազոտման եւ այլ դատարաններում հետազոտված ապացույցների հիման վրա կայացված դատավճիռը չի կարող արդարացիության համոզմունք առաջացնել։ Ուստի դատարանը մերժեց միջնորդությունը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ միջոցներ կձեռնարկվեն գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու համար։ Հրապարակվեց Անդրանիկ Վերանյանի մեղադրական եզրակակցությունը Հաջորդիվ հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Ըստ այդմ, պարզ դարձավ, որ Վերանյանը 2020 հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորական վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմի ժամանակավոր տեղակայման վայրից՝ Արցախի Արծվաշեն գյուղից Ջաբրայիլի տարածք տեղափոխելու հրաման, նույն հրամանի համաձայն՝ պատասխանատու եղել ենթակարգից որեւէ մեկի դուրս չմնալու եւ հետ չընկնելու համար։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ Վերանյանն իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Վերջինս պատասխանել է՝ պատճառն այն է, որ օդում լսվում է անօդաչու թռչող սարքի (այսուհետ՝ ԱԹՍ) ձայն։ Ըստ մեղադրանքի՝ Վերանյանը, անձամբ լսելով ԱԹՍ–ի ձայնը, տրված հրամանը ժամանակին կատարելու, ինչպես նաեւ ոչ մեկին ենթակարգից դուրս չթողնելու, իր առջեւ դրված խնդիրը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Տարոն Նիկողոսյանին հրամայել է ԱԹՍ–ից պատսպարված անձնակազմին ամեն դեպքում նստեցնել մեքենա եւ շարունակել երթը։ Վաշտի հրամանատարը կատարել է հրամանը։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը 10-15 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են։ Նրանք են կապիտան Տարոն Նիկողոսյանը, ավագ լեյտենանտ Ասատուր Շահնազարյանը, պայմանագրային սերժանտ Հայկ Մկրտչյանը, կրտսեր սերժանտ Էդգար Հայրապետյանը, շարքայիններ Արման Օհանյանը, Հրաչ Մահտեսյանը, Պավել Սահակյանը, Մանվել Ըռքոյանը, Արթուր Խաչատրյանը, Գեւորգ Ղուղանյանը, Արթուր Տիգրանյսն, Փայլակ Ղազարյանը, Արեն Կիրակոսյան, Արծրուն Առաքելյան, Սլավիկ Ազարյանը, Արման Հովակիմյանը, Արտաշես Խալաթյանը, Զավեն Հակոբյանը, զոհվել են։ Զինծառայողներից 1-ը՝ Արմեն Հակոբյանը, ստացել է մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ԻՍՎ ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ հիշյալ տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը։  Ըստ մեղադրանքի՝ ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Անդրանիկ Վերանյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Դատարանը սկսեց ապացույցների հետազոտումը Լսելով կողմերի կարծիքները՝ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունը․ նախ կուսումնասիրվեն գործում առկա գրավոր ապացույցները, այնուհետեւ կհարցաքննվեն տուժողները, նրանցից հետո՝ վկաները, եւ վերջում՝ ամբաստանյալը, եթե ցանկանա։ Քրեական գործի 6 հատորից 3-ի գրավոր ապացույցներն այսօր հետազոտվեցին։ Ի թիվս մի շարք որոշումների ու արձանագրությունների, դրանց թվում էր պաշտպանի կողմից ներկայացված մի քաղվածք՝ Մարտական կանոնադրությունից։ Դրանում մեջբերված էր Կանոնադրության հետեւյալ նորմը․ «Շարասյան վրա հակառակորդի օդուժի հարձակվելու դեպքում, որպես կանոն, երթը շարունակվում է»։ Մեղադրող Հայկ Մարգարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այս նորմին․ «Հստակ գրված է՝ երթը որպես կանոն է շարունակվում։ Հայերենի եթե ոչ տարրական, ապա որոշակի իմացության պայմաններում բառերը պետք է մեկնաբանել այնպես, որ միանշանակ երթը շարունակելու մասին ուղիղ նշում չլինի, այսինքն՝ «որպես կանոն»–ը ենթադրում է որոշակի դեպքերում երթը չշարունակելու հնարավորություն»,– ասաց նա։ Պաշտպան Նորիկ Նորիկյանը հայտնեց, որ այս հարցը նախորդ դատարանում հանգամանալից վերլուծվել է, իրենք դրան կանդրադառնան դատաքննության հետագա փուլում։ Ավելի ուշ դատարանը հրապարակեց ՊՆ N զորամասի հրամանատարից քննիչին ուղարկված մի գրություն, որում դարձյալ մեջբերված էր Կանոնադրության հիշյալ նորմը, սակայն արդեն առանց «որպես կանոն» կապակցության։ Մեղադրողն ընդգծեց՝ գրությունը ուղիղ չի ցիտում Կանոնադրությունը։ Պատասխանելով քննիչի մի շարք հարցերի՝ նույն գրությամբ զորամասի հրամանատարը հայտնել է նաեւ, որ հոկտեմբերի 9–ի երթ կատարելու հրամանը տրվել է բանավոր՝ ժամանակի սղության եւ մարտական գործողությունների դինամիկայի արագ փոփոխության պատճառով։ Երթը կատարվել է հակառակորդի հետ մարտի մեջ մտնելու կանխատեսմամբ եւ մարտական իրադրության տվյալ պահին ու ժամանակին նշված տեղամասում պաշտպանության անցնելու համար։ Ըստ զորամասի հրամանատարի՝ երթի կատարման համար պատասխանատուն գնդի հրամանատարն է, որի կողմից կատարվել են պատսպարման գործողություններ, տեսանելիության սահմաններում իրականացվել է օդային դիտարկում, շարասյան շարժման ուղղության քողարկման եւ  հնարավոր  հարվածների ազդեցության նվազեցման համար մեծացվել է ստորաբաժանումների եւ մեքենաների միջեւ հեռավորությունը եւ այլն։ Ստացված գրության մեջ նշված էր նաեւ, որ հակառակորդի կողմից ԱԹՍ–ներ կիրառվել են ինչպես առաջնագծում, այնպես էլ խորքում։ Հիմանականում կիրառվել են իսրայելական եւ թուրքական արտադրության հետախուզական, հարվածային եւ հետախուզահարվածային ԱԹՍ–ներ։ Տվյալ օրը Իշխանաձորի երկնքում ԱԹՍ–ի հավանական կիրառման զեկույց տրվել է ԻՍՎ–ի մեքենայի խոցվելուց հետո։ Հարված հասցրած միջոցի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չկան, այն կարող է լինել ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզահարվածային։ «Տեղի ունեցածի առնչությամբ տվյալ պահին ծառայողական քննություն չի իրականացվել մարտական ակտիվ գործողությունների պառճառով, իսկ հետագայում դա դարձել է անհնար, քանի որ տվյալ տարածքը եւ մեքենան  մնացել են հակառակորդի հսկողության տակ»,– ընթերցեց դատավորը։ Հետազոտված ապացույցներում նաեւ պաշտպանական կողմի միջնորդությունն էր՝ ռազմագիտական, պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Դեռ նախաքննության փուլում այդ փորձաքննությամբ պաշտպանն ակնկալում էր ստանալ մի շարք հարցերի պատասխաններ․  տվյալ իրադրության պայմաններում ո՞ր իրավական ակտի վրա կոնկրետ ի՞նչ այլ հրաման պետք է տար Անդրանիկ Վերանյանը, նրա տված հրամանը հակասո՞ւմ է արդյոք Մարտական կանոնադրության նորմերին, հրաման տալու պահին արդյո՞ք զինծառայողները չեն գտնվել առավել վտանգավոր տեղանքում, եւ արդյո՞ք Վերանյանի գործողությունները միտված չեն եղել նրանց անվտանգությունը ապահովելուն։  Միաժամանակ պաշտպանը հետաքրքրվել է՝ թշնամու կողմից ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող տարածքներ ուղարկվող ԱԹՍ–ները գտնվե՞լ են համապատասխան ստորաբաժանումների տեսադաշտում, արդյոք դրանք կարո՞ղ էին ոչնչացվել, եթե այո, ապա կոնկրետ ո՞ր ստորաբաժանման պարտականությունն է եղել դա, հրաման տալու պահին որքա՞ն է եղել ԱԹՍ–ի ձայնի լսելիությունը, եթե անգամ լսելի է եղել, անձնակազմը պե՞տք է ցրված լիներ շրջակայքում թե՞ ոչ, ինչպե՞ս պետք է բացազատված լիներ։ Մի շարք հարցեր էլ կապված էին մեքենայի թափքում բենզինի հավանական առկայության հետ։ Ապացույցի հրապարակումից հետո պաշտպան Նորիկ Նորիկյանն ասաց, որ այս հարցերի գերակշիռ մեծամասնության պատասխանները քրեական գործի նյութերում բացակայում են, եւ իրենք ակնկալում են, որ դատարանում կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները դրանք ստանալու համար։ Դատարանը հրապարակեց նաեւ Անդրանիկ Վերանյանի անձը բնութագրող փաստաթղթերը, որոնց թվում էին «Անբասիր ծառայության համար» երկրորդ եւ առաջին աստիճանի մեդալների, «Ծովակալ Իսակով» մեդալի, «Գարեգին Նժդեհ» մեդալի, «Մարտական ծառայության» մեդալի, «Զինված ուժեր 20 տարի հոբելյանական» մեդալի, «Վազգեն Սարգսյան» մեդալի, «Մայրական երախտագիտության» հուշամեդալի, «Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան» մեդալի վկայականների պատճենները։ Վերանյանը ծնվել է 1982 թ․ հունվարի 18–ին, միայն ՀՀ քաղաքացի է, ստացել է բարձրագույն զինվորական կրթություն, ամուսնացած է, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, նախկինում դատված չի եղել։ Ապացույցների հետազումը կշարունակվի նոյեմբերի 17-ին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան  
22:01 - 03 նոյեմբերի, 2023
«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ». պատերազմում զոհված Վահագնին ընտանիքը երկու անգամ է հուղարկավորել

«Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ». պատերազմում զոհված Վահագնին ընտանիքը երկու անգամ է հուղարկավորել

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանին ծնողները երկու անգամ են հուղարկավորել։ Նրա մի մասունքը ընտանիքին է հասել հայտնաբերվելուց ամիսներ, իսկ մարմինը՝ տարիներ հետո։  Խաչատրյանի մասունքը հայտնաբերվել է 2021 թ․ հունվարի 15-ի որոնողական աշխատանքների ժամանակ, ընտանիքին փոխանցվել՝ միայն 5 ամիս անց՝ նույն տարվա հունիսին, իսկ մարմինը, որն Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել ավելի վաղ՝ դեռ 2020 թ․ նոյեմբերի 23-ին, ընտանիքը ստացել է 2․5 տարի անց՝ այս տարվա մայիսին միայն: Խաչատրյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը, տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնեական անփութության հատկանիշներով։  Վահագն Խաչատրյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի այն զինծառայողներից է, որոնց, չնայած նորակոչիկ լինելուն, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ուղարկել են Հադրութին հարակից Խուռհատ սար՝ մարտական առաջադրանքի։ Մեկ այլ քրեական վարույթ էլ՝ կապված այդ առաջադրանքի հետ, այժմ քննվում է դատարանում։ Ըստ մեղադրանքի՝ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, իր թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։ Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով անձնակազմը կիսվել է․ որոշները այլ սպաների հետ կարողացել են դուրս գալ շրջափակումից, մեծ մասին, սակայն, դա չի հաջողվել։ Իրադարձությունների այս շղթայում կոնկրետ երբ, որտեղ եւ ինչպես է զոհվել Վահագնը՝ ընտանիքին առ այսօր հայտնի չէ։ «Վահագնը տան շարժիչ ուժն էր» Վահագն Խաչատրյանը ծնվել է 2001 թ․-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ քաղաքում, 7 տարեկանում ծնողները որոշել են վերադառնալ հայրենիք, որ երկու որդիները այստեղ մեծանան։ Մոր՝ Ալինա Գրիգորյանի խոսքով՝ որդին մաքուր հայերեն գիտեր, քանի որ տանը միշտ հայերեն էին խոսում․ «Շատ խելացի էր, շատ լուսավոր, հոգատար, բարի, էներգիան՝ անսպառ, մեր տան շարժիչ ուժն էր Վահագը, եթե Արթուրը (կրտսեր եղբայրն է,-հեղ․) տանն է, լռություն է, բայց Վահագը՝ ցեց։ Ասում-խոսում էր, կատակներ անում, սեր կար նրա մեջ բոլորի հանդեպ, անսպառ սեր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր»,- վերհիշում է մայրը։ Վահագնը՝ ծնողների հետ Որդու հետաքրքրություններից մայրը դժվարանում է մեկն առանձնացնել․ սկաուտիզմ, լող, բռնցքամարտ, նետաձգություն, խոհարարություն, ամեն ինչ ուզում էր փորձել, նրա համար անհնարին ոչինչ չկար․ «Միշտ ասում էր՝ գնամ–գամ, որ տան հարցը լուծեմ, հիմա ասում եմ՝ քո տան հարցը լուծեցիր, մերը մնաց։ Բոլորն ասում են՝ Վահագի երազանքը պիտի իրականացնեք․ ամենամեծ բանը իր համար դա էր»,- նշում է մայրը։ Վահագնը սովորում էր Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում՝ «Կապեր եւ կոմունիկացիա» բաժնում, չափազանց սիրում էր կարդալ։ Տիկին Ալինան հիշում է՝ վերջին գիրքը, որ որդին կարդում էր, ճապոնացի մտածող, ռազմագետ Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» աշխատությունն էր․ «Չգիտեմ էլ՝ հասցրել է ավարտել թե չէ։ Փորձեցի ինքս կարդամ, չկարողացա, մի քիչ բարդ էր ինձ համար, չհասկացա՝ իրեն ինչն էր էդտեղ հետաքրքրում»,- ասում է մայրն ու անկեղծանում, որ իրեն մեկ-մեկ թվում է՝ տղաները կանխազգացել են ամեն ինչ․ «Հեռուստացույցով նայում էր՝ մարդիկ ոնց են անտառներում ողջ մնում, ոնց են դուրս գալիս այդ իրավիճակներից, հարցնում էի՝ ինչի՞ ես նայում, ասում էր՝ դե, հետաքրքիր է․․․ Պատերազմից հետո, երբ իրենից լուր չունեինք, սկզբում ասում էին՝ անտառներում են, մտածում էի՝ երեւի դրա համար էր էդ ամենը պետք, հիմա իրեն անտառներում օգտակար կլինի, դուրս կգա։ Չէինք պատկերացնի, որ նման փաստի առաջ կկանգնեինք, ամենավատ երազում նման բան չէինք տեսնի»,– ասում է մայրը։ «Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ․․․» Վահագն Խաչատրյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 8-ին՝ որպես նռնականետի օգնական։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամսից ավելի Մարտունիում կարանտինի մեջ է եղել, սեպտեմբերի սկզբին՝ տեղափոխվել Ջրական։ Մինչ պատերազմը կրակային պատրաստություն 1-2 անգամ է հասցրել անցնել։ Ծառայության այդ երկու ամիսներին Վահագնը ոչնչից չի դժգոհել, միայն աչքերի խնդիր է ունեցել, բուժզննում անցել, հոսպիտալացվել․ «Պատերազմի նախորդ օրը խոսում էինք, ասաց՝ աչքերս էլի լավ չեն, բորբոքվել են, կամ էլի կպառկեցնեն, կամ գուցե ուղարկեն Ստեփանակերտ կամ Երեւան՝ զննման։ Ու կիրակի պատերազմը սկսվեց, ու ինքը ակնոցը չէր հասցրել վերցնել, էդ բորբոքված աչքերով էլ․․․»,– պատմում է տիկին Ալինան, բայց արցունքները չեն թողնում շարունակել։ Պատերազմի մեկնարկից հետո ընտանիքը որդուց երկու օր լուր չի ունեցել, սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 8-ը 2-3 օրը մեկ զանգել է, սակայն մանրամասներ չի հայտնել․ «Ինչքան զանգել է, հարցրել ենք՝ որտե՞ղ ես, ասել է՝ տենց հարցեր մի՛ տվեք, իր սիրած բառն էր՝ պա՛պ, սաղ լավ ա, սաղ կայֆոտ ա, մի՛ մտածեք, դուք լավ եղեք»,– հիշում է հայրը՝ Վաչիկ Խաչատրյանը։  «Մենակ վերջին զանգին՝ հոկտեմբերի 8–ին, ասաց՝ մեզ տանում են վերեւ, դե, որ արդեն գիտեինք՝ չի ասելու, թե որտեղ, մայրը հարցրեց՝ Վահա՛գ ջան, վերեւն ապահո՞վ տեղ է, թե՞․․․ Ջղայնացավ, ասաց՝ թե, մա՛մ․․․ Վերջին բառերն են՝ մենք գնում ենք վերեւ»,- պատմում է հայրը։ «Գնացին վերեւ»,– հազիվ լսելի ձայնով շարունակում է տիկին Ալինան ու հիշում, որ Պաշտպանության նախարարությունից իրենց այդ նույն ժամանակ ասում էին, որ նորակոչիկները բունկերներում են, նորակոչիկներն ապահով են․ «Մի օր հեռախոսազրույցը ընդհատեց, գոռաց՝ թո՛ղ, էդ մեր զենքերն են, խոսեցինք, վերջացրինք, նոր սկսեցի մտածել՝ եթե բունկերում են, ի՞նչ զենքից էր խոսում։ Հոկտեմբերի 6-ին էլ ասացի՝ ուր որ է կկանգնի պատերազմը, տղե՛ս, պինդ եղեք, էս մի հատ մեծ փորձություն էր․․․ Ասաց՝ էսքան տեսածից հետո էլ ի՞նչ նեղվենք։ Խոսեցինք, վերջացրինք, նորից մտածում եմ՝ էս էրեխեն ի՞նչ տեսածի մասին է խոսում։ Հիմա գիտեմ՝ ինչ է տեսել, ես էդ ամեն դատին մեռնում եմ, որ լսում եմ՝ ինչերի միջով են անցել»։ Վահագնի հետ վերջին հեռախոսազրույցից հետո ծնողների օրերը սկսել են անցնել նախարարությունների, հոսպիտալների ու զորամասերի առաջ, քանի որդու հրամանատարներից որևէ մեկին չեն ճանաչել, անմիջական կապ որևէ մեկի հետ հաստատել չեն կարողացել։ Այդ ընթացքում Պն–ի հորդորով Վահագնի ծնողները ԴՆԹ են հանձնել՝ հույս ունենալով բացառել զոհվածների հետ համընկնումը։ Բոլոր գերատեսչություններից ծնողներին ասել են, որ իրենք աշխատում են, ամեն ինչ անում են, պետք է սպասել։ ԱԱԾ–ից նրանց հայտնել են, որ որդին անհետ կորածների ցանկում է․ «Պետությանն էինք տվել էրեխուն, գնացել էր պետության համար պարտքը կատարելու, ուրիշ ո՞ւմ հավատայինք»,– ասում է մայրը, բայց եւ նշում՝ պետության ներկայացուցիչներից ոչ ոք իր տուն չեկավ, որդու պարգեւատրումն անգամ մի զինծառայողի միջոցով են ուղարկել։ Արցախի նախագահի հրամանագրով Վահագն Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Վահագնի վերջին լուսանկարը Ջրականում, սեպտեմբերի 29, 2020 թ․ «Մեկը գա, ասի՝ ինչի՞ց զոհվեց, ո՞նց զոհվեց» Աբովյանի դիահերձարանի նկուղում զինծառայողների մարմիններ պահելու դեպքի հայտնի դառնալուց հետո Վահագնի ծնողները որոշել են այլեւս չսպասել, այլ անձամբ հետաքրքրվել իրենց որդու ճակատագրով։ Այդ ժամանակ էլ, ցավոք, պարզել են, որ ԴՆԹ համընկնում կա։  «Քննիչի համարը վերցրի, ասաց՝ ես կնայեմ, կասեմ։ 2-3 օր զանգեցի, չպատասխանեց, ասացի՝ վեր կենամ, գամ, բա չէ, ես կզանգեմ։ Զանգեց, ասաց՝ էս պահի դրությամբ ոչ մի բան չունեք։ Ասացի՝ մի տեսակ լավ չասացիր, ո՞նց էս պահի դրությամբ։ Անջատեցի, տաքսի կանչեցի, գնացի քննչական։ Վայ, բա ինչի՞ եք եկել, ասացի՝ եկել եմ՝ աչքերիս մեջ նայես, նոր ասես։ Ասաց՝ լավ, որ եկել եք, եկեք՝ ասեմ՝ համընկնում ունեք, բայց էնքան քիչ տոկոս է, հերքվող տոկոս։ Երբ դեռ չես խորացել դրա մեջ, լուրջ ես ընդունում, բայց իրականում ԴՆԹ համընկնում կա՛մ ունես, կա՛մ չունես, քիչ տոկոս հասկացություն չկա»,– նշում է տիկին Ալինան։  Դրանից հետո կրկնակի փորձաքննություն են պահանջել, եւ հաստատվել է․ հուլիսի 26-ին հուղարկավորել են որդու մասունքը, որ նոյեմբերի 9-ի հրադադարից 2 ամիս անց էր հայտնաբերվել Հադրութի շրջանի Տյաք գյուղից։ Վահագնի մասունքը այդ օրը նշված վայրից հայտնաբերված միակ մասունքն է եղել, ինչն ավելի է խորացրել ծնողների անորոշությունն ու ավելացրել անպատասխան հարցերը. «Մեկը գա, ասի՝ ինչի՞ց զոհվեց, ո՞նց զոհվեց, ընկավ, ոչ մեկը չօգնեց, խփեցին, կրակեցին, ի՞նչ արեցին, ինչի՞ է առանձին։ Դատերին, որ անդադար ասում էին՝ օդային հարձակում չի եղել, արդեն հասկանում էի, որ դա ԱԹՍ–ից չէ, ուրեմն՝ պիտի լիներ մարմինը, չէր կարող ոչ մի բան չլինել»,– ասում է մայրը։ «Ոչ մի կառույց պատշաճ չի աշխատել» Որդու հուղարկավորությունից հետո՝ 2021 թ․-ի ընթացքում, մեկ-երկու անգամ գնացել են «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» ՊՈԱԿ (հայտնի է որպես Հերացի), հետաքրքրվել, հետո մտածել, որ եթե նոր մի բան հայտնաբերվի, իրենց անձամբ կտեղեկացնեն։ Մի օր էլ, երբ իմացել են, որ որդեկորույս մեկ այլ ծնող պատահական զանգահարել է Հերացի եւ պարզել, որ համընկնում կա, որոշել են դարձյալ զանգահարել․   «Զանգեցի Հերացի, ասացին՝ կա, վերեւի հատվածն է՝ կրծքավանդակի, իրենք էլ չգիտեին, հետո որ գնում են Մեծամորից բերելու, նոր տեսնում են, որ ամբողջ մարմինն է։ Իրենք գնացել են փոքր ավտոյով, որ մասունք վերցնեն, մեկ էլ երեկոյան Էլենը (ՊՈԱԿ-ի աշխատակիցն է,-հեղ․) զանգել է, զգում եմ ձայնից, որ չի կարողանում խոսել, ասում է՝ գիտեք, ոնց որ թե ամբողջ մարմինն է, էլի ոնց որ թե․․․ Քննիչի հետ են գնացել, որ բերեն, հետո Արտյոմը (քննիչն է,-հեղ․) ասում է՝ իմ ավտոյով էի գնացել, դե ասում էին՝ մասունք․․․ Որ չբերեցին, ասացի՝ լավ չե՞ք, դե ավտո կանչեք, ծնողին էլ պատասխան կտաք, ես սրա տակ չեմ մտնի, դուք գրել եք մասունք, բերել եք ամբողջական մարմին, ես սրա պատասխանը չեմ կարող տալ»,- պատմում է մայրը։ Պարզվել է՝ 2020 թ․ նոյեմբերի 23-ին Ադրբեջանը 13 մարմին է փոխանակել, այդ թվում՝ Վահագնի մարմինը։ Այն Արցախից տեղափոխել են Կապան, որտեղ, ըստ ծնողների, դատաբժիշկը պատշաճ չի աշխատել, քանի որ ամբողջական մարմինը եւ անձին որոշակիորեն նույնականացնող դաջվածքը նկարելու փոխարեն կրծքավանդակի մի հատվածն է լուսանկարել, այն էլ՝ հագուստով։ Դրանից հետո Վահագնի մարմինն ուղարկել են Գորիս, որտեղ այն մնացել է 2 տարի։ Վահագնի դաջվածքից են նմուշ վերցրել, որով ԴՆԹ համընկնում չի եղել։ Ոտքից վերցված ԴՆԹ նմուշով, սակայն, ինքնությունը հաստատվել է։ 2022 թ․ սեպտեմբերին Վահագնի մարմինը տեղափոխել են Մեծամոր եւ դրանով սահմանափակվել։ «Հերացին ինֆորմացիան փոխանցում է քննչականին, գրում՝ մասունք, քննչականն էլ մտածում է՝ դե, հերթական մասունքն է, կարող է էլի լինի, ծնողներին քիչ–քիչ սթրեսի չենթարկենք։ Քանի որ քննիչը չունի բժշկական կրթություն, չի հասկացել, բայց դե, ում էլ ասես մասունք, կտոր է պատկերացնում։ Ասում են՝ եթե թաթն էլ չլինի, ամբողջ մարմինը գրվում է մասունք, բժշկական տեսանկյունից կարգը էդպես է։ Բայց լավ, փակագծում գոնե գրեք՝ ինչ մասունք Է՝ թեւ է, ոտք է, գլուխ է, մարմին է։ Ուզեիր մտածել, թե ոնց սթրեսի ենթարկեիր, երեւի չկարողանայիր այսպես սթրեսի ենթարկել»,– վրդովված ասում է հայրը։ Վաչիկ Խաչատրյանի համոզմամբ՝ խնդիրը սկսվել է Կապանից, սակայն դրանից հետո որ կառույցում էլ  եղել է որդու մարմինը, պատշաճ աշխատանք չի կատարվել․ «Իրերը գրպանում էին, հեռախոսը մոտն էր, մի հատ միացնեիք․․․ Թեւին մի ամբողջ նախադասություն էր, փոքր խաչ չէր ծալքերի մեջ, որ ասեինք՝ բոլորի մոտ կլինի, մի ամբողջ նախադասություն էր դաջված, էդ մի նախադասությունով ինչքան շուտ նրան կգտնեինք»,– ասում է նա։ Վահագնի թեւին դաջված էր Esse quam videri լատիներեն արտահայտությունը, որ թարգմանաբար նշանակում է «Լինել, այլ ոչ թվալ»․ «Որ եկավ, ասաց՝ ուզում եմ դաջվածք անել, հարցրի՝ հիմա դու կա՞ս, թե՞ քեզ թվում է, որ կաս։ Ասաց՝ պա՛պ, ես կամ, ասացի՝ դե ուրեմն գնա, արա, բայց պատասխանատու եղիր գրածիդ համար»,– հիշում է հայրը։ Որդու գրպանում հեռախոսի հետ նաեւ լիցքավորիչ է եղել, մկրատ, ծխախոտ, դատարկ նոթատետր, փամփուշտներ և համրիչներ (թզբեխ)։ Դրանք հիմա խնամքով շարված են տանը Վահագնին նվիրված անկյունում՝ նկարների կողքին։ «Հիմա կա Արցախի արիության մեդալ, բայց չկա Արցախ» Այս տարվա մայիսի 11-ին Վահագնին Եռաբլուրում երկրորդ անգամ են հուղարկավորել․ «Մարմինը որ գտանք, էնքան շոկի մեջ էինք, մի ուրիշ ձեւի ապրումներ էին։ Մինչ էդ էլ նենց չէ, որ մեծ հույսեր ունեի, բայց էն որ ծանր դռներ կան է, որ դրմփում-փակվում են, այդ ձեւի զգացողություն էր, որ վերջնական այդ դուռը փակվեց։ Ավելի ծանր էր, գուցե այն ցավն էր, որ որդիս 2 տարի այդ վիճակում է մնացել»,– հուզվում է տիկին Ալինան։  «Եթե ես չզանգեի, ես ուղղակի զանգել եմ, եթե էդ ուղղակի զանգը չլիներ․․․ Սա հասարակ գողություն չէ, սպանություն չէ, սա դրանցից էն կողմ է, սա անփույթ աշխատանք է․ զոհված զինվորին ուղղակի դրել եք մի կողմ ու ոչ մի աշխատանք չեք արել, ոչ մի ջանք չեք գործադրել, որ գտնեք տիրոջը։ Տերն էլ ցավով տապակվում է, գտել է մի բան, ուրիշների նման երանի է տալիս, ասում՝ լավ է՝ գոնե էս էլ ունենք։ Վերջին հաշվով պատերազմում են զոհվել, կռվել են մինչեւ վերջին շունչը, ուրեմն՝ արժանի են, որ պատվով ճանապարհեք, ոչ թե թողնեք սառնարաններում, ասեք՝ գերի են, գալու են»,- ասում է նա։ Ալինա Գրիգորյանի համար ամենացավալին այն է, որ մեղավորները չեն պատժվում։ Նրա խոսքով՝ գումարտակի հրամանատարին քանի տարով էլ դատապարտեն, իրեն դա ոչինչ չի տա, բայց սպասում է, որ ամենախիստ ձեւով պատժեն՝ գոնե թե այն հույսով, որ դա դաս լինի մյուս հրամանատարներին․ «էս էրեխեքը մնացին անտեր, դրա համար տուն չեկան։ Եթե լիներ խելացի հրամանատար, թեկուզ այդ սարն էլ բարձրանային, ամեն ձեւի նահանջ էլ կանեին։ Մարդիկ կան՝ ասում են՝ հոկտեմբերի 25–ին դուրս ենք եկել Հադրութից, իրենք 25-ին կարողացան դուրս գալ, էրեխեքը հոկտեմբերի 10-ին մի հատ սարից չկարողացա՞ն նահանջ անել։ Որովհետեւ մենակ էին, ի՞նչ պիտի իմանային 2 ամսվա զինծառայողները»,- ասում է տիկին Ալինան։ Այսօր Արցախի կորուստը մայրն իր անձնական կորուստն է համարում․ «Եթե այն ժամանակ ես մտքերով մենակ Հադրութում էի փնտրում որդուս մարմինը, ասում՝ ոտքս Արցախ ընկնի, հիմա, երբ Արցախն էլ մերը չէ, ես կխելագարվեի, [եթե նրան գտած չլինեի]։ Հիմա կա Արցախի արիության մեդալ, բայց չկա Արցախ, էլ ի՞նչ արժեք ունի այս մեդալը»,– ասում է Ալինա Գրիգորյանը՝ հայացքն ուղղելով որդու նկարին։    Միլենա Խաչիկյան
22:15 - 02 նոյեմբերի, 2023
ՊՆ թեժ գիծը սխալ տեղեկություն է հաղորդել. ՈՄԱ-ի վերաբերյալ քրեական վարույթ չկա

ՊՆ թեժ գիծը սխալ տեղեկություն է հաղորդել. ՈՄԱ-ի վերաբերյալ քրեական վարույթ չկա

44-օրյա պատերազմից հետո «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահասարակական կազմակերպությունն իրականացնում է ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման աշխատանքներ, որոնց նպատակն է ամրապնդել պաշտպանության երկրորդ գիծը։ Ամրաշինական այդ կառույցների ստեղծման համար կազմակերպությունն իրականացնում է հանրային դրամահավաքներ՝ ինչպես բանկային եւ քարտային փոխանցումների, այնպես էլ SMS հաղորդագրությունների միջոցով, որոնց արժեքը 500 դրամ է։ ԳՄԲԵԹ-ների կառուցման թեման ակտիվ քննարկվում է համացանցում. մարդիկ հետաքրքրվում են՝ արդյո՞ք այդ աշխատանքները համաձայնեցված են Պաշտպանության նախարարության հետ, թե ոչ։ Որոշ քաղաքացիներ անձամբ են ՊՆ-ից հետաքրքրվել ՈՄԱ-ի այս նախաձեռնության մասին, եւ, ստանալով տարակուսելի պատասխան, դիմել են «Ինֆոքոմին»։  Մեր ընթերցողները պատմում են, որ ԳՄԲԵԹ ամրաշինական կառույցների վերաբերյալ տեղեկություն ճշտելիս ՊՆ թեժ գծի աշխատակիցը նրանց խորհուրդ է տվել կազմակերպությանը գումար չփոխանցել, քանի որ «ՈՄԱ-ի դեմ քրեական գործ կա հարուցված»։  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊՆ-ն քննչական մարմին չէ եւ քրեական վարույթների մասին տեղեկություններ հաղորդելը նրա լիազորությունը չէ, «Ինֆոքոմը» որոշեց ստուգել այս տեղեկությունների իսկությունը։  Հոկտեմբերի 5-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՈՄԱ կազմակերպության կամ հենց ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման նախագծի առնչությամբ քրեական վարույթ կա, եւ եթե այո, ապա ո՞ր հոդվածով։ Դատախազությունը մեր հարցմանը պատասխանել է միայն հոկտեմբերի 23-ին՝ նշելով. «ՈՄԱ կազմակերպության եւ ԳՄԲԵԹ նախագծի առնչությամբ վարույթների վերաբերյալ տեղեկություն առկա չէ՝ համաձայն Դատախազության ստորաբաժանումներից ստացած տվյալների»։ Ճշգրտելով, որ նախաձեռնված քրեական վարույթ չկա, «Ինֆոքոմի» լրագրողն անձամբ զանգահարեց ՀՀ ՊՆ կայքում տեղադրված քաղաքային հեռախոսահամարով՝ հնչեցնելով այն նույն հարցերը, որոնք մեզ դիմած քաղաքացիներն էին ուղղել ՊՆ-ին։ Զարմանալիորեն մենք նույնպես ստացանք հետեւյալ պատասխանը. «ՊՆ-ն դրա հետ կապ չունի, ավելին՝ խորհուրդ կտանք գումար չփոխանցել, որովհետեւ գործ կա հարուցված, ավելին ասել չենք կարող»։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից փորձեցինք այս դրվագի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս առաջարկեց հարցերն ուղարկել գրավոր։ Հոկտեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմեցինք նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞ւ են պետական երկու գերատեսչություններ միմյանց հակասող տեղեկություն տրամադրում քաղաքացիներին։ Նաեւ խնդրեցինք պարզաբանել՝ եթե, ըստ ՊՆ-ի, ՈՄԱ-ի կամ դրա նախագծի վերաբերյալ կա նախաձեռնված քրեական վարույթ, ապա ինչո՞ւ ՊՆ-ն հրապարակային չի զգուշացնում հանրությանն այդ նախագծի հնարավոր վտանգների մասին։ Նոյեմբերի 1-ին ՊՆ-ն գրավոր պատասխանեց մեր հարցադրմանը՝ նշելով. «ՊՆ որեւէ պաշտոնատար անձ քաղաքացիների հետ զրույցում կամ այլ միջոցով նման տեղեկություն չի փոխանցել»,- գրված է ՊՆ պատասխանում։  ՊՆ-ից ավելացրել են նաև, որ ՈՄԱ կազմակերպության այդ նախաձեռնության և առհասարակ որեւէ դրամահավաք ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված չէ. «Պաշտպանական գերատեսչությունը ՈՄԱ հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել եւ կազմակերպությունը ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել եւ չի կատարում։ ՀՀ ՊՆ-ն Հայաստանի Հանրապետության սահմանային եւ թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական եւ ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է, եւ այն իրականացնելու ընթացքում նյութական եւ ֆինանսական աջակցության կարիք չունի. ՀՀ պետական բյուջեից պաշտանության նախարարությանն այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»,- նշված է ՊՆ-ի պատասխանում: Գոյություն չունեցող քրեական վարույթի վերաբերյալ ՊՆ աշխատակցի հայտնած տեղեկությունը և դրամական փոխանցում չանելու հորդորը կարող էր անտեղյակության կամ անփութության հետևանք լինել, եթե այդ նույն տեղեկությունը ՊՆ պաշտոնական հեռախոսահամարին պատասխանած մի քանի աշխատակիցներ չպնդեին և չհաստատեին։ Այնինչ, թե դիմած քաղաքացիները, և թե մենք իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկությունը ստացել ենք տարբեր օրերի՝ տարբեր աշխատակիցների կողմից։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ՊՆ-ն ՈՄԱ ՀԿ-ի վերաբերյալ քաղաքացիներին սխալ տեղեկություններ տրամադրելու որոշում ունի։ Այսպիսով, ՊՆ-ի նման գործելակերպն անհասկանալի և չպարզաբանված է մնում։ Մենք խոսեցինք նաև ՈՄԱ կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանի հետ, որը ՊՆ թեժ գծի զանգերին պատասխանող աշխատակիցների պնդումները զրպարտություն որակեց՝ նշելով, որ իրենք երբեւէ որեւէ քրեական վարույթի մասին ծանուցում չեն ստացել․ «Մենք 2014թ․-ից բաց ու թափանցիկ աշխատում ենք։ Մինչ օրս մեր վերաբերյալ որեւէ քրեական գործ չի եղել։ Մենք չենք հասկանում՝ ՊՆ թեժ գծի նման աշխատանքը, եթե դա աշխատանք կարելի է համարել, պարզապես զբաղված են կեղծ լուրերի տարածմամբ ու վարկաբեկմամբ՝ առանց փաստի ու հիմքի։ Ինչպես դատախազությունը, այնպես էլ մենք, հերքում ենք, որ մեր վերաբերյալ քրեական գործ կա»,- նշեց Խաչատրյանը։  Չնայած դրան՝ ՈՄԱ հանրային կապերի պատասխանատուն նշեց, որ այս առնչությամբ իրենք ՊՆ-ից պարզաբանում չեն պահանջել․ «Մենք գործեր ունենք անելու երկրորդ, երրորդ գծերում։ Եվ պետք չէ Թուրքիայի ու Ադրբեջանի՝ մեր դեմ գործի ջրաղացին ջուր լցնել, ուղղակի պետք է լինել միասնական եւ թիկունք լինել, ինչպես մենք ենք թիկունք, եւ աշխատել ոչ թե մեր դեմ, այլ մեր օգտին»,- ասաց Անգին Խաչատրյանը։ Հարցին, թե ինչ համագործակցություն կա ՈՄԱ-ի եւ ՊՆ-ի միջեւ, Խաչատրյանը պատասխանեց, որ իրենք ամրաշինական կառույցներ սարքում են պաշտպանական երկրորդ եւ երրորդ գծերում՝ մասնավոր տարածքներում, իսկ դրա, ինչպես նաեւ դրամահավաք իրականացնելու համար ՊՆ-ի թույլտվության կարիքը չկա։ Ըստ Խաչատրյանի՝ ՈՄԱ-ն ՊՆ-ի հետ համագործակցում է միայն պատերազմների ժամանակ՝ մասնակցելով զորահավաքին, եւ 25-օրյա հավաքների ժամանակ՝ որպես պահեստազորային։ Լուսանկարը՝ ՈՄԱ-ի ֆեյսբուքյան էջից, ԳՄԲԵԹ կրակակետ Հայարփի Բաղդասարյան
17:44 - 02 նոյեմբերի, 2023