Challenge

“Challenge”-ը Infocom.am-ի նախագիծն է՝ ուղղված քննադատական բովանդակության արտադրությամբ հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեծելուն։

Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, ում համարում է թեմայի արժանի շարունակող։ Մարտահրավերն ընդունողը ևս մարտահրավեր է նետում։

Մարտահրավերը չունի միայն հակադրման նպատակ, և մարտահրավեր ընդունողը կարող է նաև զարգացնել, շարունակել մարտահրավեր նետողի թեզերը, ավելացնել փաստերը, հարստացնել հիմնավորումները։

Նախագծի շրջանակում ներդրվել է նվիրատվությունների համակարգ, որի միջոցով հանրությունը հնարավորություն կունենա  նվիրատվություններ կատարել ոչ թե լրատվամիջոցին, այլ հենց հոդվածագրին։ infocom.am-ը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Հավաքագրված գումարը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային պահումների իրականացումից հետո, որպես հոնորար կփոխանցվի հոդվածագրին։

Հոդվածների հաստատման և  հրապարակման կարգը․

  1. հոդվածագիրը ներկայացնում է հոդվածի թեման և կարճ նկարագիրը։ Խմբագրական խորհուրդը, քննարկելով հայտը, տալիս է նախնական հաստատում կամ մերժում է։
  2. հոդվածագիրը միանգամից ներկայացնում է հոդվածի վերջնական տարբերակը և խմբագրական խորհուրդը ընդունում կամ մերժում է։
  3. խմբագրական խորհուրդը կարող է չմեկնաբանել մերժման պատճառները։
  4. հոդվածները չպետք է պարունակեն իրականությանը չհամապատասխանող փաստեր, մանիպուլյացիաներ, վիրավորանք, այլատյացություն։
«Տերդ չմեռնի, գիդությո՛ւն» կամ ՀՀ գիտության ապագայի փնտրտուքով [Challenge 21.2 | Կարապետ Մկրտչյան]

«Տերդ չմեռնի, գիդությո՛ւն» կամ ՀՀ գիտության ապագայի փնտրտուքով [Challenge 21.2 | Կարապետ Մկրտչյան]

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Շարունակելով Գեղամ Ջիվանյանի առաջարկած թեման՝ կուզեի խոսել ոչ թե այն մասին, թե ինչ է արվում, այլ թե, իմ համեստ կարծիքով, ինչ է պետք անել հայկական գիտության հետ։ Դժվար է խոսել հայկական գիտության մասին այլ կերպ, քան՝ ինչպես հիվանդի մասին։ Ցավոք, մեր բոլոր համեմատականներն առայժմ այդ տիրույթում են։ Այս առիթով հիշում եմ մի անեկդոտ․ բժիշկը մի մարդու ասում է․ «Հույս չկա, երկու ամսվա կյանք է մնացել»։ Մարդը գնում է ուրիշ բժշկի, որը բուժում է նշանակում։ Մի տարի անց այդ մարդը պատահաբար հանդիպում է առաջին բժշկին, որը զարմացած ու վախեցած հարցնում է․ «Դու դեռ կենդանի՞ ես»։ Պատասխանում է, որ գնացել է այլ բժշկի, բուժվել է և արդեն լրիվ առողջ է։ Բժիշկը մտածում է և ասում․ «Ուրեմն սխալ են բուժել․ ճիշտ բուժման դեպքում Ձեզ ոչինչ չէր փրկի»։ Հայաստանում գիտության մահն անխուսափելի է, եթե շարունակեն այն «ճիշտ բուժել»-ը, ինչպես արվել է վերջին երեսուն տարիների ընթացքում։ Ժամանակն է սկսել հայկական գիտության «սխալ բուժում»-ը, ինչից և կխոսենք ստորև։ ՀՀ կառավարության քայլերը, որ նկարագրված են Գեղամի հոդվածում (և նույնիսկ վերջին օրերի թարմ դրական նորությունները՝ իրենց աննախադեպ բնույթով հանդերձ) կարելի է համարել բուժման նոր մոտեցում, որն իր էությամբ պալիատիվ բնույթ ունի։ Մինչդեռ, ըստ իս, նպատակը պետք է լինի «հիվանդ»-ի լիարժեք բուժումը՝ առողջ և կենսունակ գիտությունը, ոչ թե նրա հավուր պատշաճի թաղումը։ Այդ բուժման նվազագույն «գինը» հայտնի է (տես, օրինակ, «Հայկական (գիտության) հարցը»): Հաճախ խոսվում է այն մասին, որ գիտության ֆինանսավորման բարձրացումը չի կարող տալ կոնկրետ և արագ արդյունքներ, և խնդիրը ծախսերի նպատակային կազմակերպումն է։ Սովորաբար այսպիսի կարծիք արտահայտողները չեն կարողանում շարունակել իրենց միտքը, չեն առաջարկում նպատակային ծախսի իրենց մոդելը՝ կարծես անիմաստ ու ձևական համարելով մահամերձին փրկելու մասին զրույցները, մինչդեռ դա է կարևոր թեման, որի շուրջ անհրաժեշտ է հրապարակային քննարկում։ Ի վերջո, ենթադրվում են մեծ ներդրումներ հանրային միջոցներից, և ցանկացած կառավարություն այդպիսի ծախսերի արդյունավետության վերաբերյալ հաշվետվողականության խնդիր ունի։ Հետևաբար, ամենահեշտ մոտեցումը մինիմալ դիմադրության ճանապարհով գնալն է, նույնիսկ եթե այն երաշխավորված տանում է դեպի անդունդ։ Այս ակնարկի նպատակը այդ քննարկումը հրահրելն է (կամ էլ դրան նպաստելը)՝ առաջարկելով նպատակային ներդրումների բազմաթիվ մեխանիզմներից մեկը, որը կօգնի ստեղծել մնայուն գիտության նոր և առողջ բջիջներ՝ չհակադրելով դրանք հներին։ Չունենալով գիտական համակարգերի կազմակերպման փորձ՝ ներկայացնեմ իմ պատկերացումները, թե ինչպես կարելի է միջոցներ ուղղել գիտության մեջ՝ ապահովելով արդյունավետության բարձր նշաձող։ Իմ կարծիքով, Հայաստանին անհրաժեշտ են ծրագրեր, որոնք կենթադրեն միանգամյա մեծ ներդրումներ՝ տեսանելի և մնայուն արդյունքով։ Անհրաժեշտ գումարները պետք է տրամադրի ՀՀ կառավարությունը՝ մշակելով գործիքներ, ստեղծելով միջավայր, որը կնպաստի նաև մասնավոր սեկտորի ներգրավմանը։ Այդպիսի մեխանիզմի ստեղծման համար օգտակար կլիներ ստեղծել ՀՀ Գիտական Հետաքրքրությունների Հիմնադրամ, որը հնարավորություն կտա  ներգրավել ոչ միայն պետական, այլև մասնավոր միջոցներ, համակարգել ներդրումները և դրանց նպատակային կիրառությունը դարձնել ավելի ճկուն։ Գիտությունը պահանջում է լավագույնների միջավայր, այլապես մրցունակ չի կարող լինել։ Այդպիսի միջավայր հնարավոր է կառուցել կայուն բջիջների՝ գերազանցության կենտրոնների միջոցով։ Առաջարկվող մոտեցումը գերազանցության կենտրոնների ստեղծումն է՝ հիմնվելով դեռ մնացած առողջ ներուժի վրա։ Ավելորդ է ասել, որ այդ կենտրոնները պետք է լինեն միջազգայնորեն մրցունակ՝ արտերկրից (ոչ միայն հայ) գիտնականներ ներգրավելու համար: Գերազանցության կենտրոնները սովորաբար իրենց շուրջ ստեղծում են որոշակի միջավայր, որը հանգեցնում է գիտակրթական միջին մակարդակի կտրուկ աճի։ Նմանատիպ կենտրոնների օրինակներ շատ կան աշխարհում, կնշեմ դրանցից մի քանիսը, որոնց ծանոթ եմ։ Նոր կենտրոնները ճանաչելի դարձնելու համար երկար ժամանակ է պահանջվում, մինչդեռ երբեմն կարող են լինել օրինակներ, երբ ներկրվում է արդեն գոյություն ունեցող գիտական կամ կրթական բրենդ, ինչպիսին, օրինակ, Դիլիջանի դպրոցն է: Սկսենք նման օրինակներից։ Համալսարանական օրինակ է ֆրանսիական մոդելի «Նորմալե» համալսարանների ցանցը։ Այդպիսի համալսարաններից մեկը գործում է Իտալիայում՝ պատմական պատճառներով, և Իտալիայի լավագույն համալսարանն է։ Այսինքն՝ Ֆրանսիայից դուրս այդպիսի համալսարանի գոյության նախադեպ կա։ Իմ կարծիքով, Ֆրանսիայի հետ համագործակցության լավագույն օրինակ կլիներ նման համալսարանի ստեղծումը Հայաստանում, հենց ֆրանսիական բրենդի ներկրմամբ, անվանելով այն Նորմալ Համալսարան կամ Նորմալ Բարձրագույն Դպրոց՝ ուղիղ թարգմանությամբ։ Այսպիսի համալսարանի առավելություններից մեկն այն է, որ այն կարող է լինել փոքր, ընդգրկել միայն մի քանի ուղղություններ (առնվազն սկզբում)․ այդպիսի համալսարանի ստեղծումը կարող է լինել ՀՀ ֆինանսական հնարավորությունների սահմաններում (թերևս հիանալի կլիներ, եթե ֆրանսիական կողմն աջակցեր նաև ֆինանսապես)։ Նորմալե համալսարանների փիլիսոփայությունն է լավագույն տաղանդներին լավագույն կրթություն տալ՝ անկախ նրանց ընտանիքի կարողություններից։ Մասնավորապես, Պիզայի Սկուլա Նորմալե համալսարան ընդունվում է տարեկան մոտ հարյուր ուսանող (բոլոր ուղղությունները միասին վերցրած)․ դրանք Իտալիայի այն լավագույն տաղանդներն են, որոնք չեն մեկնել ուսման արտերկիր։ Այդ ուսանողների ընտանիքների ծախսը նրանց ուսման համար հասցված է զրոյի։ Հայաստանի պարագայում այդ ուսանողների թիվը կարող է ավելի փոքր լինել, բայց դա հնարավորություն կտա կտրուկ բարձրացնել կրթության մակարդակը, ինչպես նաև կծառայի որպես սոցիալական վերելակ աղքատ ընտանիքներում ծնված տաղանդավոր երեխաների համար։ Հայկական մարդկային ռեսուրսը սուղ է, այն վատնել չի կարելի․ խոստումնալից ուսանողին պետք է տալ իր ներուժը զարգացնելու հնարավորություն՝ անկախ սոցիալական դրությունից։ «Նորմալե» բրենդի ներկրումը բավականին հավակնոտ նպատակ է։ Վերջերս Նեապոլում Պիզայի Նորմալեի նոր մասնաճյուղ բացելու փորձ արվեց, որը Պիզայի Նորմալեի սենատը մերժեց այն բացատրությամբ, որ անհնար է լինելու խուսափել որակի անկումից և Նորմալե համալսարանի անվան արժեզրկումից։ Այնուամենայնիվ, բավարար քաղաքական կամքի և նվիրվածության պարագայում, ինչպես նաև Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական ղեկավարության բարի կամքի օգնությամբ, Հայաստանի պարագայում չի բացառվում նման որոշման հասնելու հնարավորությունը։ Դրան կարող են նպաստել նաև հայ գիտնականների կապերը «Նորմալե» համալսարանների ցանցում։ Գերազանցության կենտրոնի օրինակ է նաև գերմանական Մաքս-Պլանկ Ինստիտուտների ցանցը։ Գոյություն ունեն Մաքս-Պլանկ ինստիտուտի կամ կենտրոնի՝ արտերկրում հիմնադրելու օրինակներ։ Այդպիսի կենտրոններ կան Հռոմում, Ֆլորենցիայում, Նեյմեյխենում և նույնիսկ Յուպիտերի վրա։ Համապատասխան որակի աշխատանք տանելու դեպքում կարելի է հասնել Մաքս-Պլանկ հանրույթի համաձայնությանը, գուցե նույնիսկ լուրջ աջակցությանը՝ Հայաստանում նման կենտրոն ստեղծելու համար։ Նախորդ օրինակի նման սեփական մոդել է ներդրվել Կորեայում՝ Հիմնարար Գիտության Ինստիտուտի կենտրոնների ցանց (չշփոթել ՀԳԻ հետ): Իմ գնահատմամբ, Հայաստանում այսպիսի մեծ և ինքնուրույն ցանցի ներդրման համար կպահանջվեն ավելի մեծ գումարներ, քան պետական-հանրային միջոցներով հնարավոր կլինի մոբիլիզացնել մոտակա մի քանի տարիների ընթացքում, հետևաբար  խնդրի լուծումը կարելի է պատկերացնել միայն մասնավոր ներդրողների ներգրավմամբ կամ այն դիտարկել որպես երկարաժամկետ պլան։ Մասնավոր ներդրողի օգնությամբ ստեղծված գերազանցության կենտրոնի լավ օրինակ է Մոսկվայի պետական համալսարանին կից տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի ինստիտուտը։ Այնուամենայնիվ, մինչև մասնավոր ներդրողների ակտիվացումը շատ կարևոր է, որ պետությունը ապահովի գործընթացի սկիզբը՝  հիմնելով մի քանի փոքր գերազանցության կենտրոններ։ Կարևոր է նշել, որ գերազանցության կենտրոնի ստեղծումը ենթադրում է տվյալ ոլորտի՝ միջազգայնորեն մրցունակ գիտնականներին աշխատանքի գրավիչ առաջարկ։ Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի նման երկրներում, որտեղ չկա  նման կենտրոնների գոյության ավանդույթ, առանց լուրջ երաշխիքների դժվար է ներգրավել հեղինակավոր գիտնականներ։ Այդ երաշխիքներից կարող է լինել, օրինակ, որ կենտրոնը ինչ-որ պատահական քաղաքական որոշման արդյունքում չի փակվի՝ գիտնականներին զրկելով խոստացած աշխատանքային հնարավորությունից։ Երաշխիքների հնարավոր տարբերակ է կենտրոնի անկախությունը (գոնե մասնակի) պետական ֆինանսավորումից։ Թվում է՝ պարադոքս է, որ կառավարությունը ֆինանսավորում է մի կենտրոնի ստեղծումը, որը հետագայում պետք է  իրենից անկախ լինի, սակայն աշխարհում բազմաթիվ են նմանատիպ մոդելով աշխատող կենտրոնները։ Պետությունը ներդնում է անկախ հիմնադրամի գլխագումարը՝ արտոնելով հիմնադրամին գումարը տնօրինել սեփական հայեցողությամբ՝ չկաշկանդվելով բյուջետային և հարկային ժամանակացույցերով։ Փորձենք մոտավոր թվերով ներկայացնել ներդրումների կարգը։ Մոտավոր հաշվարկներով մեկ հրավիրված պրոֆեսորի տարեկան աշխատավարձը պետք է կազմի 50-90 հազ ԱՄՆ դոլար (մինչև հարկվելը)։ Այսօրվա եկամտաբերության հաշվարկով՝ տարեկան 4% մաքուր եկամտաբերությամբ (ենթադրում ենք, որ այդպիսի հիմնադրամը նույնպես հարկվում է եկամտահարկով) մեկ պրոֆեսորի աշխատավարձի համար կպահանջվի 1.25-2.25 մլն ԱՄՆ դոլար գլխագումար՝ անընդմեջ ինքնաբավ լինելու և լրացուցիչ ներդրումներ չպահանջելու համար։ Աշխատանքային ծախսերի, հետդոկտորական աշխատակիցների և ասպիրանտների ներգրավման համար կպահանջվի ևս այդքան գումար, թեև դրա մի մասը հնարավոր կլինի ներգրավել այլ աղբյուրներից (ծախսերի կարգը պատկերացնելու համար, տես, օրինակ)։ Գերազանցության կենտրոնը ենթադրում է առնվազն հինգից տասը բարձրակարգ գիտնականի մշտական ներկայություն՝ համապատասխան միջավայր ապահովելու համար։ Եթե, օրինակ, հինգն ունենան մշտական աշխատանքային պայմանագիր, դա կարող է ենթադրել առնվազն տաս միլիոն դոլարի ներդրում։ Հաշվի առնելով, որ ՀՀ գիտական հիմնարկները ժառանգել են բավարար քանակի անշարժ գույք, որը Կառավարությունը կարող է օգտագրծել նոր գերազանցության կենտրոններին տարածք տրամադրելու նպատակով, կենտրոնի ֆիզիկական տարածքի ստեղծման լրացուցիչ ծախսերը կարելի է նվազագույնի հասցնել։ Այնուամենայնիվ, փոքրաթիվ մշտական գիտական հաստիքների ստեղծման համար անհրաժեշտ գումարը բավարար չէ որակյալ կենտրոնի գործունեության համար։ Այն պետք է ունենա լրացուցիչ միջոցներ՝ հետդոկտորական աշխատակիցներ և ասպիրանտներ ներգրավելու համար, վարչական աշխատակիցների համար (վերջիններս կարող են համատեղությամբ աշխատել այլ կենտրոններում), ինչպես նաև հաճախակի օտարերկրյա փոխադարձ այցելությունների համար։ Այս լրացուցիչ ծախսերը կկազմեն առնվազն նույնքան, ինչքան կպահանջվի մշտական աշխատակիցների ծախսերի համար։ Այսպիսով, մեր նվազագույն հաշվարկներով, մոտ քսան միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով կարելի է ստեղծել մեկ փոքր գերազանցության կենտրոն։ Չնայած սա ՀՀ գիտության տարեկան բյուջեին մոտ գումար է, պետք է հիշել, որ խոսքը միանգամյա ներդրման մասին է, որը կկարողանա ապահովել որակյալ կենտրոնի երկարաժամկետ գոյությունը։ Ուզում եմ շեշտել, որ խոսքը աշխարհի մասշտաբով տեսանելի գիտնականներ ունեցող կենտրոնի մասին է, որը կպահանջի ընդամենը միանգամյա ներդրում։ Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ն իրատեսորեն կարող է պետական բյուջեով գիտությանն ուղղել տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի առնվազն 1%-ին մոտ գումար, իսկ ներկա պահին ծախսում է 4-5 անգամ ավելի քիչ (չնայած աճի միտմանը), ապա կարելի է փաստել, որ հենց այսօր, նույնիսկ երեկ, պետք է սկսել գերազանցության կենտրոնների ստեղծումը՝ սկզբնական շրջանում տարեկան երկու-երեք կենտրոն հիմնադրելով։ Հետագայում պրոցեսը կարագանա՝ մասնավոր ներդրումների հաշվին։ ՀՀ կառավարության՝ այս ակնարկում նկարագրված ճանապարհով արված ներդրումները ավելի քան արդարացված կլինեն, հաջողության և լուրջ մոտեցման դեպքում ոչ միայն կնպաստեն գիտության «բուժմանը», այլև կկանգնեցնեն գիտության նոր «արձաններ», որոնք դեռ երկար տարիներ, եթե ոչ դարեր, կարող են հպարտություն բերել Հայաստանի Հանրապետությանը։ Ավելի կոնկրետ մոդելների և մեխանիզմների քննարկումը դուրս է այս կարճ ակնարկի շրջանակներից․ այստեղ միայն փորձեցինք ցույց տալ արդարացված ծախսի աշխատող օրինակ։ Բնականաբար, մեր հաշվարկներում ներառված չեն թանկարժեք սարքերի համար նախատեսվող ծախսեր, հետևաբար չեն կարող միտված լինել փորձարարական գիտությանը։ Հենց այդ պատճառով, կուզեի մարտահրավեր նետել փորձարար ֆիզիկոսի՝ Արմեն Թումասյանին, որը, հուսով եմ, կարող է ներակայացնել փորձարարական գիտության զարգացման իր տեսլականը՝ Հայաստանի ներկա հնարավորությունների պայմաններում։ Մարտահրավերը բաց է նաև թեմայով բոլոր հետաքրքրվածների համար։
14:40 - 05 հոկտեմբերի, 2021
Ինչպես կանխել բուլինգը [Challenge 22.2 |  Արփի Համբարյան]

Ինչպես կանխել բուլինգը [Challenge 22.2 | Արփի Համբարյան]

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Երեխայի կյանքում եղած ցանկացած երևույթ, լինի դրական, թե բացասական, մեծ ազդեցություն է թողնում նրա հետագա կյանքի որակի վրա։ Երևի արդեն շատերդ գիտեք` ինչ է բուլինգը, ինչ ազդեցություն է թողնում երեխայի հոգեբանության վրա և ինչ հետևանքների կարող է հանգեցնել ։ Ես 26 տարեկան եմ։ Ողջ կյանքիս ընթացքում ուղղակի կամ անուղղակի ձևով առնչվել եմ բուլինգի հետ, բայց միայն 6 ամիս առաջ եմ բացահայտել, թե ինչ է դա, և թե այն, ինչը վաղուց ծանոթ էր անանուն կերպարով, ինչ է իրականում։ Իմ անտեղյակությունն ու թեմայի շուրջ ոչ լիարժեք պատկերացումն ունեն մի քանի պատճառներ, որոնցից ամենակարևորը թերևս մեր հասարակության՝ խնդիրները ստվերում  պահելու ձգտումն է այն պատճառաբանությամբ, որ եթե խնդիրը փակի տակ է, դադարում է տարածվել ու գոյություն ունենալ։  Նախորդ վեց ամիսների ընթացքում «Նոր Լույս» ՀԿ-ի իրականացրած «Պայքար ընդդեմ բուլինգի» ծրագրի շնորհիվ ունեցա մեծ հնարավորություն խորապես ուսումնասիրելու և բաց աչքերով առերեսվելու խնդրին և դրա քայքայիչ հետևանքներին։  Վերջերս թեմայի շուրջ հերթական քննարկման ընթացքում հստակ հարց ստացա․ «Լավ, որ այդքան խոսում եք երևույթից, արդեն հասկացանք, իսկ լուծում չունե՞ք, ի՞նչ եք առաջարկում»։ Լուծումներ միշտ կան․ այս խնդրի լուծումն ու կանխարգելումը պետք է լինեն երեխա, ծնող և ուսուցիչ ակտիվ համագործակցության ու, միևնույն ժամանակ, նրանց հանդեպ անհատական մոտեցման  շնորհիվ։  Բուլինգի կանխարգելման հարցում ուսուցիչներն ունեն իրենց մեծ ազդեցությունը։ Ամեն ինչ պետք է սկսել կանխարգելումից․ Դպրոցում կարող եք կազմակերպել բաց դասեր, իրազեկիչ հանդիպումներ, որոնց ընթացքում աշակերտները մանրամասն կծանոթանան  երևույթին։ Դասղեկի ժամերին կարող եք պարբերաբար անդրադառնալ խնդրին, քննարկել երևույթը, խոսել դրա  վատ ազդեցությունների մասին։  Աշակերտներին ներկայացրե՛ք իրենց իրավունքները, միասին կարդացե՛ք այն օրենքները, որոնցով պաշտպանվում են այդ  իրավունքները։ Երբ բուլինգ եք նկատում Ձեր աշակերտների մոտ, լսե՛ք երկու կողմին էլ, առանց նվաստացումների բուլերին բացատրե՛ք, որ բուլինգը վատ երևույթ է։ Երբեք մի՛ խրախուսեք բուլերների կատարած վատ արարքները։ Թե՛ բուլերի, թե՛ զոհի ծնողներին զգուշացրե՛ք հարաբերությունների և գործողությունների ընթացքի մասին` նրանց հետ լինելով ակտիվ համագործակցության մեջ։  Բուլինգի կանխարգելման հարցում անհամեմատելի է ծնողի դերը․  Մի՛շտ պատրաստ եղեք Ձեր երեխայի հետ երկխոսության, քննարկեք թե՛ լավ, թե՛ վատ արարքները։ Դարձե՛ք ձեր երեխայի համար վստահելի, լավ ընկեր, խրախուսե՛ք այն ժամանակ, երբ պատմում է իր խնդիրների մասին, սովորեցրե՛ք խնդիրներն ինքնուրույն լուծել, բայց նաև ցո՛ւյց տվեք Ձեր աջակցությունը և մի՛շտ հիշեցրեք, որ նրա կողքին եք։ Ճանաչե՛ք Ձեր երեխայի ընկերներին, հասկացե՛ք, թե ում հետ է անցկացնում իր ժամանակը։  Օգնե՛ք Ձեր երեխային հասկանալ, թե ինչ է բուլինգը, և ինչպես կարելի է կանխել այն։ Նրան բացատրե՛ք, որ բուլինգը լավ երևույթ չէ և կարող է վատ ազդեցություն ունենալ ինչ-որ մեկի համար։ Ձեր երեխային սովորեցրե՛ք կարեկից լինել և, իհարկե, կարեկցե՛ք նրան։  Երբ Ձեր երեխան ենթարկվել է բուլինգի, առաջին հերթին ուսումնասիրե՛ք իրավիճակը համակողմանի։ Ժամանա՛կ տրամադրեք,  որպեսզի հասկանաք` իրականում ինչ է պատահել, ովքեր են ներգրավված եղել, ինչպես է ամեն ինչ սկսվել։ Կա՛պ պահպանեք ներգրավված բոլոր երեխաների ծնողների հետ` նրանց զգուշացնելով իրենց երեխայի վարքի մասին։  Համագործակցե՛ք Ձեր դպրոցի հետ․ քննարկե՛ք յուրաքանչյուր հանգամանք, աջակցե՛ք Ձեր երեխային՝ պահանջելով, որ բուլերը կրի պատասխանատվություն իր կատարածի համար, քանի որ երբ նա իր արարքին  համապատասխան պատասխանատվությունը չի կրում, անպատժելիության մթնոլորտում նման դեպքերի հաճախականությունը մեծանում է։ Մշտապես կա՛պ պահպանեք դպրոցի հոգեբանի հետ, հանդիպե՛ք և նրա հետ քննարկե՛ք Ձեր երեխայի պահվածքը։ Երեխայի և հոգեբանի համատեղ աշխատանքը ևս կարող է օգնել այս հարցում։ Վստա՛հ եղեք, որ Ձեր երեխան ապահով միջավայրում է և իրեն թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես լավ է զգում ։  Եվ վերջապես, եղե՛ք լավ օրինակ Ձեր երեխայի համար։ Երբ Դուք դպրոցում կամ բակում ենթարկվում եք բուլինգի, մի՛շտ հիշեք մեկ կարևոր փաստ․ Դուք ոչ ոքի չեք կարող փոխել, կարող եք փոխել միայն ինքներդ Ձեզ․  Բուլինգի ժամանակ երբեմն լռությունը Ձեր ամենաճիշտ որոշումը կարող է լինել, քանի որ բուլերները սպասում են հենց Ձեր արձագանքին, ագրեսիվ պատասխանին ու լաց լինելուն։ Նրանք այդ տեսարանից հաճույք են ստանում։ Երբ պատասխան ագրեսիա ցույց տաք, բուլերն այդ ժամանակ կտոնի Ձեր նկատմամբ ունեցած հաղթանակը։ Բուլինգի ժամանակ պարզապես լռ՛եք, առանց որևէ զգացմունք ցույց տալու՝ հեռացե՛ք այդ միջավայրից․ այս դեպքում Դուք Ձեզ հետ կտանեք բուլերի հզորությունն, ու նա կմնա ձեռնունայն։ Ձե՛ռք բերեք շատ ընկերներ, որոնք բնույթով հանգիստ, հավասարակշռված են, ունեն բարձր առաջադիմություն և դրական հեղինակություն դպրոցում․ երբ լինեք նման միջավայրում, նախ Դուք կսկսեք շատ ավելի լավ սովորել, ավելի լավը դառնալ, բացի այդ՝ Ձեր ընկերների հետ միասին բուլերներին կստիպեք հեռու մնալ ձեզնից։ Բուլինգի ենթարկվող երեխաները շատ հաճախ ամաչկոտ են, ունեն որոշակի վախեր և վախենում են նաև բուլերից. այս դեպքում պետք է ուժ հավաքել և գոնե մեկ անգամ դեմ առ դեմ կանգնել բուլերի հետ և ինքնավստահությամբ հասկացնել, որ Դուք չեք վախենում նրանից։ Սա Ձեզ համար կարող է շատ դժվար լինել, բայց վախի շղթաներն ավելի ամուր են կապվում կանգնած ժամանակ, իսկ երբ Դուք փոքրիկ քայլ եք կատարում, դրանք թուլանում են։ Երբ մեկ անգամ առճակատման գնաք, կտեսնեք, թե ինչպես եք հաղթահարում Ձեր վախը, իսկ բուլերն այդ ամենից հետո անակնկալի կգա, ու հավանականությունը մեծ է, որ հանգիստ կթողնի Ձեզ։  Մի՛ ամաչեք օգնություն խնդրել Ձեր ուսուցիչներից ու ծնողներից․ այն, ինչ Դուք անում եք, մատնություն չէ, դուք այդ քայլով կանխում եք մեծ խնդիր։ Վստա՛հ եղեք, որ բուլերների հիմնական թիրախը միայն Դուք չեք։ Վստահաբար շատ շատերն են, իսկ երբ Դուք բարձրաձայնում եք խնդրի մասին, նախ ինքներդ Ձեզ եք օգնում, ապա` ուրիշներին։ Հաջողությո՛ւն գրանցեք Ձեր կյանքում․ սկսե՛ք ավելի լավ սովորել, հաճախել սպորտի, ձեռքբերումներ ունենալ և այլն։  Այս ամենի շնորհիվ կբարձրանան Ձեր հեղինակությունը, սեփական անձի հանդեպ ինքնագնահատականն ու վստահությունը, իսկ հաջողակ, ինքնավստահ, ուժեղ ու անվախ երեխաներից բուլերները աշխատում են հեռու մնալ։ Դադարե՛ք փորձել դուր գալ բուլերներին․ Ձեզ հաստատ վատ ընկերներ պետք չեն, երբեք մի՛ փորձեք լինել նրանց շրջապատում։ Երբ բուլինգը հասարակական վայրում է, կարող եք բարձրաձայն հանդիմանել բուլերին ու բացատրել նրան, որ իր արարքը սխալ է․ այս դեպքում շատերի ուշադրությունը կգրավեք, և վստահաբար շատերը Ձեզ հետ համակարծիք կլինեն ու կսկսեն, Ձեզ աջակցելով, քննադատել բուլերի վատ արարքը։ Կարող եք նաև հաճախել սպորտի։ Իհարկե, ոչ փոխադարձ բուլինգի համար։  Հնարավոր է, որ երբեք չկիրառեք այդ գիտելիքները, բայց միայն այն միտքը, որ Դուք ուժեղ եք ֆիզիկապես, կարող է բուլերին հետ պահել Ձեզնից։  Երբեմն, եթե ոչ մի միջոց չի օգնում, կարող եք ամեն ինչ սկսկել նոր էջից. կարող եք փոխել տհաճ միջավայրը, տեղափոխվել այլ դպրոց, այլ դասարան և կենտրոնանալ միայն ուսման ու առաջընթացի վրա։  Սրանք բուլինգի կանխարգելման փոքրիկ միջոցներն են, որոնք շատ դեպքերում կարող են օգտակար լինել բուլինգի զոհերի համար։ Եվ մեկ կարևոր խորհուրդ բոլորին․ մի՛ լռեք, խոսե՛ք այս խնդրի մասին, Ձեր լռությամբ խրախուսում եք խնդրի տարածումը։  Հետգրություն․ մարտահրավերը բաց է հետաքրքրվողների համար։
18:48 - 11 օգոստոսի, 2021
Գրագողություն. իրազեկվածության պակա՞ս, թե՞ շահավետ գործարք [Challenge 18.3 | Լուսինե Մամիկոնյան]

Գրագողություն. իրազեկվածության պակա՞ս, թե՞ շահավետ գործարք [Challenge 18.3 | Լուսինե Մամիկոնյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Գրագողությունը աշխարհի տարբեր երկրներում ունի տարբեր դրսևորումներ, պատճառներ և դրանցից բխող հետևանքներ։ Վերջիններս, իհարկե, թույլ չեն տալիս նորմալ վերաբերվել Հայաստանում գրագողության պրակտիկային՝ հաշվի առնելով այն գործոնները, որոնք նպաստում են մեր երկրում գրագողության գոյությանն ու տարածմանը։ Որոշ բազմազգ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի դեպքում գրագողության բարձր ցուցանիշը պայմանավորված է օտարերկրյա ուսանողների լեզվական խնդիրներով։   Հայաստանում որտեղի՞ց է սկսվում խնդիրը և մինչև ու՞ր հասնում Երևանի պետական համալսարանում 2019թ․-ին ԲՈԿ-ի (ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե) և պրոֆեսորադասախոսական կազմի միջև տեղի է ունեցել գրագողության դեպքերի դեմ պայքարի միջոցների, այդ թվում՝ նորմատիվային ակտերի մշակման վերաբերյալ քննարկում[1]։ Համալսարանի կայքում տեղադրված նյութը վերնագրված է այսպես․ «Գրագողության դեմ պայքարը պետք է սկսվի բուհերից»: Սկսենք բուհերից կամ, որ առավել նախընտրելի է, դպրոցներից։ Մի դեպք պատմեմ, որ գրագողության պրակտիկ դրսևորում է․ 2-3 տարի առաջ ՀՀ բուհերից մեկի մագիստրատուրայի մի ուսանող խնդրեց ինձ իրեն տրամադրել իր թեզի թեմային համապատասխանող քանակական հետազոտության տվյալներ, որոնց թվերը փոխելով՝ պատրաստվում էր ներառել իր աշխատանքի (եթե կարելի է այդպես անվանել) հետազոտական մասում։ 2019թ-ի հոկտեմբերից 2020թ․-ի հունվար ամիսներին սոցիոլոգ և լրագրող ընկերներիս հետ մի հետազոտություն[2] էինք իրականացրել հայաստանյան բուհերում գրագողության պրակտկան հասկանալու համար։ Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել էին կուրսային, դիպլոմային և գիտական այլ աշխատանքներ գրող կազմակերպությունները, ինչպիսիք են՝ kursayin.am, bankreferat.am և այլն։ Այս կազմակերպությունները գրում են ցանկացած ուղղվածությամբ գիտական աշխատանքներ, և յուրաքանչյուր աշխատանքի համար կա գումարի սահմանված չափ։ Այս գործընթացի շահառու կողմերն են ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը (այդ թվում՝ ստուգող հանձնաժողովների կազմից) և, առհասարակ, բուհերը՝ անկախ կամքից և ակադեմիական ազնվությանը վերաբերող կանոնադրությունից, ինչպես, օրինակ, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի կողմից գրագողության դեմ մշակված քաղաքականության դեպքում[3]․ հետազոտության ընթացքում բուհը գրագողության դեմ պայքարի մեխանիզմների վերաբերյալ մեր ուղարկած հարցմանը պատասխանել էր, որ մինչև 2018-2019 թթ․ ուսումնական տարին համալսարանի նախկին ղեկավարության պահանջով ավարտական, ինքնուրույն և կուրսային աշխատանքները գրվել են բացառապես ձեռագիր տարբերակով։ Այս մոտեցումն ինքնին բարդ է դարձրել իրավիճակի գնահատումը: Դիտարկենք Քեմբրիջի համալսարանի օրինակը։ Համալսարանի կայքում ոչ միայն ներկայացված է, թե ինչ է գրագողությունը, ինչ տեսակներ կան, ինչպես խուսափել գրագողությունից, և թե ինչ հատուկ ծրագրեր են օգտագործվում ուսանողի աշխատանքը ստուգելու համար, այլև գոյություն ունի ոսկե կանոն[4] այն մասին, որ ստուգող հանձնաժողովը պետք է կասկածի առիթ չունենա, թե ուսանողի աշխատանքի որ հատվածն է իր սեփականը, և որն՝ ուրիշինը:   Ո՞րն է մեր ոսկե կանոնը Հայաստանում գրագողության վերարտադրման պատճառներից մեկն այն է, որ  որոշ ուսանողներ ստանում են բակալավրի աստիճան՝ կապույտ կամ կարմիր դիպլոմավորմամբ (հույս ունեմ՝ ապագայում չենք ունենա գունային տարբերակում), հետագայում ընդունվում և սովորում են մագիստրատուրայում՝ շատ ժամանակ մտավոր սեփականությունը, ինչպես նաև սեփական գիտական միտքն ու աշխատանքն իրենց արժեհամակարգում չունենալով և հետևաբար՝ առանց այդ հետազոտական աշխատանքներում գրագողության առկայության մասին պատկերացման։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում, երբ նույն ուսանողը հետագայում հասնում է գիտական որևէ աստիճանի, որի հաշվին տրվում են որոշակի առավելություններ, ինչն էլ արհեստական խթան է դառնում ամեն գնով,  օրինակ՝ թեկնածուական, դոկտորական ատենախոսություններում գրագողությամբ հասնելու տվյալ գիտական աստիճանին։ Գրագողության խնդրի կարգավորմանն մասով նշեմ, որ Հայաստանյան որոշ բուհերի կայքերում դժվարհասանելի է կամ առհասարակ բացակայում է բուհի մշակած և հաստատած ակադեմիական ազնվության կանոնակարգը։ Այս ամենին զուգահեռ, օրինակ՝ ԵՊՀ-ում գիտական աշխատանքներում գրագետ հղում կատարելու վերաբերյալ առանձին դասաժամեր հատկացվում են մագիստրատուրայի 1-ին կուրսում։ Մինչդեռ կարիք կա դասավանդումը և հնարավոր բոլոր մեթոդներով իրազեկումը սկսելու բակալավրի առաջին կուրսից։ Այս բացն առաջին հերթին նպաստում է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում գրագողության վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակին, ինչպես նաև գիտության, սեփական գիտական աշխատանքի, մտավոր սեփականության և կարողության հանդեպ անտարբեր վերաբերմունքի ձևավորմանը։ Հետգրություն․ գրագետ հղումներ կատարելու մեթոդներին և  միջազգայնորեն ընդունված ձևերին ծանոթանալու համար առաջարկում եմ կարդալ սա[5]։ Թեման շարունակելու համար մարտահրավերը փոխանցում եմ Շուշան Ստեփանյանին: Մարտրահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:   [1] Քննարկում ԵՊՀ-ում․ «ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍՎԻ ԲՈՒՀԵՐԻՑ»-http://www.ysu.am/news/hy/Struggle-against-plagiarism [2]https://hetq.am/hy/article/113185?fbclid=IwAR1ZWfYfPmewJvyPp1IPTdxIDqt3Mvl00RKmD40EYy_vh1BS_z3UqOGJVQ0#.XkOmHLbkY-Y.facebook [3] ՀԱԱՀ, «Գրագողության դեմ պայքարի քաղաքականություն»- https://anau.am/wp-content/uploads/2019/10/gragoxutyan-payqar.pdf [4] “The golden rule” https://www.hps.cam.ac.uk/students/plagiarism [5] «Ինչպե՞ս կատարել հղումներ. մեթոդական ուղենիշներ», Սոնա Բալասանյան, 2020թ․- http://www.crrc.am/wp-content/uploads/2019/03/Ref_Guide_Sona_Balasanyan.pdf
16:51 - 09 օգոստոսի, 2021
Հետծննդաբերական դեպրեսիայի նախահիմքը [Challenge 17.3 | Վարդուհի Մարգարյան]

Հետծննդաբերական դեպրեսիայի նախահիմքը [Challenge 17.3 | Վարդուհի Մարգարյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Հետծննդաբերական դեպրեսիա... Հաճախ ենք լսում այս բառը, կարդում բազմաթիվ նյութեր։ Այն հանդիպում է գրեթե բոլորի մոտ։ Մարդիկ կան` հաղթահարելու համար դիմում են հոգեբանի, մարդիկ կան` այն քարշ տալով` ապրում են, որոշ մարդկանց մոտ էլ այնքան աննկատ է լինում, որ չեն էլ ֆիքսում, որ դրա միջով անցել են, մինչև այդ մասին չեն կարդում։ Բայց այսօր ես չեմ ցանկանում խոսել հետծննդաբերական դեպրեսիայի, նրա հաղթահարման ուղիների և այլնի մասին։ Ես ցանկանում եմ խոսել նախքան հղիությունը հանդիպող մի երևույթի մասին, որն ուղիղ կապված է հետծննդաբերական դեպրեսիայի խորացման հետ։ Չգիտեմ՝ մյուս հասարակություններում ինչպես է, բայց մեր հասարակությունում հաճախ են որևէ խնդրի լուծում տեսնում կա՛մ ամուսնության, կա՛մ երեխա ունենալու մեջ։ Իհարկե, որոշ մարդիկ կարող են պնդել, որ դա իրենց օգնել է, բայց այդ դեպքում պարզապես գործել է ինքնաներշնչանքը, կամ էլ ամուսնու/երեխայի հետ շփվելը նպաստել է ինքնահասկացմանը, ինքնաճանաչմանը, ինքնազարգացմանը: Մինչդեռ, դա ժամանակավոր բնույթ է կրում, և հին հոգեվիճակը պարբերաբար կրկին արտահայտվելու է։   Պատկերացրեք մարդու, որը չի գտնում կյանքի իմաստ, որը դեպրեսիայի, ինքնահասկացման խոր գորընթացների մեջ է․․․ Ու մեկ էլ՝ հոպ․ հայտնվում է մի մարդուկ, որը կարիք ունի մշտական խնամքի, հոգատարության, ուշադրության, սիրո, որը կարող է «պատճառ» դառնալ անքուն գիշերների, որը չի հարցնում՝ դու հավես ունե՞ս, թե՞ չէ․․․ Այս պարագայում էլի որոշ մարդկանց մոտ կարող է գործել իրենցից վերացարկվելու էֆեկտը և արդյունք տալ, այսինքն՝ ուշադրությունը նրանց ներսից տեղափոխվի դուրս, ու նրանց խնդիրները որոշ ժամանակով քնեն, բայց դա կարող է լինել այն դեպքում, երբ խնդիրներն այդքան էլ շատ խորացած չեն, և այս «լուծում»-ը սովորաբար ունենում է ժամանակավոր բնույթ։ Մարդիկ հաճախ ընկնում են այդ ծուղակի մեջ՝ թունավորելով իրենց և երեխաների կյանքը։ Երբեք ու երբեք մի՛ խաբվեք նրան, որ ամուսնանալը կամ երեխա ունենալը կարող է լուծել ձեր խնդիրները։ Եթե սիրում եք ձեզ, ձեր ապագա ամուսնուն/կնոջը, երեխային, ապա լուծե՛ք ձեր խնդիրները, հետո որոշումնե՛ր կայացրեք՝ ավելի խոր անդունդում չհայտնվելու համար։ Սեփական խնդիրներից փախչելու կամ հարաբերությունները բարելավելու նպատակով երեխա ունենալը և՛ Ձեր կյանքն է դժոխք դարձնում, և՛ երեխայի։ Երեխայի վզին փաթաթվում են մեղադրանքներ․ «Դու ծնվեցիր, ամեն ինչ վատացավ»։ Ինքնակառավարվել չկարողանալով՝ երեխան ենթարկվում է ծեծի, ստորացման։ Երեխան չպետք է խնդիրների հաղթահարման միջոց լինի։ Հետծննդաբերական դեպրեսիան այցելում է գրեթե բոլորին տարբեր դրսևորումներով, տևողությամբ և ուժգնությամբ, բայց երբ դրան էլ գումարվում են նախկին չլուծված խնդիրները, դառնում է մի մեծ փաթեթ, որտեղ, բացի ձեզնից, տուժում է նաև երեխան։ Դրա արդյունքում էլ ծնվում են հետևյալ արտահայտությունները․ «ինչպե՞ս է հնարավոր՝ երեխային գոնե մեկ անգամ խփած չլինես», «երեխան հասցրեց նրան, որ խփեցի» (ո՛չ, սիրելի՛ս, երեխան ինչ էլ անի, մեղավոր չէ քո ներքին գործընթացների համար, որոնք չես կարողանում կառավարել, որովհետև խնդիրների մեծ կույտ ես հավաքել ներսումդ), «երեխայի ծնվելուց հետո հարաբերությունները վատացան»։ Այս ամենը վերաբերում է ինչպես կնոջը, այնպես էլ տղամարդուն։ Պետք է երկուսն էլ պատրաստ լինեն այդ պատասխանատվությանը և իրար աջակցելով՝ անցնեն այս փուլով։  Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Լիդիա Խաչատրյանին, Լուսի Քոչարյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:  
21:09 - 07 օգոստոսի, 2021
Երեխայական չարաճճիությո՞ւն, թե՞ բուլինգ [Challenge 22.1| Շողեր Միքայելյան]

Երեխայական չարաճճիությո՞ւն, թե՞ բուլինգ [Challenge 22.1| Շողեր Միքայելյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։   «Յոթերորդ դասարանում էի, երբ տեղափոխվեցի այդ դպրոց։ Նստում էի առաջին նստարանին։ Ոչ մեկն ուղիղ երկու ամիս չնստեց կողքիս, չտվեց իր գիրքը՝ դասին մասնակցելու համար, չներառեց իրենց արդեն իսկ ձևավորված խմբի մեջ։ Գիտեի, որ նոր էի, գիտեի, որ տարբեր էի։ Ինձ համար սովորական էր դարձել դասընկերներիս կողմից մերժված լինելը։ Նրանք ինձ համար դասընկեր էին, իսկ ես՝ միգուցե այն նոր եկած տղան, որն ուներ որոշակի խնդիրներ։ Բայց մի օր դասընկերներիցս մեկն ուշացած մտավ դասարան և առանց վարանելու նստեց կողքիս։ Այդ պահին զգացի, թե ինչպես միանգամից ջղաձգվեցի, տաք քրտինքը պատեց մարմինս, սկսեցի կարմրել։ Ինձ հանգիստ չէի զգում։ Չգիտեմ՝ ինչու։ Վիճակս ավելի ծանրացավ, երբ նա հանեց գիրքը և դրեց սեղանի մեջտեղում, որպեսզի երկուսով օգտվենք։ Ես, դե իհարկե, հետ հրեցի գիրքը և ավելի քաշվեցի դեպի պատը։ Ինձ համար անսովոր էր, որ ինչ-որ մեկը կարող է նկատել ինձ, այն էլ դասարանի լավ սովորողներից մեկը։ Այնքան անսովոր էր իրավիճակը, որ չկարողացա կենտրոնացնել ուշադրությունս։ Զգում էի սրտիս աղմկոտ տրոփյունը։ Երազում էի, որ վարկյան շուտ զանգը հնչեր, և ես վերադառնայի իմ այնքան սովորական, բայց անտեսված կարգավիճակին, այն կարգավիճակին, որտեղ ես «տանն» էի, հանգիստ էի»․․․- պատմում էր նա մեր հոգեբանական հանդիպման ժամանակ՝ աչքերը հառած անորոշությանը, մտքերով դեպի անցյալը։ Նման պատմությունները անթիվ են, նման երևույթները անհամար են և՛ մեր դպրոցներում, և՛ աշխարհով մեկ։ Ինչպես փաստում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցներից մեկը, աշխարհում շուրջ 150 մլն երեխա՝ 13-15 տարեկան, դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից ենթարկվում է բռնության։ Իսկ Հայաստանում երեխաների 38%-ը փաստել է, որ համայնքում ականտես է եղել մեկ այլ երեխայի ծեծի, 35%-ը՝ դպրոցում մեկ այլ երեխայի ծաղրանքի[1]։ Սա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ երեխան դպրոցում ականատես է եղել բռնության: Բոլորս էլ նման վարքի կա՛մ ականատեսն ենք եղել, կա՛մ մասնակիցը, լավագույն դեպքում՝ պաշտպանողը։ Մենք՝ հոգեբաններս, պետք է ավելի ուշադիր և զգոն լինենք, որպեսզի կարողանանք ոչ միայն նկատել տվյալ իրավիճակները, այլ նաև բարձրաձայնել և կանխել։ Տվյալ վարքը, վերագրվելով «չարաճճիությանը»,  քիչ է բարձրաձայնվում կամ նկատվում։ Միգուցե պատճառն այն է, որ չունենք մեկ բառ, որը հստակորեն կսահմաներ տվայլ երևույթը։ Իսկ անգլերենում նմանատիպ երևույթը կբնութագրվեր որպես bullying (բուլինգ)։ Այո՛, բուլինգ։ Բուլինգը դպրոցական տարիքի երեխաների շրջանում անցանկալի, ագրեսիվ պահվածք է, որը ենթադրում է ուժի իրական կամ ընկալվող անհավասարակշռություն, որտեղ մի կողմը չի կարող պաշտպանել սեփական անձի շահերը կամ չի կարող կանգնեցնել ագրեսիան։ Տվյալ վարքագիծը ժամանակի ընթացքում կրկնվում է  կամ կրկնվելու ներուժ ունի[2]։ Բուլինգի տեսակների մեջ մտնում են ծաղրանքը, պիտակավորումը, ասեկոսները, խմբից ինչ-որ մեկին դուրս թողնելը, հրելը, հարվածելը և այլն։ Այն երեխան, որն իրականացնում է բուլինգ, այսինքն՝ դրսևորում է ագրեսիվ վարք, կոչվում է բուլեր, իսկ այն երեխան, որը ենթարկվում է բուլինգի, կոչվում է զոհ։ Բուլերի դրսևորած վարքը համարվում է բուլինգ, եթե այն թիրախավորում է մեկ ավելի թույլ անձի, պարունակում է ագրեսիա, ունի անընդհատ կրկնվող բնույթ։ Վերջին 5 ամիսների ընթացքում «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների Համար ՀԿ-ի իրականացրած հարցումները հետաքրքիր տեղեկություններ բացահայտեցին։ Հարցումը իրականացվել է Գյումրու 287 աշակերտների և 147 ուսուցիչների հետ։ Ըստ հարցման արդյունքների` և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները փաստել են, որ երեխաների մեջ տարածված են ծաղրը, պիտակավորումը և խմբից ինչ-որ մեկին դուրս թողնելը։ Երկու խումբն էլ նշել է, որ հիմնականում տվյալ երևույթները տարածված են 5-9-րդ դասարանցիների շրջանում։ Հարցվողների 64%-ը փաստել է, որ կա բուլինգ իրենց շրջակայքում և դպրոցում, իսկ 24%-ը նշել է, որ ենթարկվել է բուլինգի, քանի որ տարբերվել է իր արտաքին տեսքով կամ խոսելաձևով։ Այս ամենը նկատելը բավարար չէ, եթե չենք բարձրաձայնում և կանխարգելիչ քայլեր չեք կատարում։ Կհարցնեք, թե ինչու է հարկավոր կանխարգելել բուլինգը։ Արի ու տես, որ ի սկզբանե այդքան անմեղ թվացող «երեխայական չարաճճիությունը» անձի մոտ առաջացնում է մի շարք հոգեբանական և վարքային խնդիրներ։ Երեխաները կարող են ունենալ․ ակադեմիական խնդիրներ՝ ուշադրության կենտրոնացման դժվարություններ, գնահատականների անկում, դպրոց գնալու ցանկության պակաս, դասերի նկատմամբ հետաքրքրության կորուստ, հոգեկան առողջության խնդիրներ՝ ընկճախտ, տագնապ, անհանգստություն, անընդհատ լարված և ջղաձգված վիճակ, վախ բաժանվելուց, մղձավանջներ, ցածր ինքնագնահատական, սոցիալական խնդիրներ՝ հետաքրքրության կորուստ այն գործողությունների նկատմամբ, որոնցից նախկինում հաճույք էին ստանում, խուսափում մարդաշատ վայրերից և սոցիալականացումից, հուզական խնդիրներ՝ տխրության և մենակության աճող զգացում, ամոթի զգացում, չսիրված և չընդունված լինելու զգացում, անօգնականության զգացում, ֆիզիկական խնդիրներ՝ քնի և ուտելու ռեժիմի փոփոխություն, երբեմն՝ գիշերամիզություն։[3] Վերը նշված խնդիրները կարող են անձի մոտ դրսևորվել թե՛ խմբով, թե՛ առանձին-առանձին։ Բայց եթե երեխան անընդհատ է ենթարկվում բուլինգի, ապա նրա մոտ կարող են առաջանալ սեփական անձը վնասելու միտումներ և վարք՝ սուիցիդալ վարք։ Այսպիով, հաշվի առնելով, որ խնդիրը արդիական է և կազմում է մեր իրականության մի մասը, անհրաժեշտ է իրականացնել խորը հետազոտություն, որ հասկանանք՝ ինչպես կարող են ուսուցիչները, դպրոցների հոգեբանները, ծնողները և աշակերտները միասին աշխատել, որպեսզի դպրոցը դառնա բոլորի համար այն ապահով և ցանկալի վայրը, որի պատկերացումը ունենք մեր իսկ երևակայության ոլորաններում։ Հետգրություն․ թեմայի շարունակությունը ապահովելու համար մարտահրավեր եմ նետում Արփենիկ Համբարյանին։   [1] Երեխաների կարծիքով․․․» Հարցման արդյունքներ, ՅՈՒՆԻՍԵՖ, 2017 [2] Tanya Beran & Bonnie Shapiro․2005․ Evaluation of an Anti‐Bullying Program: Student Reports of Knowledge and Confidence to Manage Bullying [3] Tanya Beran & Bonnie Shapiro․2005․ Evaluation of an Anti‐Bullying Program: Student Reports of Knowledge and Confidence to Manage Bullying  
22:34 - 06 օգոստոսի, 2021
Ազգայնականությունը՝ որպես անկախ Հայաստանի քաղաքական միակ գաղափարախոսություն  [Challenge 13.2 | Հրայր Մանուկյան]

Ազգայնականությունը՝ որպես անկախ Հայաստանի քաղաքական միակ գաղափարախոսություն [Challenge 13.2 | Հրայր Մանուկյան]

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Հունիսի 20-ին տեղի կունենան Հայաստանի Երրորդ Հանրապետության ամենամրցակցային ու անկանխատեսելի ընտրությունները։ Առաջին անգամ ստեղծվել է իրական հնարավորություն, որ կառավարությունը կարող է փոխվել ընտրություններով, ինչպես որ լինում է լիբերալ-դեմոկրատական երկրներում։ Չնայած այս աննախադեպ մրցակցությանն ու մասնակիցների քանակին (26 քաղաքական ուժ, ներառյալ՝ երեք նախկին նախագահները)՝ քաղաքական բոլոր ուժերի գաղափարական հիմնական հենքը ազգայնականությունն է։ Ժամանակակից հայկական ազգայնականությունը նախևառաջ, իհարկե, Ղարաբաղի ինքնորոշման (մինչև անկախություն) կամ այն Հայաստանին միացնելու մասին է։ Այնուամենայնիվ, ազգայնականությունը անխուսափելիորեն ձևավորել է նաև հայերիս համոզմունքները արդարության, կյանքի իմաստի ու լավ կյանքի մասին։ Այսինքն, ազգայնականությունը համապարփակ (կրոնափիլիսոփայական) դոկտրին է, ինչպես կասեր 20-րդ դարի ամենաազդեցիկ քաղաքական փիլիսոփան՝ Ջոն Ռոուլսը։   Հայկական ազգայնականության երկու հիմնական ուղղությունները Հայկական ազգայնականությունը՝ որպես էթնիկ հայերին պատկանող առանձին հայկական պետություն ունենալու իդեալ, եվրոպական ազգայնականությունների նման առաջացել է գերազանցապես 19-րդ դարում։ Սովետական Միության սկզբնական տարիներին հայկական ազգայնականությունը հիմնականում ճնշվում էր։ Այնուամենայնիվ, երբ Թուրքիան 1952-ին միացավ ՆԱՏՕ-ին, և երբ Ցեղասպանության 50-ամյակի կապակցությամբ Երևանում տեղի ունեցան ցույցեր, հայկական ազգայնականության հակաթուրքական դրսևորումները ոչ միայն թույլատրվեցին, այլև ինչ-որ չափով խրախուսվեցին[1]։ ԽՍՀՄ-ի վարած այս քաղաքականության արդյունքում հակաթուրքական տրամադրությունները Ցեղասպանության տրավմաների հետ միասին խորությամբ արմատավորվեցին  բնակչության շրջանում։ Այդ պատճառով ԽՍՀՄ-ից դուրս ու Թուրքիայի հարևանությամբ անկախ հայկական պետություն ունենալու գաղափարը այնքան էլ ընդունելի չէր 1988-ի շարժման սկզբում։ Շարժման ղեկավարները ստիպված էին մեծ ջանքեր գործադրել՝ համոզելու համար հայաստանցիներին, որ կարելի է ունենալ անկախ հայկական պետություն՝ առանց Թուրքիայից երկրորդ անգամ ցեղասպանության ենթարկվելու[2]։ Արդյունքում առաջացավ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալու գաղափարը։ Ըստ այդ մոտեցման՝ անկախ Հայաստանը չպետք է Թուրքիայից տարածքներ պահանջեր և չպետք է ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձներ պետական քաղաքականության մաս[3]։ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալու մոտեցումը դարձավ ժամանակակից հայկական ազգայնականության երկու հիմնական ուղղություններից մեկը։ Այդ ուղղությունը կարելի է անվանել չափավոր-պրագմատիկ ազգայնականություն, որի կարկառուն ներկայացուցիչը ներկայիս ՀԱԿ (նախկինում ՀՀՇ) կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Այս մոտեցումը նաև ենթադրում է(ր), որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի հետ փոխզիջումներով։   Հայկական ազգայնականության մյուս ուղղությունը կարելի է անվանել հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմ։ Այն ենթադրում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պետական քաղաքականություն և մաքսիմալիստական կեցվածք Ղարաբաղի հարցում։ Այս մոտեցման առավել ծայրահեղ տարբերակները բացառում են (էին) որևէ փոխզիջում Ղարաբաղի հարցում,   ադրբեջանցիներին համարում են թուրք, Թուրքիային (ու Ադրբեջանին) համարում են ի բնե ցեղասպան-մարդասպան պետություն(ներ) և ենթադրում են Թուրքայից տարածքային պահանջներ: Այսպիսով, ժամանակակից հայկական ազգայնականության այս երկրորդ ուղղության առանցքը (ռազմատենչ) հակաթուրքականությունն է։ Այդ հակաթուրքականությունը երբեմն հանդես է գալիս հակառուսականության հետ միասին («Ազգային-ժողովրդավարական  բևեռ», «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» և այլն), իսկ երբեմն էլ՝ հակաարևմտականության հետ միասին («Հայաստան» դաշինք, ՍԻՄ կուսակցություն և այլն)։ Անկախ Հայաստանում հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմի առաջին կրողը «Դաշնակցություն» կուսակցությունն էր։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ այս գծի կարկառուն ներկայացուցիչն է։ 1998-ին ազգայնական-մաքսիմալիստական ուժերը կարողացան իշխանությունից հեռացնել Տեր-Պետրոսյանին՝ ձախողելով նրա փորձը՝ Ղարաբաղի հարցը փոխզիջումներով կարգավորելու։ Հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմը այդուհետ դոմինանտ դարձավ Հայաստանի քաղաքական դաշտում։    Քրեաօլիգարխիկ համակարգի հաստատումը    «Պատմական արդարության վերականգնում», «ազգային միասնություն», «ազգային գաղափարախոսություն» և նմանատիպ հասկացությունները 1990-ականների քաղաքական բանավեճերի հիմնական թեման էին։ Ինչպես նկատել է քաղաքագետ  Մանվել Սարգսյանը, այդ ժամանակ «կյանքի իմաստը փնտրվում էր «ոսկեդարի սրբազան տարածքի վերադարձի» մասին բանավեճերի հարթությունում»[4]։ Հայկական քաղաքականությունը հերոսներին, փրկիչներին ու դավաճաններին բացահայտելու մասին էր՝ հաճախ հիմնված էթնոազգայնական առասպելաբանությունների կերպարների հետ ասոցիացիաների վրա։ 2000-ականների սկզբից, սակայն, էթնոազգայնական առասպելաբանության հավատալիքներից ու իդեալներից որոշակի հիասթափություն է նկատվում։ Այդ հիասթափությունը (գոնե մասամբ) պայմանավորված էր 1990-ականներին սեփականության բաշխման ձևերով և քաղաքական խնդիրները բիրտ ուժով (ներառյալ՝ ընտրակեղծիքներով) լուծելու ավանդույթով, ինչը բնակչության մի զգալի մասի մոտ առաջացրել էր անարդարության, օտարման և անզորության խորը զգացում: 2000-ականներին Էթնիկ առասպելների հետ ասոցացվող շատ (ավտորիտար) քաղաքական գործիչներ վարկաբեկվեցին, իսկ նրանց շուրջ կառուցված առասպելները դադարեցին մոբիլիզացնող ազդեցություն ունենալ[5]: Գաղափարական վակուումի այս պայմաններում, երբ շատ էթնոազգայնական առասպելներ դադարեցին մոբիլիզացնող կամ միավորող դեր խաղալ իշխանության համար պայքարում, փողը կամ կապիտալը դարձավ իշխանության կենտրոնական հենարանը: «Ինչպես դա սովորաբար դիտվում է ամենուրեք, ապագաղափարականացված և անկառավարելի միջավայրում միակ արժեքը միշտ դառնում է կապիտալը»,- գրել է Մանվել Սարգսյանը[6]։ Նա նկարագրել է, թե ինչպես գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ տնտեսական ու քաղաքական ոլորտները բաժանելու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերեց խոշոր կապիտալ ունեցողների հետ: Այդ համաձայնության արդյունքում, ըստ Սարգսյանի, 1990-ականների  (կիսա)ավտորիտար համակարգը 2000-ականների կեսերին վերափոխվեց քրեաօլիգարխիկ համակարգի։ Քրեաօլիգարխիկ համակարգի դեպքում չկա անառարկելի հեղինակություն ունեցող ավտորիտար ղեկավար, որը միանձնյա քաղաքական ու տնտեսական որոշումներ է կայացնում։ Փոխարենը խոշոր կապիտալ ունեցողների միջև կա պայմանագիր՝ բաշխելու երկրի հարստությունը, տարածքն ու  քաղաքական բոլոր առանցքային պաշտոնները միմյանց միջև։ Քրեաօլիգարխիկ համակարգի դեպքում ևս ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, ինչպես չէր աշխատում (կիսա)ավտորիտար համակարգի դեպքում։ Քրեաօլիգարխիայի պայմաններում, սակայն, ընտրակեղծիքները նախ և առաջ կատարվում են՝ մեծ ֆինանասական միջոցներ ներգրավելով ու ընտրակաշառքներով, որից հետո միայն անհրաժեշտության դեպքում կիրառվում է բիրտ ուժ (ինչպես կիրառվեց 2008-ին)։ Քրեաօլիգարխիկ համակարգի կարևոր առանձնահատկությունն այն է, որ համակարգը հիմնված է պաշտոնական ձևական-իրավական առաջնամասի և լռելյայն գործող ոչ պաշտոնական մեխանիզմների զուգակցման վրա, ինչպես նկատել է փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը[7]։ «Պաշտոնականի և մասնավորի միջև ահագնացող ճեղքվածքը հանգեցրեց կրկնամտության (doublethink) տարածմանը, խրախուսմանը և պաշտոնականացմանը»,- գրել է Ոսկանյանը։ Նույն կրկնամտությունը գործում էր նաև ԼՂ հարցում: Մասնավորապես՝ իշխանությունները ոչ ֆորմալ եղանակով խրախուսում էին «ոչ մի թիզ հող» և նմանատիպ այլ ազգայնական-մաքսիմալիստական մոտեցումները[8], սակայն նույն իշխանությունները Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներում ձևականորեն ընդունում էին Ադրբեջանի ու ՄԽ համանախագահ երկրների՝ ԼՂ հարակից շրջանները վերադարձնելու պահանջները։ Ինչպես Քոչարյանը խոստովանեց վերջերս, իր պատկերացրած ճիշտ բանակցություններն այն էին, որ Ադրբեջանին հույս տրվեր, թե ԼՂ հարակից շրջանները վերադարձվելու են, բայց իրականում այդ շրջանները չվերադարձվեին։ Քրեաօլիգարխիայի գոյության ամբողջ ընթացքում (2003-2018թթ) իշխանությունները միշտ փորձել են ձևակերպել ազգայնական համախմբող գաղափարներ։ Օրինակ, 2000-ականների վերջերին Երևանում հայտնվեցին պաստառներ՝ հայտնի մարդկանց նկարներով ու «Իմ զենքը իմ գիչն է», «Իմ զենքը իմ երգն է» և նմանատիպ այլ լոզունգներով։ 2016-ին էլ շրջանառության մեջ դրվեց «ազգ-բանակ» հայեցակարգը, որով դարձյալ փորձ էր արվում հասնել «ազգային միասնության»։ Մյուս կողմից էլ, զանազան արտոնություններ տրվեցին Հայաստանի Առաքելական եկեղեցուն։ Մասնավորապես, 2005-ին փոփոխված Սահմնադրության մեջ ամրագրվեց Առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակը, դպրոցներում մտցվեց «Եկեղեցու պատմություն» առարկան, եկեղեցական բոլոր տոները դարձան ոչ աշխատանքային օրեր, հոգևորականներն օրհնում էին իշխող կուսակցության միջոցառումները, վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009-ին հայտարարեց՝ պետության և եկեղեցու տարանջատման թեզը հնացած է, և այլն[9]։  Եվ թեև այս գաղափարներն ինչ-որ չափով էֆեկտիվ էին թվում, բայց ինչպես ցույց տվեց 2018-ի հեղափոխությունը, դրանք չկարողացան լեգիտիմացնել քրեաօլիգարխիկ համակարգը։ Հեղափոխությունը ապամոնտաժեց այդ համակարգի հիմնասյուները՝ գործի գցելով ընտրության ինստիտուտը, շեշտակի նվազեցնելով համակարգային կառուպցիան ու վերացնելով կրկնամտությունը։   Ազգայնականությունը հեղափոխությունից հետո Եթե Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության գալը կապված էր ԼՂ հարցի հետ (Տեր-Պետրոսյանի դեպքում՝ նաև հեռանալը), ապա Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել ընտրակեղծիքներին, կոռուպցիային ու սոցիալական այլ խնդիրներին վերաբերող հարցերը։ Այլ կերպ ասած՝ հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանում ձևավորվեց իշխանություն, որի լեգիտիմության գլխավոր աղբյուրը ԼՂ հարցը չէր։ Այս փաստը և՛ Հայաստանի ներսում, և՛ արտաքին աշխարհում ձևավորեց սպասումներ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի լուծել ԼՂ հարցը փոխզիջումներով և ԼՂ հարակից շրջանները կվերադարձնի Ադրբեջանին։ Հատկապես որ Փաշինյանը իր քաղաքական կարիերան սկսել էր Տեր-Պետրոսյանի թիմում և 2000-ականներին կողմ էր արտահայտվել փոխզիջումներին։ Ունենալով նման սպասումներ՝ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները միանգամից Փաշինյանին սկսեցին մեղադրել ԼՂ հարակից շրջանները տալու պատրաստակամության, թրքասիրության ու դավաճանության մեջ։ Ակնհայտորեն, նրանք ակնկալում էին, որ Փաշինյանը կփորձի ԼՂ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորել ու կգնա փոխզիջումների։ Դա քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներին հնարավորություն կտար հակաթուրքական, ազգայնական-մաքսիմալիստական լոզունգներով ու հավանաբար նաև ուժային կառույցների օժանդակությամբ նորից գալու իշխանության։ Փաշինյանը, սակայն, չարդարացրեց նման սպասումները։ Նա կրկնապատկեց ազգայնական-մաքսիմալիստական հռետորիկան ԼՂ հարցում և նախագահ Արմեն Սարգսյանի հետ արեց հայտարարություններ, որոնք կարող էին մեկնաբանվել որպես Թուրքիայից տարածքային պահանջներ։ Այսինքն, Փաշինյանն իր գլխավորած կուսակցության հետ ևս, ըստ էության, հակաթուրքական ազգայնական մաքսիմալիզմի կրող դարձավ։ Հավանաբար Փաշինյանի գաղափարական այս դիրքորոշումը գոնե մասամբ պայմանավորված էր նրանով, որ հեղափոխությունը, վերացնելով օտարվածության ու անզորության զգացողությունը բնակչության շրջանում, միաժամանակ մինչհեղափոխական շրջանի գաղափարական վակուումը լցրեց մեծամասմաբ (էթնո)ազգայնական խանդավառվածությամբ ու հավատալիքներով։ Ճիշտ է, հեղափոխությունը նախևառաջ արդյունք էր լիբերալ որոշ գաղափարների, մասնավորապես՝ այն համոզմունքի, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը պետք է կարողանա ընտրություններով փոխել կառավարությանը։ Այնուամենայնիվ, լիբերալիզմի մյուս գլխավոր սկզբունքը՝ հավատը հավասար իրավունքների գերակայությանը՝ հատկապես դրա ձախ-լիբերալ (կամ սոցիալ-դեմոկրատական) մեկնաբանությամբ, շատ քիչ տարածում ունի Հայաստանում։ Նույնիսկ վերջերս ստեղծված ՔՈ կուսակցությունը, որի անվան մեջ կա «սոցիալ-դեմոկրատական» բառը, մեկ այլ հակաթուրքական կուսակցություն է, որի ներկայիս ղեկավարները ազգայնական մաքսիմալիստներ են։   Վերջաբան   Այսպիսով, ազգայնականությունը Հայաստանի 30-ամյա անկախության տարիների միակ քաղաքական գաղափարախոսությունն ու համապարփակ դոկտրինն է եղել և շարունակում է պահպանել իր գրեթե մենաշնորհային դիրքը։ Անկախ Հայաստանի 30-ամյա քաղաքական պատմությունը, մեծ հաշվով, (Էթնո)ազգայնական հավատալիքների վերելքի ու դրանցից հիասթափությունների, ինչպես նաև ազգայնական երկու ժամանակակից ուղղությունների՝ չափավոր պրագմատիզմի և հակաթուրքական մաքսիմալիզմի մրցակցության պատմություն է եղել։ Այդ մրցակցությունում հակաթուրքական մաքսիմալիզմը ավելի շատ է հաղթող դուրս եկել, քան չափավոր պրագմատիզմը։   Մյուս կողմից էլ լիբերալիզմը՝ որպես քաղաքական գաղափարախոսություն և համապարփակ դոկտրին, Հայաստանում դեռևս շատ թույլ և մարգինալ վիճակում է։ Այնուամենայնիվ, այն ամրապնդվելու պոտենցիալ ունի։ Այդ պոտենցիալը պայմանավորված է նրանով, որ 2018-ի հեղափոխությամբ Հայաստանում սկսվեց կառուցվել լիբերալ-դեմոկրատական կարգ (լիբերալ-դեմոկրատական կարգը չշփոթել լիբերալիզմի գաղափարախոսության հետ)։ Հունիսի 20-ի ընտրություններում իշխանափոխության իրական հնարավորությունը, ինչն աննախադեպ է Հայաստանի համար, խոսում է հենց լիբերալ-դեմոկրատական կարգի սկզբնավորման մասին։   Լիբերալ-դեմոկրատական կարգի կառուցումը Հայաստանում կշարունակվի, եթե քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում չկարողանան գալ իշխանության։ Եթե նման իշխանափոխություն տեղի չունենա (ինչը ամենահավանական տարբերակն է թվում), կարծում եմ՝ առաջիկա տասնամյակներում լիբերալ գաղափարախոսություն կրող կուսակցություններ կարող են դառնալ հատկապես «Քաղաքացիական Պայմանագիրն» ու «Հայ Ազգային Կոնգրեսը»։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե այս կուսակցությունները կարողանան վերանայել արդարության ու լավ կյանքի մասին իրենց պատկերացումները և հրաժարվեն ազգայնական որոշ համոզմունքներից։ Քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներն էլ այս դեպքում կդառնան պահպանողականներ՝ նման ժամանակակից արևմտյան պահպանողականներին։   Հ․Գ․ Մարտահրավերը նետում եմ Աշոտ Ոսկանյանին ու Վարդան Ջալոյանին   [1] Աշոտ Ոսկանյան (2021), «Հայոց Համազգային Շարժումը որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ»։ Անկախությունը և ազատական բարեփոխումները, մաս 2, Անտարես, Երևան, էջ 50։ [2] Տես, օրինակ, Վազգեն Մանուկյան (մարտ 1988)․ «Չկան մշտական թշնամիներ և մշտական բարեկամներ, կան մշտական ազգային շահեր» և Լևոն Տեր-Պետրոսյան (հունիս 1989), «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն ․․․ սկզբից ի վեր մերժել է օտար հովանավորի վրա հույս դնելու եւ պանթուրքիզմը որպես մշտական սպառնալիք դիտելու վնասակար մտայնությունը»։ [3] Լևոն Տեր-Պետրոսյան (2012)․ «Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ցեղասպանությունը մինչեւ 1998 թվականը երբեք խնդիր չի հարուցել․․․Որովհետեւ մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումը չենք դարձրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց»: [4] Մանվել Սարգսյան և ուրիշներ (2010), «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրները Հայաստանում», Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, Երևան, էջ 13։ [5] Ibid, էջ 49-50։ [6] Ibid, էջ 50։ [7] Աշոտ Ոսկանյան (2021), «Հայոց Համազգային Շարժումը որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ»։ Անկախությունը և ազատական բարեփոխումները, մաս 2, Անտարես, Երևան, էջ 62։ [8] Ոչմիթիզհողականության ոչ պաշտոնական խրախուսումը մասամբ պայմանավորված էր Տեր-Պետրոսյանի դեմ իշխանությունների պայքարով, քանի որ Տեր-Պետրոսյանը լուրջ մարտահրավեր նետեց իշխանություններին հատկապես 2008-ին և 2014-2015-ին։ [9] Մանվել Սարգսյան և ուրիշներ (2010), «Սահմանադրական պետության կառուցման հիմնախնդիրները Հայաստանում», Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, Երևան, էջ 57-58
21:10 - 18 հունիսի, 2021
ՀՀ Կառավարությունն ինչպես և ինչ ծավալով է տեսնում իր դերը գիտության զարգացման գործում [Challenge 21.1 | Գեղամ Ջիվանյան]

ՀՀ Կառավարությունն ինչպես և ինչ ծավալով է տեսնում իր դերը գիտության զարգացման գործում [Challenge 21.1 | Գեղամ Ջիվանյան]

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Գիտությունը, գիտության ֆինանսավորումն ու հատկապես պետության վերաբերմունքը գիտությանը անկախ Հայաստանի ամենացավոտ թեմաներից մեկն է։ 44-օրյա պատերազմն էլ իր հերթին ցույց տվեց գիտության անմխիթար վիճակն ու ևս մեկ անգամ ապացուցեց, որ առանց գիտության զարգացման մենք չեն կարող կառուցել մրցունակ և անվտանգ պետություն։ Վերջինս գիտական և գործարար հանրության համար առիթ դարձավ թեման մաքսիմալ հանրայնացնելու՝ կառավարությունից պահանջելով ստանձնել երկարաժամկետ հանձնառություն և փոխել երկրում գիտության նկատմամբ տարբեր իշխանությունների` տարիներով որդեգրած ոչ ռազմավարական մոտեցումները։ Պահանջի շուրջ կոնսոլիդացիայի կենտրոն դարձավ նորաստեղծ «Գիտուժ» նախաձեռնությունը, որի համայնքում արդեն ընդգրկված են մոտ 700 գործարարներ և կազմակերպություններ։ Այս ամենի կոնտեքստում պետք է հիշել փետրվարի 1-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով հանրային լսում-քննարկումը, ինչից հետո կառավարությունը պարբերաբար անդրադարձավ գիտության խնդիրներին ու դրանց լուծումներին։ Սակայն կառավարության գործելաոճը դեռևս նման է, ինչպես ժողովուրդն է ասում, «Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում»-ին։ Մինչ կառավարության՝ գիտության հանդեպ դրսևորած վերաբերմունքին ու քայլերին անդրադառնալը կատարենք մի փոքրիկ  անդրադարձ գիտության զարգացմանը և դրա մեջ պետությունների դերի կարևորությանը, ֆինանսավորմանը և օգուտներին։     Ինչո՞ւ և ինչպե՞ս է զարգանում գիտությունը Գիտական հետազոտությունները բավարար չեն առաջընթացի համար. անհրաժեշտ է գիտության, քաղաքականության ու տնտեսության գործակցությունը։ Քաղաքական ու տնտեսական ինստիտուտներն ապահովում են ռեսուրսներ, առանց որոնց գիտական հետազոտությունները գործնականում անհնար են։ Գիտական հետազոտություններն, իրենց հերթին, ստանալով անհրաժեշտ ֆինանսավորումը, մարդկության համար բացում են նոր հնարավորություններ, որոնք ճիշտ կիրառելու դեպքում թույլ են տալիս ձեռք բերել նոր ռեսուրսներ, որոնց մի մասը կրկին ներդրվում է գիտության մեջ։ Մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարաշրջանում։ Շատերը համոզված են, որ գիտությունն ու տեխնոլոգիան ունեն մեր բոլոր խնդիրների պատասխանները. պարզապես թո՛ւյլ տվեք, որ գիտնականներն ու տեխնիկական մասնագետներն իրենց գործն անեն, և նրանք երկիրը դրախտ կդարձնեն։ Այնինչ, գիտությունն ինչ-որ տեղ` վերևում, ոգու և բարոյականության բարձր մակարդակներում, կատարվող գործ չէ՝ մարդկային մյուս բոլոր ձեռնարկներից վեր կանգնած։ Մեր մշակույթի մյուս բոլոր մասերի նման գիտությունը ևս ձևավորում են տնտեսական ու քաղաքական շահերը։ Ինչպե՞ս պատահեց, որ միլիարդները կառավարությունից ու բիզնեսների դրամատներից սկսեցին հոսել լաբորատորիաներ ու համալսարաններ։ Ակադեմիական շրջանակներում շատերը դեռ պարզամտորեն հավատում են մաքուր գիտությանը։ Նրանք կարծում են, թե կառավարությունն ու բիզնեսները, մարդասիրությունից դրդված, իրենց փող են տալիս, որ հետազոտեն այն, ինչ խելքներին կփչի։ Այս տեսակետից մեր կառավարությունների պատկերացումները առանձնապես չեն տարբերվում ակադեմիական շրջանակների պատկերացումներից։ Բայց գիտության ֆինանսավորման իրականությունն այլ է։ Որպես կանոն, գիտական հետազոտությունները ֆինանսավորվում են, քանի որ ինչ-որ մեկը վստահ է, որ դրանք կօգնեն հասնել քաղաքական, տնտեսական կամ կրոնական որևէ նպատակի։ Գիտնականներն իրենք միշտ չէ, որ տեղյակ են, թե քաղաքական, տնտեսական ու կրոնական ինչ շահեր են կառավարում փողի հոսքը։ Շատ գիտնականներ, իսկապես, գործում են՝ զուտ ինտելեկտուալ հետաքրքրությունից մղված։ Բայց քիչ է պատահում, որ գիտնականը որոշի գիտության օրակարգը։ Գիտությունը չի կարող սահմանել իր առաջնահերթությունները։ Գիտությունը նաև ի վիճակի չէ որոշել՝ ինչ անել սեփական հայտնագործությունների հետ։ Կարճ ասած, գիտական հետազոտությունը կարող է զարգանալ միայն գաղափարախոսության հետ համատեղ։ Գաղափարախոսությունն է արդարացնում հետազոտության ծախսերը՝ փոխարենն ազդելով գիտության օրակարգի վրա ու որոշելով, թե ինչպես վարվել հետազոտության արդյունքների հետ։ Հարարիի «Sapiens» գրքի տարբեր հատվածներից մեջբերումները, որոնք վերաբերում են  գիտություն-պետություն՝ տարբեր երկրների ու տարբեր ժամանակաշրջանների կապին, չնայած որոշակի կտրուկ կամ կոշտ ձևակերպումների, շատ լավ ցույց են տալիս, որ պետությունը ունի լրջագույն գործառույթ և պատասխանատվություն գիտության զարգացման հարցում։ Պետության դերը չի սահմանափակվում միայն ֆինանսավորմամբ․ պետությունը պետք է կարողանա մշակել գիտական քաղաքականության և լինել վերջինիս գլխավոր պատասխանատուն, ինչպես նաև ապահովի պետություն-գիտություն  բազմաշերտ կապի բոլոր օղակների անխափան աշխատանքը։   Հետպատերազմյան կառավարությունն ու գիտությունը Վերադառնանք մեր իրականություն։ Նախ՝ մի քանի փաստ ՀՀ-ում գիտության վիճակի մասին։ Գիտության ֆինանսավորումը 26 մլն դրամ է՝ ավելի քիչ, քան մեկ Հերմես ԱԹՍ-ի գինը: Հայաստանում գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների՝ 40%-ը, իսկ ղեկավարների 50%-ը կենսաթոշակային տարիքի է։ Այսինքն` նման տեմպերով 2025 թվականին մենք գիտություն այլևս չենք ունենա։ 30 տարվա ընթացքում Հայաստանում գիտաշխատողների քանակը յոթնապատիկ նվազել է՝ 1 մլն բնակչի հաշվով աշխարհի առաջատար ցուցանիշներից հասնելով եվրոպական միջինից 2 անգամ քիչ ցուցանիշի: Գիտությունը ՀՀ֊ում ֆինանսավորվում է ՀՆԱ֊ի 0.25%-ի չափով. այս ցուցանիշով մենք համեմատվում ենք Ուգանդայի ու Բուռունդույի հետ: Սույն տարվա փետրվարի 1֊ին ԱԺ֊ում տեղի ունեցան «Գիտությունը` որպես անվտանգության և զարգացման հենասյուն» խորագրով հանրային լսումներ։ Առաջին անգամ ԱԺ ամբիոնից գործարարը խոսեց գիտության կարևորության և ներկայիս ոչ բավարար վիճակի մասին։ ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ առհասարակ չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր է առանց գիտական հենքի ապահովել զարգացում, իսկ վերջին պատերազմն էլ ցույց տվեց, որ տարածաշրջանում անվտանգ երկրներից մեկը դառնալու համար մենք ունենք բազմաթիվ անելիքներ։  Բանակի ինտելեկտուալացումը, բանակի ավտոմատացումը այլընտրանք չունեն։ Պատերազմը ցույց տվեց, որ մենք հենց այս ճանապարհով պիտի շարժվենք առաջ։ Ցավալի է, որ պատերազմը պետք է ցույց տար այն, ինչում վաղուց արդեն կարելի էր համոզված լինել թե՛ սեփական, թե՛ այլոց օրինակներով, և ինչի մասին, արդեն հաշիվն էլ եմ կորցրել, թե քանի անգամ, մենք համոզվում ու արձանագրում ենք նույն բարձրագույն ամբիոնից տարբեր կառավարությունների օրոք։ Հաջորդիվ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խոսեց գիտության ու կրթության անբաժան կապից, գիտության դերի կարևորությունից, գիտության վիճակից, գիտնականներից։ Գիտական կադրերից խոսելիս նախարարը նշեց, որ ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, բայց նրանցից շատերը, բարձր գնահատվելով իրենց մասնագիտությամբ, գնում են արտասահման ու բարձր վարձատրվող աշխատանքով են զբաղվում։ Նախարարի՝ առաջին հայացքից անմեղ թվացող հայտարարության մեջ կա մանիպուլյացիա և խնդիրների ռազմավարական լուծումներից խուսափելու հետք, ինչի մասին արդեն խոսել եմ 1in.am֊ին տված հարցազրույցումս։ ԱԺ լսումներից հետո մեդիա դաշտը սկսեց ողողվել գիտության թեմայով։ Տեղի ունեցան բազմաթիվ հանրային քննարկումներ, գրեթե բոլոր հեռուստաալիքների առավոտը սկսվում էր գիտնական հյուրերով։ Անկախ քննարկվող թեմաներից՝ լրագրողները փորձում էին առիթը բաց չթողնել ու խոսել նաև գիտությունից։ 23 օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին գիտության ոլորտի զարգացման հեռանկարները։ Վարչապետը, անդրադառնալով գիտության հարցին, ասաց․ «Ինչպես գիտեք, Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Եվ այս համատեքստում, բնականաբար, պատեհ է քննարկել այն մեխանիզմը, որով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսավորվում է գիտությունը: Ուզում եմ ընդգծել, որ դա առիթ է և ոչ թե պատճառ, որովհետև հիմնարար հարցը միշտ գոյություն է ունեցել: Եվ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո, ըստ էության, ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես՝ բնական և տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը: Այստեղ, թերևս, մեծ բանավեճ չկա, հարցն այլ տեղ է․ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն իրոք արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ: Եվ ինչպես ապահովել, որ ավագ սերնդի մեր ականավոր գիտնականների գործը շարունակվի արդյունավետ ու որոշակի ճանապարհ անցնելուց հետո, ի վերջո, դառնա կիրառական նշանակության արդյունք: Սա իսկապես լուրջ և հիմնարար խնդիր է, և մենք այսօր պիտի փորձենք այս խնդրի շուրջ առաջարկել լուծումներ ու լսել, թե ինչ պատկերացումներ կան ընդհանրապես նման լուծումների մեխանիզմների և հեռանկարների վերաբերյալ: Մի բան ակնհայտ է, որ մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է կարողանանք հստակ հասկանալի, ձևակերպելի որոշումներ կայացնել ու համոզված լինել այդ որոշումների հետագա արդյունավետության մեջ»: Վերջում վարչապետը հավելեց․ «Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը»։ Ըստ էության, վարչապետն ասաց ոչինչ, հիմնականում կրկնեց այն, ինչ ասում ու կրկնում էին բոլորը տարիներ շարունակ և մասնավորապես՝ վերջին 22 օրերի ընթացքում։ Երևի թե գիտական հանրությունը սպասում էր ավելի գործնական ու հստակ ուղերձների՝ գիտության կարևորության մասին ճառերի փոխարեն։ 2 օր անց տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը անդրադարձավ «Գիտուժի»՝ բյուջեի 4%-ի չափով գիտության ֆինանսավորման պահանջին` նշելով, որ չնայած այն բանին, որ իրենք կողմ են գիտության ֆինանսավորման ավելացմանը, և այդտեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց կառավարությունը որդեգրել է մոտեցում, որ որևէ բնագավառում օրենքի մակարդակով որևիցե թիվ չֆիքսվի։ Մեթոդաբանության ընտրությունը նախարարը հիմնավորեց նրանով, որ կա պրակտիկա, երբ օրենքում ֆիքսվել են թվեր, և չի կատարվել այդ օրենքը։ Փաստորեն, ըստ նախարարի, եթե չես կարողանում պլաններդ իրագործել, ապա ավելի լավ է ընդհանրապես պլաններ չկազմել։ Մյուս կողմից, պետք է նշել, որ վերջին 20 տարում գիտության դեպքում մեծամասամբ այդ պահանջը կատարվել է։ 2-3 տարիներ են եղել, որ օրենքի այդ կետի խախտում է եղել, բայց դա եղել է հենց խախտում։ Նմանօրինակ մտքերից մեզ ցրելու համար հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նախարարին հարցրեց․ «Կարո՞ղ ենք արձանագրել, որ անկախ նրանից՝ ՀՆԱ֊ով կամ բյուջեի ծախսային մասով կընդգծվի՞, կարձանագրվի՞, թե՞ ոչ, գիտության՝ 2022 թվականի բյուջեն լինելու է շատ ավելի մեծ, քան 2021 թվականինը», ինչին նախարարը տվեց դրական պատասխան։ Նիստի վերջում էլ դրական նոտայով ավարտելու համար  Մխիթար Հայրապետյանը երաշխավորեց, որ առաջիկա հարցուպատասխանի ժամանակ մենք պետք է լսենք երաշխիքներ նաև գործադիր ղեկավարի կողմից առ այն, որ մոտեցումը փոխվելու է գիտության նկատմամբ կոնկրետ քայլերով ու գործողությունների պլանով՝  նշված քայլերի ու պլանների մեջ տեսնելով գիտության՝ հաջորդ տարվա բյուջեի առնվազն մի քանի միլիարդ դրամով ավելացումը։ Մխիթար Հայրապետյանի երաշխավորած՝ գործադիրից պահանջվող երաշխիքներ լսելը երկար սպասել չտվեց։ Մեկ շաբաթ անց տեղի ունեցավ հարցուպատասխան կառավարության հետ, որի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ տեր կանգնելով իր գործընկերոջ՝ մեկ շաբաթ առաջ տված երաշխիքին, նշեց, որ կառավարությունը տրամադրված է էականորեն ավելացնել գիտության բյուջեն՝ կրկին առանց որևէ հստակությունների։ Այնուհետև նշեց, որ 2020-ին 1.5 մլրդ դրամով ավելացել է գիտությանը հատկացվող բյուջեն, ինչպես նաև խոստացավ ամրագրման այլ լուծումներ առաջարկել։  Կառավարության տրամադրվածության բարձրաձայնումը շատ կարևոր էր՝ չնայած առանց որևէ հստակ էլեմենտների։ 1.5 մլրդ դրամի մասին լուրն էլ,  իհարկե, ուրախալի էր և ցույց էր տալիս, որ կառավարությունը մինչև պատերազմն ու վերջին ակտիվությունը սկսել էր կարևորել գիտությունն ու քայլեր անել, բայց ուրախությունը լիարժեք դարձնելու համար լավ կլիներ՝ պարոն Ավինյանը նաև նշեր, թե ինչի վրա է ծախսվել այդ 1.5 մլրդ գումարը։ Հարցին պատասխանելու համար փոխվարչապետը կարող էր դիմել «դահլիճի օգնությանը», մասնավորապես՝ նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու մասին օրինագծի համահեղինակ Բաբկեն Թունյանին։ Հարցուպատասխանից մեկ շաբաթ անց տեղի ունեցավ հանդիպում «Գիտուժ» նախաձեռնության անդամների և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ Նախարար Վահրամ Դումանյանի, ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և ԲՏԱ փոխնախարար Գոռ Մելիքյանի միջև։ Հանդիպումից ունեցած սխասելիքները առանձնապես չադարացվեցին, ինչին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ ԱԺ մարտի 22֊ի նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ կառավարությունն այս տարի մտադիր է գիտության բյուջեն ավելացնել 2.7 մլրդ դրամով։ Իսկ Մխիթար Հայրապետյանը դա համարեց այն կամքի ցուցիչը, որը կառավությունը դրսևորում է գիտության ուղղությամբ։ Խոսք գնաց հաջորդ տարվա բյուջեն 5 մլրդ-ով ավելացնելու մասին, և նշվեց, որ  դա դեռ սահմանը չի։ Անդրադառնալով ավելացվող 2.7 մլրդ դրամին՝ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը Panorama֊ին տրված հարցազրույցում նշեց․ «Գումարի չափը, որի մասին հայտարարեց նախարարը, մեզ չի բավարարել, քանի որ մենք պահանջում ենք այս տարի առնվազն 50%-ով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները։ Այս շարժման ողջ իմաստն ավելի շատ գիտությունը զարգացնելու երկարաժամկետ հանձնառություն վերցնելն է»։ Այս գիտական եռուզեռից հետ չմնաց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ մարտի 24֊ին  հանդիպելով ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի և փոխնախագահ Յուրի Շուքուրյանի հետ։ Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հաստատվեց գիտության կարևորությունը պետության զարգացման և անվտանգության գործում։ ԿԳՄՍ Նախարարի գործունեության 97֊րդ օրը, հավանաբար գիտության հարցի կարևորությունը գնահատելու և հարցին բազմակողմանի նայելու մտադրություններից ելնելով, ինչպես նաև փետրվարի 1֊ին նախարարի հնչեցրած՝ գիտության ու կրթության անբաժան լինելու խոսքից ոգևորված, արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոսեց բուհերից ու հատկապես բուհական շենքերից՝ նշելով, որ կա գաղափար՝ բուհական շենքերը վաճառելու և այդ գումարով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու, ու չնայած դա ընդամենը գաղափար էր, ինչը հաստատեց նաև նախարար Դումանյանը 2 օր անց՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, վարչապետին հաջողվեց  նախարարին իր գործունեության 100 օրը լրանալու կապակցությամբ նվիրել «կես» ասուլիս, իհարկե, նաև իր նախկին գործընկերների շնորհիվ։ Տարված բուհերի շենքերի ճակատագրով՝ լրագրողները մոռացան նախարարին գոնե մեկ հարց տալ գիտության ֆինանսավորման մասին, և նախարարը ստիպված եղավ ինքնուրույն անդրադառնալ այդ հարցին՝ կրկին շեշտելով 2.7 մլրդ ավելացումը և հավելելով, որ միայն ավելացնելը քիչ է, պետք  է լինի հստակ ակնկալիք, որովհետև մենք գումար ենք ներդնում ոլորտ, նաև պետք է վերջնարդյունքի ակնկալիք ունենանք։ Թվում է, թե կառավարությունը վերջապես գիտակցում է իր դերը գիտության հարցում, և որ բացի ֆինանսավորելուց՝ կառավարությունը պետք է ստանձնի նաև գիտության մեջ խնդիրներ ձևակերպողի ու արդյունքներ ակնկալողի դերը։ Ապրիլի 8-ին վերջապես կառավարության նիստում ընդունվեց գիտության բյուջեն 2.7 մլրդ դրամով ավելացնելու որոշումը, և մի փոքր մանրամասնվեց, թե ինչին են ուղղվելու այդ գումարները։ Այսպիսով, վերջին 2 ամիսների իրադարձությունները ամփոփելով, կարող ենք ասել, որ «Գիտուժի» նախաձեռնած արշավը հանրային լայն արձագանք թողեց։ Վերջին երկու ամսվա ընթացքում մեդիայում գիտությունը բավականին մեծ դեր ունի և ամենաքննարկվող թեմաներից մեկն է։ Գրեթե բոլոր  լրագրողները առիթը բաց չեն թողնում խոսելու այդ մասին։ Շուրջ 3 տասնյակ լրատվականներ պարբերաբար անդրադարձ են կատարում թեմային։ Այս ամենը, բնականաբար, անտարբեր չէր կարող թողնել նաև կառավարությանը, ինչում համոզվեցինք՝ անդրադառնալով կառավարության բազմաթիվ արձագանքներին՝ փետրվարից ի վեր։ Չնայած գիտության ֆինանսավորումն այս տարի ավելացավ, եղավ խոստում, որ հաջորդ տարի էլ ավելի շատ է բարձրանալու, ինչին ես անկեղծ հավատում եմ, բայց պետք է կատարենք մի ցավոտ եզրահանգում․ կառավարությունը դեռևս պատրաստ չէ այս հարցում որևէ ռազմավարական լուծման գնալու։  Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Կարապետ Մկրտչյանին։ Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:
19:35 - 08 մայիսի, 2021
Կանայք և պատերազմի լեզուն [Challenge 20.2 | Էվիյա Հովհաննիսյան]

Կանայք և պատերազմի լեզուն [Challenge 20.2 | Էվիյա Հովհաննիսյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։ «Ռազմականացված մասկուլինության և ապակոնտեքստուալացված ռացիոնալության գերիշխող ձայնը այնքան բարձր է հնչում մեր մշակույթում, որ որևէ այլ ձայն դժվար լսելի լինի մինչև այն պահը․․․ երբ այդ ձայնը ապալեգիտիմացվի»։ Քերոլ Քոն[1]   Այս վերլուծությունը միտված է վեր հանելու այն սոցիալ-լեզվաբանական առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են պատերազմով։ Տեքստը չունի խորքային հետազոտության հավակնություն, ավելի շուտ նպատակ ունի ցույց տալու, թե ինչ կապ կա պատերազմի, լեզվի և գենդերային ինքնության միջև, և ինչ հավելյալ շերտեր կան նշված թեմայի հետագա ուսումնասիրման համար։ Հայտնի է, որ ռազմական հռետորաբանությունը հիմնված է բռնության լեզվի վրա[2], իսկ բռնությունը սերտորեն փոխկապակցված է գենդերային ինքնության հետ։ Լեզուն դիտարկվում է որպես բռնությունը, այդ թվում և պատերազմը ռացիոնալացնելու և արդարացնելու գործիք, եթե անգամ այդ պատերազմը անցանկալի է հանրության լայն շերտերի համար։ Այս փոխկապակցվածությունը պայմանավորված է կոնկրետ լեզվամտածողությամբ, տվյալ հասարակությունում անձի վարքագծի, հայացքների և զգացմունքների նկատմամբ առկա վերահսկողությամբ, հարաբերությունների և սոցիալական կապերի բարդ համախմբերով, ազգային գաղափարախոսությամբ, մարդկային հարաբերությունների վրա հիմնված սոցիալական կառույցներով, որոնք անընդհատ դինամիկ փոփոխության մեջ են։ Ղարաբաղյան առաջին պատերազմում (1992-1994 թթ․) հայկական կողմի «հաղթանակը» առկա բոլոր քաղաքական և հասարակական ինստիտուտների միջոցով ռոմանտիզացվեց, և պատերազմի ու դրան սպասարկող բոլոր օղակների քննադատությունը տաբուացվեց։ Պատերազմի խոսույթը դարձավ տղամարդկանց մենաշնորհը, իսկ կանայք, որոնք կրել էին պատերազմի տնտեսական ու սոցիալական հիմնական բեռը, մնացին անտեսանելի ու լռեցված[3]։ Արդյո՞ք վերջին պատերազմը փոխեց այս իրավիճակը, արդյո՞ք պարտությունը հնարավորություն է տալիս վերաձևակերպելու հայրիշխանական պատերազմական լեզուն և վերադիրքավորվելու։   Մեդիան, խոսույթը և լռությունը Մեդիան/սոցիալական մեդիան նպաստել է, որ կանանց ձայնը վերջին տարիներին և, մասնավորապես, վերջին պատերազմի ժամանակ ավելի լսելի դառնա, եթե անգամ այդ ձայնը հնչում է հայրիշխանական դիրքերից։ Պատերազմի օրերին շատ քիչ էին մարդիկ, որոնք հակապատերազմական մտքեր էին արտահայտում, կոչերով հանդես գալիս կամ գրառումներ անում հանրային տարածքում, ու, որպես կանոն, դրանք կանայք էին։ Ավելի հաճախ նման քննարկումները տեղի էին ունենում նեղ վստահելիության և համախոհության շրջանակներում։  Եթե փորձենք որոշակիորեն համակարգել այն տեքստերը, որոնք տարածվում էին պատերազմի օրերին, ապա կարելի է առանձնացնել հանրային և ոչ հանրային տեքստեր, դիրքորոշում արտահայտող և զգայական/զգացմունքային տեքստեր։ Զարմանալի չէ, որ կանանց խոսույթում վերջին տիպի տեքստերը գերակայում էին։ Այն կանայք, որոնց որդիները, ամուսինները կամ եղբայրները ռազմի դաշտում էին, մասնավոր տարածքում միանշանակ քննադատում էին պատերազմը և ուզում էին, որ այն հնարավորինս շուտ ավարտվի։ Այս քննադատությունները, սակայն, գրեթե կամ երբեք չէին հնչում հանրային տարածքում։ Պատերազմը հնարավորինս շուտ կանգնեցնելու հանրային պահանջը լսելի չէր,  իսկ տարածաշրջանային և ներհայաստանյան անվտանգության հարցերի չլուծվածությունը նպաստում էր լռության ամրապնդմանը։ Հանրային տարածքում չխոսելու վախը/տաբուն նախ և առաջ պայմանավորված էր կանացի որոշակի սոլիդարությամբ, որը ենթադրում էր, որ պատերազմի ավարտից հետո կլինեն բազմաթիվ մայրեր, որոնց որդիները և մյուս հարազատները զոհվել են կամ վիրավորվել, և նրանք ապրիորի կփորձեն հիմնավորել, որ այդ մահերը անիմաստ չեն եղել, ու, հետևաբար, պատերազմն էլ անիմաստ չէր։ Ընդհակառակը, «եթե որդին չի զոհվել պատերազմում, իրավունք չունի խոսելու»․ գոյություն ուներ հստակ լռեցվածություն հայրիշխանական մեր հասարակությունում։ Այս մտայնությունը նպաստեց ավելի ռազմատենչ պատերազմական և որդեծնության կոչերի ակտիվ տարածմանը ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո[4]։ Արդյո՞ք նման կոչերով հանդես եկող մարդիկ պատրաստ էին զոհաբերել իրենց երեխաներին/հարազատներին «պատերազմի աստծուն», թե՞ նման խոսույթը գիտակցված չէր, ուներ մանիպուլյատիվ բնույթ և կոչված էր սպասարկելու պետության ռազմականացված քաղաքականությանը։ Բոլոր դեպքերում մենք բախվում ենք դասական հայրիշխանական մոտեցմանը, համաձայն որի՝ կինը երեխա/զինվոր ծնող/արտադրող մեքենա է, իսկ կնոջ՝ երեխա ունենալ-չունենալու որոշումը՝ պետության մենաշնորհը։ Սոցիալական մեդիան նպաստեց նաև նրան, որ հայհոյանքը դարձավ «նորմավորված» լեզու հայ հասարակության համար։ Պատերազմի ժամանակ և դրանից հետո ագրեսիվ, հայհոյանքներով հարուստ տեքստերը դարձան համատարած ու անցան կանանց խոսույթի դաշտ։ Վերջիններս ևս սկսեցին լայնորեն օգտագործել բռնության և հայհոյանքի լեզուն, ինչն առավել ակնհայտ արտահայտվեց քաղաքական գործիչների մեդիա հրապարակումների ներքո և ադրբեջանական համացանցային գրառումների տակ։ Այս պատերազմը որոշակիորեն ցույց տվեց, որ տեղի է ունեցել կանանց լեզվի ապանորմատիվացում։ Թվում է, որ նման փոփոխությունը տանում է կանանց ազատականացման, սակայն, մյուս կողմից, երևույթն ունի ագրեսիվության զգալի լիցք և հասարակության մեջ խորացնում է մասկուլին խոսույթը։   Սիմվոլիզմի լեզուն և կնոջ ապրանքայնացումը Վիզուալ սիմվոլիզմը` որպես լեզու, շատ հաճախ օգտագործվում է ընդհանուր հռետորաբանությանը զուգահեռ քաղաքական և հասարակական գործիչների իմիջը կերտելու և ուղերձը ավելի թիրախային դարձնելու համար։ 2018 թ․-ի հեղափոխությունից հետո Աննա Հակոբյանը հանդես եկավ «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությամբ[5], որի շրջանակներում կազմակերպվեցին տարատեսակ քննարկումներ, մարտավարական հիմունքների դասընթացներ և հրապարակվեցին լուսանկարներ, որոնցում վերջինս ներկայացավ զինվորական համազգեստով և ծաղիկներով։ Այս ոչ միանշանակ ուղերձը նախապես ուներ խաղաղարարական ենթատեքստ, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ ստացավ արտահայտված միլիտարիստական ձևակերպում։ Թեման մեծապես շահարկվեց մեդիայի կողմից և լայն քննադատության արժանացավ այն բանից հետո, երբ պատերազմի օրերին հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը Արցախի ԶՈՒ-ի բունկերում է։ Հասարակության զգալի մասն այս քայլը դիտարկեց որպես «վտանգավոր շոու», և դրա հիմնավորումը եղավ այն, որ կինը/վարչապետի տիկինը իրավունք չունի գտնվելու ստրատեգիկ անվտանգային օբյեկտում։ Մյուս կողմից երևույթը բացասաբար ընկալվեց հակամիլիտարիստ քաղհասարակության կողմից, որն Աննա Հակոբյանի նման արարքը որակեց որպես ռազմական գործողությունների մեջ ընդգրկվելու սիմվոլիկ կոչ` ուղղված հայ կանանց։ Այս վիզուալ ուղերձը գուցե նախապես միտված էր խաղաղարարությանը, բայց բովանդակային առումով հստակորեն պաշտպանում էր նույն հայրիշխանական գիծը և ուներ պատերազմը ռոմանտիզացնելու աղերս։ Սիմվոլիզմի տեսանկյունից հետաքրքիր և դրական ուղերձի փորձ էր Շուշան Ստեփանյանի նշանակվելը որպես պաշտպանության նախարարության խոսնակ։ Սակայն սա ևս միանշանակ չընկալվեց հայ հասարակության կողմից, քանի որ պատերազմի օրերին նրա անգամ շատ ավելի հավասարակշռված և ինֆորմատիվ հաղորդագրությունները նույն ազդեցությունը չէին գործում հանրության վրա, ինչ տղամարդ խոսնակի՝ պաթետիկ և ստահոդ հաղորդագրությունները։ Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ պաշտպանության նախարարությունը ռազմականացումը ձևակերպող և դրան սպասարկող հիմնական կառույցն է, որում անգամ կին կադրերի ընդլայնումը չի տանում երկրի և հասարակության ապամիլիտարիզացիայի։ Կանանց ներգրավվածությունն այս պատերազմում անհամեմատ ավելի մեծ էր, քան նախկինում։ Վերոնշյալ երևույթի թվացյալ ազատականացնող բաղադրիչն իրականում ուներ այլ տրիքստերային կողմ․ ներգրավվելով պատերազմի մեջ՝ կանայք դառնում էին միլիտարիստական խոսույթի կրողը և բազմապատկողը։ Բացի դրանից՝ այս պատերազմի ամենատարբեր մակարդակներում իրենց մասնակցությամբ կանայք նաև նպաստեցին դրա կոմերցիալացմանը՝ չկարողանալով հորինել այլ բան, քան իրենց, պատերազմին մասնակցելու դիմաց, որպես պարգև առաջարկելը։ Պատերազմի դաշտ ուղարկվող շոկոլադների՝ «Սնիկերսների» վրա փակցված էին գրություններ՝ «Շուտ արի, որ Մոսկվայից գամ, քո պես սիրուն տղա ունենանք», «Արի՛, որ երեխեքս քեզ պապա ասեն[6]», որոնք իռացիոնալ էին, ոչ միշտ ռեֆլեքսիայի ենթարկված, և որոնք անմիջապես որսացին խոշոր ձեռնարկատերերը՝ օգտագործելով այս հանգամանքը շոկոլադի վաճառքն ընդլայնելու համար։ Հայ կանանց այս թվացյալ անմեղ, արմատաբուխ նախաձեռնությունը և նմանօրինակ այլ նախաձեռնություններ կոչվեցին սպասարկելու պատերազմի կապիտալիզմին։   *** Այսպիսով, եթե ամփոփենք այս համառոտ ակնարկը, միանշանակ կարող ենք պնդել, որ թվացյալ ազատականացնող մի շարք երևույթներ՝ լեզվի ապանորմատիվացումը, կանանց ներգրավվածության ընդլայնումը պատերազմում, ՊՆ կին խոսնակի նշանակումը, իրենց բնույթով խորացնում են հայրիշխանական, միլիտարիստական մշակույթը հայ հասարակությունում։ Խաղաղության մասին խոսելը մեզանում դիտարկվում է որպես թուլություն/դավաճանություն և ռեցեսիվ խոսույթ, այդ իսկ պատճառով այն հաճախ վերագրվում է կանանց։ Ցավոք սրտի, այս պատերազմի ընթացքում անգամ կանանց շրջանակում այն չդարձավ գերակա և հանրայնորեն լսելի։ Տվյալ վերլուծական տեքստի ձևակերպման և դրա շուրջ մտափոխանակման համար շնորհակալ եմ Սոնա Մանուսյանին, Լուսինե Խառատյանին, Գայանե Այվազյանին, Ռիմա Գրիգորյանին և Համլետ Մելքումյանին։ Թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Գայանե Ղազարյանին և Սոնա Մանուսյանին:   [1] Carol Cohn. Sex and Death in the Rational World of Defense Intellectuals. Signs: Journal of Women in Culture and Society 12 (1987): 687-718. [2] Բռնության մշակույթը Հայաստանում, խմբ․՝ Գ․ Տեր-Գաբրիելյան, Երևան. Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, 2020:  [3] Մարտիրոսյան Ա․, Գալֆայան Ա․, Շահնազարյան Ա․, Պատերազմից, դավաճաններից ու փրկիչներից այն կողմ. ապրելու ռադիկալ ընտրություն, հրապարակման ամսաթիվ՝ 25.02.2021, URL: https://epress.am/2021/02/25/radical_choice_statement_1226.html : [4] Ավետյան Ա․, Վերականգնել կորուստները՝ թեկուզ օրենքը խախտելով, հրապարակման ամսաթիվ՝ 09.02.2021, URL: https://www.aliqmedia.am/2021/02/09/6009/?fbclid=IwAR3ALQGcTZH7pyup6z1I3x7GOS4dUBVBoXVjk1PUyEvJ_RoQZ0HSjY5ucyc: [5]«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնություն (մեկնարկել է՝ 24․07.2018), URL: https://bit.ly/3styVGJ : [6] Պողոսյան Ժ․, «Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին, հրապարակման ամսաթիվ՝ 02.10.2020, URL: https://m.armeniasputnik.am/society/20210401/27018427/odanavakayan-taqsi-spitak-meqena-mec-gumar.html ; «Շուտ արի, որ Մոսկվայից գամ, քո պես սիրուն տղա ունենանք». շարունակում են զինվորներին «Սնիկերսներ» ուղարկել, հրապարակման ամսաթիվ՝ 13․10․2020, URL: https://www.aysor.am/am/news/2020/10/13/%D5%BD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A5%D6%80%D5%BD-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80/1756403:
20:14 - 21 ապրիլի, 2021
Կարծրատիպերն ու գենդերային դերերը [Challenge 20.1 | Շուշան Ղազարյան]

Կարծրատիպերն ու գենդերային դերերը [Challenge 20.1 | Շուշան Ղազարյան]

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նկատելի աճել են գենդերային հավասարությանն ուղղված քննարկումներն ու դիտարկումները, քանի որ այն դարձել է ցանկացած հասարակությունում, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական օրինաչափ արժեքները զարգացնելու հիմքերից մեկը: Գենդերային ոլորտի՝ 2010 թ. ընդունված կարևորագույն փաստաթղթերից «Գենդերային քաղաքականության հայեցակարգը» ևս մատնանշում է այն գաղափարի կարևորությունը, որ ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության ձևավորման նախադրյալը գենդերային հավասարությունն է՝ որպես ժողովրդավարական գերակա արժեք, մարդու հիմնարար իրավունքներից մեկը և սոցիալական արդարության հասնելու նախապայման: Սակայն ինչպես բոլոր հայրիշխանական, կարծրատիպային և կոլեկտիվ մշակույթներում, այնպես էլ Հայաստանում գենդերային քննարկումները լայն լսարան չեն գտնում: Կարծրատիպերն առաջնային խոչընդոտներ են, և վերջիններիս հաղթահարմանն ուղղված միջոցները միայն կարող են նպաստել  հասարակությունում  նմանօրինակ քննարկումների ծավալմանը: Այս գործընթացում շատ կարևոր է նաև գենդերային իրազեկվածության աստիճանի բարձրացումը, քանի որ հաճախ նման քննարկումները որակավորվում են որպես «Արևմուտքից ներմուծված», «մեր ավանդույթները խարխլող» և այլ արժեքներ: Հետաքրքիր է՝ ինչպես են ձևավորվում այս կարծրատիպերը, «կարելիները», «չի կարելիներն» ու ինչպես են կարողանում կառավարել/ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում: Երեխաների մեծ մասն աշխարհում ծնվում է մոտավորապես նույն օժտվածությամբ, և բոլոր երեխաներին անհրաժեշտ է հիմնական խնամքի նույն մակարդակը՝ սնունդ, պաշտպանություն, հարմարավետություն, ֆիզիկական շփում, ուշադրություն և այլն: Այս հիմնական կարիքներն ամրագրված են նաև «Երեխայի իրավունքների միջազգային կոնվենցիայում» (1989թ), սակայն միջմշակութային տարբերություններից ելնելով` երեխաները մեծանում են ընտանեկան տարբեր պայմաններում: Երեխաների մանկությունը որոշվում է նյութական և էկոլոգիական միջավայրով, մշակութային համայնքում գործող արժեքներով, համոզմունքներով: Նրանց կյանքը կառուցվում է այն վարքի ու համոզմունքերի հիման վրա, որոնք կարևոր են համարվում սոցիալական խմբում լիարժեք անդամակցություն ստանալու համար: Երեխայի գենդերային ու սոցիալական դերերի առաջնային պատկերացումները ձևավորվում են ընտանիքում: Ըստ ընդունված կարգի՝ թվում է, թե մեր իրականությունում երեխաների դաստիարակությամբ երկու ծնողներն էլ զբաղվում են հավասարապես, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ հայրերը դաստիարակության մեջ ներգրավվում են, երբ կարիք է լինում երեխաներին սաստելու, նկատողություն անելու, կամ կա որևէ խնդիր, որն առնչվում է իր հեղինակությանը[1]:  Բացի նշված առանձնահատկությունից՝ հայկական իրականության մեջ, եթե ընտանիքում կան աղջիկ և տղա, ապա հստակ որոշված են նրանց դաստիարակության կանոներն ու տարբերությունները` պայմանավորված սեռով:  Դեռ փոքր տարիքից սկսած` աղջիկ երեխաների մեջ դրվում են «կնոջը բնորոշ» և «կնոջ համար կարևոր» հատկանիշներ (զբաղվել տնային տնտեսության գործերով, երեխաների, մեծահասակների խնամքով և այլն), իսկ տղաների մոտ` «տղամարդուն բնորոշ» (հայրենիքի/ընտանիքի պաշտպան, քաջություն, սյուն, ժառանգորդ, խելացի և այլն)[2]: Ընդ որում, երեխայի դաստիարակության՝ սեռով պայամանավորված տարբերությունը ծնողները բացատրում են ավանդույթի ուժով և վերահաստատում իրենց ապրելակերպով: Ընտանիքից հետո անձի սոցիալիզացիայի առաջնային օղակներից են համարվում տարրական դպրոցը և այնտեղ ստացած գիտելիքները, որոնք հետագայում կարող են կայունանալ, ամրապնդվել և վերարտադրվել: Ընտանիքում արդեն երեխայի մեջ դրված գենդերային դերերի պատկերացումներն առավել ամրապնդվում են դպրոցում: Տարրական դպրոցի դասագրքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում առկա է գենդերային դերերի ներկայացվածության խիստ անհամաչափություն, ավելին` արական դերերը գերակշռում են իգական դերերի նկատմամբ, որոնք, բացի զուտ պատկերներ և տեքստ ներկայացնելուց, միևնույն ժամանակ ներկայացնում են մասնագիտական, սոցիալական դերեր, հատկանիշներ[3]: Աշակերտը, ամեն օր դասագրքերում տեսնելով նկարներ, որտեղ  հստակ բաժանված են սեռային դերերն ու նրանց գործունեությունը, ընկալում է այդ տեղեկությունը, վերարտադրում և դարձնում իր սեփականությունը: Ավելի բարձր դասարաններում՝ մասնագիտական ընտրության ժամանակ, կրկին առաջնորդվում ենք գենդերային դերերի նկատմամբ մեր ունեցած կարծրատիպային պատկերացումներով: Աղջիկները, ցանկալի է, ընտրեն այնպիսի մասնագիտություն, որը հետագայում չի խանգարի իրականացնել իրենց առաջին և կարևոր սեռային դերակատարմանը: Աղջիկներն իրենց ցանկություններում ու մասնագիտական ընտրություններում պետք է արտացոլեն, բացի մասնագիտական կայացումից, նաև ապագա ընտանիքի և ընտանեկան դերերի վերաբերյալ ակնկալիքները: Այսպիսով, կյանքի սկզբնական փուլից մեր մեջ դրվում են կարծրատիպային պատկերացումներ ու մոտեցումներ՝ մեր իսկ սոցիալական դերակատարման մասին: Հատկապես կանանց մոտ պահպանողական պատկերացումները նպաստում են ունենալ առավել համեստ հավակնություններ, որոնք չեն ենթադրում հասարակական բարձր դիրք կամ մասնագիտական ձեռքբերումներ և այսպես նպաստում են ընտանիքներում առկա գենդերային անհավասար կարգավիճակների ամրապնդմանը: Գենդերային դերերի նկատմամբ կարծրատիպային պատկերացումները, որոնք գոյություն ունեն կրթական համակարգում, իրենց հերթին չեն կարող նպաստել հանդուրժող հասարակական մշակույթի ձևավորմանը, ավելին՝ նպաստում են մասկուլին հասարակության վերարտադրմանն ու ամրապնդմանը, ինչն էլ բազմաթիվ խոչընդոտներ է առաջացնում սեռերի հավասար հնարավորությունների և իրավունքների հարթությունում: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Էվիյա Հովհաննիսյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:   [1] «Առօրյայի անտեսանելի կողմը, գենդերային կարծրատիպերը կենցաղում», World Vision, 2018 [2] Նույն տեղում:   [3] Ռուզաննա Ծատուրյան, «Գենդերային դերերը ՀՀ տարրական դպրոցի դասագրքերում»: Մշակութաբան
13:19 - 17 ապրիլի, 2021
Հետծննդաբերական դեպրեսիա [Challenge 17.2 | Էմմա Արզիևա]

Հետծննդաբերական դեպրեսիա [Challenge 17.2 | Էմմա Արզիևա]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Ծաղիկներն արդեն հասցրել են թոշնել,  փուչիկները` թսկել, առաջին օրերի ոգևորությունը կարծես չի էլ եղել, իսկ դու մենակ ես քո փոքրիկ մարդուկի հետ, որի նկատմամբ ունես անսահման մեծ պատասխանատվության զգացում: Դու հավանաբար նոր ես մայրացել, ու այդ կարգավիճակն իր հետ բերել է տագնապ, անորոշություն, վախ: Կյանքն իր հունով շարունակվում է, ամեն մեկն իր գործին է․ ժամանակը ոնց որ քեզ համար է  կանգ առել ու առաջ չի գնում: Թվում էր, թե պետք է ճախրեիր ուրախությունից, հեշտությամբ տրվեիր բալիկի խնամքին առնչվող բոլոր հարցերին, բայց արի ու տես, որ գլխիդ մեջ քաոս է, խորհուրդներն՝ անսահման շատ ու հակասական: Իսկ դու կանգնած ես հայելու առաջ՝ կիսաքնած, ավելորդ քաշով, ցավող կրծքով ու հյուծված: - Հետծննդաբերական դեպրեսիա ա մոտը,- ասում է ոմն մեկը՝ ընդգծված խելացի լինելու համար: Իսկ ի՞նչ է դա: Ինչպե՞ս կարող է թեթևացնել իմ հոգսը, իմ սարսափելի վախը, տագնապն ու անորոշությունը, ծանրակշիռ բեռն իմ ուսերի վրայից... Երևի թե ոչ մի կերպ, քանի որ այն հերթական տերմիններից մեկն է, որն իբր բացատրում է իրավիճակը` ոչ մի արժեքավոր լուծում չառաջարկելով: Իսկ դու շարունակում ես մնալ չքնած, քարացած, վատ տրամադրությամբ, դատարկված, գերհուզական... Բայց, այնուամենայնիվ, եկեք հասկանանք` ինչ է դա, ինչու է առաջանում այդ վիճակը, որը կոչում ենք հետծննդաբերական դեպրեսիա կամ չհասկացվածություն, էմպատիայի բացակայություն, խորհուրդների փոթորիկ, ըմբոստություն, լաց... Այո՛, այն առաջանում է ծննդաբերությունից հետո սոցիալական, հոգեբանական, ինչպես նաև կնոջ օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական փոփոխությունների արդյունքում: Իսկ ո՞ր գործոններն են հրահրում. հոգեհուզական, ֆիզիոլոգիական հյուծվածությունը, քնի դեպրիվացիան, որը բերում է գերգրգռված ու նյարդային վիճակի, որոշ դեպքերում՝ նաև ագրեսիայի, շրջապատի գրագետ աջակցության պակասը: Մանավանդ առաջին շաբաթներին մայրիկն ամբողջությամբ տրվում է երեխայի խնամքին` լակտացիայի կարգավորում, լողացնել, շորերը փոխել, ժամանակին քնեցնել, կերակրել... Եվ գրեթե մոռանում է իր գոյության մասին: Հյուծվում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Կարծես ժամանակը կանգ է առնում չորս պատերի մեջ: Ստերեոտիպ կրկնվող գործողություններ` կերակրել, տակը փոխել, քնեցնել, լողացնել, նորից կերակրել, տան գործեր, ճաշ, արդուկ, երբեմն` զբոսանք: Բոլորը միաբերան հարցնում են. «Կաթդ հերիքու՞մ ա», «Խելոք ա՞ էրեխեն», «Կարու՞մ ես կերակրես», «Կեսարյա՞ն, թե՞ քո ուժերով», «Քաշ հավաքում ա՞», «Հասցնու՞մ ես բա», «Լավ լցվել ես․ փորդ ոնց որ իջած չլինի»... Հարցեր, հարցեր՝ դատարկ բաների մասին․․․ Եվ հանգստանալու, մաքուր օդ շնչելու փոխարեն կարծես էլ ավելի ես անհանգստանում ու գալիս տուն, եթե, իհարկե, պատասխաններդ ականջ շոյող չեն եղել: Գալով տուն` ցիկլը սկսվում է նորից: Ու ամենասարսափելին այն է, որ պահի տակ ուզում ես քնել ու աչքերդ բացել այլ իրականության մեջ, որտեղ դու էլի քո ազատ ժամանակի տերն ես, ազատ տեղաշարժվում ես, ուր որ  ուզում ես, կամ մասնագիտական ակտիվ գործունեությամբ ես զբաղված: Բալիկդ միգուցե արդեն շատ ավելի մեծ է ու ինքնասպասարկվող: Բայց հասկանում ես, որ դու այստեղ ես, ժամանակի տվյալ միավորում, ու փոքրիկ մարդուկն ամբողջությամբ քեզնից է կախված, քո անծայրածիր խնամքի կարիքն ունի:    Մայրերը. սուրբ կենացներով քողարկվող ատելությունը [Challenge 17.1 | Անահիտ Մուշեղյան]   Իսկ դու շարունակում ես մնալ չքնած, ավելորդ քաշով, հոգնած, նյարդային ու տրամադրության ընդգծված տատանումներով: Իսկ խորհուրդների տորնադոն շարունակվում է. «Շատ ես գրկում, էդքան մի՛ գրկի, երեք ժամը մեկ կերակրի՛, ջո՛ւր տուր, արհեստակա՛ն տուր, սոված ա մնում, փոքր քաշով է ծնվել, գիշերը լողացրո՛ւ շատ տաք ջրով, որ հոգնի, քնի»․․․ Ու ոչ ոքի մտքով չի էլ անցնում, որ քո ռեսուրսներն այս փուլում խիստ սակավ են, դու էներգիա չունես բանավիճելու, ստուգելու իրենց խորհուրդների հավաստիությունը, որևէ բան ապացուցելու կամ հերքելու... Դու ընդամենը ուզում ես, որ բալիկը քնի, իսկ դու հարմար տեղավորվես իր տաքուկ գրկում ու աչքերդ փակես: Երևի հենց այդ դեպքում ժամանակը մի փոքր ավելի արագ կշարժվի, դու քեզ մի փոքր ավելի ներդաշնակ կզգաս, բայց... Զաաաանգ. ինչ-որ մեկը եկել է փոքրիկին տեսնելու: Դռան զանգ.․․ Ակնկալում են, որ հիմա դուռը բացելու է կենսուրախ, աշխարհի ամենաերջանիկ մամաներից մեկը, որը մի լավ սեղան կգցի, կնստենք, հա՛մ փոքրիկին կսիրենք, կվայելենք, կխոսենք, հա՛մ էլ սուրճը կխմենք: Ի՞նչ ունես տխրելու. բալիկդ՝ առողջ, տունը ունես, տեղը ունես, ամուսինդ՝ գործի... Բայդ այդ փաստացի երջանկահատիկները, կարծես, չեն սփոփում այս պահին, և ունենում ես մեղքի խոր զգացում․ կարծես ամեն ինչ ունես, բայց չի ստացվում լիաթոք ուրախանալ... -Վա՜յ, չէէ, բան պետք չի, մենք եկել ենք պուճուրին տեսնենք ու գնանք: Իսկ դու... Դու էլ ունես խնամքի, հոգատարության, ուշադրության կարիք, քանի որ ամբողջ մարմնովդ զգում ես տագնապ, վախ` ուղղված վաղվան: Իսկ վաղը ո՞նց կքնի, ո՞նց կուտի, իսկ գիշե՞րը, իսկ ճաքե՞րը... Ու այս բոլոր հարցերը կոկորդումդ սեղմած՝ աշխատում ես ժպիտով պատասխանել բալիկիդ մասին և ո´չ քո ինքնազգացողությանն ու հույզերին ուղղված հարցերի։ -Բա դու, դու ո՞նց ես, կարերդ լավացա՞ն: Այս հարցը, թերևս, նորից իմ մասին չէ: Ախր իմ հոգսը դրանից չթեթևացավ: Ոչինչ: Նայում եմ փոքրիկիս մեծամեծ աչուկներին, վայելում հոտը, սիրում փոքրիկագույն մատիկները, սեղմում կրծքիս, իսկ արցունքները լուռ գլորվում են` օգնելով չխեղդվել անզորության ու անպաշտպանության զգացումից: Իսկ ովքե՞ր են ռիսկային խմբում: Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան մայրիկը երիտասարդ է, այնքան մեծ է հետծննդաբերական դեպրեսիա ունենալու հավանականությունը: Որքան շատ են երեխաները, այնքան դեպրեսիայի մակարդակն աճում է ամեն բալիկից հետո: Եվ երևի երբեք էլ վերջնական չի անցնում, ինչ-որ մաս շարունակում է մնալ ու ժամանակ առ ժամանակ իր մասին հիշել է տալիս, նույնիսկ երբ դու էլ ավելորդ քաշով չես, չքնած չես ու վերադարձել ես աշխատանքի: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Քրիստինա Կարապետյանին և Վարդուհի Մարգարյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:
15:34 - 03 ապրիլի, 2021
Մշակույթի արդյունավետ կառավարումը՝ որպես Հայաստանի զարգացման մոդել  [Challenge 19.1 | Հայկ Վարդանյան]

Մշակույթի արդյունավետ կառավարումը՝ որպես Հայաստանի զարգացման մոդել [Challenge 19.1 | Հայկ Վարդանյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Հայաստանի մշակութային պոտենցիալը (ազատ ստեղծագործողների հսկայական բանակ, միջազգային հարթակներում լուրջ հաջողությունների հասած հարյուրավոր հայկական անուններ, խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած հրաշալի թատերահամերգային հարթակներ և ցուցասրահներ) պետք է որ թույլ տար մշակույթի ոլորտին զարգացման և ինքնաբավության ուրույն մոդել ձևավորել, ինչին դեռևս ականատես չենք լինում: Այս հոդվածը նպատակ ունի վերհանելու մշակույթի ոլորտի խորքային խնդիրները և դրանց լուծման փորձված ուղիներ առաջարկելու: Շատ կարևոր է հասկանալ ոլորտի ամենախորքային խնդիրը՝ պետության չափազանցված միջամտությունը ոլորտի կառավարմանը: Մշակույթի ոլորտը մեծամասամբ կազմակերպված է պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ ՊՈԱԿ-ների տրամաբանությամբ և կարգավորվում է համապատասխան օրենսդրությամբ, ինչը ժամանակակից շուկայական հարաբերությունների համատեքստում ավելի շատ խոչընդոտներ է ստեղծում, քան զարգացման հնարավորություններ: Փաստորեն, պետությունը ոլորտի գլխավոր ներդրողն է, իսկ երբ պետության գործերը լավ չեն, դա հանգեցնում է մշակույթի բյուջեի էական կրճատման (ինչին ականատես ենք լինում 2021 թվականին), հետևաբար, ոլորտային խնդիրներն օրեցօր սրվելու են: Վերը նշված խնդրից հնարավոր կլիներ խուսափել, եթե ոլորտում ներդրողների բազմազանություն լիներ: Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներից ժառանգություն ստացած թատերահամերգային հարթակները սպասարկման, երբեմն նույնիսկ կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Այդ ամենը միայն պետության կամ բարերարների ուսերին թողնելը փակուղային լուծում է: Հետևաբար, յուրաքանչյուր ՊՈԱԿ պետք է իր զարգացման ծրագրով և ներդրողին առաջարկելիք բիզնես մոդելով հանդես գալու հնարավորություն և ազատություն ունենա: Իսկ դա հնարավոր է միայն ՊՈԱԿ-ային օրենսդրության ռադիկալ փոփոխությունների և մշակույթի ոլորտի ազատականացման միջոցով: Եվս մեկ կարևոր խնդիր է այն, որ ոլորտի կազմակերպությունները ֆինանսական տեսանկյունից գրավիչ չեն կառավարիչների համար, այնինչ դրանց զարգացման նոր տեսլական ու ռազմավարություն մշակելը, կառավարման արդյունավետ համակարգերի ներդրումը հենց կառավարիչների անելիքներն են: Այստեղ ընթերցողին կարող է թվալ, որ փակուղային վիճակ ունենք․ զարգացման համար ծրագրեր են պետք, իսկ ծրագրերը պետք է մշակեն կառավարիչները, որոնց վճարելու հնարավորություն ՊՈԱԿ-ները չունեն: Այստեղ ևս պետությունն անհրաժեշտ ճկունություն պետք է դրսևորի՝ հրավիրվելիք կառավարիչներին և նրանց թիմերին առաջարկելով ներդրողի կարգավիճակ՝ ստեղծվելիք երկարաժամկետ արդյունքներից օգտվելու հնարավորությամբ: Բնականաբար, գործող օրենսդրության պարագայում նման իրավիճակ պատկերացնելն իսկ դժվար է, բայց նժարին դրված է ոլորտը կոլափսից փրկելու խնդիրը (այն, որ երկրի տնտեսական խնդիրներն առաջիկա մեկ-երկու տարում է՛լ ավելի են սրվելու, իսկ բյուջեն շարունակաբար կրճատվելու է, դժվար չէ կռահել), հետևաբար, օրենսդրական փոփոխություններն այն նվազագույն քայլերն են, որոնք պետությունը պետք է նախաձեռնի՝ ներդրողների համար ոլորտը գրավիչ դարձնելու համար: Եվս մեկ խնդիր, որի գիտակցումն առաջնահերթ է ինչպես մշակույթի, այնպես էլ այլ ոլորտների զարգացման համար՝ պետության վարքագծային մոդելը: Նախ, պետությունը պետք է տարանջատի սուբսիդավորողի և կառավարչի գործառույթները: Չպետք է մոռանալ, որ մշակույթի սուբսիդավորումը պետության սոցիալական պատասխանատվության (իր քաղաքացիներին կրթելու) անհրաժեշտ բաղադրիչ և անխուսափելի պարտավորություն է: Պետության առանցքային անելիքն այս ոլորտում օրենսդրական նպաստավոր պայմանների ապահովումն է՝ ազատ ստեղծագործողների կարգավիճակին առնչվող օրենսդրական բացը լրացնելը, մշակութային ՊՈԱԿ-ներին ձեռնարկատիրական գործունեության ավելի լայն ազատությունների տրամադրումը, մեկենասության մասին օրենքի ընդունումը և այլն: Այս ամենի հիմքում, բնականաբար, պետք է լինի պետության վարքագծային մոդելի վերանայումը՝ ոլորտի պրոֆեսիոնալներին լսելու, դաշտն ազատականացնելու, կառավարումն ապակենտրոնացնելու: Վերոնշյալը թույլ կտա բազմապատկել ինչպես մշակութային արդյունաբերության տեսակարար կշիռը, այնպես էլ, այդ աճով պայմանավորված, պետության հավաքագրելիք հարկերը: Իսկ նպաստավոր օրենսդրությունն իր հերթին հնարավոր կդարձնի երկարաժամկետ ներդրումային ծրագրերի իրագործումը: Վերջում ավելացնեմ, որ վերնագիրն ընտրվել է առանց ավելորդ չափազանցության, քանի որ Հայաստանն առաջին հերթին իր մշակութային պոտենցիալով է հայտնի, և եթե այդ պոտենցիալն իրացնելու ճանապարհային քարտեզ և կառավարման կենսունակ մոդելներ ունենանք, իսկ պետությունն անհրաժեշտ ճկունություն դրսևորի ՊՈԱԿ-ային և մշակութային օրենսդրությունը հանուն զարգացման վերանայելու, ապա բոլորս ականատես կլինենք այն հրաշքին, ինչը թույլ կտա բանաձևել ամբողջ երկրի զարգացման մոդելը: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Վահան Արծրունուն: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:   Օպերային երգիչ, ԵՊԿ Օպերային ստուդիայի տնօրեն
21:25 - 27 մարտի, 2021
Գրագողություն․ կարճաժամկետ խա՞յպ, թե իրական բարեփոխումներ [Challenge 18.2 | Զարուհի Սիմոնյան]

Գրագողություն․ կարճաժամկետ խա՞յպ, թե իրական բարեփոխումներ [Challenge 18.2 | Զարուհի Սիմոնյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Վերջին երկու տարում գրագողության մասին սկսեցին խոսել բոլորը, սակայն ինչպես իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, նպատակը ոչ թե գրագողության դեմ համակարգային պայքարն էր, այլ պայքարի իմիտացիան։ Հենց պայքարի իմիտացիայի արդյունքում է, որ հեղափոխությունից երեք տարի անց չկա օրենսդրական որևէ բարեփոխում, և փոխարենը կան անցյալի վերաբերյալ հակասական գնահատականներ տալու չարդարացված փորձեր։ Գրագողության սահմանումը Մինչ  գրագողությունից խոսելը եկեք պարզենք, թե ըստ ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի՝ ինչ է գրագողությունը։ Որքան էլ տարօրինակ չթվա, կանոնակարգում գրագողության մասին գրված է ընդամենը մեկ նախադասություն․ «Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»։  Փոխառությունը լեզվական այս կամ այն տարրի, հիմնականում՝ բառի անցումն է մի լեզվից մյուսին։ Փոխառություն են կոչվում նաև փոխառված տարրերը՝ բառերը (ածանցները, բառակազմական կաղապարները և այլն)։ Փաստորեն փախառությունը բառացիորեն նույն մտքի կրկնությունն է, որը նույնալեզու աշխատանքների դեպքում հնարավոր է լինում համակարգչային ծրագրերի միջոցով բացահայտել։ Սակայն կարելի է ենթադրել, որ կանոնակարգում, փոխառված դրույթ կամ նյութ ասելով, նկատի են ունեցել  մտքերի վերաձևակերպումը (paraphrasing) և թարգմանությունը։ Շարունակենք կարդալ կանոնակարգը։ Այստեղ ասվում է, որ եթե առանց սկզբնաղբյուրները նշելու՝ այլ հեղինակներից օգտագործվել են որոշակի դրույթներ և նյութեր, խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ ատենախոսությունը հանում է պաշտպանությունից՝ առանց տվյալ ատենախոսության նոր պաշտպանության իրավունքի, և իր որոշումը սեղմագրի և նիստի սղագրության հետ միասին ուղարկում է ԲՈԿ:  Քանի որ թարգմանությունը կամ մտքերի վերաձևակերպումը ըստ էության ուղղակի պարզ copy-paste չէ, ըստ կանոնակարգի՝ վերջիններիս քննությունը դրված է մասնագիտական խորհրդի վրա, որպեսզի վերջինս մասնագիտորեն գնահատի՝ արդյոք առկա՞ է գրագողություն, թե՞ ոչ։ Թարգմանության և մտքերի վերաձևակերպման դեպքերը մասնագիտական խորհրդի գնահատման տիրույթում են, որպեսզի վերջիններս հասկանան՝ գործ ունեն գիտական նորույթների թարգմանությա՞ն, թե՞ տեսական ճշմարտությունների վերաձևակերպման հետ, որը էական ազդեցություն չունի արդյունքների վրա։  Ամփոփելով միտքը՝ ստացվում է, որ թարգմանության և մտքերի վերաձևակերպման դեպքերում, ըստ գործող կարգավորումների, չկա հիմք պնդելու, թե ինչ աստիճանի մտքի համընկնումն է պարտադիր դարձնում հղում տալը, իսկ կարգավորումը միայն փոխառության դեպքերի մասին է, որն էլ, ըստ նույն կանոնակարգի, պետք է արձանագրվի համակարգչային ծրագրի միջոցով։ Այսինքն, եթե համակարգչային ծրագիրը փոխառություն չի արձանագրել, իսկ մասնագիտական խորհուրդն իր հերթին չի արձանագրել, որ թարգմանված հատվածներում կարիք կար հղումներ տալու, ապա գրագողության մասին չենք կարող խոսել։ Ի՞նչ ունենք Ինչպես նշեցի հոդվածի սկզբում, երեք տարվա ընթացքում օրենսդրական որևէ փոփոխություն չի իրականացվել, չեն հստակեցվել գիտական աշխատանքների պահանջները և գնահատման չափորոշիչները։ Այժմ գործող կանոնակարգը հստակ ցույց է տալիս, որ ցանկության դեպքում «գրագող» կարելի է պիտակել ցանկացած գիտնականի․ չէ՞ որ միշտ կարելի է գտնել ինչ-որ մեկի, ով կարող է պնդել, որ համաձայն չէ մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հետ, և, իր կարծիքով, թարգմանության այդ հատվածին պետք էր հղում դնել։ Նման սուբյեկտիվ պնդումները, ըստ էության, դատապարտված են հերքվելու՝ հետագայում դատական որոշումներով առոչինչ դառնալով, այնպես, ինչպես տեղի ունեցավ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի դեպքում։ Հիմա պետք է կողմնորոշվել՝ մենք ցանկանում ենք իսկապես գրագողության դեմ պայքարե՞լ, թե՞ ցանականում ենք պայքարի իմիտացիա ստեղծել։   Ի՞նչ անել անցյալի և ապագայի հետ Հարցի լուծումը առաջարկել է Ռուբեն Հայրապետյանը, որի հիմնական առաջարկներով կիսվում եմ ստորև։ Անցյալի հետ՝ վերացնել գիտական աստիճանի ուռճացված նորմատիվ իրավական առավելությունները, քանի որ անցյալում գիտական աստիճաններ ձեռք են բերվել թերի համակարգում (անորոշ, սխալ կամ նույնիսկ բացակայող պահանջներով), իսկ հաճախ շատ հեղինակներ նույնիսկ սեփական ատենախոսությունը ամբողջությամբ չեն հեղինակել։ Այս մոտեցմամբ կապահովվի հավասար մոտեցումը անցյալում գիտական կոչում ստացած բոլոր հեղինակների նկատմամբ, և անհարկի առանձին անհատներ չեն թիրախավորվի։ Ներկայի և ապագայի համար՝ վերացնել նախկին համակարգի ծայրահեղ սխալ ու հակասական պահանջները, դրանց փոխարեն մշակել հստակ չափանիշներ, որոնց հիման վրա միայն կարելի է գիտական հետազոտությունների որակ պահանջել և վերահսկել, նյութապես խթանել և մասնագիտական փոքր թիմերով վերապատրաստել հետազոտողներին՝ ազդեցության գործոնով միջազգային պարբերականներում տպագրվելու համար, որոշ ժամանակ անց այն դարձնել պարտադիր պահանջ գիտական աստիճաններ ստանալու համար: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Լուսինե Մամիկոնյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:   սոցիոլոգ
22:26 - 22 մարտի, 2021
Գրագողություն․ ինչպե՞ս «պատվով» առերեսվենք դրան [Challenge 18.1 | Քրիստինե Գորոյան]

Գրագողություն․ ինչպե՞ս «պատվով» առերեսվենք դրան [Challenge 18.1 | Քրիստինե Գորոյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Այլ հեղինակի օգտագործած բառերի, մտքերի, գաղափարների կամ արտահայտությունների օգտագործումը՝ որպես քո սեփականը․․․ Մոտավորապես այսպես են սահմանում գրագողությունը։ Գրագողություն բառը վերջերս շատ ենք հանդիպում հանրային դիսկուրսում, ուշիուշով հետևում ենք Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին և ներկա ռեկտորների շուրջ ծավալվող զարգացումներին։ Այստեղ, թերևս, արժե արձանագրել, որ որպես հասարակություն զուտ հետևում էինք, այլ ոչ թե մասնակցում։ Ինչո՞ւ։ Միգուցե որովհետև դա մեզ համար ինչ-որ վերացական, հեղհեղուկ եզրույթ է, մի երևույթ, որից մեր հոգեբանական պաշտպանական մեխանիզմները մեզ հնարավորինս հեռու են պահում: Այստեղ երևի արժե հիշել հայտնի սկանդալը, երբ 2011թ․ Գերմանիայի Պաշտպանության նախարարը հրաժարական տվեց իր ատենախոսության մեջ հայտնաբերված գրագողության դեպքերի պատճառով։ Գիտեմ՝ շատերդ հիմա մտքում ասում եք՝ «դրանք ուրիշ դարդ ու ցավ չունե՞ն»։ Ես որ հաստատ այն ժամանակ այդպես եմ մտածել։ Իսկ հիմա ինձ ամենաշատը հետաքրքրում է, թե ինչու եմ ես այդպես մտածել Հայաստանում, ու ինչու է Գերմանիայում երևույթի նկատմամբ այլ ընկալում եղել։ Եվ այստեղ եկեք շատ զգուշորեն և վերապահումներով մեղադրական աթոռին նստեցնենք «մշակույթին» և տեսնենք, թե արդյոք այն կկարողանա՞ դիմակայել իր մեղավորությունը մատնանշող փաստարկներին։ Հարցն այսպես ձևակերպենք․ արդյո՞ք գրագողության նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է մշակութային տարբերություններով։ Արդյոք մենք այդ հղացքը իրապես ըմբռնո՞ւմ ենք, իրապես անընդունելի՞ ենք համարում։ Արդյո՞ք մենք ուրիշի սեփականությունը հարգող ազգ ենք։ Ի վերջո, միգուցե մենք համապատասխան աշխատանքը ոչ էլ ուրիշի սեփականություն ենք համարում, որ մի հատ էլ ընդունենք կամ չընդունենք, որ «մեղսագործել» ենք։ Արձանագրենք, որ մտավոր սեփականության պաշտպանության հին ավանդույթներ և այդ ավանդույթներով պայմանավորված խիստ օրենսդրություն ունեցող երկրներում գրագողությունը արժանանում է համանման վերաբերմունքի և անողոք պատժի։ Թերևս դա է պատճառը, որ գրագողության դեմ անհանդուրժողականության առաջամարտիկ համարվում է Արևմտյան մշակույթը կամ քաղաքակրթությունը (քաղաքակրթություն բառը վերջերս այդքան սիրված չէ)։ Ասում են՝ հասարակության ունեցած յուրաքանչյուր արժեք արմատավորված է իր մշակութային անցյալում: Այս ինքնահռչակ «արդար» խորհրդածության շրջանակներում երևի ընդունենք, որ մտավոր սեփականության նկատմամբ հարգանքը դժվար կլինի դասել մեր անկյունաքարային արժեքների շարքին։ 2015 թվականին համակուրսեցիներիս հետ մի ուսանողական հետազոտություն էինք իրականացրել ակադեմիական անազնվության, մասնավորապես ակադեմիական աշխատանքները գումարով գնելու պրակտիկայի, դրա միտումների և պատճառների վերաբերյալ։ Արդյունքների վերլուծության մեջ կարմիր թելով անցնում էր այդ խնդրում պատմական և սոցիալական գործոնների ներգործության արդյունքում ձևավորված մշակույթի ունեցած մեղքի բաժնի քողարկված գիտակցումը։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ արական սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են դիմում գրագողության այս տեսակին, քան իգական սեռի ներկայացուցիչները։ Արդյոք սա ինձ իրավունք չի՞ տալիս եզրակացնել, որ դա կարող է պայմանավորված լինել հայ ընտանիքներում տղաների դաստիարակության մեթոդներով, երբ տղայի փոխարեն ամեն ինչ անում են, աղջկա փոխարեն էլ՝ համարյա ամեն ինչ։ Արդյոք մենք դատապարտելի՞ ենք համարում ծնողի կողմից երեխայի փոխարեն շարադրություն գրելը կամ տնային այլ աշխատանք անելը։ Կհարցնեք, թե ինչ կապ ունի սա գրագողության հետ։ Չէ՞ որ մենք նման քայլերով փոքր տարիքից երեխայի մեջ սերմանում ենք ակադեմիական անազնվությունը ոչ միայն չհանդուրժելը, այլ շատ ավելի վտանգավոր բան, այն է՝ նույնիսկ չընկալելը, որ նրանք անազնիվ, դատապարտելի արարքի են դիմում։ Ես համոզված եմ, որ Դիանա Գալոյանը և Ռուբեն Հայրապետյանը (ՀՊՏՀ ներկայիս և նախկին ռեկտորները), իսկապես կարծում են, որ իրենք գրագողության չեն դիմել։ Եթե ուշադիր հետևենք ԲՈԿ նախագահի և ներկայիս և նախկին ռեկտորների շուրջ իրադարձությունների՝ ԶԼՄ-ների լուսաբանմանը, կտեսնենք, որ որոշ լրատվամիջոցներ ամեն ինչ արել են խնդիրն արհեստականորեն անձերի դաշտ տեղափոխելու համար, մինչդեռ համոզված եմ, որ Սմբատ Գոգյանի (ԲՈԿ նախկին նախագահ) համար տարբերություն չկար՝ այդ ատենախոսությունը գրել է Դիանա Գալոյա՞նը, թե՞ Պողոս Պողոսյանը։ Նույնիսկ գիտական համայնքի որոշ շրջանակների կողմից հստակ դիմադրություն կա համակարգային փոփոխություններին (մեծահոգաբար ներեք այս ծամված արտհայտությունն օգտագործելու համար), քանի որ նման փոփոխությունները միշտ ենթադրում են հարմարավետության գոտու խաթարում, երկրաշարժ, որի արդյունքում քեզանից կարող է պահանջվել որոշակի զոհերի գնալ ընդհանուր բարիքի համար։ Որպես գրագողության դիմելու գլխավոր պատճառ՝ ուսանողները նշել էին նաև բարձր գնահատական ստանալու ձգտումը։ Նորից այնքան հանդուգն կգտնվեմ, որ սա էլ առնվազն մասամբ կպայմանավորեմ Հայաստանում ձևավորված կրթական մշակույթով։ Եկեք փորձենք օտարի հայացքով նայել նրան, թե կրթական միջավայրում մենք ինչն ենք հրամցնում որպես արժեք։ Մենք արդեն վաղուց և շատ ոլորտներում ձևը նախընտրում ենք բովանդակությունից, և գնահատականներին այդքան կշիռ տալն ընդամենը հավաստում է մեր կատարած ընտրությունը։ Քանի՞ առաջադրանք անելիս է աշակերտը կամ ուսանողը զգում, որ ինչ-որ օգտակար աշխատանք է արել, որ այդ աշխատանքը մի տեղ կիրառվելու է, որ զուտ անելու համար չի անում։ Մենք ավելի շատ արտագրողից պետք է վերածվենք ավելի շատ քննադատորեն մտածողի և անկախ միտք գեներացնողի։ Քավ լիցի, նկատի չունեմ, որ անկախ միտք գեներացնելը պիտի այնպիսի գերնպատակ դարձնենք, որ մոռանանք, որ միտքը միշտ էլ կառուցվում է այլ մտքերի ամուր հենքի վրա (այդ մտքերին պատշաճ հղում տալով)։ Լա՛վ, ի՞նչ անել։ Մտավոր սեփականությանը և գրագողությանը վերաբերող ներկայիս գաղափարները և պրակտիկան սոցիալական կառուցարկներ են։ Հետևաբար, դրանք կարող են փոփոխվել, եթե փոխվի սոցիալական համատեքստը։ Ամենակարևոր խնդիրներից է հնարավորինս հստակ ձևակերպել, թե որ գործողություններն են համարվում գրագողություն։ Հակառակ դեպքում անընդհատ մնալու ենք «երդվում եմ, որ գրագողություն արել ես-երդվում եմ, որ չեմ արել» դիսկուրսի ճիրաններում։ Այդ սահմանումները կարող են տրվել կամ հստակեցվել դպրոցների և համալսարանների ակադեմիական ազնվության հայեցակարգերում, որակավորման հանձնաժողովների պահանջներում, և այլն։ Այստեղ, թերևս, կարևոր է, որ գրագողության վերաբերյալ կանոնները չափազանց չպարզեցնենք։ Հետազոտողները և դասավանդողները պետք է մշակեն շրջանակ, որի սահմաններում կքննարկեն գրագողությունը և կմշակեն մեթոդաբանություն՝ այդ կանոնները, գրագողության նրբությունները և հակասությունները ուսանողների հետ քննարկելու համար։ Դպրոցներում պետք է համապատասխան հիմք դրվի, իսկ ուսանողի՝ համալսարան ոտք դնելուն պես նրան պիտի ուղարկենք ակադեմիական աշխատանքներ գրելու հմտությունների դասընթացի անցկացման լսարան։ Այնտեղ ուսանողի հետ կքննարկենք և կսահմանենք ակադեմիական անազնվությունը, գրագողությունը, պատշաճ հղումներ կատարելու, ուրիշի խոսքը փոխադրելու հմտությունները։ Թե չէ երևի համաձայնեք, որ արդար չէ ուսանողին առանց լողալ սովորեցնելու նետել օվկիանոսը, մի հատ էլ պահանջել, որ ձուկ բռնած դուրս գա այնտեղից։ Համալսարաններում հետազոտական բաղադրիչի ցուցիչի բարձրացումն ինքնին խթան կհանդիսանա գրագողության դեմ միջոցների մշակման համար։ Այստեղ հարց է ծագում՝ արդյոք «վերևից ներքև» մոտեցումը կարո՞ղ է արդյունավետ լինել։  Մի քիչ դժվար կլինի հավատալ, որ 18-րդ դարում ծնված ֆրանսիացին մեզանից շատ կարևորություն էր տալիս մտավոր սեփականության պաշտպանությանը։ Սկզբում ստիպեցին, հետո դարձավ իր մշակութային ինքնության մաս։ Եթե պարտադրես հստակ կանոններ, որոնք իրենց էությամբ ավելի դրական են, քան նախկինները, դրանք մեծ հավանականությամբ կարժեզրկեն նախկին կանոնները։ Ներկայումս արևմտյան ավանդույթներով համալսարան ընդունվելիս ուսանողը չունի ընտրություն։ Կամ համաձայնում է համալասարանի՝ գրագողությանն առնչվող կանոններին, կամ նրան ցտեսություն են ասում։ Նույնը կարող է արվել Հայաստանի համալսարաններում՝ հատկապես հաշվի առնելով, որ համապատասխան օրենսդրությունը գնալով ավելի կիրարկելի է դառնում, այսինքն՝ «մշակույթը փոխելու» գործընթացն այլևս մեկնարկել է։ Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Զարուհի Սիմոնյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:   Լեզվաբան
20:16 - 16 մարտի, 2021
Մայրերը. սուրբ կենացներով քողարկվող ատելությունը [Challenge 17.1 | Անահիտ Մուշեղյան]

Մայրերը. սուրբ կենացներով քողարկվող ատելությունը [Challenge 17.1 | Անահիտ Մուշեղյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ «Վայ, էս աղջիկը մինչև քստքստալով տեղ հասնի, մենք կծերանանք։ Թե ասա, մի քիչ արագ շարժվի, էլի, սենց ինչքա՞ն պիտի սպասենք, քար ե՞ս քաշել, տնաշե՛ն»։ Այս խոսքերն ուղղված էին մեկ օր առաջ երեխա ունեցած ընկերուհուս, որն իր առաջին հղիության 8-րդ ամսում ապագա զավակին կորցնելուց մոտ մի տարի անց նորից ծննդաբերում էր նույն հաստատությունում, որի բուժաշխատողները՝ ներառյալ այդ անկրկնելի բառամթերքը շռայլողները, քաջ տեղյակ էին, թե ինչ դժոխքի ու վախերի միջով է անցել «քստքստալով» քայլող երիտասարդ մայրիկը ոչ վաղ անցյալում։  Եթե մի քանի տարի առաջ ինձ ինչ-որ մեկը երրորդ դեմքով պատմեր նրա պատմությունն ու ասեր, որ ծննդատան աշխատակիցները, նրա հղիության նախապատմությունն իմանալով, «պատիվ են արել» իրենց հեգնանքով ու ամենահայկական մուննաթով, ես, հավանաբար, չէի հավատա։  Բայց ժամանակի հետ ինքս էլ համոզվեցի, որ Հայաստանում մայրերը, որոնց սակրալ առաքելության մասին թնդում են ճառերն ամենաբարձր ամբիոններից, ու որոնց «սուրբ» կենացները խմվում են ցանկացած առիթի ժամանակ, ամենակարևոր օղակներում հաճախ անտեսված են, չհարգված, ճնշված, չհասկացված, մենակ ու անաջակից։  Պատկերացնելու համար, թե ինչ խոր անդունդ է բաժանում Հայաստանին ու իրապես գիտակից, կրթվող, զարգացող և մարդակենտրոն հասարակությանը, կարելի է պարզապես հպանցիկ թերթել ֆեյսբուքյան մեծ լսարան ունեցող խմբերը, որտեղ քննարկվում են հղիության, ծննդօգնության, երեխայի խնամքի, կերակրման ու առողջության վերաբերյալ հարցերը։  Խառնաշփոթը սկսվում է դեռ ծննդատներից, որտեղ շատ հաճախ ապագա մայրերը հանդիպում են անփույթ, անուշադիր, կոպիտ վերաբերմունքի, որը ոչ միայն ազդում է նրանց հոգեհուզական վիճակի վրա, այլև իր հետքն է թողնում նաև ֆիզիկական մակարդակում՝ նպաստելով լարված, բացասական ծննդաբերական փորձառություն ունենալուն։  Կանայք ստիպված են լինում գրեթե ամեն րոպե կռիվ տալ ծննդաբերության պրոցեսն առանց իրենց իմացության արագ «հորով-մորով» անելու համար օգտագործվող տարբեր բժշկական միջամտությունների, արհեստական կաթնախառնուրդ «նաղդող» բուժքույրերի ու կրծքով կերակրման պրոցեսում կրթության և ճիշտ ուղղորդման կատարյալ բացակայության, շատ դեպքերում՝ բժշկական հիմնավոր ցուցում չունեցող «արագ և ապահով» կեսարյան հատումների հետ։  Եթե ինչ-որ մեկը վստահ չէ, թե այս երևույթներն ինչպես են կոչվում, ես կհուշեմ․ վերը թվարկվածները բռնության տեսակներ են՝ ֆիզիկականից մինչև հոգեբանական։  Կանայք՝ ապագա մայրերը, Հայաստնում ենթարկվում են բռնության, և այս գործընթացն իրականացվում է շարունակաբար և բացեիբաց՝ առանց կոծկելու փորձ անգամ անելու։    Հետծննդաբերական դեպրեսիա [Challenge 17.2 | Էմմա Արզիևա]   Պետությունն ու հանրային լայն շրջանակները, որ առավոտից երեկո խոսում են ծնելիության խթանման, ազգային գենոֆոնդը մեծացնելու կարևորության մասին, տեղյա՞կ են, որ Հայաստանում չկա համակարգային մոտեցում՝ կանանց, մանկահասակ երեխաների առողջության և ծնողավարության բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում։  Պետությունն ու հանրությունն առհասարակ ցանկանու՞մ են իսկապես աջակցել առողջ սերնդի ձևավորման գործընթացին, թե՞ մենք ամեն դեպքում որոշել ենք որպես ուղենիշ վերցնել «մեր տատերն ու պապերը պակա՞ս սերունդ են մեծացրել» իմպոտենտ կարգախոսը։  Համաձայն համաշխարհային վիճակագրության՝ մայրերի 97%-ը կարո՛ղ է կերակրել իր երեխային, եթե ստանա  անհրաժեշտ գիտելիք և աջակցություն, սակայն, սրան զուգահեռ, արհեստական կաթնախառնուրդով կերակրվող երեխաների տոկոսը Հայաստնում ամեն տարի գնալով աճում է՝ հասնելով մինչև 40% և ավելիի։ Այստեղ հարց է առաջանում. մայրերը չե՞ն ցանկանում ստանալ գիտելիք, թե՞ նրանց որևէ մեկը չի էլ տալիս այն:  Մի՞թե այստեղ չկա անելիք, մի՞թե առողջ սերունդ մեծացնելն այսքան ոչ առաջնահերթ է մեր պետության և հասարակության համար։ Մի՞թե այդքան անկարող ենք, որ երազանք է թվում այն օրը, երբ Հայաստանի յուրաքանչյուր ծննդատուն կունենա գոնե 1 արդի գիտելիքներով կերակրման մասնագետ, որն ապագա ու նոր մայրերին բավականաչափ գիտելիք կփոխանցի ու օգնություն ցույց կտա, որ մայրերը հույսները չդնեն ֆեյսբուքյան խմբերում խորհրդատվություն ստանալու վրա։ Նշեմ, որ ներկայումս մեր բուժհաստատություններում բացակայում են կրծքով կերակրման սրետիֆիկացված մասնագետները․ այս կարևոր առաքելությունը բաժան-բաժան է արված տեղի բուժքույրերի ու մանկաբույժների միջև։   Մի՞թե պոպուլիզմի ճիրաններում տառապող կառավարությունները չեն ուզում այս խիստ պոպուլիստական քայլն անել՝ գոնե այս դեպքում մի շոշափելի օգուտ բերելով հանրային առողջությանը։  Իսկ ի՞նչն է խանգարում, որ ամեն քայլափոխի հանդիպող Աստվածաշնչյան մեջբերումներով պաստառների կողքին հայտնվի նաև տեղեկատվություն մոր և մանկան առողջության պահպանման մասին։ Շարունակ խոսվում է կրծքագեղձի քաղցկեղի սարսափելի վիճակագրության մասին, բայց ես չեմ հանդիպել գեթ մեկ ինստիտուցիոնալ քարոզչություն այն մասին, որ այդ քաղցկեղի ռիսկը էականորեն նվազում է կրծքով կերակրման շնորհիվ։ Մեր ազգային բնութագրի մա՞սն է դարձել պատճառը գտնելու փոխարեն միայն հետևանքը վերացնել փորձելը։  Շատերը, ամեն դեպքում, գուցե այդպես էլ չպատկերացնեն, թե մեր հասարակությունում ինչքան են ատում մայրերին։ Այո՛, ատում են․ եթե չատեին, հենց կանայք, որոնցից շատերը անցել են այս շրջափուլի միջով, այգում կամ հանրային վայրում կերակրող կամ մանկահասակ երեխայի հետ սրճարան այցելող մորը ամոթանք տալով չէին թիրախավորի ու հորդորի «մնալ տանը, մինչև երեխան մեծանա»։  Ո՛չ մեր պետությունը, ո՛չ էլ հասարակությունը պատրաստ չեն ընդունել ու սատարել մայրերին, իսկ քանի դեռ այսպես է, պիտի մայրերի ամեն օրը դառնա հասկացված, ընդունված ու կարևորված լինելուն ուղղված պայքար։ Այնպես որ, սիրելի՛ կանայք, խորը և դանդաղ շո՛ւնչ քաշեք և էլ ավելի դանդաղ արտաշնչե՛ք. այս կատարյալ քաոսից դուրս գալու միակ ելքը մնացել է մեր ինքնահզորացումն ու այս խնդիրների մասին հնարավորինս շատ բարձրաձայնելը: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Գայանե Աբրահամյանին և Էմմա Արզիևային: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:  Հղիների յոգայի ուսուցիչ, ծննդաբերության դուլա (օգնական)
17:04 - 08 մարտի, 2021
Հայաստանի տնտեսական մոդելը. #ԿերտելովԱպագան [Challenge 16.1 | Սամվել Գևորգյան]

Հայաստանի տնտեսական մոդելը. #ԿերտելովԱպագան [Challenge 16.1 | Սամվել Գևորգյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Երբ խոսում են խնդիրների մասին, ես փնտրում եմ լուծումներ: Երբ խոսում են անցյալի մասին, ես քաղում եմ դասեր: Երբ խոսում են 2020-ի մասին, ես նայում եմ ապագային: 2020 թվականը դարձավ անկյունաքարային տարի․ մի կողմից՝ համավարակը և դրա բացասական հետևանքները երկրի ու տնտեսության համար, մյուս կողմից էլ Արցախյան երկրորդ պատերազմը մեզ կանգնեցրել են կարևոր ընտրության առջև։ Եվ այդ կետում մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք շարունակելու գործել, ինչպես ենք արձագանքելու գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչ ուղով ենք շարունակելու առաջ շարժվել։ Բոլորն էլ գիտակցում են, որ մեր երկիրը, տնտեսությունը  պետք է հզորանան, զարգանան, ընդ որում՝ շատ արագ ու մեծ տեմպերով, բայց պատկերացումներ չկան, թե ինչպես է հնարավոր անել դա։  Ավելին՝ մեծ է նոր և հավակնոտ գաղափարներին դիմադրելու գաղթակղությունը: Այս համատեքստում կանդրադառնամ Հայաստանի ապագայի տնտեսական տեսլականին, Հայաստանի տնտեսական մոդելի վերաբերյալ իմ պատկերացումերին։   Դասեր, որոնք չսովորեցինք Սկսեմ նրանից, որ երբ խոսում են 10-12% աճի մասին, ոչինչ չի փոխվում․ դա ընդամենը շոու է, PR քայլ։ Հայաստանի բոլոր կառավարությունները (ներկայիս կառավարությունը բացառություն չէ) օգտագործել են այդ հնարքը` աճի և զարգացման պատրանքներ գեներացնելու նպատակով: Իհարկե, որպես հակափաստարկ՝ մեծ է գայթակղությունն ասելու, թե Հայաստանի շուկան փոքր է, մեր երկիրը մշտական վտանգների և սպառնալիքների ներքո է, լոգիստիկ լուրջ խնդիրներ ունենք և հազար ու մի այլ պատճառ․․․ Այս ամենը փաստ է: Սակայն փաստերի հետ համակերպվելով՝ առաջ չենք շարժվի: Փաստերը պետք է վերլուծել և գտնել հնարավորություններ: Իմ նոր՝ «1 րոպե անց» գրքում մեջբերված է հետևյալ արտահայտությունը. «Ոչ ոք չգիտի՝ ինչի է ընդունակ, քանի դեռ չի նախաձեռնել որևէ մեծ գործ»: Հայաստան երկրի պարագայում էլ է այդպես: 2020-ը մեզ կարծես ոչինչ չսովորեցրեց. կառավարությունը գործում է  նույն անարդյունավետ ոճով` թանկ ռեսուրսները ծախսելով արդարացումների վրա, հանրությունը ցավագին հարվածներից դեռ չի սթափվել, տնտեսության մեծ մասը սպասողական կեցվածք է ընդունել: Կարծես աշխարհը տնտեսական զարգացման մի ուղղությամբ է շարժվում, իսկ Հայաստանը՝ բացարձակ այլ: Ասեմ ավելին, աշխարհն ու Հայաստանն ասես տարբեր հարթությունների վրա լինեն. հատման կետ չկա: Գլոբալ միտումները հասկանալու համար պարզապես պետք է վերլուծել  և գիտակցել, որ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ իր սեփական տնտեսական մոդելը, որտեղ հաշվի է առնված միջազգային փորձը, բայց շեշտը դրված է հայկական առանձնահատկությունների ու յուրահատկությունների վրա։ Իրականում, աճի պոտենցիալն անհամեմատ ավել մեծ է։   Ինչո՞ւ եմ վստահ, որ կարող ենք Ո՞րն է ամբողջ գաղափարը, և ինչո՞ւ եմ կարծում, որ մենք այդ մոդելը պետք է ունենանք և կարող ենք ունենալ․․․ Այստեղ պետք է մի փոքրիկ պատմական անդրադարձ կատարել:  Հայ վաճառականները, արհեստագործները հայտնի են եղել միշտ՝ սկսած ուրարտական ժամանակներից։ Դարեր շարունակ չունենալով պետականություն՝ հայերն իրենց գործարար ջիղը ներդրել են տարբեր երկրներում և կայսրություններում` բազմիցս ապացուցելով իրենց արհեստավարժությունը, մեծ համբավ են վայելել ամենուր և  ստացել են տարատեսակ արտոնություններ։ Նման օրինակները շատ են. հիշենք հայ վաճառականներին՝ Լեհաստանում, Պարսկաստանում, Հնդակաստանում, արհեստավորներին` Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում ու Ցարական Ռուսաստանում, գործարարներին` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, եվրոպական շատ կենտրոններում․․․ Հայ գործարարն ամենուր հաջողությունների է հասել: Լվովի հայերը 15-18-րդ դարերում լիովին վերահսկում էին Կարպատներում ոսկու  և արծաթի արդյունահանումը: 16-րդ դարում Լվովի 38 առևտրական ընկերություններից 22-ը պատկանում էին հայերին, իսկ 17-րդ դարում՝ արդեն գրեթե բոլոր ընկերությունները՝ բացառությամբ երկուսի: Այդ ընկերություններն, իհարկե, համաշխարհային ցանցի մաս էին կազմում: Նման օրինակներից են նաև Նոր Ջուղայի հայերի հաջողությունները․ նրանք կարողացան Մեծ աքսորից հետո ստեղծել ժամանակի ամենախոշոր առևտրային ցանցը: Այն ներառում էր երեք մահմեդական կայսրություններ՝ Օսմանյան, Սեֆևիդյան և Մեծ մոնղոլների, ինչպես նաև Մոսկովյան թագավորությունը, Չինաստանը և եվրոպական հիմնական ծովային տերությունները՝ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Պորտուգալիան և Իսպանիան: Միջին դարերում արևելք ներթափանցած եվրոպացի վաճառականները հայտնաբերեցին, որ հայերը ստեղծել են  միջազգային առևտրի՝ հաջողությամբ գործող ցանց, որն ընդգրկում էր ժամանակակիցներին հայտնի գրեթե ողջ աշխարհը («Ճամփաբաժան» Ռուբեն Վարդանյան, Նունե Ալեքյան)։ Հայերը սկսեցին աշխատել այլոց մոդելների ներքո՝ բյուզանդական, պարսկական, արաբական, մոնղոլ-թաթարական, հետո՝ օսմանյան, ցարական Ռուսաստանի և, վերջապես, ԽՍՀՄ-ի մոդելներով։ Վերջին 30 տարվա ընթացքում մեզանում գործող մոդելն այդ ամենի խառնուրդն է՝ համեմված կապիտալիզմով և ժամանակակից որոշ միտումներով: Այս խառնուրդի լավագույն ապացույցը Հայաստանի տնտեսական օրենսդրությունն է: Վերցնենք կամայական օրենք ու պարզվում է՝ սա՝ շվեդական, սա՝ անգլո-սաքսոնական, մյուսը՝ ամերիկյան մոդելի օրենքներ են։ Փաստ է, որ մեր տնտեսության մեջ գործում են տարբեր երկրներից բերված և միախառնված մոդելներ ու կարգ-կանոններ՝ առանց հաշվի առնելու մեր մտածելակերպն ու վարքագիծը, մեր ունակություններն ու կարողությունները, մեր ռեսուրսներն ու հնարավորությունները, ինչը ստեղծել է խառը, անհասկանալի ու անընկալելի պատկեր։ Իսկապես, ուշադրության է արժանի, որ հայկական պետության մեջ հայերը դժվարությունների են հանդիպում, սակայն դրսում հաջողում են: Պատճառը մեկն է․ դրսում գործող մոդելներում կան հստակ կանոնակարգեր, որոնց պետք է հետևել, և դրանք պահպանվում, գործում են, իսկ մեզ մոտ այդ ամենը բացակայում է։ Խնդիրների հիմնական աղբյուրը սեփական տնտեսական մոդել չունենալն է։   Ուրույն տնտեսական մոդել Ուստի պետք է, մեր բոլոր առանձնահատկությունները, յուրահատկությունները, արժեքներն ու մտածելակերպը, վարքագծային լավագույն որակները հիմք ընդունելով, ստեղծենք հայկական տնտեսական մոդել։ Ինչպես նշել եմ իմ վերջին՝ «1 րոպե անց» գրքում. «Եթե դու նման ես ուրիշներին, ապա դու նման չես ինքդ քեզ»։ Իսկ դա նշանակում է, որ ինչ մոդել էլ փորձենք ներդնել Հայաստանում՝ անգամ աշխարհի լավագույնը, այն չի կարող տալ այնպիսի էական արդյունքներ, ինչպիսին կտա սեփական, ուրույն տնտեսական մոդելը, որը գտնելը դժվար չէ, պարզապես դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը հասկանալ և այն փնտրել է պետք։ Հայաստանին անհրաժեշտ է թռիչքաձև տնտեսական աճ, իսկ դրան, իմ համոզմամբ, կարելի է հասնել մեր սեփական, յուրահատուկ տնտեսական մոդելի միջոցով։ Երբ նշում եմ թռիչքաձև աճ, պատկերացնում եմ, որ 7-10 տարի պետք է պատրաստվենք դրան, և ապագային ուղղված մոդել ընտրելու և կիրառելու դեպքում մենք կարող ենք տարեկան  50-70% տնտեսական աճ ունենալ։ Իհարկե, կգտնվեն մարդիկ, մասնագետներ և «մասնագետներ», որոնք կասեն՝ այդ ի՞նչ թվերի մասին եք խոսում, դա հնարավոր չէ, նման աճ ապահովել չենք կարող։ Ես ավելի քան համոզված եմ, որ մենք կարող ենք լրջագույն հաջողություններ ունենալ, քանի որ եթե վերջին 30 տարիների ընթացքում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, ագրեսիվ, անկանոն, անորոշ բիզնես միջավայրոմ, որ մենք ունենք՝  մշտական փոփոխվող օրենսդրական դաշտով, կանոններով, հարաբերություններով, հայ ձեռներեցը հաջողում է, և հաջողության բազմաթիվ պատմություններ գիտենք, ինչը նույնպես փաստ է, ապա հաստատ կարող ենք հաջողել ճիշտ մոդելի պարագայում։ Այդ համոզմունքը հաստատելու են գալիս հայկական բիզնեսի 200 հաջողված պատմությունները, որոնք բերված են «Քո սեփական բիզնեսը Հայաստնում» գրքում: Լավագույն  ապացույցն է նաև հայկական Krisp-ի օրինակը․ երեք տարի առաջ այն գնահատված էր ոչ ավելի, քան 1 միլիոն դոլար, իսկ այսօր արդեն 120 միլիոն դոլար արժեք ունի, այսինքն՝ 120+ անգամ աճել է, ու հիմնադիրները համոզված են, որ 3 տարի անց 1 միլիարդի են հասնելու։ Այնտեղ ընդամենը 96 հոգի է աշխատում։ Ու այդ 96 հոգին գտել է գլոբալ խնդիր և հայկական մտքի, հայկական աշխատանքի, հայկական կրթության հիման վրա գտել է այդ խնդրի լուծումը և հասել է լուրջ հաջողության։ Սա իմ պատկերացրած հայկական մոդելի մի օրինակ է, բայց շատ լավ բնորոշում է, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի տնտեսական, բիզնես մոդելը։   Հայաստանի ապագա տնտեսության կառուցվածքը Ես մեր մոդելը պատկերացնում եմ մի քանի ուղղությունների և գործոնների համադրության տեսքով։ Այսպես՝ այդ մոդելում մի կողմից տեխնոլոգիական ուղղվածության ընդգծումն է, մյուս կողմից՝ սպասարկումը և տուրիզմը: Երրորդ՝ Հայաստանին առանձնահատուկ, յուրահատուկ ապրանքների արտադրությունը։ Վերջապես, լոգիստիկ գլոբալ կենտրոնի և լոկալ ցանցի առկայությունը: Յուրաքանչյուրին անդրադառնամ ավելի հանգամանալից։ Մեր տնտեսությունը պետք է տեխնոլոգիական լինի։ Ընդ որում, այստեղ մի նրբություն կա․ տեխնոլոգիական ասելով՝ ամենևին նկատի չունեմ միայն ՏՏ ոլորտը։ ՏՏ-ն գործիք է, լուծում, ճյուղերից մեկն է։ Նկատի ունեմ, որ մեր տնտեսությունը պետք է լինի նորարար, որտեղ կիրառվում են ՏՏ գործիքները: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարող է մրցակցել, ասենք, Չինաստանի կամ մնացած խոշոր դերակատարների հետ լայն սպառման ապրանքների արտադրության ոլորտում։ Ուստի, ես մոդելը պատկերացնում եմ այսպես․ մենք պետք է արտադրենք ոչ թե լայն սպառման ապրանքներ, այլ այդ ապրանքների արտադրության տեխնոլոգիաներ՝ աշխարհում արդեն գոյություն ունեցող խոշոր և միջին արտադրությունների համար։ Այսինքն՝ այդ ուղղությամբ Հայաստանի բիզնես մոդելի այս բաղադրիչը դառնում է B2B․ մենք ստեղծում ենք տեխնոլոգիաներ ու վաճառում արդյունաբերական բոլոր ընկերություններին։ Ընդ որում, վաճառում ենք ոչ միայն միտքը, այլ նաև սպասարկումը։ Այդ տեխնոլոգիաների սպասարկումը, արդիականացումը, վերանորոգումը երկարաժամկետ համագործակցության հորիզոն ունեն, և մենք կարող ենք  մշտապես ապահովել կապը տեխնոլոգիան ստեղծողի և այն կիրառողի միջև։ Այսինքն՝ ստացվում է B2B տոխնոլոգիական մոդել՝ գումարած անժամկետ սպասարկում, իսկ դրանք լուրջ գումարներ են։  Դա կարևոր գործոն է, ու այդտեղ մենք կարող ենք լուրջ մրցունակություն ունենալ ամբողջ աշխարհում։ Մեր հաճախորդները լինում են բիզնեսները, կառավարությունները, միջազգային կազմակերպությունները: Այս ամենը հնարավոր է ապահովել՝ համաշխարհային մասշտաբի նորարարական ստարտափ-հաբեր ստեղծելով: Պատկերացնենք, որ 10 տարի հետո 5 ահռելի մեծ ստարտափ-հաբեր կան Հայաստանում՝ օրինակ՝ Սյունիքի, Վայոց ձորի, երեքն էլ հյուսիային մարզերում՝ Արարատյան դաշտից դուրս։ Ու այնտեղ կամպուսներ են, բազմաթիվ ընկերություններ են գործում՝ ամբողջ աշխարհից։ Հիմա պատկերացրե՛ք․ այն երկրները, որոնց պատկանում են այստեղ գործող արտասահմանյան ընկերությունները, կսկսեն բոլոր հարթակներում ամեն կերպ  պաշտպանել Հայաստանի շահերը։ Իսկ հիմա դա չեն անում, քանի որ Հայաստանին աջակցելը կարծես միջազգային հարաբերություններում PR անելու ձև լինի․ ոչ մի տնտեսական, քաղաքական, սոցիալական, առողջապահական շահ չունեն մեր երկրից՝ բացի պահից բխող շահից։ Այս մոդելը պատկերացնում եմ այնպես, որ Հայաստանը կարող է լինել աշխարհի համար կարևոր տնտեսական երկիր, օջախ, այսինքն՝ ժամանակակից աշխարհի տնտեսական քարտեզը անհնար լինի պատկերցնել առանց Հայաստանի։ Երկրորդ ուղղությունը՝ տուրիզմ և սպասարկում: Հայաստանի յուրահատկությունները՝ աշխարհագրական դիրքը, քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվելը, հարուստ հոգևոր-մշակութային ժառանգություն ունենալը և այլն, զարգացման լուրջ նախադրյալներ ու հնարավորություններ են ստեղծում։ Մենք միշտ ասել ենք, որ խաչմերուկում գտնվելը խնդիր է, բայց հիմա դա պետք է դիտարկենք որպես առավելություն՝ առավել ևս, հաշվի առնելով, որ, խաչմերուկում գտնվելով, մնացել ենք ունիկալ, պահպանել մեր լեզուն, մշակույթը, ազգային առանձնահատկությունները։ Այսինքն՝ քաղաքակրթությունների խաչմերուկում լինելը նշանակում է նաև հետաքրքրությունների խաչմերուկում լինել թե՛ արևելքի, թե՛ արևմուտքի, թե՛ հյուսիսի և թե՛ հարավի համար։ Ուղղակի մնում է՝ ոլորտը համակարգ դառնա ու դրվի ճիշտ ուղու վրա։ Այս առումով տուրիզմը դիտարկում եմ ոչ ՀՆԱ-ի մեջ խոշոր ու կարևոր չափաբաժին ունենալու ենթատեքստում․ իհարկե կարող է իր մասնաբաժինն ունենալ, բայց տուրիզմը կարևոր ու էական նշանակություն պետք է ունենա Հայաստանի միջազգային ճանաչելիության և հեղինակության  բարձրացման հարցերում, Հայաստանի մասին տեղեկատվության ու մեր երկրի համբավը բարձրացնելու միջոց պետք է լինի։ Երրորրդ  ուղղությունը բացառապես Հայաստանին բնորոշ, յուրօրինակ ապրանքների արտադրությունն է։  Հայաստանի համար յուրահատուկ ապրանքներ ասելիս խոսքը արդյունաբերական գյուղտնտեսության մասին է` իր արտադրական հզորություններով՝ թարմ միրգ և բանջարեղեն և դրանցով պատրաստված պահածոներ, գինիների տեսականի, այլ մրգային ալկոհոլային խմիչքներ և այլն: Օրինակ՝  Հայաստանն արևային օրերի քանակով մոտավորապես կրկնակի գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշը։ Հայաստանի նախալեռնային ու լեռնային գոտիներով անցնելիս տեսնում ենք, որ ամբողջը բաց, ազատ, չմշակվող և արդյունաբերական նշանակություն չունեցող հողատարածքներ են։ Իսկ ի՞նչն է խանգարում դրանք օգտագործել խոշոր  ջերմոցային տնտեսություններ կառուցելու նպատակով։ Ընդ որում, արևային օրերի առկայությունը նվազեցնում է ջերմատներում էներգիայի ծախսը, հետևաբար՝ նաև ստեղծվող ապրանքների ու մթերքների ինքնարժեքը։ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնում «Ջերմատնային ասոցիացիայի» հետ մշակել էինք ու կառավարությանն էինք ներկայացրել «Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ռազմավարությունը», որը լուրջ ուշադրության չարժանացավ: Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններից մեկը գնահատել էր Տավուշի և  Լոռու մարզերի անտառներում առկա, տարեկան 300 միլիոն եվրոյին համարժեք և ուղղակի փչացող հատապտուղների ծավալները: Դրանց մոտ կեսը հասանելի է մարդու համար, մյուս կեսը հասանելի չէ բարդ ռելիեֆի, անտառների, բարդ տեղանքի պատճառով: Պատկերացնենք, որ այդ 150 միլիոն եվրոյի հատապտուղները հավաքում ենք, մշակում ու վերամշակում ենք, արժեք ենք ավելացնում․ որքա՛ն մարդիկ են ներգրավվում, որքա՛ն աշխատատեղեր են բացվում․․․ Մի խոսքով, դա կարող է վերածվել մոտ կես միլիարդ դոլարի տնտեսության։ Դա միայն այդ երկու մարզերի դեպքում։ Իսկ եթե հաշվի առնենք, օրինակ, համատարած ուրցի, սարերի թեյերի, խոտաբույսերի հնարավորությունները, որոնք կետային են օգտագորվում, ամբողջ պոտենցիալը չի իրացվում․․․ Կցանկանայի առանձին կանգ առնել Հայաստանի՝ միջազգային լոգիստիկ կենտրոն դառնալու նախադրյալի վրա։ Այստեղ պետք է կենտրոնանալ այն ապրանքների վրա, որոնք պետք է շատ արագ տեղափոխվեն, այսինքն՝ պահանջվում է օդանավով տեղափոխում․ օրինակ՝ արագ փչացող սնունդ, ապրանքներ, որոնք չեն կարող շաբաթներով կամ ամիսներով նավերով, ավտոտրանսպորտով կամ երկաթուղով տեղափոխվել։ Եթե կենտրոնանում ես այդ ամենի վրա, հարցը լուծվում է: Մյուս կողմից՝ պետք է լինի ներքին լոգիստիկ ցանց՝ տեղական հայկական տնտեսությանն օգնող, աջակցող կառուցվածքի տեսքով։ Պատկերացնում եմ մեր յուրաքանչյուր մարզում այդպիսի մի լոգիստիկ կենտրոն, որը հավաքագրում է այդ մարզի համար յուրահատուկ ապրանքները, կլինեն դրանք թեյեր, կլինի թարմ միրգ-բանջարեղեն, կլինեն կլաստերներ, օրինակ՝ հուշանվերներ կամ այլ ապրանքներ։ Այդ ամբողջը մեկ միասնական բրենդի ներքո սորտավորվում, տեսակավորվում, փաթեթավորվում ու ներկայացվում է մեկ գլոբալ վաճառողի, քանի որ, օրինակ, հազար փոքր թեյ արտադրողները հնարավորություն չունեն Հայաստանի շուկայից դուրս ներկայանալու, իսկ 3-4 խոշորները ունեն այդ շանսը, որովհետև մեծ առևտրային ցանցերը մեծ քանակություններ են ուզում։ Հիմա միջազգային առևտրի ընդհանուր միտումն այն է, որ առաջին հերթին հարցնում են՝ քանակ կա՞, թե՞ ոչ, հետո նոր միայն սկսում են հետաքրքրվել՝ որակ, գին, տեսականի․․․ Եթե քանակություն չի ապահովվում, արդեն չեն էլ շարունակում։ Իսկ այդ քանակը հնարավոր է ապահովել՝ լոկալ լոգիստիկ կենտրոններ ստեղծելով՝ յուրաքանչյուր մարզում գոնե մեկը։ Իհարկե, այստեղ կան նաև ռիսկի, անվտանգության, կոմունիկացիաների առկայության խնդիրները, որոնք տարիներ ի վեր մատնանշվել են։ Բայց այդ ռիսկերն ու գործոնները կարելի է չեզոքացնել հենց սեփական մոդելի կիրառման շնորհիվ, որովհետև երբ դու դառնում ես համաշխարհային տնտեսության մեջ կարևոր հանգույց, արդեն վերածվում ես գործոնի, և քեզ սկսում են, այսպես ասած, տեր կանգնել աշխարհի ուժեղները։ Հիմա պատկերացնենք, երազենք, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանից օդանավով տեղափոխվող, արագ տեղափոխման կարիք ունեցող ապրանքների կարգո կենտրոն ունենք այստեղ․ ո՞վ կթողներ, որ Երևանը վտանգի ենթարկվեր։ Իսկ 30-50 տարի հետո այդպիսի կենտրոնի վերածվելու հնարավորություն կա։ Եկեք նայենք քարտեզին․ մենք աշխարհի կենտրոնում ենք, ու մեր դիրքը շատ նպաստավոր է։ Հիմա երազենք, պատկերացնենք, որ Երևանի շրջակայքում լինեն 5-10 թռիչքուղիներ՝ աշխարհի ամենահզոր կարգոների համար, լինեն հարյուրավոր պահեստներ, ենթակառուցվածքներ, ազատ տնտեսական գոտիներ և այլն․ ենթադրենք, մի քանի հարյուր միլիոն դոլար ենք ներդնում ու այդ ամենը կառուցում, ստեղծում։ Մոտ 2-3 տարի հետո արդեն շարժը սկսվելու է։   1 որոշում, և սկսվում է շարժ Ուզում եմ շեշտադրել այն փաստը, որ Հայաստանի ապագա տնտեսական մոդելը անհնար է պատկերացնել առանց մարզերի կայուն և համաչափ զարգացման: Ավելին, այս մոդելի ներքո մարզերի բնակչության կյանքի որակը պետք է համեմատելի լինի (եթե ոչ ավելի լավը) Երևանի բնակչության հետ: Ես 2019թ. ընթացքում «Բի Էս Սի» ընկերության հիմնադրման 25-ամյակի առթիվ banks.am-ում հեղինակային հոդվածաշար հրապարկեցի, որը կոչվում էր «Հայաստանի մարզերի բիզնես դեմքը»: Առանձին-առանձին անդրադարձ եմ կատարել Հայաստանի տասը մարզերում տնտեսության և բիզնեսի զարգացման հնարավորություններին` հիմնվելով յուրաքանչյուր մարզի մրցակցային առավելությունների վրա: Ներկայացված մոդելը ստանալու համար առաջին հերթին մի քանի խնդիրներ պետք է լուծվեն․ օրինակ՝ կրթությունը և գիտությունը պետք է ինտեգրված լինեն տնտեսության մեջ, քաղաքական կառուցվածքը, պետության քաղաքականությունը պետք է ինտեգրված լինեն տնտեսության մեջ։ Օրինակ՝ ինչո՞ւ ենք մենք պատկերացնում քաղաքականություն, դրա ներքո՝ տնտեսություն։ Իսկ միգուցե փորձենք՝ տնտեսություն ու դրա ներքո՞ ներդրված պետական քաղաքականություն։ Որովհետև երբ ուշադիր հետևում ենք աշխարհի տնտեսական-քաղաքական մոդելին, տեսնում ենք, որ պետությունները  գործում են տնտեսության թելադրած կանոնների ներքո, տնտեսության ներքո են աշխատում ինստիտուտները, կրթական ու գիտական ենթակառուցվածքները և այլն։ Այդ տեսակետից շատ ավելի տրամաբանական լուծումների կարող ենք հանգել։ Իսկ լուծումները պետք է լինեն համակարգային․ եղած օրենքները փոփոխելով, կարկատելով՝ ոչնչի չենք հասնի։ Պետք է սահմանել անցումային փուլ՝ 1-2 տարի, որի ընթացքում կմշակվի բացարձակ նոր օրենսդրական դաշտ, որը ոչ թե կբխի առօրյա խնդիրներ լուծելու այսրոպեական նպատակահարմարությունից, այլ կլինի ապագային միտված։ Այս պահին, երբ պետական կառույցների արդյունավետությունը բավականին ցածր է, ավելի ակտիվ դեր են իրենց վրա վերցնում անհատ գործարարները, միությունները, ինչպես նաև հասարակական տարբեր ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցները: Այստեղ է պատասխանը, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանը, դարեր շարունակ կանգնած լինելով խնդիրների առջև, դուրս է գալիս դժվարագույն իրավիճակներից ու շարունակում գործել․ հանրությունը համախմբվում է և ներկայանում է տարբեր նախաձեռնություններով: Մնում է միավորվել և ունենալ մեկ միասնական գաղափարական մոտեցում՝ Հայաստանն աշխարհի համար կարևորագույն երկիր դարձնելու  ճանապարհին: Իսկ ինչո՞ւ չփորձենք․․․ Հոդվածս կցանկանայի ավարտել «1 րոպե անց» գրքի վերջում ներառված գաղափարով՝  «փորձում եմ, ու հաջողվում է»։    Հետգրություն․ թեման շարունակելու նպատակով մարտահրավեր եմ նետում Տիգրան Ջրբաշյանին և Հայկազ Ֆանյանին։ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն
17:42 - 17 փետրվարի, 2021
 Ինչու (չ)են պետությունները ֆինանսավորում գիտությունը. Հայաստանի դեպքը [Challenge 15.1 | Մուշեղ Ղահրիյան]

Ինչու (չ)են պետությունները ֆինանսավորում գիտությունը. Հայաստանի դեպքը [Challenge 15.1 | Մուշեղ Ղահրիյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Փետրվարի 1-ին Ազգային ժողովում կայացան գիտության վերաբերյալ հերթական լսումները։ Ելույթների մեծամասնությունում կարմիր թելով անցնում էր պատշաճ ֆինանսավորման խնդիրը, որն այդպես էլ լուծում չի ստանում։ Խնդիրը քաղաքական է, և, դատելով նաև տարբեր տարիներին քաղաքական գործիչների ելույթներից, պատկերացումը գիտության և նրա դերի մասին բավական խեղաթյուրված է։ Տարբեր հարթակներից հաճախ կարծիքներ են հնչում գիտության և ռազմարդյունաբերության, գիտության և դրա արդյունքների առևտրայնացման, գիտնականների անելիքի վերաբերյալ, որոնք հաճախ, մեղմ ասած, աղավաղում են պատկերը։ Այս հոդվածով փորձենք պատասխանել, թե ինչու է անհրաժեշտ գիտությունը, ինչու պետք է այն պատշաճ ֆինանսավորել, ինչու Հայաստանում չի ստանում բավարար ֆինանսավորում, արդյոք գիտությունը կարող է օգնել Հայաստանին ունենալու հարվածային անօդաչու սարք կամ հրանոթի արկ։ Ինչու է մարդը զբաղվում գիտությամբ, ու ով է գիտնականը Մարդն ի բնե հետաքրքրասեր է։ Միևնույն ժամանակ, նա խոցելի է բնության մեջ. մարդը ոչ արագաշարժ է, ոչ ֆիզիկապես բավարար ուժեղ, ոչ զարգացած դիմածնոտային համակարգ ունի, ցրտադիմացկուն չէ, ծնողի խնամքից կախված է բավական երկար։ Այդ հետաքրքրասիրությունը և անբարենպաստ մեկնարկային պայմանները նրան դրդեցին ուսումնասիրելու շրջապատող աշխարհը։ Մարդը դատապարտված էր կործանման, եթե չձևավորեր մյուս տեսակների համեմատ զարգացած ուղեղ։ Բնության հետ անընդհատ պայքարում մարդը ստիպված էր մտածել ինչպես գոյատևել։ Շրջապատող միջավայրից ու փորձից ժամանակի ընթացքում կուտակվել է մեծ ծավալի գիտելիք։ Այդ մեծածավալ գիտելիքին ծանոթանալու, յուրացնելու, մշակելու, դասակարգելու համար անհրաժեշտ է լինում կիրառել որոշակի գործիքակազմ՝ մեթոդ։ Կիրառելով մեթոդը՝ հետազոտողը չափման, փորձի, համեմատության, ընդհանրացման և բազմաթիվ այլ գործիքներով ստեղծում է գիտելիք։ Այդպես ծնվում է նոր գիտելիքը, իսկ մեթոդի կիրառմամբ գիտելիք ստեղծող անձը կոչվում է գիտնական։ Գիտնականն զբաղվում է նոր գիտելիք ստեղծելով։ Այդ նոր գիտելիքը պետք է լինի չափելի, ապացուցելի, հեշտ ստուգելի, ինչը նշանակում է, որ նույն արդյունքը պետք է ստացվի տարբեր մարդկանց կամ խմբերի փորձի արդյունքում։ Գիտնականը նոր գիտելիք ստեղծելու համար ուսումնասիրում է նախկինում ստեղծված գիտելիքը, որն ամեն օր ավելանում է ահռելի ծավալներով։ Ինչու են պետությունները ֆինանսավորում գիտությունը Ժամանակակից աշխարհում նյութական ապրանքներն էժանանում են արտադրական գործընթացի ավտոմատացման ու օպիտմալացման շնորհիվ, մինչդեռ ծառայությունները, որոնք մատուցում են բարձր որակավորում ունեցող մասնագետները, անընդհատ թանկանում են։ Նույնը վերաբերում է գիտությանը և գիտնականին։ Ստեղծված յուրաքանչյուր հաջորդ գիտելիքը ձեռք է բերվում ավելի թանկ ու ավելի մեծ ջանքերով։  Մարդը բնության դժվարությունների դեմ անհավասար պայքարում գիտելիքով է կարողացել գոյատևել ու զարգանալ։ Մարդն անընդհատ պայքարի մեջ է տարերային աղետների, վիրուսների, բակտերիաների, այլ կենդանատեսակների ու մարդկանց հետ։ Ընդ որում, որքան ավելանում են մարդկության հնարավորությունները, նույնքան ավելանում են մարտահրավերները։ Դրա պարզ օրինակներից մեկն է մարդու և նրա համար վտանգավոր բակտերիաների պայքարը։ Բակտերիաներն ավելի արագ են մուտացվում և հարմարվում իրենց դեմ պայքարի միջոցներին, քան մարդիկ ստեղծում հակաբիոտիկներ։ Այս պայքարում մարդկությունը սկսում է զգալի հետ մնալ, և իրական է վտանգը, որ մոտ ապագայում մարդկությունը կարող է հետ շպրտվել միջնադար ու զրկվել արդյունքներից, երբ հարյուր միլիոնավոր մարդիկ փրկվել են հակաբիոտիկների ստեղծման շնորհիվ։ Հարցն այն է՝ արդյոք պետությունը, հանրությունը մասնակցո՞ւմ են նոր գիտելիքի ստեղծմանը, ապագայի կերտմանը, թե՞ պարզապես սպառող են։ Ըստ այդմ էլ որոշվում է մնացած աշխարհի վերաբերմունքը այդ երկրի հանդեպ՝ դու կամ գիտելիք, անվտանգություն, բարեկեցություն ստեղծողների թվում ես, կամ էլ քո ռեսուրսները՝ հատկապես մարդկային, տանելու են, և վերածվելու ես գյուղատնտեսական ու հանքահումքային կցորդի՝ համապատասխան հետևանքներով։ Գիտությունը, կրթությունը հստակ բաժանարար գիծ են, թե պետությունը որ կողմում է հայտնվում։ Կրթությունը և գիտությունը նաև միջավայր են, այդ միջավայրը ներգրավում է ավելի շատ բարձր որակավորում ունեցող մարդկանց, բարձր որակավորում ունեցող մարդիկ բերում են ավելի շատ ֆինանսներ ու տեխնոլոգիաներ, նոր ֆինանսներն ու տեխնոլոգիաները ստեղծում են ավելի շատ բարեկեցություն ու հնարավորություններ, այդ բարեկեցությունն ու հնարավորությունները կառուցում են ավելի ամուր անվտանգություն։ Այդ միջավայրը, որը ձևավորող անձինք միայն գիտնականները չեն, գիտական հանրույթն է: Գիտնականները մեկուսացած չեն միմյանցից և արտաքին աշխարհից: Մշտական քննարկումները՝ երբեմն սուրճ խմելով, բանավեճերը, դիտարկումները, քննադատությունը գիտական գործընթացի անբաժան մասն են:  Պետությունը ներդրում է անում գիտելիքի, համբավի, հեղինակության ստեղծման մեջ, իսկ ինչ-որ պահից սկսած՝ այդ գիտելիքը բերում է ավելի շատ գիտելիք, հեղինակությունը՝ ավելի մեծ հեղինակություն, գումարը՝ ավելի մեծ գումար։ Գիտությունը սերտորեն կապված է պետության անվտանգության և անհրաժեշտ ինքնաբավության հետ։ Եթե պետության նախաձեռնությամբ չեն ուսումնասիրվում սեփական պատմությունը (պատմագիտություն), մշակույթը (մշակութաբանություն), ավանդույթները (ազգագրություն), ինստիտուտները (քաղաքագիտություն), հասարակական հարաբերությունները (սոցիոլոգիա) և այլ ոլորտներ, դա անում են ուրիշները, նրանց ֆիլտրերով է այդ երկիրը ներկայանում աշխարհին։ Եթե տվյալ երկրում չկան գիտնականներ, որոնք ուսումնասիրում են բնական ռեսուրսները, բուսական և կենդանական աշխարհը, մթնոլորտը, առողջապահական իրադրությունը, մարդկանց խնդիրները, տնտեսությունը և տասնյակ այլ ասպարեզներ, պետությունները ստիպված են լինում դիմել այլ երկրների ու կազմակերպությունների՝ թույլ տալով նաև հավաքել մեծածավալ տեղեկություն իրենց մասին, որը հետո կարող է օգտագործվել երրորդ կողմից։ Գիտությունը, արդյունքը և բիզնեսը Երբ գիտնականն սկսում է օբյեկտիվ ու անաչառ հետազոտություն, նա չգիտի՝ ինչ արդյունք կունենա, կհաստատվի՞, թե՞ կհերքվի հիպոթեզը, սակայն բացասական արդյունքը ևս գիտելիք է։ Գիտնականի, գիտության առաջ չի կարելի դնել ծախսի ետբերման կամ գռեհիկ առուծախի ոճով դրամայնացման պահանջ։ Գիտելիքի հիման վրա արդյունք ստանալու գործը պետությանն է, գործարարներինը, արտադրողներինը։ «Մեր օրերում այլևս ոչ ոք չի համարձակվի պնդել, թե հետազոտության արժեքը ամեն ինչում և ամեն ինչի համար չափվում է գործադրման պիտանիությամբ», - գրում էր պատմագետ Մարկ Բլոկը դեռ անցյալ դարի առաջին կեսին: Աշխարհը դեռ չի հայտնաբերել պեղումների ժամանակ հայտնաբերված մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կճուճի բեկորի կամ որևէ երկրի պատմության 15-րդ դարի մի անցքի լուսաբանման ուղղակի դրամայնացման եղանակ։ Բայց «ինչպես փորձն է սովորեցրել, անկարելի է կանխավ որոշել, թե արտաքուստ ամենից անշահախնդիր մտահայեցողությունները օրերից մի օր չեն դառնա զարմանալիորեն օգտակար՝ գործնականում», - բացատրում է Բլոկը: Հայաստանի դեպքում գիտության զարգացման համար անփոխարինելի դեր ունի պետությունը, քանի որ ապաարդյունաբերականացված երկրում քիչ են այն հզորությունները, արտադրությունները, ընկերությունները, որոնք կարող են պատվեր իջեցնել։ Ներկա իրողություններում մասնավոր սեկտորը պարզապես ի վիճակի չէ ստանձնելու լոկոմոտիվի պարտականությունները։ Գիտությունը և ռազմարդյունաբերությունը Գիտության զարգացման մասին քննարկումները հաճախակիացել են 2020 թվականի պատերազմում գրանցված արդյունքների հետևանքով։ Ռազմարդյունաբերության, ժամանակակից զինատեսակներ ունենալու հրատապ խնդիրը, սակայն, գիտության լուծելիքը չէ։ Առհասարակ, ռազմարդյունաբերությունը պահանջում է ահռելի ֆինանսական, քաղաքական, տեխնոլոգիական, մարդկային, նաև տարածքային ռեսուրսներ։ Քչերը կարող են իրենց թույլ տալ կործանիչ ինքնաթիռ արտադրել, որովհետև անհրաժեշտ են այդ ինքնաթիռի հազարավոր բաղադրիչներն արտադրող մատակարարներ։ Տարածքով և բնակչությամբ փոքր երկրները ֆիզիկապես չեն կարող դա թույլ տալ իրենց։ Նույնը վերաբերում է հարվածային անօդաչու սարքերին։ Դրանք բաղկացած են ծրագրից և ֆիզիկական մասերից, որոնք արտադրվում են աշխարհի տարբեր կետերում։ Անօդաչու սարք ունենալու համար կարելի է գնել այն, ինչպես արել է Ադրբեջանը, և մասնագետներ պատրաստել՝ դրանք շահագործելու համար։ Սեփականն ունենալու համար պետք է պայմանագրեր կնքել բաղադրիչներ մատակարարող ընկերությունների հետ, պատրաստել կամ աշխատանքի վերցնել համապատասխան մասնագետների, ինժեներների, որոնք միմյանց կմիացնեն այդ բաղադրիչները և ծրագիրը, որը գործի կդնի ողջ համակարգը։ Կարճ ասած՝ համեմատաբար կարճ ժամանակում անօդաչու թռչող սարք ունենալու համար անհրաժեշտ է քաղաքական որոշում և ֆինանսավորում։ Հայաստանի դեպքում կարճաժամկետ հեռանկարում գիտությունը քիչ անելիք ունի։ Իհարկե, գիտնականների ուսումնասիրությունների արդյունքների շնորհիվ կարող են բարելավվել զինատեսակի ֆիզիկական, քիմիական հատկանիշները, բայց միայն դրանով հայրենական ռազմարդյունաբերությունը չի կայանա։ Այս դեպքում փամփուշտ, արկ, նռնակ կամ անօդաչու թռչող սարք արտադրելու հարցում գիտությունն առանձնապես անելիք չունի։ Տեխնոլոգիան վաղուց արդեն հայտնի է, մնում է ֆինանսավորել, գտնել արտադրության կազմակերպիչների, որոնք կարող են լինել նաև գիտնականներ, բերել հոսքագծեր և թողարկել արտադրանքը։ Դա պետության գործն է։ Ինչու Հայաստանում պատշաճ չի ֆինանսավորվում գիտությունը Պատճառը քաղաքական է՝ գիտության մեջ ներդրված գումարը երկարաժամկետ է, արդյունքները երբեմն տեսանելի չեն լայն հանրությանը։ Քաղաքական գործիչը կամ կուսակցությունը կարծում է, որ մեկ ընտրական ցիկլի ժամանակահատվածում տրամադրած ֆինանսավորումն ընտրության ժամանակ չի կերպափոխվի ձայների։ Նրանք գերադասում են գիտության համար անհրաժեշտ գումարը ծախսել սոցիալական մեկանգամյա միջոցառումների, պարտավորությունների ներման, ասֆալտապատման և այլ առավել նյութական ու տեսանելի խնդիրների լուծման ուղղությամբ։ Բացի այդ՝ վարչարարի գնահատմամբ քիչ հավանական է, որ գիտնականները կազմակերպված կներկայացնեն իրենց պահանջները և հրապարակային բողոքի գործողություններ կիրականացնեն։ Բացի դրանից՝ Հայաստանում բուհական և գիտական բարձրաստիճան պաշտոնատար անձինք երբեք չեն գլխավորել պահանջների ներկայացումը։   Հետգրություն․ թեման շարունակելու նպատակով մարտահրավեր եմ նետում Գոռ Մարգարյանին։   Արաբագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
12:44 - 11 փետրվարի, 2021