«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հիմնադրվել է 2005 թվականին, նախագահը Գևորգ Թամամյանն է։

Կուսակցությունը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակի առաջին համարը Կարին Տոնոյանն էր։

«5165 ազգային պահպանողական շարժում»-ը ստացավ 15 549 ձայն (1.22%) և չանցավ 8-դ գումարման ԱԺ։

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս. ոչ մի պաշտոնատար անձ չի կարող այս հարցի վերաբերյալ ընդունել ինքնագլուխ որոշումներ. 5165 շարժում

Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս. ոչ մի պաշտոնատար անձ չի կարող այս հարցի վերաբերյալ ընդունել ինքնագլուխ որոշումներ. 5165 շարժում

«5165 շարժումը» հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Դեկտեմբերի 24-ին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարությունները, դրան հետևած՝ Արցախի Ազգային Ժողովի և նախագահի, ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների դատապարտող հայտարարություններից ու հանրային կտրուկ արձագանքից հետո արված արդարացումներն ու կեղծ տարակուսանքները ևս մեկ անգամ ու աներկբա փաստում են նրա պատրաստակամությունը՝ Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս: «5165 շարժումը» վերահաստատում է Արցախի հարցում իր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնորոշման իրավունքը՝ ամրագրված 1991թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրով և դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, անքննելի ու անկասելի է: «5165 շարժումն» անվերապահորեն կանգնած է Արցախի ու արցախցիների կողքին: Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս: Դա Արցախի ժողովրդի որոշումն է, և ոչ մի պաշտոնատար անձ, ոչ մի գործիչ չի կարող այս հարցի վերաբերյալ ընդունել ինքնագլուխ որոշումներ, որոնք կհակասեն Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտությանը: Ավելին՝ ՀՀ Գերագույն Խորհրդի այն որոշումը, որն արգելում է ՀՀ գործադիր իշխանությանը ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում մինչ օրս ուժի մեջ է, և այն խախտելը հակազգային, հակապետական ու հակասահմանադրական է: Մենք քանիցս բարձրաձայնել ենք Նիկոլ Փաշինյանի նշված մտադրությունների մասին՝ հղում անելով նրա ադրբեջանանպաստ հայտարարություններին, բացահայտ զիջողական ու պարտվողական քայլերին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից ռազմական ճնշումների պարագայում արագորեն սահմանագծում և սահմանազատում անցկացնելու քաղաքական ուղեգծին: Իսկ վերջին հայտարարությունները հերթական անգամ վկայեցին, որ նա, հանուն խաղաղության կեղծ օրակարգի իրականացման, ինչպես նաև սեփական իշխանության գոյության երկարացման պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններն ընդունելով վերջինիս հետ հարաբերությունների արագ կարգավորման գնալը ևս մեկ անգամ փաստում է Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Ավելին՝ նա նաև պատրաստակամ է հրաժարվել Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջատիրությունից, ինչի վկայություններն առկա են նաև դեկտեմբերի 24-ի հարցազրույցի որոշ դրվագներում»։
10:54 - 27 դեկտեմբերի, 2021
Նախագահը տեղյակ չէ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից, սկզբունքներից, կարմիր գծերից. «5165 շարժումը»՝ Սարգսյանի հետ հանդիպման մասին

Նախագահը տեղյակ չէ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից, սկզբունքներից, կարմիր գծերից. «5165 շարժումը»՝ Սարգսյանի հետ հանդիպման մասին

«5165 շարժումը» հաղորդագրություն է տարածել շարժման անդամների և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպման մասին, որը ներկայացնում ենք ստորև. «Նոյեմբերի 22-ին «5165 շարժման» անդամներս և մի խումբ մեր հայրենակիցներ դիմեցինք ՀՀ Ազգային Ժողովին ու նախագահին՝ կոչ անելով գործադրել իրենց սահմանադրաիրավական լիազորություններն ու կարողությունները Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ փաստաթղթի բովանդակությունը հանրությանը ներկայացնելու հարցում: Ի պատասխան ՀՀ նախագահին ուղղված մեր գրավոր դիմումի՝ նոյեմբերի 30-ին «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանը և Մենուա Սողոմոնյանը հանդիպում ունեցան նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը ընթացքում նախագահին ուղղված մի շարք հարցադրումների և մտքերի փոխանակման արդյունքում, «5165 շարժման» անդամները, մասնավորապես, ստացել են հետևյալ տպավորությունները. 1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը սերտորեն կապված է Արցախյան հիմնախնդրի հետ, որին առնչվող որոշումների կայացման հարցում Նիկոլ Փաշինյանը ձևավորել է մենաշնորհ: 2. Նախագահ Արմեն Սարգսյանը տեղյակ չէ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից, սկզբունքներից, կարմիր գծերից: 3. ՀՀ նախագահը պետության արտաքին քաղաքական որոշումների կայացման, ձևավորման գործընթացների, արտաքին քաղաքականության համակարգման կամ իրականացման առումով փաստացի սահմանադրական լիազորություններ չունի: ՀՀ նախագահի սահմանադրաիրավական լիազորությունները վերաբերում են արդեն իսկ կնքված միջազգային պայմանագրերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցերին: 4. Գործող իշխանություններին հայտնի են նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականներն ու տեսակետները Հայաստանի զարգացման ռազմավարական մոտեցումների, Արցախի հարցում ՀՀ քաղաքականության վերաբերյալ, որոնք սակայն, Շարժման անդամների ստացած տպավորությամբ, գործող իշխանությունների կողմից կա՛մ հաշվի չեն առնվում, կա՛մ չեն ըմբռնվում: 5. Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հարցում խիստ կարևոր է իրականացնել սահմանադրական իրական փոփոխություններ՝ ապահովելով իշխանությունների թևերի միջև փոխզսպումների և հավասարակշռման գործուն մեխանիզմներ:  Անկախ հանդիպման արդյունքներից՝ մենք մնում ենք այն կարծիքին, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարումն իրականացնում է միանձնյա՝ առանց հաշվի նստելու իշխանական այլ մարմիների կարծիքի հետ, կայացնելով միակողմանի վտանգավոր որոշումներ համազգային կարևորության ու անվտանգային մեծ նշանակության հարցերում։ Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի համար ծանրագույն այս իրավիճակում ոչ ոք հնարավորություն չունի ազդելու որևէ գործընթացի վրա և կասեցնելու մեր երկրին սպառնացող վտանգավոր զարգացումները։ Փաստացի մի ամբողջ ժողովուրդ դատապարտված է կրել Նիկոլ Փաշինյանի անհեռատես, չհաշվարկված և ոչ կոմպետենտ կառավարման ծանր հետևանքները։ Այս ամենից հետևում է, որ ամբողջ հանրությանը Նիկոլ Փաշինյանի կառավարության հեռացման շուրջ համախմբելը օրվա հրամայականն է, այլապես կորուստները շատ ավելի մեծ են լինելու»։
14:50 - 03 դեկտեմբերի, 2021
«5165» շարժումը փողոցային պայքարից տեղափոխվում է քաղաքական կոնսուլտացիաների հուն․ շարունակում ենք պահանջել Կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ․ հայտարարություն |tert.am|

«5165» շարժումը փողոցային պայքարից տեղափոխվում է քաղաքական կոնսուլտացիաների հուն․ շարունակում ենք պահանջել Կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ․ հայտարարություն |tert.am|

tert.am: «5165» շարժումը ՀՀ անվտանգությանը, տարածքային անվտանգությանն ուղղված սպառնալիքները և Արցախյան հիմնախնդրի հարցում հակահայկական քայլերի շարունակականությունը կանխելու նպատակով պահանջում է կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ ներկայացնելով շարժման հայտարարությունը։ ««5165» շարժման հանրային բողոքի գործողությունները հետևեցին Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի այն հայտարարությանը, որ պատրաստվում է ստորագրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մասին փաստաթուղթ»,-հիշեցրեց նա՝ նշելով, թե իրենց նախնական պահանջն էր բացահայտել այդ փաստաթղթի էությունը՝ ինչ քարտեզներ են հիմքում, որոնք են հայկական կողմի «կարմիր գծերը»։ Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 26-ին Փաշինյանը Սոչիում ստորագրեց եռակողմ փաստաթուղթ, մինչդեռ խոսել էր հանձնաժողովի ստեղծման մասին։ «Ազգային կարևորագույն հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս իշխանության մյուս թևերին մասնակից չդարձնելը, ազգային անվտանգության հարցերում որոշումների ընդունումը մենաշնորհելը հակաիրավական է, հակասահմանադրական, հակաժողովրդական, հակազգային ու կործանարար, այս գործելակերպը վերջնականապես քանդում է ՀՀ-ում առանց այդ էլ խարխուլ պառլամենտարիզմը, անդառնալի հարված հասցնում սահմանադրականությանը, քանի որ իշխանության մյուս թևերը չեն իրականացնում վերահսկման ու հավասարակշռման իրենց գործառույթները»,-ներկայացրեց նա՝ հավելելով, թե պատրաստվում են հանդիպումներ իրականացնել բոլոր քաղաքական ուժերի, ՀԿ-ների հետ, որոնք համաձայն են Կառավարության հրաժարականի պահանջին։
12:57 - 29 նոյեմբերի, 2021
Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ․ Կարին Տոնոյան

Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ․ Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դուրս է գալիս 1 շաբաթ արդեն շարունակվող «Ազատագրական շարժումից» ու իր պայքարը կշարունակի առանձին։ «Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին (ցավոք, հիվանդության պատճառով ես անձամբ մասնակցել չկարողացա): Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ, մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի և Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները և ձևավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խորը փոսից: Ի՞նչ է պետք- հստակ նպատակ, այդ նպատակին հասնելու ծրագիր և կամք, բոլորն էլ ունենք, և եթե անգամ չհաջողվի համախմբել շատ ուժերի, ապա մենակ դուրս կգանք պայքարի, դրա կամքն էլ ունենք: Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու..... համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա: Իսկ ուղղորդվող ուժերից մենք չենք վախենում, քանզի հնարավոր չէ ուղղորդել այն ուժը, որին արդեն ուղղորդում են Հայրենիքի ցավը, մեր Երկինք բարձրացած որդիներն ու Աստված: Հենց այս երեք հոգևոր ուժերն էլ կօգնեն մեզ մասնատված ամբոխից նորից դառնալ ժողովուրդ ու բռունցքված ազգ»,- նշված է գրառման մեջ։
19:46 - 28 նոյեմբերի, 2021
Սյունիքում մարդիկ ակնկալում են, որ Երևանի տաքուկ անկյուններում նստած մարդիկ դուրս կգան և հայրենատեր կլինեն. Սոֆյա Հովսեփյան |tert.am|

Սյունիքում մարդիկ ակնկալում են, որ Երևանի տաքուկ անկյուններում նստած մարդիկ դուրս կգան և հայրենատեր կլինեն. Սոֆյա Հովսեփյան |tert.am|

tert.am: Միթե՞ որևէ մեկին չի հետաքրքրում` ինչ են անելու մեր հայրենիքի հետ, հերթական անգամ փորձում են ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել, բայց էլ տեղ չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։Վերջինս նշեց, որ իշխանություններն անվստահություն են ներշնչել ամեն ինչի և բոլորի նկատմամբ, ուստի մարդիկ վախենում են դուրս գալ փողոց։«Այսուհետ մենք վստահում ենք բոլորին և դուրս ենք գալիս փողոց, փաստաթղթի պահանջը դեռ սկիզբն է, մենք սկսում ենք անհնազանդության ակցիաներ։ Մենք վստահելու ենք այն ուժերին, որոնց համար այս պայքարը վերքաղաքական է։ Պահանջելու ենք խորհրդարանական ընդդիմությունից կատարել իրենց դերը հենց խորհրդարանում։ Այս պայքարը պարբերաբար բնույթ է կրելու, դուռ առ դուռ արթնացնելու ենք բոլորին` ուսանողությանը, մտավորականներին ե այլն»։ Ակցիայի մասնակիցներից Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ մի տեղում հավաքվել են տարբեր հայացքների տեր քաղաքացիներ և շեշտեց, որ սա վերկուսակցական գործընթաց է։«Վտանգը հասել է ՀՀ սահմաններին, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ չպաշտպանեց զոհերից և կորուստներից։ Շատ կարևոր է ստորագրվելիք փաստաթղթի հրապարակումը, մենք գաղտնի փաստաթղթերի օգուտը չենք տեսել։ Երբ ժողովուրդը ոտքի կանգնի, ուզեն, թե չուզեն, հաշվի են նստելու ժողովրդի հետ, այս իշխանության հովանավորները ևս դա հասկանում են, պետք է մի կողմ դնել սևերի ու սպիտակների տարանջատումը և միավորվել»։
16:35 - 22 նոյեմբերի, 2021
Քաղաքացիները դիմում տվեցին կառավարությանը՝ հրապարակելու ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, որի մասին խոսել է Փաշինյանը

Քաղաքացիները դիմում տվեցին կառավարությանը՝ հրապարակելու ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, որի մասին խոսել է Փաշինյանը

«Ազատագրական շարժման» նախաձեռնողները, նրանց միացած քաղաքացիները ժամը 14։00-ից հավաքվել էին Երևանի Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք նշեցին, որ իրենց ակցիան խաղաղ է, և որ իրենք ունեն միայն մեկ պահանջ․ հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի (ինչի մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) բովանդակությունը։ Հրապարակում նաև ոստիկաններ կային։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է․ «Դեռևս 2021թ․-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։ Մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ` ներառյալ չակերտավոր բացահայտված փաստաթուղթը, հանդես է եկել առաջարկով, և, ըստ էության, բոլոր 3 անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով գնալ առաջ, շարժվել առաջ: Իմ տպավորությամբ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»։ Ակցիայի մասնակիցները կառավարության հանձնեցին իրենց դիմումը՝ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակության հրապարակման վերաբերյալ։ Այժմ նրանք Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան երթուղով շարժվում են դեպի նախագահի նստավայր՝ ՀՀ նախագահին ևս հանձնելու իրենց դիմումը, այնուհետև կգնան Ազգային ժողովի շենք, ապա կվերադառնան Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 17։00-ին կկայանա իրենց հանրահավաքը․ հենց այդ ժամանակ էլ կներկայացվեն նախաձեռնության ծրագրերը, հետագա անելիքները։  ՀՀ կառավարության շենքի դիմաց էին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ սա վերկուսակցական պայքար է՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ։ Անդրադառնալով խորրդանական ընդդիմության հետ համագործակցությանը՝ Տոնոյանն ասաց, որ նրանդ պահանջ ունեն, քանի որ նրանց գործը Ազգային ժողովում է։ Նշենք, որ առավոտից նախաձեռնության անդամներն ու աջակիցները Երևանում փողոցներ էին փակում՝ քաղաքացիներին իրազեկելով սպասվելիք հանրահավաքի և դրա պատճառների մասին։
15:03 - 22 նոյեմբերի, 2021
«Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի»․ «5165 շարժման» հայտարարությունը

«Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի»․ «5165 շարժման» հայտարարությունը

«5165 շարժումը» հայտարարություն է տարածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․  «Մոտենում է նոյեմբերի 9-ի ամոթալի համաձայնագրի տարելիցը, համաձայնագիր, որ գործող իշխանությունների կողմից մատուցվեց իբրև փրկօղակ, բայց իրականում արտահայտում էր նրանց տենչը՝ ձերբազատվելու Արցախից ու արցախյան հարցից: Այժմ էլ որոշ գերտերությունների ղեկավարների կամ փորձագետների շուրթերից հնչում են արտահայտություններ, Հայաստանի գործող ղեկավարներից ու նրանց մերձավոր լրատվամիջոցներից դուրս են սպրդում լուրեր այն մասին, որ դեռևս ցավոտ զիջումներ են սպասվում Հայաստանին, որ առջևում Արցախի հարցը գերեզմանող, Սյունիքի վրայով թուրանական միջանցքի բացում նախատեսող, ՀՀ ինքնիշխան տարածքները անկլավների անվան ներքո թշնամուն հանձնել պատրաստվող գործարքներ կան: Նշվածի կապակցությամբ հայտարարում ենք. Առաջին՝ Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի. Հայաստանը խնդիր ունի իր ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու ադրբեջանական զինված միավորումները, տեր կանգնելու Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներն օրինական տիրոջը վերադարձնելու գործընթացին: Հայաստանը հաստատակամորեն պետք է հրաժարվի իր կենսական շահերին հակասող որևէ գործարք ստորագրելուց, ինչը հնարավոր է համոզիչ կերպով ներկայացնել Հայաստանի վրա ենթադրյալ ճնշում գործադրող ցանկացած ուժային կենտրոնի, և ինչը հնարավոր է իրականացնել հարավկովկասյան տարածաշրջանային համակարգի ներսում առկա հակասություններն ու համաձայնությունները ճիշտ ընկալելով: Երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պետք է տեղի ունենա Արցախի հարցի կարգավորման համատեքստում, ինչը ենթադրում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացում և Արցախի ու Հայաստանի Հանրապետության միջև հուսալի սահմանի գոյություն: Երրորդ՝ խաղաղության անվան տակ Հայաստանից նոր զիջումներ կորզող ցանկացած գործարք խաղաղության չի հանգեցնելու, ընդհակառակը, ավելի է խորացնելու անվտանգային ճգնաժամը: Չորրորդ՝ ի լուր Հայաստանի գործող իշխանությունների ու նրանց թուլություններն օգտագործող ուժերի, հայտարարում ենք, որ Հայաստանին անգամ բռնության գնով ցավոտ զիջումներ պարտադրելուն հետևելու է հայ ժողովրդի արժանապատիվ մի հատվածի պարտիզանական պայքարը»։
16:12 - 08 նոյեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանն ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հարցը

Կարեն Անդրեասյանն ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հարցը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Նախարարությունից հայտնում են, որ ներկաները քննարկել են Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ «Պահպանողական», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Լուսավոր Հայաստան», «Ազատ Դեմոկրատներ», «Արդար Հայաստան», «Ազատական» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություններից։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նրանց հանդիպման հրավերն ընդունելու ու բոլոր քաղաքական ուժերին միավորող ամենակարևոր հարցի՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեկ սեղանի շուրջ հավաքվելու ու կառուցողական տրամաբանության մեջ երկխոսելու պատրաստակամության համար։ Քննարկման սեղանին երեք հիմնական հարց էր՝ ինչպե՞ս վերափոխել և վերաիմաստավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու գործունեությունը և ի՞նչ ձևաչափով առաջ շարժվել, կառավարման ձևի ընտրություն և դատական ատյանների միավորում, այդ թվում` բարձրագույն ատյանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման նպատակահարմարություն կամ վերաքննիչ և վճռաբեկ ատյանների միավորում: Ներկաներն իրենց նախնական դիրքորոշումն են հայտնել առաջադրված հարցերի վերաբերյալ։
11:26 - 09 սեպտեմբերի, 2021
5165 շարժումը գործող իշխանություններին  նախազգուշացնում է  այլ քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության գործողությունների մասին

5165 շարժումը գործող իշխանություններին նախազգուշացնում է այլ քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության գործողությունների մասին

5165 շարժումը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 25-ին և 26-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների առանձին հատվածների փակմանը՝ նշելով, որ այդ դեպքերն ի դերև են հանում Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջան բացելու» խոստման սնանկությունը․ «Շրջափակված են Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերը: Փաստացի ունենք իրավիճակ, երբ կոպտագույն կերպով ու անպատիժ ոտնահարվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը, խախտվում են մարդու կյանքի, առողջության, ազատ տեղաշարժման և այլ հիմնարար իրավունքները, խաթարվում է երկրի տնտեսական բնականոն կյանքը, մասնավորապես բարեկամական Իրանի հետ հաղորդակցությունը և այլն: Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով, չնայած այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում չի եղել հայկական զինված ուժերը Սանասարի և Կովսականի շրջանից ետ քաշելու պահանջ (նոյեմբերի 9-ի դրությամբ մեր զորքերը Գորիս-Կապան ավտոճանապարհից երկու տասնյակ կիլոմետր խորության վրա են գտնվել), ադրբեջանական կողմի հետ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում հրաման է տվել ետ քաշել հայկական զինված ուժերը այսօր առկա շփման գծից այս կողմ՝ դրանով ադրբեջանական ուժերին տալով Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի որոշ հատվածներ լիովին վերահսկելու և այդպիսով մարդկանց տեղաշարժի իրավունքը սահմանափակելու, մարդկանց կյանքին էական սպառնալիք ստեղծելու հնարավորություն: Ադրբեջանական այս սադրանքին արժանի և խելամիտ արձագանքը կլիներ ռազմական ուժի գործադրմամբ պետության սուվերեն տարածք ներխուժած և երկրի բնականոն կյանքը խախտած թշնամուն դուրս շպրտել իր ելման դիրքեր, ինչը չի ապահովվում: Նույնիսկ եթե դա չի արվում՝ ելնելով իրավիճակը չսրելու նկատառումից, ապա պետք է նկատել, որ անպատիժ մնացող այս քայլերով նախ՝ չի հանգուցալուծվում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, երկրորդ՝ թշնամուն դարձնում է էլ ավելի սանձարձակ՝ տալով նրան նորանոր անպատիժ ներխուժումներ իրականացնելու հնարավորություն: Ասվածը ավելի համոզիչ է դառնում՝ մայիսի 12-ին Սյունիքի Սև լճի տարածք ադրբեջանցիների անպատիժ ներխուժման փաստը հաշվի առնելով: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ գործող իշխանությունները ինչպես մայիսի 12-ի ներխուժման, այնպես էլ Երևան-Մեղրի ավտոճանապարհի առանձին հատվածների փակման առնչությամբ ստեղծված ճգնաժամի իրական պատճառների վերաբերյալ հանրությանը տեղեկություններ չեն տալիս, չեն մեկնաբանում իրավիճակը հանգուցալուծել չկարողանալու պատճառները, այլ, փոխարենը, երկրի համար կենսական նշանակության այս հարցերի շուրջ խոսույթը տեղափոխում են «նախկինների մեղավորության» թեզերի դաշտ: Ինչ խոսք, գուցե քաղաքական որոշ դերակատարների խոսքն ու վարքը ստեղծում են «նախկին-ներկա» խոսույթի ակտուալացման հիմքեր, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ուզում ենք հիշեցնել, որ նրա պարտականությունը երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովումն է: Վստահության այն քվեն, որ տրվել է 680.000 ընտրողի կողմից, որքան էլ մանիպուլյացիայի և վարչական լծակների աջակցությամբ է ստացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, միևնույն է, տրվել է առաջին հերթին կենսական անհրաժեշտության խնդիրներ լուծելու համար՝ ապահովել ազգաբնակչության անվտանգությունը, պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջակությունը, մարդու կյանքի, առողջության, տեղաշարժման և այլ հիմնարար իրավունքները: Ուստի, պաշտոնական անկեղծ տեղեկատվության բացակայության պայմաններում, ինչպես նաև վերլուծելով Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, նրա շուրջ առկա աշխարհաքաղաքական իրադրությունը, համադրելով հատկապես վերջին շրջանի իրողություններն ու իրադարձությունները, անվտանգային ճգնաժամի չհանգուցալուծման հետ կապված անում ենք հետևյալ մեկնաբանությունները.Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունների, ադրբեջանական զորքերի ներխուժումների, ավտոճանապարհների արգելափակման հանդեպ առկա թողտվությունն ու կրավորականությունը՝ • նպատակ ունեն վախի ու լարվածության մթնոլորտի ձևավորմամբ ստեղծել հիմք՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումն արագ իրականացնելու համար՝ Արցախի հարցի կարգավորումը թողնելով բախտի քմահաճույքին և ՀՀ-ի կողմից փաստացիորեն դուրս գալով կարգավորման գործընթացից, • նպատակ ունեն վախի ու լարվածության մթնոլորտի ձևավորմամբ առաջ բերել հանրային կեղծ պահանջ՝ Տավուշի և Արարատի մարզի բնակավայրերը ադրբեջանական անկլավների անվան ներքո թշնամուն հանձնելու հարցում:Կառավարության նիստին բնակավայրերի ադրբեջաներեն անվանումներ վկայակոչելը, այն պարագայում, երբ օրեր առաջ Ադրբեջանի նախագահը Վարդենիս անվանման փոխարեն պահանջում է գործածել Բասարգեչար անվանումը, ապացուցում է ադրբեջանական օրակարգն առաջ տանելու, դրանով ադրբեջանցիներին թաքնված ուղերձներ փոխանցելու փաշինյանական մարտավարությունը:Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ ադրբեջանական այս սադրանքն ու դրան համարժեք պատասխան չտալը կունենա և կարող է ունենալ հետևյալ հետևանքները. • Հայաստանի Հանրապետության քաղաքացին կկորցնի առանց այն էլ խարխուլ վստահությունը պետության ու պետական կառույցների, և որ ամենավտանգավորն է, բանակի հանդեպ, ինչը կարող է տեղիք տալ հայրենիքը թողնելուն և ապահով վայրերում կյանք փնտրելու նոր միտումների, • Ինչպես Սյունիքի նշված բնակավայրերը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության՝ հայ-ադրբեջանական շփման գծին մոտ գտնվող այլ բնակավայրեր կհայաթափվեն, • առաջ կգա հանրային կեղծ պահանջ ու օրակարգ՝ երկրի անվտանգությունը միջազգային այլ սուբյեկտներին ի պահ տալու և դրանով իսկ Հայաստանի ինքնիշխանությունը դե յուրե զիջելու առումով:«5165 շարժումը». • պահանջում է գործող իշխանություններից ստեղծված իրավիճակի, ներառյալ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերին դուրս չշպրտելու պատճառների վերաբերյալ հանրությանը մատուցել լիարժեք և բաց տեղեկատվություն, • պահանջում է խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերից ձեռք առնել ճնշման ինստիտուցիոնալ բոլոր լծակները՝ երկրի ազգաբնակչության անվտանգության, պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման ոլորտներում իշխանություններին իրենց պարտականությունները կատարել տալու հարցում, • այս իրավիճակը չընդունող բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է ստեղծված իրավիճակի առնչությամբ խորհրդակցություններ անցկացնել՝ ձեռք առնելու միջոցներ ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար, • զգուշացնում է այս պահին իշխող ուժին և անձամբ Նիկոլ Փաշինյանին ետ կանգնել ազգակործան քայլերից, տեղեկացնում է անհրաժեշտության դեպքում այլ հասարակական և քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության քայլերի շուրջ հանրությանը համախմբելու գործողությունների մասին»,- ասված է հայտարարության մեջ:
11:44 - 28 օգոստոսի, 2021
Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ինչպե՞ս խուսափել ծրագրային քննարկումներից․ անպատասխանատվության, ժամանակ չգտնելու ու միայն կառավարող ուժի հետ բանավիճելու քմահաճույքի միջեւ

Ասել, թե խորհրդարանական արտահերթ անցած ընտրություններին մասնակից ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժերը պայքարում էին իրենց ծրագրային դրույթներով, կնշանակի կարողանալ ճշմարտության մասին չխոսել ավելի լավ, քան նրանք՝ քարոզարշավի ընթացքում։ Այդուհանդերձ, ընտրությունների նախաշեմին որոշեցինք հավաքագրել ու ներկայացնել բոլոր ուժերի պատկերացումներն ու առաջարկները՝ հինգ կարեւոր ոլորտներում առկա խնդիրների լուծման վերաբերյալ՝ հետպատերազմյան վերականգնում, ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական վերականգնում, ներքաղաքական կայունություն, գիտություն եւ կրթություն։   Ծրագրային դրույթների ներկայացման մեր վիդեո հարցազրույցներին մասնակցեցին 14 քաղաքական ուժեր՝ «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք», «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքները, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Արդար Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Քաղաքացու որոշում», «Հայ ազգային կոնգրես», «Միասնական հայրենիք», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «5165 շարժում», «Հայաստանի Եվրոպական», «Հանրապետություն» կուսակցությունները։    Անարձագանք նամակներ, զանգեր ու մերժումներ Թեեւ բոլոր ուժերին մասնակցության պաշտոնական հրավերներ էինք ուղարկել ս․թ․ մայիսի 19-ին, հետո նաեւ հրավերի հիշեցումներ, որոշ ուժեր որեւէ կերպ չարձագանքեցին կամ ուղղակի մերժեցին մասնակցությունը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն, օրինակ, շուրջ մեկ ամիս իրենց հարմար օր եւ ժամ չգտան՝ ներկայացնելու իրենց ծրագրային դրույթները՝ նշելով, որ ակտիվ քարոզչական աշխատանքներում են ներգրավված․ ի դեպ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուները 156-ն էին։ Մայիսի 19-ին հրավեր էինք ուղարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ մի քանի օր, սակայն, որեւէ պատասխան չստացանք․ կուսակցության պաշտոնական էլ. փոստին ուղարկված հրավերը մնաց անպատասխան, Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսին պատասխանող անձը չկարողացավ ասել՝ ով է զբաղվում մամուլի հետ աշխատանքներով։ Ի վերջո պարզվեց՝ 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Վահագն Ալեքսանյանը։ Մայիսի 20, 21-ին պատասխան չստացանք, հաջորդ օրն Ալեքսանյանն ասաց՝ պետք է քննարկի թիմի հետ, հասկանա՝ ում հարմար կլինի մասնակցել։ Մինչեւ մայիսի 30-ը ՔՊ-ից որեւէ հստակ պատասխան չստացանք․ ո՛չ բանախոսների անուններ, ո՛չ կոնկրետ մասնակցության մերժում։ Մայիսի 31-ին Վահագն Ալեքսանյանն ասաց մեկ բանախոսի անուն՝ Գեւորգ Պապոյան։ Նկարահանումը, սակայն, մեր մեղավորությամբ չկայացավ։ Ներողություն խնդրեցինք, փորձեցինք բանախոսի հետ իրեն հարմար այլ օր, ժամ եւ տեղ պայմանավորվել, սակայն միայն արհամարհական պատասխաններ ստացանք։ Չստացված հարցազրույցի հարցը քննարկեցինք նաեւ Վահագն Ալեքսանյանի հետ, սակայն մեր բացատրություններից հետո եւս չկարողացանք հստակեցնել բանախոսի հետ նկարահանման իրեն հարմար այլ օր եւ ժամ։  Պատասխան չստանալուց հետո դարձյալ կապ հաստատեցինք ՔՊ Ֆեյսբուքի էջում նշված հեռախոսահամարով, խնդրեցինք փոխանցել Ալեքսանյանին, որ սպասում ենք իրենց պատասխանին։ Արձագանք չստացանք։ Զանգահարեցինք Սուրեն Պապիկյանին, զանգերը մնացին անպատասխան, գրեցինք Պապիկյանին՝ ներկայացնելով իրավիճակը․ նամակը մնաց անպատասխան։ Մեկ օր սպասելուց հետո հունիսի 9-ին նամակ ուղարկեցինք նաեւ ՔՊ երկու էլ․ փոստերին՝ ուղղված Սուրեն Պապիկյանին, որտեղ ներկայացրինք իրավիճակը եւ խնդրեցինք տալ այն անձի կոնտակտները, որը պատասխանատվություն կստանձնի զբաղվել այս հարցով՝ գոնե հստակ պատասխան տալու համար։ Ոչ մի արձագանք չստացանք։ Ծրագրային դրույթները ներկայացնող վիդեո հարցազրույցներին մասնակցելու հրավերին չարձագանքեցին մյուս քաղաքական ուժերը՝ անգամ հրավերի հիշեցումից եւ մեր զանգերից հետո, ուստի ծրագրային մեր տեսանյութերում չեք գտնի «Մեր տունը Հայաստանն է», «Հայաստանի դեմոկրատական», «Ազատություն», «Ազատական», «Վերելք», «Հայոց հայրենիք», «Զարթոնք», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային օրակարգ» կուսակցությունների դիրքորոշումներն ու պատկերացումները։   «Բանավիճում ենք միայն իշխանության հետ» Ծրագրային դրույթները ներկայացնելու այս հարցազրույցներից անցանք երկկողմ բանավեճերի նկարահանմանը։ Բանավեճերի մասնակիցների ընտրության ամենաարդար սկզբունք համարեցինք պարզ վիճակահանությունը, որը հեռարձակեցինք ֆեյսբուքյան մեր էջի ուղիղ եթերով։ Վիճակահանության արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը․   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն, «Միասնական հայրենիք» կուսակցություն - «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Քաղաքացու որոշում» կուսակցություն - «Արդար Հայաստան» կուսակցություն, «Ազատ հայրենիք» դաշինք - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Ազատական» կուսակցություն - «Հանրապետություն» կուսակցություն, «Զարթոնք» կուսակցություն  - «Հայոց հայրենիք» կուսակցություն, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - «Հայոց արծիվներ» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային օրակարգ» կուսակցություն - «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն - «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, «Շիրինյան - Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» - «Ազատություն» կուսակցություն, «Հայաստան» դաշինք - «5165 շարժում» կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք - «Վերելք» կուսակցություն։ Բանավեճեր անցկացրինք «Միասնական հայրենիք» եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների, «Ազգային ժողովրդավարական բեւեռ» եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունների, «Վերելք» եւ «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների միջեւ։ Բանն այն է, որ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները հրաժարվեցին մասնակցել բանավեճերին՝ պատճառաբանելով, որ կամ իրենք բանավիճում են միայն օրվա իշխանության հետ, կամ ուղղակի որեւէ հարմար ժամ չեն գտնում։ «Հայաստան» դաշինքն, ինչպես նախորդ՝ ծրագրային հարցազրույցների դեպքում, այնպես էլ այս անգամ, մերժեց մասնակցության հրավերը՝ պատճառաբանելով խիստ զբաղվածությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ նախընտրեց բանավիճել օրվա իշխանության ներկայացուցչի հետ՝ մյուների հանդեպ հետաքրքրություն չցուցաբերելով։ Իշխանության հետ բանավիճելու ցանկություն հայտնեցին նաեւ «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Այս պարագայում ստիպված եղանք քաղաքական ուժերի հետ իրենց ծրագրային դրույթների մասին հարցազրույցներ անցկացնել՝ բանավեճերի փոխարեն։ Բանավեճին մասնակցելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի հետ։ Մի քանի անգամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարեցինք՝ չպատասխանեց, գրեցինք՝ չպատասխանեց։ Դիմեցինք 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, այս անգամ եւս ընտրված Մարիա Կարապետյանին, խնդրեցինք տեղեկացնել հրավերի մասին։ Դարձյալ օրվա ընթացքում ոչ մի արձագանք չստատացանք։ Կապ հաստատել չստացվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար, նախընտրական շրջանում ՔՊԿ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի, պատգամավորներ Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի հետ, որպեսզի գոնե իրենց միջոցով փոխանցենք ասելիքը։ Հունիսի 15-ին, ի վերջո, Ալեքսանյանը պատասխանեց զանգին․ տեղեկացրինք բանավեճերի մասին։ Ասաց՝ կքննարկեն հրավերը։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան զանգելու ենք՝ պատասխան ստանալու համար։ Հաջորդ օրը զանգեցինք մի քանի անգամ՝ տարբեր ժամերի, տարբեր համարներից․ ոչ մի պատասխան։ Զանգեցինք ՔՊԿ անդամ, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, խնդրեցինք՝ կապ հաստատել, ասաց՝ կզանգի Ալեքսանյանին։ Պայմանավորվեցինք՝ կսպասենք վերջինիս զանգին։ Դե, իհարկե, ոչ մի արձագանք։   Քաղաքական ուժերի պատկերացումները՝ ոլորտային խնդիրների մասին Մենք, իհարկե, կարող էինք կուսակցություններից ու դաշինքներից անհատների հրավիրել հարցազրույցների, բայց բոլոր քաղաքական ուժերին առաջարկել էինք հիշյալ 5 ոլորտների շուրջ անձամբ ընտրել բանախոսներին, որոնք լավագույնս կներկայացնեն իրենց ծրագրերը։ Մեր ընտրած հինգ թեմաներն ունեին կոնկրետ ենթահարցեր՝ բանակի բարեփոխումներ, հումանիտար ճգնաժամի հաղթահարում, անվտանգային խնդիրների լուծում, բանակցությունների ձեւաչափ, հակամարտության լուծում, հարեւանների ու գերտերությունների հետ հարաբերություններ, տնտեսական ճգնաժամի, աղքատության հաղթահարում, հանքարդյունաբերություն, արդարադատության հանդեպ վստահության վերականգնում, կառավարման մոդել, կրթություն ու հիմնարար եւ կիրառական գիտություններ։ 14 քաղաքական ուժերից մի մասի դեպքում բոլոր հարցերին պատասխանել է նույն գործիչը, ինչը, որոշ դեպքերում, անխուսափելիորեն ընգծել է, որ բանախոսը բոլոր խնդիրներին չէ, որ խորքային ծանոթ է։  Մեր բոլոր զրուցակիցներին նախապես խնդրել էինք իրենց ասելիքը տեղավորել 5 րոպեում՝ զգուշացնելով, որ ավելի երկար խոսելու դեպքում ստիպված ենք լինելու իրենց հետ համաձայնությամբ կրճատել նյութը։ Բանախոսներից շատերը մտահոգվում էին՝ պնդելով, որ, օրինակ, սոցիալ-տնտեսական կամ ԼՂ հակամարտության թեմայով իրենց ապագա անելիքները ներկայացնելու համար հինգ-վեց րոպեն բավարար չէ։ Սակայն անգամ դեպքեր եղան, երբ մոնտաժային աշխատանքների ժամանակ բովանդակ խոսքը մնաց երեք րոպե, ու ստիպված եղանք վերադարձնել զրուցակցի կրկնվող մտքերը։  Կուսակցական գործիչներ առավել շատ գնահատակններ էին հնչեցնում անցյալի մասին, քան ներկայացնում իրենց անելիքներն ու պլանները։ Սա հիմնականում այն պատճառով, որ կա՛մ չէին տիրապետում իրենց ծրագրերին, կա՛մ ծրագրում չունեին լուծումներ, քայլեր, գործիքակազմ։ Հետաքրքրական է, որ քաղաքական ուժերից շատերն իրենց ծրագրերում արտաքին հարաբերությունների բլոկում ընդգծել էին դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին, սակայն երբ խնդրում էինք հստակեցնել՝ հարաբերությունների վերանայման կամ խորացման ինչ եզրեր են տեսնում, օրինակ, հարեւանների կամ այս տարածաշրջանում որոշակի շահեր հետապնդող պետությունների հետ, բոլորի պատասխանները գրեթե նույնն էին՝ մոտավորապես այս բովանդակությամբ․ «մենք պետք է բալանասավորենք մեր արտաքին քաղաքականությունը, բոլոր պետությունների հետ էլ կարելի է հարաբերություններ կառուցել կամ խորացնել, մոտ ապագայում հարաբերությունների զարգացում չենք տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Իրանի հետ հարաբերությունների խորացման լավ հնարավորություններ կան»․ իսկ ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ ուղղություններով կան համագործակցության եզրեր հարցերը հիմնականում մնում էին անպատասխան։ ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր հարցերի առաջին ու միանշանակ պատասխանն այն էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ Թե բանակցություններում ինչ մարտավարություն պիտի որդեգրի հայկական կողմը, թե ինչ սկզբունքներ պիտի առաջ քաշի՝ ոչ բոլոր ուժերն էին պատասխանում։ Ընդ որում՝ բանախոսներ են եղել, որոնք հիշատակել են Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին՝ չհստակեցնելով կամ չկարողանալով հստակեցնել՝ հայկական կողմն ինչ հարթակներում պիտի բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կոնկրետ դրույթների խախտման մասին։ Բանախոսները հայտարարել են՝ պետք է դեօկուպացվեն ԼՂԻՄ շրջանները, որ հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչպե՞ս՝ բանակցային ճանապարհով, նշել են՝ միջազգային հարթակներում ամեն ինչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար, բայց թե ինչ պետք է անել՝ չեն հստակեցրել։ Այս թեմայի վերաբերյալ գրեթե բոլոր «ինչպե՞ս» հարցերի պատասխանը մեծ մասամբ սկսվել է «պետք է»-ով եւ մեկնաբանությամբ, որ քանզի կառավարություն չեն եղել կամ չեն, չեն կարող տիրապետել բանակցային ողջ գործընթացի մանրամասներին կամ գործիքակազմին։ Դիվանագիտական դաշտում մեր դիրքերն ամրապնդելու խիստ անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ մեր բանախոսներից շատերը շեշտել են բանակի վերակառուցման, բարեփոխումների, վերազինման՝ շուտափույթ լուծում պահանջող հարցերի մասին։ Բոլորը չէ, որ կարողացել են հստակ պատասխանել՝ որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով է վերազինվելու բանակը, արդյոք կա՞ն հաշվարկներ, ո՞ւմ հետ են տեսնում ռազմական համագործակցության իրատեսական եզրեր։ Քաղաքական ուժերի մեծ մասի ծրագրերում արձանագրված է, որ մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ բանակ։ Թե ինչ ասել է պրոֆեսիոնալ բանակ եւ ինչ քայլեր են ձեռնարկելու՝ դրան հասնելու համար, միշտ չէ, որ կոնկրետ պատասխաններ են հնչել․ խոսվել է ժամկետային զինծառայության երկու տարին կրճատելու մասին, ազգ-բանակ կոնցեպտը կյանքի կոչելու մասին, անվտանգային համակարգն ամրապնդելու օրհասական խնդրի մասին։ Վերջինի լուծման համար բանախոսները կարեւորել են տեխնիկական վերազինումը՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերում։ Վերազինման համար շեշտել են՝ Հայաստանն ունի ռազմարդյունաբերությունը խթանելու պոտենցիալ, մնում է՝ պետությունը չխանգարի։  Այս կոնտեքստում քաղաքական ուժերը կարեւորել են գիտության դերը։ Թեպետ, քչերն են, որ «պետք է»-ների շարքից անցել են կոնկրետ դրույթների ներկայացմանը, կարողացել են ներկայացնել կրթության ու գիտության կապը, օրենսդիրում կամ գործադիրում լինելու դեպքում իրենց առաջնահերթ ու առարկայական անելիքները։ Հիմնականում հայտարարվել է, որ պետք է բարձրացվեն ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձերը, պետք է վերապատրաստվեն ուսուցիչները, պետք է փեխվեն դասագրքերը, եւ այլն։  Երբ սոցիալ-տնտեսական վերականգնման թեմայով բանախոսը եղել է ոլորտի մասնագետ, կարողացել է ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման բանաձեւերը՝ խոսելով ներդրումային, հարկային քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումների, անհրաժեշտ փոփոխությունների մասին։ Սակայն եղել են զրուցակիցներ, որոնք այս թեմային անդրադարձել են շատ ընդհանրական՝ դարձյալ հայտարարելով, որ պետք են լուրջ բարեփոխումներ՝ առանց կոնկրետացնելու ինչպիսի եւ ինչպես հարցերի պատասխանները։  Նույն պատկերը՝ նաեւ արդարադատության հանդեպ վստահության վերականգնման, դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Մի քանի բանախոսներ են հստակ քայլեր ներկայացրել՝ խոսելով այդ բարեփոխումների մեխանիզմների մասին՝ պնդելով, որ, այո, կան այդ ռեսուրսները, մնում է դրանք գործի դնել ու բարեփոխումներ անելու քաղաքական կամք ցուցաբերել։ Ամենահստակ պատասխանները հնչել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ու կառավարման մոդելի մասին հարցերին․ քաղաքական ուժերի մեծ մասը չի հերքել, որ երկրում ներքաղաքական խոր ճգնաժամ է, եւ որ լարվածության թոթափման քայլերից մեկը արտահերթ ընտրություններն են։ Որոշները հայտարարել են, որ լարվածություն մտցնում է գործող կառավարող ուժը, որոշներն արձանագրել են, որ ընդդիմությունը եւս յուղ է լցնում կրակին, եւ անհրաժեշտ են համարել քաղաքական ու քաղաքացիական հասունություն ցուցաբերել՝ կրքերը զսպելու համար։ Քաղաքական որոշ գործիչներ պնդել են՝ լարվածությունը չի նվազի, եթե գործող կառավարությունն ու նախկինում կառավարություն եղած ուժերը ներկայացված լինեն նոր ձեւավորվող խորհրդարանում։  Քաղաքական ուժերի մեծ մասը կարծում է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանում իրեն չի արդարացրել, ուստի պետք է անցնել կիսանախագահական համակարգի՝ բալանսի բերելու կառավարական լծակները։ Այս կարծիքին չէ, իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս կազմող «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը հենց այս մոդելը մեզ մոտ «բերողն» է։ Քաղաքական այս ուժի ներկայացոուցիչը վստահ է՝ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար լավագույն լուծումն է։  Չնայած ավարտվել են ընտրությունները, սակայն այս ուժերն իրենց դերակատարումն են ունենալու նաեւ ապագայում, հետեւաբար դրանց ավելի լավ ճանաչելու, ծրագրային դրույթներին, պատկերացումներին ծանոթանալու համար հիմա էլ կարող եք դիտել իրականացված հարցազրույցները։ Հայարփի Բաղդասարյան
19:58 - 08 հուլիսի, 2021
«5165 շարժումը» մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը

«5165 շարժումը» մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը

«5165 շարժում» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․   «Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի հետ այսօր փորձել է կապ հաստատել վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Առաջարկված օրակարգում էր հանդիպումը իշխող քաղաքական ուժի ղեկավարի հետ։ Առաջարկը մերժվել է։   Տեղեկացնում ենք նաև, որ ընդդիմադիր որոշ ուժերի կողմից միասնական հարթակով ընտրությունների բողորքարկման համար ՍԴ դիմելու առաջարկը ևս մերժվել է։ Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական և քաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար։   5165 շարժումը շարունակում է իր գործունեությունը նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կդառնա մոտ ապագայում»։   Հիշեցնենք՝ երեկա հանրահավաքի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է հանդիպել ընտրություններին մասնակցած քաղաքական այն ուժերի հետ, որոնք այդպիսի ցանկություն կունենան։ Փաշինյանն այսօր ունեցել է արդեն մի քանի հանդիպումներ։
20:58 - 22 հունիսի, 2021
Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա. Կարին Տոնոյանը՝ հետագա անելիքների մասին

Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա. Կարին Տոնոյանը՝ հետագա անելիքների մասին

Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «5165» ազգային պահպանողական շարժում կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը՝ նշելով.  «15,534 մարդու առջև այսօր խոնարում եմ գլուխս- դուք արժանի էիք իմ որդու զոհողությանը, որովհետև հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը և Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում դավաճանությանը: Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին. սկսում ենք ոլորտային ծրագրերի շարունակական իրագործում. շարունակում ենք սահմանների պաշտպանական վիճակի ուսումնասիրություններն ու աջակցությունները, շարունակում ենք ազգի ինքնաճանաչողական մշակութային ծրագրերի իրականացումը, շարունակում ենք երիտասարդական և մանկական կրթական ծրագրերի իրականացումը, սկսում ենք գյուղ- համայնք հիմնադրամ ծրագրի փորձարկումը և այլն: Առաջիկայում առավել հստակ կհրապարակենք մոտակա անելիքները և կսկսենք այդ աշխատանքներին ցանկացողների ներգրավման համապատասխան հանդիպումներ: «5165 շարժումը» սկսում է իր նպատակային աշխատանքները»: Հիշեցնենք,  «5165» ազգային պահպանողական շարժումն այս ընտրություններում հավաքել էր 1.22 % կամ 15.534 ձայն:
12:17 - 21 հունիսի, 2021
«5165» շարժման անդամները՝ Գյումրիում և Էջմիածնում

«5165» շարժման անդամները՝ Գյումրիում և Էջմիածնում

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն ու շարժման անդամները քարոզարշավի վերջին օրը սկսեցին Էջմիածին քաղաքից: Սուրբ Գայանե եկեղեցում աղոթքից հետո շրջեցին քաղաքով, ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրի դրույթները՝ առաջնահերթությունը տալով անվտանգության ոլորտում հոգևոր և մշակութային բաղադրիչներին։ Այս մասին տեղեկացնում է շարժման մամուլի ծառայությունը։ «Քաղաքացիներին փոխանցվեցին Կարին Տոնոյանի կողմից գրված անհատական նամակները, որոնցով «5165» շարժումը կոչ է անում պարտադիր մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին` սեփական երկրի ապագան կանխորոշելու հրամայականով։ Հաջորդիվ «5165» շարժումը մեկնեց Գյումրի՝ ճանապարհին կանգ առնելով և ծաղիկներ խոնարհելով Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մոտ:  Շիրակի մարզկենտրոն Գյումրիում անցկացվեց հանրահավաք, որի ժամանակ Կարին Տոնոյանը ևս մեկ անգամ կոչ արեց բոլորին գնալ ընտրության՝ քվեարկելով խղճի կամոք․ «Ընդամենը երկու օրից մենք որոշելու ենք Հայաստանի ճակատագիրը։ Քվեարկեք վերլուծելով, քանի որ հենց այս ընտրություններից է կախված Հայաստանի ապագան։ Որոշ ուժեր ցանկանում են գալ իշխանության իրարից վրեժ լուծելու համար, իսկ մենք՝ հանուն հայի և Հայաստանի»։ ՀՀ վաստակավոր արտիստ, շարժման հիմնադիր անդամ Արսեն Գրիգորյանն էլ կարևորեց այն, որ տարբեր ոլորտի մարդիկ հիմա պետք է մասնակից լինեն երկրի վերականգնման գործին։ Նրա խոսքով՝ պետականաշինության հիմնաքարարերից է նաև կազմակերպված հայրենադարձությունը։ Շարժման անդամներ Մենուա Սողոմոնյանը, Գևորգ Թամամյանը, Տիգրան Բալոյանը, Հովհաննես Ղազարյանը,Վարդան Քալանթարյանն ու մյուսները խոսեցին Հայաստանում առկա  խնդիրներից՝ անվտանգության, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում, առաջարկեցին լուծման իրենց տեսլականը։Օրվա ավարտին «5165» շարժումը երթ իրականացրեց դեպի Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցի»,- նշված է հաղորդագրության մեջ։
22:52 - 18 հունիսի, 2021