«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը պետական գրանցում է ստացել 2021 թ․ մայիսի 19-ին։ Կուսակցության նախագահն է Արա Զոհրաբյանը։

«Զարթոնք»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն Արա Զոհրաբյանն էր։

«Զարթոնք»-ը ստացել է 4 619 ձայն (0.36%) և չի անցել խորհրդարան։

Ոչ Կառավարությունը և ոչ էլ ԱԺ-ն իրավասու չեն Հայաստանի տարածքի փոփոխության հարց լուծել. «Զարթոնք» կուսակցություն

Ոչ Կառավարությունը և ոչ էլ ԱԺ-ն իրավասու չեն Հայաստանի տարածքի փոփոխության հարց լուծել. «Զարթոնք» կուսակցություն

Ոչ Կառավարությունը և ոչ էլ ԱԺ-ն իրավասու չեն Հայաստանի տարածքի փոփոխության հարց լուծել: Այս մասին հյտարարություն է տարածել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը: Հայտարարությունում ասվում է. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ համարելով Հայաստանի իշխանության՝ Հայաստանի և Արցախի հետ կապված (1) կործանարար բանակցային ընթացքը և (2) հրապարակային դիրքորոշումները, հարկ է համարում տեղեկացնել հանրությանը՝ 1.           Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով: Հայաստանի վարչապետը, կառավարությունը և նույնիսկ Ազգային ժողովն իրավասու չէ Հայաստանի տարածքի փոփոխության հարց լուծել: 2. Հայաստանի իշխանությունը չի կարող (իրավունք չունի) Արցախի ժողովրդի պաշտպանությունից հրաժարվել, կամ ընդունելի համարել միջազգային կամ ներքին որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Այս խնդրի պատմական և բարոյահոգեբանական կողմին չանդրանդառնալով, ակնհայտ է, որ  Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի որոշ ներկայացուցիչների այդօրինակ հրապարակային դիրքորոշումները հակասում են նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 08.07.1992թ. թիվ 0663-1 որոշմանը, ըստ որի Հայաստանի օրենսդիր մարմինը որոշել է՝ 1) Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը. 2) Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում: 3. Թուրքիայի հետ սիրախաղը հանգեցնելու է նաև Թուրքիա-Հայաստան սահմանների պաշտոնական ճանաչմանը և 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելուն: Հատկանշական է, որ Հայաստան-Թուրքիա սահմանների հետ կապված վերջին միջազգային պայմանագիրը՝ Կարսի պայմանագիրը Հայաստանի կողմից վիճարկման հիմքեր ունի: Մասնավորապես, Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսացել և չի ունեցել անկախ որոշումներ կայացնելու կարողություն: Պարզ երևում է, որ Հայաստանի իշխանության թշնամասիրությամբ պայմանավորված ընձեռնված հնարավորությունն օգտագործելով Թուրքիան լուծում է նաև այդ խնդիրը: Հ.Գ. Միջազգային հանրությանը տեղեկացնում ենք, որ խաղաղության այս ճանապարհը բովանդակային առումով կեղծ է, չի համապատասխանում Հայաստանի և Արցախի ժողովուրդների կամքին, գիտակցությանը և պատմական հիշողությանը, հետևաբար նման իրավասություն և վստահություն չունեցող վարչապետի հետ ծրագիր իրականացնելն ապագա չունի:  
11:02 - 11 հոկտեմբերի, 2022
ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։ «Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։  Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում: «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։ «Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․ «Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։ Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։  «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր  մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել: Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:  Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․ «Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»: Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։  Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։ Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ  Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։  Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։ Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել  հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,  «Հանրապետություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  «Միասնական հայրենիք» կուսակցություն,  Հայ կառուցողական կուսակցություն,  «Զարթոնք» կուսակցություն,  «Ալյանս» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,  «5165 շարժում» կուսակցություն,  «Վերելք» կուսակցություն,  «Ազատական» կուսակցություն,  «Ժառանգություն» կուսակցություն,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Ազգային ինքնորոշում» կուսակցություն,  «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։ Հետգրություն «Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։   Լուսանկարի աղբյուրը՝ ria.ruՀայարփի Բաղդասարյան
16:54 - 08 մարտի, 2022
Վարչական դատարանը մերժել է Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունների հայցը

Վարչական դատարանը մերժել է Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունների հայցը

ՀՀ վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, այսօր՝ 26.12.2021թ. մերժել է Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունների անդամների հայցը: Այս մասին տեղեկանում ենք «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ֆեյսբուքյան էջից։ «Վարչական դատարանը գտել է, որ խմբակցությունները համարվում են ստեղծված օրենքի ուժով և միայն այդ մոտեցմամբ անտեսել է իր իսկ կողմից հաստատված այն փաստը, որ Տավրոս Սափեյանի թեկնածությունն առաջադրել է ավագանու անդամ Սերգե Մկրտչյանը: Նույնիսկ խմբակցությունն օրենքի ուժով ստեղծված համարելու պարագայում, միևնույն է ավագանու անդամների խմբի՝ խմբակցության, կամքի արտահայտությունը պետք է դրսևորվեր որոշակի ձևով: Առնվազն պետք է լիներ խմբակցության գրավոր որոշումը: Վարչական դատարանն այս հարցին չի անդրադարձել: Ստեղծված իրավիճակում, մանդատների մեծամասնություն չունեցող համայնքում, իշխանությունը, ի հակասումն Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այն մոտեցման, որ մեծամասնություն չունեցող անձը չի կարող համայնքի ղեկավար լինել,  փորձում է համայնքի ղեկավարին «նշանակել» Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից: Այս պայմաններում, Թալին համայնքում հետագա բոլոր բացասական զարգացումների պատասխանատուն իշխանությունն է, ի դեմս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության:  Հիշեցման կարգով տեղեկացնում ենք, որ՝ • Հայք խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարել են օրենքի ուժով՝ հրաժարական ներկայացնելու փաստով (հիմք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մաս). • Տարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, 7 օրվա ընթացքում փոխարինել Կարեն Գրիգորյանի մանդատը. • Տավրոս Սափեյանը չի ստանձնել Թալին համայնքի ղեկավարի լիազորությունները, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում, չի երդվել. • «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ավագանու նիստը հրավիրելու լիազորություն ունի միայն համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը, մինչդեռ Տավրոս Սափեյանը համայնքի ղեկավարի լիազորություն չի ստանձնել. • Թալին համայնքի ավագանու Զարթոնք, Հայք և Մեր համայնքը խմբակցության անդամներն օրենքով չնախատեսված անձի կողմից նիստի հրավերի դեպքում, իրավունք ունեն չմասնակցել նիստին. • Թալին համայնքի ավագանու իրավասությունների մեջ է մտնում նաև՝  համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելը, օրենքով սահմանված դեպքերում տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելը»,- նշված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունները՝ «Զարթոնք»-ը, «Հայք»-ը և «Մեր համայնքը», դիմել էին դատարան` վիճարկելու քաղաքապետի ընտրության օրինականությունը: 
20:03 - 26 դեկտեմբերի, 2021
Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունները դիմում են դատարան

Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունները դիմում են դատարան

Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունները կդիմեն դատարան`վիճարկելու քաղաքապետի ընտրության օրինականությունը: Այս մասին ասվում է 3 խմբակցությունների տարածած հայտարարությունում: «Թալին համայնքի «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» խմբակցությունները տեղեկացնում են հետևյալը. 1. 2021թ. դեկտեմբերի 17-ին ժամը 12:00-ին հրավիրվել էր Թալին համայնքի նորընտիր ավագանու նիստը, որի ժամանակ պետք է ընտրվեր համայնքի ղեկավարը: 2. Նիստի ժամանակ ոստիկանական ուժերը շրջափակել են Թալինի համայնքապետարանի շենքը: 3. Նորընտիր նիստի ժամանակ Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը ներկայացրել են համանուն խմբակցություններ ստեղծելու մասին տեղեկություններ, այդ թվում՝ գրություններ, խմբակցության նիստի արձանագրություններ և խմբակցության կանոնադրություններ: 4. Նորընտիր նիստի ժամանակ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով ընտրված անդամները չեն ձևավորել խմբակցություն և այդ հանգամանքն ըստ էության պատճառաբանել են, որ այս փուլում դա պարտադիր չէ: 5. Հայք խմբակցության անունից առաջադրվել է ցուցակի առաջին համարը՝ Կարեն Գրիգորյանը, որը հրաժարվել է առաջադրումից, որից հետո խմբակցությունն առաջադրել է ցուցակում գտնվող Դավիթ Մանուկյանին: 6. ՔՊ ավագանու անդամի կողմից առաջադրվել է Տավրոս Սափեյանի թեկնածությունը: 7. Բաց քվեարկության արդյունքներով՝ Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը ստացել է 10 ձայն, իսկ ՔՊ ավագանու անդամի կողմից առաջադրված Տավրոս Սափեյանը՝ 11 ձայն: 8. Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը չի ստացել «դեմ» ձայներ, Դավիթ Մանուկյանը ստացել է 47,7 տոկոս ձայներ: 9. Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել է Հայք խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը, որն ի հակասումն իր իսկ ստորագրած փաստաթղթի և իր տղամարդկային խոսքի չի պաշտպանել իր խմբակցության անդամին: Այս փաստերի վերլուծությամբ պարզ է դառնում, որ ՔՊ անդամ Տավրոս Սափեյանը չէր կարող ընտրվել համայնքի ղեկավար, քանի որ չի առաջադրվել խմբակցության կողմից: ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու: ՀՀ ընտրական օրենսգրքով կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով առկա չէ որևէ նորմ, որն իրավունք վերապահի համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու անդամին առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու: Միակ հնարավորությունը նախատեսված է վերոհիշյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 4-րդ մասով: Ընդ որում, օրենսդիրն այս նորմում օգտագործել է «կարող է» եզրույթը, քանի որ խմբակցությունը կարող է նաև չառաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու: Հետևաբար, Թալին համայնքի ղեկավար է «ընտրվել» խմբակցության կողմից չառաջադրված անձը, ինչն օրենքի կոպիտ խախտում է: ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի համաձայն 8-րդ մասի համաձայն՝ եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:   Օրենքի այս դրույթի փաստակազմն առկա է, քանի որ՝   • ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի 4-րդ մասին համապատասխան առաջադրվել է մեկ թեկնածու (Տավրոս Սափեյանը չի առաջադրվել խմբակցության կողմից). • Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը ստացել է 47,7 տոկոս ձայներ. • Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը չի ստացել «դեմ» ձայներ:   Այս պայմաններում խմբակցությունները գտնում են, որ համայնքի ղեկավար պետք է ընտրված համարվեր Դավիթ Մանուկյանը: Խմբակցությունների ներքստորագրյալ անդամները դիմելու են դատարան և հավատարիմ մնալով 07.12.2021թ. միմյանց միջև ձեռք բերված պայմանավորվածություններին իրենց համատեղ ուժերը կենտրոնացնելու են Թալին համայնքը զարգացնելու, օրինականությունը վերականգնելու, դավաճանությունը և պառակտումը վերացնելու համար: Խմբակցությունները կոչ են անում Տավրոս Սափեյանին հանդես չգալ Թալին համայնքի ղեկավարի անունից: Խմբակցությունները չեն մասնակցելու չընտրված անձի երդման արարողությանը: «Զարթոնք» խմբակցություն Մնացական Անդրանիկի Մնացականյան Վորոշ Վորոշի Խաչատրյան Անահիտ Լյովայի Ղազարյան Համբարձում Խաչիկի Համբարձումյան Արմեն Ռազմիկի Գրիգորյան Թամարա Հրաչիկի Գևորգյան «Մեր համայնքը» խմբակցություն Արտակ Հովսեփի Սարուխանյան Լուսինե Ժիրայրի Գալստյան «Հայք» խմբակցություն Գայանե Սամվելի Գրիգորյան Դավիթ Խաչատուրի Մանուկյան»,-ասվում է հայտարարությունում:
10:48 - 20 դեկտեմբերի, 2021
«Ապրելու երկիր» և «Զարթոնք» կուսակցության հետ կոալիցիա կազմելու պայմանավորվածություն չկա. «Հանուն Հանրապետության»

«Ապրելու երկիր» և «Զարթոնք» կուսակցության հետ կոալիցիա կազմելու պայմանավորվածություն չկա. «Հանուն Հանրապետության»

Ի պատասխան ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումների՝  «Հանուն Հանրապետության» կուսակցությունը  տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Արթիկ, Նոյեմբերյան, Արմավիրի մարզի Արաքս և Արարատ խոշորացված համայնքներում «Ապրելու երկիր» և «Զարթոնք» կուսակցության հետ կոալիցիոն գործընկերության որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել և այդպիսի հնարավորություն չի դիտարկում։ Այս մասին ասվում է կուսակցության հրապարակած հայտարարության մեջ, որում նաև ասվում է. «Կուսակցության սկզբունքային դիրքորոշումն է՝ մերժել որևէ համագործակցություն բոլոր այն ուժերի հետ, ովքեր անթաքույց կամ քողարկված աջակցում են նախկին ռեժիմի պարագլուխներ: Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանց օլիգարխիկ, կիսաքրեական պրոքսիքաղաքական կեղծ ուժերին, կամ իրենց գործունեությամբ նպաստում են վերջիններիս վերակենդանացմանը։ Կուսակցությունը խստորեն մերժում և դատապարտում է որևէ համագործակցություն երրորդ երկրներից գործուղված կեղծ մեկենասների և բարեգործների քաղաքական գործունեությանը սոցիալական և տնտեսական ծանր իրադրության մեջ գտնվող Հայաստանում։ Հանուն Հանրապետության կուսակցությունը հավատարիմ է գաղափարական և արժեբանական ընդհանրության շուրջ համագործակցության բոլոր ձևերին՝ հիմնված Հայաստանի ժողովրդավարացման և հիմնարար բարեփոխումների ընթացքն անշրջելի դարձնելու նպատակի վրա։ Ընտրությունների արդյունքում ստացված քվեներն ի նպաստ տեղական համայնքների զարգացման և առաջընթացի արդյունավորելու նպատակով Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի պատասխանատու մարմինը շարունակում է համերաշխ քննարկումները նշյալ համայնքներում ընտրություններին մասնակցած մեր կուսակցության ավագանու ցուցակների առաջնորդների և անդամների հետ»։
10:15 - 07 դեկտեմբերի, 2021
«Ազատագրական շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում |armenpress.am|

«Ազատագրական շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում |armenpress.am|

armenpress.am: Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնում: «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանն իր ելույթում հիշեցրեց նախաձեռնության պահանջները, այն է` կանխել սահմանազատման և սահմանագծման, ըստ իրենց, հակահայկական ծրագիրը, հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, Սյունիքով միջանցք չտրամադրել հակառակորդին և զինել բանակը: Արա Զոհրաբյանը նշեց, որ նոյեմբերի 26-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը հիմնված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, որի դրույթները ի վնաս Հայաստանի խախտվել են: «Ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ առաջ են եկել դեպի հայկական ուժերի զբաղեցրած դիրքեր, ընդհուպ ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք: Ռազմագերիները և պատանդառված անձինք չեն վերադարձվել հայրենիք: Մինչև վերջերս էլ ռազմական բախումներում ունենք զոհեր: Սա նշանակում է՝ մեր անվտանգության հարցը լուծված չէ: Չգիտենք, թե ինչ է լինելու Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը, երբ այդ սահմանազատման և սահմանագծման ծրագիրը փորձվի իրագործվեն»,- իր ելույթում ասաց Զոհրաբյանը:  «Զարթոնք» կուսակցության հիմնադրի կարծիքով`«Ազատագրական շարժման» նպատակները չեն կարող իրագործվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: «Վերոգրյալից ելնելով «Ազատագրական շարժումը» պահանջում է  վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, հասարակական միավորներին, մասնագիտական համայնքներին, անհատներին միավորվել այս պահանջների ներքո»,- եզրափակեց Զոհրաբյանը:
17:18 - 27 նոյեմբերի, 2021
Քաղաքացիները դիմում տվեցին կառավարությանը՝ հրապարակելու ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, որի մասին խոսել է Փաշինյանը

Քաղաքացիները դիմում տվեցին կառավարությանը՝ հրապարակելու ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, որի մասին խոսել է Փաշինյանը

«Ազատագրական շարժման» նախաձեռնողները, նրանց միացած քաղաքացիները ժամը 14։00-ից հավաքվել էին Երևանի Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք նշեցին, որ իրենց ակցիան խաղաղ է, և որ իրենք ունեն միայն մեկ պահանջ․ հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի (ինչի մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) բովանդակությունը։ Հրապարակում նաև ոստիկաններ կային։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է․ «Դեռևս 2021թ․-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։ Մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ` ներառյալ չակերտավոր բացահայտված փաստաթուղթը, հանդես է եկել առաջարկով, և, ըստ էության, բոլոր 3 անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով գնալ առաջ, շարժվել առաջ: Իմ տպավորությամբ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»։ Ակցիայի մասնակիցները կառավարության հանձնեցին իրենց դիմումը՝ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակության հրապարակման վերաբերյալ։ Այժմ նրանք Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան երթուղով շարժվում են դեպի նախագահի նստավայր՝ ՀՀ նախագահին ևս հանձնելու իրենց դիմումը, այնուհետև կգնան Ազգային ժողովի շենք, ապա կվերադառնան Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 17։00-ին կկայանա իրենց հանրահավաքը․ հենց այդ ժամանակ էլ կներկայացվեն նախաձեռնության ծրագրերը, հետագա անելիքները։  ՀՀ կառավարության շենքի դիմաց էին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ սա վերկուսակցական պայքար է՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ։ Անդրադառնալով խորրդանական ընդդիմության հետ համագործակցությանը՝ Տոնոյանն ասաց, որ նրանդ պահանջ ունեն, քանի որ նրանց գործը Ազգային ժողովում է։ Նշենք, որ առավոտից նախաձեռնության անդամներն ու աջակիցները Երևանում փողոցներ էին փակում՝ քաղաքացիներին իրազեկելով սպասվելիք հանրահավաքի և դրա պատճառների մասին։
15:03 - 22 նոյեմբերի, 2021
Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր փողոցների փակման ակցիայի 18 մասնակցի  |armenpress.am|

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր փողոցների փակման ակցիայի 18 մասնակցի |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանում տարբեր փողոցներ փակելու ակցիայի 18 մասնակցի: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից: «Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից: Երևանում քաղաքացիների տարբեր խմբեր փակել էին տարբեր փողոցներ: Ակցիայի մասնակիցները մտադիր են ժամը 14:00-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց՝ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանից պահանջելու բացահայտել, իրենց խոսքով, սեղանին դրված փաստաթուղթը, որ վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանագծմանը: Փողոցը փակած ակցիայի մասնակիցներից «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ ճանապարհները փակելու են 44 րոպե: Նա նշեց, որ դա միակ ձևն է, որ քաղաքացիների ուշադրությունը հրավիրեն սահմանին տիրող իրավիճակի վրա: Ակցիայի մասնակիցներից մեկն էլ բարձրախոսով հայտարարեց, թե սկսել են ազատագրական շարժում, որը նպատակ ունի կանխել սահմանազատման և սահմանագծման հարցով փաստաթղթի ստորագրումը, որը նրանք համարում են ոչ հայանպաստ ծրագիր, և պատրաստվում են ժամը 17:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում: Ակցիայի մասնակիցը շեշտեց նաև, որ հավաքի նպատակն է իրազեկել երկրում տիրող իրավիճակի մասին: Նրանք կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ-ն սահմանազատման և սահմանագծման նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար:
10:55 - 22 նոյեմբերի, 2021
«Զարթոնք»-ի պնդմամբ խախտումները բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար |armenpress.am|

«Զարթոնք»-ի պնդմամբ խախտումները բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար |armenpress.am|

armenpress.am:  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը պնդում է, որ իրենց արձանագրած խախտումները բավարար են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվեն: Այս մասին ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ՍԴ հուլիսի 10-ի նիստում: Զոհրաբյանը նշեց, որ ՍԴ դատավորների հարց ու պատասխանից, նաև իրենց կողմից արձանագրված որոշ փաստերից իրենց մոտ անհանգստություն է առաջացել, որ գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության: «Առ այսօր «Զարթոնքը» չի ստացել մյուս երեք դիմողների դիմումները, որոնք քննարկվում են մեկ գործի շրջանակում»,-ասաց նա ու հավելեց, որ չեն քննարկվել և քվեարկության չեն դրվել կուսակցության ներկայացրած միջնորդությունները: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը վստահեցրեց, որ  որևէ միջնորդություն առանց քննարկման չի մնալու: «Եվ որևէ կողմ մյուսի համեմատ ավելի բարենպաստ վիճակում չի գտնվելու»,-վստահեցրեց ՍԴ նախագահը: Զոհրաբյանը շարունակեց՝ պնդելով, որ ընտրություններն անցել են գերլարված մթնոլորտում՝ բոլոր կողմերից: «Ինչպես ասում են՝ բարձր աղմուկը խլացնում է ճշմարտության ձայնը: Հատկապես կարևորում ենք երկու փաստարկ, առաջինը՝ բռնության կոչ և հոգեբանական հարկադրանք: Նախընտրական քարոզչության ժամանակ մեր կուսակցությունը զբաղված էր իր քարոզչությամբ և արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս օգտագործում է տարբեր արտահայտություններ, որոնք կարող էին ընկալվել որպես բռնության կոչեր: Մենք, տեսնելով, որ մթնոլորտը գնալով շիկանում է, փորձեցինք այս խնդիրը բերել իրավական դաշտ, դիմեցինք ԿԸՀ-ին, հանձնաժողովը քննության առնելով մեր դիմումը որոշեց մերժել այն»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց, որ քաղաքական ուժը դիմել է նաև Վարչական դատարան: Ըստ նրա՝ Փաշինյանի հայտարարությունները, խոսքերը ազդեցություն են գործել հասարակության վրա, առաջին հերթին՝ հանրային ծառայողների վրա: Նա շեշտեց նաև՝ Փաշինյանը չէ, որ պետք է ընտրությունների օրվա մասին հայտարարեր: Զոհրաբյանը խոսեց նաև վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին: «Մինչև քարոզչությունը մեկնարկելը վարչապետի լիազորություններն իրականացնող Նիկոլ Փաշինյանը ծառայողական հանդիպումներ է ունեցել մարզերում, որը փաստացի քարոզչություն է եղել, և այդտեղ օգտագործել է վարչական ռեսուրսը: Այսինքն՝ նա գնացել է մարզերում հանդիպումների որպես վարչապետի պաշտոնակատար, բայց տեքստերից էլ ակնհայտ էր, որ նա սկսել է իրականացնել քարոզչություն: Եվ բնական է, որ այս առումով մեծ առավելություն է ձեռք բերել մյուս բոլոր կուսակցությունների նկատմամբ՝ առավել ևս նոր սկսող կուսակցությունների»,-ասաց կուսակցության ներկայացուցիչը: Նա խնդրեց բարձր դատարանից, որ ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված ԿԸՀ-ի համապատասխան որոշումը և ընտրությունների արդյունքները ճանաչվեն անվավեր: «Մեր կարծիքով՝ այս խախտումները բավարար են, որպեսզի անվավեր ճանաչվի»,-ասաց նա:
18:08 - 10 հուլիսի, 2021
Վարչական դատարանը բավարարել է «Զարթոնք» կուսակցության հայցը

Վարչական դատարանը բավարարել է «Զարթոնք» կուսակցության հայցը

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտնում է, որ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, և հայցադիմումը բավարարվել է․    «Այսօր ՀՀ վարչական դատարանը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցը բավարարել է և ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6861/05/21 գործով 17.06.2021թ. կայացված վճռով հաստատված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի) խախտումների առնչությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործիքակազմը չկիրառելը (անգործությունը):   Վարչական դատարանի վճռից հետևում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է միջոցներ ձեռնարկեր պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունները (հարկադրանքի, սպառնալիքների և ատելություն պարունակող) կանխելու ուղղությամբ, ինչը չի արել՝ դրսևորելով անգործություն:   Հունիսի 18-ին հայտնել էինք, որ վարչական դատարանը մերժել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և երրորդ անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը վերաբերվում էր ՔՊ ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված վեճին:
21:45 - 25 հունիսի, 2021
Այն, որ ՔՊ-ն կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ․ Արա Զոհրաբյան

Այն, որ ՔՊ-ն կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ․ Արա Զոհրաբյան

Այն, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը նորաստեղծ միավոր էր, խիստ սահմանափակ ռեսուրսներով, և շանսերը բարձր չէին այս գերլարված մրցապայքարում, հասկանալի է, բայց որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության առաջին համար Արա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ստացվում է, որ «ժողովուրդն» ընտրեց հայհոյանքը, ագրեսիան, թշնամասիրությունը և պարտությունը: Ազգային արժեհամակարգը, ազգային արժանապատվությունը և հայրենիքի անվտանգությունը տեղ չգտան «ժողովրդի» սրտում: Բնական է, որ արժանանալու ենք մեր ընտրության հետևանքներին: 2018թ. ընտրությունը բերեց 2020թ. պատերազմ և պարտություն, իսկ 2021թ. ընտրությունը մեզ բերելու է նվաստացում և կորուստներ: Այս ընտրությունների կազմակերպման ընթացքում ձեռք բերեցի գաղափարական ընկերներ, անշահախնդիր թիմակիցներ, վերաարժևորեցի շրջապատս, և ավելի ու ավելի համոզվեցի, որ պետք է պայքարել, պետք է արթնացնել մեր քնած արժեհամակարգը, ու միայն հետևողական գործունեությամբ կարող ենք վերականգնել մեր ազգային դիմադրողականությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմակիցներին, մեր ընտրողներին և բոլոր այն մարդկանց, որ մեր կողքին մնացին: Հ.Գ. Ընտրախախտումներին կանդրադառնանք լրացուցիչ:
11:16 - 21 հունիսի, 2021
Ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը․ Արա Զոհրաբյան

Ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը․ Արա Զոհրաբյան

Մենք ցականում ենք, որպեսզի ազգային իշխանություն ձևավորվի, որովհետև փորձը ցույց տվեց, որ ապազգային երևույթները մեր արժեհամակարգը ընկճեցին, իսկ պատերազմը դրա վառ ապացույցն էր։ Այս մասին Երևանի 9/17 ընտրատեղամասում քվեարկություն կատարելուց հետո «Առաջին ալիք»-ի հետ զրույցում ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության առաջին համար Արա Զոհրաբյանը։ «Մենք ակնկալում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովուրդը կմերժի ապազգայինը։ Մեր ընտրվելու շանսերի հետ կապված, բնականաբար, ընտրության արդյունքները ցույց կտան, բայց մեր ակնկալիքը հետևյալն է, որպեսզի Ազգային ժողովում մենք լինենք արժեհամակարգի պաշտպանները։ Անկախ նրանից՝ մեր ժողովուրդը այս կարճ ժամանակահտվածում կհասցնի մեզ վստահել և իր քվեն տալ, թե չի տա, մենք, միևնույնն է, մեր գործը շարունակելու ենք»։ Արա Զոհրաբյանը նաև ասաց, որ երեկ լրացել է իրենց կուսակցության ստեղծման մեկ ամիսը։ «Նոր կուսակցություն է, բայց բոլոր դեպքերում մեր կազմում կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են ապազգային երևույթների դեմ»։
14:01 - 20 հունիսի, 2021
«Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը քվեարկեց հանուն ազգային իշխանության ձևավորման

«Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը քվեարկեց հանուն ազգային իշխանության ձևավորման

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընտական ցուցակի առաջին համար Արա Զոհրաբյանը, ով ընտանիքի հետ եկել էր ընտրատեղամաս, քվեարկեց, որպեսզի ՀՀ-ում ազգային իշխանություն ձևավորվի: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ փորձը ցույց է տվել, որ ապազգային երևույթներն ընկճել են ժողովրդի արժեհամակարգը: «Այս ընտրություններով մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը կմերժի ապազգայինը: Ընտրվելու շանսերի հետ կապված ցույց կտան ընտրության արդյունքները, բայց մենք հույս ունենք, որ ԱԺ-ում կլինենք արժեհամակարգի պահապանները, անկախ նրանից՝ մեր ժողովուրդն այս կարճ ժամանակում կհասցնի մեզ վստահել և իր քվեն տալ՝ միևնույնն է շարունակելու ենք մեր գործը»,- նշեց Զոհրաբյանը: Նա ընդգծեց, որ ընտրատեղամասում, որտեղ ինքը քվեարկեց, ոչ մի արտառոց բան չնկատեց, միայն խնդիր է տեսել կազմակերպման ձևում:
10:27 - 20 հունիսի, 2021