ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Ահաբեկչության մեջ մեղադրվող դաշնակցական Գագիկ Սարգսյանը կալանավորվել է

Ահաբեկչության մեջ մեղադրվող դաշնակցական Գագիկ Սարգսյանը կալանավորվել է

Դաշնակցական Գագիկ Սարգսյանը, ում երեկ բերման էր ենթարկել ԱԱԾ-ն, մեկ ամսով կալանավորվել է, հայտնել է նրա որդին։ Փաստաբան Վահե Եփրիկյանն «Ազատությանն» ասաց, որ քննիչը 2 ամսվա կալանք է պահանջել, դատավորը մասնակի է բավարարել ու մեկ ամսով կալանավորելու որոշում կայացրել։ Փաստաբանի խոսքով՝ Գագիկ Սարգսյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը և պնդում է, որ որևէ առնչություն չունի այդ ամենի հետ։ Քննչական կոմիտեն այսօր տեղեկացրեց չորս անձի, այդ թվում՝ Գագիկ Սարգսյանի նկատմամբ ահաբեկչության հոդվածով քրեական հետապնդում հարուցելու մասին։ Ըստ կառույցի՝ բացահայտված ահաբեկչության դեպքերն ուղղված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա անդամների, այդ թվում՝ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի և Գուրգեն Արսենյանի դեմ: Մասնավորապես, կոմիտեի փոխանցմամբ, Գագիկ Սարգսյանը բնակչությանը ահաբեկելու, իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու համար կազմակերպել է ահաբեկչություն պատգամավոր Գագիկ Մելքոնյանի դեմ՝ նպատակ ունենալով նրան զերծ պահել քաղաքական կոնկրետ հայտարարություններից և դիրքորոշումներից։    
17:51 - 14 մարտի, 2024
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

2024թ. մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի Հանձնաժողովի անդամներից ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Ա. Աբազյանը խոսել է ապագա անելիքների և առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտության մասին, մասնավորապես, ընդգծվել է Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարելու կարևորությունը՝ հաշվի առնելով համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ կողմերի հայտարարությունները: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քննչական կոմիտեում անհայտ կորած անձանց անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ ընթացող նախաքննությանը: ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Ընդգծվել է Հանձնաժողովի և ընտանիքի անդամների միջև մշտական տեղեկատվական կապ ապահովելու անհրաժեշտությունը: Նշվել է, որ Հանձնաժողովը և դրան կից աշխատանքային խումբը շարունակելու են աշխատել ծնողների և հարազատների հետ, ընդունել դիմումներ նրանց հուզող խնդիրների վերաբերյալ և կազմակերպել ընդունելություններ, քանի որ ծնողների տեղեկացված լինելու իրավունքի պաշտպանությունը Հանձնաժողովի գործունեության անքակտելի սկզբունքներից է: Խոսվել է միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ համագործակցության, ինչպես նաև գերեվարված ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի շուրջ ընթացող բանակցությունների մասին: Նիստի ընթացքում բարձրացվել են անհայտ կորած անձանց ծնողներին հուզող տարբեր ոլորտներին վերաբերող խնդիրներ, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվել և առաջարկներ են հնչել լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:
09:30 - 14 մարտի, 2024
ԱԱԾ-ն բերման է ենթարկել դաշնակցական Գարիկ Սարգսյանին |azatutyun.am|

ԱԱԾ-ն բերման է ենթարկել դաշնակցական Գարիկ Սարգսյանին |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայությունն այսօր վաղ առավոտյան բերման է ենթարկել դաշնակցական Գարիկ Սարգսյանին, «Ազատությանը» փոխանցեց նրա որդին՝ Արամ Սարգսյանը: «Առավոտյան 7-ի կողմերը ավտոմատներով մտել են մեր տուն, բոլորիս պառկացրել գետնին, այսինքն՝ վերաբերվել են այնպես, ինչպես կվարվեին ամենավտանգավոր հանցագործի հետ: Ինձ հարվածել են, գոռում էի, ասում, որ նախարարության աշխատակից եմ, լրագրող, բայց այդ պահին մեկը ոտքով հարվածեց դեմքիս, ասեց՝ «սուս մնա», մայրս էր շատ վախեցել», - «Ազատությանը» պատմեց Արամ Սարգսյանը: Արամի պատմելով՝ իրեն և հորը ձեռնաշղթաներով տան առանձին սենյակներում են պահել, հետո հորը մոտ չորս ժամ հարցաքննելուց հետո առանց որևէ պարզաբանման բերման ենթարկել: ԱԱԾ աշխատակիցները, ըստ Արամ Սարգսյանի, տան խուզարկությունից հետո առագրավել են իր անձնական օգտագործման նոութբուքը, հեռախոսի քարտ և մի քանի կրակած պարկուճ: «Վերջերս որ գնացել էինք Հոկտեմբերյանի հրաձգարան կրակելու՝ այնտեղից էի բերել, սիրունության համար», - հավելեց Արամը: Քաղաքացին կարծում է, որ դաշնակցական հորը բերման են ենթարկել քաղաքական ակտիվ գործունեության պատճառով: Ազգային անվտանգության ծառայությունը միջադեպի առնչությամբ ոչինչ չի հաղորդում: Արամ Սարգսյանի խոսքով՝ հայրն արդեն Քննչական կոմիտեում է: Նախաքննական մարմնից հրաժարվեցին մանրամասներ հայտնել, միայն ասացին՝ քիչ անց հաղորդագրություն կտարածեն:
18:44 - 13 մարտի, 2024
ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում. Սասուն Միքայելյանը՝ ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին |news.am|

ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում. Սասուն Միքայելյանը՝ ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին |news.am|

news.am: Սպարապետի ժամանակ մենք այն ժամանակ կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, որ հակառակորդի ձեռքին էր. այսօր «Երկրապահը» նույն գործն է անում, 44-օրյա պատերազմից մինչ օրս մենք պետական սահմաններն ենք պահում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: «Դուք ավելի լավ քաջատեղյակ եք՝ որ ուղղություններով, այստեղ չի կարելի ասել: Ես ուզում եմ դիմել ժողովրդին, որ այսօրվա ծանր վիճակում թե արտաքին քաղաքական, թե խոշոր տերությունների վերադասավորումների ժամանակ, հատկապես մեր տարածաշրջանում պետք է մի քիչ խելոք լինենք, համախմբված լինենք, որ հետագայում ավելի մեծ դժվարությունների չհանդիպենք»,-ասաց նա: Հարցին՝ ի՞նչ է նշանակում խելոք լինել, թշնամու կրակոցին չպատասխանե՞լ, նա պատասխանեց. «Թշնամու կրակոցի հետ դուք գործ չունեք, թշնամու դեմ կանգնած է մեր բանակը, Երկրապահը, տարբեր կառույցներ: Պետք չի տեղին-անտեղին ապատեղեկատվություն տարածել, ամեն մեկը մի բան խոսի, պետք է համախմբված լինենք»:Անդրադառնալով Ներքին Հանդում ստեղծված իրավիճակին, Սասուն Միքայելյանն ասաց. «Արդեն 3-4 տարի է, «Երկրապահը» Ներքին Հանդում ենք, ուղղակի չեմ ուզեցել, որ ամեն ինչ էսպես տարածվի: Մեծ թվաքանակով կանգնած է «Երկրապահը» պաշտպանական գծի ողջ գրեթե երկարությամբ: Կրակոց լինելում է, մենք էլ պատասխանում ենք»: Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունները Ներքին Հանդում տեղի ունեցածից հետո հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ կհետաքննեն եւ կպատժվեն բոլոր նրանք, որոնք խախտել են սադրանքների չգնալու հրամանը, ԵԿՄ նախագահն ասաց. «Դա ասվել է ընդհանուր արտաքին քաղաքականության համար, բայց էդ տղուն բռնե՞լ են: Էդ տղեն իմ հետ միասին հետ ենք եկել Հանդից: Ինչ վերաբերում է նրան, որ ԱԱԾ-ն հայտարարել է, որ որպես բարի կամքի դրսեւորում վերադարձնելու են ադրբեջանցի զինծառայողին, որը զինված ներխուժել էր Հայաստանի սուվերեն տարածք եւ գերի ընկել, Սասուն Միքայելյանն ասաց. «Մենք էլ էնտեղ գերիներ ունենք, դա իմ խնդիրը չի, իմ խնդիրը սահման պահելն է: ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում»:
09:54 - 05 մարտի, 2024
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողին կհանձնեն ադրբեջանական կողմին. ԱԱԾ

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողին կհանձնեն ադրբեջանական կողմին. ԱԱԾ

Ս․թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով: ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին։
22:30 - 04 մարտի, 2024
Արցախում կատարված սպանությունների առթիվ ՀՀ-ում քրեական վարույթներ են նախաձեռնվել․ կան կալանավորվածներ

Արցախում կատարված սպանությունների առթիվ ՀՀ-ում քրեական վարույթներ են նախաձեռնվել․ կան կալանավորվածներ

Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների` սպանությունների վերաբերյալ Հայաստանի Քննչական կոմիտեն քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների կողմից ստացել է 5 պատշաճ հաղորդում։ Դրանց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ հանցագործությունները կատարվել են այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների կողմից եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Հիշեցնենք՝ նախորդ տարեվերջին փորձել էինք հասկանալ, թե իրավական ինչ գործընթաց է սպասվում բռնի տեղահանման ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորներին եւ դատապարտյալներին, եւ արդյոք Հայաստանի իրավապահ մարմինները քայլեր ձեռնարկում են նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Այս թեմայի հանրային հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ այդ անձանց մեջ կան առանձնապես ծանր հանցագործությունների՝ սպանության, պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ մեղավոր ճանաչվածներ։ Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը թեմայի վերաբերյալ «Ինֆոքոմի»՝ հոկտեմբերի 11-ի հարցումներին ի պատասխան խուսափել էին որեւէ տեղեկություն տրամադրել։ Մասնավորապես, Ոստիկանությունը հայտնել էր, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իր լիազորությունների շրջանակից, իսկ ԱԱԾ-ն նշել էր, որ պահանջվող տեղեկություններն ԱԱԾ-ում առկա չեն։ Մինչդեռ մեր հարցումներից օրեր անց՝ հոկտեմբերի 30-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, Ազգային ժողովում հայտարարել էր, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել մոտ 11 կալանավոր, եւ իրենք բոլորի տվյալներն ունեն։ Ըստ նախարարի՝ այդ անձանց մի մասով զբաղվում է Ոստիկանությունը, մյուս մասով՝ Ազգային անվտանգության ծառայությունը։ Նախարարի այս հայտարարությունից հետո՝ մենք կրկին գրավոր հարցումներ ենք ուղարկել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին եւ Քննչական կոմիտեին՝ հետաքրքրվելով, թե Արցախից Հայաստան քանի կալանավոր եւ քանի դատապարտյալ է տեղափոխվել, կոնկրետ ինչ հանցանքների կատարման մեջ են մեղադրվում կամ դատապարտված նրանք, նրանցից քանիսն է հայտնաբերվել, քանիսը՝ դեռ ոչ եւ այլն։  Ոստիկանությունը պարզել է ԼՂ-ում ենթադրյալ հանցանք կատարած մի քանի անձանց ինքնությունները Հունվարի 10-ի մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունը առաջարկել է հայցվող տեղեկությունը ստանալու համար դիմել ՀՀ ԱԱԾ-ին՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի։ Հիշյալ կետը սահմանում է հետեւյալը. «Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները»: Հունվարի 15-ին մենք կրկին դիմել ենք Ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել հայցվող տեղեկությունների այն մասը, որին տնօրինում է։ Ավելի քան 2 շաբաթ անց՝ փետրվարի 1-ին, Ոստիկանությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում կատարված ծանր եւ առանձնապես ծանր մի քանի հանցագործությունների մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ստացել է համապատասխան տեղեկատվություն, որը օրենքով սահմանված կարգով տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտեին։  Ըստ Ոստիկանության՝ ձեռնարկված քրեական վարույթների շրջանակներում իրականացվել են համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են այդ հանցագործությունները կատարած մի քանի անձանց ինքնությունները․  «Մասնավորապես, սպանություն կատարած մեկ անձ ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Սպանություն կատարելու մեղադրանքով եւս մեկ անձ, ըստ ոստիկանությունում առկա տեղեկությունների, գտնվում է ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում»,- նշված է պատասխանում։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, վերջինս տվել է նույն պատասխանը, ինչը ուղարկել էր նախորդ տարեվերջին՝ պահանջվող տեղեկությունն ԱԱԾ-ում առկա չէ։ Լրացուցիչ հարցմամբ մեջբերելով նախարարի ելույթն ու Ոստիկանության՝ ԱԱԾ-ին դիմելու մասին առաջարկը՝ կրկին խնդրել ենք ԱԱԾ-ին տրամադրել թեմային առնչվող այն տեղեկությունները, որոնք առկա են։ ԱԱԾ-ն, սակայն, պնդել է, որ նախորդ գրություններով հարցմանն արդեն իսկ տվել է պատասխան․ «Հերթական անգամ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն»,- ասված է ԱԱԾ-ի՝ փետրվարի 21-ի գրության մեջ։ Այս խուսափողական պատասխանից ի վերջո անհայտ է մնում՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ դատապարտված անձինք, որոնցով, ինչպես նախարարն էր նշել իր ելույթում, զբաղվում է ԱԱԾ-ն, Հայաստանում այժմ ազատության մեջ են թե ոչ։ Ըստ ՔԿ-ի՝ մեղադրյալների նկատմամբ ընտրվել են կալանք կամ տնային կալանք խափանման միջոցները Մեր հարցերին ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ոստիկանների եւ քաղաքացիների հաղորդումների հիման վրա նախաձեռնված վերոնշյալ 5 վարույթները վերաբերում են սպանությունների դեպքերի։  Ըստ ՔԿ-ի՝ այդ վարույթներից 1-ը մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան: Դրա շրջանակում 2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը։ Մյուս 4 վարույթները գտնվում են նախաքննության փուլում։ Դրանցից 1-ով մեղադրյալի գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 1-ով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ մյուս 2-ով քրեական հետապնդում դեռեւս չի իրականացվում: Հայաստան բռնի տեղահանված կալանավորների մասին տվյալներին ՔԿ-ն չի տիրապետում ՔԿ-ի վերոնշյալ պատասխանից ենթադրելի է, որ խոսքը, ըստ ամենայնի, ոչ թե նախկինում Արցախում նախաձեռնված եւ քննված, այլ նոր ի հայտ եկած եւ ՀՀ-ում նախաձեռնված քրեական վարույթների մասին է։ Մենք հարցեր էինք հղել նաեւ նախկինում հարուցված քրեական վարույթների վերաբերյալ՝ հետաքրքրվելով բռնի տեղահանման օրերին Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորների թվի, նրանց մեղսագրված հանցանքների, հնարավոր հայտնաբերման, առկայության դեպքում նոր ընտրված խափանման միջոցների եւ այլնի մասին։ Այս հարցերին, սակայն, ՔԿ-ից չեն պատասխանել, նշել են՝ ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված կալանավորների մասին ՀՀ ՔԿ-ն տվյալների չի տիրապետում։ ՔԿ-ից տեղեկացրել են նաեւ, որ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարելու դեպքում քրեական օրենքի գործողությունը կարգավորում է ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով։ Հիշյալ հոդվածը սահմանում է, օրինակ, որ հանցանքը ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, ինչպես նաեւ ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ-ում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձանց կողմից կատարվել է որեւէ պետության չպատկանող տարածքում, ապա այդ արարքը կատարած անձինք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում: Նույն հոդվածի մեկ այլ դրույթի համաձայն՝  հանցանքը ՀՀ տարածքից դուրս կատարած եւ ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանց կողմից կատարված արարքը ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանք է, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության տարածքում այն հանցանք համարվելուց: Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ավելի վաղ մեր զրույցում կարծիք էր հայտնել, որ հիշյալ հոդվածով որոշակի լուծումներ նախատեսված են, բայց բացարձակ հետեւություններ անելուց առաջ օրենսդրական պայմանները պետք է ուշադրությամբ գնահատվեն։ Տվյալ դեպքում, ըստ նրա, քննարկման հարց է՝ համարում ենք, որ գործ ունենք պետությա՞ն հետ, թե՞ որեւէ պետության չպատկանող տարածքի։ Եթե Արցախը համարում ենք առանձին պետություն, արդյո՞ք միջպետական որեւէ համաձայնագրով սահմանված են քրեական վարույթների փոխանցման ընթացակարգեր (առնվազն հրապարակայնորեն նման համաձայնագիր հայտնի չէ), իսկ եթե համարում ենք որեւէ պետությանը չպատկանող տարածք, կարող է վիճելիություն ծագել Արցախում բնակվող անձանց՝ ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ (հաշվի առնելով, որ նրանց տրամադրված կապույտ անձնագրերը ՀՀ քաղաքացիություն չեն շնորհել)։ Այսպիսով, բռնի տեղահանման օրերին Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորներին եւ դատապարտյալներին առնչվող մի շարք հարցեր մինչ օրս պարզ չեն։ Չնայած ՆԳ նախարարի՝ Ազգային ժողովում հրապարակային ելույթին, որից պարզ է դառնում, որ իրավապահ կառույցները տիրապետում են այդ անձանց վերաբերյալ տվյալներին եւ աշխատանքներ են տանում նրանց հայտնաբերման ուղղությամբ, վերջիններս չեն շտապում հանրությանը հաղորդել թեմային առնչվող որոշակի տեղեկություններ, այդ թվում՝ հնարավոր ռիսկերի կամ խնդրի լուծման հնարավոր մեխանիզմների մասին։ Արդյունքում, հասարակական եւ պետական անվտանգության առնչությամբ ՀՀ քաղաքացիների մտահոգություններն ու կասկածները մնում են չփարատված։   Միլենա Խաչիկյան
16:45 - 28 փետրվարի, 2024
Հոդվածից է կախված՝ արդյոք վնասազերծված ադրբեջանցուն կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Հոդվածից է կախված՝ արդյոք վնասազերծված ադրբեջանցուն կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Թե գյուղացիներն ինչ են տեսել կամ ինչ են ասում, դա դեռ ճշտելու խնդիր ունի, բայց փաստն այն է, որ մեկ հոգի զինված ադրբեջանական կոմից սահմանն անցել է եւ մեր կողմից վնասազերծվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Շուտով Քննչական կոմիտեն հայտարարություն կանի, թե ինչ հոդվածներ են դնում: ԱԱԾ-ն իր հայտարարությունն արդեն արել է եւ օրվա ընթացքում դուք տեղեկացված կլինեք նաեւ հոդվածների բովանդակությանը, ինչի համար են դրանք դրված: Ադրբեջանն էլ չի հերքում, որ խոսքը մեկ հոգու մասին է, երկրորդ անձ չկա»,-ասաց նա: Հարցին՝ ինչպե՞ս է զինված ադրբեջանցին կարողացել հատել սահմանը, Քոչարյանը պատասխանեց. «Բազմաթիվ հատվածներ կան մեր պաշտպանական գծերի միջակայքում, որ կարող են ցանկության դեպքում անցնել, բայց շատ կարեւոր է, որ անցնելուց հետո մեր համապատասխան կառույցները վնասազերծել են: Այսինքն հիմա շատ դժվար է աննկատ մեր բնագծերն անցնել: Ամեն անգամ մենք այդ բնագծերի կարողություններն ավելացնելով  համարյա հնարավորություն չենք թողնելու նման թափանցումները իրենց ցանկությամբ դառնան իրականություն: Առաջադրվող հոդվածներից պարզ կդառնա՝ ինչ նպատակով է ինքը անցնել մեր բնագծերը: Ես կարծում եմ, որ քանի որ զենք է եղել իր մոտ, ամեն ինչ էլ կարող ենք ասել. Կարող է լինի դիվերսիա, կարող է լինի մոլորված, կարող է լինի հարբած, կարող է լինել նաեւ իրենց զորամասերում տիրող իրավիճակի արդյունք, որ նա փորձի հայտնվել մեր իշխանության ներքո»: Քոչարյան ը հստակեցեց, որ հոդվածից է կախված լինել, թե արդյոք նրան կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. «Դրանից հետո մենք ադրբեջանական կողմի հետ ունենք հնարավորություն խոսելու: Մենք էլ գերիներ ունենք: Նախորդ դեպքում, որը վիճահարույց էր, սպանության դեպք կար, բայց տեսանք, որ գերիների փոխանակման հետ կապված գտնվեց իրավական լուծումը»:
15:34 - 28 փետրվարի, 2024
Նկատել ենք, որ երկու հոգի է գալիս, մեկին բռնել են և տեղափոխել Գորիս. Արգամ Հովսեփյան
 |pastinfo.am|

Նկատել ենք, որ երկու հոգի է գալիս, մեկին բռնել են և տեղափոխել Գորիս. Արգամ Հովսեփյան |pastinfo.am|

pastinfo.am: Առավոտյան երկու ադրբեջանցի է հատել սահմանը, անցել Տեղ գյուղի հատված։ Նրանցից մեկը փախչել է, մյուսին՝ բռնել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արգամ Հովսեփյանը։ «Բաց է, տեսել ենք, նկատել ենք, որ երկու հոգի է գալիս։ Մեկին բռնել են, մյուսը փախչել է»,- նշեց նա։ Իսկ թե արդյո՞ք փնտրում են երկրորդ զինծառայողին՝ Հովսեփյանը նշեց․ «Դե ինչ փնտրեն։ Արդեն երևի իրենց դիրքեր է գնացել։ 1 կմ հեռու՝ իրենց դիրքերն են արդեն»։ Հովսեփյանը հայտնեց, որ ադրբեջանցի զինծառայողին, որին բռնել են պայմանագրայինները, տեղափոխել են Գորիս։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է։ Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրությամբ էր տարածել՝ ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ սահմանն ապօրինի անցնելը պատճառաբանելով իբրև մոլորվելու հետևանք։
13:51 - 28 փետրվարի, 2024
Բագրատաշենի անցակետում 29,5 մլն ռուբլու ապօրինի արտահանման փորձ է կանխվել

Բագրատաշենի անցակետում 29,5 մլն ռուբլու ապօրինի արտահանման փորձ է կանխվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի  ծառայողները և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշեն սահմանապահ վերահսկողության բաժնի աշխատակիցներից, բացահայտել են կանխիկ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման դեպք: Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հզ ՌԴ ռուբլու (130 միլիոն ՀՀ դրամին համարժեք) գումարի ապօրինի արտահանման փորձը: Գումարի մի մասը՝ 15 միլիոն ՌԴ ռուբլին, հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսային-կետ բաժին ժամանած մարդատար տրանսպորտային միջոցից, իսկ մյուս մասը՝ 14 միլիոն 510 հզ-ը, մեքենայի 4 ուղևորների մոտից, որոնք եղել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներ։ Դեպքի առնչությամբ կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:
11:35 - 27 փետրվարի, 2024
Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել սահմանապահ 5 նոր ուղեկալների բացման արարողություն |news.am|

Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել սահմանապահ 5 նոր ուղեկալների բացման արարողություն |news.am|

news.am: ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այցելել է ՀՀ սահմանապահ զորքերի N ջոկատ և մասնակցել սահմանապահ ջոկատի նորակառույց 5 ուղեկալների ու դրանց կից սպայական կացարանների շահագործման հանձնելու բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները և բարձրաստիճան պաշտոնյաներ: Արմեն Աբազյանն իր խոսքում նշել է, որ տարծաշրջանային գործընթացները ցույց են տալիս, որ փաստացի ավելացել է սահմանի ձգվածությունը:  «Եթե դրան ավելացնենք նաև սահմանային ռիսկերի ողջ սպեկտորը՝ նարկոթրաֆիկից մինչև ահաբեկիչների տեղափոխում, անօրինական միգրացիայից մինչև մաքսանենգություն, ապա սահմանապահ զորքերի վերազինումն ու արդիականացումը ժամանակի հրամայական է:  Սյունիք, Ճակատեն, Եղվարդ, Կաղնուտ, Դավիթ Բեկ սահմանային ուղեկալներն ամբողջությամբ ապահովված են ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, անհրաժեշտ պարագաներով: Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները համալրվում են տարբեր տեսակի ժամանակակից միջոցներով, կահավորվել է 18 սահմանապահ կետ, կառուցվել են խրամատներ, կրակակետեր և դիտման կետեր»,- ասել է նա։ ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են՝ 2020թ․ դեկտեմբերից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՀՀ ՊՆ ստորաբաժանումներից փուլային տարբերակով պահպանության են ընդունել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ: Նոր ձևավորված տեղամասի պահպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխանող սահմանային ուղեկալներ: ԱԱԾ տնօրենը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացավ պայմաններին:
14:32 - 24 փետրվարի, 2024
Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ․ ՔԿ
 |tert.am|

Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ․ ՔԿ |tert.am|

tert.am:  ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն՝  անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե  ձերբակալվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք: Գոռ Աբրահամյանը նշեց, որ մանրամասների մասին ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հիշեցնեք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Հավելենք նաև, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե տեղյակ չէ՝ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է մտել նախարարություն, թե՞ ուրիշ կառույց։ Լրագրողների դիտարկմանը, որ փոխնախարար Անի Իսպիրյանի ազատումը համընկե՞լ է այս գործողությունների հետ՝ նախարարն արձագանքեց, թե դա, իր կարծիքով, ընդամենը պատահականություն է և հայտնել, որ  իր տեղակալը 1,5 ամիս առաջ ասել էր, որ ամուսինը Հոլանդիայում աշխատանք է ստացել, ու պատրաստվում են տեղափոխվել։
14:40 - 31 հունվարի, 2024
Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործ. քննչական մարմինը հրաժարվում է դատարանին փաստաթղթեր տրամադրել |aravot.am|

Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործ. քննչական մարմինը հրաժարվում է դատարանին փաստաթղթեր տրամադրել |aravot.am|

aravot.am: ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նիստը: Գագիկ Ծառուկյանը եւ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ: Պաշտպանական կողմը նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդություն էր ներկայացրել՝ դատարանի որոշմամբ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից գործի վերաբերյալ հավելյալ փաստաթղթեր պահանջելու մասին: Պաշտպանները պահանջում են առնվազն գործը դատարան ուղարկելու պահին գործի նյութերում առկա բոլոր փաստաթղթերը: Քննչական մարմինը մերժել է այդ փաստաթղթերը տրամադրել՝ այն հիմնավորմամբ, որ ԱԱԾ տվյալ բաժինը լուծարվել է: «Ինձ համար առնվազն տարակուսելի է այդ մոտեցումը, երբ ունենք դատարանի կողմից կայացված որոշում եւ քննչական մարմինը հրաժարվում է կատարել այդ որոշումը: Այս որոշումը, իմ գնահատմամբ, ավելի շատ դատարանի դեմ է ուղղված, ոչ թե պաշտպանական, քանի որ դատարանի որոշումը չկատարելը, մեղմ ասած, հիմնավոր չի»,- հայտարարեց պաշտպան Էմին Խաչատրյանը՝ միջնորդելով նիստը հետաձգել եւ ապահովել քննչական մարմնի կողմից դատարանի որոշման կատարումը: Պաշտպանի դիտարկմամբ՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը լուծարվել է, բայց այլ վարչությունում այդ նյութերը պահպանվել են, իսկ դրանք անհրաժեշտ են պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու համար եւ հենց այս՝ ապացույցների հետազոտման փուլում: «Անհնար է իրավիճակ, որ դատարանի որոշումը չկատարվի»,-իր դիրքորոշումը ներկայացրեց պաշտպան Երեմ Սարգսյանը: Պաշտպանական կողմը մտավախություններ ունի, որ գործի նյութերում առկա են տվյալներ, որոնք ցանկանում են գաղտնի պահել՝ ոչ միայն պաշտպանության կողմի, այլ նաեւ հանրության համար: Դատավորն առաջարկեց՝ հարցը քննարկել ապացույցների հետազոտությունից հետո: Պաշտպանները պնդեցին իրենց դիրքորոշումը՝ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար այդ փաստաթղթերը անհրաժեշտ են իրենց այս փուլում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:14 - 30 հունվարի, 2024
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից ՀՀ տարածք շուրջ 13 կբ թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքը

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից ՀՀ տարածք շուրջ 13 կբ թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: Այսպես. Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիները ԻԻՀ քաղաքացու հետ միասին, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հունվարի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով՝ իրացնելու նպատակով ՀՀ են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։ Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի հունվարի 25-ին հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում մաքսանենգ ճանապարհով ՀՀ  է առաքվել թմրամիջոցի խմբաքանակ, որը ստացած անձինք պատրաստվել են տեղափոխել ք.Երևան: Հետագայում, հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության  աշխատակիցների կողմից: Հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է մարզային վարչության տարածք: Համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուրը՝ շուրջ 13 կգ տարատեսակ թմրամիջոցների նմանվող զանգվածներ
10:32 - 30 հունվարի, 2024
Հայաստանը պատրաստ է անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի  հետ․ ՀՀ ԱԱԾ

Հայաստանը պատրաստ է անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ․ ՀՀ ԱԱԾ

Ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, ՀՀ ԱԱԾ-ն հարկ է համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ, բացի դրանից, Ադրբեջանի Հանրապետությանն են փոխանցվել 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: «Հարկ ենք համարում հիշեցնել, որ 993 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ԼՂ հայեր համարվում են անհետ կորած 90-ականների սկզբից, 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս, այդ թվում բարձր և բարձրագույն մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի Հանրապետության հետ:   Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովն ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածության՝ վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ, Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը»:
11:16 - 27 հունվարի, 2024