ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

 |armenpress.am|

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդն ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:  «Այս սգո օրերին ես միանում եմ ամբողջ հայությանը՝ ոգեկոչելու Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, իսկ տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։ Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, 2 մարդ համարվում է անհետ կորած:  
13:00 - 18 օգոստոսի, 2022
ԵԱՀԿ աջակցությամբ վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համար

ԵԱՀԿ աջակցությամբ վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համար

Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում օգոստոսի 8-12-ն անցկացվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված գործնական դասընթացներ: Դրանք կոմիտեի ծառայողների համար օպերատիվ գործունեության մեթոդների, օպերատիվ աշխատանքի համակարգման և մարտավարության վերաբերյալ առաջին վերապատրաստման դասընթացներն են, որոնք  կազմակերպվել են ԵԱՀԿ քարտուղարության տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգողի գրասենյակի և Հակակոռուպցիոն կոմիտեի համատեղ ջանքերով: Դասընթացի մասնակիցներին միջազգային լավագույն փորձի վրա հիմնված հաջողված դեպքերի օրինակներով ներկայացվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում օպերատիվ աշխատանքի ժամանակակից մեթոդներն ու ապահովվել անհրաժեշտ տեխնիկական խորհրդատվության տրամադրումը: Անդրադառնալով նշված վերապատրաստումների կարևորությանը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին սերտ համագործակցության և կոմիտեի կազմավորումից ի վեր ԵԱՀԿ-ի հետ տարվող արդյունավետ աշխատանքի համար: Մ. Բաբայանի խոսքով` Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ մարմին, մեծապես կարևորում է միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունը և բարձր գնահատում ԵԱՀԿ-ի աջակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու գործում: Կողմերը երկուստեք համոզմունք են հայտնել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԵԱՀԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, իսկ վերապատրաստումների արդյունքում նոր գիտելիքների ձեռքբերումն ու լավագույն փորձի ներդրումը կնպաստեն նորաստեղծ կառույցի ներուժի ամրապնդմանը:
14:37 - 12 օգոստոսի, 2022
ԱՄՆ-ն կրկին ընդգծել է ԼՂ հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով լուծելու կարևորությունը

 |armenpress.am|

ԱՄՆ-ն կրկին ընդգծել է ԼՂ հետ կապված բոլոր հարցերը բանակցային ճանապարհով լուծելու կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգներն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենsիվ մարտերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քորթնի Օսթրիանը՝ արձանագրելով, որ այդ մարտերի հետևանքով գրանցվել են զոհեր ու վիրավորներ: «Մենք մոտիկից հետևում ենք իրադրությանն ու կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել քայլեր՝ թուլացնելու լարվածությունն ու խուսափելու հետագա էսկալացիայից: Ինչպես բազմիցս ենք նշել Մշտական խորհրդում, Միացյալ Նահանգներն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը»,- նշել է Օսթրիանը: Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով դեէսկալացնել իրադրությունն ու ուղիղ շփումներ սկսել՝ նվազեցնելու լարվածությունը: «Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատմանը և օգնելու հասնել հակամարտության տևական քաղաքական կարգավորման»,- նշել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը:
16:34 - 09 օգոստոսի, 2022
ԵԱՀԿ-ն կուսումնասիրի Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը

 |factor.am|

ԵԱՀԿ-ն կուսումնասիրի Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը |factor.am|

factor.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ 57 պետություններից 38-ն աջակցել է փորձագետների հատուկ խմբի ստեղծմանը, որը կուսումնասիրի Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը, հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Որոշումն ընդունվել է «Ռուսաստանում մարդու իրավունքների տագնապալի իրավիճակի կապակցությամբ, որը նշանավորվել է վերջին տարիներին բազմաթիվ սահմանափակող և ռեպրեսիվ միջոցների ներդրմամբ», – նշում է գերատեսչությունը։ Խախտումների հնարավոր դեպքերը հետաքննելու համար ԵԱՀԿ-ն կկիրառի, այսպես կոչված, «Մոսկվայի մեխանիզմը». այս մեթոդի համաձայն՝ կազմակերպությունը կընտրի 45 անկախ փորձագետներից բաղկացած խումբ, որը «կգնահատի Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների կատարման վիճակը և կբացահայտի Ռուսաստանի կառավարության կողմից իրականացված գործողությունները, որոնք հանգեցրել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ներկայիս իրավիճակին»: Միևնույն ժամանակ, խմբում չպետք է ընդգրկվեն փորձագետներ ինչպես այն երկրից, որի նկատմամբ իրականացվում է վարույթը, այնպես էլ այն երկրներից, որոնք նախաձեռնել են գործընթացը։ 
13:48 - 29 հուլիսի, 2022
«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունն ընդունելի չէ, ՀՀ-ն հրաժարվում է նման հարց քննարկել. Աղաջանյան

 |armenpress.am|

«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունն ընդունելի չէ, ՀՀ-ն հրաժարվում է նման հարց քննարկել. Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ի սկզբանե հրաժարվել է և հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» հարց քննարկել, նման տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ: Այս մասին խորհրդարանում ասուլիսի ընթացքում վերահաստատեց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանում ասուլիսում: «Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար»,-ասաց Աղաջանյանը: Նա հիշեցրեց, որ, երբ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի վերջին հանդիպմանը հետևել է Ալիևի համապատասխան հայտարարությունը՝ այդ թվում նաև «Զանգեզուրի միջանցքը» հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել: «Այս գործելաոճը նոր չէ: Ադրբեջանը մշտապես առանձնացել է նմանատիպ գործելակերպով: Սա առանձնապես չի օգնում կամ խրախուսում կառուցողական քննարկումներին: Բայց, ցավոք, մեր հարևաններն առանձնանում են նմանատիպ ոչ պատշաճ, պայմանավորվածությունները չպահող գործելակերպով: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել: Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել, հրաժարվել է ի սկզբանե»,- շեշտեց պատգամավորը:
13:34 - 26 հուլիսի, 2022
Թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների. Մարիա Կարապետյան
 |1lurer.am|

Թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների. Մարիա Կարապետյան |1lurer.am|

1lurer.am: Մեզ շոկի չպետք է ենթարկի այն, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քայլերը կարող են համաձայնեցնել։ Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որ թեև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ է, սակայն Անկարան գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ: «Մենք Թուրքիայի հետ բանակցում ենք Հայաստան-Թուրքիա սահմանն առանց նախապայմանների բացելու վերաբերյալ. այստեղ առաջնային կարևորություն ունի, թե մեր բանակցությունների արդյունքում երկկողմ մամլո հաղորդագրություններում ինչ է գրված: Եվ բոլորս շատ լավ գիտենք, որ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ այդ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների»,- նշեց Մարիա Կարապետյանը: Նրա խոսքով՝ պետք է ջանք գործադրել, որ երկու պայմանավորվածությունները իրականություն դառնան: «Թե Թուրքիան Ադրբեջանի հետ իրենց փոխադարձ շահերը ինչպես կլուծի, կհամաձայնեցնի՝ իրենց գործն է: Մեզ մեր շահը պետք է հետաքրքրքի, որ սահմանը բացվի, և Հայաստանը շնչի, բեռնափոխադրումները կատարվեն, և այդ ընթացքում որ ոչ մի կենսական շահ չստորադասենք այդ գործընթացին»,- ասաց պատգամավորը:
13:14 - 26 հուլիսի, 2022
Ցավոք, ԵԱՀԿ ԽՎ-ն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է միայն Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա. Աղաջանյան

 |armenpress.am|

Ցավոք, ԵԱՀԿ ԽՎ-ն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է միայն Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա. Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am:  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում ներկայացված զեկույցներում հայկական պատվիրակությունը 3 փոփոխություն է նախաձեռնել, որոնք վերաբերել են նաև գերիների առկախված խնդրին, մշակութային ժառանգության պահպանմանը, սակայն դրանք չեն ընդունվել: Այս մասին ասաց ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությանը նվիրված ասուլիսում: Աղաջանյանը նշեց, որ ձմեռային նստաշրջանի նիստի հենց առաջին օրը համընկել է Ուկրաինայի իրադարձությունների հետ։ «Այդ պահից սկսած՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամբողջ ուշադրությունը սևեռված էր այս կոնֆլիկտի վրա: Գործնականում, անկեղծ ասած, շատ դժվար էր որևէ այլ հարցի վրա սևեռել խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը՝ այդ թվում, բնականաբար, նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա»,- ասաց պատվիրակության ղեկավարը՝ վստահեցնելով, որ իրենք, այնուամենայնիվ, ելույթներ են ունեցել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մասին, մանրամասն ներկայացրել այն խնդիրները, որոնք դեռևս առկա են և լուծման կարիք ունեն: Նախքան ամառային նստաշրջանը հայկական պատվիրակությունից Էդուարդ Աղաջանյանն ու Մարիա Կարապետյանը նաև մեկնել են Լիտվա՝ հանդիպելու ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցողին՝ լիտվացի պատգամավորին, նրան ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում՝ կարևորելով, որ զեկույցի շրջանակում զեկուցողը մանրամասն տեղյակ լինի, թե տարածաշրջանում ինչ գործընթացներ են ընթանում, և, որ Հայաստանին վերաբերող հատվածը լինի առավել օբյեկտիվ: «Մեր տպավորությամբ՝ հանդիպումը շատ կարևոր և բովանդակալից էր: Կարծում ենք, որ, եթե չլիներ այդ հանդիպումը, թերևս նրա մոտ շատ ավելի կիսատ կլինեին մեր տարածաշրջանում տեղի ունեցածի վերաբերյալ պատկերացումներն»,-ասաց Աղաջանյանը: Ամառային, ամփոփիչ նստաշրջանում, որի շրջանակում հաստատվում է տարեկան զեկույցը, հայկական կողմը նախաձեռնել էր երեք փոփոխություն, որոնցից 2-ը պետք է տեղ գտնեին քաղաքական հարցերով զեկույցում, մեկը՝ մարդու իրավունքների հարցերով զեկույցում: «Սրանք վերաբերում էին տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, այն կոնֆլիկտին, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր գործնականում շարունակվում է, և կան առկախված հարցեր, որոնք չենք լուծվում: Այս փոփոխությունները նպատակ ունեին միջազգային հանրության և ԵԱՀԿ ԽՎ-ի ուշադրությունը սևեռելու այն առկախված խնդիրներին, որոնք մինչև հիմա լուծված չեն»,- ներկայացրեց Աղաջանյանը: Նախքան օրակարգ մտնելը փոփոխությունները պետք է նվազագույն թվով ստորագրություններ հավաքեն տարբեր պատվիրակությունների անդամների կողմից: Պատվիրակության ղեկավարի վստահեցմամբ՝ իրենց փոփոխությունները սկզբնական շրջանում ունեցել են առավելագույն թվով աջակցություն տարբեր պատվիրակների կողմից: «Դրանք վերաբերում էին հիմնավորապես գերիների առկախված խնդրին, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև օրս լուծված չէ, չնայած դրան վերաբերող դրույթ կա հենց եռակողմ հայտարարության մեջ: Բազմիցս դրան անդրադարձել են միջազգային տարբեր կազմակերպություններ: Որևէ պատճառ, թե ինչու պետք է ԵԱՀԿ ԽՎ-ն հրաժարվեր այդ թեմային անդրադառնալ, մենք չենք տեսնում: Հաջորդ հարցը վերաբերել է  մշակութային ժառանգության պահպանմանը, մյուսը՝ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և դրա կարևորությանը»,-ասաց Աղաջանյանը: Հայկական պատվիրակությունն ընդգծել է նաև Արցախի հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում լուծելու կարևորությունը: Պատվիրակության ղեկավարը վստահեցնում է, որ առաջարկած փոփոխություններում բոլոր հիմնավորումներն առկա էին: Սակայն երեք փոփոխություններից ոչ մեկը փոքր ձայների տարբերությամբ չեն ընդունվել: Երկու հանձնաժողովների զեկուցողները քվեարկությունից առաջ հստակ դիրքորշում են հայտնել՝ անփոփոխ թողնելու տեքստը: Եվ տվյալ հարցերով զեկուցողի դիրքորոշումը որոշիչ է լինում: «Մեր գնահատականը մենք հնչեցրել ենք հենց ԽՎ-ում, ես, մասնավորապես, ելույթ եմ ունեցել՝ դատապարտելով այդ որոշումը և բոլորի ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ, ցավոք, ԵԱՀԿ ԽՎ-ն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է կոնկրետ մի կետի՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա: Եվ, ըստ էության, գործնական կարելի է արձանագրել, որ որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ ԵԱՀԿ տարածաշրջանում այս պահին հետաքրքիր չէ մեր գործընկերներին: Սա մեզ համար անընդունելի գործելակերպ է, դատապարտելի է: Եվ սրա մասին բարձրաձայնել ենք մենք: Սա, իհարկե, հարցեր է բարձրացնում մեզ համար, մենք դեռ պետք է վերլուծենք, թե ինչն է պատճառ հանդիսացել այս ամենի՝ հաշվի առնելով այդ թվում նաև այն գործողությունները, որ իրականացվել էինք նախքան տարեկան նստաշրջանը»,- ասաց Աղաջանյանը: Նա ընդգծեց նաև, որ ադրբեջանական պատվիրակությունն, ըստ էության, որդեգրել է նույնաբովանդակ մեղադրանքների մարտավարություն: Եվ, ըստ Աղաջանյանի, նման մեղադրանքների հորձանուտում ԵԱՀԿ ԽՎ գործընկերների ընկալումները կարող են փոքր-ինչ խեղվել, և իրականությունը նման պայմաններում դժվար է ի հայտ բերել:
12:45 - 26 հուլիսի, 2022
Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստում

Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստում

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում: Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ խորհրդարանականներ, Ահաբեկչության և դրա զոհերի մասին խոսելիս, նույնկերպ ինչպես մարդու իրավունքների դեպքում, մեր մոտեցումը չի կարող լինել ընտրողական: Մենք չենք կարող միայն մի տարածաշրջանում բարձրաձայնել ահաբեկչության զոհերի մասին և լռել այլ վայրերի մասին: Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ավելի քան 10 երկրների գործընկերներիս` բանաձևում մեր կողմից ներկայացված փոփոխություններին կողմ քվեարկելու համար, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը հենց այն պատճառով, որ այնտեղ ապրող ժողովուրդը զոհ է ահաբեկչության և ռազմական հանցագործությունների և անգամ այսօր կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև: Առաջ մղել թեզ, թե հակամարտությունը կարգավորված է, փաստացի նշանակում է ստիպել ձեզ բոլորիդ ընդունել, որ միջազգային իրավունքը մահացել է: Ավելին, ես համարում եմ, որ քվեարկությունը, որով որոշվեց լռել և ընդունել, որ հակամարտությունը լուծված է, թողնում է բաց և ցավոտ հարցեր, որոնցից կարևորագույնը Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցն է: Իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում, քանի որ չեն վերացել ո՛չ մարդիկ, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ո՛չ նրանց անվտանգային խնդիրներն ու իրավունքները: Երբ մենք թույլ ենք տալիս մեզ չհասցեագրել այս խնդիրները, մենք կանաչ լույս ենք վառում այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք կարող են հետևել Ադրբեջանի ղեկավարի խոսքերին, որոնք ես կմեջբերեմ. «Ես ասացի, որ եթե հայերը չհեռանան մեր հողերից իրենց կամքով, ապա մենք նրանց կքշենք շների պես»: Ես դեռևս հույս ունեմ, որ որևէ մեկը չի ցանկանում հայտնվել այնպիսի քաղաքականության պաշտպանի դիրքում, որը հանգեցնում է վերը նշվածին, քանի դեռ շատ ուշ չէ: Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ, և այս առումով ո՛չ քաղաքականությունը, ո՛չ որևէ գումար չեն կարող ավելի թանկ լինել, քանի մարդկային կյանքերը»,- իր ելույթը եզրափակել է Հռիփսիմե Գրիգորյանը:
19:27 - 06 հուլիսի, 2022
Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար. Ալիև
 |azatutyun.am|

Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար. Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և մի շարք երկրների կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերը հակաարդյունավետ են և կործանարար Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի համար։ «Ադրբեջանը ռազմաքաղաքական միջոցներով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարիքը չկա, մենք նրան հրաժեշտ ենք տվել։ Իսկ Հայաստանը և մի շարք երկրներ ցանկանում են վերականգնել, բայց դա անհնար է, այն մեռած է», - այսօր Բաքվում ելույթ ունենալով Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի համաժողովի բացմանը՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։ Ալիևը պնդել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած հետագա շահարկում ոչ միայն հակաարդյունավետ է, այլև՝ կործանարար տարածաշրջանում հնարավոր խաղաղության համար։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել:    
14:01 - 30 հունիսի, 2022
ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը. Վահե Գևորգյան

ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը. Վահե Գևորգյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 28-29-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի փաստացի և շարունակական խախտումները, զինված հակամարտություններում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և վարձկանների օգտագործումը փաստացի հարցականի տակ է դրել ԵԱՀԿ կարողությունը՝ ապահովելու իր պատասխանատվության տարածաշրջանում համապարփակ անվտանգությունը։ Նշվել է, որ Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված զինադադարի շարունակական խախտումները, այս տարվա մարտին Արցախում մարդասիրական ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի քայլերը, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ ձևաչափերի աշխատանքների խոչընդոտումը վկայում են, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը  և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների վերահաստատումը։ Աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է վերջինիս գործունեությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի՝ այդ թվում սեփական ապագան որոշելու իրավունքի իրացման ապահովմանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային նպատակ։ Կարևորվել է նաև ԵԱՀԿ ներգրավվածությունը հումանիտար հարցերի, ներառյալ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, մշակութային ժառանգության պաշտպանության, բռնի անհետացածների ու անհետ կորածների դեպքերի հասցեագրման գործում։ Համաժողովի շրջանակներում նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր Քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Քննարկվեց համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
10:30 - 30 հունիսի, 2022