Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

ՊՎԾ-ն տվյալներ ունի Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի խախտումներով համայնքային հողատարածքների օտարման մասին

ՊՎԾ-ն տվյալներ ունի Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի խախտումներով համայնքային հողատարածքների օտարման մասին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին, մասնավորապես. 1. Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. որոշմամբ քաղաքացի Կ.Հ.-ին 1.921.300 դրամ արժեքով օտարվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող 424.7քմ մակերեսով հողամասը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ուղղակի վաճառքի հիմքը՝ վաճառված 424.7քմ մակերեսով հողամասի դեպքում առկա չի եղել. հողամասը գտնվում է փողոցների խաչմերուկում, կառուցապատման 1-ին գծում՝ փողոցին անմիջապես հարող հատվածում, ունի շուրջ 31.1մ փողոցին հարող երկարություն և 20.37մ լայնություն, ուստի այն ամբողջությամբ հանդիսանում էր առանձին գույքային միավոր և պետք է օտարվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով: Պարզվել է նաև, որ վաճառված հողամասին հարակից գտնվող 431.3քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 4.500 դրամ, այսինքն՝ շուրջ 7.2 անգամ էժան: 2. Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. մեկ այլ որոշմամբ քաղաքացի Ա.Ա.-ին 3.206.020 դրամ արժեքով օտարվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող 708.67քմ մակերեսով հողամասը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ուղղակի վաճառքի հիմքը՝ վաճառված 708.67քմ մակերեսով հողամասի դեպքում առկա չի եղել. հողամասի երկու հողակտորներն էլ գտնվում են կառուցապատման 1-ին գծում՝ փողոցին անմիջապես հարող հատվածում, ունեն համապատասխանաբար շուրջ 35մ երկարություն, 11մ լայնություն և շուրջ 43մ երկարություն, 7.5մ լայնություն, ուստի այն ամբողջությամբ հանդիսանում էր առանձին գույքային միավոր և պետք է օտարվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով: Օտարված հողամասում և հարակից հողամասերում արդեն իսկ իրականացված են կառուցապատման աշխատանքներ (առկա էին թաունհաուսներ): Պարզվել է նաև, որ վաճառված հողամասին հարակից գտնվող 431.3քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 4.500 դրամ, այսինքն՝ շուրջ 7.2 անգամ էժան: Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
Այսօր 11:15
Ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը

Ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը

Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը։ «Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց կառուցվող ճանապարհահատվածում նախատեսվում է փոխարինել դեռևս խորհրդային տարիներից շահագործվող կոմունիկացիոն ենթակառուցվածքներ, ինչն ինքնին ժամանակատար ու տեխնիկապես բարդ գործընթաց է: Այդ, ինչպես նաև ճանապարհաշինական մյուս աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի: Չնայած բարդություններին, արվելու է հնարավորը՝ աշխատանքները առավելագույն սեղմ ժամկետում իրականացնելու համար և խնդրում ենք հարցին ըմբռնումով մոտենալ: Ճանապարհի վերաբացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Մինչ այդ, որպես այլընտրանքային ճանապարհ, առաջարկվում է օգտվել Իսակով-Մ5 ճանապարհի խաչմերուկի հետադարձից, որից հետո աջ շրջադարձով թեքվել դեպի Ա. Բաբաջանյան փողոց: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:24 - 15 օգոստոսի, 2022
Ապամոնտաժվելու է Բագրատունյաց պողոտա - Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը

Ապամոնտաժվելու է Բագրատունյաց պողոտա - Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը

Օգոստոսի 12-ից ապամոնտաժվելու է Բագրատունյաց պող. - Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը: «Բագրատունյաց պող. - Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ 1 ամսով՝ փուլային տարբերակով, փակ կլինի Բագրատունյաց պողոտայի՝ անցմանը հարակից մեկական երթևեկելի գոտի: Գործընթացի առաջին փուլում կփակվի Բագրատունյաց պողոտայից Երևանյան լիճ ուղղության 1-ին գոտին: Տրանսպորտային հոսքերի անցանելիությունը կապահովվի 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներով: Այդուհետ, 2-րդ գոտու փակման պարագայում երթևեկությունը կիրականացվի 1-ին և 3-րդ գոտիներով, իսկ 3-րդ գոտու փակվելու դեպքում երթևեկելի կլինեն 1-ին և 2-րդ գոտիները: Նույն սկզբունքով վերգետնյա անցման ապամոնտաժման ընթացքում կփակվի հանդիպակաց ճանապարհը (Երևանյան լճից Բագրատունյաց պողոտա եկող ուղղության մեկական երթևեկելի գոտին): Հետիոտնային անցումը Բագրատունյաց պողոտայի մի մայթից մյուսը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի՝ Բագրատունյաց պող.- Չեխովի փողոցի հարակից հատված՝ մինչև աշխատանքների ավարտը»,- նշված է հաղորդագրության մեջ:
17:11 - 11 օգոստոսի, 2022
Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը

Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը

Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Հարգելի համաքաղաքացիներ,Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ից ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղուց դեպի Մ4 միջպետական ճանապարհի՝ վերը նշված կամրջի հատվածը: Որպես այլընտրանք առաջարկվում է Թբիլիսյան խճուղուց (նախկին Ռայկոմի ուղղությունից) հասնել մինչև «Գազպրոմ Արմենիայի» վարչական շենք, այնուհետ աջ շրջադարձով մտնել Աճառյան փողոց, հասնել մինչև Առինջի կամարին հարակից լուսացույց, կատարել շրջադարձ և նորից միանալ Մ-4 միջպետական ճանապարհին: Կամրջի նորոգման տևողությունը 1 ամիս է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
11:53 - 09 օգոստոսի, 2022
«Եռաբլուր» տանող ճանապարհն այսուհետ կլինի լուսավոր. ավարտվել են 1.3 կմ երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները

«Եռաբլուր» տանող ճանապարհն այսուհետ կլինի լուսավոր. ավարտվել են 1.3 կմ երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները

«Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լուսավոր. կառուցվել է նոր ցանց: «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող՝ մուտքի կամարից մինչև աստիճանահարթակ, շուրջ 1.3 կմ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները ավարտվել են: Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը ասաց, որ Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով քաղաքապետարանը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ այս տարի ձեռք է բերելու շուրջ 500 մլն դրամի լուսատու: «2023 թվականին նույն քանակի լուսատուների ձեռքբերման համար արդեն տարվում են նախապատրաստական աշխատանքներ»,- հավելեց քաղաքապետը:
15:31 - 08 օգոստոսի, 2022
Երևանում ընթացիկ տարում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ

Երևանում ընթացիկ տարում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ընթացիկ տարում նորացնել շուրջ 770 դիտահորի կափարիչ: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 22 դիտահոր էլ կհավասարեցվի ճանապարհներին: «Երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր իսկական գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը: Չնայած խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, ջրահեռացման կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, այսուհանդերձ համայնքը՝ կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը։ Ընթացիկ տարում մայրաքաղաքում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ, 22 դիտահոր էլ կհավասարեցվի ճանապարհներին»,-ասված է հաղորդագրությունում:
12:43 - 05 օգոստոսի, 2022
Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նոր ղեկավարներին

Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ և աշխատակազմերին ներկայացրել վարչական շրջանների նորանշանակ ղեկավարներ Հակոբ Բալայանին և Արտակ Հովակիմյանին:   Քաղաքապետն առանձնացրել է այն ոլորտները, որոնց անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել: Մասնավորապես, նշվել է, որ օրվա խնդիրները լուծելուց բացի անհրաժեշտ է մնայուն համակարգեր ձևավորել:   «Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ ծրագրեր է նախաձեռնել, որոնք նպաստելու են մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու թափանցիկության ապահովմանը: Շատ կարևոր է, որ վարչական շրջան կամ քաղաքապետարան դիմող մեր քաղաքացիները զերծ մնան ավելորդ քաշքշուկներից: Դուք ևս տեղերում պետք է հետևեք, որ ներդրվող համակարգերն արդյունավետ գործեն»,- ընդգծել է քաղաքապետը:   Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանների նոր ղեկավարների հետ աշխատակազմերի գործակցությունը կլինի արդյունավետ և արգասաբեր:    
16:31 - 02 օգոստոսի, 2022
Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ. առաջիկայում կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը

Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ. առաջիկայում կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը

Ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման առնչությամբ: Հանձնարարվել է ստուգայցերով մշտական հսկողություն սահմանել և հետևել, որ շինհրապարակներում պահպանվեն կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։    *** Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով կշարունակվեն Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները: Առաջիկայում կմեկնարկի գործընթացի երկրորդ փուլը: Հարկ է նշել, որ առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ: *** Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ: Հանձնարարվել է ըստ անհրաժեշտության ավելացնել դրանց քանակը: *** Տարեկան ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն Աբովյան պուրակում: Համալիր բարեկարգմամբ ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն: Աշխատանքներն ընթացքում են: *** Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով: Նախագծային մրցույթն արդեն կայացել է: *** «Վեոլիա Ջուր» ընկերությունը մաքրել է 10 դիտահոր և 87 հեղեղատար: Քաղաքապետը առաջարկել է դիտահորերի ցանկը տրամադրել վարչական շրջանների ղեկավարներին՝ գործընթացը համայնքի կողմից ևս մշտական հսկողության տակ պահելու նպատակով: *** Արդիականացվել է Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան զբոսայգու և հարակից խաղահրապարակի արտաքին լուսավորության ցանցը: *** Մի քանի փուլով իրականցվող ծրագրով Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ ևս 150 էլ կնորոգվի: 90 հասցեում աշխատանքներն արդեն ավարտվել են:
15:53 - 01 օգոստոսի, 2022
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում շուրջ 8.5 մլրդ դրամի խախտումներ է հայտնաբերել

ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում շուրջ 8.5 մլրդ դրամի խախտումներ է հայտնաբերել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն:  Այս մասին հայտնում են ՊՎԾ մամուլի ծառայությունից։  Ուսումնասիրության շրջանակներում իրականացված ծավալուն և բազմակողմանի վերահսկողական ու վերլուծական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ճանապարհաշինարարական, բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքների ծրագրերին,  քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեությանը, քաղաքապետարանի աշխատակիցներին ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացին, արտասահմանյան գործուղումների ծախսերին, ինչպես նաև գնումների գործընթացը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին և հանրակրթական ծրագրին: Մասնավորապես, բացահայտվել են հետևյալ առավել ուշագրավ և մեծածավալ խախտումները.  պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին տրամադրվող դոտացիայի հաշվարկման հիմք հանդիսացող տեղեկատվությունը՝ գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները պակաս են ներկայացվել շուրջ 7.1 միլիարդ ՀՀ դրամի չափով, ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել համապատասխան բազաներում, կամ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի արդյունքում չի հավաքագրվել շուրջ 331 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի գումար, իսկ շուրջ 8 տասնյակ ավտոմեքենաներ օտարվել են առանց 4.3 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի պարտավորությունը մարելու, թվով 634 փոխադրամիջոց օտարվել է հարկադիր աճուրդի կամ բռնագանձման շրջանակներում, իսկ դրանց մասով առկա 124.6 միլիոն ՀՀ դրամի գույքահարկի պարտավորությունը գանձելու ուղղությամբ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել, փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման, աշխատանքների շրջանակներում արձանագրվել են շուրջ 542,7 միլիոն ՀՀ դրամի ոչ նպատակային օգտագործման և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր, իսկ այդ աշխատանքների արդյունքում գոյացած՝ մոտ 288.6 միլիոն ՀՀ դրամի ասֆալտի տաշվածք կապալառու կազմակերպությունների կողմից չի տրամադրվել Երևան քաղաքի վարչական շրջաններին, ինչը սահմանված է եղել պայմանագրով, հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության գծով հատկացվել է 90.4 միլիոն ՀՀ դրամ ավել ֆինանսավորում և այլն:  Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքներն  ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:  Պետք է նշել նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացված տեղեկատվությունների և իրականացված վերլուծությունների հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանում զուգահեռաբար մշտադիտարկվում են 2011-2018թթ. շինարարության թույլտվությունների տրամադրման և ուղղակի վաճառքի եղանակով հողամասերի օտարման գործընթացները, որոնց արդյունքում այս պահի դրությամբ հայտնաբերվել են շուրջ 7.3 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ: Դրանք հիմնականում առնչվում են սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու հետ կախված՝ վարչական տուգանքներ չկիրառելու դեպքերին, որոնց ընդհանուր չափը կազմում է մոտ 6.2 միլիարդ ՀՀ դրամ: Բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել են թվով 3 քրեական գործեր:  Երևանի քաղաքապետարանում մշտադիտարկումների շրջանակներում վերահսկողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքների մասին հետագայում կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն:
15:41 - 28 հուլիսի, 2022
Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ․ Երևանի քաղաքապետարան

Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ․ Երևանի քաղաքապետարան

Երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրով կտեղադրվի 10 նոր կանգառասրահ. աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։  Երևանում գծանշում իրականացնող ընկերությունը պետք է վերացնի թերությունները: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հսկողություն սահմանել տեխնիկական պայմանների խախտումով արված հատվածներում գործընթացը նորից կազմակերպելու նկատառումով: 2023թ. համայնքը կշարունակի վերելակների փոխարինման ծրագիրը: Հանձնարարվել է մրցութային բոլոր գործընթացները կազմակերպել արդեն այս տարվանից, որպեսզի հաջորդ տարի ծրագիրը միանգամից գործնական փուլ տեղափոխվի: Նախանշված 500 վերելակին, միջոցների առկայության պարագայում, կգումարվի ևս 200-ը: Անհրաժեշտ ջրածավալ ապահովելու և կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով ավարտվել են Դալմայի ջրագծի որոշ հատվածների փոխարինման աշխատանքները: Անցկացվել է 630 մմ-անոց 344 գծմ երկարությամբ նոր խողովակաշար, որը հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: ՄԱԿ-ի գործընկերների հետ այժմ քննարկվում են մի շարք նմուշներ, որոնք կփորձարկվեն հենց շենքի վրա: Ծրագրով կարդիականացվի նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունը: Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կկառուցվեն հատուկ մարզահրապարակներ:
17:40 - 25 հուլիսի, 2022
Այդ համակարգը իմ հայտարարությունից 25 օր առաջ արդեն աշխատում էր․ Հրաչյա Սարգսյանը՝ քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտության մասին |tert.am|

Այդ համակարգը իմ հայտարարությունից 25 օր առաջ արդեն աշխատում էր․ Հրաչյա Սարգսյանը՝ քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտության մասին |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետարանում խորհրդակցությունների ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի միաժամանակ 12 վարչական շրջաններում՝ նշելով, որ լայն արձագանք է գտել հանրության շրջանում։ «Անկեղծ, ես չէի պատկերացնում, որ այդպիսի մեծ իրադարձություն է լինելու, ուրախալի է, որ երևանաբնակները և մարզերի բնակիչները այդպիսի մեծ պատասխանատվությամբ են վերաբերում Երևանին։ Համոզմունք ունեմ, որ նույն ջանասիրությամբ համատեղ փորձելու ենք մեր խնդիրները լուծել։ Այնուամենայիվ, կցանկանայի մանրամասնել, որ Երևանի աշտարակում յուրաքանչյուր ժամը մեկ 3-4 վայրկյան հնչում է Երևանի հիմնը, վարչական շրջաններում տեղադրվել է համակարգ, որտեղ այդ նույն ղողանջները ժամը մեկ հնչում են»,– ասաց Սարգսյանը։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ զանգերի ձայները խանգարում են մարդկանց, ապա քաղաքապետն ասաց, որ այդ համակարգը իր հայտարարությունից 25 օր առաջ արդեն աշխատում էր և վստահություն հայտնեց, որ իր հայտարարությունից հետո էլ մարդիկ նույն ձևով արթնացել են և իրենց կյանքում շատ բան չի փոխվել։
11:07 - 25 հուլիսի, 2022
Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում

Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում

Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն այսուհետ կհնչի նաև վարչական շրջաններում. ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Ես վստահ եմ՝ քաղաքը պիտի շուտ արթնանա, աշխատանքային օրը պիտի վաղ սկսվի: Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում», - նշել է քաղաքապետը։   «Երևանի հիմնի ղողանջների ներքո տեղական ժամանակն ազդարարող համակարգը Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղադրվել է բոլոր թաղապետարաններում:   Քաղաքապետարանի՝ ինքնատիպ ճարտապետությամբ շենքի աշտարակն ունի 50 մետր բարձրություն, ժամացույցը՝ 45 մետրի վրա է:   Օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին այսուհետ քաղաքացիները կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից: Նախկին համակարգն այլևս չէր գործում և վերականգնման ենթակա չէր: Աշխատանքի ու հանդիպման շտապող քաղաքացիների համար սա երանյան կոլորիտը վերադարձնելու ևս մեկ նախաձեռնություն էր», -նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։  
13:06 - 23 հուլիսի, 2022