ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ԵԱՀԿ աջակցությամբ վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համար

ԵԱՀԿ աջակցությամբ վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների համար

Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում օգոստոսի 8-12-ն անցկացվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված գործնական դասընթացներ: Դրանք կոմիտեի ծառայողների համար օպերատիվ գործունեության մեթոդների, օպերատիվ աշխատանքի համակարգման և մարտավարության վերաբերյալ առաջին վերապատրաստման դասընթացներն են, որոնք  կազմակերպվել են ԵԱՀԿ քարտուղարության տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգողի գրասենյակի և Հակակոռուպցիոն կոմիտեի համատեղ ջանքերով: Դասընթացի մասնակիցներին միջազգային լավագույն փորձի վրա հիմնված հաջողված դեպքերի օրինակներով ներկայացվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում օպերատիվ աշխատանքի ժամանակակից մեթոդներն ու ապահովվել անհրաժեշտ տեխնիկական խորհրդատվության տրամադրումը: Անդրադառնալով նշված վերապատրաստումների կարևորությանը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին սերտ համագործակցության և կոմիտեի կազմավորումից ի վեր ԵԱՀԿ-ի հետ տարվող արդյունավետ աշխատանքի համար: Մ. Բաբայանի խոսքով` Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ մարմին, մեծապես կարևորում է միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունը և բարձր գնահատում ԵԱՀԿ-ի աջակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու գործում: Կողմերը երկուստեք համոզմունք են հայտնել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԵԱՀԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, իսկ վերապատրաստումների արդյունքում նոր գիտելիքների ձեռքբերումն ու լավագույն փորձի ներդրումը կնպաստեն նորաստեղծ կառույցի ներուժի ամրապնդմանը:
14:37 - 12 օգոստոսի, 2022
Հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ դատարան ուղարկված քրգործերը քառապատկվել են

Հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ դատարան ուղարկված քրգործերը քառապատկվել են

2022թ. 1-ին կիսամյակում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314.2-րդ հոդվածի (Հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 314.3-րդ հոդվածի (Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հատկանիշներով՝ 4 քրեական գործ: 4 քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ՀՀ դատախազությանը տրամադրված տեղեկատվությունը, 1-ով՝ քննիչի՝ իր լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին ձեռք բերած տվյալները, 1-ով՝ հետաքննության մարմնի զեկուցագիրը, 1-ով՝ հանցագործության մասին լրատվության միջոցների հաղորդումը: Հայտարարագրերի ներկայացման վերոնշյալ երկու հանցակազմերով 2021 թ. ողջ տարվա ընթացքում հարուցվել էր 14 քրեական գործ, որոնցից 9-ով նախաքննությունը շարունակվել է նաև 2022 թ. ընթացքում: Ներկայումս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու հատկանիշներով հարուցված 1 և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով՝ 11 քրեական գործով: 2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում 7 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Ընդ որում, եթե 2021 թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկել նշված հանցակազմերով ընդամենը մեկ քրեական գործ, ապա միայն 2022 թ. առաջին կիսամյակում՝ 4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ: Մասնավորապես՝ 2022 թ. մարտի 24-ին դատարան ուղարկված մի քրեական գործով հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու համար մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մաթևոսյանին: 2022 թ. ապրիլի 15-ին դատարան ուղարկված մեկ այլ քրեական գործով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մ. Գևորգյանին և վերջինիս կնոջը, ինչպես նաև համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: 2022 թ. հունիսի 22-ին դատարան ուղարկված այլ քրեական գործով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու համար: 2022 թ. հունիսի 2-ին դատարան ուղարկված այլ քրեական գործով ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կ. Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Այս գործով դատարանի 2022 թ. հունիսի 21-ի դատավճռով համաձայնեցման վարույթի կիրառմամբ վերջինս մեղավոր է ճանաչվել և դատապարվել մեկ տարի ժամկետով ազատազրկման՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով` մեկ տարի ժամկետով: ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 70-րդ ­հոդ­վա­ծի կիրառմամբ՝ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահ­մա­նվե­լ է փոր­ձաշր­ջան՝ 2 տա­րի ժամ­կե­տով: Բացի վերոնշյալից, դեռևս 2021 թ. ապրիլի 28-ին մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել ՀՀ վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանի և վերջինիս որդու վերաբերյալ քրեական գործը, որով նրանք մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ ՀՀ ԿԿՀ չներկայացնելու համար: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 10.11.2021 թ. որոշում էր կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ իրադրության փոփոխման հիմքով: Դատախազի կողմից վերոհիշյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում 03.03.2022 թ. ՀՀ վերաքննիչ դատարանը որոշմամբ բողոքը բավարարել է՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Բոլոր այն քրեական գործերով, որոնցով մեղադրյալների գույքի ծագման օրինականության հետ կապված կասկածներ են առաջացել, համապատասխան զեկուցագրեր են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն՝ ուսումնասիրության վարույթ սկսելու հիմքերը պարզելու նպատակով: Հավելենք, նաև, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքով այս երկու արարքները միացվել են մեկ հանցակազմում, որը սահմանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) հոդվածով:
11:52 - 15 հուլիսի, 2022
Բացահայտվել են վարորդական վկայական ստանալու համար պաշտոնատար անձին կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքեր

Բացահայտվել են վարորդական վկայական ստանալու համար պաշտոնատար անձին կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք  բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Ա.-ն վարորդական վկայականեր ձեռք բերելու համար Ա. Ա.-ի դրդմամբ փորձել  է ընդհանուր 270.000 ՀՀ դրամ կաշառք տալ ոստիկանության պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործություններն ավարտին չի հասցրել: Մասնավորապես, Ա. Ա.-ն, հանդիպելով իր ծանոթ Ս. Ա.-ին, վերջինիս խաբեությամբ վստահեցրել է, որ ոստիկանության աշխատակիցներից մեկի միջոցով, 150.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց, առանց տեսական ու գործնական քննություններ հանձնելու կարող է կազմակերպել վարորդական վկայական ձեռք բերելու գործընթաց։ Ս. Ա.-ն, ընդունելով առաջարկը, իր ծանոթի որդու համար վարորդական վկայական ձեռք բերելու համար 2022 թվականի փետրվարին Ա. Ա.-ին փոխանցել է 150.000 ՀՀ դրամ՝ ոստիկանության պաշտոնատար անձին որպես կաշառք տալու համար։ Այնուհետև, Ա. Ա.-ն Ս. Ա.-ին վստահեցրել է, որ նրա ներկայացրած անձին վարորդական վկայական տրամադրելու համար անհրաժեշտ է ոստիկանության պաշտոնատար անձի միջոցով, 120.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց ևս մեկ անձի կողմից վարորդական վկայական ստանալու գործընթաց կազմակերպել: Այդ կերպ Ա. Ա.-ն համոզելու եղանակով դրդել է Ս. Ա.-ին կրկին կաշառք տալ պաշտոնատար անձին: Ս. Ա.-ն, այս անգամ իր եղբոր որդու համար առանց տեսական և գործնական քննություններ հանձնելու վարորդական վկայական ձեռք բերելու համար, 2022 թվականի մարտին 120.000 ՀՀ դրամ է փոխանցել Ա. Ա.-ին` ոստիկանության պաշտոնատար անձին որպես կաշառք տալու համար: Ստանալով վերը նշված գումարները` Ա. Ա.-ն, նախապես գիտակցելով իր խոստումը կատարելու անհնարինությունը և չունենալով որևէ մեկին կաշառք տալու կամ դրա դիմաց վարորդական վկայական ստանալու նպատակ, խաբեությամբ հափշտակել է ընդհանուր 270.000 ՀՀ դրամ, ինչի պատճառով Ս. Ա.-ն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործություններն ավարտին հասցնել: Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ Ս. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Երկու մեղադրյալներն էլ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:
11:09 - 07 հուլիսի, 2022
ՃՈ պետի նախկին տեղակալն ու ոստիկանության մեկ այլ պաշտոնյա պետությանը պատճառել են 67 մլն դրամի վնաս. բացահայտվել է նաև հարկեր չվճարելու դեպք

ՃՈ պետի նախկին տեղակալն ու ոստիկանության մեկ այլ պաշտոնյա պետությանը պատճառել են 67 մլն դրամի վնաս. բացահայտվել է նաև հարկեր չվճարելու դեպք

 ՃՈ պետի նախկին տեղակալի և ոստիկանության մեկ այլ պաշտոնյայի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 67 մլն ՀՀ դրամի վնաս. քրեական գործի շրջանակում բացահայտվել է նաև 577 մլն ՀՀ դրամի հարկեր չվճարելու հանցագործության դեպք: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հարկերը չվճարելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները և հակամրցակցային գործունեությամբ սահմանափակել ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշ (ՏՄՀՀ) մատակարարող երկու` եվրոպական և ռուսական ընկերությունների միջև մրցակցությունը, որի հետևանքով պետությանը պատճառվել է 67 163 790 ՀՀ դրամի վնաս: Միաժամանակ հիմնավորվել է, որ եվրոպական ընկերության մասնակցին փոխկապակցված և ՀՀ-ում գործող առևտրային երկու կազմակերպությունների ղեկավարը եղբոր օժանդակությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկերը»,-նշված է հաղորդագրության մեջ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի տեղակալ Ա.Տ.-ն, տեղյակ լինելով, որ ոստիկանությանը ՏՄՀՀ մատակարարելու նպատակով ՀՀ շուկա է ցանկանում մուտք գործել ռուսական ընկերություն, նախապատվություն տալով 20 տարուց ավելի ՃՈ ծառայությանը ՏՄՀՀ մատակարարող եվրոպական ընկերությանը, վերջինիս հետ համաձայնեցված հակամրցակցային գործողություններով և ռուսական ընկերության նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջներ սահմանելով, կատարել է նպատակաուղղված գործողություններ ռուսական ընկերության մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով եվրոպական ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն: Ա.Տ.-ն, ՀՀ-ում գնման օրենսդրության շրջանցմամբ, ՏՄՀՀ-ում դեռևս 2018 թ.-ից փաստացի ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված և վերջինիս տեխնիկական հնարավորություններին համապատասխանող նորամուծություն՝ «Անզեն աչքով ոչ տեսանելի պաշտպանական գծապատկեր» պաշտպանիչ տարր`  նպատակ ունենալով տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար: Այնուհետև, ռուսական ընկերության առջև նաև իրավական խոչընդոտներ ստեղծելու նպատակով, 2019 թ.-ի ՏՄՀՀ գնման գործընթացի շրջանակներում ՏՄՀՀ տեխնիկական բնութագրում ապօրինաբար ավելացրել է հիշյալ պաշտպանիչ տարրը որպես պարտադիր պահանջ: Միաժամանակ Ա.Տ.-ն գնման գործընթացում անհիմն վարկաբեկել է մատակարարվելիք ապրանքը, իսկ ռուսական ընկերության ներկայացուցիչներին սպառնացել, որ մատակարարվելիք ՏՄՀՀ-ները ենթարկելու է փորձաքննության այն դեպքում, երբ եվրոպական ընկերության կողմից 20 տարուց ավելի մատակարարված ՏՄՀՀ-ները երբևէ փորձաքննության կամ փորձարկման չեն ենթարկվել: Այնուհետև, շարունակելով հակամրցակցային գործունեությունը` Ա.Տ.-ն պատրաստել է ՏՄՀՀ ազգային ստանդարտում փոփոխություններ կատարելու առաջարկ, որում ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված պաշտպանիչ տարրը` նպատակ ունենալով հավելյալ իրավական և տեխնիկական խոչընդոտներ ստեղծել ռուսական ընկերության համար: ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Ա.Կ.-ն էլ, իր հերթին, հանդիսանալով 2019 թվականի ՏՄՀՀ գնահատող հանձնաժողովի նախագահ, ՃՈ ղեկավարության դիրքորոշմանը չհակադրվելու, նրանց հետ ծառայողական և անձնական հարաբերությունները չփչացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, գնման ընթացակարգում ներառել է Ա.Տ.-ի և եվրոպական ընկերության կողմից գնման օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ կազմված և Ա.Տ.-ի կողմից ապօրինաբար շրջանառության մեջ դրված պաշտպանիչ տարրով գնման առարկայի բնութագիրը, որով խեղաթյուրվել է գնման գործընթացի էությունն ու օրենքով նախատեսված սկզբունքները: Բացի այդ, ցանկանալով կոծկել ՃՈ պետի տեղակալի կողմից գնման գործընթացին ներկայացված և իր կողմից նշված գործընթացին գնման առարկայի անօրինական բնութագիրը ներառելու փաստը, խախտելով էլեկտրոնային աճուրդով գնման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները` 26.12.2018 թ. սկսված գնման գործընթացն ավարտել է 2019 թ.-ի առաջին եռամսյակից հետո՝ շուրջ երեքուկես ամիս անց, որի արդյունքում ՀՀ ոստիկանությունը, իրական հնարավորություն ունենալով տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը ռուսական ընկերությունից ձեռք բերել 3 342 ՀՀ դրամով, դրանք առանց իրավական հիմքերի ու գործընթացի 2019 թվականի հունվարից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ձեռք է բերել եվրոպական ընկերությունից 4 380 ՀՀ դրամով, որի հետևանքով պետությունը կրել է առանձնապես խոշոր չափերի՝ 67 163 790 ՀՀ դրամի գույքային վնաս։ Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ վերոհիշյալ եվրոպական ընկերությանը փոխկապակցված, ՀՀ-ում գործող` հաշվապահական ծառայություններ մատուցող երկու ընկերությունների տնօրեն Ա.Վ.-ն, եղբոր օժանդակությամբ դեռևս 2010-2011 թվականներից իրագործել է փաստաթղթաշրջանառության այնպիսի սխեմա, որն ուղղված է եղել տևական ժամանակով հարկեր չվճարելուն, որի հետևանքով նշված երկու ընկերությունների մասով շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 276 033 359 ՀՀ դրամ (տույժ-տուգանքներով՝ 577 364 104 ՀՀ դրամ): Վերը նշված հանցավոր արարքների համար ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի նախկին տեղակալ Ա.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի նախկին տեղակալ Ա.Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա.Վ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործի նյութերը տրամադրվել են դատավարության կողմերին` ծանոթանալու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:12 - 29 հունիսի, 2022
Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր

Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել  է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչ մեկ միասնական դիտավորությամբ կատարել են պաշտոնեական կեղծիք՝ 2020-2021 թվականների ընթացքում պարբերաբար կազմել են կեղծ արձանագրություններ` վարորդ Ա. Հ.-ի կողմից իբր վարչական իրավախախտումներ թույլ տալու վերաբերյալ, որի հետևանքով վերջինիս պատճառվել է ընդհանուր 115.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Ըստ առաջադրված մեղադրանքների՝ ՃՈ տեսուչներ Ռ. Օ.-ն, Ա. Ճ.-ն և Ռ. Ն.-ն ծառայության ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու բարձր ցուցանիշ ապահովելու անձնական դրդումներով 2020-2021 թթ. տարբեր ամիսների Լոռու մարզի Միխայլովկա գյուղի բնակիչ Ա. Հ.-ի կողմից վարչական իրավախախտում թույլ չտալու պայմաններում կազմել են կեղծ արձանագրություններ` դրանցում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե, իբր, Ա. Հ.-ն իրեն և այլ անձանց պատկանող ավտոմեքենաներ է վարել, թույլ տվել իրավախախտումներ: Արդյունքում Ռ. Օ.-ն, Ա. Ճ.-ն և Ռ. Ն.-ն Ա. Հ.-ին պատճառել են համապատասխանաբար` 45.000, 60.000 և 10.000 ՀՀ դրամի գույքային վնաս:   Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:09 - 24 հունիսի, 2022
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզվառելիքի կտրոնների հափշտակության համար. նախաքննությունն ավարտվել է

Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզվառելիքի կտրոնների հափշտակության համար. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Ե.-ն, 2016 թվականի սեպտեմբերի 8-ից զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է նույն զորամասին հատկացված ընդհանուր շուրջ 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզելային վառելանյութի կտրոններ: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Ե.-ն, ի պաշտոնե պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել իրեն վստահված գույքի պահպանության և ճիշտ օգտագործման համար, փոխարենը` պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում, առանց փաստաթղթավորման, զորամասի գույքային ֆոնդից ապօրինաբար դուրս  է բերել և յուրացրել փաստացի իրեն վստահված 1.440.285 ՀՀ դրամ արժողությամբ 4515 լիտր ավտոբենզինի և 1.001.700 ՀՀ դրամ արժողությամբ 3710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ: Յուրացրած կտրոնների մի մասը Ս. Ե.-ն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մի մասն էլ վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ պետությանը պատճառելով ընդհանուր 2.441.985 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ս. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:01 - 24 հունիսի, 2022
Կաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձի. Հակակոռուպցիոն կոմիտե

Կաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձի. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ շուրջ երեք տասնյակ անձինք կաշառք են տվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձին, դրա դիմաց հանձնել ձևական բնույթ կրող գործնական քննություններ և սահմանված կարգի խախտմամբ ստացել վարորդական վկայականներ: Հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ Նախաքննությամբ պարզվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Շ.-ն 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ անձանցից ստացել է ընդհանուր 3.010.000 ՀՀ դրամ, որի մի մասը՝ 1.400.000 ՀՀ դրամը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որպես կաշառք տվել է ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ին:      Վ. Շ.-ի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից  ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ: Միաժամանակ Ա. Ս.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ: Կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և պաշտոնական փաստաթուղթ` վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար 28 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածով: Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ: Բոլոր մեղադրյալները առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել են խոստովանական ցուցմունքեր: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ավելի վաղ ավարտվել էր նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ա. Ս.-ի, վերջինիս օժանդակած Վ. Շ.-ի և նշված քրեական գործով անցնող մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործը, որն այժմ դատաքննության փուլում է:
11:32 - 24 հունիսի, 2022
Բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր. Վահագնիի անտառպետության անտառապետն ու ևս երեք անձ ձերբակալվել են

Բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր. Վահագնիի անտառպետության անտառապետն ու ևս երեք անձ ձերբակալվել են

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Վահագնիի անտառպետության պահպանության տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վահագնիի անտառպետության անտառապետ Մ. Ն.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2021 թվականի ընթացքում հանձնարարել է անտառապահ Ս. Վ.-ին` Լոռու մարզի մի խումբ բնակիչների թույլատրել անարգել մուտք գործել հիշյալ անտառպետության տարածք և առանց համապատասխան փաստաթղթերի առկայության կատարել ապօրինի ծառահատումներ, որից հետո հիշյալ անձինք յուրաքանչյուր խորանարդ մետր փայտանյութի դիմաց անտառապետին որոշակի գումարներ են վճարել: Բացի այդ, անտառապետ Մ. Ն.-ն փայտանյութի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել Լոռու մարզի բնակիչ Ս. Մ.-ի հետ, որից հետո՝ 2021 թվականի մարտից աշնան կեսերն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Վահագնի համայնքի բնակիչներ Դ. Կ.-ն և Գ. Կ-ն իրենց կողմից ապօրինի հատված փայտանյութն անտառից տեղափոխել են Լոռու մարզի Վահագնաձոր համայնքում գտնվող «Զամարլու» կոչվող տարածք, որտեղից էլ այն վերաբարձել են Ս. Մ.-ին պատկանող ավտոմեքենաները: Նշված փայտանյութի մեկ խորանարդ մետրի դիմաց Ս. Մ.-ն անտառապետ Մ. Ն.-ին վճարել է 8000 ՀՀ դրամ, որից 6.000 դրամը որպես փայտանյութի արժեք, իսկ 2.000 ՀՀ դրամը` Դ. Կ.-ին և Գ. Կ.-ին որպես աշխատավարձ: Քրեական գործով հիմնավորվել է, որ անտառապետ Մ. Ն.-ն Լոռու մարզի մի խումբ բնակիչների, այդ թվում` Ս. Մ.-ի և Հ. Ս.-ի դրդմամբ, անտառապահ Ս. Վ.-ի,  Լոռու մարզի բնակիչներ Դ. Կ.-ի և Գ. Կ.-ի օժանդակությամբ իր պարտականությունները դիտավորությամբ չի կատարել և իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որի հետևանքով հիշյալ անձանց կողմից Վահագնիի անտառպետության տարածքում 2021 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 90 հատ տարբեր տրամաչափի «Հաճարենի», «Թխկի», «Կաղնի», «Սոճենի», «Հացենի», «Բոխի», «Լորենի» և այլ ծառերի ապօրինի հատումներ, իսկ ստացված փայտանյութն ապօրինի վաճառվել կամ օգտագործվել է ըստ հայեցողության: 22.06.2022թ.-ին անտառապետ Մ. Ն.-ն ու ևս երեք անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: 23.06.2022թ.-ին Մ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Լոռու մարզի բնակիչներ Հ. Ս.-ին և Ս. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Մ. Ն.-ի և Ս. Մ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հանցագործությունների և այն կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:05 - 24 հունիսի, 2022
Կաշառք ստանալու կասկածանքով ՃՈ տեսուչ է ձերբակալվել

Կաշառք ստանալու կասկածանքով ՃՈ տեսուչ է ձերբակալվել

Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ: Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 2021թ. մարտին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Մ. Ս.-ն, Վանաձոր քաղաքում վարորդ Ա. Ղ.-ի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզելով, որ վերջինս ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի և ԱՊՊԱ պայմանագրի, վարորդին վարչական պատասխանատվության չենթարկելու և մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխելու ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 20.000 ՀՀ դրամ կաշառք: «22.06.2022 թ.-ին Մ. Ս.-ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ: 
11:33 - 23 հունիսի, 2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկեր կառույցների միջև երկկողմ հարաբերությունների հաստատման և համագործակցության ընդլայնման, ինչպես նաև նախաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում ԱՄՆ գործընկերների ունեցած առաջավոր փորձին ծանոթանալու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը 2022 թվականի հունիսի 12-17-ը պաշտոնական այցով եղել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ այցի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի, Համաշխարհային հակակոռուպցիոն համակարգող գրասենյակի և այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման, ապօրինի հարստացման վերաբերյալ գործերի քննության մեթոդիկային առնչվող հարցերը, ներկայացվել են նշված իրավախախտումների քննության հիմնական մարտահրավերներն ու դրանց հաղթահարման համար օգտագործվող գործիքակազմի կիրառման օրինակները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կիրառվող նորարարական մոտեցումները: Այցի շրջանակներում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի հետ: ԱՄՆ գործընկերները հանդիպումների ընթացքում շեշտել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը և վերջինիս հետ համագործակցությունը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում համարում են հաջողված օրինակ և ձգտում են ընդլայնել Կոմիտեի հետ գործընկերային հարաբերությունները: Այցի ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրման նպատակն է ապահովել համանման գործառույթներ իրականացնող երկու կառույցների միջև անմիջական հաղորդակցությունն ու տեղեկատվության փոխանակումը, համագործակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, փոխանակման ծրագրերի, դասընթացների, աշխատանքային քննարկումների կազմակերպումը: ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոմիտեի կազմի վերջնական համալրումից հետո վերապատրաստման դասընթացներ և ուսուցողական այցեր իրականացնել, որոնք ուղղված կլինեն Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանն ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը:
10:56 - 21 հունիսի, 2022
Կորոնավիրուսի համար հատկացված միջոցների յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել
 |civilnet.am|

Կորոնավիրուսի համար հատկացված միջոցների յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարված ծախսերի հետ կապված․ այդ մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Քրեական գործ հարուցվել է՝ հաշվի առնելով ֆինանսների նախարարության համապատասխան ստուգումներն ու Հաշվեքննիչ պալատի վերջին հաշվեքննությունը։ Անցյալ ամիս Հաշվեքննիչ պալատը հանդես էր եկել կորոնավիրուսի համար հատկացված ծախսերի աղմկոտ հաշվեքննությամբ։ Դրանով պարզվել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում պացիենտի բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով և այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով։ Ինչպես ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին դատախազությունից, վարչապետի հանձնարարականի համաձայն, դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստացել ու ուսումնասիրել է առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի բուժման գործընթացի վերաբերյալ իրականացրած ստուգման, հաշվեքննության ակտերը։ Դրա արդյունքում դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտեին հանձնարարել է նյութեր նախապատրաստել։ Մայիսի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։ Հունիսի 10-ին Ազգային ժողովում քննարկում էր կայացել պատգամավորների և Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների միջև։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները պարզաբանումներ էին պահանջում Հաշվեքննիչ պալատի նախագահից Ատոմ Ջանջուղազյանից՝ առողջապահության նախարարության կողմից համավարակի ժամանակ տեղի ունեցած խախտումների բարձրաձայնման համար։  
16:17 - 14 հունիսի, 2022
Շենգավիթի դատախազի տեղակալին եւ ձերբակալված եւս 3 անձի մեղադրանք է առաջադրվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Շենգավիթի դատախազի տեղակալին եւ ձերբակալված եւս 3 անձի մեղադրանք է առաջադրվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված  և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Ն.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի օժանդակությամբ 2022 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում ամբաստանյալից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք: Ըստ առաջադրված մեղադրանքի` Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի միջոցով նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2022 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հանդիպել է ամբաստանյալ Ն. Դ.-ի հետ և քննարկել վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի հանգամանքները: Հանդիպման ընթացքում Կ. Ն.-ն խոստացել է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստել դատարանի կողմից Ն. Դ.-ի նկատմամբ այնպիսի պատիժ նշանակելուն, որը հնարավորություն կտա վերջինիս համաներման մասին օրենքի հիման վրա ազատվել պատժից, ինչի համար ամբաստանյալից պահանջել է 2.500.000 ՀՀ դրամ կաշառք: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մայիսի 17-ի դատավճռով Ն. Դ.-ն դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով, որպիսի պայմաններում հնարավորություն է ստացել համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի հիման վրա սահմանված կարգով ազատվել պատժից: 2022 թվականի մայիսի 19-ին Կ. Ն.-ն Գ. Գ.-ի տանը հանդիպել և Ն. Դ.-ից ստացել է պահանջված կաշառքի գումարից 2.000.000 ՀՀ դրամը, իսկ մնացած 460.000 ՀՀ դրամը Ն. Դ.-ն Ն. Ա.-ի օգնությամբ 2022 թվականի մայիսի 31-ին փոխանցել է Գ.Գ.-ի մտերիմ անձի բանկային հաշվեհամարին, ով նույն օրը գումարը կանխիկացրել և Գ. Գ.-ի միջոցով փոխանցել է պաշտոնատար անձին: 09.06.2022 թ.-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, վերջինիս կաշառք տված Ն. Դ.-ն և կաշառք ստանալուն օժանդակած  անձինք ձերբակալվել են: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար 10.06.2022 թ.-ին Կ. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Ն. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու համար Ն. Ա.-ին և Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` վերը նշված բոլոր մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:30 - 10 հունիսի, 2022
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ապօրինի շինության համար քաղաքացուց կաշառք են ստացել. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ապօրինի շինության համար քաղաքացուց կաշառք են ստացել. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն և նույն բաժնի աշխատակից Կ. Ս.-ն նախնական համաձայնությամբ Ա. Բ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար վերջինից անձամբ ստացել են խոշոր չափերով կաշառք: Ինչպես հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, ըստ առաջադրված մեղադրանքների` Կ. Ս.-ն, հայտնաբերելով Երևան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ի կողմից 2022 թվականի մարտին շենքի բակում առանց թույլտվության ինքնակամ պատշգամբ կառուցելու փաստը, տեղեկացրել է, որ այդ արարքի համար նախատեսված է վարչական տույժ 1.500.000-2.000.000 ՀՀ դրամի չափով և բնակչի օգտին խնդիրը լուծելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար վերջինիս առաջարկել է հաջորդ օրը ներկայանալ քաղաքապետարան` բաժնի պետ Ա. Ս.-ին հանդիպելու նպատակով: 2022 թվականի ապրիլի 11-ին Ա. Բ.-ն այցելել է Երևանի քաղաքապետարան, որտեղ  Ա. Ս.-ն և Կ. Ս.-ն նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով` Ա. Բ.-ից պահանջել են խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք: Վերջինս ընդունել է պաշտոնատար անձանց կաշառք տալու առաջարկը, որից հետո Կ. Ս.-ն պարբերաբար Ա. Բ.-ից պահանջել է կաշառքի գումարը՝ հայտնելով, որ այն չտալու դեպքում միջոցներ կձեռնարկեն նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար: 2022 թվականի ապրիլի 28-ին Ա. Բ.-ն Կ. Ս.-ի ավտոմեքենայի մեջ նրան է փոխանցել 300.000 ՀՀ դրամ կաշառքը, որից անմիջապես հետո Կ. Ս.-ն բռնվել է ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից, իսկ կաշառքի գումարը հայտնաբերվել և վերցվել է ավտոմեքենայի զննությամբ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ս.-ին և Կ. Ս-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ա. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  312-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:32 - 03 հունիսի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարի քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ. 2022-ին ծանրաբեռնվածությունն աճել է

 |armenpress.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարի քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ. 2022-ին ծանրաբեռնվածությունն աճել է |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականին քննել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ, այս տարի ծանրաբեռնվածությունն աճել է 110 տոկոսով: Այս մասին ասաց  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: Խաչատրյանը հիշեցրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտել միայն 2021-ի հոկտեմբերի 23-ին, նույն օրը մեկնարկել է կոմիտեի գործունեությունը, այսպիսով՝ իր ներկայացվածը վերաբերում է կոմիտեի գործունեության այդ 2 ամիսներին: 2021-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունն ապահովելու նպատակով կոմիտեին հատկացվել է 870 մլն դրամ: «Կոռուպցիոն գործերի քննության ապահովում» ծրագրի «Կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացում» միջոցառմամբ կոմիտեին հատկացվել է 341.1 մլն դրամ: «Հաշվետու ժամանակահատվածում հաստիքները համալրվել են մասամբ և մինչև տարեվերջ ժամանակի սղության պատճառով գնման գործընթացները մնացել են անավարտ, ինչով պայմանավորված 2021 թվականին ծախսը կազմել է 175.9 մլն դրամ կամ հատկացված միջոցների 51.6 տոկոսը, տարբերություն 165 մլն դրամը վերադարձվել է պետբյուջե»,-ասաց Խաչատրյանը: Ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով քրեական վարույթների թիվը նախատեսվել է 350, սակայն քննվել է 228 քրեական գործ: Կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ սխալ պլանավորում չի կատարվել, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի անցումային դրույթներով մյուս քննչական մարմիններում, որտեղ քննվել են կոռուպցիոն բնույթի գործերը, չեն փոխանցվել Հակակոռուպցիոն կոմիտեին և շարունակել են քննել: «2021-ի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 280 քրեական գործ: Ընդ որում` այդ գործերից 114-ը կոմիտե է փոխանցվել Հատուկ քննչական ծառայությունից: 2021-ին վարույթում քննված 280 քրեական գործից ավարտվել է 120-ը: Այս տարի արդեն ծանրաբեռնվածությունն աճել է մոտ 110 տոկոսով: Այսօր մենք վարույթում ունենք մոտ 240-250 քրեական գործ»,-ասաց նա՝ հավելելով որ քննիչների ծանրաբեռնվածությունն աննախադեպ է: Այդ կապակցությամբ կոմիտեի նախաձեռնությամբ կառավարությունը օրենսդրական փոփոխություն է կատարել:
20:17 - 02 հունիսի, 2022
Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի քրգործով քննիչին վարույթից հեռացնելու որոշումն անհիմն է և ոչ օբյեկտիվ. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Դատախազության որոշման վերաբերյալ

Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի քրգործով քննիչին վարույթից հեռացնելու որոշումն անհիմն է և ոչ օբյեկտիվ. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Դատախազության որոշման վերաբերյալ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Նախօրեին «Hraparak.am» լրատվական կայքին տրված պարզաբանմամբ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2022թ. մայիսի 20-ին հսկող դատախազի կողմից կայացված` Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարին վարույթից հեռացնելու մասին որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ քննիչն առանց դատախազի ցուցումի պահանջներն ամբողջությամբ կատարելու հայտարարել է նախաքննության ավարտ, և որ ցուցումի պահանջներն անտեսելու վարքագիծը կրել է պարբերական բնույթ, ինչը «ողջամտորեն վկայել է գործով քննության նկատմամբ առկա կանխակալ վերաբերմունքի մասին»։ Դատախազության վերը նշված պարզաբանման առնչությամբ հայտնում ենք, որ քննիչին վարույթից հեռացնելու որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին, քանի որ նշված որոշումը համարում ենք անհիմն և ոչ օբյեկտիվ: Մեր համոզմամբ` տևական ժամանակ հիշյալ բարդ և բազմադրվագ գործը քննած քննիչին վարույթից հեռացնելը և այն նոր քննիչի հանձնարարելը դատախազության կողմից միայն մեկ նպատակ է հետապնդում` հիշյալ մեծածավալ գործի վրա ժամանակ ծախսելու, երկարատև քննության ընթացքում նախորդ քննիչի կողմից ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը նոր քննիչի կողմից ծանոթանալու և դրա հետ կապված խնդիրների առաջացմամբ խոչընդոտել ու տապալել գործի քննությունը: Ընդ որում` հարկ է նկատի ունենալ, որ մեղադրյալներից մեկը գտնվում է կալանքի տակ` քրեադատավարական ժամկետների բոլոր սահմանափակումներով: Անհրաժեշտ ենք համարում հայտնել նաև, որ իրականությանը չեն համապատասխանում դատախազության այն պնդումները, թե հսկող դատախազի կողմից տրված ցուցումներն ուղղված են եղել կոնկրետ մեղադրանքի հիմնավորմանը: Փոխարենը, խիստ սուբյեկտիվ մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի /փողերի լվացում/ վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի 2021 թվականի ապրիլի 14-ի ԵԷԴ/0054/01/15 նախադեպային որոշումը, և, ըստ էության, հակասելով այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, դատախազն ընդամենը սահմանափակվել է Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի շուրջ վերացական դատողություններով: Եվ սա այն դեպքում, որ նախադեպային որոշման այս մեկնաբանությամբ դատախազությունը հակասել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննված այլ քրեական գործերով փողերի լվացման նմանատիպ դրվագների վերաբերյալ նախկինում իր իսկ արտահայտած դիրքորոշմանը: Ավելին` նշված իրավահարաբերություններում հսկող դատախազն ունեցել է իր որոշմամբ հանցագործությունը որակելու կամ մեղադրանքի ծավալը փոփոխելու առավել քան լայն գործիքակազմ, որից օգտվելու փոխարեն յուրովի ենթատեքստերով անհիմն ձևակերպումներ տալով` խուսափել է արտահայտել հստակ դիրքորոշումներ` արդյունքում ձգձգելով մեղադրական եզրակացությամբ գործը դատարան ուղարկելու գործընթացը: Անդրադառնալով քննիչի կողմից կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ դատախազության կասկածների ողջամտությանը` հարկ է նկատել, որ առնվազն անհասկանալի է կոնկրետ քրեական գործով կոնկրետ մեղադրյալների նկատմամբ դատախազության որդեգրած անորոշ դիրքորոշումներով քննությունը ձգձգելու և այդ կերպ քննության արդյունավետության վրա բացասական ազդեցություն ունենալու «հետևողականությունը»: Միաժամանակ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերում հստակ դիրքորոշումներ հայտնելու փոխարեն վերացական ձևակերպումներով դատավարական սուբյեկտների հարաբերությունները հանրայնացնելու դատախազության որդեգրած քաղաքականության կապակցությամբ»:
16:04 - 01 հունիսի, 2022