Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը

Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը

2017-2022 թվականներին ամբողջ աշխարհից Հայաստան են ներմուծվել գրեթե 4000 վայրի կենդանիներ, որոնց մեծամասնության ճակատագիրն անհայտ է մնում վիճակագրության բացակայության և մաքսային տվյալների ոչ լիարժեքության պատճառով։  ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), իսկ որոշ դեպքերում՝ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վայրի կենդանիների առևտրի թույլտվություններ և եզրակացություններ տրամադրող մարմիններ են, բայց չեն տիրապետում ներմուծված և արտահանված կենդանիների մասին ամբողջական տեղեկությունների։  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային ծառայությունը նույնպես չի տիրապետում կենդանիների ներմուծման և արտահանման վերաբերյալ լիարժեք տեղեկությունների, ինչպես իրենք են նշում, «օբյեկտիվ և սուբյեկտիվ» պատճառներից ելնելով, ինչպիսիք են, օրինակ, թերի լրացված մաքսային փաստաթղթերը։    Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ) Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստանի մասնավոր ընկերություններ 2021 թ. ՀԱՀ-ից Հայաստան են ներմուծվել 45 ընձուղտներ։ Նրանցից մեկն անկել է տեղափոխման ընթացքում, ևս մեկը՝ արդեն Հայաստանում։ Մյուս ընձուղտների ճակատագիրն անհայտ է։  Հայաստան ներմուծվելուց ամիսներ անց ընձուղտներից 30-ին վաճառելու գործարքներ են կնքվել։ Նրանցից 12-ի համար տրվել են վերաարտահանման թույլտվություններ դեպի ՌԴ Տուլա քաղաքում գտնվող «Օվացիա» ՍՊԸ, որը զբաղվում է սննդամթերքի, այդ թվում՝ մսի և մսամթերքի մանրածախ առևտրով։ Եվս 12 ընձուղտներ պետք է ուղևորվեին «Յալթինսկիյ զօօպարկ «ՍԿԱԶԿԱ»» ՍՊԸ, իսկ մյուս 6 ընձուղտների արտահանման թույլտվությունը ստացել է ՖՏՂ ԱՁ Խաչատուրյան Էդուարդ Սերգեեվիչը, որի անունը մեկ անգամ չէ, որ շրջանառվել է մամուլում Հայաստանից ՌԴ վայրի կենդանիների  տեղափոխման կասկածելի գործարքների շրջանակում։ Այս բոլոր գործարքները, սակայն, տեղի չեն ունեցել, քանի որ դեռևս 2020 թ․ ՌԴ Ռոսսելխոզնադզոռը արգելել է ՀԱՀ ծագմամբ և դաբաղ հիվանդության նկատմամբ զգայուն կենդանիների մուտքը Ռուսաստան։  Ընձուղտներին Հայաստան է ներմուծել «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ն, որի սեփականատերերը նախկինում կենդանիների առևտրի գործարքներ են իրականացրել «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի միջոցով, որը 2017-ին սնանկացել է, իսկ հիմա արդեն լուծարվում է։ Սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանը «Ինֆոքոմին» հայտնել է, որ տարածքը, որտեղ գրանցված է այս ընկերությունը, գրավադրված է և շուտով վաճառվելու է: Վաճառքը հետաձգվում է հողի կարգավիճակի հետ կապված խնդրի պատճառով։ Հայաստանի նվազագույնը չորս պետական կառույցներ թույլ են տվել, որ ներմուծման այս գործարքը կայանա՝ տալով թույլտվություններ և դրական մասնագիտական եզրակացություններ։ Այդ պետական կառույցներն են, մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ինչպես նաև՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ)։ Այս կառույցներից որևէ մեկը, սակայն, լիարժեք տեղեկություններ չի տրամադրում կենդանիների ներկայիս իրավիճակի վերաբերյալ։    Ի՞նչ կապ ունի ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն ընձուղտների ներմուծման հետ Բնության պահպանության միջազգային միության (IUCN/ԲՊՄՄ) դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում ընձուղտների քանակն էականորեն նվազել է։ 1985-2015 թվականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընձուղտների պոպուլյացիան 36-40%-ով կրճատվել է, ինչի պատճառը մարդու կողմից շահագործման ծավալների աճը (անթրոպոգեն գործոն) և արեալների կրճատումն է։  2016 թվականից ընձուղտներն ընդգրկվել են IUCN կարմիր ցուցակում և ստացել VU (խոցելի) կարգավիճակ։ IUCN-ը հաշվարկում է ընձուղտների մոտ 68 հազար 293 հասուն առանձնյակ։ 2019 թվականից ընձուղտներն ընդգրկվել են CITES («Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին») կոնվենցիայի 2-րդ հավելվածում, ինչն ավելի է ընդգծում այս կենդանիներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու և պաշտպանելու անհրաժեշտությունը։ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարությանը գրավոր եզրակացություն է ուղարկել, ըստ որի՝ ընձուղտները Հայաստանի բնական կենսամիջավայրում չեն կարող գոյատևել։ Միևնույն ժամանակ, նույն եզրակացությունում ասվում է, որ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ի տարածքները համապատասխանում են կենդանիների խնամքի բոլոր միջազգային նորմերին և ստանդարտներին, հետևապես՝ կենդանիները կարող են ժամանակավոր պահվել այդ ընկերության տարածքում։ Այդպիսով, գիտական կենտրոնն առանց որևէ գիտական հիմնավորման չի առարկել 45 ընձուղտների ներմուծումը։ Պաշտոնական փաստաթղթերում ընձուղտների ներմուծման նպատակ է նշվել կենդանիների առևտուրը և բուծումը։ Այսինքն, կենդանիների ներմուծման հիմնական նպատակը հետագա վերավաճառքն է։ ԳԱԱ գիտական կենտրոնի մասնագիտական եզրակացության մեջ հաշվի չեն առնվել ներմուծման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը, կլիմայական պայմանների փոփոխության ազդեցությունը կենդանիների վրա, ինչպես նաև կենդանիներին անազատ պայմաններում պահելու ազդեցությունները։    Ընձուղտներ և այլ վայրի կենդանիներ, որոնց ոչ ոք չի տեսել և չի լսել 2021 թ․ Հայաստան ներկրված 43 ընձուղտների գտնվելու վայրը և պահման պայմանները պարզելու համար մենք մի քանի անգամ փորձել ենք կապ հաստատել «Ֆաունա Զօօ» ընկերության հետ, բայց ապարդյուն․ մեր հարցերին հրաժարվել են պատասխանել։  «Ֆաունա Զօօ» ընկերությունը գրանցված է Գ․ Մահարի 148 հասցեում (Էրեբունի վարչական շրջան)։ Հենց այս հասցեն է բոլոր փաստաթղթերում նշվում որպես կենդանիների ներմուծման վայր։ Ենթադրելով, որ ՀԱՀ-ից բերված ընձուղտներն այս հասցեում են, մենք դեռ 2022-ին ՍԱՏՄ գրավոր հարցում էինք ուղարկել՝ տարածքում պահվող կենդանիների վերաբերյալ։  ՍԱՏՄ-ից հրաժարվել են տրամադրել ընձուղտների քանակի մասին ճշգրիտ տվյալներ, բայց ընդհանրական պատասխանել են, որ տվյալ հասցեում պահվում են ընձուղտներ, զեբրեր, այծքաղներ, տնական այծեր, վագրեր, առյուծներ, կապիկներ, թութակներ և շնազգիներ։ Սա Գ․ Մահարի 148 հասցեում գտնվող ընձուղտների վերաբերյալ վերջին պաշտոնական տեղեկությունն է, որը մենք ունենք, քանի որ նույն թեմայի շուրջ մեր հետագա հարցերին ՍԱՏՄ-ն և ԲԸՏՄ-ն հրաժարվել են պատասխանել՝ հիմնվելով տնտեսվարող սուբյեկտի կողմից գրավոր համաձայնության բացակայության վրա։  Մեր այցելությունը «Ֆաունա Զօօ» ՍՊԸ գործող տարածք նույնպես որևէ նոր բան չտվեց։ Գ․ Մահարի փողոցը բնակելի է, սովորական երևանյան փողոց, սակայն անգամ հարևանությամբ բնակվող մարդիկ չգիտեն իրենց կողքին ապրող վայրի կենդանիների մասին։ Նրանք չեն տեսել, չեն լսել և չեն զգացել նման քանակի կենդանիների ներկայություն իրենց թաղամասում։ Սա այն դեպքում, երբ ՊԵԿ, ՇՄՆ և ՍԱՏՄ տվյալների համաձայն՝ այս տարածքում հավանաբար պահվում են 43 ընձուղտ, 20 զեբր, 49 այծքաղ, 20 կոկորդիլոս, 20 կարակալ, 20 սերվալ, 20 գենետա կատու, առյուծներ և վագրեր։    Ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2017-2022 թվականներին  տարբեր երկրներից Հայաստան են ներմուծվել 3941 վայրի և էկզոտիկ կենդանիներ, որոնք ունեն պահպանման տարբեր կարգավիճակներ։ Ամբողջական հաշվառման բացակայության պատճառով այս կենդանիների մեծ մասի ճակատագիրը, կարգավիճակը, գտնվելու վայրը և պահման պայմաններն անհայտ են։  Հայաստան ներմուծված և Հայաստանից արտահանվող վայրի կենդանիների քանակն ու մաքսային արժեքը, 2017-2023 Ներմուծված կենդանիներից արտահանվել են միայն 703-ը, որոնք հիմնականում եղել են փոքր թռչուններ։ Այսինքն, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի տարածքում պետք է գտնվի 3238 ներմուծված կենդանի, բայց ոչ մի պետական կառույց, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, որը տրամադրում է կենդանիների ներմուծման թույլտվությունները, չի տրամադրում կենդանիների գտնվելու վայրի և կարգավիճակի մասին ամբողջական տեղեկություններ։  Ներմուծված կենդանիների մի մասին՝ որպես զվարճանքի միջոցների, կարելի է հանդիպել տարբեր մասնավոր տարածքներում, օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տանը, կամ «Հրաշք այգի» ռեստորանում, որի սեփականատերը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի որդին է։ Իսկ կապիկներն, օրինակ, Հայաստանում շատերի համար հեշտ ձեռքբերում են դարձել։ Ավելին՝ կենդանիների վաճառքի գործում իրենց ներդրումն ունեն նաև ինֆլյուենսերները։    «Կոնվենցիան ուղղված է կենդանական աշխարհի պահպանությանը, ոչ թե նրանց առևտուրը խթանելուն» Հայաստան ներմուծման հիմնական գործընկեր երկրները Հարավաֆրիկյան Հանրապետությունն (18 կենդանատեսակ) ու Բենինն (16 կենդանատեսակ) են։ Աֆրիկյան այս երկրները հայտնի են հարուստ կենդանական աշխարհով, միևնույն ժամանակ՝ որսագողերով ու կենդանիների թրաֆիքինգով զբաղվողներով։ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան (CITES), ըստ վտանգվածության աստիճանի,  կենդանատեսակները բաժանում է 3 հավելվածի՝  I, II և III։ I հավելվածում անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներն են, և այս նմուշների տեղափոխումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում։ ՍԻԹԵՍ արտոնագիրը տրամադրվում է և՛ արտահանող, և՛ ներմուծող երկրի կողմից։  II հավելվածում ընդգրկված տեսակները վտանգված են և պետք է գտնվեն մշտական վերահսկողության ներքո։ ՍԻԹԵՍ արտոնագիրը տրամադրվում է միայն արտահանող երկրի կողմից։  III հավելվածում ներառված կենդանատեսակներն ավելի քիչ վտանգված են, սակայն նրանց տեղափոխումը ևս վերահսկվում և հաշվարկվում է, իսկ արտոնագիր չի պահանջվում։  2017-2022 թթ․ Հայաստան է ներմուծվել անհետացման վտանգի տակ գտնվող 9 (I հավելված) և վտանգված 32 (II հավելված) կենդանատեսակ։ Մնացած կենդանատեսակները ներառված են III հավելվածում կամ դեռևս չեն ընդգրկվել Կոնվենցիայի ցանկում։  Հաճախ Կոնվենցիայի նպատակը սխալ է ընկալվում և մեկնաբանվում հատկապես Հայաստանում և աֆրիկյան այն երկրներում, որտեղից հաճախ են կենդանիներ ներմուծում։ Կենսաբանական գիտությունների թեկնածու, միջազգային փորձագետ, ՄԱԿ միջազգային կոնվենցիաների նիստերի մասնակից Մարիա Վորոնցովան պարզաբանում է․ «Այս կոնվենցիան ստեղծվել է, երբ պարզվել է, որ կենդանիներին կտրում են բնությունից և պտտում ամբողջ աշխարհով, իսկ ՍԻԹԵՍ-ը այն փաստաթուղթն է, որը այս ամենը կարգավորում է և փորձում է ինչ-որ կերպ կանգնեցնել ընթացքը։ ՍԻԹԵՍ-ը հենց միջսահմանային տեղափոխման մասին է։ Շատերը կարծում են, թե սա առևտրային կոնվենցիա է, բայց այդպես չէ։ Այն կարգավորում է սահմանների միջև տեղափոխումը և ուղղված է կենդանական աշխարհի պահպանությանը, ոչ թե առևտուրը խթանելուն։ ՍԻԹԵՍ երկրները պետք է ունենան իրենց ներքին օրենսդրությունը, որը համապատասխանում է Կոնվենցիային կամ դրանից խիստ է։ Օրինակ՝ Ավստրալիան, որտեղ թութակների շատ տեսակներ կան, ամբողջությամբ արգելել է դրանց արտահանումը և արել է դա ՍԻԹԵՍ-ի ամրապնդման համար։ Կոնվենցիան այդպիսի բան չի պահանջում, բայց Ավստրալիան հպարտանում է իր կենդանական աշխարհով և կարծում է, որ պետք չէ թութակներին հանել երկրից, քանի որ արդյունքում, որպես կանոն, ոչ մի լավ բան տեղի չի ունենում․ նրանք մահանում են»։  Մեկ այլ փորձագետի՝ EAZA (European Association of Zoos and Aquaria) կենդանաբույժ-խորհրդատու Իման Մեմարիանի կարծիքով կենդանիների առևտրում մեծ է նաև կոռուպցիոն ռիսկը․ «Ցավոք սրտի, Կոնվենցիան չի ստուգում պահման պայմանները և այն, թե արդյո՞ք երկիրն առհասարակ ունի հնարավորություն կենդանուն պահելու, թե՞ ոչ։ Այստեղ շատ կոռուպցիոն դրսևորումներ կան՝ մինչև անգամ արտոնագրի տրամադրումը»։   Կենդանիները վերավաճառում են մի քանի անգամ ավելի էժան, քան գնել են  Այն դեպքերում, երբ կենդանիների հետքը հնարավոր է լինում գտնել մաքսային տվյալների օգնությամբ, ի հայտ են գալիս կասկածելի բիզնես գործարքներ։ Օրինակ՝ 2020 թ․ Բենինից ներմուծվել են 4 աֆրիկյան մարաբուներ, որոնց ընդհանուր մաքսային արժեքը 647 400 դրամ է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն արժեցել է 168 600 դրամ։ 2021 թ․ ներմուծվել են ևս 10 մարաբուներ՝ 1 082 000 դրամ մաքսային արժեքով, յուրաքանչյուր թռչնի արժեքը՝ 108 260 դրամ։  Այս թռչուններից 7-ը արտահանվել է Ուկրաինա անհամեմատ ավելի ցածր մաքսային արժեքով՝ յուրաքանչյուրը՝ 35 800 դրամ, ընդհանուր արժեքը կազմել է 250 840 դրամ։ Այսինքն, վաճառքի գինը բազմակի  անգամ ավելի ցածր է, քան ներմուծման արժեքը։  Գնի այսպիսի ճեղքվածքը վկայում է ոչ այնքան շահավետ բիզնեսի, որքան՝ բարեգործության կամ վնասի կրման։ Այս գործարքը, հավանաբար, իրականացվել է «Երզնկյան Զօօ Ցենտր» ՍՊԸ կողմից, քանի որ, ըստ արտահանման թույլտվությունների, հենց այս ընկերությունն է 2021 թ․ 7 աֆրիկյան մարաբուի վերաարտահանման թույլտվություն ստացել ՇՄՆ կողմից։  Այս հանգամանքը պետք է որ ազդանշան հանդիսանար ՊԵԿ-ի համար ավելի մանրամասն և արդյունավետ ուսումնասիրելու միևնույն օբյեկտի ներմուծման ու արտահանման տվյալները, քանի որ նման գնային տարբերությամբ ներմուծումն ու արտահանումը կարող են հարկերից խուսափելու ռիսկ պարունակել։   Ի վերջո, ո՞վ է պատասխանատուն Վայրի կենդանիների առևտրի և դրանում Հայաստանի մասնակցության թեման կարելի է ուսումնասիրել երկար, քանի որ քիչ չեն անհետացած 43 ընձուղտների նման պատմությունները։ Վերջում, սակայն, ամենակարևոր հարցը մնում է անպատասխան․ որտե՞ղ են և ի՞նչ վիճակում են այժմ այդ կենդանիները։  Կարծես թե տեղական և միջազգային իրավական կարգավորումներն այս հարցի պատասխանը պատվիրակել են պետական մարմիններին, սակայն փաստերն այդ մասին չեն խոսում։  ՍԻԹԵՍ կոնվենցիան ամբողջ աշխարհում վայրի կենդանիների տեղափոխման ընդհանուր կանոններ և ստանդարտներ է մշակում, ինչի արդյունքում էլ ստեղծվել է երկրների ներսում թույլտվությունների տրամադրման համակարգը։ Այդ համակարգի գործունեության համար պատասխանատու են համապատասխան պետական կառույցները։ Հայաստանում համակարգող մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն է, իսկ գիտական ուղղությամբ պատասխանատու մարմինը՝ Գիտությունների ազգային ակադեմիան։  Ակնհայտ է, որ նախարարությունը պահպանության կարիք ունեցող վայրի կենդանիների ներմուծման ու արտահանման բազմաթիվ թույլտվություններ է տալիս, ինչը կարող է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոն հանդիսանալ։  Հայաստանում շատ անգամներ են արձանագրվել կենդանիներին որպես զվարճանքի միջոց շահագործելու կամ մասնավոր առևտրի դեպքեր, ինչը վկայում է ՇՄՆ և մյուս պատկան մարմինների անտարբերության մասին։ Օրինակ՝ Սննդամթերքի անվտանգության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինները, որոնք հրաժարվում են տրամադրել տեղեկություններ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ տարածքում պահվող կենդանիների քանակի և վիճակի մասին։ Գիտությունների ազգային ակադեմիան, որն առանց որևէ գիտական հիմքի տրամադրել է դրական մասնագիտական եզրակացություն մեծ քանակությամբ վայրի կենդանիների ներմուծման համար, ինչպես նաև՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը, որը թույլ է տալիս կենդանիների տեղափոխումը սահմանից սահման առանց պատշաճ վերահսկողության։  Ըստ էության, ՍԻԹԵՍ կոնվենցիան վայրի կենդանիների միջսահմանային տեղափոխման մասին է միայն և ենթադրում է, որ թույլտվությունները պետք է տրամադրվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այլ ոչ թե առևտրի և բիզնես նպատակներով։ Հատկանշական է, որ Հայաստանի պետական մարմինները չեն առաջնորդվում Կոնվենցիայի այս գլոբալ գաղափարով, այլ, հակառակը, թույլատրում և անգամ նպաստում են վայրի կենդանիների բազմաթիվ տեղափոխությունների՝ օգտագործելով ՍԻԹԵՍ թույլտվություն տալու իրենց հնարավորությունը։  Ստացվում է, որ կոնվենցիան յուրաքանչյուր երկրի հնարավորություն է տալիս ինքնուրույն սահմանել «խաղի կանոնները» և հետևել դրանց։  Անհերքելի է, որ երկրի ներսում արդեն իսկ կան մեծ քանակությամբ անազատության մեջ և վատ պայմաններում ապրող կենդանիներ, միևնույն ժամանակ, նրանց թիվը շարունակում է աճել թերի վերահկսվող այս առևտրի հետևանքով։ Հեղինակ՝  Մարիամ Տաշչյան Ինֆոգրաֆիկաները՝ Բիբինուր Բոլոտկանովայի Մենթոր՝ Կատյա Մամյան Նյութը ստեղծվել է LAMPA Accelerator-ի շրջանակներում՝ Ղրղզստանի տվյալների դպրոցի աջակցությամբ։
20:11 - 28 փետրվարի, 2024
Կառավարությունը 2024-ի համար Սեւանա լճից ձկնորսության չափաքանակ սահմանեց 257 տոննան. նախկինում այն եղել է 600 տոննա
 |news.am|

Կառավարությունը 2024-ի համար Սեւանա լճից ձկնորսության չափաքանակ սահմանեց 257 տոննան. նախկինում այն եղել է 600 տոննա |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ին Սեւանա լճում արդյունագործական որսի չափաքանակը հաստատելու մասին որոշում կայացրեց; Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ ներկայացնելով նախագիծն, ասաց. «Մենք հիմնվում ենք ԳԱԱ գիտական հետազոտությունների վրա:  2023-ի դեկտեմբերին մենք ստացել ենք տվյալները, ըստ որոնց  մինչեւ 2024-ի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար: Քվոտաների սահմանումը սկսվել է 2020-ից: 2021-ին այն եղել է 300 տոննայի շրջանակում, 2022-ին եւ 2023-ին՝ 600 տոննայի շրջանակում: 2024-ի հուլիսին ԳԱԱ-ն նոր ուսումնասիրություն կանի՝ հասկանալու համար, թե նոր քվոտայի կարիք կա, թե ոչ»: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ Չեխիայի մեր գործընկերները պարզեցի՞ն, թե ինչքան պաշար կա Սեւանա լճում, ինչին Սիմիդյանը պատասխանեց. «Մենք օր-օրի սպասում ենք տվյալներին, վերջնաժամկետը փետրվարի 29-ին է»:
12:05 - 08 փետրվարի, 2024
Հայաստանում կտաքանա 12-14 աստիճանով, մի շարք մարզերում գետնաբուք է սպասվում

Հայաստանում կտաքանա 12-14 աստիճանով, մի շարք մարզերում գետնաբուք է սպասվում

Հայաստանի առանձին վայրերում փետրվարի 4-7-ին սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Նշվում է, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: «Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:45 - 04 փետրվարի, 2024
Սևանա լճում այս տարվա առաջին սառցային երևույթները դիտվել են թերակղզու դիտակետում հունվարի 26-ին. ՇՄՆ

Սևանա լճում այս տարվա առաջին սառցային երևույթները դիտվել են թերակղզու դիտակետում հունվարի 26-ին. ՇՄՆ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ վերջին շրջանում մի շարք լրատվական կայքերում հրապարակումներ են տարածվում, որ Սևանա լիճն ամբողջովին ծածկվել է սառույցով, ընդ որում՝ նշելով, որ վերջին 7 տարում առաջին անգամ է լիճն ամբողջովին սառել։ Սևանա լճի սառցածածկի վերաբերյալ իրական պատկերն այլ է։ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի, այդ թվում՝ սառցային երևույթների վերաբերյալ դիտարկումները իրականացվում են ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լճային 4 դիտակետերում՝ Սևան թերակղզի, Շորժա, Մարտունի և Կարճաղբյուր։ Համաձայն դիտակետերի դիտարկումների տվյալների՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 25-ը լճում (ամբողջ տեսանելի հատվածում) սառցային երևույթները բացակայել են։ Հունվարի 26-ի դրությամբ՝ այս տարվա առաջին սառցային երևույթներն են դիտվել Սևան թերակղզի դիտակետում, մերձափնյա շրջաններում եզրասառույցի տեսքով։ Մյուս 3 դիտակետերում դեռևս սառցային երևույթներ չեն դիտվել։ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երևույթները: Առաջին սառցային երևույթները, որոնք սկզբից ձևավորվում են ափի մոտ, կարող են հանդես գալ սկսած հոկտեմբերի վերջից։ Եզրասառույց/ափասառույց Սևանա լճում ձևավորվում է գրեթե ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ ամեն տարի: Սկսած 1890 թվականից՝ լճում համատարած սառցածածկ դիտվել է (այն դեպքերն են, երբ լիճն ամբողջովին ծածկվել է անշարժ սառույցով տասը օր և ավելի ժամանակատատվածով)՝ 1890, 1905, 1921, 1925, 1949, 1950, 1954, 1957, 1959, 1964, 1969, 1971, 1972, 1974, 1975, 1976, 1980, 1982, 1983, 1985, 1989, 1990, 1992, 1993, 2005, 2008, 2012, 2017 թվականներին՝ սկսած հունվարի վերջերից կամ փետրվարից։ Անշարժ սառույցի հաստությունը այդ ժամանակ կազմել է 20-40 սմ։ Առանձին տարիներին՝ 1973, 1977, 1988, 1991, 1994, 1998, 2000, 2002, 2007 թ․, համատարած սառցածածկ դիտվել է միայն Մեծ Սևանում, իսկ Փոքր Սևանում համատարած սառցածածկ կամ չի դիտվել, կամ դիտվել է մասնակի։ Ըստ դիտարկումների պատմական տվյալների՝ ամենաշուտ Սևանա լիճը սառել է 2008 թ. հունվարի 16-ին, իսկ ամենաուշ՝ 1959 թ. փետրվարի 28-ին։ Ըստ տևողության լճում ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972 թ․` 72 օր։ Ընդհանուր առմամբ լճի համատարած սառցածածկը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը հունվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 2 մլն խմ ջուր: Բացասական կողմերից է այն, որ լճի վրա առաջացած մակերևութային սառույցը խոչընդոտում է ջրում թթվածնի լուծունակությանը, և ջրում պակասում է թթվածնի քանակությունը:
17:05 - 26 հունվարի, 2024
Ինչու տապալվեց վարչապետի 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը |hetq.am|

Ինչու տապալվեց վարչապետի 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը |hetq.am|

hetq.am: Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ամփոփեց 2023 թվականը և պատմեց, որ 2023 թ.-ին 314 հա անտառպատման աշխատանքներ են իրականացվել: Նախարարը հույս ունի, որ 2024-ին մեծ թափով առաջ կգնան այս ոլորտում և ևս 1000 հա անտառ կհիմնեն: Հակոբ Սիմիդյանին հարցրինք, թե ինչ ընթացք է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 10 մլն ծառ տնկելու ծրագիրը, այդ 10 մլն-ից քանի՞սն է մինչ օրս տնկվել, ինչ կպչողականություն է ապահովվել: «Դա 2020 թվականին նախատեսված միջոցառում էր: Ինչի 2020 թվականին չկայացավ, կարծում եմ բոլորիս պարզ է, հայտնի իրադարձությունները` քովիդը և 44-օրյա պատերազմը, և քանի որ ամբողջ միտքը, որ 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 մլն ծառ տնկվեր, ըստ էության, հայտնի պատճառներով, այդ ծրագիրը չիրականացավ: Ծրագիրը նաև 10-երի խորհուրդն էր ունեցել: Մենք չենք վերադարձել ծրագրի իրականացմանը, բայց ես արդեն ասացի, որ 2024 թվականի համար նախատեսել ենք 1000 հա անտառ տնկել, դա, եթե չեմ սխալվում, 1 մլն ծառի մասին է»,- պատմեց Հակոբ Սիմիդյանը: Անդրադառնալով ծառերի կպչողականութանը՝ նախարարը նշեց, որ կպչողականության աստիճանը իրենց էլ չի բավարարում, դրա համար նաև միջազգային փորձն են ուսումնասիրում, որ արդյունավետ ճանապարհով գնան: «Ես հիմա կոնկրետ չասեմ, նաև դաշտային աշխատանքների արդյունքում կլինի` կհասկանանք, թե ինչու չունենք մեծ կպչողականություն»,- ասաց նախարարը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման իր ելույթում ազդարարեց 10 մլն ծառ տնկելու, իր որակմամբ, ամբիցիոզ ծրագրի մասին: 10 մլն ծառը, համաձայն վարչապետ Փաշինյանի, «կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»:
17:50 - 15 հունվարի, 2024
Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը
 |armenpress.am|

Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն աստիճանաբար կավելացնի Սևանա լիճ բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը։ Այս մասին հունվարի 15-ի ասուլիսին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանն ու ոլորտի բարեփոխումներին։ «Սևանի էկոհամակարգի վերականգնման նպատակով 2023 թվականին լիճ է բաց թողնվել 231 հազար իշխանի մանրաձուկ։ Այս դինամիկան մենք 2024 թվականին կավելացնենք։ Նպատակադրված ենք այս տարվա համար իշխանի 300 հազար մանրաձուկ բաց թողնել։ Ամեն տարի քանակն, իհարկե, մեծացնել։ 2024 թվականից Շրջակա միջավայրի նախարարությունն է դարձել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծական զարգացման» հիմնադրամին տրամադրելու ենք  495 միլիոն դրամ և առջևում նպատակ ունենք գործարանի կառավարման մոդելը փոխել և տրամադրված ենք, որ արդեն կառավարումը նույնպես կիրականացնի Շրջակա միջավայրի նախարարությունը»,-մանրամասնեց Սիմիդյանը։ Նախարարի տեղեկատվությամբ 2022, ինչպես նաև 2023 թվականներին սիգի արդյունագործական որսի համար գերատեսչության կողմից քվոտա է սահմանվել։ «Բայց ի տարբերություն 2022 թվականի՝ 2023-ի տվյալները լավ բանի մասին չեն խոսում, քանի որ, ըստ էության, 600 տոննայից տնտեսվարողները կամ ձկնորսներն ընդամենը 390 տոննայի թույլտվության համար են դիմել։ Սա վերլուծելու և գնահատելու առիթ է տալիս և մենք հիմա նաև գնահատում ենք, թե ինչի արդյունք է։ Իհարկե, նաև գնահատում ենք, թե այդ թույլտվություններն օգնու՞մ են էկոհամակարգի պահպանությանը, թե դրանք որոշակի ապօրինի շղթաների նոր հնարավորություններ են բացում»,-հավելեց գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ ամբողջ տարվա ընթացքում շարունակվել են ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները, որի արդյունքում 919 խեցգետնաորսիչ է հանվել ջրից։
17:33 - 15 հունվարի, 2024
 Սիմիդյանը որոշողը չի, ոլորտից հասկացողի հետ ենք հանդիպում պահանջում․ ձկնաբույծ |tert.am|

Սիմիդյանը որոշողը չի, ոլորտից հասկացողի հետ ենք հանդիպում պահանջում․ ձկնաբույծ |tert.am|

tert.am: Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք միակողմանի փակել էին Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը և քայլերթով շարժվել են դեպի Կառավարության շենք՝  բողոքի ակցիան այդտեղ շարունակելու նպատակով։ Ձկնաբույծներից մեկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ 969 ապօրինի հոր կա և պահանջեց ջրային ռեսուրսները խնայելու համար նախ փակել դրանք։ «Կան տիրազուրկ հորեր, որոնցից վայրկյանում 7,000-10,000լիտր ջուր է դուրս գալիս, եթե իրենք փակում են ամբողջ տիրազուրկ հորերը, մեզ փակելու խնդիր չկա։ Մենք չենք հրաժարվում, ասում ենք՝ եկեք փակենք, եթե ջուրը չի վերականգնվի, համաձայն ենք մերը փակելուն»,- նշեց նա։ Ձկնաբույծները հանդիպել են նաև ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին, սակայն, այս հարցում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։ «Հակոբ Սիմիդյանն ասեց, որ ապօրինի հորերը պատրաստ են փուլային տարբերակով փակել, սկզբից 20 տոկոսը, հետո՝ նույնքան։ Սիմիդյանը չէ որոշողը, նրա հետ հանդիպում չենք ուզում, ուզում ենք հանդիպենք մեկի, որը ոլորտից հասկանում է։ Փոխվարչապետի հետ ենք հանդիպում ուզում»,- հավելեց նա՝ նշելով, որ 1,5 մլն դրամի վարկ ունի, եթե նոր օրենքով աշխատի, սնանկացման եզրին կհայտնվի։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ է ձկնաբույծները բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ։ Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։ Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենց չեն կարողանալու աշխատել և կանգնալու են փակման շեմին։
12:00 - 22 դեկտեմբերի, 2023
Ձկնաբուծարանների ներկայացուցիչների հետ քննարկվել է փակ շրջանառու համակարգը

Ձկնաբուծարանների ներկայացուցիչների հետ քննարկվել է փակ շրջանառու համակարգը

Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների հետ` քննարկելու ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման կարգը։ Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ և ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և լրատվամիջոցներ:   ՇՄՆ-ից տեղեկացնում են, որ նախարարը ներկայացրել է Արարատյան գոգավորության ստորերկրյա ջրերի վիճակի փոփոխությունները 2010-2023 թվականների ընթացքում, անդրադարձել ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում 2016 թ. իրականացված Արարատյան դաշտի հորատանցքերի, բնական աղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման արդյունքներին, ինչպես նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից արված հետազոտությունների ամփոփման արդյունքում պարզաբանված խնդիրներին։   Այսպիսով՝   ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում 2016թ. իրականացված Արարատյան դաշտի հորատանցքերի, բնական աղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման արդյունքների համաձայն՝ 2016 թ. Արարատյան դաշտում փաստացի ջրառը կազմել է 1,608.5 մլն խմ, որից 809.0 մլն խմ (կամ 50%)՝ ձկնաբուծության նպատակով. 2016 թ. ըստ ջրօգտագործման թույլտվությունների կազմել է տարեկան 640 մլն խմ, որից` 535 մլն խմ (կամ 85%)՝ ձկնաբուծության նպատակով. 2022 թ․ ըստ ջրօգտագործման թույլտվությունների կազմել է տարեկան 1,1 մլն խմ, որից 851 մլն խմ (կամ 75%) ձկնաբուծության նպատակով. ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից արված հետազոտությունների ամփոփման արդյունքում մեր կողմից պարզաբանվել են մի շարք կարևորագույն խնդիրներ: 2016-2017 թթ․ նկատվել է ստորերկրյա ջրերի մակարդակի բարձրացում մինչև 0.36 մ երկրի մակերևույթից բարձր՝ շուրջ 4000 լ/վ հորերի կոնսերվացման և լուծարման արդյունքում, ինչպես նաև ձկնաբուծարանների ջրածավալների 30% կրճատման արդյունքում։   2018 թ․ ստորերկրյա ջրերի միջին տարեկան մակարդակը սկսել է իջնել 0,2 մ-ով և դադարել է շատրվանել: Դատարանի որոշմամբ վերաբացվել են 5 ձկնաբուծարաններ՝ շուրջ 4000 լ/վ։ Համաձայն դիտարկումների ցուցանիշների 2019-2023 թվականներին ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է 1.74 մետրով։   Նախարարն անդրադարձել է նաև 2023 թվականին ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից Արարատի և Արմավիրի մարզերում խորքային հորերի գույքագրման աշխատանքներին․ իրականացրել է 2387 խորքային հորերի գույքագրում։ Քննարկվել է նաև Փակ շրջանառու համակարգը։   Այս համակարգը թույլ կտա ապահովել ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոս մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում` հորատանցքից իրականացնելով ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ծավալի առավելագույնը 60 տոկոս ջրառ և ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40 տոկոս ջրախնայողություն։   Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60 տոկոսի օգտագործումը չի առաջացնի ձկնաբուծարանի արտադրողականության կրճատում: Ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրումից հետո կրկին օգտագործվելու է նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ ապահովելով մինչ այդ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի 100 տոկոսը:   Փակ շրջանառու համակարգի ներդնման ժամանակ ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսը մաքրումից հետո հարստացվում է թթվածնով և վերադարձվում է կրկնակի օգտագործման:   Փակ շրջանառու համակարգի ձեռքբերման, տեղադրման, շահագործման և սպասարկման ծախսերը կատարում են ջրօգտագործողները իրենց միջոցների հաշվին կամ պետական օժանդակության ծրագրերի միջոցով։   Պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ հանդիպում-քննարկում կազմակերպել սույն թվականի դեկտեմբերի 19-ին։  
20:50 - 18 դեկտեմբերի, 2023
Բացասական եզրակացության պարագայում երկարացվել է Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը
 |hetq.am|

Բացասական եզրակացության պարագայում երկարացվել է Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը |hetq.am|

hetq.am: 2022թ. հուլիսի 27-ին Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի` Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը երկարացնելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծին: Մինչդեռ այս տարվա օգոստոսի 29-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկարացրել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը մինչև 2040թ. մայիսի 1-ը:  Հիշեցնենք` «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրացել է 2023թ. սեպտեմբերի 10-ին:  Նախարար Գնել Սանոսյանին հարցում ուղարկեցինք` խնդրելով պարզաբանել, թե ինչի հիման վրա է երկարացվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը, եթե ՇՄՆ-ն բացասական եզրակացություն է տվել ընդերքօգտագործողի հայտին:  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ  «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն դեռևս 2021 թ. դեկտեմբերի 13-ին դիմել է ՏԿԵ-ին` Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման նպատակով: Լիազոր մարմինը, քննարկելով ընկերության դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, այն ներկայացրել է Շրջակա միջավայրի և Արտակարգ իրավիճակների նախարարություններ` փորձաքննությունների:  ՏԿԵ նախարարի 2022թ. հունիսի 21-ի հրամանի համաձայն` ընկերության դիմումը մերժվել է` սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու հիմքով: «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն բողոքարկել է նախարարի այս հրամանը ՀՀ վարչական դատարանում, որի արդյունքում Վարչական դատարանը պարտավորեցրել է ՏԿԵ նախարարությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` Մեղրաձորի ոսկու հանքավայրի թույլտվության գորոծղության ժամկետը 16 տարի 8 ամիս երկարաձգելու վերաբերյալ:  Վարչական դատարանի վճիռը ՏԿԵ-ն չի բողոքարկել, և այն մտել է օրինական ուժի մեջ:  Այժմ անդրադառնանք դատական ակտին: Գործը քննել է դատավոր Արգիշտի Ղազարյանը: «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Տեր-Տաճատյանը հիմնավորումներում նշել է, որ ընկերությունը 2022թ. հուլիսի 14-ին վարչական բողոք է ներկայացրել նախարարություն՝ խնդրելով անվավեր ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` ընդերքօգտագործման իրավունքը երկարաձգելը մերժելու հրամանը և ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրի արդյունահանման թույլտվության ժամկետը 16 տարի 8 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Սակայն վարչական բողոքի հիման վրա վարչական վարույթ չի հարուցվել, չի հրավիրվել որևէ լսում: Արմեն Տեր-Տաճատյանի մեկնաբանմամբ` Ընդերքի մասին օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն՝ դիմումատուն պարտավոր է վերացնել հենց թերությունները, իսկ որևէ հետագա պարտավորություն դիմումատուն չունի, որևէ օրենսդրական ակտով նախատեսված չէ, որ դիմումատուն թերությունները վերացնելուց հետո անպայման պետք է ծանուցի նախարարությանը: Տվյալ դեպքում Շրջակա միջավայրի նախարարությունը 14.04.2022թ.-ին ծանուցել է և՛ նախարարությանը, և՛ ընկերությանը՝ հաշվետվությունը լրամշակելու անհրաժեշտության մասին, որից հետո նույն օրը լրամշակել է հաշվետվությունը՝ ուղղելով առկա թերությունները և հայտնելով դրա մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը: ՏԿԵ-ն իր դիրքորոշմամբ առարկել է հայցի դեմ՝ նշելով, որ ներկայացված վարչական բողոքը մերժվել է, քանի որ նախարարի որոշումը իրավաչափ է և ենթակա չէ անվավեր ճանաչման: Հայցվոր ընկերության կողմից թերությունները շտկվել և կրկին են ներկայացվել սահմանված ժամկետի խախտմամբ, որի արդյունքում նախարարությունը կայացրել է մերժման որոշումը: Ավելին, հայցվոր ընկերության կողմից չի ներկայացվել որևէ ապացույց՝ լրամշակված հաշվետվությունը սահմանված ժամկետում ՇՄՆ ներկայացնելու և այն նախարարության կողմից ստացված լինելու վերաբերյալ: «Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը մերժվել է ոչ թե լրամշակված հաշվետվությունը Շրջական միջավայրի նախարարություն ներկայացնելու, այլ այն սահմանված ժամկետում որևէ նախարարություն չներկայացնելու համար, որը չի կարող մեկնաբանվել որպես ձևական պահանջի չարաշահում»,- հայտնել է նախարարության ներկայացուցիչ Սոնա Հայրապետյանը: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված 2022 թվականի հուլիսի 27-ի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբարյալ տրվել է բացասական եզրակացություն, որի պարագայում ընդերքօգտագործումն արգելվում է: Սոնա Հայրապետյանը շեշտել է, որ Ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված է օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման հատուկ ընթացակարգ, որի պահպանման պայմաններում միայն կարող է երկարաձգվել ընդերքօգտագործման իրավունքը: Այդ ընթացակարգի մաս է կազմում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը փորձաքննության ենթարկելը և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ համապատասխան փորձաքննական դրական եզրակացության առկայությունը, առանց այս ընթացակարգերի պահապանման ընդերքօգտագործման իրավունքը չի կարող երկարաձգվել: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:58 - 18 դեկտեմբերի, 2023
Ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը. վարչապետին է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության տարեկան հաշվետվությունը

Ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը. վարչապետին է ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության տարեկան հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, այլ պաշտոնատար անձինք: Զեկույցներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալները: Վարչապետին զեկուցվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 4120 հա անտառածածկ տարածքներում առաջին անգամ իրականացվել են վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-կենսաբանական պայքարի աշխատանքներ (նախկինում դրանք կատարվել են քիմիական նյութերի միջոցով)։ Ազդակիր համայնքներում իրականացվել են բնապահպանական ծրագրեր՝ նախատեսվածի 38,8%-ի չափով։ Իրականացվել են 226 հա անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ։ Հիմնադրվել է 8 հա տնկարան, աճեցվել են փակ արմատային համակարգով 250․000 հատ տնկանյութ։ Ներկայացվել է ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների ֆինանսական մուտքերը, այդ թվում՝ պետական բյուջեից, ձեռնարկատիրական գործունեությունից, դոնորներից և այլն։ Նշվել են ձեռնարկատիրական գործունեության ուղղությամբ իրականացված քայլերը, մասնավորապես, վարձակալական մեկնարկային նոր գները՝ մոտարկված շուկայականին, «Դիլիջան», «Սևան», «Արփի լիճ» ազգային պարկերի ռեկրեացիոն գոտու հողամասերի վարձակալությունները, վարձակալության պայմանագրերի նոր չափորոշիչները՝ համապատասխանեցում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, նոր «Սևան» ազգային պարկի 4 հանրային լողափերի ստեղծման, դրանց շահագործման նպատակով մրցույթների կազմակերպման, Նորաշենի արգելոցի և արգելավայրի մուտքի-ելքի կանոնակարգավորման, էկոզբոսաշրջություն՝ նոր երթուղիներ և եղած երթուղիների բարեկարգման ուղղությամբ իրականցված աշխատանքները։ Վարչապետը հանձնարարականներ է տվել ազգային պարկերի, հանրային լողափերի գործունեության ու արդյունավետ կառավարման վերաբերյալ: Վերջինիս վերաբերյալ վարչապետն ընդգծել է. «Ես ուզում եմ հստակ արձանագրենք՝ այնտեղ, որտեղ զարգացման դինամիկա չկա, որն արտահայտվում է ոչ պետական եկամուտներից, տնօրենները չեն կարող շարունակել իրենց աշխատանքը: Սա հստակ գիծ է: Եթե չկա եկամուտ՝ ուրեմն չի կառավարվում ընկերությունը: Դրանք հազարավոր հեկտարներով տարածքներ են և մենք, իհարկե, կառավարում ասելով նկատի ունենք, այսպես ասած, պրոբնապահպանական կառավարումը: Նկատի չունենք, որ պետք է հողեր օտարեն, ծառերը կտրեն, կենդանիների կոտորած անեն այնքան, որ եկամուտներն աճի: Դա տնտեսություն է: Ընդհանրապես, մեր մոտեցումները հետևյալն են. ամեն ինչի հիմքում պետք է լինի տնտեսական տրամաբանությունը, որովհետև դա է զարգացումը: Սա նշանակում է՝ դնել զարգացման տրամաբանություն, կոնսերվացման տրամաբանություններից պետք է դուրս գալ: Մենք պետք է անընդհատ աճ ունենանք և սա կարևոր տրամաբանություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են աշխատանքներ ըստ հետևյալ ոլորտների՝ հիդրոօդերևութաբանական ծառայություններ, շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվության ապահովում, անտառային պետական մոնիթորինգի իրականացում։ Ձեռք է բերվել 20 ավտոմատ օդերևութաբանական կայան, որից 9-ը՝ պետական բյուջեից հատկացված միջոցներով։ Դրանցից 5-ը տեղադրվել է Սևանա լճի ավազանում, 2 կայանում տեղադրվել են նաև ջրի մակերևույթից գոլորշիացման դիտարկման տպիչներ։ ՀՀ պետական բյուջեից գումար կհատկացվի օդի մոնիթորինգի ավտոմատ 2 կայանի ձեռքբերման նպատակով։ Կայանները կտեղադրվեն Երևան քաղաքում, ինչը հնարավորություն կտա իրականացնել իրական ժամանակում տվյալների հավաքագրում և վերլուծություն, բարձրացնել տվյալների ճշգրտությունը և հուսալիությունը։ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի Գյումրու «Շիրակ» օդանավակայանում շահագործվող օդերևութաբանական համակարգերն ամբողջությամբ, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում մասնակի, փոխարինվել են նորերով և տեղադրվել են վերջին սերնդի օդերևութաբանական կայաններ։ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում շահագործման են հանձնվել ամպրոպ տեղորոշիչ տվիչներ։ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ներդրվել է նոր MESSIR-SADIS համակարգ։ «Շիրակ» միջազգային օդանավակայանի թռիչքադաշտում անցկացվել է շուրջ 3000 մետր օպտիկամանրաթելային կապուղի, եղանակի կանխատեսումների արդարացվելիության գործակիցը կազմել է 91.8%, համակարգի վերազինման և վերանորոգման կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 160 մլն դրամ, համակարգի վերազինման և վերանորոգման կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 160 մլն դրամ, սպասարկվել է 20509 ավիաթռիչք, որից «Զվարթնոց»-ում` 20216, «Շիրակ»-ում` 272 և «Սյունիք» օդանավակայանում` 21 ավիաթռիչք։ Ընկերության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու արդյունքում շահույթն ավելացել է շուրջ 105 %-ով։ Տրվել են բուսական և կենդանական օբյեկտների թույլատվություններ, պայմանագրեր, լիցենզիաներ, ընդհանուր թվով 4634 հատ, բնօգտագործման վճարը կազմել է 90,3 մլն դրամ, պետ․ տուրքը՝ 4,07 մլն դրամ։ Տրամադրվել է 1018 թափոնների և մթնոլորտ արտանետումների թույլատվական փաստաթուղթ։ 2024 թվականի հունվարի երրորդ տասնօրյակից բոլոր թույլատվական փաստաթղթերի ստացումը կթվայնացվի։ Նշվել է, որ հանրապետությունում հաստատված է 233 բնության հուշարձան, որից 32-ը՝ անձնագրավորված: Իրականացվում են տեղադիրքի ճշգրտման, ներկա վիճակի գնահատման և գույքագրման աշխատանքներ։ Խոսելով բնության հուշարձանների պահպանության վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ի վերջո, մեր որոշումների կայացման հիմքում պետք է լինի Հայաստանի տնտեսական զարգացման շահը: Այսինքն, բոլոր տեղերում, որտեղ կարող ենք տնտեսական զարգացում և տնտեսական աճ գեներացնել, չմոռանալով միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն ու մեր էկոմիջավայրում շարունակական ներդրումներ ապահովելը, պետք է գնանք այդ լուծումներին: Որովհետև դա շղթայական խնդիր է, կապված է տնտեսական ակտիվության և աղքատության հաղթահարման հետ և այսպես շարունակ: Երբ մշակութային կամ պատմական հուշարձաններն ավիրվում են, ոչ ոք դրա մասին առանձնապես չի անհանգստանում: Երբ մեկը հայտնվում է այդ հուշարձանի կողքին՝ ամբողջ Հայաստանը «հարձակվում» է, թե այս ի՞նչ եք անում: Եթե մենք միջոցներ չձեռնարկենք՝ այդ հուշարձանները գիտության համար պահպանել հնարավոր չի լինելու, որովհետև վերանալու են: Հուշարձանը հուշարձան է՝ մարդու հետ հարաբերությունների մեջ, այսինքն, եթե չկա մարդ՝ հուշարձանը հուշարձան չէ: Հուշարձանը մարդով է հուշարձան: Այն բոլոր դեպքերում, երբ մենք հուշարձանն ընկալում ենք մի տեղ, որտեղ ոչ մի մարդ պետք է մոտ չգա և մարդը հաղորդակցության մեջ պետք է չլինի՝ մենք ոչնչացնում ենք այդ հուշարձանը»: Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սևանա լճի էկոհամակարգի, «Սևան» ազգային պարկի կառավարման նոր պլանի մշակման, բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական մուտքերի հետ կապված հարցերին: Ներկայացվել են նաև Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումները։ Լիճ է բաց թողնվել Գեղարքունի իշխանի 231,732 հատ մանրաձուկ։ Սահմանվել է սիգի արդյունաբերական որսի չափաքանակը՝ 600 տոննա, կնքվել է 15 պայմանագիր։ Լճից դուրս է բերվել 919 խեցգետնորսիչ, լիճ է վերադարձվել 638 խեցգետին։ Երկարաձգվել է սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը, խստացվել է սիգի ապօրինի որսի քրեական և վարչական պատասխանատվությունը։ Անդրադառնալով Սևանա լճից ապօրինի ձկնորսության դեմ պայքարի աշխատանքներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շրջակա միջավայրի նախարարության և ՆԳՆ-ի ջրային պարեկային ծառայության սերտ համագործակցությունը: «Այստեղ շատ կարևոր եմ համարում մարդկանց հետ խոսելը, հաղորդակցությունը, որ իրենք հասկանան մեր մոտիվացիաները՝ մենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում և գործընթացի վերջնական շահառուն ով է: Մարդիկ պետք է հասկանան, որ հենց իրենք են գործընթացի վերջնական շահառուն և մյուս կողմից էլ պետք է ամեն ինչ արվի օրինական ճանապարհով»,-ասել է վարչապետը: Ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի ներդրման հետ կապված վարչապետը շեշտել է. «Ակնհայտ է, որ մենք պետք է հետևողական լինենք, չենք կարող մեր քաղաքականությունները հետ ու առաջ անել, մենք պետք է գնանք առաջ: Դա էլ է հարց՝ մենք որքան ջուր ենք վատնում՝ որքան ձուկ արտադրելու համար, և այդ բալանսն ինչ արժե: Մեկ այլ բան ասեմ. եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի՝ մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց եթե մեզ ջուր անհրաժեշտ լինի, մենք չենք կարող այլ տեղից այն բերել: Եվ սա ազգային անվտանգության հարց է»: Անդրադառնալով իրականացված ծրագրերին՝ պատասխանատուները զեկուցել են, որ Կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում իրականացվել է ոլորտի 60 միջոցառում։ Պետական բյուջեով իրականացվել է 6 ծրագիր և 42 միջոցառում։ Ընդունվել է ոլորտային 21 օրենք, 34 կառավարության որոշում, վարչապետի 3 որոշում, 39 գերատեսչական ակտ։ Շրջանառության մեջ են գտնվում ևս 17 օրենքի և 22 կառավարության որոշման նախագծեր։ Մասնավորապես, ընդունվել են՝«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենքը և համապատասխան ենթաօրենսդրական ակտերը, «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։ Ընթացիկ տարում մշակվել են առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը՝ փորձարկվել է ջրաչափիչ սարքերի հարթակը՝ 2024թ. հունվարի 1-ից սահմանված օրենսդրական պահանջն ապահովելու համար: Ըստ ջրառի կետերի շուրջ 5000 տեղադրման ենթակա ջրաչափիչ սարքերից ներկայումս ընդհանուր առմամբ տեղադրվել և կնքվել է 520-ը, որից 210-ը՝ հաշվետու տարում: Ջրային օրենսգիրքը լրացվել է փակ շրջանառու համակարգ հասկացությամբ և լիազորվել է կառավարությանը մշակել կարգ, մշակվել է փակ շրջանառու համակարգի ներդրման կարգը։ Նշվել է, որ բոլոր կարգավորումների վերաբերյալ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը տեղադրման պահանջի մասին ծանուցվել են բոլոր ջրօգտագործողները (շուրջ 748)։ 2023-ի մայիսից՝ 1 տարի ժամկետով, մեկնարկել են ջրային պետական կադաստրի թարմացման և վերազինման աշխատանքները։
10:49 - 12 դեկտեմբերի, 2023