Սահման

Հույս ունեմ՝ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանին էր ուղղված, իսկ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը կկարճվի․ Աբրահամյան

Հույս ունեմ՝ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանին էր ուղղված, իսկ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը կկարճվի․ Աբրահամյան

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների վարքագծի և Ներքին Խնձորեսկի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին շատ խոսվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ես չգիտեմ, թե ինչ արտացոլված չէր պաշտոնական հաղորդագրությունում, սակայն եղած տեղեկությունները հուշում են, որ սահմանապահների նպատակը եղել է մոլորված հայ հովիվի անվտանգ վերադարձը, և նրանք այդ տեսանկյունից իրենց խնդիրը կատարել են: Այո´, եթե այդ խնդիրը լուծելու համար նաև թշնամու ուղղությամբ կրակ բացելու անհրաժեշտություն է եղել, ապա դա պետք է հենց այդպես էլ արվեր: Ես հասկանում եմ, որ մարտական կանոնագրքերի սահմանածն ու որոշ դեպքերում արտառոց իրադրությունը պահանջում է գործել ըստ իրադրային զարգացման, և այստեղ կանոնադրական խնդիրներ կարող են առաջանալ, սակայն ԱԱԾ զինծառայողներն այս պարագայում, կարծում եմ, եղած ընտրության հարցում ճիշտ որոշում են կայացրել: Ինձ, միգուցե, մեղադրեն անհիմն լավատեսության մեջ, բայց ես հույս ունեմ, որ ԱԱԾ հաղորդագրությունը դրսի լսարանի համար ուղղված ուղերձ էր, իսկ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթը հետագայում կկարճվի, այլ ելքը կհամարեմ ահմանապահ զորքերի և բանակի բարոյալքմանն ուղղված գործողություն: Եվս մեկ հանգամանք. Ադրբեջանը, երբ քաղաքական որոշում է ունենում իրադրությունն առաջնագծում լարելու, դրա համար միշտ առիթ և պատճառ գտնում է, և դա նաև ցույց տվեց որոշ ժամանակ առաջ Ներքին Հանդում տեղի ունեցած ողբերգությունը: Այնպես որ, պետք չէ մեր զինծառայողներին թիրախավորել՝ համարելով, որ լարվածության աճ է կանխվում: Հ․Գ. Իշխանությունն իր ողջ էությամբ մշտապես գործել և գործում է հակաբանակային տրամաբանության մեջ և, այս տեսանկյունից, վերոնշյալ միջադեպի վերաբերյալ հանրային դժգոհությունն ամբողջությամբ օբյեկտիվ և առողջ դատողությունների դաշտում է»,- ասվում է ընդդիմադիր պատգամավորի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն սահմանապահ ծառայողների և սահմանն անցած ու Հայաստան վերադարձած հովվի հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել մոլորված հոտը։ Ըստ ԱԱԾ-ի՝ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
13:07 - 13 ապրիլի, 2024
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Տավուշի սահմանային բնակավայրեր

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Տավուշի սահմանային բնակավայրեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 11-ին և 12-ին Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ։ Վերջիններս Պաշտպանին մտահոգություններ են հայտնել առ այն, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ կվտանգի իրենց կյանքն ու անվտանգությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կրթության իրավունքը, կզրկվեն իրենց ընտանիքների եկամտի աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։ Բացի այդ՝ սահմանային բնակիչները ներկայացրել են մի շարք խնդիրներ՝ կապված իրենց սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքներին առնչվող վտանգների հետ։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ բոլոր գործընթացներում պետության անվտանգության երաշխավորման հետ մեկտեղ պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի երաշխավորմումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկբունքը։ Պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 12-ին Իջևանում հանդիպում է ունեցել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, քննարկվել են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր: Տավուշի մարզ այցի շրջանակներում Պաշտպանն այցելել է զորամաս, քննարկել զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող առանձին հարցեր: Միևնույն ժամանակ, սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցների առնչությամբ Պաշտպանի աշխատակազմը Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերում հավաքագրել է խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել սահմանային բնակիչների, այդ թվում՝ ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների սեփականատերերի հետ։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։ Այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, արժանապատիվ պայմաններում ապրելու, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից: Այցի շրջանակներում Տավուշի մարզի սահմանային բնակիչների կողմից բարձրացված խնդիրներն ու Պաշտպանին ներկայացված մտահոգությունները, ինչպես նաև իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում հավաքագրված փաստերն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն ՀՀ պետական իրավասու մարմիններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այդ թվում՝ Տավուշի մարզային ստորաբաժանումը, շարունակում է մշտադիտարկումն ու աշխատանքները սահմանամերձ բնակավայրում:
12:28 - 13 ապրիլի, 2024
Շվեդիայի պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հենակետեր
 |tert.am|

Շվեդիայի պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հենակետեր |tert.am|

tert.am: Շվեդիայի պատվիրակության անդամներն այցելել են Եղեգնաձոր, Իջևան, Մարտունի, Ջերմուկ, Գորիս և Կապան քաղաքների առաջնագծի օպերատիվ հենակետեր՝ հանդիպելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում Ադրբեջանի հետ սահմանին պարեկություն իրականացնող շվեդ դիտորդների հետ: Այս մասին նշվում է Հայաստանում Եվրոպական դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ «Շվեդիայի Խաղաղության, անվտանգության և զարգացման գործակալության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների գործակալության շվեդական պատվիրակությունն այցելել է Եղեգնաձոր, Իջևան, Մարտունի, Ջերմուկ, Գորիս և Կապան քաղաքների հենակետեր՝ հանդիպելու Շվեդիայի առաքելության անդամների հետ»,- ասվում է գրառման մեջ։ Նշվում է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմում Շվեդիան ներկայացնող 10 փորձագետ կա։
16:28 - 12 ապրիլի, 2024
Սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել մոլորված հոտը. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել

Սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել մոլորված հոտը. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել

2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, վերջինիս և վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է՝ նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաև պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։  Միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող: Ափսոսանք հայտնելով կատարվածի կապակցությամբ՝ միևնույն ժամանակ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով: Ծառայողական քննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
11:20 - 12 ապրիլի, 2024
Ներքին Խնձորեսկի հատվածում հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում. երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել. ԱԱԾ

Ներքին Խնձորեսկի հատվածում հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում. երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել. ԱԱԾ

Այսօր՝ ապրիլի 10-ին, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ էտեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։ Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկվիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը: Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում:
17:58 - 10 ապրիլի, 2024
Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները գնահատական ստանան. Քոչարյանը՝ ադրբեջանական սադրանքների մասին |armenpress.am|

Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները գնահատական ստանան. Քոչարյանը՝ ադրբեջանական սադրանքների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջին օրերին ադրբեջանական կրակոցները համարում է անիմաստ ու աննպատակ, որոնք պետք է գնահատականի արժանանան: Քոչարյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն՝ նույնիսկ նաև եվրադիտորդների մակարդակով, և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն: Հիմա կրակոցներն անկանոն, անիմաստ ու աննպատակ են»,-ասաց Քոչարյանը՝ վստահեցնելով՝ եթե անհրաժեշտություն լինի, հայկական կողմը կպատասխանի կրակոցներին:  Պատգամավորն այս լարվածությունը պայմանավորում է Ադրբեջանի հիստերիկ դրսևորումներով: «Գործողություններ են, որոնք որևէ իմաստ չունեն: Ոչ մի հարց չի լուծում: Ընդամենը կրակոցներ են: Դիտորդների գործողությունների շնորհիվ պետք է արգելել այդ կրակոցները: Եթե կրակոց կա, ապա սեղանի շուրջ նստածները չեն կարող իրենց աշխատանքի բուն փուլերին մոտենալ»,-հավելեց նա:  Պատգամավորն ադրբեջանական կրակոցները չի կապում Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ապրիլի 5-ին կայացած հանդիպման հետ: Անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է, որ Բաքուն էսկալացիայի է տանում, որ ռազմական գործողություններ լինեն՝ Քոչարյանն ասաց, որ չի տեսնում: «Երբ որ կտեսնենք, մենք կանցնենք մեր բնակավայրերի լիարժեք պաշտպանության»,-նշեց նա:  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերջին օերինսահմանագոտու մի շարք ուղղություններում տարբերտրամաչափի հրաձգային զենքերից փոփոխականինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերիուղղությամբ: Հայաստանի Ներքին գործերինախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 5-ի լույս 6-իգիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածումտեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակայինկրակի հետևանքով վնասվել են քաղաքացիականենթակառուցվածքներ: Ապրիլի 7-ին ժամը 00.30-ից 1.00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղգյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքրտրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն ևոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույնգյուղի տներից մեկի պատուհանը:  
13:09 - 08 ապրիլի, 2024
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը՝ հայկական կողմից կրակոցների վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը՝ հայկական կողմից կրակոցների վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին՝ ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։ Հիշեցնենք, որ վերջին օրերին և այսօր՝ ապրիլի 7-ի առավոտյան ևս Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություններ է տարածում իբր հայկական կողմից սահմանային կրակոցների վերաբերյալ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի բոլոր պնդումները՝ միաժամանակ հայտնելով, որ հենց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներնն են կրակ բացում սահմանի մի շարք ուղղություններով։ Մասնավորապես՝ ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։  Ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ 
20:44 - 07 ապրիլի, 2024
Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ԵՄ առաքելությունը կարողանում է հերքել դրանք. Կլաար
 |factor.am|

Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ԵՄ առաքելությունը կարողանում է հերքել դրանք. Կլաար |factor.am|

factor.am: Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում այսօր ԵՄ առաքելության իրականացրած պարեկությանը։ «Չնայած զինվորականների տեղաշարժի մասին որոշ պնդումներին, հաճելի է իմանալ, որ ԵՄ-ի առաքելությունը կարող է հերքել դրանք: Այն նաև մնում է չօգտագործված ռեսուրս, որն օգնում է վերացնել թյուրիմացություններն ու կեղծ պատկերացումները և կարող է լավ ծառայություններ մատուցել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»,- գրել է Կլաարը։ Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի մի քանի ուղղություններով անկանոն ու ոչ նպատակային կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները։  ՀՀ ՊՆ-ն նաև հայտնել է, որ Իշխանասարի ուղղությամբ նկատվել է ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ-ի իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում::  
20:41 - 06 ապրիլի, 2024
Պաշտպանի աշխատակազմը Տավուշի բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակոցների առնչությամբ մշտադիտարկում և փաստերի հավաքում է իրականացնում

Պաշտպանի աշխատակազմը Տավուշի բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակոցների առնչությամբ մշտադիտարկում և փաստերի հավաքում է իրականացնում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 6-ին ահազանգեր են ստացվել Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու առնչությամբ։  «Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկում և փաստերի հավաքում է իրականացնում։ Այս պահին ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ` տներ, գերեզմանաքարեր, քաղաքացիական մեքենա: ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։ Պաշտպանն ընդգծում է, որ այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի մի քանի ուղղություններով անկանոն ու ոչ նպատակային կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ 
17:31 - 06 ապրիլի, 2024
Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն․ ՀՀ ԱԳՆ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով, մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:  Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է»: ՀՀ ԱԳՆ-ն նշում է՝ վերահաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները:  «Չարդարացված ենք համարում նաև ՀՀ ինքնիշխան տարածքում պաշտպանական կառույցների ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի գնահատականները, քանի որ բանակի և բանակային ենթակառուցվածքների բարեփոխումները ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմների ներդրման, չհարձակման պայմանագիր կնքելու, պետական սահմանին հարակից տարածքներն ապառազմականացնելու Հայաստանի Հանրապետության առաջարկները Ադրբեջանի կողմից շարունակում են մնալ անարձագանք»:  ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ անհասկանալի են Հայաստանին ուղղված մեղադրանքները պաշտպանական նպատակներով սպառազինությունների ձեռքբերման առիթով, որովհետև Ադրբեջանը Հայաստանից անգամներով ավել սպառազինություն է ձեռքբերում, ինչի մասին Հայաստանը համապարփակ տեղեկատվություն է ստանում:  «Այս առիթով պաշտոնապես վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության նվիրումը խաղաղության օրակարգին, ինչպես նաև դրանից բխող սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմների ստեղծման և երկու երկրների միջև սահմանի հարակից տարածքներն ապառազմականացնելու` Ադրբեջանին ուղղված մեր առաջարկը», - նշված է հայտարարության մեջ:  Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ), Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), Կութի (Գեղարքունիքի մարզ), Արավուսի (Սյունիքի մարզ), Չինարիի (Տավուշի մարզ), Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
11:11 - 06 ապրիլի, 2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք  ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:  Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է: Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում: ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է նաև, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք  լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին: Հայաստան-Ադրբեջան սահմանագծի և շփման գծի երկայնքով տեղի ունեցողի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է և շարունակելու է իրազեկել»,- հայտնում են ՊՆ-ից:
09:30 - 06 ապրիլի, 2024