Վահե Ղազարյան

Վահե Ղազարյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցության ներկա և առաջիկա ուղղությունները

Վահե Ղազարյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են համագործակցության ներկա և առաջիկա ուղղությունները

Սեպտեմբերի 20-ին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։   Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ և սերտ համագործակցությունը։   Նախարարը կարևորել է միգրացիոն ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերը: Նա մատնանշել է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման, թվայնացման համակարգերի ներդրման, աղետների ռիսկի կառավարման, անդրազգային հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ գործընկերային հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։   Բոլատ Իմանբաևը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը։   Նա ներկայացրել է Ղազախստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում ընթացող բարեփոխումների մանրամասներ։ Կողմերն անդրադարձել են նաև «Խելացի քաղաք» հայեցակարգին:   Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ինչպես ներկա, այնպես էլ առաջիկա ուղղությունների վերաբերյալ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցերի կազմակերպման և փորձի փոխանակման շուրջ:
18:53 - 20 սեպտեմբերի, 2024
Փրկարար լինելը կոչում է, արհավիրքին հաղթելու քննություն, ու այդ քննությունը դուք պատվով եք հանձնում․ ՆԳ նախարարի ուղերձը

Փրկարար լինելը կոչում է, արհավիրքին հաղթելու քննություն, ու այդ քննությունը դուք պատվով եք հանձնում․ ՆԳ նախարարի ուղերձը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Փրկարարի օրվա կապակցությամբ։ Դրանում ասված է․ «Փրկարար ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Փրկարարի օրվա առթիվ: Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան փրկարարինն է: Այս փաստը հաստատողը հենց դուք եք՝ ձեր ամենօրյա անտրտունջ աշխատանքով, ձեր անձնուրացությամբ, խիզախությամբ, ձեր կյանքի վտանգման գնով այլ կյանքեր փրկելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ: Դուք ձեր մարդասիրական առաքելության բարձրակետում եղաք Լոռու և Տավուշի մարզերում մեզ պատուհասած աղետի ժամանակ: Անգնահատելի է հեղեղումների հետևանքով աղետի գոտում ձեր իրականացրած անձնվեր ծառայությունն ինչպես որոնողափրկարարական, այնպես էլ աղետի հետևանքների վերացման աշխատանքներում։ Համաշխարհային մակարդակում ընդհանրապես, տարերային և տեխնածին աղետների ռիսկեր ունեցող մեր երկրում մասնավորապես փրկարար լինելը կոչում է, արհավիրքին հաղթելու քննություն, ու այդ քննությունը դուք պատվով ու արժանապատվորեն եք հանձնում: Անկախ եղանակային և այլ պայմաններից՝ դուք միշտ առաջինն եք այնտեղ, որտեղ մարդկային կյանքեր փրկելու ձեր պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը կա՝ արդարացիորեն վայելելով բոլորի գնահատանքը, սերն ու հարգանքը: Ցանկանում եմ՝ արժանին մատուցենք ձեր ընտանիքներին, սիրելիներին, հարազատներին, որոնց անվերապահ աջակցությունն ու սերը թույլ է տալիս ձեզ հանրությանը մատուցել ձեր ծառայությունը։ Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Մնացեք միշտ հավատարիմ ձեր պատվաբեր կոչմանը»։
09:41 - 04 սեպտեմբերի, 2024
ՆԳ նախարարը Շիրակի մարզ այցի շրջանակում ոստիկանների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՆԳ նախարարը Շիրակի մարզ այցի շրջանակում ոստիկանների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Օգոստոսի 8-ին Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումների և պարեկային ծառայության անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։   Անդրադառնալով Ոստիկանության բարեփոխումների չորս հենասյունային ուղղություններին՝ նախարարը նշել է, որ ակտիվ փուլում են Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ձևավորման աշխատանքները։   Քննարկվել են հանցավորության, մասնավորապես՝ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից կոնկրետ դեպքերով իրականացրած աշխատանքներին ու գրանցած արդյունքներին։ Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրել է նոր ձևավորվող Համայնքային ոստիկանության գործառույթների և ընդունելության վերաբերյալ մանրամասներ։ Քննարկման առարկա են դարձել նաև նոր ձևավորվող ստորաբաժանումների կադրային համալրման, վերապատրաստումների և տեխնիկական հագեցվածության հարցեր։ Վահե Ղազարյանը հորդորել է ոստիկաններին՝ ակտիվացնել մասնակցությունն ատեստավորմանը, ինչը թույլ կտա բարելավել սոցիալական երաշխիքները։   Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքի արդյունավետությանը՝ նախարարը հանձնարարել է ուժեղացնել ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման ուղղությամբ ամենօրյա վերահսկողությունը։Քննարկվել են նաև ձերբակալվածների պահման որոշ վայրերի օպտիմալացման և գործող վայրերի բարելավմանն ուղղված հարցեր։ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն անդրադարձել է ոստիկանների կարգապահական և բարեվարքության հարցերին:
20:49 - 08 օգոստոսի, 2024
ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ

ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներ, ինչպես նաև ՆԳ նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով նոր ձևավորվող Համայնքային ոստիկանության կադրային համալրման գործընթացին։ Համայնքային ոստիկանության ձևավորման գործընթացում նախարարը կարևորել է միջազգային փորձի ներդրումը, նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցությունը։ Անդրադառնալով նոր համայնքային ոստիկանի գործառույթներին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ստորաբաժանումն իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ ակտիվ աշխատանք։ Վահե Ղազարյանը ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում են համայնքային ոստիկանության տեխնիկական հագեցվածության հարցերը. ստորաբաժանումը հագեցած է լինելու հատուկ սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով։ ՆԳ նախարարը ծառայողներից հետաքրքրվել է ատեստավորման գործընթացում գրանցած արդյունքներից, նաև հորդորել ակտիվացնել մասնակցությունը, ինչը կնպաստի սոցիալական երաշխիքների բարելավմանը։ Քննարկվել են նաև ծառայողների կարգապահությանն առնչվող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
12:25 - 01 օգոստոսի, 2024
ՀՀ ՆԳՆ նախարարը Լոռու մարզում հանդիպել է քաղաքացիների հետ

ՀՀ ՆԳՆ նախարարը Լոռու մարզում հանդիպել է քաղաքացիների հետ

Լոռու մարզ այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 31-ին Լոռու մարզային վարչությունում հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, քաղաքացիների բարձրացրած հարցերը վերաբերել են ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին, համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման, ապօրինի ծառահատման և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերին։ Քաղաքացիները հարցեր են ուղղել նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ Պարեկային ծառայության գործառույթների վերաբերյալ։ Դրանք վերաբերել են կոնկրետ քաղաքներում և ճանապարհներին երթևեկության կանոնների խախտումներին, ինչպես նաև բակերում պարեկների կողմից առավել ակտիվ ծառայության իրականացման հարցերին։ Ըստ աղբյուրի՝ հնչել են նաև ՆԳ նախարարության իրավասության շրջանակից դուրս հարցեր, որոնք ուղղորդվել են ըստ ենթակայության։ Բարձրացված բոլոր հարցերը քննարկման առարկա են դարձել. տրվել են հստակ պատասխաններ ու պարզաբանումներ: Նշվում ՝, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Լոռու մարզային վարչության ղեկավար կազմին հանձնարարել է ուսումնասիրել վեր հանված խնդիրները, պատշաճ լուծում տալ հարցերին։ ՀՀ ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ քաղաքացիների հետ հանդիպումները շարունակական են լինելու:  
21:06 - 31 հուլիսի, 2024
Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ ոստիկանության զորքեր, շրջել ենթակա զորամասերում

Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ ոստիկանության զորքեր, շրջել ենթակա զորամասերում

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 17-ին աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:   Նախարարը զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի հետ շրջել է ենթակա զորամասերում, եղել լսարաններում, որտեղ մասնագիտական պարապմունքներ անցկացնող զինծառայողներից հետաքրքրվել է նրանց առօրյայով, կենցաղային հարցերով, որոնց վերաբերյալ լսել է նրանց կարծիքը։   ՆԳ նախարարը, բարձր գնահատելով զինծառայողների նվիրումն ու պատրաստակամությունը, կարևորել է նրանց գաղափարական պատրաստվածությունը, խրախուսել ոստիկանության ծառայողների զբաղեցրած պաշտոնի համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու ատեստավորմանը մասնակցության ակտիվությունը։   Վահե Ղազարյանը եղել է նաև Ոստիկանության զորքերի՝ սահմանների պաշտպանության և ծառայողական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող սենյակում, ծաղիկներ խոնարհել նրանց հուշակոթողին։   ՆԳՆ ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում նախարարը ևս մեկ անգամ բարձր գնահատելով ոստիկանության զորքերի կատարած աշխատանքը, հույս է հայտնել, որ առաջադրված խնդիրները կշարունակեն կատարվել նույն ոգով և պատասխանատվությամբ։  
21:38 - 17 հուլիսի, 2024
ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել են ՊԾ վարչական համալիր

ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել են ՊԾ վարչական համալիր

Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան շրջայց են իրականացրել Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։ Ներկա էր նաև ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շրջել են վարչական համալիրի տարածքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին։ Հյուրերը Պարեկային ծառայության վարչական շենքում և Օպերատիվ կառավարման կենտրոնում ծանոթացել են շենքային պայմաններին ու համալրվածությանը։ Պարեկային ծառայողները նրանց ներկայացրել են ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցածությունն ու օգտագործվող հատուկ միջոցները, ինչպես նաև վերջերս ԱՄՆ դեսպանատան կողմից Պարեկային ծառայությանը նվիրած անհետաձգելի առաջին օգնության դեղատուփերը։
16:35 - 17 հուլիսի, 2024
Հայաստանն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը սեյսմիկ ռիսկի նվազեցման գործում. ՆԳ նախարար Վահե Ղազարյան

Հայաստանն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը սեյսմիկ ռիսկի նվազեցման գործում. ՆԳ նախարար Վահե Ղազարյան

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ: «Հարգելի՛ աշխատակիցներ, համակարգի վետերաններ, գործընկերներ, Սրտանց շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ: Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարությունը կարևորում է սեյսմիկ պաշտպանությունը: Ծառայության արդիականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ համագործակցելով նաև միջազգային գործընկերների հետ։ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի աշխատակիցներն արել ու շարունակում են անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի սեյսմիկ անվտանգությունը, և ուժեղ երկրաշարժը չվերածվի համազգային աղետի, ինչպես եղավ 1988-ի դեկտեմբերին: Հենց Սպիտակի աղետալի երկրաշարժի դասերը հաշվի առնելով՝ 1991 թ. հուլիսի 17-ին ստեղծվեց միասնական պետական կառույց, որի գործունեության գլխավոր նպատակն էր պետության և բնակչության սեյսմիկ ռիսկի նվազեցումը, սեյսմիկ անվտանգության ապահովումը: Այդ նպատակն արդիական է նաև այսօր։ Հայաստանի Հանրապետությունն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը սեյսմիկ ռիսկի նվազեցման, ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման, երկրաշարժերից պաշտպանվելու վարքականոնները բնակչությանն ուսուցանելու, երկրաշարժից տուժածների որոնումն ու փրկարարական աշխատանքները համակարգելու գործում: Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա նվիրյալ աշխատանքի համար և կրկին շնորհավորում մասնագիտական օրվա կապակցությամբ»,- ասված է ուղերձում:
13:55 - 17 հուլիսի, 2024
ՆԳՆ-ն գաղտնի է պահում՝ ինչ նռնակներ են կիրառվել քաղաքացիների դեմ
 |factor.am|

ՆԳՆ-ն գաղտնի է պահում՝ ինչ նռնակներ են կիրառվել քաղաքացիների դեմ |factor.am|

factor.am: Վահե Ղազարյանի ղեկավարած Ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել, թե հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի հարակից տարածքում ցուցարարների դեմ ինչ նռնակներ են կիրառվել։ Factor.am-ը գրավոր հարցմամբ խնդրել էր հստակեցնել՝ արդյո՞ք կիրառվել են «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակներ և ո՞ւմ որոշմամբ են այդ տեսակի միջոցները կիրառվել։ Ուժային կառույցից խուսափել են հստակ պատասխան տալ՝ նշելով, որ դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ խնդրելով համապատասխան տեղեկատվությունը ստանալու համար դիմել քննչական մարմնին: Այս տեղեկությունը տրամադրելու համար ՆԳՆ-ն պահանջել էր օրենքով սահմանված 30-օրյա ժամկետ։ Մեկ այլ ուշագրավ որոշում էլ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից կայացվել է հունիսի 12-ի դեպքերից հետո։ Մասնավորապես, հունիսի 26-ին նախարար նոր հրաման է արձակել՝ կարգավորելով մինչ այս արգելված «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոնները հավաքների ժամանակ։ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությունը չի հստակեցնում, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը։ Հունիսի 12-ի հավաքին հետևած իրավապաշտպանները նշում են, որ հենց «Զարյա 3» տեսակի նռնակ է կիրառվել։ Նշենք, որ հունիսի 12-ի դեպքերի ժամանակ 101 մարդ է տուժել, այդ թվում՝ 18 ոստիկան։
12:58 - 16 հուլիսի, 2024
Նախարար Վահե Ղազարյանը ՆԳՆ կրթահամալիրում հետևել է պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին

Նախարար Վահե Ղազարյանը ՆԳՆ կրթահամալիրում հետևել է պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 10-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր, որտեղ ծանոթացել է ապագա պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին։ Կրթահամալիր էին այցելել նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, կրթահամալիրի հրապարակում ներքին գործերի նախարարը հետևել է պարեկների՝ արտակարգ իրավիճակում ավտոտրանսպորտային միջոցների վարման գործնական պարապմունքին։ «Վահե Ղազարյանը զրուցել է դասընթացավարի և ապագա պարեկների հետ, հետաքրքրվել դասերի անցկացման ու ավտովարման հմտությունների զարգացման գործընթացով։ ՆԳՆ ղեկավարությունը ուսումնական կենտրոնում հետևել է նաև ապագա քրեական ոստիկանների՝ Ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության մարտավարության տեսական դասընթացին։ Վահե Ղազարյանը ծանոթացել է քրեական ոստիկանների որակավորման ուսումնական ծրագրին, հետաքրքրվել կրթահամալիրում սովորող քաղաքացիական անձանց տպավորությունների և մասնագիտական պատրաստվածության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ նախարարը կարևորել է Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման գործընթացում նոր կադրերի համալրումը և ընդգծել ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման գործում մասնագիտական ունակությունների և պրոֆեսիոնալիզմի ներդրման անհրաժեշտությունը։ Վահե Ղազարյանը հետևել է նաև ապագա պարեկների տեսական դասընթացին: Նշվում է, որ ՆԳ նախարարը ապագա քրեական ոստիկանների ուսուցման դասընթացին է հետևել նաև համակարգչային թեստավորման լսարանում, իսկ կրթահամալիրի տարածքում շրջայցի ընթացքում հետևել է ապագա պարեկների այլ դասակների գործնական պարապմունքներին։
21:03 - 10 հուլիսի, 2024
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան

Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որտեղ մասնավորապես ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, հունիսի 20-ը աշխարհում նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր։ Այդ օրը ևս մեկ առիթ է՝ ուշադրություն հրավիրելու ամենամեծ մարդասիրական ճգնաժամերից մեկին՝ փախստականների հիմնախնդրին: Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության տակ են վերցվել և փախստականի կարգավիճակ ստացել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ապահովվի փախստականի կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցների պաշտպանությունն ու ինտեգրումը, կենսական պայմանների բարելավումը։ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ձեռնարկում է աջակցման տարբեր միջոցառումներ թե՛ օրենսդրական փոփոխությունների, թե՛ ծառայությունների մատուցման առումով։ Մեր հայրենակիցների սպասարկումը ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներում իրականացվում է արտահերթ կարգով։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու հարցում ՆԳ նախարարությունը համագործակցում է միջազգային և ներպետական տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ։ Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացվում է այդ անձանց տվյալների թվայնացումը, որպեսզի նրանք լիարժեք օգտվեն իրենց իրավունքներից։ Կարևորելով այս օրը՝ վերստին ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը, լինելով 1951 թ. «Փախստականների կարգավիճակի մասին» Ժնևի կոնվենցիան ստորագրած պետություն, շարունակում է քայլեր ձեռնարկել փախստականների խնդիրների հավաքման և դրանց լուծման ուղիների նախանշման ուղղությամբ։ Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության և յուրաքանչյուրիս հոգածության ներքո՝ առաջնորդվելով հանդուրժողականությամբ և համերաշխությամբ»,- նշված է ուղերձում։
11:38 - 20 հունիսի, 2024
Վահե Ղազարյանի բացակայությունը Ազգային ժողովում վեճի առիթ դարձավ |azatutyun.am|

Վահե Ղազարյանի բացակայությունը Ազգային ժողովում վեճի առիթ դարձավ |azatutyun.am|

azatutyun.am: Խորհրդարանում Ներքին գործերի նախարարության բյուջեի կատարողականի քննարկմանը ներկայացել է ոչ թե նախարար Վահե Ղազարյանը, այլ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Վերջինս ասաց, որ ներքին գործերի նախարարը չի գա քննարկմանը։ «Ազատության» հարցին, թե արդյոք պատճառն ա՞յն է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները առավոտից գտնվում են ՆԳՆ շենքի դիմաց՝ պահանջելով Վահե Ղազարյանի հետ հանդիպում, փոխնախարար Սարգսյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ դրա վերաբերյալ, ինչպես նաև այլ հարցերին կպատասխանի նիստից հետո։ Խորհրդարանական ընդդիմությունը, որ առավոտյան չէր մասնակցել 2023թ. բյուջեի կատարողականի քննարկմանը, հիմա դահլիճում է։ Քննարկումն սկսվել էր վարչապետի ելույթով։ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ համաձայն օրակարգի՝ Վահե Ղազարյանը պետք է մասնակցեր նիստին։ «Ուրեմն Վահե Ղազարյանը վախեցե՞լ է գա հանձնաժողովի նիստին», - հայտարարեց պատգամավորը։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նիստը վարող Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. - «Ոչ, ձեզնից ոչ ոք չի վախենում»։ Դահլիճում բանավեճ սկսվեց։ Չնայած պատգամավորների հարցերին, թե ինչու նիստին չի ներկայացել նախարար Վահե Ղազարյանը, որն, ըստ օրակարգի, պետք է լիներ ԱԺ-ում, որևէ բացատրություն չհնչեց ոչ նրա տեղակալների, ոչ նիստը վարող Անդրանիկ Քոչարյանի կողմից։ Վարչապետի հրաժարականը պահանջող շարժման անդամները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, գտնվում են Ներքին գործերի նախարարության մոտ։ Նրանք այնտեղ են գնացել ՝ խոսելու ոստիկանների գործողությունից։ Ոստիկանության ներկայացուցիչները սրբազանին փոխանցեցին, որ նախարարը պատրաստ է հանդիպել նրա հետ, սակայն ոչ հանրային ձևաչափով։ Այս առաջարկը մերժվեց։   Բյուջեի քննարկմանը ֆինանսների նախարարը, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե որքան են կազմում 2023 թվականին ՆԳՆ -ում պարգևավճարները, միայն նշեց՝ այն կազմում է պլանավորած ծախսի 16 տոկոսը։ Արդյոք հետագայում այս թիվը փոխվել է, ֆինանսների ՔՊ-ական նախարարն ասաց՝ թիվն այս պահին ձեռքի տակ չկա: «Ծանրաբեռնված աշխատանքի պայմաններում բնական է որ մարդիկ պարգևավճար ստանան»,- թեման շարունակելով՝ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
14:50 - 29 մայիսի, 2024
«Այն Վահե Ղազարյանը, որին ես ճանաչում էի, այսօր մեռավ»․ Բագրատ Սրբազանը քայլերթ սկսեց դեպի Սուրբ Աննա եկեղեցի
 |news.am|

«Այն Վահե Ղազարյանը, որին ես ճանաչում էի, այսօր մեռավ»․ Բագրատ Սրբազանը քայլերթ սկսեց դեպի Սուրբ Աննա եկեղեցի |news.am|

news.am: Բագրատ Սրբազանն իր համակիրների հետ ՆԳՆ շենքի մոտից քայլերթ սկսեց դեպի Սուրբ Աննա եկեղեցի։  ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այսպես էլ չհանդիպեց Բագրատ Սրբազանի հետ։ «Ցավոք, Վահե Ղազարյանն էլ իր մեջ չգտավ քաջությունը՝ իջնելու ու հանդիպելու։ Այսօր դուք թույլ չտվեցիք, որ ՆԳ նախարարը գնա Ազգային ժողով։ Բարի բախտ պարոն Ղազարյան, լավ եղեք, հույսս խափանվեց, կարծում էի՝ տղամարդկությունն ի վերջո տեղ է գտել ինչ-որ ձևով ձեր կյանքում։ Բայց ձեր կողքի մարդիկ լավ մարդիկ չեն, մի լսի իրենց։ Այն Վահե Ղազարյանը, որին ես ճանաչում էի, այսօր մեռավ»,- ասաց Բագրատ Սրբազանը։ Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ Սրբազանը հանձնարարեց, որ այն ոստիկանները, որոնք բռնություն կգործադրեն քաղաքացիների նկատմամբ, հրապարակել նրանց լուսանկարներն ու տարածել․ «Յուրաքանչյուր ոստիկանի դեմք, ով խուլիգանաբար կվարվի, հանում ենք նրանց դեմքերը։ Գրում եք անուն-ազգանունները, հասցեները, այդ շակալների, չախկալների խումբը։ Այդ բորենիների խումբը, որոնց նկատմամբ ծառայողական քննություն են սկսել, հոգեբական ճնշումների կենթարկվեն, թող ենթարկվեն, տառապանքի կենթարկվեն, թող ենթարկվեն»։ Հիշեցնենք, որ շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սուրբ Աննա եկեղեցու բակից վաղ առավոտյան քայլերթով եկել էին ՆԳՆ շենքի մոտ՝ հանդիպելու Վահե Ղազարյանին։ Սկզբում Սրբազանին էր մոտեցել ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, այնուհետև Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, հետո ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Նրանք ասել էին, թե Ղազարյանը պատրաստ է հանդիպել Բագրատ Սրբազանին, սակայն ոչ այս ֆորմատով։
14:50 - 29 մայիսի, 2024
«Գնալու եմ ՆԳՆ՝ բացատրություն պահանջելու». Բագրատ Սրբազանը մտադիր է հանդիպել Վահե Ղազարյանին
 |news.am|

«Գնալու եմ ՆԳՆ՝ բացատրություն պահանջելու». Բագրատ Սրբազանը մտադիր է հանդիպել Վահե Ղազարյանին |news.am|

news.am: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատրաստվում է գնալ Ներքին գործերի նախարարություն` որոշ բացատրություններ ստանալու։ Նշենք, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ Սուրբ Աննա եկեղեցու բակում տերունական աղոթքով արդեն մեկնարկել է հավաքը։ Դեռ մայիսի 28-ին սրբազանը հայտարարել էր, որ այսօր առանձին անհնազանդության ակցիաներ չեն լինելու, միասին պետք է լինեն ու անելիք ունեն։ Սուրբ Աննա եկեղեցու բակում են նաև մշակույթի և հանրային գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, զոհված զինծառայողների ծնողներ և այլն։ «Գնալու եմ Ներքին գործերի նախարարություն, որպեսզի պահանջեմ ու բացատրություն ստանամ ամբողջ գործածի համար, ինչպես նաև հարցադրում անեմ նախարարն է հրաման տվողը, թե իրեն են հրաման տալիս... Ոստիկանությունը մեր երկրում իրեն օրենքից դուրս է դրել։ Եթե նրանք մեզ լակոտներ են անվանել, ուրեմն այդ բնութագիրը տվել են նաև իրենց տերերին, ովքեր 2018 թվականին նույնպես փողոց էին փակում»,– ասաց սրբազանը։ Նա ընդգծեց` պետք է ՀՀ իշխանությանը պարտադրեն հասկանալ, որ ամեն ինչ արդեն իրենց հսկողության ներքո է։ Այսժմ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը շարժվում է դեպի ՆԳՆ շենք:
09:32 - 29 մայիսի, 2024