Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին․ Արտակ Բեգլարյան

Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին․ Արտակ Բեգլարյան

«Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար», - այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Չնայած ՀՀ իշխանությունների կողմից հերթական միակողմանի զիջմանը Ադրբեջանին, միևնույն է՝ ես շարունակում եմ կարծել, որ Ալիևը չի ստորագրելու այդ փաստաթուղթը: Ալիևն ուզում է ամեն ինչ, այդ թվում՝ անկենսունակ Հայաստանի Հանրապետություն ու շարունակվող հայատյացության քաղաքականություն՝ առանց պարտավորություններ ստանձնելու: Ալիևը մինչև հիմա ստացել է բազմաթիվ լրջագույն զիջումներ (այդ թվում՝ Արցախը)՝ առանց դրանց դիմաց որևէ բան տալու:Վտանգը մեծ է, որ շուտով իշխանությունները զիջումներ են անելու նաև այն հարցերում, որոնց կատարման համար առ այսօր համաձայնագրի ստորագրումը ներկայացվել է որպես նախապայման (միջազգային հայցերից հրաժարում, Մինսկի խմբի լուծարում և այլն):Ուստի, զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես գլխավոր որոշում կայացնող Նիկոլ Փաշինյանին, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր, ներառյալ՝ ես, նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար: Ավելին, մենք հնարավորինս պետք է անենք, որ յուրաքանչյուր պաշտոնյա կրի անհատական պատասխանատվություն «պետության» անվան տակ իրականացված մարդու իրավունքների խախտումների համար, որոնք, առավել ևս, կարձանագրվեն ներպետական և ՄԻԵԴ դատական ակտերով:Այո, մենք խաղաղության կարիք ունենք, բայց առաջարկվող համաձայնագիրը չի կարող բերել խաղաղություն ու արդարություն, քանի որ ընդհանրապես հաշվի չի առնում հակամարտության բազմաթիվ կենսական հիմնախնդիրներ և բոլոր կողմերի իրական իրավունքներն ու շահերը: Մի ողջ ժողովրդի հիմնարար իրավունքների, արժանապատվության ու ընդհանրապես ճակատագրի հաշվին խաղաղություն չի կարող լինել, առավել ևս, երբ դիմացի ռեժիմը ցեղասպանական էություն ունի և պահում է իր իշխանությունը ռասիզմի ու ցեղասպանական գաղափարախոսության հենասյուների վրա», - նշված է Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջում։
10:33 - 15 մարտի, 2025
Բաքվում շինծու դատական նիստում Արայիկ Հարությունյանը հարցեր են ուղղել Ռուբեն Վարդանյանի մասին

 |factor.am|

Բաքվում շինծու դատական նիստում Արայիկ Հարությունյանը հարցեր են ուղղել Ռուբեն Վարդանյանի մասին |factor.am|

factor.am: Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։  Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավարության ընթացքում հարցեր են ուղղվել Արցախում նրանց գործառույթների ու այլնի վերաբերյալ։ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին հարցեր են ուղղել երկրի բյուջեի, Զինված ուժերի, զինվորականներրի աշխատավարձերի մասին։  Արցախի նախկին Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ պաշտոնը ստանձնել է 2020 թվականի մայիսի վերջին։ «Հունիսին Հայաստանում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի համատեղ նիստ։ Այնտեղ ես հանդիպեցի ՀՀ նախագահի և վարչապետի հետ, քննարկեցինք քաղաքական իրավիճակը, այսինքն՝ բանակցային գործընթացը։ Օգոստոսի վերջին ՀՀ վարչապետը եկավ Ղարաբաղ, ես նրան ընդունեցի»,- ասել է Հարությունյանը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ նա պատմել է նաև  Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին, որը նույնպես ապօրինի պահվում է Բաքվում: Շինծու գործերով հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մարտի 17-ին։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
22:18 - 14 մարտի, 2025
Human Rights Watch-ը կոչ է անում Ադրբեջանին համաներում կիրառել Բաքվում կալանավորված հայերի նկատմամբ |amerikayidzayn.com|

Human Rights Watch-ը կոչ է անում Ադրբեջանին համաներում կիրառել Բաքվում կալանավորված հայերի նկատմամբ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:Human Rights Watch-ը «Ամերիկայի ձայնի» հարցմանը ի պատասխան կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին «լայն համաներում կիրառել» Բաքվում կալանքի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, որոնք մասնակցել կամ աջակցել են 1990-ականների կամ 2020-ականների ռազմական գործողություններին։ Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը նշել է. «Միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ մենք Ադրբեջանին կոչ ենք արել լայն համաներում կիրառել Ղարաբաղի հայերի նկատմամբ, ովքեր կալանավորվել են բացառապես ռազմական գործողություններին մասնակցելու կամ աջակցելու համար։ Ադրբեջանն ունի իր քրեական արդարադատության համակարգը քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելու պատմություն, ինչը մտահոգություն է առաջացնում, որ Վարդանյանը չի ունենա արդար դատավարության հնարավորություն»։
09:48 - 14 մարտի, 2025
Եվրախորհրդարանն  ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը |armenpress.am|

Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ ընթացակարգի ներքո ընդունած բանաձևով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։   Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևն ընդունվեց 523 կողմ, 3 դեմ, և 84 ձեռնպահ ձայների համամասնությամբ։   Ընդունված բանաձևով Եվրոպական խորհրդարանի պատգամավորները խոր մտահոգություն են հայտնում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի առնչությամբ և կոչ են անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ։ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ՝ Ժնևի կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։   Եվրոպական խորհրդարանի պատգամավորները շեշտադրում են հայ գերիներին ազատ արձակելու, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությունը։  Բանաձևը ԵՄ-ից և միջազգային կազմակերպություններից պահանջում է նպաստել մարդասիրական և բժշկական առաքելությունների տեղակայմանը, որպեսզի գնահատեն պատանդառված անձանց պայմանները, կոչ անում Եվրոպական խորհրդին նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, այդ թվում՝ դատավորներ Զեյնալ Աղաևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի նկատմամբ։   Արձագանքելով ադրբեջանական իշխանությունների՝ ՄԱԿ-ի կառույցները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու որոշմանը՝ բանաձևը խստորեն դատապարտում է այս քայլը և համարում, որ սա լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին ու մոնիթորինգի մեխանիզմներին։  Բանաձևը նաև կոչ է անում միջազգային քրեական դատարանին և վերջինիս գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանումների, հետապնդումների և էթնիկ զտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել և անվտանգ վերադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ կալանավորված անձանց։ 
15:30 - 13 մարտի, 2025
Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-խնդրագիր հանձնեցին Շվեյցարիայի դեսպանատանը
 |news.am|

Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-խնդրագիր հանձնեցին Շվեյցարիայի դեսպանատանը |news.am|

news.am: ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-խնդրագիր հանձնեցին Շվեյցարիայի դեսպանատանը՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի անդամներին կոչ անելով ընդունել ստորին պալատում ընդունված բանաձևը, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։ «Արցախից բռնի տեղահանված 150 000 քաղաքացի ամեն օր երազում է իր հայրենի տուն վերադառնալու մասին ու Ստորին պալատի ընդունած բանաձևն իրենց հույս է տվել, որ դա հնարավոր է իրականություն դարձնել»,- նշված է նամակում։ Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը հույս հայտնեց, որ Շվեյցարիայի դեսպանը կաջակցի այդ բանաձևի ընդունմանը, որն առաջարկում է երկխոսության հարթակ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության ուղղված կարևոր քայլ։ «Եթե Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում ևս ընդունեց բանաձևը, այն օրենքի ուժ կստանա, ինչը նշանակում է, որ Շվեյցարիայի կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի բանաձևով ամրագրված պարտավորությունները կատարելու համար»,- հավաքի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Լուսանկարը՝ Sputnik Armenia-ի
15:15 - 13 մարտի, 2025
ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ հետաքննվեն |armenpress.am|

ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ հետաքննվեն |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ ու անկողմնակալ ձևով հետաքննվեն։  Յորգենսենն այդ մասին ասել է Եվրախորհրդարանում հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևի քննարկման ժամանակ։  «Եվրոպական հանձնաժողովը հետևում է Լեռնային Ղարաբաղից 16 հայ մեղադրյալների դեմ ընթացող դատավարություններին, որոնք մեկնարկել են այս տարվա հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում։ Մենք տեղյակ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մտահոգություն են հայտնել այս դատավարությունների արդարության և մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Շատերդ նույն մտահոգություններն եք արտահայտել, և այսօր մենք այս հարցերը շատ լուրջ ենք ընդունում՝ հետևելով զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է երաշխավորվի և հարգվի։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում նույնպես ուշադիր հետևում է այս հարցերին և մեր մտահոգությունները փոխանցում Բաքվի իշխանություններին», - ասել է հանձնակատար Յորգենսենը՝ հավելելով, որ ԵՄ հարաբերություններն Ադրբեջանի հետ հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ պարտավորվել են հավատարիմ մնալ։ Առաջին հերթին դա մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգումն է։ «Ուստի, Եվրամիությունը շարունակելու է կոչ անել Ադրբեջանի կառավարությանը կատարել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են օրինական դատավարության և արդար դատաքննության իրավունքը։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը պարտավորվի ապահովել կալանավորվածների համար արժանապատիվ եւ անվտանգ պայմաններ։ Խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ և անկողմնակալ կերպով հետաքննվեն», - նշել է հանձնակատարը։ Հանձնակատար Յորգենսենը հավելել է, որ ԵՄ-ն շարունակելու է կոչ անել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը,  հիմնվելով արդեն ձեռք բերված հաջողությունների վրա, շարունակեն առաջընթացը հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ։  «Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին՝ կիրառելով մեր ունեցած բոլոր գործիքները։ Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին երկխոսության մեջ՝ ուղղված երկարատև և կայուն խաղաղության հաստատմանը», - եզրափակել է Յորգենսենը։ Եվրախորհրդարանի լիագումար նիստում մարտի 12-ին քննարկվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը, որը քվեարկության կդրվի մարտի 13-ին։ 
11:04 - 13 մարտի, 2025
Արցախի վերջին բնակիչները՝ Բաքվի դատարանում. Կամո Հայրապետյանի և Մուշեղ Գրիգորյանի պատմությունը
 |civilnet.am|

Արցախի վերջին բնակիչները՝ Բաքվի դատարանում. Կամո Հայրապետյանի և Մուշեղ Գրիգորյանի պատմությունը |civilnet.am|

civilnet.am: Բաքվում մարտի 11-ին շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործի դատական քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Վարդանյանի դեմ ցուցմունք են տվել Ադրբեջանի քաղաքացիություն ստացած երկու հայեր՝ Մուշեղ Գրիգորյանը և Կամո Հայրապետյանը։ Ըստ ադրբեջանական լուսաբանումների՝ Գրիգորյանն ու Հայրապետյանը մի շարք մեղադրանքներ են հնչեցրել Վարդանյանի հասցեին, որոնք փաստացի նույնական են Ադրբեջանի՝ նախկին պետնախարարին առաջադրած մեղադրանքներին։ Սակայն հարկ է նշել, որ դատական նիստը փակ է եղել միջազգային լրատվամիջոցների համար, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած դատական նիստի ռեպորտաժում Մուշեղ Գրիգորյանի և Կամո Հայրապետյանի խոսքերը լսելի չեն։ Ցուցմունքների մասին տեղեկությունները տարածվել են միայն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից և հնարավոր չէ պարզել՝ արդյոք նրանք նման պնդումներ արել են, թե ոչ։ Կամո Հայրապետյանը, որը որոշեց մնալ Շուշիում Արցախի հայաթափումից մի քանի շաբաթ անց՝ 2023-ի հոկտեմբերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտնեց, որ փոքր թվով արցախցիներ մնացել են իրենց տներում՝ կա՛մ սեփական ցանկությամբ, կա՛մ քանի որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ։ Մնացած արցախցիներից մեկը Կամո Հայրապետյանն է, որը դատարանում ադրբեջաներենով ելույթ է ունենում հրապարակված կադրերում, սակայն նրա խոսքը լսելի չէ։ ԿԽՄԿ-ի՝ 2023-ի հոկտեմբերին հրապարակած տեսանյութում խոսում է նաև Կամո Հայրապետյանը, որը այդ ժամանակահատվածում բնակվել է լքված առևտրի կենտրոնում և մարդասիրական օգնություն ստացել Կարմիր խաչից։ Նրա տեսքը բավականին փոխվել է։ԿԽՄԿ աշխատակիցները պարբերաբար այցելել են Հայրապետյանին և մյուս արցախցիներին՝ ապահովելով նրանց հիմնական կարիքները սննդի, հագուստի և առաջին անհրաժեշտության իրերի տեսքով։ Մուշեղ Գրիգորյան՝ «Գիպսի Միշիկ» Մուշեղ Գրիգորյանը, որին Արցախում ճանաչում էին «Գիպսի Միշիկ» մականունով, մինչև պատերազմը Ստեփանակերտում զբաղվել է գիպսից պատրաստված արձանիկների վաճառքով։ 2023-ի սեպտեմբերին՝ արցախահայության բռնի տեղահանումից հետո, նա չի հեռացել՝ նախընտրելով մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ստեփանակերտում։ Այս որոշումը, ինչպես և Կամո Հայրապետյանի դեպքում, հետագայում հանգեցրեց նրան, որ Գրիգորյանը հայտնվեց ադրբեջանական քարոզչական մեքենայի ուշադրության կենտրոնում՝ դառնալով Բաքվի հայտարարությունների խոսափող:2023-ի հոկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ստեփանակերտում նկարահանված տեսանյութ, որում Մուշեղ Գրիգորյանը պատմում է Ղարաբաղում մնալու իր որոշման մասին՝ միաժամանակ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով հայերի նկատմամբ։ Արցախում մնացած հայերի ճակատագիրը 2023-ի սեպտեմբերին Արցախի հայաթափումից հետո, ըստ տարբեր տվյալների, տարածքում մնացել են շուրջ մեկ տասնյակից ավելի հայեր։ Նրանց մի մասը հետագայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեղափոխվել է Հայաստան, սակայն որոշները, այդ թվում՝ Մուշեղ Գրիգորյանը և Կամո Հայրապետյանը, մնացել են Արցախում։ Ադրբեջանական Apa.az գործակալությունը 2023-ի հոկտեմբերին հայտնել է, որ Ստեփանակերտում ստեղծվել է խնամքի կենտրոն «բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչների համար»։  Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
19:18 - 12 մարտի, 2025
Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը

Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքները բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը, ՀՀ ազգային ժողովին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ իրենց «խնդիրը բարձրաձայնելու և մեր ձայնը վերջապես լսելի դարձնելու հույսով»: Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  «Մենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներս, դիմում ենք Ձեզ այս բաց նամակով՝ մեր խնդիրը բարձրաձայնելու և մեր ձայնը վերջապես լսելի դարձնելու հույսով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստեղծվել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման որոշակի համակարգ, որին Հայաստանի Հանրապետությունը համաձայնել է: Նշված երաշխիքների ներքո, 2020 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Արցախի Հանրապետության բնակիչների զգալի մասը, այդ թվում մեր ընտանիքները, որոշում են կայացրել վերադառնալ իրենց մշտական բնակության վայր՝ Արցախ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Արցախի շրջափակման և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով, ցեղասպանության անմիջական սպառնալիքի և վառելիքի ի սպառ բացակայության պայմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի մոտ գտնվող Հայկազովի զորամասի բենզինի պահեստում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել՝ բենզին ձեռք բերելու և տեղահանվելու համար: Այս իրավիճակում, 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել պայթյունը, այս իրադարձությունների և պայթյունի պատճառահետևանքային կապը, կարծում ենք, ակնհայտ է բոլորի համար: Արդեն անցել է ավելի քան մեկ տարի այն օրից, երբ մեր հարազատները դարձան այդ սարսափելի ողբերգության զոհերը։ Պայթյունի հետևանքով պաշտոնական տվյալներով 219 անձ զոհվեց, 22-ը մինչ օրս անհայտ կորած են։ Սակայն զոհերը շարունակում են մնալ անորոշ իրավական կարգավիճակում, իսկ մենք՝ առանց պետական աջակցության և փոխհատուցման։ Բազմաթիվ գրավոր դիմումներ ենք ուղղել ՀՀ տարբեր պետական մարմիններին, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմին, Պաշտպանության նախարարությանը, մարդու իրավունքների պաշտպանին և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը։ Սակայն, ի պատասխան մեր դիմումների, ստացել ենք միայն ձևական պատասխաններ, որոնցում նշվում է, որ հարցը «դուրս է տվյալ մարմնի լիազորությունների շրջանակից» կամ «դեռևս քննարկվում է»։ Մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ իրավական հիմքերին ու հիմնավորումներին, որոնք ևս փաստում են, որ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունը ռազմական գործողությունների հետևանք է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: Համաձայն Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի՝ Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ - դիմողները՝ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործերով: Վերոնշյալ նորմերի հիման վրա թիվ ԱՐԴ/0357/02/24 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի հունիսի 14-ի վճռով 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհայտ կորած Նարեկ Անդրանիկի Ավագյանը 2023թ. սեպտեմբերի 25-ից ճանաչվել է անհայտ բացակայող: Նշված վճիռը օրինական ուժի մեջ է մտել 2024 թվականի հուլիսի 14-ին, այսինքն՝ դեպքից հետո մեկ տարին չի անցել, և Դատարանը համարել է, որ անձը անհայտ կորել է ռազմական գործողությունների հետևանքով, ըստ այդմ առաջնորդվել է եռամսյա ժամկետով: Ամբողջությամբ նույն հանգամանքներում թիվ ԱՐԴ/0330/02/24 քաղաքացիական գործով 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհայտ կորած Արայիկ Արտյուշի Սարգսյանը 2024 թվականի հուլիսի 12-ի վճռով ճանաչվել է անհայտ բացակայող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին» դրույթին համապատասխան: Թիվ ԱՐԴ/0357/02/24, ԵԴ2/4925/02/24, ԵԴ2/6251/02/24, ԱՐԴ/0330/02/24 քաղաքացիական գործերով ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին պայթյունի հետևանքով անհայտ կորած անձանց անհայտ բացակայող ճանաչելու դիմումները վարույթ է ընդունել՝ առանց պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի, համարելով, որ ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ գործերով դիմողները ազատված են պետական տուրք վճարելուց՝ համաձայն վերը նշված՝ Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի: Թիվ ԿԴ/0761/02/24 քաղաքացիական գործով, վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է հետևյալը՝ «հանրահայտ փաստ է, որ դիմումում վկայակոչված ժամանակահատվածում և տարածքում տեղի են ունեցել ռազմական գործողություններ, և դիմումում նշված անձն անհայտ կորել է այդ գործողությունների ժամանակ,..»։ Բոլոր գործերը հասանելի են «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում, իսկ անհրաժշտության դեպքում կտրամադրվեն մանրամասն տեղեկություններ: Այս դատական պրակտիկան ունի առանցքային նշանակություն պայթյունի զոհերի և նրանց ընտանիքների իրավական կարգավիճակի հստակեցման առումով։ Առաջին ատյանի դատարանի վճիռները և Վերաքննիչ դատարանի որոշումը փաստացի հաստատում են, որ սեպտեմբերի 25-ի զոհերը և անհայտ կորած անձինք պետք է դիտարկվեն որպես ռազմական գործողությունների հետևանքով տուժածներ։ Թեև Հայաստանի Հանրապետությունը բռնի տեղահանված արցախցիներին, այդ թվում՝ զոհված, անհայտ կորած անձանց ընտանիքներին, հաշմանդամություն ստացած անձանց և ընտանիքներին տրամադրել է ժամանակավոր պաշտպանություն, և հատկացվում է կացարանի ծախսը հոգալու համար ֆինանսական աջակցություն, այնուամենայնիվ ռազմական գործողություններից տուժած, այդ թվում՝ ընտանիքի անդամին կորցրած ընտանիքներն ունեն լրացուցիչ աջակցության կարիք և մեկ տարուց ավել է այս խնդիրը անտեսվում է, այդպես էլ որևէ հստակ որոշում և ծրագիր չի ձևավորվում։ Հարկ է նշել, որ դեռևս 2020 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց աջակցության հատուկ ծրագիր, որը ուղղված էր 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աջակցություն տրամադրելուն (Տե՛ս ՀՀ կառավարության որոշում: 3 դեկտեմբերի 2020 թվականի N 1924-Լ, ՀՀ կառավարության որոշում 17 դեկտեմբերի 2020 թվականի N 2082-Լ)։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունից հարազատներ կորցրած և բռնի տեղահանված անձինքս, ըստ էության, գտնվում ենք նույնական և նույնիսկ առավել ծանր հանգամանքներում, ինչ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմից տուժած անձինք, որոնց ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերին համապատասխան տրամադրվել է հատուկ աջակցություն: Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք․ 1. Ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունը որպես ռազմական գործողությունների հետևանք: 2. Լուծել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհված, անհայտ կորած անձանց ընտանիքներին հատուցման հարցը՝ համարժեք սոցիալական աջակցություն ցուցաբերելով պայթյունից տուժած բոլոր անձանց ու ընտանիքներին: Բաց նամակի տակ ստորագրում ենք 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներս. 1. Ավանեսյան Լիլիթ 2. Գրիգորյան Ալյոնա 3. Հայրիյան Մարիա 4. Սարգսյան Անաիդա 5. Կարապետյան Նարինե 6. Բաղդասարյան Անուշ 7. Արզումանյան Ասյա 8. Շահրամանյան Զարինե 9. Ավակիմյան Ռաիսա 10. Սարգսյան Լուսինե 11. Անդրանիկ Ավագյան 12. Աշոտ Սարգսյան 13. Կարինա Սարգսյան 14. Սարգսյան Էլինա 15. Ավանեսյան Գոհար 16. Ղազարյան Անահիտ 17. Զաքարյան Գայանե 18. Դադայան Լուչաննա 19. Մինասյան Անուշ 20. Հովսեփյան Գայանե 21. Մախմուրյան Աննա 22. Ադամյան Արյուսակ 23. Սարկիսովա Անժելա 24. Սարգսյան Սենորիկ 25. Գասպարյան Վրեժուհի 26. Պետրոսյան Կարինե 27. Մանուչարյան Ռոբերտ 28. Մուսայելյան Էլմիրա 29. Իսրայելյան Նունե 30. Ամիրջանյան Գայանե 31. Ամիրջանյան Ասյա 32. Արզումանյան Ժենյա 33. Գալստյան Նինել 34. Գալստյան Բելլա 35. Հարությունյան Լիանա 36. Գաասպարյան Արմինե 37. Խաչատրյան Կարինե 38. Մուսայելյան Ալլա 39. Սարգսյան Մարիամ 40. Սարգսյան Գայանե 41. Գրիգորյան Անահիտ 42. Գրիգորյան Իրինա 43. Գևորգյան Իննա 44. Արզումանյան Ժասմեն 45. Սանամյան Արմինե 46. Ալեքսանյան Նորա 47. Սահակյան Աստղիկ 48. Սահակյան Նելլի 49. Հովհաննիսյան Նարինե 50. Գրիգորյան Սյուզաննա 51. Լալայան Ինգա 52. Ավանեսյան Ինգա 53. Միրզոյան Նոնա 54. Առուշանյան Էլմիրա 55. Հայրապետյան Արմինե 56. Հովհաննիսյան Նադյա 57. Զաքարյան Իրա 58. Մաթևոսյան Նունե 59. Արզումանյան Նարինե 60. Կարապետյան Վեներա 61. Սահակյան Մարուսյա 62. Մաթևոսյան Հերմինե 63. Մանգասարյան Շուշան 64. Պողոսյան Արևիկ 65. Գրիգորյան Լուսինե 66. Ղարիբյան Էրիկ 67. Հայրապետյան Անուշ 68. Դանիելյան Աշխեն 69. Գաբրիելյան Սոնա 70. Առստամյան Լիանա 71. Մաթևոսյան Ծովինար 72. Գրիգորյան Ամինա 73. Բալայան Ագնեսա 74. Գրիգորյան Քրիստինե 75. Բալայան Արև 76. Պետրոսյան Արմինե 77. Պետրոսյան Երմոնյա 78. Հակոբյան Արևիկ 79. Բարսեղյան Նարինե 80. Աղաբեկյան Սիրան 81. Պապիկյան Լաուրա 82. Սարգսյան Էլլա 83. Աբրահամյան Ռիտա 84. Սարգսյան Վիկտորիա 85. Հովսեփյան Լուսինե 86. Ավանեսյան Գալինա 87. Ավանեսյան Մարինա 88. Մելքումյան Թամարա 89. Եղիյան Նարինե 90. Մանգասարյան Իրինա 91. Պետունց Սոնյա 92. Առստամյան Էմմա 93. Շահրամանյան Անահիտ»:
11:26 - 12 մարտի, 2025
Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը |armenpress.am|

Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը |armenpress.am|

armenpress.am: Բաքվում ընթանում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարության հերթական նիստը։   Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մարտի 11-ի նիստում ներկաները լսել են վկաներից մեկի ցուցմունքը։  Ռուբեն Վարդանյանը, որը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ այդ եղանակով իր բողոքն արտահայտելով իր նկատմամբ անցկացվող շինծու դատավարության վերաբերյալ, նույնպես ներկա է նիստին։  Նշվում է, որ նիստը կշարունակվի ընդմիջումից հետո։  Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։  Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։  Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։  Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան Ադրբեջանում իր դեմ կեղծ դատավարության դեմ բողոքի: Փետրվարի 25-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի պատճառով նիստը հետաձգվել էր, այնուհետև շարունակվել։ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման, ինչպես նաև նրան խոշտանգման ենթարկելու վերաբերյալ ահազանգում են նրա փաստաբանն ու ընտանիքի անդամները։ 
15:39 - 11 մարտի, 2025
Եվրոպական խորհրդարանը կքննարկի «Բաքվում հայերի ապօրինի կալանավորումներն ու կեղծ դատավարությունները»
 |azatutyun.am|

Եվրոպական խորհրդարանը կքննարկի «Բաքվում հայերի ապօրինի կալանավորումներն ու կեղծ դատավարությունները» |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։ «Ադրբեջանի կողմից հայերի ապօրինի կալանավորումներն ու այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների կեղծ դատավարությունները» խորագրով քննարկումները տեղի կունենան վաղը, իսկհրատապ բանաձևի քվեարկությունը նախատեսված է մարտի 13-ին։ Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից Բաքվի բանտում հացադուլ է հայտարարել: Նրա ամերիկացի փաստաբանը հայտարարում է, որ «քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում»: Երևանում բողոքի ցույցեր են մեկնարկել՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայերի։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հորդորել է Բաքվին անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին։ «Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն», - հայտարարել է Տյուրկը։
15:38 - 11 մարտի, 2025
Ցույց Բեռլինում՝ ի պաշտպանություն հայ գերիների |civilnet.am|

Ցույց Բեռլինում՝ ի պաշտպանություն հայ գերիների |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի ապօրինի դատավարությունների դեմ անհապաղ միջոցներ ձեռնարկելու կոչով Բեռլինում մարտի 10-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ակցիային մասնակցել են նշանավոր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի (ZAD)-ի նախագահ Ջոնաթան Սպանգենբերգը, որն իր ելույթում ընդգծել է հայերի համակարգված հալածանքները և Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներին որպես սակարկության գործիք օգտագործելը բանակցություններում: «Ձերբակալվածները, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, ապրում են անմարդկային պայմաններում: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին է հաղորդվում։ Վարդանյանն այս պահին հացադուլի մեջ է, և նրա կյանքը մեծ վտանգի տակ է։ Մենք չենք կարող լռել»,- հայտարարել է Սպանգենբերգը։ Ակցիայի մասնակիցները բարձրաձայնել են Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների մասին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների: Նրանք դիմել են Եվրամիությանը, Գերմանիային և Ֆրանսիային՝ պահանջելով հետևյալ քայլերը. Նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների և կառույցների դեմ, ովքեր պատասխանատու են հայ բանտարկյալների անօրինական կալանքի և խոշտանգումների համար: Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ թույլատրելու ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին և Միջազգային Կարմիր Խաչին մոնիտորինգ իրականացնել բանտերում: Պահանջել բոլոր հայ կալանավորների անհապաղ և անվերապահ ազատ արձակում՝ համաձայն միջազգային պարտավորությունների: Հետաքննել և կանխել օկուպացված Արցախում հայկական մշակութային և կրոնական վայրերի ոչնչացումը: Ստեղծել միջազգային պաշտպանության մեխանիզմներ՝ տեղահանված հայերի անվտանգ վերադարձն իրենց հայրենիք ապահովելու համար: Իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան ծրագրում է ցույցեր անցկացնել ամբողջ Եվրոպայում: Կոալիցիան պաշտոնական միջնորդություն կներկայացնի Եվրախորհրդարան՝ կոչ անելով անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Բողոքի ակցիայի կազմակերպիչները նաև կոչ են արել եվրոպացի քաղաքացիներին բարձրացնել իրազեկվածությունը և ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա՝ պայքարելու մարդու իրավունքների այս կոպիտ խախտումների դեմ:
11:13 - 11 մարտի, 2025
Դիմելու ենք Շվեյցարիայի կառավարությանն՝ օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում. Արցախի ԱԺ

Դիմելու ենք Շվեյցարիայի կառավարությանն՝ օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում. Արցախի ԱԺ

Ինչպես տեղյակ եք, 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դաշնային խորհուրդը, ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Ազգային ժողովը: «2025 թ․ մարտի 18-ին մեզ համար շատ կարևոր այս հարցը քննարկվելու է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում։ Այդ առիթով՝ քննարկման նախաշեմին՝ մարտի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպանատան առջև կազմակերպվելու է հավաք, որի ժամանակ շնորհակալություն ենք հայտնելու Շվեյցարիայի խորհրդարանին ստորին պալատի կողմից ձեռնարկված քայլերի համար և կոչ ենք անելու վերին պալատին ևս ընդունել բանաձևը, ինչպես նաև դիմելու ենք Շվեյցարիայի կառավարությանը օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում»,- ասված է հաղորդագրությասն մեջ:
10:12 - 11 մարտի, 2025
Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունից հետո էլ Մանե Թանդիլյանը չի դադարեցնում հացադուլը

Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունից հետո էլ Մանե Թանդիլյանը չի դադարեցնում հացադուլը

Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունից հետո էլ Մանե Թանդիլյանը չի դադարեցնում հացադուլը։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Թանդիլյանը։ «Սա խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, և բոլոր հանրային գործիչներին, բժիշկներին պիտի խնդրեմ՝ դուք էլ խոսեք, դուք էլ եք չէ քաղաքացի այս երկրի, հրապարակեք սոցիալական կայքերում գոնե մեկ հայտարարություն, ստատուս, որտեղ բողոքի ակցիա կա, գնացեք, թույլ մի տվեք, որ մոռացության մատնվեն այդ մարդիկ։ Հավատացնում եմ ձեզ՝ ես այդքան կարեւոր չեմ հայ ժողովրդի համար, որքան Ռուբեն Վարդանյանը, եկեք պայքարենք, որ այդ մարդիկ հետ գան»։ Հարցին, թե իշխանության ներկայացուցիչներ իրեն այցելե՞լ են, Թանդիլյանը պատասխանեց․ «Ես շատ հույս ունեմ, որ չեն էլ համարձակվի այս տարածքով անցնել նույնիսկ, նրանք շատ լավ գիտեն իմ վերաբերմունքը այն ամենին, ինչ նրանք անում են, ամենեւին մտքներով չանցնի, քանի որ այս ամեն մեղսակից են իրենք, գիտեմ՝ չեն էլ գա․․․ »։ Անդրադառնալով ՄԻՊ-ի այցելությանը, Թանդիլյանը նշեց՝ նա նույնպես իր համար ՔՊ-ի ներկայացուցիչ է և վատագույն ՄԻՊ-ը Հայաստանի․ «Քննարկելիք, խոսելիք չունեմ նրա հետ, թող գերիների հարցով զբաղվի»։ Թանդիլյանը նշեց՝ ՄԻՊ-ը եկել է, ինքը, սակայն, չի հանդիպել նրա հետ։
16:43 - 07 մարտի, 2025
ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով |armenpress.am|

ԵԽ պատգամավորը նամակ է հղել Կայա Կալասին Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը նամակ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և նրա ուշադրությունը հրավիրել Բաքվում անօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ներկա դրության վրա։   Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանի վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։  Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ՝ Կարթեյզերը անհրաժեշտ է համարել ընդգծել Վարդանյանի կալանավորման և դատավարության հետ կապված հրատապ խնդիրները, որոնք չեն համապատասխանում միջազգային դատաիրավական չափանիշներին։ ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Ռուբեն Վարդանյանի սկսած հացադուլը ևս մեծացրել է մտահոգությունները, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։    «Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են ևս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես խորապես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ցուցաբերեք ձեր աջակցությունն այս հարցում։ Վստահ եմ, որ ԵՄ-ի կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ», - իր նամակում գրել է Կարթեյզերը և Կայա Կալասին կոչ է արել դիտարկել հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարավորությունը, իսկ դրանից հետո աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։  Պատգամավորն իր նամակը եզրափակել է՝ նշելով, որ այս ամենն, անշուշտ, պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բարդ հարաբերություններով։ Եվրապատգամավորը խորապես հույս է հայտնել, որ ԵՄ-ն կշարունակի նպաստել այդ հարաբերությունների բարելավմանը և կօգնի պաշտպանել Հայաստանի իրավունքներն ու անվտանգությունն այն պայմաններում, երբ ցանկացած պահի կարող է բռնությունների նոր բռնկում լինել։  Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանը նրանց ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել։ 
11:23 - 07 մարտի, 2025
Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստը |armenpress.am|

Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստը |armenpress.am|

armenpress.am: Բաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և անազատության մեջ պահվող մյուս հայերի դեմ հարուցված շինծու դատական գործընթացը։ Մարտի 6-ին ընթացող հերթական դատական նիստի ընթացքում դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել ԼՂ-ի պաշտպանության բանակի նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանը։  Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Մանուկյանն ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենան վնասվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքից, ինչի հետևանքով էլ իր վարորդը վիրավորվել, բայց ինքը չի տուժել, քանի որ մեքենայից 20 մ հեռավորության վրա է գտնվել։ Մարտի 6-ի նիստում հարցաքննվել է նաև Դավիթ Ալահվերդյանը։  Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը:  Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։  Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։  Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան Ադրբեջանում իր դեմ կեղծ դատավարության դեմ բողոքի: Փետրվարի 25-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով նիստը հետաձգվել է, այնուհետև շարունակվել։ Վերջին նիստը կայացել է մարտի 4-ին։ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի, վատթարացման, ինչպես նաև նրան խոշտանգման ենթարկելու վերաբերյալ ահազանգում են նրա փաստաբանն ու ընտանիքի անդամները։  
19:04 - 06 մարտի, 2025