Աննա Վարդապետյան

ՀՀ վարչապետի խորհրդականն է։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Անկուսակցական է։ Ծնվել է 1986թ․ փետրվարի 18-ին Երևանում։ 2002-2008թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2008-2012 թթ․ եղել է ասպիրանտ նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 2003-2005թթ․ եղել է Ավան համայնքի թաղապետի խորհրդական։

2007-2009 թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։ 2009-2013թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ 2013-2014թթ․՝ դատարանի նախագահի խորհրդական։ 2014-2018թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2010թ․-ից դասավանդում է ԵՊՀ-ում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015թ․-ից հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ։

2018թ․ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2019թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2020թ․ մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Դատարան հանձնված քրեական վարույթների 41%-ով աճ՝ Արագածոտնի մարզում. ամփոփվել են մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

Դատարան հանձնված քրեական վարույթների 41%-ով աճ՝ Արագածոտնի մարզում. ամփոփվել են մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 15-ին ամփոփվել են Արագածոտնի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արագածոտնի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Գևորգ Սարգսյանը, ներկայացնելով Արագածոտնի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, նշել է, որ նախորդ տարում նախաձեռնվել է 1928 քրեական վարույթ, մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել 4990 քրեական վարույթների նկատմամբ (2941 քրեական վարույթ փոխանցվել է նախորդ տարիներից): Մարզի դատախազի խոսքով՝ քննված 4990 քրեական վարույթներից ավարտվել է 1619-ը, որից 645-ը՝ 666 անձի նկատմամբ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 4-ը՝ 4 անձի նկատմամբ եզրափակիչ ակտով, ուղարկվել են իրավասու դատարան: «Համեմատության համար նշեմ, որ 2023 թվականին մարզի դատախազության կողմից ավարտվել էր 1210 քրեական վարույթ, որից 462-ն էր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել իրավասու դատարան»,- տեղեկացրել է Գևորգ Սարգսյանը՝ ընդգծելով, որ դատարան ուղարկված վարույթների քանակը 2023 թվականի համեմատ 2024 թվականին աճել է 185-ով կամ 41%-ով: 2024 թվականի Արագածոտնի մարզի դատարանների կողմից 634 քրեական գործով՝ 646 անձի նկատմամբ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 240 քրեական գործով՝ 259 անձի վերաբերյալ): Աննա Վարդապետյանն Արագածոտնի մարզի դատախազին և դատախազության դատախազներին հանձնարարել է մարզային իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների դեմ պայքարի, ինչպես նաև ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքները:
12:24 - 17 փետրվարի, 2025
Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պատասխանատու լինելով քրեական հետապնդման հարուցման իրավաչափության, մինչդատական վարույթի օրինականության ապահովման համար՝ հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում, տևական ժամանակ ձեռնամուխ չի եղել անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ընթացքը լուծելու հարցին: Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի հունվարի 31-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը: Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Լոռու մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ:
15:18 - 07 փետրվարի, 2025
Կադրային փոփոխություններ՝ Գլխավոր դատախազի հրամաններով

Կադրային փոփոխություններ՝ Գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գայանե Մանուկյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Անահիտ Այվազյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Անի Կիրակոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Վիոլետա Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Նարեկ Աբրահամյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Ռիմա Ասոյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Սամվել Հակոբյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Արտուշ Կարապետյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հովհաննես Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Գրիգոր Մղդեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կապանի կայազորի զինվորական դատախազ Մարգար Բաղդասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
10:02 - 31 հունվարի, 2025
Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ բնակավայր և հանդիպել Արենի համայնքի աշակերտների հետ

Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ բնակավայր և հանդիպել Արենի համայնքի աշակերտների հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 22-ին այցելել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 50 աշակերտների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հանդիպմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Արենի համայնքի և Խաչիկ բնակավայրի ղեկավարները, այլք: Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը Խաչիկ բնակավայր առաջին այցը կատարել էր 2024 թվականի հուլիսի 6-ին և մշակույթի տանը, որտեղ իրականացվում է «Կայթ» կրթամշակութային հանգույցի «Արև է ելել» համայնքահենք ծրագիրը, ի պատասխան աշակերտների՝ կրկին հանդիպելու առաջարկին՝ խոստացել էր մինչև տարեվերջ այցելել Արենի համայնք: Մշակույթի տանն արդեն գործում է գրադարան, որտեղ ՀՀ գլխավոր դատախազն ու տարիքային տարբեր խմբերի աշակերտները զրուցել են իրենց հետաքրքրող մի շարք թեմաներից, որից հետո մասնակցել են «Կայթ» մշակութային հանգույցի կողմից կազմակերպված «Կաթիլ» խմբի համերգին:
12:34 - 23 դեկտեմբերի, 2024
Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը բողոքարկել են և՛ Թովմասյանը, և՛ Դատախազությունը․ գործը Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում է
 |factor.am|

Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը բողոքարկել են և՛ Թովմասյանը, և՛ Դատախազությունը․ գործը Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում է |factor.am|

factor.am: Դատախազությունն ու Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը բողոքարկել են վերջինիս վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Դատախազությունը պահանջում է բեկանել Թովմասյանի վերաբերյալ դատավճիռն ու նրան 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել, իսկ Թովմասյանը պահանջում է իրեն արդարացնել։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, սակայն դատարանը նրան քրեական պատասխանտվությունից ազատել է՝ 2019 թվականին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով։ Ըստ մեղադրանքի՝ նա 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թվականի ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացը, որով էական վնաս է պատճառվել նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ: Բացի այդ, Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ՝ հարկադրել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1-րդ շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ: Ըստ մեղադրանքի հաջորդ դրվագի՝ 2009 թվականի մարտի 11-ից Հրայր Թովմասյանը փաստացի տիրապետելով ու տնօրինելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1-րդ հասցեի անշարժ գույքը՝ ունեցել է նոտարական վավերացմամբ հաստատված և Վոլոդյա Մարտիրոսյանի կողմից տրված լիազորագիր, որով նրան վերապահվել են հիշյալ անշարժ գույքն իր նախընտրած գնով և պայմաններով գրավ դնելու, գրավից հանելու, վարձակալության, անհատույց օգտագործման հանձնելու, ինչպես նաև սույն գույքի գրավի, հիփոթեքի, առուվաճառքի պայմանագրեր կնքելու և ստորագրելու իրավունքներ: 2009 թվականի մարտի 26-ին Հրայր Թովմասյանը, հանդես գալով Վոլոդյա Մարտիրոսյանի անունից, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 հասցեի անշարժ գույքն իր իրական արժեքից շուրջ 20 անգամ էժան գնով՝ 3.000.000 ՀՀ դրամով, առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով ձևակերպել է իր կնոջ քրոջ՝ Սոնա Խուդավերդյանի և նրա ամուսնու՝ Ռուբիկ Ղազարյանի անվամբ, այն դեպքում, երբ դեռևս 2006 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուզաննա Գասպարյանի և Վոլոդյա Մարտիրոսյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրով հիշյալ անշարժ գույքը գնահատվել է 52.400.000 ՀՀ դրամ, իսկ 2008 թվականի մարտի 18-ին բանկում գրավադրվել է 59.017.500 ՀՀ դրամ գնահատված արժեքով: Արդյունքում, իր կողմից գույքի ձեռքբերման փաստը քողարկելու դիտավորությամբ, Հրայր Թովմասյանն այն ձևակերպել է Սոնա Խուդավերդյանի և Ռուբիկ Ղազարյանի անվամբ՝ շարունակելով փաստացի տնօրինել և տիրապետել անշարժ գույքը: Դրանից հետո՝ 2012 թվականի փետրվարին, Հրայր Թովմասյանը, շահադիտական դրդումներով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ՝ իր օգտին օգտագործելով, արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանի և իր ենթակայության ներքո գտնվող նույն նախարարության մի խումբ այլ պաշտոնատար անձանց միջոցով, աշխատանքից ազատելու, գործունեությունը կասեցնելու վերաբերյալ պարբերաբար սպառնալիքներ տալու եղանակով միջամտել է ինքնակառավարման սկզբունքով գործող նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպության՝ ՀՀ նոտարական պալատի կառավարմանը, հարկադրել է պալատի նախագահին, միևնույն ժամանակ Կենտրոն վարչական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանին՝ իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1-րդ հասցեի հիշյալ անշարժ գույքը: Ալվարդ Մելքոնյանը, սպառնալիքների ազդեցության ներքո, չունենալով այլընտրանք, կախյալ վիճակից ելնելով, զրկված լինելով տարածքը վարձակալելուց հրաժարվելու, ինչպես նաև նոտարական պալատի ինքնակառավարման սկզբունքի ապահովման հնարավորությունից, նոտարական պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով, 2012 թվականի փետրվարի 20-ին կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով ամսական 300.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալել է 50-ից 80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, որպես գրասենյակային տարածք, օգտագործման համար ոչ բարվոք վիճակում գտնվող, մինչև նոտարական պալատի կողմից վարձակալելն այլ անձանց կողմից 50.000 ՀՀ դրամ վճարով, իսկ այնուհետև՝ 85.000 ՀՀ դրամ վճարով վարձակալված հիշյալ անշարժ գույքը: Արդյունքում՝ Հրայր Թովմասյանը մինչև վարձակալության պայմանագրի լուծումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ը, նոտարական պալատից ստացել է ընդհանուր՝ 10.020.000 ՀՀ դրամի չափով վարձավճար: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:20 - 18 դեկտեմբերի, 2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում)՝ Աննա Վարդապետյանը, «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Արամ Արամյանի մասնագիտական և մարդկային հատկանիշներն ու ընդգծել իր ընտրության տրամաբանությունը՝ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությանը ծառայած, Դատախազության համակարգում հարգանք վայելող և բարեվարք դատախազը ստանում է առաջխաղացման հնարավորություն: «Պարոն Արամյան, լիահույս եմ, որ կպահպանեք պարոն Պողոսյանի սահմանած նշաձողն ու 2025 թվականը կհայտարարենք հանրային շահի պաշտպանության տարի»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը: Կոլեգիայի անդամները դրական կարծիք են հայտնել Արամ Արամյանի թեկնածության վերաբերյալ, կարևորել են թեկնածուի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվությունը: Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արամ Արամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին վստահության համար և ընդգծել. «Պատասխանատվությունը մեծ է, կանեմ առավելագույնը՝ Դատախազության առջև դրված խնդիրները պատշաճ լուծելու համար»: Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արամ Արամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
17:58 - 03 դեկտեմբերի, 2024
ՀՀ դատախազությունը ԵՄ-ի ու ԵԽ-ի հետ ունի սերտ համագործակցություն, որը թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ․ Աննա Վարդապետյան |armenpress.am|

ՀՀ դատախազությունը ԵՄ-ի ու ԵԽ-ի հետ ունի սերտ համագործակցություն, որը թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ․ Աննա Վարդապետյան |armenpress.am|

armenpress.am: Գլխավոր դատախազության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով Երևանում կայացավ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:  Միջոցառման նպատակն էր ազդարարել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն թարգմանության հասանելիության մասին, ներկայացնել դրանց կարևորությունը, ինչպես նաև քննարկել Կարծիքների գործնական կիրառության հետ կապված առանձնահատկությունները: Կարծիքների հայերեն թարգմանությունն ու տպագրությունն իրականացվել է որպես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մաս, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։  ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ 2005 թվականի հուլիսի 13-ին ձևավորված խորհրդատվական մարմինը՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդը, համախմբում է դատախազական գործունեություն իրականացվող անձանց՝ նրանց համար սահմանելով մասնագիտական և վարքագծային ուղենիշային կանոններ, ինչպես նաև դատախազական գործունեության համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ մշակում և ընդունում է կարծիքներ։  «ՀՀ դատախազությունը՝ որպես Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի անդամ, ձգտում է ապահովել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ, մոտեցնել դատախազի մասնագիտական կարողությունները և կերպարը միջազգային, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին։ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների թարգմանությունն ու տպագրությունն այս նպատակի ուղղությամբ մեր հերթական և կարևոր քայլն է։ Վստահ եմ, որ այսօր ներկայացվելիք ձեռնարկը կդառնա Հայաստանում գործող դատախազների, և ոչ միայն դատախազների սեղանի գիրքը»,- ասաց Վարդապետյանը։ Գլխավոր դատախազն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությունը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ունի լավ ավանդույթներ և, հատկապես վերջին տարիներին, այն թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ:   «Առաջարկում եմ խրախուսել այսօրվա քննարկմանը ներգրավված բոլոր կողմերին շարունակաբար բարելավել միջոլորտային համագործակցությունը՝ հանուն օրենքի գերակայության ամրապնդման և հանցագործությունների կանխարգելման։ Նման համագործակցությունը կարևոր է՝ հաշվի առնելով հանցավորության ներկայիս դինամիկան, որն առկա է ինչպես Հայաստանում, այնպես էլ գործընկեր երկրներում: Պատահական չէ, որ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդն ընդունել է մի քանի կարծիք, որոնք վերաբերում են միջոլորտային հարաբերություններին և համագործակցությանը: Հակաօրինական վարքագծի դեմ պայքարը և հանցավորության կանխարգելումը պետք է իրականացվի պետական բոլոր օղակների, ինչպես նաև հասարակության բոլոր դերակատարների ներգրավմամբ: Ընդգծեմ, որ կրթական հաստատությունների, հետաքննող լրագրողների և հասարակական կազմակերպությունների դերն այս առումով վճռորոշ է»,- նշեց Վարդապետյանը։ Նրա կարծիքով՝ դատախազներն ազդեցիկ դեր ունեն հասարակությունում և շատ կարևոր է, որ իրենք իրենց գործունեությամբ պաշտպանեն օրենքի գերակայությունը, արդարությունն ու անաչառությունն այնպես, ինչպես առաջարկվում է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքներում։  Վարդապետյանն ուրախությամբ ընդգծեց ԵՄ-ի և ԵԽ-ի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և ԵԽ-ի կողմից իրականացվող աջակցությունը դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում, ծրագրի հետ հայկական կողմի կայուն, հետևողական և արդյունավետ համագործակցությունը։  «Նախատեսում ենք աշխատանքներ սկսել այն ուղղությամբ, որ Դատախազների միջազգային ասոցիացիայի հաջորդ տարածաշրջանային համաժողովն անցկացվի Հայաստանում 2025 թվականի աշնանը: Մենք առաջարկում ենք այս տարածաշրջանային համաժողովի ընթացքում մեկ կամ երկու թեմատիկ նիստ նախատեսել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի մասնակցությամբ, որոնք, ի թիվս այլնի, կարող են վերաբերել առաջիկա կարծիքների հետ կապված հարցերին: Դատախազների միջազգային ասոցիացիայի մեր գործընկերները ողջունել են այս գաղափարը և սա բաց առաջարկ է, որը մենք սիրով պատրաստ ենք քննարկել առաջիկայում»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը։   Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին նշեց, որ սա տարվա ընթացքում իր երկրորդ այցն է Հայաստան և նշեց, որ մեր երկիրը զգալի առաջընթաց է գրանցել դատաիրավական բարեփոխումների ոլորտում։  «Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդը աջակցում է ՀՀ իշխանություններին 2022-26 թվականների ռազմավարությունը կյանքի կոչելու ճանապարհին։ Բարեփոխումները դուրս են գալիս կոնկրետ մեկ միջոցառման շրջանակներից և ուղղված են տարբեր բնագավառներին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին։ Արդեն իսկ առկա են բազմաթիվ ձեռքբերումներ Հայաստանի իրավական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, թափանցիկ և վստահություն ներշնչող համակարգի ձևավորման ճանապարհին։ ԵԽ-ն Հայաստանին աջակցություն է ցուցաբերել նաև Հռոմի ստատուտի ընդունման գործում»,- նշեց Լոնգանգեն։  Նա ևս մեկ անգամ հաստատեց Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանում արդարադատության բարեփոխումներին և հավաստիացրեց, որ Եվրոպայի խորհուրդը լիովին հանձնառու է աջակցել Հայաստանի ջանքերին՝ արդարադատության համակարգի բարեփոխման և դատախազական ստանդարտների բարձրացման հարցում:   «Այս միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ է ուղղված մեր  գործընկերության ամրապնդմանը: Մենք հպարտ ենք արդեն իսկ արձանագրված առաջընթացով: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը քայլել ձեր կողքին այս ճանապարհին»,- նշեց Լոնգանգեն։  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը նույնպես կարևորեց իրավական համակարգի էությունն ու նրա առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելը։ Նա շեշտեց վերահսկողության մեխանիզմների արդյունավետ աշխատանքի կարևորությունը ուժային կառույցներում։   «ԵՄ պատվիրակությունը բավականին ակտիվ է գործում Հայաստանում՝ աջակցելով նաև դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Կարևոր է օգտագործել հավաքված փորձը և գիտելիքը՝ բարձրացնելու կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության դեմ պայքարում դատախազների դերի եվրոպական ստանդարտների մասին իրազեկումը։ Մեր նպատակն է հայաստանյան գործընկերների հետ համատեղ հասնել անկախ դատախազական համակարգի, որն առավելագույնս համապատասխանում է եվրոպական ստանդարտներին»,- նշեց Հեսը:  Նա ընդգծեց Հայաստանին աջակցելու Եվրամիության հանձնառությունը՝ դատախազական համակարգը հզորացնելու գործում։ Միջոցառման թեմատիկ նիստի ընթացքում ներկայացվեց Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի թիվ 14 կարծիքը, որը վերաբերում է կոռուպցիայի և հարակից տնտեսական ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում դատախազների դերին, անդրադարձ կատարվեց նաև կոռուպցիոն բնույթի հանցանքների բացահայտման արդի մարտահրավերներին: 
13:21 - 15 նոյեմբերի, 2024
Հայաստանը փողերի լվացման դեմ պայքարելու համար ունի և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ բավարար հենք. Գլխավոր դատախազ |armenpress.am|

Հայաստանը փողերի լվացման դեմ պայքարելու համար ունի և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ բավարար հենք. Գլխավոր դատախազ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Մալթայի Հանրապետությունում մասնակցել է Դատախազների միջազգային ասոցիացիայի եվրոպական 18-րդ տարածաշրջանային համաժողովին:  Համաժողովին մասնակցել են Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան, Ասոցիացիայի գլխավոր իրավաբան Շենազ Մուզաֆերը, դատախազներ՝ Ֆրանսիայի Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Շվեյցարայից, Մալթայից, Ղազախստանի Հանրապետությունից և այլք:    Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, համաժողովի շրջանակում 2024 թվականի նոյեմբերի 8-ին Աննա Վարդապետյանը հանդես է եկել «Փողերի լվացման հանցակազմի որակման փոփոխությունը Հայաստանում Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի զարգացման համատեքստում» խորագրով ելույթով:  ՀՀ գլխավոր դատախազն, անդրադառնալով Հայաստանում ֆինանսական հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման քննությանը, ընդգծել է որ ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի՝ 2021 թվականի կատարած ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը փողերի լվացման դեմ պայքարելու համար ունի և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ բավարար հենք։ Հայաստանի կայուն զարգացման, իրավական անվտանգության ապահովման, երկրում օրենքի գերակայության և արդարության հաստատման համատեքստում Աննա Վարդապետյանը վերահաստատել է Հայաստանի կամքն ու հանձնառությունը՝ ուղղված ֆինանսական հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման հանցագործությունների նկատմամբ արդյունավետ քննություն իրականացնելուն, ընդգծել կոռուպցիոն երևույթների նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելուն միտված հետևողական քայլերը, ինչպես նաև թվարկել այն ինստիտուցիոնալ աշխատանքը, որը կատարվում է փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթների քննության ընթացքում:    Հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է նաև փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթների քննության ոլորտում առկա մարտահրավերներին՝ նշելով տարբեր երկրների իրավապահ մարմինների կողմից միասնական մոտեցման բացակայությունը, քննության ներպետական և օտարերկրյա պրակտիկայի անհամապատասխանությունը և այլն: Մարտահրավերների լուծման համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային իրավական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը, մասնավորապես, 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի և Եվրաջասթի համագործակցության մասին համաձայնագիրը, որը  սեպտեմբերի 10-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, իսկ սեպտեմբերի 23-ին ստորագրվել է աշխատանքային պայմանավորվածությունը: ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ դեկտեմբերից ուժի մեջ մտնող Համաձայնագիրը Հայաստանի համար հնարավորություն է նախատեսում Եվրաջասթ գործուղել Համագործակցության հարցերով դատախազ, որը հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն: Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանի Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի շրջադարձային որոշումը, որն էական դեր է խաղացել փողերի լվացման գործերի քննության և քրեական հետապնդման գործում: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել  Դատախազների միջազգային ասոցիացիային և Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծել այն համոզմունքը, որ փոխադարձ արդյունավետ և ակտիվ համագործակցությունն է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում հաջողության հասնելու նախապայմանը։ 
15:14 - 08 նոյեմբերի, 2024
Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի դատախազությունում

Աննա Վարդապետյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Արագածոտնի մարզի նորանշանակ դատախազ Գևորգ Սարգսյանը և մարզի դատախազության դատախազները: Գևորգ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել կոռուպցիոն բնույթի, պետական իշխանության, տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընթացքը: Ներկայում Արագածոտնի մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվում կոռուպցիոն բնույթի 22, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված 20, պետական իշխանության դեմ ուղղված 23 և տնտեսական գործունեության դեմ ուղղված 13 հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության օրինականության նկատմամբ, որոնցով քննության ներկա փուլում առկա տեղեկատվության համաձայն՝ պետությանը և համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը կազմում է շուրջ 600 միլիոն դրամ: Աննա Վարդապետյանը հանձնարարել է պարբերաբար պահանջել վերոնշյալ հանցագործություններով նախաձեռնված քրեական վարույթները, տալ հանձնարարություններ, կիրառել հնարավոր բոլոր դատախազական ներգործության միջոցները՝ քրեական վարույթների պատշաճ և համակողմանի նախաքննությունն ապահովելու, պետությանը և համայնքին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: Հանրապետության գլխավոր դատախազին է զեկուցվել մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, փամփուշտ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու վերաբերյալ մի շարք քրեական վարույթների ընթացքը: Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազի ուղեկցությամբ շրջայց է կատարել Մարզի դատախազության վերանորոգված շենքում, ծանոթացել դատախազների աշխատանքային պայմաններին:
09:47 - 18 հոկտեմբերի, 2024
Աննա Վարդապետյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին

Աննա Վարդապետյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել Բելգիայի՝ որպես Եվրոպական միության հիմնադիր անդամի աջակցությունը Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումներին: Դեսպան Էրիկ դե Մույնքը վերահաստատել է Բելգիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և այդ համատեքստում ընդգծել Բրյուսելում 2024 թվականի ապրիլի 5-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի կարևորությունը: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կոռուպցիոն գործերի քննության շրջանակում պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը և այլն: Գլխավոր դատախազն ու Հայաստանում Բելգիայի դեսպանը քննարկել են վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
16:50 - 11 հոկտեմբերի, 2024
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հարություն Մաշադյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արա Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության դատախազ Անուշ Մարգարյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին: Աննա Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արայիկ Բրուտյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Աշոտ Խաչատրյանըազատվել է զբաղեցրած պաշտոնից: Լիանա Մարկոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Կարեն Այվազյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Նարեկ Ավետիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Հրաչյա Ասատրյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Դավիթ Մարգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Տիգրան Վարդանյանը նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Արմեն Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Հայկանուշ Ավալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Գագիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Արմեն Նաղդալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Վասիլ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Նելլի Բադալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տավուշի մարզի դատախազության դատախազ Գևորգ Հակոբյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Տավուշի մարզի դատախազի տեղակալ Վահե Գրիգորյանը փոխադրվել է նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Արման Նիկողոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Արամ Ավագյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Ֆրունզե Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գայանե Աղաջանյանը փոխադրվել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Դավիթ Թովմասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Հրաչյա Թորոսյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Կարեն Կարապետյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազ Արամ Ամիրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Քրիստինե Կակոյանըփոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազի պաշտոնին: Գեղամ Ներսիսյանը նշանակվել է Արարատի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի դատախազության դատախազի պաշտոնից:  
12:09 - 11 հոկտեմբերի, 2024
ՀՀ գլխավոր դատախազն ու ՌԴ գլխավոր դատախազը ստորագրել են համագործակցության նոր՝ 2025-2026 թվականների ծրագիրը

ՀՀ գլխավոր դատախազն ու ՌԴ գլխավոր դատախազը ստորագրել են համագործակցության նոր՝ 2025-2026 թվականների ծրագիրը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա փոխգործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ այն զարգացնելու մեծ ներուժ կա: Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի կազմակերպման բարձր մակարդակի և ռուսական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության համար։ ՌԴ գլխավոր դատախազի խոսքով՝ երկու երկրների դատախազությունների միջև ջերմ հարաբերությունները նպաստում են երկու գերատեսչությունների միջև արդյունավետ փոխգործակցությանը: Ստորագրելով համագործակցության նոր՝ 2025-2026 թվականների ծրագիրը՝ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են առավել մեծ ուշադրություն դարձնել գիտակրթական ոլորտում կապերի ամրապնդման վրա։ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Հայաստանի Հանրապետությունից դուրս բերված և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի արգելադրման և բռնագանձման, կոնկրետ կոռուպցիոն գործերով իրական և շոշափելի համագործակցության անհրաժեշտությունը: Աննա Վարդապետյանը նշել է, որ երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ պայման է իրավական փոխօգնության երկկողմ բնույթը:  
10:46 - 05 հոկտեմբերի, 2024