ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել

Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանն ուղղված գրության և Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման հիման վրա՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի որոշմամբ, Ոստիկանության նախկին պետի դուստր Յու.Գ.-ին շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յու.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Դեռևս նախաքննության վաղ փուլում Յու.Գ.-ն վերականգնել էր պետությանը պատճառված վնասը՝ 8 մլն 838 հազար դրամը: Գործի դատական քննության փուլում՝ նախնական դատալսումների ընթացքում, 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, Յու.Գ.-ի պաշտպանի կողմից միջնորդություն էր ներկայացվել արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ:  Յու.Գ.-ն, միանալով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը, հայտարարել էր, որ համաձայն է իրեն ներկայացված մեղադրանքի հետ: Քրեական գործով արագացված վարույթի ընթացքում պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Յու.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018 թվականին ընդունված օրենքի հիմքով դադարեցնելու վերաբերյալ: Դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին բավարարել է ներկայացված միջնորդությունը և ոչ արդարացնող հիմքով, այն է՝ համաներմամբ, դադարեցրել է Յու.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը:   Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Յու.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը): Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յու.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:  Մասնավորապես՝ 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յու.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յու.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին: Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով՝ Յու.Գ.-ին շնորհվել է ոստիկանության «փոխգնդապետի» կոչում, որից երեք օր անց՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով Յու.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով՝ Յու.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից: Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յու.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել: Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յու.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև յուրաքանչյուր ամիս, իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը՝ դրանցում ներառելով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յու.Գ.-ի տվյալները: Արդյունքում՝ վերը նշված ժամանակահատվածում, Յու.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ (Յու.Գ.-ն ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները):
17:48 - 17 ապրիլի, 2024
Մեկ տարվա ընթացքում 10 անչափահասի գործ է ուղարկվել դատարան՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով
 |hetq.am|

Մեկ տարվա ընթացքում 10 անչափահասի գործ է ուղարկվել դատարան՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով |hetq.am|

hetq.am: 18 տարին չլրացած Կարենը (անունը փոխված է) կանգնել է դատարանի առաջ: Ոստիկաններն անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են «Շոկո» անվամբ հայտնի 1.2 գրամ «MDMB-2201» տեսակի թմրամիջոց: Կարենին սպառնում է 3-6 տարի ժամկետով ազատազրկում, քանի որ հայտնաբերված թմրամիջոցը եղել է ապօրինի՝ առանց բժշկի նշանակման: Կարենը սովորում է 11-րդ դասարանում: Ծնողները չեն իմացել, որ երեխան թմրանյութ է օգտագործում, սակայն կասկածներ ունեցել են, երբ նկատել են, որ աչքերը կարմրում են, ոչ սովորական վարքագիծ է դրսևորում: «Չեմ պատկերացնում, թե մեր ընտանիքի հետ ինչ կկատարվի, եթե տղայիս ազատազրկման ձևով պատիժ նշանակեն: Դա կկործանի նոր-նոր կյանք մտնող երեխայիս, սակայն չեմ էլ ուզում անպատիժ մնա, որ իրեն դաս լինի, հետ կանգնի այդ ճանապարհից»,- ասում է Կարենի մայրը: 2023թ. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության մեղադրանքներով 10 անչափահասի գործ է ուղարկվել դատարան: Նշենք, որ «MDMB-2201»-ն համարվում է սինթետիկ թմրանյութ: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը պարբերաբար սոցիալական ցանցերում իրազեկում է, որ այս խմբի թմրամիջոցներն արագորեն կախվածության համախտանիշ են ձևավորում: Այս թմրանյութի մեկանգամյա գործածման հետևանքով առաջանում են զարգացող սուր հոգեմարմնական խնդիրներ՝ գիտակցության, մտածողության, ընկալման ֆունկցիաների, ծանր սոմատովեգետատիվ խանգարումներ, և հաճախ սուր թունավորումը («գերդոզավորում») ունենում է գիտակցության կորուստ՝ մահվան ելքով: Սինթետիկ կաննաբինոիդների կանոնավոր կամ պարբերական գործածման արդյունքում կախվածության համախտանիշի արագ ձևավորմանը զուգահեռ, զարգանում են նաև քրոնիկական ընթացքով հոգեախտաբանական խանգարումներ՝ մտածողության, ընկալման, հիշողության, ինտելեկտի կայուն և հաճախ անդառնալի խնդիրներով: Տարեցտարի ավելանում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդման ենթարկված անչափահասների թիվը: 2018-2023թթ. 36 անչափահասի գործ է ուղարկվել դատարան՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Դատարանի առջև կանգնած անչափահասներն ավելի շատ եղել են Երևանից, Արարատի և Արմավիրի մարզերից: 2018-2023թթ. 15 անչափահաս ենթարկվել է նաև վարչական պատասխանատվության՝  թմրանյութ օգտագործելու համար: Նշված ժամանակահատվածում միայն 2020թ. վարչական պատասխանատվության ենթարկված անձ չկա, իսկ ամենաշատ պատասխանատվության ենթարկվել են 2023թ.-ին՝ 5 անչափահաս: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով (100-200 հազ. դրամ): Իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանք (200-400 հազ. դրամ): Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:53 - 16 ապրիլի, 2024
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձանց

Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձանց

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի, Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետական դեպարտամենտի իրավական խորհրդատվության գրասենյակի իրավախորհրդատու Մոնիկա Ջեյքոբսոնը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի փոխտնօրեն, Ջեյսոն Քարտերը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Միջազգային կապերի գրասենյակի դատախազներ Զարին Իքբալը և Անն Փինգսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը, այլք: Գլխավոր դատախազը ողջունել է ԱՄՆ գործընկերներին, կարևորել ՀՀ գլխավոր դատախազության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը: Աննա Վարդապետյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել օրեր անց՝ ապրիլի 26-27-ին, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում կայանալիք՝ «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով բարձրաստիճան խորհրդաժողովի մանրամասները, որին մասնակցելու են եվրոպական երկրների 9 պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների՝ Եվրաջասթի և Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել կոռուպցիոն հանցագործությունների քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում ԱՄՆ գործընկերների հետ իրավական փոխօգնության խորացմանը, ընդգծվել, որ նման քննարկումները նպաստում են երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  
15:42 - 15 ապրիլի, 2024
Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործը դատարանում է․ սկսվել է ապացույցների հետազոտումը

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործը դատարանում է․ սկսվել է ապացույցների հետազոտումը

Հակակոռուպցիոն դատարանում օրերս սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործով ապացույցների հետազոտումը։ Գաբրիելյանն այդ պաշտոնին է եղել 2019 թ. փետրվարի 4-ից մինչ 2020 թ․ հոկտեմբերի 26-ը, պատերազմի մեկնարկի՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելու նպատակով գտնվել է Ռուսաստանում։ Այնտեղից վերադարձել է սեպտեմբերի 30-ին եւ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Ժիրայր Պողոսյանի՝ 2020 թ. հուլիսի 9-ի թիվ 07 գրավոր եւ 2020թ. հոկտեմբերի 1-ի բանավոր հրամանների հիման վրա՝ ընդգրկվել է մարտական գործողություններում։ Այժմ Գաբրիելյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։ Մասնավորապես, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։ Հովիկ Գաբրիելյանը կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նյութում կարդացեք՝ Ինչում է մեղադրվում փոխգնդապետը  Ինչ ապացույցներ հրապարակեց հանրային մեղադրողը Ինչ միջնորդություն ներկայացրեց պաշտպանը զոհված զինծառայողների մահվան վկայականների առնչությամբ Ինչում է մեղադրվում փոխգնդապետը Համաձայն մեղադրական եզրակացության՝ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով գումարտակի բոլոր զինծառայողների ուղղակի պետը, ռազմական դրության պայմաններում հակառակորդի հետ անմիջական մարտի չբռնվելու եւ պաշտպանական բնագիծը թողնելու անձնական այլ շահագրգռվածությամբ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝ իր իշխանական, ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական ու ծառայողական շահերի։ Մասնավորապես, վերադաս հրամանատարությանն իրականությանը չհամապատասխանող զեկույցներ է ներկայացրել, ինչից հետո ստանալով զբաղեցրած բնագիծը չթողնելու եւ պաշտպանությունը շարունակելու՝ ռադիոկապի միջոցով տրված հրաման, առանց ավագ պետի թույլտվության եւ տվյալ պարագայում առանց հիմնավոր անհրաժեշտության նահանջի հրաման է տվել ենթակա ստորաբաժանմանն ու դիտավորությամբ թողել զբաղեցրած պաշտպանական բնագիծը, ինչն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի ոչնչացում եւ այլ ծանր հետեւանքներ:  Դատավոր Վարդգես Սարգսյանը Այսպես. 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած եւ վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, համաձայն ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի (այսուհետև՝ նաեւ ԲԿ) պաշտպանական օպերացիայի պլանի օպերատիվ մասում նշված դրույթների, բանակային կորպուսն ունեցել է խնդիր՝ անցնել պաշտպանության Ջաբրիայիլի (նույնն է, ինչ Ջրական, Մեխակավան) շրջանի նախորոշված հատվածում՝ Շուքյուրբեյլի–Ջաբրայիլ ուղղությամբ («Հորովլու-նիշ 602.1՝ հարավ 200 մետր - երկաթբետոնե կամուրջ» բնագիծ)։ Ըստ մեղադրանքի՝ 2020թ. հոկտեմբերի 4-ի երեկոյան Գաբրիելյանը ռադիոկապով զեկույց է ներկայացրել 1-ին բանակային կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանին՝ հայտնելով, որ իբրեւ իր գումարտակի աջ եւ ձախ հատվածները բաց են եւ հակառակորդի զրահատեխնիկան թեւանցել է իրեն, ուստի շրջապատման վտանգի պայմաններում թույլտվություն է խնդրել նահանջել։ Ժիրայր Պողոսյանից, սակայն,  ստացել է պաշտպանական բնագծում մնալու հրաման։ Նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Գաբրիելյանը ռադիոկապով խոսել է նաեւ նույն ԲԿ–ի շտաբի պետ Գեղամ Գաբրիելյանի հետ՝ հայտնելով սննդի եւ զինամթերքի պաշարների սպառման մասին։ Նկատի ունենալով, որ Գաբրիելյանի ենթակա ստորաբաժանումն ունեցել է զինամթերքի բավարար եւ անհրաժեշտ պաշարներ տրված մարտական խնդիրն իրականացնելու համար՝ Գեղամ Գաբրիելյանը հրաման է տվել շարունակել հանձնարարված մարտական խնդրի կատարումը՝ տեղեկացնելով, որ հաջորդ օրը՝ առավոտյան, կիրականացվի լրացուցիչ սննդի եւ զինամթերքի պաշարների մատակարարումը։ Հովիկ Գաբրիելյանը, սակայն, ըստ մեղադրանքի, խախտել է ներքին ծառայության, օպերացիաների նախապատրաստման եւ վարման հրահանգի, մարտական կանոնադրության մի շարք պահանջներ, հանձնարարված բնագծի պաշտպանությունն իրականացնելու փոխարեն հոկտեմբերի 5-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հրաժարվել է կատարել հակառակորդին դիմակայելու, նրան դիմադրություն ցույց տալու եւ վերջինիս առաջխաղացումն այդ ուղղությամբ կասեցնելու նպատակով իր ստացած հրամանները եւ առանց վերադաս հրամանատարների գիտության եւ համապատասխան թույլտվության՝ պաշտպանության անցած ենթակա անձնակազմին հրամայել է թողնել զբաղեցրած բնագիծը եւ նահանջել Հադրութ քաղաքի ուղղությամբ՝ այդ մասին չտեղեկացնելով իրենից աջ կողմում պաշտպանություն իրականացնող հատուկ նշանակության բրիգադի հրամանատար, գնդպետ Վահագն Ասատրյանին եւ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Համլետ Լեւոնյանին։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հովիկ Գաբրիելյանի գործողությունների հետեւանքով հակառակորդը 2020 թ․ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում օգտվել է վերոնշյալ բնագծում շուրջ 2-3 կմ անպաշտպան թողնված հատվածից, անարգել հաղթահարել է այն, «Բանաձուրի խաչմերուկ» տեղանքով անցել դրանից աջ պաշտպանության անցած յուրային անձնակազմի թիկունք, ինչի պայմաններում անակնկալի եկած եւ անպաշտպան մնացած հիշյալ ստորաբաժանումների անձնակազմը փաստացի հայտնվել է շրջապատման մեջ, սկսել է հակառակորդի հետ հարկադրված մարտ վարել, որի ժամանակ էլ արձանագրվել են վերոնշյալ կորուստները։ Ինչ ապացույցներ հրապարակեց հանրային մեղադրողը Դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հրապարակեց քրեական գործում առկա գրավոր ապացույցները՝ փաստաթղթերի զննում կատարելու, արտավարութային փաստաթղթեր ճանաչելու եւ լազերային սկավառակ զննելու մասին արձանագրություններ։ Ձախից՝ տուժողի իրավահաջորդ Հրաչիկ Բաղդասարյանը, հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը Զննված փաստաթղթերը ստացված էին ՀՀ քննչական կոմիտեի գաղտնի գործավարությունից եւ առգրավված Ազգային ժողովի գաղտնի գործավարությունից։ Դրանք վերաբերում էին զորամասերը մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի բերելու, գումարտակի անձնակազմը ոչ լրիվ կազմով՝ 223 հոգով մարտական գործողությունների շրջան ուղարկելու եւ մի շարք այլ հրամանների։ Դրանց թվում էր նաեւ հակառակորդի գնահատման վերաբերյալ եզրակացությունը, որում մանրամասն նկարագրված էր, թե որտեղ եւ ինչ տեսակի հարձակման դեպքում ինչ գործողություններ է պետք ձեռնարկել։ Ապացույցների հրապարակումից հետո Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը կարծիք հայտնեց, որ դրանք ընդամենը փաստում են, որ եղել են մի շարք հրամաններ, որոնցով սահմանված է եղել գործողությունների որոշակի պլան իրադարձությունների հավանական զարգացումների դեպքում, որ եթե այսպես լիներ, պետք է այսպես արվեր․ «Մեզ համար շատ կարեւոր է, որ դատարանը [գնահատի]՝ ինչպես որ պլանավորված է եղել, այդպես ընթացե՞լ է, եւ այդ ընթացքում Հովիկ Գաբրիելյանի վրա դրված պարտականությունը չի կատարվե՞լ, թե՞ այլ իրավիճակ է ստեղծվել, հետեւաբար այդ իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լիներ Հովիկ Գաբրիելյանի կողմից ձեռնարկվող գործողությունները՝ որպես հրամանատարի»,– ասաց նա։ Հրապարակված արտավարութային փաստաթղթերը դարձյալ մարտական հրամաններ էին, դրանցից բխող կարգադրություններ եւ գրություններ, իսկ լազերային սկավառակում մարտական գործողություններից մի տեսանյութ էր։ Այն իր բջջային հեռախոսով նկարահանել եւ հետագայում Քննչական կոմիտեին էր տրամադրել հիշյալ փոխգնդապետ, գործով վկա Համլետ Լեւոնյանը, որի անձնակազմը ենթադրյալ հանցանքի հետեւանքով մնացել էր շրջապատման մեջ։ Տեխնիկական միջոցների բացակայության պատճառով տեսանյութը կհետազոտվի հաջորդ նիստում։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հայտարարեց, որ տեսանյութը պաշտպանական կողմին չի տրամադրվել եւ իրենց համար պարզ էլ չէ, թե այն որ օրվա որ ժամին է վերաբերում։ Արձագանքելով հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանն ասաց, որ վկան իր ցուցմունքով հստակ հայտնել է դա, բայց քանի որ ինքը ցուցմունք հրապարակելու իրավասություն այս պահին չունի, այդ հարցերի պատասխանները կտրվեն ավելի ուշ։ Ինչ միջնորդություն ներկայացրեց պաշտպանը Պաշտպան Վրեժ Խաչիկյանը միջնորդեց հետազոտման ենթակա ապացույցներում ներառել զոհված զինծառայողների մահվան վկայանները։ Նա հրապարակեց դրանցում տեղ գտած որոշակի տվյալներ՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Հովիկ Գաբրիելյանի մեղադրանքում նկարագրված արարքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ի գիշերը, մինչդեռ գործով տուժող ճանաչված զինծառայողներից որոշների մահը, ըստ այդ վկայականների, արձանագրվել է դրանից շուտ կամ ուշ․ «Հետագայում նաեւ վկաների ցուցմունքներով պետք է պարզվեն՝ ինչպե՞ս եղավ, որ կոնկրետ մեղադրանքի դրվագը տեղի է ունեցել ամսի 5-ի գիշերը՝ ժ 2-ից հետո, սական մահը գրանցվել է հոկտեմբերի 4-ի ժամը 00։00-ին․․․ Ես ինքս դժբախտաբար մասնակցել եմ Արցախյան պատերազմներին, այդ թվում՝ 44–օրյա, ինչո՞ւ դժբախտաբար, որովհետեւ պատերազմ չպետք է լիներ, եւ որպես կամավոր, որպես պահեստազորային սպա մասնակցելով, ունենալով իմ ջոկատը՝ երբ մարտը դադարում էր, Աստված չանի, անմիջապես զեկուցվում էր վիրավորների եւ զոհվածների վերաբերյալ, որպեսզի վիրավորները դուրս բերվեն, իսկ զոհվածները ուղարկվեն համապատասխան վայր։ Իմ մասնակցության ժամանակ չի եղել, սակայն հետագայում կճշտենք՝ արդյո՞ք եղել է իրավիճակ, երբ մի ամբողջ օր մարտ ընթանա, եւ հնարավորություն չլինի զոհերին կամ վիրավորներին դուրս բերելու»,– ասաց պաշտպանը։ Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Զոհված զինծառայող Վաղարշակ Բաղդասարյանի հայրը՝ Հրաչիկ Բաղդասարյանը, այս առնչությամբ նշեց, որ իրենք հրամանատարությունից տեղեկացել են, որ իրենց որդին զոհվել է հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, սակայն երբ ստացել են մահվան վկայականը, գրված է եղել հոկտեմբերի 4․ «Ինձ թվում է՝ տվյալները առանց հրամանատարության կազմել են, շատ բաներ մեզնից էին տեղեկանում»,– ասաց նա։ Վրեժ Խաչիկյանը հայտնեց նաեւ, որ քրեական գործում առկա չէ որեւէ տեսակի տեղեկություն անհետ կորած 3 զինծառայողների՝ Ռոբերտ Գեղամի Ղազարյանի, Նարեկ Լիպարիտի Թովմասյանի եւ Գեւորգ Անտոնյանի մարտական ուղու, խնդրի, ստորաբաժանման վերաբերյալ։ Առկա չեն նաեւ զոհված 3 զինծառայողների՝ Նարեկ Կարենի Հովհաննիսյանի, Տիգրան Խաչատուրի Բարսեղյանի եւ Աղասի Արտավազդի Աղաբաբյանի մահվան վկայականները։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանն առաջարկեց հետագայում համապատասխան միջնորդություն ներկայացնել, որպեսզի դրա հիման վրա դիմեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն եւ ստանան բացակայող վկայականները։ Հրապարակելով առկա մյուս տեղեկությունները՝ պաշտպանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքների վրա, որ որոշ դեպքերում նշված չէ զինծառայողների զոհվելու հստակ վայրը, որոշ դեպքերում հնարավոր չի եղել որոշել մահվան պատճառը եւ այլն։ Այսինքն՝ ըստ նրա՝ գործի քննության ընթացքում պետք է պարզվի իր պաշտպանյալին մեղսագրված արարքի եւ որոշ զինծառայողների զոհվելու միջեւ եղած ենթադրյալ կապը։  Հրապարակված տեղեկությունները՝ ստորեւ․ Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան– զոհվել է 04․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Մեխակավան, պատճառը որոշել հնարավոր չէ Հակոբ Ասատուրի  Գեւորգյան– զոհվել է 04․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ ԼՂՀ, պատճառը՝ մարմնի չդասակարգված վնասվածքներ Արման Մխիթարի Զքոյան– ծնված՝ 1992թ․, զոհվել է 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ որովայնի հրազենային, տրավմատիկ եւ հեմոռագիկ շոկ Մարատ Վլադիկի Խաչատրյան– ծնված՝ 1979 թ․, զոհվել է՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ կրծքավանդակի հրազենային, բեկորային վիրավորում  Արամ Արթուրի Պողոսյան–ծնված՝ 1997, զոհվել է՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախի Հանրապետություն, պատճառը՝ ներգանգային վնասվածք Պողոսյան Գոռ Արթուրի– ծնված՝ 04․08․2000 թ․, 05․10․2020 ժ 00։00, վայրը՝ ԼՂՀ մարտական դիրքեր, պատճառը՝ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից առաջացած վնասումներ Դավիթ Կարենի Խաչատրյան–ծնված՝ 2001 թ․, 04․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Մեխակավան, պատճառը՝ տրավմատիկ եւ հեմոռագիկ շոկ Վահան Վարդանի Մելքոնյան– ծնված՝ 2001 թ․, զոհվել է՝ 05․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Ջրական, պատճառը որոշել հնարավոր չէ Մանուկյան Գոռ Կարենի– ծնված՝ 15․03․2001 թ․, զոհվել է 05․10․2020 ժ 00։00, ԼՂՀ մարտական դիրքեր, պատճառը՝ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից առաջացած վնասումներ Հովսեփ Կարպիսի Պետրոսյան– ծնված՝ 10․10․2000, զոհվել է 04․10․2020 ժ 00։00, Արցախ,  պատճառը՝ կաթվածի եւ այլ տեսակներ Յուրա Արտյոմի Զաքարյան–ծնված՝ 22․07․2000, զոհվել է 06․10․2020 ժ․ 00։00, Արցախ, Ջրականի զորամասի մոտակայքում, պատճառը՝ գլխի արյունազեղում Սերժիկ Արտակի Մարգարյան– ծնված՝ 31․10․2000, զոհվել է 05․10․2020, վայրը՝ ԼՂՀ, պատճառը՝ առաջացած վնասումներ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից Սուրեն Բագրատի Համբարձումյան– ծնված՝ 01․01․1992, զոհվել է 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ կրծքավանդակի հրազենային, բեկորային վիրավորում Սերգեյ Ալիկի Սահակյան– ծնված՝ 23․08․2000, զոհված՝ 06․10․2020, վայրը՝ Արցախ, ըստ հարազատի ցուցմունքի՝ Ջրականի զորամասի մոտակայք Հենզել Սաշիկի Բադասյան– ծնված՝ 09․06․1981, զոհված՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, Մեխակավան, պատճառը որոշել հնարավոր չէ Արմեն Գրիգորիի Հայրապետյան– ծնված՝ 30․08․1987, զոհվել է  05․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախի Հանրապետություն, պատճառը՝ գլխուղեղի վնասվածք Վահե Լեւիկի Ղարիբյան– ծնված՝ 18․06․1988, զոհվել է 05․10․2020 ժ 18։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ արյան սուր կորուստ Արտյոմ Տիգրանի Մկրտչյան– ծնված՝ 19․02․2001, զոհվել է 07․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Ջրական, պատճառը որոշել հնարավոր չէ Դավիթ Սեւակի Գրիգորյան– ծնված՝ 09․07․1994, զոհվել է 10․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ անորոշ։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
11:30 - 14 ապրիլի, 2024
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում պետությանը վերադարձված գույքն ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում պետությանը վերադարձված գույքն ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվեց Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ պետությանը վերադարձված՝ 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ շուկայական արժեքով Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը։ Հիշեցնենք, որ հաշտության համաձայնությունը հաստատվել էր Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 27-ի վճռով: «Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Հավելենք, որ վերջին վեց ամիսների ընթացքում՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակում և 2024 թվականի առաջին եռամսյակում, Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության շրջանակում, պետությանն է վերադարձվել շուրջ 10 միլիարդ դրամի գույք: Նշված ժամանակահատվածում օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դրանից հետո ընդունված Կառավարության որոշմամբ, միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, ՀՀ սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 118 միլիոն դրամ արժեքով, ՀՀ սեփականությանն է փոխանցվում նաև շուրջ 609 միլիոն դրամ»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
15:16 - 12 ապրիլի, 2024
«Միասին» շարժումը դատախազություն է դիմելու ՀՀ վարչապետի խախտումների վերաբերյալ
 |arm.sputniknews.ru|

«Միասին» շարժումը դատախազություն է դիմելու ՀՀ վարչապետի խախտումների վերաբերյալ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: v class="article__block" data-type="text">  «Միասին» շարժումը դիմելու է դատախազություն՝ ՀՀ վարչապետի և նրա թիմի կողմից իշխանության մեջ գտնվելու ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ: Այս մասին ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։   «Միասին» շարժումն արդեն 2-րդ օրն է` Ազգային ժողովի շենքի դիմաց հանրահավաք է անցկացնում ու պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ԱԺ-ի մոտ են, քանի որ ապրիլի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստն էր ընթանում, իսկ այսօր արդեն քննարկվում էր կառավարության կատարողականը։ Սարգսյանը նշեց, որ համապատասխան փաստաթղթի վրա աշխատանքները կսկսեն վաղվանից։
18:53 - 10 ապրիլի, 2024
Արցախի կալանավորների եւ դատապարտյալների գործերը Հայաստանին փոխանցելու առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել

Արցախի կալանավորների եւ դատապարտյալների գործերը Հայաստանին փոխանցելու առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել

Արցախի կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները Հայաստանի իրավասությանը փոխանցելու իրավական խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել։ Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Հիշեցնենք՝ բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել եւ Հայաստան տեղափոխվել Արցախի մի շարք կալանավորներ, այդ թվում՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ մեղավոր ճանաչված անձինք։ Պետական դավաճանության մեջ մեղավոր ճանաչված եւ ազատ արձակված դատապարտյալը Արզիկ Հարությունյանն է՝ Հայաստանում Արցախի ներկայացուցչության իրավաբանական բաժնի նախկին պետը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 44-օրյա պատերազմից մի քանի ամիս անց Կիեւում եւ Թբիլիսիում նա հանդիպել է օտարերկրյա գործակալների հետ, գումարի, օծանելիքի, պայուսակի եւ Iphone 11 մոդելի հեռախոսի դիմաց նրանց փոխանցել առաջադրանքով հավաքած տեղեկություններ՝ Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի եւ գործընթացների վերաբերյալ։ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը, սակայն, բռնի տեղահանման օրերին դեռեւս օրինական ուժի մեջ չէր մտել․ դրա դեմ բողոքի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը այդպես էլ չի հասցրել հրապարակել։ Մինչ բուն որոշման հրապարակումը դատարանը քննել է նրա խափանման միջոց կալանավորումը փոփոխելու միջնորդությունը եւ բավարարել այն։ Թե Հայաստան տեղափոխվելուց հետո Հարությունյանի նկատմամբ իրավական ինչ գործընթաց է սկսվել կամ առհասարակ սկսվել է թե ոչ՝ քրեական գործի քննության տարբեր փուլերում նրա պաշտպանությունն իրականացրած երեք փաստաբաններից ոչ ոք տեղյակ չէր։ Մեր զրույցում նրանք նշեցին, որ Հայաստանում Հարությունյանի հետ չեն առնչվել, նրան իրավաբանական օգնություն այլեւս չեն ցուցաբերել։ ՀՀ-ում իրականացվում են միջգերատեսչական քննարկումներ Արզիկ Հարությունյանի եւ մյուսների՝ Հայաստանում ազատության մեջ գտնվելու հանգամանքը տարբեր արձագանքներ է ստացել։ Իրավաբանների մի մասն այն կարծիքին է, որ նրանց վերաբերյալ քրեական վարույթները Հայաստանում շարունակելու իրավական հնարավորություն չկա։ Պատճառն այն է, որ քրեական գործերի քննությունը իրականացվում է ենթադրյալ հանցանքի կատարման վայրում՝ այդ վայրի օրենսդրությանը համաձայն, իսկ դատական ակտերը կայացվում են պետության անունից, հետեւաբար եթե չկա պետությունը, չկա եւ այդ պետության ողջ իրավակարգը։ Մասնագետների մյուս մասը փնտրում է այդ լուծումները ՀՀ քրեական օրենսգրքի սահմաններում, որը որոշակի կարգավորումներ նախատեսում է հանցանքը Հայաստանի տարածքից դուրս կատարած լինելու դեպքերի համար։  Քրեական օրենսգիրք (2022 թ․), ՀՕ-199-Ն Այժմ խնդրի մի կողմում հիշյալ անձանց անմեղության կանխավարկածն է, արդար դատաքննության իրավունքն ու կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքը, մյուս կողմում՝ հասարակական եւ պետական անվտանգությունը, տուժողների իրավունքների պաշտպանությունն ու պատժի անխուսափելիության սկզբունքը։ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե ՄԻՊ-ը թեմային առնչվող ինչ խնդիրներ է տեսել, պետական որ մարմիններին է դիմել, եւ առհասարակ, ինչ դիրքորոշում ունի Արցախի տարածքում կատարված ենթադրյալ հանցանքների վերաբերյալ քրեական վարույթները ՀՀ-ում շարունակելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ ՄԻՊ-ից տեղեկացրել են, որ քննարկվող հարցի զգայունությունը եւ դրան համակարգային լուծում տալու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ 2023 թ․ հոկտեմբերի 12-ին, դեկտեմբերի 29-ին եւ 2024 թ․ մարտի 1-ին համապատասխան գրություններ են հասցեագրել ՀՀ իրավասու պետական մարմիններին․ «2023 թ․ հոկտեմբերի 24-ին եւ 2024 թ․ հունվարի 29-ին ստացված գրություններով պարզաբանումներ են ներկայացվել առ այն, որ ԼՂ-ից ՀՀ տեղափոխված ազատությունից զրկված անձինք պահվում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում՝ հիմք ընդունելով ԼՂ ընդհանուր իրավասության դատարանի որոշումները եւ դատավճիռները»,- ասված է պատասխանում։  Խոսքը, ըստ ամենայնի, 2020-2022 թթ ընթացքում ՀՀ տեղափոխված անձանց մասին է, քանի որ ըստ Քրեակատարողական ծառայությունից ավելի վաղ ստացված տեղեկության՝ 2023թ. սեպտեմբերին Արցախից ՀՀ քրեակատարողական հիմնարկներ կալանավորված կամ դատապարտված անձինք չեն տեղափոխվել․ «Միաժամանակ հայտնվել է, որ ԼՂ-ում դատապարտված եւ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց կարգավիճակի, նրանց վերաբերյալ կայացված դատավճիռների (որոշումների) իրավական ուժի, դրանց հարկադիր կատարման, ԼՂ քննչական մարմիններում նախաքննության փուլում գտնվող վարույթների ընթացքի ապահովման, ինչպես նաեւ ԼՂ դատարաններում քննության ընթացքում եղած գործերը ՀՀ դատարանների իրավասությանը փոխանցելու վերաբերյալ խնդիրների լուծման ուղիները որոշակիացնելու նպատակով իրականացվել են միջգերատեսչական քննարկումներ, մշակվել է համապատասխան օրենքի նախագիծ»,- հայտնել են ՄԻՊ աշխատակազմից։ Պետական դավաճանության անավարտ գործերը Մինչ պատասխանատու կառույցները քննարկում են, մենք փորձել ենք հասկանալ, թե զուգահեռ ինչ գործընթացներ են տեղի ունենում հանրային հետաքրքրություն ներկայացնող մյուս գործերով։ Պետական դավաճանության մեջ մեղադրվող անձանցից մեկը Արցախի հանրային ռադիոյի նախկին ղեկավար Սեյրան Կարապետյանն է։ Նրա պաշտպանները հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ նշելով, որ չունեն իրենց նախկին պաշտպանյալի համաձայնությունը։ Նրան առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ առկա չեն։ Պետական դավաճանության մեջ մեղադրվող մյուս անձը Սամվել Բալայանն է՝ Արցախի հեռուստառադիոընկերության խորհրդի  նախկին նախագահը։ Բալայանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը մեր զրույցում հայտնեց, որ Բալայանը ներկայումս Հյաաստանում է․ սեպտեմբերի 19-ից հետո Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված նրա խափանման միջոցը փոխվել է, եւ նա ազատ է արձակվել։ Հարցին՝ Բալայանի նկատմամբ Հայաստանում իրավական որեւէ գործընթաց սկսվե՞լ է, Մարտիրոսյանը պատասխանեց, որ տեղյակ չէ՝ փաստաթղթավորված որեւէ գործողություն եղել է թե ոչ, բայց հաշվի առնելով Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի՝ Ազգային ժողովում հայտարարությունը՝ ենթադրում է, որ որոշակի հսկողություն կլինի․ «Բոլոր դեպքերում, քանի դեռ չկա դատարանի որոշում՝ նրա արդարացման մասին, հասկանալի է, որ պետության համար օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձ է, բայց միանշանակ է, որ պաշտպանական կողմի դիրքորոշումն ուղղված է այն բանին, որ մեղսագրվող արարքը անհիմն է, եւ վստահաբար կարող եմ ասել, որ եթե [գործը] մտներ դատարան, [Բալայանը] կարդարացվեր»,- նշեց պաշտպանը։ Ռաֆայել Մարտիրոսյանի համոզմամբ՝ Արցախում տեղի ունեցած դեպքի առթիվ Հայաստանի տարածքում քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել։ Հիմնավորումները, ըստ Մարտիրոսյանի, պետք է փնտրել ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի սահմաններում․ «Պետք է դիտարկման առարկա դարձնենք ՔՕ 12-րդ հոդվածը, որը բաղկացած է 4 մասերից։ Առաջին 3 մասերը նշում են, թե ՀՀ տարածքից դուրս երբ կարող է նախաձեռնվել քրեական գործ, իսկ վերջին մասը ամբողջացնում է, որ առաջին 3 մասերում հիմքերի առկայության դեպքում վարույթ կարող է նախաձեռնվել, եթե դա ուղղված է ՀՀ շահերի դեմ կամ ՀՀ քաղաքացիների»,- ասաց նա։   Հարցին՝ այս համատեքստում արդյո՞ք այդ շահերը չեն նույնանում, Մարտիրոսյանը պատասխանեց՝ որքան էլ նույնանան, դա քրեադատավարական օրենսդրության հստակ պահանջ է։ Մարտիրոսյանն ընդգծեց՝ 44-օրյա պատերազմից հետո էլ, երբ մի շարք գործերով  Արցախի դատական մարմինների կալանավորման որոշումները ի կատար են ածվել Հայաստանի տարածքում, պաշտպանները բողոքներ են հասցեագրել Գլխավոր դատախազությանը։ Բացատրությունը, ըստ Մարտիրոսյանի, եղել է այն, որ կալանավորման այդ որոշումները վերաբերում են հատուկ սուբյեկտների․ նրանք նախկինում զինվորական կամ սպա են եղել, Դատախազությունում կամ քննչական մարմիններում աշխատել։ Ռաֆայել Մարտիրոսյանի խոսքով՝ թեեւ փաստաբանները այդ բացատրությունը եւս չեն ընդունել, բայց այս դեպքում անգամ այդ հատուկ սուբյեկտի կարգավիճակը չկա․ Սամվել Բալայանը գործել է որպես շարքային քաղաքացի։ Խոսելով վերջինիս գործողությունների մասին՝ պաշտպանը մանրամասնեց, որ Բալայանը, որպես լրագրող, իր մասնագիտական գործունեության շրջանակում հաղորդել է այնպիսի տեղեկություններ, որոնք բաց դաշտում առկա են եւ պետական գաղտնիք չեն համարվում։ Ազատ արձակվելուց հետո նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրվել է թե ոչ՝ պաշտպանը չգիտեր։ Նրա խոսքով՝ առիթ էլ չի եղել, որ հետաքրքրվեն՝ Հայաստանից ելքի արգելքը գործո՞ւմ է թե՞ ոչ, քանի որ Սամվել Բալայանը Հայաստանը լքելու մտադրություն չունի։ Պետական դավաճանության մեջ մեղադրվող մյուս անձը Արցախում ականազերծմամբ զբաղվող The Halo Trust կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղի գրասենյակի նախկին աշխատակից Արման Իսրայելյանն է։ Նրա պաշտպան Ռաֆայել Ջհանգիրյանը մեր զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի կալանավորումը փոխվել է դատախազի որոշմամբ։ Որոշումը, սակայն, պաշտպանը չի ստացել եւ չգիտի՝ նոր խափանման միջոց ընտրվել է, թե ոչ։ Հայաստան տեղափոխվելուց հետո Ջհանգիրյանն այլեւս իրավաբանական օգնություն չի ցուցաբերել Իսրայելյանին, բայց իր տեղեկություններով՝ իրավական գործընթաց չի սկսվել։ Դրա հնարավորությունը, ըստ պաշտպանի, չկա էլ․ «Հանցագործությունը, որի մեջ մեղադրվում էր նա, ուղղված էր Արցախի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում ԱՀ իրավահաջորդը, այս տեսանկյունից՝ ՀՀ-ի դեմ որեւէ հանցանքի կատարման մեջ Արման Իսրայելյանը ոչ մեղադրվում էր, ոչ էլ հիմա է մեղադրվում։ Եթե անձը մեղադրվել է ԱՀ դեմ կատարված հանցանքի համար, դա չի կարող նույնացվել ՀՀ-ի դեմ կատարված հանցանքի հետ, [գործընթաց] չի իրականացվում՝ երեւի հենց այդ հանգամանքը հաշվի առնելով»,- ասաց է Ջհանգիրյանը։ Վերջինս նույնպես նշեց, որ իրավական հիմնավորումները փնտրում է Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համատեքստում․ «Հարցը նրանում է՝ ինչպե՞ս եք դիտարկում՝ ՀՀ քաղաքացու կողմից ՀՀ տարածքից դուրս կատարված արա՞րք, թե՞ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցողի․․․ ԱՀ քաղաքացիները, որոնք ստացել են ՀՀ անձնագիր, հանդիսանում են ՀՀ քաղաքացի․․․․, բայց ՀՀ-ն այս պահի դրությամբ գերատեսչական ակտի մակարդակով չի ճանաչում նրանց քաղաքացիությունը, այս տեսանկյունից նրանց պետք  է դիտարկել քաղաքացիություն չունեցող անձ»,- կարծիք հայտնեց փաստաբանը։ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը, ի թիվս այլնի, սահմանում է, որ արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած եւ ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանց կողմից կատարված արարքը ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանք է, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության տարածքում այն հանցանք համարվելուց: Այսինքն՝ անգամ քաղաքացիություն չունեցող անձանց համար որոշակի կարգավորումներ նախատեսված են։ Ռաֆայել Ջհանգիրյանը, սակայն, նշեց՝ իրեն ծանոթ չէ միջազգային պայմանագիր, որով, օրինակ, պետական դավաճանությունը, սահմանված հանցանք է․ «Հաջորդ հարցը պիտի լինի՝ արդյո՞ք կա ՀՀ-ի դեմ կատարված հանցանքի վերաբերյալ հիմնավոր կասկած։ Պատկերացրեք՝ Ֆրանսիայում ՀՀ քաղաքացին պետական դավաճանություն է կատարել։ Այդ անձը ժամանել է ՀՀ, ՀՀ ՔՕ-ն հանցանք է համարում ՀՀ պետական շահերի դեմ հանցավոր արարք կատարելը, հիմա ֆրանսիայի դեմ կատարվածը ՀՀ ՔՕ-ով պատժելի չէ»։ Դիտարկմանը, որ Հայաստան-Ֆրանսիա եւ Հայաստան-Արցախ շահերը համեմատելի չեն, քանի որ առնվազն մինչեւ վերջին ժամանակներս Հայաստանն ու Արցախը մեկ միասնական քաղաքականություն վարել, Ջհանգիրյանն արձագանքեց՝ ասելով․ «Եթե մենք հետեւենք քաղաքական հայտարարություններին, ապա առնվազն 2020 թ․ հետո այդպես չի եղել»։ Հարցին՝ իսկ եթե ենթադրյալ հանցանքը, ամեն դեպքում, վնաս է պատճառել նաեւ ՀՀ-ին, փաստաբանը պատասխանում է․ «Այդ դեպքում կարող ենք քննարկել, բայց Ձեր ասածը ռազմական հանցագործության հետ կապ չունի, տվյալ դեպքում խոսքը Արցախի Հանրապետության դեմ ուղղված հանցանքի մասին է»։ Ըստ պաշտպանի՝ արարքը, որ վերագրվում է Իսրայելյանին, շատերի հետ կարող է պատահել․ «Մարդը համացանցով ներկայանում է եվրոպական որեւէ երկրի հասարակական կազմակերպության աշխատակից, առաջարկում է քո երկրի վերաբերյալ ոչ գաղտնի համարվող տեղեկություններ ռեֆերատի տեսքով ներկայացնել, այնպիսի տեղեկություններ, որոնք ԶԼՄ-ներով ազատ շրջանառության մեջ են, նաեւ ներկայացնում է, որ Կովկասում իրականացնում է ժողովրդագրական, սոցիալական որոշակի հետազոտություններ։ Արման Իսրայելյանը չէր էլ կարող իմանալ, որ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների հետ է շփվում, եւ երկրորդ, դա չի էլ պարզվել, դա ենթադրվում է, քանի որ համացանցի հասանելիության մոնիթորինգ է իրականացվել եւ պարզվել, որ այդ բաժանորդը, ում հետ շփվում էր, ադրբեջանական IP-ով էր միանում, չնայած նրա ֆեյսբուքյան էջում ամբողջությամբ Հոլանդիայի ինչ-որ քաղաքի նկարներ էին, տեղադրված էին ավելի շատ պրոհայկական էջեր սկսած 2020 թ-ից, ընդ որում, գիտեք, որ ծրագրերի միջոցով հնարավոր է փոխել IP հասցեն»,- ասաց փաստաբանը։ Հանրության մոտ առկա մտահոգությունների փարատումը, ըստ փաստաբանի, հատուկ ծառայությունների աշխատանքի տիրույթում է․ «Հիմա ՀՀ-ն որեւէ կերպ չի ճանաչում Արցախը կամ Արցախի որեւէ կառույց եւ ստորաբաժանում, եւ իր համար առկա վտանգները դիտարկում է իր պրիզմայով։ Այսինքն՝ եթե նախկինում այդ պրիզման ընդհանուր էր, կար միասնական հայրենիք՝ երկու պետության տեսքով, հիմա այդ պրիզման փոխվել է, եւ ես կարող եմ դատողություն անել գործող պրիզմայի շրջանակում։ Եթե Հայաստանի համար կա վտանգ, ապա այդ վտանգի չեզոքացման համար ուղղակի հատուկ ծառայությունների աշխատանք է պետք։ Եթե դրա արդյունքում կհայտնաբերվի պետության դեմ որեւէ հակաիրավական արարք, դրան պետք է տրվի համապատասխան իրավական գնահատական»,- ասաց փաստաբանը; Այժմ Իսրայելյանը Հայաստանում է թե ոչ՝ Ջհանգիրյանը տեղյակ չէ, ասաց՝ Հայաստանի տարածքում նրա հետ շփում այլեւս չի ունեցել։ Իրավապահների ոչ միատեսակ արձագանքը Օրենսդրական հստակ մեխանիզմների բացակայության պայմաններում իրավապահ մարմինները գործնականում ոչ միատեսակ են խնդրին արձագանքում։ Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը որպես օրինակ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից առաջ Արցախում տեղի ունեցած մի ենթադրյալ սպանության դեպք է նշում, որի առթիվ օրերս Հայաստանում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անկախ Արցախում հարուցված եւ քննված գործից։ Ռաֆայել Մարտիրոսյանը Նախաձեռնված վարույթի շրջանակում Մարտիրոսյանի պաշտպանյալին Հայաստանում եւս մեղադրանք է ներկայացվել, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների` սպանությունների վերաբերյալ ստացել է 5 պատշաճ հաղորդում, դրանց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ, ներկայացվել են մեղադրանքներ։ Կոմիտեն, սակայն, չէր նշել, որ խոսքը նաեւ նախկինում հարուցված եւ քննված դեպքերի մասին է։ Դատական նիստի ընթացքում Մարտիրոսյանը ներկայացրել է իր առարկություններն այն մասին, որ Հայաստանն իրավասու չէ իր տարածքից դուրս կատարված դեպքի առթիվ նոր քննություն իրականացնել։ Դատարանը, սակայն, իր որոշմամբ այս հարցին չի անդրադարձել։ Պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Լիահույս է, որ երբ հարցը հասնի Վճռաբեկ դատարան, վերջինս հստակ դիրքորոշում կարտահայտի, հակառակ դեպքում ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստ են դիմել նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Հակառակ այս օրինակին՝ առկա է նաեւ դեպք, երբ իրավապահ մարմինները մեկ այլ հիմքով մերժել են հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնել եւ մերժման որոշման մեջ, ի թիվս այլնի, հարկ են համարել արձանագրել, որ ՀՀ քրեադատավարական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս նույն անձի վերաբերյալ այլ տարածքում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքով նոր քրեական վարույթ նախաձեռնել։ Փաստաբան Վադիմ Հայրապետյանը մեր զրույցում մանրամասնում է՝ ենթադրյալ խարդախության դեպքի առթիվ Արցախում քրեական գործ էր հարուցվել դեռ 2022 թ․-ին, հետագայում գործը կասեցվել էր, քանի որ անձը, ում գործողությունների արդյունքում, ըստ Հայրապետյանի, իր պաշտպանյալը տուժել է, գտնվում էր Հայաստանի տարածքում, իսկ շրջափակման ընթացքում նրան Արցախ ներկայացնելու հնարավորություն չկար․ «Քանի որ տեղահանումից հետո անձը գործի ողջ նյութերը ուներ, իր հետ բերել էր ՀՀ, 2023 թ․ դեկտեմբերին դիմում է հասցեագրել Գլխավոր դատախազին, այդ ամենի մասին հիշատակելով եւ ըստ էության, հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, որը ուղարկվել է Քննչական կոմիտե՝ սահմանված կարգով ընթացքավորելու համար։ Տարեվերջին արդեն ստացվել է արձանագրություն քննիչի կողմից, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել երկու հիմքով։ Քննիչը գտել է, որ քրեադատավարական կառուցակարգի կիրառման անհրաժեշտություն չկա, որ իրավահարաբերությունը քաղաքացիական է, միեւնույն ժամանակ հիշատակել է Արցախում հարուցված գործի մասին»,- ասում է նա։ Տուժող կողմը այդ որոշումը բողոքարկել է հսկող դատախազին, բողոքը նույն պատճառաբանությամբ մերժվել է․ «Բողոքը քննարկելիս անհրաժեշտ է արձանագրել, որ տվյալ անձի վերաբերյալ Արցախում հարուցվել է քրեական գործ ԱՀ ՔՕ 184-Ի 3-րդ մասի 1-ին կետով․․․ ՀՀ քրեադատավարական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս նույն անձի վերաբերյալ այլ տարածքում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքով նախաձեռնել քրեական վարույթ այն պայմաններում, որ այդ նույն դեպքով արդեն իսկ առկա է հարուցված քրեական գործ, որը հայտնի է քննիչին»,– ասված է դատախազի որոշման մեջ։  Այս որոշումը փաստաբանը բողոքարկել է դատական կարգով։ Ըստ Վադիմ Հայրապետյանի՝ պետությունների միջեւ միջպետական պայմանագրերը կարող են կարգավորել քրեադատավարական օրենսդրությունում մեկ այլ պետության դատական ակտը ճանաչելու հարցերը, սակայն տվյալ դեպքում այդպիսի պայմանագիր չկա, ուստի խնդրին պետք է լուծում տալ օրենսդրական փոփոխությունների միջոցով․ «Օրենսդրական հստակ կանոնակարգում է անհրաժեշտ այն կիսատ մնացած գործերի մասով՝ սկսած միջին ծանրությունից մինչեւ առանձնապես ծանր հանցագործություններ, հիմա վարույթները չկան, բայց միեւնույն ժամանակ անձը մնում է անպատիժ՝ զուտ այն հիմքից ելնելով, որ համապատասխան կառուցակարգերը չկան»։ Ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական նորմերով ամրագրված է, որ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի: Հարցին՝ տվյալ դեպքում օրենսդրական այդպիսի փոփոխությանը հետադարձ ուժ տալը անձի վիճակը վատթարացնող չի համարվի՞, փաստաբանը պատասխանում է․ «Արցախը, ըստ երեւույթին, չկա, դատարանի կամ քննչական մարմինների գործունեությունը անհնարին է դարձել, եթե օրենսդրական փոփոխություն լինի զրոյից կամ նույն կետից [շարունակելու], անձի վիճակը ինչպե՞ս է վատթարանում․․․ Օրենսդրությունը նույնն է, չի վատթարացնում, մեկ է՝ սեպտեմբերյան դեպքերը չլինեին, պետք է այդ վարույթները տրամաբանական ավարտին հասնեին, անձինք պետք է կամ արդարացվեին կամ դատապարտվեին»,- նշում է Վադիմ Հայրապետյանը՝ հավելելով, որ Եվրոպական դատարան դիմելու մասին դեռեւս վաղ է խոսել․ իրենք լիահույս են, որ Հայաստանի իրավաբանները կկարողանան ելք գտնել, եւ դատական ատյաններում խնդիրը կլուծվի։ «Քրեական գործերով Արցախում կայացված որոշումները պետք է հաշվի առնվեն». միջազգային քրեական իրավունքի մասնագետ Նյուրնբերգի համալսարանի դոցենտ, Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, միջազգային քրեական իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը թեմայի վերաբերյալ մեր հարցերին ի պատասխան ասում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ կա՞ միջկառավարական կամ միջպետական որեւէ համաձայնագիր, որը կարգավորում է ամբաստանյալների եւ դատապարտյալների, ինչպես նաեւ քրեական գործերով համագործակցության վերաբերյալ գործընթացները։  Եթե առկա է այդպիսի համաձայնագիր, ապա այն պետք է կիրառվի, իսկ եթե ոչ, հաջորդիվ անհրաժեշտ է հասկանալ, թե ՀՀ դատական համակարգը մինչ օրս ինչպիսի մոտեցում է ունեցել ԱՀ դատական ատյանների կողմից ընդունված որոշումների վերաբերյալ․ «Եթե ՀՀ դատական մարմինների կողմից ԱՀ դատական որոշումները ճանաչվել են, ապա նույն ձեւով կարող են նաեւ քրեական գործերով որոշումները ճանաչվել»,- կարծում է Պետրոսյանն ու ընդգծում, որ  սա վերաբերում է նաեւ քաղաքացիական գործերին։ Գուրգեն Պետրոսյանը Մասնագետը հիշեցնում է՝ դեռեւս 2015թ.-ին ՄԻԵԴ-ը ճանաչել էր, որ ՀՀ-ն ԱՀ-ի նկատմամբ ունի արդյունավետ վերահսկողություն, որը, այնուամենայնիվ, տեւել է մինչեւ 2020 թ․ նոյեմբերի 9-ը, այդ օրվանից ի վեր ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայմամբ վերահսկողությունը, որպես այդպիսին, դադարել է, եւ իրավիճակը  փոխվել է․ «Այստեղ անհրաժեշտ է հասկանալ, թե իրավական ինչ նշանակություն ունի  Արցախի լուծարման ակտը, որը ուժի մեջ է մտել 2024թ ի հունվարի 1-ից։ Եթե պետությունը, որպես այդպիսին, այլեւս չի գործում, լուծարվել է, ըստ Սահմանադրությամբ սահմանված կարգի, ապա իր կողմից ընդունված դատական ակտերը նույնպես դառնում են առոչինչ։ Սակայն հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը իր՝ 2023 թ․ նոյեմբերի օրդերի մեջ պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել գրանցման, ինքնության եւ մասնավոր սեփականության փաստաթղթերը եւ գրառումները, ինչպես նաեւ պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերն ու գրառումները իր վարչական եւ օրենսդրական պրակտիկայում։ Այստեղ, իհարկե, խոսք չկա քրեական գործերի վերաբերյալ, սակայն այս օրինակով, մասնավորապես, «ինքնության» եզրույթի շրջանակներում, կարելի է եզրահանգել, որ ԱՀ՝ նախկինում կայացված դատական որոշումները, այդ թվում՝ նաեւ քրեական գործերով որոշումները  նույնպես պետք է հաշվի առնվեն»,- ասում է Գուրգեն Պետրոսյանը։ Ըստ Պետրոսյանի՝ չնայած այս օրդերով պարտավորությունը դրված է Ադրբեջանի վրա, դա այլ կողմին չի ազատում ԱՀ-ի՝ նախկինում ընդունած որոշումները հաշվի առնելուց․ «Ըստ այդմ, ԱՀ կողմից ընդունված որոշումները շարունակում են գոյություն ունենալ, սակայն դրանց հարկադիր կատարումը մնում է այլ պետությանը»,- նշում է նա։ Ըստ այդմ, Գուրգեն Պետրոսյանի խոսքով՝ պետք է ամբաստանյալներին առանձնացնել դատապարտյալներից․ ի տարբերություն դատապարտյալների` ամբաստանյալների վերաբերյալ քրեական գործերով առաջացող իրավական խնդիրների շուրջ այդքան դժվարություններ չեն առաջանում։  Հիմք ընդունելով նրանց նկատմամբ նախկինում կատարված քննությունները՝ Հայաստանում քրեական վարույթներ պետք է իրականացվեն Քրեական օրենսգրքի վերոնշյալ՝ 12-րդ հոդվածի շրջանակներում․ «Առաջին հայացքից այստեղ խնդիր է առաջանում պետական դավաճանության վերաբերյալ, սակայն հաշվի առնելով, որ նախկինում Արցախի նկատմամբ պետական դավաճանությունը դիտարկվել է նաեւ Հայաստանի նկատմամբ պետական դավաճանություն, ապա խնդիրը, որպես այդպիսին, լուծված է․ պետական դավաճանության գործերը նույնպես կարող են քննվել ՀՀ կողմից»,- կարծում է Գուրգեն Պետրոսյանն ու ընդգծում՝ Արցախի քաղաքացիները, թեեւ ունեն ՀՀ անձնագիր, ՀՀ քաղաքացի չեն, ինչը նույնպես հաստատվել է ՄԻԵԴ-ի կողմից։ Այժմ, համաձայն ՀՀ-ի տրամադրած կարգավիճակի, նրանք հանդիսանում են փախստական։ Ինչ վերաբերում է Արցախում դատապարտված անձանց վերաբերյալ վերջնական ուժի մեջ մտած դատավճիռներին, դրանք, ըստ Պետրոսյանի, նույնպես շարունակում են ուժի մեջ մնալ, սակայն դրանց հարկադիր կիրառումը ընկնում է այլ պետության վրա․ «Հաշվի առնելով կրկնակի դատվածության արգելքը՝ այդ նույն անձինք չեն կարող երկրորդ անգամ նույն արարքի համար դատապարտվել։ Ուստի պետք է հասկանալ, թե ՀՀ-ն ինչպիսի իրավական հիմքի վրա պետք է ապահովի պատժի կիրառումը։ Ընդհանուր օրենսդրական ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այստեղ առկա է օրենսդրական բաց․ այս իրավական բացերի քաոսը եւ նախկինում չհաշվարկված իրավական ակտերի գեներացումն են հանգեցրել այստեսակ բարդությունների։ Այս բացը կարող էր լրացվել միայն այն անձանց վերաբերյալ, որոնք ՀՀ տարածքում են հայտնվել իրենց պատիժը կրելու ընթացքում եւ իրենց արտահանձման բացառության պարագայում պատիժը պետք է շարունակեն կրել ՀՀ տարածքում»,- եզրափակում է Գուրգեն Պետրոսյանը։ Պատկան մարմինները չեն շտապում հստակ տեղեկություններ հայտնել Թեմայի վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել նաեւ Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով հայտնել, թե ՔՕ 12-րդ հոդվածի համատեքստում ինչ լուծում է ընտրվել Արցախի քրեական վարույթների հետագա ընթացքի վերաբերյալ, դրա շրջանակում ինչ որոշում է կայացվել 2020-2022 թթ ընթացքում՝ մինչ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Արցախից Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված կալանավորների եւ դատապարտյալների վարույթների վերաբերյալ, եւ արդյոք այդ վարույթներով քննությունը եւ պատժի կրումները ներկայումս շարունակում են։ Գլխավոր դատախազությունը, սակայն, մերժել է տեղեկության տրամադրումը՝ պատճառաբանությամբ, որ այն հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն։ Դա, որպես տեղեկության տրամադրումը մերժելու հիմք,  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում մեկ տարի առաջ է ավելացվել, եւ մեդիափորձագետները քննադատել են այն՝ լղոզված եւ ընդգրկուն տերմին համարելով եւ ենթադրելով, որ պետական կառույցները հայեցողական մոտեցմամբ մերժելու են տեղեկությունների տրամադրումը։ Գրավոր հարցմամբ դիմել ենք նաեւ Արդարադատության նախարարությանը, սակայն վերջինս նույնպես բովանդակային պատասխաններ չի տվել՝ հայտնելով միայն, որ նշված խնդիրների լուծման ուղիները որոշակիացնելու նպատակով ներկայում միջգերատեսչական քննարկումներ են իրականացվում, ինչի արդյունքների վերաբերյալ հանրությանը լրացուցիչ տեղեկություն կհաղորդվի: Առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում Հայաստանի իրավասությունների, օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ փորձել ենք զրուցել նաեւ իշխող խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժոովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ, սակայն դա օրեր շարունակ չի հաջողվել, անգամ՝ նախապես պայմանավորված ժամի, երբ Վարդանյանը ասել է, որ զբաղված է, եւ խնդրել է զանգահարել ավելի ուշ։ Որոշել ենք դիմել գրավոր հարցմամբ, ինչին ի պատասխան՝ Վարդանյանը նշել է, որ պահանջվող պատասխանը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածի իմաստով տեղեկություն (այն է՝ անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված եւ ձևավորված տվյալներ) չէ, քանի որ այդ հարցերով, ըստ էության, ակնկալվում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական օրենսգրքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների պարզաբանում: Դրա իրավասությունը, ըստ Վարդանյանի, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի (օրինականության սկզբունքը), 106-րդ հոդվածի 1-ին մասի (Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները) եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի (Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը և պարզաբանման իրավասու մարմինները) համաձայն ինչպես Հանձնաժողովը, այնպես էլ Հանձնաժողովի նախագահը չունեն:  Հարկ է նշել, սակայն, որ օրենսդիր մարմինը եւ պատգամավորներն ընտրվում են ոչ միայն օրենքով սահմանված տեղեկություններ լրագրողներին հայտնելու, այլ նաեւ հանրության համար կարեւոր, բայց ոչ միանշանակ իրավիճակները մեկնաբանելու, ինչպես նաեւ հնարավոր լուծումներ առաջարկելու համար։ Դա, իհարկե, քաղաքական կամք է պահանջում, որն այս դեպքում պատգամավորը չի դրսեւորել։  Վարդանյանը մասամբ պատասխանել է միայն հարցին՝ արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կամ Պետաիրավական հանձնաժողովի ներսում քննարկվել է կամ նախատեսվում է քննարկել օրենսդրական փոփոխություններով եւ/կամ նոր կառուցակարգերի ներդրմամբ եւ/կամ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ խնդրին իրավական լուծում տալու տարբերակը։ Ըստ պատասխանի՝ նշված բովանդակությամբ խնդրին իրավական լուծում տալու տարբերակ Հանձաժողովում չի քննարկվել: Կուսակցության ներսում քննարկումների մասին պատգամավորը ոչինչ չի նշել։ Այսպիսով, Արցախից բռնի տեղահանման օրերին ազատ են արձակվել եւ Հայաստան տեղափոխվել պետական դավաճանության մեջ մեղադրվող 3 եւ դատապարտված 1 անձ։ Թե Հայաստանում իրավական ինչ գործընթաց է նրանց նկատմամբ ընթանում, առայժմ հստակ չէ․ փաստաբանները նշում են, որ տեղյակ չեն, պատկան մարմինները չեն շտապում լիարժեք տեղեկություններ տրամադրել։ Միայն Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն է Ազգային ժողովում հայտնել, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել մոտ 11 կալանավոր, եւ իրենք բոլորի տվյալներն ունեն։ Ըստ նախարարի՝ այդ անձանց մի մասով զբաղվում է Ոստիկանությունը, մյուս մասով՝ Ազգային անվտանգության ծառայությունը։    Միլենա Խաչիկյան
18:12 - 09 ապրիլի, 2024
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է. դատարանը խստացրել է պատիժը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է. դատարանը խստացրել է պատիժը

Վերաքննիչ քրեական դատարանը 2024 թվականի ապրիլի 4-ին մասնակի բավարարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատախազի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները և խստացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով ամբաստանյալների պատիժը՝ նրանց դատապարտելով ազատազրկման 18-ական տարի ժամկետով: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորչդագրությունից, Վերաքննիչ դատարանը բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և փոփոխել ամբաստանյալներ Վաչե Սահակյանին, Գնել Թևոսյանին, Մովսես Ազարյանին և Նորիկ Սահակյանին մեղսագրվող հանցանքի իրավական գնահատականը. վերջիններս մեղավոր են ճանաչվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ու 10-րդ կետերով նախատեսված՝ խմբի կողմից խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով այն արարքի համար, որ նրանք, հանդիսանալով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ, 2015 թվականի հունվարի 29-ին ժամը 02:00-03:00-ի սահմաններում, զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի ննջարանում, առանձին դաժանությամբ, մի խումբ անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:  2015 թվականի հոկտեմբերի 23-ին դատախազը հաստատել էր Հայկազ Բարսեղյանի վերաբերյալ քրեական գործի մեղադրական եզրակացությունը և հանձնել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022 թվականի ապրիլի 5-ի դատավճռով՝ ամբաստանյալների մեղադրանքները վերաորակել էր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով  և նրանց դատապարտել ազատազրկման՝ 15-ական տարի ժամկետով: Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալներին արդարացնելու վերաբերյալ պաշտպանների բողոքները մերժվել են:
16:29 - 08 ապրիլի, 2024
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարվել է. պետությանը կվերադարձվի շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարվել է. պետությանը կվերադարձվի շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես պետությանը պատճառված վնասի հատուցում՝ Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից համապարտության կարգով բռնագանձել 5 մլրդ 689 մլն 764 հազար դրամ: Դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ՝ բավարարվել է Գլխավոր դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Ներկայացված հայցադիմումի փաստական հիմքի համաձայն, Սամվել Մայրապետյանն ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկերը, 2006 թվականի ընթացքում, ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանի միջոցով, «Գլոբուս» ՍՊ ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Տերյան 66 հասցեի բնակելի շենքի 141 միավոր անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրերում ներառել են շուկայական արժեքից էականորեն ցածր գներ: Արդյունքում՝ Գագիկ Հակոբջանյանի և ֆիզիկական անձանց միջև «Կենտրոն» նոտարական տարածքի գրասենյակում կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում բնակարանների 1 քմ-ի արժեքը նշվել է շուրջ 66.000 դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75.000 դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61.000 դրամ: Մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770.000 դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160.000 դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875.000 դրամ: Այնուհետև, նշված գործարքներից առաջացող հարկային պարտավորությունների վճարման նպատակով՝ 2006 թվականի երկրորդ եռամսյակի՝ ԱԱՀ-ի հաշվարկում ակնկալվող 3 մլրդ 72 մլն 651 հազար դրամի փոխարեն՝ ներկայացրել է ընդամենը 228 մլն 696 հազար 200 դրամ ԱԱՀ գումարի հաշվարկ. այսինքն՝ պակաս է հաշվարկել ԱԱՀ-ի 2 մլրդ 843 մլն 955 հազար դրամը: Բացի այդ, նշված գործարքների իրական արժեքներն ամբողջությամբ չեն ներառվել 2006 թվականի շահութահարկի հաշվարկում և, հաշվի առնելով ընկերության համախառն եկամուտից նվազեցվող ծախսերը, 2006 թվականի շահութահարկի գումարն ակնկալվող 2 մլրդ 846 մլն 243 հազար 830 դրամի փոխարեն՝ Գագիկ Հակոբջանյանը ներկայացրել է 11 մլն 435 հազար դրամի չափով. այսինքն՝ պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 2 մլրդ 834 մլն 808 հազար դրամ: Հետագայում, Գագիկ Հակոբջանյանը «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հանցավոր գործունեությունը թաքցնելու, ինչպես նաև դրա բացահայտման վտանգը նվազեցնելու նպատակով՝ Սամվել Մայրապետյանի հանձնարարությամբ նախաձեռնել է ընկերության լուծարման գործընթացը, որպիսի պայմաններում 2006 թվականի նոյեմբերի 21-ին ընկերությունը լուծարվել է։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 05.04.2024 թվականի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4.4 մլրդ դրամ (11 մլն ԱՄՆ դոլար) (գումարի չափը որոշվել է դատաֆինանսատնտեսագիտական փորձաքննության եզրակացության հիման վրա):
13:49 - 06 ապրիլի, 2024
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 17 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 17 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դատախազը 2024 թվականի ապրիլի 3-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար: Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ քրեական վարույթով պարզվել է, որ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն, 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, խախտել է ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները: Մասնավորապես՝ Հ.Ա.-ն, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ընդհանուր 2800 խմ ծավալի ավազ՝ փչացնելով 12.018 քմ հողատարածք: Վերոնշյալ արարքի արդյունքում՝ պետությանը և համայնքին պատճառվել է 17 մլն 282 հազար 417 դրամի վնաս, որը 2024 թվականի ապրիլի 3-ին Ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է:
17:57 - 03 ապրիլի, 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք և 1 մլրդ-ից ավելի գումար

Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք և 1 մլրդ-ից ավելի գումար

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին, 19-ին և 26-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։  Մասնավորապես՝  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման թույլտվության վարչության նախկին պետ Արմեն Նալբանդյանից բռնագանձել՝ 3 անշարժ գույք 1 տրանսպորտային միջոց 270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. 103.755 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՍՊ ընկերությունների սեփականատեր Արտակ Բաղիկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 4 իրավաբանական անձանցում մասնակցություն. 52 մլն դրամ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝ 3 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց.  Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ. 933 մլն 144 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել. 208 մլն 214 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:
15:04 - 01 ապրիլի, 2024
Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց տեղի ունեցած հավաքի մասնակիցները, 18։00-ի սահմաններում և նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, հավաքի կազմակերպիչների կողմից զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերից հետո, նրանց կազմակերպմամբ, մոտեցել են Կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով Ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ: Անկարգությունները զուգորդվել են ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և տարբեր առարկաներ ոստիկանների ուղղությամբ նետելով, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ հնչեցնելով: Դատախազը 2024 թվականի փետրվարի 26-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Լ.Ս.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, եթե մասնակցի արարքը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարքի կատարմամբ, հրկիզումով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով կամ այդ գործողությունները կազմակերպելով կամ ղեկավարելով), իսկ Ն. Ա.-ի, Ջ. Ծ.-ի, Հ. Ա.-ի և Մ. Հ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը): Մեղադրյալներ Լ.Ս.-ի, Ջ.Ծ.-ի, Հ. Ա.-ի և Մ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը, իսկ Ն. Ա.-ի նկատմամբ այս վարույթով խափանման միջոց կիրառված չէ. վերջինս մեկ այլ գործով գտնվում է կալանքի տակ: 2024 թվականի մարտի 14-ին քրեական վարույթից անջատվել է վերոնշյալ անձանց վերաբերյալ մասը: 2024 թվականի մարտի 26-ին դատախազը հաստատել է Լ. Ս.-ի, Ջ. Ծ.-ի, Հ. Ա.-ի, Մ. Հ.-ի և Ն. Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:14 - 27 մարտի, 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի մարտի 26-ին հաստատել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն (Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մաս): 2022 թվականի նոյեմբերի 2-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ 1991 թվականին Ա.Ղ.-ն Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։ Ա.Ղ.-ի նկատմամբ կիրառվել են համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք և 20 մլն դրամի չափով գրավ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:34 - 26 մարտի, 2024
Արմավիրի մարզի նախկին գյուղապետն օրենքի խախտմամբ օտարել է համայնքի վարչական շենքը, որն այնուհետև ձեռք է բերել նրա որդին

Արմավիրի մարզի նախկին գյուղապետն օրենքի խախտմամբ օտարել է համայնքի վարչական շենքը, որն այնուհետև ձեռք է բերել նրա որդին

Արմավիրի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղերից մեկի վարչական շենքի (ներկայում բնակելի տան) կադաստրային գործը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Փարաքար համայնքի գյուղերից մեկի նախկին գյուղապետը, խախտելով Հողային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները, գույքն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 246,6 քմ մակերեսով վարչական շենքը և 920 քմ հողամասը 2005 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված առուվաճառքի պայմանագրով՝ 978 հազար դրամով, վաճառել է քաղաքացի Տ.Խ.-ին: Այնուհետև, խախտելով Կառավարության 2002 թվականի համապատասխան որոշմամբ սահմանված կարգը, գյուղապետը 2005 թվականի սեպտեմբերի 9-ին թույլատրել է Տ.Խ.-ին գյուղի վարչական շենքի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի տան, որից հետո շենքն ու հողատարածքը հանել է հասարակական սպասարկման տարածքների ֆոնդի հաշվեկշռից ու ընդգրկել բնակելի ֆոնդի շենքերի հաշվեկշռում: 2009 թվականի հուլիսի 31-ին Տ.Խ.-ի և գյուղապետի որդու միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով գյուղապետի որդին 4 մլն 500 հազար դրամով ձեռք է բերել վերոնշյալ վարչական շենքն ու հողամասը: Հանցավոր գործունեությամբ ստացված գույքի ծագման աղբյուրն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով՝ վերոնշյալ գույքը 2017 թվականին 2 մլն դրամով օտարել են քաղաքացի Ս.Մ.-ին: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2024 թվականի մարտի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 296-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:47 - 26 մարտի, 2024
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին

Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը մարտի 25-ին ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներ Մարիսա Բարիսետին, Ռիչարդ Ֆեյին և Տալոն Ռոսին: Այս մասին հաղորդում են Դատախազության լրատվական ծառայությունից։ Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը շնորհակալություն է հայտնել ներկայացուցիչներին հանդիպումը նախաձեռնելու համար և բարձր գնահատել  Հայաստանում  ԱՄՆ դեսպանատան հետ մի շարք ուղղություններով փոխգործակցությունը: Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը  ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել Զինվորական դատախազության գործունեությունը, գործառույթները, աշխատանքի առանձնահատկություններն ու կարևորել փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
10:21 - 26 մարտի, 2024