Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ.  Վիեննայի միացյալ ինստիտուտում։

1999-2001 թթ.  եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսը և Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը: Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել ՀԲ հետ ձևավորված դինամիկ և արդյունքին միտված համագործակցությունը և կարևորել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ՀԲ դերը Հայաստանի զարգացման օրակարգն առաջ մղելու գործում: Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները հասցեագրելու, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության հնարավորություններին՝ ընդգծելով ՀԲ, դոնոր և պոտենցիալ դոնոր կառավարությունների ներկայացուցիչների հետ ակտիվ խորհրդակցություններ անցկացնելու կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ընթացիկ ծրագրային և համագործակցության՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:
15:42 - 04 մարտի, 2024
Անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը. դա կնպաստի արտագաղթին. Արցախի ԱԺ հայտարարությունը

Անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը. դա կնպաստի արտագաղթին. Արցախի ԱԺ հայտարարությունը

ՀՀ կառավարության կողմից մշակվող Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագրերի կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել։ «Սույն թվականի փետրվարի 27-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ցեղասպանության և նրա սպառնալիքի տակ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ՀՀ կառավարության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերին։ Մեր գնահատմամբ՝ փոխվարչապետի միջոցով արցախյան հանրությանը մատուցվող ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերը համարժեք չեն տիրող իրավիճակին: Հարկ ենք համարում շեշտել, որ մինչ այժմ իրականացված որևէ ծրագիր չի քննարկվել Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից լեգիտիմ մանդատ ունեցող որևէ կառույցի, այդ թվում ժողովրդի ուղղակի քվեով ընտրված Ազգային ժողովի հետ։ Իսկ զանազան միջոցներով մեր կողմից ներկայացված առաջարկներն անտեսվել են։ Հատկապես անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը, որը, հարցի քաղաքական և սոցիալական համակողմանի քննարկման արդյունքում, ակնհայտորեն, չի բավարարելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների նվազագույն սպասելիքներն ու ակնկալիքները։ Նման որոշումների կայացումը հանգեցնելու է մեր հայրենակիցների հիասթափությանն ու դժգոհությանը, որի արդյունքում կխթանվի արտագաղթը և բողոքների ալիքը, կխաթարվի մեզ համար օրախնդիր՝ հավաքական վերադարձի ակնկալիքը։ Կոչ ենք անում զերծ մնալ չկշռադատված ոչ համարժեք քայլերից։ Միաժամանակ, վերահաստատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդրահարույց հարցերի շուրջ կառուցողական քննարկումներ իրականացնելու մեր պատրաստակամությունը՝ ողջախոհ, արժանապատվությունը չնսեմացնող որոշումների հանգելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
19:51 - 28 փետրվարի, 2024
2020-ից հետո ԼՂ-ից ՀՀ եկածների բնակարանային հարցը հնարավոր է որ լուծվի փուլային տարբերակով. Խաչատրյան
 |1lurer.am|

2020-ից հետո ԼՂ-ից ՀՀ եկածների բնակարանային հարցը հնարավոր է որ լուծվի փուլային տարբերակով. Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ից բռնի տեղահանվածները նախկին վարկերի մասով ունեն չկատարված պարտավորություններ, ինչը ֆորմալ տեսանկյունից այդ մարդկանց բանկային համակարգի համար դարձնում է ռիսկային, և նրանց վարկի տրամադրումը որոշակի սահմանափակումների է ենթարկվում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանը, թե 2020 թվականից ԼՂ-ից Հայաստան եկած մեր հայրենակիցները, որոնք բնակարան գնելու սերտիֆիկատներ են ստացել, ունեն դրանք իրացնելու խնդիր, քանի որ սև ցուցակներում են, իսկ բլոկադայի ընթացքում բազմաթիվ այլ քաղաքացիներ էլ են հայտնվել այդ ցուցակներում: Քննարկվե՞լ է նրանց խնդիրը: Ըստ Խաչատրյանի՝ բանկային համակարգի մասնակցությունը տվյալ գործընթացին դիտարկվում է որպես կամուրջ, և պետք է այնպես անել, որ բանկային համակարգն այդ հարաբերություններում ռիսկեր չունենա: «Մենք փորձում ենք այնպիսի լրացուցիչ կարգավորումներ նախատեսել, որ այդ խնդրի առջև կանգնած անձինք ծրագրից օգտվելու սահմանափակումներ չունենան»,- ասաց նա: Ըստ փոխվարչապետի՝ խնդիրը վերաբերում է նաև այն հարցին, թե արդյոք առկա՞ են բավականաչափ տարածքներ, որպեսզի աջակցության շրջանակն ամբողջությամբ և արագ իրականացվի: «Ցավոք սրտի, առկա չեն: Մեր նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակարանային շուկան՝ ներառյալ առանձնատները, այդ թվում՝ մարզերում, տարվա ընթացքում այն չափով չեն շրջանառվում առկա պատրաստ տների, բնակարանների շուկայում, որպեսզի հնարավոր լինել մեծաքանակ գնումներ իրականացնել միաժամանակ»,- ասաց նա՝ նշելով, որ այս պահին մտածում են խնդրի փուլային լուծման մասին, և որ դա ունի երկու պատճառ: Առաջինն այն է, որ այդկերպ որոշակի ընտանիքների առաջնահերթորեն կտրվի խնդիրն ավելի արագ լուծելու հնարավորություն: «Առաջին փուլում երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները կօգտվեն նախատեսվող աջակցությունից: Երկրորդ պատճառն այն է, որ եթե մենք միաժամանակ այդչափ մեծ քանակով գնման իրավունքների վկայականներ տանք, դա անպայմանորեն կազդի անշարժ գույքի շուկայի գների վրա: Այսինքն՝ հնարավոր է, որ մենք, մեծ քանակով պահանջարկ ստեղծելով, կարճ ժամանակահատվածում ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ գներն անարդարացի ձևով բարձրանան»,- ասաց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե կոնկրետ ժամկետ կա՞, թե երբ կլուծվի նրանց խնդիրը, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ցանկալի է, որ խնդիրը լուծվի արագորեն, բայց դա կապված է նաև վերջիններիս՝ ՀՀ քաղաքացինություն ձեռք բերելու հանգամանքի հետ:
19:49 - 28 փետրվարի, 2024
ՀՀ փոխվարչապետն ու Բրազիլիայի դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի

ՀՀ փոխվարչապետն ու Բրազիլիայի դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:  
15:41 - 12 փետրվարի, 2024
Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում Բելգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները

Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում Բելգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։ Փոխվարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: Դեսպան Էրիկ դե Մույնքն իր հերթին ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-բելգիական բազմաշերտ փոխգործակցության շարունակական զարգացման ուղղությամբ: Տիգրան Խաչատրյանը դեսպանին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։ Մասնավորապես՝ փոխվարչապետը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքների բավարարման, այդ թվում՝ կեցության աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին, ինչպես նաև նախանշել է վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքները։ Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
13:53 - 02 փետրվարի, 2024
Փոխվարչապետը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը կարևորել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման շարունակականությունը

Փոխվարչապետը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը կարևորել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման շարունակականությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: «Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև ձևավորված համընդգրկուն համագործակցությունն ու դրա հետագա ընդլայնման հեռանկարները՝ երկրի կարողությունների ամրապնդման, ժողովրդավարական և սոցիալական զարգացման, ոլորտային ռազմավարություններից և առաջնահերթություններից բխող այլ ուղղություններով։ Երկուստեք կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման և զբաղվածության հնարավորությունների և դիմակայունության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականությունը։ Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ փոխգործակցության շարունակականության և նախանշված ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
20:52 - 29 հունվարի, 2024
Երևանի արվարձանում կառավարական թաղամաս կկառուցվի
 |tert.am|

Երևանի արվարձանում կառավարական թաղամաս կկառուցվի |tert.am|

tert.am:  Կառավարական թաղամասը կկառուցվի Երևանի ծայրամասերում։ Այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա հիշեցրեց, որ նախկինում կար գաղափար արդարադատության նախարարությունը, դատախազությունը և արդարադատության հետ կապված մնացած կառույցները տեղափոխել Երևանի կենտրոնից։ Բայց հետո որոշվել է ավելի մեծ նախագիծ իրականացնել և կառավարական թաղամաս կառուցել։ «Այսինքն՝ պետական բոլոր գերատեսչությունները դուրս կգան կենտրոնից և կտեղակայվեն քաղաքին մոտ, բայց փաստացի՝ մարզում, և կենտրոնը կբեռնաթափվի, և այս հսկայական շինությունները, որոնք զբաղեցնում են պաշտոնյաները, կօգտագործվեն բիզնես նպատակով` վարձատրություն, վաճառք և շահույթ կգեներացվի»,- ասաց Մինասյանը։ Նրա խոսքով` նմանատիպ միջազգային փորձ կա։ Սպասվում է, որ այս տարի կառավարական թաղամասի մոդելը պատրաստ կլինի։ Նախագիծը ղեկավարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
11:34 - 08 հունվարի, 2024
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԼՂ քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների համար կազմակերպված խորհրդատվական հանդիպմանը

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԼՂ քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների համար կազմակերպված խորհրդատվական հանդիպմանը

Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների համար դեկտեմբերի 16-ին Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել է խորհրդատվական հանդիպում, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից:   Ներկայացվել են ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների և մասնագետների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու համար ստեղծված հնարավորությունները, ընդունված իրավական կարգավորումները։   Մասնավորապես՝ կատարվել են փոփոխություններ 3 օրենքում՝ հնարավորություն ստեղծելով, որ ԼՂ կազմակերպությունները պարզ ընթացակարգով ստանան իրավաբանական և հարկային գրանցում, ապա դիմեն Քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի ճանաչման համար։   «Հասկանալով՝ կազմակերպությունների հիմնական մասն ինչ դժվարությունների է առերեսվում՝ պատրաստ ենք քննարկել աջակցության հատուկ գործիքակազմ կիրառելու հնարավորությունը և լսել ձեր տեսակետը՝ նախատեսելով կարգավորումներ, որպեսզի առաջիկայում ձեր գործունեությունը սահուն ընթանա։ Ակնկալում ենք, որ ճանաչելով ԼՂ ձեր գործընկերներին, նրանց մասնագիտական կարողությունները՝ համախմբվելով կձևավորեք անհրաժեշտ մարդկային ներուժը, որը կկարողանա ժամանակին ու որակով իրականացնել շինարարական պատվերները»,- դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ընդգծել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։   Անդրադառնալով Հայաստանում ընթացող մեծածավալ շինարարությանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդգծել է, որ փորձ է արվում ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ԼՂ գործընկերները հնարավորինս շուտ կարողանան ներգրավվել քաղաքաշինական ծրագրերում․ «Չափազանց կարևորում ենք ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների ներգրավումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված տարբեր նշանակության օբյեկտների նախագծման և շինարարական ծրագրերում։ Մեծ սպասելիքներ ունենք մեր հետագա համագործակցությունից»։   Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները ներկաներին ծանոթացրել են գործող ընթացակարգերին, արդիականացված նորմերին, կոմիտեի կայքում հրապարակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգներին, դպրոցաշինության հետ կապված գնումների կազմակերպման վերջին փոփոխություններին։ Նրանք պատասխանել են նաև ներկաներին հուզող հարցերին։   Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առաջարկել է կարճ ժամանակ անց կազմակերպել հանդիպում՝ քննարկելու կազմակերպությունների գործունեությունը վերսկսելու ընթացքում առաջացած հարցերը։   Քաղաքաշինության կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները հետևողականորեն կաջակցեն բոլոր դիմողներին և հետամուտ կլինեն խնդիրների վերհանմանը։ Միաժամանակ կկազմակերպվեն քննարկումներ Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության հետ՝ հետագա կարգավորումները նախանշելու նպատակով»։
20:24 - 16 դեկտեմբերի, 2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ներկա է գտնվել «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագիրը կրող Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որտեղ հանդես է եկել եզրափակիչ ելույթով: Ելույթում մասնավորապես ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն տիկին Ռաբաբ Ֆաթիմա, Ձե՛րդ գերազանցություն պարոն Լեմոգանգ Կվապե,Հարգելի՛ տիկնայք և պարոնայք նախարարներ,Միջոցառման հարգելի՛ մասնակիցներ, Ողջունում եմ Ձեզ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության կողմից համատեղ կազմակերպված այս միջոցառումը կարևոր նշանակություն ունի 2024 թվականի հունիսին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիյում կայանալիք՝ ՄԱԿ-ի՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 3-րդ խորհրդաժողովի նախապատրաստման առումով: Տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերն էական նշանակություն ունեն դեպի ծով ելք չունեցող երկրների տնտեսական կայունությունն ամրապնդելու տեսանկյունից: Ինչպես առիթ ունեցան նշելու հանդիպման բանախոսները և մասնակիցները, այս նպատակով առաջնային ուշադրություն պետք է դարձվի դիմակայուն ենթակառուցվածքների ստեղծմանը, ներառական տրանսպորտային փոխկապակցվածության միջոցով տարածաշրջանային ինտեգրման խորացմանը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների միջոցով գլոբալ առևտրի և փոխկապակցվածության վերափոխմանը: Այս ուղղություններով մասնակիցների դրական փորձառության ներկայացումը և նորարարական մոտեցումների վերաբերյալ մտքերի փոխանակությունը կարևոր նշանակություն ունեցան Վիեննայի Գործողություների ծրագրի իրականացման համատեքստում տրանսպորտային փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ առկա խնդիրները վերհանելու տեսանկյունից, ինչն էապես կնպաստի Կիգալիում ընդունվելիք նոր ծրագրի մշակման գործընթացին: Վստահ եմ, որ նախարարական հանդիպումը կարևոր նշանակություն ունեցավ դեպի ծով ելք չունեցող զարգացող ու տարանցիկ երկրների, ՄԱԿ համակարգի մարմինների ու գործակալությունների, զարգացման և միջազգային ֆինանսական կառույցների միջև համագործակցության առկա վիճակի ու հեռանկարների քննարկման համար: Լիահույս եմ, որ այս երկխոսությունը նպաստեց փոխշահավետ համագործակցության նոր գաղափարների և մոտեցումների գեներացմանը, որոնք կարտացոլվեն Երևանի հայտարարության մեջ: Տիկնայք և պարոնայք,Հայաստանը մեծապես կարևորում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի դերը ՄԱԿ շրջանակներում մեր խմբի երկրների գերակայությունների առաջմղման առումով: Որպես խմբի բյուրոյի անդամ՝ Հայաստանը հանձնառու է խմբի շրջանակներում համագործակցության ամրապնդմանը, ՄԱԿ-ում խմբի տեսանելիության բարձրացմանը և մեր երկրների առջև ծառացած համակարգային մարտահրավերների բարձրաձայնմանը: ՄԱԿ՝ Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների գրասենյակն առանցքային դեր ունի հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին աջակցելու ուղղությամբ ՄԱԿ համակարգի աշխատանքների համակարգման առումով: Հայաստանը բարձր է գնահատում գրասենյակի ջանքերը այս նպատակով տեխնիկական և ֆինանսական աջակցության ուղղությամբ միջազգային հանրության ու զարգացման գործընկերներին մոբիլիզացնելու գործում: Կուզենայի վերահաստատել, որ Հայաստանը կարևորում է է գրասենյակի ֆինանսական ու մարդկային կարողությունների ամրապնդումը՝ իր մանդատի լիարժեք իրականացման համար: Հարգելի՛ ներկաներ, Ամփոփելով ելույթս՝ կուզենայի շնորհակալություն հայտնել ՄԱԿ՝ Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով բարձր հանձնակատար, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Ֆաթիմային և գրասենյակի ողջ անձնակազմին համագործակցության և նախարարական հանդիպման կազմակերպման գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար: Շնորհակալ եմ բոլոր բանախոսներին հետաքրքիր զեկույցների և քննարկումներն ուղղորդելու համար: Հայաստանը շնորհակալ է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին և միջոցառման բոլոր մասնակիցներին հրավերն ընդունելու և ակտիվ ու բովանդակային ներգրավվածություն ցուցաբերելու համար: Շնորհակալություն»:
19:53 - 15 դեկտեմբերի, 2023
Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանմանն ուղղված միջոցառումները

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանմանն ուղղված միջոցառումները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում կարևորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ ընդգծելով այս նպատակով պետական և մասնավոր հատվածի ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։ Մտքեր են փոխանակվել տեղահանված անձանց մասնագիտական վերապատրաստման ու զբաղվածության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալների վերաբերյալ։ Տնտեսվարողների կողմից բարձրորակ մասնագետների պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում անդրադարձ է կատարվել նաև կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված որոշ տեխնիկական պահանջների վերանայման հնարավորությանը։ Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:
22:40 - 29 նոյեմբերի, 2023
Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության նախագիծը՝ մանրամասն անդրադարձ կատարելով դրա շրջանակներում տարբեր ոլորտային ուղղություններով սահմանված միջնաժամկետ և երկարաժամկետ թիրախների ապահովման համար անհրաժեշտ գործողություններին։ Խորհրդի անդամներին են ներկայացվել մթնոլորտային օդի մոնիթորինգի համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով օդի աղտոտվածության որակի մշտադիտարկման կայանների տեղադրման գործընթացի շարունակականության կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել նաև 2024 թվականին Խորհրդի աշխատանքների առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ՝ կլիմայական բաղադրիչ ունեցող միջոցառումների արդյունավետ համակարգման և ներդաշնակեցման նպատակով։
10:23 - 28 նոյեմբերի, 2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանման հետևանքով ձևավորված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև դրա հաղթահարման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները։ Փոխվարչապետը հատուկ ընդգծել է Կառավարության արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը: ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցելու Հայաստանին իրավիճակի արդյունավետ կառավարման հարցում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ոռոգման և խմելու ջրի, առողջապահության և մի շարք այլ ուղղություններով։
18:25 - 27 նոյեմբերի, 2023
ՀՀ փոխվարչապետները համատեղ հանդիպում են ունեցել ԵՄ դեսպանների հետ

ՀՀ փոխվարչապետները համատեղ հանդիպում են ունեցել ԵՄ դեսպանների հետ

Կայացել է փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի համատեղ հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:Հանդիպման սկզբում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները: Տիգրան Խաչատրյանը անդրադարձել է բռնի տեղահանվածների համար աշխատանքի միջոցով սեփական եկամուտների գեներացման նախապայմանների ստեղծման, ինչպես նաև բնակարանային ապահովման խնդրի արդյունավետ լուծման կարևորությանը` ընդգծելով այդ ուղղություններով ԵՄ պետությունների կողմից աջակցության անհրաժեշտությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասող հավանական մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ու ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Մհեր Գրիգորյանը վերահաստատել է նաև տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ցանկությունը և պատրաստակամությունը:Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:
15:20 - 22 նոյեմբերի, 2023
Միջազգային գործընկերների մասնակցությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման աշխատանքները

Միջազգային գործընկերների մասնակցությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման աշխատանքները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգմանն ուղղված երկրորդ քննարկումը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքներին արձագանքելու նպատակով Կառավարության իրականացրած հրատապ միջոցառումների վերաբերյալ՝ ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը: Ըստ աղբյուրի՝ ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանին՝ մանրամասն անդրադարձ կատարելով Փախստականների արձագանքման ծրագրի ընթացիկ ցուցանիշներին: «Փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ միջազգային հումանիտար և զարգացման կառույցների կողմից իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքների ուղղությամբ շարունակական փոխգործակցության կարևորությունը: Մասնավորապես՝ ներկաները մտքեր են փոխանակել բռնի տեղահանված մեր հայրենակիցների զբաղվածության և բնակարանային կարիքների հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքների և համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ, շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար, փոխվարչապետը բաձր է գնահատել մասնագիտացված կառույցների և զարգացման գործընկերների պատրաստակամությունը՝ շարունակելու Կառավարության հետ սերտ փոխգործակցությունը՝ բռի տեղահանված անձանց միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ:
18:40 - 21 նոյեմբերի, 2023