Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը

Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: «Չեխիայի Հանրապետությունը մեր ամենակարեւոր եվրոպական գործընկերներից մեկն է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ ակտիվ միջխորհրդարանական երկխոսությանը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում: Նա բարձր է գնահատել չեխական կողմի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: «Սա իմ առաջին այցն է Հայաստան: Մենք այստեղ ենք՝ տեղում ծանոթանալու իրավիճակին եւ ապագայի ծրագրերին»,- ասել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր՝ Հայաստանը կարեւոր գործընկեր է Չեխիայի եւ չեխ ժողովրդի համար: Մարիան Յուրեչկան ընդգծել է, որ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական բնագավառում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա եւ փոխհամագործակցությունն ակտիվացնելու, զարգացնելու հարցում ու վիզաների ազատականացման գործընթացում աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար: Նա ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության եւ ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ այդ համատեքստում ընդգծելով Չեխիայի փորձն ու համագործակցության հնարավորությունները: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացին ու հեռանկարներին՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը խորհրդարանին էր ներկայացվել որպես քաղաքացիական նախաձեռնություն: Նա անդրադարձել է նաեւ ԵՄ-ի կողմից կայացված երկու կարեւորագույն որոշումներին՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին եւ Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում օգնության տրամադրմանը: Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետությանը՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը մասնակցելու համար: «Հայաստանը խիստ հետաքրքրված է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ: Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն, որը հիմնված է երկրների իրավասության, ինքնիշխանության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների վրա»,- անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ասել է ԱԺ նախագահի տեղակալը: Նա մանրամասն ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, խոսել հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման ՀՀ տեսլականի մասին: Չեխիայի փոխվարչապետն իր աջակցությունն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման հարցում: Նշվել է, որ խաղաղությանն ուղղված քայլերն ուժեղության նշան են: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված բոլոր հայ գերիների, ինչպես նաեւ ռազմաքաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությանը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
20:13 - 20 հունիսի, 2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի  եզրափակիչ ելույթը ԱԺ-ում՝ 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում՝ 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել ԱԺ-ում՝ 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը։  Ներկայացնում ենք վարչապետի ելույթն ամբողջությամբ.  «Ազգային ժողովի մեծարգո' նախագահ, Հարգելի՛ փոխնախագահներ,  Կառավարության հարգելի՛ անդամներ,  Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,  Շնորհակալ եմ հետաքրքիր քննարկումների համար: Հնչեցված բազմաթիվ մտքեր արժեքավոր են, որոշները՝ ավելի, որոշները՝ պակաս: Որոշները արժեքավոր են իրենց անարժեք լինելու մեջ, որովհետև մտածելու երբեմն ավելի ակտիվ տեղիք են տալիս։ Ես ամբողջ քննարկմանը մասնակցեցի և հետևում էի մտքերի փոխանակությանը, և ես ինձ հարց էի տալիս, որ եթե ես լինեի ընդդիմադիր, ինչպես կքննադատեի  մեր Կառավարությանը և կքննադատե՞ի արդյոք, թե՞ ոչ: Եվ հետո արձանագրեցի, որ աշխարհում չկա և երբեք չի եղել և երբեք էլ չի լինի որևէ Կառավարություն, որին օբյեկտիվորեն և սկզբունքորեն հնարավոր չլինի կամ պետք չլինի քննադատել։ Դա, ըստ էության, ժանր է, որտեղ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը հակադարձում է, որը շատ կարևոր ժանր է, հատկապես՝ ժողովրդավարական երկրներում, որովհետև այդ քննադատության ընթացքում շատ բաների մասին կրկին մտածելու, վերանայելու, անդրադառնալու, եզրակացությունների գալու հնարավորություն է ստեղծվում: Եվ այս առումով այս քննարկումն ինձ համար օգտակար էր, որովհետև շատ խոսվեց մեր քաղաքական թիմի կառավարման յոթ տարիների մասին: Եվ դա լրացուցիչ ազդակ էր, որպեսզի ինքս էլ մտածեմ մեր կառավարման յոթ տարիների մասին, ինքս էլ, ելույթներին զուգահեռ, մտածեմ իմ վարչապետության յոթ տարիների մասին: Եվ փորձեմ պատասխանել հարցին, գլոբալ հարցին, որովհետև գիտեք դետալների մեջ  կարելի է միշտ էլ առանձնահատկություններ գտնել և դրանց վրա կենտրոնանալ, քննադատում կամ չքննադատել։  Բայց մեծ պատկերի մեջ, երբ ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչպիսի՞ն էր վիճակը 2018 թվականի հունիսին և ինչպիսի՞ն է վիճակը 2025 թվականի հունիսին, ինչպիսի՞ն էի ես 2018 թվականի հունիսին և ինչպիսի՞ն եմ ես 2025 թվականի հունիսին: Այս հարցը ինքս ինձ տալիս, ինքս ինձ հետ մենակ մնալով, անկեղծորեն, որովհետև ուրիշների առաջ խոսել մի բան է, ինքդ քեզ հետ խոսել այլ բան է, որովհետև ուրիշների հետ խոսելիս կարելի է ինչ-որ բան չհիշատակել, բայց ինքդ քեզ հետ խոսելիս հնարավոր չէ որևէ բան չհիշատակել, որովհետև այդ ամբողջը հիշատակված է։ Հիմա ուզում եմ հետևյալը ասել, երբ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձա, ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ պայմանականորեն և ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։  2025 թվականի հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ՝ Հայաստանի Հանրապետության լիարժեք և ամբողջական վարչապետ եմ։ Ինչի՞ շնորհիվ է տեղի ունեցել այս ամենը։ Իհարկե, քաղաքական թիմի, քաղաքական կուսակցության դերը որևէ կերպ հնարավոր չէ նսեմացնել, խորհրդարանական մեծամասնության, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա տեղի է ունեցել առաջին հերթին մեր նահատակների և Հայաստանի Հանրապետության ժողովրդի շնորհիվ: Բայց ես նաև ուզում եմ պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ ֆորպոստ ասելով, որովհետև սովորաբար ֆորպոստի խոսույթը մեր իրականության մեջ ներմուծվել է՝ կապակցված մի կոնկրետ երկրի հետ: Բայց շուտով, ես ինքս ինձ համար միայն վարչապետի պաշտոնում արձանագրել եմ, որ դա ահավոր մեծ անարդարություն է՝ ֆորպոստացման ֆենոմենը կապել մի երկրի հետ: Իրականում այդ ֆորպոստացման պրոցեսի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ, այդպիսի երկրներ եղել են հյուսիսում, այդպիսի երկրներ եղել են հարավում, այդ այդպիսի երկրներ եղել են արևելքում: Շատ ավելի կարևոր է  արձանագրել, որ ֆորպոստացման կրիտիկական մասան ոչ թե եղել է մեզնից դուրս, այլ ֆորպոստացման կրիտիկական մասան մենք ինքներս ենք եղել, մենք ինքներս ենք ապահովել, և հետևյալ տրամաբանությամբ մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք Հայաստանի Հանրապետության Կառավարություն ենք, խորհրդարան ենք, ժողովուրդ ենք: Մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք պետություն ենք և չենք փորձել ինքներս մեզ համար պարզաբանել, թե այնուամենայնիվ, ի՞նչ է պետություն, ինչպիսի՞ պարամետրեր ունի այդ պետությունը, ինչպիսի՞ վարքագիծ է ենթադրում պետություն լինելը և ո՞ր վարքագիծն է, որ մեզ դնում է պետություն լինելու անդին։  Եվ ես արձանագրում եմ, այո՛, 2018 և 2019 թվականին եղել եմ ֆորպոստի վարչապետ, առաջին հերթին այն պատճառով, որ եղել եմ այն տրամաբանության մեջ, որի հիմնական առանցքը եղել է հետևյալը, որ իրականում Հայաստանի Հանրապետությունը ոչ թե նպատակ երկիր է, այլ միջոց երկիր է մի ավելի մեծ նպատակ երկրի հասնելու համար։ Այդպիսին եղել եմ 2018 թվականին, այդպիսին եղել եմ 2019 թվականին։ 2020 թվականի նոյեմբերից հետո ես թերևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում և կարծում եմ՝ սա շրջադարձային կետ է եղել, երբ մենք, մեր քաղաքական թիմը, բոլորս մեզ հարց ենք տվել, թե ի վերջո ի՞նչ ենք մենք ուզում: Մենք գտնվել ենք վերջնական և  ամբողջական ֆորպոստացման գծի եզրին, և մենք մեզ հարց ենք տվել՝ մենք ուզո՞ւմ ենք այդ գիծը հատել, թե՞ մենք չենք ուզում այդ գիծը հատել: Եվ մենք որոշել ենք, որ մենք չենք ուզում այդ գիծը հատել: Եվ սա այն կետն է, որտեղ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ժողովուրդը պետք է կայացնի որոշումներ, իհարկե, առաջին հերթին մենք ինքներս պետք է կայացնենք որոշումներ։ Եվ այս պրոցեսը, շատ կարևոր է արձանագրել, որ մի քայլանոց կոմբինացիա չի, այս պրոցեսը մի իրադարձությամբ չէ, որ կուլմինացիայի է հասել: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ կա մի կետ, որտեղ այս պրոցեսը, որտեղ ֆորպոստի, ինձ համար անձամբ, ֆորպոստի վարչապետից հստակ անցում է կատարվել դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ գործում, իհարկե, 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները շատ մեծ դեր են խաղացել:  Ես գիտեմ այն օրը, երբ ես վերածվել եմ Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետի և այդ կետից սկսած մինչև օրս գործում եմ բացառապես այդ տրամաբանությամբ: Դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Գիտեք մեր ընդդիմությունն այս օրը և այս փաստը, նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս, օգտագործում են այն տրամաբանությամբ, որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում և ով ճանաչել է այդ տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա շատ կարևոր և շրջադարձային պահ է, որովհետև իրականում՝ և՛ խորքային քաղաքական իմաստով, և՛ առարկայորեն, ես ուզում եմ մենք հիշենք այդ պահը, դա մի ժամանակներ էր, երբ մենք արձանագրեցինք, որ նույնիսկ մեր ամենամոտ գործընկերները, փաստորեն, և դա երևաց, դա ոչ թե տեսական թեզ էր, այլ պրակտիկ նշանակություն ունեցող միջավայր և իրավիճակ, երբ մեր, նույնիսկ ամենամոտ երկրները՝ մեր երկրի, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում: Եվ սա մեզ համար շատ սթափեցնող մի բան էր, հենց այդ պահին էր, որ մենք ինքներս մեզ ստիպված էինք հարց տալ, բայց մի րոպե, մենք ինքներս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ: Ինձ համար դա է այն կետը, որտեղ ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ տրանսֆորմացիան:  Եվ ես հիմա արձանագրում եմ, արձանագրումն այդ արել եմ, ուզում եմ նորից կրկնեմ, և սրանում միանշանակ համոզված եմ, որ մենք այսօր՝ որպես պետություն, ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ, բայց այսօրվա արձանագրումը իրականում ամենակարևորը չէ: Կարևորն, ի վերջո, քանի որ նաև խոսք է գնում այն ցիկլի մասին, որը մեկնարկել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով, որտեղ մեր կարգախոսն էր՝ «Ապագա կա՛, կա՛ ապագա», շատ կարևոր է նաև, ի վերջո, պատասխանել այդ հարցին, լավ մենք այդ կարգախոսը իրագործեցի՞նք, թե՞ չիրագործեցինք, կա՞ ապագա, թե՞ չկա ապագա: Սա էլ է ինձ համար գրեթե ամենօրյա խորհրդատվության նյութ, և այդ խորհրդատվության արդյունքում ես եկել եմ հետևյալ եզրակացության՝ ի՞նչն է գործնականում նշանակում, որ կա ապագա, և ի՞նչն է գործնականում նշանակում, որ չկա ապագա: Եթե կա ապագայի նախագիծ՝ հստակ գծագրված, ուրեմն կա ապագա, եթե չկա ապագայի հստակ գծագրված նախագիծ, ուրեմն չկա ապագա: Եվ այո՛, մենք այդ խնդիրը լուծել ենք, որովհետև այն, ինչ մենք այսօր հանրությանը ներկայացնում ենք՝ որպես Իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ապագայի հստակ գծագրված նախագիծէ, և այդ նախագծի գոյությունն է երաշխիքը այն բանի, որ կա ապագա և այդ ապագան ունի շատ կոնկրետ պարամետրեր և այդ պարամետրերից կարևորագույնը՝ սեփական միջավայրում հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալն է, լիարժեք և ամբողջական հարևանների տարածքային, միջազգայնորեն ճանաչված տարածքների ամբողջականությունը ճանաչելը և դրանով սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը ճանաչելը։  Եվ ուզում եմ հստակ արձանագրել, որ վերջին յոթ տարիների պատմությունը, հարգելի՛ ներկաներ, ինչքան էլ փորձ արվի այլ կերպ ներկայացնել, հենց այս համատեքստում, հենց այս տեսակետից հաջողության, և ոչ թե անհաջողության պատմություն է։ Տեսեք, շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ, բնականաբար, շատ մտածել եմ, և այստեղ էլ իմ եզրակացությունը հետևյալն է՝ մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը: Սա է ճշմարտությունը, որովհետև ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոկ օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն չկայանա, և Հայաստանի Հանրապետությունը կայանում է և Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ես և մենք բոլորս, առնվազն ես, որովհետև բոլորի հետ շատ մանրամասն չեմ խոսել, ավելի լավատես եմ, քան երբևէ: Նորից ուզում եմ ասել, որ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է, և սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը։  Գիտեք, մենք էլ երբեմն տրվում ենք ընդդիմության նետած ձևակերպումներից: Այստեղ խոսում են, որ Հայաստանի վրայով բալիստիկ հրթիռներ են թռնում: Հայաստանի վրայով ոչ մի բալիստիկ հրթիռ չի թռնում, ընդհակառակը, Հայաստանի վրայով թռնում են օդանավեր այն քանակության, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չի թռել, բայց ես չեմ ուզում սա ներկայացնել որպես հաջողություն այս տրամաբանությամբ, բայց ուզում եմ ճշգրտել, որ մեր վրայով բալիստիկ հրթիռներ չեն թռնում: Ես ուզում եմ ուրիշ բան ասել ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը արդեն յոթ տարի զբաղեցնող մարդ, Հայաստանի Հանրապետությունն երբեք միջազգային իրադրություններին և իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին այնքան պատրաստված չի եղել, ինչքան պատրաստված է այսօր: Եվ դրա ամենակարևոր արտահայտությունն այն արտաքին հարաբերություններն են բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության արդյունքում, որը մենք ունենք։  Այո՛ խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, այո՛ Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, այո՛ տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների և մեր վիճակի կարգավորումը և մեր միջազգային հեղինակության աներկբա և աննախադեպ բարձրացումը։ Նորից եմ ասում, մենք շատ պարզ ենք նայում դրան, որովհետև դրանք արդեն իրողություններ են։  2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է համաշխարհային մակարդակի երկու կարևորագույն իրադարձություններ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և կենսաբազմազանության COP17 համաժողովը։ Սրանք պատահական չեն և սրանք հաջողության պատմության ֆիզիկական արտահայտություններն են։  Շատ խոսվեց եկեղեցու հետ կապված իրադրության մասին։ Այո՛, փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը, նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու 356 թվականի Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի կուսակրոն։ Ինչո՞ւ, առաջինը՝ դավանաբանական հիմնավորումներով, որովհետև այդ դավանաբանական հիմնավորումն այն է, որ եկեղեցու և Հիսուս Քրիստոսի եկեղեցու ծառաները, ամենանվիրված և հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին և պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է անձնական կյանք ունենան եկեղեցու հետ, իրենց անձնական կյանքը պետք է պարփակված լինի Հիսուս Քրիստոսի ծառայության և ոչ որևէ այլ բանի մեջ։ Եվ այս նվիրապետության շնորհիվ է նաև, որ պետք է երաշխավորվեր եկեղեցու բարոյական գաղափարախոսական և նյութական անվտանգությունն այդ թվում, որովհետև այս որոշման տրամաբանության մեջ նաև այն էր, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չծագեն, որովհետև Ամենայն Հայոց կաթողիկոսն Հայ Առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա,  եթե Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսն ունի ժառանգներ, այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգական իրավունքը, կուսակրոնության նվիրապետության ուխտը, նվիրապետությունը նաև նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն, ես դա հատուկ կարդացի՝ կուսակրոնության ուխտագիրը, որտեղ մարդն անձնական բոլոր արտոնություններից կամավոր զրկվում է, իսկ այսօր մենք հակառակ պատկերն ունենք՝ մոմի գործի, հազար ներողություն այս բառիս համար, նայողը կաթողիկոսի եղբոր տղան է, կաթողիկոսի չէ, Կտրիճ Ներսիսյանի: Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիճ Ներսիսյանի եղբայրն է, մյուս թեմի առաջնորդն իր քրոջ որդին է և այլն: Հայ Առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից, և մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք եկեղեցու արժեքների և նվիրապետության համար: Ես նորից եմ ասում, այս նվիրապետության կառուցվածքն է, որ կուսակրոն քահանաները ղեկավարում են և՛ հոգևոր, և՛ բարոյական գերիշխող դիրք ունեն ամուսնացյալ քահանաների նկատմամբ: Այդ մարդիկ, որ չեն կարողանում մի ամիս առանց կնոջ ապրել, իրենք ի՞նչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ովքեր իրենց ուխտը չեն խախտել, ովքեր Աստծու առաջ և հանրության առաջ ազնիվ են և իրենց ծառայության մեջ առաքինի։ Ո՞վ է, օրինակ, ԿտրիՃ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգ տալ ամուսնացյալ քահանային։ Ո՞նց կարող է կուսակրոնության ուխտը խախտած և չեմ ուզում ամբիոնից էլ այդ բառապաշարը օգտագործել, ասենք Սամվել Խաչատրյան կոչվող ոմն մեկը, ո՞նց կարող է ամուսնացյալ քահանաներին հրաման տալ և նրանց նկատմամբ գերակա դիրք զբաղեցնի: Ո՞նց կարող է: Դա անարգանք է բոլոր ամուսնացյալ քահանաների նկատմամբ, որովհետև ինչ ասես, որտեղ ասես, անում են, մի հատ էլ գալիս են որպես մարդիկ, ովքեր ամուսնացած են եկեղեցու հետ, բարոյական և ոչ միայն, իրավական իշխանություն են կիրառում այդ փաստի բերումով, հասկանու՞մ եք: Մի հատ էլ ասում են կաթողիկոսի անձնական կյանքը: Հասկանու՞մ եք՝ կաթողիկոսի անձնական կյանքը:  Մարդիկ, ովքեր խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին, նրանք քար առ քար քանդում են Հայ Առաքելական եկեղեցին, նրա նվիրապետությունը, նրա պատմությունը, նրա ավանդույթը, նրա արժեքը քանդում են: Քանդում են, քանդել են, հիմա վերջին ավերակներն են ուզում տան, և մենք դա թույլ չենք տալու: Ես ասում եմ ինքս որպես մարդ, ով ունի հոգևոր զգացմունքներ:  Այսպիսի արտահայտություն՝ միջամտություն եկեղեցու ներքին գործերին: Հասկանու՞մ եք, սա ամեն ինչի մասին ասում է. Հայ Առաքելական եկեղեցու հետևորդը, հետևորդները միջամտում են եկեղեցու ներքին գործերին: Ո՞նց կարող է: Այդ հավատավոր մարդկանց եկեղեցին է: Երբ իրենք դա պատկերացնում են որպես մի կլանի սեփականություն, այդ ժամանակ ո՞նց՝ մոմի գործը Կտրիճի եղբորն է, մյուս գործը՝ ենթադրենք, թե ով ձեռնադրվի, չձեռնադրվի կաթողիկոսի քրոջ որդին պիտի բան անի: Դուք պղծել եք եկեղեցին, եկեղեցին դարձրել եք, ենթադրենք մի հատ ՍՊ-ից ավելի լավ, ՍՊ-ն հարգելի գործունեություն է, ավազակների տեղ եք սարքել, ինչպես Հիսուս Քրիստոսն ասում է Նոր Կտակարանում: Հաջորդը՝ այս հին խոսույթը. այդպես անում են, որովհետև թուրքերն են այդպես ուզել, այդպես անում են, որովհետև ադրբեջանցիները ... Սա մեր իրականության ամենախոշոր և ամենապրոբլեմատիկ կոմպլեքսն է: Գիտեք, այն ժամանակ մենք էլ էինք տրվում այդ խոսույթին. լավ եկեք բանակի մասին չխոսենք, որովհետև թուրքերն ու ադրբեջանցիները լսում են, վայ դրա մասին ..., դե դա գաղտնիք է, եկեք թուրքի ջրաղացին ջուր չլցնենք և այլն: Մի հատ ուրիշ շատ կարևոր բան կա, ես երբ խոսում էի հայրենասիրության կայսերական մոդելի մասին, այս վերջերս մի հատ ուրիշ բան էլ եմ հասկացել, որ մենք մեր աշխարհ ընկալելու սեփական զգայարանները և ֆորմուլաները, բանաձևերը զարգացնելու խնդիր ունենք: Ես այս վերջերս թերևս ոչ հրապարակային մի հանդիպման ժամանակ ասում հետևյալը՝ մենք աշխարհը ընկալելու սեփական ֆորմուլաներ չունենք: Եթե հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը և մի քանի այլ երկրներ որոշեն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում, մի վիճակում, ով գաղափար չունի ընդհանրապես՝ այս որտե՞ղ է ընկել: Եվ սա մեր արտապետականության կարևոր առանձնահատկությունն է, որ ներդրված է։ Չե՞ք տեսնում՝ ինչ են խոսում: Այն ամեն ինչը, ինչ որ դնում են այստեղ, որևէ մեկը Հայաստանում ծնված ընկալում չի: Ամբողջ արտաքին խոսույթներից ծաղկաքաղ է, որ բերվում է այս ամբիոն և այս ամբիոնից մատուցվում է: Եվ մենք պետք է, պարտավոր ենք առերեսվել էլ այս խնդրի հետ։ Ընդդիմադիր պատգամավորն ասում է ասեք՝ ինչ եք ուզում մեր ժողովրդից։ Ես կարող եմ ասել՝ ինչ եմ ուզում մեր ժողովրդից. ես ուզում եմ, որ մենք ճանաչենք աշխարհը։ Ես ասել եմ բազմիցս - իմիջիայլոց՝ ոչ մի լրագրող հարց չի տվել - ասել եմ երկրագունդը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր: Ոչ մեկ չի ասում՝ այդ ինչ ասացիր, այդ ոնց ասացիր: Ոչ մեկ չի ասում: Սա է, որովհետև մենք աշխարհի ընկալման մեր սեփական բանաձևերը չունենք: Սրանում է պրոբլեմը, և աշխարհը շարունակում է մեզ համար մնալ անծանոթ վայր: Եվ դա է պատճառը, որ աշխարհի մեր ընկալումն այն է, որ աշխարհը մի հատ ծայրահեղ, անարդար վայր է: Իսկ կարո՞ղ է պարզապես մենք չենք ճանաչում աշխարհը, մենք չգիտենք աշխարհը, չգիտենք այնտեղ ապրելու կանոնները, որովհետև եթե դու երթևեկության կանոնները չգիտես և անընդհատ վրաերթի ես ենթարկվում, այդ փողոցը քեզ համար ամենաանարդար վայրն է: Դու չես հասկանում՝ ինչու են քո վրայով անընդհատ մեքենա քշում և ասում ես այս ինչ անարդար տեղ եմ ես ընկել. Աստված, ու՞ր ես նայում Աստված, ով երթևեկության անարդարություն, թող որ ես թքեմ քո բաց ճակատին, որովհետև դու չգիտես, որ դու հայտնվել ես մի տեղ, որտեղ որոշակի կանոններ կան, անցում կա, հոծ գիծ կա, լուսացույց կա, և պետք է իմանալ այդ կանոնները վրաերթի չենթարկվելու համար: Մենք ուզում ենք, որ մենք ճանաչենք աշխարհը: Երկու բան էլ կար ասելու, բայց թերևս դրանց կանդրադառնամ իմ ֆեյսբուքյան էջում, որովհետև այդ անդրադարձերը չեմ կարծում, թե արժանի են Ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու: Շնորհակալ եմ»։
15:44 - 19 հունիսի, 2025
Հայաստանի ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ. վարչապետ |armenpress.am|

Հայաստանի ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին ինքը լիարժեք չէր ընկալում իրեն որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, այլ՝ որպես ֆորպոստի ղեկավար։  «Երբ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ պայմանականորեն, և ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ այդ ընկալումն այժմ արմատապես փոխվել է։ «Ես արձանագրում եմ, որ ես Հայաստանի Հանրապետության լիարժեք և ամբողջական վարչապետ եմ։ Սա տեղի է ունեցել առաջին հերթին մեր նահատակների և Հայաստանի ժողովրդի շնորհիվ» – ընդգծեց վարչապետը։  Փաշինյանը նաև պարզաբանեց, թե ի՞նչ նկատի ունի «ֆորպոստ» ասելով։ «Սովորաբար ֆորպոստի խոսույթը կապվում է մի կոնկրետ երկրի հետ։ Բայց դա ահավոր մեծ անարդարություն է։ Իրականում ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ՝ հյուսիսից, հարավից, արևելքից և արևմուտքից։ Բայց ամենակարևորը՝ ֆորպոստացման կրիտիկական զանգվածը մենք ենք եղել։ Մենք ենք ապահովել այն»,– նշեց վարչապետը։  Վարչապետի խոսքով՝ տարիներ շարունակ հայ հասարակությունը, քաղաքական էլիտան և ինքը՝ որպես պաշտոնյա, ամբողջությամբ չեն գիտակցել սեփական ինքնիշխան պետություն լինելու փաստը։  «Մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք պետություն ենք, որ մենք ենք կառավարություն, խորհրդարան, ժողովուրդ»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։ 
14:03 - 19 հունիսի, 2025
Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսեւորում է. Աննա Գրիգորյան |news.am|

Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսեւորում է. Աննա Գրիգորյան |news.am|

news.am: Ես գիտեմ, թե Ռուբեն Վարդանյանը և Սամվել Կարապետյանն ինչու են ներդրում կատարել Հայաստանում և Արցախում, որովհետև Հայաստանն ու Արցախն իրենց հայրենիքն է և նրանք սիրում են իրենց հայրենիքը: Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Հիշեցնելով, որ Սամվել Կարապետյանը կալանավորված է ՀՀ գործող իշխանությունների օրոք, իսկ Ռուբեն Վարդանյանը՝ Ալիևի ռեժիմի կողմից՝ Գրիգորյանն ասաց. «Որովհետև դուք երկուսդ էլ ատում եք հայ ժողովրդին և հայկական պետականությունները՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ Արցախը»։ «Հեռախոսի SMS-ի փոխարեն գալիս է ֆեյսբուքյան արդարադատությունը։  Ֆեյսբուքյան ուղիղ ցուցումներով մարդիկ են կալանավորվում։ Սա է արդարադատությունը, որ ստեղծել էիք, զանգովի արդարադատության դեմ էիք պայքարում մինչև 2018 թվականը, դրանից հետո մի հատ աբգրեյդ եղաք և ստացվեց ֆեյսբուքյան արդարադատության իրականացում»,- ասաց Աննա Գրիգորյանը։ Նա Նիկոլ Փաշինյանի  հարցրեց, թե իր հոգին երեկ փառավորվե՞ց, երբ կալանավորեցին Սամվել Կարապետյանին։ «Ես վստահ եմ, որ Ալիևը տոնում էր, որովհետև տարիներ առաջ հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ»,-ասաց պատգամավորը և նշեց, որ կալանավորումը թուլության ցուցադրություն է։ Գրիգորյանը հայտարարեց, թե հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը ատում է հաջողակ մարդկանց, որոնք արժեք են ստեղծում և կարևոր չէ, թե էդ մարդիկ ովքեր կլինեն՝ նախագահներ, զինվորներ, բիզնեսմեններ, թե սպորտսմեններ՝ Հենրիխ Մխիթարյանը, Լևոն Արոնյանը։ «Ես մարդը Երկրի սահմաններից դուր թշնամիներ չունի, իր բոլոր թշնամիները ՀՀ-ում են, հայի անուն ազգանուն ունեցողները։ Որովհետև այլ ձև չես կարող բացատրել, որ Նիկոլ Փաշինյանն այսպես վիզը ծուռ կանգնում, Ալիևին ասում է՝ արի գնանք սուրճ խմենք, և կամ Էրդողանի գիրքն այսպես ոգևորված կրծքին սեղմում կանգնում, հետո գալիս ՀՀ-ում սուր է ճոճում բոլորի նկատմամբ՝ հոգևորականների, Կաթողիկոսի նախագահների»,- ասաց Աննա Գրիգորյանը։ Նրա  խոսքով՝ եկեղեցու նկատմամբ կատարվողն ազգային ինստիտուտը ոչնչացնելուն միտված քայլ է։ Ընդդիմադիր պատգամավորը դիմեց քաղաքացիներին, հորդորելով՝ չմոլորվեն այն հայտարարություններից  թե առանձին անհատներ դեմ է արվում, այն ուղղված է եկեղեցու դեմ։ «Սրբապղծություն է այն, որ միայն ձեզ դավաճան չասեն, միայն ձեր կաշվի փրկության համար հազարավոր տղաների կյանքը դրեցիք զոհասեղանին։ Միայն նրա  համար, որ ձեր կաշին փրկեք։ Սրբապղծություն է, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով տասնյակ կիլոմետրերով զորքը հետ քաշել և բնակչությանը հարվածի տակ դնել։ Սրբապղծություն էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որի հետևանով եղավ էթնիկ զտում և արցախն ամբողջությամբ հայաթափվեց, Սրբապղծություն էր երբ Արցախի վրա հարձակում կար և Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե որևէ վտանգ չկա քաղաքացիական բնակչության համար«-հայտարարեց Գրիգորյանը։
12:41 - 19 հունիսի, 2025
Հայաստանը պատրաստվում է սահմանափակել ռուսական քարոզչության տարածումը հեռուստատեսությամբ  |civilnet.am|

Հայաստանը պատրաստվում է սահմանափակել ռուսական քարոզչության տարածումը հեռուստատեսությամբ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնում է օրենսդրական փոփոխություններ և տեխնիկական միջոցներ՝ հակազդելու Ռուսաստանի պետական մեդիայից հնչող և Հայաստանի ներքին տեղեկատվական դաշտում տարածվող քարոզչական հարձակումներին։ Այս մասին նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց հունիսի 18-ին Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Հայրապետյանի խոսքով՝ ռուսական հեռուստաեթերից մի հաղորդում, որը վերջին օրերին լայնորեն տարածվել է համացանցում՝ վիրավորական արտահայտություններով Հայաստանի, նրա ժողովրդավարության ու վարչապետի հասցեին, շարունակությունն է նախորդ տարվա ընթացքում արձանագրված մի քանի դեպքերի։ Դրանց արձագանքելով՝ իշխանությունները արդեն արգելափակել են այդ հաղորդման հեռարձակումը հանրային մուլտիպլեքսով։ «Այդ հաղորդումը արդեն մի քանի ամիս է, ինչ չի հեռարձակվում Հայաստանի հանրային մուլտիպլեքսով։ Սակայն խնդիրն այն է, որ այն հասանելի է մնում մալուխային հեռուստատեսությամբ՝ այսպես կոչված IPTV-ով և OTT հարթակներով։ Այժմ պատրաստ է տեսալսողական մեդիայի մասին օրենսդրական փաթեթի նոր տարբերակը, որը նախատեսում է կարգավորումներ նաև այդ ոլորտի համար և նախատեսվում է առաջիկայում քննարկել Ազգային ժողովում»,- ասաց նախարարը։ Հայրապետյանը նշեց նաև, որ ամենաբարդ հատվածը համացանցն է, որտեղ նույն այդ հաղորդումները տարածվում են սոցիալական ցանցերով՝ այդ թվում հայաստանաբնակ օգտատերերի, նույնիսկ հայ հայրենակիցների կողմից։ «Ցավոք, այդ մարդկանց մեծ մասը ֆեյք չէ։ Իրենք մեր քաղաքացիներն են, և որոշ դեպքերում ոգևորությամբ են տարածում այդ տեսանյութերը»,- ասաց նախարարը։ Նախարարության աշխատանքը, նրա խոսքով, ունի երկու ուղղություն։ Առաջինը՝ տեխնիկական միջոցներով արգելափակել քարոզչական բովանդակության հասանելիությունը բոլոր հնարավոր հարթակներում։ Երկրորդը՝ հանրության մեդիագրագիտության բարձրացում և կիբերանվտանգության մակարդակի ամրապնդում։ «Այստեղ պետությունն ունի շատ անելիքներ։ Անհրաժեշտ է մեդիա գրագիտություն, կրթական միջամտություն, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան տարբերակել՝ ինչ է քարոզչություն, ինչ է կեղծ տեղեկություն, և չդառնան հիբրիդային պատերազմի զոհ», — եզրափակեց Հայրապետյանը։
19:55 - 18 հունիսի, 2025
Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման հարցում. Միրզոյան |1lurer.am|

Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման հարցում. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Ցավալիորեն մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը թեժանում է, առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Մեր մոտեցումը այս հարցին հանրահայտ է, և ընդհանրապես խաղաղության հարցում մենք մշտապես ջատագովն ենք եղել մեր մեծ տարածաշրջանում խաղաղությանը: Բայց տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում է դա հաջողվում: Այս պայմաններում մենք ոչ միայն հայրենակիցների՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ Իրանի քաղաքացի հայկական ծագման քաղաքացիների մասին ենք խոսում, առհասարակ տարբեր երկրների տարբեր քաղաքացիների հումանիտար հարցի մասին ենք խոսում, մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման, ապաստան տալու, ընդառաջելու, օգտակար լինելու պրոցեսին: Եթե չեմ սխալվում՝ երեկ թե նախորդ օրը նույնիսկ հրապարակային անդրադարձ եղավ նրան, որ, օրինակ՝ Հնդկաստանի քաղաքացիների ուսանողների խմբի ենք օգնել Հայաստանի սահմանը հատելով տարհանվել, վերադառնալ հայրենիք, աֆրիկյան մի քանի պետություններ՝ Զիմբաբվեն, օրինակ՝ Չինաստանի քաղաքացիների, Ֆրանսիայի, ԱՄՆ քաղաքացիների: Սա շարունակական պրոցես է, և ինչպես կարող ենք գնահատել, առաջիկա օրերին միայն ծավալները կավելանան»,- նշեց Միրզոյանը:
19:47 - 18 հունիսի, 2025
Հյուսիս-հարավի՝ Երևանից դեպի Գյումրի գնացող հատվածում մեր գործերը բավականին լավ են. Խուդաթյան |1lurer.am|

Հյուսիս-հարավի՝ Երևանից դեպի Գյումրի գնացող հատվածում մեր գործերը բավականին լավ են. Խուդաթյան |1lurer.am|

1lurer.am: Հյուսիս-հարավի՝ Երևանից դեպի Գյումրի գնացող հատվածում մեր գործերը բավականին լավ են ընթանում: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանի հարցին:  «Մենք պլանավորում ենք, որ եռաշերտ ասֆալտապատում իրականացված այդ ճանապարհը այս տարեվերջին արդեն ամբողջությամբ պատրաստ լինի: Վատագույն դեպքում մեզ այնտեղ կմնան գծանշման և կահավորման աշխատանքներ իրականացնել, որը կիրականացնենք գարնանը վաղ: Երևանի հատվածի մասով. մենք այնտեղ կապալառուի հետ կապված խնդիրներ ենք ունեցել: Այս պահին քննարկում ենք նաև այդ հատվածի շինարարությունը հնարավորինս շուտ վերսկսելու հարցը: Վերսկսելուց հետո դրա ավարտի մասով կկարողանամ ժամկետներ ասել: Մյուս հատվածներում աշխատանքները լայն թափով ընթանում են: Հիմնական հատվածներում արդեն ավարտված են, և կահավորման աշխատանքներ են ընթանում, և Լանջիկից դեպի Գյումրի հատվածը բաց է երթևեկության համար, չնայած այնտեղ որոշ աշխատանքներ կան իրականացնելու»,- նշեց նա: 
18:52 - 18 հունիսի, 2025
ՀԷՑ-ի աշխատողներին ցույցի բերողներն ազատվելու են աշխատանքից, իրավապահների հետ համագործակցողները կխրախուսվեն, հետո լաց ու կոծ չլինի. Փաշինյան |tert.am|

ՀԷՑ-ի աշխատողներին ցույցի բերողներն ազատվելու են աշխատանքից, իրավապահների հետ համագործակցողները կխրախուսվեն, հետո լաց ու կոծ չլինի. Փաշինյան |tert.am|

tert.am: Եթե ՀԷՑ-ի աշխատողներին ստիպողաբար բերում են Սամվել Կարապետյանին աջակցելու, իրավապահ մարմինները կզբաղվեն դրանով: Այս մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտեց՝ շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն, և ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից: «Հետո ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեն, բայց ոչ մեկին ներում չի լինելու: Իսկ այն աշխատողները, որոնք կհրաժարվեն և կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ և կոնկրետ ցուցմունքներ կտան, չեն ազատվի: Մենք բավարար լծակներ ունենք նրանց պաշտպանելու համար: Ստիպողաբար ցույցի բերողները կդատվեն, իսկ համագործակցողները կխրախուսվեն: Հավաքին մասնակցելուց հրաժարվողների հետ ոչինչ տեղի չի ունենա, մենք նրանց կկարողանանք պաշտպանել և պետականացումից հետո նրանք կշարունակեն աշխատել»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը մեր պետական ռազմավարական կրիտիկական ենթակառուցվածքն է, և Կառավարությունը չի կարող չխառնվել: «Մարդկանց փութաջանորեն ցույցի բերողները չգիտեմ հետո կկարողանա՞ն «Տաշիր պիցցայում» աշխատեն, թե ոչ, վստահ չեմ, որ կկարողանան «Տաշիր պիցցայում» որևէ բան աշխատեն:  Կոնկրետ ասում եմ՝ պատժվելու են, հետո լաց, կոծ, տենց բաներ չլինեն, չենք ընդունելու»,- հայտարարեց նա:
18:42 - 18 հունիսի, 2025
Պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը. Միրզոյանը՝ ՌԴ-ից հնչած հայտարարությունների մասին |1lurer.am|

Պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը. Միրզոյանը՝ ՌԴ-ից հնչած հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Երեկ ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված տխրահռչակ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում՝ անձնական բնույթի, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության հասցեին: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին: «Անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների կողմից, այդ թվում՝ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից: Մենք՝ ՀՀ-ն, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունն ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ: Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին: Կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը»,- նշեց Միրզոյանը:  Նշենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Վերջինս մեղադրանքը չի ընդունում: Երեկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր,որ «Մոսկվայում ուշադիր հետևում են ՌԴ քաղաքացի Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որին Երևանում սպառնում են գրեթե ձերբակալել տարօրինակ պատրվակներով»:
18:24 - 18 հունիսի, 2025
Անհետ կորած զինվորների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան |azatutyun.am|

Անհետ կորած զինվորների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովում ընթացող Կառավարության հետ հարցուպատասխանին զուգահեռ անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան։ Այն այժմ երկկողմանի փակ է: Անհետ կորածներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանն «Ազատությանն» ասաց, որ իրենք գլխավոր պահանջն այն է, որ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին վերականգնեն պաշտոնում: Նա մտահոգություն ունի, որ նրա պաշտոնանկությունից հետո որևէ մեկը գործուն քայլեր չի անի անհետ կորածների հարցերով, և սա կմտնի փակուղի: Նրա խոսքով՝ Աբազյանի հետ պարբերաբար հանդիպումներ են ունեցել, քանի որ նա էր գլխավորում անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը: Ըստ Ղուկասյանի՝ Աբազյանն իրենց վստահեցրել է, որ մինչև վերջ իրենց կողքին է լինելու: Անհետ կորածների հարազատներն ասում են, որ ստացվում է նոր տնօրենի հետ պիտի այս թեման սկսեն նորից քննարկել, նրան ներգրավեն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, որին երբեք, ըստ նրանց, չի մասնակցել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը: Ոստիկանության աշխատակիցները բանակցում են, որ պողոտան բացեն, սակայն դեռևս ապարդյուն: ԱԱԾ հակահետախուզության պետ Դավիթ Սանամյանն այժմ բանակցում է նրանց հետ: Այստեղ է նաև փոխոստիկանապետ Դավիթ Խուդինյանը: ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, «կա ինստիտուտ և ինստիտուցիոնալ կառույց», այսօր խորհրդարանում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով անհետ կորած զինվորների հարազատների հնչեցրած մտահոգություններին, թե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո իրենց երեխաների ճակատագրով զբաղվող չի լինելու:
18:01 - 18 հունիսի, 2025
Հայաստանը մշակում է գործողությունների սցենարներ՝ Իրանի շուրջ ճգնաժամի հետևանքների համար. փոխվարչապետ
 |civilnet.am|

Հայաստանը մշակում է գործողությունների սցենարներ՝ Իրանի շուրջ ճգնաժամի հետևանքների համար. փոխվարչապետ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը մշակում է գործողությունների սցենարներ՝ Իրանի և Իսրայելի միջև սրվող լարվածության հնարավոր սոցիալական և տնտեսական հետևանքներին պատրաստ լինելու նպատակով։ Այս մասին հունիսի 18-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Խնդիրները բոլոր պոտենցիալ մոնիտորինգի տակ են ամենօրյա կտրվածքով։ Այո, և՛ փախստականների, և՛ լոգիստիկ, և՛ էներգետիկ խնդիրներ՝ չի կարելի բացառել այսօր։ Պետք է մշակել սցենարներ, որոնք X պահի կարող է պետք լինեն, բայց կարող է նաև պետք չլինեն»,- ասաց Գրիգորյանը՝ արձագանքելով պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին։ Բաթոյանը բարձրաձայնել էր, որ Իրանում պատերազմի սրման դեպքում Հայաստանը կարող է բախվել փախստականների հոսքի և սոցիալական բարդությունների։ Նա նաև ընդգծել էր նախապես համակարգված մոտեցման կարևորությունը՝ ներառյալ կացարանների, տեղահանվածների տեղափոխման և սոցիալական ապահովման հնարավոր խնդիրները։ Փոխվարչապետ Գրիգորյանը վստահեցրեց, որ թեման թողնված չէ ինքնահոսի. «Վստահեցնում եմ ձեզ, որ կոնսոլիդացված տարբեր գերատեսչությունների կազմով այդ հարցերը քննարկվում են։ Ուղղակի սցենարների մասով չէի ցանկանա հիմա դետալիզացնել, որովհետև կան նուրբ հարցեր, որոնց մասին կարիք չկա այս պահին խոսել»։ Նրա խոսքով՝ արդեն իսկ որոշ լոգիստիկ խնդիրներ ի հայտ են եկել, իսկ էներգետիկ կայունության հարցը նույնպես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Ներկայում Հայաստանը պաշտոնապես որևէ արտակարգ ռեժիմ կամ սահմանային հսկողության փոփոխություն չի հայտարարել։ Սակայն կառավարության վերջին հայտարարությունները վկայում են, որ հնարավոր ճգնաժամային զարգացումների դեպքում կա գործողությունների նախապատրաստություն։
17:54 - 18 հունիսի, 2025
ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել. Փաշինյանը՝ անհայտ կորածների հարցով հարազատների հետ պայմանավորվածության մասին
 |1lurer.am|

ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել. Փաշինյանը՝ անհայտ կորածների հարցով հարազատների հետ պայմանավորվածության մասին |1lurer.am|

1lurer.am: Գտնվելու վայրը անհայտ զինվորների հարազատների հետ հանդիպել եմ տասնյակ անգամներ: Այդ հանդիպումներից, եթե չեմ սխալվում, ոչ մեկը չի լուսաբանվել: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին: «Գտնվելու վայրը անհայտ մեր զինվորիների հարազատների հետ ես հանդիպել եմ 2 շաբաթ առաջ Կառավարությունում: Մեր հանդիպման ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն: Իրենք ինձ տվել են, ինչպես պայմանավորվել էինք, 5 կոնկրետ հարց: Ես ասել եմ, որ այդ 5 հարցերով ես անձամբ կզբաղվեմ և ուղիղ երկու ամիս անց օրացուցային տեղի կունենա մեր մյուս հանդիպումը, որպեսզի ես ձեր բոլոր հարցերին պատասխանեմ: ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չէր կարող փոխել, որովհետև, ի վերջո, կա ինստիտուտ, ինստիտուցիոնալ կառույց, և մեր պայմանավորվածությունը որևէ ձևով փոփոխություն չի կրում: Ես արդեն այդ հինգ հարցերի հետ կապված տվել եմ հանձնարարականներ, և ինչպես պայմանավորվել ենք, կհանդիպենք երկու ամիս անց՝ այդ հարցերին պատասխանելու: Մեր հանդիպումը տեղի է ունեցել Կառավարության շենքում հունիսի 6-ին: Ընդ որում՝ այդ հանդիպմանը ոչ մի պաշտոնյա չի մասնակցել: Եղել եմ ես և գտնվելու վայրը անհայտ զինվորների հարազատները»,- նշեց վարչապետը՝ անդրադառնալով անհետ կորածների հարազատների ակցիային, որոնք նշում էին, որ «Աբազյանն էր զբաղվում իրենց խնդրով»: Աշխատանքից ազատված ԱԱԾ նախագահ Արմեն Աբազյանը ղեկավարում էր գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը։ 
17:45 - 18 հունիսի, 2025
Եկել է ժամանակը քննարկելու ՀԷՑ-ի ազգայնացման գաղափարը․ Հայկ Կոնջորյան |armenpress.am|

Եկել է ժամանակը քննարկելու ՀԷՑ-ի ազգայնացման գաղափարը․ Հայկ Կոնջորյան |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովում անդրադարձավ գործարար Սամվել Կարապետյանի վերջին հայտարարություններին՝ խոսելով նաև ՀԷՑ-ի գործունեության և այն պատճառված վնասների մասին, որոնք, ըստ Կոնջորյանի, կրում են քաղաքացիները։  «Դու գնա ՀԷՑ-ով զբաղվի։ Այդ հարցերը շատ հստակ են և դրվելու են։ ՀԷՑ-ը պետք է փոխհատուցի տասնյակ հազարավոր քաղաքացիներին պատճառված վնասները։ Կոպեկ առ կոպեկ պետք է փոխհատուցի։ Եկել է ժամանակը քննարկելու նաև ՀԷՑ-ի ազգայնացման գաղափարը։ Այսօր դու սեփականատեր ես մի կառույցի, որը Հայաստանի Հանրապետության ամենաատելի կառույցն է։ Երբ հարցնես, թե որ կառույցից են ամենաշատը բողոքում քաղաքացիները, կասեն՝ ՀԷՑ-ից»,-նշեց Կոնջորյանը։  Հայկ Կոնջորյանի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը, արձագանքելով իշխանությունների կողմից իրականացվող քննադատությանը Հայ առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների նկատմամբ, հայտարարել էր, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի դադարեցնել դա, ապա ինքն ու իր կողմնակիցները «իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։  Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը 2015 թվականի հոկտեմբերից «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից ձեռք է բերել ՀԷՑ-ը՝ ամբողջությամբ իր վրա վերցնելով ընկերության կառավարման պարտավորությունը։ 
17:42 - 17 հունիսի, 2025