ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի նախագիծ կմշակվի

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի նախագիծ կմշակվի

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. Վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է՝ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ 51․74 կմ երկարությամբ կմ 38+450 – կմ 90+191 հատվածի (այսուհետ՝ Ճանապարհահատված) հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի ավտոճանապարհային թունելների հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքների իրականացումը։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Ներկայումս առաջացել է Վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, ինչը պայմանավորված է 2024թ. մայիսի 26-ին Դեբեդ գետի վարարման հետևանքով տեղի ունեցած հեղեղման արդյունքում վնասված Մ6 մայրուղու բարելավման աշխատանքների նախագիծը պատրաստելու և նախագծման համար պահանջվող Ձորագետ և Դեբեդ գետերի ջրաբանական մանրամասն հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությամբ: Միաժամանակ, Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ։ Վերոգրյալով պայմանավորված՝ ԱԶԲ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել Վարկային համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝ վարկի փակման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը, վարկային համաձայնագրի 1-ին հավելվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված՝ Ծրագրի նկարագրությունը խմբագրել ավելացնելով՝ Ձորագետ, Դեբեդ և Աղստև գետերի մանրամասն ջրաբանական ուսումնասիրությունները, Մ6 մայրուղու բարելավման աշխատանքների մանրամասն նախագծումը: Ծրագրի ակնկալվող ավարտը՝ մինչև 2025 թվականի հունիսի 30 է:
16:24 - 15 մայիսի, 2025
Քաղաքացիները սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականի քննությունները կկարողանան վերահանձնել նաև բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը |armenpress.am|

Քաղաքացիները սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականի քննությունները կկարողանան վերահանձնել նաև բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը |armenpress.am|

armenpress.am: 2025 թվականի սեպտեմբերի 1-ից քաղաքացիները հնարավորություն կունենան հավելյալ վճարի դիմաց վարորդական վկայական ստանալու համար քննությունը վերահանձնել նաև բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը։ Օրենսդրական նախագծերի համապատասխան փաթեթը հավանության արժանացավ ՀՀ կառավարության մայիսի 15-ի նիստում։  Համաձայն հաստատված նախագծերի՝ վարորդը բացի պլաստիկ տարբերակից կարող է ունենալ նաև վարորդական վկայականի թվային տարբերակը, որը Պարեկային ծառայության կողմից կհամարվի իրավաչափ և վարորդի մոտ պլաստիկ քարտի ֆիզիկական բացակայությունը վարչական պատասխանատվության չի հանգեցնի։ Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շեշտեց, որ նախագիծն առաջարկում է կարգավորել 3 խումբ հարց։   «Առաջինը՝ պետք է շեշտեմ, որ թե՛ մեր հանրապետությունում, թե՛ միջազգային պրակտիկայում գոյություն ունի ստանդարտից տարբերվող արագացված և արտոնյալ պայմաններում ծառայությունների մատուցման տրամաբանություն ևս, որի դեպքում համապատասխան վճարի դիմաց անձը կարողանում է շատ ավելի կարճ, շատ ավելի հարմարավետ տարբերակում ստանալ իր ծառայությունը, և մեր հանրապետությունում այդպիսի ծառայությունները բազմաթիվ են։ Ներքին գործերի նախարարության մակարդակում կցանկանայի, օրինակ, առանձնացնել անձնագրային ծառայությունների ոլորտը, երբ ունենք ստանդարտ վճարի դիմաց մատուցվող ծառայություն և արագացված կարգով անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրման դեպքում հավելյալ վճարի դիմաց ծառայությունը ստանալու մեխանիզմ։ Նույնն առաջարկում ենք այս օրենսդրական նախաձեռնությամբ կիրառել վարորդական վկայականների ստացման համար նախատեսված տեսական և գործնական քննությունների համար»,-ասաց նախարարը։  Նախարարի բնութագրմամբ՝ եթե անձը թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն, բայց քաղաքացիներից լինում են բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի դիմաց նրանք պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել և դրա դիմաց ոչ թե 7 օր հետո վերահանձնել քննությունը, այլ, օրինակ, պայմանական՝ հաջորդ օրը կամ չորս օր հետո, որովհետև լինում են իրավիճակներ, երբ կարիք կա մի կողմից հարմարավետության տեսանկյունից ավելի արագ հանձնել քննությունը, մյուս կողմից կարիք կա քննությունը հանձնել շատ ավելի սեղմ ժամկետներում։   «Ըստ այդմ՝ առաջարկում ենք բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճար, որը կկազմի 45 հազար դրամ, բացասական ստանալուց 3 օր հետո քննությունը վերահանձնելու դեպքում՝ 30 հազար դրամ։ Սա հավելյալ հնարավորություն է ՀՀ քաղաքացիների համար։  Այսինքն` վերահանձնման ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր է, պահպանում ենք, սակայն, եթե անձը ունի հնարավորություն և ցանկություն՝ հավելյալ վճարի դիմաց ստանալ հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում տալիս  ենք իրավական նոր հնարավորություն»,– հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ մեկ այլ փոփոխությամբ` եթե 2-րդ վերահանձնման ժամանակահատվածը մեկ ամիս անց է, ապա այս դեպքում ևս սահմանվել են ժամկետային որոշակի հնարավորություններ. եթե մեկ ամիս անց ևս անձը ստանում է բացասական գնահատական, ապա նա կարող է քննությունը վերահանձնել 7-րդ և 14-րդ օրը։ Նախարարի խոսքով՝ հարցերի երկրորդ խումբը վերաբերում է հաշվառման վկայագրերի և վարորդական վկայագրերի թվայնացմանը․ «Մենք հնարավորություն ենք տալիս հաշվառման վկայագրին և վարորդական վկայականի պլաստիկ տարբերակին զուգահեռ ունենալ նաև թվայնացված տարբերակը, և ՀՀ տարածքում իրավաչափ ու թույլատրելի համարել նաև դրանց շրջանառությունը։Եթե առկա է ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում, և այդ անձը չունի պլաստիկ վկայականը, բայց կա թվային տարբերակը, ապա դա չի հանգեցնի վարչական պատասխանատվության կիրառման։  Երրորդ խումբ կարգավորումները վերաբերում են թվային հարթակում տրանսպորտային միջոցների առուվաճառքի իրականացմանը։ Նախորդ նիստում ես նշել էի, որ մենք մեր քաղաքացիներին հնարավորություն ենք տալու, որպեսզի եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում, հաշվառման համարանիշը ստանան նաև փոստային առաքման միջոցով։ Սա թույլ կտա համապատասխան վճարի դեպքում քաղաքացուն առաքել հաշվառման համարանիշը։ Սա ևս հավելյալ ծառայություն է, և, եթե քաղաքացիները ցանկություն չունենան սրանից օգտվել, ապա պահպանվում է ստանդարտ տարբերակը»,-նշեց Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ նախատեսվում է հաշվառման և վարորդական վկայականների թվային տարբերակների դեպքում նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել քաղաքացիների համար` տարբեր ծառայություններից օգտվելու դեպքում։ Նախարարը հայտնեց, որ այս ընդհանուր օրենսդրական կանոնների ուժի մեջ մտնելու ժամկետն առաջարկվում է ֆիքսել 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։ 
15:08 - 15 մայիսի, 2025
ՀՀ տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի և հաշվառման վկայագրերի շրջանառությունը
 |1lurer.am|

ՀՀ տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի և հաշվառման վկայագրերի շրջանառությունը |1lurer.am|

1lurer.am: Ֆիզիկապես հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի պլաստիկին զուգահեռ հնարավորություն կտանք թվային տիրույթում ունենալ նաև այս վկայագրերի թվայնացված տարբերակը, և ՀՀ տարածքում իրավաչափ ու թույլատրելի համարել նաև թվային տարբերակով վարորդական վկայականի ու հաշվառման վկայագրերի շրջանառությունը: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: «Եթե կա Պարեկային ծառայության կողմից արձանագրված ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում, և եթե անձը չունի պլաստիկ վկայական, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա չի հանգեցնի որևէ վարչական պատասխանատվության կիրառման: Սա նաև թույլ կտա մեզ՝ գնալու երկրորդ փուլի զարգացման ճանապարհով, որովհետև հաշվառման վկայագրերի և վարորդական վկայականների դեպքում պիտի կարողանանք նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել մեր քաղաքացիների համար տարբեր ծառայությունների մատուցումից օգտվելու տեսանկյունից»,- ասաց նախարարը: Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
13:01 - 15 մայիսի, 2025
Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը 250 միլիոնից կդառնա 500 մլն դրամ |1lurer.am|

Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը 250 միլիոնից կդառնա 500 մլն դրամ |1lurer.am|

1lurer.am: Մենք կրկնապատկում ենք մեր տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը,որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի՝ լիզինգի աջակցության ծրագրից: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: Նախարարը պարզաբանեց՝ ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա ձեռք բերել: «Մենք 250 մլն դրամի շեմը բարձրացնում ենք մինչև 500 մլն դրամի, որը կօգնի՝ տնտեսվարողներն ավելի մատչելի գներով գյուղտեխնիկա ձեռք բերեն»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ այս պահին 2854 լիզինգառու կա, որոնց տրամադրվել է 4333 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում՝ 1523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն և 2790 միավոր այլ գյուղտեխնիկա, օրինակ՝ շարքացան: «Միայն 23 մլրդ դրամի գյուղատնտեսական տեխնիկա է ձեռք բերվել, իսկ լիզինգի գումարը կազմել է 19,2 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3,6 մլրդ դրամ»,- ասաց նա:
11:49 - 15 մայիսի, 2025
ԵՄ 7 նորմերի մոտարկման և տեղայնացման կանխավճարի տրամադրման համար Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 67,5 մլն դրամ |1lurer.am|

ԵՄ 7 նորմերի մոտարկման և տեղայնացման կանխավճարի տրամադրման համար Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 67,5 մլն դրամ |1lurer.am|

1lurer.am: Առաջարկվում է Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 67,5 մլն դրամ ԵՄ 7 նորմերի մոտարկման և տեղայնացման կանխավճարի տրամադրման համար: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 15-ի նիստին ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ առաջարկելով կատարել գումարի վերաբաշխում: Ըստ Եղիազար Վարդանյանի՝ որոշման նախագիծը բխում է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կատարման, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության ոլորտում եվրոպական երկրների հաջող փորձառության, տեխնոլոգիական նոր լուծումների ներդրման անհրաժեշտությունից: Առաջարկվում է դիտարկել հետևյալ նորմատիվ ակտերի մոտարկման գործընթացը. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, երկաթուղիներ, օդափոխության, ջեռուցման, օդի լավարկման համակարգեր, օդանավակայաններ, ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջում, ինժեներագեոդեզիական հետազննում, շենք-շինությունների հրդեհային անվտանգություն: «Նորմերի մոտարկման ծառայությունների ձեռքբերման համար ակնկալում ենք ունենալ եվրոպական նորմերի մշակման փորձառություն ունեցող կազմակերպության և համապատասխան փորձառությամբ տեղական ընկերության համագործակցություն: Այսինքն՝ իրականացնելու ենք միջազգային մրցույթ»,- ասաց նա:
11:32 - 15 մայիսի, 2025
Կառավարությունն անհրաժեշտ է համարում հստակեցնել վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը

Կառավարությունն անհրաժեշտ է համարում հստակեցնել վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ անել ՀՀ քրեական օրենսգրքում եւ Ռազմական ոստիկանության մասին օրենքում՝ քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու և մի շարք հանգամանքների զուգորդմամբ արարքը կատարված լինելու համար պատասխանատվության խստացման, ինչպես նաև ռազմական ոստիկանության խնդիրները և լիազորությունները հստակեցնելու համար: Փոփոխության համաձայն, եթե քաղաքացին, օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում, չի ներկայանում զինվորական կոմիսարիատ՝ վարժական հավաքին մասնակցելու համար, չի անցնում առողջական վիճակի ստուգում կամ հրաժարվում է մասնակցել հավաքին, ապա նրան կարող է սպառնալ տուգանք՝ տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամսով, կամ ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով։ Եթե քաղաքացին վարժական հավաքից խուսափի մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթղթերի կեղծման կամ խաբեության այլ եղանակով, ապա նրան կսպառնա ազատազրկում՝ 2–5 տարի ժամկետով։ Օրենքը, սակայն, հնարավորություն է տալիս ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե անձը կամովին ներկայանում և մասնակցում է վարժական հավաքին։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածով սահմանվել է վարժական հավաքից խուսափելու համար քաղաքացու պատասխանատվությունը: Գործող ձևակերպման մեջ օգտագործվում է «վարժական հավաքից խուսափելը` այդ վարժական հավաքից ազատվելու` օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում» հասկացությունը, սակայն վարժական հավաքների կազմակերպման և անցկացման հարաբերությունները սահմանող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածը չի նախատեսում վարժական հավաքից ազատման իրավունք, այլ սահմանում է վարժական հավաքների կանչվելու ենթակա չլինելու հիմքերը, միաժամանակ, նշված հիմքերը սահմանված են բացառապես նշված հոդվածում, որոնք ներառում են նաև «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածում նախատեսված՝ զորահավաքային զորակոչին կանչվելու ոչ ենթակա դեպքերը: Այսինքն՝ վարժական հավաքների կանչվելու ենթակա չլինելու հիմքերը սահմանված են բացառապես օրենքով: Հիմնավորման մեջ նշված է, որ բացի վերը նշվածից, վարժական հավաքների կանչվող քաղաքացիների կողմից տարբեր ձևաչափերով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելու կամ որևէ այլ եղանակով վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու դեպքերի օրենսդրորեն չամրագրված լինելու պատճառով շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջական որակում տալ քաղաքացու կողմից վարժական հավաքին չներգրավվելու հանգամանքին, որը հանգեցնում է քրեական վարույթների չհարուցմանը և, նմանատիպ առիթներով պայմանավորված, ներառյալ՝ քաղաքացիների և նրանց օրինական ներկայացուցիչների կողմից ձևական պատճառաբանությունների օգտագործմամբ, վարժական հավաքներին որոշակի թվով քաղաքացիների չներգրավման: «Այդ կապակցությամբ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը: Միաժամանակ, պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, ինչը մինչև 2022թ. հուլիսի 1-ը գործող քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասով հանգեցնում էր ավելի խիստ պատասխանատվության, որը սակայն առկա չէ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում: Համապատասխան վարքագիծը կանխելու նպատակով ներկայումս անհրաժեշտություն է առաջացել խստացնել նման միջոցներով վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը»: Ինչ վերաբերում է «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների, ապա նախագծի փաթեթը ներկայացրած Պաշտպանության նախարարությունը նշում է, որ գործող օրենքով ռազմական ոստիկանության խնդիրներից է զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը․ «Նշված ձևակերպումից պարզ է դառնում, որ հանցագործությունների փաստերի հայտնաբերումը և բացահայտումը ռազմական ոստիկանության խնդիրների մեջ չի մտնում»,- նշված է հիմնավորման մեջ։ Ուստի առաջարկվում է ռազմական ոստիկանության վրա դնել նաեւ հանցագործությունների և այլ իրավախախտումների հայտնաբերման և բացահայտման լիազորություն։ Նախագիծն ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթով։ Հետագայում այն կքննարկվի խորհրդարանում։
11:23 - 15 մայիսի, 2025
ՀՀ փոխվարչապետը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր

ՀՀ փոխվարչապետը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։  Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մալուխային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:  Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին։ 
15:56 - 13 մայիսի, 2025
Կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ոլորտի ներկայացուցիչներ, մարզասերներ: Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մայիսի 8-11-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Առաջնությանը մասնակցում է մոտ 1000 մարզիկ՝ 54 երկրից։ 2027 թվականին նախատեսվում է Երևանում անցկացնել նաև Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնությունը:
22:15 - 08 մայիսի, 2025
Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին
 |1lurer.am|

Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին |1lurer.am|

1lurer.am: Պետությունը կսուբսիդավորի սպանդանոցի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սպանդանոցի կողմից վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ սպանդանոցային մորթը խթանելու համար մոտիվացիոն մեխանիզմներ են մշակվել: «Օրինակ՝ եթե 8000 դրամ է, մենք 8000 կվճարենք, եթե 11,000 դրամ է, մենք վճարում ենք 10,000 հազարը, իսկ 1000-ը քաղաքացին է վճարում, իսկ բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավորի դեպքում՝ 15 հազար դրամ, որովհետև բրուցելոզով հիվանդ անասունների մորթն ունի առանձնահատկություններ, բարդություններ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ որոշումը մշակվել է՝ հաշվի առնելով ավստրիական փորձը: Պապոյանը ներկայացրեց նաև գործողությունների հերթականությունը: Ըստ այդմ՝ սպանդանոցի սեփականատերը դիմում է իր համայնքին, եթե ունի էլեկտրոնային ստորագրություն, պատրաստի ձևը կա, լրացնում է այն, ստորագրում, ապա և՛ համայնքը, և՛ էկոնոմիկայի նախարարությունը ավտոմատ կերպով դնում են այդ ստորագրությունը: Եթե սպանդանոցի սեփականատերը չունի էլեկտրոնային ստորագրություն, պիտի տպի, լրացնի և ուղարկի էլեկտրոնային փոստով։ Շարունակությունը՝ 1lurer.am-ում։
13:02 - 08 մայիսի, 2025
Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի
 |1lurer.am|

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի |1lurer.am|

1lurer.am: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն որի՝ առաջարկվում է լուծել 3 խումբ հարցեր: Առաջին ու ամենակարևոր փոփոխությունը կադրային փոփոխությունն է: Կա որոշում, համաձայն որի՝ 18-35 տարեկան անձինք կարող են հավակնել ոստիկանական համակարգ մուտք գործելու: Ըստ այդմ՝ որոշվել է վերին շեմը՝ 35 տարեկանը, հանել օրենսդրական կարգավորումներից՝ կենտրոնանալով անձի որակական, ֆիզիկական հատկանիշների, կրթության վրա: Երկրորդ փոփոխությունը վերաբերում է համայնքային ոստիկանությանը: Առաջարկվում է քրեական ոստիկանության օրինակով ունենալ բաց ընդունելություն, որտեղ թե՛ քաղաքական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողները մաս կկազմեն ընդունելության: Ըստ նախարարի՝ եթե ՆԳՆ կրթահամալիրում բարեհաջող ավարտեն կրթական պրոցեսը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված և կշարունակեն ծառայությունը: «Այս նախաձեռնությունը թույլ կտա շուրջ 200 հազար դրամական բավարարում ստացող ծառայողին ունենալ շուրջ 500 հազար դրամական բավարարում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս փոփոխությունը կբարձրացնի ծառայության գրավչությունը: Երրորդ փոփոխության համաձայն՝ ծառայության ընդունված աշխատակցին ոչ թե 6 ամիս անց թույլ կտրվի մասնակցել ատեստացիոն պրոցեսին՝ ավելացնելով դրամական բավարարումը, այլ 2 ամիս անց, որն էլ լրացուցիչ խթան կդառնա ոստիկանական համակարգ մուտք գործելու որոշման համար: Շարունակությունը՝ 1lurer.am-ում։
12:08 - 08 մայիսի, 2025
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային
 |news.am|

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիային |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիային: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս կոնվենցիան ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում: Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար փոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը: Այս որոշումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Կառավարության կողմից գործուն քայլեր են իրականացվելու կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրությունն ընդլայնելու նպա-տակով:
11:45 - 08 մայիսի, 2025
ՀՀ-ն կմիանա Աշգաբաթի համաձայնագրին. այն համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին
 |1lurer.am|

ՀՀ-ն կմիանա Աշգաբաթի համաձայնագրին. այն համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրա­պետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարան­ցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրին և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարու­թյունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի՝ Աշգաբաթի համաձայնագրի իրագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի՝ մայիսի 8-ի նիստի՝ չզեկուցվող հարցերի ցանկում: Որոշման նախագծի հիմնավորման մեջ գրված է. «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրին (այսուհետ՝ Աշգաբաթի համաձայնագիր) ՀՀ-ի միանալը կստեղծի նոր հնարավորություններ Կենտրոնական Ասիայի երկրների և Պարսից ծոցի ու Օման ծովի նավահանգիստների միջև տրանսպորտային միջանցքում իտեգրման և անդամ պետությունների տրանսպորտային և տարանցիկ պոտենցյալից օգտվելու համար։ Աշգաբաթի համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքով բեռների և ուղևորների փոխադրման ու տարանցման հուսալի պայմանների ստեղծմանը, մուլտիմոդալ փոխադրումների դյուրացմանը, տրանսպորտային ծախսերի օպտիմալացմանը, հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը, տրանսպորտային փոխադրումների անվտանգության բարձրացմանը, անդամ պետությունների փոխադրող կազմակերպությունների համար հավասար պայմանների ստեղծմանը։ Աշգաբաթի համաձայնագրին միանալը կապահովի տրանսպորտային միջանցքի միջոցով մուտքը միջազգային շուկաներ, միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ տարանցման փաստաթղթերի ներդաշնակեցմանը, մաքսային ընթացակարգերի դյուրացմանը, անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքներից ոչ խտրական սկզբունքով օգտվելուն։ Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորելու համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների միջև տրանսպորտի տարբեր տեսակներով լոգիստիկ փոխադրումների իրականացման գործընթացը, ինչպես նաև կնպաստի երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, համագործակցության ընդլայնմանը, Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը»: Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ համաձայնագիրը համահունչ է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ու տնտեսական համագործակցության խորացմանը։
11:43 - 08 մայիսի, 2025
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման գրասենյակը գույք է նվիրաբերել ՀՀ-ին, այն ամրացվեց ԱԱԾ-ին

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման գրասենյակը գույք է նվիրաբերել ՀՀ-ին, այն ամրացվեց ԱԱԾ-ին

Կառավարությանն այսօրվա նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման գրասենյակի կողմից տրամադրված տրանսպորտային միջոցները, շարժական ռադիոկայանները, ջերմային պատկերման տեսախցիկները և պլանշետներն ընդունեց որպես նվիրատվություն եւ դրանք ամրացրեց Ազգային անվտանգության ծառայությանը:  Նախագծից տեղեկանում ենք, որ նվիրաբերվում է 12 գույք՝ ընդհանուր 85,775,547 դրամ արժեքով։ Նվիրաբերվող գույքը ներառում է՝   3 հատ 2025 Toyota Hilux SR5 մակնիշի պարեկային մեքենա, 3 հատ Kenwood NX-3820GE տեսակի շարժական ռադիոկայան, 3 հատ NightRide Trailblazer տեսակի ջերմային պատկերման տեսախցիկ, 3 հատ Samsung Galaxy A8-32 պլանշետ։   Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ ընդունումից հետո պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
11:34 - 08 մայիսի, 2025
Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

2025թ. հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Նախագիծն ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթով։ Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն 2025 թվականին նախատեսված վարժական հավաքների անցկացման պլանի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:   Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջից
11:13 - 08 մայիսի, 2025
Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Երևանի և այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերը |armenpress.am|

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Երևանի և այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել ջրահեռացման համակարգերի կառուցման ու արդիականացման ծրագրերը։ Այս մասին տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մայիսի 7-ին կառավարության հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։ Պատգամավորը բարձրաձայնեց Երևանի՝ անձրևների ժամանակ կրկնվող ջրակուտակումների խնդիրը՝ նշելով, որ մայրաքաղաքը կրկին վերածվել էր «մինի լճերի», ինչը վկայում է երկար տարիներ չլուծված համակարգային խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի միայնակ միջոցներն ու հնարավորությունները բավարար չեն խնդրին ֆունդամենտալ լուծում տալու համար։ Նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցրեց, որ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։«Քաղաքապետարանի գործընկերների հետ այս հարցը քննարկել ենք։ Նմանատիպ խնդիրներ ունեն նաև հարթավայրային մարզերի քաղաքային բնակավայրերը։ Մենք մեր փողոցաշինական բոլոր ծրագրերում ընդգրկում ենք նաև ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի կառուցման ու արդիականացման բաղադրիչը։ Արդեն իսկ նմանատիպ ծրագրեր իրականացվել են Երևանում և մի շարք այլ քաղաքներում»,- ասաց Խուդաթյանը։ Խուդաթյանը տեղեկացրեց, որ ներկայում ընթանում են ուսումնասիրություններ մայրաքաղաքի առավել խնդրահարույց վայրերում, իսկ 2026 թվականին նախատեսվում է ջրահեռացման համակարգերի արդիականացման ֆինանսավորումը զգալիորեն ավելացնել։ «Սա նշանակում է, որ այս ուղղությամբ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կիրականացնենք, որոնց արդյունքը շոշափելի կլինի քաղաքացիների համար», – եզրափակեց նախարարը։
18:11 - 07 մայիսի, 2025
Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան |armenpress.am|

Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և մի ուղղությամբ հարաբերությունները չի կառուցում՝ ի հաշիվ այլ հարաբերությունների:  ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Մայիսի 9–ին Մոսկվա այցը կարող է խաթարել Արևմուտքի հետ հարաբերությունները:   «Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Եվ այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների: Առավել ևս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու և ՌԴ–ի հետ հարաբերությունները չենք զարգացնելու և չենք խորացնելու: Ինձ համար այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները»,–ասաց Փաշինյանը: Վարչապետը շատ կարևորեց անցկացվելիք միջոցառումը Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում: Բայց նա նշեց, որ այդ հանդիպումներում նաև քննարկվում են այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր:  Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ այցի շրջանակում կան նախատեսված երկկողմ կամ այլ հանդիպումներ՝ Փաշինյանը պատասխանեց, որ դա ֆորմալ գագաթնաժողով չէ, շփումներ կլինեն: «Բայց, թե որքանով այդ շփումները կֆորմալացվեն, վստահ չեմ, որովհետև շատ խիտ գրաֆիկ է: Եվ այդ խիտ գրաֆիկի պայմաններում ենք աշխատելու: Բայց, որ շփումներ կլինեն, կարծում եմ՝ ակնհայտ է»,–ասաց վարչապետը:
17:28 - 07 մայիսի, 2025